Նար-Դոս
Մահը
6
Եվայի առաջ իր խոստովանությունն անելով, Աշխենը կարծում էր, թե պիտի թեթևանա երկար ժամանակից ի վեր իր սրտի վրա ծանրացած գաղտնիքը. բայց ընդհակառակը նրա տանջանքների վրա նոր տանջանք ավելացավ։ Տեսնելով, առավելապես զգալով այն անկարեկից սառնությունը, որով Եվան ընդունեց իր խոստովանությունը, նրան թվաց, թե անդառնալի կերպով կորցրեց մի թանկագին բան. կորցրեց իր հեղինակությունը Եվայի առաջ, կորցրեց նրա սիրտը, կորցրեց նույնիսկ նրա հետ ունեցած ազգակցական բարոյական կապը։ Այժմ նա լիովին զգաց, որ վերին աստիճանի կեղծ պիտի լինի իր դրությունն այդ տան մեջ և ապրել այնտեղ այլևս անհնարին կլինի իր համար։ Նրան մխիթարում էր այն հանգամանքը միայն, որ այդ գիշեր պետք է հեռանար։
Աղախինը մտավ և ասաց, որ նրան սպասում են թեյ խմելու։
Ոչ թեյի ախորժակ ուներ, ոչ էլ ցանկություն Մարությանների մոտ գնալու։ Երկյուղի և ամոթի նման մի անդիմադրելի զգացում ստիպում էր նրան խույս տալ Մարությանների աչքին երևալուց։ Թեև ամենևին չէր կարծում, թե Եվան այնքան հիմար կլինի գտնված, որ իր խոստովանությունը հայտնած կլինի ծնողներին, այնուամենայնիվ նրան թվում էր, թե ամբողջ տունն արդեն իմացել է իր գաղտնիքը, և ամենքը խիստ թշնամական աչքով պիտի նայեն իրեն։ Այդ ծանր տեսակցությունից գեթ առժամանակ ազատ մնալու համար ուրախությամբ կգնար օր. Սահակյանի մոտ, եթե արդեն ուշ չլիներ։ Բայց սենյակում փակվելն էլ միտք չուներ. դրանով կարող էր կասկածի առիթ տալ։ Ուստի գւխարկը վերցրեց, վերարկուն հանեց և դուրս գնաց դեպի սեղանատուն, աշխատելով ընդունել իր սովորական անտարբերությունը, որը, սակայն, այս անգամ հուսահատական համարձակության էր նմանում։
Սեղանի վրա քլթքլթում էր փոքրիկ մաքուր հեշտաեռը։ Թեկլեն արդեն լցրել էր թեյի բաժակները և ջուր էր ավելացնում թեյնոցի մեջ։ Նրա մոտ նստած էր փոքրիկ Սուրենը և մեղր ու կարագով հաց էր ուտում։ Եվան նստած էր սեղանի ծայրին և այդ օրվա լրագիրը սեղանի վրա փռած՝ ամբողջ մարմնով խոնարհվել էր նրա վրա։ Մարությանը խալաթը հագին, նստած էր հեռու՝ լուսամուտի մոտ և նույն օրվա մի ուրիշ լրագիր էր կարդում:
Ներս մտնելով, Աշխենը սովորական բարևը տվեց Մարության ամուսիններին և նստեց Եվայի դիմաց, սեղանի հակառակ ծայրին, ուր նստում էր միշտ։ Եվան մինչև անգամ գլուխը չբարձրացրեց լրագրի վրայից։ Նրա դեմքը դժգույն էր և վերին աստիճանի խաղաղ։ Աշխենը նայեց նրան և այն կենտրոնացած հայացքից, որ նա հառել էր լրագրի վրա մի կետի, հասկացավ, որ նա ոչ միայն չի կարդում, այլև չի տեսնում իր առաջ փռած լրագիրը։
Մարությանը ձեռքին բռնած լրագիրը ծալեց, դրեց լուսամուտի տախտակի վրա և, աթոռը հետը վերցնելով, գնաց նստեց սեղանի մոտ, կնոջ դիմաց։ Նա անմիջապես խոսք բաց արեց Աշխենի ուղևորության մասին և ավելորդ չհամարեց մի քանի խորհուրդ տալ նրան մի առանձին լրջությամբ, ինչպես առհասարակ խոսում էր եղբոր աղջկա հետ։ Նա ցավ հայտնեց, որ գործերի խառն դրության պատճառով չի կարող ուղեկցել Աշխենին, թեև շատ է հոգում նրա ապահով կերպով տեղ հասնելու համար։
Աշխենը շնորհակալություն հայտնեց և հանգստացրեց նրան, ասելով, որ նրա ուղեկցությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չի գնում։
Այնինչ Թեկլեն զսպած դժգոհությամբ մի քանի նկատողություններ արեց Աշխենին և ուզում էր շարունակել, բայց ամուսինը մեղմությամբ սաստեց նրան, և Թեկլեն այլևս ոչինչ չասաց և մինչև վերջը, իբրև բողոքի ցույց, լռություն պահպանեց համառորեն և վիրավորված։
Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում։ Լրագիրը շպրտել էր հարևան աթոռի վրա և մեջքից խոնարհված, գլուխը կախ՝ խպշտում էր թեյը, առանց բաժակը բարձրացնելու։ Աշխենն ամբողջ ժամանակ երկյուղով դիտում էր նրան և չտեսավ, որ նա գեթ մի անգամ նայեր իրեն։
Հազիվ թեյը վերջացնելով, Աշխենը քաշվեց իր սենյակը։ Երկար ժամանակ անցուդարձ էր անում ծանր մտատանջության մեջ, հետո արագ մոտեցավ վառարանին, որ հենց նոր վառել էր ծառան, գրպանից հանեց նամակը և շպրտեց բոցերի մեջ։
Նույն րոպեին դուռը կամաց բացվեց։
Նա դողաց և արագ դարձավ դռան կողմը։
Շեմքում կանգնած էր Եվան և անշարժ, համարյա անզգա հայացքով նայում էր ծրարին, որը կրակի բոցերի մեջ ծանր կերպով կարմրեց, սևացավ, ծայրերից ոլորվեց և ապա բոցավառվեց։
Այն նամակն էր, ասաց Աշխենը, կարծես պաշտպանելով իրեն մի բանի դեմ։
Եվան հայացքը նրա վրա դարձրեց։
Ինչո՞ւ այրեցիր։
Այրեցի, որովհետև... այդ նամակը եղավ պատճառը, որ իմ ու քո միջև բացվեց այս... անդունդը։
Ի՞նչ անդունդ։
Չգիտեմ, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ մեր միջև արդեն ինչ-որ անդունդ է բացվել... թվում է, թե ես արդեն օտար և ատելի եմ քեզ համար։ Չէ՞ որ դու արդեն գիտես, որ եղբորդ հեռանալու, իր ընտանիքից, իր հարազատներից անջատվելու գլխավոր պատճառն ես եմ, ե՛ս, որ այդ բանից հետո դեռ երես եմ ունեցել ձեր խնամքը վայելելու...
