Նար-Դոս

Մահը

12

Երրորդ մաս

1

Շահյանը ճաշը նոր վերջացրել և, ըստ սովորականին, պառկել էր, որ քնի, մեկ էլ վերմակի տակից լսեց, որ դուռը բացվեց զգուշորեն։

Լևո՛ն, լսեց նա մոր ձայնը։

Այդ ձայնը տարօրինակ շշնջյունով և խիստ խորհրդավոր հնչեց նրա ականջին։ Վերմակը արագ ետ քաշեց դեմքից և հարցական հայացքով լուռ նայեց մոր աչքերին։

Ինչ-որ կին է եկել, քեզ է ուզում տեսնել։

Կի՞ն... ի՞նչ կին, զարմացավ Շահյանը։

Չգիտեմ։

Շահյանը դեն շպրտեց վերմակը և նստեց։ Ինչքան էլ որ նա հետաքրքրությամբ հարցուփորձ արեց, այնուամենայնիվ մոր պատասխաններից չկարողացավ իմանալ, թե ով կարող էր լինել իրեն տեսնել կամեցող կինը։ Շահյանի մայրն ինքն անձամբ չէր տեսել այդ կնոջը, այլ ասում էր այն, ինչ որ ասել էր իրեն նրան ներս հրավիրող ծառան։ Շահյանի հետաքրքրությունը խիստ լարվեց մանավանդ այն ժամանակ, երբ իմացավ, որ այցելու կինը չափազանց կարևոր գործ ունի իր հետ և անպատճառ ուզում է տեսնել իրեն։ Այդպիսի անծանոթ մի հյուրի այցելություն այնպիսի եզակի երևույթ էր նրա փակ կյանքի մեջ, որ մինչև անգամ իր ծուլությանը հատուկ դժգոհություն չզգաց նա, երբ տեսավ, որ ստիպված է խանգարել իր սովորական հանգիստը։

Իսկույն վեր կացավ, կարելույն լափ շտապով լվացվեց, հագնվեց, մազերը սանրեց, շտկվեց, թաշկինակով սրբեց ակնոցի ապակիները, դրեց աչքերին և սրտի թեթև դողոցով դիմեց դեպի հյուրասենյակ, ուր ծառան ներս էր հրավիրել այցելու կնոջը։

Հյուրասենյակում սպասող այցելուն պանի Զդանևիչն էր։ Նախասենյակում նա չէր հանել իր երկայն ու լայն վերարկուն, որի սպիտակ մորթուց կարված օձիքի երկայն ու գանգուր մազերն օձապտույտ իջնում էին ուսերից։ Գլխին փաթաթած էր նուրբ գործվածքի մետաքսյա սև շալ, որի տակ նրա խիստ հարուստ մազերը, ծոծրակի վրա հավաքված, սար էին կազմել։ Շահյանին սպասելով ետ ու առաջ էր քայլում հյուրասենյակի երկարությամբ փռված գորգի վրա, և նրա երկայն վերարկուի փոքր-ինչ ցեխոտ փեշերն ետևից քարշ էին գալիս գետնին։

Այն հանգամանքը, որ այցելուն պանի Զդանևիչն էր, այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ հյուրասենյակը մտնելուն պես ապշած կանգ առավ ակամա, մոռանալով հյուրասիրության ամենատարրական պայմաններն անգամ։

Տեսնում եմ, որ չէիք սպասում, թե ե՛ս կարող եմ լինել, խոսեց պանի Զդաևևիչն, արագ մոտենալով և մեկնելով նրան իր ձեռքը, որի վրա ձեռնոց չուներ։ Ներեցե՛ք, խնդրում եմ. տեսնում եմ, որ ձեզ խիստ անժամանակ եմ անհանգստացրել։

Շահյանը խիստ շփոթված, բայց պինդ սեղմեց նրա տաք ձեռքը և արագ շարժումներով, անկապ բառերով խնդրեց, որ նստի։

Պանի Զդանևիչը նստեց Շահյանի առաջարկած բազկաթոռի վրա, նախապես վերցնելով վերարկուն ու գլխի ծածկոցը։ Շահյանը ծառայություն մատուցանելու նախապատրաստ մարդու արագությամբ առավ նրա ձեռքից վերարկուն, որը զարմանալի թեթև թվաց, տարավ դրեց աթոռներից մեկի վրա և նույն արագությամբ մի աթոռ առնելով, մոտ բերեց, բայց չնստեց։ Նոր զգաց, որ հյուրասենյակում բավական ցուրտ էր, որովհետև երկար ժամանակից ի վեր վառարան չէր վառվել այդտեղ, ուստի պանի Զդանևիչին հրավիրեց իր առանձնասենյակը, որտեղ վառարանն ամեն օր վառվում էր։ Բավական կոկիկ կահավորված և զարդարված տաք առանձնասենյակում պանի Զդանևիչին բազմեցրեց մութաքաներով և ասեղնագործ թավշյա բարձիկներով զարդարված փոքրիկ բազմոցի վրա, իսկ ինքը դարձյալ մի աթոռ առավ, մոտ բերեց, բայց դարձյալ չնստեց։ Այժմ նա այնքան տիրապետում էր իրեն, որ կարողացավ, թեև անշնորհք կերպով, իր «անչափ ուրախությունը» հայտնել պանի Զդանևիչի անսպասելի այցելության համար։

Անսպասելի ոչ թե միայն ձեզ, այլև ինձ համար, պարոն Շահյան, վրա բերեց պանի Զդանևիչը և նայեց նրա ակնոցներին խիստ տխուր ժպիտով։ Այս իմ առաջին այցելությունն է, որ երևի և վերջինը կլինի։

Դուք գնո՞ւմ եք։

Պանի Զդանևիչը ծանր թառանչ արձակեց։

Այո՛, պարոն Շահյան, ես հեռանում եմ, ծանր հանդիսավոր ձայնով արտասանեց նա, իր հանգիստ դառնությամբ լի աչքերը չհեռացնելով Շահյանի ակնոցից։ Հեռանում եմ ամեն կերպ ստորացած, ամեն կերպ անարգված, ամեն կերպ... խայտառակված։

Նրա լայն բացած աչքերի կոպերը և լիքը կզակը դողդողացին։ Նա շրթունքները պինդ սեղմեց իրար այն մարդու նման, որի սիրտը հանկարծ լցվում է։ Այնուհետև, առանց շտապելու, հանեց թաշկինակը և սկսեց ծայրով սրբել արտասվակալած աչքերը։

Շահյանը չափազանց հետաքրքրվեց։ Նա նոր էր տեսնում, որ պանի Զդանևիչի մեջ մեծ փոփոխություն էր կատարվել։ Արտաքինով այդ կինը նույնն էր, նույն հսկա, «սարսափելի» գեղեցիկ և վեհանձն կինը. բայց նրա խորհրդավոր խոսքերը, նրա ճնշված ձայնը, հուսահատական հայացքը, վերջապես այդ արտասուքը... ի՞նչ էին նշանակում դրանք... Շահյանը կամաց նստեց աթոռի վրա և գրեթե շշնջալով, կարծես վախենալով, հարցրեց.

Պանի Զդանևիչ, ի՞նչ է պատահել։

Պանի Զդանևիչը թաշկինակը հեռացրեց աչքերից։

Մի՞թե, հիրավի, դուք ոչինչ չգիտեք, հարցրեց նա արագախոսությամբ։ Մի՞թե գոնե չեք կասկածել...

Ի՞նչ։

Պանի Զդանևիչը կարճ ժամանակ զարմացած նայեց Շահյանի աչքերին։ Մի տեսակ մանկական վախկոտ ապշություն արտահայտող այդ անալի աչքերն այնքան բարի, այնքան միամիտ էին և այնպիսի վստահություն ներշնչող, որ պանի Զդանևիչը նստած տեղում ակամա մի շարժում գործեց, որով կարծես ուզում էր մոտենալ նրան և առնել նրա ձեռքը։

Լսեցեք, պարոն Շահյան, շշնջաց նա նույն արագախոսությամբ, և նրա ձայնը դողում էր կոկորդի մեջ։ Թեև իսկապես ոչ դուք եք ճանաչում ինձ, ոչ ես ձեզ, բայց և այնպես ինձ թվում է, թե սիրտս չի խաբել ինձ, որ եկել եմ ձեզ մոտ, իբրև եղբորս մոտ, որի առաջ կարող եմ թափել սրտիս բոլոր դառնությունը... Այո՛, դուք չգիտեք, թե ով եմ ես, և եթե իմանաք, պիտի ապշեք, թե ինչպես ես այժմ խոսում եմ ձեզ մոտ այնպիսի հուսահատությամբ, այսպես լաց եմ լինում ձեր առաջ...

