Նար-Դոս
Մահը
4
Մի կատարյալ դժոխք էր, որ այդ երեկո Շահյանը տարավ իր մեջ Եվայի և Աշխենի մոտից։ Այդ չարաբաստիկ երեկոն դրոշմվել էր նրա ուղեղի մեջ իբրև մի անտանելի ծանր հիշատակ, որ շուտ չի մոռացվում։ Նրա ինքնասիրությունը չափից դուրս նեղ էր և զգայուն. նա չափից դուրս ներքին, փակ կյանքով էր ապրում, որպեսզի այդ երեկոյի հիշատակը երկար ժամանակ սպանիչ ազդեցություն չունենար նրա վրա։ Ամեն րոպե, ամեն վայրկյան զգում էր, թե դեռևս նստած է Աշխենի սենյակում, տեսնում է Աշխենին ու Եվային այն դրությամբ, ինչպես որ դրանք ներկայանում էին նրան այդ երեկո մեկին՝ մեղմ, խորհրդավոր կերպով ժպտալիս, մյուսին՝ հիասթափության ապշությամբ իրեն դիտելիս։ Տեսնում էր և իրեն՝ դասը չիմացող աշակերտի պես ողորմելի դրության մեջ կուչ եկած, լեզուն հազիվ շարժելիս, անդադար կարմրելիս։ Ի՜նչ խայտառակ դրություն...
Դա մահ էր, բարոյական մահ՝ թելադրված այն գիտակցությունից, որ իր հոգեկան ու մտավոր սնանկությունը հրապարակ էր հանվել իբրև ծաղրի, հիասթափության ու խղճահարության առարկա։ Եվ հրապարակ հանողներն ովքե՞ր էին. երկու աղջի՜կ... իսկ իր անունը երիտասա՜րդ էր, տղամա՜րդ... Բարոյական մի թեթև հարվածով այդ երկու աղջիկը տեղից շարժել էին անշարժության մեջ փտած երիտասարդին, ցնցել էին նրա թմրած ուղեղը և միմիայն այն պատճառով, որ իրենք կին էին և իրենց կին տեղովը նրան կյանքի նպատակն էին ցույց տալիս տակնուվրա էին արել նրա ամբողջ էությունը։
Ամոթը սպանում էր Շահյանին։ Սեփական ապիկարության գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր նրա ուղեղը։
Թերևս այդ փտած երիտասարդի մեջ ևս խոսում էր տղամարդու անձնապաստանությունը, դարերից ի վեր որոշ հանգամանքների շնորհիվ տղամարդու մեջ զարգացած այն մեծամտությունը, թե կինը կարող չի իր հասկացողությամբ, ոգով ու գաղափարներով բարձր լինել տղամարդուց։
Իր հոգու ամբողջ կարողությամբ Շահյանն սկսեց ատել իրեն։ Նրա նեղ ինքնասիրությունն իր ողորմելի անզորության մեջ դարձավ իր հակառակ ծայրին փոխվեց ինքնատյացության։
Սակայն նրա ատելությունն իրենով միայն չսահմանափակվեց. նա սկսեց միաժամանակ ատել ամենքին և ամեն ինչ, և ամենից ավելի նրանց, որոնք իր պես մի անհյութ ու անալի արարած էին լույս աշխարհ բերել, կարծես, նրա համար միայն, որ մարդիկ խղճահարության մի առարկա ունենային։
Այժմ նա արդեն կատարյալ պատիժ դարձավ իր ծնողների գլխին. բառիս բուն նշանակությամբ նա լացացնում էր հորն ու մորը, և, կարծես, մխիթարվում էր նրանց արտասուքով։ Շատ անգամ չէր ուզում տեսնել նրանց երեսը և սպառնում էր կատաղած, որ եթե նրանք այս կամ այն կերպ կանհանգստացնեն իրեն, կգնա ջուրը կըկնի կխեղդվի, ատրճանակ կպարպի իր ճակատին, թույն կխմի, մի խոսքով, վերջ կտա իր ատելի և անտանելի կյանքին, որպեսզի, վերջապես, ազատվի նրանց և աշխարհի ձեռքից։
Շահյանր գլխից իսպառ հանեց Մարությանների հետ իր բարեկամությունը շարունակելու միտքը։ Այդ ընտանիքը, որի մասին հրճվանքով էր մտածում իր նոր ծանոթացած ժամանակ, այժմ միանգամից կորցրեց նրա աչքում իր բոլոր գրավչությունը։ Այժմ ոչ միայն չէր ցանկանում Մարությաններին այցելել, ոչ միայն չէր ձգտում թափառել նրանց տան մոտակա փողոցներում՝ նրանց գեթ հեռվից տեսնելու տենչով լցված, այլև, եթե հնար լիներ, իսպառ կջնջեր այդ ընտանիքն իր հիշողությունից և նորից կդառնար իր նախկին կյանքին, ուր թեև մխիթարական և ցանկալի ոչինչ չկար, բայց և չկար գոնե սեփական ոչնչության գիտակցության և անձնաքննության ծանր ճնշում։
Շահյանի մեջ վառվող ինքնատյացության զգացումը, կամաց-կամաց բթանալով, փոխվեց խոր մելամաղձության։ Այդ այն զարհուրելի մելամաղձությունն էր, որի ժամանակ մարդու հոգին կաշկանդվում է, միտքը թմրում, զգացմունքները բթանում, աշխարհը մութն է թվում, կյանքն՝ անտանելի, մահը՝ ցանկալի։
Շահյանի համար նոր չէր հոգեկան այդ դրությունը. համարյա պատանեկան հասակից նա շատ հաճախ ենթարկվում էր այդ դրության, որը մի տեսակ հոգեկան պարբերական հիվանդություն էր դարձել նրա համար և միշտ երևան էր գալիս այն ժամանակ, երբ կյանքի մի որևէ նոր երևույթ, նոր ծանոթություն առիթ էր տալիս նրան անձնաքննության։ Երբեմն ամբողջ օրեր շարունակ այդ դրության մեջ էր լինում, այնպես որ սարսափում էր, թե միգուցե խելագարվի։ Իսկ նա ոչ մի բանից այնքան չէր սարսափում, որքան խելագարությունից։
Աշխարհից հեռացած ճգնավորի պես Շահյանը փակվեց իր սենյակի չորս պատերի մեջ, փակվեց այնպես, որ, կարծես, մտադիր չէր այլևս դուրս գալ այնտեղից։ Անձնատուր եղած ծանր և ճնշող մտածմունքների, գրեթե ամբողջ օրը նստած էր մնում լուսամուտի առաջ և ապակու միջից մռայլ հայացքով նայում էր դուրս։ Եվ դուրսը ուրախառիթ ոչինչ չէր գտնում։
Դաժան ձմռան գուժաբեր աշունն օր-օրի վրա խստանում էր։ Արևը, զրկված իր կենարար ջերմությունից, չէր համարձակվում դուրս նայել պղտոր ամպերի ետևից, որոնց ցուրտ քամին, պատառ-պատառ անելով, ցան ու ցիր էր անում, սակայն երբեք թույլ չտալով, որ նրանք բաց անեն երկնքի կապուտակը։ Երբեմն քամին տեղի էր տալիս հանդարտ եղանակի. բայց այդ հանդարտ եղանակն ավելի ևս մռայլ էր լինում, արճճագույն մառախուղը թանձր գոլորշու նման վաղ առավոտից ծանրությամբ իջնում էր ներքև, ծածկում էր ամբողջ տարածությունն երկնքի և երկրի միջև, շարժվում էր անախորժ սառնությամբ և իր թանձր խոնավությունից փոշենման անձրև էր կտրվում տեղն ու տեղը։ Բնությունն էլ, կարծես անիծելով իր կյանքը, ողբում էր իր գոյությունը, ինչպես իր անմիտ գոյությունը ողբում էր Շահյանը։ Շահյանին թվում էր, թե մի չար ձեռքով իր հետ ստեղծված բնությունն էլ տանջվում է իր ոչնչության գիտակցությունից և երջանիկ կլիներ, եթե զրկվեր իր մեջ ապրող և իրեն ապրեցնող կենսական ուժից և սառեր, անհետ կորչեր տիեզերքի և ժամանակի անվերջ տարածության մեջ։
Շահյանը հիշեց իր սիրած հոռետես փիլիսոփաներին, որոնց առժամանակ մի կողմն էր դրել և կարդում էր գլխավորապես այն ժամանակ, երբ իր անշարժ, միակերպ կյանքն արդեն չափից դուրս տաղտկալի էր թվում նրան։ Իր դատարկ հոգու մխիթարությունը դրանց գրվածքների մեջն էր գտնում։ Համաշխարհային թշվառության և բացարձակ բացասության այդ ողբերգակներն իսկ և իսկ նրա սրտիցն էին ջուր խմում, և նա ագահությամբ լափում էր դրանց մռայլ ուղեղի մռայլ արտադրությունները, չնայելով, որ դրանք շատ տեղ այնքան խորիմաստ էին, որ նրա սահմանափակ և դժվարաշարժ ուղեղը միայն անորոշ ու մութ հասկացողություններ էր դուրս բերում։
Մի գիշեր, երբ, անկողնում պառկած, կարդում էր Շոպենհաուերի վարդապետությունը բացատրող ռուսերեն մի գրվածք, հանկարծ խելքին փչեց, որ թարգմանի այդ գրվածքը։ Այդ միտքը կամաց-կամաց այնպես պաշարեց նրան, որ վերջ ի վերջո վեր կացավ անկողնից, լամպը տեղափոխեց գրասեղանի վրա և նստեց, որ գործն սկսի։ Այդ գիշեր մեծ տանջանքով և անդադար բառարանների նայելով թարգմանեց մոտ երկու երես, մինչև որ նրա սաստիկ լարված միտքը բթացավ և աչքերի կոպերը ծանրացան։ Ժամը երեքն էր, որ ճրագը հանգցրեց և պառկեց քնելու իր կատարած գործից գոհ մարդու խաղաղ երջանկությամբ։ Առավոտյան սովորականից վաղ վեր կացավ և թարգմանությունը շարունակեց։