Աշխենի ձայնը հնչում էր խաղաղ. նա այդպես խոսում էր, ամենևին միտք չունենալով, թե ուզում է իրեն վիրավորված ցույց տալ կամ վիրավորել։
Եվան ոտը ներս դրեց շեմքից, դուռը փակեց և, արագ քայլերով մոտենալով Աշխենին, կանգ առավ ուղղակի նրա առաջ։
Լռիր, Աշխեն, համարյա շնչասպառ շշնջաց նա։ Այդ դո՞ւ ես այդպես մտածում, թե քեզ թվում է, թե՞ դու համոզված ես, որ ե՛ս եմ այդպես մտածում։
Աշխենը դեմքը դարձրեց նրանից։
Դու ես այդպես մտածում... Եվ կատարյալ իրավունք ունիս...
Իրա՞վ, իրա՞վ, դու այդպե՞ս ես համոզված։
Աշխենն իսկույն չպատասխանեց։
Եվան սպասում էր անհամբեր։
Հապա ինչո՞ւ, որ խոստովանեցի, այնպես սառեցիր, վերջապես արտասանեց Աշխենը, և նրա ձայնը դողաց։ Ինչո՞ւ մի խոսք, կարեկցության, սփոփանքի մի խոսք անգամ չասացիր...
Չասացի, որովհետև.. ի՞նչ կարող էի ասել, արագ վրա բերեց Եվան։ Չասացի, որովհետև... հիմա էլ, մինչև այժմ էլ ինձ թվում է, թե երազումս եմ... մի՞թե ինքդ չես հասկանում, որ խոստովանությունդ ուրիշ կերպ չէր կարող ազդել ինձ։ Չէ՞ որ այդ նորություն էր ինձ համար, անսպասելի, աներևակայելի, անկարելի նորություն... Եղբայրս և դո՞ւ... Ինչպե՞ս, ե՞րբ, մի՞թե... Բայց ինքդ ասացիր, որ այդ իրողություն է... Ի՞նչ կարող եմ ասել... Իրավո՞ւնք ունիմ խառնվելու... Ո՛չ, այդ չեմ թույլ տալ ինձ և չեմ էլ կարող... և չեմ էլ ուզում... Տեսնում ես, բացատրություն, մանրամասնություն էլ չեմ պահանջում, որովհետև... չեմ ուզում, որովհետև գիտեմ, որ այդ ծանր պետք է լինի քեզ համար և... ինձ համար... Բայց այդ դեռ իրավունք չի տալիս քեզ մեր միջև անդունդ տեսնելու։ Այո՛, դու իրավունք չունիս, լսո՞ւմ ես, իրավունք չունիս, իմ տեղ վատ-վատ բաներ մտածելու քո մասին։ Հենց այս առավոտ, փոքր-ինչ առաջ էր, որ դու սաստիկ նեղացար ինձնից, թե ինչո՞ւ թույլ էի տվել ինձ քո տեղ վատ բաներ մտածելու մեր մասին։ Այժմ խո ես է՞լ իրավունք ունիմ նեղանալու քեզնից։ Ասա, ունի՞մ, թե ոչ։
Ունիս, ունիս, շշնջաց Աշխենը, տեսնելով, որ զգացումների և կասկածների տարօրինակ խառնաշփոթությունից կորցրել է իր առաջվա սառնասրտությունը, լոգիկան, բոլոր քաջությունը։
Եվան առավ նրա ձեռքերը։
Ա՜խ, Աշխե՛ն, քույրի՛կս, ասաց զգացված, իզուր ես կարծում, թե ես այլևս առաջվա Եվան չեմ, քո՛ Եվան, և իզուր ես կարծում, թե այսուհետև օտար ես ինձ համար, և ես ատում եմ քեզ։ Ատե՞լ... Ես մինչև անգամ չեմ կարող հասկանալ, թե ինչպե՛ս և ի՛նչ բանի համար կարելի է ատել։ Ես սիրել միայն կարող եմ, չափից դուրս սիրել և դրանից է, որ քեզ այսօր այնքան տհաճություն պատճառեցի։ Զգացողությունս այնքան նուրբ է, որ ամեն մի արտասովոր երևույթ ցնցում է ամբողջ էությունս։ Նույնը պատահեց և այսօր։ Բայց երբե՛ք, երբե՛ք մի կարծիր, թե խոստովանությունդ վատ տպավորություն է թողել ինձ վրա։ Ընդհակաոակը. ես հետզհետե զգում եմ, որ դու և եղբայրս սաստիկ բարձրանում եք իմ աչքում, այնքա՛ն բարձրանում, որ մինչև անգամ նախանձում եմ ձեր հոգու քաջությանը։ Զգում եմ, որ եթե ուրիշը լիներ ձեր տեղը, դյուրությամբ կարող էր հանցանք գործել։ Բայց դուք այդպիսի բան չեք արել, որովհետև վատ կլիներ, որ անեիք, որովհետև սաստիկ կդժբախտացնեիք հայրիկին, մայրիկին, ինձ և վերջը կզգայիք, որ դուք էլ դժբախտ եք։ Դու ճանաչում ես ինձ, Աշխեն. գիտես, որ եթե ես մի բան ասում եմ, ուղղակի սրտիցս, հոգուցս եմ ասում, մի բան, որ ասում եմ, ասում եմ ո՛չ թե նրա համար, որ այդպես եմ մտածում, այլ նրա համար, որ այդպես եմ զգում։ Առավելությո՞ւն է այս, թե՞ թերություն, չգիտեմ. միայն գիտեմ, որ լոկ չոր ուղեղով մարդը կարող է միևնույն բանին հազար ու մի իրար հակառակ բացատրություններ տալ. մինչդեռ զգացմունքը սիրտը մի բան միայն կարող է թելադրել, մի անկեղծ բան միակ ճշմարտությունը։ Չոր ուղեղով որքա՜ն բացատրություններ կարելի է տալ այն հանգամանքին, որ դու և եղբայրս ձեր դժբախտ սերը զոհել եք ժողովրդի բարօրությանը։ Չոր ուղեղով, օրինակ, կարելի է ձեզ և հերոս ներկայացնել ձեր առաքինության համար, և ստրուկ նախապաշարումների։ Չոր ուղեղով կարելի է և գրոշի արժեք չտալ ձեր զոհաբերությանը, որովհետև