Եվ պանի Զդանևիչն այս անգամ հեկեկաց, թաշկինակը պինդ սեղմելով աչքերին։

Շահյանը փշաքաղվեց և չափազանց անհարմար դրության մեջ զգաց իրեն։ Մինչև այժմ պանի Զդանևիչի վրա նայում էր այն աստիճան պատկառանքով, այդ կնոջ արտաքինն այն աստիճան ճնշում էր նրան իր սքանչելի վեհությամբ, իր տիպական գեղեցկությամբ, որ այժմ այդ հպարտ կնոջ հեծկլտանքը կատարյալ մի դիսոնանս էր առաջացնում նրա զգացումների և տպավորությունների միջև։ Առաջվա վեհանձն, իշխող, ընկճող պանի Զդանևիչն ընկել էր իր բարձրությունից այն աստիճան, որ այժմ դարձել էր պարզապես ողորմելի, կարեկցություն շարժող հասարակ մի կին։ Շահյանը հիշեց, որ պանի Զդանևիչին այդպիսի դրության մեջ, թեև րոպեաբար և հեռվից, տեսել էր մեկ էլ «Լոնդոն» հյուրանոցի միջանցքում, երբ նա լացակումած դուրս եկավ Բազենյանի սենյակից։ Այդ հիշողությունը Շահյանի մտքի մեջ կայծակի արագությամբ վերարտադրեց պանի Զդանևիչի և Բազենյանի միջև եղած խորհրդավոր հարաբերությունների այն պարագաները, որոնց ինքն անձամբ ականատես էր եղել նախ «Միխայլովո» կայարանում, հետո «Լոնդոն» հյուրանոցում, հիվանդ Բազենյանին այցելած ժամանակ։ Եվ նա, որ մինչև այժմ լոկ ենթադրություններով էր գոհացում տալիս իր ակամա հետաքրքրությանն այդ հարաբերությունների իսկական բնավորության մասին, այժմ միանգամից, թեև ոչ բոլորովին, կարծես գլխի ընկավ, թե ի՞նչ էին նշանակում պանի Զդանևիչի կցկտուր խոսքերը, նրա հուսահատական հեկեկանքը...

Մինչդեռ Շահյանն, այդ հայտնագործությունից ապշած, խոսք չէր գտնում ասելու, պանի Զդանևիչը, թաշկինակն աչքերին սեղմած, շարունակում էր զսպած կերպով հեծկլտալ, որից նրա հսկայական մարմինը ցնցվում էր ամբողջապես:

Հանկարծ վերին աստիճանի անկեղծ և հարգական-կարեկցական մի զգացում շարժեց Շահյանի սիրտն այն աստիճան, որ նա մոռացավ իր բնածին ամոթխած անվստահությունը և, մեքենայաբար վեր կենալով, մոտեցավ պանի Զդանևիչին։

Պանի Զդանևիչ, շշնջաց նա։ Հանգստացեք, խնդրում եմ։

Պանի Զդանևիչը հանկարծ դադարեց հեծկլտալուց, արագ վեր կացավ տեղից և հուսահատական աղերսանքով առավ նրա ձեռքը։

Պարո՛ն Շահյան, սիրելի՛ բարեկամ, արտասանեց նա, արտասուքը կուլ տալով: Աններելի անմտությունս է, թե ճակատագիրս, ձգել է ինձ այս օտար, այս անծանոթ քաղաքը, ուր բացի ձեզնից, ոչ մի բարեկամ չեմ ճանաչում, չունիմ։ Եվ ահա ես եկել եմ ձեզ մոտ, իբր մի մարդու մոտ, որը, հավատացած եմ, կհասկանա ինձ, կմտնի դրությունս, չի դատապարտիլ ինձ և... չի խնայիլ իր օգնությունը։ Ինձ չափազանց հեռու կտանի, եթե պատմեմ ձեզ, թե ի՛նչն է ստիպել ինձ, որ եկել եմ ձեր դուռը։ Բավական է ասեմ, որ ձեր ընկերոջ՝ Բազենյանի շնորհիվ ես այժմ զրկված եմ միանգամայն ոչ թե միայն իմ դիրքից, իմ անունից, իմ պատվից, այլև իմ ամբողջ կարողությունից... Նա բերեց ինձ այստեղ, ձգեց մենակ ու անօգնական և... փախավ։ Փախավ ամենաանարգ կերպով, փախավ թաքուն, գողի նման... Եվ, ահա, ստիպված եկել եմ ձեզ մոտ... Ուզում եմ վերադառնալ... միջոց չունիմ, որովհետև կողոպտված եմ... Եթե դուք... Ես պատրաստ եմ մուրհակ... տոկոս տալ...

Շահյանը կամաց ազատեց իր ձեռքը ցնցողաբար սեղմող ձեռքի միջից։

Որքա՞ն կկամենայիք, հարցրեց նա հանգիստ, լուրջ ձայնով։

Այսպես... մի երկու հարյուր... ավելի չէ։ Ես պատրաստ եմ...

Շահյանը ձեռքի շարժումով հասկացրեց նրան, որ հարկավոր չէ այդ մասին խոսել, արագ մոտեցավ գրասեղանին, դուրս քաշեց գզրոցներից մեկը և միջից հանեց մի կույտ թղթադրամ։ Այդ իր կալվածների ամսական վարձագնի մի մասն էր, որ Ստեփանը՝ կալվածների կառավարիչը, հավաքել և մի քանի օր առաջ հանձնել էր նրան։ Նա համարեց քսան հատ տասըռուբլիանոց, սակայն առանց հաշիվ տալու իրեն՝ ճիշտ քսան հատ համարեց, թե ավելի կամ պակաս, որովհետև խիստ հուզված էր, և դրեց պանի Զդանևիչի առաջ։

Պանի Զդանևիչը սաստիկ զգացված, արտասուքն աչքերին, մոտեցավ նրան, բայց նա ետ քաշվեց և արագախոսությամբ նկատեց.

Եթե շնորհակալություն պիտի հայտնեք, ես դուրս կգնամ։

Պանի Զդանևիչը ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի նա։

Ոչ, ես ոչինչ չեմ ասիլ. միայն թույլ տվեք սեղմեմ ձեր բարի ձեռքը։

Շահյանը պարզեց ձեռքը։

Պանի Զդանևիչը առավ այդ ձեռքն իր տաք ձեռքերի մեջ և լուռ հիացմունքով, անհուն երախտագիտությամբ սեղմեց իր փափուկ կրծքին։

2

Շահյանը մինչև փողոցի դուռը ճանապարհ ձգեց պանի Զդանևիչին։ Այստեղ նա վերին աստիճանի հարգանքով բաժանվեց պանի Զդանևիչից և չհեռացավ դռնից, մինչև որ պանի Զդանևիչը, վերարկուի երկայն փեշը սառած ձյունի վրա քարշ տալով ետևից, ծռվեց փողոցի անկյունը և չքացավ։ Նա դուռը փակեց և վազեց վերև։

Սանդուղքի գլխին, նախասենյակում, նրա դեմն ելավ մայրը։

Ո՞վ էր, հարցրեց Թամարը հետաքրքրությամբ։

Շահյանը հանկարծ բոլորովին հակառակ իր բնավորության, կատակ անելու տրամադրություն զգաց։

իմ սիրուհին, մայրիկ, բացականչեց նա։ Եվ գիտե՞ս ինչու էր եկել։ Եկել էր փող խնդրելու։ Ես էլ տվի։

Ես էլ հավատացի, հանգիստ նկատեց մայրը։

Այդ ավելի լավ, որ չես հավատում, նկատեց Շահյանը ծիծաղելով։ Բայց տեսա՞ր նրան։

Տեսա։

Հավանեցի՞ր։ Սիրուն էր, չէ՞։ Ես տգեղ սիրուհիներ չեմ պահիլ:

Մայրն այս անգամ պարզապես ապշած նայեց որդու անսովոր ուրախությունից փայլող աչքերին։

Լևո՞ն, այդ ինչե՜ր ես ասում...