Գրվածքը վերաբերում էր մահվան և անմահության փիլիսոփայական բացատրության։ Շահյանը կարծում էր, որ իր գործն առաջ է գնում անսպասելի հաջող կերպով. գոնե մի առանձին դժվարություն չէր կրում այն տեղերում, ուր հեղինակն առաջ էր բերում խնդրի էմպիրիկական տեսակետը, որովհետև այդ տեղերում շոպնհաուերյան փիլիսոփայությունը հիմնվում էր ամեն մարդու հասկանալի բնական առօրյա երևույթների վրա. իսկ այն տեղերում, ուր խնդիրը քննվում էր մետաֆիզիկայի, հոգեփոխության, զանազան կրոնների և այլ դժվարամարս տեսակետներից, Շահյանը պարզապես բան չէր հասկանում։
Այսպես, թե այնպես, Շահյանն այժմ հոգու կայտառություն էր զգում։ Առաջին անգամն էր, որ ճաշակում էր սեփական աշխատանքի քաղցրությունը։ Իր անընդունակության գիտակցությունն այլևս չէր հալածում նրան. նա տեսնում էր, որ կարող է գործ կատարել և կատարում էր, և զարմանում էր, թե ինչպես կարողացել էր մինչև այժմ սպանել իր ժամանակը պարապ։
Նա այժմ դուրս էր գնում փողոց բաց ճակատով, անցնում էր մարդկանց առաջով հպարտորեն, անցնում էր առանց շտապելու, որովհետև այժմ ամենևին երկյուղ չուներ, թե մարդիկ նրա դանդաղ քայլերից կարող էին եզրակացնել, թե պարապ է. ինքը համոզված էր, որ գործ է կատարում, իսկ թե մարդիկ ի՛նչ կկարծեին, այդ նրա հոգը չէր այժմ։ Նա միայն մի բանի մասին էր հոգում, այն է՝ որքան կարելի է շուտ վերջացնել թարգմանությունը և տպագրության տալ։ Գրականության մեջ անուն վաստակելու անմեղ փառասիրությունը պաշարել էր նրա բոլոր ուշքն ու միտքը և սկսնակ գրողներին հատուկ անհամբերություն էր ներշնչել նրան։
Նրա աչքն այժմ նորից քաղցրացել էր հոր և մոր վրա, որոնք, այդ բանից ուրախանալով հանդերձ, զարմացել էին, թե ամբողջ օրն իր սենյակում նստած՝ ի՞նչ է գրում նա: Մի անգամ հայրն այդ մասին հարցրեց նրան, և Շահյանը սկսեց բացատրել նրան Շոպենհաուերի վարդապետությունը, իհարկե, այնպես, ինչպես ինքն էր հասկացել, թեև շատ բան չէր հասկացել։ Հայրը լսեց նրան, լսեց և գրեթե ոչինչ չհասկացավ։
Մի երեկո, համարյա ամբողջ օրը թարգմանության վրա տանջվելուց հետո, Շահյանը դուրս գնաց փոքր-ինչ թարմանալու։ Նա խիստ գոհ էր իրենից, իր կատարած գործից, ուստի հանգիստ խղճով կարող էր զբոսնել, ինչքան քեֆը տար։ Եղանակը ցուրտ էր և չոր։ Քայլերը դանդաղ շարժելով, մտքումը կրկնում էր թարգմանության իր հավանած այս ու այն պարբերությունը, այս ու այն պարադոքսը, երբ հանկարծ լսեց, որ մեկը կանչում է իրեն։ Նա ետ նայեց և տեսավ, որ մեկը արագ քայլերով մոտենում է իրեն։
Դա մոտ երեսուն տարեկան ցածրահասակ, փոքր-ինչ գեր երիտասարդ էր շատ թուխ դեմքով և նկատելի մեծ քթով. հագուստը նոր էր, բայց խիստ անճաշակ. սև կաստորի գլխարկն էր միայն, որ խունացած և սաստիկ ճխլտված էր, իսկ կրկնակոշիկները վաղուց արդեն կորցրել էին իրենց փայլը և ցեխի գույն էին ստացել։
Շահյանն այն ժամանակ միայն ճանաչեց նրան, երբ նա ժպտալով մոտեցավ։
Մինասյա՞ն...
Մեծ մարդ ես դառել, չես լսում, ասաց Մինասյանը, սեղմելով նրա ձեռքը, և նրա թևից բռնած՝ առաջ անցավ։ Քանի անգամ կանչեցի լուսամուտից, չիմացար։
Ի՞նչ լուսամուտից, ո՞րտեղից, զարմացավ Շահյանը։
Ա՛յ, այնտեղ հյուրանոցումն եմ իջած։
Ես ի՞նչ գիտեի, թե դու այստեղ ես։
Այսօր առավոտյան եմ եկել։ Ուզում էի գամ քեզ մոտ չկարողացա. խիստ խառնված եմ։ Ուսումնարանի գործն էլ գլուխ բերի, վերջապես եկել եմ մի վարժուհի տանեմ:
Ուսումնարա՞ն ես բաց արել գյուղում։
Վա՛հ, բաս նոր ես իմանո՞ւմ։ Չորս տարի է աշխատում եմ դրա համար։ Բայց ասա տեսնենք՝ ո՞նց ես. ի՞նչ ես անում, ինչ չես անում։
Ոչինչ. օրերս սպանում եմ առաջվա պես։
Այդ լավ է։ Իսկ ինձ օրերն են սպանում։ Եվ ի՜նչ շուտ են թռչում այս անիծված օրերը։ Երևակայիր. հոկտեմբերն արդեն վերջանում է, և ես դեռ նոր պիտի վազվզեմ վարժուհու ետևից։ Ասենք, բան չկա, ուշ լինի ու նուշ լինի։ Չէ՞։ Գիտե՞ս, հոգիս դուրս եկավ, մինչև որ մեր պնդագլուխ գյուղացիներին հասկացրի ուսումնարանի օգուտը և կարողացա մի քանի կոպեկ կորզել մեր հարուստներից։ Այս էլ ասեմ, որ գործին քիչ արգելք չէին լինում բնական պատահարները. անցյալ երկու տարիները մորեխն իրար վրա ահագին վնասներ տվեց մեր կողմերում, իսկ այս տարվա կարկուտը շատ բերք փչացրեց։ Գյուղացու դրությունը, հիրավի, շատ վատ է։ Բայց ե՞րբ է մեր գյուղացու դրությունը լավ եղել։ Եթե գյուղացու տնտեսական դրությանը նայելու լինենք, առմիշտ պիտի թողնենք նրա կրթության մասին մտածելը։
Մինասյանը երկար և տաք-տաք խոսում էր այդ մասին, այն միտքը պաշտպանելով, թե կրթությունն առհասարակ եթե միակ միջոցը չէ գյուղացու տնտեսական դրության բարվոքման համար, գոնե գլխավոր միջոցներից գլխավորագույնն է։
Շահյանն ամենևին գաղափար չուներ ոչ գյուղացու և ոչ նրա տնտեսական կամ այլ դրության մասին և ամենևին չէր էլ հետաքրքրվում այդպիսի խնդիրներով, ուստի Մինասյանին կատարյալ ազատություն էր տվել իր ուզածին չափ խոսելու և դատելու. իսկ ինքը Շոպենհաուերի փիլիսոփայության թարմ տպավորության տակ մտածում էր, թե ինչ նպատակ կար, որ այդ երիտասարդն այդպես եռանդով խոսում և կաշուց դուրս էր գալիս գյուղացու համար։ Ընդունենք, թե այդպիսի Մինասյաններ գյուղերում ուսումնարաններ էլ բաց արին, գյուղացու տնտեսական դրությունն էլ բարելավեցին, դրանով վերացա՞վ մարդկության թշվառությունը, ա՛յն թշվառությունը, որին դատապարտված է նա ծնվելու օրից և հավիտյանս հավիտենից...
Մինասյանը բաժանվեց Շահյանից, ասելով, որ գնում է իր ծանոթ մի վարժուհու մոտ՝ նրանից իր բաց արած ուսումնարանի համար վարժուհու տեղ հարցնելու։
Շահյանը խնդրեց, որ նա անցնի իր կողմը և մինչև անգամ առաջարկեց, որ հյուրանոցից տեղափոխվի իրենց տուն։
Այդ մեկը լավ ասացիր, ասաց Մինասյանն առանց նազ ու տուզ ծախելու։ Փողի քյասատություն է, իսկ անիծված հյուրանոցներում փառավորապես կողոպտում են։ Եթե այս գիշեր ուշանամ, վաղը կգամ քեզ մոտ։ Գործերս որ շուտ վերջացնեմ, մի քանի օրից հետո կգնամ։ Առայժմ ցտեսություն և շնորհակալություն առաջարկությանդ համար:
Մի ընդարձակ բակի մեջ չորս կարգ, քառանկյունի ձևով, շարված էին վարձու տրված երկհարկ բնակարաններ, որոնց լուսամուտների մեծ մասն արդեն լուսավորված էր, երբ Մինասյանը ներս մտավ բակի դռնից։ Նրա քայլերի ձայնի վրա վերին հարկի պատշգամբից մի փոքրիկ շուն հաչեց։ Այդ շան հաչոցին ձայնակցեց մի ուրիշ շուն՝ բակի հայտնի չէ, որ անկյունից։ Մինասյանը մոտեցավ ներքին հարկի սենյակներից մեկի դռան և ծեծեց։
Դուռը բացվեց, և շեմքում երևաց մի պառավ կին կարճահասակ, գեր մարմնով:
Ո՞վ է, հարցրեց նա։
Ես եմ, մայրիկ, չե՞ս ճանաչում:
Մինասյա՞ն... այդ դո՞ւ ես, ճանաչեց պառավը, նրա դեմքը լավ տնտղելուց հետո։
Հենց ես եմ, որ կամ։
Պառավն ուրախացած ներս հրավիրեց նրան։
Այս ինչպե՞ս եղավ, որ հանկարծ լույս ընկար։ Քանի՞ տարի է, որ չես եկել մեզ մոտ։
Չեմ հիշում, մայրիկ։ Կարծեմ չորս տարի։ Եվ չեմ եկել, որովհետև այստեղ չեմ եղել, իսկ այժմ եկել եմ, որովհետև այստեղ եմ։ Լավ է, որ դարձյալ այս տանն եք ապրում, թե չէ վախենում էի, որ դուռն անծանոթ մարդ բաց անի։
Է՛հ, որդի, այնքան երկար ապրել ենք այս տանը, որ կարծում ենք մեր սեփական տունն է։
Բարև ձեզ, երեխայք, կանչեց Մինասյանը, դառնալով տասը-տասնմեկ տարեկան մի տղայի և մի աղջկա, որոնք դաս էին պատրաստում նստած թեյի սեղանի մոտ, որի վրա քլքլթում էր մի փոքրիկ մաքուր սամովար. պլպլալով առաստաղից կախված լամպի պայծառ լույսի տակ։ Պո՜, ինչքան մեծացել եք։ Աչքով չտամ։
Երեխաները, որոնք արդեն ոտի էին կանգնել, ամոթխածությամբ ժպտացին։
Մինասյանը մատով խփեց նրանց կզակին և նորից դարձավ պառավին.
