Նար-Դոս
Մահը
8
5
Այդ երեկո Մարությանները մի ուրիշ հյուր էլ ունեցան։ Դա օր. Սահակյանն էր։ Ըստ երևույթին, նա բոլորովին չէր սպասում, որ Բազենյանը, որի հետ մտնելուն պես ծանոթացրին նրան, այդքան ֆրանտ երիտասարդ կարող էր լինել։ Կողմնակի կերպով նա շատ խորհրդավոր բաներ էր լսել Բազենյանի մասին. ասել էին, թե Բազենյանը հայրենիքի ազատության գործին նվիրված մի երիտասարդ է, թե նա եկել է արտասահմանից այդ գործի հետ կապ ունեցող նվիրական նպատակներով և այլն, և այլն, և այդ ամենը նրա մեջ բոլորովին ուրիշ և ուրույն մտապատկեր էր ստեղծել Բազենյանի արտաքինի մասին։ Հուժկու մարմին, հսկայական հասակ, առնական կերպարանք, անճոռնի, աղքատ հագուստ ահա այդ մտապատկերը։ Բայց այժմ այդ մտապատկերի բոլորովին հակապատկերն էր տեսնում իր աչքի առաջ։ Այդ պատճառով հենց սկզբից փոքր-ինչ կասկածանքով և բավական սառն վերաբերվեց դեպի Բազենյանը։ Քաղաքավարության համար միայն թեթև կերպով գովաբանեց նրա քաջությունը, որով ազատել էր երեխային և նստեց Մարությանի բազկաթոռի վրա, որ տանտերն իր սովորական աղմկալի ընդունելությամբ առաջարկել էր նոր հյուրին։
Ներեցեք, որ այս կեսգիշերին անհանգստացնում եմ ձեզ, ասաց օր. Սահակյանլը: Բայց դուք գիտեք, որ ցերեկն ես ամենևին ժամանակ չունիմ։ Ես եկել եմ երկու բանի համար։
Նա՞խ, հարցրեց Մարությանը, շտապով նստելով նրան մոտիկ։
Եկել եմ նախ՝ բողոքելու, որ Աշխենից միայն այսօր եմ նամակ ստանում։
Միայն այսօ՞ր, զարմացավ Մարությանը։
Միայն այսօր։ Երկու ամսից ավելի է, որ գնացել է և այժմ է միայն բարեհաճում մտաբերել ինձ։ Սա վարմո՞ւնք է. սա արդարությո՞ւն է, ձեզ եմ հարցնում, հատկապես ձե՛զ, պարոն Մարության։
Ինչո՞ւ հատկապես ինձ։
Որովհետև ձեր եղբոր աղջիկն է։
Ա՛յ քեզ բան։
Ասացեք, խնդրեմ, ձե՞զ էլ այդպես ուշ է գրել, թե՞ ամեն շաբաթ հեղեղում է ձեզ նամակներով, ինչպես պատվիրեցիք մեկնելու գիշերը։
Ամեն շաբաթ չէ, բայց մինչև այժմ վեց-յոթ նամակ կլինենք ստացած նրանից։
Վեց-յոթ նամա՞կ... Դե, միևնույն է, էլի, թե ամեն շաբաթ ստացել եք։ Ուրեմն իրավո՞ւնք ունիմ բողոքելու, թե ոչ։
Կատարելապես։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հատկապես ինձ եք բողոքում։ Ա՛յ, բողոքեցեք։
Եվ Մարությանը ծիծաղելով մատնանիշ արավ աղջկան։
Եվայի՞ն։ Օր. Սահակյանն ամբողջ մարմնով արագորեն դարձավ դեպի Եվան, ժպտաց և ցուցամատով կամաց խփեց նրա կզակին։ Հա-ա՞, Եվա, քեզ բողոքե՞մ։
Եվան գլուխը փոքր-ինչ ետ գցեց, որ ազատվի նրա անտեղի փաղաքշանքից, բայց ծիծաղեց։
Ում ուզում ես բողոքիր, նկատեց նա, բայց ավելի լավ չի՞ լինի ասես՝ ինչ է գրում։
Կուզե՞ք կարդամ նամակը։
Եթե մասնավոր ոչինչ չկա, նկատեց Մարությանը։
Ներողություն. կուզեք, որ մասնավորն է՞լ կարդայի։ Տեսեք ինչ է գրում։
Օր. Սահակյանը շտապով հանեց Աշխենի նամակը, բաց արեց, պատրաստվեց կարդալու, բայց հանկարծ նայեց Բազենյանին ու Շահյանին, որոնք նրա գալուց հետո նստած էին բոլորովին լուռ, նամակը նորից ծալեց և պահեց։
Ներողություն, պարոններ, ասաց նա. ես լավ չհասկացա տանտիրոջ այս րոպեին արած նկատողության իմաստը և այնքան անքաղաքավարի գտնվեցա, որ ուզում էի մասնավոր գործերով զբաղեցնել ձեզ։
Խնդրում եմ, օրիորդ, եռանդով վրա բերեց Բազենյանը։ Մեր ներկայությունը թող ամենևին արգելք չլինի ձեզ նամակը կարդալու։
«Իմ տեղ էլ սա է խոսում։ Սա երևելի նշան է», մտածեց Շահյանը։
Դուք թո՞ւյլ եք տալիս։
Խնդրում եմ, օրիորդ։ Դա ի՞նչ խոսք է։
Իսկ դո՞ւք, պարոն Շահյան։
Է՜, թողեք, թե աստված կսիրեք, այդ անտեղի քաղաքավարությունները, նկատեց Մարությանը։ Ինչի՞ց եզրակացրիք, չեմ հասկանում, թե նկատողությունս արի նրա համար, որ պատվական հյուրերիս չզբաղեցնեք մասնավոր բաներով։ Եթե չճանաչեի իմ Աշխենին, ուղղակի կարգելեի ձեզ նրա գրածը կարդալ։ Բայց գիտեմ, թե ինչ է նա և ինչ կլինի գրած, ուստի ամենևին երկյուղ չունեմ, թե հյուրերս պիտի ձանձրանան նրա նամակը լսելով։ Խնդրում եմ, կարդացեք։
Օր. Սահակյանը նորից հանեց նամակը։
Պարոն Մարությանը ճիշտ է ասում, պարոններ, այն, ինչ որ այժմ պիտի կարդամ, անհետաքրքրական չէ և կարող է ընդհանուր խոսակցության նյութ դառնալ։ Պարոն Շահյանը ճանաչում է Աշխենին, բայց չգիտեմ՝ դուք լսե՞լ եք նրա մասին, պարոն...
Բազենյան, վրա գցեց օր. Սահակյանին Մարությանը։
Պարոն Բազենյան։ Չգիտեմ՝ դուք լսե՞լ եք օր. Աշխենի մասին։
Եթե չեմ սխալվում, նա ձեր... դիմեց Բազենյանը Մարությանին։
Եղբորս աղջիկն է։
Որը վարժուհու համեստ պաշտոնով գյուղն է գնացել, վրա բերեց օր. Սահակյանը։ Տեսնո՞ւմ եք այս տունը. նա ապրել է այս տան մեջ երկար տարիներ, նա որբ է, խաղաղ, հանգիստ կյանք է վարել իր հարգելի հորեղբոր և նրա հարգելի ամուսնու խնամքի տակ, որոնք իրենց հարազատ աղջկանից ոչնչով չեն զանազանել նրան։ Բայց և այնպես թողել է իր ամենայնիվ ապահովված կյանքը և զրկանքներով լի գյուղն է գնացել խավար ժողովրդի մեջ լույս տարածելու համար։ Նա սիրված և մանավանդ հարգված է եղել ամենքից։ Հարգված բառը շեշտում եմ նրա համար, որ, իմ կարծիքով, հարգանքի զգացում թելադրելու համար ավելի մեծ ուժ է հարկավոր, քան թե սիրո զգացում, որովհետև հարգանքն ավելի ճշմարիտ, ավելի դիմացկուն և ավելի ազնիվ զգացում է, քան թե սերը, որը միշտ պատահական և անցողակի է լինում և հազիվ թե առաջանում է մարդու ներքին արժանիքի գնահատումից։ Սիրվում են հարյուրից իննսունուինն, բայց հարյուրից մեկը հազիվ է հարգվում։ Ասելս այն է, թե, ուրեմն, որպիսի անսովոր աղջիկ է Աշխենը, որ կարողացել է հարգել տալ իրեն ամենքին։ Կարող եմ ձեզ հավատացնել, պարոններ, որ ես չափազանց թերահավատ և, մանավանդ մարդկային արժանիքները գնահատելու գործում, խիստ հոռետես եմ. ուստի կարծում եմ, այս բանն արդեն բավական պիտի լինի համոզելու ձեզ, թե ի՛նչ է օր. Աշխենը, որի մասին այդպես ոգևորված եմ խոսում։
Ես կատարելապես հավատում եմ ձեզ, օրիորդ, ասաց Բազենյանը։ Մի օրիորդ, որ դաստիարակվել է պարոն Մարությանի և նրա հարգելի ամուսնու ձեռքի տակ, իհարկե, ուրիշ կերպ չէր կարող լինել։
Ինչո՞ւ «իհարկե», նկատեց Մարությանը ծիծաղելով։ Կամ ես ու իմ ամուսինս ի՞նչ գործ ունինք այստեղ, որ մեզ խառնում եք մեջը։ Եղբորս աղջիկը, ճիշտ է, մեր ձեռքի տակ է մեծացել, ավելացրեց նա լրջությամբ, բայց իրեն դաստիարակողն, այսպես ասած, ինքն է եղել։
Թողեք, որ այդ մենք գիտենանք, պարոն Մարության, ընդհատեց նրան Բազենյանը։ Ես շատ լավ ծանոթ եմ մեր ընտանիքներին և այդ ընտանիքների մեջ մեծացած աղջիկներին, և եթե ձեր ընտանիքն էլ նման լիներ իմ ճանաչած ընտանիքներին, ապա շատ պիտի զարմանայի հարգելի օրիորդի՝ ձեր եղբոր աղջկա մասին ասած խոսքերի վրա։
Ինչո՞ւ։
Որովհետև հայ աղջկանց և մի որևէ վեհ իդեալի միջև, որպես իդեալի ծառայում է ձեր եղբոր աղջիկը, այնքան նմանություն կա, որքան դատարկ տակառների և ցորենով լի հասկերի միջև։
Եվան, որ առանձին հետաքրքրությամբ լսում էր Բազենյանին, ուզեց բան ասել, բայց լռեց։
Հայ աղջիկները, շարունակեց Բազենյանը, ընդհանրապես առած, անգույն, չնչին, դատարկ արարածներ են, հեռու ամեն իդեալից։
Օր. Սահակյանը հոնքերը սաստիկ բարձրացրեց և նայեց կողքին նստած Եվային կոմիկական տարակուսանքով։ Հետո շատ նուրբ ժպիտով և վերին աստիճանի մեղմորեն դիմեց Բազենյանին.