Ի՞նչ է, ամենքը սիրուհի են պահում, ես էլ որ պահեմ, ամոթ բա՞ն է։

Ի՛հ, գնա, քո գլուխը չունեմ, քրթմնջաց բարի պառավը։ Ներս գնա, ներս, մրսեցիր։ Այս ցրտին գլխաբաց էլ գնում ես մինչև դուռը ճանապարհ դնելու... Նրա աչքն էլ կարեմ։

Օ՜, մայրիկ, զգուշացիր. ես թույլ չեմ տալ, որ նրա հասցեին այդպիսի խոսքեր ասես։

Հիմար-հիմար մի խոսիր, ներս գնա, ասում եմ, հրամայեց նրան մայրը բարկացած։

Շահյանը բարձրաձայն ծիծաղեց և անցավ իր ննջարանը։ Բայց այնքան ուրախ էր, սրտի մեջ այնպիսի մի թեթևություն, երակների մեջ այնպիսի մի գրգիռ էր զգում, որ այլևս պառկել քնել չէր կարող։ Մի բան, անհասկանալի մի զորություն մագնիսի պես քաշում էր նրան դեպի առանձնասենյակը այնտեղ, ուր մի քանի րոպե առաջ պանի Զդանևիչի հետ էր։ Եվ անցավ այդ սենյակը։ Մտնելուն պես նրա քթովը դիպավ պանի Զդանևիչի հագուստին սրսկված հոտավետ օծանելիքի սուր բուրմունքը, որ դեռևս կանգնած էր այնտեղ։ Նա կանգ առավ ակամա և առանձին ախորժակով ծծեց սենյակի՝ անուշահոտությամբ հագեցած օդը։ Գեղեցիկ կնոջ մարմնի ներկայությունը նա զգաց միայն այժմ, երբ այդ կինն այլևս այնտեղ չէր։ Շահյանի համար այդպես էր եղել միշտ, այդպես էր և այժմ. կինը մոտիկից, կինն իրականության մեջ, շոշափելի կինը նրա վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ կինը հեռվից, կինը երևակայության մեջ, անշոշափելի կինը։ Կնոջ մտացածին պատկերն ավելի զորեղ ազդեցություն ուներ նրա վրա, քան թե իրական կինը։ Իրականության մեջ կույսի պես ամոթխած լինելով, երևակայության մեջ համարձակ էր ցինիկի և էրոտիկի պես...

Շահյանր նստեց. բազմոցի վրա, այնտեղ, ուր նստած էր պանի Զդանևիչը, և հավաքեց իր վավաշոտ երևակայության բոլոր ուժն՝ ավելի որոշ կերպով մտապատկերելու համար այդ հրաշալի կնոջ խոշոր, տիպական դեմքը, նրա հարուստ մազերը, հագուստի մեջ ամուր սեղմված լիքը իրանը։ Նա առանձին հեշտանքով կանգ առավ մանավանդ այն մտապատկերելու վրա, երբ պանի Զդանևիչն առավ նրա ձեռքն իր երկու ձեռքերի մեջ և սեղմեց իր կրծքին։ Ինչքա՜ն փափուկ, ինչքա՜ն տաք էին այդ ձեռքերը, այդ փափուկ կուրծքը... Եվ Շահյանը հանկարծ ցանկացավ գժի պես համբուրել այդ ձեռքերը, դեմքը թաղել այդ կրծքի մեջ և հալվել, ինչպես հալվում է ձյունը արևի տաք ճառագայթների տակ։

Կարծես մոգական մի գավազանի զորությամբ չքացել էր Շահյանի սովորական քնածությունը, երիտասարդական արյունն սկսել էր եռալ նրա երակների մեջ անսովոր տաքությամբ։ Օրն անցկացրեց տենդային տանջող դրության մեջ, մթագնած ուղեղով, խառնաշփոթ անմաքուր զգացումներով։ Արյունը գլուխն էր ընկել և կատաղի ալիքներով զարկվում էր քունքերին։ Նրա մեջ շարժվել էր արյունը, ախտաբանական արարածը, որից ավելի զորավոր ոչինչ չկա աշխարհիս երեսին, բացի մահից։ Գիշերը նրա քունը նման էր պարզապես մի մղձավանջի, որի մեջ չէր իմանում՝ քնած է, թե արթուն. զգում էր միայն, որ սարսափելի տանջվում է։

Առավոտյան վեր կացավ սաստիկ թուլացած մարմնով և շատ վատ տրամադրության մեջ։ Անլվա երեսով, խալաթը հագին նստած էր լուսամուտի առաջ, մռայլ կարմրատակած աչքերով նայում էր դուրս և մտածում էր պանի Զդանևիչի մասին, երբ ծառան մտավ և մի նամակ հանձնեց նրան։ Նա պատռեց ծրարը, հանեց նամակը, և նրա քթին նորից դիպավ նույն անուշահոտ օծանելիքի սուր բուրմունքը։ Նամակի մեջ խոշոր, փութկոտ, համարձակ գրերով գրված էր հետևյալը.

«Ազնիվ բարեկամս արդյոք կհաճի՞ այսօր, երեկոյան ժամը 7-ին, կամ երբ ինքը ցանկա, շնորհ բերել ինձ մոտ («Կավկազ» հյուրանոց, N 18), եթե պ. Շահյանը չի մերժիլ այս խնդիրքը, անչափ գոհ կլինի նրանից իր երախտապարտ և իրեն սպասող

պանի Զդանևիչը»։


Շահյանը կարդաց այդ նամակը, և նրա սիրտը դող ընկավ։ Այն անհամեստ միտքը, որ տանջում, խելացնորություն էր պատճառում նրան ամբողջ գիշերը, այժմ մեխի պես ցցվեց նրա գլխում, և նա սարսափեց։ Դա անփորձության սարսափն էր իրականության առաջ։

Պանի Զդանևիչի վրա, երեկվա այցելությունից հետո, նա արդեն որոշ գաղափար էր կազմել. այդ կինը Բազենանի սիրուհին է եղել, դա նշանակում է, որ նա ծախու կին է, թեև, շատ կարելի է, ոչ սովորական ծախու կանանցից։ Համենայն դեպս, պանի Զդանևիչը խստապահանջ բարոյականության տեր կին չէր Շահյանի կարծիքով։ Արդ՝ ի՞նչ միտք ուներ այդ կինը, որ, իր երեկվա այցից հետո, այժմ հրահրում էր նրան իր մոտ։ Իր խնդրած օգնությունը ստացավ, ուրիշ ի՞նչ էր կամենում։ Արդյոք նորի՞ց փող խնդրել, թե՞ վարձահատույց լինել...

Շահյանը չէր կարծում, թե պանի Զդանևիչը դարձյալ փող խնդրելու համար լիներ իրեն հրավիրելիս. այդպիսի դեպքում դարձյալ ինքը կգար (և ո՞րտեղից գիտեր նա իր տան հասցեն)։ Մնում էր երկրորդ ենթադրությունը, այն է՝ պանի Զդանևիչն իրեն հրավիրում էր վարձահատույց լինելու համար ա՛յն բանով, ինչով որ վարձահատույց են լինում առհասարակ ծախու կանայք... Ահա այդ միտքն էր, որ սարսափեցրեց Շահյանին։ Այն, ինչ որ նրա վավաշոտ երևակայության համար խաղ ու պար էր, այժմ մերկ իրականության առաջ փախուստ էր տալիս վախկոտ մկան պես։

Երբեք նա, իբրև տղամարդ, իրեն այնպես թույլ, երկչոտ ու ողորմելի չէր զգացել մի կնոջ վերաբերմամբ, ինչպես այժմ։ Իր կատարյալ անփորձության, իր կուսության սարսափը չէր միայն, որ ստիպում էր նրան փախչելու պանի Զդանևիչից, այլև այն ամոթի զգացումը, որ ինքն անկարող պիտի լինի այդ կնոջ հետ վարվել ազատ, համարձակ, տղամարդի պես, ինչպես վարվում է մինչև անգամ վերջին գիմնազիստը։

Ամբողջ օրը խիստ տարօրինակ անհանգստության մեջ էր Շահյանը։ Նա, որ երբեք սովորություն չուներ սենյակի մեջ քայլելու, այժմ արագ ետ ու առաջ էր շրջում և մտածում՝ գնա՞ր, թե չգնար պանի Զդանևիչի մոտ։

Քսան անգամ կարդաց նամակը, քսան անգամ նստեց, որ պատասխան գրի, թե՝ «դժբախտաբար, գործերի պատճառով» չի կարող գնալ, ձեռքն առաջ չէր գնում. ամեն անգամ նրա առաջ պատկերանում էր պանի Զդանևիչը իր հաղթական հասակով, իր փարթամ իրանով, իր ամբողջ էության անդիմադրելի հմայքով։ Իսկ նամակից բուրող այդ գրգռիչ անուշահոտությունը, խելագարեցնելու չափ հեշտանք էր պատճառում նրան... Նրան թվում էր, թե արհեստական հոտ չէ այդ, այլ հենց ցանկալի կնոջ մարմնի բուրմունքը...