այդպես դատողը կասի, որ ձեր զոհաբերությունն ինքնաբուխ չէ, այլ կեղծ, բռնի, ճարահատյալ, հետևաբար և ապարդյուն։ Այո՛, չոր ուղեղով ամեն կերպ կարելի է դատել, բայց ես... օ՜, աստված չանի, որ երբևիցե չոր ուղեղն իշխե իմ մեջ։ Ամենամեծ դժբախտությունն ինձ համար այն օրը կլինի, երբ ես դադարեմ սրտով մտածելուց։ Այժմ, որ գիտեմ, թե ինչու միշտ այնպես տխուր, միշտ այնպես մտախոհ էիր լինում. թե ինչու միշտ այնպես զսպված էիր պահում քեզ, միշտ քաշված և երբեք սրտանց չէիր ուրախանում. այս առավոտ, որ աչքումս տեսա, թե ինչպիսի հուսահատություն էր տիրել քեզ, այդ բոլորը տեսնելուց և հասկանալուց հետո ինչպե՞ս կարող եմ ամբողջ հոգովս չմիանալ քեզ հետ և չզգալ միևնույնը, ինչ որ դու ես զգացել և զգում ես...
Որ գիտենաս, արտասանեց արտասուքը կուլ տալով, որ գիտենաս, Եվա... որքա՜ն մխիթարեցին ինձ խոսքերդ... Չեմ կարող բառերով արտահայտել... Ես հիացած եմ... ես երջանիկ եմ...
Եվան քնքշորեն գրկեց նրա նիհար իրանը։
Եղբայրս վաղուց է գնացել, դու էլ այս գիշեր ես գնում, անհուն սիրով և տխրությամբ շշնջաց նա։ Մինչև այժմ աղոթում էի միայն եղբորս համար, այսուհետև կաղոթեմ և՛ քեզ համար։ Իսկ երբ վերադառնաս, այն ժամանակ... ա՜խ, ինչպիսի՜ կարոտով կսեղմեմ քեզ կրծքիս...
Եվ Եվան դեմքը սեղմեց Աշխենի կրծքին։
Աշխենը պինդ գրկեց նրա գլուխը:
Սենյակում խուլ հեկեկանքի ձայներ լսվեցին։
Չնայելով որ Շահյանն ինքն էր Մինասյանին հրավիրել հյուրանոցից իր մոտ տեղափոխվելու, բայց և այնպես ընկերոջ ներկայությունն իրենց տանը շատ էլ հաճելի չէր նրա համար։ Նա սովոր էր միայնակեցության, իսկ ընկերոջ ներկայությունը ճնշող դրության մեջ էր դրել նրան, թեև Մինասյանը իր գործերի ետևից ընկած, գրեթե ամբողջ օրը դուրսն էր անցկացնում և գալիս էր միայն գիշերները՝ քնելու։ Շահյանը չէր սիրում Մինասյանին, թեև նրա մեջ ատելի ոչինչ չէր գտնում։ Թերևս դրա պատճառն այն էր, որ այդ եռանդուն, այդ գործունյա երիտասարդի մեջ կենդանի նախատինք էր տեսնում իր անշարժության, իր անպետքության համար, մանավանդ որ Մինասյանը, տեղն ընկած ժամանակ, չէր քաշվում նրա ինքնասիրությունը վիրավորող կծու-հեգնական խոսքեր ասել նրան բարեկամորեն։ Ի ներքուստ Շահյանը սաստիկ վիրավորվում էր այդ կշտամբանքներից, բայց, զգալով իր թուլությունը, լռությամբ համաձայնում էր ընկերոջ նկատողություններին և այդ պատճառով ավելի ևս նվաստանում էր ինքն իր աչքում։
Մինասյանից իմանալով, որ նրա գտած վարժուհին Աշխենն է, Շահյանը սկզբում խիստ զարմացավ, հետո ինչ-որ օտարոտի մի թախիծ պաշարեց նրան։ Արդեն ծանոթ լինելով Աշխենի հայացքներին, նա հասկանում էր, որ այդ օտարոտի աղջիկն իր ամեն կերպ ապահովված ու հանգիստ կյանքը զոհում էր գյուղական վարժուհու չարքաշ կյանքին նրա՛ համար, որ իր ուժերին չափ ծառայած լինի ուրիշի բարօրության օգտին։ Դա նոր առիթ էր Շահյանի համար նորից իր սեփական ապիկար անձի դառն քննությանը դառնալու և այնքան ավելի զորեղ առիթ, որքան պատճառը մի աղջիկ էր հանդիսանում։ Նա իրեն շրջապատված էր տեսնում վեհ նպատակների համար անձնական թանկ զոհողություններ անող անձերով, մինչդեռ ինքը փտում էր սենյակի չորս պատերի մեջ, ժամանակը սպանելով Շոպենհաուերի փիլիսոփայության վերաբերյալ շատ տեղ չհասկացած մի գրվածքի թարգմանության վրա։ Շահյանի թախիծն ավելի ևս սաստկանում էր, իր աչքում նա ավելի ևս չնչին, անպետք և ողորմելի արարած էր ներկայանում, երբ Մինասյանը սկսում էր խոսել Աշխենի մասին հիացմունքով։
Մինասյանի և Աշխենի ուղևորության օրը Շահյանն ընկերոջը ճանապարհ դնելու համար ամենևին ցանկություն չուներ երկաթուղու կայարան գնալու, որովհետև առաջուց զգում էր, որ այդ գիշերվա հրաժեշտի ողջույնները մի անջնջելի դառնություն պիտի թողնեին իր առանց այն էլ դառն սրտի վրա։ Եվ, որպեսզի պատրվակ ունենար ընկերական այդ սովորական պարտականության անկատար թողնելն արդարացնելու, ուզեց պատճառ բերել հոր հիվանդությունը, որը վերջին օրերը, հիրավի, վտանգավոր բնավորություն էր ստացել, բայց, աստված գիտե ինչ բանից, ամաչեց և գնաց։