Ներողություն, հարգելի պարոն, ինձ թվում է, թե ձեր նկատողությունը փոքր-ինչ... Ինչպե՞ս ասեմ, որ անքաղաքավարի չնկատվեմ... փոքր-ինչ, այսպես ասած, քաղաքավարի չէր, եթե ոչ իմ, գոնե այս օրիորդի վերաբերմամբ, որ նույնպես հայ աղջիկ է և նստած է ձեր առաջ։
Բազենյանն ամենևին չշփոթվեց օր. Սահակյանի այդ նկատողության վրա և առանձին եռանդով դարձավ Եվային.
Խնդրում եմ, ներեցեք ինձ, օրիորդ։ Ես այնպես եմ ընդունում, որ մեր խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է և, բացի դրանից, ավելացրեց Բազենյանը ժպտալով, ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի այն կանոնը, որ ներկա եղողները միշտ բացառություն են կազմում։ Իմ նկատողությունը վերաբերում էր...
Եվան արագությամբ ընդհատեց նրան.
Խնդրում եմ, պարոն Բազենյան, բոլորովին ապահով եղեք. ես այնքան բծախնդիր չեմ։ Օր. Սահակյանը կատակ է անում։
Օր. Սահակյանը կոմիկական ապշությամբ նայեց նախ Եվայի լուրջ դեմքին, հետո՝ Մարությանին և նրա կնոջը։
Դե արի ու սրապեսների պատիվը պաշտպանիր, ասաց նա։ Շատ լավ։ Երբ որ ես կատակ եմ անում, այժմ լուրջ կերպով կխոսեմ, մանավանդ որ պարոն Բազենյանն ասում է, թե խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է։ Շատ բարի, պարոն Բազենյան։ Երբ որ դուք կարծում եք, թե լուրջ բաների մասին խոսելիս շատ էլ բծախնդիր չպետք է լինինք քաղաքավարական կանոնները պահպանելու համար, ուստի ես էլ ծալում մի կողմ եմ դնում քաղաքավարական կանոնները և ասում եմ. եթե, ձեր ասելով, հայ աղջիկներն անգույն, չնչին, դատարկ արարածներ են ընդհանրապես, երիտասարդներդ էլ մի բանի նման չեք։ Խնդրում եմ, մի՛ նեղանաք, մենք բոլորովին լուրջ բանի մասին ենք խոսում։
Ես չեմ նեղանում։
Ճի՞շտ։
Ամենևին։
Ուրեմն ճի՞շտ եմ ասում։
Բոլորովին ճիշտ չեք ասում։
Բազենյանը իր պատասխանները տալիս էր շատ հանգիստ, ամենևին ուշադրություն չդարձնելով օր. Սահակյանի հեգնական տոնին։ Այդ բանը գրգռեց օր. Սահակյանին։
Զարմանալի է, ասաց նա, և դուք կարողանում եք այդքան հանգիստ մնալ, երբ անարդարությո՞ւն եք լսում։
Ես հանգիստ եմ մնում հենց նրա՛ համար, որ անարդարություն եմ լսում։
Ուրեմն ես չարախոսում եմ։
Ես այդպիսի բան չասացի։ Եվ, կարծեմ, հաշիվ էլ չպետք է ունենաք չարախոսելու մեր երիտասարդների վրա, ավելացրեց Բազենյանը իր հանգիստ-հանդուգն հայացքով դիտելով օր. Սահակյանի տգեղ արտաքինը։
Այդ երկմիտ խոսքերը և մանավանդ այդ հանդուգն հայացքը ավելի ևս վառեցին օր. Սահակյանին, բայց և այնպես նա չկորցրեց իրեն։
Ես շատ եմ հավանում, պարոն, ձեր այդ սիրուն պատասխանները, ասաց նա իր նախկին հեգնական տոնով։ Բայց կարելի չէ՞ արդյոք իմանալ, թե ի՞նչ ունիք դուք երիտասարդներիդ պաշտպանելու համար։
Ես ոչինչ չունիմ, օրիորդ, մեր երիտասարդներին պաշտպանելու համար, որովհետև նրանք կարոտ չեն իմ պաշտպանությանը։ Նրանց կատարած մեծ գործերը հրապարակի վրա են. պետք է միայն ընդունակություն ունենալ տեսնելու։
Խոստովանում եմ ձեզ, որ ես այդ ընդունակությունը չունիմ և դրա համար խնդրում եմ, որ գեթ մի օրինակ ցույց տայիք:
Օրինակ՝ հենց մեր վերջին շարժումները։
Ես գիտեի, որ այդ պիտի ասեք, որովհետև ուրիշ օրինակ չեք կարող բերել։
Մի՞թե այդ քիչ է։
Մինչև անգամ չափազանց շատ է, ո՞վ է ասում։ Բայց դուք ասացիք կատարած գործերը, իսկ ձեր ասած շարժումները նոր են սկսված, և դեռ չգիտենք՝ երկունքի մեջ եղած լեռն ի՛նչ կծնի փի՞ղ, թե մուկ։
Իհարկե, փիղ:
Ինչո՞ւ անպատճառ իհարկե և ինչո՞ւ անպատճառ փիղ:
Շատ պարզ պատճառով. որովհետև այդ մասին կասկած չի կարող լինել։
Բայց տեսնում եք, որ ես կասկածում եմ։ Ինչո՞վ կարող եք երաշխավորել, որ լեռն անպատճառ փիղ կծնի և ոչ մուկ։ Ուզում եմ իմանալ՝ ինչո՞վ են մեծ երիտասարդներիդ հարուցած այդ շարժումները։
Բազենյանը զարմանքով նայեց իր շրջապատողներին, հետո նույն զարմանքով դարձավ օր. Սահակյանին։
Օրիորդ, մի՞թե այդ մասին դեռևս կարիք կա խոսելու։
Փոքր-ինչ առաջ գայիք, պարոնը հենց այդ մասին էր խոսում, միամտաբար մեջ ընկավ Թեկլեն, դառնալով օր. Սահակյանին։
Ահա՛, տեսնո՞ւմ եք, վրա բերեց օր. Սահակյանը, ուրեմն կարիք եղել է, որ փոքր-ինչ առաջ խոսելիս եք եղել այդ մասին։
Ամենքի դեմքի վրայով մի թեթև ժպիտ անցավ ակամա։ Ժպտաց և Բազենյանը։ Նա տեսավ, որ այդ մարմնեղ աղջիկը բավական ճարպիկ լեզու ունի և շատ բանում կարող է այդպես հանկարծակիի բերել իրեն, ուստի վճռեց զգույշ լինել։ Ժպտալով նա փոքր-ինչ առաջ խոնարհվեց դեպի օր. Սահակյանը և ասաց վերին աստիճանի քաղաքավարությամբ.
ներեցեք, օրիորդ. չե՞ք նեղանալ, եթե մի բան ասեմ։
Նայելով թե ինչ կասեք։
Ինչպես երևում է, դուք սիրում եք կատակ անել։
Օր. Սահակյանը բարձրաձայն ծիծաղեց։
Ես էլ ասացի, թե ինչ եք ուզում ասել։ Իհարկե, ես շատ եմ սիրում կատակ անել, այնպես որ դուք կարող էիք համարձակ ձեր նկատողությունն անել։ Բայց այսպիսի խնդիրներում, ավելացրեց նա լրջորեն, ներեցեք, ես սիրում եմ լուրջ կերպով խոսել։ Ես, ախր, բոլորովին ուրիշ կարծիք ունիմ ձեր ասած շարժումների մասին։
Շատ հետաքրքրական է իմանալ, օրիորդ, ձեր կարծիքը, այս անգամ արդեն հեգնանքի հասցրած ծայրահեղ քաղաքավարությամբ նկատեց Բազենյանը։
Անշուշտ հետաքրքրական է և շա՛տ հետաքրքրական, պարո՛ն, նրա հեգնական տոնից առնվելով առանձին շեշտ տվեց իր ձայնին օր. Սահակյանը։ Բայց մի մոռանաք, որ խոսքը նախ ձեզ է պատկանում, դեռ դուք ապացուցեցեք ինձ, թե ինչո՞ւ լեռն անպատճառ փիղ պիտի ծնի և ոչ մուկ, այնուհետև ես իմը կասեմ։ Ես, տեսնում եք, չեմ փախչում։
Բազենյանը ծիծաղեց։
Ուզում եք ասել՝ ես փախչո՞ւմ եմ։
Օր. Սահակյանն արագությամբ դարձավ Մարությանին.
Պարոն Մարության, դուք ասացեք, ես մեղավո՞ր եմ, որ պարոնն այդ եզրակացությունը հանեց իմ խոսքերից։
Լավ, լավ, մեջ ընկավ Մարությանը, տեսնելով, որ բանը շատ հեռու է գնում։ Դա այնպիսի խմոր է, որ շատ ջուր կվերցնի, ուստի խնդրում եմ, վերջ դնեք ձեր վիճաբանությանը և կարդաք այս նամակը:
Այդ միջամտությունը դուր չեկավ Բազենյանին. Մարությանը դրանով կարծես թե ստիպում էր նրան խոստովանել իր հակառակորդի գերակշիռ ուժը վիճաբանության մեջ և փախուստ տալ օր. Սահակյանի առաջ։ Դա վիրավորական էր նրա ինքնասիրության համար, մանավանդ այդ ընտանիքի մեջ, ուր կարճ միջոցում ահագին հեղինակություն էր ձեռք բերել։ Վախկոտությամբ փախուստ տալ ո՛ւմ առաջ ուզում է լիներ, մանավանդ այդ գեր, այդ անճոռնի աղջկանից, որին պարզապես արհամարհում էր, այդ բանը չէր հարմարում նրա բնավորությանը։ Բացի դրանից, փախուստ տալ, նշանակում էր ընկնել այն բարձրությունից, ուր ելել էր նա այդ սիրելի ընտանիքի աչքում։ Եվ Բազենյանը հավաքեց իր բնածին բոլոր հանդուգն համարձակությունը, պատրաստվեց դիմադրելու, բայց օր. Սահակյանը ժամանակ չտվեց նրան։
Ձեր ասած հայ աղջիկներին ես էլ լավ եմ ճանաչում, պարոն Բազենյան, և, իհարկե, շատ ավելի լավ, քան թե դուք. բայց իմ ասած հայ երիտասարդներին էլ ճանաչում եմ՝ ինչպես հարկն է։ Ուրեմն, ավելի լավ է, լռենք այս մասին և կարդանք այս նամակը, որի գրողը...