«Օ՛հ, կգնամ, կգնամ, մեռնեմ էլ կգնամ... վզակոթիս տալով կտանեմ ինձ», բացականչեց նա ինքն իրեն, շարունակելով արագ քայլել սենյակում։

Ճաշին մայրը զարմանքով տեսավ, որ որդին գինին սովորականից ավելի է խմում և մերթ մտախոհության մեջ է ընկնում, մերթ խիստ ուրախանում։ Նրանց ճաշը սովորաբար անցնում էր սուս ու փուս, բայց Շահյանն այս անգամ լեզու էր կտրվել։ Այս անգամ մորը պատմեց, թե ով էր երեկվա այցելու կինը և ինչու էր եկել, բայց չասաց, թե այդ երեկո հրավիրված է նրա մոտ։ Ճաշից որ վեր կացավ, ուղղակի հարբած էր և գինու ազդեցության տակ հաստատ վճռել էր, որ անպատճառ պիտի գնա պանի Զդանևիչի մոտ։ Եվ արբել էր հենց այն նպատակով, որ գնա։

Այդ օրը, ճաշից հետո, քնելու մասին մտածել անգամ չէր կարող այն աստիճան գերել էր նրան ժամը 7-ին պանի Զդանևիչի մոտ լինելու միտքը։ Եվ նա սրտատրոփ սպասում էր, թե երբ պետք է օրը մթնի։

Սակայն ձմեռվա կարճատև օրը շատ շուտ մթնեց։ Ժամը 6-ին, պանի Զդանևիչի նշանակած ժամանակից մի ժամ առաջ, Շահյանը հագնվեց առանձին խնամքով, և մորն ասելով, թե գնում է թատրոն, դիմեց դեպի «Կավկազ» հյուրանոց։ Սկզբում քայլում էր կայտառ, համարձակ, բայց հետո, քանի մոտենում էր հյուրանոցին, այնքան նրա քայլերը դանդաղում էին։ Ձմեռվա ցուրտ օրը կամաց-կամաց սառեցնում էր նրա արհեստական կերպով տաքացած արյունը։ Սկզբում չէր զգում, բայց հետո տեսավ, որ ատամները զարկվում են իրար։ Շրթունքները պինդ հուպ տվեց, որ զսպի ամբողջ մարմնի մեջ զգացած տարօրինակ դողը, բայց և այնպես բերանի մերթ այս, մերթ այն կապը ջղաձգաբար վերև էր թռչում, իր հետ վերև ձգելով նաև վզի մկանունքները։ Եվ այդ բոլորը հետզհետե սաստկանում էր, քանի մոտենում էր հյուրանոցին։ Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչից էր այդ տարօրինակ դողը ցրտի՞ց արդյոք, թե՞ այն բանից, ինչ որ սպասում էր գտնել պանի Զդանևիչի մոտ։

Դեռ «Կավկազ» հյուրանոցին չմոտեցած՝ կանգ առավ պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ, ժամացույցը հանեց և նայեց, ժամը 6-ից անցած էր 25 րոպե։ «Դեռ վաղ է, մտածեց. մի քիչ ման կգամ այստեղ, մինչև որ 7-ը լրանա»։ Ու ետ դարձավ։

Գինու ազդեցությունը դեռևս բոլորովին չէր անցել նրա գլխից, բայց ցուրտ, թարմ օդը հետզհետե ավելի զգաստացնում էր նրան։ Եվ որքան զգաստացնում էր, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ խիստ բախտավոր պիտի լիներ, եթե ստացած չլիներ պանի Զդանևիչի նամակը։ Ի՞նչ էր ուզում այդ կինն իրենից։ Ինչո՞ւ եկավ և վրդովեց իր հանգիստը, որ հազիվհազ ձեռք էր բերել վերստին, Եվայի և Բազենյանի հետ ունեցած միջադեպից հետո։ Ինչո՞ւ առիթ տվեց, որ նրա մեջ այժմ նորից շարժվել է իր կյանքն այնքա՛ն դառնացնող անձնաքննության թույնը։ Ահա՛, նա նորից լցվել է ատելությամբ դեպի ինքը, ինչո՞ւ համար...

Սակայն, իհարկե, Շահյանը շատ լավ հասկանում էր, որ պանի Զդանևիչն այդ բոլորի մեջ ամենևին հանցանք չուներ. այդ կնոջ հանցանքն այն էր միայն, որ գեղեցիկ էր, եկել էր Շահյանից օգնություն խնդրելու և մյուս օրը հրավերի մի նամակ էր գրել։ Ճշմարիտ է, այդ նամակը պարզ չէր. բայց մի՞թե հենց նրա համար, որ այդ նամակը պարզ չէր, պանի Զդանևիչի հրավերին նա անպատճառ այն բացատրությունը պիտի տար, որ այնքան ցանկալի էր նրա վավաշոտ երևակայության համար և որը, միևնույն ժամանակ, այնքան սարսափեցնում էր նրա վախկոտ կամքը։ Պանի Զդանևիչը կարող էր Բազենյանի սիրուհին լինել, բայց այդ չէր նշանակում, թե նա անպատճառ և ծախու կին պիտի լինի։

Շահյանն այս անգամ քստմնեց ինքն իրենից, քստմնեց այն վատ, անմաքուր մտքերից, որոնք այնքան հուզում, այնքան պղտորում էին իր զգացումները։ Շատ լավ ճանաչում էր իրեն. գիտեր, որ կնոջ վերաբերմամբ որքան որ գործնականապես անարատ է ինքը կույսի նման, այնքան տեսականապես ապականված է, այլասերված է զգացումներով. բայց չէր կարծում, թե այդ ապականումն ու այլասերումն իր մեջ այն աստիճան զարգացած կարող է լինել, որ հասարակ մի նամակի մեջ, այդ նամակից բուրող անուշահոտության մեջ անգամ ուրիշ բան չի կարող տեսնել, քան եթե միայն կնոջ տաք գրկախառնություն, կնոջ մարմնի յուրահատուկ բուրմունք... Այդ սոսկալի է. այդ նշանակում է բարոյական կատարյալ անկումն և ավելի գարշելի ու կորստաբեր անկումն, քան օր ու գիշեր անառականոցներումն անցկացնող մարդու անկումը...

Եվ Շահյանը կատարյալ հուսահատությամբ նորից կանգ առավ Գոլովինսկի պրոսպեկտի պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ։

Երեկոն շատ ցուրտ էր. ձյունի հատ-հատ փաթիլները, փողոցի լուսավորության մեջ սպիտակին տալով, դանդաղորեն ցած էին թափվում սառած, պլպլող գետնի վրա. լայն մայթը կամաց-կամաց ծածկվում էր սպիտակ սավանով։ Անցուդարձը շատ քիչ էր. Շահյանի առաջով շտապ քայլերով անցնում էին կենտուկունտ մարդիկ, վերարկուների օձիքը բարձրացրած և ձեռքները գրպանների մեջ կոխած։ Բավական լավ հագնված մի կին վարդագույն այտերով, տափակ քթով հանկարծ կանգ առավ նրա առաջ և նայեց նրան տարօրինակ պլպլող աչքերով։

Ներեցեք, պարոն. ժամը քանի՞սն է, հարցրեց նա։

Այդ անակնկալից շփոթված, Շահյանը մեքենայաբար հանեց ժամացույցը և նայեց, ժամը 7-ից պակաս էր մի քառորդ։

Օ՛հ, ի՜նչ վաղ է դեռ, բացականչեց կինը, մի րոպե աննպատակ կերպով նայեց այս ու այն կողմը, հետո նորից փայլեցնելով իր տարօրինակ պլպլան աչքերը Շահյանի վրա, անցավ և կանգնեց Շահյանից մի երկու քայլ հեռու։

Շահյանր շտապեց հեռանալ և, վախենալով, որ կինը կարող է հետամուտ լինել իրեն, քայլերն արագացրեց։ Բավական երկար տեղ անցնելուց հետո ետ նայեց և, ոչ մի կին չտեսնելով, հանգստացավ։ «Կավկազ» հյուրանոցի առաջ կանգ առավ և նայեց քաղաքային տան ժամացույցին. սլաքները ցույց էին տալիս 7-ից 10 րոպե պակաս։ Ուրեմն դեոևս ժամանակ կար մտածելու գնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ։ Եվ ետ դարձավ։ Դառնալիս հանդիպեց ժամը հարցնող կնոջը մի սպայի հետ։ Կինն անցավ ուղղակի Շահյանի կողքով առանց ուշադրություն դարձնելու նրա վրա. անցավ բարձրաձայն և ուրախ խոսելով սպայի հետ, որը նայում էր նրան արուի աչքերով և ձեռքով ոլորում բեղի մի ծայրը։

Շահյանր մի քանի անգամ անցավ ու դարձավ և այդ բոլոր ժամանակ իբր թե մտածում էր՝ գնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ, բայց իսկապես այլևս ոչինչ չէր մտածում, այլ միայն դիտում էր իր օտարոտի վարմունքը, մտքումը ծիծաղում էր իր վրա, ծաղրում էր իր անհամարձակությունը, սրտանց հայհոյում էր իրեն, կարծես ինքը չէր իր այդ դիտողության, այդ ծիծաղի, ծաղրի և հայհոյանքի առարկան, այլ մի ուրիշը, որին արհամարհում և ատում էր հոգու բոլոր կարողությամբ։

