Նար-Դոս
Մահը
15
Մի շաբաթ հետո գիշերը ստացվեց Աշխենի հեռագիրը, որով հայտնում էր, թե առավոտվա գնացքով Թիֆլիսում կլինի։ Եվան հեռագիրն անմիջապես ուղարկեց օր. Սահակյանին։
Առավոտյան օր. Սահակյանը գնաց երկաթուղու կայարան։ Նա շատ անհանգիստ դրության մեջ էր, և այդ անհանգստությունն ավելանում էր րոպե առ րոպե, քանի մոտենում էր գնացքի ժամանման րոպեն։ Դեռևս չէր որոշել, թե ինչպես պիտի նախապատրաստեր Աշխենին սարսափելի հարվածին դիմանալու համար։ Երևակայում էր, թե ինչպիսի ուրախությամբ, ինչպիսի կարոտով Աշխենը պիտի ընկներ իր գիրկը, ինչպիսի անհամբերությամբ պիտի շտապեցներ իրեն շուտով տուն հասնելու, Եվային, յուրայիններին տեսնելու համար։ Եվ ինքը մի քանի կցկտուր խոսքերով միանգամայն պիտի ջախջախեր նրա ուրախությունը և նրա սիրած, անձկալի երիտասարդի չարաչար մահվան սարսափելի գույժը պիտի տար նրան։ Օր. Սահակյանը սարսափում էր երևակայել, թե ինչ կպատահեր Աշխենին, և զգում էր, որ կորցնում է իր քաջությունը։
Հեռվից խուլ կերպով լսվեց շոգեմեքենայի սուլոցը։ Օր. Սահակյանը կանգ առավ պլատֆորմի ծայրին և աչքը տնկեց այն կողմը, որտեղից պիտի երևար գնացքը։ Մի-երկու րոպեից երկու բլրի խոր միջանցքում, պայծառ սպիտակին տվող ձյունի ֆոնի վրա, երևաց շոգեմեքենայի հուժկու սև կուրծքը և ապա վագոնների երկայն շղթան։ Պլատֆորմին մոտենալիս շոգեմեքենան դանդաղեցրեց ընթացքը և համրընթաց առաջ սողաց դեպի պլատֆորմի մյուս ծայրը։ Վագոնները մեկը մյուսի ետևից միակերպ խուլ գռգռոցով անցնում էին օր. Սահակյանի առջևով։ Օր. Սահակյանը նայում էր ամեն մի լուսամուտի։ Բոլոր լուսամուտները փակ էին։ Բայց ահա լուսամուտներից մեկի ապակին ցած ընկավ հանկարծ, և երևաց Աշխենի գլուխը։
Վարո ջա՛ն, ողջո՜ւյն, ողջո՜ւյն, աղաղակեց Աշխենը ձեռքը շարժելով դեպի նա։
Օր. Սահակյանն առաջ վազեց։ Գնացքը դեռևս կանգ չէր առել, որ նա թռավ վագոնի սանդուղքի աստիճանը, շտապով բարձրացավ վերև և ներս մտավ։
Աշխենը կախվեց նրա վզից և սկսեց համբուրել նրան երկարատև և ամուր։
Վերջապես դարձյալ տեսա քեզ... ինչքա՛ն կարոտել էի, տեր աստված, ինչքա՛ն կարոտել, ասում էր նա։ Երևակայիր. գալիս էի ու մտածում, հանկարծ որ գնացքը շուռ գա ու տակովն անի, ի՞նչ կլինի... Ես խո չե՞մ տեսնիլ իմ Վարոյին, իմ...
Հանկարծ Աշխենը թողեց ընկերուհուն և նայեց չորս կողմը։
Եվան ո՞ւր է, հարցրեց նա։ Երևի նա, հայրիկը, մայրիկը դուրսն են։ Հա՞։
Աշխենը վրա ընկավ լուսամուտին և տենդային անհամբեր հայացքով սկսեց որոնել յուրայիններին պլատֆորմի վրա խռնվող հասարակության մեջ։
Ո՞ւր են... չկան... չեն երևում... Երևի դահլիճումն են։ Հա՞, դարձավ նա օր. Սահակյանին զարմացած։
Նրանք չեն եկել։
Չեն եկե՞լ... ինչո՞ւ։
Որովհետև... Եվան մի քիչ տկար է... Ես ինքս խորհուրդ չտվի, որ այս սառնամանիքին դուրս գա տնից, թե չէ ինքը շատ էր ուզում գալ... Հայրն ու մայրն էլ չկամեցան նրան մենակ թողնել... Դե՛հ, որոնք են քո իրեղենները, վերցնենք գնանք։
Աշխենը բռնեց օր. Սահակյանի ձեռքից և շատ լուրջ հայացքով նայեց նրա շփոթված աչքերին:
Սպասիր, ի՞նչ տեսակ ես խոսում, ասաց նա թերահավատությամբ և սաստիկ վախեցած։ Ինչպե՞ս թե տկար... Պառկա՞ծ է։
Չէ: Հարբուխ ունի և հազում է։
Ճի՞շտ ես ասում, շատ լուրջ կերպով հարցրեց Աշխենը, իր փորձող հայացքը չհեռացնելով ընկերուհու աչքերից:
Զարմանալի է, ի՞նչ ունիմ խաբելու, բացականչեց օր. Սահակյանն ինքն իր դեմ զայրացած, որ այդքան շփոթվում է սուտ խոսելուց և Աշխենի սուր հայացքից։
Աշխենը նույն փորձող սառն հայացքով մի րոպե դարձյալ նայեց նրա աչքերին, հետո շուռ եկավ և սկսեց հավաքել իրեղենները։
Զարմանալի է, շատ զարմանալի, ասում էր նա կարծես ինքն իրեն։
Սպասիր, այդքանը չես կարող տանել, մի բան ինձ տուր։
Աշխենն իր բարձը տվեց ընկերուհուն, մնացածն ինքն առավ և առաջ ընկավ։
Օր. Սահակյանն հետևեց նրան։ Նա ամենևին չէր զարմանում Աշխենի հանկարծ տիրած սառնության վրա. մինչև իսկ, կարծես, ուրախ էր, որ Աշխենն արդեն նախազգում էր, որ իրենց տանն ինչ-որ դժբախտություն է պատահել։
Աշխենը վազում էր. կարծես մոռացել էր, որ օր. Սահակյանն իր հետ էր։ Կայարանի հրապարակում շտապով բարձրացավ մի կառք։ Օր. Սահակյանը նստեց նրա կողքին։ Կառքն առաջ շարժվեց։
Ուրի՞շ, ի՞նչ կա, ի՞նչ չկա ձեր գյուղում։ Մինասյանն ինչպե՞ս է, հարցրեց օր. Սահակյանը բռնի աշխուժով և ուզում էր նույն եղանակով էլ շարունակել, բայց լռեց, տեսնելով Աշխենի զարմանալի լուրջ, սառն հայացքը, որ նա հառել էր իր աչքերին։
Ես զարմանում եմ քեզ վրա, Վարո, ասաց Աշխենը։ Մ՞իթե հիրավի դու ինձ երեխայի տեղ ես դնում և կարծում ես, թե կարելի է ինձ խաբել։ Ասա՛ ճշմարիտը, ասա՛ միանգամից, ի՞նչ է պատահել մեր տանը։
Աշխենի համառ հայացքից, նրա հրամայողական ձայնից օր. Սահակյանն այն աստիճան շփոթվեց, որ դեմքն անգիտակցաբար շրջեց նրանից։ Այնուհետև զգաց, որ Աշխենի մատները սաստիկ սեղմում են իր թևը, և երբ դարձավ ու նայեց ընկերուհու դեմքին, վախից քարացավ. Աշխենի դեմքը մեռելի գույն էր ստացել, աչքերը չռած էին անսովոր սարսափով։
Մեռե՞լ է, աղաղակեց Աշխենը խելագարի պես։
Ո՞վ... ի՞նչ ես ասում։
Եվան։
Գի՞ժ ես, ինչ ես, ինչեր ես դուրս տալիս։
Ասա՛, թե չէ՝ այս րոպեիս ինձ կառքի տակ ձգեցի։
Եվ Աշխենը մինչև անգամ փորձեց, որ վեր կենա, բայց օր. Սահակյանը վրա ընկավ նրան և պինդ պահեց իր տեղը։
Հիմա՛ր, խելագա՛ր, բացականչեց նա։ Տեղդ հանգիստ նստիր, թե չէ... Ինչե՜ր ես անում, ի՜նչ հիմար բաներ ես մտածում։ Ո՞րտեղից խելքիդ փչեց, թե մեռել է։ Մեռել է, չէ, փտել է։
Ա՛խ, անաստված, ինչո՞ւ ես սպանում ինձ, արտասանեց Աշխենը սրտաճմլիկ ձայնով, և նրա աչքերը լցվեցին արտասուքով։
Աշխեն ջա՜ն, խնդրում եմ հանգիստ մնա. Եվան ողջ և առողջ է, աստված է վկա, երդվում եմ արևովդ, ողջ և առողջ է։
Չէ, չեմ հավատում, Վարո ջան. մեր տանը մի բան պատահել է, և դու ծածկում ես ինձնից։
Հա՛, պատահել է, հիմա՞, բացականչեց օր. Սահայանն ինքն իր անվստահության վրա զայրացած։
Աշխենը նոր սարսափով վրա ընկավ նրա ձեռքերին։
Պատահե՞լ է... ի՞նչ... ո՞ւմ... Ասա՛, աղաչում եմ, ասա։
Օր. Սահակյանը կամեցավ մի անգամից վերջ տալ այդ անտանելի դրությանը։
Պատահել է, բայց... ոչ Եվային, ինչպես դու ես կարծում:
Հապա՞... հայրիկի՞ն... մայրիկի՞ն... Սուրենի՞ն... Հա՞:
Չէ՛, չէ՛։
Հապա՞, հապա՞։
Դե, էլ ո՞վ մնաց... ինքդ հասկացիր, էլի...
