Raffi

Խամսայի Մելիքությունները

7

XXIX

Աղա-Մամադ-խանի արշավանքները.

Կուրացրած Շահ-Ռուխից հետո Պարսկաստանը ամբողջ ութն տարի խռովության մեջ էր, կեղեքվում էր զանազան ինքնիշխան տիրապետողների ձեռքում, որոնք շարունակ միմյանց հետ պատերազմելով, երկիրը դարձրել էին արյան ընդարձակ դաշտ։ Այդ տիրապետողներն էին՝ Ալի-Մուրադ-խանը, զենդ-Քերիմ-խանը, Ազատ-խանը, Մուհամեդ-Հասան-խանը և ուրիշ շատեր։

Վերջը հաղթող հանդիսացավ լորիստանցի զենդ-Քերիմ-խանը, նստեց Շիրազ քաղաքում, թեև ոչ իբրև թագավոր, բայց՝ Պարսկաստանի իշխող։ Այդ միջոցներում նրա մոտ իբրև պատանդ Շիրազ քաղաքում պահվում էր ներքինիացրած Աղա-Մամադ-խանը, որը վերոհիշյալ Մուհամեդ-Հասան-խանի որդին էր, ցեղով ղաջար, իսկ տեղով մազանդարանցի։

Քերիմ-խանի մահից հետո (1779) Աղա-Մամադ-խանը փախավ Շիրազից և, գալով Մազանդարանի կողմերը, հավաքեց իր շուրջը մեծ բազմություն, ապստամբվեցավ և, տիրելով Արաղստանին, իրան պարսից թագավոր հրատարակեց, Թեհրան քաղաքը իր համար աթոռանիստ ընտրելով։

1795 թվի գարնանը Աղա-Մամադ-խանը Թեհրանից արշավանք գործեց դեպի Ատրպատական, նվաճեց այդ պարսկական ընդարձակ նահանգը, տիրեց Թավրիզը և ուրիշ շատ քաղաքներ, հետո իր եղբայր Ալի-ղուլի-խան սարդարին ուղարկեց դեպի Երևանի կողմը։ Այդ վերջինը, տիրելով Նախիջևանը, նույն տարվա հուլիս ամսում, բանակ դրեց Երևանի պարիսպների մոտ։ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը սարսափելով նրա մոտ եկավ և, ներկայացնելով ծանրագին ընծաներ, աղաչում էր խնայել իր վանքը։ Ներքինի շահի եղբայրը պատվով ընդունեց կաթողիկոսին, խոստանալով, թե ոչ հայերին և ոչ վանքին վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին, ինչպես միշտ եղել են։

Երևանը առանց պատերազմի անձնատուր եղավ. տեղային խանը իր կնոջը և որդիներին պատանդ տալով, հպատակություն խոստացավ։ Այդ միջոցին ինքը Աղա-Մամադ-խանը, ուրիշ ճանապարհով դիմում էր դեպի Ղարաբաղի կողմերը, որ այնտեղից անց կենա Թիֆլիս։ Նա Խուդափիրինի կամրջով անցավ Երասխ գետը և լուր տվեց եղբորը, որ դադարեցնե արշավանքը Երևանի կողմով և շտապե իր մոտ։ Երկուսի նպատակն էլ այն էր, որ նվաճեին Վրաստանը, պատժեին Հերակլ իշխանին։

Պետք է ի նկատի ունենալ, որ Վրաստանը այն ժամանակ և նրանից առաջ, ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի պարսկական նահանգ, որ հարկ էր վճարում Պարսկաստանին։ Նրա մի մասը օսմանցիների ձեռքումն էր և Ախալցխայի մեջ նստած էր թուրք փաշա։ Իսկ երբ Հերակլը, պարսիկներից ազատվելու համար, Վրաստանը դրեց ռուսների հովանավորության ներքո, նրա վարմունքը իհարկե, չէր կարող չգրգռել պարսից շահի բարկությունը, որը ճանաչում էր Վրաստանը իբրև պարսից պետության մի մասը, իսկ վրաց իշխաններին՝ իբրև պարսից Դռնից նշանակված կառավարիչներ կամ վալիներ։

Աղա-Մամադ-խանը մտադիր էր անցկենալ դեպի Թիֆլիս, Ղարաբաղի և Գանձակի գավառների միջով։ Ահարկու ներքինիի արշավանքը մի նոր և ամենասաստիկ հարված պիտի տար Ղարաբաղի մելիքների նպատակներին և միանգամայն պիտի ոչնչացներ նրանց ունեցած հույսերը իրանց հայրենիքի ազատության մասին։ Նրանք վաղուց իմացում էին տվել ռուսաց կառավարությանը ներքինիի դեպի Հայաստան և դեպի Վրաստան կատարելիք արշավանքի մասին։ Թեև կոմս Գուդովիչին հրամայված էր հայերին և վրացիներին օգնության հասնել, բայց Աղա-Մամադ-խանի բանակն արդեն դրած էր Շուշի բերդի մոտ, իսկ կոմսը տակավին չէր հայտնվել։

Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-խանը, թեև սիրում էր իր նախկին «խան» տիտղոսով կոչվել, բայց նա արդեն Պարսկաստանի ինքնակալ Շահն էր։ Նրան հայտնի էին Ղարաբաղի մելիքների ձգտումները, նրանց հարաբերությունները ռուսների հետ, և այդ վերջինների խոստմունքները հայերի վերաբերությամբ և այլն։ Նրան հայտնի էին նաև Իբրահիմ-խանի բռնակալությունը և նրա գործ դրած բարբարոսությունները հայերի դեմ։ Այդ էր պատճառը, որ դեռ Երասխ գետից չանցած, նա հրաման ուղարկեց Ղարաբաղի մելիքներին, հրավիրելով նրանց, որ խոնարհվեն իրան, խոստանալով, որ ինքը կվերահաստատե նրանց իրանց վաղեմի իշխանությունների և արտոնությունների մեջ, և կոչնչացնի Իբրահիմ-խանին։

Աղա-Մամադ-խանը թեև բարբարոս, բայց միևնույն ժամանակ խելացի և քաղաքագետ մարդ էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ հայերի առաջնորդությամբ ռուսները ավելի հեշտությամբ կարող էին մուտք գործել իր տերության մեջ, ուրեմն, հայոց մելիքներին գոհացնելով, նա կփակեր ռուսների հառաջադիմության ճանապարհը դեպի Պարսկաստան։

Բայց հայոց մելիքները ավելի բարվոք համարեցին հավատարիմ մնալ ռուսներին, և Աղա-Մամադ-խանին ընդդիմադրելու համար միացան մինչև անգամ իրանց վաղեմի թշնամի Իբրահիմ-խանի հետ, մտածելով, որ նրան հետո հեշտ կլինի ոչնչացնել, բայց եթե մի անգամ հպատակվեցան Աղա-Մամադ-խանին, այնուհետև հայրենիքը պարսից լծից ազատելը անհնարին կլինի։ Միայն Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումը չհամաձայնվեցավ մյուս մելիքների հետ։

Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը հայոց զորքերով ամրացան Շուշի բերդի մեջ և Իբրահիմ-խանի հետ միասին սկսեցին պաշտպանել բերդը։

Բերդի պաշարումը տևեց ամբողջ քառասուն օր։ Հայ և թուրք զորքերի քաջությունը, միացած բերդի բնական ամրությունների հետ, ի չիք դարձրին Աղա-Մամադ-խանի բոլոր ջանքերի բերդը գրավելու համար։

Այդ ժամանակ Աղա-Մամադ-խանի բանակի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլհւմը և Գանձակի Ջավադ-խանը, որոնք երկուսն էլ Իբրահիմ-խանի թշնամիներն էին և միացած էին Աղա-Մամադ-խանի հետ։

Մելիք-Մեջլումի վարմունքը բացատրության կարոտ է։

Մելիք-Մեջլումը ազնիվ երիտասարդ էր, բայց չափազանց վրեժխնդիր, և ոչինչ միջոցների դեմ չդողացող՝ թշնամուն ոչնչացնելու համար։ Մենք հիշում ենք այն սպառնալիքը, երբ, Թիֆլիսից վիրավորված դուրս գալու ժամանակ, վրացի սայլապանների բերանով ուղարկեց նա Հերակլ իշխանին. «Ասացեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...»

Այդ երիտասարդը վշտացած էր, դառնացած էր անդադար իր բարեկամներից խաբված լինելուց։ Հոր մահից հետո նա տարիներով շարունակ պատերազմում էր Իբրահիմ-խանի հետ։ Նրան հույսեր էին տալիս, օգնություններ էին խոստանում, բայց խաբում էին... Վերջը դարձյալ մեծ խոստմունքներով նա հրավիրվեցավ Թիֆլիս, բայց Հերակլը փոխանակ իր խոստմունքները կատարելու, կամենում էր իր հյուրին կալանավորել և մատնել նրա թշնամու, Իբրահիմ-խանի ձեռքը...

Մեր նախընթաց գլուխներում տեսանք, որ ամեն կողմից խաբված, ամեն տեղից հուսահատված, Մելիք-Մեջլումը ապաստան գտավ իր հոր վաղեմի բարեկամի՝ Գանձակի Ջավադ-խանի մոտ։ Նրա ժողովուրդը թողեց Ղարաբաղը և հյուրասիրվեցավ նույն խանի երկրում։ Ջրաբերդի հայրենազուրկ իշխանը իր ժողովրդի հետ օտար հողի վրա էր բնակվում և որպես մի ժամանակավոր հյուր, իսկ նրա հայրենի երկրին տիրել էր Իբրահիմ-խանը...

Մելիք-Մեջլումը խելացի երիտասարդ էր։ Նա շատ լավ էր իմանում, եթե իրանց նախնիքը ունեցել են և պահպանել են Ղարաբաղի լեռների մեջ մի ինքնուրույն հայկական իշխանություն, այդ եղել է ոչ թե քրիստոնյա թագավորների օգնությամբ, այլ պարսից շահերի շնորհիվ։ Այդ էր պատճառը, երբ Աղա-Մամադ-խանը անցավ Երասխ գետը և հրավեր կարդաց Ղարաբաղի մելիքներին, խոստանալով, եթե կմիանան իր հետ, նա կոչնչացնե Իբրահիմ-խանին և կհաստատե նրանց իրանց հայրենական իշխանությունների մեջ, բոլոր մելիքները մերժեցին շահի հրավերը, միայն Մելիք-Մեջլումը միացավ նրա հետ։

Պետք է խոստովանել, որ, բացի ընդհանուր շահերից, Մելիք-Մեջլումը ուներ և իր նեղ անձնական հաշիվները ևս։ Նա հին թշնամի էր Իբրահիմ-խանի հետ. նա նոր թշնամացել էր Հերակլ իշխանի հետ. Աղա-Մամադ-խանի ձեռքով կամենում էր պատժել թե առաջինին և թե երկրորդին։

Բայց Շուշի բերդի պաշարումը երկար տևեց։ Այդ բերդը, որ Ղարաբաղի մելիքությունների քայքայմանը պատճառ դարձավ, այժմ նույն մելիքները նույն բերդի միջից պատերազմում էին պարսից շահի դեմ, որը խոստանում էր կրկին վերանորոգել նրանց վաղեմի իշխանությունը, եթե կթողնեն Իբրահիմ-խանին և կանցնեն իր կողմը։

Ժամանակ չկորցնելու համար, Մելիք-Մեջլումը խորհուրդ տվեց Շահին թողնել Շուշի բերդի պաշարումը, ասելով, թե ավելի նպատակահարմար կլինի նախ գնալ Թիֆլիսը գրավել, իսկ Շուշին այնուհետև ինքն իրան անձնատուր կլինի։

Աղա-Մամադ-խանին հավանական երևեցավ Մելիք-Մեջլումի խորհուրդը, նա իր զորքերի մի մասը թողեց Շուշի բերդի մոտ, իսկ մնացածը իր հետ առնելով, դիմեց դեպի Թիֆլիս։ Նրան առաջնորդում էին Մելիք-Մեջլումը և Գանձակի Ջավադ-խանը։

XXX

Աղա-Մամադ-խանը դեռ Գանձակից չէր անցել, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվականներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։

Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրաստանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պատերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։

Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և, Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։

Նա սկսեց կարելվույն չափ ամրացնել քաղաքը։ Այստեղ նրան օգնության եկած իմերելները քաղցածությունից սկսեցին, նախքան թշնամու ավարառությունը, իրանք կողոպտել քաղաքացիներին։

1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ և, գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։

Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդությամբ բաղնիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի երկչոտ զորքերը բոլորը ցիրուցան եզան։

Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 Հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլ իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք.


Մելիք-Մեջլումը շուն դառնա,
Ջավադ-խանը պստիկ կուճի,
Մելիք-Մեջլումի ազգեմեն
Թո՜ղ չմնա մեկը Շուշի...

Որովհետև Աղա-Մամադ-խանը իր հաղթությունով առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, ճանապարհին, հենց առաջին իջևանում, հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարդիկների համար բաժին հանեն, ասելով, «քրիստոնյային պատկանածը քրիստոնյային տվեցեք»։ Մելիք-Մեջլումի ձիավորները իրանց յափունջիները տարածեցին գետնի վրա և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլորը թափեցին նրանց յափունջիների վրա։ Մելիք-Մեջլումը այս բոլորը հետ ուղարկեց Թիֆլիս, բայց դրանով չկարողացավ գրավել թիֆլիսցիների սիրտը...

Շահը շնորհեց Մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ել և մուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի. 3. արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի։

Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։

Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։

Ջավադ-խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։

Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։

XXXI

Աղա-Մամադ-խանի հեռանալուց հետո Հերակլը իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադառնա։

Աղա-Մամադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանալի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։

Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի գրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։

Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա՝ Հերակլ իշխանին գրած մխիթարական նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։

Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն տեսակ զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ, այն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։

1796, մարտ ամսում, Ղզլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ կոմս Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար։ Այդտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսաց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զենքով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար։ Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որ ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին։ Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպել սովեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։

Նույն տարվա գարունքին ռուսաց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ։

Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալի-խանի որդի Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու։ Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալի-խանին, նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը։ Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին։

Զուբովը Դերբենդից անցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալի-խանին։ Ղուբան նույնպես առանց արյունի գրավվեցավ։ Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որին հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալի-խանը մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան։ Բայց Բաքվի մեջ նրան կալանավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատուր եղավ ռուսներին։

Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին։ Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսն առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որ ընդդիմադրությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց արյունահեղության ընդունել ռուսաց հպատակությունը։ Մուստաֆա-խանը համաձայնվեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը։ Բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցինք նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդի Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և երկուսը միասին պատերազմեն ռուսաց դեմ։ Այդ ժամանակ (օգոստոս ամսում) արքեպիսկոպոսը կրկին ուղարկվեցավ Մուստաֆա-խանի մոտ, և տեսնվեցավ նրա հետ սուրբ Ստեփաննոսի վանքում։ Այս անգամին արքեպիսկոպոսին կատարելապես հաջողվեցավ կատարել իր միջնորդության խորհուրդը, և Շամախին նրա աշխատությամբ առանց արյունահեղության անցավ ռուսների ձեռքը։

Վերոհիշյալ քաղաքները դյուրությամբ գրավելուց հետո, ձմեռն անվտանգ անցկացնելու համար, Զուբովը անցավ Մուղանի անապատը և ձմեռեց Սալիանում։

Հետևյալ տարվա գարունքին Զուբովը դիմեց դեպի Գանձակ։

Մելիք-Աբովը այդ ժամանակ գտնվում էր Գանձակում, տեղային Ջավադ-խանի մոտ։ Մինչև ռուսաց զորքերի հասնելը, Մելիք-Աբովը Հովսեփ արքեպիսկոպոսի խորհրդով կարողացավ համոզել Զավադ-խանին, որ առանց պատերազմի անձնատուր լինի ռուսներին։ Ջավադ-խանը պատրաստեց իր սեփական պալատը և հարգանքով ընդունեց թե կոմս Զուբովին և թե Հովսեփ արքեպիսկոպոսին իր քաղաքում։

Այդ ժամանակ Ջավադ-խանը ընծայեց նորին սրբազանությանը Կենաց փայտի մի մասը, որ Հաղբատա վանքից բերված էր Թիֆլիս և այդ քաղաքի ավարառության ժամանակ ընկել էր պարսից զինվորների ձեռքը, որոնցից գնել էր խանը։

Այդ միջոցներում Շուշի բերդի Իբրահիմ-խանը տեսնելով, որ հայերը միասիրտ և միահոգի կերպով միացած են ռուսների հետ, տեսնելով, որ մյուս գավառների մահմեդական խաները հնազանդվեցան, ինքն ևս անճար մնալով, իր որդի Աբդուլ-Ֆաթիհ-խանին ուղարկեց կոմս Զուբովի մոտ և հայտնեց իր հպատակությունը։ Կոմսը սիրով ընդունեց նրա որդուն և հարգանքով ճանապարհ դրեց, ուղարկելով նրա ձեռքով ընծաներ Իբրահիմ-խանին, այլև մի թանկագին գավազան Շուշի բերդի մահմեդական հոգևորականների գլխավոր մոլլա Փանահին։

Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բեռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ-խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտականն առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում, և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։

Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար...

Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։

Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ։ Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին, նրա բոլոր պլանները հայրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։

Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։

XXXII

Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում էր մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե շահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև ալդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին, առավելապես հայերին։

Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ ժողովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։

Մենք տեսանք, որ Ղուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դռները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի-խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում, նրանք թշնամացան մահմեդականների հետ. նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։

Շամախու Մուստաֆա-խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ՝ հօգուտ ռուսների։

Իբրահիմ-խանը միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ, մի կողմից լսվում էր Աղա-Մամադ-խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք-Մեջլումին, որը, Աղա-Մամադ-խանի հետ միանալով, պաշարեց նրա բերդը՝ Շուշին։

XXXIII

Վրաց Հերակլ իշխանը չէր մոռացել Թիֆլիսի ավերումը Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի ձեռքով։ Շուշի բերդի Իբրահիմ-խանը նույնպես չէր մոռացել, որ հիշյալ երկու անձինքը, առաջնորդելով Աղա-Մամադ-խանին, պաշարեցին իր բերդը և ահագին վնասներ պատճառեցին։ Ուստի, երկուսն էլ միաբանվելով, կամեցան իրանց այդ ոխերում թշնամիներից վրեժխնդիր լինել։

Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հերակլը վրացի և վարձված լեզգի զորքերով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։

Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային։

Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։

Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը ահագին քանակությամբ շրջապատվել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք-Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։

Ջավադ-խանը խիստ արհամարհանքով, պատասխանեց, ասելով, թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնել թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ-խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ-խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ...

Այդ պատասխանից հետո Հերակլը և Իբրահիմ-խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։

Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։

Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ Մելիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնած դիրքը, շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ։ Ո՞վ էր այդ չարագործը։

Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ-խանին, և Ղարաբաղին կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան, Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։

Նույն գիշերվա առավոտյան պահուն Ջավադ-խանը Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։

Մեքիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակը ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։

Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտությանն պայմանները արդեն կնքված էին։

Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։

Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։

Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ, նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեիկրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավականին տգեղ էր։ Այդ դժբախտ ամուսնության պատճառով, Մելիք-Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, թողնելով մի աղջիկ միայն Սըհար-նազ անունով։

Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատակներին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսբայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։

XXXIV

Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվեցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը Ղարաբաղի մելիքությունների վերականգնման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք... մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք... մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են... Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները...»։

Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները՝ Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը, ավելի լավ էին հասկանում այդ բոլորը, և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու։

Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելով, Աղա-Մամաղ-խանը վայելում էր իր հաղթությունների փառքը իր նոր աթոռանիստ Թեհրան քաղաքում, երբ Գանձակի Ջավաղ-խանից նամակ ստացավ Անդրկովկասում պատահած անցքերի մասին։ Նամակագիրը տեղեկացնում էր նրան կոմս Զուբովի արշավանքների և խաների ռուսաց հպատակությունը ընդունելու մասին, հետո Կոմս Զուբովի անակնկալ վերադարձի մասին դեպի Ռուսաստան, տեղեկացնում էր Հերակլ իշխանի միաբանության մասին Իբրահիմ-խանի հետ, և իր բերդի, Գանձակի, պաշարման մասին հիշյալ երկու դաշնակիցներից, և վերջապես Մելիք-Մեջլումի սպանման մասին, որը շատ սիրելի էր շահին։ Այդ բոլորը լսելով, Աղա-Մամադ-խանը 1797 թվի ամառը կատարեց մի նոր արշավանք դեպի Անդրկովկաս։

Դեռ նա Երասխ գետից չէր անցած, Իբրահիմ-խանը տեսնելով, որ չէր կարող ընդդիմադրել պարսից ահագին զորությանը և մանավանդ հույս չունենալով, որ հայոց մելիքները այս անգամ ևս կօգնեն իրան Աղա-Մամադ-խանի դեմ, վեր առեց իր ընտանիքը և, գիշերով թողնելով Շուշի բերդը, փախավ Բալաքան իր աներ Օմար-խանի մոտ։

Այդ ժամանակ հայոց մելիքները նույնպես մեծ երկյուղի մեջ ընկան։ Նրանք դեռ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի ժամանակ մերժել էին շահի հրավերքը, որով կոչում էր նրանց ընդունել Պարսկաստանի հովանավորությունը, խոստանալով ոչնչացնել Իբրահիմ-խանին և վերահաստատել Ղարաբաղում մելիքների վաղեմի իշխանությունը։ Բայց մելիքները այնքան անխոհեմ գտնվեցան, որ բռնեցին Իբրահիմ-խանի կողմը և, որպես տեսանք XXIX գլխում, սկսեցին իրանց բոլոր ուժերով պաշտպանել նրան և Շուշի բերդը շահի ահագին զորության դեմ։ Իսկ այժմ ի՞նչ պիտի անեին, երբ նույն շահը ավելի մեծ պատրաստությամբ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։

Մելիքների զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ։ Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը։

Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները, որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ-խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտնել։

Դեռ Աղա-Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը գնաց Վրաստանի կողմը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին և, նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկերանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։

Քսան հազար թուման տուգանքը հազիվ կարողացավ ազատել Մելիք-Ջումշուդի գլուխը շահի դահիճների ձեռքից։ Նրա տունը կողոպտելուց և կայքը հափշտակելուց հետո շահը նրան ներում շնորհեց։

Մելիք-Ջումշուդն անձամբ առաջնորդեց նրան, տարավ Շուշի բերդը, որը առանց ընդդիմության իր դռները բաց արեց ներքինի թագավորի առջև։ Հայոց հոգևորականությունը հանդեսով դուրս եկավ նրանց առջևը և տարավ Իբրահիմ-խանի պալատը։

Այդ հանդիսի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում Էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ Աստվածածնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի վրա, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ Նա հարցրեց՝ ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների...

Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ համեցավ նա պատժել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի առաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին։ Դրանց թվումն էին՝ Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի Մամադ-բեկը և մի քանի ուրիշ բեկեր։ Ամենքն էլ բանտարկված էին։

Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի-բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհե այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին։ Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը, և նա ասեց հետևյալ խոսքերը. «կարմիր արյունով ցողելով «սև այգին», ես նրան վարդի գույն պիտի տամ... առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի-բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ...»։

Պատանին սարսափած դուրս եկավ շահի սենյակից։

Նրան ծանոթ էր իր թագավորի խստասրտությունը, նա գիտեր, ինչ որ ասեց նա, անպատճառ կկատարե։ Հղացավ մի չար խորհուրդ...

Նույն գիշերը պալատում տեսնվեցավ նա շահի մի այլ սենեկապետի հետ, որ իրան խիստ մտերիմ էր։ Այդ վերջինը կոչվում է Աբաս-բեկ։ Դեռ առավոտյան լույսը չբացված, երկուսն էլ մտան շահի քնարանը։ Աբաս-բեկը այնքան սրտի արիություն չունենալով, երկյուղից ուշաթափ եղավ և ընկավ քնարանի հատակի վրա։ Շահը խորին քնի մեջ էր. նրա թանկագին մահճի չորս կողմերում, ոսկյա աշտանակների վրա, դեռ վառվում էին ճրագները։ Սաֆարալի-բեկը մոտեցավ ու խենջարի մի քանի հարվածներով վերջացրեց գործը...

Առավոտյան ամբողջ բերդի մեջ շշուկ տարածվեցավ, թե Աղա-Մամադ-խանը սպանված է։ Բայց ոչ ոք չէր հավատում, մինչև նույն Սաֆարալի-բեկը, թագավորի կտրած գլուխը իր ձեռքին բռնած, դուրս եկավ պալատից, բերեց և ձգեց հրապարակի վրա։ Այդ միջոցին բերդի հայ և թուրք բնակիչները թափվեցան պալատի վրա, սկսեցին կողոպտել շահի գանձերը։

Պարսից զորքերը անմիջապես թողեցին բերդը և փախան դեպի Պարսկաստան։ Սադղ-խան շաղաղին, որը Աղա-Մամադ-խանի նշանավոր զորապետներից էր, հազիվ կարողացավ երկու արքայասպաններից մեկին միայն՝ Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարավ Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թաքնվեցավ։

Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը, միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարալի-բեկը ազգով հայ էր, մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել։ Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանգած հայության և քրիստոնեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը...

Չնայելով, որ Աղա-Մամադ-խանի սպանման, լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չէր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը։ Նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը։

Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահիմ-խանին, պայման դնելով, որ Ղարաբաղի հայերի գլխավորը ինքը, Մելիք-Ռուտամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը Մամադ-բեկը։

Հայերը ըստ մեծի մասին, տիրասեր են դեպի օտարները, իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները, այդ իսկ պատճառով Մելիք-Ռուստամը մերժեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին։

Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը։ Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին։ Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը՝ ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը։

Մամադ-բեկը, իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր։ Բայց Մելիք-Ռուստամը, առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա, և կալանավորեց Մամադ-բեկին։

Այդ միևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով՝ պաշարեց Գանձակի բերդը և Մելիք-Մեջլումին սպանել տվեց, այժմ նույն մարդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ-խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամանակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչացնելու նրանց...

Երբ ամեն ինչ խաղաղացած էր Շուշի բերդում, Իբիահիմ-խանը վերադարձավ Բալաքանից։ Մամադ-բեկը այդ ժամանակ բանտից փախավ, գնաց Շամախու Մուստաֆա-խանի մոտ։ Այնտեղից, երկու աչքերը կուրացրած, կրկին հետ բերեցին փախստականին։

Ավելորդ չէր լինի մի երկու խոսք ասել, թե ի՞նչ եղավ արքայասպան Սաֆարալի-բեկը։

Աղա-Մամադ-խանի սպանումից հետո պարսից գահը ժառանգեց Ֆաթալի-շահը։

Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարվել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի, վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսկաստան։ Այստեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, ար քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։

«Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, դրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ-անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ, արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այդ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։ Այսպես տանջելով հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ, անտանելի չարչարանքներ տալով, մաս-մաս կտրատեցին նրա մարմինը և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։

Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելու, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները. թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը։»

Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։

Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեկապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբ էր ազդում Աղա-Մամադ-շահի վրա։

Be the first who will comment on this

Other parts of "Խամսայի Մելիքությունները"

Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online