Raffi

Խամսայի Մելիքությունները

11

XLV

Բայց ովքե՞ր էին այն երկու հայերը, որոնք դեռ Գանձակի կռվից առաջ թողեցին Աբաս-Միրզայի բանակը, եկան իշխան Մադաթովի մոտ և նրան խիստ նշանավոր տեղեկություններ հաղորդեցին պարսիկների գործողությունների մասին։ Նրանց անունները, կամ ով լինելը մեզ հայտնի չէ։

Մեզ հայտնի է միայն մեկ հայ երիտասարդի անունը, որը այդ միջոցներում թողեց Աբաս-Միրզայի ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։ Բայց նախքան նրա մասին խոսելը, մենք հարկավոր ենք համարում խիստ համառոտ կերպով ցույց տալ, թե որպիսի հայացք ուներ Աբաս-Միրզան իր հպատակ հայերի վերաբերությամբ և ի՞նչ վիճակի մեջ էին նրա ժամանակ հայերը Պարսկաստանում։

Աբաս-Միրզան՝ պարսից գահի թագաժառանգը, էր միևնույն ժամանակ Պարսկաստանի մի նշանավոր մասի՝ Ատրպատականի փոխարքան։ Ատրպատականը ավելի խիտ բնակեցված էր հայերով և այլ քրիստոնյա ազգերով, որպես էին ասորի նեստորականները։ Ատրպատականը սահմանակից էր պարսկական այն նահանգներին, որ ռուսները մասամբ գրավել էին և մնացածը ցանկություն ունեին գրավելու, Երաասխ գետը թողնելով իբրև սահմանագիծ երկու պետությունների մեջ։

Աբաս-Միրզան թեև Նադիրի, Աղա-Մամադ-խանի նման հզոր պատերազմող չէր, բայց խելացի քաղաքագետ էր և երկրի լավ կառավարիչ։ Նա այն տեսակ անձնավորություններից էր, որ գիտեր ամեն տեսակ ուժերից օգուտ քաղել։ Իսկ Պարսկաստանի շինության համար մի մեծ ուժ նա տեսնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա սկսեց հայերին օրըստօրե բարձրացնել, նրանց լայն ասպարեզ և ընդարձակ արտոնություններ շնորհելով։ Նրա ողորմածությունը հայերի վերաբերությամբ համակրում էր և նրա հայրը, բարի և մարդասեր Ֆաթալի-շահը, որի թագավորության ժամանակներում Պարսկաստանի հայերը վայելում էին կատարյալ բախտավորություն։

Որպես Շահ-Աբաս մեծը, մի ժամանակ Պարսկաստանի վաճառականությունը ծաղկեցնելու համար, Սպահանի հայերից առևտրական ընկերություններ էր կազմում, և ինքը ևս իր սեփական դրամագլխով մասնակցում էր նրանց առևտրական ձեռնարկությունների մեջ, այնպես էլ Աբաս-Միրզան ուներ իր հայ վաճառականները, որոնք գործում էին նրա դրամագլխով։

Երկրի հայ ազգաբնակությունը մահմեդական կառավարիչների հարստահարությունից ազատ պահելու համար նա բարձրացրեց հայոց մելիքների նշանակությունը, նրանց ընդարձակ իրավունքներ տալով, նրանց համար ռոճիկներ սահմանելով և այլն։

Ճանաչելով, որ հայ ժողովուրդը սերտ կերպով կապված է իր եկեղեցու և եկեղեցականների հետ, նա սկսեց զսպել ոչ միայն մահմեդականների կրոնական հալածանքը քրիստոնյաների դեմ, այլ աշխատում էր ավելի ուժ և խրախույս տալ քրիստոնեությանը։ Հաճախում էր հայոց եկեղեցին, ներկա էր գտնվում հայոց եկեղեցական հանդեսներին, որ իր օրինակով ցույց տա, թե հայերի կրոնական պաշտամունքները ամենայն հարգանքի արժանի են։ Նրա ժամանակ հայոց եկեղեցիները սկսեցին զանգակ հարկանել, որ առաջ արգելված էր։

Նույն ժամանակվա Ատրպատականի Իսրայել եպիսկոպոսը նրա ամենալավ բարեկամն էր։ Նա հատկացրեց եպիսկոպոսի համար նշանավոր ռոճիկ, բացի դրանից, առաջնորդարանի ծախքերի համար, իբրև մշտական սեփականություն, ընծայեց ընդարձակ կալվածներ, որ նրանց եկամուտներով պահպանվի առաջնորդարանը։

Ատրպատականի հայոց վանքերի գոյությունը ապահովեցնելու համար շնորհեց նա, իբրև մշտական սեփականություն, յուրաքանչյուր վանքին մի-մի գյուղ, իրանց բնակիչներով, հողերով և սահմաններով։ Այդ գյուղերը ազատ թողեց նա արքունի հարկերից, այնպես, որ կառավարության փոխարեն ինքը վանքը իրավունք ուներ ստանալ ոչ միայն մշակության բերքերի մի մասը, այլև արքունի հարկերը։

Թավրիզը Աբաս-Միրզայի աթոռանիստն էր. այդ քաղաքի հայ հասարակության դրությունը բարվոքելու համար ազատեց նրանց ամեն տեսակի հարկերից։ Նույն արտոնությունը թավրիզեցի հայերը վայելում են մինչև այսօր, իսկ նրանց հարևան մահմեդականները հարկ են վճարում։

Երկար կլիներ մի առ մի թվել, թե որքան ողորմած էր նա դեպի հայոց ժողովուրդը և որքան բարձրացրեց նա այդ ժողովրդի դրությունը, նրան ամեն կերպ ապահովություններ շնորհելով։ Բայց այն ևս պետք է նկատել, որ Աբաս-Միրզան այդ բոլորի մեջ ուներ և իր քաղաքական նպատակները։ Նա ամեն հնարներ գործ էր դնում, որ հայերի սրտերը ամուր կերպով կապե Պարսկաստանի հետ և նրանց համակրությունը դեպի ռուսները սառեցնե։ Այսուամենայնիվ, ինչ էլ որ լինեին նրա քաղաքական նպատակները, բայց դարձյալ նրա համակրությունը դեպի հայերը բոլորովին անկեղծ էր։

Աբաս-Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ՝ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով։

Մենք կվեր առնենք Աբաս-Միրզայի մոտ գտնված հայ ծառայողների մի անձնավորություն միայն, որի գործունեությունը մեր պատմության հետ կապ ունի և գուցե դա լինի այն երկու հայերից մեկը, որ հիշում է իշխան Մադաթովի ռուս կենսագրողը։ Այդ քաջը կոչվում էր Բայինդուրյան կամ Բահաթուրյան Ասրի-բեկ։

Մեր պատմության մեջ աշխատել ենք փոքր-ինչ ընդարձակ տեղ տալ ոչ թե նշանավոր տոհմական ազնվականներին, այլ ժողովրդի ստորին ծալքերից հայտնված, ժողովրդի զորությունը և ոգին արտահայտող հերոսներին, որպես էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) Թյուլի-Արզումանը, Չալաղան յուզբաշին, Մելիք-Վանին և դրանց նմանները։ Այդ տեսակ անձնավորություններից մեկն էր Բայինդուրյան Ասրի-բեկը, որը թողնելով Աբաս-Միրզայի ծառայությունը, եկավ իշխան Մադաթովի մոտ և նրա հետ մեծ քաշություններ գործեց։

Ասրի-բեկի նախապապը՝ Բայինդուրը, կամ որպես պարսիկները կոչում էին Բահաթուրը, դեռ շահ սուլթանի Հուսեինի թագավորության ժամանակ Սյունյաց աշխարհից գնաց Պարսկաստան և պարսից ծառայության մեջ մտնելով, շահի քաջ և նշանավոր զորավարներից մեկը դարձավ։ Հետո Պարսկաստանից զզվելով, եկավ Վրաստան, այստեղ միացավ Դավիթ Բեկի հետ և, գնալով իր հայրենիքը, Սյունյաց ապստամբության պարագլուխներից մեկը դարձավ։ Դա մեր «Դավիթ Բեկ» վեպի հերոսներից մեկը՝ Բայինդուր իշխանն է, որը իրան միշտ պարսից թագավորի «բաթման ղլիճ» է կոչում։

Այդ Բայինդուրի թոռներից մեկն էր Ասրի-բեկը։ Նրա պապի քաջագործությունները ավանդությամբ մնացել էին այդ տոհմի մեջ, և Ասրի-բեկը դեռ պատանեկության հասակում, հրապուրվելով իր պապի հիշատակներով, թողեց Ղարաբաղը, գնաց Պարսկաստան իր բախտը փորձելու։ Համարձակ, վայելչահասակ պատանուն հաջողվեցավ մի ձիարշավի ժամանակ Աբաս-Միիզայի ուշադրությունը դարձնել իր վրա և մտավ պարսից թագաժառանգի ադյուտանտների խումբի մեջ։ Հետո զանազան դժվարին դեպքերում իր ցույց տված, քաջություններով նա ավելի և ավելի շնորհ գտավ Աբաս-Միրզայի մոտ։

Ղարաբաղի արշավանքի ժամանակ Ասրի-բեկը գտնվում էր թագաժառանգի թիկնապահների խումբի մեջ։ Այդ միջոցին Աբաս-Միրզան հանձնեց նրան մի վտանգավոր ծառայություն, որը իր ամենամտերիմ պաշտոնյաներին միայն կարող էր հավատալ։ Անդրկովկասյան մահմեդականներին ռուսների դեմ ապստամբեցնելու համար Աբաս-Միրզան գրել էր շրջաբերական թղթեր զանազան խաների, բեկերի և ազդեցություն ունեցող անձինքների անուններով. այդ թղթերը հանձնեց ճարպիկ Ասրի-բեկին տեղ հասցնելու համար։ Նա մի ընդարձակ շրջան պիտի գործեր Թալիշի, Բաքվի, Դերբենդի, Շիրվանի և Շաքիի գավառներով, իսկ հետո պիտի անցկենար դեպի Դաղստանի կողմերը։ Բայց Ասրի-բեկը, քրիստոնյա ռուսների շահերը գերադասելով պարսիկների շահերից, դավաճանեց իր տիրոջը։ Նա, Աբաս-Միրզայի թղթերը փոխանակ իրանց նշանակած տեղը հասցնելու, ուղղակի դիմեց Գանձակ և բոլորը հանձնեց իշխան Մադաթովին։ Թե որ աստիճան ծանրակշիռ նշանակություն ուներ ռուսների համար մի այդպիսի մատնությունը պատերազմի ժամանակ ինքնըստինքյան հասկանալի է։ Թողյալ այդ, որպես Աբաս-Միրզայի մերձավորներից մեկը, Ասրի-բեկին հայտնի էին պարսից բանակի բոլոր գաղտնիքները, նրանց թույլ և զորավոր կողմերը, թագաժառանգի դիտավորությունները և այլն, այդ բոլորը հաղորդեց նա իշխան Մադաթովին այն ժամանակ, երբ պարսից զորքերը գտնվում էին Գանձակից 7 վերստ հեռավորության վրա, իսկ գեներալ Պասկևիչը և իշխան Մադաթովը Գանձակում նստած, ամենևին տեղեկություն չունեին։

Թե որպես վերջացավ Գանձակի մոտի կռիվը, մեր ընթերցողներին հայտնի է։ Այդ հաղթությամբ իշխան Մադաթովը և գեներալ Պասկևիչը ազատեցին ամբողջ Անդրկովկասը։

Իշխան Մադաթովը մեծ խոստմունքներով ընդունեց Ասրի-բեկին իր թիկնապահների խումբի մեջ։ Պարսից թագաժառանգի սիրելին դարձավ նրա ձեռքում մի լավ գործիք։

XLVI

Պարսիկներին մշտական սարսափի մեջ պահելու համար հարկավոր համարվեցավ նրանց մի սաստիկ հարված տալ նույնիսկ պարսկական հողի վրա։ Այդ նպատակով 26 թվի դեկտեմբերի սկզբներում իշխան Մադաթովը ստացավ գեներալ Երմոլովից գաղտնի հրահանգ մի արշավանք գործելու դեպի Երասխի մյուս կողմը։

Ձմեռային արշավանքը մի անծանոթ և լավ ճանապարհներից զուրկ երկրում, սաստիկ պիտի դժվարացներ իշխան Մադաթովին ցանկացած հաջողությունը գտնել, եթե նա չունենար իր հետ մի այնպիսի ճարպիկ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։ Այդ երիտասարդը, երկար ժամանակ Պարսկաստանում մնալով, ծանոթ էր պարսից թե երկրի և թե բնակիչների բոլոր դրությունների հետ։

Իշխանը ուներ իր հետ 42-րդ եգերյան զորագնդից մի բատալիոն միայն, նրա մնացած զորքը բաղկացած էր Ղարաբաղի հայ հետևակներից և ձիավորներից։ Դեկտեմբերի 28-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ, որը այդ կողմից միակ անցքն է Երասխ գետից։ Այստեղ միացավ նրա հետ պոլկովնիկ Մեսչենկոն իր զորքերով։ Բայց կամուրջից անցկենալ անհնարին էր, պարսիկները նրա կամարներից մի քանիսը խորտակել էին։ Չնայելով սաստիկ ցրտին, զորքը անցավ գետի միջով, ուր ջուրը հասնում էր մինչև նրանց թիկունքը։