Արմենակի՞ն, ճչաց Աշխենն այնպիսի սարսափելի ձայնով, որ կառապանը ետ նայեց։
Այո, կարճ պատասխանեց օր. Սահակյանը, վախենալով նայել նրա աչքերին։
Աշխենը հանկարծ սաստիկ թուլություն զգաց ամբողջ մարմնի մեջ. ուզում էր էլի, ըստ երևույթին, ինչ-որ հարցնել, բայց ձայնը չհպատակեց նրան։ Ինչ-որ սև բան, մշուշի պես, եկավ ծածկեց նրա աչքերի առաջը։ Նա կամաց ետ ընկավ կառքի խորքը, և նրա աչքերի կոպերը ծածկվեցին։
Օր. Սահակյանը սաստիկ վախեցած վրա ընկավ նրա սառույց կտրած ձեռքերին։
Աշխե՛ն...
Աշխենը աչքերը բաց արեց, և նրա անմիտ հայացքն ընկավ ընկերուհու վախից չռած աչքերին։
Սիրտդ խո չի՞ նեղանում։
Աշխենը գլուխը շարժեց։
Չէ, շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և հենց այնպես էլ սառած մնաց։
Այնուհետև մինչև տուն հասնելը երկու ընկերուհիներից ոչ մեկը գրեթե ոչ մի խոսք չարտասանեց։ Օր. Սահակյանը, Աշխենի սառած ձեռքն իր ձեռքի մեջ առած, երբեմն-երբեմն անհանգիստ հայացք էր ձգում նրա կտավի գույն ստացած դեմքին, իսկ Աշխենը, ետ ընկած կառքի խորքը, անմիտ հայացքով անթարթ նայում էր կառապանի մեջքին և, ըստ երևույթին, ամենևին չէր իմանում, թե որտեղ է ինքը և ուր է գնում։
Կառքը վերջապես կանգ առավ Մարությանների տան առաջ։ Օր. Սահակյանը շտապով իջավ և սեղմեց դռան զանգի կոճակը։
Աշխե՛ն, իջիր, հասանք, կանչեց նա։
Աշխենը, ըստ երևույթին բոլորովին հանգիստ, կամաց վեր կացավ և իջավ կառքից։ Օր. Սահակյանը բռնեց նրա ձեռքից և տարավ դեպի դուռը, որ հենց նոր բաց արեց ծառան։
Աշխենը չտեսավ իրենց հին ծառայի բարևը, մտավ և հանդարտ քայլերով սկսեց բարձրանալ սանդուղքով, ձեռքով վանդակապատից բռնած։ Հազիվ մինչև սանդուղքի գլուխը հասած, այլևս չկարողացավ առաջ գնալ, և ուժասպառ հիվանդի պես, նստեց վերջին աստիճանի վրա։
Օր. Uահակյանր բոլոր իրեղենները տվեց ծառային, շտապով վճարեց կառապանին և հասավ ընկերուհուն։
Ինչո՞ւ ես նստել, վեր կաց, ասաց նա և ուզեց օգնել, որ Աշխենը վեր կենա։
Սպասիր, մի քիչ հանգստանամ. ծնկներս դողում են, ասաց Աշխենը կամաց։ Զարմանալի է. ամբողջ մարմինս, կարծես, փալաս է դարձել, ավելացրեց նա և գլուխը գրեց ծնկանը հենած ձեռքի վրա։
Այդ րոպեին սենյակներից մեկի դուռը բացվեց և նախասենյակը դուրս վազեց Եվան։
Քույրիկ ջա՛ն, աղաղակեց նա։
Աշխենը ցնցվեց, արագ բարձրացավ և կամաց ընկավ նրա գիրկը։
Մինչդեռ նրա գլուխը խաղաղ հանգչում էր հորեղբոր աղջկա ուսի վրա, Եվան իր գրկի մեջ պինդ սեղմելով նրա նիհար իրանը, հուսահատական հեկեկանքով համբուրում էր նրա հանգած աչքերը, նրա սառն շրթունքևերը։ Այդ հեկեկանքի և համբույրների մեջ միացած էին կարոտը, վիշտը և մխիթարելու անհուն ցանկությունը։
Մի՞թե ես քեզ այսպես պիտի ընդունեի, քույրիկ ջան, ասում էր նա։ Մի՞թե ուրախության արտասուքների տեղ վշտի և հուսահատության արցունքներ պիտի թափեի, իմ սիրելի, իմ անգին քույրիկ...
Օր. Սահակյանը տեսավ, որ բանը հեռու կարող է գնալ և ուզում էր բաժանել նրանց, բայց այդ միջոցին Աշխենը կարծես հանկարծ ուշքի եկավ ինչ-որ խոր թմրությունից, կամաց ազատվեց Եվայի գրկից։ Նրա գլուխն առավ իր ձեռքերի մեջ և անձկալի վշտով համբուրեց նրա շրթունքները։ Բայց նրա աչքերն առաջվա պես ցամաք էին. առաջվա պես լուռ էր նա. նրա բերնից վշտի ոչ մի խոսք, ոչ մի հառաչանք դուրս չէր եկել դեռ։
Արագ քայլերով դուրս եկավ Մարությանը։
Աշխենը մեկ ուզեց առաջ գնալ դեպի նա, բայց կանգ առավ քարացած, հանցավորի պես։
Մարությանը մոտեցավ նրան, գրկեց և համբուրեց նրա մազերը։
Բարով ես եկել, զավակս, ասաց նա, և նրա ձայնը սաստիկ դողաց։ Նա կուլ տվեց թուքը և հարցրեց. առո՞ղջ ես։
Աշխենը բորովին կարկամած, միայն գլխով արավ։
Պետք է ներես, որ մեզնից ոչ ոք չկարողացավ գալ քեզ դիմավորելու, ասաց Մարությանն այս անգամ ավելի հանգիստ։ Օրիորդ Սահակյանն, երևի, ասած կլինի քեզ պատճառը... Բան չկա, զավակս։ Փառք տանք աստծուն, արհամարհանքով նայենք անպետքների վրա և մխիթարվենք նրանով, որ մեր կորուստն ապարդյուն կորուստ չէ։ Սա մի զոհ էր, որ տվինք հայրենիքի սեղանի վրա... Դե, ներս եկեք, այստեղ ցուրտ է։
Ասիական փոքրիկ թախտի վրա կուչ էր եկել Թեկլեն։ Այն աստիճան փոխվել էր նա, որ Աշխենն աոաջին նվագ չճանաչեց նրան։ Վերին աստիճանի խղճալի տպավորություն էր գործում նա իր ցամաքած աչքերով և սառած դեմքով. նրա վշտի բոլոր հյութը կարծես քամվել ցամաքել էր։
Աշխենը չոքեց նրա առաջ, առավ նրա ձեռքը և լուռ համբրուրեց։
Թեկլեն գրկեց նրա գլուխը, շրթունքները կպցրեց նրա ճակատին, այնուհետև, ցամաք աչքերով նայելով նրա աչքերին, սկսեց խաղաղ կերպով սգալ իր որդու մահը։
Դու գնացիր և եկար, Աշխեն ջան, բայց գիտե՞ս, որ նա, իմ Արմենակս, էլ չի գալ, էլ չեմ տեսնիլ նրան... Անօրենները կախեցին նրան, խեղդեցին, որդի ջան.. Ավելի լավ չեր լինիլ որ իմ որդին իմ ձեռքերի վրա մեռներ... Գոնե կգիտենայի, թե որտեղ է նրա գերեզմանը և ամեն անգամ կգնայի կողբայի իմ վիշտը... իսկ այժմ ո՞ւր գնամ ես, ո՞ւր փնտրեմ նրա գերեզմանը։
Մարությանր չկարողացավ դիմանալ կնոջ այդ սրտաճմլիկ խոսքերին և բարձրաձայն հազալով դուրս գնաց շտապով։ Եվան թաշկինակը պինդ սեղմել էր աչքերին, և հեկեկանքը պատռում էր նրա սիրտը։
Օր. Սահակյանը նույնպես լալիս էր։
Աշխենն էր միայն, որ, կարծես անտարբեր ու հանգիստ, լսում էր դժբախտ մոր ծանր վշտի խաղաղ արտահայտությունները, նրա առաջ չոքած։ Նրան թվում էր, թե այդ ողբն իր համար է, թե ինքն է այդ ողբի առարկան։ Եվ նա բոլորովին սառն էր ու անզգա, ինչպես մեռելը իր մահը ողբացողի առաջ...