Երբ քաղաքային տան ժամացույցը խփեց յոթը և մի կես ժամ էլ անցավ, Շահյանը հանկարծ թքեց ինքն իր հասցեին և վճռեց տուն դառնալ։ «Այսպես է լինում միշտ, երբ մարդ ինքն իր վզակոթին տալով է ուզում իրեն որևէ տեղ տանել», մտածեց նա։

3

Բայց հազիվ նա մի քանի քայլ էր արել, որ գնա նստի հրապարակում կանգնած կառքերից մեկը, երբ հանկարծ կանգ առավ գրեթե սարսափած։

Նրա առաջ կանգնած էր ինքը՝ պանի Զդանևիչն իր պարթև հասակով, մազածածկ վերարկուի մեջ կոլոլված։

Բարև ձեզ, պարոն Շահյան, բացականչեց պանի Զդանևիչն ուրախացած և ամուր սեղմեց նրա ձեռքը: Ստացա՞ք նամակս:

Ստացա:

Հետո՞։ Չե՞ք ուզում գալ ինձ մոտ:

Շահյանը հազիվ կարողացավ տիրապետել իրեն։

Ինչպես չէ... Հենց դրա համար էլ դուրս եմ եկել... Բայց... այստեղ մի փոքրիկ գործ ունեի... ասացի մեկ անգամ վերջացնեմ, հետո...

Այդ լավ է։ Ուրեմն դուք դեռ չեք մտել ինձ մոտ: Ես մեկնելու եմ վաղն առավոտյան, դրա համար դուրս եկա մի քանի բաներ գնելու և դռնապանին պատվիրել էի, որ եթե գաք, խնդրե, որ սպասեք ինձ. սենյակիս դուռն էլ, համենայն դեպս, բաց էի թողել։ Բայց, իսկապես, չէի կարծում, թե կգաք, որովհետև նամակիս չէիք պատասխանել։ Ես այժմ ինչ որ հարկավոր էր, առել պրծել եմ և տուն եմ գնում։ Ուրեմն ձեր գործը վերջացնելուց հետո կգաք, սպասեմ. հա՞։

Այո, ես իսկույն...

Եվ Շահյանը, ցույց տալու համար, որ իբր թե գործ ունի, արագ քայլերով հեռացավ։ Նա գնաց, գնաց և, երբ բավական հեռացավ, քայլերը դանդաղեցրեց և ծիծաղեց ինքն իր վարմունքի վրա։ Անցավ Դվարցովայա փողոցը, ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտը և ետ գարձավ։ Ինչպես գնալիս, այնպես և դառնալիս կանգ էր առնում այս ու այն խանութի պատուհանների առաջ, անուշադրությամբ դիտում էր ներսը դարսված իրերը, որոնք, սակայն, պարզ չէին երևում քրտնած ապակիների միջից, և այդ բանն անում էր միմիայն նրա՛ համար, որ կարելույն չափ ուշանա և իր ուշանալովն ապացուցանի պանի Զդանևիչին, թե ինքն իսկապես գործի համար է եղել գնացած։

Կես ժամ անցնելուց հետո վերջապես վճռեց, որ այժմ կարելի է գնալ։ Չգնալ այլևս չէր կարող, որովհետև խոսք էր տվել։ Բայց կեղծիքը պետք էր շարունակել. ամեն բանով այժմ ցույց պիտի տար պանի Զդանևիչին, որ ինքը, հակառակ իր ցանկության, փոքր-ինչ ուշացել է. դրա հայար խիստ արագացրեց քայլերը, չնայելով որ ամեն մի քայլափոխին ոտները սահում էին ձյունի վրա. նույնպիսի արագությամբ բարձրացավ հյուրանոցի սանդուղքով և միջանցքում պատահած առաջին սպասավորին դիտմամբ բարձրաձայն հարցրեց № 18 սենյակը, թեև առանց հարցնելու էլ կարող էր գտնել։

Նույն րոպեին նրանցից մի քանի քայլ հեռու մի դուռ արագորեն բացվեց, և շեմքում երևաց պանի Զդանևիչը ժպտադեմ։

Համեցեք, այս է իմ սենյակը։

Շահյանը գործից վերադարձող մարդու բռնի կեղծ աշխուժով թափ տվեց վերարկուի կրծքին և ուսերին նստած ձյունը, ներս մտավ և դռան մոտ սկսեց հանել կրկնակոշիկներն ու վերարկուն։

Ներեցեք, գուցե փոքր-ինչ ավելի սպասեցնել տվի ձեզ, ասաց նա։

Բան չկա, գիշերն երկար է։ Բացի դրանից, վերջին ժամանակներս ես տանջվում եմ անքնությունից։ Համեցեք այստեղ։

Շահյանն, անշնորհք երեխայի պես, հետևեց պանի Զդանևիչին և թաղվեց նրա առաջարկած գահավորակի վրա։ Գահավորակն այնքան ցածր էր, որ նրան թվաց, թե գետնին նստեց։

Դուք մրսել եք։ Մի բաժակ թեյ չեք մերժիլ, չէ՞։

Շահյանը պատասխանելու տեղ ժպտաց։

Ձեզ էի սպասում, որ միասին խմենք, և վառարանն էլ պատվիրեցի, որ նորից վառեն, ասաց պանի Զդանևիչն և արագ քայլերով ինչ-որ բանի համար անցավ սենյակի անկյանը դրված պատվարի ետևը։

«Մահճակալն անշուշտ այնտեղ է դրված», մտածեց Շահյանը և հայացքն ամոթխածությամբ ուղղեց դեպի պատի վառարանը, որի օդանցքները վառվում էին մի շարք հրափայլ աչքերի պես։ Չէր իմանում, սենյա՞կն էր շատ տաք, թե այդ րոպեին իր զգացած վախկոտությունն էր, որ հանկարծ վառեց նրա ճակատն ու ականջները, բայց ձեռքերը սառն ու թաց էին շան դնչի պես և ամբողջ մարմինը մերթ տաքանում էր, մերթ հովանում։ Նրան թվաց, թե այդ բոլորը նրանից է, որ շատ ցածր է նստած, այնքան ցածր, որ ծնկները գրեթե հավասարվում են կրծքին, ուստի վեր կացավ գահավորակից և նստեց աթոռի վրա։

Երևակայում եմ, թե ինչքան զարմացած պիտի լինեիք երեկ, որ եկա ձեզ մոտ, լսեց նա պանի Զդանևիչի ձայնը պատվարի ետևից։

Ի դեպ. որտեղի՞ց գիտեիք իմ տան հասցեն։

Զեր տան հասցե՞ն... Այդ հետո կպատմեմ։

Պանի Զգանևիչը դուրս եկավ պատվարի ետևից մաքուր մի անձեռոցիկ ձեռքին, մոտեցավ թեյի սեղանին և սկսեց թեյի պատրաստություն տեսնել։

Այս գիշեր ես ձեզ ամեն բան կպատմեմ, ամեն բան... Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացանք Բազենյանի մոտ, երբ նա պառկած էր հիվանդ։ Այն ժամանակ արդեն զգացի, հոգիս վկայեց, վաղ թե ուշ կարոտ կլինեմ ձեր օգնությանը և վստահ կերպով կարող եմ դիմել ձեզ, որովհետև առաջին իսկ հայացքից տեսա, որ չափազանց բարի եք և...