Պարսից հողի վրա նրանց ոչ ոք չհանդիպեց և Դիլայուրտի ձորամիջով սկսեցին առաջ գնալ դեպի Սամբուր գետը։ Տարվա այդ ժամանակ, այդ կողմերում, իրանց անասունների հետ, գետնափոր ձմեռանոցներում բնակվում էին զանազան խաշնարած ցեղեր, որպիսիներն էին շահսևանները, շաղազիները, աջալիբցիները և այլն։ Դրանք երբեմն ասպատակություններ էին գործում Ղարաբաղի և ռուսաց նոր գրաված մյուս գավառների վրա և ավարառություններ էին անում։ Իշխան Մադաթովի առաջին գործը եղավ պատժել դրանց, ասիացի ավազակների հետ վարվելով ասիական կերպով։ Հարձակվեցավ նրանց ձմեռանոցների վրա, հափշտակեց մինչև 20 000 ոչխար, բազմաթիվ ուղտեր, ձիաներ, տավարներ և այլ իրեղեններ։

Մտնելով Միշկինի գավառը, և օգուտ քաղելով տեղային շահսևանների միամտությունից, իշխանը լուր տարածեց, թե կամենում է այնտեղից անցնել դիպի Թալիշի խանությունը։ Շահսևանները հավատալով, հոժարվեցան նրան ճանապարհ տալ իրանց երկրի միջով։ Բայց իշխանը, փոխանակ դեպի Թալիշի խանությունը գնալու, հարձակվեցավ խաղաղ շահսևանների ձմեռանոցների վրա և, բարբարոսական կոտորածներից հետո, հափշտակեց նրանցից 2 000 ուղտեր, 10 000 կովեր և եզներ, 60 000 ոչխարներ։

Դեպի ամեն կողմ սարսափ տարածելով, հետո մտավ նա Միշկինի գավառաքաղաքը՝ Լորի, ուր ներկայացավ նրան տեղային կառավարիչ խանը, խնդրելով խնայել իրանց։ Այստեղ նա երդում ընդունեց մահմեդականների ներկայացուցիչներից, որ հավատարիմ մնան ռուսաց կայսրին, թեև սրի ուժով առած երդումը մի առանձին նշանակություն չուներ։

Թողնելով Լորիի մեջ մի բատալիոն հետևակ և 600 կազակներ, իշխանը մնացած զորքերով սկսեց դիմել դեպի Ահար, որը Ղարադաղի գլխավոր քաղաքն է։ Ճանապարհին, Նասիր-Աբադ գյուղում, նրա առաջ եկան Ղարադաղի խանի պատգամավորները և հայտնեցին իրանց հնազանդությունը։ Այստեղ հանդիպեցին նրան Ղատադաղի հայոց քահանաները իրանց մելիքների և տանուտերների հետ, որոնք նույնպես հպատակություն հայտնեցին։ Իշխանը պահեց նրանց իր մոտ և հունվարի 6-ին թնդանոթների որոտմունքով միասին կատարեցին սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը։ Բայց հայերը այդ համակրության համար սաստիկ պատժվեցան, երբ ռուսաց զորքերը թողեցին պարսից հողերը։

Հունվարի 7-ին իշխանը գտնվում էր Ղարադաղի գլխավոր քաղաքի՝ Ահարի մոտ. 17 վերստ հեռավորության վրա հանդիպեցին նրան քաղաքի ավագները, հայտնելով իրանց հնազանդությունը։ Ահարից նա առաջ չգնաց և նույն ամսի 9-ին կրկին վերադարձավ դեպի Ղարաբաղ։

Այդ արշավանքը կատարվեցավ, որպես վերևում հիշեցինք, տարվա ամենացուրտ և վտանգավոր ժամանակում։ Ռուսաց զորքերը մեծ արգելքների և անհաջողությունների պիտի հանդիպեին, եթե չունենային մի այնպիսի ճարպիկ և քաջ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։

Այդ արշավանքը այն օգուտը ունեցավ, որ իշխանը տարածեց սարսափ բոլոր սահմանակից ցեղերի վրա, բացի դրանից, ծանոթացավ Պարսկաստանի ներքին դրության հետ և իր հավաքած տեղեկությունները հաղորդեց կոմս Դիբիչին, որը այդ ժամանակ գտնվում էր Թիֆլիսում։ Արշավանքը ունեցավ և նյութական օգուտ. նա բերեց իր հետ ահագին ավար և կողոպուտ։ Իր ավարի մի մասը բաժանեց նա հայոց կամավորներին, որոնց ռուսաց կառավարությունից ոչինչ չէին ստանում, իսկ մնացած մասը թողեց ռուսաց զորքերի վայելման համար։ 2 000 ուղտերը գործ էին ածում նոր բորբոքված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ծանրություններ տեղափոխելու։

Ռուս-պարսկական նոր պատերազմը սկսվեցավ 1827 թվի գարունքին։ Դեռ մարտի 17-ին գեներալ Երմոլովը հանձնեց իշխան Մադաթովին մի առանձին զորաբաժնի հրամանատարությունը և հրամայեց պատրաստ լինել գարնանային արշավանքին մասնակցելու համար։ Նրան պատվիրված էր իր զորքերի պակասը լրացնել Ղարաբաղի կամավորներով։ Այդ պատվերը արագությամբ կատարեց նա և կամավորների մեջ հայերը մեծամասնություն էին կազմում։

Դեռ իրան խոստացված զորքերի մի մասը չհասած, իշխան Մադաթովը իր կամավորներով և ձեռքի տակ գտնված փոքրաթիվ պատրաստի զորքերով առաջինը եղավ, որ սկսեց հարձակողական գործողություններ դեպի Պարսկաստան։ Ապրիլի 18-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ։ Այս անգամ գտավ կամուրջը բոլորովին ոչնչացրած պարսիկներից. կամարների սյուներն էին մնացել միայն։ Գարնանային հեղեղների հորդության պատճառով գետի միջով անցնել անկարելի էր։ Թվով 5 000 պարսիկներ կանգնած էին գետի ափի մոտ։ Նրանց գնդակների տարափի տակ իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ Հենց առաջին օրում նրան հաջողվեցավ ցրվել պարսից զորքերը և ոտք դնել պարսից հողի վրա Երասխի աջ կողմում։ Բայց այնտեղից առաջ գնալ չկարողացավ նա, հենց այստեղ վերջացավ նրա մասնակցությունը 27 թվականի ռուս-պարսկական պատերազմին։

Ապրիլի 22-ին հանկարծ հրաման ստացավ նա գեներալ Պասկևիչից, որ իր հրամանատարությանը հանձնված զորաբաժինը հանձնե գեներալ-մայոր Պանկրատևին։

Տխուր, սրտաբեկ կերպով վերադարձավ իշխանը Ղարաբաղ։ Այստեղ կանգ չառեց նա, և մինչև անգամ առանց իր կալվածները տեսնելու, հեռվից վերջին անգամ հայացք ձգելով իր հայրենիքի, իր ծննդյան տեղի վրա, հեռացավ, գնաց Թիֆլիս։

Թե ի՞նչ էր իշխան Մադաթովին այսպես անակնկալ կերպով հետ կանչելու պատճառը, այդ հարցը բացատրվում է միայն զանազան ենթադրություններով և զանազան տարակուսանքներով, որոնք ստուգության կարոտ են։ Այսքանը կասենք, որ նա ամբողջ հինգ ամիս մնաց Թիֆլիսում կատարյալ անգործության մեջ, մինչև վերջապես իրավունք ստացավ գնալ Ս. Պետերբուրգ։

Դեռ ռուս-պարսկական պատերազմը բոլորովին վերջացած չէր, երբ 1828 թ. ապրիլի 14-ին հրատարակվեցավ ռուս-թուրքական պատերազմը։ Իշխան Մադաթովը նշանակվեցավ առանձին զորաբաժնի հրամանատար և Դունայի կողմից գնաց թուրքերի հետ կռվելու։ Այդ արշավանքի մեջ ևս, որպես կարելի էր սպասել նրանից, ամեն կռիվների մեջ հանդիսացավ փառավոր հաղթություններով։ Բայց դեռ պատերազմի վախճանին չհասած, հիվանդացավ և նայն տարվա սեպտեմբերի 4-ին վախճանվեցավ իր բանակի մեջ, Շումլայի պարիսպների մոտ, թշնամու երկրի վրա։ Նրա մարմինը հանդիսավոր կերպով տարվեցավ նույն բերդը, թաղվեցավ սուրբ Գեորգ զորավորի եկեղեցու գավթում։ Նրա թաղման հանդիսին ներկա էին մինչև անգամ նրա թշնամիները, թուրք օֆիցերները և բազմաթիվ մահմեդականներ, որոնց նա շատ անգամ ռմբակոծել էր։

«Ճակատագրով վիճակված էր իշխանին հանդիպել իր խաղաղ վախճանին թշնամու երկրի վրա, որը վկա էր եղել նրա հաղթություններին նրա երիտասարդական հասակում, որը տեսել էր նրա փառավոր գործերը նրա այրական հասակում։ Նրա մարտակիցների անկեղծ տրտմությունը և հաղթված թշնամիների խորին հարգանքը հուղարկավորում էին նրան դեպի գերեզման։

Դա խիստ փաղաքշական է. այդ է պարգևը կյանքի աշխատանքների և կռիվների։

Մի հայացք ձգելով նրա անցած ճանապարհի վրա, նրա գործերի, բնավորության և նրա թողած հիշատակների վրա, համարձակ կարելի է հայտնել հետևյալ կարծիքը նրա մասին, թե բնությունը ստեղծել էր նրան միայն պատերազմող լինելու համար։ Չնայելով կրթության պակասությանը, բայց բնականից ունենալով անհամեմատ լուսավոր խելք և հասկացողություն, ունենալով բնավորության զորություն և հաստատամտություն, նա իր պարզ և սուր ըմբռնողությամբ փոխարինում էր այն հմտությունները, որոնց ուրիշները հազիվ կարողանում են ստանալ արհեստի և գիտության շնորհիվ։ Հայացքների ճշտությունը երբեք չէր սխալեցնում նրան, ոչ պատերազմական դիրքեր ընտրելու ժամանակ և ոչ թշնամու ուժերը և դիրքերը հետազոտելու ժամանակ։ Նրա կշռադատության ձիրքը երբեմն զարմացնում էր մինչև անգամ նրանց, որոնք ճանաչում էին նրան։ Բավական էր հարևանցիորեն հայացք ձգել մի որևիցե անծանոթ երկրի վրա, նա արդեն կատարյալ հասկացողություն կստանար նրա տեղագրական դրության մասին։ Մի քանի անգամ հանդիպելով իր նոր ախոյանին, նա արդեն կչափեր նրա ուժերը։ Երբեք չէր սխալվում նա, երբ նշանակում էր այն կետերը, թե որտեղ պետք է ընդդիմադրել թշնամուն կամ որտեղ պետք էր հարվածել նրան։ Երբ հասնում էր հարձակման վճռական րոպեն, որը նա միշտ սկզբից նախագուշակում էր, գտնում էր նրան միշտ պատրաստ։

Բայց հայացքների և ըմբռնողության ճշտությունը, խելքի և հասկացողության խորությունը գտնվում են շատ զորավարների մեջ և մնում են ապարդյուն։ Նրանք բավական են մի խորհրդատուի համար, բայց բավական չեն մի զինվորական առաջնորդի համար։ Մադաթովը միացնում էր դրանց հետ և ուրիշ ամենանշանավոր հատկություններ, անձնական քաջություն, որը չէր վհատում ոչ մի վտանգի առջև, սառցային սառնասրտություն, որը չէր վրդովվում ոչ մի անակնկալ դեպքի ժամանակ, և այն, որ ամենից հազվագյուտն է, դա էր նրա բարոյական արիությունը, որը չէ վախենում ոչ մի պատասխանատվությունից։ Վճռելու մեջ խիստ համարձակ էր նա, իսկ իր դիտավորությունները կատարելու մեջ չափազանց շուտափույթ։ Այդ արագությունը, որը մեծ զորություն է պատերազմի գործի մեջ, որը նրա պաշտած հանճարների՝ Նապոլեոնի և Սուվորովի գլխավոր հատկանիշն էր, էր միևնույն ժամանակ հաստատ երաշխավորություն իշխան Մադաթովի բոլոր ձեռնարկությունների հաջողությանը։