Ուրի՞շ, մայրիկ. ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեք։ Օրիորդը տա՞նն է։
Տանն է, տանը, լսեց Մինասյանը մի ուրախ ձայն և, շուռ գալով, հարևան սենյակի դռան շեմքի վրա տեսավ օր. Սահակյանին, որը սաստիկ հարուստ կրծքով, ճաշակով հագնված, առողջ, գեր, ոչ-գեղեցիկ և տարիքն արդեն անցրած մի աղջիկ էր պառավի աղջիկը։
Մինասյանն արագ մոտեցավ նրան։
Օր. Սահակյանն իր ուժեղ բազկով թափահարեց նրա ձեռքը։
Ոչ թե չորս, այլ հինգ տարին լրանում է, որ դուք այլևս լայեղ չեք անում մեր հին բարեկամությունը մտաբերելու, ասաց նա։
Լայեղ բառը չի սազում գյուղացուն, նկատեց Մինասյանը։ Ուրիշ բան ասացեք։
Ես ձեզ բան ունեմ ասելու։ Նախ եկեք այստեղ։ Մայրիկ, թեյ պատրաստիր։
Մինասյանը գլխարկն ու վերարկուն ձգեց աթոռի վրա և օր. Սահակյանի ետևից ներս մտավ հարևան սենյակը։
Այնտեղ կլոր սեղանի մոտ, գահավորակի վրա, նստած էր Աշխենը, որ իր խաղաղ հայացքով հետաքրքրությամբ նայեց իրեն անծանոթ հյուրին։
Աշխեն ջան, խնդրեմ, ծանոթացիր։ Սա այն Մինասյանն է, որի ժողովրդական բանահյուսությունների ժողովածուն անցյալ օրը կարդում էինք միասին։ Հա՛, լավ միտս եկավ, պարոն Մինասյան. ինչո՞ւ ձեր վերջին հրատարակությունից մի գիրք չուղարկեցիք ինձ։
Չեմ ուղարկել, որովհետև ինձ միայն մի օրինակ է ուղարկվել գյուղը, իսկ մնացածը բաժանված է այստեղ գրավաճառանոցներին։ Հենց վաղն ևեթ մի օրինակ կվերցնեմ և կբերեմ ձեզ համար։
Ա՜յ, չլինի՞ թե դրա համար եք եկել Թիֆլիս։
Ոչ, դրա համար չեմ եկել, բայց ինչի համար որ եկել եմ, էլի ձեզ հետ կապ ունի։
Հա-ա՞։ Ախր գիտեի, է, որ ուրիշ կերպ չէիք հիշի ինձ։ Դեհ, նստեցեք տեսնենք, այդ ի՞նչ բանի համար եք եկել, որ կապ ունի ինձ հետ։
Մինասյանն առավ օր. Սահակյանի առաջարկած աթոռը և նստեց սեղանի մոտ։ Օր. Սահակյանը մի ուրիշ աթոռ առավ և նստեց նրա մոտ։
Ես եկել եմ, օրիորդ, ահա թե ինչ բանի համար։ Չգիտեմ ձեզ հայտնի է, թե ոչ, մի քանի տարի է, աշխատում եմ մեր գյուղում ուսումնարան բանալ։
Այս հինգ տարում ձեր երեսը տեսել ե՞մ, որ իմանայի, թե ինչ եք անում այնտեղ։ Հետո՞։
Հազար ու մի դժվարություններ հաղթելուց հետո այս տարի գործը, վերջապես, գլուխ բերի։ Ուսումնարանը լինելու է երկսեռ։
Հիանալի։ Այդ պատիվ է բերում ձեր եռանդին։ Հետո՞։
Հիմա եկել եմ խնդրելու ձեզ, որ ինձ համար մի լավ վարժուհի ճարեք։
Ոչ, պարոն, ես ձեզ խորհուրդ կտամ, որ վերադառնաք գյուղ և մի քիչ էլ քնեք։ Լավ վարժուհիները բողկ չեն, որ հոկտեմբերի վերջին էլ կարելի լինի քաղել։ Ո՛ւֆ, այս հայկական դանդաղկոտությունը... Ի՞նչ էիք շինում մինչև հիմա, որ նոր եք հակալ-հակալ ընկել վարժուհու համար։
Այ ինչ էի շինում, օրիորդ։ Բոլոր հանգամանքները, որ իմանաք, կտեսնեք, որ ավելի վաղ չէի կարող գալ նեղություն պատճառելու։ Ամենից առաջ պետք է ասեմ...
Ի՞նչ, դուք ուզում եք ինձ երկար պատմությու՞ն անել։ Ազատեցեք ինձ այդ բանից, ի սեր աստծո։ Ես երկար պատմություններ չեմ սիրում լսել։ Հաշտվենք դրության հետ և, որքան էլ ուշ լինի, կաշխատենք մի բան անել, իհարկե։ Առայժմ գիտե՞ք ինչ եմ ուզում ասել։ Դուք գիտեք, որ ես կեղծել և, մանավանդ, կեղծավորել չգիտեմ։ Մեր երկարամյա բարեկամության միջոցին դառն ճշմարտություններ շատ եմ ասել ձեր երեսին, բայց քաղցր ճշմարտություններն էլ իրավունք չունեմ ծածկելու։ Ես ուզում եմ ասել, որ ձեր եռանդն ինձ ուղղակի հիացնում է։ Մեր ներկա երիտասարդների մասին ես չափից դուրս աննպաստ գաղափար ունիմ, որպեսզի ձեր եռանդն ինձ հրճվանք չպատճառի։ Հենց նոր էր, որ օրիորդի հետ (օր. Սահակյանը մատնանիշ արավ Աշխենի վրա) խոսում էինք մեր երիտասարդների մասին։ Օրիորդը պատմում էր իր նոր ծանոթ մի երիտասարդի մասին, որը գործելու տեղ զբաղված է աշխարհի և մարդու ստեղծագործության խորհուրդը քննելով և այն եզրակացության է եկել, թե որովհետև աշխարհս ունայն է և ամեն բանի վախճանը ոչնչություն, ուստի ոչ եռանդն է բանի պետք, ոչ ձգտումը, ոչ գործը, ոչ իդեալը ոչինչ, այլ հարկավոր է միայն ուտել, խմել, քնել և... դարձյալ ուտել, խմել, քնել, մինչև որ մի օր ոտները կձգի իբրև մի անպետք անասուն, որի կաշին անգամ չի կարելի քերթել բանի պետք ածելու համար։
Ո՞վ է այդ երիտասարդը։
Ես չեմ ճանաչում։ Ազգն ինչպե՞ս ասացիր, Աշխեն։
Շահյան։
Շահյա՞ն, զարմացավ Մինասյանը։ Լևո՞ն Շահյան։
Կարծեմ Լևոն է, ասաց Աշխենը։
Դա խո իմ ընկերն է, իմ հին և ամենալավ ընկերներից մեկը, բացականչեց Մինասյանը ծիծաղելով։ Այս րոպեիս պատահեցի նրան փողոցում։
Պարո՛ն Մինասյան, դուք ուզում եք ինձ զայրացնե՞լ։ Ինչպե՞ս չեք ամաչում այդպիսի դատարկ և ծույլ արարածներին ձեր ընկերն անվանելու։
Իզուր եք զայրանում, օրիորդ, նա իսկապես իմ ընկերն է։ Ես նրան ճանաչում եմ դեռևս աշակերտական նստարանից։ Ճիշտ է, վերջին չորս-հինգ տարին ես նրան չեմ տեսել և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել, բայց նախկին ծանոթությանս վրա հիմնված կարող եմ ասել, որ նրա պես լավատես մարդ հազիվ թե գտնեք։
Ուրեմն դու սուտ ես ասել, Աշխեն... պարոնը հերքում է քո ասածները։
Ամենևին մտքովս էլ չի անցել հերքելու օրիորդի ասածները։ Ասացի խո, որ վերջին չորս-հինգ տարում չեմ տեսել նրան և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել։ Եթե այդպիսի մի փոփոխություն կատարվել է նրա մեջ, ապա ես դրա համար ուրիշ բացատրություն չունեմ, բացի այն, որ նա մի քիչ հիվանդոտ է, մի քիչ ծույլ, գործի էլ անընդունակ, աշխարհից հեռու ապրող, թույլ կամքի տեր, երբեք չի փորձել, թե ինչ է նշանակում քաղցած փոր, բայց վերին աստիճանի բարի, բարեխիղճ ու մտածող և հիվանդության չափ ինքնասեր։ Այդպիսի բնավորության տեր մարդիկ առհասարակ տրամադիր են լինում մելամաղձության և հոռետեսության, և եթե խորը քննենք, կտեսնենք, որ այդ մելամաղձությունն ու հոռետեսությունն արդյունք են լինում ոչ թե այն բանի, որ նրանք կյանքն ունայն են համարում, այլ այն գիտակցության, որ իրենց կյանքն ունայն է անցնում, հակառակ իրենց կամքի և ցանկության։
Խոսք չկա, դուք լավ փաստաբան կլինիք։
Փաստաբան լինելու հարկ չկա. պետք է միայն ճանաչել մարդու։ Ինչևիցե։ Այս թողնենք և գանք իմ գործին։
Մինասյանը հայտնեց, թե վարժուհին ինչ առարկաներ պիտի ավանդե, քանի դաս պիտի ունենա և, բնակարան, վառելիք ու լուսավորություն ունենալով հանդերձ, որքան ռոճիկ պիտի ստանա։
Օր. Սահակյանը գտավ, որ ռոճիկը շատ քիչ է, որ այդքան ռոճիկով ոչ մի վարժուհի չի համաձայնիլ գյուղ գնալ։