Աշխենը քաշվեց իր նախկին սենյակը, որ Եվան առանձին խնամքով պատրաստել էր առաջվա նման։ Օր. Սահակյանն ու Եվան, խիստ անհանգստացած էին նրա տարօրինակ դրությունից, չէին կամենում մենակ թողնել նրան, բայց նա ասաց, որ ուզում է մի քիչ հանգստանալ, որովհետև հոգնած է և գիշերը չի քնել։
Եվ Աշխենը մենակ մնաց։ Նա պառկած մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և քարացած աչքերը հառեց առաստաղին։ Նրա դժգույն դեմքը դեռևս պահպանում էր առաջվա խաղաղ արտահայտությունը։ Անակնկալ հարվածը կարծես բոլորովին բթացրել էր նրա զգացումները։ Ամեն ինչ նրա աչքում անշարժացել, սևացել էր, ինչպես սոսկալի հրդեհից հետո ծաղկափթիթ մի անտառ։ Արմենակն այլևս չկար, այդ միևնույն էր, թե հանգել էր այն փարոսը, որ լուսավորում էր իր դժվարին ճանապարհը։ Այժմ ումի՞ց պիտի ստանար այն լույսն ու հույսը, որոնցով առաջնորդվում էր մինչև այժմ։ Փորձության այս տաժանելի ժամին նա ավելի, քան երբևիցե, զգում էր, որ իր նոր սկսած գործունեության մեջ միակ խթանն ու քաջալերողն եղել է այն երիտասարդը, որին նվիրել էր իր կուսական սիրտն անդրանիկ սիրո բոլոր զորությամբ։ Շատ անգամ, երբ գյուղական մռայլ կյանքի մեջ սովոր փափկակեցության ձգտումը պաշարել էր նրան և նա հուսահատված սկսել էր ողբալ իր անձնական դժբախտությունը, վերջ ի վերջո մխիթարվել և քաջալերվել էր միմիայն այն գիտակցությամբ, թե ո՛րքան պիտի ուրախանա Արմենակը, երբ իմանա, թե իր սիրած աղջիկը գործունեության ինչ ասպարեզ է ընտրել։ Եվ նրան նոր ուժ, նոր եռանդ էր տալիս այն հույսը, թե կգա ժամանակ, երբ երկարամյա գործունեությունից հոգնած-վաստակած երկու սիրող սրտերը դարձյալ կհանդիպեն իրար միևնույն հարկի տակ, ուր երկուսն էլ սնվել ու սիրել են իրար, և պայծառ զգացումներով, կայտառ հոգով կպատմեն իրար, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ է արել։ Նրանք կնայեն իրար առաջվանից ավելի մեծ անձկությամբ, նրանց փոխադարձ սերն ավելի ևս հաստատուն կլինի, սակայն ոչ այնպես աչք կուրացնելու չափ պայծառ և այրելու չափ տաք, ինչպես ամառային արևի ճառագայթները, այլ անդորր ու քնքուշ, ինչպես գարնանային լուսնի լույսը։ Երիտասարդական անդրանիկ սիրո կամովի ճնշված զգացումն այլևս խուլ բողոք չի բարձրացնիլ առաջվա պես, այլ աստծո սեղանի առաջ ողջակեզ գառան նման խոնարհ իր վիճակին՝ կասի. «ա՜խ, այսպես ավելի լավ էս»։ Եվ երբ կգա հրաժեշտի ժամը և կկոչի նրանց նորից ի գործ, նրանք նույն պայծառ զգացումներով, նույն կայտառ հոգով և նոր ուժ, նոր եռանդ ստացած՝ կբաժանվեն իրարից, շարունակելու համար իրենց բարի գործը թշվառների օգտին... Ա՜խ, ցնորքներ, քաղցրի՜կ ցնորքներ... ո՞ւր եք, ո՞ւր թռաք այդպես հանկարծ, այդպես անակնկալ... Նրա առաջ կանգնած է այժմ իրականությունը, դաժան, անողոք իրականությունը. եկավ և իր ահավոր շնչով հօդս ցնդեցրեց հրաշալի երազները, որոնցից դուրս խավարի և մահվան թագավորությունն է... Էլ ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ հուսա, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ստանա... Աղբյուրը ցամաքեց, ծաղիկը պիտի թոշնի անջուր, պապակած...
Դուռը զգուշորեն բացվեց, և ներս մտավ Եվան:
Աշխենը անձնատուր եղած իր մտքերին, նայեց նրան այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չի տեսնում նրան, հետո մեքենայաբար վեր կացավ և նստեց։
Եվան չոքեց նրա առաջ և առավ նրա ձեռքը։ Երկար ժամանակ արտասվալից աչքերով, անհուն սիրով ու կարեկցությամբ լուռ նայում էր Աշխենի գունատ, անզգայացած դեմքին։
Այնպե՜ս հասկանում եմ քո վիշտը, քույրիկս, վերջապես ասաց նա գրեթե շշնջալով, կարծես վախենալով խանգարել րոպեի հանդիսավորությունը։ Ես էլ, երբ անակնկալ կերպով իմացա եղբորս մահը, քեզ պես անզգա էի դարձել, չէի իմանում ինչ է պատահում ինձ և արտասուքի ոչ մի կաթիլ չէի կարողանում թափել: Բայց հետո, բայց այժմ և այսուհետև ես միշտ լաց եմ եղել, լալիս եմ և պիտի լամ, քանի որ եղբորս հիշատակը կենդանի կմնա սրտումս։ Ասում են, որ ժամանակն ամենակարող է, որ նա բուժում է բոլոր վըշտերը։ Եթե այդ ճշմարիտ է, եթե, հիրավի, ժամանակն այնպես պիտի անի, որ ես այլևս այսպես չպիտի տանջվեմ եղբորս մահվան համար և պիտի մոռանամ նրան, ես այդ չէի կամենալ, երբե՛ք, երբե՛ք, որովհետև այդ կնշանակեր, թե եղբայրս միևնույնն է եղել ինձ համար, ինչ-որ մի անշունչ առարկա, մի խաղալիք, որը ձեռքիցս ընկել կոտրվել է, և ես սկզբում ափսոսացել եմ, հետո մոռացել։ Ո՛չ, այդ սարսափելի է, այդ անկարելի է, չեմ ուզում։ Եթե հնարավոր լիներ, որ հավիտյան ապրեի, սիրով կկրեի սրտիս մեջ այս անտանելի վիշտը, որպեսզի դրանով լիովին արտահայտած լինեի այն զգացումները, որ ես տածել եմ դեպի եղբայրս։ Եղբորս մահից հետո ես այլևս ո՛չ մի ուրախություն չեմ ուզում. այդ սրբապղծություն կլիներ, այդ անարգանք կլիներ նրա հիշատակին։ Իմ ուրախությունն իմ այս վիշտն է, որ հպարտությամբ կրում եմ սրտիս մեջ և կփայփայեմ միշտ, քանի կենդանի եմ...
Մինչդեռ Եվան իրեն հատուկ կրակոտ արտահայտություններով իր վիշտն էր թափում հորեղբոր աղջկա առաջ, Աշխենը նստած էր անշարժ, անթարթ նայում էր նրա արտասվալից աչքերին և թվում էր, թե լսում է նրան առանց որևէ կարեկցության։
Եվան լռեց և կարծես հոգնած, գլուխը դրեց Աշխենի ծնկներին։
Կարո՞ղ ես պատմել, թե ինչպես է պատահել նրա մահը, կամաց հարցրեց Աշխենը։
Եվան վեր կացավ, դուրս գնաց և շուտով վերադարձավ Բազենյանից ստացած հեղափոխական թերթը ձեռքին։
Ահա կարդա, ասաց նա ցույց տալով եղբոր մահվան վերաբերյալ տեղեկությունը։
Աշխենը թերթն առավ նրա ձեռքից և սկսեց կարդալ լուռ և խիստ ուշադիր։ Կարդալուց հետո ձեռքերը թուլացած ընկան ծնկների վրա, և երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը կրծքին խոնարհած։ Հանկարծ գլուխը բարձրացրեց և հարցրեց.
Ուրիշ տեղեկություն չունի՞ք։
Մեր ունեցած տեղեկությունն այդ է միայն, պատասխանեց Եվան։
Ինչպե՞ս... սրանի՞ց եք միմիայն իմացել։
Այո։
Աշխենի մեռած դեմքը հանկարծ կենդանություն ստացավ, հույսը վառվեց նրա հանգած աչքերի մեջ։ Նա վեր թռավ տեղից։
Իսկ եթե սո՞ւտ լինի, աղաղակեց նա։ Քի՞չ այսպիսի ստեր են գրում ժողովրդին գրգռելու համար...