Գնացքը մեկնելուց մի ժամ առաջ Մինասյանն ու Շահյանն արդեն կայարանումն էին։ Կայարանի դահլիճներում փոքր առ փոքր սկսում էր խռնվել ուղևոր, ճանապարհ դնող և ճանապարհորդներ սպասող սովորական բազմալեզու և բազմատարազ հասարակությունը։ Դասական բոլոր պիտույքները մի արկղի մեջ մեխած՝ Մինասյանը հանձնել էր ապրանքների մասը և, ընկերոջը թողած, ինչ-որ հին բարեկամ էր գտել, որի հետ սկսել էր մի երկար ու բարակ խոսակցություն։ Շահյանը կանգնած էր մենակ և նախանձով դիտում էր Մինասյանին, որ իր պարզ վարվեցողաթյամբ, իր հասարակ, մինչև անգամ անճոռնի հագուստի մեջ ակամա համակրանք գրավող ինչ-որ ինքնուրույն բան էր ներկայացնում:
Շատ չանցավ, երևաց Մարությանը, մի փոքրիկհ բարձ կռան տակն առած։ Նա ներս մտավ շտապով մի բեռնակրի հետ, որ շալակած էր Աշխենի իրերը։ Նրա ետևից մտան Թեկլեն, Եվան, Աշխենը և օր. Սահակյանը։
Շահյանը թեև տեսավ նրանց, բայց ցույց տվեց, թե չտեսավ և կամաց հեռու քաշվեց։ Մինչդեռ Մինասյանը, Աշխենին և օր. Սահակյանին տեսնելուն պես (մյուսներին դեռ չէր ճանաչում), շտապով սեղմեց բարեկամի ձեռքը, որի հետ խոսում էր, և ընդառաջ գնաց նրանց։
Դուք արդեն այստե՞ղ եք, բացականչեց օր. Սահակյանը։
Այդ բացականչության վրա Մարությանը հանկարծ կանգ առավ և հետաքրքրությամբ նայեց Մինասյանին։
Պարոն Մարության, ահա՛ պարոն Մինասյանը, խնդրեմ, ծանոթացեք։
Մինասյանը շտապով մոտեցավ Մարությանին և հարգանքով սեղմեց նրա ձեռքը։
Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, մեքենայաբար արտասանեց Մարությանը, հետաքրքիր հայացքը չհեռացնելով Մինասյանի թուխ դեմքից։
Այնուհետև օր. Սահակյանը Մինասյանին ներկայացրեց Թեկլեին և Եվային։
Թեկլեն խիստ թթված դեմքով, կարծես բարկացած, նայեց Մինասյանին և չկամենալով ձեռքը մեկնեց նրան։
Իսկ Եվան, ապուշ կտրածի պես անշարժ հայացքով, ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ, թույլ տալով, որ նա սեղմի։ Նրա աչքերը կարմրել և ուռել էին. երևում էր, որ նա լաց էր եղել և շատ էր լաց եղել։
Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, կրկնեց Մարությանը բարձը մյուս կռան տակն առնելով և շարունակելով դիտել Մինասյանի դեմքը։ Ուրեմն դուք եք պարոն Մինասյանը։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ ծանոթանում ենք։ Ես կարդացել եմ ձեր գրվածքները։ Շատ գեղեցիկ են, հիանալի են։
Այղ միջոցին Շահյանը մոտեցավ նրանց։
Ա՜, մեր հին բարեկամն էլ այստեղ է, բացականչեց Մարությանը։ Ի՞նչ եք շինում այստեղ։
Եկել եմ ընկերոջս ճանապարհ դնելու, ասաց Շահյանը ժպտալով և ընդհանուր բարև տվեց ամենքին։
Այդ ի՞նչ ընկեր է:
Այս պարոնը, ասաց Շահյանը, ցույց տալով Մինասյանին։
Մարությանը արագ նայեց Մինասյանին, հետո՝ դարձյալ Շահյանին։
Մի՞թե դուք ընկեր եք իրար, հարցրեց նա զարմացած։
Եվ հին ընկերներ, նկատեց Մինասյանը ժպտալով։
Ա՛յ քեզ նորություն։ Լավ, երբ որ այդպես էր, ինչո՞ւ մի անգամ միասին չեկաք մեզ մոտ։ Քան թե այստեղ ենք ծանոթանում, հազիր մեր տանը կծանոթանայինք և ժամանակ էլ կունենայինք խոսելու։ Բայց մեղքը ձերը չէ, իհարկե, մեղքը նախ օր. Սահակյանինն է, որ հարկ է համարել այս բանը սարքելու առանց մեր գիտության. այս մասին մենք արդեն բավական կռվել ենք իրար հետ. հետո մեղավոր է պարոն Շահյանը, որը չեմ իմանում ինչու խռովել է մեզնից և այլևս չի գալիս մեր տուն։
Շահյանը փորձեց իրեն պաշտպանել։
Ինչևիցե. այդ մասին ես ուրիշ ժամանակ կկռվեմ ձեզ հետ, վրա բերեց Մարությանը։ Իսկ այժմ գնամ տեսնեմ ինչ արին մեր նոր վարժուհու իրեղենները։
Եվ Մարությանը շտապեց դեպի բագաժի բաժանմունքը։
Նրա բացակայության ժամանակ Մինասյանը օր. Սահակյանին ծանոթացրեց Շահյանի հետ։ Օր. Սահակյանն իր նոր ծանոթի ակնոցներին նայեց այնպիսի համառ հետաքրքրությամբ, որ Շահյանը հասկացավ, թե նա առաջուց արդեն լսել է և շատ էլ լավ գաղափար չի կազմել իր մասին։
Մի քառորդ ժամից ամենքը նստած էին դահլիճում, մի սեղանի շուրջը բոլորած, և Մարությանը երիտասարդական աշխուժով հյուրասիրում էր սեղանակիցներին արտասահմանի գարեջրով։