Մինասյանը պատասխանեց, որ ինքն էլ այդ շատ լավ գիտե, բայց ճար չկա. ժողովուրդը աղքատ է։
Լավ, վարժուհի՞ն ինչ մեղավոր է, բացականչեց օր. Սահակյանը։ Վարժուհի որ ուզում եք, այն էլ լավ վարժուհի, հապա ապրուստի միջոց չպիտի՞ տաք։ Ես զարմանում եմ ձեզ վրա, որ դուք գործի վրա նայում եք ոչ թե ուսուցչի, այլ հոգաբարձվի աչքով։
Իսկ ես զարմանում եմ ձեզ վրա, օրիորդ, որ դուք շահադիտական տեսակետից եք նայում գործի վրա։ Վարժուհին այնքան կստանա, որ բոլորովին բավական կլինի իր ապրուստի համար և, եթե ուզենա, դեռ մի բան էլ կարող է ետ ձգել։ Էլ ի՞նչ եք ուզում։ Գյուղ է, քաղաք խո չէ՞, որ մեծ ծախսեր ունենա։ Ես, ահա, բոլորովին ձրի պիտի ծառայեմ։ Բայց բանն այդ չէ։ Մի՞թե չի կարելի մի փոքրիկ զոհաբերություն անել գործի սիրույն։
Զարմանալի է. դուք այնպես եք խոսում, որ կարծես թե ինձ հետ եք պայմանավորվում։ Բայց ես հասկանում եմ ձեզ. դուք իդեալական վարժուհի եք ուզում։ Այդպիսի դեպքում սխալվել եք. ինձ մոտ գալու տեղ պիտի գնայիք ոգիների աշխարհը։
Դժբախտաբար, ճանապարհը չգիտեմ, ծիծաղեց Մինասյանը։
Ի՞նչ գործի սեր, ի՞նչ զոհաբերություն, ի՞նչ եք ասում, որտե՞ղ եք ապրում, շարունակեց օր. Սահակյանը տաքացած։ Դուք կարծում եք, թե ամենքը ձեզ պե՞ս են։ Մոտակա վիրախոս հայ գյուղերից մեկում մասամբ իմ և մասամբ ուրիշների ջանքով աղջկանց ուսումնարան է բացված. ուզում եմ մի ներկայացում սարքել այդ ուսումնարանի օգտին, և ի՞նչ եք կարծում, ո՛ւմ դիմում եմ, որ մասնակցեն ներկայացմանը, համարյա ամենքն էլ մերժում են։ Այստեղ խո, իսկապես, զոհաբերություն էլ չկա, բայց չեն ուզում մասնակցել։ Ի՞նչ կարող ես անել։ Մերժողներից մեկն էլ, ահա՛, մեր այս օրիորդն է։
Աշխենը թեթև կարմրեց։
Վարո, ինչո՞ւ ես այդպես, հանդիմանությամբ նկատեց նա կամաց։ Ասացի քեզ, որ ընդունակություն չունեմ, չեմ կարող բեմ դուրս գալ։
Լավ, լավ, լավ, կատակ եմ անում, բացականչեց օր. Սահակյանը ծիծաղելով։ Գիտեմ, որ դու փախչում ես հասարակության աչքին երևալուց, գիտեմ, որ դու չես կարող բեմ դուրս գալ։ Բայց ես խոսում եմ նրա՛նց մասին, որոնք կարո՛ղ են, բայց սրտերում համակրության կայծ չունին և չեն ուզում ունենալ դեպի գործը, նպատակը։ Իրենք, փառք աստծո, լավ ապրում են, իրենց ոչինչ պակաս չէ. է՛հ, շա՞տ են հոգում, թե մի որևէ վիրախոս հայ գյուղի ուսումնարան աղքատ է և, եթե չօգնես, կփակվի։ Ինչևիցե, այս թողնենք և գանք դարձյալ մեր գործին։ Ուրեմն այդպես, պարոն Մինասյան. թեև առաջուց ձեզ ասում եմ, որ ձեր առաջարկած պայմաններով չեմ կարող վարժուհի ճարել, բայց և այնպես վաղն ևեթ կխոսեմ մեկի հետ, որին առայժմ ի նկատի ունիմ։ Պատասխանն էլ, հույս ունիմ, վաղն ևեթ տամ ձեզ։ Առայժմ... Մայրի՛կ, թեյն ի՞նչ եղավ։
Իսկույն բերում եմ, լսվեց հարևան սենյակից փոքրիկ աղջկա ձայնը։
Առայժմ մենք կսկսենք թեյ վայելել, պարոն Մինասյան, և դուք կպատմեք մեզ ձեր գիտցած նորություններից։ Չէ՛, ավելի լավ է պատմեցեք ձեր գյուղական գործերից։ Թեև ասացի, որ երկար պատմություններ չեմ սիրում, բայց և այնպես, երբ դուք խոսում եք գյուղի մասին, ես միշտ հաճույքով եմ լսում ձեզ։
Մինասյանն սկսեց պատմել այն դժվարությունները, որոնց հանդիպել էր ուսումնարանը հիմնելու գործում։ Եթե մի բան կա, որի պատճառով գյուղացին անտարբեր է դեպի կրթությունն առհասարակ, այդ նրա տնտեսական ծանր դրությունն է միայն։ Հացի խնդիրը կլանել է գյուղացուն ամբողջապես. նա ուրիշ բաների մասին ժամանակ չունի մտածելու։ Մինասյանը մանրամասնորեն պատճառաբանեց, որ գյուղացու տնտեսական նեղ դրությանը որքան բնական պատահարներն են նպաստում, պակաս չեն նպաստում նաև վաշխառուները, գյուղական բանկերի բացակայությունը, երկրագործության և գյուղատնտեսության հին մեթոդը և այլն։ Նա ասաց, որ մի տարուց ի վեր ինքն իր տնտեսության մեջ մտցրել է եվրոպական գործիքներ, որոնք, մեր լեռնոտ երկրի առանձնահատկությունների համար մի քանի հարմարություններ չունենալով, թեև սպասված արդյունքը չեն տալիս, բայց և այնպես, իհարկե, մեծ առավելություններ ունին ասիական գործիքների դեմ, այնպես որ գյուղացիներից քիչ-շատ ունևորները ցանկություն են հայտնել, որ իրենք էլ բերել տան եվրոպական գործիքներ։
Մինասյանը խոսում էր ազատ և բարձր. նրա ձայնը ձգողական ուժ ուներ։ Գյուղացու մասին խոսելիս գրական լեզուն համեմում էր գեղջկական բառերով ու դարձվածքներներով, այդ պատճառով նրա ոճը պարզության ու ինքնուրույնության առանձին կնիք էր կրում։ Նա զարմանալի ընդունակություն ուներ իր պատմությունը հետաքրքրական դարձնելու մինչև անգամ այնպիսի բաների մասին խոսելիս, որոնք հազար անգամ ծամված-ծամծմված են. օրինակ՝ վաշխառության և պանդխտության մասին խոսում էր այնպես, որ կարծես բոլորովին անծանոթ բան էր պատմում։ Իսկույն երևում էր, որ նա հոգով գյուղացի է և սիրում է գյուղն ու գյուղացուն, թեև վերջինս հասարակական-բարոյական բարքերը շատ բաներում նկարագրում է վերին աստիճանի տգեղ գույներով։
Օր. Սահակյանն էր միայն, որ մասնակցում էր նրա խոսակցությանը, մինչդեռ Աշխենը գրեթե բոլոր ժամանակ լուռ էր։ Իր սովորական հանդարտ հայացքով նայում էր Մինասյանի համակրելի թուխ դեմքին և լսում էր նրան առանձին հետաքրքրությամբ։ Նրա խաղաղ հայացքի մեջ տխուր մտահոգություն էր նշմարվում։ Մինասյանի պատմությունը վերարտադրել էր նրա մեջ մերձակա անցյալից մի հիշատակ, որ նա միշտ աշխատում էր հանել իր մտքից, սրտից, հոգուց և իսպառ մոռանալ, որպեսզի վերջնականապես մարեր իր ամբողջ էությունը լափող մի սաստիկ հուր, որը երբեմն կատարյալ հուսահատության էր հասցնում նրան... Մինասյանը, այդ եռանդուն, գործունյա երիտասարդը, գյուղացու թշվառ կյանքը պատմելիս, նրան հիշեցնում էր մի այլ երիտասարդ՝ նույնպես եռանդուն, նույնպես գործունյա, վեհ ձգտումներով, որոշ իդեալի տենչով լցված, որը կամովին ձգել էր իրեն դեպի հեռավոր երկիր, բայց դարձյալ հայրենակիցների, համարյուն եղբայրների մեջ՝ նրանց ծանր լուծն յորովսանն թեթևացնելու... Որքան որ քաղցր և անձնական ազնիվ հպարտության համար հաճելի էր, որ նա իր միտքը, սիրտն ու հոգին նվիրել էր մի այդպիսի երիտասարդի, այնքան ավելի հուսահատական էր նրա համար, որ չէր կարող պատկանել այդ երիտասարդին, նրա հետ միատեղ օդ շնչել, նրա հետ ձեռք ձեռքի տված գործել և մեռնել միասին... Հերոսական կամք և ասպետական համբերություն էր հարկավոր այդ դրությանը դիմանալու համար. բայց նա դիմանում էր և այնքա՛ն անտրտունջ, որպիսի՜ խոհեմությամբ, որպիսի՜ անձնազոհությամբ...