Այդ եզրակացությունները ակամայից ներկայանում են մեր մտքում, երբ քննում ենք իշխան Մադաթովի մշտական հաջողությունները անհամեմատ գերազանց ուժերի դեմ, երբ տեսնում ենք այն նշանավոր հետևանքները, որոնց հասնում էր նա խիստ սահմանափակ միջոցներով, և երբ ի նկատի ենք առնում այն անհամեմատ փոքր կորուստը, որ կրում էին նրա զորքերը ամենափառավոր հաղթությունների մեջ։ Երիտասարդական հասակում իր ուրախ բնավորությամբ գրավեց նա իր ընկերների սերը, իր ստորադրյալների հետ սրտաբաց էր նա, խիստ սաստիկ կարգապահություն պահպանելով հանդերձ, սիրում էր նա իր զինվորներին, միշտ ուներ նրանց մասին ջերմ հոգատարություն, բորբոքում էր նրանց ոգին, իր վարմունքով բարձրացնում էր նրանց բարոյական զորությունը և դրանով ներշնչում էր իր և նրանց մեջ այն փոխադարձ հավատարմությունը, որը տանում է դեպի քաջագործություններ։ Բախտավոր գտնվելով իր բոլոր ձեռնարկությունների մեջ, նա հավատում էր իր բախտին, որը երբեք չէր դավաճանում նրան։ Այդ հավատը դեպի իր աստղը շատ անգամ նկատվել է մեծ զորավարների մեջ։ Հարևանցիորեն դատողները ծաղրում են այդ հավատը, իսկ ավելի խոր քննողները հարգում են նրան, որովհետև նրա մեջ միանում են մարդու թե ճշմարիտ զորությունը և թե զորության զգացմունքը։ Ավելացնում ենք, որ նա հավատում էր ռուսաց զինվորի ոգուն և նրա համակրությանը դեպի իր գլխավորը, և այդ պատճառով նրա հրամանատարության ներքո զորքը առաջ էր գնում ուրախությամբ, ասելով. «Մենք գիտենք, որ նրա հետ ոչ մի մարդ իզուր չի կորչի»։ Սկսած կապիտանի աստիճանից՝ իշխան Մադաթովը իր քաջությամբ միայն ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա։ Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ։

Նա ապրեց և մեռավ որպես հայրենիքի հավատարիմ որդի, իր անձնազոհությամբ միշտ նվիրված մնաց իր Թագավորին, մշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար»։

Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանին մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ...

Իշխան Մադաթովը ուղղակի ժառանգ չթողեց։ Մահից հետո նրա իշխանուհի տիկինը եկավ Ղարաբաղ, որ հանգուցյալի ընդարձակ կալվածները բաժանե նրա հեռավոր և մերձավոր ազգականների մեջ, և ինքն էլ իր մասը ստանա։ Բայց ժառանգների և տիկնոջ մեջ անհամաձայնություններ ծագեցան, այդ պատճառով տիկինը վշտացած գնաց Ս. Պետերբուրգ և բոլոր 15 գյուղերը տվեց արքունի գանձարանին, ստացավ մի նշանավոր գումար։ Ժառանգները մնացին առանց բավականություն ստանալու։

27 թվի ռուս-պարսկական պատերազմը վերջացավ հօգուտ Ռուսաստանի. Երասխ գետը նշանակվեցավ սահմանագիծ երկու պետությունների մեջ. և այդ գետի ձախ կողմում գտնված բոլոր պարսկական խանությունները մտան ռուսաց տիրապետության ներքո։

Ռուսաստանը դրեց Պարսկաստանի վրա պատերազմական տուգանք, և որ ամենագլխավորն էր, 40 000 հայեր Պարսկաստանից գաղթեցրեց և բնակեցրեց իր նոր գրաված երկրների վրա։

Որպես պարսից խաների, այնպես էլ հայոց մելիքների իշխանությունը վերջացավ։ Այնուհետև հայոց մելիքների ժառանգները այլևս ուրիշ բանի վրա չէին մտածում, աշխատում էին միայն մտնել ռուսաց ծառայությունների մեջ, աստիճան և շքանշաններ ստանալու համար։ Այդ փառասիրական ձգտումները անգիտակցաբար այն օգուտը ունեցավ, որ մելիքների ժառանգները, ռուսաց ծառայության մեջ գտնվելով և ռուսաց օրենքների ու ազդեցության տեր անձինքների հետ ծանոթանալով, կարողացան ձեռք քերել իրանց հայրենական կալվածների մի մասը։

Բայց մի հարց կմնա անվճիռ, թե ինչո՞ւ հայոց տիրապետող մելիքների ժառանգներն ընդունվեցան իբրև տոհմական ազնվականներ և ոչ իբրև իշխանազներ, քանի որ Խամսայի հինգ մելիքությունները կազմող տները իսկապես իշխանական ծագումից էին։

ՎԵՐՋԱԲԱՆ

Խամսայի մելիքությունների պատմությունը վերջացավ։ Երբ այդ պատմությունը մաս-մաս լույս էր տեսնում «Մշակի» համարների մեջ, ամեն անգամ, երբ հանդիպում էի ծանոթներիս, նրանը առաջին խոսքը լինում էր՝ «լավ է...», իսկ հետո մի հարց՝ «ո՞րտեղից եք առել այդ տեղեկությունները...»։

Այդ հարցի մեջ, որ ստեպ առաջարկում էին ինձ, նշմարվում էր մի տեսակ կասկած, մի տեսակ անվստահություն... Բարեկամներիցս մի քանիսը մինչև անգամ նկատեցին ինձ. «Մի՞թե մենք ունեցել ենք Ղարաբաղում այսպիսի իշխանություններ, եթե կային, ինչո՞ւ մենք չգիտեինք...»։

Այդ մարդիկը, որոնք Վանի բևեռագրների վրա դատողություններ են անում, որոնք ցջրհեղեղյան անցքերի վրա են խոսում, զարմանալի է, որ իրանց քթի տակ, մեզանից կես դար առաջ կատարված իրողությունների վրա նայում են իբրև առասպել, իբրև ֆանտազիայի ծնունդ։

Իմ ընթերցողների կասկածը փարատելու համար ես հարկավոր եմ համարում ցույց տալ այն աղբյուրները, որոնցից քաղել եմ իմ պատմությունը։

Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարհորդությունը դեպի Սյունյաց աշխարհը, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված, որի մեջ բացատրում էի իմ ճանապարհորդության նպատակը, այն է՝ հավաքել Ղարաբաղի մելիքների պատմության համար թե գրավոր և թե բերանացի տեղեկություններ և հրավիրում էի ձեռնահաս անձինքներին օգնել ինձ իմ ձեռնարկության մեջ, եթե գտնվում էին նրանց մոտ որևիցե պատմական նյութեր։

Որպես մեր ամեն այդ տեսակ հրավերքները մնում են ապարդյուն, իմ հրավերքը ևս մի առանձին հետևանքի չհասավ։ Ինձ մնում էր անձամբ գնալ Ղարաբաղ, մտնել ամբոխի մեջ և դիմել այն հարուստ պատմական աղբյուրին, որը դեռևս թարմ կերպով պահպանված է ժողովրդական ավանդությունների մեջ։

Ես անցա Ղարաբաղի հինգ գավառները, որ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունների իշխանության տեղերը։

Գանձակից գնացի Գյուլիստանի գավառը։ Այստեղ են Մելիք-Բեգլարյանների կալվածները. այստեղ տիրում էին նրանց նախնիքը։ Ղարա-Չինար գյուղում, մի ամբողջ շաբաթ մնալով Մելիք-Բեգլարյան Սերգեյ-բեկ և Ալեքսան-բեկ եղբայրների տանը, տեղային ծերունիները գնում ու գալիս էին ինձ մոտ, ոգևորված պատմում էին իրանց երկրի մելիքների պատմությունը։ Ես գրում էի։ Հետո սկսեցի ճանապարհորդել Գյուլիստանի զանազան տեղերը, այլևայլ հիշատակարաններ քննելու համար։ Տեսա Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատունը Հոռիկի վանքի մոտ, մի ամայի, անմարդաբնակ տեղում, մթին անտառի մեջ, և դարերով աճած թուփերի, մացառների մեջ գտա այդ տոհմի հերոսների մոռացված շիրիմները։ Մեծ դժվարությամբ հաջողվեցավ ինձ կարդալ մամռապատ տապանաքարերի արձանագրությունները, որոնք ժամանակագրական և տոհմագրական կողմից պատմության համար նշանակություն ունեին։ Հենց նույն վանքի մոտ դեռ կանգնած է մի հոյակապ, սյունազարդ ամրոց, բարձր աշտարակներով, բազմաթիվ սենյակներով, որոնց մեջ մի ժամանակ բնակվում էին Մելիք-Բեգլարյանների նախնիքը։ Տեսա և Գյուլիստանի ահռելի բերդը, որ իր կիսավեր դրության մեջ դարձյալ հրաշալի է։ Գյուղը պտտելով, քննում էի եկեղեցիներում կամ մասնավոր անձինքների մոտ գտնված գրչագիր մատյանների հիշատակարանները, քննում էի եկեղեցիների կամ վանքերի պատերի վրա գտնված արձանագրությունները։ Գանձասարի վանքի պատի վրա մի ընդարձակ արձանագրություն նվիրված է Մելիք-Բեգլարյանների հիշատակին։

Գյուլիստանից անցա Ջրաբերդի գավառը։ Այստեղ հավաքեցի այն ավանդությունները, որ պահպանված էին Մելիք-Իսրայելյանների մասին։ Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր ավետարան, արծաթե կազմով, որի հիշատակարանի մեջ արձանագրված էր Մելիք-Իսրայելյանների տոհմագրությունը։ Թարթար գետի հակառակ ընթացքով դեպի վեր բարձրանալով, ամեն քայլում հանդիպում էին Մելիք-Իսրայելյանների հիշատակարանները։ Ես այցելություն գործեցի Եղիշե առաքյալի ամայի վանքին, որ գտնվում է բոլորովին կուսական անտառների խորքում, սարսափելի լեռների բարձրավանդակի վրա։ Դա վանք չէ, այլ վանքերի մի խումբ է։ Ավելի քան ութն տաճարներ կանգնած են միմյանց մոտ, այնքան մերձ, որ մի մարդ հազիվ կարող է նրանց մեջտեղից անցնել։ Այդ տաճարներից մեկի մեջ դրած է Վաչական թագավորի գերեզմանը, իսկ նրա դռան հանդեպ գտա Ջրաբերդի հզոր տիրապետողի՝ Մելիք-Աթամ մեծի փառավոր շիրիմը։ Այդ վանքում տեսա այն աշտարակը, որի մեջ բնակվում էր իմ պատմության հերոսներից մեկը՝ երևելի Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը)։ Աշտարակի վերին հարկի միջից այժմ աճել է մի ահագին կաղնի ձառ։ Մատաղիս գյուղից ինձ հետ վեր առած ուղեցույցը, որը այն ահռելի լեռների և անտառների համարձակ որսորդներից մեկն էր, առանց լռելու պատմում էր ինձ Դալի-Մահրասայի գործերը։ Վարդապետ-հերոսի քաջագործությունները արձագանք էին գտել երիտասարդի տպավորվող սրտում։

Եղիշե առաքյալի վանքից անցա Երիցմանկանց վանքը։ Այդ վանքի մոտ գտնվում է Ջրաբերդ կոչված հռչակավոր ամրոցը, որ և կոչվում է Ջերմուկի բերդ։ Այդ բերդի միջից վտանգի ժամանակ կռվում էին Մելիք-Իսրայելյանները։ Երիցմանկանց վանքում մնացի մի օր։ Ծերունի Տոնի-ապերը, միակ միաբանը այն վանքի, որի մեջ մի ժամանակ կաթողիկոսներ էին նստում, ամբողջ գիշերը պատմում էր ինձ Չալաղան յուզբաշու և Մելիք-Իսրայելյանների տոհմի զանազան ներկայացուցիչների մասին և զարմանում էր, որ նրա պատմածներին այնքան նշանակություն էին տալիս, որ գրի էին առնում։

Երիցմանկանց վանքից ոչ այնքան հեռու, Թարթար գետի աջ ափերի մոտ, մի անտառապատ ձորի մեջ, գտնվում են ավերակները մի հին քաղաքի, որի տեղը մինչև այսօր կոչվում է «Մայրաքաղաք» կամ «Քղաքատեղ»։ Այստեղ տեսա Մելիք-Աթամ մեծի կիսավեր պալատը, որ իր փոշիների մեջ դարձյալ հրաշալի է։ Իսկ Նոր Մոխրաթաղ գյուղի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ տեսա Մելիք-Աթամի մեծ ամրոցը, որ բոլորովին ամբողջությամբ մնացած է։ Դռների ճակատների վրա կան երկար արձանագրություններ, որոնք պատմական նշանակություն ունեն։

Այստեղից ես հատկապես գնացի Մարդակերտ անունով գյուղը, մի մոտ հարյուրամյա ծերունի տեսնելու համար, որի մասին առաջուց լսած էի։ Նրան կոչում են Միրզա-Ասրի, հմուտ է հայերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուների գրագիտության մեջ. մի ժամանակ թարգմանի պաշտոն է կատարել Շուշի բերդի վերջին իշխողների՝ Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մոտ, իսկ մի ժամանակ ծառայել է նույն բերդում գտնված գերմանացի միսիոնարների մոտ։ Այդ կենդանի պատմագրությունը երկու ամբողջ օր ինձ գրել էր տալիս Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների անցքերը, որոնք նրա հիշողության մեջ խիստ անմոռաց կերպով պահպանված էին։ Զառամյալ ծերունին երեխայի նման ուրախանում էր, որ վերջապես գտնվեցավ մի մարդ, որին հաղորդեց իր սրտի մոտ եղած տեղեկությունները։ Ինքը գրելու անընդունակ էր դարձել. աչքերը չէին տեսնում, իսկ ձեռքերը դողում էին։ Նա տվեց ինձ մի հնամաշ տետրակ (թերթերից պակաս), որի մեջ կային զանազան ժամանակագրական նկատողություններ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին։ Մարդակերտից անցնելով Կսապատ գյուղը, այստեղ տեղեկություններ հավաքեցի Աթաբեկյանների մասին։ Հետո գնացի Գյուլ-Յաթաղ բերդը, որ պատկանում էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Այստեղ տեսա Մելիք-Ռուստամի ամրոցը, տեսա նրանց տոհմային գերեզմանատունը։ Մի քանի օր մնալով Բժիշկ Աղասարյանցի տանը, ինձ հաջողվեցավ բավական նյութեր հավաքել Մելիք-Ալլահվերդյանների պատմության համար։

Այստեղից գնացի Խաչեն՝ Հասան-Ջալալյան իշխանների դարևոր բնակավայրը։ Տեսա Գանձասարի հռչակավոր վանքը՝ Աղվանից կաթողիկոսների վեհարանը, որը վերջին ժամանակներում դարձավ Ղարաբաղի մելիքների գաղտնի ժողովների խորհրդարանը։ Գանձասարի վանքի տաճարի մեջ և նրա շուրջը գտնված գերեզմանատներում ես քննեցի Հասան-Ջալալյան կաթողիկոսների և մելիքների շիրիմները։

Գանձասարի վանքի գյուղում, Վախթանգ-բեկ Հասան-Ջալալյանի տանը գտա մի հնամաշ տետրակ (սկզբի թերթերից պակաս)։ Դա սկսած, բայց չավարտած մի պատմության սևագրությունն է՝ գրված Բաղդասար միտրոպոլիտի ձեռքով, գլխավորապես Հասան-Ջալալյանների տոհմի վերաբերությամբ։ Առաջին մասը այնքան հետաքրքիր չէ, որովհետև քաղած է մեզ արդեն հայտնի Կաղանկատվացիի և Կիրակոս Գանձակեցու գրքերից։ Իսկ վերջին մասը բովանդակում է իր մեջ հետաքրքիր տեղեկություններ Ղարաբաղի մելիքների, Պետրոս Մեծի և վրաց Վախթանգ իշխանի հետ ունեցած հարաբերությունների մասին, նրանց հարաբերությունների մասին Փանահ-խանի և Իբրահիմ-խանի հետ, վերջինիս կատարած բարբարոսությունները Հասան-Ջալալյան Հովհաննես կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների վերաբերությամբ. համառոտ կերպով նկարագրված է Ղարաբաղի մելիքների իրանց հպատակների հետ դեպի Վրաստան գաղթականությունը և այնտեղից վերադարձը և այլն։ Պատմությունը հասցրած է մինչև 1808 թվականը, այսինքն՝ մինչև այն ժամանակը, երբ Բաղդասար միտրոպոլիտը հայ գաղթականների հետ ինքը վերադարձավ Վրաստանից։ Տետրակի մեջ տեղ-տեղ ջնջված է և միևնույն գրչով հետո ուղղված է։ Լուսանցքների վրա ժամանակ առ ժամանակ հավելվածքներ են արել, գրիչը նույնն է, բայց մելանի գույները զանազանվում են։ Ինչպես հիշեցի, այդ տետրակը սևագրություն է միայն, ցանկալի կլիներ, եթե դրա ամբողջը և սրբագրվածը գտնվեր։ Հեղինակը անցքերի ժամանակակիցը լինելով, նրա գրվածը ավելի արժանահավատ պետք է համարել։

Խաչենում տեսա Հասան-Ջալալի բերդը, որ այժմ կոչվում է Թարխանա (Խոխանա) բերդ, տեսա այդ բերդի ստորոտում իշխանի պալատի ավերակները, որ կոչվում են «դարպասներ» տեսա հրաշալի Կաչաղակաբերդը, այցելություն գործեցի սուրբ Հակոբա վանքին, վերջապես տեսա մի պատմական ժողովուրդ, որ ճանաչում է այդ հիշատակարանները և հազարավոր բաներ է խոսում նրանց մասին։

Խաչեն գետի ընթացքով ցած իջնելով և թեքվելով դեպի Խնզիրստան գյուղը, տեղեկություններ հավաքեցի Մելիք-Միրզախանյանների մասին։ Այստեղ մնացի միայն մեկ օր, որովհետև սաստիկ վատ ընդունելություն գտա։ Ինձ առհասարակ չէր հաջողվում այն տեղերում, ուր գտնվում էին մելիքների ժառանգներ, և մանավանդ, երբ նրանց տոհմի պատմության մեջ կային արատավոր կետեր։ Մելիք-Միրզախանյանների պատմությունը շատ մաքուր չէ։

Այստեղից անցա Շուշի բերդը։ Իջևանելով տեղային առաջնորդարանում, ինձ հաջողվեցավ քննել հոգևոր կոնսիստորիայի արխիվը։ Ոչինչ չգտա։ Բոլոր հին դոկումենտները, որոնք կարող էին Ղարաբաղի պատմության վրա փոքրիշատե լույս ձգել, ինչպես ասում էին, զանազան ժամանակներում գողացել էին։ Այստեղ ես ծանոթացա ծերունի Հաթամի հետ, որը մի ժամանակ Բաղդասար միտրոպոլիտի կանցլերն է եղել։ Նա տվեց ինձ բավական մանրամասն և ընդարձակ տեղեկություններ Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների և խաների մասին։ Հարգելի ծերունին իր պատմությունները այնքան հաճախ անգամ կրկնել էր, որ «Հայր մեր»-ի նման անգիր սերտած ուներ։

Շուշիում Գրիգոր-բեկ Հասան-Ջալալյանը հանձնեց ինձ մի հարուստ հավաքածու զանազան ֆիրմանների, հրովարտակների, պաշտոնական թղթերի, որ շնորհված են եղել պարսից շահերից և օսմանցոց տիրապետողներից Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին։ Այդ հավաքածուի մեջ գտնվում է Հասան-Ջալալյան տոհմի ամբողջ ճյուղագրությունը ժամանակագրական կարգով. բացի դրանից, հավաքված են օրինակները այն արձանագրությունների, որ մնացել են քարերի վրա և որ վերաբերում են այդ տոհմին։ Հավաքածուն կազմել է Բաղդասար միտրոպոլիտը և յուրաքանչյուր թղթի թարգմանության տակ իր ձեռքով ստորագրել է «ուղիղ է ընդ նախագաղափարին»։ Թե որ աստիճան տիրապետում էր Բաղդասար միտրոպոլիտը պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին, որ կարողանար այդ լեզուներով գրված թղթերի թարգմանությունը համեմատել բնագրի հետ, այդ մեգ հայտնի չէ, միայն այսքանը կասենք, որ թարգմանությունը սաստիկ անպիտան է, մանավանդ աշխարհաբար թարգմանվածները. շատ տեղերում ոչինչ չէ հասկացվում։ Բաղդասար միտրոպոլիտը մեծ սխալ է գործել, որ պատմության համար այդ թանկագին հավաքածուի բնագրերի օրինակները չէ դրել թարգմանությունների հետ։

Շուշիում բավական տեղեկություններ հավաքելով այդ բերդի վաղեմի իշխողների՝ Փանահ-խանի, Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մասին, ես անցա Վարանդայի գավառը, Մելիք-Շանազարյանների տիրապետության երկիրը։ Երկու օր մնացի Չանախչի կամ Ավետարանոց բերդում, ուր բնակվում էին Մելիք-Շահնազարյանները, ուր մինչև այսօր տեսնվում են նրանց ամրոցների ավերակները, ուր դրած են այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչների շիրիմները։ Այստեղ ամեն մի ծերունի դեռևս չէ մոռացել, թե ինչե՞ր են կատարվել այդ բերդում, գիտե այդ բերդի իշխողների յուրաքանչյուրի կատարած գործը։

Ցույց տալու համար, թե մեր գավառներում ո՛րպիսի արգելքների և մինչև անգամ անախորժությունների կարող է հանդիպել մի ուղևոր, որ ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում, ես մեջ կբերեմ մի դեպք, որ տեղի ունեցավ Չանախչի բերդում։

Այստեղ գալու ժամանակ Շուշվա հոգևոր իշխանության հաջորդը ինձ տվել էր տեղային կոնսիստորիայի անդամ քահանաներից մեկին, իբրև առաջնորդ, որ ցանկացած տեղերը ման ածե ինձ և գյուղացիներին հասկացնե իմ ճանապարհորդության նպատակը։ Բացի դրանից, գերապատիվ հաջորդը ինձ պատիվ էր արել, տալով իր սեփական ձին նստելու համար։ (Հաջորդի ձին էլ մեծ նշանակություն ունի գյուղացիների աչքում)։ Չնայելով այդ բոլոր նախապատրաստություններին, Չանախչի բերդում հազիվ կարողացա ազատվել մի մեծ սկանդալից։ Հյուրասիրվելով տեղային քահանաներից մեկի տանը, խնդրեցի ինձ մոտ կանչել մի քանի ծերունիներ, որոնք կարողանային ինձ բաներ պատմել Մելիք-Շահնազարյանների մասին։ Շատերը ներկայացան։ Նրանք խոսում էին, ես հարկավոր համարած տեղեկությունները նշանակում էի իմ նկատողության գրքույկի մեջ։ Հանկարծ հայհոյանքներով ներս թափվեցան մի խումբ մարդիկ և պատմողներին բռնությամբ դուրս քաշեցին սենյակից, կամենում էին ծեծել նրանց։ Ես շվարած մնացի։ Ինձ հետ եկած քահանան հազիվ կարողացավ հանգստացնել նրանց։ Բանից դուրս եկավ, որ այդ մարդիկը Մելիք-Շահնազարյանների տոհմիցն էին և նրանց շատ հաճելի չէր, որ իրանց նախնիքների պատմությունը գրվեր։

Առհասարակ ժողովուրդը սաստիկ վախենում է գրչից. հենց որ նրա աչքի առջև մի բան գրում ես, նա սարսափում է։ Ինձ շատ անգամ առաջարկում էին այսպիսի հարցեր, «Աղա, դրանից խո մեզ վնաս չի՞ լինի...»։ Ի՞նչ անե խեղճ ժողովուրդը, նա ամեն գրությունների վրա նայում է պաշտոնական կետից։ Օրինակ, եթե մի գյուղատնտես, կամենալով ուսումնասիրել երկրի բեղմնավորության չափը, հարցնելու լինի գյուղացուց, թե քո ցանքը հարյուրին որքա՞ն արդյունք է բերում, նա իսկույն կսկսե ստել, մտածելով, թե կամենում են հարկերը ավելացնել։ Այսպես էլ, երբ կամենում ես հարցնել մելիքների տոհմին պատկանող այս և այն անձնավորության մասին, իսկույն սկսում են մտածել, չլինի՞ թե նոր քննություններ պիտի սարքեն, չլինի՞ թե հողերի, ազնվականության մասին էլի նոր բան կա... Այդ մարդիկը միշտ գործ են ունեցել ստորին պաշտոնյաների հետ, իսկ ուսումնասեր գիտնականը, պատմաբանը նրանց չի հանդիպել։

Վարանդայից անցա Տիզակի գավառը, գնացի Տող բերդը։ Այս բերդում իշխում էին Մելիք-Ավանյանները։ Տեսա նրանց տոհմային գերեզմանատունը, տեսա Մելիք-Եգանի կիսավեր պալատը, որի մեջ բնակվում է մի մահմեդական բեկ, որը այդ տոհմի կրոնափոխ եղած ժառանգներից մեկն է։

Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ։ Այդ աշխատության հեղինակն է Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցը։ Եթե մեր բոլոր վանքերի ծույլ, հացկատակ վարդապետները հետևեին Առաքել վարդապետի օրինակին և իրանց շրջապատող ժողովրդի ու պատմական տեղերի ավանդությունները հավաքելով գրեին, դրանով ավելի մեծ ծառայություն արած կլինեին մեր գրականությանը, քան թե իրանց աղոթքներով։

Առաքել վարդապետը, իրավ է, իր պատմության մեջ ժամանակագրական կարգ չէ պահպանել, նյութերը իրանց տեսակի համեմատ չէ դասավորել, և նրա աշխատությունը ավելի մի անկապ հավաքածու է, քան թե պատմություն, այսուամենայնիվ նրա գրքերը բովանդակում են իրանց մեջ թեև անմշակ, բայց բավական առատ նյութ պատմության համար։ Երկու հատորները բաղկացած են 75 ընդարձակ գլուխներից և 428 երեսներից։

