Raffi

Խամսայի Մելիքությունները

ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իր հանգուցյալ հայր ՄԵԼԻՔ-ՄԻՐԶԱ-ԲԵԿԻ անմոռանալի հիշատակին խորին երախտագիտությամբ նվիրում է որդին նրա դասակիցների պատմությունը

I

Հայաստանը իր անկման զանազան շրջաններում, կորցնելով իր գահը, ամեն անգամ թողել է իր ներկայացուցիչներին, որպես դեռ չմարած կայծեր, պահպանված նախկին փառքի մոխիրի մեջ։ Հայկազանց թագավորող տունը վերջանալուց հետո թողեց իր ետևից մի շարք իշխողներ, որ կոչվում էին կուսակալներ։ Արշակունիք թողին մարզպաններին, կյուրապաղատներին, պատրիկներին և ոստիկաններին։ Իսկ Բագրատունիները և Ռուբինյանները թողին զանազան, միմյանցից բաժանված, անկախ իշխանություններ։

Հիշյալ իշխանությունների ներկայացուցիչները ըստ մեծի մասին եղել են հայոց հին նախարարական տների ժառանգները։ Դրանք հայոց թագավորության մի շրջանի վերջանալուց հետո պահպանում էին նրա իշխանությունը մինչև մի նոր շրջանի ստեղծվիլը և այսպիսով ծառայում էին որպես օղակներ, որոնք անխզելի կերպով պահպանում էին հայկական անկախության շարունակությունը, մինչև կործանված գահի կրկին վերականգնելը։ Այդ իշխանությունները թեև երբեմն օտարներից նշանակված և օտարների հարկատու են եղել, բայց երբեք չեն կորցրել իրանց ինքնավարության իրավունքները։

Վերջին դարերում նախարարական հին տների փոխարեն երևան եկան մելիքները, որոնց իշխանությունը ավելի կանոնավոր ձև ստացան Շահ-Աբաս մեծի օրերից (1603)։ Պարսից այդ աշխարհաշեն թագավորը, որի քաղաքական հայացքները օտարազգիների վերաբերությամբ բոլորովին տարբեր էին իր նախորդներից, ավելի բարվոք էր համարում իր հպատակ այլասեռ ժողովուրդներին կառավարել հենց իրանց ներկայացուցիչների ձեռքով և դրանով ամրացնել ամբողջ պետության մեջ համերաշխության կապերը։ Նա առաջինը եղավ, որ հաստատեց հայոց իշխանների «մելիք»տիտղոսը, որ կրում էին ավելի հին ժամանակներից։ Դրանով Շահ-Աբասը կամեցավ վարձատրել այն մեծ ծառայությունը, որ հայոց մելիքները կատարեցին նրա՝ օսմանցիների դեմ ունեցած հաղթությունների մեջ։

Մելիքների իշխանությունը տևեց շատ երկար, իսկ Անդրկովկասում՝ մինչև ռուսների տիրապետության օրերը։ Ես պիտի խոսեմ այդ իշխանություններից միայն մի խմբի վրա, որը ընդհանուր անունով կոչվում էր Խամսայի մելիքություններ։

Խամսայի մելիքությունները բաղկանում էին հինգ փոքրիկ գավառներից, որոնք, միմյանց սահմանակից լինելով, կազմում էին մի ամբողջ նահանգ, որը այժմ կոչվում է Ղարաբաղ, իսկ մեր պատմության մեջ հայտնի է Արցախ կամ Փոքր-Սյունիք անունով։ Դա ավելի հին ժամանակներում Աղվանից աշխարհի մի մասն էր ներկայացնում։

Հիշյալ հինգ գավառները հետևյալներն են.

1) Գյուլիստան կամ Թալիշ, որ սկսվում է Քյուրակ-Չայ գետից, այսինքն՝ Գանձակի սահմաններից և տարածվում է մինչև Թարթար գետը։

2) Ջրաբերդ կամ Չարաբերդ, որ սկսվում է Թարթար գետից և տարածվում է մինչև Խաչենի գետը։

3) Խաչեն, որը սկսվում է նույն անունով գետից և տարածվում է մինչև Բալլու-Չայ գետը։

4) Վարանդա, որը սկսվում է այդ գետից և տարածվում է մինչև Դիզափայտի լեռնային գոտին։