Խոսակցությունն անցավ Թրքա-Հայաստանում նոր երևան եկած շարժումներին ընդհանրապես, և Կում-Կափուի դեպքին մասնավորապես։ Օր. Սահակյանն սկսեց սաստիկ հարձակում գործել պատրիարքի վրա, որ գործն այդպիսի խայտառակ դրության էր հասցրել, թեև, մյուս կողմից, նա չէր պաշտպանում ցուցարարներին, որոնց վարմունքն անխոհեմ էր համարում։ Աշխենը նկատեց, որ վերջին դեպքերին թեթև աչքով չպետք է նայել, որովհետև այդպիսի ծանր դեպքերն առանց արդարացուցիչ պատճառների չէ՛ որ երևան են գալիս։ Մինասյանն ասաց, որ գործին լավ ծանոթ չլինելով, ինքը դժվարանում է որևէ կարծիք հայտնել։
Բավական ուշ էր, որ Աշխենը վեր կացավ տուն գնալու. ուշագրավ և կենդանի խոսակցության մեջ նա չէր նկատել, թե ինչպես անցել էր ժամանակը։
12
Մինասյանն այդ գիշեր անհարմար համարեց Շահյանի մոտ տեղափոխվել։ Հետևյալ առավոտ վերցրեց իր ջարդված ճամպրուկն ու հնացած յափնջին և գնաց ընկերոջ տուն։ Այդ միջոցին Շահյանը զբաղված էր իր թարգմանությամբ։ Իմանալով, որ եկողը Մինասյանն է, մի րոպե իր սովորական մտավախությամբ ուզեց թղթերը հավաքել և պահել, բայց մեկ էլ մտածեց, որ հիմարություն կլինի այդ, քանի որ ինքը լոկ թարգմանություն էր անում և, իր համոզումով, այնքան էլ անհաջող չէր թարգմանում, որ երկյուղ ունենար ընկերոջ կողմից նկատողություններ ստանալու։ Նա շտապեց միայն բառարանները հեռացնելու գրասեղանի վրայից։
Վա՛հ, գրականությա՞մբ ես զբաղվում, կանչեց Մինասյանն իր բամբ ձայնով, գրասեղանի վրա թափթփված թղթերը տեսնելով։
Շահյանն ամոթխածությամբ ժպտաց։
Այո, թարգմանում եմ պարապ չմնալու համար։
Ի՞նչ ես թարգմանում։
Այս ասելով, Մինասյանը բաց արեց տետրակի առաջին երեսը և կարդաց.
«Շոպենհաուերը մահվան և անմահության մասին»: Բո՜, զոռբա բան ես թարգմանում, ասաց նա և, թերթը շրջելով, կարդաց թարգմանության առաջին տողերը։
«Մահն է, իսկապես, ոգևորիչ հանճար, փիլիսոփայության մուսան»։ Ի՞նչ։ Բան չհասկացա։ Ռուսերենի՞ց ես թարգմանում։ Տեսնեմ։
Նա բաց արեց բնագիրը և կարդաց.
«Смерть есть, собственно, вдохновительный гений, муза философии»: Հիմա հասկացա։ Քոնը բառացի թարգմանություն է, դրա համար անճոռնի է դուրս եկել։
Մինասյանը շարունակեց կարդալ Շահյանի թարգմանության հետևյալ տողերը, առանց նկատելու, որ իր ամեն մի նկատողությունը այլայլում է ընկերոջը։
«Չլիներ մահը, դժվար թե կարելի լիներ մինչև անգամ փիլիսոփայություն անել»։ Խոր և խելացի միտք։ Մինչև անգամ կարելի էր ասել, որ եթե մարդը մահկանացու չլիներ, հազիվ թե նա ընդունակ լիներ նույնիսկ մտածելու... Հա՛, լավ հիշեցի։ Ինչպես երևում է, դու չես բավականանում այս մեծ հոռետեսի թարգմանությամբ միայն, այլև բերանացի քարոզում ես սրա մտքերը։
Քարոզո՞ւմ, զարմացավ Շահյանը։ Որտե՞ղ եմ քարոզել:
Օր. Սահակյան կա, նա էր ասում։
Օր. Սահակյա՞ն...
Դա այն վարժուհին է, որի մոտ գնացի երեկ երեկո, քեզանից բաժանվելուց հետո։ Նրա մոտ մի ուրիշ օրիորդ կար. նրան ես ուզել քարոզել։
Շահյանը զգաց, որ կարմրում է, և իսկույն գլխի ընկավ, որ այդ ուրիշ օրիորդը կամ Եվան պիտի լիներ, կամ Աշխենը, բայց հարկ համարեց այնպես ցույց տալ, թե այդ բանից ամենևին տեղեկություն չունի։
Ի՞նչ օրիորդ, հարցրեց նա։
Ազգը չեմ հիշում. բայց անունը, կարծեմ, Աշխեն է։
Հա՜, կեղծ անտարբերությամբ երկարացրեց Շահյանը։
Նա այնքան էլ հիմար աղջիկ չէր երևում, և, երևի, ջախջախել է քեզ։ Հը՞, ծիծաղեց Մինասյանը մտերմական բարեսրտությամբ։
Շահյանը վիրավորվեց. նրա անձնասիրության համար անտանելի էր ընկերոջ ծաղրը։
Ինչի՞ց գիտես, թե ինձ ջախջախել է, որ այնքան հիմար աղջիկ չէ՞ր երևում... Կամ, գուցե նա ի՞նքը քեզ այդպես ասաց։
Չէ՛, ամենևին չէ։ Իզուր ես բարկանում։ Ես նրա համար եմ այդպես կարծում, որովհետև քո այդ Շոպենհաուերը հենց ինքն էր առաջինը, որ ծաղրում էր իր քարոզած մտքերը։ Նա կյանքն անտանելի թշվառություն էր համարում, բայց ինքը փառավորապես օգտվեց այդ կյանքից ամբողջ յոթանասուն տարի։ Մարդկությանը նա դեպի մահ էր հրավիրում, բայց ինքը շարունակ ատրճանակ էր ման ածում հետը անձնա... չկարծես անձնասպանության, ո՛չ անձնապաշտպանության համար։ Մարդկության թշվառության աղբյուրը նա կանանց էր համարում, բայց ինքը շարունակ կանանց գրկումն էր երջանիկ ժամեր գտնում և վերջը, կարծեմ, ապօրինի զավակներ թողեց։
Զարմանալի է. ինչ ես դու նրա կյանքն օրինակ բերում իր մտքերի դեմ։
Նրանը չլինի, իմը լինի, քոնը լինի։ Եթե գտնում ես, որ կյանքն անտանելի է, և մեռած ժամանակ միայն մարդ կարող է երջանիկ լինել, էլ ինչո՞ւ ես ապրում. մեռիր, էլի՛։ Փառք աստծո, շատ բան հարկավոր չէ, մի գնդակ և մի վայրկյան, ուրիշ ոչինչ: Կամ, եթե գնդակից վախենում ես ջուր կա. եթե ջրից վախենում ես թոկ կա, եթե թոկից էլ վախենում ես թույն կա։ Կամ թե չէ, ուզո՞ւմ ես, Բուդդայի պես նստիր ծառի տակ և շարունակ նայիր քթիդ ծայրին, մինչև որ սպանես քո մեջ ա՛յն, որ քո այդ սիրելի Շոպենհաուերը «ապրելու անգիտակից կամք» է անվանում։
Շահյանն ակամա ծիծաղեց։
Ի՞նչ ես ծիծաղում. ես կատակ չեմ անում։ Ինքդ մտածիր, եղբայր. հենց միայն այն հանգամանքը, որ մարդ իր ակներև մահվան ամենավերջին րոպեում անգամ ամեն ջանք գործ է դնում, որ մի քիչ էլ ապրի, այդ արդեն պարզ ապացույց չէ՞, որ կյանքը շատ էլ վատ բան չէ, և իզուր է քո այդ Շոպենհաուերը ստիպում, որ մարդ ուրիշ կերպ նայի կյանքի վրա։ Ի՞նչ ես կարծում, այդպես չէ՞։
Ուրեմն, քո կարծիքով, ավելո՞րդ է թարգմանությունս, առանց նրա հարցին պատասխանելու, հարցրեց Շահյանը կարճ մտահոգությունից հետո։
Բոլորովին ավելորդ է։ Մեզ համար, ես կարծում եմ, դեռ շատ վաղ է այդպիսի բաներով զբաղվելը։ Մեր առաջ մեծ գործ կա կատարելու. նախ մտածենք ա՛յն բանի մասին, թե ինչպես անենք, որ նպաստած լինենք այդ մեծ գործի կատարմանը, նախ հոգանք մեր ժողովրդի թշվառության մասին, աշխատենք նրան փոքրիշատե բարօր վիճակի հասցնել, այնուհետև արդեն պարապ ժամանակ շատ կունենանք ընդհանուր մարդկային թշվառության մասին մտածելու... Մի բան էլ ասեմ. Շոպենհաուերին հասկանալը, ախր, հեշտ չէ, իսկ թարգմանելը առավել ևս։
Եվ Մինասյանը, խորհրդավոր կերպով նայելով ընկերոջ ակնոցներին, մեղմորեն ժպտաց։