Խմեցեք, խմեցեք, այս մեր ճանապարհորդների կենացն է, ասում էր նա։ Պարոն Մինասյան, ձեր կենացը։ Ափսոս, հազար ափսոս, որ նոր ենք ծանոթանում։ Ցանկանում եմ ձեր սկսած գործին կատարյալ աջողություն և հարատևություն: Ապրիք, լավ գործ եք սկսել։ Աշխեն, քո կենացը։ Բարի ճանապարհ և բարի վերադարձ։ Ցանկանում եմ, որ մեզ նամակի կարոտ չթողնես։ Ի նկատի ունեցիր, որ մեր ուշքն ու միտքը միշտ քո կողմը կլինի։ Եվա ջան, վերցրու բաժակդ։
Եվան վերցրեց բաժակը, հազիվ կպցրեց շրթունքներին և վայր դրեց։
Նույնն արեցին և մյուսները, բացի Մինասյանից, որը, շնորհակալություն հայտնելով, դատարկեց բաժակը։ Բայց ամենքը լուռ էին։
Ա՞յս ինչ է, միայն ե՞ս էի պարտավոր բարի ճանապարհ մաղթելու, նկատեց Մարությանը զարմացած և դարձավ օր. Սահակյանին։ Օրիորդ, ո՞րտեղ է ձեր լեզուն։
Ես ցույց կտայի ձեզ լեզուս, եթե անքաղաքավարություն շլիներ այդ, ծիծաղեց օր. Սահակյանը։
Օհո՛, այդ լավ բան ասացիք։ Ինձ վրա լեզու հանել հարկավոր չէ. ես ուզում եմ, որ դուք խոսեք։
Այդ բանը պահանջեցեք ձեր աղջկանից։ Տեսեք ինչպես է նստած։
Եվայի՞ց... Եվայից ես միայն մի բան կարող եմ պահանջել, որը, ասենք, առանց իմ պահանջելու էլ կանի մի քիչ էլ լաց լինել:
Եվան, առանց կատակի, հոնքերը կիտեց և դեմքը բարկացած շրջեց հորից։
Լավ, էլ ինչո՞ւ ես ինձ վրա բարկանում, նկատեց հայրը, բարկացիր Աշխենի վրա։
Աշխենը, որ նստած էր Եվայի մոտ, թեքվեց դեպի նա և շշնջաց նրա ականջին.
Եվա, ինչո՞ւ ես ինձ այսպիսի անհարմար դրության մեջ դնում։
Եվան ոչինչ չասաց, թաշկինակը հանեց և ծայրով սրբեց աչքերից դուրս ցայտած արտասուքը։
Չասացի՞, չասացի՞, բացականչեց Մարությանը և ծիծաղեց։ Մի բան ասեմ, պարոններ. կա՞ արդյոք աշխարհիս երեսին մի ուրիշ տեղ, ուր այնքան շատ արտասուքներ լինին թափվում, որքան երկաթուղիների կայարաններում, նավամատույցներում և առհասարակ այն տեղերում, ուր մարդիկ բաժանվում են իրարից։ Եվ ի՞նչ բան է հրաժեշտի ժամը, որ այսքան ծանր տպավորություն է թողնում մարդու վրա։ Ինչևիցե, փիլիսոփայություններ անելու ժամանակ չէ։ Խմենք մի բաժակ էլ։ Գիտե՞ք՝ ում կենացն եմ ուզում խմել, պարոն Մինասյան։ Ուզում եմ խմել իմ մեծ որդուս կենացը, որը...
Ի դեպ, վրա բերեց Մինասյանը։ Օր. Սահակյանից այսօր միայն իմացա, որ Արմենակ Մարությանը ձեր որդին է եղել։
Դուք ճանաչո՞ւմ եք նրան։
Ես նրա հետ ծանոթացել եմ Լայպցիգում, ուսանողական մի ժողովում։
Սպասեցեք։ Մի՞թե դուք եղել եք Գերմանիայում, հարցրեց Մարությանը զարմացած։
Ես գյուղատնտեսությունը սովորել եմ Ֆրանսիայում, բայց Գերմանիայումն էլ եմ եղել։
Ա՛յ քեզ բան, բացականչեց Մարությանը կատարելապես ապշած, դիտելով Մինասյանի արտաքինը։ Իսկ ես կարծում էի, թե դուք ձեր գյուղից դուրս աշխարհ չեք տեսել, որովհետև մեզանում տեսնված բա՞ն է միթե գնալ Եվրոպա և վերադառնալ առանց ցիլինդրի և ձեռնոցների։
Ես կարծում եմ, որ այդ բանում ձեզ ինձնից առաջ պիտի համոզեր ձեր որդին, նկատեց Մինասյանը ժպտալով։
Մարությանը լրջորեն բռնեց նրա թևից, արմունկից բարձր, և, մտքով նրա կողմը, հայացքը կենտրոնացրեց Աշխենի վրա։
Բանն այն է, բարեկամ, ասաց նա, որ որդուս մինչև այժմ բացառություն էի համարում, իսկ այժմ տեսնում եմ, որ այդ բացառությունն իր երկվորյակն ունի և այդ երկվորյակը ճարել է իր երրորդյակը, եթե կարելի է այսպես ասել, թեև բոլորովին ուրիշ, բայց նույնքան հանրօգուտ ասպարեզում... Ասում եք՝ Գերմանիայում էլ եք եղել։ Ես ինքս եղել եմ Գերմանիայում, երբ որդիս ուսանող ժամանակ հիվանդացել էր։ Իմ որդին... Գիտե՞ք դուք այժմ որտեղ է նա։
Օր. Սահակյանը պատմեց։
Լա՞վ է արել, թե ոչ։ Նրա արածը պատիվ է բերում նրան և ձեզ։
Ես կարծում եմ։ Գոնե ես, իբր հայր, պարծենում եմ նրանով։ Հա՛յ գիդի հա՛, որ հիշում եմ նրա հետ ունեցած վիճաբանություններս... Նրա՛ կենացը, պարոն Մինասյան։ Նրա կենացի հետ միասին խմում եմ և ձեր կենացը։ Գուցե ձեր և որդուս արածը չնչին բան է, բայց եթե մեր բոլոր կարող երիտասարդներից ամեն մեկը մի-մի այդպիսի չնչին բան աներ, որպիսի՜ հսկայական գործ դուրս կգար վերջը... բաժակները խփենք իրար։ Ա՛խ, ինչքան նեղանում եմ, որ այստեղ ենք միայն ծանոթանում...