5) Տիզակ կամ Դուզախ, որը սկսվում է այդ լեռներից և տարածվում է մինչև Երասխ գետը։

Այդ երկրները, որ, ինչպես վերևում հիշեցի, մի ժամանակ Աղվանից թագավորության մի մասն էին կազմում, հետո ապաստան դարձան հայոց մելիքների։ Երկրի անմատչելի դիրքը նպաստում էր այնտեղ հայոց իշխանության պահպանվելուն դառն ժամանակների փոթորիկներից։ Վայրենի բնությունը, դարևոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որը իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք աներ և իր ծմակների վագրների նման աներկյուղ սիրտ ուներ։ Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետնի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և, որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը։

Յուրաքանչյուր մելիք իր գավառի տերն էր, նա ուներ իր առանձին բերդը և իր ամրոցները։ Գյուլիստանի մելիքի ամրոցը գտնվում էր Գյուլիստան գյուղի մոտ մի անմատչելի սարի գագաթի վրա. մի այլ ամրոց նույն գավառում գտնվում էր Թալիշ ավանի մոտ, Հոռեկա վանքի հանդեպ։ Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթար գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթարը և Թըրղին։ Այդ երկու գետերը, կտրելով միմյանց, բերդին թերակղզու ձև են տալիս։ Խաչենի մելիքների բերդերը գտնվում էին Խաչեն գետի մոտ. նրանցից մեկը կանգնած է Գանձասարի հռչակավոր վանքի հանդեպ, բարձր, անտառապահ լեռան գլխի վրա և կոչվում է Թարխանաբերդ (Խոխանաբերդ)։ Այս բերդում տասնևերորդ դարու սկզբներում պաշտպանվում էր Հասան-Ջալալ իշխանը թաթարների արշավանքների դեմ։ Մի այլ բերդ, դարձյալ Խաչեն գավառում, գտնվում է հիշյալից մի քանի ժամ ճանապարհով հեռու, սուրբ Հակոբա վանքի հանդեպ։ Այդ բերդը արժանի է իր անվանը. նա կոչվում է Կաչաղակաբերդ (Սազսաղան-կալասի), որովհետև սրաթռիչ կաչաղակները միայն կարող են բարձրանալ մինչև նրա սրածայր գագաթը, որ կորչում է ամպերի մեջ։ Վարանդայի Մելիքի ամրոցը գտնվում էր Չանախչի (Ավետարանոց) ավանում, կուսանաց անապատի հանդեպ։ Տիզակի Մելիքի ամրոցը գտնվում էր Տող ավանում, Գտչի վանքի հանդեպ, որը բարձրացել է մինչև երկինքը։

Այդ երկրում աշխարհից հրաժարված աբեղաների վանքերի հանդեպ կանգնած էին իշխանական ամրոցները, նրանց սարսափելի բերդերը, իսկ խաչի հետ միացրած էր սուրը։

Մելիքների իշխանությունը ժառանգական էր. հոր մահից հետո տիրում էր անդրանիկ որդին և կոչվում էր մելիք, իսկ մյուս եղբայրները կոչվում էին բեկ։ Օրենքի փոխարեն կառավարում էր տիրողի կամք և ժողովրդական սովորությունները, որոնք դեռ պահպանված էին իրանց նահապետական ձևերի մեջ։ Մելիքները անսահման իրավունք ունեին իրանց հպատակների վրա, նրանց դատելու, պատժելու և մինչև անգամ մահվան դատապարտելու։

Մելիքները թե քաղաքական շահերով և թե խնամության կապերով միացած էին միմյանց հետ, և այսպիսով, Խամսայի բոլոր հինգ իշխանությունները կազմում էին մի ամբողջ դաշնակցական միություն։ Պատսպարված իրանց անմատչելի լեռների և մթին անտառների մեջ, նրանք ոչ մի մահմեդականի թույլ չէին տալիս բնակություն հաստատելու իրանց երկրներում, և ամբողջ Ղարաբաղի ազգաբնակությունը բաղկացած էր միայն հայերից, որոնց քանակությունը բազմաթիվ էր։

Այժմ դառնանք Խամսայի հինգ գավառների տիրապետող մելիքների ծագմանը։

II

1. Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ծագումը։

Մելիք-Բեգլարյանները բնիկ ուտեացիներ են, Նիժ գյուղից։ Թե ի՞նչ հանգամանքներ ստիպեցին նրանց թողնել իրանց հայրենիքը և, գաղթելով Ղարաբաղի կողմերը, Գյուլիստան գավառում նոր բնակություն հաստատել, այդ մասին լռում է պատմությունը։ Միայն այսքանը հայտնի է, որ առաջին գաղթականը, որին թուրքերը կոչում էին «Ղարա-յուզբաշի» (սև հարյուրապետ), իսկ հայերի մեջ հայտնի էր անունովս սև Աբով, հասարակ մարդ չէր. նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր։

Տասնևվեցերորդ դարու սկզբներում հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է Ղարաբաղի կողմերում, բոլորովին աղքատ, իր հետ ունենալով միայն յոթն ընտանիքներ և մի քանի անասուններ, որ կրում էին նրանց ճանապարհի ծանրությունները։ Երևում է, որ իրանց հայրենիքում մի աղետալի դեպք պետք է պատահած լիներ նրանց հետ, որով թե կողոպտված են եղել և թե տարագրված։

Գալով մի անծանոթ աշխարհ, նրանք ոչ բնակության տեղ ունեին և ոչ պատսպարան։ Թեև աշնան ցրտերը արդեն սկսվել էին, նրանք դեռ բնակվում էին իրանց չատրներում, Թարթար գետի ձախ ափերի մոտ, այժմյան Թալիշ գյուղից փոքր-ինչ հեռու։

Գուցե «սև հարյուրապետը» կցանկանար իր նոր եկած աշխարհում առժամանակ անհայտության մեջ ծածկված մնալ, բայց մի դեպք երևան հանեց նրան։ Մի օր նրա գրաստները դաշտում արածելու ժամանակ վրա հասան մի խումբ ավազակներ և ավարի առին անասունները։ Այդ միջոցին դուրս եկավ «սև հարյուրապետը», և նրա հետ մի քանի երիտասարդներ, նետվեցան ավազակների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձան նրանք, բերելով իրանց հետ ոչ միայն կողոպտված անասուններին, այլև կողոպտող ավազակներին, որոնց բոլորին կալանավորեցին։

Մյուս օրը հայտնվեցան մի այլ խումբ ձիավորներ, որոնք, դիմելով «սև հարյուրապետին», ասացին նրան, թե իրանք Բարդայի խանի մարդիկն են, թե իրանց հրամայված էր այդ ավազակներին բռնելու, որովհետև նրանք մեծ վնասներ են հասցրել երկրին, և այժմ շատ ուրախ են, որ ավազակները կալանավորվեցան առանց իրանց աշխատության։ Այդ խոսքերով առնում են ավազակներին և տանում են Բարդայի խանի մոտ, առանց հայտնելու նրան, թե ով եղավ ավազակների բռնողը, որպեսզի խանի պարգևները իրանք ստանան։

Խանը հրամայում է ավազակներին գլխատել, իսկ իր մարդիկներին պարգևներով վարձատրել նրանց քաջության համար։ Այդ միջոցին ավազակապետը ասում է խանին. «Պատժեցեք մեզ, որպես ձեր կամքն է, որովհետև մենք քո երկրները ավերակ դարձրինք։ Բայց մի անպատվեցեք մեզ, այդ ողորմելի մարդիկների չկատարած քաջությունները վարձատրելով, իբր թե դրանք են եղել մեզ հաղթողները...»։

Խանը ստուգելով իմանում է, որ իր մարդիկը խաբել են իրան և կանչել է տալիս «սև հարյուրապետին»։ Նա մի այլ վարձատրություն չէ պահանջում իր մատուցած ծառայության համար, միայն, որպես գաղթական մարդ, խնդրում է, որ իրան բնակության տեղ տա։ Խանը որոշում է նրա համար որպես մշտական սեփականություն հին Թալիշ կամ Թարիջ գյուղը Գյուլիստանի գավառում, Հոռեկա վանքի մոտ։ Ահա այսքանը միայն հայտնի է «սև հարյուրապետի» կյանքից։ Նրա գերեզմանի քարի վրա, որ գտնվում է հիշյալ վանքի մոտ, փորագրված է մի տող միայն, որից երևում է, թե նա վախճանվեցավ հայոց ՌՁԱ (1081) թվականին, իսկ փրկչական 1632 թվականին։

Սև Աբովը ուներ մի քանի որդիներ, որոնցից երեցը՝ Մելիք-Բեգլարը, հաջորդում է հորը։

Մելիք-Բեգլար 1-ը իր նախնիքների քաջասրտության հետ ուներ և խելք։ Նա հիմքը դրեց Գյուլիստանի մելիքների իշխանությանը և, տիրապետելով նոր երկրներ, ավելի ընդարձակեց իր իշխանությունը։ Նա խլեց տեղային նախկին տիրապետողից, որ կոչվում էր Աբրահամ յուզբաշի(Իբրահիմ գավուր), մի քանի գյուղեր, որպես էին՝ Վերի-շենը, Ներքի-շենը, Էրքեջը և այլն։ Եվ տիրապետելով Գյուլիստան բերդին, նորոգեց այդ անմատչելի ամրոցը և իր բնակությունը այնտեղ հաստատեց։ Նա թողեց երկու որդի, երեցը կոչվում էր իր պապի անունով Աբով, իսկ կրտսերը՝ Թամրազ (Թեյմուրազ)։

Հոր մահից հետո հաջորդեց երեց որդին՝ Աբով 2-ը, որի մի ոտքը հրացանի գնդակից վնասված լինելով, հայտնի էր անունովս կաղ Աբով։

Կաղ Աբովը իր անպարտելի քաջագործություններով շատ նման էր իր պապին՝ սև Աբովին։ Հափշտակությունը, ավարառությունը և հանդուգն ասպատակությունները նրա ժամանակում երկրների իշխողների համար ոչ միայն անբարոյականություն չէին համարվում, այլ ընդունվում էին որպես քաջազնական արժանավորություններ, որոնց անպատճառ պետք է ունենար երկրի իշխողը, իր շրջակա թշնամիներին երկյուղի մեջ պահելու համար։ Այդ հատկություններից զուրկ չէր կաղ Աբովը։ Նա ամեն ինչ ձեռք էր բերում հափշտակությունով։ Նա հափշտակեց մինչև անգամ իր կնոջը՝ գեղեցիկ Ղամար-սոլթանին։

Մի անգամ, երբ իր խումբով գնում էր Գանձակի կողմերում ավարառություններ անելու, Գետաշեն գյուղից բարձր, Դուլուսլու գյուղի մոտ, լեռների վրա հանդիպում է Գանձակի Մամադ-խանի օբաներին (кочевка)։ Հարձակման միջոցին տեսնում է խանի աղջկան, որը իր «քառասուն» աղախինների հետ եկել էր այնտեղ իր հոր հովիվների մոտ, ամառը անցկացնելու։ Օրիորդի գեղեցկությունը այն աստիճան հափշտակում է Աբովին, որ նա մոռանում է Մամադ-խանի հոտերի հարուստ ավարը և առևանգում է միայն նրա դստերը։ Աբովը այն ժամանակ ազապ երիտասարդ էր, բայց գեղեցիկ երիտասարդ, թեև ոչ այնքան հաղթանդամ, և դեմքով բավական թուխ, որպես էին առհասարակ սև Աբովի ժառանգները։ Բերելով իր չքնաղագեղ ավարը Գյուլստանի բերդի մոտ գտնվող Ամենափրկչի վանքը, այնտեղ քրիստոնյա է մկրտել տալիս և ամուսնանում է նրա հետ։

Այդ առևանգությունը առիթ տվեց Աբովի և Գանձակի խանի մեջ մի քանի արյունահեղ կռիվների, որոնք վերջացան խանի պարտությունով։ Խանը միշտ անհաշտ մնաց թե իր դստեր և թե իր ինքնակոչ փեսայի հետ։ Բայց ծերության հասակում նա հաշտվեցավ։ Եվ որովհետև ինքը մի այլ ժառանգ չուներ բացի միակ աղջկանից, այդ պատճառով իր բոլոր գյուղերը, հարստությունը կտակով նրան թողեց։ Կնոջ միջոցով Աբովը տեր եղավ ահագին ժառանգության։

Աբով 2-ը վախճանվեցավ 1728 թ.։ Նրա մահից հետո, մելիքների սովորության համեմատ, պիտի հաջորդեր որդին՝ Մելիք-Յուսուբը։ Բայց որովհետև Մեքիք-Յուսուբը դեռ անփորձ պատանի էր, այդ պատճառով երկրի կառավարությունը հանձնվեցավ հանգուցյալի եղբայր Թամրազին, և պատանի Յուսուբը մնաց նրա հոգաբարձության ներքո, մինչև չափահաս դառնալը։

Մելիք-Թամրազը իր բնակության տեղ ընտրեց Հոռեկա վանքի մոտ գտնված պալատը և վարում էր իր իշխանությունը ոչ իբրև ժամանակավոր հոգաբարձու, այլ որպես երկրի լիակատար տերը։ Նա խիստ դաժան մարդ էր և անգութ։ Մտադրված լինելով իսպառ զրկել պատանի Յուսուբին հոր ժառանգությունից, նա սկսեց հետզհետե ճնշել, հարստահարել նրան, մինչև բոլորովին աղքատացրեց։ Նա մինչև անգամ մտածում էր իր եղբորորդու կյանքի դեմ որոգայթ լարել, որ իշխանությունը միանգամայն իրան մնա։ Պատանի Յուսուբը ապրում էր Գյուլիստանի բերդում իր մոր հետ, աննախանձելի վիճակի մեջ։

Այդ միջոցներում Շահ-Սուլթան-Հուսեինի հարկահաններից մեկը, որ կոչվում էր Միրզա-Թահիր, և որը Ատրպատականի վեզիր էր, Դերբենդից սկսյալ արքունի հարկերը հավաքելով, գալիս է, հասնում է Գանձակի և Ղարաբաղի կողմերը։ Մելիք-Թամրազը ընդունում է նրան իր տանը և, կամենալով շողոքորթել պարսից կառավարությանը, հրամայում է իր ժողովրդից ևս ավելորդությամբ հավաքել հարկերը, որը մինչև այնօր վճարելու սովորություն չունեին։ Այդ բավական չէ. նա կամենում է մի արժանավոր ընծա տալ իր հյուրին նրա սիրտը գրավելու համար։

«Իմ եղբոր հրացանը», ասում է նրան, գտնվում է իմ եղբորորդի Յուսուբի ձեռքում. այդ զենքը մի հազվագյուտ բան է և շահի գանձարանին վայել է։

Պարսիկը խաբեությամբ կանչել է տալիս Յուսուբին և խնդրում է, որ հոր հրացանը բերե տեսնելու համար։ Երբ նա բերում է, ձեռքիցը առնելով, ասում է նրան. «Այդ հրացանը շահի գանձարանին է վայել և ոչ թե քեզ». այլևս ետ չէ տալիս։

Մանկահասակ Յուսուբը բարկության արտասուքը աչքերում վերադառնում է մոր մոտ, պատմում է նրան այն անցքը։ Մայրը սաստիկ վշտանում է. նրան մնացել էր իր ամուսնի ժառանգությունից այդ նվիրական զենքը միայն, որ մի թանկագին հիշատակ էր նրա քաջագործությանը։ Որդու սրտմտությունը ավելի սաստկանում է, երբ լսում է մոր հանդիմանությունը. «Քաջ հոր անարժան որդի, լավ էր, որ քո սպանված դիակը ինձ մոտ բերեին և ասեին, որ դու կռվեցար քո հոր հիշատակը չկորցնելու համար»։

Ես կվերադարձնեմ հորս հրացանը..., ասում է որդին և խնդրում է մորից, որ իրան փող տա մի քանի զենքեր գնելու համար։ Մայրը տալիս է նրան իր գլխի ոսկիներից մի քանիսը։

Պարսիկ հարկահանը, հավաքելով տեղային հարկերը, բեռնում է ջորիների վրա և իր նոքարների հետ ճանապարհ է ընկնում։ Այդ ժամանակ մանկահասակ Յուսուբը, մի խումբ կազմելով իր բարեկամ երիտասարդներից, ծածուկ հետևում է հարկահանին։ Հարձակման պայմանական նշանը որոշվում է «ծըկըտ» բառը, իսկ դադարման նշանը՝ «մըկըտ» բառը։ Երբ հարկահանը մտնում է Թարթար գետի նեղ ձորի մեջ, «ծըկըտ» կոչելով, Յուսուբը տալիս է հարձակման նշանը։ Նա իր ձեռքով կտրում է պարսիկի գլուխը և խլում է նրանից իր հոր հրացանը։

Նրա ջորիների բեռները, որ բովանդակում էին իրանց մեջ ամբողջ գավառներից հավաքած ոսկիները, ավար դարձան մանկահասակ Յուսուբի և նրա քաջ ընկերների ձեռքով։ Նրա նոքարների մի մասը կոտորեցին, իսկ փախչողները ազատվեցան։

Երիտասարդ Յուսուբը, իր հափշտակած գանձը առնելով, ամրացավ Գյուլիստանի բերդում։ Նրա վարմունքը մնաց անպատիժ, որովհետև որպես հետո կտեսնենք, այդ միջոցներում Պարսկաստանում մեծ խռովություններ և փոփոխություններ պատահեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ. ավղանները տիրեցին պարսից մայրաքաղաքին և այդ ժամանակվա պատերազմական շփոթությունների մեջ ո՞վ պիտի մտածեր, թե Ղարաբաղի կողմերում մի այդպիսի անցք էր պատահել։

Երիտասարդ Յուսուբը, հարստության տեր դառնալով, սկսեց օրըստօրե զորացնել իր ուժերը։ նա դաշնակցություն կապեց Ջրաբերդի Մելիք-Աթամի հետ, որի հարաբերությունները իր հորեղբոր՝ Մելիք-Թամրազի, հետ բարեկամական չէին։ Այժմ մտածում էր ոչ միայն խլել նրանից Գյուլիստանի իշխանությունը, որ նա բռնությամբ հափշտակել էր, այլ ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բոլոր անիրավությունների և զրկանքների համար, որ իր անգութ հոգաբարձուն՝ Մելիք-Թամրազը, կատարել էր, երբ ինքը դեռ անչափահաս էր։ Միանալով Մելիք-Աթամի հետ, երիտասարդ Յուսուբը հարձակվեցավ Մելիք-Թամրազի ամրոցի վրա։ Մի քանի օրվա սաստիկ կռիվներից հետո ամրոցը գրավվեցավ, և Մելիք-Թամրազը գերի բռնվեցավ։ Յուսուբը հրամայեց նրան կախ տալ մի չինարի ծառից, և ինքը այսուհետև սկսեց կառավարել Գյուլիստանի իշխանությունը։ Մելիք-Թամրազից մնաց մի որդի՝ Սարուխանբեկ անունով, որ 1723 թվականի հայոց գունդերի չորս քաջ զորապետներից մեկն էր։

Մելիք-Յուսուբի մայրը՝ խելացի Ղամար-Սոլթանը, որ իր խորհուրդներով ոչ սակավ օգնեց որդու բարձրանալուն, վախճանվեցավ 1753 թ.։ Նրա մարմինը թաղվեցավ Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատանը, Հոռեկա վանքի հանդեպ։

Մելիք-Բեգլարյանների մնացած պատմությունը ժամանակագրական կարգով կտեսնենք մեր հոդվածի շարունակության մեջ։

2. Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների ծագումը։

Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների ծագման մասին մենք շատ փոքր տեղեկություններ ունենք։ Մի գրչագիր պատմությունից քաղում ենք այսքանը միայն, թե Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Եսային Սյունյաց աշխարհի գլխավոր խանին (?) սպանելու համար, որը անբարոյական նպատակներ ուներ նրա քրոջ վերաբերությամբ, 1687 թ. գաղթում է Ղարաբաղ, բերելով իր հետ բազմաթիվ ընտանիքներ։ Խանի զորքերը հետամուտ են լինում նրան, բայց Մելիք-Եսային Մռավ լեռան ձորերի մեջ ջարդում է նրանց, և սպանում է խանի յոթն որդիներին, հափշտակելով նրանցից ահագին պատերազմական ավար, իսկ մնացածներին Հանդաբերդի և Ծար գավառի կողմերից փախցնում է։

Այնուհետև Մռավ սարի լեռնաբնակներին և վրանաբնակներին հետզհետե դեպի ինքը գրավելով, Մելիք-Եսային ավելի զորանում է, տիրում է Կուանք կոչված ձորին և սկսյալ Ռմբոստյան լեռներից մինչև Դյութական գյուղը, որ այժմ կոչվում է Կաթուղկասար, տարածում է իր տիրապետությունը։

Մելիք-Եսայու մահից հետո նրան հաջորդում են մյուս եղբայրները, նախ՝ Ալլահ-ղուլի սոլթանը, հետո՝ Մելիք-Աթամը։ Դրանք, ավելի զորանալով, տիրում են Վերին Խաչենին, Հավքախաղացին, Հանդաբերդին, Հաթերքին, Ականային և Ջրաբերդին, այսպիսով, ավելի ևս ընդարձակում են իրանց իշխանությունը։

Ալլահ-ղուլի սոլթանը, որպես հետո կտեսնենք, դավաճանությամբ սպանվեցավ Շուշի բերդի Փանահ-խանի ձեռքով, իսկ Մելիք-Աթամը երկար պատերազմեց այդ խանի հետ։

Մելիք-Աթամը իր բնակության համար նորոգեց քաղաքատեղ կամ մայրաքաղաք կոչված ավերակների մոտ մի հոյակապ պալատ, որի մեջ տասներկուերորդ դարու վերջերում բնակվում էր Խաչենի և Շամքորի իշխան Վահրամ-շահը։ Իսկ որպես ամրոց ընտրեց իր համար անմատչելի Ջրաբերդը։

3. Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների ծագումը։

Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մնացած չորսը, որպես տեսանք և որպես հետո պիտի տեսնենք, օտար երկրներից գաղթականներ էին։

Խաչենի մելիքների ծագումը շատ հին պետք է համարել, նրանք առաջ են եկել Հասան-Ջալալյան իշխաններից։ Դարերի ընթացքում այնքան բազմացել և ճյուղավորվել էին նրանք, որ Խաչենի փոքրիկ գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Այդ էր պատճառը նրանց վերջին ժամանակների թուլության, որ չէին կազմում մի զորեղ, միացյալ իշխանություն։ Բացի դրանից, միևնույն տոհմից ընտրվում էին Գանձասարի վանքի կաթողիկոսները, որոնց ճնշման ներքո այս երկրի մելիքները շատ չէին զորանում։

Տասնևվեցերորդ դարում Հասան-Ջալալյան իշխաններից նշանավոր էին երեք եղբայրներ՝ Երեմյա կաթողիկոսը, Վելիջան-բեկ 3-ը և Մուլքի-բեկը։

Երեմյա կաթողիկոսը վախճանվեցավ 1700 թվին։ Վելիջան-բեկը վախճանվեցավ 1686 թվին և նրա որդի Եսային Երեմյայի փոխարեն կաթողիկոս դարձավ։ (Դա միևնույն Եսայի կաթողիկոսն է, որ ինչպես հետո պիտի տեսնենք, Պետրոս Մեծի ժամանակ սկսեց ռուսաց կառավարության հետ բանակցություններ անել Դարաբաղում հայոց անկախ իշխանություն հիմնելու համար, ռուսաց հովանավորության ներքո)։ Իսկ Մուլքի-բեկը վախճանվեցավ 1716 թվին և թողեց երկու որդի, երեցը կոչվում էր Մելիք-Գրիգոր, կրտսերը կոչվում էր Մելիք-Ալլահվերդի։

Մելիք-Գրիգորը խելացի, ճարտարախոս մարդ էր. իր շեկության համար պարսիկներից և օսմանցիներից մականուն ստացավ «սարի-մելիք», որ նշանակում է շեկ մելիք։ Զանազան քաջագործություններից հետո նա հեռացավ աշխարհից և, մտնելով Գանձասարի վանքը, վարդապետ ձեռնադրվեցավ։ Մելիք-Գրիգորից հետո նրա եղբայր Մելիք-Ալլահվերդին վարեց Խաչենի իշխանությունը, իսկ այդ վերջինի մահից հետո՝ իր որդի Մելիք-բեկը, որը ութն որդիներ թողեց։ Նրա որդիներից մեկն էր Գանձասարի Հովհաննես կաթուղիկոսը, որ սպանվեցավ Շուշի բերդի Իբրահիմ-խանից։

4) Վարանդայի Մելիք-Շահնազարյանների ծագումը։

Առաքել պատմագրի մեջ կարդում ենք հետևյալը. «Թիֆլիսից դուրս գալով շահը (Աբաս մեծը) գնաց Գեղամա գավառը և այնտեղ դրեց իր արքունի բանակը, իսկ ինքը Շահ-Աբասը իջևանեց Մելիք-Շահնազարի տանը, որ գտնվում էր Մազրա գյուղում և ինքը (մելիքը) բնիկ նույն գյուղացի էր։ Եվ այս Մելիք-Շահնազարը հայոց ազգից էր, հավատով քրիստոնյա, նա փառավոր և հզոր իշխան էր, որը այնպիսի հյուրընկալություն արեց շահին, որպես վայել էր մի թագավորի։ Եվ նա ինքը թագավորի մտերիմը ու բարեկամն էր և հարգելի էր նրա առջև։ Դրա համար թագավորը պատվական ու ազնիվ զգեստներով շքեղացրեց նրան և խալաթներ տվեց, այլև պարգևեց նրան այն գավառի մելիքության իշխանությունը, և ուրիշ դաստակերտներ և գյուղեր ընծայեց նրան և նրա եղբայրներին։ Եվ հաստատուն նոմոս (հրովարտակ) գրեց և կնքեց թագավորական կնիքով և տվեց նրանց, որ այդ ժառանգությունները անփոփոխ լինեն, թե նրանց համար և թե նրանց զավակների համար, սերունդից սերունդ մինչև հավիտյան»։

1682 թվին կովկասյան լեռնաբնակների փոթորկալից արշավանքները Գեղարքունյաց երկիրը ավերակ դարձրին։ Այդ ժամանակ վերոհիշյալ Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Հուսեինը և նրա եղբոր (Մելիք-Միրզա-բեկի) որդի Մելիք-Բաղին թողին Գեղամա լճի եզերքը և գաղթեցին, իրանց ժողովրդի մի մասի հետ, դեպի Ղարաբաղի կողմերը։ Վարանդա գավառի Ավետարանոց (Չանախչի) գյուղը ընտրեցին նրանք իրանց բնակության համար։ Այստեղ կառուցին եկեղեցի, կուսանաց անապատ, և Ավետարանոցը շրջապատեցին ամուր պարիսպներով և նրան բերդի ձև տվին։ Նույն բերդում հիմնեցին իրանց համար ամրոցներ, որոնց հոյակապ շենքերը կիսավեր դրության մեջ մինչև այսօր էլ մնում են։

1721 թվին, երբ կովկասյան լեռնաբնակները դարձյալ հեղեղի նման թափվեցան, ասպատակեցին Շաքին, Շիրվանը, Գանձակը և անցան մինչև Երասխ գետը, այդ ժամանակ, երբ մոտեցան Վարանդային, նրանց առջև դուրս եկավ Մելիք-Բաղին և ազատեց երկիրը ավերմունքից։ Այդ և դրա նման մի քանի անցքեր այն աստիճան գրավեցին տեղային ժողովրդի համակրությունը դեպի Մելիք-Շահնազարյանները, որ ամբողջ Վարանդան ընդունեց իր վրա այդ տոհմի իշխանությունը։

5) Տիզակի Մելիք-Ավանյանների ծագումը։

Մելիք-Ավանյանները նույնպես գաղթականներ են, Լոռի գավառի Արտու անունով գյուղից։ Տասնևվեցերորդ դարում այդ գավառում զորացան Լորիս-Մելիքյանները. այդ տոհմից էր Մելիք-Ավանը (Եգանը), որը Ղուկաս վարդապետի որդին էր։

Մելիք-Ավանը անընդհատ կռիվներ ուներ իր տոհմակից Մելիք-Էլիզբարի հետ, որը բռնությամբ խլել էր Մելիք-Ավանից նրա հայրենի ժառանգությունը՝ Փամբակի ձորը և Լոռիի մի մասը։ Չկարողանալով հաղթել իր թշնամուն և հալածված նրանից, Մելիք-Ավանը իր հոր՝ Ղուկաս վարդապետի հետ և իր ժողովրդով գաղթեց Ղարաբաղի Տիզակ գավառի Տող գյուղը։ Այստեղ նրա հայրը նորոգեց Գտիչ վանքը, միաբանություն հաստատեց և բնակվեցավ նույն վանքում։ Իսկ որդին, Մելիք-Ավանը, Տող գյուղում հիմնեց հոյակապ եկեղեցի և ամրացրեց այդ գյուղը շրջապարիսպներով։ Նրա փառավոր պալատը նույն գյուղում մինչև այսօր էլ մնում է, հայկական արձանագրություններով, որի մեջ բնակվում են նրա ժառանգներից այն մնացորդները միայն, որոնք Շուշի բերդի Իբրահիմ-խանի հալածանքների ժամանակ ընդունեցին մահմեդականություն։ Այդ մահմեդականները ազնվականներ են և պարծանքով են հիշում իրանց նախահոր՝ Մելիք-Ավանի անունը, նրա գերեզմանը օրհնել են տալիս ամեն մի տոն օրերում, և ամեն տարի զատկի ավագ կյուրակեի պատարագը տեղային եկեղեցում նրանց հաշվով է կատարվում։

Մենք համառոտ կերպով ցույց տվեցինք Ղարաբաղի հինգ գավառների Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ տիրապետող մելիքների ծագումը։ Տեսանք, որ այդ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մյուս բոլորը օտար երկրներից գաղթականներ, որոնք համարյա միօրինակ պատմական հանգամանքներից ստիպված, ապաստան են գտել Ղարաբաղի անտառների և անմատչելի լեռների մեջ և հիմնել են իրանց հզոր իշխանությունը։ Այժմ դառնանք դեպի այդ մելիքների ապագա գործունեությունը, որոնք նշանավոր տեղ են բռնում մեր նոր պատմության մեջ։

Be the first who will comment on this

Other parts of "Խամսայի Մելիքությունները"

Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online