Եվան վշտահար շարժեց գլուխը։
Մենք էլ սկզբում այդպես էինք կարծում, ասաց նա, բայց ստուգեցինք և, դժբախտաբար, ճիշտ դուրս եկավ։ Ա՜խ, եթե սուտ լիներ, եթե սուտ լիներ, ավարտեց Եվան ծանր հառաչանքով։
Խաբուսիկ հույսը հանգավ Աշխենի աչքերի մեջ։ Նորից թուլացած նստեց, խոնարհվեց ծնկների վրա և ճակատն առավ ձեռքերի մեջ։ «Եթե սուտ լիներ... եթե սուտ լիներ...», կրկնում էր մտքումը Եվայի խոսքերը։
Եվան նստեց նրա մոտ և այս անգամ հանգիստ կերպով սկսեց մանրամասնորեն պատմել, թե եղբոր մահվան գույժն ինչ ազդեցություն և հետևանք ունեցավ իրենց տանը, թե ինչու այդ մասին ոչինչ չէին գրում Աշխենին և ինչու իրենցից ոչ ոք չգնաց երկաթուղու կայարան նրան դիմավորելու։ Բայց Եվան ոչ մի խոսք չարտասանեց Բազենյանի մասին, որը պատճառ էր դարձել Արմենակի մահվան գույժն առնելուն։ Բազենյանի մասին ոչին չէր ուզում պատմել ոչ թե նրա համար, որ ամաչում էր Աշխենից և չէր ուզում, որ նա իմանա, թե ինչպես ինքը խաբվել էր այդ բախտախնդիր երիտասարդից, այլ նրա՛ համար միայն, որ նույնիսկ Բազենյանի անունը լոկ խորին զզվանք ու զայրույթ էր ազդում նրան։
Եվան լռեց և սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենը շարունակ խոնարհված էր ծնկների վրա և այնքան հանգիստ էր երևում, որ թվում էր, թե մինչև անգամ չի շնչում։ Եվան կամաց գրկեց նրա իրանը։
Աշխեն ջան, ինչո՞ւ չես խոսում, հարցրեց նա այնպես, ինչպես խոսում են ծանր հիվանդների հետ։
Աշխենր նստեց ուղիղ։ նրա աչքերը բացված էին լայն և կենտրոնացած նայում էին անորոշ տարածության մեջ:
Ի՞նչ խոսեմ, ասաց նա մեռած ձայնով։
Ես ի՞նչ գիտեմ։ Գոնե մի կերպ արտահայտիր վիշտդ։
Ինչպե՞ս արտահայտեմ։ Մազերս փետե՞մ, աղաղակե՞մ, թավալգլո՞ր գամ...
Չէ, ինչու։ Բայց... ախր դու չափազանց ուրիշ տեսակ ես դարձել... Ես քե՛զ համար եմ ասում, քե՛զ համար եմ հոգում։
Աշխենը նայեց Եվայի աղերսող աչքերին և դառն կերպով ժպտաց։
Ի՜նձ համար...
Այո՛։ Ես վախենում եմ, որ այդպես դու կհիվանդանաս։
Աշխենը շարժեց գլուխը։
Ա՛յ խեղճ, ա՛յ թշվառ, այսուհետև քանի՞ գրոշ արժե իմ կյանքը, որ այդքան հոգում ես։ Մինչև այժմ ես մի պայծառ աստղ ունեի, որ լուսավորում էր ճանապարհս, հանգավ այդ աստղը. այսուհետև դեպի ո՞ւր խարխափեմ... Պայծառ լույսից հետո հանկարծ զարհուրելի խավար է տիրել չորս կողմս... Ես այլևս ոչինչ չեմ տեսնում, ոչի՜նչ... Դեպի ո՞ւր խարխափեմ...
Հանգիստ, հանդիսավոր կերպով արտասանած այդ խոսքերից յուրաքանչյուրի վրա Եվան սարսուռ էր զգում իր ամբողջ մարմնի մեջ։ Նա տեսավ, որ միևնույն հեղաշրջումը, որ կատարվել էր իր, կատարվում է և Աշխենի մեջ։ Եվ այժմ միայն զգաց, թե որքան սարսափելի բան էր այդ։
Այդ դո՞ւ ես ասում, Աշխեն, շշնջաց նա, սարսափահար թեքվելով դեպի նրա դեմքը։
Աշխենը, պատասխանելու տեղ, նորից խոնարհվեց ծնկների վրա, դեմքն առավ ձեռքերի մեջ, և նրա ուսերն ու մեջքը սաստիկ ցնցվեցին։
Եվան մի ձեռքով գրկեց նրա իրանը, մյուս ձեռքով՝ գլուխը և շրթունքները սեղմեց նրա բարակ նիհար վզին։
Կարեկցության և ողջագուրանքի այդ լուռ արտահայտությունից Աշխենն այլևս չկարողացավ զսպել խեղդող հեկեկանքը։ Նա սկսեց լալ ծանր և ուժգին. լալիս էր տղամարդի պես, քարե արտասուքներով։
16
Աշխենր գրեթե ամենևին դուրս չէր գալիս իր սենյակից։ ԹԵև ճաշի և ընթրիքի ժամանակ միայն, երբ նրան հրավիրում էին սեղանատուն, դուրս էր գնում հանդարտ քայլերով, ցույց էր տալիս, թե ուտում, խմում է, բայց իսկապես ոչինչ չէր ուտում, ոչինչ չէր խմում և նորից փակվում էր իր սենյակում։ Եվ այդ բոլոր ժամանակ լուռ էր ձկան պես։ Մինչև որ բան չէին հարցնում, ինքն ամենևին չէր խոսում։ Նրա դեմքն այնքան անշարժացել, քարացել էր, որ թվում էր, թե այլևս ոչ մտածում է, ոչ էլ զգում։ Օր. Սահակյանն ամեն օր այցելում էր նրան և ամեն անգամ հեռանում էր խիստ մտահոգ դրության մեջ։ Պակաս մտահոգ դրության մեջ չէր նաև Մարությանը, որին խիստ ազդել էր եղբոր աղջկա վիշտը։ Նույնիսկ Թեկլեն, մոռանալով իր դրությունը, ամեն անգամ հոգացողությամբ հարցնում էր Աշխենին, թե ինչո՞ւ է այդպես, հիվանդ խո չէ՞։ Իսկ Եվան պարզապես հուսահատված էր։ Ոչինչ այնքան չէր վախեցնում նրան, որքան Աշխենի տարօրինակ հանգստությունը և լռությունը։ Պատահում էր երբեմն, որ ինքը մինչև անգամ ամբողջ ժամերով խոսում էր հորեղբոր աղջկա հետ և Աշխենի բերանից գրեթե ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսում։ Նրա սիրտը ճաքում էր, նա ընկնում էր Աշխենի ոտները, արտասվալից աչքերով աղաչում-պաղատում էր, որ ձայն հանի, բան ասի։ «Ի՞նչ ասեմ, Եվա», այդ էր լինում Աշխենի պատասխանը։
Եվան իր մահճակալը տեղափոխել էր Աշխենի սենյակը, որպեսզի գիշերները նրան մենակ թողած չլինի։ Ամեն գիշեր, երբ բարի գիշեր մաղթելով, ցույց էր տալիս, թե քնում է, վերմակի տակից երկար դիտում էր Աշխենին և տեսնում էր, որ նա, անշարժ պառկած, վշտահար կենտրոնացած հայացքով անթարթ նայում է անորոշ տարածության մեջ։ Երբ այնուհետև, առավոտները, Եվան նայում էր նրան, տեսնում էր, որ նա կամ ամենևին չի քնել, կամ շատ քիչ է քնել այնքա՛ն նրա դեմքը գունատ, աչքերը ուռած, կարմրած և մեռած էին լինում։
Աշխենի այդ վիճակը տեսնելով, Եվան մոռացել էր իր սեփական վիշտը։ Նա մտաբերում էր Աշխենի վերջին նամակը, համեմատում էր այդ նամակի մեջ արտահայտված ուրախությունը հորեղբոր աղջկա այժմյան թշվառության հետ, և անհուն կարեկցությունից ճմլվում էր նրա սիրտը, արտասուքով լցվում էին նրա աչքերը։ Զգում էր, որ եթե Աշխենը վշտի և հուսահատության արտասուքներ թափեր, խոսքեր արտասաներ, այնքան չէր ազդիլ իրեն, որքան ազդում էր իր այդ վերին աստիճանի խաղաղ դրությամբ, այդ հանդարտ, ցամաք աչքերով, այդ անտրտունջ լռությամբ։ Նրա առաջ ներկայանում էր վերին աստիճանի սրտաշարժ մի պատկեր. նա տեսնում էր, որ բարձրաձայն բողոքելու իրավունք ունեցողը լուռ և անտրտունջ խոնարհվում է ճակատագրին։ Դա զուտ քրիստոնեական համբերության փառավոր մի հաղթանակ էր, որ մի աղջիկ, մի թույլ արարած, կարողանում էր մարմնացնել իր մեջ։
Աշխենի անհուն վիշտն այդպիսի արտահայտությամբ իսկապես ոչ թե վիշտն էր ներկայանում Եվային, այլ հոգին ու սիրտը վեհացնող, մարդուն իր բոլոր մարմնական-անցողականը մոռացնող և աստվածության հասցնող գերբնական մի երջանկություն, որին նախանձում էր բոլոր սրտով։ Եվ ինչպե՞ս չնախանձեր, երբ, կամա-ակամա համեմատելով, տեսնում էր, թե ի՜նչ ահագին վիհ կար իր սիրած երիտասարդի Բազենյանի և Աշխենի սիրած երիտասարդի Արմենակի միջև։ Եվ մինչդեռ ինքն իր սիրած երիտասարդի լոկ անունն անգամ միշտ քստմնելով պիտի հիշի, Աշխենը, ընդհակառակը, ցմահ պաշտելով, շարունակ պիտի փայփայի իր սրտի խորքում այն երիտասարդի հիշատակը, որի շրթունքները մահվան վերջին րոպեին, ո՞վ գիտե, գուցե նրա անունն են շշնջացել։ Գոնե Եվան այնպես էր զգում, որ ինքը չափազանց երջանիկ կլիներ, եթե իր սերը ծագեր նման պայմաններում, ինչպես Աշխենինը, և իր սիրած երիտասարդը գեթ հեռավոր կերպով նման լիներ Արմենակին և մեռներ նման գործի համար, նման պարագաներում, ինչպես Արմենակը...