Դուրսը, ընդարձակ պլատֆորմի ծածկոցի տակ, խուլ արձագանք տալով, լսվեց զանգի զրնգզրնգոցը։ Դա նշան էր, թե գնացքը դուրս է եկել մերձակա կայարանից։
Եվան ցնցվեց և անզգա հայացքով նայեց շուրջը։
Դահլիճում իրարանցում ընկավ։
Մինասյանը շտապով վեր կացավ։
Ներեցեք, ասաց, պետք է տոմսակ վերցնել։
Սպասեցեք, ի՞նչ եք շտապում, դեռ ժամանակ շատ կա, պահեց նրան Մարությանը և նստեցրեց իր տեղում, իսկ ինքը վեր կացավ։ Նստեցեք, ես իսկույն գալիս եմ։ Օրիորդ, դիմեց նա օր. Սահակյանին, խնդրում եմ, մի թողնեք, որ Եվան այդպես նորահարսի պես նստած մնա։
Եվ նա շտապով հեռացավ։
Եվան բարկացոտ հայացքով նայեց նրա ետևից։
Օր. Սահակյանը նայեց նրա դեմքին և ծիծաղեց։
Լսեցի՞ր, ինչ ասաց հայրդ, ուրեմն խոսիր, ասաց նա։
Եվան այս անգամ հանգիստ հայացքով նայեց օր. Սահակյանին և դարձյալ լուռ մնաց։
Լավ, ինչո՞ւ չես խոսում։
Ի՞նչ խոսեմ, վերջապես արտասանեց Եվան խաղաղ ձայնով։
Ես ի՞նչ գիտեմ. լռությունը քեզ չի սազում։
Զարմանալի է, նկատեց Թեկլեն դժգոհությամ, ըստ երևույթին անկարող լինելով այլևս զսպել իրեն. այ, միշտ այդպես է, ինչպես որ կա. չխոսկան հարս է դառել գլխիս, իսկ առաջ զահլաս էր տանում, այնքան խոսում ու ծիծաղում էր։
Պատճառն, ասենք, հասկանալի է. չէ՞ որ քույրը հեռանում է, նկատեց օր. Սահակյանը՝ ժպտալով նայելով Եվայի մեծ-մեծ աչքերին, որ նա մտախոհությամբ ուղղել էր դեպի դահլիճի խորքը։
Թող այդպես ասի, վրա թերեց Թեկլեն. թող գոնե մի անգամ խնդրած լինի, որ չգնա։
Եվան նեղսրտությամբ շարժվեց իր տեղում։
Մայրիկ, ի՞նչ հարկ կա այդ մասին խոսելու։ Մեծ ցավ չէ, որ այլևս չեմ խոսում ու ծիծաղում։
Մեծ ցավն այն է, որ քեզ այդպես մաշում ես։ Տես, այս երկու օրվա մեջ ինչ ես դառել։
Է՛հ, զսպած զայրացկոտությամբ արտասանեց Եվան և մինչև անգամ դեմքը շրջեց մորից։
Թեկլեն նայեց աղջկան խիստ ջգրած, ուզեց բան ասել, բայց զսպեց իրեն և լռեց։ Նա զգում էր, որ Աշխենի դեմ իր մեջ մի քանի օրվա ընթացքում հավաքված բարկությունը պատրաստ է պայթելու, բայց տեղն անհարմար էր:
Մոր և աղջկա մեջ տեղի ունեցած այդ ընդհարման ժամանակ Աշխենը վերին աստիճանի անհարմար դրության մեջ էր զգում իրեն։ Նա ավելի քան հասկանում էր, որ հորեղբոր կինը կատաղած է իր դեմ. տեսնում էր, որ այդ ընդհարման պատճառն ինքն է, ուստի ինչքան ուզում էր միջամտել իրեն ճնշող այդ խոսակցությանը վերջ դնելու համար, ոչինչ չէր կարողանում ասել։ Առհասարակ նա զարմանալի վախկոտ էր դարձել Եվային արած խոստովանությունից հետո։
Կարճ ժամանակ խիստ ճնշող լռություն տիրեց։ Մայր ու աղջիկ, կարծես իրարից խռոված, նայում էին իրար հակառակ կողմը։ Աշխենն անհանգստությամբ շուռ ու մուռ էր գալիս աթոռի վրա, մեքենայաբար նայելով դահլիճում իրար անցնող հասարակությանը։ Իսկ մնացածներն՝ անախորժ, անորոշ տպավորության տակ՝ չէին իմանում ինչ ասեն։
Այդ միջոցին վրա հասավ Մարությանը։
Է՛ռի-հա՜, մի րոպե հեռացա, և դուք ոչինչ չեք գտնում խոսելու, բացականչեց նա։ Ասենք, Եվան երդվել է այլևս չխոսել, դո՞ւք ինչ եք, մանավանդ դո՛ւք, օրիորդ, դիմեց նա օր. Սահակյանին։ Ինչպես տեսնում եմ, որքան Եվայի քույրն է հեռանում, նույնքան և ձերը։ Ես ձեզ այդքան թուլասիրտ չէի կարծում։ Համենայն դեպս, դուք ամենքդ էլ անշնորհք եք. ձեզ հետ ոչ կարելի է քեֆ անել, ոչ ճանապարհորդել. դուք կքնեցնեք մարդու։ Պարոն Մինասյան, համեցեք, այս ձեզ, այս էլ քեզ, Աշխեն ջան։
Այդ ասելով, նա երկու տոմսակ դրեց՝ մեկը Մինասյանի, մյուսը Աշխենի առաջ։ Տոմսակներն երկրորդ կարգի էին։
Նստեցեք ձեզ համար փափուկ նստարանների վրա ու հայդա, ավելացրեց նա, շտապով նստելով իր տեղը։