Նրա նյութերի մեծ մասը կարող էր ծառայել հայոց Այսմավուրքին, քան թե պատմության, օրինակ, հանդիպում են դրանց նման շատ գլուխներ. «Պատմութիւն հրաշից ուրումն աղքատի», «Յաղագս մարդակերպ հարսնաքար անուանեալ վիմին», «Յաղագս հրաշագործ Ջուղալու խաչին», «Յաղագս ուրումն ագահ վաճառականի, թէ որպէս եղև այր կատարեալ ի ձեռն սատանայի» և այսպիսի գլուխների մեջ հանկարծ «Պատմութիւն Լանկ-թամուրայ» մի բոլորովին անհայտ կտոր Լանկ-Թեյմուրի արշավանքներից։

Առաքել վարդապետի երկու հատորների մեջ կան և այնպիսի գլուխներ, որ կարող են ծառայել իբրև աղբյուր Ղարաբաղի մելիքների պատմության համար։ Այդ տեսակ գլուխներից բավական ընդարձակ տեղ է բռնում Տիզակի Մելիք-Ավանյանների մանրամասն պատմությունը, սկսյալ Մելիք-Եգանից մինչև այդ տոհմի վերջին ժառանգները։ Հետո Վարանդայի Մելիք-Շահնաղար II պատմությունը, նրա հարաբերությունները Շուշի բերդի խաների հետ։ Աղա-Մամադ-խանի վերջին արշավանքը, նրա սպանվիլը Շուշի բերդում. Ղարաբաղի սովը և ժանտախտը Աղա-Մամադ-խանի արշավանքներից հետո, ժողովրդի ցրիվ գալը դեպի զանազան կողմեր։ Կան և այնպիսի գլուխներ, որ նվիրված են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին դեպի Ղարաբաղի կողմերը. դրանց մեջ հետաքրքիր են՝ իշխան Մադաթովի ճակատամարտը Շամքոր գետի և Գանձակի բերդի մոտ, գեներալ Կոտլարևսկու Լենքորանի և Սալանդուզի կռիվները. իշխան Ցիցիանովի արշավանքները, այդ բոլորը թեև իրանց բովանդակության կողմից շատ հետաքրքիր են, բայց ժամանակագրական կարգով դասավորված չեն։ Գրքերի մեջ պատահում են զանազան հին ձեռագրներից արտադրած հիշատակարաններ, նշանավոր անձինքների շիրիմների տապանագրեր, Ղարաբաղի այլևայլ վայրերի մասին ժողովրդի մեջ մնացած ավանդություններ և այլն։ Իսկ որ ամենից հետաքրքիրն է, դա է մի ժամանակագրական ցուցակ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին, սկսյալ 1721 թվականից մինչև 1813 թվականը։ Այդ ժամանակագրությունը, հեղինակի ասելով, դուրս է բերել նա մի ձեռագիր Մաշտոցից, որը գրված է եղել տեր-Գասպար քահանայի ձեռքով։

Ինձ հետ առնելով Առաքել վարդապետի գրքերը, հեռացա Տող բերդից, մի օր այնտեղ մնալուց հետո։ Այստեղից գնացի Ամարասա վանքը, իսկ հետո վերադարձա կրկին Շուշի բերդը։

Եվ այսպես ես անցա Ղարաբաղի բոլոր հինգ գավառները Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ, որոնք մի ժամանակ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունները։ Այդ ճանապարհորդությունը տևեց երկու ամիս։ Որքան կարող էի, թե բերանացի և թե գրավոր տեղեկություններ հավաքեցի մելիքների պատմության մասին։ Միևնույն անցքը ևս պատմել էի տալիս զանազան անձինքների, համեմատում էի միմյանց հետ, ստուգում էի, հետո նշանակում էի իմ գրքի մեջ։

Հայտնի բան է, միայն ժողովրդական ավանդությունների վրա հիմնվելով, շատ դժվար կլիներ կազմել մի քանի դարերի շարունակ պատմությունը։ Ժողովուրդը շատ անգամ շփոթում է անցքերը, մեկի գործողությունը մյուսին է վերաբերում, և ամենադժվարինն այն է, որ ժամանակագրական և տոհմագրական ճշմարտություններ չէ պահպանում, պատմական իրողությունները տեղափոխում է կամ շատ առաջ և կամ շատ հետո։ Բացի դրանից, ժողովուրդը ունի իր լեգենդները, իր իդեալները, իր սիրած հերոսները, որոնց ընծայում է նա այնպիսի մեծագործություններ, որոնք նրանց կատարածը չէին կարող լինել։ Օրինակ, ինձ շատ անգամ պատահում էր նկատել, որ միևնույն պատմական իրողությունը ամեն մի գավառի ավանդությունների մեջ ընծայում էին նույն գավառի մի հայտնի հերոսին, քանի որ այդ անձնավորությունը չէր կարող այն գործը կատարած լինել, որովհետև կամ այն ժամանակ նա դեռ ծնված չէր կամ վաղուց մեռած էր։ Բայց պատմական փաստը դարձյալ մնում է իբրև իրողություն, միայն հարկավոր է նրա կատարող տերը գտնել։

Այդ բոլոր խառնաշփոթությունները ստուգելու համար, և անցքերը, գործողությունները ու գործողները պատմական ճիշտ ձևի մեջ դասավորելու համար, ես օգուտ եմ քաղել գրավոր աղբյուրներից, որ ցույց կտամ հետո։ Իսկ որտեղ պակասել են ինձ գրավոր աղբյուրները, ես հիմնվել եմ ավանդությունների վրա։

Պետք է ասած, որ ավանդությունները Խամսայի մելիքների պատմության ամենահարուստ մասն են կազմում։ Ավանդությունների հետ ես վարվել եմ նույն կերպով, ինչպես որ վարվում է բնագետը մի հնադարյան անծանոթ կենդանու ոսկորների կույտի հետ։ Ընդհանուր կենդանաբանական օրենքներով նա գիտե խառնված ոսկորների կտորները ջոկել միմյանցից, ամեն մի մասը իր պատշաճավոր տեղը դնել, և այսպիսով կազմել մի ամբողջ կմախք։ Գուցե անդամներից մի քանիսը կպակասեն, բայց բնագետը դարձյալ կարող է գաղափար ստանալ, թե իր գյուտը կենդանիների ո՛ր տեսակին էր պատկանում։

Իբրև գրավոր աղբյուրներ, ես ի նկատի եմ ունեցել հետևյալ, ձեռագիր, դեռևս չտպված աշխատությունները.

1. Բաղդասար միտրոպոլիտի ժամանակագրությունը, որ գտա ես Գանձասար գյուղում և որի մասին վերևում տեղեկություններ տվի։

2. Բաղդասար միտրոպոլիտի հրովարտակների, ֆիրմանների, կալվածագրերի, արձանագրությունների և զանազան պաշտոնական թղթերի հավաքածուն, որ գտա ես Շուշի բերդում և որի մասին վերևում տեղեկություններ տվի։

3. Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատոր հավաքածուն, որ գտա ես Տող բերդում և որի մասին վերևում տեղեկություն տվի։

4. Երկու տետրակներ, բաղկացած 84 երեսներից, քաղվածք է արած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն պատմությունից։ Այդ տետրակների մեջ բովանդակվում են հետևյալ գլուխները. I. «Որպիսութիւնք խանացն Գանձակայ»։ II. «Որպիսութիւնք խանացն Ղարաբաղու». այդ գլխի մեջ խոսվում է Ղարաբաղի խաների ծագման մասին, Փանահ-խանի հետզհետե զորանալու մասին, թե որպես այդ խանը, միանալով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի հետ, հիմնեց Շուշի բերդը, և նրա հետ միասին սկսեցին պատերազմել Խամսայի մյուս մելիքների և Շիրվանի խանի դեմ։ Նույն գլխի մեջ պատմվում է Փանահ-խանի հիմնած Բայաթ և Շահբուլաղ բերդերի մասին, որ կործանեցին հայոց մելիքները։ III. «Համառօտ պատմութիւն Խամսայի հինգ մելիքութիւնների». այդ գլխի մեջ խոսվում է (Տիզակի) Մելիք-Եգանի, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Ջրաբերդի Մելիք-Աթամի և Մելիք-Ալլահղուլու և Թալիշի (Գյուլիստանի) Մելիք-Բեգլարյանների մասին։ IV. «Հանգամանք Փանահ-խանին ընդ Խամսայ մէլիքաց». այդ գլխի մեջ խոսվում է Փանահ-խանի կռիվների մասին հայոց մելիքների հետ։ V. «Հիմնարկութիւն Շուշի բերդին». այդ գլխի մեջ ավելի պարզ երևում է Մելիք-Շահնազարի գործակցությունը Փանահ-խանի հետ ի վնաս Ղարաբաղի մյուս մելիքների։ VI. «Կալանաւորութիւն Քէրիմ-խանին, Քազմ-խանին, Հէյդար-ղուլի-խանին և ազատութիւն նոցա ի հաջի Չալապէն». այդ գլխի մեջ խոսվում է վրաց Հերակլ իշխանի նենգավոր արշավանքի մասին դեպի Ղարաբաղի կողմերը և նրա պարտության մասին Հաջի Չելեբիից։ VII. «Գալուստ աւշար Ֆաթալի-խանին ուրմեցւոյ ի վերայ Ղարաբաղայ և պատերազմ նորա». այդ գլխի մեջ խոսվում է, թե որպես հայոց մելիքները, միանալով Ֆաթալի-խանի հետ, սկսեցին կռվել Փանահ-խանի հետ և ստիպեցին նրան իր որդի Իբրահիմ-աղային (հետո Իբրահիմ-խան) պատանդ տալ, որին Ֆաթալի-խանը տարավ Պարսկաստան։ Հետո Փանահ-խանի իր որդու ազատության համար Պարսկաստան գնալը, այնտեղ մեռնելը և Իբրահիմ-խանի վերադարձը Ղարաբաղ, որպես այդ երկրի պարսից կառավարությունից նշանակված կառավարիչ։ VIII. «Որպիսութիւնք Իբրահիմ-խանին». այդ գլխի մեջ պատմվում է Իբրահիմ-խանի զորանալու մասին, Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի մասին, որ Շուշի բերդը պաշարելով և չկարողանալով գրավել, Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի առաջնորդությամբ գնաց Թիֆլիսը ավերակ դարձրեց, կոմս Զուբովի արշավանքը, Իբրահիմ-խանի և ուրիշ մի քանի խաների ռուսաց հպատակություն ընդունելը. Ավարիայի Օմար-խանի ասպատակությունը Վրաստանում. Հերակլի մահը և վրաց իշխանական գերդաստանի երկպառակությունները։ IX. «Յաղագս կրկնակի գալստեան Աղա-Մամադ-շահին ի վերայ Ղարաբաղայ և գնալոյ Իբրահիմ-խանին ի Բալաքիան». այդ գլխի մեջ պատմվում է Աղա-Մամադ-շահի Շուշի բերդում սպանվելու մանրամասնությունները։ Հետևյալ գլուխներում պատմվում է վրաց Հերակլ իշխանի մահը, Գիորգիի հաջորդելը, Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը դեպի Վրաստան, գեներալ Լազրովի հաղթությունը նրա դեմ, գեներալ Ցիցիանովի արշավանքը և այլն։ Միրզա-Ադիգոզալի պատմությունից քաղած վերոհիշյալ երկու տետրակները ես ստացել եմ Ղարաբաղի հոգ իշխանության հաջորդ Կարապետ վարդապետ Այվազյանցից։

5. Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Պատմութիւն աշխարհին Աղուանից» կոչված անտիպ գրքույկը։ Այդ գրքույկը, որ Ղարաբաղի մելիքների պատմությանն է վերաբերում, և հեղինակը չգիտենք ինչու է նրան Աղվանից պատմություն կոչում, բովանդակում է իր մեջ հետևյալ գլուխները. «Ավան իւզբաշի» «Յաղագս գալստեան տաճկաց ի Ղարաբաղ», «Գաղթումն Ավանայ ի Ռուսաստան», «Վերաբնակութիւն մէլիք-Եսայիայի Սիւնեաց յԱրցախ», «Յաղագս մէլիք-Եգանայ և գործոց նորա», «Յաղագս պատերազմին խանին Փանահա ընդ մէլիք-Եգանայ», «Դարձեալ վասն պատերազմին խանին Փանահա ընդ մէլիք-Եգանայ», «Յաղագս մէլիքութեան Եսայիայ և յաղագս պատերազմի նորին», «Պատերազմ խանին Ղարաբաղայ, որ է մասն Փայտակարանի, ընդ մէլիք-Եսայիայ», «Տեղեկութիւն ի վերայ ազգին մէլիք-Շահնազարայ», «Յաղագս պաշարելոյ մէլիքաց զբերդն Աւետարանոց», «Յաղագս միաբանելոյ մէլիք-Շահնազարայ ընդ խանին Փանահայ և յաղագս պատերազմին հաջի-Չալաբիայ», «Վասն հաստատութեան մէլիք-Միրզա-խանայ հայկազնւոյ ի թուին հայից ՌՄԴ», «Յաղագս պատերազմին Չալաբիայ ընդ արքային վրաց Թամրազայ», «Վասն պատերազմի խանին Ուրմվոյ աւշար Ֆաթալի կոչեցելոյ ընդ խանին Փանահայ ի թուին ՌՄԺ», «Յաղագս պատերազմին քսանին Փանահայ ընդ մէլիք-Ադամա ի թուին ՌՄԳ», «Դարձեալ պատերազմ խանին Փանահայ ընդ մէլիք-Ադամայ», «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու (Գիւլիստանի), որ ի հնումն Դիւթական», «Գաղթումն մէլիք-Աթամայ և մէլիք-Յովսեփայ ի Գանձակ», «Յաղագս վերստին մարտի Իբրահիմ-խանին ընդ մէլիքաց հայոց», «Մահ խանին Շահվերդւոյ, և գաղթումն Մխիթարայ քալանթարին», «Դարձ մէլիքաց ի հայրենիս», «Յաղագս դիմելոյ մէլիքաց հայոց առանձին գրութեամբ առ Կայսրուհին ռուսաց Եկատերինէ», «Դաշնագիր մէլիքաց», «Մահ Յովհաննէս կաթողիկոսին Հասան-Ջալալեանց», «Յաղագս պատճառաց հակառակ աթոռոցն Գանձասարայ», «Յաղագս գաղթելոյ մէլիք-Մեջլումայ և մէլիք-Աբովայ», «Գալուստ Սարգիս միտրօպօլիտին ի Ղարաբաղայ ի Գանձակ», «Արշաւանք մէլիքաց հայոց», «Հարցումն Արզումանայ յումեմնէ ախունդէ», «Յաղագս դարձի մէլիք-Աբովայ ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-խանին ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-շահին ի Վիրս», «Յաղագս գալստեան Զուբուայ յաշխարհն Աղուանից», «Դարձ Զուբուայ ի Ռուսաստան», «Պաշարումն քաղաքին Գանձակայ և մահ մէլիք-Մէջլումայ», «Դարձ Աղա-Մամադ-շահին ի Ղարաբաղ և մահ նորա», «Դարձ մէլիք-Աբովայ ի Բօլնիսէ հանդերձ բնակչօք», «Յաղագս մեծ սովուն Արցախու, և յաղագս գնալոյ մէլիք-Ջումշուդայ առ Կայսրն ռուսաց» ընդամենը 39 գլուխ։ Մնացյալ 8 գլուխները վերաբերում են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին։ Գրքույկը բաղկացած է 124 երեսներից։ Սարգիս արքեպիսկոպոսը, թեև ինքը չէ հայտնում, բայց իր պատմությունը կազմելու ժամանակ մեծ մասամբ օգուտ է քաղել վերև հիշած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն թարգմանությունից, իսկ մնացյալ մասը հավաքել է ավանդություններից։ Անցքերը ժամանակագրական կարգով չեն դասավորված, տեղ-տեղ հանդիպում են տոհմագրական սխալներ, որդին իր հոր հայրն է դառնում, իսկ հարազատ եղբայրը հորեղբայր և այլն։ Ժամանակագրական թվականներ համարյա թե չկան։ Այն տեղերում, որ քաղել է Միրզա Ադիգոզալի պատմությունից, գործ է ածում հիջրեթի թվականները, որոնց շատերը չեն համապատասխանում իրանց ժամանակին։ Ինչպես Ղարաբաղի մելիքների պատմությունը նա «Պատմութիւն աշխարհին Աղուանից» է կոչում, այնպես էլ աշխարհագրական զանազան տեղերի անունները գործ է ածում հին պատմական ձևով, որոնց շատերը չեն համապատասխանում այժմյան տեղերին։ Զարմանալու է, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին Հայկ կամ Արամ չէ կոչում։ Ես միայն աչքի առաջ եմ ունեցել Սարգիս արքեպիսկոպոսի գրքույկը, բայց նրան չեմ հետևել։ Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազարովից։

6. Մի այլ տետրակ, 16 մեծ երեսներից բաղկացած, կրում է այսպիսի վերնագիր՝ «Ծագումն Ղարաբաղու մէլիքների» Սար. Վ. Ջալալյանցի, բովանդակում է իր մեջ միայն 4 գլուխներ։ I. «Ծագումն ազգին մէլիք-Աթամայ տիրապետողին նահանգին Չարաբերդու», II. «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու, որ ի հնումն Դիւթական», III. «Ծագումն ազգին մէլիք-Եգանայ տիրապետողին նահանգին Տիզակու», IV. «Ծագումն ազգին մէլիք-Շահնազարայ տիրապետողին Վարանդու»։ Ստորագրված է. «Համառօտեալ զայս ի պատմութեանց (՞) յինեն յօրինելոց. Սարգիս վարդապետ Ջալալեանց»։ Այդ Փոքրիկ տետրակն ավելի ամփոփ է և ավելի խղճմտանքով մշակված է, քան Ջալալյանի վերև հիշած ընդարձակ պատմությունը։ Այդ տետրակը ես ստացա պ. Սեդրակ Տեր-Առաքելյանից։

7. Հին գրչագիր մատյանների հիշատակարաններից քաղած Ղարաբաղի մելիքների վերաբերությամբ արձանագրություններ, եկեղեցիների, վանքերի, մելիքների ամրոցների, նրանց տոհմային շիրիմների վրա գտնված արձանագրություններ, մելիքների ժառանգների կամ մասնավոր անձինքների ձեռքում գտնված հրովարտակների, ֆիրմանների, կալվածագրերի և այլ պաշտոնական թղթերի օրինակներ, մելիքների անունով կաթողիկոսների կոնդակների և օրհնության թղթերի պատճեններ, հիշյալ դոկումենտները, որքան հաջողել է ինձ հավաքել իմ ճանապարհորդության ժամանակ, ծառայել են ինձ որպես գլխավոր աղբյուր ժամանակագրության և մելիքների տոհմային ճյուղագրության համար։

Մինչև այստեղ հիշած աղբյուրները, դեռևս տպագրությամբ լույս չտեսած, ձեռագրերի մեջ մնացածներն էին. այժմ դառնանք դեպի այն աղբյուրները, որոնք արդեն տպված են։

1) Չամչեան Հ. Միքայէլ վարդապետ։ Պատմութիւն հայոց ի սկզբանն է աշխարհի մինչև ցամ տեառն 1784. հատոր III։ Վենետիկ, 1786.

2) Առաքել Դավրիժէցի։ Պատմութիւն սակս դիպուածոց Հայաստանեայց և ևս գաւառին Արարատոյ և մասին Գողթան գավառի, սկսեալ ի թուոյն հայոց 1054 մինչև յաւարտ պատմագրութեանս (1601 1666, այլ և ի յիշեցումն ածեալ մասնաւորաբար աստի և անտի։ Ամստելօդամ (Ամստերդամ) 1669.

3) Հասան-Ջալալեանց Եսայի կաթողիկոս Աղուանից։ Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից ի թուականին հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1171, Շուշի, 1839։ Այդ փոքրիկ գրքույկը, ինչպես երևում է, համառոտություն է, քաղած մի ընդարձակ պատմությունից, որի իսկականը, եթե գտնվեր, մեծ գանձ կարելի էր համարել մեր նոր ժամանակների պատմության համար։ Հեղինակը, Աղվանից Եսայի կաթողիկոսը, ինքը լինելով Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700 1728) գլխավոր պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը։

4) Դավիթ-Բէկ. Պատմութիւն Դաւիթ Բէկին և պատերազմաց հայոց Խափանոյ, որք եղեն ընդդէմ թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի տեառն 1722 և հայոց 1171։ Վաղարշապատ, 1871։ Այդ հետաքրքիր պատմության հեղինակը մինչև այսօր մնում է անհայտ, ձեռքից ձեռք անցնելով, հեղինակի անունը եղծվեցավ։ Ես այժմ անտեղի եմ համարում խոսել այդ մասին, միայն կհիշեցնեմ հայկական առածը. «Գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ...»։

5) Աբրահամ կաթողիկոս Կրետացի։ Պատմութիւն անցիցն իւրոց և Նադիր-շահին պարսից։ Վաղարշապատ, 1870։

6) Գիլանենց Պետրոս դի-Դարգիս։ Ժամանակագրութիւն 1722 1723։ Հայերեն բնագիրը, որ տպված է եղել «Կռունկ հայոց Աշխարհին» ամսագրի 1863 թվի տետրակներում, ձեռքի տակ չունենալով, ես աչքի առաջ եմ ունեցել այդ ժամանակագրության Ք. Պատկանյանի ռուսերեն թարգմանությունը։ Ս. Պետերբուրգ, 1870։

7) Արղությանց-Երկայնաբազուկ Հովսեփ արքեպիսկոպոս։ «Ղարաբաղի ժառանգական տիրապետողների, որ կոչվում են մելիքներ, Ռուսաստան դեսպաններ ուղարկելու ստիպողական պատճառները և նրանց խնդիրքը նորին կայսերական մեծության Պետրոս Մեծից»։ Այդ հետաքրքիր պատմական գրությունը շարադրված է Ռուսաստանի հայոց վիճակավոր առաջնորդ Արղությանց Երկայնաբազուկ Հովսեփ արքեպիսկոպոսի աշխատությամբ և գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ 1790 թվին ներկայացրած է Եկատերինա II կայսրուհուն։ Այդ գրության հայերեն թարգմանությունը, Պետրոս Մեծի, Եկատերինա II և Պողոս I Ղարաբ. մելիք. շնորհված հրովարտակների հետ տպվեցավ 1858 թվի Մանդինյանցի «Մեղու Հայաստանի» 4, 5 համարներում, իսկ ռուսերեն բնագիրը կարելի է գտնել «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа» ч. I, с. 165 201 и ч. II, с. 52 62. Այլև Сев. Apxив, 1823, т. 6, № 10, с. 233։ Նույն Հովսեփ արքեպիսկոպոսի նույն թվով (1790, 23 հունվարի) կազմած մի այլ գրություն այսպիսի վերնագրով՝ «Հայոց տիրապետող իշխանների կամ Ղարաբաղի մելիքների մասին։ Նրանց անունները և տիրած երկրները։ Շուշվա Իբրահիմ-խանի Շուշին գրավելու պատճառները»։ Այդ գրությունը, որ նույնպես իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ Եկատերինա II կայսրուհուն, բովանդակում է իր մեջ Խամսայի հինգ տիրապետող մելիքների անունները, նրանց համառոտ պատմությունը ու հարաբերությունները Փանահ-խանի ու Իբրահիմ-խանի հետ։ Ռուսերեն բնագիրը տպված է նույնպես «Собрание актов относящихся к обозрению истории армянского народа», ч. II, с. 52 62. Պետք է ասած, որ հիշյալ ակտերի հավաքածուից ես քաղել եմ Ղարաբաղի կաթողիկոսների և մելիքների ռուսաց կառավարության հետ ունեցած հարաբերությունների այլևայլ մանրամասները, սկսյալ 1701 1801 թվականը։

8) Երիցյան Ա. Դ. «Карабагские мелики в Грузии с 1800 по 1808 годы». Кав. Стар., 1872, № 2։ Իր պատմական հոդվածը կազմելու համար հեղինակը օգուտ է քաղել այն տեղեկություններից, որ բովանդակվում են 1 3 հատորների մեջ «Актов Кав. Археогр. Ком.» և աչքի առաջ է ունեցել ուրիշ մի քանի աղբյուրներ։ Պ. Երիցյանի ամսագրի նույն համարում զետեղված են Հովսեփ արքեպիսկոպոսի և Ղարաբաղի մելիքների մի շարք խիստ հետաքրքիր նամակների ռուսերեն թարգմանությունները։

Ես ձեռքի տակ եմ ունեցել նաև հետևյալ գրքերը. «Закавказье от 1803 1806 года», Н. Дубровина, С. Петербург, 1866. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова», издание второе, С. Петербург, 1863. «Материалы для истории Кавказа», П. Г. Буткова. 3 ч. С. Петербург, 1869. Պետք է խոստովանել, որ ցանկանալով իմ աշխատությանը տալ, որքան կարելի է, հայոց տոհմային պատմության ձև, ես շատ դեպքերում գերադասել եմ այն նյութերը, որ հաջողվել է ինձ գտնել հայոց թե գրավոր և թե բերանացի ավանդությունների մեջ և այս պատճառով ռուսաց աղբյուրների վրա նայել եմ որպես օժանդակող նյութերի վրա։

Եթե «Խամսայի մեչիքությունների» առաջին հատորը ընդունելություն գտավ ընթերցող հասարակությունից և տպված գրքերը վաճառվեցան, այն ժամանակ ես կտպեմ մի երկրորդ հատոր որպես հավելվածք առաջին հատորի։ Այդ վերջին հատորի մեջ զետեղված կլինեն այն բոլոր նյութերը, որոնք ծառայել են ինձ իբրև աղբյուր առաջին հատորը կազմելու համար։ Բովանդակությունը կլինի հետևյալ կարգով. զանազան անձինքների զանազան ժամանակներում Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների մասին գրած և անտիպ մնացած պատմական աշխատություններ. մեր պարբերական հրատարակությունների կամ այլևայլ գրքերի մեջ ցրված հոդվածները Ղարաբաղի մելիքների մասին, ռուսաց ակտերի մեջ գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին. որպիսի են Կովկասյան հնագրության մասնաժողովի ակտերը (Акты Кав. Археогр. Ком.) Մոսկվայում տպված հավաքածու ակտերի, որ վերաբերում են հայոց ազգի պատմության հետազոտությանը (Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа). ռուսաց պատմագիրների՝ Սոլովևի, Բուտկովի, Դուբրովինի, Հ. Արարատսկիի (հայ) և այլոց գրքերի մեջ գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին, այլև պարսից պատմագրության մեջ հայոց մելիքների մասին գտնված տեղեկությունները, ռուսաց կայսրների, պարսից շահերի, վրաց իշխանների և զանազան խաների Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին շնորհած անվանական հրովարտակների, ֆիրմանների օրինակները, մելիքների տոհմերի վերաբերությամբ գտնված արձանագրությունների օրինակները՝ եկեղեցիների, վանքերի, շիրիմների քարերի վրա գրքերի հիշատակարանների մեջ. մելիքների տոհմային ճյուղագրության աղյուսակները։ Այդ բոլորը տպված կլինեն իմ սեփական բացատրություններով և ծանոթություններով։

Այդ գիրքը կազմելու համար ես ձեռքի տակ ունեմ բավական պատրաստի նյութեր։ Անտարակույս, ուրիշների մոտ գուցե գտնվում են և այնպիսի թղթեր, որոնք ինձ հայտնի չեն, որոնք ավելի լույս կարող էին ձգել մելիքների դարու պատմության վրա։ Եվ որովհետև մի լիակատար, ճոխ հավաքածու կազմելը ավելի ընդհանրության օգնությանը կարոտություն ունի, այդ մտքով ես հրավիրում եմ օգնել ինձ, նրանով միայն, որ յուրաքանչյուր ոք, եթե գտնվում էր նրա մոտ մի որևիցե նյութ, որ կարող էր ծառայել իմ նպատակին, ուղարկեր ինձ իմ հավաքածուի մեջ զետեղելու համար։ Ես չեմ պահանջում թղթերի իսկականները, եթե այդ հնարավոր չէր, ինձ թող ուղարկեն ճիշտ պատճեններ, միայն թե այդ պատճենները պետք է վավերացրած լինեն, որ համեմատ են իսկականի հետ։ Վավերացնել կարելի է կամ տեղային ուսուցչական խումբի մոտ, որտեղ կան թեմական դպրոցներ կամ տեղային կոնսիստորիայում, եթե կընդունեն։

Ես ավելի շատ բան եմ սպասում մեր գավառական վարժապետներից, որոնք թե միջոցներ և թե պատրաստականություն ունեն պատմական նյութեր հավաքելու։ Իբրև օրինակ, ես կհիշեմ մի վարժապետի անուն. պարոնը Շուշվա հոգևոր դպրոցի ուսուցիչ է՝ Խոջամիրյանցը։ Նա իրան նպատակ է դրել ամեն տեղ պատահած գրչագիր մատյանների հիշատակարանները արտագրելու, այլև հավաքելու այն բերանացի ավանդությունները, որոնք ժողովրդի մեջ պահպանված են զանազան ավերակների, բերդերի, ժայռերի, բլուրների և այլ վայրերի մասին։ Ես Շուշիում եղած ժամանակ պարոնը տվեց ինձ իր հետաքրքիր հավաքածուն։ Մի Ավետարանի հիշատակարանում կարելի է գտնել հայոց մի նշանավոր իշխանական տան շարունակությունը, որը պատմության համար կորած էր։ Այսպիսի շատ գյուտեր կարող են պատահել, միայն թե հետախուզողներ լինեին։

Ի դեպ է հիշել, որ Խամսայի մելիքությունների պատմությունը գրելու ժամանակ ինձ ավելի նվազ օգնեցին նույն իսկ մելիքների ժառանգները, որոնց ավելի պիտի հետաքրքրեր իրանց նախահարց պատմությունը։ Նրանք կարող էին ուղարկել ինձ իրանց տոհմային դոկումենտների օրինակները, բայց, բացի մի քանիսից, մյուսները ուշադրություն անգամ չդարձրին կամ երկյուղ կրեցին...

Ես մասամբ իրավացի եմ գտնում այդ երկյուղը։ Մելիքների ժառանգներից ոմանք աղքատ, աննշան մարդիկ են, բայց իրանց ձեռքում պահում են նշանավոր թղթեր։ Շատ անգամ պատահել է, որ ավելի ճարպիկները նրանց խաբել են, թղթերը առել են կամ գողացել են և, իրանց ազգանունը փոխել, նրանց ազգանունը կրելով, ազնվական են դարձել, տիրացել են նրանց թե հողերին և թե տիտղոսին... Բայց մի պատմագրից այս տեսակ կասկածներ ունենալ, կարծեմ, շատ ծիծաղելի կլիներ, երբ նրա խնդրածը միայն թղթերի պատճենն է և ոչ թե իսկականը։

Կան և այնպիսիները, որ մերժում են բոլորովին տգիտությունից։ Նրանց համար ոչինչ այնքան արժեք չէ ստանում, որպես մի հին թղթի կտոր, որ ընկած է լինում նրանց տան փոշիների մեջ և իրանք էլ չգիտեն նրա նշանակությունը։ Բայց հենց որ սկսում ես այդ թղթի կտորին նշանակություն տալ, պահանջել, իսկույն ծագում է նրանց գլխում մի այսպիսի միտք. «Դրանում մի բան կա» (անպատճառ փողի բան) և թաքցնում են թղթի կտորը։ Այդպիսի շատ դեպքեր պատահեցան ինձ իմ ճանապարհորդության ժամանակ։

Ինչո՞ւ ենք զարմանում ռամկի վրա։ Ես կարող եմ ցույց տալ ուսյալ, զարգացած մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է պատմությունը, և որոնք խոստացել էին ինձ տալ իրանց մոտ գտնված այս և այն թղթերը, բայց վերջը չկատարեցին իրանց խոստմունքը։ Ինչո՞ւ, միայն նախանձից։ Որովհետև իրանք այնքան պատրաստականություն չունեն, որ կարողանան իրանց ձեռքի տակ եղած նյութից օգուտ քաղել, իսկ ուրիշներին ևս թույլ չեն տալիս օգուտ քաղելու։ Իսկ եթե նույն թղթերը նրանց երեխաները իրանց աչքերի առջև պատառոտելու լինեն, ես հավատացած եմ, որ ամենևին ցավ չեն զգա. միայն կնայեն և կզվարճանան իրանց զավակների խաղի վրա։

Թե այսպես և թե այնպես, մենք ունենք մի պատմություն, որը դեռևս ուսումնասիրված չէ, որը դեռևս գրված չէ, դա է մելիքների տիրապետության ժամանակների պատմությունը։ Հայաստանը զանազան դարաշրջաններում, կորցնելով իր թագավորությունը, ունեցավ կուսակալների, մարզպանների, ոստիկանների, կուրապաղատների դարերը։ Իսկ վերջին ժամանակներում մելիքների դարերը։ Այդ դարերի պատմությունը պետք է ներկայացնե մեր նոր պատմությանը։

Մեր նախնի գրողները ավելի փութաջան գտնվեցան մեզանից։ Նրանք թողեցին մեզ իրանց ժամանակների պատմությունները։ Իսկ մենք, տասնիններորդ դարու զավակներս, ի՞նչ պիտի թողնենք մեր ապագա սերունդներին։ Մի ամբողջ պատմություն կորչում է, անհետանում է, իսկ մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։

Հայտնի գրողներից մեկը ասում է. «Քրքրիր մի ազգի հնությունները և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին...»։ Պատմությունը այդ ազդեցությունը ունի ազգերի և ժողովուրդների համար։ Պատմությունը մի վարդապետարան է, մի դասարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախահարց սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին։

Կրկնում եմ, մենք ունենք մի պատմություն, որը կորչելու, անհետանալու վրա է։ Խամսայի մելիքությունների պատմությունը գրելը միայն մի փորձ էր, ցույց տալու համար, թե ունենք նոր ժամանակների պատմություն, որի վրա ուշադրություն չենք դարձնում։ Թե որքան հաջողվեցավ ինձ այդ փորձը, դա ուրիշ բան է, բայց կարծում եմ, որ ես կարողացա ապացուցանել, թե կա պատմություն։

Իբրև փորձ, ես վեր առի մի գավառ միայն Ղարաբաղը, և գրեցի այդ գավառում եղած հայկական հինգ իշխանությունների պատմությունը, հասցրի մինչև ռուսաց տիրապետության ժամանակները։ Բայց մելիքություններ Անդրկովկասում եղել են բոլոր հայաբնակ գավառներում։ Միայն Երևանի նահանգում կային յոթն նշանավոր մելիքություններ, որոնց ներկայացուցիչները, Մուղանի դաշտում, Աբրահամ կաթողիկոսի հետ, ներկա գտնվեցան Նադիր-շահի թագադրության հանդեսին։ Մելիք-Աղամալյանները, Գեղամյանները, Լոռիս-Մելիքյանները, Արղությանները և այլ իշխանական հին տներ հայտնի էին և ռուսաց տիրապետության սկզբի տարիներում։

Ես չեմ խոսում Շիրվանի, Շաքիի, Դերբենդի և Բաքվի գավառների մասին, որովհետև այդ կողմերում չեմ եղել, այդ երկրների մելիքությունների մասին շատ փոքր տեղեկություններ ունեմ։ Բայց իմ անցյալ տարվա ճանապարհորդության ժամանակ, բացի Ղարաբաղից, ես պտտեցի Գանձակի, Զանգեզորի, Սիսիանի, Բարգյուշատի, Չավնդուրի, Ղափանի, Մեղրիի և Օրդուբադի վիճակներում, անցա Հին-Նախիջևանի կողմերը և այնտեղից գնացի Պարսկաստան։ Հիշյալ երկրներում կային հզոր մելիքություններ, որոնք 1722 թվի ապստամբության ժամանակ մասնակցում էին Դավիթ Բեկի և Ղարաբաղի մելիքների կռիվներին։ Օրինակ, Զանգեզորի վիճակում հայտնի էին Մելիք-Հայկազյանները, Սիսիանի մեջ (Տաթևի կողմերում) հայտնի էին Օրբելյանները, Բարգյուշատի մեջ՝ Մելիք-Ֆրանգյուլը, Չավնդուրի մեջ՝ Թորոս իշխանը, Ղափանի մեջ՝ Մելիք-Փարսադանյանները, Մեղրիի կողմերում՝ Շահումյանները, Օրդուբադի կողմերում՝ Մելիք-Մուսան և այլն։

Որքան կարող էի, որքան իմ ժամանակը և միջոցները ներում էին, ես տեղեկություններ հավաքեցի վերոհիշյալ մելիքությունների մասին, բայց այդ տեղեկությունները դեռ այնքան թերի են, որ հազիվ թե կարելի կլիներ նրանց մասին մի ամբողջ բան գրել։ Այդ մթության մեջ մնացած իշխանությունները ի լույս ածելու համար պետք է սպասել մինչև նյութերի քանակությունը բավականաչափ հավաքվեր, որ կարելի լիներ պատմություն գրելու ձեռնարկել։

Ավելորդ չեմ համարում հիշել, որ իմ ճանապարհորդությունից դեպի Թիֆլիս վերադառնալու ժամանակ գնացի Էջմիածնի վանքը։ Ես մեծ հույսեր ունեի, որ ընդհանուր հայոց Մայր Աթոռի արխիվում կգտնեի շատ թղթեր, որոնք նյութ կտային մեր նոր ժամանակների պատմությանը։ Մանավանդ, դեռ 1853 թվին Մանդինյանցի «Մեղուի» № 15-ում կարդացել էի Սանահնի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր գրչագիր մատյանների թվում հետևյալ գրքերի անունները, որոնք ինձ շատ հարկավոր էին՝ «Պատմութիւն Դաւիթ-բէգի», «Տետրակ պատմութեան խանիցն Ղարաբաղոյ, թարգմանեալ իպարսից լեզուէ», «Պատմութիւն Ղազի-Մոլլայի յԱբրահամ քահանայէ», «Պատմութիւն Մանուէլ վարդապետի անցիցն Էջմիածնի 1801 ամէ ց1835-ն», «Վերլուծութիւն յԱրիստակէս վարդապետէ և հին նշանագիրք հայոց»։ Այդ պատմական գրքերը, ինչպես մյուս մոտ 100 հատոր նշանավոր գրչագրերի մեծ մասը Սանահնի վանքից այժմ անհետացել են. ես հույս ունեի գոնե իմ ցանկացած գրքերը գտնել Էջմիածնի մատենադարանում։ Բացի դրանցից, «Մեղուի» նույն տարվա 11 համարում կարդացել էի Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոսի) 11 հատոր զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմութիւն հայոց ի 1761 թուականէ ց1857, շարունակութիւն Չամչյան պատմութեան»։ Աբել եպիսկոպոսը ներկա դարու Էջմիածնի միաբանների մեջ, Կարապետ վարդապետ Շահնազարյանից հետո, միակ եկեղեցականն էր, որ իր անձը նվիրել էր գրականության։ Նա բանաստեղծ և լավ պատմաբան էր։ Մի ժամանակ Պարսկաստանի հայոց թեմական առաջնորդ լինելով, մի ամբողջ ձմեռ ապրում էր նա իմ տան մեջ, շատ անգամ գիշերները կարդում էր ինձ իր հետաքրքիր պատմությունը։ Միայն նա, Էջմածնում երկար ժամանակներ ապրած լինելով, այդ վանքի բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելով, կարող էր գրել մի այդպիսի պատմություն, որը իսկապես Չամչյանի շարունակությունը կարելի էր համարել։ Բայց ո՞ւր մնաց նրա աշխատությունը, ինչպես հալածվեցավ հեղինակը, այնպես էլ հալածվեցավ նրա գիրքը... Այդ բազմարդյուն և բազմաշխատ գրողին թույլ չտվեցին մինչև անգամ իր հոգին ավանդել Էջմիածնի պարիսպների մեջ։ Նա քաղցածությունից մեռավ և ծառայի տանը, դառն չքավորության մեջ։ Իսկ նրա պատմության գիրքը և ուրիշ շատ անտիպ մնացած աշխատությունները մի քանի հարյուր ռուբլու կաշառքով անցան մեկի ձեռքը, ուր այժմ կամ մոխիր են դարձել, կամ երբեք դուրս բերելու հնար չկա...

Եվ այսպես, Էջմիածնի մատենադարանում իմ նպատակներին համապատասխանող ոչինչ չգտա։ Ես հույս ունեի գոնե արխիվում գտնել զանազան պաշտոնական թղթեր, որոնք կծառայեին իբրև նյութ պատմության համար։ Բայց իմ բարեկամ եպիսկոպոսներից երեքը, որոնք լավ գիտեին, թե Էջմիածնի արխիվում ինչ է մնացել, հայտնեցին թե իզուր կանցներ իմ աշխատանքը, որովհետև ոչինչ գտնել չէի կարող։ Ես չզարմացա և հավատացի։ Մի վանքում, ուր մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար փութերով այրել է տալիս նրանց ժամանակներից մնացած պաշտոնական թղթերը, այլևս ի՞նչ կարելի է գտնել արխիվում։ Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում։

Հայտնի է, որ ռուսաց կառավարությունը մի ժամանակ արտոնություն էր տված Էջմիածնի կաթողիկոսներին քննելու զանազան ազնվական տոհմերի ծագումը. և կաթողիկոսները, եթե իրավացի էին գտնում նրանց ազնվականությունը, շնորհված կոնդակները ընդունվում էին իբրև հաստատ վկայականներ։ Երբ կաթողիկոսները այդ տեսակ վկայականներ էին տալիս, հարկավ, քննության գործերը պետք է մնային Էջմիածնի դիվանում։ Իսկ այդ գործերը այժմ կարող էին պատմության նյութ տալ, եթե պահված լինեին։

Ինչևիցե, մի այնպիսի ձեռնարկություն, որպիսին է հավաքել և կազմել Անդրկովկասի նախքան ռուսաց տիրապետությունը եղած մելիքների, տիրապետող իշխանների և զանազան նշանավոր անձինքների պատմությունը, դա մի մարդու գործ չէ. դա մի ամբողջ խումբի և մի ընկերության գործ է։ Բայց որովհետև մեզանում եսականությունը այն աստիճան տիրած է, որ խումբեր չեն կազմվում, իսկ ընկերություններից մի օրինավոր բան սպասելը հիմարություն կլիներ, այդ տխուր երևույթները ի նկատի առնելով, ավելի նպատակահարմար կլիներ միջոցներ տալ մասնավոր, ձեռնհաս անձինքներին գործելու։ Եվ փորձը մեր բոլոր ազգային հիմնարկությունների մեջ ցույց է տալիս, որ մասնավոր անձինք ավելի գործ են կատարում, քան թե ամբողջ ընկերություններ։

Խամսայի մելիքությունների պատմությունը գրելով, ես կամեցա ցույց տալ, որ մենք ունենք մի պատմություն, որը արդեն սկսել է մոռացվիլ, կորչել, անհետանալ, և իմ ծանոթներին անդադար խոսում էի, թե հարկավոր է այդ պատմությունը ժամանակի հոսանքից ազատել, քանի որ դեռ ավանդությունները թարմ են, քանի որ մնացած գրավոր նյութերը բոլորովին չեն ոչնչացած զանազան անհայտ անկյուններում։ Եվ գլխավորապես իմ և մի քանի բարեկամներիս հորդորմունքն էր պատճառ, որ այս տարի ծագեց դեպի Սյունյաց աշխարհը ճանապարհորդներ ուղարկելու միտքը՝ գիտական հետազոտությունների նպատակով։ Միտքը գեղեցիկ էր, և նպատակը՝ օգտավետ։ Սյունյաց աշխարհը, ուր կատարվել են այնքան նշանավոր գործեր, ուր մինչև վերջին ժամանակները պահպանվել էին հայկական իշխանությունները, ուր ճանապարհորդը ամեն մի քայլում հանդիպում է հոյակապ հնությունների, պատմական վաղեմի արձանների, արդարև, Սյունյաց աշխարհը առանձին ուսումնասիրության կարոտ է։ Մի քանի բարեմիտ անձինք ձեռնարկեցին ստորագրությամբ մի գումար հավաքելու այդ գիտնական արշավանքի ծախքերը հոգալու համար։ Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ։ Մամուլի մեջ էլ մեռավ։

Դեռ գումարը չհավաքած, որ հայտնի լիներ, թե նրա քանակության համեմատ ի՞նչ գործ կարելի էր կատարել, սկսեցին վիճել պարապմունքների տեսակի և մարդիկների ընտրության վրա (իհարկե, յուրաքանչյուրը աշխատելով, որ իր մարդը ներս խրե և երևակայական գումարից նրան մի բաժին հանե)։ Դա միևնույն պարզամտությունն է, որ դեռ երեխան չծնված, դեռ աղջիկ կամ տղա լինելը չհայտնված, վիճում են այն բանի վրա, թե ի՞նչ անուն պետք է տալ երեխային։

Վիճում էին, թե ի՞նչ անուն պետք է տալ այդ գիտնական արշավանքին, այսինքն՝ նա ինչո՞վ պետք է զբաղվի։ Մեկը ասում էր, թե պետք է քարեղեն և բրոնզե դարաշրջանները քննել, պետք է այրերի և գերեզմանների մեջ մտնել, տեսնելու համար, թե Նոյ նահապետից առաջ ի՞նչ ազգեր են անցել Սյունյաց աշխարհի վրայով։ (Կարծես մենք շատ ենք իմանում, թե մի հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ ի՞նչ անցքեր են կատարվել այնտեղ, իսկ հիմա հարկավոր է միայն ցջրհեղեղյան դարերը քննել)։ Մյուսը ասում էր, թե երկիրը պետք է բնագիտական, հանքաբանական, աշխարհագրական և չգիտեմ այլևս ինչական կետերից ուսումնասիրել։ (Կարծես կառավարությունը, ահագին գումարներ գործ դնելով, չի արել այդ բաները և չէ շարունակում անել, թողել է, որ մենք մեր մի քանի կոպեկներով երկիրը հազար ու մեկ տեսակետից ուսումնասիրենք)։ Մեկ ուրիշը առաջարկում էր՝ ծերունի, ալեզարդ Ալիշանին, որը իր սենյակի դռնից դուրս գալ չէ կարողանում, անպատճառ բերել տալ, դնել պատգարակի մեջ, Ղարաբաղի լեռների վրա ման ածել, որ քարերի արձանագրությունները կարդա։ (Կարծես հայր Ալիշանը իր գեղեցիկ գիրքը կազմելու համար ինքը անձամբ եկավ, Շիրակի գավառում ճանապարհորդեց և արձանագրությունները հավաքեց)։ Մխիթարյանները իրանց միլիոնների հարստությամբ մեր օգնության կարոտություն չունեն, նրանք եթե հարկավոր համարեն, կարող են իրանց երիտասարդ աբեղաներից մեկին Հայաստանի ամեն կողմերը ուղարկել և ծերունի Ալիշանին երբեք չեն անհանգստացնի։ Առաջարկվում էր և մի լուսանկար ուղարկել ավերակների պատկերները հանելու համար։ (Կարծեմ լուսանկարի էլ մի մեծ պետք չկար, դա առևտրական մի գործ է. դրա համար հարկավոր չէր ոչ օժանդակոլթյուն հավաքել, և ոչ գումար կազմել։ Եթե Բարկանովը և Ֆիլիպովիչը հասկանան, որ հայերը այն աստիճան գժված են իրանց հայրենիքի ավերակների լուսանկարներով, որ 5 ռուբլ. արժեք ունեցող պատկերները գնում են 20 ռուբլով, անպատճառ իրանց աշակերտներից մեկին կուղարկեն և Հայաստանի բոլոր ավերակների պատկերները հանել կտան, գուցե ավելի լավ, քան թե հանգուցյալ Արտյուրի աշակերտի լուսանկարները)։ Ինչևիցե, էլ ո՞ւր իմ խոսքս երկարացնեմ, կա՛րճ կասեմ. գիտության, արհեստի, ճարտարության մեջ ոչ մի ճյուղ չէր մնում, որ կամենում էին այդ ողորմելի ուսումնական արշավանքի վզին փաթըթել, այնքան փաթըթեցին, որ խեղդվեցավ...

Մեզանում նրա համար ամեն օգտավետ առաջարկություններ, ամեն գեղեցիկ մտքեր շատ անգամ մնում են անկատար, որ կամ ոչինչ չենք շինում, իսկ եթե կամենում ենք մի գործ կատարել, ցանկանում ենք անպատճառ, ամեն ինչ միանգամից կատարել, քանի որ այդ «ամեն ինչի» հարյուրերորդ մասը իրագործելու համար ոչ միջոցներ ունենք և ոչ՝ պատրաստականություն։ Մենք գործը փոքրից սկսելու սովոր չենք։ Գոնե օտարներից օրինակ առնենք։ Կան ընկերություններ, որ միմիայն իրանց նպատակ են դրել ժողովրդական առակները, առածները, հեքիաթները, նախապաշարմունքների, սնոտիապաշտությունների նկարագիրները հավաքելու։ Բայց այս տեսակ ընկերություններ երբեք չեն զբաղվի նույն ժողովրդի բնակած երկիրը բնագիտական, աշխարհագրական կամ գիտության այլ կետերից ուսումնասիրելու, դրանք կարող են մի ուրիշ ընկերության պարապմունք լինել։

Ես դարձյալ կկրկնեմ միևնույն միտքը, որ վերևում հիշեցի՝ մեզանում ընկերությունները կազմվում են ոչ թե գործ կատարելու համար, այլ գործը սպանելու համար։ Իսկ մասնավոր մարդիկ իրանց եռանդով, անձնանվիրությամբ, տոկունությամբ ավելի են գործում, ավելի արդյունք են ցույց տալիս, քան թե մի ամբողջ ընկերություն։

Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարդյանցի աշխատությունը, որը աղքատ, ամեն միջոցներից զուրկ, բայց սիրտը լի եռանդով դերվիշի նման ոտքով ման է գալիս հայոց գյուղերը, մտնում է ժողովրդի ամեն ծալքերի մեջ, հեքիաթներ է հավաքում և մեր զավակներին ընթերցանություն տետրակներ է տալիս։ Բայց ի՞նչ է շինում հայոց գրքերի տպագրական ընկերությունը, ոչ ոք չգիտե։

Այդ բոլորը ինձ ակամայից ասել տվին մի քանի տխուր հանգամանքներ, որոնց վրա երկար խոսելը ավելի հեռու կտաներ։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ մեզանում մեծ պետք է զգացվում մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր անցյալը և ներկան ուսումնասիրելու։

Աշխատության բաժանության սկզբունքի վրա հիմնվելով, ես մյուս բաժինները թողնում եմ ավելի ընդունակներին, ավելի կարող անձինքներին։ Իսկ ես ընտրել եմ մի մաս միայն, այն է՝ գրել Անդրկովկասում վերջին դարերում ապրող հայոց իշխանների և մելիքների պատմությունը և երջանիկ կհամարեմ ինձ, եթե կհաջողվի այդ ձեռնարկության մեջ մի փոքրիկ ծառայություն անել մեր գրականությանը։

Be the first who will comment on this

Other parts of "Խամսայի Մելիքությունները"

Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online