Atrpet
Ժառանգներ
ՀՈՒՍԱՀԱՏ Ե, Զ, Է
Կիրակի իրիկուն դհոլն ու զուռնան փչում էր Ամիրխանենց դռնից, և ձայնը տարածվում ողջ դաշտն ու սարերը։ Թեմրանը ուրախության մեջ էր։ Հարս, աղջիկ բոլորն իրենց տոն օրերի կարմիր ու կանաչ շորերը հագած, զուգված, զարդարված, դիմում էին Աննմանի և Անահիտի հարսնետունը։ Գեր երինջը մորթվել էր, հարիսայի պղինձը կալում կրակի վրա դրվել, ոչխարները քերթում էին ջահելները, հարսները բրինձ էին իստակում, պառավները փլավի պատրաստություն տեսնում։ Երկու հարսանիքն էլ մի տան մեջ էին կատարում, երկու ծախս միացրել էին։
Արևը մայր մտնելու պահին, արդեն հարյուրից ավելի հարս, աղջիկ, տղա, մոռացած իրենց դառը տանջանքները, ձեռք֊ձեռքի տված, յայլի էին պարում, դհոլն ու զուռնեն նրանց ոգևորած, թռցնում էին։ Ամենքն էլ, միառժամանակ իրենց վիշտը մոռացած, ուրախ ցատկոտում էին նվագածուների եղանակների բախումներով։ Ամեն մի սիրահար ուզում էր ավելի կայտառ և եռանդուն երևալ յուր սիրեկանի առաջ, ամեն մի սիրեկան յուր սիրահարով էր զբաղված այդ ժամում և մեկը մյուսի սիրտը գոհացնելու և բավականացնելու համար պատրաստ էր ամեն բան անելու։
Արաղն ու գինին, ծերերի բաժինը, անխնա բաժանվում էին հյուրերի սենյակում հասակավորներին, որոնք անուշ էին անում՝ օրհնելով իրենց մատաղահաս սերունդը և իրար գովելով։ Ներս ու դուրս վառված կրակներն ու ձեթի ճրագները կազմում էին նրանց ճրագները, որի ճառագայթները սփռվել էին գյուղի ամեն կողմը և ծակում քրդերի սիրտը։ Իսկ տերտերը չէր երևում, թեև երեք-չորս մարդ գնացել էին նրա ետևից, և այդ բանը մեծ անհանգստություն էր պատճառում գյուղական ծերուկներին։
Մի քանի անգամ ծերերը արդեն իրենց կողմից էին մարդ ուղարկել տերտերի ետևից, իսկ գնացողները ետ էին դարձել, հայտնել, որ տանը չէ, չեն գտել։ Սկզբում կարծում էին, որ նա շուտով կգա, մի կողմից կերևա, բայց ժամերն անցնում էին ու չէր երևում։ Կասկածներն աստիճանաբար սաստկանում էին, առանց այն էլ գյուղացին լավ համարում չուներ յուր ստորաքարշ տերտերի վրա։
Ո՞ւր մնաց, ախր, այսպես իրիկուն, հանդեսի ու հարսանիքի մեջ չերևալ կվայելե՞ մի հոգևորականի։ Որտեղ կլինի։ Ո՞ւմ տունն է։ Ու՞ր մնաց։ Ու՞ր է գնացել։ Այսպիսի զանազան հարցեր էին տալիս ծերունիները իրար, քիչ-քիչ գլուխները արաղով տաքացնելով։
Իրիկվան դեմ ժամի դռանը մեզ հետ էր, ասաց մինը։
Ես տեսա, ժամից տուն գնաց, ասաց մյուսը։
Ես տեսա, տնից դուրս եկավ, կարծեցի, թե այստեղ կգա։
Նա անպատճառ բեգի քով գնացած կլինի։