Շահյանը ոչինչ չպատասխանեց։ Նա ամաչում էր նայել Մինասյանի դեմքին, բնազդմամբ զգալով, որ ընկերն իր մտերմական բարեսրտությամբ կարող է շատ դառն հաբեր կլլեցնել իրեն։
Կես Ժամից հետո երկու ընկերները աղա Կարապետի և Թամարի հետ սեղանատանը նստած՝ խմում էին առավոտյան թեյը։ Աղա Կարապետը գովում էր Մինասյանի եռանդը, բայց գտնում էր, որ ավելի նպատակահարմար կլիներ ծխական դպրոցի տեղ բանալ գյուղատնտեսական դպրոց։ Մինասյանն ասաց, որ այդ բանը իր իդեալն է, որ ծխական դպրոցը լինելու է ապագա գյուղատնտեսական դպրոցի մի էտապը, իսկ այդ պակասը առայժմ լրացնում է իր սեփական փորձադաշտով, որտեղ գյուղացիները քիչ բան չեն սովորում։
Թեյից հետո Մինասյանը շտապեց գնալ գրավաճառանոց, ուր դասագրքեր և դասական ուրիշ պիտույքներ գնեց նոր ուսումնարանի համար, առավ իր վերջին հրատարակությունից երկու օրինակ մեկը օր. Սահակյանին, մյուսը Շահյանին նվիրելու, հետո գնաց սրբազան առաջնորդի և թեմական տեսչի մոտ ուսումնարանին վերաբերող մի քանի կարևոր գործերի համար, ժամը 3-ին ճաշեց Շահյանենց տանը և երեկոյան գնաց օր. Սահակյանի մոտ վարժուհու մասին պատասխան ստանալու։
Աշխենն այս անգամն էլ ընկերուհու մոտ էր։
Երբ Մինասյանը ներս մտավ, օր. Ս ահակյանը տաք-տաք խոսում էր Աշխենի հետ։
Ես ձեզ չասացի՞, որ ձեր առաջարկած ռոճիկով անկարելի է վարժուհի ճարել, բարկացած կանչեց նա։
Ի՞նչ է, չհաջողվե՞ց։
Իհարկե, չհաջողվեց։ Զարմանալի է, որ դուք այդքան խամություն եք անում։ Ոչ թե մեկի, այլ երեք հոգու մոտ եմ գնացել, ոչ ոք չհամաձայնեց ձեր առաջարկած ռոճիկով գյուղ գնալ։ Դեռ ծիծաղեցին էր: Մեր տանն, ասացին, ավելի լավ կարող ենք ապրել։
Բաս ի՞նչ պետք է անենք։
Ինչ ուզում եք՝ արեք։ Դեռ ձեր պատճառով կռվեցի էլ:
Իմ պատճառո՞վ։
Ես զայրացած խփեցի նրանց երեսին, որ նրանք ուզում են միայն լավ ապրել, որ նրանք ուրիշ նպատակ չունին, բացի լավ ապրելուց, որ նրանք անարժան են իրենց կոչմանը, որ եթե այսօր մի հարուստ պառավ մարդ խնդրի նրանց ձեռքը, նրանք ամեն բան կմոռանան և ուրախությամբ կվազեն այդ հարուստ պառավի տանը լավ ապրելու։
Լավ, ես մեղավո՞ր եմ, որ այդ խոսքերը շպրտել եք նրանց երեսին։
Բաս ե՞ս եմ մեղավոր, աղաղակեց օր. Սահակյանը։ Եթե չհանձնարարեիք ինձ, որ վարժուհի ճարեմ ձեզ համար, կկռվեի՞ նրանց հետ։
Ես ձեզ խնդրեցի, որ վարժուհի ճարեք, խո չխնդրեցի, որ կռվեք։
Պարոն Մինասյան, շատ մի բարկացնեք, թե չէ, աստված է վկա, ձեզ հետ կկռվեմ։
Տեսնում եք, որ մեղավորը ես չեմ, այլ ձեր բնավորությունը։ Բայց կատակը մի կողմ մնա, օրիորդ. ինձ, ախր, վարժուհի է հարկավոր։ Ես չեմ կարող այստեղ երկար մնալ։ Թեմական տեսուչը չի ուզում խառնվել այս գործին, որովհետև մեր մեջ անձնական հաշիվներ կան։ Հայտարարություն տամ, գիտեմ, բան չի դուրս գալ։ Մի ճար պետք է անե՞ք, թե չէ:
Օր. Սահակյանը մտահոգության մեջ ընկավ։ Նրա դեմքը մինչև անգամ տխուր արտահայտություն ստացավ։
Ինչո՞ւ ինձ առաջուց իմաց չտվիք, որ ուսումնարան եք բաց անում և վարժուհու պետք կունենաք, ասաց նա կարճ լռությունից հետո։ Այն ժամանակ ես կգայի։
Դո՞ւք։
Զարմանո՞ւմ եք։ Այո, ե՛ս։ Այստեղ, ճիշտը ձեզ ասեմ, ձանձրացել եմ. կուզեի օդը, միջավայրը փոխել։ Հիմա էլ կարող եմ հրաժարական տալ և ձեզ հետ գյուղ գալ, բայց...
Ի՜նչ եք ասում... Ես երբեք չէի ցանկանալ, որ դուք այդպիսի զոհաբերություն անեիք։
Օր. Սահակյանը տխրորեն ժպտաց։
Դուք այնպես եք խոսում, որ այդ զոհաբերությունը կարծես ձեզ համար պիտի անեի, նկատեց նա։
Գիտեմ, որ այդ զոհաբերությունը գործի համար պիտի անեիք, բայց... գյուղում և այն չնչին վարձատրությամբ ծառայելն անկարելի պիտի լինի ձեզ համար, որովհետև... ի՞նչ պիտի անեք ձեր պառավ մորը, ձեր եղբոր երկու փոքրիկ որբերին, որոնց պահողն ու կերակրողը դուք եք միայն։ Անհարմարություններ շատ կան, օրիորդ։
Եվ կարծում եք, թե այդ անհարմարությունները գոյություն չունի՞ն ուրիշների համար, որոնցից երեկ դուք զոհաբերություն էիք պահանջում։ Մենք մեզ հակասում ենք, պարոն Մինասյան, և անաչառ չենք։ Բայց բանն այդ չէ: Գործողն ա՛յն ժամանակ է միայն գործող, երբ նա անհարմարությունների և դժվարությունների մեջ է գործում։ Բայց դուք գործող ասացեք, գործող: Մեր վարժուհիները... Ի՞նչ են մեր վարժուհիները. դատարկագլուխ, ծույլ ու բթամիտ արարածներ, որոնք իրենք էլ չեն իմանում, թե ինչպես է պատահել, որ վարժուհի են դարձել: Չես կարող փոքրիշատե լուրջ բանի մասին վիճաբանել հետները։ Իրենց խոսքերը քալփաթինով պիտի հանես բերաններից, իսկ քոնը մուրճով պիտի ցցես նրանց գլուխը, որ մտնի։ Ժողովներում նստում են փայտի պես, բայց որ իրենք իրենց մեջ են մնում, տեսնեք, թե ինչպիսի կչկչան կաչաղակներ են դառնում. ամենքը սկսում են խոսել միանգամից, կատակներ են անում, բամբասում են, սրան են ծաղրում, նրան են ծաղրում, մեկին մի անուն են կպցնում, մյուսին՝ ուրիշ անուն, բութ սրամտություններ են անում, ծիծաղում են, հռհռում, իրար կողք են բզում, ծկլթում... մի խոսքով՝ այնպիսի հիմարություններ, որ երեխաներն էլ չեն անիլ: Եվ սրանք են կազմում հայ ինտելիգենտ կանանց այն դասը, որ գործում է հասարակական ասպարեզի վրա, մանուկ սերունդ է կրթում։ Ասելս այն է, որ այսպիսի մտավոր և բարոյական սնանկներից ի՞նչ գործ, առավել ևս հանուն այդ գործի ի՞նչ զոհաբերություն կարող ենք պահանջել։ Այս այնպիսի մի ցավալի դրություն է, որ լավ մտածում եմ, ինքս ինձնից, իմ վարժուհի լինելուցս իսկ ամաչում եմ։
Ներեցեք, օրիորդ, նկատեց Մինասյանը ժպտալով, ինձ թվում է, թե դուք մի քիչ չափազանցնում եք։
Ի՞նչ, դուք չե՞ք հավատում։ Ապացույցի համար, որ ես չեմ չափազանցնում, կհրավիրեմ այստեղ մի յոթ-ութ հոգի վարժուհի, ձեզ էլ կբերեմ կնստեցնեմ այստեղ, կսկսենք խոսել հասարակական կամ նույնիսկ մանկավարժական որևէ խնդրի մասին, և ինքներդ կտեսնեք, թե քանի՞սն է նրանցից փայտի պես նստած, քանի՞սն է կարծիք հայտնում և ինչպիսի՞ կարծիք։ Այնուհետև դուք վեր կկենաք, իբր թե գնում եք. ես ձեզ թաք կկացնեմ հարևան սենյակում, և այնտեղից ականջ կդնեք, թե ձեր դուրս գնալուց հետո ինչի մասին կսկսեն խոսել. նրանք ձեր քթի մասին կխոսեն, պարոն Մինասյան։