Ոչ, ինչո՞ւ լռենք, օրիորդ, ընդհատեց նրան Բազենյանը։ Լռությունը միշտ կասկած է հարուցանում... Մենք կարող ենք խոսել բացարձակ, եթե ոչ հիմա, դոնե ուրիշ ժամանակ. հույս ունիմ, առիթ կունենանք։
Անշո՛ւշտ. ես միշտ պատրաստ եմ։ Բայց առաջուց պիտի ասեմ ձեզ, որ իմ համոզմունքը ոչ մի պայմանով չեք կարող փոխել։
Ուրեմն ավելորդ կլինի մեր վիճաբանությունը:
Ո՛չ, ինչո՞ւ. գուցե ես եմ փոխում ձեր համոզմունքը, բացականչեց օր. Սահակյանը և բարձրաձայն ծիծաղեց:
Բազենյանը շատ սառն, պարզապես ատելությամբ լի հայացքով նայեց նրա կախ ընկած չաղ կզակին, որ դողդողում էր ծիծաղից, և նկատեց առանց մի մազի չափ անգամ շփոթվելու.
Ինչո՞ւ եք կարծում, թե իմ համոզմունքը նույնքան, եթե ոչ ավելի հաստատ չէ, որքան ձերը։
Իսկ դուք ինչի՞ց եք կարծում, թե ես այդպես եմ կարծում:
Ձեր խոսքերից։
Թեև ես այդպիսի բան չեմ ասել, բայց համեցեք, ընդունում եմ, որ ձեր համոզմունքն ավելի հաստատ է, քան թե իմը։ Համենայն դեպս, այդ չի արգելում, կարծեմ, որ մենք դիսպուտի դուրս գանք ես իմ փաստերով, դուք ձեր փաստերով: Իսկ այժմ, որպեսզի ավելորդ ժամավաճառությամբ չզբաղվենք, պարոն Բազենյան, կարդանք այս նամակը։
Եվ որպեսզի Բազենյանը շատ չվիրավորվի, օր. Սահակյանը ժպտաց հաղթանակը տարած մեծահոգի մարդու մեղմությամբ։
Բազենյանը կծեց ներքին շրթունքը և այդպես էլ մնաց լուռ, մռայլ։
Երկու հյուրերի միջև տեղի ունեցած այդ ընդհարումը շատ ճնշող տպավորություն էր գործել տանտերերի վրա։ Մարությանն ու կինն անհանգստությամբ շարժվում էին անդադար իրենց տեղերում, գրեթե հուսահատված՝ չիմանալով ինչպես վերջ տան այդ անախորժ վիճաբանությանը, որ նկատելի չլինի, թե այդ բանն անում են նրա համար միայն, որ Բազենյանին ազատեն նեղ դրությունից, ուստի ավելի լավ էին համարում լռել։
Բոլորովին լուռ էր և Եվան։ Շատ լավ ծանոթ լինելով օր. Սահակյանի բնավորությանը, գիտեր, որ նա կոպիտ լինելու չափ համարձակ էր և վիճաբանության ժամանակ ոչ տեղին էր նայում և ոչ նրան, ում հետ որ վիճաբանում էր։ Այս անգամ Բազենյանի վերաբերմամբ նրա ցույց տված հակառակությունը կոպտության, անքաղաքավարության և դիմացինին զոռով գրգռելու և վիրավորելու տգեղ ցանկության վերին ծայրն էր թվում Եվային, և նա մի քանի անգամ ուզեց միջամտել, բայց վախեցավ, թե միգուցե օր. Սահակյանն ավելի ևս կոպտաբար վարվի։
Այնինչ Շահյանը չարախնդությամբ դիտում էր ընկերոջ անզոր այլայլումը և մտքումը «բռավո» էր ասում օր. Սահակյանին, որ միանգամից կարողացել էր կոտրել Բազենյանի անամոթ անձնապաստանությունը։
«Հենց առաջին օրից, երբ ոտք կոխեցի այս գյուղը, հուսահատվելու չափ հիասթափվեցի, սկսեց կարդալ օր. Սահակյանն Աշխենի բավական երկար նամակի այն տողերից, որտեղից հարմար էր համարել կարդալ: Մարդիկ տեսա, որոնք ապրում են նրա՛ համար միայն, որ ստիպված են ապրել: Մարդիկ տեսա, որոնց անասուններից զանազանել կարելի է նրանով միայն, որ խոսում են: Անծա՜յր չքավորություն՝ միացած մտքի խուլ խավարի հետ... Անսովոր մարդը զարհուրում, վիարավորվում է անգամ իրեն նման արարածների այս պատկերը տեսնելով: Ա՜խ, այդ աղքատությունը... Դու սովոր ես աշակերտուհիներիդ մազերը միշտ կարգին սանրած, մաքուր հագնված տեսնել, և եթե մեկը մի օր մաքուր թաշկինակ չի ունենում, առանց ճաշի ես թողնում: Բայց իմ աշակերտուհիները շոր անգամ չունին իրենց խեղճ մարմինը ցրտից պատսպարելու համար: Ամեն տեղ կան վաշխառուներ, բայց այդ ցեցերի ավերածությունը գյուղերում արդեն չափից դուրս զգալի է: Սակայն, եթե ընդհանուրի աղքատության պատճառները որոնելու լինենք միմիայն վաշխառուների գործունեության մեջ, դրությունն էլի այնքան ցավալի չէր լինիլ: Այդ պատճառները, որքան ես կարողացա նկատել, բազմաթիվ են և բազմադիմի և գտնվում են գյուղական-հասարակական ամբողջ կազմակերպության մեջ: Մի և ամենազորավոր պատճառն էլ այն է, որ գյուղացու վիճակը բարելավելու համարարտաքին կողմից ամենևին փորձ չկա: Ընդհակառակը՝ արտաքին կողմից եղած միջոցները, կարծես, ձգտում են էլ ավելի ծանրացնելու նրա կացությունը: Գյուղացին ձգված է երեսի վրա: Նա թողնված է, որ ինքն իր ուժերին ապավինե: Բայց նա տգետ է, կրթություն չունի, ուրեմն և անընդունակ է իր ուժերը մշակելու, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնել, չճնշվել տիրապետող կարգերի տակ: Ժամանակն արագորեն առաջ է գնում. կարգերն, ավելի ու ավելի ծանրանալով, փոխվում են անդադար, բայց գյուղացին կանգնած է միևնույն տեղը, ուր որ գտնվում էր տասնյակ, հարյուր տարիներ առաջ: Հարկավոր է նրան էլ առաջ մղել, որպեսզի կարողանա հարմարվել ժամանակի անողոք պահանջներին: Դրա համար հարկավոր է լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս։ Պ. Մինասյանը...»:
Դուք ճանաչո՞ւմ եք Մինասյանին, պարոն Բազենյան, հանկարծ հարցրեց օր. Սահակյանը, նամակի ընթերցումը ընդհատելով։
Մինասյանի՞ն... ոչ։ Ո՞վ է։
Մեր սակավաթիվ մասնագետ գյուղատնտեսներից մեկը և ժողովրդական բանահավաք։ Դուք նրան գոնե մեր գրականությունից պիտի ծանոթ լինեիք։
Մինասյա՞ն... Այդպիսի գրող չեմ ճանաչում։
Ուրեմն չեք հետևում գրականությանը, նկատեց օր. Սահակյանը և պատրաստվեց նամակի ընթերցումը շարունակելու:
Բազենյանը զգաց, որ կարմրում է դեպի իր հակառակորդը տածած չարությունից։
Ներեցեք, գուցե նա մի անհայտ...