Տերտերին նույն իրիկունը յուր մոտ էր կանչել դարձյալ Մամո բեգը։ Արդեն վաղ մոլորվել, մնացել էր ավետարանի անարժան սպասավորը։ Ո՛չ քաջություն ուներ, որ անհավատ,անագորույն բեգի առաջ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպաներ և պարտականությունը կատարելու համար մինչև անգամ անձը զոհելու պատրաստ լիներ, ո՛չ էլ կարող էր և ուզում էր նրա հրամաններին անպայման հպատակվել, քանի որ գիտեր և համոզված էր, որ յուր կրոնական պարտազանցության համար Արտաշը կարող էր նրան խողխողել։ Երկու սրի մեշն էր գտնվում տերտերը, երկուսն էլ անողոք։
Տերտեր, ասաց կատաղած Մամո բեգը, եթե դու պսակես այս իրիկուն այդ անկոտրումներին, քու մորուքի մազերը ես մեկ֊մեկ հանել կտամ, քեզ մերկացրած, կապկըպած կղրկեմ Արզրումի միջնաբերդը, որտեղից էլ հավիտյան չես կարող դուրս գալ։
Քու կամքիդ ես չեմ կարող հակառակել, բայց ի՜նչ ասեմ, որ չպսակեմ, ժողովուրդը հետո ինձ կբզկտե։
Ես նրանց բոլորին, որպես դավադիրներ, բանտարկել կտամ, ես նրանց կքշեմ, ես նրանց կոտորել կտամ, ես քեզ այստեղից չեմ թողնիլ գիշերս դուրս գալ։ Դու այստեղ կա՛ց, մ՛ի գնա։ Առանց քեզ ո՞վ կարող է նրանց պսակել։
Կգնան մի ուրիշ գյուղ, կպսակվեն, կամ մի ուրիշ գյուղից կարող են քահանա բերել տալ, պսակվել։
Այս գիշեր չեն կարող, իսկ մինչև առավոտ մի ճար կգտնենք, կխափանենք կամ մի հնարով աղջիկը կփախցնենք։
Այժմ նրանք ինձ են սպասում, եթե չգնամ, տունդ կրակ կտան, էգուց ինձ կքարկոծեն, կհեռացնեն եկեղեցուց։
Դու մի վախենա, ես եմ քու տերը, ես եմ քու պահապանը։ Նրանց բոլորին գյուղից քշել կտամ, իսկ դու դարձյալ կմնաս հաստատ քու աթոռի վրա։
Ո՛չ, ո՛չ, այդպես չի լինի, էլի մի հ1Հար պետք է մտածել, մի ճար գտնել, որ ես արդարանամ։ Ես եթե այստեղ ձեզ մոտ մնամ, ես չեմ կարող ազատվել Արտաշեսի ձեռքից, նա ինձ կսպանե։ Լավ է ես կգնամ Խուլփ, մի ծանր հիվանդ ունիմ։ Ես նրան հաղորդություն կտանեմ և ժողովրդի մոտ կասեմ, որ հոգվույս պարտքը կատարեցի, նախ մեռնողին պարտավոր եմ հասնել, հոգին փրկել, իսկ պսակվողները իրենց պսակը միշտ կարող են կատարել, թեև մի երկու օր ուշ։
Այդ լավ մտածեցիր, ապրի՛ս, ա՛յ խելոք, ա՛յ գիտնական։ Գնա, գնա, միայն մինակ մի գնալ, կարող է վնաս պատահել։ Թող Սուլոն կամ Հասոն քեզ ճանապարհ գցեն։ Ա՛յ Սուլո, Հասո՛, տերտերին մինչև Խուլփ տարեք, նրա մազին մարդ չդիպչի, թե ոչ կրակ կտամ, ձեզ կվառեմ։