Մի գիշեր, երբ Եվան, իր մահճակալի վրա պառկած, գաղտագողի կերպով դիտում էր Աշխենին և անձնատուր էր եղել այդպիսի մտածմունքների, տեսավ, որ Աշխենը վեր կացավ անկողնից, մոտեցավ իր մահճակալին և խոնարհվեց իր դեմքի վրա։ Նա, վախեցած, վերմակը ետ քաշեց գլխից և նայեց հորեղբոր աղջկա աչքերին։
Դու քնած չե՞ս, Եվա, հարցրեց Աշխենը։
Չէ։
Թո՞ւյլ կտաս մոտդ պառկեմ։
Եվան լուռ տեղ տվեց նրան իր մահճակալի վրա։
Աշխենը պառկեց և գրկեց նրան։
Հիշո՞ւմ ես, Եվա, վերջին նամակս, հարցրեց նա։
Հիշում եմ։
Գրել էի, թե, որ վերադառնամ, այսպես միասին պիտի քնենք, այսպես գրկած։ Հիշո՞ւմ ես։
Ինչպես չէ։
Աշխենը մի շատ թույլ թառանչ քաշեց։
Որ գիտենաս, Եվա, ինչքան ուրախ էի այդ նամակը գրելիս... Կամա-ակամա հավատում ես մեր պառավների այն նախապաշարմունքին, որ ասում է, թե՝ խիստ ուրախացողը շուտ կտխրի։ Երեխան, որ շատ է ծիծաղում, ասում են՝ լացի հոտ է գալիս։ Միակ երջանկությունը, իրական, շոշափելի երջանկությունն ինձ համար այն պիտի լիներ, որ նորից պիտի տեսնեի քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին, Վարոյին։ Ահա քանի օր է եկել եմ և տեսնում եմ ձեզ, բայց ո՞ւր է այն երջանկությունը, որ պիտի վայելեի, ո՞ւր է այն երջանկությունն այն րոպեից թունավորվեց, ես այն րոպեից սպանվեցի, երբ երկաթուղու կայարանում չտեսա ձեզնից ոչ ոքի։ Վարոն որ ասաց, թե չեք եկել, ինձ այնպես թվաց, թե մինչև այդ ժամանակ թռչում էի օդի մեջ, թեթև, ծտի պես, բայց հանկարծ թևերս կոտրեցին, և ես ցած ընկա... Այժմ, երբ անցել են սարսափելի հարվածի առաջին օրերը, և ես կարծեմ մի խոր թմրությունից ուշքի եմ եկել, գիտե՞ս ում մասին եմ մտածում։ Մտածում եմ ձեր մասին հայրիկի մասին, մայրիկի մասին, քո մասին, Եվա ջան։ Այսօր առաջին անգամ սարսափեցի, որ նայեցի մայրիկին. որքա՜ն նիհարել է, որքա՜ն ցամաքել։ Իսկ հայրիկը... ո՞ւր է նրա այն մշտական զվարթությունը, նրա այն վարակիչ աշխույժն ու եռանդը։ Իսկ դո՛ւ, դո՛ւ, Եվա ջան... ո՞ւր է, ինչու այլևս չի հնչում քո արծաթահնչուն ծիծաղը... Այս ի՞նչ է պատահել ձեզ։ Մի՞թե ձեզ էլ, մանավանդ քեզ, Եվա ջան, վիճակված է ինձ նման չորացած մի ծառ դառնալ, կենսունակության բոլոր հյութից զրկված։ Այդ սոսկալի՜ է... Երբեք իմ օրինակը թող խրախուսանք չլինի քեզ համար, երբե՛ք։ Հիշո՞ւմ ես այն խոսքերը, որ ասացիր ինձ գյուղ գնալուս օրը. «Օ՜, աստված չանե, ասացիր, որ երբևիցե չոր ուղեղն իշխե իմ մեջ։ Ամենամեծ դժբախտությունն ինձ համար այն օրը կլինի, ասացիր, երբ ես դադարեմ սրտով մտածելուց»։ Սրտով մտածելուց... Մի՛ մոռանար, Եվա, այդ հրաշալի խոսքերը և լաց եղիր, աղաղակիր, բողոքիր նույնիսկ իրեն աստծու դեմ, բայց երբե՛ք, երբե՛ք մի զսպիր քեզ ինձ պես և ինձ նման մի ասի՛ր ի՜նչ օգուտ դրանից։ Այդ մահ է, ավելի վատ, քան մահը։ Պարզ օրինակն աչքիդ առաջն եմ։ Սիրտս լցված է թույնով, վշտից քիչ է մնում խելագարվեմ. ուզում եմ գժի նման աղաղակել, ուզում եմ բարձրաձայն անիծել և հայհոյել ամենքին և ամեն ինչ, բայց սառն դատողությունս, օ՜, այս գարշելի սառն դատողությունը, այս չոր ուղեղը, ասում է ինձ՝ «ի՞նչ օգուտ դրանից»։ Բայց և ի՞նչ օգուտ այս սառն դատողությունից, այս չոր ուղեղից։ Մի՞թե, որ զսպում եմ ինձ, որ սառն դատողությամբ ավելորդ բան եմ համարում հուսահատական աղաղակներ բարձրացնելը, տրտնջալը, բողոքելը. մի՞թե այդպիսով չեմ տանջվում կամ պակաս եմ տանջվում։ Ընդհակառակը։ Ամեն անգամ, երբ արտասուքս գալիս, բռնում է բուկս, երբ անդիմադրելի պահանջ եմ զգում լաց լինելու, վշտից և հուսահատությունից մազերս փետելու և, սառն դատողությանս հետևելով, զսպում եմ ինձ, ես միևնույն տանջանքն եմ զգում, ինչ տանջանք որ կզգար ծարավից պապակվող այն մարդը, որ ջրի տեղ հալած արճիճ խմեր։ Մինչև այժմ ինքս ինձ պարծեցել եմ նրանով, թե իմ մեջ զարգացրել եմ ասկետական համբերության այնպիսի աննկուն մի ուժ, որով կարող եմ հաղթահարել ամեն բանի. բայց այժմ, կրիտիկական այս վայրկյաններին եմ միայն զգում, թե դրանով ի՞նչ սոսկալի թշվառության աղբյուր եմ պատրաստել ինձ համար։ Երևակայիր, որ երբեմն նույնիսկ այնպես է թվում ինձ, թե վիշտս կեղծ է, որովհետև ինչո՞ւ չպետք է ամեն գիշեր ողողեմ բարձս արտասուքներով, ինչո՞ւ չպետք է խելագարվեմ վշտից, ինչո՞ւ այսպիսի մի ճգնաժամին կարողանում եմ այսպես և այս աստիճան սանձահարել ինձ։ Ի՞նչ է նշանակում այս. մի՞թե այն, որ ես արհեստական կերպով դուրս եմ շպրտել ինձ բնական օրենքների սահմանից և խարխափում եմ ինչ-որ անծանոթ, ոչ-մարդկային, վայրենի զգացումների և մտածողությունների աշխարհում... Լսի՛ր, Եվա։ Մի՛ լռիր այդպես, խոսի՛ր։ Ասա՛, գուցե, հիրավի, սիրտս մեռել է արդեն, գուցե իսպառ կորցրել եմ արդեն զգալու ընդունակությունը, գուցե վիշտս երևակայում եմ միայն, այլ ոչ զգում... Ասա՛, Եվա ջան, ասա՛, աղաչում եմ. ի՞նչ ես մտածում, ի՞նչ է մտածում այս մասին քո... սիրտը։
Իմ սի՞րտը, շշնջաց Եվան, և, գրկելով Աշխենի իրանը, պինդ սեղմեց կրծքին։ Ականջ դիր և կլսես, թե ինչ է մտածում սիրտս. նա նախանձում է քեզ...