Ո՛չ, մեր ժողովրդական գրականության մեջ նա բավական հայտնի է, և հայտնիներ էլ շատ չունինք, կտրեց նրա խոսքն օր. Սահակյանը և շարունակեց նամակի ընթերցումը։
«Պ. Մինասյանը կրթության մեջ ոչ թե միայն ընդհանրապես մարդկային առաջադիմության միջոց է տեսնում, այլև ամենակարճ ճանապարհը, որով գյուղացին կարող է տնտեսական փոքրիշատե բարվոք վիճակի հասնել։ Տուր գյուղացուն հող էլ, փող էլ, կարճ ժամանակից հետո նա նույն հացակարոտ աղքատը կմնա, եթե կրթություն չես տալ նրան, որ այդ հողն ու փողը կառավարել կարողանա։ Ահա այս հիմնական միտքն իրեն առաջնորդ ունենալով, պ. Մինասյանը նվիրվել է ուսումնարանի գործին արտասովոր եռանդով: Այս կատարյալ հերոսություն է, եթե ի նկատի առնենք այն ահագին դժվարությունները, որոնց դեմ ստիպված է նա մաքառել։ Այս երիտասարդն իր հաստատուն բնավորությամբ, իր անհանգիստ աշխատասիրությամբ, նպատակին ձգտող իր համառ գործունեությամբ կատարելապես զարմացնում է ինձ։ Աշխատում է գիշեր-ցերեկ, անում է ամեն բան, չեղած տեղը գործ է ստեղծում, որ պարապ չմնա։ Գյուղատնտեսության մեջ մանավանդ նրա կատարած գործերն ահագին են։ Գյուղացիները կատարյալ հավատ են ընծայում նրան, որովհետև գիտե նրանց բան հասկացնելու կերպը. իսկ գյուղացիներին բան հասկացնելու համար ուղղակի տաղանդ է հարկավոր ինտելիգենտ մարդուն։ Ասենք, Մինասյանին այս գործում մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ նա, շատերի պես, երբեք չի կտրել իր կապը գյուղի հետ։ Անցած ամսին այստեղ էր եկել, քսան տարվա բացակայությունից հետո, գյուղիս համփա բնակիչներից մեկի ինժեներ որդին ժառանգական կալվածական մի վեճի համար։ Երբ ինձ ասացին, թե այսինչ տան զավակն է, ուղղակի ապշեցի, այն աստիճան օտար էր նա գյուղին իր լեզվով, սովորություններով, նիստուկացով, էլ չեմ ասում տարազով։ Ես ու Մինասյանը ներկա էինք համագյուղացիների հետ նրա ունեցած վեճին։ Մարդն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց իր խելացի հայացքներով, բարի զգացումներով և հակառակորդներին ըստ ամենայնի զիջում անելու ցանկություններով. բայց արի տես, որ ամբողջ երկու ժամ խոսում էր գյուղացիների հետ և ոչինչ չէր կարողանում հասկացնել նրանց։ Գյուղացիները բան հասկացան միայն այն ժամանակ, երբ միջամտեց Մինասյանը և մի քանի խոսքով բացատրեց նրանց բանի էությունը նրանց լեզվով և զարմանալի պարզ օրինակներով։ Եթե ասեմ, որ Մինասյանը գյուղի կուռքն է և ամբողջ գավառում մեծ հեղինակություն է վայելում, չափազանցություն արած չեմ լինիլ: Բայց նա ունի և զորեղ թշնամիներ։ Դրանք, գլխավորապես, վաշխառուներն են, որոնցից մեկն այս օրերս գանգատ է տվել նրա դեմ նահանգական դատարանին՝ օրագրի մեջ իր մասին նրա արած մի մերկացման համար։
Ես գրում եմ իմ առաջին տպավորությունները, սիրելի Վարո։ Չգիտեմ, գյուղն ու գյուղական կյանքն ինձ համար նորություն է դրա՞ համար է ինձ այստեղ ամեն բան մռայլ թվում, թե՞ այդ իսկապես այդպես է։ Գոնե մխիթարական ես ոչինչ չեմ գտնում այստեղ։ Միակ մխիթարականը և հուսատուն, որ լուսատու մենավոր աստղի պես պայծառ փայլում է այս թխպոտ հորիզոնի վրա, դա պ. Մինասյանն է։ Չայց մի ծաղկով գարո՞ւն կգա...»։
Դու էլ մեկ երկու, երկուսով խո կգա, ասաց օր. Սահակյանն Աշխենի հասցեին և նամակը ծալեց։ Ահա, այս էր, պարաններ, ինչ որ կարող էի կարդալ այս նամակից։ Մի քանի կտորներ էլ կարելի էր կարդալ, բայց վախենում եմ, որ պարոն Բազենյանը կարծի, թե նա ինքնագովությամբ է պարապում:
Եվ օր. Սահակյանր, նայելով Բազենյանին, ժպտաց:
Ես պարոն Բազենյանի տեղ բողոքում եմ ձեր դեմ, օրիորդ, բացականչեց Մարությանը։ Եթե պարոնը հայ աղջիկների մասին աննպաստ կարծիք ունի, այդ չի նշանակում, թե նա բացառություններ չի ճանաչում։ Այդպես չէ՞, պարոն Բազենյան։
Չեմ հասկանում, խիստ հանգիստ արտասանեց Բազենյանը, ուսերը վեր քաշելով։ Նա արդեն ատում էր օր. Սահակյանին։
Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մարության, որ պարոն Բազենյանը չի կարող չճանաչել բացառությունները, բայց մի՞թե այսպիսի բացառություններն ավելի քիչ են արժանի ուշադրության, քան ընդհանրությունը։ Ի՞նչ եք կարծում, տիկին, դարձավ օր. Սահակյանը Թեկլեին. Աշխենը դատա՞րկ աղջիկ է։
Ո՞վ է ասում... Երանի չէ՞ր լինիլ, որ բոլոր աղջիկները նրա պես խելոք լինեին, ասաց Թեկլեն տխուր մտախոհությամբ։
Տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք, պարոն Շահյան. ձե՞ր կարծիքն ինչ է. դուք ճանաչում եք նրան։
Ես համաձայն եմ ձեզ հետ, ասաց Շահյանը, առանց մտածելու, թե ինչ է ասում և, ինքն էլ չհասկացավ ինչու ժպտաց։
Օր. Սահակյանն արագորեն դարձավ դեպի Եվան, որ նստած էր իր կողքին.
Իսկ դո՞ւ, Եվա։
Եվան իսկույն չպատասխանեց։ Նրա անսովոր-լուրջ հայացքը մտքի ինչ-որ տխուր, խորհրդավոր կենտրոնացում էր արտահայտում։
Այդպիսի մի նամակ էլ մեզ է գրել, ասաց նա, առանց պատասխանելու օր. Սահակյանի հարցմունքին։
Հա-ա՞։
Բաս ի՞նչ էիք կարծում, ասաց Մարությանը։
Դե որ այդպես է, ինչո՞ւ առաջուց չէիք ասում, որ իզուր ժամավաճառ չլինեի կարդալով... Ասենք, վնաս չունի. այդ հարկավոր էր պարոն Բազենյանի համար, որպեսզի պարոնը համոզվի, որ հայ աղջիկների մեջ ևս կան այնպիսիները, որոնց մոտ շատ հայ երիտասարդներ զրո են։
Բազենյանը ետ էր ընկել բազկաթոռի մեջքին և աշխատում էր կատարյալ լռությամբ արտահայտել իր արհամարհանքը։
Ներեցեք, պարոն Բազենյան, որ ձեր հայտնած կարծիքի մասին այսքան շատ եմ խոսում, ավելացրեց օր. Սահակյանն այս անգամ զիջողաբար ժպտալով։ Ես ինքս համաձայն եմ ձեզ հետ, որ հայ աղջիկները, խիստ մեծամասնությամբ, դատարկ և չնչին արարածներ են, ինչպես դուք ասացիք, բայց դուք մի դատապարտեք այդ աղջիկներին, այլ դատապարտեցեք ընտանեկան, թեկուզև հասարակական այն պայմանները, որոնց մեջ մեծանում են նրանք, որովհետև, ամեն երևույթ իր պատճառներն ունենալով, այս տխուր երևույթի մեջ էլ քննության առարկան և դատապարտելին ոչ թե ինքն՝ երևույթը պիտի լինի, այլ պատճառը։ Բայց, մյուս կողմից, թույլ տվեք նկատեմ, որ հայ երիտասարդներն արդեն իրենք են դատապարտելին, որովհետև նրանք անհամեմատ թե՛ ավելի ազատ են մեծանում և թե՛ ավելի լավ կրթություն են ստանում, քան հայ աղջիկները. մինչդեռ նրանք ի՞նչ են անում. կամ քնում են, կամ իրենց փորի համար միայն աշխատում։ Ասացեք խնդրեմ, ո՞ր երիտասարդը, քաղաքում հանգիստ ու ապահով կյանք վարող երիտասարդն եմ ասում, սիրտ կանե կորած տեղեր գնալ աչքից ընկած, մտքից մոռացված ժողովրդի բարօրության գործին ծառայելու համար։ Ասացեք, կա՞ այդպիսի երիտասարդ։
Իմ եղբա՜յրը, դուրս թռավ Եվայի բերնից, և նրա մտախոհ հայացքի մեջ հանկարծ ինչ-որ կայծ վառվեց, բայց իսկույն էլ հանգավ։
Այն աստիճան ազդու էր նրա ձայնը, որ ամենքն էլ ակամա նայեցին նրան։
Եվան վեր կացավ տեղից, և կայծը նորից վառվեց նրա գեղեցիկ աչքերի մեջ։
Իմ եղբա ՜յրը, կրկնեց նա։ Ես կերդվեմ, որ ոչ ոք չի կարող նրան հասնել... Ա՜խ, ինչպես ուզում եմ, որ այս րոպեիս այստեղ լինի նա...
Օր. Սահակյանը սիրով ու կարեկցությամբ նայեց նրան և այլևս չշարունակեց վիճաբանությունը։ Թեկլեի աչքերը լցվեցին մայրական սիրո կարոտակեզ արտասուքներով։ Իսկ Մարությանը, որի հայրական սիրտը նույնպես սաստիկ շարժվել էր դեպի իր հեռացած որդին, իրեն սրտապնդելու համար սկսեց բարձրաձայն հազալ։
Ի դեպ, պարոն Բազենյան, դուք չե՞ք ճանաչում օրիորդի եղբորը՝ Արմենակին։
Ոչ:
Զարմանալի է։ Որքան իմացել եմ, դուք ևս ծառայում եք միևնույն գործին, ինչ որ նա, և ինչպե՞ս է, որ չեք ճանաչում նրան...
Ոլրիշ ի՞նչ է գրում, շտապով դարձավ Մարությանն օր. Սահակյանին, վախենալով, թե միգուցե նա մի նոր հարձակում սկսի Բազենյանի դեմ։ Չի՞ տխրում, գո՞հ է իր վիճակից։ Մեզ գրած նամակների մեջ իր կյանքի մասին ընդհանրապես ոչ մի դժգոհություն չի հայտնում, բայց ես հասկանում եմ, որ մեզ ուրիշ կերպ չի գրիլ, իոկ ձեզ, կարծում եմ, ճշմարտությունը պիտի լինի հայտնելիս։
Ահա, ուզո՞ւմ եք, այդ կտորն էլ կարդամ։
Խնդրում եմ։
Եվան, մի-երկու անգամ սենյակում անցուդարձ անելուց հետո, կամաց նստեց իր առաջվա տեղը, օր. Սահակյանի մոտ։
«Գյուղն ինձ վրա, ինչպես ասացի, խիստ ճնշող տպավորություն գործեց, կարդաց օր. Սահակյանը։ Աղքատությանը զուգակից է տգեղությունը, և այդ տգեղությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում այստեղ։ Հենց միմիայն գյուղի արտաքին տեսքը նրա ծուռումուռ, անասունների մշտական աղբով ծածկված, ցեխոտ փողոցները, անճոռնի, շատ տեղ գետնափոր տները, վտիտ անասունները, ճռճռան ծանրաշարժ սայլերը, ահագին փափախների տակ ճնշված մարդիկ, բերանն ու քթները կալած կանայք, կեղտոտ ու գզգզված երեխաները, անհամար քոսոտ շները, ամեն, ամեն բան ինձ վերին աստիճանի տգեղ և հակակրելի էր թվում։ Կարծում էի, թե հանկարծ ընկել եմ վայրենի մի աշխարհ, ուր ամեն ինչ խորթ ու անծանոթ էր ինձ։ Ինձ վրա նայում էին զարմանքով և կասկածով։ Կանայք մանավանդ ավելի էին խրտնում ինձնից, չեմ հասկանում ինչու։ Շատ անգամ, երբ հարևանի կովը ցեխոտ պոչը տատանելով անցնում էր առաջովս, ինձ թվում էր, թե այդ անասունն անգամ իր հիմար աչքերով ուրիշ կերպ էր նայում ինձ, ոչ այնպես, ինչպես սովորական գյուղացիներին։
Առաջին իսկ օրից դառնությամբ, գրեթե տանջվելով զգացի, որ ոչինչ չպիտի կարողանամ շինել այստեղ։ Իմ և ինձ շրջապատող մարդկանց միջև ոչ մի առնչություն չէի տեսնում։ Ոչ ես էի հասկանում սրանց, ոչ սրանք էին հասկանում ինձ։ Այդ քիչ է. ինձ թվում էր, թե երբեք չպիտի կարողանամ անկեղծորեն համակրել և սիրել այս բիրտ, կասկածոտ և տգեղ մարդկանց, որոնց բարօրության գործին վճռել էի նվիրել ինձ այդտեղ իմ մաքուր սենյակում նստած։ Այս կետը մանավանդ մեծ մտահոգություն էր պատճառում ինձ և երևան էր հանում իմ մեջ այնպիսի անծանոթ գծեր, որ ուղղակի ապշած էի մնում և չէի ճանաչում ինքս ինձ։ Ի՞նչ էր նշանակում այս խորթությունը, այս օտարությունը, այս զզվանքը, վերջապես։ Ես արիստոկրատ չէի ծնվել, ընդհակառակը՝ պատկանում էի ժողովրդի նույն ստորին խավին, ինչ որ սրանք, այս կոշտ ու կոպիտ, այս անմաքուր ու տգեղ գյուղացիները, և մեր ծագման միջև եթե մի տարբերություն կար, այդ էլ զուտ աշխարհագրական էր. ես ծնվել էի քաղաքում, սրանք գյուղում։ Ուրեմն ո՞րտեղից էր այս «արիստոկրատիզմը», որի գոյությունն իմ մեջ մինչև այստեղ գալս երևակայել անգամ չէի կարող... Այս ու այսպիսի հազարավոր մտքերի ճնշման տակ, հանկարծ հիմարություն և, որ ավելի վատ է, կեղծիք թվաց ինձ իմ «անձնուրացությունը»։ Այս էր ամենաանտանելին, որովհետև այս միտքն ինձ նվաստացրեց իմ աչքում վերին աստիճանի, ինքս ինձնից ամաչելու չափ...