Տերտերը արգեն Խուլփ հասած կլիներ, իսկ հարսնևորները դեռ նրան սպասում էին։ Ընթրիքի էին ուզում նստել, իսկ սեղան օրհնող չկար։ Արդեն բավական ուշ էր։ Հարսնետան մեջ մեծ իրարանցում էր ընկել, պառավները շվարել, մնացել էին, առանց տերտերի ինչպե՞ս հարսանիքի սեղան սփռեին։ Բոլորը մտատանջության մեջ էին, բոլորի դեմքի վրա երևում էր տխրության քողը, թեև աշխատում էին ուրախ երևալ։ Միայն Արտաշը ուրախ, զվարթ, առանց ուշադրություն դարձնելու փսրտոցին, շարունակել էր տալիս ամենքին ուրախությունը, պարը և կերուխումը։
Օհան ամի՛, ասաց Արտաշը մոտենալով ծերերին, եթե թույլ կտաք, թող սեղանը բաց անեն։ Թե տերտերը հասավ, նա հացը կօրհնե, թե չէ քու օրհնածը ավելի ընդունելի է աստծուն էլ, մեզ էլ։
Որդի՛, թող բերեն սեղանը, աստված բարին կատարե, մեր հարսնիքն էլ կատարածին հասցնե։
Ամեն, ձայն տվին գլուխները տաքացրած ծերերը:
Սեղանը Օհան ամին օրհնեց, սկսվեց հարսանեկան ընթրիքը։ Ներսը կերուխում էր, իսկ դուրսը երիտասարդները շարունակում էին իրենց պարերգը բոլոր-պարով։ Գոռում էին ամեն կողմից ուրախ-ուրախ, իսկ հարս-աղջիկներից մի քանիսը ոտքի վրա հարսանքավորներին բաժանում էին գաթա, լոխում, հավի և որսի միս, գինի կամ կազբենի օշարակ։ Ծերերը դեռ սեղանից չբարձրացած, կանայք և երիտասարդները միասին սեղան նստան։ Կերուխումը մի-երկու ժամ ավելի տևեց։ Արտաշի ու Աննմանի երկու-երեք տարում տնտեսածն ու ետ ձգած ամեն բանն առաջ եկավ։ Բայց տերտերը չկար ու չկար։
Հերթը եկավ հարսների ու թագավորների շորերի հագցնելուն՝ եկեղեցի տանելու համար, բայց շորերը օրհնող չկար։ Արդեն ծերերի համբերությունը կտրվել էր, սկսել էին նախատական խոսքեր ուղղել տերտերի հասցեին։ Ամեն կողմից հրապարակով զզվանք, նախատինք և հայհոյանք էր թափվում պարտազանց քահանայի հասցեին։
Ի՞նչ պետք է անել, ասաց Օհան ամին, ով որ քաջ է, գնա խոսի և տերտերին առնե, բերե։
Թո՛ղ երկու-երեք հոգի գնան, լավ ձիաները տանեն, բերեն, ասաց մի ուրիշը։
Արտաշ ջան, Արտաշ, մեր մադյանը քեզ ղուրբան, ասա Գիգոյին հեծնի գնա՛, թո՛ղ չխնայե, թո՛ղ ճանապարհին սպանե, միայն թե տերտերին բերե…
Տո՛, թող մեր երկու մատյան էլ քաշեն, տանեն, ասում էր մի ուրիշը։
Հանգիստ եղեք, ամիներ, ձեր քեֆը մի՛ խանգարեք, ուր որ է հիմի կգա ինձ պսակողը։ Արդեն հրավեր եղած է առավոտից։
Ապրի՛ ս, տղերք, զարկե՛ք դահուլը, գոռացին ամեն կողմից։
Կեցցե՜ն մեր թագավորներն ու թագուհիները, կեցցե՜ն։
Այդ միջոցին մի քանի ձիավորներ իջան Ամիրխանենց դռան առաջ և մի վարդապետ ձիուց ցած գալով, մտավ հարսանեկան հանդիսականների օդան։
Աստված օգնական, հայր սուրբ, վեր հրամմեցեք,– ասելով, ոտքի ելան բոլոր հանդիսականները և տեղ տվին Գետահայաց ս. Աստվածածնի վանքի վանահորը։