Gurgen Mahari
Ծաղկած փշալարեր
7
Այո, շրջահայց էր և զգոն գործարար բակի պետ Վասիլի Տարասովիչ Բիչկոն։ Օրեր անց, երբ գոլ թրծարանը բացեց Աշոտ դային, այս անգամ ուրախությունից տեղն ու տեղը մի ծխախոտ վառեց։
― Կեցցե՛ս, բրուտի տղա, ― բացականչեց Աշոտ դային։ «Բրուտի տղա», ― այսպես էր մեծարում ինքն իրեն Աշոտ դային։
Եկավ Բիչկոն, վերցրեց Լենինի արձանիկները, նայեց չորս կողմից, молодец ասաց, արձանիկները գրպանեց ու գնաց։
Լյուդմիլայի և Մամոյի ուրախությանը չափ֊սահման չկար։ Նրանք միասին մեծ ախորժակով ճաշեցին և միասին բարձրացան յորթերորդ երկնքից էլ բարձր, այսինքն՝ չորանոց մտան հանգստանալու, կեռիկներով փակելով երկու դռները։
Երջանկությունը պոչո՞վ կլինի, թե ականջով։
Երկու օր հետո դռների մեջ երևաց գործարար բակի օրապահ, մեր ճամբարի ամենակրտսեր կալանավոր գնչու Կոլյան։ Տասնվեց տարեկան էր Կոլյան և բախտավոր էր նրանով, որ ամեն օր տեսնում էր իր հորն ու հորեղբորը։ Եվ սա այն պարզ պատճառով, որ նրանք ևս կալանավորներ էին, և մի զարմանալի հրաշքով խաչաձև էտապները նրանց իրարից չէին բաժանել։ Ի՞նչ գործով էին նստած երեք հարազատները, ոչ ոք կարողացավ պարզել։ Երբ այս մասին նրանց հարցնում էին հեռու֊մոտիկ կալանավորները, նրանք, առանձին֊առանձին, բայց մի մարդու նման պատասխանում էին փայլուն ռուսերենով․
― Ցիգանին ինչո՞ւ բռնես, ձի գողանաս, բռնես․․․
― Էլ ինչո՞ւ քաղաքական գործ են տվել և ոչ թե քրեական, ― չէին հանգստանում հարցնողները։
― Պարտիական մարդու ձի գողանաս, քաղաքական ես, ― լինում էր պատասխանը։
Երկու եղբայրեները շատ նման էին, նրանք սև բեղեր ունեին, թավ ընչացք, և դժվար էր որոշել, թե որն է նրանցից մեծը։ Հնար չեղավ նրանց քշել ընդհանուր աշխատանքի, սակայն չի կարելի ասել, որ նրանք չէին աշխատում․ դալար, բարակ ճիպոտներից զանազան չափի զամբյուղներ էին պատրաստում։ Մեծ դժվարությամբ նրանցից պոկեցին Կոլյային և քշեցին գործարար բակ, ուր նա, կարելի էր ասել, դեմք էր։ Երբ նա երևում էր այս կամ այն արհեստանոցում, մի րոպե տիրում էր սպասողական լռություն՝ ո՞ւմ է կանչելու Կոլյան գրասենյակ, պետի կամ պետերի մոտ։ Գրասենյակ կանչվելուց կալանավորները երբևէ լավ բան չէին սպասում և իրավունք ունեին։
Բրուտանոց մտավ Կոլյան անշտապ և լուրջ․ նա շուրջը նայեց և նրա հայացքը կանգ առավ գերմանուհու վրա, որն այդ րոպեին նստած դազգահի մոտ՝ աշխատում էր Դոստոևսկու խոնարհ քթի վրա։ Կոլյան մոտեցավ և մի ձեռքով բռնած երկու բաժին հացը պարզեց նրան։
― Պետը հրամայեց․․․ հանձնել, ― ասաց նա ու դուրս եկավ։
― Ապրո՜ւմ ենք, ուստա՛, ― բացականչեց Մամոն կավի վրա ձեռքը մեջքին պարելով, իսկ գերմանուհու աչքերում արցունքներ երևացին։ Ամենից ուշ Մամոն նկատեց այդ, բայց երբ նկատեց, ասես կորցրեց իրեն, խեղճացավ, փոքրացավ, դուրս եկավ տաշտից, ուզեց շոյել գերմանուհու գլուխը, հետո միտքը փոխեց, մոտեցավ Աշոտ Դայուն․
― Ինչո՞ւ է լալիս, ուստա՛, ― հարցրեց նա խեղճ֊խեղճ։