Այսպիսով առաջին օրերն ու շաբաթներն անցան հուզող կասկածների, ծանր անձնաքննության և վերին աստիճանի տաղտկության մեջ, որի ժամանակ խենթանալու չափ սկսեցի կարոտել քաղաքի կյանքը, ինձ ծանոթ սիրելի դեմքերը, մանավանդ քեզ և մանավանդ Եվային, իմ սիրուն, իմ քնքուշ, իմ պաշտելի Եվային...»։
Այստեղ ամենքի հայացքը մեքենայաբար դարձավ դեպի Եվան, որի աչքերի մեջ հանկարծ արտասուքի կաթիլներ ցոլացին։ Նա գլուխը խոնարհեց և մատներով պինդ ծածկեց աչքերը։ Մինչդեռ օր. Սահակյանը, ըստ երևույթին ոգևորված նամակից, ուշադրություն չդարձրեց այդ բանին և շարունակեց կարդալ.
«Բայց ոչինչ չշինած՝ վերադառնալ, այդ միևնույնը կլիներ, թե զինվորը փախչում է պատերազմի դաշտից՝ մի գնդակ անգամ չարձակած։ Այդպիսի դեպքում ավելի լավ չէ՞ր լինիլ, որ ուղղակի գետն ընկնեի խեղդվեի, քան թե վերադառնայի հարազատներիս մոտ այդպիսի խայտառակությամբ։ Այդ միտքն էր, որ պահպանեց ինձ անկումից և միևնույն ժամանակ քաջություն տվեց։ Մյուս կողմից, գիտեի, որ ժամանակն ամենալավ հաշտեցնողն է։ Հարկավոր էր միայն համբերություն և բարոյական ուժ։ Այդ համբերությունն ու բարոյական ուժը...»։
Օր. Սահակյանը հանկարծ դադարեցրեց ընթերցումը և նամակը շտապով ծալեց։
Ներեցեք, այլևս չեմ շարունակիլ, ասաց նա։
Եվան մատները հեռացրեց աչքերից և հետաքրքրությամբ նայեց նրա դեմքին։
Ինչո՞ւ, հարցրեց Մարությանը զարմացած։
Որովհետև... օր. Սահակյանը հազիվ նկատելի կերպով շփոթվեց, որովհետև... շարունակությունն արդեն ինքնագովություն է, որ... պարոն Բազենյանը կարող է խիստ կրիտիկայի ենթարկել, շփոթմունքը զսպելով վրա բերեց նա և ժպտալով նայեց Բազենյանին։
Բազենյանը ոչինչ չասաց, միայն հանգիստ զարմանքով նայեց Մարությանին, կարծես հարցնում լիներ, ի՞նչ է պատահել սրան։
Է՜էհ, կարդացեք, ասաց Մարությանը, դժգոհելով, որ օր. Սահակյանն այդպես հաճախ ընդհատում է նամակի ընթերցումը և ամեն անգամ անտեղի կերպով ուզում է խայթել Բազենյանին։
Բացի ինքնագովությունից, վրա բերեց օր. Սահակյանը հեգնորեն, շարունակությունն այսպես ասած աշակերտական բարոյախոսություն է, որը կարող է ձանձրալի լինել, ինչպես ամեն մի բարոյախոսություն։
Տե՛ր իմ աստվա՛ծ... ձեր ի՞նչ գործն է. դուք կարդացեք։
Օր. Սահակյանը ծիծաղեց Մարությանի զայրացկոտության վրա և դարձավ Եվային.
Կարդա՞մ, Եվա։
Ինչո՞ւ չպետք է կարդաս, ասաց Եվան կամաց։
Նրա դեմքը սառնություն էր արտահայտում։
Օր. Սահակյանը նորից բաց արեց նամակը։
«Այդ համբերությունն ու բարոյական ուժն ես արդեն առիթ եմ ունեցել զարգացնելու իմ մեջ» կարդաց նա կիսատ թողած նախադասությունը և լռեց։
Ամենքն էլ տեսան, որ նա շարունակությունը մտքումն է կարդում։ Եվան կամաց թեքվեց դեպի նա, սկսեց նայել նամակին և տեսավ, որ նա մի շարք տողեր բաց թողեց։
Օր. Uահակյանը շտապով դարձրեց թերթը և շարունակեց.
«Ահա հենց այդ համբերությամբն ու բարոյական ուժովս էր, որ կարողացա դիմանալ սկզբնական դժվարություններին, որոնք գուցե շատ չնչին բաներ էին, բայց ինձ, որովհետև խամ էի, ծանր էին թվում։ Ծանր էին թվում մանավանդ այն պատճառով, որ կարծում էի, թե բավական է, որ մարդ ոգևորված լինի այս կամ այն գաղափարով, մնացածը հեշտ է։ Մինչդեռ փորձն ինձ ցույց էր տալիս, որ գեղեցիկ գաղափարների իրագործումը շրջապատված է տգեղ պայմաններով, այնքան ավելի տգեղ, որքան մարդ շատ է լինում ոգևորված։ Կրկնում եմ. այդ ես փորձով տեսնում ու զգում էի, ուրեմն և հասկանում, որ այդ այդպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել։ Մյուս կողմից, ինչպես ասացի, ինձ ուժ էր տալիս այն գիտակցությունը, թե դժվարություններից փախչելն առհասարակ ամոթալի բան է, երբ այդ դժվարություններն ինքդ ես կամովին հանձն առել կրելու։ Բացի այդ, ինձ ուսուցել և օրինակ էին տվել անձնականը զոհելու ընդհանրությանը, ապրելու ուրիշների համար, և ես չէի կարող, չպետք է դավաճանեի այդ գաղափարին, մանավանդ այն ժամանակ, երբ ոտք էի կոխել այդ գաղափարին գործով ծառայելու ճանապարհի վրա։ Այժմ, երբ սկսել եմ ընտելանալ գյուղական մռայլ կյանքին, այդ գաղափարն ավելի ևս ոգևորում է ինձ, և ես կարողանում եմ զսպել մարդկային թուլություններս։ Նույնիսկ պատահում են ոգևորության օրեր, երբ ամեն բան մոռանում եմ և բուռն ձգտումով անձնատուր եմ լինում այս թշվառ մանուկների կրթության գործին մանուկների, որոնց լոկ տեսքն անգամ անհուն կարեկցություն է շարժում։ Սարսափում եմ, որ մտածում եմ, թե ապագա այս գեղջուկներն ու գեղջկուհիներն էլ առանց կրթության կարող են, նույն խավարով շրջապատված, փտել անասնական նույն կյանքի մեջ, ինչպես փտել ու փտում են սրանց պապերն ու տատերը, սրանց հայրերն ու մայրերը։ Չէ՞ որ սրանք էլ մեզ պես մարդիկ են. չէ՞ որ սրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Ի՞նչ խղճով պետք է տեսնենք սրանց այս ողբալի դրությունը և օգնության ձեռք չկարկառենք, երբ կարող ենք և քանի որ կարող ենք՝ ամոթալի և վիրավորական չէ՞ միթե մեզ համար, որ մեզ նման աստծո պատկերը կրող այս արարածները զրկված են աստվածային լույսից։ Խավարի այս սոսկալի թագավորությունը տեսնելով, մի՞թե այլևս հնարավոր պիտի լինի անհատի համար եսական կյանքը։
Ես չեմ ուրանում, որ մարդիկ իրար չեն օգնում։ Մարդկային կյանքն իր բոլոր ասպարեզներում փոխադարձ օգնության վրա է հիմնված։ Բայց, ավա՜ղ, այդ օգնությունը դեռ լոկ բնազդական, անգիտակցական և անուղղակի է, որպեսզի ցանկալի պտուղներ տար։ Ես կուզեի, որ մարդիկ իրար օգնեին գիտակցաբար։ Այդ քիչ է. կուզեի, որ մարդիկ ուրիշին օգնելու գործում դնեին իրենց սիրտը, հոգին, ամբողջ էությունը։ Անպայման անձնուրացություն և անձնազոհություն եմ պահանջում ես, որովհետև մարդու գոյության բուն նպատակը, հետևաբար և նրա իսկական երջանկության գրավականն, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ։ Այդպես է քարոզում բոլոր խելոք գրքերից ամենախելոք գիրքը Ավետարանը, և դրանով միայն մարդը կարող է աստվածանալ, որին ճգնում է նա հասնել։ Քանի՜ դար է ահա, որ քարոզվում է այդ գաղափարը, որը, սակայն, դեռևս լոկ մեռած տառ է հանդիսանում և եթե անցել է գործադրության, անցել է չափից դուրս սահմանափակ և չոր մտքով։ Ինչո՞ւ։ Այդ նրանից չէ՞ արդյոք, որ մարդիկ հոգին համաչափ կերպով չեն զարգացնում մտքի հետ։ Պատճառն այն չէ՞ արդյոք, որ միտքն առաջ է սլացել, հոգին ետ է մնացել։ Միտքը հսկայական թռիչքներ է գործում երկրի անդունդներից մինչև երկնքի անհունությունը, իսկ հոգին դեռևս խարխափում է խավարի մեջ և շարժվում է կրիայի քայլերով։ Ես հավատում եմ մտքի հաղթանակին։ Բայց ավելի ևս հավատում եմ հոգու հաղթանակին։ Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված...»:
Ես վերջացրի, ասաց օր. Սահակյանը և դանդաղորեն ծալեց նամակը։
Սենյակում կարճ ժամանակ խոր լռություն տիրեց։ Այդպես է լինում միշտ, երբ որևէ գրվածքի ընթերցումը գրողի համար կամ աննպաստ, կամ խիստ նպաստավոր տպավորություն է թողնում ունկնդիրների վրա։
Բռա՜վո, հանկարծ բացականչեց Մարությանը խիստ ոգևորված։ Բռա՜վո, Աշխե՛ն, բռա՜վո։ Ամեն մի բառը մի ոսկի արժե։ Օ՜, խելոք է, շատ խելոք։ Գիտե մտածել։ Այդպիսի մտքեր... Հիանալի՜ է, հիանալի՜։ Զարմանալի է. դուք հենց ամենահետաքրքրական կտորը չէիք ուզում կարդալ։
Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք։ Ի՜նչ հետաքրքրական, ձանձրալի ասացեք, հեգնորեն նկատեց օր. Սահակյանը և հարևանցի նայեց Բազենյանին։ Խելքին զոռ է տվել, էլի։ Փոխանակ բան գրելու, ինչ-որ անգիր արած ճռճռան ֆրազներ է շարել իրար ետևից։
Բա՜ն ասացիք։ Իմ ի՞նչ գործն է, թե խելքին զոռ է տվել։ Դուք հայտնած մտքերն ասացեք։ Հետո, ինչպե՞ս թե անգիր արած։ Ներողություն։ Այդպե՞ս եք ճանաչում ձեր ընկերուհուն։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված»։ Հրաշալի չէ՞ միթե։ Ճիշտ չէ՞ արդյոք, որ մարդիկ մտքի կրթության վրա ավելի են ուշք դարձնում, քան թե հոգու։ Ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Բազենյան, ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Շահյան, ձեզ եմ հարցնում։
Բոլորովին իրավացի է, ասաց Բազենյանը և նույնը մեքենաբար կրկնեց Շահյանը։
Ոչ թե բոլորովին, այլ դեռ մի բան էլ ավելի է, բացականչեց Մարությանն ավելի ու ավելի ոգևորվելով։ Ասում են, մեծ մարդիկ մեծ էլ պակասություններ են ունենում։ Ինչո՞ւ: Ինչո՞ւ այնպես չպետք է լինի, որ մեծ մարդիկ ոչ թե միայն մեծ, այլև առհասարակ ոչ մի պակասություն չունենան։ Ինչո՞ւ այդպես է, հարցնում եմ ձեզ։ Որովհետև մեծ մարդկանց, ինչպես և ամեն մի սովորական փոքր մարդու հոգին, այսինքն բարոյական ընդունակությունները համաչափ կերպով չեն զարգացվում մտավոր ընդունակությունների հետ։ Ասացեք, խնդրեմ. եթե մենք կարողանում ենք մեր միտքն այնպես զարգացնել, որ կարող ենք հնարել երկաթուղի, հեռագիր, հեռախոս-ձայնախոս, մահաբեր հրացան ու թնդանոթ, մի՞թե չենք կարող մեր հոգին էլ այնպես զարգացնել, որ թշվառների արտասուքը տեսնելիս անտարբեր չմնանք, նեղացածներին օգնենք, տնանկին պատսպարենք, քաղցածին հաց տանք։ Մի՞թե հոգին ավելի պակաս ընդունակ է կրթվելու և զարգանալու, քան թե միտքը։ Չեմ կարծում։ Սիստեմը, այժմյան կրթության ամբողջ սիստեմն է մեղավոր այս ափաշքարա հակասության մեջ։ Ես հավատացած եմ, որ մեծ մարդիկ կրկին չափով մեծ գործեր կլինեին կատարած, եթե նրանց հոգին զայրացած լիներ ուղեղի հետ համաչափ կերպով։ Այդպիսով մենք մի տասնևինն դար էլ առաջ կլինեինք գնացած, որովհետև շատ անգամ մի բան, որ անկարելի է լոկ ուղեղով, մտքով ըմբռնել, կարելի է հասկանալ հոգու աջակցությամբ։ Հոգին մտքի ամենալավ խորհրդատուն է. միտքն առանց հոգու զրո, բայց միտքն ու հոգին միասին ամեն բան։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքը առաջ կընթանան ձեռք ձեռքի տված, մի հավասար գծով»։ Պարոններ, մի՞թե սա ճիշտ չէ, մի՞թե սրանք կլասիկական խոսքեր չեն։
Եվ ասողն ո՞վ, ա՛յդ ասացեք. մի հայ աղջիկ, նորից հեգնեց օր. Սահակյանը և դարձյալ նայեց Բազենյանին։
Բազենյանն այլևս չկարողացավ համբերել։
Օրիորդ, իզուր դուք հեգնում եք, ասաց նա շատ սառը կերպով։ Ես կարող եմ հիանալ այդ նամակի մեջ հայտնված մտքերից և զարմանալ այն օրիորդի ընդունակության վրա, որ կարողացել է գրել այդպիսի մի նամակ, բայց և այնպես այդ չի խանգարում ինձ դարձյալ պնդելու, որ հայ աղջիկներն ընդհանրապես ուսում առած, թե չառած շատ չնչին և դատարկ արարածներ են, որ նրանք...
Զարմանում եմ ձեզ վրա...
Ներողություն, թողեք խոսքս վերջացնեմ... Որ նրանք ոչ թե չեն կարող այդպիսի նամակներ գրել, այլև երկու տող հասարակ բարովագիր գրելն անգամ մեծ դժվարություն է պատճառում նրանց։ Բացառությունները...
Պարոն Բա...
Ներողություն։ Բացառությունները շատ ուրախալի են այդպիսի դեպքերում, բայց հենց նրա՛ համար, որ բացառություններ են, կորցնում են, իրենց նշանակությունը։ Ընդհանրությունն է, որ իշխում է, ուրեմն և մեծ ցավ պիտի պատճառե։
Օր. Սահակյանը ծիծաղեց։
Ախր, ո՞վ է հակառակը պնդում, պարոն Բազենյան, որ դուք առանց ներողությունների չեք շարունակում ձեր խոսքը։ Եթե մեր միջև մի թյուրիմացություն կա, այդ, կարծեմ, ոչ թե աղջիկների մասին է, այլ երիտասարդների։
Գիտեմ։ Բայց ձեր կարծիքը մեր երիտասարդների մասին հերքվում է ամենից առաջ այդ նամակով։
Ինչպե՞ս։
Խնդրեմ նորից կարդացեք Մինասյանի մասին գրված տողերը...
Ա՜, հասկանում եմ ինչ եք ուզում ասել։
Հետո պարոն Մարությանի որդին, որի մասին...
Հետո, երևի դուք... հետո, երևի, պարոն Շահյանը, վրա բերեց օր․ Սահակյանը և սկսեց կուշտ-կուշտ ծիծաղել։ Բայց, երևի ինքն էլ զգալով, որ չափն անցավ, հանկարծ զսպեց ծիծաղը և ուզեց ինչ-որ ասել, սակայն Եվան թույլ չտվեց։
Եվայի համբերությունն արդեն հատել էր։ Նա խիստ անհանգիստ մի շարժում գործեց և դժգոհությունից հոնքերը կիտած, առանց նայելու օր. Սահակյանին, ակամա ձեռքով արեց նրան, կարծես հասկացնելու համար, թե բավական էր, վերջապես, որ նա այդքան հեգնորեն և կոպտությամբ խոսեց իրենց հյուրի հետ. ապա դարձավ Բազենյանին և շատ լուրջ կերպով նկատեց.
Իմ կարծիքով, սխալվում եք, պարոն Բազենյան, որ ասում եք, թե բացառություններն ընդհանրության մեջ կորցնում են իրենց նշանակությունը։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ լավ բացառություններն են հենց, որ առանձին նշանակություն են ստանում, այլապես ումի՞ց պիտի օրինակ առնեինք։ Երկնքի վրա աստղեր շատ կան, բայց լուսինն է միայն, որ պայծառ լուսավորում է։
Ներեցեք, օրիորդ. երևի չկարողացա միտքս պարզ արտահայտել։ Եթե ասացի, որ բացառությունները կորցնում են իրենց նշանակությունը, այդ ասացի ա՛յն մտքով, որ ընդհանուրի իշխանության մեջ ոչնչանում է բացառությունների կատարած դերը։ Դուք օրինակ բերիք լուսինն աստղերի մեջ, ես էլ օրինակ կարող եմ բերել մոմի ճրագը գիշերվա խավարի մեջ:
Թո՛ղ հենց մոմի, թեկուզ մեղրամոմի ճրագը լինի, վրա բերեց օր. Սահակյանը. չէ՞ որ մոմի ճրագն էլ լույս է տարածում իր շուրջը:
Եվան դեմքը ջղային տհաճությամբ դարձրեց օր. Սահակյանից։ «Տե՛ր իմ աստված, ինչքա՜ն անտանելի արարած է եղել», մտածեց նա։
Ինչի՞ վրա եք վիճում, բացականչեց Մարությանը։ Մի հատ լավ խնձորը տասը փտած խնձորի մեջ փտում է, տասը լավ խնձորի մեջ մի հատ փտած խնձորը բոլորին էլ փտեցնում է։
Հա՛ հա՛-հա՛-հա՛, ի՜նչ օրինակ բերիք, կանչեց օր. Սահակյանը ծիծաղելով և շտապով վեր կացավ տեղից։
Եվա, դե հիմա պաշտպանվիր հորդ դեմ։
Եվան արագությամբ դարձավ դեպի հայրը։
Այդ օրինակ չի՛ կարող լինել, հայրիկ, որ դու բերիր, գրեթե աղաղակեց նա զայրագին։ Օր. Սահակյանի դեմ զգացած բոլոր բարկությունը, կարծես, հոր վրա էր ուզում թափել։
Զարմանալի է. դուք լուսինն ու ճրագը օրինակ բերիք, ես էլ փտած խնձորներն եմ բերում, ինշո՞ւ չի կարելի։
Չի կարելի, որովհետև... մենք լուրջ բանի մասին ենք խոսում, իսկ դու... կատակ ես անում։
Կարելի է, կարելի է, պարոն Մարության, դուք սրան մի՛ նայեք, ասաց օր. Սահակյանը, շարունակելով ծիծաղել, և, միևնույն ժամանակ, աչքով արեց դեպի Եվան։ Մեր ժամանակում օրինակների մեջ խտրություն չեն դնում, ավելացրեց նա բազմախորհուրդ կերպով։
Բայց չէ՛, պարոններ, ասաց Մարությանն այս անգամ լրջորեն։ Աղջիկս թեև մի քիչ բարկանում է, բայց ճիշտ է նկատում. այսպիսի բաների մասին պետք է լուրջ կերպով խոսել։ Ես այն համոզմունքն ունիմ, որ լավն առհասարակ անպտուղ չի անցնում, ինչքան էլ որ շրջապատը վատ լինի, որովհետև մարդիկ միշտ դեպի լավն են ձգտում։ Լավի գաղափարը...