Մինասյանը զարմացած վերցրեց տոմսակը, նայեց և բերանը բաց արեց, որ բան ասի, բայց Մարությանը բռնեց նրա թևից և դրանով հասկացրեց, որ ավելորդ է այդ մասին խոսելը։
Դե՛հ, խմենք վերջին բաժակը, կանչեց նա։ Աշխեն ջան, դարձյալ և առանձնապես քո՛ կենացը։ Հավատացիր, ես էլ Եվայի նման... ներողություն, երեխայի նման լաց կլինեի և չէի թողնիլ, որ գնաս, եթե համոզված չլինեի, որ ապարդյուն գործի համար չես գնում։ Այսօրվանից ազատ ես, թռիր ուր ուզում ես։ Այն աստիճան վստահ եմ քեզ վրա, որ խիղճս երբեք չպիտի տանջի ինձ, թե վատ բան եմ արել, որ քեզ, եթե կարելի է այսպես ասել, քե՛զ եմ հանձնել։ Ինձ տանջել միայն կարող է կարոտը, և հա՞րկ կա ասելու, թե ի՛նչպիսի ուրախության օր կլինի ինձ համար ա՛յն օրը, երբ նորից կտեսնեմ քեզ ողջ, առողջ, անհուսաբեկ։ Բայց հույսս մե՜ծ է։ Մինչև այժմ իմ ամենամեծ բաղձանքն այն է եղել, որ արժանանամ իմ Արմենակի տեսությանը. այսօրվանից նույնպիսի մի բաղձանքի առիթ տալիս է և ի՛մ Աշխենը։ Բարով գնաս, սիրելիս, զավակս։ Հայրական սրտով օրհնում եմ ճանապարհդ։ Աստված տա, որ դու էլ, իմ Արմենակի նման, մեր ընտանիքի պարծանքը դառնաս։ Խփենք բաժակները: Այդպե՛ս։ Կեցցե՜ս։ Կրկին և միլիոն անգամ բարի ճանապարհ և բարի վերադարձ։
Եվ Մարությանը մի շնչում դատարկեց բաժակը։
Մինասյանը, որը հիացած էր մնացել այդ վերին աստիճանի շարժուն ու կենդանի մարդուց, վերջին խոսքերի ժամանակ արտասուքի կաթիլներ նկատեց նրա աչքերի մեջ: Նա նայեց Աշխենի լուրջ, գունատ դեմքին և տեսավ, որ նրա վայր թողած աչքերն էլ թաց են եղել։
Ե՛վա, վերջապես, դա բանի նման չէ, ասաց հայրը, դատարկ բաժակը փոքր-ինչ սաստկությամբ դնելով սեղանի վրա։ Հավատացիր, կատակ չեմ անում, ականջս այն աստիճան սովորել է ձայնիդ, որ ուղղակի անտանելի է ինձ համար, երբ չես խոսում։
Եվայի աչքերի կոպերը դողդողացին։
Հայրիկ, դու ինձ նեղացնում ես, արտասանեց նա լացակումած ձայնով և շուռ եկավ աթոռի վրա։
Մարությանը լռեց և տխուր մտահոգությամբ մնաց նայելիս աղջկա դեմքին։
Թեկլեն վիրավորված հանգստությամբ նայում էր այս ու այն կողմ և երբեմն-երբեմն անհաշտ հայացքներ էր նետում Աշխենի վրա։
Օր. Սահակյանը կարեկցությամբ նայում էր Եվային և, հակառակ իր սովորության, թե տխուր էր և թե հենց սկզբից տրամադրություն չուներ խոսելու։
Մինասյանը, իբրև օտար, նույնպես նայում էր Եվային, և նրան հիացնում էր այդ աղջկա անբիծ գեղեցկությունը, որ այս անգամ, տխրության մեջ, ինչ-որ տրագիկական-մելամաղձիկ դրոշմ էր կրում։
Իսկ Շահյանի թախիծն այն աստիճան սաստկացել էր, որ նա մինչև անգամ կորցրել էր զգալու ընդունակությունը։
Այնինչ, Աշխենը, հորեղբոր խոսքերի զորեղ ազդեցության տակ, չէր իմանում, թե ինչ է կատարվում շուրջը:
Կարծեմ, գնացքն արդեն եկել է, ասաց Մինասյանը։
Մարությանը հանկարծ սթափվեց իր մտախոհ դրությունից։
Ա՜, արդե՞ն, արտասանեց նա և մեքենայաբար վեր կացավ տեղից։
Նրա հետ վեր կացան և մյուսները։
Դահլիճում իրարանցումը սաստկացել էր։ Դեպի պլատֆորմ տանող դուռն անդադար բաց ու խուփ էր լինում, և ներս էին մտնում ամեն տեսակ մարդիկ. ձմեռվա վերարկուների մեջ կոլոլված, ճամպրուկներով և բազմազան փաթեթներով: Դահլիճում գտնված մարդիկ իրենց հերթին, վերցնելով իրենց ճանապարհորդական իրերը, շտապում էին դեպի դուրս, դռան մոտ ամբոխվելով և իրար բոթբթելով։ Այդ միջոցին Շահյանի աչքովն ընկավ և իսկույն էլ կորավ բազմության մեջ մի ծանոթ դեմք։ «Բազենյանը չէ՞ր արդյոք», մտածեց նա։