Աշոտ դային հազաց առանց բերանը բանալու, քթի մեջ՝ ըհը՛֊ըհը՛, այդպես էր նա «հազում», երբ հուզվում էր։
― Երևի հին օրերն է հիշում, Մամո, իր գինն է հիշում․․․ երկու բաժին հաց․․․ այդ կինն իր քաշով ոսկի արժե․․․ դժվար է, Մամո․․․ մոտեցիր, քաղցր խսղք ասա, սիրտն առ․․․
Մամոն մոտենալով գերմանուհուն՝ զգուշությամբ ծեծեց ուսը և ասաց․
― Նիչևո, նիչևո, խառաշո բուդեդ․․․ ոչինչ, ոչինչ, լավ կլինի։
Գերմանուհին վեր կացավ, Դոստոևսկուն դրեց հացի մոտ, թաշկինակը սեղմեց աչքերին և իրեն չորանոց նետեց՝ աչքերը չորացնելու համար։
․․․ Բրուտանոց իմ, բրուտանոց, ինչո՞ւ եմ կարոտում քե՛զ․ ոտով֊գլխով, փոր֊փսորով կորած այն մի բանաստեղծի ասածի նման՝ «այնքա՜ն կրակ, այնքա՜ն կարոտ» մնաց քո փոշում ու դեռ արցունքներ՝ թափված ու կուլ տված, ու դեռ դժխեմ ու պաղ, միապաղաղ օրերի ընթացքը ժանգոտ ջրհորդաններից բանտի բակը հոսող դեղին անձրևաջրի սիրտ կեղեքող երգի նման, ու խոնավ պատերի մթին անցքերում բույն դրած կարիճների նման քեզ հետևող, սակայն անտես ահը․․․ քաղց ու նվաստացում, ցուրտ ու ինքնակուրացում, քո սեփական հոր ծանր սապոգների տակ տրորված․․․ ― էլ ինչո՞ւ կարոտում եմ քեզ։
Ես գիտեմ ինչու, ես գիտեմ։
Եվ ինչպե՜ս այրող կարոտով տենչում եմ լինել գեթ մի անգամ Վարագա լեռան պարզ ու խորունկ հայացքի տակ փռված աստվածաշնչական, հնամենի այն քաղաքում, նստել մեր հին տան ավերակներին և ազատություն տալ արցունքներիս, ճի՛շտ այդպես, ճիշտ այդպես կուզենայի՜ տեսնել քեզ, բրուտանոց։ Դու հիմա չկաս, ինչպես չկան հազարավոր այն ճամբարները, հոգևոր և մարմնավոր այն սպանդանոցները։ Փրկարար մի ձեռք սրբեց մեր երկրի երեսից այդ ամոթը։ Չկա և գործարար բակը, չկան նրա արհեստանոցները։ Գուցե քո պատերից մեկն ու մեկը կանգնած է դեռ, այստեղ֊այնտեղ՝ թրծված ամանների կտորներ, մի գերան․․․ նստել ու լալ, լալ կարոտով ու սիրով, փայփաել քո մնացորդները․․․
Ես գիտեմ ինչու, ես գիտեմ։
Որովհետև եթե Վանի բերդի պարիսպների խստահայաց, քարե թարթիչների տակ թաղվեց իմ գանգրահեր ու խլրտուն մանկությունը, ապա քո փլատակների տակ թողի ես իմ ճղակոտոր ու խոշտանգված երիտասարդությունը, անհուշ ու անվերադարձ․ անհուշ ու անդարձ։
Բրուտանոց դու իմ, բրուտանո՛ց։
Երեկոյան կողմ բրուտանոց մտավ Բիչկոն, անբաժան, կարճ մտրակը ձեռքին, հետ ու առաջ շարժելով։ Ի դեպ ասած, այդ մտրակը նա գործի էր դնում, երբ հարկավոր էր մի բան ցույց տալ։ Այս անգամ նա, դիմելով գերմանուհուն, ցույց տվեց երկու բաժին հացը։
― Գո՞հ ես, ― հարցրեց նա։
― Շնորհակալությո՜ւն, ― պատասխանեց գերմանուհին։
Բիչկոն հասկացավ, որ գերմանուհին դառնացած է։ Նա աջ ձեռքով մտրակը խփեց ձախ ձեռքի ափին մի քանի անգամ և ավելի մոտեցավ գերմանուհուն։
― Ես գիտեմ, որ քո աշխատանքն ավելի արժե․․․ գուցե և կարողանամ մի կերպ երկու բաժին հաց ևս, իմ միջոցներից․․․
― Պետք չէ, քաղաքացի պետ, ― բողոքեց Լյուդմիլան, ― այդ մասին, խնդրում եմ, ոչ մի խոսք․․․ Ես կալանավոր եմ, պարտավոր եմ կատարել բոլոր հրամանները․․․ դրա համար օրաբաժին եմ ստանում․․․ Ես չեմ ուզում հիշել, քաղաքացի պետ, իմ թշվառ կացությունը․․․ Ես իմ արվեստը երբեք վաճառքի չեմ հանել․․․
― Բաժանմունքի պետը և ճամբարի պետը շատ գոհ մնացին քո աշխատանքից, ― ասաց Բիչկոն այնպիսի տոնով, ասես չէր լսել գերմանուհու բողոքը, ― ինձ հաջողվեց թույլտվություն վերցնել, որ դու ազատ ժամերին զբաղվես քո սիրած գործով։ Միայն, ի սեր աստծո (նա իր խոսքն ուղղեց նաև Աշոտ դայուն), կասկածելի մարդկանց գլուխներ մի՛ սարքեք, ձեզ հետ ես էլ կտուժեմ․․․ սարքեք Վորոշիլովին, բանից․․․ սարքեք․․․ ըըը․․․ ― նա մտրակի կոթով ականջի ետևը քորեց և գտավ, ― սարքեք երկու Ստալին նույն պայմաններով․․․ եղա՞վ․․․
―Ոչ չեղավ, քաղաքացի պետ, ― մի փոքր լռելուց հետո առարկեց գերմանուհին, ― ժողովրդի թշնամիների ոտների տակ հունցված կավից, լրտեսի մատներով․․․ դա բարդ գործ է, կապված բարդությունների հետ։ Ինձ հետ դուք էլ կտուժեք․․․ կարող եք հանգիստ լինել, իմ քանդակած բոլոր գլուխները․․․
― Համոզվեցի, ― ընդհատեց Բիչկոն, ― այնուամենայնիվ, մտածիր իմ առաջարկության մասին․․․ Ես, ես կմտածեմ քո առարկության մասին։ Մտածելու բան է, հը՛մ․․․
Նա մի ծխախոտ վառեց ու դուրս եկավ՝ թողնելով իսկական ծխախոտի հաճելի բուրմունքը։
Օրվա այն ժամն էր, երբ Մամոն պատրաստում էր նախընթրիքը, իսկ նա այսօր կարծես այդ մաին չէր մտածում։ Լյուդմիլան մի֊երկու անգամ ետ նայեց Մամոյի կողմը․ վերջինս նստած պատուհանի մոտ ծխում էր՝ տարված ինչ֊որ անուրախ մտքերով։ Օրը թեքվում էր դեպի երեկոն, շուտով կհնչի բանթողի գոնգը, ի՞նչ է մտածում Մամոն։ Իսկ Լյուդմիլան ուտել է ուզում։ Մամոն քիչ բան հասկացավ, ինչպես ինքն է ասում, «Լյութմիլայի» և «Բիչկոյի» բանակցություններից։ Նա այն կարծիքին է, որ Լյուդմիլան դժգոհ է իր վարձատրությունից։ Նա, երևի, կուզենար ավելին։ Մյուս կողմից, պետը տվեց այնքան, որքան խոստացել էր, իսկ Լյուդմիլան չէր առարկել, էլ ինչո՞ւ դժգոհել։ Ի՞նչ քիչ բան է որ երկու բաժին հացը։ Այսօր Մամոն կարտոֆիլ չի խաշի, այսօր կնստեն, հաց կուտեն, այս բառի ոչ թե փոխարաբերական, այլ իսկական իմաստով։ Հա՜ց կուտեն, ի՜նչ ուրախություն, և կուտեն ոչ թե իրենց օրաբաժինը, այլ ուղղակի երկնքից ընկած հաց։ Իսկ ճամբարում սպասում է իրենց օրաբաժինը։ Ինչ լա՜վ բան է առատությունը, մտածում է Մամոն։
Ուրիշ են, ըստ երևույթին, գերմանուհու մտքերը։ Կոլյայի բերած հացը նրա մեջ զարթնեցրեց անզուսպ մի ատելություն դեպի աշխարհը և մարդիկ, հանդեպ նրանց, որոնք հասցրին նրան այդ օրին, երբ երկու բաժին հացը նրա համար վարձատրություն է և ուրախություն։ Նա որոշեց չդիպչել այդ հացին, պատուհանից շպրտել ձորը, նետել պահակների շներին, թող լափեն ու չհարձակվեն կալանավորների վրա կամ տանել, դնել պետի սեղանին և ասել․ ― Վերցրե՛ք ձեր հացը, ես իմ ներշնչումը չեմ ծախի երկու բաժին հացով։
Մամոն վերջացրեց ծխելը, պետք է ենթադրել, որ նա հիմա կվերցնի թիթեղե, ներսը սև, դուրսը գորշ ճաշամանը, կմտնի չորանոց և այնտեղից դուրս կգա մի քանի ցրտահար կարտոֆիլներով։ Իոնասը մի երգ է երգում քթի տակ և ժպտում է իր նորածին ամաններին, Աշոտ դային աշխատում է մի երկարավիզ սափորի վրա, և ըստ երևույթին, նա էլ ինձ նման մտածում է Լյուդմիլայի, Մամոյի և աշխարհի գործերի մասին․ ես վառում եմ վառարանը՝ ջուր տաքացնելու, վաղվա կավահողը թացելու համար․ վառվում է վառարանը, վառարանը երգում է Երևանի ներքին և քաղաքային բանտերում այնքան տարածված անհայտ բանաստեղծի և երգահանի երգը․
Ամեն կիրակի օր մայրս գալիս է,
Չեկայի դռան կանգնած լալիս է,
Ուրիշին խնդրելով հացս տալիս է,
Մայրիկ, անմեղ բալեդ բանտում է ընկած։
Իսկ Մամոյի ճաշամանը վառարանի վրա չի երևում, իսկ Լյուդմիլան ուտել է ուզում, իսկ․․․ գլուխը բարձրացրեց աշխատանքից (նա Դոստոևսկու ձախ ականջն է զգուշությամբ փորփրում) և նայեց Կոլյայի բերած հացի երկու բաժիններին։ Այն միտքը, որ նա օրինական տերն է այդ օրաբաժինների, հիմա նրան գոհունակություն է պատճառում։ Գերմանուհին զգաց, որ քաղցը խլրտաց ներսում, նա մինչև անգամ զգաց հացի սուր և թթու, ախորժելի բուրմունքը։
Օրաբաժիններից մեկի վրա լուցկուց հաստ փայտիկով ամրացված էր մի կտոր հաց, ըստ երևույթին, կես կիլոգրամը լրացնելու համար։ Նա սիրով կուտեր գոնե այդ կտորը։ Չի էլ նկատվի, որ օրաբաժնից մի բան պակասեց։ ― «Ի՞նչպես Կոլյան այդ կտորը ճանապարհին չի կերել, ― մտածեց նա, ― երևի կուշտ է․․․»։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես փոքրիկ կտոր հացը մայր կտորին ամրացնող փայտիկը դուրս եկավ, ընկավ պատուհանի գոգը, իսկ կտոր հացը հայտնվեց իր բերանում։ Ծամեց արագ, կուլ տվեց, ուտելու ցանկությունից նա ասես դողաց։ Նա զգաց, որ Մամոն շարժվեց տեղում, ու նորից անշարժացավ։ Ու զգաց իր արածի ողջ անհեթեթությունը։
Մամոն, այդ խեղճ, բարի Մամոն ամեն օր իրեն հյուրասիրել է իր խեղճ հնարավորություններով, իր չունեցածից, իսկ ինքը երբ որ հիմա տեր է դարձել միանգամից երկու օրաբաժին հացի, նստել, հիմարաբար ամեն բանի մասին մտածում է, բացի այն մասին, որ Մամոյին պետք է կերակրել գեթ մի անգամ։ Եվ իզուր նա պետի նոր պատվերը մերժեց։ Պե՞տք է մի կերպ ապրել, թե ոչ։ Իսկ ազատության մեջ գտնվող քանդակագործներն ու նկարիչները սրտով և հոգո՞վ են քանդակում ու նկարում նրա բոյ֊բուսաթը․․․ Ճիշտ ասաց մի անգամ պետը, ― ժամանակները ծանր են, պետք է հարմարվել։ ― Իրե՞ն է մնացել հերոսությունը։ Ի՞նչ հերոսություն։ Խփիր գլուխդ պատին, պատը չես ջարդի, գլուխդ կջարդես։ Դա ի՜նչ հերոսություն է․․․ Օ, մայն գոթ, օ, մայն գոթ, շշնջաց նա, ոտքի կանգնեց, երկու ձեռքով վերցրեց երկու օրաբաժինները և գորգերի վրա քայլող տանտիրուհու շորորուն քայլերով դիմեց դեպի չորանոցը։
― Մումու, գնանք․․․
Մամոն ժպտաց շփոթված մանկան ժպիտով և հետևեց նրան։
Դուռը ծածկվեց։
― Այդպիսի բաներ, հայդուկ, ― թեթևացա՞ծ, թե դառնացած բացականչեց Աշոտ դային՝ արագացնելով անիվների ընթացքը։ Իոնասը չէր ժպտում։
― Օրը դժվար է, ― ասաց նա։ Երևի ուզում էր ասել՝ ծանր է։