Ներեցեք, պարոն Մարության, ես ձեզ ընդհատում եմ, ասաց օր. Սահակյանը, տեսնելով, որ նա տրամադիր է նորից ոգևորվել։ Այժմ ինչքան ուզում եք՝ փիլիսոփայություններ արեք, բայց իմ և պարոն Բազենյանի միջև ծագած թյուրիմացությունը չպարզվեց, իսկ ես գնում եմ:
Գնում ե՞ք։ Է՜, ի՞նչ եք ասում։ Նստեցեք, թե աստված կսիրեք:
Նստեցեք, ի՞նչ եք շտապում, իր կողմից ասաց Թեկլեն:
Չէ, չեմ կարող, արդեն ուշ է, իսկ տանն ահագին քանակությամբ տետրակներ ունիմ ուղղելու։ Ես, ախր, երկու բանի համար էի եկել. մեկը վերջացրի, մնաց մյուսը։ Իսկ այդ մյուսը ահա՛, պարոն Մարության։
Եվ օր. Սահակյանն երեք տոմսակ դրեց Մարությանի առաջ:
Կարծեմ, մի տոմսակ էլ որ ձեզ տամ, չեք մերժիլ, չէ՞, պարոն Բազենյան։ Բարեգործական նպատակով պարահանդես ունինք։ Պարոն Շահյանի վրա արդեն մի տոմսակ սաղացրել եմ երեկ չէ մեկել օրը։
Մարությանն ու Բազենյանն ընդունեցին տոմսակները, որից հետո օր. Սահակյանը ոտի վրա, դարձյալ մի թեթև վիճաբանության բռնվելով, իրեն հատուկ համարձակությամբ և կատակով էլի մի քանի բաներ ուտեցրեց Բազենյանին և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց հյուրասենյակից։
Նրա դուրս գնալուց հետո Եվան մեծ թեթևություն զգաց: Բայց հանկարծ նրան թվաց, թե իր վերջին զայրացկոտությամբ ինքն իրեն մատնել է մի բանի մեջ, որը չէր ուզում, որ օր. Սահակյանն իմանար. իսկ թե ի՛նչ բանի մեջ էր մատնել իրեն ինքն էլ չգիտեր... Նա արագ վեր կացավ և դուրս գնաց օր. Սահակյանի ետևից։
Օր. Սահակյանը նախասենյակում շտապով և տնքտնքալով հագնում էր վերարկուն։
Ինչո՞ւ էիր այդպես հարձակվում նրա վրա, ասաց Եվան բոլորովին հանգիստ կերպով և շտապեց օգնել նրան վերարկուն հագնելու։
Ո՞ւմ վրա։ Բազենյանի՞ վրա։ Որովհետև, սիրելիս, նա չափից դուրս մեծ բան է երևակայում իրեն, իսկ պարծենկոտներին ես չեմ սիրում։
Եվան ոչինչ չասաց։ Նա տեսավ, որ օր. Սահակյանը ամենևին ոչինչ չի կասկածել իր զայրացկոտության մասին, այլապես անկարելի էր, որ այդ մասին չխոսեր։
Բայց զարմանալի է, ասաց նա կարճ լռությունից հետո, երբ օր. Սահակյանը հագնում էր կրկնակոշիկները, հատակն իր ծանր ոտների տակ դրմբդրմբացնելով. նրա մեջ մի գիծ կա, որ երբեմն զարմանալի կերպով հիշեցնում էր եղբորս...
Հա՛, լավ միտս բերիր. եղբորիցդ նամակ չունի՞ք այս մոտիկ ժամանակներս:
Անցած շաբաթ ստացանք մի նամակ, բայց շատ վաղ է գրված, մոտավորապես ամիս ու կես առաջ։ Ի՞նչ է որ։
Աշխենն է խնդրել, որ եղբորդ մասին մանրամասն տեղեկություններ գրես իրեն։ Ներսն այդ մասին չասացի քեզ, որովհետև... հասկանում ես է՛լի... Շատ է գանգատվում, որ Արմենակի մասին ոչինչ չեք գրում։ Կգրես, չէ՞։
Կգրեմ:
Ուրեմն, բարի գիշեր, սիրելիս։ Աշակերտուհիներդ ինչպե՞ս են, լա՞վ են սովորում։
Վատ չեն. գոնե առայժմ սիրով են կպած գործին։ Ինչո՞ւ մեկ-մեկ անգամ չես գալիս տեսնելու ինչ ենք անում, ինչ չենք անում։
Սպասիր, մեկ այս պարահանդեսի գլխացավանքից պրծնեմ։ Աշխատիր, աշխատիր, սիրելիս, թե չէ՝ ձեր այդ նոր բարեկամը դարձյալ մի օրինակով առիթ կունենա պնդելու, թե հայ աղջիկները դատարկ և չնչին արարածներ են։ Ասենք, սուտ չէր ասում... Բայց, ի սեր աստծո, շատ էլ երես մի տաք նրան։ Նրա մասին շատ գովասանքներ եմ լսել, բայց ես իմ սեփական մեթոդն ունիմ միշտ կրիտիկաբար վերաբերվել նրանց, ում մասին, որ շատ են խոսում։ Ինչևիցե։ Դարձյալ բարի գիշեր։ Չմոռանաս եղբորդ մասին տեղեկություններ հաղորդել Աշխենին. անհամբեր սպասում է, մեղք է։
Եվ օր. Սահակյանը ներքև վազեց սանդուղքներով, իսկ Եվան վերադարձավ հյուրասենյակ։
Գիշերը պարզ էր։ Երկինքը ծածկված էր ձյունաբեր մոխրագույն ամպերով։ Առատ ձյունի խոշոր կաթիլները ցած էին թափվում անշարժ օդի մեջ անձայն ու հանգիստ և ծածկում էին գետինը մաքուր սպիտակով։ Ամեն մի ձայն, առանց ցրվելու, կենտրոնանում, խլանում էր փափուկ ձյունով ծածկված շրջապատի մեջ։ Ամպով սքողված լուսնի լույսը, միախառնվելով ձյունի միապաղաղ սպիտակության հետ, գիշերվա մթությունը լուսավորում էր կաթնագույն փափուկ լուսով։
Երբ երկու ընկերները դուրս եկան Մարությանների տնից և դուռը փակվեց նրանց ետևից, Բազենյանը կանգ առավ ակամա, նայեց վերև և բացականչեց հիացած.
Ի՜նչ հրաշալի գիշեր...
Այո, լավ գիշեր է, արձագանք տվեց Շահյանը, սակայն շատ մեռած ձայնով, և ինչ-որ անհասկանալի դառն անձկությամբ ճմլվեց նրա սիրտը։
Ի սեր աստծո, Լևոն, սպասիր։ Մեկ այսպես վերև նայիր. տես ինչպիսի ախորժելի սառնությամբ ձյունի փաթիլները նստում են երեսիդ...
