Raffi

Խամսայի Մելիքությունները

8

XXXV

Մենք համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը, որը իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։

Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։

Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց դեպի Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժան էր, ներումն շնորհելու համար։

Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական հանցավորները միայն։ Աղա-Մամադ-խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։

Շահը առաջարկեց Մելիք-Բախտամին իր հետ գնալ Ղարաբաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքը թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից, այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր հայրենիքը գնալու, նա ուղղակի դիմեց Էջմիածին իր մեղքերը քավելու համար։

Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա-Մամադ-խանը Շուշի բերդում սպանված էր և Իբրահիմ-խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։

Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ, սովը սարսափելի կոտորածներ էր անում, և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը, լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան։

Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք, Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք-Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա-Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը։ Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։

Մելիք-Բախտամին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբասը։

Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին.

«Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլ մահմեդականների ազգը։ Այդ պատճառով տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթասիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները, մահապարտներին պատժում էր առանց խնայելու՝ շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններից, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարդիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին... Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարներին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին...»։

Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։

Իբրահիմ-խանը, արդարև, այժմ փոխել էր իր քաղաքականության եղանակը հայոց մելիքների վերաբերությամբ։ Նա տեսնում էր, որ դավադրությունը, սպանությունը, թույնը և այլ որոգայթները նրանց կյանքի դեմ չեն հասցնում իր ցանկացած նպատակին։ Սպանված հոր փոխարեն իշխում էր որդին, կամ նրա տոհմակիցներից մեկը։ Վերջ ի վերջո համոզվեցավ, որ փոխանակ թույնի, ավելի լավ էր նրանց ընդունել տա մահմեդական կրոնը։ Կրոնը փոխելով նրանք ավելի հեշտությամբ կոչնչանային և կխառնվեին թուրքերի հետ։

Առաջին փորձը կատարեց նա Մելիք-Աբասի վրա, բայց նրա բոլոր խորամանկությունները փշրվեցան, առաքինի իշխանի հաստատամտության առջև։ Իբրահիմ-խանը մինչև անգամ աշխատեց հրապուրել նրան իրա աղջիկների գեղեցկությամբ, բայց երբ նկատեց, որ նրա հավատքը խախտելու հնար չկա՝ կրկին ձեռք առեց սպանության հնարները...

Մի անգամ Մելիք-Աբասը անձամբ գնացել էր Ցոր գյուղը մի քրեական գործ քննելու համար. գիշերը ստիպվեցավ մնալ և հյուրասիրվեցավ տեղային ավագ քահանայի տանը։ Գիշերը նույն տան վրա հարձակվեցան մի խումբ ձիավորներ, որ պատրաստված էին Իբրահիմ-խանից։ Նրանք գտան մելիքին քնած և անպատրաստ վիճակի մեջ։ Սրերի տակ կոտրատեցին նրան

Սպանվածի մարմինը բերվեցավ իր Տող բերդը։ Նույն ժամում, երբ եկեղեցու մեջ պատարագ էր մատուցվում և պատրաստվում էին թաղման հանդեսը կատարելու, Իբրահիմ-խանի հրամանով կատարվեցավ մի այլ չարագործություն։ Հանկարծ եկեղեցում ներս մտան խանի զինված մարդիկը, աշխատում էին հափշտակել հանգուցյալի մարմինը, ասելով, թե նա կենդանության ժամանակ խոստովանվել էր մահմեդական կրոնը, իրավունք չէ նրան քրիստոնեական ծերերով թաղել։ Զայրացած ժողովուրդը մի կողմից, հանգուցյալի բարեկամները մյուս կողմից, հարձակվեցան խանի մարդիկների վրա, նրանցից շատերին կոտորեցին, ջարդեցին, տեղի ունեցան բավական մեծ թվով սպանություններ։ Խանի մնացած մարդիկը փախչելով, իրանց ջարդվելու մասին լուր տարան Շուշի բերդը։ Այս անգամ զայրացած խանը զորքեր ուղարկեց, բայց մինչև զորքերի հասնելը թաղման խորհուրդը կատարված էր։

Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը։ Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռիվի հայերի և թուրքերի մեջ։ Բայց որովհետև հայերը անտպատրաստ էին և չէին պասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան։ Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից և տարան մահմեդականների գերեզմանատան մաջ թաղեցին։

Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ։ Այն, որ հետո Իբրահիմ-խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդական էր և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևս պետք է ընդունեք նույն կրոնը։ Այդպես էլ եղավ։ Այնուհետև խանը, կալանավորելով Մելիք-Ավանյանների արդեն բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց։

Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում։ Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր։ Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղր-բեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան։

Մելիք-Ավանյան Բաղդադ-բեկը (Մելիք-Եսայու որդին) մնաց Իբրահիմ-խանի բանտում։ Երկար չարչարանքներ կրելուց հետո ստիպվեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասլան և Վահան, ընդունել մահմեդականություն։ Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով։ Իսկ նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։

Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով։ Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի աոաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ Նադիր-շահից՝ խանության աստիճան։ Դա գեներալ Մելիք-Ավան-խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։

Մելիք-Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան, մեզ հայտնի չէ։

XXXVI

Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը

1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան։ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուբովի արշավանքը, հետո Գանձակի պաշարումը, հետո Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը, այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։

Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բռնում Հայաստանի պատմության մեջ լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։

Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։

60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցա Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսվեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։

Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները, մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։

Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեցին իրանք մելիքները, երբ, թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովություն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք զրկվեցան ամեն բանից...

