Raffi
Խամսայի Մելիքությունները
6
XXIII
Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա, լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան։ Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովհաննես կաթողիկոսի քրոջ որդին էր։ Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ։
Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում են Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու։ Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսկոպոսը ստիպված, է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն։ Նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն։ Այդ լսելով, շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի, ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն։ Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է։ Բայց չնայելով նրա գործ դրած նախազգուշությանը, թշնամու համար միշտ պատրաստ հայ լրտեսներից մեկը արդեն խանին իմացում էր տվել բոլորը, թե Սարգիս եպիսկոպոսը փախչելու է Գանձակ և վանքի մնացած հարստությունը տանելու է իր հետ։
Խանը ուղարկեց մի խումբ ձիավորներ, որ փախստականներին կալանավորեն և վանքային բոլոր իրեղենները հափշտակեն։ Նրանք այնպես շուտափույթ կերպով վրա հասան, որ, փախստականները միջոց չունեցան իրանց հետ վեր առնել վանքային իրեղենները, որոնք մնացին իրանց թաքցրած տեղերում։
Թեև վանքային հարստությունը ազատվեցավ, այսուամենայնիվ, Մելիք-Մեջլումի ուղարկած մարդիկներին մեծ քաջություն էր հարկավոր, որ կարողանային եպիսկոպոսին և նրա ընկերներին ազատել խանի ձիավորների ձեռքից։ Այդ միջոցին օգնության հասավ ինքը բնությունը։ Մռավ լեռների վրա պատեց Ղարաբաղի այն սովորական թանձր մառախուղը, որ մի քայլ հեռավորության վրա ոչինչ չէ կարելի տեսնել։ Արզումանը իր խումբը երկու մասի բաժանեց, մի մասը հանձնեց զարգար Մելքումին և պատվիրեց նրան, որ եպիսկոպոսին մյուսների հետ առանձին ճանապարհով տանե դեպի Գանձակ, իսկ ինքը մնացած մասի հետ ետ մնաց և սկսեց կռվել խանի ձիավորների հետ։ Նրան հաջողվեցավ մեծ հաղթություն գործել մի քանի հարյուր ձիավորների դեմ, որոնցից շատերին բռնելով, ականջները և քթները կտրեց և ետ ուղարկեց, ասելով. «Գնացեք ձեր խանին խաբար տարեք, որ Արզումանը հեշտ կուլ տալու պատառ չէ...»։
Սարգիս եպիսկոպոսը իր եղբայրների հետ եկան Գանձակ 1791 թվին, նրա հետ էր պատանի Բաղդասարը, որ այդ ժամանակ 22 տարեկան էր։ Ջավադ-խանը սիրով ընդունեց նրան, եպիսկոպոսին բնակության տեղ տվեց, ռոճիկ նշանակեց և այնուհետև Սարգիսը Գանձակի գավառի հայոց առաջնորդը դարձավ։ Գանձասարի վանքը մնաց ավերակ դրության մեջ, զուրկ հոգևոր միաբանությունից։
Միևնույն տարում (1791), երբ Հասան-Ջալալյան Սարգիս եպիսկոպոսը եկավ Գանձակ, իր երկու եղբայրներին՝ Դանիել-բեկին և Ջալալ-բեկին այնտեղից ուղարկեց Գանձասար, որ վանքի թաքցրած կայքերը դուրս հանեին և բերեին Գանձակ։ Այդ վանքի անբավ հարստությունը Իբրահիմ-խանը հափշտակելու ժամանակ՝ կարողացել էին մի մասը միայն թաքցնել, որովհետև Սարգիս եպիսկոպոսի փախուստը այն աստիճան շուտափույթ կատարվեցավ, որ նա ժամանակ չգտավ վանքի կայքերը իր հետ վեր առնելու։
Բայց նրա եղբայրներին նույնպես չհաջողվեցավ։ Դանիել-բեկը և Ջալալ-բեկը, թեև գաղտնի եկան Գանձասար, բայց իսկույն մատնվեցան։ Իբրահիմ-խանի մարդիկը բռնեցին նրանց, Ջալալ-բեկի գլուխը կտրեցին, իսկ Դանիել-բեկին կենդանի տարան խանի մոտ։ Խանը հրամայեց բանտարկել նրան, ասելով. «Գնա այնտեղ մնա՛, թող ռուսները գան և ազատեն քեզ...»։ Այդ խոսքերով գոռոզ խանը կամեցավ ծաղրել հայերի այն հույսերը, որ դրած էին ռուսների վրա։ Մի քանի օրից հետո նրան բանտից դուրս բերելով, հրամայեց մաս-մաս կտրատել...
Նրա քույրը, տիկին Ղամար-սոլթանը (Մելիք-Մեջլումի մայրը) այդ ժամանակ պահված էր Շուշի բերդում իբրև պատանդ։ Նա հավաքեց եղբոր մարմնի կտորտանքը և թաղել տվեց տեղային գերեզմանատնում։
Մենք վերևում հիշեցինք, որ, Իբրահիմ-խանը դավաճան Իսրայել կաթողիկոսին մատուցած ծառայությունների համար, Մելիք-Շահնազարի խորհրդով, նրան տվեց Ամարասա վանքը և Ղարաբաղի վրա հովիվ կարգեց։ Այդ ժամանակ Երիցմանկանց վանքում նստած էր փոքր Սիմոն անունով մեկը կաթողիկոս։ Եվ այսպես, Ղարաբաղում երկու կաթողիկոսներ կային, Իբրահիմ-խանի հովանավորության ներքո։
Այդ տեսնելով Գանձակում գտնված հայոց մելիքները՝ Մեջլումը և Աբովը, Ջավադ-խանի հետ միաբանվելով, Իբրահիմ-խանի հակառակի Սարգիս եպիսկոպոսին Գանձակում կաթողիկոս օծել տվին (1794)։
Պատմում են, օծության խորհուրդը կատարելու ժամանակ եպիսկոպոսների թվից մեկը պակաս էր. այդ պակասը լրացնելու համար ինքը Ջավադ-խանը կանգնեց եպիսկոպոսների շարքում, ասելով՝ «Օծեցեք, թող մեկն էլ ես լինեմ»։
Գանձակի հայերը այնտեղ գտնված մելիքների հետ դիմեցին Էջմիածին, խնդրելով, որ Սարգսին հաստատեն Աղվանից կաթողիկոսության մեջ։ Բայց Էջմիածինը մերժեց նրանց խնդիրքը, պատճառ բերելով, թե Ղարաբաղում կան արդեն երկու կաթողիկոսներ՝ Իսրայելը և Սիմոնը։ Թեև այդ երկու կաթողիկոսներն ավելի մահմեդականների հոգևորականներ էին, քան թե հայոց։
Եվ այսպես ծագեցան երկպառակություններ երեք միմյանց հակառակ կաթողիկոսների մեջ, որոնցից Սիմոնը նստած էր Երիցմանկանց վանքում, Իսրայելը նստած էր Ամարասա վանքում, իսկ Սարգիսը՝ Գանձակում։
Այդ երկպառակությունները երկար զբաղեցրին Ղարաբաղի և Գանձակի հայ հասարակություններին, մի այնպիսի ժամանակում, երբ Ղարաբաղի հայկական իշխանությունները Իբրահիմ-խանի ոտքերի տակ հետզհետե խորտակվում էին... և Հայերը պետք է լուծեին մի մեծ ազգային խնդիր...
XXIV
Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Գանձակում գտնված ժամանակ Իբրահիմ-խանը իրան դեռևս այդ երկու մելիքների վտանգից ազատված չէր համարում, մանավանդ, երբ տեսնում էր, որ նրանք միացել են իր թշնամու՝ Ջավադ-խանի հետ։ Նա նկատում էր, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղում թողած ժողովրդի մեջ ինչ-որ գաղտնի շարժում կա։ Այդ ժողովուրդը չէր կարող մոռանալ իր սիրելի մելիքներին և հպատակել այնպիսի հայ դավաճանների, որոնք մահմեդական խանից կարգված և մահմեդականի հլու էին։ Մենք տեսանք, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղից հեռանալուց հետո նրանց հպատակներին, Իբրահիմ-խանի օգնությամբ, սկսեցին տիրել նոր մելիքներ։ Այդ օտար և խորթ մելիքներն անտանելի էին ժողովրդին։
Այդ էր պատճառը, որ Իբրահիմ-խանը կասկածելով, թե Գյուլիստանի և Ջրաբերդի հայերը (այսինքն՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հպատակները) կարող են միանալ Գանձակի հայերի հետ և, մեծ ուժ կազմելով, կարող են իրան վտանգ սպառնալ, այդ մտքով սկսեց նրանց Գանձակի սահմանների մոտից տեղափոխել ուրիշ տեղ։ Գյուլիստանի բնակիչներին տարավ Խաչենի գավառը, իսկ Ջրաբերդի բնակիչներին տարավ Տիզակի գավառը և այսպես ցրեց նրանց դեպի ամեն կողմեր։ Այդ ժամանակներում էր (1788), որ Մելիք-Աբովի հպատակներից (Գյուլիստանից) 500 ընտանիք, չկարողանալով համբերել Իբրահիմ-խանի բռնությանը, թողեցին իրանց հայրենիքը և գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամքորի մեջ, որը իր իշխանության տակ էր գտնվում։ Դարձյալ այդ ժամանակներում էր, որ Մելիք-Մեջլումի հպատակներից մոտ հազար ընտանիք թողեցին Ջրաբերդը, նույնպես գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամշադինում։
Այդ գաղթականները, թեև անցան մի օտար հողի վրա, բայց դարձյալ գտնվում էին իրանց մելիքների հպատակության ներքո։ Ջավադ-խանը չէր իշխում նրանց վրա։ Մելիք-Մեջլումը տիրում էր իր ժողովրդին, իսկ Մելիք-Աբովը տիրում էր իր ժողովրդին։ Դրանք բնակվում էին Գանձակի գավառում որպես ժամանակավոր հյուրեր։
Այժմ ի դեպ է հիշել, որ ինչպես Ղարաբաղում կային հինգ հայկական մելիքություններ, այնպես էլ Գանձակի գավառում կային չորս հայկական մելիքություններ, որոնց մասին մեր պատմության մեջ ոչինչ չենք խոսացել։
Ղարաբաղի հայերի մի մասը, խմբվելով Գանձակի գավառում, իրանց վաղեմի մելիքների իշխանության ներքո, սկսեցին այստեղից արշավանքներ գործել Իբրահիմ-խանի վրա։ Նրանց երբեմն օգնում էին և Գանձակի գավառի հայ մելիքները Ջավադ-խանի դրդելով։ Այդ արշավանքները տևեցին մի քանի տարի։ Արշավանքները ոչ այնքան տիրապետական նպատակներով էին կատարվում, որքան ասպատակության և ավարառության նպատակներով։ Ամեն մի հարձակում վերջանում էր կոտորածով, հրդեհով, ավերածով և գերիվարությամբ։ Ղարաբաղի թուրքերը սկսեցին այդ ժամանակ հայի ձևով հագնվել, որ չճանաչվեն։ Ամեն մի թուրք, որ հայերի ձեռքն էր ընկնում, անխնա կերպով սպանվում էր։ Արշավանքներին առաջնորդում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանը և շուշեցի զարգար Մելքումը։ Նրանք այն աստիճան նեղի մեջ դրին Իբրահիմ-խանին, որ բոլորովին կտրեցին Թարթար գետի անցքը և ոչ մի մահմեդական չէր համարձակվում դեպի Գանձակի կողմերը անցկենալ։
Իբրահիմ-խանը հարկադրվեցավ մի քանի անգամ դիմել Ջավադ-խանին, խնդրելով նրա միջնորդությունը, որ իրան հաշտեցնե Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հետ, որ նրանք դադարեցնեն իրանց թշնամական գործողությունները և, վերադառնալով իրանց հայրենիքը, վայելեն իրանց վաղեմի իրավունքները, տիրելով իրանց երկիներին։ Բայց մելիքները չէին հավատում խաբեբայի խոստմունքներին, առաջարկում էին, թե իրանց հաշտությունը կկայանա այն ժամանակ միայն, երբ Շուշի բերդը կքանդվի, և Իբրահիմ-խանը, դուրս գալով այդ որջից, կհեռանա Ղարաբաղից, հիմնելով իր համար նոր բնակություն Ջուանշիրի անապատներում, ուր ապրում էին նրա նախնիքը։ Այդ առաջարկությունը խիստ ծանր էր. զրկվել Շուշի բերդի ամրությունից, նշանակում էր զրկվել ամեն բանից։ Պետք է ասած, որ Ջավադ-խանը նույնպես համակրում էր այն մտքին, որ Շուշի բերդը դատարկված և քանդված լինի։ Նրան, անտանելի էր տեսնել իր հարևանության վրա մի նորաբուսիկ խանություն, ամրացած Շուշիի անմատչելի բարձրության վրա։ Նա անդադար կրկնում էր այդ խոսքը. «Նզովյալ լինի Մելիք-Շահնազարը, որ կյանք տվեց սառած օձին, իր կուրծքի վրա ջերմացնելով նրան։ Եթե չլիներ Շուշի բերդը, չէր լինի և ջուանշիրցիների խանությունը...»։
Եվ իրավ, այդ բերդը հիմնեց Մելիք-Շահնազարը և տվեց Փանահ-խանին։ Նա Ղարաբաղի կուրծքի վրա սկսեց զարգացնել մի նենգավոր, օձաբարո մահմեդական խանություն...
Փանահ-խանը համեմատաբար ավելի լավ էր. նա փոքրիշատե պահպանել էր իր ցեղի պարզությունը, նա ազատ էր մահմեդական մոլեռանդությունից և հայոց մելիքների հետ վարվում էր ոչ իբրև իշխող, այլ որպես դաշնակից։ Բայց Իբրահիմ-խանը հոր նման չէր։ Մանկությունից կրթված լինելով Պարսկաստանում, սովորել էր նա մահմեդական կրոնի բոլոր մոլեռանդությունները։ Նա ոչ միայն հալածում էր քրիստոնեությունը, այլ բռնությամբ ստիպում էր շատերին ընդունել մահմեդականություն։ Մելիքների տիրապետության ժամանակներում Ղարաբաղում ոչ մի թուրք բնակիչ չկար։ Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք, հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանվում են, թե իրանց նախնիքը հայեր են, եղել, այդ բոլորը Իբրահիմ-խանի ժամանակների պտուղներն են։
Խանի այդ վարմունքը սաստիկ վիրավորում էր հայոց մելիքների կրոնական զգացմունքը։ Նրանք մի այլ հնար չէին գտնում կրոնափոխության առաջը առնելու, միայն պատահած ժամանակ սպանում էին Քրիստոսի հավատքը ուրացողներին։ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) այլապես էր վարվում։ Նա երդվել էր, թե որքան թվով Իբրահիմ-խանը հայերից մահմեդական կդարձնե, ինքը նույնքան թվով թուրքեր պիտի կոտորե։ Իսկ Թյուլի-Արզումանը միսիոնարի դեր էր կատարում։ Նա իր ձեռքն ընկած մահմեդականներին ստիպում էր խոստովանել քրիստոնեական կրոնի ճշմարտությունը և մահմեդականությանն ստությունը, իհարկե, ոչ թե քարոզներով, այլ սրի ուժով։ Մի դեպք, որ Ղարաբաղի հայերի բերանում առակի ձև է ստացել, արտահայտում է այդ մարդու կրոնական նախանձախնդրության հատկանիշները։ Մի անգամ Արզումանը պատահում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որը իր ծառաների հետ գնում էր Շուշի բերդը։ Բռնում է մոլլային և, իր սուրը նրա պարանոցի վրա դնելով, ասում է. «Եթե կխոստովանվես, որ Քրիստոսն աստված է, ես քեզ չեմ սպանի»։ Մոլլան խոստովանվում է։ Արզումանը այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս և ապա բաց է թողնում մոլլային։ Այդ անցքը իմացում են տալիս Իբրահիմ-խանին։ Խանը, մոլլային իր մոտ կանչելով, բարկությամբ հարցնում է. «Մի՞թե դու խոստովանվեցար, որ Քրիստոս աստված է։ «Այո՛, խոստովանվեցա, պատասխանում է մոլլան։ Իսկ եթե դուք, վեհափառ խան, Արզումանի ձեռքը ընկնեիք, կասեիք, ոչ թե միայն Քրիստոսը աստված է, այլ և դու, ինքդ, Արզուման, աստվածների աստվածն ես...»։
XXV
Մի քանի տարի Գանձակի գավառում մնալուց հետո Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի մեջ տիրող միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մելիք-Մեջլումը մի տղամարդ էր խոհեմ, զգաստ և սուր դատողությունով։ Իսկ Մելիք-Աբովը, թեև պատերազմների մեջ քաջ, աներկյուղ և անպարտելի էր, բայց բնավորությամբ սաստիկ դյուրագրգիռ և անհեռատես էր։ Ջավադ-խանը ավելի հարգում էր Մելիք-Մեջլումին. այդ գրգռեց Մելիք-Աբովի նախանձը։
Նրանց հակառակությունը ավելի սաստկացավ այն պատճառով, որ Մելիք-Աբովը ցանկանում էր իր ժողովրդով թողնել Գանձակի գավառը և գաղթել Վրաստան և Բոլնիսում նոր գաղթաշենք հիմնել։ Բայց Մելիք-Մեջլումը չէր համաձայնում այդ մտքի հետ։ Նա այժմ բոլորովին ցանկություն չուներ թողնել հայրենիքը և ապաստան գտնել մի նոր գաղթականության մեջ։ Նրանք առանց դրան ևս իրանց հայրենիքից դուրս էին ապրում։ Բայց Գանձակի գավառը, Մելիք-Մեջլումի մտածելով, ավելի մոտ էր Ղարաբաղին, այստեղից ավելի հեշտ կլիներ պատեհ ժամանակում կրկին անցնել Ղարաբաղ։ Բայց Վրաստան գնալ և վրաց իշխանի գործ դրած նենգավորություններից հետո վրացիների հետ դարձյալ գործ ունենալ, նա ամենևին չէր կամենում։
Ջավադ-խանի բոլոր ջանքերը իզուր անցան երկու մելիքներին հաշտեցնելու համար։ Մի անգամ ամենաչնչին առիթով Մելիք-Աբովը կռվեց Մելիք-Մեջլումի հետ։ Երկուսն էլ Ջավադ-խանի մոտ ճաշի էին հրավիրված. օրը պաս էր. Մելիք-Մեջլումը անխտիր ուտում էր բոլոր կերակուրներից, իսկ Մելիք-Աբովը հրաժարվում էր ասելով, թե ինքը մեղք է համարում պասը լուծել։ Այդ առիթ տվեց վիճաբանության և Մելիք-Աբովը սկսեց սաստիկ նախատել Մելիք-Մեջլումին, թե նա մեղանչում է հայոց կրոնի դեմ և այլն։ Այդ օրից նա թողեց Գանձակը և իր ժողովուրդը վեր առնելով գնաց Բոլնիս։
Բոլնիսում ևս Մելիք-Աբովը հակառակություն ունեցավ վրաց իշխանների հետ, երկար այնտեղ մնալ չկարողացավ։ Հետո (1795) թողեց Բոլնիսը և, Իբրահիմ-խանի հետ հաշտվելով, վերադարձավ Ղարաբաղ, բնակվեցավ իր հայրենի երկրում, Գյուլիստանում։ Բայց հանգամանքները, որպես հետո կտեսնենք, կրկին ստիպեցին նրան թողնել հայրենիքը...
XXVI
1791 թվին վախճանվեցավ Մելիք-Շահնազար II։ Ղարաբաղը ազատվեցավ իր կործանողից։ Բայց Խամսայի մելիքություններին հասցրած նրա հարվածը այն աստիճան մահացու էր, որ այլևս ոչնչով բժշկել չէր կարելի...
Մահվան անկողնում զղջաց նա, կամեցավ հաշտվել իր խղճի և աստծո հետ։ Եվ որպես այդ տեսակ մարդիկ միշտ կրոնական բարեպաշտության մեջ են որոնում իրանց մեղքերի թողությունը, նա ևս շրջապատեց իրան աբեղաներով, բաց արեց հարստահարությամբ մթերած ցորենի ամբարները և մի սովի ժամանակ ձրի կերակրեց ժողովրդին իր հացով։
Մելիք-Շահնազարը շատ հարուստ մարդ էր։ Նա մտածեց ավելի նշանավոր գործերով քավել իր նշանավոր հանցանքները։ Ամարասա վանքը, որի մեջ ամփոմփված էին Լուսավորիչ թոռի՝ սուրբ Գրիգորիսի նշխարները, խիստ անշուք և կիսավեր դրության մեջ էր նրա ժամանակում։ Նա սկսեց այդ վանքի շինությունները վերանորոգել. շրջապատեց վանքը ամուր և բարձր պարիսպներով, աշտարակներով, միաբանության համար խուցեր, սենյակներ շինեց, վանքային տնտեսության համար ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ և ախոռատուն հիմնեց, բոլորը սրբատաշ քարից, բոլորը մեծ և վայելուչ։ Բայց դեռ տաճարի կառուցմանը չձեռնարկած, մահը վրա հասավ, նրա բաղձանքը թողեց անկատար։ Հանգուցյալի արկղների մեջ գտան մի քանի քսակներ լիքը ոսկիներով, որ կտակել էր տաճարի շինվածքը ավարտելու համար։ Ժառանգները չկատարեցին կտակը։
Մելիք-Շահնազարը թողեց չորս որդի՝ Ջումշուդ, Հուսեին III, Ջհան-բախշ և Ջհանգիր։
Դեռ մեռնելուց առաջ նա կարգեց որդիների վրա հոգաբարձու իր բարեկամ Իբրահիմ-խանին, հանձնելով նրան, որ ժառանգներից որին որ հարմար կհամարե, կարգե իր փոխարեն հաջորդ։
Օրենքով պետք է հաջորդեր Ջումշուդը, որովհետև նա ծնված էր Մելիք-Շահնազարի օրինավոր ամուսնությունից։ Բայց Իբարահիմ-խանը իր կնոջ՝ Հուրի-զատ-խանումի ազդեցությամբ, ընտրեց նրա հարազատ եղբորը՝ Հուսեինին։ Խանի կամայականությունը առիթ տվեց ժառանգների մեջ երկպառակության։ Ջհան-բախշը դիմեց պարսից շահին, նրանից ֆիրման ստացավ, աշխատում էր ինքը իշխել։ Բայց Մելիք-Հուսեինը, Իբրահիմ-խանի օգնությամբ, հարձակվեցավ Ջհան-բախշի տան վրա, նրա կայքը կողոպտեց և Ջհան-բախշը հազիվ կարողացավ իր կյանքը ազատել, իր եղբայր Ջհանգիրի հետ փախչելով Շամախի Մուստաֆա-խանի մոտ։ Ժառանգների մեջ այդ երկպառակությունները տևեցին մինչև Աղա-Մահմադ-խանի գալուստը, երբ ինքը՝ Իբրահիմ-խանը, իր կյանքը պարսից ներքինի շահի ձեռքից ազատելու համար, ստիպվեցավ փախչել Բալաքան։
XXVII
Մելիք-Շահնազարի մեռնելուց հետո Իբրահիմ-խանի զորությունը թուլացավ։ Այդ մարդու ձեռքումն էր բռնված այն շղթայի մի ծայրը, որով հայոց մի քանի նորաբուսիկ մելիքն էր հնազանդվում էին թուրք խանին։ Այդ մելիքները, որոնք առաջ իշխանության և աստիճանի տեր լինելու բաղձանքով դիմեցին թուրք խանի օգնությանը և նրան անձնատուր եղան, Մելիք-Շահնազարի մահից հետո սկսեցին փոքր առ փոքր զգալ իրանց սխալը, սկսեցին վերջապես հասկանալ, որ իրանք իրանց ձեռքով քանդեցին իրանց տունը և մահմեդական բռնավորին բարձրացրին իրանց գլխի վրա։
Այդ ինքնաճանաչությունը առաջ եկավ զանազան հանգամանքներից, որոնց հարկավոր ենք համարում համառոտ կերպով անցնել, ցույց տալու համար, թե իսկապես ի՞նչ նշանակություն ունեին Շուշի բերդի խաները, և իրանց հարաբերությունների մեջ հայոց մելիքների հետ ո՛ր աստիճան իրավունքներ ունեին, և արդյոք կարելի՞ է համարել նրանց երկրի տերը կամ իշխանը։
Մենք գիտենք Փանահ-խանի ծագումը. մենք գիտենք և այն, որ Պարսկաստանը կառավարող զենդ-Քերիմ-խանը (որը թագավոր չէր, այլ Պարսկաստանի մի մասը բռնությամբ տիրացած մի աննշան լոռեցի Փանահ-խանին սպանել տալուց հետո, նրա որդի Իբրահիմին խանության աստիճան շնորհեց և կարգեց Շուշի բերդի կառավարիչ։ Ուրեմն, Իբրահիմ-խանը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Պարսկաստանից կարգված, պարսից մի հասարակ խան, որը Պարսկաստանի նույն ժամանակվա երկպառակությունների և անիշխանության պատճառով կարողացավ երկար ժամանակ իր տեղում մնալ, չկարողացավ հայոց անմիաբան մելիքների հաշվով նրանց գլխին նստել։ Բայց իսկապես նա երկրի տերը կամ իշխանը չէր, նա մի ժամանակավոր կառավարիչ էր, որի նմաններին պարսից կառավարությունը անդադար փոփոխում էր։ Նա ինքը պարսից հարկատու էր, իր պաշտոնի մեջ մնալու համար ամեն տարի ահագին փեշքեշներ և ընծաներ էր ուղարկում Պարսկաստան։
Մելիքների անմիաբանության շնորհիվ նա կարողացավ և կարողանում էր իր դիրքը պահպանել։ Եթե մելիքներից մի քանիսը նրան թշնամի էին, ընդհակառակն, մի քանիսն էլ բարեկամներ էին, և այսպիսով, նրա կացության հավասարակշռությունը պահպանվում էր։
Իբրահիմ-խանը դեռ չէր դիպել հայոց մելիքների ուղղակի և զգալի շահերին։ Թեև նրա հայրը և ինքը, օրինակ, Խաչենում և Ջրաբերդում երկու նոր մելիքություններ վերականգնեցին, բայց այդ կատարեցին նրանք որպես օգնողներ և ոչ որպես կարգողներ կամ հիմնողներ։ Եվ այդ պատճառով խաների հարաբերությունները դեպի այդ մելիքները ավելի դաշնակցական էին, քան թե իշխողի և ստորադրյալի հարաբերության բնավորությունն ունեին։
Բայց Մելիք-Շահնազարի մահից հետո Իբրահիմ-խանը հետ քաշեց դիմակը և, օգուտ քաղելով հանգուցյալի դեպի ինքն ունեցած հավատարմությունից, որով իրան հոգաբարձու էր կարգել իր ժառանգների վրա, նա բացարձակ իրավունք համարեց հաջորդ նշանակելու մելիքի որդիներից նրան, որ բոլորից անընդունակն էր, բայց որը, իր կնոջ եղբայրը լինելով, ավելի հավատարմությամբ կծառայեր իրան։ Այդ էր պատճառը, որ վրդովեցրեց ժառանգներին, որովհետև խանի միջամտությունը միանգամայն հակառակում էր նրանց ավանդական սովորություններին հաջորդության կարգերի վերաբերությամբ։
Բայց Իբրահիմ-խանը ավելի հեռու գնաց։ Նա դիպավ ժողովրդի և մելիքների ամենազգալի շահերին. նա սկսեց միջամտություն գործել երկրի հողային խնդիրների մեջ, որոնք մինչև այնօր թողված էին անձեռնմխելի և կառավարվում էին միմիայն հայոց վաղեմի սովորություններով, որոնք օրենքի ձև էին ստացել։ Մեր պատմության նպատակից դուրս է մանրամասնաբար բացատրել, թե ի՞նչ դրության մեջ էր հողային հարցը Ղարաբաղում, կամ ի՞նչ պարտավորություններ ունեին գյուղացիները մելիքների վերաբերությամբ ընդհանրապես, իսկ խանի վերաբերությամբ մասնավորապես։ Միայն այսքանը կասենք, այն աղետալի անցքերը, որ նկարագրեցինք մեր XXIV գլխում, միջոց տվին Իբրահիմ-խանի կամայականությանը բացարձակ կերպով հողային բաշխումներ և կարգադրություններ անելու, մի իրավունք, որից նա առաջ զուրկ էր։ Մենք տեսանք, որ Ջրաբերդի Մելիք-Մեջլումը և Գյուլիստանի Մելիք-Աբովը, իրանց ժողովրդի մի մասը առնելով, գաղթեցին Գանձակի գավառը։ Նրանց գյուղերը, նրանց հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ ժամանակ խանը սկսեց նրանց հողերը բաժանել ում որ կամեցավ, նրանց տեղերում բնակեցրեց նոր գաղթականներ։ Եվ այսպիսով, հանգամանքների շնորհիվ նա իրավունք գտավ հայոց հողերի վրա, որը մինչև այնօր չուներ։
Այդ կամայականությունը վրդովեցրեց մինչև անգամ խանին անձնատուր եղած մելիքներին, առավել այն ժամանակ, երբ տեսան, որ խանը հայոց հողերի վրա բնակեցրեց և թուրք գաղթականներ, որպես էին գոլանիները, մի վայրենի և ավազակ ցեղ, որ թափառում էր Ջուանշիրի անապատներում։ Բոլորովին հայաբնակ Ղարաբաղում մտան թուրք բնակիչներ, որոնք առաջ չկային։ Խանի այդ վարմունքը հուզեց ընղհանուր դժգոհություն թե Ղարաբաղի հայ ժողովրդի և թե խանի բարեկամ մելիքների մեջ։
Բայց այդ մելիքները դեռևս ոչինչով չէին ցույց տալիս իրանց անբավականությունը, միայն իրանց սրտերում սնուցանում էին մի խուլ բողոք և սպասում էին հարմար ժամանակի։
Առաջին բողոքը բարձրացրեց Վարանդայի Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Ջումշուդը որը իր բոլոր եղբայրների մեջ ավելի հառաջադեմը և ավելի խելացին էր։ Նա արդեն հասկացել էր, թե որքան կորցրեց իր հայրը և որքան կորցնել տվեց Ղարաբաղի մյուս մելիքներին, բարեկամություն պահպանելով Շուշի բերդի խաների հետ։
Հասարակության վրա տարածված բռնությունը այնքան զգալի չէր լինում անհատներին, մինչև իրանց անձի վրա դեռ չեն փորձել նրա ճնշող ներգործությունը։ Մելիք-Ջումշուդը անձամբ նրա փորձը առեց։ Բռնավորը նրան զրկեց օրինավոր հաջորդությունից և նրա փոխարեն կարգեց անարժան եղբորը։ Նրա երկու մյուս եղբայրները՝ Ջհանգիրը և Ջհան-բախշը, հալածված նույն բռնավորից, փախան Մուստաֆա-խանի մոտ։ Ինքը մնաց միայնակ և անօգնական։
Նրա տոհմային հպարտությունը սաստիկ վիրավորված էր։ Նրա նախնիքը՝ Մելիք-Շահնազար մեծը, ամբողջ Գեղարքունյաց տերը, բարեկամություն ուներ Շահ-Աբասի հետ, որից սարսափում էր Արևելքը։ Նրա պապը՝ Մելիք-Հուսեին մեծը, հարաբերություն ուներ կայսրների հետ։ Իսկ այժմ այդ մեծ մարդկանց ավելի քան մի քանի հարյուր տարի գոյություն ունեցող հոյակապ տան մեջ կարգադրություններ էր անում մի նորելուկ ջուանշիրցի խան, որի իշխանության թվականը իր հասակի տարեթվից հեռու չէր անցնում։ Բայց ո՞վ բարձրացրեց ջուանշիրցուն, ո՞վ օգնեց նրա զորանալուն։ Դարձյալ մի հայ, մի անբարիշտ, և խռովարար հայ, որը հայրենիքի ազատությունը զոհեց իր մանր անձնական ջահերին և նրա ավերակների պատճառը դարձավ։ Մելիք-Ջումշուդը չէր կարող առանց վրդովմունքի հիշել, որ այդ հայը իր հայրն էր...
Այդ բոլորը անվերադառնալի կորուստներ էին։ Բայց Մելիք-Ջումշուդը մտածում էր կարելվույն չափ կորուստը ետ դարձնել և դարման տանել հայրենիքի վերքերին։ Նա պարզ տեսնում էր, որ այդ վերքերը առաջ եկան անմիաբանությունից, երկպառակությունից և հային հատուկ օտարասիրությունից։ Մելիք-Ջումշուդը բավական կարդացած երիտասարդ էր։ Նա չէր զարմանում, երբ հիշում էր, որ մի ժամանակ հայոց նախարարները դիմեցին պարսից արքային, խնդրում էին նրանից, որ Հայաստանի հարազատ թագավորին վեր առնե և նրա տեղը պարսիկ մարզպան դնե։ Նա չէր զարմանում, նա միայն ցավում էր հայերի օտարասիրության վրա, նա միայն վրդովվում էր, երբ նույնը տեսնում էր կատարված իր ժամանակում, իր աչքերի առջև։
Նրա հայրը անմատչելի Ղարաբաղի մեջ մտցրեց մի օտար ցեց, որը ուտելով, մաշելով խախտեց տեղային բոլոր հայկական իշխանությունների հիմքը և վերջապես կործանեց այն հաստատուն շենքը, որ դարերով կառուցված էր։ Այդ ավերմունքին գլխավորապես նպաստեցին իրանց՝ հայերի գործակցությունները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր վերականգնել խորտակված շենքը։ Նա գիտեր, որ կործանման պատճառը եղավ նույն իսկ հայ մելիքների երկպառակությունը. ուրեմն շինությունը կարող էր հաջողվել դարձյալ նույն մելիքների միաբանությամբ։ Նա աշխատում էր կրկին նորոգել միաբանության խզված կապերը մելիքների մեջ։ Բայց որտե՞ղ էին մելիքները։
Մեկը, Տիզակի Մելիք-Բախտամը, շղթաների մեջ պահված էր Արդավիլի բերդում, երկուսը, Գյուլիստանի Մելիք-Աբովը և Ջրաբերդի Մելիք-Մեջլումը, գտնվում էին հայրենիքից դուրս, պանդխտության և գաղթականության մեջ ապահովություն էին որոնում։ Երկրի նշանավոր և հիմնակալ ուժերը ցրիվ էին եկած օտար աշխարհներում։ Իսկ հայրենիքի մեջ մնում էին դավաճանները, խանին անձնատուր եղած մելիքները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր այդ վերջիններին իր կողմը ձգել և նրանց բարեկամական հարաբերությունները անջատել խանից։ Մի դեպք նպաստեց նրա ցանկությանը։ Այդ դեպքը թեև ընտանեկան էր, բայց քաղաքական կերպարանք ստացավ։
Իբրահիմ-խանը սաստիկ անբարոյական մարդ էր. նրա հարեմը լի էր հայոց աղջիկներով, և ամեն տեղ, եթե գտնվում էր մի գեղեցիկ հայ աղջիկ, հազիվ թե կարող էր ազատ մնալ նրա կրքերից։ Մենք գիտենք, որ նրա հավատարիմ մելիքներից մեկը, Ռուստամը, ամուսնացած էր կսապատցի Ապրես-աղայի դստեր՝ Վարդ-խաթունի հետ։ Երբ Վարդ-խաթունը դեռ օրիորդ էր, Իբրահիմ-խանը ցանկացավ նրան իր կին ունենալ։ Օրիորդի հայրը աղջկան մահմեդական հարեմից ազատելու համար տվեց Մելիք-Ռուստամին, թեև աղջիկը դեռ փոքրիկ էր և կին լինելու հասակին չէր հասած։ Բայց դրանով Իբրահիմ-խանը չհանգստացավ. նա շատ բաներ էր լսած Վարդ-խաթունի գեղեցկության մասին, ցանկանում էր նրան իր մոտ ունենալ։
Մենք տեսանք, երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հեռացան Ղարաբաղից, Իբրահիմ-խանը նրանց ընտանիքներից մի քանի հոգի բերեց Շուշի բերդը, պահեց այնտեղ իբրև պատանդ։ Այդ ժամանակ պահանջեց նա Մելիք-Ռուստամից պատանդի անունով նրա կնոջը՝ Վարդ-խաթունին։ Մելիք-Ռուստամը անճարացած տվեց, թեև նրան լավ հայտնի էր, որ խանը ավելի իր համար սիրուհի է տանում, քան թե պատանդ, որովհետև իր հավատարմության վրա կասկածելու առիթ չուներ նա։
Մենք գիտենք և այն, որ Մելիք-Ռուստամը Խամսայի մելիքներից չէր, այլ Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումի կյանքի դեմ դավադրություն սարքելու համար որպես վարձատրություն ստացավ խանից Ջրաբերդի իշխանությունը։ Իսկ այժմ հիշյալ ընտանեկան անպատվությունն այն աստիճան վիրավորեց նրան, որ նա թողեց Իբրահիմ-խանի ծառայությունը և իր մնացած ընտանիքով գնաց Նուխի, Սելիմ-խանի մոտ, որը այդ ժամանակ թշնամական հարաբերության մեջ էր Իբրահիմ-խանի հետ։
Սելիմ-խանը սիրով ընդունեց Մելիք-Ռուստւվմին և Դաշ բուլաղ անունով գյուղը ընծայեց նրա բնակության համար։ Այնտեղից Մելիք-Ռուստամը սկսեց հարձակումներ գործել Շուշի բերդի վրա և շատ վնասներ տալ Իբրահիմ-խանին։
Թեև մի առանձին մեծ նշանակություն չունեին նրա հարձակումները, որովհետև Իբրահիմ-խանին ոչնչացնելու համար հարկավոր էր, որ հայոց բոլոր մելիքները հավաքական ուժերով պատերազմեին։ Բայց այդ էլ բավական էր, որ խանի հավատարիմ մելիքներից մեկը ոչ միայն անջատվեցավ նրանից, այլև թշնամացավ նրա հետ։
Խանին բարեկամ մնացին միայն երկու մելիքներ՝ Խնզիրիստանի Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և Վարանդայի Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեին III, որը Իբրահիմ-խանի կնոջ (Հուրի-զատ խանումի) հարազատ եղբայրն էր, և քրոջ ազդեցությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Այդ անցքը, որպես վերևում ցույց տվեցինք, սաստիկ գրգռեց Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի թշնամությունը, և նա սկսեց այնուհետև մտածել Իբրահիմ-խանի կործանման վրա, միայն սպասում էր մի հարմար ժամանակի։ Նա սկսեց գաղտնի թղթակցել Մելիք-Մեջլումի, Մելիք-Աբովի և Մելիք-Ռուստամի հետ, որոնք խանից հալածված նույնպես թշնամի էին խանին։
XXVIII
Ռուս-տաճկական երկրորդ պատերազմի հետ (1787 1791) միևնույն ժամանակ ծագեց շվեդական պատերազմը։ Ռուսաց կառավարությունը այն աստիճան զբաղված էր այդ պատերազմներով, որ ամենևին ժամանակ չուներ մտածելու Անդրկովկասի քրիստոնյաների վրա, թեև այդ վերջինները անդադար տեղեկություններ էին տալիս իրանց աննախանձելի դրության մասին։ Իշխան Պոտյոմկինը և Հովսեփ արքեպիսկոպոսը մասնակցում էին ռուսաց արշավանքներին, դրանք ևս. որ խիստ հետաքրքրված, էին Անդրկովկասով, այդ ժամանակ հազիվ թե կարող էին իրանց ցանկությունները իրագործել։
Իսկ վերոհիշյալ պատերազմների ընթացքում, որպես տեսանք, Ղարաբաղում կատարվեցան մի շարք աղետալի անցքեր։ Իբրահիմ-խանը, ձեռք բերելով հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած թղթակցությունները, սկսեց հալածել նրանց։ Նույն խանի ձեռքով Հովհաննես կաթողիկոսը սպանվեցավ, Գանձասարի վանքը կողոպտվեցավ, Տիզակի Մելիք-Բախտամը աքսորվեցավ, Խաչենի Հասան-Ջալալյաններից երկու մելիքները սպանվեցան, և ամենացավալին այն էր, որ նշանավոր մելիքներից երկուսը, Մեջլումը և Աբովը, իրանց ժողովրդի հետ դուրս եկան Ղարաբաղից, այնտեղ մնացին կամ խանին համակրող, կամ նրանից վախեցող մելիքները։
Այդ բոլոր տխուր անցքերը առիթ տվին Հովսեփ արքեպիսկոպոսին շտապելու, կրկին ողորմած կայսրուհու ուշադրությունը դարձնելու հայերի վրա։
Այդ ժամանակ արքեպիսկոպոսը կազմեց իր նշանավոր պատմական տեղեկագիրը, որ բովանդակում էր իր մեջ Ղարաբաղի տիրապետող մելիքների հարաբերությունները ռուսաց կառավարության հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, և նրանց մատուցած նշանավոր ծառայությունները Ռուսաստանին, և հասցրեց մինչև իր օրերը։ Հիշյալ տեղեկագիրը իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ կայսրուհուն 1790, 23 հունվարի։
Այդ տեղեկագիրը իր առանձին ազդեցությունն ունեցավ։ Օսմանցոց հետ ունեցած պատերազմը միայն արգելք էր լինում կայսրուհուն Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ մի վճռական գործ սկսելու։ Այդ պատճառով եռանդոտ արքեպիսկոպոսի խնդիրքները հետաձգվում էին, հուսադրելով նրան, թե իր բաղձանքները կկատարվեն, միայն հարկավոր էր փոքր-ինչ ևս համբերել։
Բայց մի ցավալի կորուստ թե արքեպիսկոպոսին և թե Ղարաբաղի մելիքներին սաստիկ հուսահատություն պատճառեց։ Թուրքաց պատերազմը վերջանալու վրա էր, երբ իշխան Պոտյոմկինը կռվի դաշտից կանչվեցավ Ս. Պետերբուրգ և ապա կրկին ետ ուղարկվեցավ (1791) թուրքերի հետ հաշտության պայմանների մասին բանակցելու համար։ Նույն տարվա աշնան սկզբումը իշխանը վախճանվեցավ։ Նրա մահը սուգի մեջ դրեց հանգուցյալի մտերիմ բարեկամ Հովսեփ արքեպիսկոպոսին։ Սրբազանը ոչինչով իրան մխիթարել չէր կարողանում, նա իր հիմնած մեծ շենքը բոլորովին կործանված էր համարում և նրա ավերակների տակ խորտակված էր տեսնում իր սրտին խիստ մոտ ցանկությունները...
1791 թվի դեկտեմբերի 29-ին հաշտության պայմանը ստորագրվեցավ Ռուսաստանի և Թուրքիայի մեջ։ Կայսրուհին կրկին ուշադրություն դարձրեց Անդրկովկասի վրա։ Այդ ժամանակ թե հայերը և թե վրացիները ավելի մեծ տագնապի մեջ էին։ Պարսկաստանում զորացել էր Աղա-Մամադ-խան ներքինին և մի քանի տարի անդադար արշավանքներ էր գործում դեպի Արարատյան նահանգը, վտանգ էր սպառնում Վրաստանին։ Վրաց Հերակլ իշխանը մի կողմից, Թիֆլիսի հայերը մյուս կողմից, սարսափած ներքինի խանի բարբարոսություններից, սկսեցին օգնություն խնդրել։ 1795, 4 սեպ. բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ կոմս Գուդովիչին, ռուսաց զորքով օգնության հասնել և պաշտպանել Վրաստանը։ Բայց նա ուշացավ...