Շահյանը, վերև նայելու տեղ, միայն վերարկուի օձիքը բարձրացրեց և առաջ քայլեց։
Գրո՜ղը տանի, այս րոպեիս պատրաստ եմ տասը բանաստեղծություն գրելու, բացականչեց Բազենյանը և հետևեց ընկերոջը։ Սիրում եմ մեկ գարնանային խաղաղ լուսնկա, մեկ էլ ձմեռային այսպիսի սպիտակ գիշերները։
Շահյանը գնում էր գլուխը մինչև ականջները ներս կոխած վերարկուի օձիքի մեջ, և նրա մարմինը մերթ ընդ մերթ սարսռում էր օդի ցրտությունից։ Մինչդեռ Բազենյանը քայլում էր մորթե գլխարկը ճակատից ետ ձգած և մուշտակի ձախ թևը միայն հագած։ Օր. Սահակյանի հեռանալուդ հետո Մարությաններն երկու ընկերներին պահել էին ընթրիքի, որի ժամանակ Բազենյանի տրամադրությունը խիստ բացվել էր օր. Սահակյանի հետ ունեցած անախորժությունից հետո։ Այժմ նա քայլում էր ուրախ և երջանիկ, քայլում էր՝ շուտ-շուտ վերև նայելով և լեզվով որսում էր երեսին թափվող ձյունի փաթիլները։ Փողոցում արդեն բավական բարձրացած ձյունը կպչում էր նրա կոշիկներին, որից նա ախորժելի խոնավ սառնություն էր զգում տաքացած ոտների մեջ։
Ո՞վ է այդ... օր. Սահակյա՞ն է, ինչ է, հարցրեց նա իր կողքին մռայլ լռությամբ քայլող Շահյանին։
Վարժուհի է, պատասխանեց Շահյանը և կարճ լռությունից հետո հարցրեց. Ի՞նչ է որ։
Ինչ-որ հոպոպներ ունի։
Եվ Բազենյանն սկսեց ինչ-որ օպերայից մի կտոր շվշվացնել։
Շահյանն անձայն քմծիծաղ տվեց և ոչինչ չասաց։
Չգիտեմ, նկատե՞լ ես, Լևոն. տգեղ աղջիկները միշտ ավելի համարձակ են լինում։
Ո՞ւմ համար ես ասում այդ։
Այդ հոպոպավոր օրիորդի համար։ Անունն էլ «օրիորդ» է դրել... Երևի, առնվազն քառասուն տարեկան կլինի: Մի քանի անգամ քիչ մնաց «տիկին» անվանեի։ Մեր ամբողջ վիճաբանության ժամանակ ես միայն մի եզրակացության եկա. նա, երևի, շատ է ուզեցել ամուսնանալ, բայց ոչ ոք, գռեհկական լեզվով ասենք, ըռխին մտիկ չի տվել։ Եվ ահա խեղճին ուրիշ բան չի մնացել, բացի միայն քացախելուց իր օրիորդության մեջ և ատամները սրելուց մեր երիտասարդության դեմ։ Հը՞, դու ինչ ես կարծում, Լևոն։
Ես կարծում եմ, որ դու... միայն քո ոխն ես ուզում հանել նրանից։
Ի՞նչ... Ո՞խը... Հա՛, հա՛, հա՛, հա՛... Ա՛յ թե հիանալի հոգեբան ես եղել և լավ ես ճանաչում ինձ... Ես ոխ հանեմ մի պառավ օրիորդից իր անատամ հարձակումների համար և այն էլ նրա բացակայության ժամանակ... Չէ՛, Լևոն, այդ չեղավ. ուրիշ բան ասա, թե չէ՝ կպայթեմ ծիծաղելուց։
Բազենյանը ծիծաղում էր այնքան սրտանց և անկեղծ, որ Շահյանին թվաց, թե իր ասածը պետք է որ իսկապես հիմարություն լիներ։
Ասա, խնդրեմ, ուրիշ ինչպե՞ս բացատրեմ քո այդ նազելի օրիորդի այն տխմար ծայրահեղությունը, որ ուրանում էր մինչև անգամ շարժումների նշանակությունը, այն շարժումների, որոնք բացառապես մեր երիտասարդների գործն են։ Նկատիր, սիրելիդ իմ Լևոն, որ նա հայ աղջիկներին էլ չէր պաշտպանում իմ կարծիքի դեմ, որովհետև մյուս աղջիկները, գոնե իրեն շրջապատողները, ինչպես, օրինակ, Մարությանի աղջիկը, ջահել և գեղեցիկ են իրենից։ Բայց ի՜նչ եմ ասում. ես ուղղակի սրբապղծություն եմ գործում, որ Մարությանի աղջկան համեմատում եմ նրա հետ։
Հապա ինչո՞ւ այնպես եռանդով գովաբանում էր Աշխենին։
Նրան, որի նամակը կարդո՞ւմ էր։
Հենց նրան։
Երևի նա էլ իր պես պառավ և տգեղ է։
Ընդհակառակը, նա շատ ջահել է և բավական էլ գեղեցիկ։
Կամ գովաբանում է նրա՛ համար, որ իր մտերիմն է։ Բայց այդ նշանակություն չունի։ Նա համաձայն էր ինձ հետ, որ հայ աղջիկներն ընդհանրապես դատարկ և չնչին արարածներ են։ Իսկ այն գյուղ գնացած աղջիկն էլ իր ճռճռան նամակով, ճիշտը քեզ ասեմ, ուրիշ տեսակ տպավորություն թողեց ինձ վրա։
Ի՞նչ տպավորություն։
Չգիտեմ, ճշմարիտ, ինչպես ասեմ, որ կարողանամ ճիշտ արտահայտել... Նա, երևի, բանաստեղծություններ էլ է գրում թաքուն... Խոսք չունիմ. գրիչը լավ, մինչև անգամ շատ լավ է շարժում, եթե միայն, իհարկե, չի արտագրում որևէ գրքից, բայց գո՛րծ, գո՛րծ։ Ճռճռան ֆրազներով խելքահան կարելի է անել միայն Մարությանի պես միամիտներին, իսկ ինձ հարկավոր է, որ տեսնեմ, թե ինչ է շինել նա, կամ ինչ է շինում... Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել քեզ, Լևոն։ Այդ ի՜նչ հրաշալի աղջիկ է եղել Մարությանի աղջիկը...
Շահյանն ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի քանի քայլ առաջ ընկավ ընկերոջից։
Բազենյանը հասավ նրան և առավ նրա թևը իր միակ առողջ, ձախ ձեռքով։
Զարմանալի է, Լևոն, շարունակեց նա մտերմարար, հայ աղջիկներն առհասարակ շատ անճոռնի արտաքին են ունենում. մեջքները ծռած, գլուխները առաջ ձգած, կարծես վզակոթներին տվել են, դիմագծերն անկանոն, կոպիտ ու բութ, շարժումները տգեղ ու ստրկական, իսկ հագուստներն այնքան անճոռնի ու անճաշակ, որ չես ուզում նայել։ Բայց Մարությանի աղջիկը... Ես մինչև այժմ էլ ապշած եմ մնացել և հարցնում եմ ինքս ինձ՝ մի՞թե դա հայ ընտանիքի ծնունդ է։ Այդպիսի աղջիկներ ես տեսել եմ միայն Եվրոպայում։ Հայ աղջիկ և այդպիսի՜ գեղեցկություն, այդքա՜ն գրացիա... Իսկ դատողությունը, անբռնազբոսիկ վարվեցողությունը, հյուրին զբաղեցնելու ընդունակությունը, այսինքն ա՛յն բաները, որոնք ամենից ավելի պակասում են հայ աղջիկներին...
Եվ Բազենյանը որքան շատ էր խոսում Եվայի մասին, այնքան ավելի Շահյանը զգում էր, որ երկյուղի և ատելության նման մի բան էր շարժվում իր սրտի մեջ դեպի ընկերը։ Մի տարօրինակ եսական զգացում թելադրում էր նրան, թե Բազենյանն իրավունք չունի խոսելու Եվայի մասին այդպիսի հիացմունքով։ Եվ նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ զսպի այդ զգացումը, անտարբեր ձևանա և մի բան ասի իրեն չմատնելու համար, բայց չէր կարողանում։
Այսքան ժամանակ ծանոթ ես այդ ընտանիքի հետ և ինչպե՞ս է եղել, որ չես սիրահարվել այդ հրաշալի աղջկա վրա, նկատեց Բազենյանը և ծիծաղեց։ Քո տեղ որ ես լինեի, աստված է վկա, Լևոն, անպատճառ կսիրահարվեի։
Շահյանը քիչ մնաց, որ ետ դառնար և ապտակ տար նրա երեսին այն աստիճան լիրբ և հանդուգն թվաց նրան Բազենյանի մեղմ, խորհրդավոր ծիծաղը: Նա միայն այնքան քաջություն ունեցավ, որ թևը խլեց ընկերոջ ձեռքից։ Հենց սկզբից անդիմադրելի մի նողկանք էր զգում Բազենյանի ձեռքի շոշափումից։
Հիմարություններ որ դուրս չտաս, ավելի լավ կլինի, ասաց և քայլերն արագացրեց։ Այդպիսի բառերով դեռ երբեք չէր խոսել Բազենյանի հետ։
Բազենյանը շարունակեց ծիծաղել։
Լևո՛ն, դու մատնեցիր քեզ, բացականչեց նա։
Շահյանը զգաց, որ հանկարծ զգացած բարկությունից արդեն խիստ ջղային է դառնում, բայց զսպեց իրեն և ոչինչ չասաց։
Լավ, էլ ի՞նչ ես վազում, կանչեց Բազենյանը։ Այս ձյունի մեջ դեռ մի լավ էլ կդրմփաս։
Շահյանը նոր նկատեց, որ բավական առաջ է ընկել և իրավ որ կամա-ակամա մատնում է իրեն։ Նա կանգ առավ, մինչև որ ընկերը հավասարվեց իրեն։
Այսօր ինչ-որ ուրիշ տեսակ ես երևում, Լևոն, նկատեց Բազենյանն այս անգամ լրջորեն։ Մարությանների տանն էլ ամբողջ ժամանակ նստած էիր այնպես լուռ ու մռայլ, որ կարծես աշխարհիս բոլոր դարդերը քեզ են տվել։
Շահյանը մեքենայաբար թափ տվեց վերարկուի կրծքին և փեշին սպիտակ շերտով նստած ձյունը։
Խո դեռ տանն ասացի քեզ, որ տրամադրությունս այսօր վատ է, ասաց նա հանգիստ եղանակով, այս անտեր մելամաղձությունից չկարողացա ազատվել:
Այդ նրանից է, որ ճգնավորի կյանք ես վարում, նկատեց Բազենյանը, նորից մտերմորեն առնելով նրա և նրա հետ առաջ քայլելով։ Իմացիր, որ բնությանը հակառակ գնալը, մանավանդ երիտասարդական կյանքում, առաքինություն չէ և վտանգավոր բան է... Ես կատակ չեմ անում, Լևոն։ Ուզո՞ւմ ես բժշկեմ քեզ։
Ինչպե՞ս, դեռևս լավ չհասկանալով նրա միտքը, հարցրեց Շահյանը։
Այնպես որ ցույց կտամ քեզ, թե ի՞նչն է երիտասարդական մելամաղձության իսկական դեղը։ Թող այդ բանում քո մենտորը լինիմ, և դու շատ շնորհակալ կլինիս ինձնից: Ուզում ես հենց այս գիշեր սկսենք, հենց այս րոպեիս...
Այլևս հարկավոր չէր, որ Բազենյանն ավելի պարզ խոսեր: Շահյանը հասկացավ նրա միտքը և խիստ վախեցավ։ Վախեցավ և, միևնույն ժամանակ, զգաց, որ Բազենյանը հասկացավ իր վախը։
Ոչ, այդպիսի բան երբեք չեմ արել, հիմա էլ չեմ անիլ, ասաց նա կամաց և ամաչեց իր խոսքերից։
Այդպիսի դեպքում խորհուրդ կտամ, որ շուտ ամուսնանաս։ Միակ փրկությունն այդ է, ուրիշ ելք չկա։ Հավատացնում եմ, Լևոն, ես շատ լուրջ կերպով եմ խոսում։ Քո տեղ որ ես լինիմ, ուղղակի կխնդրեմ Մարությանի աղջկա ձեռքը։ Նա հրաշալի բան է, ախր...
Այս անգամ Շահյանը վերին աստիճանի զզվանք զգաց դեպի ընկերը։ Այն հայացքը, որով Բազենյանը նայում էր Եվայի հետ ամուսնանալու վրա, սրբապղծության պես մի բան թվաց նրան։ Ճիշտ է, որքան նա իրեն հեռու էր պահում կանանցից, այնքան ավելի ցանկությամբ և շատ անգամ ուղղակի անասնական կրքով էր նայում նրանց վրա, բայց Եվայի վրա միշտ նայել և մտածել էր իբրև սրբության վրա, որին պիտի սիրել և պաշտել միայն ամենամաքուր զգացումներով։ Նա մեկ ուզեց, որ իր այդ զգացումը հայտնի ընկերոջը, բայց Բազենյանն արդեն այն աստիճան ատելի էր նրան և այնքան ուզում էր, որ ընկերն այլևս չխոսի Եվայի մասին, որ ավելի լավ համարեց բոլորովին լռել, քան թե այդ մասին խոսելով նոր նյութ տալ Բազենյանին իրեն գրգռելու։
Բայց և այնպես, երբ նա, հազիվհազ ազատվելով Բազենյանի ձեռքից, տուն գնաց, չկարողացավ հանգիստ քնել: Բազենյանի խոսքերը սաստիկ շփոթել, սաստիկ տանջում էին նրան...