Թեև Ղարաբաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երբ ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի համար առանձին արտոնություններ։ Բայց այդ արտոնական կացությունը մի օտար հողի վրա չէր կարող կատարելապես լրացնել այն կորուստը, որ նրանք պիտի կրեին հայրենիքը թողնելով։

1798 թվի հունվար ամսում վախճանվեցավ վրաց Հերակլ իշխանը, նրան հաջորդեց որդին՝ Գիորգի XII։

Հերակլի մահից հետո իշխանական ընտանիքի թե տղամարդերի և թե կանանց մեջ ծագեցան անհաշտ կռիվներ և անվերջանալի երկպառակություններ։ Ռուսաստանի Հովսեփ արքեպիսկոպոսը, որը վրաց իշխանական գերդաստանի մտերիմ բարեկամներից մեկն էր, շատ աշխատեց միաբանությունը և խաղաղությունը նրանց մեջ վերականգնելու համար։ Բայց նրա բոլոր ջանքերը ցանկացած արդյունքը չունեցան։ Արքեպիսկոպոսը այդ երկպառակությունները վնասակար էր համարում Վրաստանի համար։

1797 և 1798 թվականներում, այսինքն՝ սովի և ժանտախտի ամենասաստիկ ժամանակներում, Վրաստանում խմբվեցավ Ղարաբաղի հայերի ահագին բազմություն։ Այդ միախմբումը հայերի և վրացիների Հովսեփ արքեպիսկոպոսն ավելի նպաստավոր էր համարում իր նպատակների իրագործմանը։ Բայց այդ բոլորը շատ ուշ էր արդեն։ Եթե հարգելի արքեպիսկոպոսը իր անչափ եռանդի և հայրենասիրության հետ փոքր-ինչ լուրջ քաղաքագիտություն ունենար, կարելի է այն սխալանքների մեջ չընկներ, որոնց հանդիպեց նա իր ամբողջ քաղաքական գործունեության ասպարեզում։ Նա սաստիկ շուտ հափշտակվող և հեշտ խաբվող մարդ էր...

Եկատերինա II վախճանվելուց և Պողոս I կայսրի գահակալությունից հետո ռուսաց կառավարության քաղաքական հայացքը Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ բոլորովին փոխվեցավ։ Այժմ ոչ ոք չէր մտածում իրագործելու Պետրոս Մեծի և Եկատերինա II ունեցած նպատակները արևելքի քրիստոնյաների մասին։ Այժմ Վրաստանն ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ռուսական նահանգ։

Այդ էր պատճառը, երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթարաններ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չկամեցան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ։

Վրաստան գաղթած Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցան վրացիների կողմից։ Սովից, տանջված, աղքատ եկան նրանք այդ երկիրը, շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։ Վրաց իշխանները ստիպում էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։

Հայոց մելիքները իրանց հպատակների հետ գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշտական սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։

Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։

Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1 400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1 000 ռ.։

Հիշյալ բարձրագույն հրովարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենսկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը.

«Հայոց մելիքները՝ Ջումշուդ և Ֆրեյդուն, որոնք գտնվում են այստեղ (Ս. Պետերբուրգ) և մյուսները, որոնք մնացել են Վրաստանում և Պարսկաստանում (Ղարաբաղում) իրանց այլ հայրենակիցների հետ, դիմեցին նորին կայսերական մեծության հովանավորության ներքո և ստացան ամենաողորմած թույլտվություն բնակվելու Վրաստանում, այն պայմանով, որ թագավորը (վրաց Գիորգի XII) պետք է տա նրանց հողեր բնակության համար թե իրանց հպատակների հետ և թե Պարսկաստանի այն բնակիչների հետ, որոնք կարող կլինեն հետո դուրս դալ այնտեղից։ Թագավոր կայսրը, ցանկանալով, որ մի այսպիսի քրիստոնյա ժողովուրդը, որքան կարելի է, ծաղկեր Վրաստանում, հենց նույն իսկ երկրի օգուտների համար, դուք (Կովալենսկին) պետք է աշխատեք, որ թագավորը (Գիորգին) հողերի այնպիսի զիջումներ աներ, որ մելիքների համար ամենաշահավետ պայմաններով լիներ, և որովհետև մի այսպիսի հասարակություն չէ կարող բնակության հաստատ հիմք ունենալ և ընդարձակել իր հառաջադիմությունը, մինչև որ պահպանված չլինեն նրա սովորությունները և կառավարության ձևերը, որոնք հին ժամանակներից հատուկ են եղել նրան, այդ պատճառով և ցանկալի կլիներ, որ նա (հայոց հասարակությունը) ոչ այլ տեսակ կախումն ունենար Վրաստանից, բայց միայն վասալների տեսակով, վճարելով այնուամենայնիվ թեթև հարկ թագավորին և բաժանելով նրա հետ այն ամենը, ինչ որ հարկավոր կլինի թե ծախքերի վերաբերությամբ, և թե մարդիկների գործակցությամբ երկրի պաշտպանության դեպքերում»։

Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում։ Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։

Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը ստացավ Գիորգի իշխանից Հոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա-Կալան։ Իսկ Մելիք-Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը։

XXXVII

Երբ Ղարաբաղի հայ ժողովրդի մի մասը իրանց մելիքների հետ զետեղվեցան Վրաստանում, այդ ժամանակ Ղարաբաղի երեք կաթողիկոսները գտնվում էին զանազան տեղերում։ Նրանցից երկուսը մնացին Ղարաբաղում. Իսրայել կաթողիկոսը նստած էր Ամարասա վանքում, իսկ փոքր Սիմոն կաթողիկոսը՝ Երիցմանկանց վանքում։ Երրորդը՝ Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, գտնվում էր Ղարաբաղի սահմաններից դրսում, Գանձակ քաղաքում (տե՛ս գլ. XVII)։

Բայց մի ճակատագրական դժբախտությամբ, կարծես, անխուսափելի էր դարձել, որ Ղարաբաղի մելիքները ուր և գնային, պետք էր, որ մի եկեղեցական կռիվ չար դևի նման հետևեր նրանց։

Հենց նույն տարվա մեջ, երբ մելիքները իրանց ժողովրդի հետ գաղթեցին Վրաստան, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, իր եղբորորդի Բաղդասարի հետ (որը արդեն վարդապետ էր ձեռնադրված) և իր այլ ազգականների ու մերձավորների հետ Գանձակից տեղափոխվեցան Թիֆլիս (1798, 25 մարտի)։ Հերակլ իշխանը սիրով ընդունեց կաթողիկոսին և մեռնելուց առաջ հանձնեց իր ժառանգ Գիորգիին, որը ավելի հարգանք ցույց տվեց իր վեհափառ հյուրին։

Թիֆլիսում այդ ժամանակ, որպես Վրաստանի հայոց առաջնորդ, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության կողմից նստած էր Հովհաննես արքեպիսկոպոս պոլսեցին, որը հայտնի էր «գեղարդակիր» մականունով։ Դա խիստ գործունյա և բնավորության տեր մի եկեղեցական էր և մեծ ազդեցություն ուներ Էջմիածնի վրա։

Սարգիս կաթողիկոսի Թիֆլիսում բնակություն հաստատելը, իհարկե, շատ հաճելի չէր կարող լինել «գեղարդակրին», մանավանդ, երբ նկատում էր նա իշխան Գիորգիի համակրությունը դեպի կաթողիկոսը և վերջինի ձգտումները Վրաստանում այդ ժամանակ զետեղված ղարաբաղցի գաղթականների հովիվը լինելու։

Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։

Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։

Իշխան Գեորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջմիածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն։

Այդ բոլորը, հայտնի բան է, պիտի հակառակեին «գեղարդակրի», որպես Վրաստանի, հայոց առաջնորդի, շահերին մի կողմից, իսկ Էջմիածնի իրավասությանը մյուս կողմից։ Այդ էր պատճառը, երբ իշխան Գիորգին առաջարկեց Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսին, խնդրելով, որ Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների առաջնորդ նշանակվի, Ղուկասը բացարձակապես մերժեց իշխանի խնդիրքը, և այդ առիթ տվեց երկար դժգոհությունների վրաց իշխանի և Էջմիածնի մեջ։

Գիորգին Ղուկասի համառությունից վշտացած հայտնեց, եթե իր խնդիրքը չկատարվի, ինքը այնուհետև կարգելե, որ Էջմիածնից ոչ մի հոգևորական իրավունք չունենա Վրաստանի սահմաններից անցկենալու և տեղային հայերից հոգևոր տուրք հավաքելու։

Ղուկաս կաթողիկոսը տեսնելով, որ դրանով Վրաստանի հայերը բոլորովին պիտի կտրվեն Էջմիածնից, սպիպվեցավ զիջումն անել։ Նա խոստացավ, թե իշխանի ցանկությունը կկատարե, միայն պետք Սարգիս կաթողիկոսը անձամբ գնա Էջմիածին, իր խոնարհությունը հայտնելու և իր պաշտոնը ստանալու համար։

Սարգիս կաթողիկոսը իր եղբորորդի Բաղդասար վարդապետի հետ գնացին Էջմիածին։ Թեև այնտեղ խիստ սառն ընդունելություն գտան, այսուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանություններին վերջ տալու համար Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ։ Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը՝ իրան Սարգսին։

Բայց Էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այդ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի Էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։

Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկես։ Դա էր Երիցմանկանց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ-խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։

Բայց այս անգամ Թիֆլիսի Էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի քթախոտի տուփը ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկել ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկանց վանքի վերջին կաթողիկոսն էր։

XXXVIII

Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ, միևնույն ժամանակ սատանան մեջ է ձգել մի որևիցե եկեղեցական կռիվ, երկպառակություն։ Դա թեև շատ տխուր է, բայց փաստ է։

Ռուսները արդեն տիրել էին Վրաստանին և պետք է տիրեին ամբողջ Անդրկովկասին։ Հայերի համար սկսվում էր մի նոր կյանք. պարսկական բռնապետությունը քայքայվում էր և տեղի էր տալիս քրիստոնյա պետության կառավարությանը։ Հայոց մելիքները աշխատում էին պահպանել իրանց վաղեմի իրավունքները այդ նոր պետության հովանավորության ներքո։ Ժողովրդի կյանքը գտնվում էր փոխանցական տագնապի մեջ, հազար ու մեկ կարիքներ կային, հազար ու մեկ հարցեր պիտի վճռվեին, հենց այդ ժամանակներում Էջմիածնում սկսվեցան կաթողիկոսական կռիվները, որ զբաղեցրին հայոց մտքերը այնքան ժամանակ, մինչև ռուսները բոլորովին հաստատվեցան Անդրկովկասում։

1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբլիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը։

Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ Էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեռևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար։ Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։

Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա համարումը մտածող Հայերի աչքում, երբ նա, իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները չթողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին...