Այդ թողնենք, պանի Զդանևիչ։

Այս կթողնենք, իհարկե, որովհետև չեմ ուզում կարծեք, թե յուղում եմ ձեր գլուխը։

Երբ որ այդպես է, պանի Զդանևիչ, խնդրում եմ, էլի այդ մասին խոսեցեք, վրա բերեց Շահյանը ծիծաղելով։

Պանի Զդանևիչը, թեյի բաժակները սրբելով, նայեց նրան և նույնպես ծիծաղեց։

Ոչ, այդ մասին այլևս չեմ խոսիլ, պարոն Շահյան, բայց պիտի խոսեմ այն մասին, թե ինչու համար եմ այս ցուրտ գիշերին նեղություն տվել ձեզ ինձ մոտ գալու։ Պետք է ասեմ ձեզ, որ ես չափազանց ինքնասեր եմ, և չեմ ուզում, որ դուք ինձ ճանաչեք միայն իբրև ձեր պարտապանի։ Ես ուզում եմ... Չգիտեմ թե ձեր և Բազենյանի միջև ինչպիսի բարեկամություն է եղել, և նա որևէ բան պատմե՞լ է ձեզ իմ մասին, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ դուք... (պանի Զդանևիչի դեմքը հոգեկան մի սուր ցավից ծամածռվեց, և նա մեծ դժվարությամբ ավարտեց ասելիքը) նպաստավոր գաղափար չունիք իմ մասին... Ա՜հ, հառաչեց նա անզոր զայրույթով և բաժակը շրխկացնելով վայր դրեց բաժակակալի վրա։ Դուք կարծում եք, թե էժա՞ն է նստել ինձ ձեզ մոտ գալս, ձեզնից օգնություն խնդրելս։ Դժոխքի տանջանքներ եմ կրել ես, մինչև որ վստահացել եմ ձեր դռան զանգակը քաշել։ Ո՞ւր եմ գնում, ասում էի ինքս ինձ։ Ի՞նչ պիտի ասեմ: Ինչպե՞ս պիտի հայտնեմ իմ վիճակը։ Ի՞նչ պիտի մտածի նա իմ մասին։ Ի՞նչ աչքով պիտի նայի ինձ վրա, երբ ինքս իմ բերանով խոստովանեմ, որ Բազենյանի սիրուհին եմ եղել, որ նա ձգել է ինձ, փախել... Եվ եթե չհավատա խոսքերիս ու քաղաքավարի ճանապարհ դնի ինձ դատարկաձեռն... Ինչքան էլ համոզված լինեի, որ դուք ջենտրմեն եք, ինչքան էլ զգացումս թելադրեր ինձ, որ լիովին կարող եմ վստահել ձեր բարության վրա, այնուամենայնիվ այսպիսի անսովոր վիճակի մեջ չէի կարող ազատ լինել կասկածներից և հոռետեսությունից։ Փառք աստծո, կասկածներս ու հոռետեսությունս սխալ դուրս եկան ձեր վերաբերմամբ. դուք շատ բարի գտնվեցաք դեպի ինձ, որի համար չափազանց շնորհակալ եմ ձեզնից. բայց... ձեր այդ բարությունն ինձ հոգեկան ավելի մեծ տանջանք պատճառեց, քան ա՛յն, եթե դուռն ուղղակի ետ դնեիք երեսիս։ Երբեք ինձ այնքան նվաստացած չէի զգացել, ինչպես ա՛յն ժամանակ, երբ դուրս եկա ձեր տնից։ Ես մի օտար կին ձեզ համար, դուք մի օտար մարդ ինձ համար. իսկապես ոչ ես եմ ճանաչում ձեզ, ոչ դուք ինձ։ Եվ հանկարծ մտնում եմ ձեզ մոտ, լաց եմ լինում ձեր առաջ, փող եմ խնդրում ձեզնից... Դուք չեք մերժում, որովհետև բարի եք, ջենտլմեն եք։ Բայց մի՞թե այդ գեղեցիկ հատկությունները կարող են արգելք լինել մարդու, որն իր հոգու խորքում չկասկածե այն անծանոթի մասին, որ դիմում է իր օգնությանը և որի ասածներին ստիպված է հավատալ բարեկրթությունից դրդված։ Դուք ինձ օգնեցիք իսկույն, առանց խոսելու, առանց նույնիսկ կամենալու հետամուտ լինել իմ ասածների ճշմարտությանը, և չկամեցաք անգամ, որ շնորհակալություն հայտնեմ. բայց և այնպես ինչո՞վ կարող էի հանգստացնել ինձ, փարատել կասկածս, որ ձեր սրտի խորքում ընկած կին, խաբեբա, նույնիսկ Բազենյանի գաղտնի դաշնակիցը չեք համարում ինձ...

Պանի Զդանևիչ, այլևս չկարողանալով համբերել, բացականչեց Շահյանը՝ սաստիկ զգացված և վեր կացավ տեղից։ Այդ ի՞նչ եք ասում։ Մի՞թե ինձ կանչել եք նրա՛ համար, որ վիրավորեք։

Պանի Զդանևիչը, խիստ հուզված, արագորեն մոտեցավ նրան և առավ նրա ձեռքը:

Ա՜խ, ազնի՛վ բարեկամս, ներեցեք ինձ։ Ես ձեզ վիրավորելու ամենևին միտք չունիմ։ Ես միայն իմ դրությունս եմ պատմում։ Պատմում եմ բարոյական այն տանջանքները, որ կրել եմ այն ցած մարդու պատճառով։ Ինձ համար ահագին թեթևություն է, որ կասկածներս ձեր մասին սխալ են եղել։ Ես ուզում եմ, որ դուք, եթե չեք ճանաչում ինձ, ճանաչեք, և լավ ճանաչեք, պարոն Շահյան։ Այդ ուզում եմ ոչ թե ձեր, այլ ինձ համար, իմ հանգստությանս համար։ Ա՜հ... Լսեցեք, պարոն Շահյան, իմ թանկագին բարեկամ... Ասացի, որ վաղն առավոտ հեռանում եմ. զոհեցեք ինձ այս երեկո և թույլ տվեք անկեղծորեն պատմեմ ձեզ այն բոլորը, ինչ որ պատահել է. թույլ տվեք սրտիս վրա ծանրացած դառնությունը թափեմ ձեր առաջ և այնպես հեռանամ։ Ես ձեզ դատավոր չեմ կարդում, ո՛չ. իմ դատավորն ես ի՛նքս եմ, և ամենախիստ դատավորը. ես միայն ուզում եմ ձեր առաջ, իբրև խոստովանահորս առաջ, իբրև հարազատ եղբորս առաջ, իմ խոստովանանքս անել, որովհետև, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե այդպիսով միանգամայն հանգստացած պիտի լինիմ։ Այդ բանն ուզում էի անել երեկ, բայց երեկ այնքան ճնշված էի զգում ինձ, այնքա՜ն ամաչում էի ձեզնից... Իսկ այժմ ավելի ազատ եմ զգում ինձ, և այնքան սիրեցի ձեզ, որ ամեն բան պիտի պատմեմ։ Ոչինչ չեմ թաքցնիլ ձեզնից, ամեն բան կպատմեմ այնպես, ինչպես որ պատահել է, և դուք կտեսնեք, թե որպիսի խորամանկ, խաբեբա և անաստված արարածի հետ եմ ես գործ ունեցել։ Խնդրում եմ, աղաչում եմ, նստեցեք։

Շահյանը նստեց։ Բոլոր ժամանակ, երբ այդպես հուզված խոսում էր պանի Զդանևիչը, նա խիստ ճնշված դրության մեջ էր զգում իրեն այդ կնոջ հսկայական հասակի առաջ, որի մեջ հրաշալի ներդաշնակություն էին կազմում ֆիզիկական ուժն ու կանացի գեղեցկությունը։ Եվ այդ ճնշված դրության մեջ Շահյանն այնքան շփոթվել էր, որ հազիվ թե լսում էր պանի Զդանևիչի ասածները, այլ միայն անդիմադրելի մի զորությունից ստիպված, նայում և դիտում էր նրա զարմանալի արտահայտիչ աչքերը, հուզումից դողդողացող լիք կզակը և կզակի վրա մի խալ ցանցառ մազերով, որ նոր էր նկատում։

Պանի Զդանևիչը նորից արագ քայլերով մոտեցավ թեյի սեղանին, երկու բաժակ թեյ ածեց և շաքարի, կտրտած կիտրոնի ու մի աման պաքսիմատի հետ միասին բերեց դրեց կլորիկ սեղանի վրա, որի առաջ նստած էր Շահյանը և սուս ու փուս, շփոթմունքից դեռևս լավ ուշքի չեկած, հետևում էր նրա ջղային շարժումներին։

Ասացեք, խնդրեմ, պարոն Շահյան, հարցրեց պանի Զդանևիչը, մի աթոռ առնելով և նստելով Շահյանի դիմացը, վաղո՞ւց է, որ ընկեր եք նրա հետ։

Բազենյանի՞ հետ:

Այո։

Վաղուց է... Բայց ինչպե՞ս թե ընկեր։ Ես նրա հետ երբեք ընկեր չեմ եղել և նույնիսկ չգիտեմ, թե որտեղացի է և ում զավակն է։ Մենք միայն փոքր հասակում դասակիցներ ենք եղել։ Տասը-տասներկու տարի կա, որ նա կորած էր, այնպես որ մինչև անգամ բոլորովին մոռացել էի նրան։ Այս աշունքին միայն նա լույս ընկավ, և նորոգվեց մեր հին աշակերտական ծանոթությունը։

Այդպես։ Իսկ նա որևէ բան պատմե՞լ է ձեզ իմ մասին։

Ձեր մասի՞ն, հարցրեց Շահյանը, աշխատելով հիշել, թե ինչ է պատմել Բազենյանը պանի Զդանևիչի մասին: Պատմել է:

Ի՞նչ:

Եվ պանի Զդանևիչը հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցին, որի ապակիները շողշողում էին լամպի լույսի տակ։

Նա առհասարակ... ձեր մասին... պետք է խոստովանած, շատ բան չի պատմել, հապաղելով, և ըստ երևույթին, ամեն մի խոսքը կշռադատելով, պատասխանեց Շահյանը։ Առաջին անգամ ձեզ նրա հետ տեսա «Միխայլովո» կայարանում անցած ամառվա վերջին, որ Բաթումից Թիֆլիս էի վերադառնում։

Ա՜խ, այն դո՞ւք էիք, որ վագոնի առաջ խոսում էիք նրա հետ։

Ես էի։

Հետո՞։

Նա ինձ ասաց, որ ձեզ հետ ծանոթացել է ճանապարհին, որ դուք իբր թե գնում եք... չգիտեմ ուր... հա՛, կարծեմ, ասաց Կարս, ուր ձեր ամուսինը իբր թե ծառայում է։

Պանի Զդանևիչը ծիծաղեց ակամա, բայց իսկույն էլ զսպեց իրեն և, ձեռքերը դնելով սեղանի վրա, ավելի մեծ հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցներին։

Հետո՞, հարցրեց նա։

Ձեր մասին այս է միայն պատմել ինձ։

Ա՞յդ միայն և ուրիշ ոչի՞նչ։

Ի՞նչ վերաբերում է ձեր անձնավորությանը, ավելացրեց Շահյանը նայելով իր թեյի բաժակին, որովհետև պանի Զդանևիչր համառ հետաքրքրությամբ շարունակում էր նայել նրա ակնոցին, ձեր անձնավորության մասին պատմել է, որ դուք... շատ պատվական կին եք... որ դուք... Առհասարակ, անկեղծ եմ ասում, պանի Զդանևիչ, ձեր մասին նա միշտ հարգանքով է խոսել և ոչ մի աննպաստ խոսք չի ասել ինձ ձեր մասին։

Ա՛խ, երևի դուք կարծում եք, թե նրա համար եմ ձեզ հարցուփորձ անում, որ իմանամ, թե նա լավ կամ վա՞տ է խոսել ձեզ մոտ իմ մասին, բացականչեց պանի Զդանևիչը ժպտալով։ Ո՛չ, ազնիվ բարեկամս. ես ուզում եմ միայն իմանալ, թե եթե նա ձեզ որևէ բան պատմել է իմ մասին, որքա՞ն ճիշտ է պատմել, ձեզ մոտ է՞լ սուտ է խոսել, ինչպես միշտ սուտ էր խոսում ինձ մոտ։ Բայց ինչևիցե, այս թողնենք։ Ես մի ուրիշ բան եմ ուզում հարցնել ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ գաղափար ունիք դուք նրա մասին։

Ես... ինչպես ասեմ... Ճիշտն ասած, նրան ճանաչել չկարողացա։ Այն աստիճան ճարպիկ լեզու ունի և վարվում էր այնպիսի վարպետությամբ, որ իր մասին կազմած ամեն մի աննպաստ գաղափարս իսկույն ջրում էր։ Մի բանի պատճառով ես սկսել էի նրան ատել, բայց նա այնպիսի ֆոկուս սարքեց, որ նորից սկսեցի սիրել։ Բայց և այնպես, ես արդեն գլխի էի ընկել, որ շատ ճարպիկ աֆերիստներից մեկն է։ Ինձնից բավական գումարներ կորզեց, և այժմ ձեզնից եմ իմանում, որ ծլկել է այստեղից։

Հա՜, հա՜, հա՜... ձե՞զ էլ է կողոպտել, ծիծաղեց պանի Զդանևիչը սառնությամբ։

Հապա՛։

Պանի Զդանևիչը ծանր թառանչ քաշեց և կարճ ժամանակ դառն մտախոհության մեջ ընկավ։ Հետո ջղային մի ցնցումով սթափվեց և նայեց Շահյանին շատ լուրջ հայացքով։

Բայց գիտե՞ք, որ նա տաղանդ էր, մեծ տաղանդ...

Միամիտներին խաբելո՞ւ մեջ, անշուշտ, նկատեց Շահյանը։

Իր ցանցերը լարում էր այնպիսի ճարպկությամբ, շարունակեց պանի Զդանևիչը, որ զոհն ինքն իր ոտով էր գնում մեջն ընկնելու և նույնիսկ մեծ հաճույք էր զգում, որ նրա ցանցի մեջ է, իսկ հետո, երբ ուզում էր դուրս գալ, չէր կարողանում... Բայց լսեցեք պատմությունս և կտեսնեք, թե որքան ճիշտ եմ ասում։

4

Ինչպես անունս ցույց է տալիս, ես լեհացի եմ, ռուսական լեհերից։ Սերվում եմ լեհական մի հին տոհմից, որը երկու քաջ զինվոր է տվել մեր Կոսցյուսկոյին, 1794 թվի ապստամբության ժամանակ։ Հորս չեմ հիշում. որովհետև չորս տարեկան եմ եղել, որ վախճանվել է։ Մայրս սրանից տասն տարի առաջ մեռավ։ Շատ խելոք կին էր և չափազանց սիրում էր ինձ, թեև շատ էլ երես չէր տալիս։ Նա ինքն էր կառավարում մեր պապական բավական մեծ և արդյունավետ կալվածները, որոնք հետո, իբրև օժիտ, անցան ամուսնուս ձեռքը։ Ծնողներիս միակ զավակն էի ես։ Կրթությանս ու դաստիարակությանս վրա ոչինչ չի խնայված, բայց ես բավական էքսցենտրիկ բնավորություն ունեի և ընկա առաջին պատահած մարդու գիրկը: Ամուսինս իսկապես վատ մարդ չէր, բայց շուտով տեսա, որ իմ ամուսնությունը նրա հետ մի խոշոր սխալ էր իմ կողմից։ Մի պակասություն ուներ, որ ամենից ավելի դուր չէր գալիս ինձ. այդ նրա անհագ շահասիրությունն էր և իր ուժերից վեր խոշոր ձեռնարկությունների մեջ մտնելու ձգտումը, որին և զոհ գնաց թե մեր կալվածների մեծ մասը, և թե ինքը։ Քսաներկու տարեկան էի, որ այրիացա: Շատերն էին խնդրում ձեռս, բայց ես նորից ամուսնանալու մասին մտածել անգամ չէի ուզում։ Միակ այն հանգամանքը, որ ամուսնուս շնորհիվ գրեթե աղքատացել էի, մի տեսակ հակակրանք էր զարթեցրել իմ մեջ դեպի տղամարդիկ առհասարակ։ Բացի դրանից, շատ երևույթներ դիտելով, այն համոզման էի եկել, որ տղամարդիկ կնոջ վրա նայում են կամ շահախնդրական, կամ անասնական տեսակետից. տղամարդիկ ամուսնանում են կամ հարստանալու, կամ գեղեցիկ կին ունենալու համար, ուրիշ տեսակետ չկա: Իսկ ես նոր էի զգում, որ կարոտ եմ սիրո, այնպիսի բուռն, անկեղծ սիրո, որ ինքն է միայն իր նպատակը։ Այդպիսի բան չէի տեսնում ձեռքս խնդրողների մեջ. ամեն տեղ մեծ ուշադրություն էին դարձնում ինձ, քծնում էին առաջս, սիրո երդումներ էին անում, նույնիսկ սպառնում էին անձնասպանություն գործելու, բայց սիրտս շարժելու տեղ արհամարհանքս էին շարժում։

Ձեր թեյը սառեց, պարոն Շահյան, նկատեց պանի Զդանևիչը, պատմությունն ընդհատելով։

Շահյանը վերցրեց իր թեյի բաժակը։ Իսկ պանի Զդանևիչն իր բաժակից մի քանի կում արեց և շարունակեց.