Դեռ երկրորդ զանգը չէին տվել, որ Մարությանները, օր. Սահակյանը, Մինասյանն ու Շահյանն արդեն վագոնումն էին։ Այստեղ արդեն ամենքն էլ հրաժեշտի վերջին րոպեի ծանր ազդեցության տակ էին։ Թեկլեի սիրտը կակղել էր, նրա աչքերի մեջ մինչև անգամ արցունքներ էին նկատվում. նա խորհուրդ էր տալիս Աշխենին, որ լավ պահի իրեն, չմրսի, չհիվանդանա։ Մարությանը խնդրում էր, որ Աշխենը որքան կարելի է՝ հաճախ նամակ գրի իրենց։ Օր. Սահակյանը նույնն էր խնդրում ընկերուհուց։ Մինասյանը սովոր ձեռքով տեղավորում էր իր և Աշխենի իրեղենները։ Եվան լուռ էր և սառն հանգստությամբ դիտում էր Մինասյանի արագ շարժումները։ Իսկ Շահյանը, ինքն իր մեջ կենտրոնացած, քաշվել էր մի կողմ և ապուշի նման նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին, նայելով, թե ով էր խոսում, և զգում էր, որ հենց սկզբից մի ավելորդ մարդ է Մարությանների, Մինասյանի և օր. Սահակյանի ընկերության մեջ, իսկ այժմ վագոնի այդ նեղ պատերի մեջ արդեն խանգարում է նրանց ազատ շարժվելուն։ Սրտի անպատմելի դառնությամբ նա տեսնում էր, որ ոչ ոք ուշք չի դարձնում իր վրա, կարծես ինքն այնտեղ չլիներ, կարծես մի երեխա, մի ծառա լիներ կանգնած այնտեղ։
Լսվեց երկրորդ զանգի զրնգզրնգոցը։
Եվան, առաջվա նման, դարձյալ ցնցվեց, բայց անշարժ մնաց տեղը։ Մինչդեռ մյուսները շտապեցին իրենց հրաժեշտը տալ ուղևորներին։
Թեկլեն մի քանի անգամ համբուրեց Աշխենին և հազիվ զսպեց արտասուքը։ «Լավ պահիր քեզ, որդիս, լավ պահիր», վերջին անգամ կրկնեց նա։
Օր. Սահակյանը, արցունքն աչքերին, գրկվեց և համբուրվեց հեռացող ընկերուհու հետ և պինդ սեղմեց Մինասյանի ձեռքը։
Մարությանը ոչ մի կերպ չէր ուզում ընկճվել հրաժեշտի ծանր րոպեի ազդեցության տակ. կարծես իրեն և մյուսներին սիրտ տալու համար բռնի աշխուժով սեղմեց եղբոր աղջկա և Մինասյանի ձեռքը, չմոռանալով մի անգամ ևս կրկնել, որ Աշխենը շուտ-շուտ նամակ գրի իրենց։ Բայց և այնպես նրա աչքերը լիքն էին արտասուքով։
Հետո մոտեցավ Շահյանը և, հազիվ սեղմելով Աշխենի և ընկերոջ ձեռքը, շտապեց ամենից առաջ դուրս գնալ վագոնից։
Ամենից վերջը Եվան տվեց իր հրաժեշտը հեռացողներին։ Նա ոչ մի խոսք չարտասանեց, միայն կամաց փաթաթվեց Աշխենի վզովը և դեմքը սեղմեց նրա կրծքին։ Մի վայրկյան նրա ուսերը սաստիկ ցնցվեցին։
Աշխենի աչքերը վաղուց արդեն լցված էին արցունքով։ Նա նույնպես ոչ մի խոսք չկարողացավ արտասանել. միայն դողդողացող շրթունքները երկար ժամանակ սեղմած պահեց Եվայի դեմքի վրա, ականջի մոտ։
Բսվական է, բավական է, կանչեց Մարությանը, տեսնելով, որ նրանք չեն ուզում բաց թողնել իրար։ Շուտով երրորդ զանգը կտա։
Եվան հանկարծ թողեց Աշխենին և, առանց նայելու նրան, դուրս վազեց վագոնից։
Մարությաններն ու օր. Սահակյանը դուրսը խմբվեցին վագոնի լուսամուտի տակ։ Շահյանը չքացել էր. նրա բացակայությունը ոչ ոք չնկատեց էլ։ Աշխենը գլուխը դուրս էր հանել լուսամուտից։ Նրա ետևից երևում էր Մինասյանի գլուխը։ Աշխենի և Եվայի աչքերը սաստիկ կարմրել էին։ Երկու կողմից էլ կցկտուր խոսքեր էին փոխանակվում։
Զանգն երրորդ անգամ զրնգզրնգաց։ Մի կոնդուկտոր, վառ լապտերը ձեռքին, շտապ քայլերով անցավ վագոնների լուսամուտների տակով։ Վագոնների դռներն սկսեցին չրխկոցով փակվել։ Լսվեց ավագ կոնդուկտորի սուլիչի դողդոջուն սուր ձայնը։ Շոգեմեքենան սուլեց և տնքաց։ Վագոնների երկայն շարքը հանկարծ ցնցվեց, մի վայրկյան մնաց անշարժ, հետո սահուն կերպով սկսեց առաջ շարժվել։
Գնա՜ք բարյավ, բարի՜ ճանապարհ, վերջին անգամ կանչեց Մարությանը, գլխարկը շարժելով։
Ամենքը մեխված մնացին իրենց տեղում, մինչև որ վագոնների մութ շարքը միախառնվեց գիշերային մթության հետ, հեռվից ուղարկելով միայն անիվների հետզհետե խլացող գռգռոցն ու շոգեմեքենայի արագ հևքը։