Մինասյանը պինդ ծիծաղեց։
Աշխենը նայեց նրա մեծ քթին և ակամա ժպտաց։
Ի սեր աստծո, օրիորդ, բացականչեց Մինասյանը, ինչպիսի վարժուհի ուզում եք ճարեցեք, միայն թե ինձ ազատ պահեցեք քթի մասին դասախոսող վարժուհիներից։
Օր. Սահակյանի ծիծաղը սաստիկ բռնեց։
Ձեր պայմաններում, ասենք, դժվար թե ազատ մնաք... նրանք մշտապատրաստ նյութ կունենան իրենց աչքի առաջ, սաստիկ ծիծաղի միջից հազիվ կարողացավ արտասանել նա։ Բայց ես վախենում եմ, որ դուք ինձ էլ քթի մասին դասախոսող վարժուհիների կարգը դասեք, ուստի թողնենք այս մասին խոսելը։
Եվ օր. Սահակյանը, արագությամբ զսպելով իր ծիծաղը, նորից լուրջ դեմք ընդունեց։
Դուք իմ անձնական անհարմարությունների մասին մի մտածեք, պարոն Մինասյան, ասաց նա, դառնալով առաջվա խոսակցությանը։ Ես գիտեմ, թե ինչպես կշտկեմ այդ անհարմարությունները։ Բայց այս տարի չէ, եկող տարի, ձեզ խոսք եմ տալիս, առաջուց, ինքս կգամ գյուղը։ Ուրիշ բան է, թե դուք չէիք ցանկանալ ինձ վարժուհի ունենալ ձեր ուսումնարանում, ավելացրեց նա կատակով, բայց դարձյալ առաջվա մեղմ-տխուր ժպիտով։
Դուք կատակ եք անում, օրիորդ, բայց հավատացնում եմ ձեզ, անչափ գոհ կլինեի, եթե ինձ պատահեր մի այնպիսի վարժուհի, որ եթե ձեզ պես անձնվեր չլիներ, գոնե մի քիչ սիրեր գործը, որովհետև գիտեք, թե մանավանդ ուսուցչական ասպարեզում որքա՛ն մեծ նշանակություն ունի գործի սերը։ Ձեր առաջարկությունը ես ընդունում եմ, իհարկե, ամենայն սիրով, բայց այս տարվա համար պիտի օգնեք առանց վարժուհու չպետք է թողնեք։ Ճարներս ի՞նչ։ Միանգամից խո չե՞նք կարող նոր դրություն ստեղծել. պետք է բավականանանք եղածով։ Հույսս ձեզ վրա է։ Երևակայեցեք, որ հազար ու մի դժվարություններով հիմնված ուսումնարանը վարժուհու պատճառով միայն կարող է փակ մնալ, իսկ այդ բանը կարող է ժողովրդին սառեցնել:
Գիտե՞ք ինչ կա, պարոն Մինասյան, ասաց օր. Սահակյանը։ Վաղն ես կխոսեմ մի ուրիշի հետ. եթե համաձայնեց խո լավ, իսկ եթե ոչ, այն ժամանակ, ճար չկա, պետք է մի կերպ ավելացնեք ռոճիկը, թե ինչպես, այդ արդեն ձեր գործն է։ Ես իմս արած կլինեմ, և դուք ինձնից դժգոհ լինելու իրավունք չեք ունենալ։
Լավ, ասաց Մինասյանը և մտքումը վճռեց, որ եթե բանը չհաջողվի, երեսը պնդի և դիմի Շահյանին կամ ուղղակի նրա հորը օգնություն խնդրելու։
Մինչ այդ խոսակցությունը տեղի էր ունենում օր. Սահակյանի և Մինասյանի միջև, Աշխենը, իր սովորության համեմատ, նստած էր բոլորովին լուռ։ Նկատելի էր, որ նա խորասուզված է ինչ-որ մտածմունքի մեջ։ Այդ մտածմունքից նրան հանեց օր. Սահակյանը։
Աշխեն, ի՞նչ ես մտածում, հարցրեց նա։
Աշխենը նայեց նրան և սթափվեց։
Ե՞ս, ոչինչ։
Հա՛, պարոն Մինասյան, գիտե՞ք, որ մեր այս օրիորդն էլ վարժուհի է, բայց կամավոր վարժուհի, ինչպես որ կամավոր զինվորներ են լինում. չքավոր մարդկանց երեխաներին ձրի դասեր է տալիս տնավարի։ Դուք այսպիսի իդեալական վարժուհի եք ուզում, բայց աստված տա։
Աշխենը չկամեցավ, որ ընկերուհին երկար խոսի այդ մասին. ուստի, դիմելով Մինասյանին, խոսք բաց արեց նրա ժողովրդական նյութերի ժողովածուի մասին։
Հա՛, պարոն Մինասյան, բերի՞ք ձեր գիրքը, հարցրեց օր. Սահակյանը։
Մինասյանը վեր կացավ և վերարկուի գրպանից հանելով օր. Սահակյանի համար այդ օրը գրավաճառանոցից վերցրած իր վերջին հրատարակությունը, հանձնեց նրան, Աշխենին էլ խոստացավ, որ մի գիրք էլ վաղը նրա համար կվերցնի։
Ինչպես երևում է, պարոն Մինասյան, ծիծաղելով նկատեց օր. Սահակյանը, հայ հեղինակներդ, ավելի շատ նվիրում եք ձեր գրքերը, քան թե վաճառում։
Աշխենն, այդ երեկո օր. Սահակյանի մոտից վերադառնալով տուն, ուղղակի մտավ իր սենյակը, նստեց գրասեղանի մոտ, վերցրեց մի գիրք, որ կիսատ թողած ընթերցանությունը շարունակի, բայց թողեց և մտածության մեջ ընկավ:
Անցավ համարյա մի ժամ, որ նա գլուխը ձեռքին հենած անթարթ նայում էր մի կետի։ Նրա ուղեղը զբաղված էր մի խնդրով, որ վճռելու համար խիստ տատանվում էր։ Այդ խնդիրը նրա գլխում ծագել էր դեռ նախորդ օրվանից, և նա շարունակ մտածում էր այդ մասին, և որքան շատ էր մտածում, այնքան ավելի տատանվում էր։
Դուռը կամաց բացվեց։
Աշխենը ցնցվեց և նայեց դռան կողմը։
Հանդարտ քայլերով ներս մտավ Եվան. վերցրեց մի աթոռ և նստեց նրա մոտ։
Աշխեն, այս երեկո խիստ տխուր եմ, ասաց նա մելամաղձոտ ձայնով։
Աշխենը զարմացած նայեց նրա դեմքին։ Հիրավի, երբեք այդ սիրուն, այդ չարաճճի դեմքն այդպես տխուր, հանդարտ և մելամաղձոտ չէր ներկայացել նրան։
Ինչո՞ւ, հարցրեց նա։
Մտածում եմ եղբորս մասին։
Արմենակի՞ մասին։
Այո։
Աշխենը նկատելի կերպով գունատվեց։
Ի՞նչ է պատահել... նոր նամա՞կ կա նրանից, անհանգստությամբ հարցրեց նա։
Եվան նայեց նրան զարմացած։
Ինչո՞ւ այդպես վախեցած ես հարցնում։
Որովհետև դու այնպես ես խոսում, որ կարծես նրան բան է պատահել... Հա՞։
Նրան ոչինչ չի պատահել։
Հապա ի՞նչ ես ասում։
Զարմանալի է։ Ես կարծեմ ոչինչ չասացի։ Ասացի միայն, որ տխուր եմ և մտածում եմ նրա մասին։ Աշխենը հանգստացավ և ձեռքը մտախոհ կերպով շփեց ճակատին։
Ի՞նչ ես մտածում նրա մասին, հարցրեց նա կամաց, կարճ լռությունից հետո։ Նա այլևս չէր նայում Եվային։
Ուզում եմ, որ նա այստեղ լինի։
Դու այդ միշտ էլ ուզել ես։
Բայց ոչ այնպես, ինչպես այժմ։ Այնպե՛ս կարոտել եմ, այնպե՜ս կարոտել... Զարմանալի է. կարծես երբե՛ք այնպես չեմ սիրել նրան, ինչպես այժմ, այս րոպեիս։ Պատկերը ձեռքիս էր. նայեցի, նայեցի և... լաց եղա, ինքս էլ չգիտեմ ինչու։ Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ։ Այս ի՞նչ նախազգացում է, չեմ հասկանում... Ո՛ւֆ, պետք է նամակ գրեմ, որ գա։ Դու էլ գրիր։ Դու էլ խո սիրում ես նրան։
Աշխենը վեր կացավ և պինդ փակեց լուսամուտի վատ փակած փեղկը, որ քամին շարժում էր։
Հետո գո՞րծը, հարցրեց նա, նստելով Եվայից հեռու, մի ուրիշ աթոռի վրա, այնպես, որ նրա դեմքը լույսի հակառակ կողմն էր։
Ա՛խ, ա՛յդ է, որ ինձ հուսահատեցնում է, բացականչեց Եվան։ Ես գիտեմ, որ ա՛յն գործը, որի համար գնացել է նա, ավելի է սիրում, քան թե ինձ, քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին... Հիշո՞ւմ ես, ինչպե՛ս ոգևորված խոսում էր նա այդ մասին...