Աշխենը ձեռքով արագ փակեց նրա բերանը։
Նախանձո՞ւմ, զարմանքով և սարսափով արտասանեց նա։ Անմիտ, այդ ի՞նչ ես ասում...
Այո՛, նախանձում եմ քեզ, Աշխեն, ամբողջ սրտովս նախանձում, եռանդով վրա բերեց Եվան, որովհետև ես հազարապատիկ ավելի թշվառ եմ, քան թե դու... Դու չգիտես, դու ոչինչ չգիտես... Եթե իմանաս, թե քո բացակայության ժամանակ ինչե՜ր են պատահել ինձ... Այդ մասին մինչև այժմ ոչինչ չեմ ասել քեզ, նամակներումս էլ ոչինչ չեմ գրել, որովհետև կամեցել եմ մոռացության տալ ա՛յն, ինչ որ պատահեց։ Իսկ այն, ինչ որ պատահեց, այն աստիճան վշտացրել է սիրտս, այն աստիճան վրդովել է հոգիս, որ ինձ թվում է, թե այլևս այն չեմ, ինչ որ առաջ։ Գիտես, թե առաջ ինչքան միամիտ էի, ինչքան պայծառ ու մաքուր հայացք ունեի մարդկանց և աշխարհի վրա. իսկ այժմ ամեն ինչ կեղծ, ստոր, զզվելի է թվում ինձ և այնքան խարդախ, որ ես պատրաստ եմ նույնիսկ ամենամեծ սրբությանը չհավատալ։ Կուսական անդրանիկ սիրույս սրբությունն ես անարգված տեսա դեռևս իր սաղմի մեջ։ Եվ անարգողը, երևակայիր, նա՛ էր, որին պատրաստ էի նվիրաբերել այդ սերը։ Թերևս այսքան չվշտանայի, այսքան չվրդովվեի, եթե սիրույս հետ սերտ կապով կապված չլիներ մի վսեմ գործ, որի համար գործեց և մահացավ եղբայրս։ Եվ այդ պատճառով, ահա, անարգված սիրույս մեջ անարգված տեսա ոչ թե միայն սրտիս նորածին սրբության սրբոցը, այլև անգին եղբորս գործունեությունը, նրա պաշտելի հիշատակը։ Լսիր, քույրիկ, այժմ այլևս չեմ կարող լռել, բոլորը պիտի խոստովանեմ առաջին և վերջին անգամ։ Եվ այս ոչ ոք չգիտի և ոչ ոք չպիտի իմանա, բացի քեզնից։
Եվ Եվան մանրամասնորեն սկսեց պատմել այն դեպքը, որ առիթ էր եղել ծանոթանալու և բարեկամանալու Բազենյանի հետ. նույնպիսի մանրամասնությամբ պատմեց Բազենյանի հետ ունեցած հարաբերությունները, տեսակցությունները, խոսակցությունները. թե ինչ կարծիք ունեին սկզբում նրա մասին և թե ինչպես հետո իմացան, որ նա խաբեբայի մեկն է եղել։ Եվան պատմում էր վառ գույներով և որքան պատմությունն առաջ էր տանում, այնքան վառվում էր, այն տեղերում, ուր Բազենյանի խաբեբայությունն էր պատմում, նրա ձայնը հնչում էր անզուսպ գարշանքով։ Տպավորությունները դեռևս այնքան թարմ էին, որ նրան թվում էր, թե իր պատմած դեպքերը հենց այդ րոպեին էին կատարվում։
Աշխենն ապուշ էր կտրվել։ Նա մոռացել էր իր վիճակը և ագահությամբ ականջ էր դնում Եվայի կրակոտ խոսքերին։ Եվայի պատմության ամբողջ ընթացքում խոսք չէր գտնում ասելու այնքան այդ պատմությունը նորություն էր նրա համար։
Ասա՛, ի՞նչ կզգայիր դու, բացականչեց Եվան, պատմությունը վերջացնելուց հետո, երբ հանկարծ իմանայիր, որ Արմենակն այն չի եղել, ինչ որ կարծում էիր, ինչի համոզված, ինչի հավատում էիր անպայման։ Կապշեիր, կվրդովվեիր, կկատաղեիր, կհուսահատվեիր, չէ՞, երբ տեսնեիր, որ քո պաշտած երիտասարդը, որի մեջ իղձերիդ, բաղձանքներիդ մարմնացումն էիր տեսնում, ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ մի եզվիտ, մի խաբեբա, ամենաստորին տեսակի մի աֆերիստ, որի համար ամեն ինչ լավ է և ազնիվ, բացի լավից և ազնիվից, որի համար ամեն ինչ սուրբ է, բացի սրությունից։ Այդ միևնույնը զգացի ես և զգում եմ դեռ այս րոպեիս էլ։ Սիրել և հանկարծ ատել նրան, ում սիրում էիր, գարշել նրանից, չէ՞ որ այդ վիճակի մեջ կարելի է խելագարվել։ Եվ երբ մտածում եմ, որ եղբորս այնտեղ սպանեցին չարաչար, իսկ սա շրջում է այստեղ անհոգ ու երջանիկ, միամիտներին խաբելով այն գործի անունով, որի համար զոհվեց եղբայրս... Ասում ես՝ բողոքիր։ Քեզ պես եմ ուզում բողոքել։ Բայց ո՞ւմ դեմ, ասա՛, ո՞ւմ դեմ։ Ցույց տուր, ասա՛, ո՞վ է այս անարդարության տնօրինողը, շոշափելի կերպով դիր դրան իմ առաջ, և կտեսնես, թե ինչպիսի զայրույթով սրտիս բոլոր մաղձը կթափեմ նրա վրա։ Չկա, չես կարող։ Իսկ լոկ երևակայությամբ ստեղծել այսպիսի բոլոր անարդարությունների մի սկզբնապատճառ, այդ թե՛ շատ քիչ է և թե՛ դրա վրա չես կարող զայրույթդ թափել։ Շոշափելի մարմին եմ ուզում ես, մի մարմին, որ երևար աչքիս առաջ իբրև նյութ, որպեսզի անզուսպ ցասումով ապտակ տայի երեսին և ասեի՝ դու անարդար ես, դու իրավունք չունիս այդպես վարվելու... ա՛խ, քույրիկ, որ իմանաս, թե երբեմն ինչ սոսկալի մտքեր են անցնում գլխովս... Գիտես, թե ինչ անգութ կերպով ենք վարվում մենք, մարդիկս, անասունների հետ. մենք ծեծում ենք շներին, մենք տանջում ենք ձիերին, մենք հրացանի գնդակով գետին ենք տապալում օդում իր համար ազատ թռչող թռչունը, մորթում ենք դեռ երեկ ծնված գառը և կարծես թե, որովհետև այդ բոլորը մենք կարողանում ենք անել, այդ մեր իրավունքն է, և խիղճը չի տանջում մեզ։ Ինձ թվում է, թե մենք, մարդիկս էլ, նույն այդ անկար անասունների դերն ենք խաղում մեզ անհասկանալի մի էակի ձեռքի, որ ամենաանգութ կերպով տանջում, չարչարում է մեզ, որովհետև կարողանում է։ Ու թպրտում ենք նրա ձեռքին, թպրտում իզուր, ինչպես հավը դանակի տակ, և ազատում չկա մեզ, երբե՛ք հավիտյան... Ո՞վ է նա, ի՞նչ է նա, ո՞ւր է նա, ինչո՞ւ չգիտենք և ինչո՞ւ չպիտի կարողանանք մեր վրեժը լուծել...
Աշխենը, որ այս անգամ պարզապես սարսափով էր նայում Եվայի վառված աչքերին, այլևս չկարողացավ դիմանալ, կարծես նրան մի վտանգավոր ինքնամոռացությունից հանելու համար կամաց գրկեց նրա իրանը և շշնջաց.