Թեև նա Էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա Էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ։ Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ խորին բաղձանքները...

Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տոնախմբությունը և կարդացվեցավ Պողոս I կայսրի հրովարտակեր, որ ավետում էր այդ միավորությունը։

Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։

Կայսրի հրովարտակի ընթերցումից երեք օր հետո կատարվեցավ իշխան Գիորգիի թաղման հանդեսը, որին ներկա էր ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը։ Գիորգիի թաղման հետ վրաց իշխանությունը վերջացավ։

Այդ թաղումից հետո ինքը Հովսեփ արքեպիսկոպոսն անկողին մտավ և կարճատև հիվանդությունից հետո վախճանվեցավ, առանց Էջմիածինը տեսնելու, առանց կաթողիկոսական օծումն ընդունելու։ Նրա հետ մեռան և հայոց մելիքների մնացած հույսերը...

Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայսրը, և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։

Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառակությունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։ Գտնվեցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ։

Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։ Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։

Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք, Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1 000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև Էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք-Աբովի վստահություններին սահման չէր դրվում։

Մելիք-Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ճանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանելու համար, հանձնվեցավ նրան քարվան-բաշխության պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցների նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ հսկողության համար Մելիք-Աբովի մարդիկը յուրաքանչյուր բեռնից հարկ էին ստանում 1 ռուբլի, հօգուտ մելիքի, որի տարեկան գումարը հասնում էր 500 թումանի, որպես խոստովանվում է Մելիք-Աբովը իր նամակներից մեկի մեջ։

Այդ բոլորը նկատելով, վրաց իշխանազն Ալեքսանդրը տեսնում էր Մելիք-Աբովի մեջ մի լավ օգնական իր նպատակները իրագործելու համար։ Դեռ Գիորգիի կենդանության ժամանակներում նա թափառում էր երբեմն Դաղստանի լեռնաբնակների մեջ, երբեմն Ղազախի և Շամշադինի թարաքամաների մեջ և երբեմն Երևանի կողմերում և ամեն տեղ գրգռում էր մահմեդականներին ռուսների և իր եղբոր՝ Գիորգիի դեմ։

Նա շատ անգամ, թե ժամակներով և թե առանձին պատվիրակներ ուղարկելով, դիմում էր Մելիք-Աբովին, առաջարկում էր միանալ իր հետ և ռուսների հակառակ գործել։ Թեև Մելիք-Աբովը, հավատարիմ մնալով այն երդմանը, որ տվել էր ռուսաց կառավարությանը, ամեն անգամ մերժում էր իշխանազն Ալեքսանդրի առաջարկությունները, այսուամենայնիվ, Թիֆլիսի ռուս աստիճանավորները, կասկածելով նրա վրա, Մելիք-Աբովին կալանավորեցին։ Նա մի քանի ամիս մնաց բանտում, մինչև Վրաստանի համար նշանակված մինիստր Կովալենսկին Թիֆլիս գալով (1800) արձակեց նրան։

Մելիք-Աբովը ուներ երեք որդի՝ Ռոստոմ-բեկ, Սայի-բեկ և Մանաս-բեկ։ Դրանցից իր քաջությամբ նշանավոր եղավ Ռոստոմ-բեկը։

XXXIX

1804 թվին ռուսաց զորքերը իշխան Ցիցիանովի հրամանատարության ներքո մոտեցան Երևանի պարիսպներին, բանակ դրեցին Էջմիածնի մոտ։ Միևնույն ժամանակ պարսկական բազմաթիվ զորքեր, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո, շտապեցին Երևանը ազատելու և Ցիցիանովի արշավանքների առաջն առնելու։ Պարսից զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրաց ազնվականների հետ։ Դրանք իրանց հետ առնելով մի քանի գունդ պարսկական հեծելազորներ, և միանալով Ղազախի ու Շամշադինի թարաքամաների հետ, և մի կողմից էլ ապստամբեցնելով լեզգիներին, բոլորովին կտրեցին Վրաստանի հաղորդակցությունը Ցիցիանովի բանակի հետ, որը գտնվում էր Երևանի պարիսպների մոտ։

Ցիցիանովը, որ կամենում էր պաշարել Երևանը, ինքը պաշարման դրության մեջ մնաց։ Պարսիկները ամեն կողմից շրջապատեցին նրան։ Այդ ժամանակ պակասեց Ցիցիանովի զորքերի պաշարը։ Թեև Էջմիածնի վանքը իր հացի ամբարներից մեծ օգնություն մատակարարեց, բայց Ցիցանովը կարոտություն ուներ և ռազմամթերքի. վառոդը սպառվելու վրա էր. նրան պետք էին ավելի շատ թվով թնդանոթներ։

Այդ միջոցին Մելիք-Աբովի որդի Ռոստոմ-բեկը, իր սեփական հեծելազորների խումբով, այլև իր հետ առնելով 500 ռուսաց զինվորներ, երկու անգամ զարմանալի քաջությամբ անցավ պարսիկնքերի միջից և Ցիցիանովի բանակին Թիֆլիսից վառոդ, թնդանոթներ և այլ ռազմամթերք հասցրեց։

Երբ նա այդ նպատակով պիտի կատարեր իր երրորդ արշավանքը Փամբակի ձորում, Ղուրսալու գյուղի մոտ պատահեց պարսից զորքերի։ Նրանց թիվը 800 հոգի էր, գտնվում էին Փիր-Կուլի-խան անունով մեկի գլխավորության ներքո։ Այդ միջոցին պարսից զորքերի հետ միացավ վրաց իշխանազն Ալեքսանդրը 3 000 ձիավորներով։ Չնայելով պարսից ուժերի անհամեմատ գերազանցությանը, նրանք ամբողջ երեք օր կանգնած մնացին և չէին վստահանում կռիվ սկսել Ռոստոմ-բեկի փոքրաթիվ խումբի հետ։ Երբ վերջապես սկսվեցավ կռիվը, Ռոստոմ-բեկն՝ ընկած ռուսաց զորքերի առջևը, երկար քաջությամբ պատերազմում էր։ Հանկարծ նրա ձին գնդակահար լինելով, ցած գլորվեցավ։ Ռոստոմ-բեկը նստեց մի այլ ձիու վրա և կրկին նետվեցավ կռիվի մեջ։ Չնայելով, որ նա արդեն երկու վերք էր ստացել, բայց տակավին շարունակում էր կռվել։ Երբ երրորդ վերքը ստացավ աջ ձեռքի վրա, այդ ժամանակ արյունաշաղախ ցած ընկավ։ Նրա ընկնելուց հետո պարսիկները մայոր Մոնտրեզորին սպանեցին և ռուսաց բոլոր զինվորներին կոտորեցին։

Ռոստոմ-բեկին տարան պարսից թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի բանակը։

Վրաց իշխանազն Ալեքսանդրը լավ ծանոթ էր Ռոստոմ-բեկի հետ, ճանաչում էր և նրա հորը՝ Մելիք-Աբովին, որը, ինչպես ցույց տվին նախընթաց գլխում, մերժեց Ալեքսանդրի առաջարկությունները, երբ նա խնդրում էր միանալ իր հետ, ռուսների հակառակ գործելու համար։ Այժմ համառ մելիքի ավելի ևս համառ որդին, առաջնորդելով ռուսաց զինվորներին, ընկավ թշնամու ձեռքը։ Ալեքսանդրը կամեցավ հոր վրեժը առնել որդուց։ Եվ առաջուց տեղյակ լինելով, թե պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան ո՛ր աստիճան ատելություն ունի դեպի Ղարաբաղի մելիքները, որոնք Աղա-Մամադ-խանի սպանման պատճառը դարձան Շուշի բերդում, այդ մտածությամբ, իբրև մի լավ առարկա Աբաս-Միրզայի վրեժխնդրությանը բավականություն տալու, Ալեքսանդրը ուղարկեց Ռոստոմ-բեկին Աբաս-Միրզայի մոտ։

Պարսից թագաժառանգը իսկույն սպանել չտվեց նրան, այլ շղթայակապ ուղարկեց Թավրիզ, հրամայելով, որ այնտեղ բանտարկեն և խնամք տանեն նրա վերքերը բժշկելու համար։

Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրիզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։ Այդ վերջինը հետո թավրիզեցի Օհանես-աղայի երաշխավորությամբ ազատվեցավ։ Բայց Ռոստոմ-բեկը մնաց բանտում այնքան ժամանակ, մինչև Աբաս-Միրզան ռուսներից հաղթված և բարկացած վերադարձավ Թավրիզ։ Նա իսկույն տվեց քաջին դահիճների ձեռքը և հրամայեց գլխատել նրան։ Թավրիզի հայերը մեծ սուգով նրա մարմինը թաղեցին իրանց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում և սովորեցրին իրանց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։ Երևում է, Ղարաբաղի հերոսը որքան հաջողակ էր զենք գործ ածելու մեջ, նույնքան հմուտ էր և բանաստեղծության մեջ։ Այժմ այդ երգը բոլորովին մոռացված է։ Վաղեմի տխուր հիշողությունները կրկին զարթեցնելու համար մենք կդնենք նրա ամբողջ օրինակը.


Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,
Ժանտ դահիճն սուր ի ձեռին անյագ սրէ,
Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,
Ի կախաղան և կամ ի սպանդ, ո՞ւր զիս տանէ,
Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,
Դառնագին լան զիս Աբովեան՝ քաջ ախոյեան։
Մի՞թէ չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ
Յայս ամեհի և մահագոյժ վայրագ դահճէ։
Ընդէ՞ր զանմեղ արիւն թափել, յէ՞ր ցանկայ,
Նուիրական զենման իմոյ լերուք վկայ։
Սէր հայրենեաց ի թշնամեաց ձեռս մատնեաց, ուրախ մեռայց,
Եվ դասեցայց ընդ դիցազանց իմոց նախնեաց։
Փշրանք մնացեալ իմ սիրելի հայոց ազգի,
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարի։
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,

Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Ավա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցացին՝ զառամեալ հօրս.
Քաջ նահատակ որդիդ միակ ի ձեռս վայրագ պարսից էանկ,
Իւր յաղթանակ մահ դժնդակ էառ պսակ։
Մեծդ յարեաց, արքայորդիդ Աբաս Միրզա,
Սուր ի ձեռին դահիճն հէգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ
Զիա՞րդ կամիս սպանանել՝ շու՛տ հրամայեա՛։
Միայն սգամ, զի կապեալ կամ. թե միւս անգամ հրացան, սուր իմ
Ի ձեռս ունիմ, զբազուկս իմ ձեզ ցուցանեմ...

Սիրելի որդո աղետալի վախճանից հետո, նրա ալևոր հայրը, Մելիք-Աբովը, երկար չապրեց։ Ծերունի հերոսի վերջին օրերը անցան ցավերով և տրտմությամբ...

Ահա ինչ է գրում նա Ս. Պետերբուրգ իր 1807 թ. նոյեմբերի 23-ի նամակի մեջ աղա Մինաս Լազարյանին, որին, Հովսեփ արքեպիսկոպոսի վախճանվելուց հետո, ստեպ դիմում էին Ղարաբաղի մելիքները, իրանց զանազան վշտերը հայտնելով.

«Իմ մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանի սուրբ գահին և Շուշիում իմ ցույց տված քաջագործությունները, դեռ Զուբով զորավարի ժամանակից, բոլորին հայտնի են։ Կարելի է որ ձեզ ևս անհայտ չէ, թե որպես հալածական արինք և ցրվեցինք երկրի երեսին Աղա-Մամադ-խանի ահարկու զորախումբը։ Այս պատճառով Հերակլ թագավորը, կամենալով մեզ (Ղարաբաղի մելիքներին) իրան օգնական ունենալ, երդումներով և թղթերով հավատացրեց մեզ, որ գայինք նրա մոտ, բնակվեինք նրա տերության մեջ և համարվեինք հավասար նրա առաջնակարգ թավադների ու կնյազների հետ։ Մենք եկանք։ Իր խոստման համեմատ թագավորը տվեց մեզ Բոլնիսը, իսկ իր պալատում մեզ տեղ նշանակեց իր բոլոր ավագներից բարձր։ Մեր մի այսպիսի դրությունը տևեց Հերակլի և Գիորգիի թագավորության ընթացքում։ Իսկ այժմ մենք զրկված ենք թե հողից, թե կալվածներից և թե հարգանքից. որովհետև ամենքը նեղացնում են մեզ, աշխատում են խլել մեզանից Բոլնիսը և պահանջում են տասներորդ մասը մեր հունձքերից։ Այդ բոլորը այն աստիճան անախորժ է մեզ, որ մենք այսուհետև ամենևին ցանկություն չունենք այլևս բնակվել այստեղ (Բոլնիսում)։ Երբ որ ես շինություններով և բնակիչներով ծաղկեցրի այդ գավառը, մաքրեցի նրան բոլոր թշնամիներից և վայրենիներից, ապա այնուհետև միայն հայտնվեցան զանազան տերեր, որոնցից մեկը տեր է կանգնում ջրանցքներին, մյուսը աշխատում է սեփականացնել իրան լեռները, երրորդը՝ հողը... Այդ բոլորից հետո, եթե Բոլնիսի բոլոր քարերը ոսկի դառնալու լինեն, այն ժամանակ ևս, հրաժարվելով կհրաժարվենք այդ երկրից։ Ոչ փող մնաց մեր քսակներում և ոչ համբերություն... մեր օրերը անց ենք կացնում ատենական տեղերի դռներում և ոչ մի տեղից օգնություն չենք գտնում...

Այդ բոլորի առիթով ես մատուցի հանուն կայսրի ամենախոնարհաբար խնդիր, որպեսզի ամենաողորմածաբար թույլատրվեր մեզ մեր ժողովրդի հետ տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ, ապրելու և բնակություն հաստատելու այնտեղ։ Բոլորը, ինչ որ ես թղթի վրա խոստացել եմ ամենաողորմած Թագավորին, միևնույնը այժմյանից երդումով եմ կատարել հօգուտ արքունի գանձարանի։

Ո՛րքան մեծ է եղել իմ ծառայությունը իմ ամենաողորմած Թագավորին, այդ մասին դեռ չգիտե բարձր կառավարությունը։ Այլևս ի՞նչ է մնում ինձ անել։ Ունեի ես անդրանիկ որդի Ռոստոմ-բեկը, իմ ծերության զավակը և իմ նախնյաց ժառանգը և նրան ես զոհ բերեցի իմ ամենաողորմած և ինքնակալ Կայսրին... Ինչ որ ես գործել եմ և ինչ որ այժմ կատարում եմ, դրանից ավելին ոչ ոք կարող չէ անել։

Ես ունեմ մի կաթիլ արյուն, և այն ամեն րոպե պատրաստ է թափվելու իմ Թագավորի անվան համար։ Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել ես։

Իսկապես երևում է մի բան միայն, այն է, որ ես հայ եմ, և այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները և զորավարները չարանում են ինձ վրա, իմ կատարած հաղթությունների և քաջագործությունների համար։ Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է, որովհետև ցանկանում են, որ ես հուսահատվեմ և տխրությունից մեռնեմ անհայտության մեջ։ Աստուծո օգնությամբը այդ չի լինի։ Մինչև գերեզման չմտնեմ, տխրությունը և հուսահատությունը չեն կարող վհատեցնել ինձ։ Ընդհակառակն, ես և այսուհետև նպատակ ունեմ կատարելու այնպիսի հաղթություններ, որ զարմացնեին բոլորին։ Իսկ գերեզման կմտնեմ իմ քաջագործությունների և արիությունների ժամանակ, երբեք չեմ մեռնի տկարների ու հիվանդների նման, որոնք հոգի են տալիս անկողնի մեջ»։

Հետո մի առ մի թվելով իր կատարած ծառայությունները Ռուսաստանին, ծերունի հերոսը ավելացնում է.

«Ես շատ անգամ խնդրել եմ կոմսին (Գուդովիչին), որ թույլ տա մեզ, Մելիք-Ջումշուդի նման տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ։ Բայց նա չհոժարվեցավ, պատասխանելով, որ եթե մենք թողնելու լինենք այդ երկիրը (Վրաստանը), այն ժամանակ Բոլնիսը կոչնչանա, իսկ ախալցխացիները, լեզգիները և այլ վայրենիներն ու ավազակները կոչնչացնեն Թիֆլիսի շրջակա գյուղերը։ Բայց երբ որ մենք ասում ենք. որովհետև Հերակլ թագավորը շնորհել է մեզ Բոլնիսը իր բոլոր հողերով, ջրերով, անտառներով և այլ պատկանելիքներով, ուրեմն խնդիրում ենք ձեզ, որ այդ բոլորը հաստատեք մեր անունով։ Այն ժամանակ կոմսը մեր պահանջներին պատասխանում է, ասելով, ես չեմ կարող ուրիշների կալվածները տալ ձեզ, և դրա նման խոսքեր։ Ես չեմ կամենում ձանձրացնել ձեզ բոլոր մանրամասնություններով...»։

Վերջացնում է նամակը, խնդրելով Լազարյանի միջնորդությունը Կայսրի մոտ, իր առաջարկած մի քանի պահանջների մասին, որոնց մեջ դառնացած ծերունին առանձին կերպով շեշտում է, որ թույլ տրվի իրան իր հպատակների հետ վերադառնալ Ղարաբաղ։

Մեր ընթերցողներին հայտնի է, որ Պողոս I կայսրի բարձրագույն հրովարտակի համեմատ, վրաց Գիորգի իշխանը իր առանձին հրովարտակներով Բոլնիսի գավառը շնորհեց Մելիք-Աբովին, իսկ Լոռիի գավառը շնորհեց Մելիք-Ջումշուդին, որոնց մեջ նրանք առանձին արտոնություններով գաղթականություն էին հիմնել դեռ Հերակլ իշխանի օրերում (տե՛ս գլ. XXXVI)։ Մելիք-Ջումշուդը, որպես հետո կտեսնենք, նկատելով Գիորգիի մահից հետո Վրաստանում տեղի ունեցած անախորժ հանգամանքները, և մելիքների հարաբերությունների տեղային ռուս պաշտոնակալների հետ աննպաստ կերպարանք ստանալը, վշտացավ, և վաճառելով Լոռին ռուսաց կառավարությանը, իր հպատակների հետ վերադարձավ Ղարաբաղ։ Նույնը, նույն հանգամանքների պատճառով, կամենում էր անել Մելիք-Աբովը։ Բայց նրան արգելում էին, որովհետև վրացիները այժմ մելիքների մեջ շատ պետքեր չունեին...

Որքան էլ մեծ լիներ Մելիք-Աբովի ցանկությունը իր հայրենիքը տեսնելու, իր ժողովրդի հետ իր նախահարց հողի վրա ապրելու, այսուամենայնիվ, իր բաղձանքին հասնել չկարողացավ նա։

Հետզհետե նրա հարաբերությունները վրաց ազնվականների հետ, Բոլնիսի և այլ կալվածական խնդիրների պատճառով, ավելի և ավելի թշնամական կերպարանք ստացան։ Եվ որպես պատմում են, մի հրավերքի մեջ, Թիֆլիսում, թունավորված լոբին կարճատև հիվանդությունից հետո նրան գերեզման տարավ (1808) նույն հրավերքի մեջ թունավորվելով մեռավ նրա քարտուղարը՝ Միրզա-Իսաբախշը։

Մելիք-Աբովի մահից հետո հաջորդության մասին երկպառակություններ ծագեցան Մելիք-Բեգլարյանների տոհմի մեջ։ Հանգուցյալի անդրանիկ որդին՝ Ռոստոմ-բեկը, որը մելիքների սովորությամբ պետք է հաջորդեր նրան, որպես տեսանք, Թավրիզում մահվան դատապարտվեցավ։ Նրա մյուս երկու որդիները՝ Մանաս-բեկը և Սայի-բեկը, դեռ բավական երիտասարդ էին։ Տոհմի մեջ նշանավոր մնում էր հանգուցյալի եղբորորդի Ֆրեյդունը, որը շատ խելացի և քաջ տղամարդ էր, և դեռ Մելիք-Աբովի կենդանության ժամանակ հայտնի էր իր արժանավորություններով։ Նա Ղարաբաղի մելիքների կողմից Ս. Պետերբուրգ ուղարկված (1799) պատգամավորներից մեկն էր, որը ներկայացավ Պողոս I կայսրին և արժանացավ նրա ամենաողորմած շնորհներին (տե՛ս գլ. XXXVI)։

Ամենի ցանկությունն այն էր, որ Մելիք-Աբովի հաջորդը լինի Ֆրեյդունը, և նա ընտրվեցավ, բայց նրա իշխանությունը կարճատև եղավ։ Նա գրգռեց իր եղբոր՝ Սամի նախանձը, որը սաստիկ կատաղի մարդ էր։ Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ Սամը հարձակվեցավ Ֆրեյդունի վրա և խենջարով այնպիսի սաստիկ զարկավ նրա գլխին, որ սպանեց հարազատ եղբորը (1808)։ Այդ ցավալի անցքից հետո եղբայրասպանը ատելի դարձավ իր տոհմի մեջ և չհասավ այն փառքին, որին ձգտում էր։ Մելիք-Ֆրեյդունի փոխարեն հաջորդ ընտրվեցավ հանգուցյալ Մելիք-Աբովի որդի Մանաս-բեկը։

Այդ վերջինի ժամանակներում մելիքների նշանակությունը Վրաստանում բավական ընկավ։ Հակառակ Պողոս I Կայսրի բարձրագույն շնորհված արտոնությունների, հակառակ այն իրավունքների, որ նրանք վայելում էին Հերակլ և Գիորգի իշխանների օրերից, այժմ սկսեցին փոքր առ փոքր սահմանափակել նրանց իրավունքները, իսկ հետո աշխատում էին իսպառ ոչնչացնել։

Այդ բոլորի պատճառը էր այն ժամանակվա ռուս կառավարիչների կամայականությունը, որի դեմ սաստիկ բողոքում էին մելիքները, շատ անգամ դիմելով ռուսաց բարձր կառավարությանը։ Երբ Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո Մանաս-բեկը դիմեց գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովին, խնդրելով, որ հաստատեն իրան ժառանգական տիրապետողի իրավունքներով Բոլնիսի բնակիչների վրա, նրան բոլորովին մերժեցին, պատասխանելով, թե ոչ Բոլնիսը և ոչ այդ գավառի բնակիչները ոչ ոքին չեն պատկանում, բացի թագավորից։ Եվ մինչև անգամ հրամայվեցավ կալանավորել Մանաս-բեկին, պահել Թիֆլիսում խիստ հսկողության ներքո, որ նա Բոլնիսի բնակիչների մեջ այլևս վրդովմունք չհարուցանե։

Հայտնի է, որ Բոլնիսը բնակեցրած էր ղարաբաղցի գաղթականներով, որոնք Մելիք-Բեգլարյանների հպատակներն էին և տեղափոխված էին նրանց հայրենի Գյուլիստան գավառից։ Այն ևս հայտնի է, որ Բոլնիսը շնորհվեցավ որպես մշտական սեփականություն Մելիք-Բեգլարյաններին իրանց հպատակների հետ բնակվելու համար։ Վրաստանում այդ ժամանակ տիրում էր ճորտատիրության իրավունքը։ Թեև մելիքները Վրաստան գաղթելով չկամեցան իրանց հպատակների վերաբերությամբ ընդունել ճորտության իրավունքներ, այսուամենայնիվ, նրանք պահպանեցին տիրապետողի և հպատակի իրավունքները, այն ձևերի մեջ, որպես վաղուց սովորական էին Ղարաբաղում։ Երբ այդ իրավունքներից ևս կամենում էին զրկել նրանց, այնուհետև ուրիշ ոչինչ չէր մնում, բայց միայն թողնել Վրաստանը և կրկին տեղափոխվել Ղարաբաղ։

Այդ էր պատճառը, որ Մելիք-Բեգլարյանների ժառանգները և նրանց հպատակները, երկու վերջին նշանավոր իշխողների, Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո սկսեցին հետզհետե թողնել Վրաստանը և տեղափոխվել Ղարաբաղ։ Նրանք մնացին Վրաստանում մոտավորապես տասներկու տարի (1797 1809)։ Մելիք-Բեգլարյանների բացակայության ժամանակում նրանց գյուղերը, կալվածները, մի խոսքով, ամբողջ Գյուլիստանի գավառը, որ այդ տոհմի հայրենական ժառանգությանն էր, անցել էր Իբրահիմ-խանի ձեռքը։ Բայց Մելիք-Բեգլարյանները կրկին հետ խլեցին խանից բոլորը և իրանց հայրենի երկրի տերը դարձան։

Be the first who will comment on this

Other parts of "Խամսայի Մելիքությունները"

Yatuk Music
Swinging Bach
David Balasanyan

Swinging Bach

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online