Եվ մի՞թե դրա համար դատապարտում ես նրան։
Ա՜խ, ո՞վ է ասում, նեղսրտությամբ արտասանեց Եվան։ Ես այս ասում եմ, որովհետև կարոտել եմ նրան, սաստի՜կ կարոտել, հասկանո՞ւմ ես թե ոչ։ Երևակայիր, որ նա այնտեղ մենակ է, բոլորովին մենակ. ո՛չ մի, ո՛չ մի սրտակից չունի մոտը։ Չէ՞ որ հազար ու մի ձախորդություններ կան, հիվանդություն կա... Վերջապես, այնտեղ, ինչպես երևում է, ծանր խառնակություններ են տիրում... Մի՞թե այս բոլորի մասին կարող եմ հանգիստ մտածել։
Աշխենը, ինքն էլ չիմացավ թե ինչպես, վեր կացավ, մոտեցավ նրան, պինդ գրկեց նրա գլուխը և քիչ մնաց, որ լաց լինի։ Նա անհուն սիրով ու քնքշորեն համբուրեց Եվայի շրթունքները և նորից նստեց իր առաջվա տեղը, Եվայի մոտ։
Երբե՛ք երբե՛ք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես այս րոպեիս, կամաց, շատ կամաց արտասանեց նա, առնելով Եվայի ձեռքերը և պահելով իր ձեռքերի մեջ։ Չես կարող երևակայել, թե որքա՛ն զգացված եմ այս րոպեիս, որ եղբորդ համար այդպես հոգում, այդքան մտածում ես։ Հոգա՛, մտածի՛ր, սիրելիս, որովհետև եղբայրդ այնքա՛ն... անգին եղբայր է, որպիսին... ոչ ո՛ք չունի։ Ինքս հոգովս չափ... հարգել եմ նրան և երկյուղածությամբ խոնարհել նրա հաստատուն կամքի և ա՛յն գաղափարների առաջ, որ նա այնպես ջերմ կերպով պաշտպանում, այնպես ոգևորությամբ քարոզում էր։ Անձնուրացություն թշվառի բարօրության օգտին, անձնազոհություն հայրենիքի համար այս էր նրա քարոզը։ Եվ այդ ո՛չ թե լոկ խոսքով, այլև գործով, որ նա այժմ ապացուցանում է։ Խոսքը գործով ապացուցել այդ այնպիսի մի հերոսություն է, որպիսին ո՞ւր էր, թե ամենքն ունենային։ Այս րոպեիս ինչ որ գիտեմ, ինչ որ սովորել եմ և ինչ որ ուզում եմ անել, այդ բոլորի համար մեծապես պարտական եմ նրան։ Եվ եթե գիտենաս, սիրելիս, որքա՜ն հպարտանում եմ, որ նա իմ մոտիկ ազգականն է, իմ հարազատը, իմ...
Աշխենը լռեց, և Եվայի փոքրիկ ձեռքերը ցնցողաբար սեղմելով իր երկայն մատների մեջ, տխրորեն ժպտաց։
Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինչքան ոգևորվեցի, արտասանեց նա։
Երևում է, որ դու ինձնից ավելի ես սիրում եղբորս, ասաց Եվան, որ մինչև այդ ժամանակ անմեղ լրջությամբ նայում էր Աշխենի վառված աչքերին, լայն, պարզ ճակատին։
Մի՞թե այդ հանցանք է... չէ՞ որ նա և ի՛մ եղբայրն է։
Իհարկե։ Նա էլ քեզ շատ էր սիրում։
Գուցե նախանձո՞ւմ ես։
Նախանձո՞ւմ։ Իհարկե, չէի կամենալ, որ եղբայրս ինձնից պակաս սիրվեր, քան թե քեզնից կամ մի ուրիշից, չնայելով, որ ես... Ա՜խ, ես նրան շատ եմ սիրում, Աշխեն, չափից դուրս շատ եմ սիրում... Որ գիտենաս՝ ինչքա՜ն վատ մտքեր էին պաշարում ինձ այս գիշեր, ինչքա՜ն վատ նախազգացումներ... Ո՜ւֆ, այլևս չպետք է կարդամ այդ անիծված հեռագրերը...
Երկյուղի նման մի մռայլ բան անցավ Աշխենի դեմքի վրայով, և նա կաշկանդված՝ մի րոպե անթարթ նայեց Եվայի տխրած աչքերին։ Հետո հազիվ նկատելի կերպով ցնցվեց և կամաց վեր կացավ տեղից։
Դատարկ բան է, արտասանեց նա, կարծես ինքն իրեն սրտապնդելու համար, և սկսեց անցուդարձ անել սենյակում: Ճշմարիտ է, հեռագրերն այնքան էլ խաղաղ չեն ներկայացնում այնտեղի դրությունը, բայց... ոչ մի լուրջ առիթ չկա երկյուղ կրելու... Վերջապես, մի՞թե պիտի հուսահատվենք և մեզ հետ նրան էլ հուսահատեցնենք։ Ինչի՞ նման կլինի այդ։ Եվ այդ ա՛յն ժամանակ, երբ դեռ ոչինչ չի արված իսկապես, երբ գործը նոր է սկսվում... Այդ վախկոտություն և հանցանք կլինի մեր կողմից, մեծ հանցանք, աններելի հանցանք... Ընդհակառակը, սիրտ պետք է տալ նրան, պետք է խրախուսել, ամեն կերպ խրախուսել: Եվ այդ պարտքն ամենից առաջ մեզ վրա է ընկնում։ Մենք հպարտանում ենք, որ նրա պես մի եղբայր ունինք։ Ինչու այնպես չանենք, որ նա էլ մեզնով հպարտանա։ Լինինք նրան արժանավոր քույրեր, և այդ էլ բավական է, որ նա սիրտ առնի, ոգևորվի։
Աշխենը խոսում էր կարծես ինքն իր հետ, և նրա ձայնի մեջ լսվում էր ինչ-որ արտասովոր ջղայնոտություն։ Թեթև քայլերով նա անցուդարձ էր անում սենյակում և ամենևին չէր նայում Եվային։
Եվան աչքերով հետևում էր նրան սենյակի մի անկյունից մյուսը՝ զարմացած։
Մի՞թե մենք նրա արժանավոր քույրերը չենք, հարցրեց նա։
Ո՛չ, մենք արժանի չենք նրա քույրը կոչվելու։ Ինչո՞վ ենք արժանի։ Նրանո՞վ, որ նստած ենք անգործ. նրանո՞վ, որ պարազիտի դեր ենք կատարում, ուտում, պճնվում, պարում, զբոսնում ու սպասում, թե ե՞րբ պետք է գա մեկը, որ մեզ հավանի ծախու ձիու պես և մեր սանձից բռնած՝ տանի իր ախոռում կապելու։ Սրանո՞վ արդյոք, այս ամոթալի՞ կյանքով... Իսկ նա այնտեղ անձնական ամեն հանգստություն, ամեն վայելք մոռացած, իր հարազատներից, իր սիրելիներից կտրված, ձգել է իրեն կյանքի ահարկու հորձանքի մեջ, ապրում է ո՞վ գիտե ի՛նչ պայմաններում, լուսացնում է ո՞վ գիտե որ ձորում, որ անտառում, օտար երկնքի տակ, ահը միշտ սրտում, մահը միշտ աչքի առաջ, բայց արհամարհելով այդ ահն էլ, այդ մահն միշտ էլ...
Աշխենի ջղայնոտությունը սաստկացել էր։ Նա խոսում էր զսպված, բայց խոսքերը նրա բերանից դուրս էին թռչում հատու և ուժեղ շեշտերով։ Նրա դժգույն դեմքի մկանունքները ձգձգվում էին։ Նա արագացրել էր քայլերը և առաջվա նման չէր նայում Եվային։
Իսկ Եվան վեր էր կացել և մնացել էր արձանացած։ Նա պարզապես ապշել էր, որովհետև երբեք Աշխենին չէր տեսել այդպես տաքացած։ Երբ Աշխենը լռեց, նա դեռ երկար ժամանակ կանգնած էր նույն դրության մեջ, կարծես սպասելով, որ հորեղբոր աղջիկը դեռ պիտի շարունակի իր ասելիքը։
Աշխեն, լսիր ինչ եմ ասում, վերջապես ասաց նա, տեսնելով, որ Աշխենն այլևս ոչինչ չի ասում և ջղային քայլերով շարունակում է անցուդարձ անել սենյակի մի անկյունից մյուսը։ Տեսնում եմ, որ մի բան ուզում ես ասել, բայց չես ասում։ Միտքդ ի՞նչ է. պարզ և ուղղակի ասա։ Դու գիտես, որ ես միշտ հետևում եմ քո խորհուրդներին։ Եթե գտնում ես, որ ես պարազիտից և ծախու ձիուց ավելի մի բան չեմ և անարժան քույր եմ եղբորս համար, սովորեցրու, թե ինչով կարող եմ արժանի լինել նրան։
Միայն դու չես, ես է՛լ անարժան եմ նրան... ե՛ս առավելապես...
Լավ, ինչո՞վ կարող ենք արժանի լինել նրան։
Նրանով, որ մենք էլ գնանք նրա ընտրած ճանապարհով։
Այսի՞նքն։
Չգիտեմ... Միայն թե այսպես ապրել այլևս անկարելի է։ Պետք է ամենից առաջ վերջ տալ այս ձրիակերությանը, պետք է թողնել այս անօգուտ, այս վատ կյանքը, որի մեջ փտում ենք անգործությունից։ Պետք է բան անել, պետք է գործ շինել, օգուտ պետք է տալ հենց թեկուզ մեր խղճի հանգստության համար...
Ես ամեն բանի պատրարստ եմ։ Բայց ասա, ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել։
Աշխենը հանկարծ կանգ առավ և նայեց Եվային տարօրինակ հայացքով, հետո մոտեցավ և առավ նրա ձեռքերը:
Ներիր, սիրելիս, եթե մի քիչ խիստ խոսեցի։ Բայց ես խոսում էի գլխավորապես իմ մասին։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անենք և ինչ կարող ենք անել, այդ մասին այս րոպեիս ոչինչ չեմ կարող ասել: Դեռ չեմ որոշել, դեռ պիտի մտածեմ։ Մի բան կա, որ վաղը կվճռվի։ Համբերություն ունեցիր մինչև վաղը։ Կհամբերե՞ս, հա՞։
Եվան ապշած նայում էր Աշխենի աչքերին, որոնց մեջ ինչ-որ խորհրդավոր բան էր կարդացվում։
Դու գրգռում ես հետաքրքրությունս, ասաց նա։ Այս երեկո ուրիշ, շատ ուրիշ տեսակ ես երևում... Շատ լավ, կսպասեմ մինչև վաղը։
Աշխենը ժպտաց և Եվայի փոքրիկ ձեռքերը քնքշությամբ սեղմեց իր կրծքին, կարծես շնորհակալ լինելով, որ համբերություն էր հայտնում մինչև վաղը սպասելու։