Լռի՛ր, Եվա, լռի՛ր... Չնայելով, որ դու այն ես ասում, ինչ որ ես եմ մտածում, բայց... Այդ սարսափելի է։ Լուռ մտածածն այնքան զգալի չէ, որքան այն, երբ այդ մտածածը խոսքերով է արտահայտվում։ Մտքումդ ամենայն հանգստությամբ կարող ես հայհոյել, բայց բարձրաձայն այդ շատ ծանր է։ Այդ ես նոր եմ զգում, երբ դու պահանջում ես մեր բախտը տնօրինողին, որպեսզի... ո՛չ, ես ետ եմ առնում իմ խոսքերը, Եվա, որովհետև... Ա՜խ, մի՞թե մենք այնքան թուլամորթ ենք, որ չենք կարող մոռանալ մեր անձը, որպեսզի մեր հոգին այսքան չպղտորվի։ Նկատիր, որ մեր այս բոլոր տրտունջները ոչ այլ ինչ են, եթե ոչ տկար հոգու հուսահատական ողբ այն բանի համար, որ մեր անձնական երջանկությունը կորցրել ենք։ Ինչո՞ւ միևնույն ողբը չենք բարձրացնում մենք, երբ տեսնում ենք ուրիշի թշվառությունը։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր հոգին այնքան նեղ լինի, որ, բացի մեր անձից, ուրիշ ոչ ոքի համար տեղ չունենա իր մեջ։ Եվ արդյոք այս եսասիրությունը չէ՞ պատճառը, որ մենք այսքան տանջվում ենք։ Ո՛չ, ո՛չ, Եվա ջան, էլի հնազանդությունը, էլի լռությունը, էլի անձնուրացությունն, այդ է միակ ճանապարհը հոգու և մտքի այս սարսափելի քաոսի մեջ չմոլորվելու համար։ Վերջին նամակիս մեջ գրել էի քեզ, թե գալիս եմ երջանկության ուղիղ ճանապարհը։ Դու գիտես, թե ո՛րն է այդ ճանապարհը։ Եվ քանի որ ոտս դրել եմ արդեն այդ ճանապարհի վրա, պիտի գնամ առաջ մինչև վերջին շունչս։ Այս խորհրդավոր ժամին, երբ ես կյանքիս ամենածանր րոպեներն եմ հաշվում, երբ անդառնալի կերպով արդեն թաղել եմ անձնական բախտավորությանս միակ հույսը, այս ճգնաժամին շպրտում եմ ձեռնոցս բախտիս երեսին և աղաղակում՝ ինձ համար այլևս գոյություն չունի անձս։ Ես կարծում էի, թե Արմենակի մահով հանգել է լուսատու աստղս, մինչդեռ, ընդհակառակը՝ այժմ է, որ այդ աստղը լուսավորում է ճանապարհս, առաջվանից ավելի պայծառ և կանչում է ինձ... Եվ ես պիտի գնամ նրա ետևից, պիտի գնամ, պիտի գնամ...
Եվ ինձ էլ պիտի տանես քեզ հետ, շշնջաց Եվան, սրբազան մի սարսուռ զգալով իր մարմնի մեջ Աշխենի խոսքերի ազդեցության տակ։
Աշխենը պինդ գրկեց Եվայի իրանը։
Գնանք, գնանք միայն նրա ետևից, ասաց նա էքստազի մեջ։
Հետևյալ օրն առավոտյան, երբ օր. Սահակյանը գնաց Աշխենին տեսնելու, ինչպես անում էր ամեն առավոտ, Աշխենը նամակ էր գրում։ Նախկին օրերի հետ համեմատած, այս անգամ նկատելի չէր այն բթացած վիշտը, որ իր կնիքն էր դրել նրա դեմքի վրա և խոսակցության ու շարժումների մեջ։ Նա թողնում էր ծանր հիվանդությունից նոր առողջացած մարդու տպավորություն։ Այդ անակնկալ փոփոխությունը խիստ ուրախացրեց օր. Սահակյանին։
Փառք աստծո, որ այսօր լավ ես, բացականչեց նա։ Լավ ես, չէ՞։
Այո, վիշտս կարծես թե արդեն... հնացավ, հեգնեց Աշխենը դառնությամբ ժպտալով։
Ա՜, դու մինչև անգամ ժպտում ես, ծիծաղեց օր. Սահակյանը և, չափազանց ուրախությունից գրկելով, պինդ համբուրեց նրան։ Որ իմանաս, սիրելիս, որքան մտահոգության էր պատճառում ինձ դրությունդ, թեև գիտեի, որ դա անցողակի է և բնությունդ կհաղթի։ Դու միշտ քաջ ես եղել և քաջ էլ մնացիր։ Կեցցե՛ս։ Բայց քեզ մի ուրախալի լուր հաղորդեմ։ Մինասյանն այստեղ է։
Այստե՞ղ է։
Երեկ է եկել։ Երեկոյան ինձ մոտ էր։
Բայց նա ինձ ոչինչ չի ասել, թե գալու է։ Ինչո՞ւ է եկել։
Նա գիրք է ուզում հրատարակել։
Ճիշտ է, նա մի նոր բան է պատրաստել, բայց ասում էր, որ ամառը կհանձնի տպագրության։
Քո գալուց հետո միտքը փոխել է։
Իսկ ես նրան նամակ էի գրում այս րոպեիս։
Ի՞նչ էիր գրում։
Գրում էի, որ մի-երկու շաբաթ կուշանամ։
Ինչո՞ւ։
Որովհետև չի կարելի խո սրանց այսպես թողնել։
«Սրանց» բառն արտասանելիս Աշխենը ցույց տվեց հարևան սենյակի դուռը, դրանով հասկացնել ուզելով, թե խոսում է հորեղբոր ընտանիքի մասին։
Նոր եմ տեսնում, թե ինչ սոսկալի փոփոխություն է կատարվել այստեղ։ Հորեղբորս որ նայում եմ, ուղղակի չեմ ճանաչում։ Էլ չեմ խոսում նրա կնոջ մասին։ Իսկ Եվան... Իսկապես Եվայի համար է, որ ուզում եմ մնալ։ Մենակ թողնել նրան այս մեռելության, այս վշտի մեջ նշանակում է թողնել, որ նա... Չեմ իմանում, ճշմարիտ, ինչ կպատահի նրան, այնքան վտանգավոր ընթացք են ստացել նրա մտածմունքները։ Երեկ գիշեր մենք երկար խոսում էինք. պարզապես չէի հավատում ականջներիս, թե ինձ հետ խոսողը Եվան է, իմ ճանաչած կենսաթրթիռ Եվան... Կմնամ, անպատճառ կմնամ մի-երկու շաբաթ ավելի և մինչև անգամ մտածում եմ, որ ինձ հետ գյուղը տանեմ նրան։ Համենայն դեպս, մենակ թողնել նրան այստեղ անկարելի է։
Դու նրա մասին ես հոգում, իսկ նա՝ քո մասին։ Այդպես էլ պետք է. դուք կփրկեք իրար։
Այդ միջոցին մտավ Եվան։
Արի, արի այստեղ, այս րոպեիս քո մասին էինք խոսում, ասաց օր. Սահակյանը։
Եվան հարցական հայացքով նախ նայեց նրան, հետո Աշխենին։ Աշխենը գլխով արեց նրան և ժպտաց քնքուշ սիրո ժպիտով։ Այդ ժպիտը խիստ զվարթացրեց Եվային։
Բամբասո՞ւմ էիք ինձ, հարցրեց նա։
Իհարկե, բամբասում։ Աշխենը ասում էր, որ մտածմունքներդ ինչ-որ վտանգավոր ընթացք են ստացել. բայց կարծեմ, դու այնքան խելոք աղջիկ ես, որ...
Իմ խելքը մի կողմ թող, Վարո, և ինձ այս ասա. թողնե՞մ, որ Աշխենը մի-երկու շաբաթ ավելի մնա ինձ մոտ։
Ի՞նչ է, մի՞թե չես ուզում։
Չեմ ուզում, բացականչեց Եվան և գրկեց Աշխենի գլուխը։ Ես կուզեի մինչև անգամ փեշս փեշիցը կարել, որ երբեք չհեռանա ինձնից, բայց այդ զոհաբերությունն անել ինձ համար ի վնաս գործի...
Բայց գիտե՞ս, Եվա ջան, Մինասյանն այստեղ է, ասաց Աշխենը։
Մի՞թե։ Ո՞վ ասաց։
Վարոյի մոտ է եղել երեկ երեկո։
Հա՞-ա։ Հետո՞, ինչո՞ւ չի գալիս մեզ մոտ։
Երևի կգա, ասաց օր. Սահակյանը։ Բայց զարմանալի մարդ է. գիտեմ, որ աղքատ է, իսկ հյուրանոցներում կողոպտում են. խնդրեցի, որ գա մեր տանը մնա, չկամեցավ։
Ուո՜ւ, ի՜նչ լավ բան ասացիր, բացականչեց Եվան: Գիտե՞ս ինչ կա, Աշխեն. արի հրավիրենք, որ մեր տանը մնա. ազատ տեղ խո շատ ունինք։ Հը՞, ի՞նչ ես կարծում, լավ միտք չէ՞։
Չի գալ, ասաց օր. Սահակյանը։
Չի գալ, պնդեց Աշխենը։
Կգա՛։ Հայրիկիս կասեմ, որ բերի։ Սպասեցեք։ Եվան դուրս վազեց և մի երկու րոպե չանցած ներս բերեց հորը։
Հայրիկ, խոսք տուր սրանց մոտ, որ Մինասյանին կհրավիրես մեր տուն։
Որտե՞ղ է իջած, ասացեք, ես իսկույն կգնամ նրա մոտ, ասաց Մարությանը։
Չի գալ, պարոն Մարության, ասաց օր. Սահակյանը։ Մեր տանն ավելի համարձակությամբ կմնար. բայց վճռապես մերմեց։
Այդ ե՛ս գիտեմ։ Դուք ինձ ասացեք որտեղ է իջած։
«Ֆրանսիա» հյուրանոցում։
Այս րոպեիս գնում եմ նրա մոտ։ Իսկ դուք գրազ եկեք՝ կբերե՞մ, թե ոչ։
Նա կգա, իհարկե, այցելության, ծիծաղեց օր. Սահակյանը։
Չէ՛, կբերեմ իր իրեղեններով, վրա բերեց Մարությանը և շտապով դուրս գնաց։
Նա անմիջապես դիմեց դեպի «Ֆրանսիա» հյուրանոց։ Չափազանց ուրախ էր, ուրախ այն պատճառով, որ աղջկան և Աշխենին այնքան զվարթ էր տեսնում այդ օրը։ Քայլում էր կայտառ քայլերով և զգում էր, թե վերադարձել է իր նախկին աշխույժը։ Եվ շրջապատն ավելի քան հարմարում էր նրա տրամադրությանը։ Օրթոդոքսների ծննդյան տոներն էին և մոտենում էր Նոր տարին։ Փողոցները լիքն էին ցնծալի դեմքերով։ Օդն աղմկում էր ուրախական բացականչություններով։ Մարդիկ և կանայք, իրար անցած, մրջյունների պես, տանում էին՝ ոմանք տոնածառ, ոմանք կողովներով լի ուտելեղեն, ոմանք փաթեթների մեջ նոր հագուստեղեն, ոմանք ո՞վ գիտե ի՛նչ, միայն թե ամենքը մի բան տանում էին, շտապում էին ուր-որ. ոչ ոք պարապ չէր, ամենքը զբաղված էին և ամենքի դեմքի վրա տոնական ցնծալի արտահայտություն կար։ Եվ ձմեռային սառնամանիքն ուրույն գրավչություն էր տալիս այդ ընդհանուր կենդանությանն ու ժխորին։
«Ֆրանսիա» հյուրանոցում Մարությանը Մինասյանին գտավ իր սենյակում թեյ խմելիս։ Մինասյանը նստած էր ձմեռային բավական հնացած վերարկուով և գլխարկով, առաջը դրած էր ձեռագիր մի տետրակ և համ թեյ էր խմում, համ մատիտով ուղղում ձեռագիրը։ Սկզբում բավական շփոթվեց և չճանաչեց Մարությանին, բայց երբ Մարոլթյանը տվեց իր անունը, գլխարկը վերցրեց և պինդ սեղմեց նրա ձեռքը։
Պետք է ներեք ինձ, որ չճանաչեցի, ասաց նա. չէ որ ձեզ միայն մի անգամ եմ տեսել և, բացի դրանից, դուք չափազանց փոխվել եք. ես ձեզ այդպես ծերացած չեմ տեսել երեք ամիս առաջ։
Մարությանը հառաչեց։
Մի՞թե դուք չեք իմացել մեզ պատահած դժբախտությունը։
Այո, օրիորդ Սահակյանը ինձ պատմեց երեկ։ Ձեր որդու մահը չափազանց ցավալի է։
Ի՞նչ արած։ Նախախնամության տնօրինությունը մարդս չի կարող հասկանալ. գուցե որդուս մահն անհրաժեշտ էր այն գործի համար, որի համար մեռավ, գուցե նա ավետարանական ցորենի այն հատիկն էր, որ մեռնում է բազում արդյունք տալու համար, ո՞վ գիտե... Գոնե ես աշխատում եմ դրանով մխիթարվել և, փառք աստծո, շատ էլ չեմ ընկճվում, թեև ասում եք, որ ինձ այսպես ծերացած չեք տեսել երեք ամիս առաջ։ Երե՜ք ամիս առաջ... Մի՞թե կարծում եք, որ երեք ամիսը կարճ ժամանակ է ծերանալու համար։ Ծերանալ կարելի է մի օրում, մի ժամում, մի րոպեում։ Եվ եթե ձեզ ասեմ, որ ես ծերացա մի րոպեում, թերևս չհավատաք։
Խնդրում եմ, պարոն Մարության, այդ մի ասեք, վրա բերեց Մինասյանը եռանդով։ Ես լիովին հասկանում եմ ձեր դրությունը և...
Ինչևիցե, ինչևիցե, այդ թողնենք։ Ես դրա համար չեմ եկել։ Ես եկել եմ ձեզ հանդիմանելու, որ ուղղակի մեր տուն չեք իջել։ Մենք պարզ ընտանիք ենք. մեզնից խորշելու ամենևին հարկ չկա, մանավանդ որ ձեր վարժուհին մեր աղջիկն է։ Խնդրում եմ, վեր կացեք գնանք։
Մինասյանն ուզում էր հրաժարվել, բայց Մարությանը լսել անգամ չկամեցավ։
Մի՛թե կարելի է այսպիսի ցուրտ սենյակում ապրել, բացականչեց նա։ Ահա դուք մինչև անգամ թեյ խմելիս ստիպված եք վերարկուով նստել։ Ես էլ վերարկուս չեմ հանում, որովհետև սարսափելի ցուրտ է այստեղ։ Խնդրեմ, վերջացրեք ձեր թեյը, և մենք իսկույն կհավաքենք ձեր ունեցած-չունեցածը ու կգնանք մեր տուն։ Փառք աստծո, ազատ տեղ ունինք։ Ի նկատի ունեցեք, որ ես իսկապես հատուկ պատգամավոր եմ ուղարկված մերոնց կողմից։ Օր. Սահակյանն էլ այս րոպեիս մեր տանն է։ Ես ուզում եմ, որ այս տոներին ձեր միջոցով մի քիչ կենդանություն մտնի մեր տուն, թե չէ վիշտը մեզ ամենիս էլ սպանում է։ Դե, շուտ արեք, ես սպասում եմ։
Ճար չկար։ Մինասյանը հավաքեց իր ունեցած-չունեցածը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ իր ջարդված ճամպրուկն ու յափնջին, և կես ժամից հետո Մարությանը նրան իրենց տուն էր տանում կառքով։
Եվան, Աշխենը և օր. Սահակյանը հավաքված էին Թեկլեի մոտ, երբ Մարությանը հաղթական կերպով ներս տարավ Մինասյանին։ Ընդունելությունը շատ սիրալիր էր, բայց ընդհանուր տրամադրությունն առժամանակ խանգարեց Թեկլեն, որը, Մինասյանի մխիթարական խոսքեր ասած ժամանակ, սկսեց սովորական ողբն իր որդու մահվան համար։ Մի բան, որ իսկույն նկատեց Մինասյանը, այդ՝ Աշխենի մեջ կատարված փոփոխությունն էր։ Օր. Սահակյանը նախորդ օրը, իբրև գաղտնիք, պատմել էր նրան, թե ինչ կապ կար Աշխենի և Մարությանի սպանված որդու միջև, և այդ բանը բավական զորեղ տպավորություն էր թողել նրա վրա։ Այժմ նրան այնքան չէր ազդում որդեկորույս մոր աղեկտուր ողբը, որքան իր ծանր վիճակի հետ հաշտված Աշխենի լուռ վիշտը։ Գյուղում, իրենց ամենօրյա հարաբերությունների ժամանակ, Մինասյանն արդեն կարողացել էր մի անգամ առմիշտ գնահատել Աշխենի արժանիքները, չափազանց հարգում էր նրան և, միևնույն ժամանակ, եղբայրական այնպիսի մի քնքուշ սեր էր տածում դեպի նա, որ այժմ հոգով չափ ցանկանում էր որևէ բանով մխիթարած լինել նրան, բայց ոչ մի խոսք չկարողացավ արտասանել, այլ միայն լուռ և խիստ զգացված սեղմեց նրա ձեռքը։ Մինչդեռ Եվային կարողացավ մի քանի մխիթարական խոսքեր ասել։ Եվան, որ սկզբում զսպում էր իրեն, այժմ չկարողացավ դիմանալ և սկսեց լաց լինել մոր հետ։ Աշխենը ներքին շրթունքներն առավ ատամների մեջ, նրա քթի պնչերը սաստիկ լայնացան, աչքերը լցվեցին արցունքով, և նա կամաց դուրս գնաց։
Մարությանները Մինասյանին հատկացրին առանձին սենյակ բոլոր հարմարություններով և ամեն կերպ աշխատում կին չճնշել նրա ազատությունը։ Առաջին իսկ օրվանից զգալի եղավ Մինասյանի բարերար ազդեցությունը. ընտանեկան ծանր դժբախտության տակ ճնված Մարությաններն ունեին մի հյուր, որ իր կենսաթրթիռ հայացքներով մեծ խթան էր նրանց համար վերակենդանանալու։ Ձմեռային երկար գիշերներն ամենքը հավաքվում էին սեղանի շուրջը, գրեթե ամեն գիշեր նրանց հետ էր լինում օր. Աահակյանը, և լուսամուտների փեղկերը փակված, պայծառ լուսավորված տաք սենյակում մինչև ուշ գիշեր տեղի էր ունենում ընդհանուր կենդանի զրուցագրություն այնպիսի առարկաների և երևույթների մասին, որոնք ընդունակ են բարձրացնելու մարդու սիրտը, հոգին, միտքը։ Ժամերն անցնում էին թեթև, աննկատելի, նույնիսկ երբեմն սենյակում բարձրանում էր ուրախ առողջ մի քրքիջ: