Raffi
Խամսայի Մելիքությունները
4
XI
Փանահ-խանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես համոզվեցավ, որ Ղարաբաղի մելիքների միաբանությունը քանդելու համար և Ղարաբաղի մեջ մի հաստատ դիրք բռնելու համար անպատճառ հարկավոր է, որ մելիքներից գոնե մեկին գրավե դեպի իր կողմը։ Մի աղետալի անցք կատարեց նրա ցանկությունը։
Որպես վերևում հիշեցինք, Նադիր-Շահը Մուղանի անապատում իրան պարսից թագավոր հրատարակելուց հետո Ղարաբաղի հինգ մելիքներին հաստատեց իրանց իշխանությունների մեջ, տալով նրանց հայրենական վաղեմի իրավունքները։ Բայց միևնույն տարվա մեջ (1736) վախճանվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը, որի կինը Ավետարանոց գյուղում կոտորել տվեց օսմանցիներին։ Մելիք-Հուսեինի փոխարեն Վարանդային սկսեց կառավարել նրա ազգական Մելիք-Միրզա-բեկ։ Դա իր հանդուգն անհնազանդությամբ գրգռեց շահի բարկությունը, և շահը հրամայեց գլխատել նրան։ Մելիք-Միրզա-բեկ II փոխարեն շահը Վարանդայի մելիք նշանակեց Մելիք-Հուսեինի որդի Մելիք-Հովսեփին։ Այդ Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեին էին կոչում, չափազանց հեզաբարո, գրասեր և խելացի մարդ էր, բայց մի ոտքով կաղ և փոքրահասակ։ Նա ուներ մի եղբայր ևս, որը ընդհակառակն վայելչահասակ, գեղեցիկ և չափազանց փառասեր տղամարդ էր։ Դա էր Մելիք-Շահնազար II, Ղարաբաղի կործանիչը...
Իր ընտանեկան կյանքում Մելիք-Շահնազարը սաստիկ անբարոյական մարդ էր. պարսիկների սովորությանը հետևելով, իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով։ Բացի դրանից, նա ուներ իր առաջին օրինավոր կինը Թագում (Թագուհի) անունով, որը Խաչենի Հասան-Ջալալյան իշխանների տնիցն էր։ Թագումի մեռնելուց հետո Մելիք-Շահնազարը բռնությամբ խլեց կենդանի ամուսնից նրա գեղեցիկ կինը Սոնա անունով (որը Տիզակի իշխան Մելիք-Եսայու աղջիկն էր) և պսակվեց նրա հետ։ Նույնիսկ Սոնայի կենդանության ժամանակ Մելիք-Շահնազարը ամուսնացավ իր հանգուցյալ կնոջ Թագումի հարազատ եղբոր Մալայիկ անունով դստեր հետ և այսպիսով մտցրեց իր ընտանիքի մեջ մահմեդական բազմակնությունը։ Մելիքի այդ տեսակ վարմունքները սաստիկ վիրավորեցին ժողովրդի կրոնական զգացմունքը, և նրան ատելի դարձրին Ղարաբաղի մյուս մելիքների մոտ։ Բայց նրա կատարած եղեռնագործությունը հրավիրեց իր վրա բոլոր մելիքների վրեժխնդրությունը։
Մելիք-Շահնազարը փառասեր, հանդուգն և ոխերիմ մարդ էր. նա չկարողացավ համբերել, որ իր եղբայր Մելիք-Հովսեփը վարեր Վարանդայի իշխանությունը, թեև նա կարգված էր Նադիր-շահից։ Մի գիշեր հարձակվելով Մելիք-Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանեց եղբորը և նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Կոտորածից ազատվեցավ մի երեխա միայն, փոքրիկ Սայի-բեկը, որին դայակը ծածուկ փախցրեց Խաչեն գավառի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու մոտ, որը երեխայի քեռին էր։
Սպանելով իր եղբորը, Մելիք-Շահնազարը բռնությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Բայց նրա եղեռնագործությունը սաստիկ բորբոքեց իր դեմ Ղարաբաղի մյուս չորս մելիքների բարկությունը։ Նրանք միաբանվեցան Մելիք-Շահնազարից վրեժխնդիր լինելու համար։ Դրանք էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-ղուլի-սոլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։ Իրանց զորքերով այդ չորս մելիքները դիմեցին դեպի Վարանդա։ Մելիք-Շահնազարը ամրացավ իր Ավետարանոց բերդի մեջ։ Պաշարումը երկար տևեց, ձմեռը վրա հասնելով, բերդը չկարողացան գրավել, բայց Վարանդայի գյուղերի մեծ մասը ավարի առնելով, ավերակ դարձնելով, մելիքները վերադարձան իրանց տեղերը, պայման գնելով, որ հետևյալ գարունքին կրկին արշավանք գործեն Ավետարանոց բերդը կործանելու համար։
Փանահ-խանը այժմ հասավ իր նպատակին։ Ղարաբաղի մելիքների մեջ սկսվեցավ ներքին պատերազմը։ Նա շտապեց օգուտ քաղել այդ հանգամանքներից։
Մելիք-Շահնազարը որքան էլ հանդուգն, աներկյուղ մարդ լիներ, դարձյալ գիտեր, որ իր ուժերը չէր կարող հավասարեցնել բոլոր չորս մելիքների անհամեմատ մեծ զորությանը։ Այդ պատճառով նա սաստիկ անհանգստությամբ սպասում էր գարնան արշավանքին։ Նրան պետք էր մի դաշնակից, մի օգնական, և նա ձեռք մեկնեց իր հայրենիքի ոխերիմ թշնամուն՝ ջվանշիրցի ավազակին...
Մյուս մելիքները ավելի կատաղեցան, երբ նկատեցին, որ Մելիք-Շահնազարը միացավ Փանահ-խանի հետ, որի չար դիտավորությունները, Ղարաբաղի հայկական բոլոր իշխանություններդ ոչնչացնելու մասին, ամենքին հայտնի էին։
Փանահ-խանը իր կողմից շատ ուրախ եղավ, երբ մելիքների միաբանությունը քանդված տեսավ, երբ նրանցից մեկը, և ամենանշանավորը, անցավ իր կողմը։
Վաղուց նա դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղի սրտի մեջ և մի հարմար դիրքի վրա ցանկանում էր մի ամուր բերդ հիմնել։ Նրա Բայաթի և Ասկարանի բերդերը, ինչպես տեսանք, հայոց մելիքները ոչնչացրին։
«Ձեր Չանախչին պաշտպանության համար խիստ անհուսալի դիրք ունի, ասաց Փանահ-խանը Մելիք-Շահնազարին, պետք է որոնել մի ավելի ամուր դիրք, և ես մի այսպիսի տեղ ի նկատի ունեմ, որի վրա բերդ հիմնելով, կլինենք այնուհետև բոլորովին ապահովված...»։
Փանահ-խանը ցույց տվեց Վարանդայի գավառում մի տեղ, Գարգար գետի վրա, որը Մելիք-Շահնազարի սեփական կալվածքն էր և բնությունը, իրավ որ, այդ անմատչելի բեռնային բարձրավանդակը ստեղծել էր ամուր բերդ լինելու համար։ Երկու դաշնակիցները սկսեցին բերդի հիմնարկությունը։ Մելիք-Շահհազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ...
Մի կողմից բերդի կառուցումը առաջ տանելով, մյուս կողմից՝ մելիքների հետ պատերազմ մղելով, երկու դաշնակիցները շուտով վերջացրին շինությունը (1752) և մերձակա Շոշի ավանի հայ բնակիչներին տեղափոխելով այնտեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի։
Փանահ-խանը մտնելով Ղարաբաղի սրտի մեջ, իր դաշնակից Մելիք-Շահնազարի աջակցությամբ, ոչ միայն կարողացավ պաշտպանվել մյուս հայ մելիքների հարձակումների դեմ, այլ իր իշխանությունը տարածեց և այն թուրք ցեղերի վրա, որոնք առաջ չէին խոնարհվում նրան։
Ինքը Փանահ-խանը իր ծագումը ստացած լինելով ավելի աննշան և ստոր ցեղից, որպես էին սարուջալլուցիք, մյուս ավելի զորեղ և նշանավոր ցեղերը (ջվանշիրցիք, քաբիրլուցիք և օթուզիքի՝ այսինքն՝ երեսունևերկու կոչված ցեղը) արհամարհանքով էին նայում նրա վրա։ Եվ մանավանդ իրանց նահապետական սովորություններին խիստ հակառակ էր թվում խոնարհվել մեկ միապետի հրամանի ներքո, որը պարսից խանի տիտղոս էր կրում։ Բայց Մելիք-Շահնազարի օգնությամբ այդ բոլորին կարողացավ հետզհետե զսպել նա։
Իսկ հայոց մելիքների վերաբերությամբ դեռ վճռական քայլ չէր անում նա, աշխատում էր առանձնացնել նրանց, աշխատում էր երկպառակություն սերմանել նրանց մեջ և փոքր առ փոքր նրանց ուժերը թուլացնել։
Սկսեց Խաչենի մելիքությունից, որը մնացածներից ավելի մոտ էր Շուշի բերդին։ Այստեղ ամենահին ժամանակներից իշխում էին Հասան-Ջալալյան իշխանների ժառանգները։ Դրանք դարերի ընթացքում այնքան բազմացել էին, որ Խաչեն գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Փանահ-խանը մտածեց ստեղծել այստեղ մի նոր մելիքություն, նրանց բոլորին հետզհետե ոչնչացնելու նպատակով։ Նրան զորավիգ եղավ ինքը Մելիք-Շահնազարը։
Մենք տեսանք, երբ Մելիք-Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք-Հովսեփին, և բռնությամբ գրավեց Վարանդայի իշխանությունը, սպանվածի որդիներից մեկին դայակը փախցրեց Խաչեն գավառը և թաքցրեց իր քեռիների տանը։ Մանուկի քեռին էր Հասան-Ջալալյան իշխան Մելիք-Ալլահվերդին։ Մտածելով, որ մի ժամանակ այդ մանուկը կմեծանա և իր քեռիների օգնությամբ վրեժխնդիր կլինի իր հոր արյան համար և գուցե ետ կխլե հոր իշխանությունը, Մելիք-Շահնազարը վճռեց ոչնչացնել թե մանուկին և թե նրա քեռիներին։ Փառասեր մելիքը այդ ձեռնարկության մեջ իր առանձին հաշիվները ուներ, իսկ այդ հաշիվները նպաստավոր էին Փանահ-խանի համար այն կողմից, որ նա Խաչենի մելիքությունները ոչնչացնելով այնտեղ կնշանակեր իր ցանկացած մարդուն և այսպիսով մի ամբողջ գավառ իր ձեռքը կառներ։ Մելիք-Ալլահվերդին բնակվում էր սեփական ամրոցում, որ իր պապերից մեկի անունով կոչվում էր Ուլու-պապի բերդ։ Նա հայտնի էր որպես քաջ և անպարտելի պատերազմող։ Երբ Փանահ-խանը, միանալով Մելիք-Շահհազարի հետ, իրանց հայ և թուրք զորքերով արշավեցին նրա վրա, Մելիք-Ալլահվերդին այնպիսի մի սաստիկ ջարդ տվեց նրանց, որ երկու դաշնակիցները հազիվ կարողացան իրանց կյանքը ազատել, փախչելով և մտնելով Շուշի բերդը։
Այդ ժամանակ Փանահ-խանը, Մելիք-Շահնազարի խորհրդով, գաղտնի կերպով կանչեց իր մոտ Խնզիրիստան գյուղի տանուտեր Միրզա-խանին, որը, Մելիք-Ալլահվերդուց կարգված, նույն գյուղի կառավարիչն էր։ Խանը, առաջուց իմացած լինելով տանուտերի փառասիրական ձգտումները, խոստացավ նրան, եթե Մելիք-Ալլահվերդուն մի հնարքով կբռնի և իր ձեռքը կտա, նրան ամբողջ Խաչեն գավառի վրա մելիք կկարգե։
Միրզա-խանը, հրապուրված խանի խոստմունքներից, դիմեց Մելիք-Ալլահվերդու մոտ, հայտնեց նրան, թե իրան հայտնի է, որ Փանահ-խանը ավելի մեծ պատրաստություններով հարձակվելու է նրա վրա, և թե նրա սեփական ամրոցը այնքան հուսալի մի տեղ չէ, որի մեջ կարելի լինի պաշտպանվել թշնամու այս անգամվա ահագին զորաթյան դեմ, և խորհուրդ տվեց ամրանալ Կաչաղակաբերդի մեջ, որը անառիկ և անմատչելի դիրք ուներ։ Որպես ստորադրյալ և պաշտոնյա, Միրզա-խանը առաջարկեց իր պատրաստականությունը՝ ամեն կերպով օգնելու իշխանին, ավելացնելով, թե ինքը արդեն պատրաստ ունի Կաչաղակաբերդի մեջ մի քանի ամիսների համար պաշար, ուր նա կարող է ապահով կերպով պաշտպանվել թշնամու դեմ, եթե այդ բերդը պաշարված կլինի։ Նա իշխանին հրավիրեց իր տունը, որ այնտեղից միասին գնան Կաչաղակաբերդը, որը շատ հեռու չէր Խնզիրիստանից։ Բայց նույն գիշերը ընթրիքի ժամանակ, դավաճանը սենյակից դուրս եկավ և իր ետևից կողպեց դուռը, իշխանին այնտեղ մենակ թողնելով։ Այդ միջոցին Փանահ-խանի և Մելիք-Շահնազարի մարդիկը, որ առաջուց պահված էին նրա տան մեջ, վրա հասան և կալանավորեցին իշխանին։ Փանահ-խանը նրան տվեց դահիճների ձեռքը, և գլխատեցին, նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Այդ ժամանակ Մելիք-Շահնազարը սպանել տվեց իր եղբորորդի փոքրիկ Սայի բեկին, որ նույն ընտանիքի մեջ պահված էր։ Եղեռնագործը իր եղբոր արյան մեջ շաղախված ձեռքերը թաթախեց դժբախտ զավակի արյան մեջ...
Փանահ-խանը կատարեց իր խոստմունքը, դավաճան Միրզա-խանին կարգեց Խաչենի վրա մելիք (1755) և այն օրից Հասան-Ջալալյան իշխանների տիրապետությունը համարյա թե ընկավ։ Թե ինքը Մելիք-Միրզա-խանը և թե նրա ժառանգները (Մելիք-Ալլահվերդին և Մելիք-Ղահրամանը) հավատարմությամբ ծառայեցին Շուշիի խաներին և, կտրվելով հայոց մելիքների դաշնակցությունից, անթիվ վնասներ հասցրին Ղարաբաղի հայոց իշխանություններին։
Եվ այսպես Ղարաբաղի հինգ մելիքություններից երկուսը. Վարանդան և Խաչենը, անցան Փանահ-խանի կողմը։
XII
Մնում էին երեք մելիքություններ՝ Գյուլիստանը, Ջրաբերդը և Տիզակը։
Գյուլիսաանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Ալլահ-Կուլի-սոլթանը, իսկ Տիզակում տիրում էր Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։
Տեսնելով, որ մի կողմից Մելիք-Շահնազարը իր բերդը՝ Շուշին, պարգևեց Փանահ-խանին և նրա ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ, մյուս կողմից Խաչենում մի նոր մելիքություն կազմվեցավ, որը նույնպես մահմեդական խանի դաշնակից եղավ, վերոհիշյալ երեք մելիքները ոչ միայն չվհատեցան, այլ իրանց միացած ուժերով սկսեցին սաստիկ պատերազմներ մղել Փանահ-խանի և նրա հայ դաշնակիցների հետ։ Այդ արյունահեղ պատերազմները, որպես կտեսնենք, տևեցին ամբողջ քսան տարի, որոնք խիստ զգալի վնասներ պատճառեցին Ղարաբաղին։
Վերջը Փանահ-խանը անճար մնալով, մտածեց հաշտություն խոսել Ալլահ-Կուլի-սոլթանի, Մելիք-Յուսուբի և Մելիք-Եսայու հետ։ Խաղաղության պայմանների վրա բանակցելու համար որոշվեցավ ոչ թե Շուշի բերդը, այլ մի չեզոք տեղ Ամարասա վանքը։ Ջրաբերդի Ալլահ-Կուլի-սոլթանը ուղարկվեցավ հայոց դաշնակից մելիքների կողմից իբրև հավատարմատար Ամարասա վանքը։ Այնտեղ եկավ և Փանահ-խանը իր հավատարիմ Մելիք-Շահնազարի հետ։
Այդ միջոցներում Փանահ-խանի մոտ միևնույն վանքում տեսության է գալիս Նախիջևանի Հեյդար-Կուլի-խանը։ Երբ նրան ներս են տանում, Փանահ-խանի մոտ նստած է լինում հայոց մելիքների հավատարմատարը՝ Ալլահ-Կուլի-սոլթանը։ Տեսնելով շքեղ կերպով հագնված, հսկայատիպ սոլթանին, Նախիջևանի խանը շփոթվում է և, կարծելով, թե այդ գեղեցիկ տղամարդը լինելու է ինքը Փանահ-խանը, ողջունում է նրան և ամենայն խոնարհությամբ սկզբից նրան է գլուխ տալիս։ Բայց հետո, երբ հասկացնում են նրան իր սխալը, նա հիշեցնում է Փանահ-խանին պարսից երևելի բանաստեղծի՝ Սաադիի խոսքը. «Տասը դերվիշներ կարող են մի փալասի կտորի վրա պառկել, բայց երկու թագավորներ չեն կարող մի աշխարհի մեջ հաշտ ապրել...»։
Այդ խոսքերով նենգավոր նախիջևանցին կամեցավ հասկացնել Փանահ-խանին, թե նրա իշխանությունը չէ կարելի ապահովված համարել, մինչև որ Ղարաբաղում կգտնվեն այս տեսակ նշանավոր հայ պետեր։ Փանահ-խանը, արդարև, դավաճանեց իր պայմանին. Ալլահ-Կուլի-սոլթանին կալանավորեց, տարավ Շուշի բերդում բանտարկեց և մի քանի օրից հետո գլխատել տվեց (1756)։ Այսպես վարվեցավ իր բարերարի հետ, որի մոտ առաջ ծառայում էր նա, և որը ազատեց նրա կյանքը Նադիր-շահի դահիճների ձեռքից...
Այդ անցքը, որի իսկությունը չէ ուրանում և պարսից պատմությունը, Ղարաբաղի ժողովրդական ավանդությունների մեջ լեգենդական ձև է ստացել։ Մինչև այսօր չեն մոռացվել ժողովրդի բերանում այն երգերը, որ հսկա կալանավորը երգում էր իր բանտի մեջ։ Նա կոչում էր իր քաջ եղբորը Մելիք-Աթամին, նա կոչում էր իր անպարտելի նիզակակցին՝ Դալի-Մահրասային, հորդորում էր Շուշին քարուքանդ անել, արյունով շաղախել նրա մոխիրն ու հողը և իրան ազատել բանտից։ Դրանցից և ոչ մեկը չէ հայտնվում. հսկայի ձայնին օգնության է հասնում սիրող կինը. նա Փանահ-խանի հարեմի ամենագեղեցիկն էր։ Գիշերը, կալանավորին ընթրիք տանելու ժամանակ սիրահարված գեղեցկուհին թաքցնում է փլավի մատուցարանի մեջ բանտի և նրա երկաթյա ոտնակապերի բանալիները, որ նա բաց անե և փախչե։ Բայց հսկան պատասխանում է, հայոց քաջերը փախչելու սովորած չեն. եթե ինքը ցանկանա, այդ բանալիներին կարոտություն չունի։ Եվ նա զորավոր ձեռքով փշրում է իր շղթաները և նրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, ետ է ուղարկում, ասելով. «Դավաճանությունը կպատժվի... իր արյունը առանց վրեժխնդրության չի մնա...»։
Ալլահ-Կուլի-սոլթանի աղետալի մահից հետո Ջրաբերդի մելիքության կառավարությունը անցավ նրա կրտսեր եղբոր՝ Մելիք-Աթամի ձեռքը։ Դա իր բոլոր հատկություններով շատ նման էր իր քաջ եղբորը։ Մանկության հասակից իբրև պատանդ պահված լինելով Դաղստանի Խոսրով-սուլթանի մոտ, Մելիք-Աթամը վարժվեցավ տեղային լեռնաբնակների հերոսական հատկությունների մեջ։ Նրան ազատեց այնտեղից Նադիր-շահը իր Դաղստանի արշավանքի ժամանակ։
Զրկելով Ջրաբերդը իր հզոր իշխանից, Փանահ-խանը կարծեց դաշնակից մելիքների ուժերը բոլորովին թուլացած, և նա հանդգնաբար հրաման գրեց Գյուլիստանի Մելիք-Յուսուբին, բացարձակ կերպով պահանջելով նրանից, որ հպատակություն ընդունե։ Այդ ժամանակն էր, որ Մելիք-Յուսուբի որդի Մելիք-Բեգլար II, որը սաստիկ գոռոզ ու դյուրաբորբոք երիտասարդ էր, թույլ չտվեց իր հորը պատասխանելու, ասելով, թե ինքը կտա Փանահ-խանի պատասխանը։ Նա իր սուրը բռնելով խանի պատգամավորի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ բերած հրամանագիրը։ Երբ խեղճ պատգամավորը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիտասարդը ասաց նրան. «Հիմա գնա, ինչ որ կերար այստեղ, նրա արտադրությունը... կլինի Փանահ-խանի պատասխանը...»։
Այդ անցքերից հետո ավելի սաստիկ կերպով բորբոքվեցավ պատերազմը Փանահ-խանի և դաշնակից մելիքների մեջ։ Վարանդայի Մելիք-Շահնազարը և Խաչենի Մելիք-Միրզախանը, ինչպես առաջ, նույնպես և այժմ հավատարիմ մնացին հայոց ոխերիմ խանին։ Ոչ թե միայն իրանց խորհուրդներով, այլ շատ անգամ իրանց զորքերով օգնում էին նրան։ Բայց չնայելով այդ բոլորին, դաշնակից մելիքները (Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Աթամը և Տիզակի Մելիք-Եսային) այն աստիճան նեղության մեջ էին դրել Փանահ-խանին, որ նրա Շուշի բերդը մշտական պաշարման դրության մեջ էին պահում։
Մինչև այսօր առակ է դարձել Ղարաբաղի ժողովրդի մեջ, թե Թյուլի-Արզումանը, Դալի-Մահրասան և Չալաղան-յուզբաշին ամբողջ յոթն տարի թույլ չտվեցին, որ մի թուրք անցկենար Մազե-կամուրջից դեպի Ջրաբերդի և Գյուլիստանի կողմերը։
Հիշյալ երեք անձնավորությունները երեք հերոսներ են, որոնց դեռ ժողովուրդը չէ մոռացել։ Ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել նրանց մեր ընթերցողներին։
Դալի-Մահրասա թուրքաց լեզվով նշանակում է գիժ աբեղա։ Եվ իրավ, այդ մարդը աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե առաքելո վանքի միաբան։ Ամեն ուխտավոր և այսօր կարող է տեսնել հիշյալ վանքում այն բարձր աշտարակը, որի մեջ, առանձնացած վանականների աղոթող միաբանությունից, բնակվում էր «գիժը»։ Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան դալի (գիժ) տիտղոսը տվեց։ Մի այսպիսի տիտղոս կրում էին արևելքի տասնևվեցերորդ դարու հերոսը՝ Քոր-օղլին և նրա խմբի մեջ գտնված քաջերը, դրանք կոչվում էին Քոր-օղլու դալիներ (գժեր)։
Դալի-Մահրասան Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն (բոզ) նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ աբեղային իր կատարած արյունահեղությունների համար։ Սիմոն կաթողաիկոսի ժամանակ նրան տարան Էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե։ Մի օր իր բանտի մեջ լսեց նա, որ վանքում ինչ-որ աղմուկ և իրարանցում է տիրում։ Նրա հարցին պատասխանեցին, թե Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանեցին, հիմա վտանգ կա, որ վանքն էլ կողոպտեն։
Կարո՞ղ եք տալ ինձ մի ձի և մի քանի զենքեր, ասաց ապաշխարողը։
Երբ նրա խնդիրը կատարվեցավ, նա նստեց ձին և նետվեցավ ջալալների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձավ նա, ետ բերելով քրդերի տարած ավարը։ Այդ օգուտը վանքին տալուց հետո նրան արձակեցին, խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չանե։ Բայց նա չկատարեց իր խոստմունքը։ Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում և շարունակում էր մասնակցել մելիքների բոլոր պատերազմների մեջ։ Մի անգամ Գանձակ քաղաքի մոտ, լեզգիների հետ պատերազմելու ժամանակ, գիշերը վրա հասավ։ Նա կռվից հոգնած նստել էր գերեզմանաքարի վրա, որ փոքր-ինչ հանգստանա։ Նրա շուրջը ծածկված էր դիակներով, որ ընկել էին իր ձեռքով։ Այդ միջոցին վիրավոր լեզգիներից մեկը, որի շունչը դեռ չէր կտրված, ատրճանակը բարձրացրեց և գնդակով զարկեց նրան։ Քաջի մարմինը թաղվեցավ Գանձակի մայր եկեղեցու գավթում։
Գժի հետ ծանոթացանք, հիմա անցնենք Թյուլի-Արզումանին։
Թյուլի թուրքաց լեզվով նշանակում է ավազակ, բայց ոչ այն տեսակ մանր ավազակներից, որոնք գիշերը ծածուկ կերպով մտնում են քնած քաղաքացու տունը և կողոպտում են նրան։ Թյուլին բացարձակ կերպով է գործում. օր-ցերեկով քարավաններ, գյուղեր և քաղաքներ է կողոպտում։ Այդպես էր և Արզումանը։ Նա Մելիք-Աթամի հոր (Մելիք-Իսրայելի) հովիվի որդին էր, մանկության օրերում ոչխարներ էր արածացնում, իսկ հետո Մելիք-Աթամի ընտիր զորապետներից մեկը դարձավ։
Փանահ-խանը այն աստիճան նեղված էր Թյուլի-Արզումանից, որ մի հնարքով նրա հորը՝ Սարգսին, բռնել տվեց, տարավ Շուշի բերդում իբրև պատանդ պահեց, գուցե դրանով ազատվեր որդու հասցրած վնասներից։ Մի օր խանը ասաց Սարգսին.
Խրատիր քո որդուն, որ դադարե չարագործությունից. նա Ղարաբաղի երկիրը ավերակ դարձրեց. Մազե-կամուրջը թողեց կարոտ մարդիկների անցուդարձից։
Ես Արզուման անունով որդի չունեմ, պատասխանեց ծերունի հայրը սառնասրտությամբ։
Ինչպե՞ս չունես, հարցրեց խանը բարկանալով։ Մի՞թե այն արյունարբու Արզումանը, որ իմ երկրները կողոպտում է, որ իմ շինականների տները հրդեհում է, որը ինձ ամեն օր հանգստություն չէ տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ։
Այո՛, իմ որդին չէ, պատասխանում է դառնացած ծերունին, եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չի պիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ...»։
Խանը հրամայեց, իսկույն գլխատեցին հանդուգն ծերունուն։ Իսկ Արզումանը սպանվեցավ Գանձակի պաշարման ժամանակ, որի մանրամասնությունները կտեսնենք հետո։
Չալաղան-Յուզբաշու պատմությունը կարճ է. նա բովանդակվում է հենց իր մականունի մեջ, որ ժողովուրդը տվել էր նրան։ Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ։ Եվ իրավ, նա ավելի մի ավազակապետ էր, քան թե զորապետ։ Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երիցմանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում էին ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ։ Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետը»։ Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդը իր սիրելի հերոսին կոչում էր իր արհեստի անունով։ Այն ևս հայտնի չէ, թե որպիսի վախճան ունեցավ այդ քաջը։ Միայն պատմում են, թե դա էր այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին դեպի ռուսաց արքունիքը և իրանց հայրենիքի փրկության համար օգնություն էին խնդրում։ Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով։
XIII
Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։
Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ։ Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր։ Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ, Ֆաթալի-խանը սրի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը։ Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը։ Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած ստիպված եղան անձնատուր լինել։ Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսուբի հետ։ Այդ պայմանը կայանում էր նրանում, որ Ֆաթալի-խանը պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի ձեռքը, որպես կամենային, այնպես վարվեին նրա հետ։ Բայց նա, ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան։
Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան։ Այդ անցքն ավելի գրգռեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքները և նորանոր կռիվների առիթ տվեց։
Հայոց դաշնակից մելիքներին հարկավոր էին նոր ուժեր։ Պետք է ի նկատի առնել, որ Ղարաբաղի մելիքությունների աշխարհագրական բաժանումներն այնպես էին դասավորված, որ երեք դաշնակից մելիքները խիստ դժվարությամբ կարողանում էին միանալ և ընդհանուր ուժերով դեմ դնել թշնամուն։ Որպես մեղ հայտնի է, դաշնակից երեք մելիքությունները Գյուլիստանի, Ջրաբերդի և Տիզակի մելիքություններն էին։ Գյուլիստանը և Ջրաբերդը սահմանակից էին և այդ պատճառով կարող էին իրանց ուժերը միացնել, իսկ Տիզակը իր աշխարհագրական դիրքով բաժանված էր այդ երկու գավառներից։ Տիզակի և հիշյալ երկու գավառների մեջտեղում ընկած էին՝ Խաչենի մելիքությունը, Շուշի բերդը և Վարանդայի մելիքությունը, որոնք կապված էին Փանահ-խանի հետ։ Ուրեմն թշնամին մտել էր դաշնակիցների մեջտեղում։ Այդ էր պատճառը, որ Գյուլիստանի և Ջրաբերդի մելիքները շատ օգուտ չէին կարողանում քաղել իրանցից անջատված Տիզակի մելիքից, որը այդ ժամանակ Մելիք-Եսային էր։
Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը դիմում են վրաց իշխան Հերակլեի հայր Թեյմուրազին, առաջարկում են միանալ նրա հետ՝ Փանահ-խանի իշխանությունը ոչնչացնելու համար, խոստանում են, որ իրանք ևս պատրաստ կլինեն ամեն մի հարկավորած դեպքում օգնել վրաց իշխանին, որպես հավատարիմ դաշնակիցներ։ Թեյմուրազն ընդունում է հայոց մելիքների առաջարկությունը, որովհետև ինքն ևս թշնամություն ուներ Փանահ-խանի հետ։ Նա հավաքում է վրացիների, օսեթի, խեսուրների և այլ լեռնցիների ահագին խառնիճաղանջ բազմություն, արշավում է դեպի Ղարաբաղի կողմերը (1762)։ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը իրանց զորքերով միանում են նրա հետ։ Ասկարանի ավերակների մոտ բանակ է դրվում, հայոց մելիքները մատակարարում են իրանց դաշնակից հյուրերի բոլոր պաշարեղենները։
Այդ միջոցին Փանահ-խանը նույնպես անգործ չէ մնում, նա ամրացնում է իր բերդը՝ Շուշին, օգնության է կանչում իր երկու հավատարիմներին՝ Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին, որոնք իրանց ուժերով միանում են նրա հետ։
Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են, և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից բռնելով, ետ են բերում։
Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում, Մելիք-Միրզա-խանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը և մի քանի օրվա ընդդիմադրությունից հետո գրավում են նրան։ Մելիք-Շահնազարը և Մելիք-Միրզա-խանը գերի ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ է դառնում, այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։
Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադառնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։
Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։
Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի անունով խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու միասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի հետ, և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Բայց նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մեքիք-Յուսուբի առաջարկությունը։
Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջը դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց։ Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխի Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և, թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի-Չելեբիի զորքերը հետամուտ եղան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։
Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնազարին և ոչ էլ Մելիք-Միրզա-խանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը, Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով՝ բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին, և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։
XIV
Գանձակի Շահվերդի-խանը, բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ բարեկամը։ Երբ Շահվերդի-խանի հայրը մեռավ, նրա եղբայրը, Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ՝ Մելիք-Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք-Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և Մամատ-խանին խեղդել տալով, Շահվերդի-խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի-խանը, չմոռացավ և նրա որդի Ջավադ-խանը Մելիք-Աթամի ժառանգ Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։
Իսկ Մելիք-Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի-խանին։ Մելիք-Յուսուբի մայրը՝ Ղամար-սոլթանը, Շահվերդի-խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։
Թեյմուրազի հետ ունեցած պատերազմներից հետո Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը առժամանակ մնացին Գանձակում։ Շահվերդի-խանը նրանց հյուրասիրեց իր մոտ։ Շահվերդի-խանը բարեսիրտ մարդ էր, որպես առհասարակ եղել են Գանձակի խաները։ Նա ծագումով թուրք չէր, այլ պարսիկ էր. պարսիկները համեմատաբար ավելի բարի են եղել դեպի քրիստոնյաները, քան թե վայրենի, մանգոլական թուրքերը։ Իր սահմանակից և հեռավոր խաների մեջ (որպես էին Շաքիի, Շիրվանի, Շուշիի, Դերբենդի, Բաքվի և այլ խաները) Շահվերդի-խանը ավելի բարձր դիրք ուներ և ձայն. նա պարսից կառավարությունից ճանաչված էր որպես բեգլեր-բեգի, այսինքն՝ իշխանների իշխան։
Շահվերդի-խանը կամեցավ հաշտեցնել Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին Փանահ-խանի հետ։ Քսանամյա անընդհատ պատերազմները, որոնք այնքան արյան և դժբախտությունների պատճառ դարձան, մաշել էին երկու կողմերի ուժերն ևս։ Ժողովուրդը բոլորովին ձանձրացել էր շարունակ կռիվներից, հանգստանալ էր ուզում։ Այդ էր պատճառը, որ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հաճությամբ ընդունեցին Շահվերդի-խանի առաջարկությունը։ Հաշտության գլխավոր պայմանները դրանք էին, որ Փանահ-խանը տեր լինի Շուշի բերդին, առանց իրավունք ունենալու միջամտել մելիքների երկրի և հպատակների գործերի մեջ, եթե հարկավոր լինի պատերազմ արտաքին թշնամիների հետ, պետք է վճռվի ընդհանուր համաձայնությամբ. Փանահ-խանը ինքնագլուխ ոչ ոքի հետ պատերազմելու իրավունք չի պիտի ունենա. հայոց մելիքների երկրներից հավաքված հարկերը պետք է գործ դրվեն տեղային պետքերի համար. Փանահ-խանը Ղարաբաղի մեջ նոր նվաճումներ անելու համարձակություն չի պիտի ունենա և այլն։
Փանահ-խանը, քանի կենդանի էր, պահպանեց խաղաղության այդ պայմանները։ Նրա մահից հետո որդին՝ Իբրահիմ-խանը, թեև առժամանակ հետևեց հոր օրինակին, բայց հետո ոչնչացրեց հոր դաշնադրությունը, և հանգամանքները փոխվեցան...
Ավելորդ չէր լինի մի քանի խոսք ասել Փանահ-խանի մահվան մասին։
Մենք տեսանք, որ ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը, միանալով հայոց մելիքների հետ, պատերազմեց Փանահ-խանի հետ և նրան հաղթելով, որդուն՝ Իբրահիմ-աղային, իբրև պատանդ տարավ Պարսկաստան։ Այդ Ֆաթալի-խանը հետո Պարսկաստանում պատերազմ ունեցավ Ասկար-խանի հետ (որը զենդ Քերիմ-խանի եղբայրն էր) և սպանեց նրան։ Երբ Քերիմ-խանը զորացավ և Պարսկաստանում շատ նվաճումներ կատարեց, կամեցավ պատժել Ֆաթալի-խանին իր եղբոր սպանման համար։ Շիրազից գալով, պաշարեց նա Ֆաթալի-խանի Ուրմի բերդը (1762) և նրան կալանավորելով, տարավ Շիրազ։ Այն ժամանակ Քերիմ-խանը ազատեց Փանահ-խանի որդի Իբրահիմ-աղային, որը Ուրմի բերդում պահված էր, նրան ևս իր հետ Շիրազ տարավ։
Փանահ-խանը, լսելով այդ դեպքը, մեծ ընծաներով գնաց Պարսկաստան Քերիմ-խանի մոտ, իր որդուն ստանալու դիտավորությամբ։ Երկու տարի մնաց Շիրազում, վերջը տեսնելով, որ ոչ իրան են բաց թողնում և ոչ որդուն են տալիս, իր հատուկ խորամանկությամբ հնարեց մի խաղ, որ գոնե իր անձը կարողանա ազատել։ Որովհետև Քերիմ-խանը, որ այդ ժամանակ իրան ամբողջ Պարսկաստանի թագավոր էր համարում, երկրի խաղաղությունը պահպանելու համար, չէր ցանկանում Ղարաբաղի խռովարարին կրկին բաց թողնել իր հայրենիքը։ Փանահ-խանը իրան ձևացրեց մեռած և դրվեցավ դագաղի մեջ։ Նրա մարդիկը, դիմելով Քերիմ-խանին, խնդրեցին, որ թույլ տա կատարելու հանգուցյալի կտակը, նրա մարմինը տանելով իր հայրենիքը, այնտեղ թաղելու համար։ Քերիմ-խանը հասկացավ խորամանկությունը։ Ես նրան պետք է պատվով հուղարկավորեմ... ասաց նա, նրա մարմինը ճանապարհին կհոտի. հարկավոր է զմռսել նրան...
Քերիմ-խանի հրամանով դահիճները դուրս թափեցին կենդանի հանգուցյալի փորոտիքը, որպես անում են դիակները զմռսելու համար, հետո հանձնեցին նրա մարդիկներին, ասելով, թե հիմա կարող եք տանել։ Նրա մարմինը բերվեցավ Ղարաբաղ։
Այս մահով մեռավ Փանահ-խանը (1763)։ Այնուհետև Քերիմ-խանը մտածելով, որ որդին ավելի հավատարմությամբ կծառայե Պարսկաստանին, քան թե խորամանկ հայրը, նրան խանության աստիճան շնորհեց և ուղարկեց Ղարաբաղ։ Իբրահիմ-աղան դարձավ Իբրահիմ-խան և հաջորդեց հորը։
XV
Իբրահիմ-խանը սկզբում պահպանեց իր հոր կապած դաշնագրության պայմանները հայոց մելիքների հետ, որովհետև դեռ թույլ էր և բոլորովին չէր ամրացած իր տեղի մեջ։ Բայց հետո մի քանի հանգամանքներ նպաստեցին նրան զորանալ, և հայոց մելիքների հետ բռնությամբ վարվել։
Այդ հանգամանքներից մեկն այն էր, որ Վարանդայի Մելիք-Շահնազարը, այդ հայրենիքի դավաճանը, որ իր Շուշի բերդը տալով Փանահ-խանին, նրան ուժ և զորություն տվեց, որը իր աջակցությամբ այնքան բարձրացրեց հասարակ ջուանշիրցի խաշնարածին, որ Ղարաբաղի հայ իշխանությունների քայքայման պատճառը դարձավ, այժմ միևնույն Մելիք-Շահնազարը, Փանահ-խանի մեռնելուց հետո, իր վաղեմի բարեկամությունը նրա որդու հետ պահպանելու համար, կատարեց մի այլ ամոթալի գործ։ Նա իր աղջկան՝ գեղեցիկ Հյուրի-զադին, տվեց Իբրահիմ-խանին կնության։ Մելիք-Շահնազարի այդ վարմունքը սաստիկ վրդովեցրեց հայոց մյուս մելիքներին, մանավանդ Տիզակի Մելիք-Եսայուն, որովհետև Հյուրի-զադը իր աղջկանից ծնված էր։
Այդ դեպքը առիթ տվեց սարսափելի կռիվների Մելիք-Շահնազարի և Մելիք-Եսայու մեջ, որոնք տևեցին մի քանի տարիներ։ Մելիք-Շահնազարը միացավ Խաչենի Մելիք-Միրզա-խանի հետ, և երկուսը միասին հարձակումներ էին գործում Մելիք-Եսայու Տող բերդի վրա։ Մի ճակատամարտի մեջ Մելիք-Միրզա-խանը գերի բռնվեցավ։ Մելիք-Եսային, իր սուրը բռնելով նրա գլխի վրա, արտասանեց հետևյալ խոսքերը. «Դո՛ւ, Միրզա-խան, շատ նման ես այն դավաճանին, որին կոչում էին Մեհրուժան։ Նա ուրացավ մեր կրոնը, նա պարսից ձեռքում գործիք եղավ և սկսեց մեր հայրենիքը ավերակ դարձնել։ Նրան, որպես վարձատրություն իր կատարած չարագործությունների համար, խոստացել էին Հայաստանի թագը։ Մի ճակատամարտի մեջ նա ևս քեզ նման գերի ընկավ հայերի ձեռքը։ Այդ միջոցին հայոց զորավարներից մեկը, որին կոչում էին Սմբատ Բագրատունի, կրակի մեջ շիկացած շամփուրին պսակի ձև տվեց և, դնելով նրա գագաթի վրա, ասաց. «Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա՛ ես, իբրև ասպետ և թագադիր, պսակում եմ քեզ...»։ Բայց դու գոնե Մեհրուժանի չափ փառասիրություն չունեիր. դու միայն մի ցած դավաճան էիր, որ առօրյա չնչին փառքի համար թուրք խանի և Մելիք-Շահնազար չարագործի արբանյակը դարձար։ Քեզ հետ պետք է վարվել ինչպես մի կատաղած շան հետ, որին սպանում են, որպեսզի մյուս արարածները նրա կծոտելուց չվարակվեն...»։ Վերջին խոսքերի հետ նա իջեցրեց իր սուրը (1775)։
Մելիք-Միրզա-խանի փոխարեն Իբրահիմ-խանը Խաչենի կառավարիչը կարգեց նրա որդի Մելիք-Ալլահվերդուն, որը հոր նման հավատարիմ մնաց թուրք խանին։ Դրանով կռիվը ավելի բորբոքվեցավ։ Եվ որովհետև կռիվների սկզբնապատճառը գեղեցիկ Հյուրի-զադն էր, այդ պատճառով Իբրահիմ-խանը նույնպես խառնվեցավ կռիվների մեջ, իհարկե, բռնելով Մելիք-Շահնազարի կողմը։
Մելիք-Եսային միայնակ պիտի պատերազմեր իր երեք թշնամիների դեմ, որպես էին՝ Իբրահիմ-խանը, Մելիք-Շահնազարը և Մելիք Ալլահվերդին։ Նրա հզոր դաշնակիցները այլևս չկային։ Մենք հետո կտեսնենք, որ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը վախճանվեցավ (1775) և նրա որդին՝ Մելիք-Աբով III, ավելի զբաղված էր իր երկրի կառավարությունով, քան թե պատերազմներով։ Մելիք-Յուսուբից հինգ տարի հետո՝ 1780 թվին վախճանվեցավ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Աթամը, այն սարսափելի մարդը, որից դողում էր Իբրահիմ-խանը։ Հանգուցյալի մահից հետո հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Այդ երիտասարդը թե հոր քաջությունը և թե նրա հայրենասիրությունն ուներ։ Բայց չափազանց դյուրագրգիռ և բարկացկոտ բնավորության տեր լինելով, նա հրացանի բռնել տվեց մի քանի նշանավոր հայ ազնվականների և այդ պատճառով բարձրացրեց իր իշխանության մեջ ներքին կռիվ։ Դրա համար ժամանակ չունեցավ Մելիք-Եսայուն օգնելու։
1781 թվին Իբրահիմ-խանը իր բարեկամ երկու մելիքների հետ պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Նա քաջությամբ պաշտպանվում էր։ Պաշարումը տևեց երկար։ Հետո խանը Մելիք-Շահնազարի խորհուրդով ուղարկեց նրա մոտ մի քահանա և մի նշանավոր հայ մարդ, երդումով, խաչով ու Ավետարանով, որ Մելիք-Եսային ցած իջնե իր բերդից հաշտվելու համար։ Նա հավատաց և դուրս եկավ բերդից։ Իբրահիմ-խանը նրան բանտի մեջ խեղդել տվեց, նրա ամբողջ կայքը հափշտակեց և տունը ավերակ դարձրեց։
Մելիք-Եսային խաբեության զոհ դառնալուց հետո նրան հաջորդեց իր եղբոր (Մելիք-Աթամի) որդի Մելիք-Բախտամը։
Իբրահիմ-խանը ունեցավ մի երկրորդ ամուսնություն ևս, որը ոչ սակավ նպաստեց նրա զորանալուն։ Նա կին առեց Դաղստանի Ավարիա գավառակի իշխող Օմար-խանի (Ումայի-խան) աղջկան, որ կոչվում էր Բիքա։ Այդ Օմար-խանը Նուսխալ-խանի որդին էր։ Փեսա դառնալով, մի կողմից Վարանդայի հայոց իշխանին, մյուս կողմից՝ Դաղստանի լեռնաբնակների խանին, Իբրահիմ-խանը սկսեց օրըստօրե զորանալ։ Ամեն մի սպառնալից դեպքում նա կամ Դաղստանից օգնություն էր ստանում, կամ փախչում էր իր աներոջ մոտ, կյանքը ազատում էր։
Բայց միայն Մելիք-Շահնազարը և Օմար-խանը չէին Իբրահիմ-խանի զորանալու պատճառները. տեղի ունեցան և ուրիշ առիթներ, որոնք ոչ սակավ ուշադրության արժանի են։
XVI
1775 թվին, որպես հիշեցինք, վախճանվեցավ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը ծերության հասակում։ Ղարաբաղի մելիքների մի հայրենասեր և եռանդոտ դաշնակիցը պակսեցավ։ Նա կտակեց որդուն իր սուրը պատյանի մեջ չդնել, մինչև Ղարաբաղը իսպառ մաքրված չլինի մահմեդականներից։
Նա թողեց երկու որդի. երեցը կոչվում էր Բեգլար, կրտսերը՝ Աբով։ Հոր մահից հետո հաջորդեց Բեգլարը։
Դա Մելիք-Բեգլար II է, որը սաստիկ գոռոզ, քաջասիրտ և պատերազմասեր երիտասարդ էր։ Նա դեռ հոր կենդանության ժամանակ մասնակցում էր նրա կռիվների մեջ և հայտնի էր իր զարմանալի հաղթություններով։
Բայց այդ անպարտելի տղամարդը, որ իր երիտասարդությունը անցուցել էր պատերազմների մեջ, երկար չվարեց իր երկրի իշխանությունը։ Մի անգամ լեզգիների հետ ունեցած ճակատամարտում, որ տեղի ունեցավ Գանձակից ոչ այնքան հեռու, Գորանի գետի ափին, նույն անունով գյուղի մոտ Մելիք-Բեգլարը հրացանի գնդակից սպանվեցավ։
Նրա մահվան մասին ավանդությունը ստեղծել է մի այսպիսի լեգենգա. թե այն րոպեում, երբ մելիքը պատրաստվում էր պատերազմ գնալու, նրա մայրը՝ բարեսիրտ Հերիքնազը դուրս եկավ որդու առջև և արտասուքը աչքերում բռնեց նրա ձեռքից, աղաչում էր, որ իրան հեռու պահե արյունահեղությունից, որ գոնե այս անգամ պատերազմ չգնա, որովհետև ինքը վատ երազ է տեսել... տխուր կասկածներ տանջում են նրա սիրտը... Խստասիրտ որդին մերժեց մոր աղաչանքը և, ձեռքով մի կողմ հրելով նրան, ցած ձգեց և ձին նստելով գնաց։ Բայց այլևս չվերադարձավ. մոր անեծքը պատժեց նրան...
Բայց Մելիք-Բեգլարի սպանման մեջ կար մի ամբողջ ռոման։
Մելիք-Բեգլարը ամուսնացած էր Վարանդայի Մելիք-Շահնազարի դստեր՝ Ամարնանի (Մարիամի) հետ։ Բացի օրինավոր կնոջից նա պահում էր մի սիրուհի Բալա անունով։
Մինչև այսօր, երբ ուղևորը անցնում է Գյուլիստանի Խարխափուտ գյուղից և մտնում է նույն անունով ձորի մեջ, ճանապարհի աջ կողմում ցույց են տալիս մի հին այգի։ Անտառային ծառերը աճելով՝ խառնվել են պտղատու ծառերի հետ և այգու վաղեմի գեղեցկությունը ծածկվել է վայրենի մացառների տակ։ Այդ տեղին կոչում են Մելիք-Բեգլարի այգի։ Այստեղ հատկապես շինել տված գեղեցիկ ամառանոցում ապրում էր իշխանի սիրուհին։ Ամառանոցի ավերակներն են մնացել այժմ։
Ամուսնի այդ տեսակ վարմունքը չէր կարող չգրգռել նրա օրինավոր կնոջ՝ Ամարնանի, խանդոտությունը։ Այդ կինը, ինչպես վերևում հիշեցի, Վարանդայի Մելիք-Շահնազարի աղջիկն էր։ Իր հոր նման միջոցների մեջ ընտրություն անել չգիտեր նա. վաղուց մտածում էր վրեժխնդիր լինել Բալայից։ Նա ընտրեց հենց այն գիշերը, երբ իր ամուսինը զբաղված էր պատերազմական պատրաստություններով, իսկ առավոտյան պետք է կռվելու գնար։ Նա կաշառեց իրանց ծառաներից մեկին, որ կոչվում էր Լալա և ուղարկեց իր ախոյանուհուն սպանելու համար։ Եղեռնագործությունը կատարելու համար մի այլ զենքի կարոտություն չկար, ասում են՝ գեղեցիկ կնոջ մազերի հյուսերն այնքան երկար էին, որ չարագործը փաթաթեց նրա պարանոցով և իր մազերով իրան խեղդեց։ Մարմինը ձգվեցավ հորի մեջ։
Առավոտյան հենց այն րոպեում, երբ Մելիք-Բեգլարը պատրաստվում էր նստել ձին, որ գնա կռվելու, նրան լուր տվին, թե Բալան սպանված է։ «Երբ կվերադառնամ պատերազմից, ես գիտեմ, թե ի՞նչ կանեմ սպանողներին...», ասաց նա և գնաց։
Մելիք-Բեգլարի խստասրտությունը հայտնի էր եղեռնագործին։ Նա հասկացավ, որ մելիքը ամեն հնարներ գործ կգներ երևան հանելու սպանությունը և այն ժամանակ ոչ միայն իրան մահով կպատմեր, այլ իր ամբողջ ընտանիքը սրից անց կկացներ։ Երկյուղը նրան մի հանցանքից մի ավելի մեծ հանցանքի մեջ ձգեց։ Նա հետևեց մելիքին, որպես նրա թիկնապահներից մեկը, պատերազմի դաշտը։ Կռվի խռովության ժամանակ թուփերի միջից անցավ հրացանի գնդակը և մելիքին ցած գլորեց։ Իհարկե, այն խառնաշփոթության մեջ ոչ ոք չէր կարող ստուգել, թե գնդակը արդյոք մի որևիցե լեզգու հրացանից արձակվեցավ, թե՞ մելիքի անձնական թիկնապահից։
Մելիք-Բեգլար II մահից հետո նրա որդի Ֆրեյդունը անչափահաս լինելով, Գյուլիստանի կառավարությունը անցավ հանգուցյալի եղբայր Աբով III ձեռքը։ Այդ Աբովն իր նախկին մյուս Աբովների նման, նույնպես հայտնի եղավ որպես մի քաջ պատերազմող։ Դրա կառավարության օրերում, որպես պիտի տեսնենք, կատարվեցան Ղարաբաղի բախտավոր և ամենադժբախտ անցքերը։
Եվ այսպես, Գյուլիստանի Մելիք-Յուսուբը մեռավ, նրա որդին՝ Մելիք-Բեգլարը, սպանվեցավ. Տիզակի Մելիք-Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ. Ջրաբերդի Մելիք-Աթամը մեռավ։ Նշանավոր, փորձված մարդիկը անհետացան, մնացին դյուրագրգիռ, տաքարյուն երիտասարդները...
Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանը ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդը իր հոր՝ Մելիք-Աթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին։ Նրան ոչնչացնելու համար Իբիահիմ-խանը հետևեց իր հոր՝ Փանահ-խանի, քաղաքականությանը։ Այդ խորամանկ ջուանշիրցին, ինչպես իր տեղում տեսանք (XI գլ.), Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների իշխանությունը թուլացնելու համար ստեղծեց այնտեղ (Խնզիրիստան գյուղում) մի նոր մելիքություն՝ Մելիք-Միրզախանյանների տունը, որոնք ոչ սակավ, քան մահմեդականները վնասեցին Ղարաբաղի հայկական իշխանությունների քայքայմանը։ Այժմ Իբրահիմ-խանը, իր հոր օրինակին հետևելով, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների իշխանությունը թուլացնելու համար, մտածեց ստեղծել այնտեղ մի նոր մելիքություն։ Այստեղ Գյուլ-Յաթաղ գյուղում ապրում էին Ալլահվերդի-Յուզբաշու ժառանգները։ Դրանց հայրը ծառայում էր Մելիք-Աթամի մոտ, իսկ ժառանգները ծառայում էին Մելիք-Աթամի որդի Մելիք-Մեջլումի մոտ։ Իբրահիմ-խանը կանչեց իր մոտ Ալլահվերդի-յուզբաշու որդի Միսայել-բեկին, հայտնեց նրան, եթե մի կերպով Մելիք-Մեջլումին կոչնչացնե, ինքը խոստանում է նրան օգնել, որ ամբողջ Ջրաբերդի վրա մելիք դառնա։ Միսայել-բեկը, հրապուրված խանի խոստմունքով, համաձայնվեցավ կատարելու նրա ցանկությունը։
Միսայել-բեկը իր փեսա Հակոբ-յուզբաշուն իր հետ առնելով գնաց Մելիք-Մեջլումի մոտ իբրև հյուր։ Մելիքը այդ ժամանակ գտնվում էր իր սեփական ամառանոցում, Թարթար գետի ափի մոտ, Ղազարխ կոչված տեղում։ Նա առանց կասկածանքի ընդունեց հյուրերին, որովհետև մեկը իր գյուղերի կառավարիչն էր, իսկ մյուսը՝ նրա փեսան։
Ընթրիքից հետո, երբ հյուրերը առանձնացան իրանց համար պատրաստված սենյակում քնելու, երկար նրանց ճրագը վառ մնաց։ «Հիմա հարկավոր է ճրագները հանգցնել...» ասաց Միսայել-բեկը։ «Այո՛, ժամանակն է...» պատասխանեց նրա փեսան։ Այդ ինքնըստինքյան անմեղ խոսակցությունը գրավեց մելիքի սպասավորներից մեկի ուշադրությունը, և նա սկսեց ծածուկ լրտեսել խոսակցության շարունակությունը, որից նկատեց, որ հյուրերը ինչ-որ չար դիտավորություն ունեն։ Նա իսկույն իմացում տվեց մելիքի կնոջը, որը հրամայեց ծառաներին գաղտնի հսկել իր ամուսնի բնակարանի մոտ և սպասել հետևանքին։ Եվ իրավ, գիշերից բավական անցած, նրանք նկատեցին, որ հյուրերը մոտեցան մելիքի բնակարանին և փորձում էին ներս մանել։ Երկուսին ևս կալանավորեցին։
Մյուս օրը Մելիք-Մեջլումը քննելով այն դրդիչ պատճառները, որոնցից հրապուրված իր հյուրերը կամենում էին սպանել իրան, հրամայեց թե Միսայել-բեկին և թե նրա փեսա Հակոբ-յուզբաշուն, երկուսին էլ հրացանի բռնեցին։ Մելիքը այն աստիճան զայրացած էր, որ հրամայեց նրանց ամբողջ ընտանիքը բնաջինջ անել, բայց Միսայել-բեկի փոքր եղբայր Ռուստամ-բեկը առեց նրանց և փախավ Շուշի բերդը, Իբրահիմ-խանի մոտ։
Այդ անցքը ոչ միայն ներքին երկպառակությունների պատճառ դարձավ, այլ հիշյալ Ռուստամ-բեկը, Իբրահիմ-խանի ձեռքում գործիք դառնալով, շատ չարիքներ գործեց Մելիք-Մեջլումի դեմ։ Այդ կտեսնենք մեր պատմության շարունակության մեջ, բայց այժմ այսքանը պետք է հիշել, որ Ռուստամ-բեկը մի նշանավոր մարդու՝ Ապրես աղայի փեսան էր։ Իր աներոջ հետ կազմեց մի զորեղ կուսակցություն ոչ միայն Մելիք-Մեջլումի դեմ, այլև բոլոր այն մելիքների դեմ, որոնք դաշնակից էին Մելիք-Մեջլումին, որպես էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլալյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները։
Եվ այդպես, թեև Իբրահիմ-խանին չհաջողվեցավ Մելիք-Մեջլումին սպանել տալ և Ջրաբերդում ստեղծել մի նոր մելիքություն իր հովանավորության ներքո, այսուամենայնիվ, նա հասավ իր նպատակին։ Նա կարողացավ կազմել մի նոր և հակառակ կուսակցություն, որի մեջ կար և կաթողիկոս։ Այսպիսով, Ղարաբաղի մելիքները երկու հակառակ կուսակցությունների բաժանվեցան. մեկը՝ Մելիք-Շահնազարյանների կուսակցությունը, որին պատկանում էին խանին համակրողները և Երիցմանկանց վանքի կաթողիկոսները, մյուսը՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Բեգլարյանների կուսակցությունը, որոնք հակառակ էին խանին և միացած էին Գանձասարի վանքի կաթողիկոսի հետ։