Այս միջոցներին էր, որ ծանոթացա Բազենյանի հետ։ Ծանոթացա ահա թե ինչպես։ Մի օր անցնում էի փողոցով (այս բոլորը պատահեց Վարշավայում)։ Հանկարծ այնպիսի մի ուժգին քամի բարձրացավ, որ ուղղակի քշում էր մարդու։ Նախքան ձեռքս կտանեի, որ գլխարկս բռնեմ, մեկ էլ տեսնեմ՝ գլխարկս արդեն գլորվում է գետնին աչք կուրացնող փոշու հետ խառնված։ Դիմացից եկող մի երիտասարդ իսկույն վազեց, բռնեց, բերեց տվեց ինձ և նախքան բերանս բաց կանեի, որ շնորհակալություն հայտնեմ, անցավ գնաց։

Այդ երիտասարդը Բազենյանն էր։

Մի քանի օր հետո նրան տեսա թատրոնում, խաղամիջոցի ժամանակ, ֆոյեում։ Նայեց ինձ և, չգիտեմ, ճանաչե՞ց, թե ոչ, բայց անցավ գնաց։ Դարձին, երբ ուղղակի պիտի անցներ մոտովս, կանգ առա կամա և ժպտալով նայեցի նրան։ Նա նույնպես կանգ առավ։

Ինձ չե՞ք ճանաչում, հարցրի։

Եթե չեմ սխալվում, ասաց, ես պատիվ եմ ունեցել անցած օր ձեր գլխարկն ազատելու քամու ճիրաններից։

Շատ դուր եկավ ինձ առանց ո՛րևէ շփոթմունքի և վերին աստիճանի նուրբ կոմիկությամբ արտասանված այդ պատասխանը։

Ես ձեռքս մեկնեցի նրան։

Այն ժամանակ դուք ինձ միջոց չտվիք շնորհակալություն հայտնելու, ուրեմն այժմ ընդունեցեք շնորհակալությունս։

Որ այդպես է, ասաց, շատ ցավում եմ, որ ձեր գլխարկն ազատելիս ոտս չկոտրեցի։

Ինչո՞ւ, հարցնում եմ զարմացած։

Որպեսզի իսկապես արժանի լինեի ձեր շնորհակալությանը։

Ուրիշ այսպիսի կես-քաղաքավարական, կես-հեգնական մի քանի պատասխաններից հետո նա ինձ գրավեց միանգամայն, և ես հրավիրեցի նրան օթյակս։ Արտաքինով շատ գեղեցիկ էր, հագնված էր մեծ ճաշակով, վարմունքի մեջ գռեհկականության նշան անգամ չկար։ Ուստի երկյուղ չունեի նրա հետ միասին նստելու։ Ասենք, այդ կողմից ես միշտ հեռու եմ եղել որոշ նախապաշարումներից։ Թեև ծագումով արիստոկրատ, բայց հայացքներովս դեմոկրատ եմ եղել միշտ։ Այս էլ ասեմ, որ նրան օթյակս հրավիրեցի գլխավորապես մի հուսար սպայի ջգրու, որը սաստիկ ձանձրացրել էր ինձ և որին այդ երեկո պարզապես արգելել էի օթյակս մտնելու։ Ինձ հետ էր ծերունի, բայց իրեն միշտ երիտասարդ ձևացնող, մորեղբայրս ինքնահավան և խելքից մի քիչ պակաս մի արիստոկրատ, որի համար ով պան չէր մարդ չէր։ Բազենյանի արտաքինը հավանեց, բայց երբ ծանոթացավ նրա հայացքների հետ, ականջիս փսփսաց, որ ոչ մի պայմանով գործ չունենամ այդ երիտասարդի հետ։ Բանն այն է, որ, երբ մորեղբայրս սկսել էր արիստոկրատիայի գովքն անել այդ նրա հիվանդությունն էր, Բազենյանը շատ հանգիստ կերպով և շատ բանավոր պատճառաբանություններով նկատեց, որ արիստոկրատիզմը մի անախրոնիզմ է մեր ժամանակում, որ արիստոկրատիան նույն դերն է կատարել և կատարում մարդկային կյանքի մեջ, ինչ որ պարազիտները կենդանական աշխարհում։ Հետո, երբ ես նրան հայտնեցի, որ մորեղբայրս անխառն արյան տեր արիստոկրատ է, բացականչեց։

Ինչո՞ւ այդ վաղ չէիք ասում. ես խո ավելի խիստ լեզվով կխոսեի նրա հետ։

Բայց դուք մոռանում եք, որ ես էլ արիստոկրատ եմ թե՛ հորս և թե մորս կողմից, նկատեցի ես ծիծաղելով։

Ափսոս, որ ես այդ չգիտեի այն ժամանակ, երբ ազատեցի ձեր գլխարկր, թե չէ...

Թե չէ՞...

Շատ պարզ է. չէի ազատիլ ձեր գլխարկը, ասաց նա կոմիկական հանգստությամբ։

Մի բան, որ չափազանց դուր էր գալիս ինձ, այդ այն էր, որ նա խոսում էր անբռնազբոսիկ կերպով. խոսում էր պարզ, համարձակ, առանց շփոթվելու, շատ անգամ կատակով, երբեմն կծու հեգնությամբ, եթե դիմացինը ծաղրելի էր, և ամենևին չէր քաշվում ոչ հասակից, ոչ դիրքից, ոչ տիտղոսից, ոչ մի բանից։

Երկրորդ անգամ նրան հանդիպեցի մի հայի վաճառատան մեջ, ուր պատահմամբ մտել էի մի քանի մանր-մունր բաներ գնելու։ Նա կանգնած էր վաճառատան տիրոջ մոտ և ինչ-որ լուրջ խոսակցության մեջ էր։ Ինձ նկատեց ոչ-իսկույն և նկատելուն պես արագ մոտեցավ և բարևեց իբրև հին ծանոթ։

Մի՞թե չեք խորշում հայի խանութ մտնելուց, ասաց իրեն հատուկ հումորով։

Մի՞թե կարծում եք, որ պիտի խորշեմ, պատասխանեցի ծիծաղելով։

Որ այդպես է, ասաց, ուրախությամբ ողջունում եմ մի օտարուհու, որ իրեն հեռու է պահում հայերից, ուզում եմ ասել՝ հայ վաճառականներին շատ էլ նպաստավոր գույներով չներկայացնող մի ընդհանուր նախապաշարումից։

Երևում է, որ ազգային հպարտություն ունիք, նկատեցի ես։ Այդ, իհարկե, գովելի է։ Բայց իզուր եք կարծում, թե մենք՝ լեհացիներս էլ կարող ենք ուրիշների նման աննպաստ գաղափար ունենալ հայի վրա. բավական է հիշենք, թե հնումն ինչ ծառայություն են մատուցել հայերը Լեհաստանում:

Եվ, երևի, այդ ծառայությունները վարձատրելու համար էր, որ ձեր երկրում խլեցիք նրանց կրոնը, վրա բերեց նա։

Այդ բանում մեղադրեցեք ձեր Նիկոլին։

Նիկոլը մերը չէր, Նիկոլը ձերն էր։

Գնեցի, ինչ որ ուզում էի. և պատրաստվում էի, որ հեռանամ, մեկ էլ տեսնեմ գնածս իրերն առավ կռան տակը։

Ի՞նչ եք ուզում անել, հարցրի։

Ուզում եմ ծառայություն մատուցանել ձեզ։ Ես չպետք է մոռանամ, որ հայ եմ և գտնվում եմ Լեհաստանում։

Հետո չե՞ք վախենում, որ ի վարձատրություն ձեր ծառայության՝ խլեմ ձեր կրոնը։

Խլեցեք թեկուզ ինձ ամբողջովին, ասաց նա, վաճառատան դուռը բանալով առաջս։

Այսպես խոսելով և կատակ անելով հասանք մինչև մեր տան դուռը։ Այստեղ գնածս իրերը հանձնեց ինձ և բաժանվեց։ Շատ խնդրեցի, որ տուն մտնի, չմտավ։

Հետևյալ օրը դարձյալ գնացի այն հայի վաճառատունը, թեև ամենևին կարիք չունեի որևէ բան գնելու։ Երեխա չէի, իհարկե. շատ լավ հասկանում էի, թե ինչն է դրդում ինձ այնտեղ մտնելու։ Բայց այս անգամ չտեսա այնտեղ Բազենյանին։

Այնուհետև գրեթե ամեն օր մտնում էի այն հայի վաճառատունը և միշտ էլ... հուսահատվա՞ծ ասեմ, չէ՛, բարկացած էի դուրս գալիս այնտեղից։ Խիստ վիրավորական էր թվում ինձ այն բանը, թե ինչո՞ւ ես ուզում էի տեսնել Բազենյանին, խոսել նրա հետ, իսկ նա չէր երևում։ Ես բարկանում, զայրանում էի ինձ վրա միայն, որ անփորձ աղջկա նման կորցրել էի խելքս, մինչդեռ ամեն բանից երևում էր, որ նա չէր մտածում իմ մասին։ Այլապես, եթե ես նույնպիսի մի զգացում լինեի ներշնչած նրան, որպիսին նա էր ներշնչել ինձ, չէ՞ որ չէր կարող ինձ տեսնել չցանկանալ, ինչպես ես էի ցանկանում նրան տեսնել, մանավանդ որ ինքս էի խնդրել, որ չմոռանա ինձ։

Ըստ երևույթին, այս այսպես էլ պետք է վերջանար, բայց բախտն երևի ուրիշ կերպ էր տնօրինել։

"Մահը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց