Gurgen Mahari

Ծաղկած փշալարեր

3

Օրե՛ր, բրուտանոցում նույնպես զգացվող կարճատեւ գարնան օրեր։ Արեւը չի թափանցում այստեղ, բայց ոչ խոր ձորի վրա բացվող պատուհանների պղտոր ապակիների միջից կարելի է տեսնել արեւի լույսով լցված ձորը, որի միջով ոլորվում է հանդարտ մի գետակ։ Այստեղից մենք՝ ես եւ Մամոն թիթեղե դույլերով ջուր ենք կրում բրուտանոցի կարիքների համար։ Ինձ համար մեծ վայելք է տարվա այս եղանակին, այսինքն մայիսի երկրորդ կեսից մինչեւ հունիսի առաջին կեսը կավը պատրաստելուց հետո վերցնել իմ կերզե ոտնամաններն ու գուլպաները, բոբիկ ոտներով իջնել ձորը, նստել գետափին, կանաչների վրա եւ լվալ ոտներս։ Մի ամսից ավելի չէր տեւում երանական այս շրջանը, որովհետեւ հունիսի երկրորդ կեսից գործարար բակը փակվում էր, եւ նրա բոլոր բաժանմունքների արհեստավորներն անխտիր քշվում էին դաշտային աշխատանքների մինչեւ ուշ աշուն, այսինքն բերքահավաքի եւ սեպտեմբերի վերջը, որից հետո փչում էին ձմեռային ձյունախառն հողմունք։

Սկզբի օրերին հսկիչ աշտարակի վրա կանգնած զինված պահակները անհանգստացան՝ տեսնելով ինձ գետափին, բոբիկ ոտներով։ Մի երկու անգամ մինչեւ անգամ իմ ականջին հասավ նրանց սուլոցը, սակայն, ըստ երեւույթին, նրանք նկատեցին որ ես փախչելու ոչ մի մտադրություն չունեմ եւ զբաղված եմ խաղաղ, անվտանգ գործով։ Ու ինձ հանգիստ թողին։

Ես նստում էի գետափին տասից֊տասնհինգ րոպե եւ օրհնում էի աշխարհի ստեղծումն ու իմ ծնունդը։ Մոռացած բոլոր դառնություններն ու իմ թշվառ վիճակը՝ ես վերանում էի հոգով, սավառնում գործարար բակից հեռու, եւ զինված պահակների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ես իմ ողջ էությամբ գտնվում եմ դուրս, անսահման դուրս նրանց հսկիչ կետերից։ Ես մտքով թռչում էի դեպի իմ մանկությունը, հիշում Հայոց ձորը, Խոշաբա գետը… Հետո փոխվում էր պատկերը, ես արդեն երիտասարդ՝ Հրազդանի ափերին, Հրազդանի ձորում, Երեւանում։ Իմ ծննդավայրի գետերի կարոտը ես Հրազդանից էի առնում, Վանի կարոտը՝ Երեւանից, եւ այդ էլ նրանց շատ թվաց։

Ինձ զրկեցին դրանից էլ, մի գիշերում ոճրագործ դարձրին եւ արգելափակեցին հինգհարկանի տուֆակերտ շենքի նկուղային հարկի անարեւ ու նեղ խցերից մեկում, որի պատերը հաստ էին, այնքան հաստ, որքան իմ սիրտն էր բարակ։ Սարսափելին այն էր, որ բռնության այդ տունը կառուցված էր այն զբոսայգու դեմ, որը կոչվում էր ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի անունով, ուր եւ պիտի բարձրանար նրա հուշարձանը… Իմ մտքերը կառչեցին այդ հուշարձանից, հետո պոկվեցին նրանից եւ ուրիշ ընթացք ստացան, ես հիշեցի ինձ ծանոթ քանդակագործներին եւ նկարիչներին։ Ի՞նչ են քանդակում նրանք եւ ի՞նչ են նկարում։ Բայց ահա գործարար բակի պետը՝ Վասիլի Բիչկոն ասաց, որ հիմա ներկարարներն ավելի հարգի են, քան նկարիչները։ Մի՞թե։ Այս աղետը, պարզ է, վերաբերվում է այն երկրամասերին, որոնք գտնվում են փշալարերից ներս… Իսկ փշալարերից դուրս նկարիչներն են հարգի, եւ ներկարարներն անգամ նկարչությամբ են զբաղվում։ Երեւի՛։

Ես լսում եմ թիթեղե դույլերի զնգզնգոց եւ առանց հետ նայելու գիտեմ, որ այդ Մամոն է իջնում ձորը՝ երկու ձեռքով բռնած չորս դատարկ դույլեր։ Չոր ու աններդաշնակ այդ զնգզնգոցն ինձ վերադարձնում է իրականության զգացուղությանը։ Երազը վերջացավ, մնացին հսկիչ աշտարակներն իրենց զինված պահակներով, Մամոն չորս դույլերով ու ես՝ իմ կերզե Աբու֊Հասանի մաշիկներով։

Մամոն այսօր աշխույժ է, մի տեսակ ոգեշնչված, անգա՛մ բարի։ Նա լցնում է իր երկու դույլերը, հետո իմ երկու դույլերը, ապա վերցնում է իր երկու դույլերն ու ծանր, բայց հաստատուն քայլերով բարձրանում զառիվերով, ի միջի այլոց, ասելով «Ռապոտաց նադը… այսինքն՝ պետք է աշխատել, այսինքն՝ բավական է երազել ու դեռ այսինքն՝ վերցրու դույլերդ, ջուր հասցրու, հարկավոր է վաղվա կավի համար հող պատրաստել, հող կրել։

Դույլերը կախվում են իմ երկու ձեռքից, եւ մենք դանդաղ եւ ոչ այնքան հաստատուն քայլերով բարձրանում ենք դեպի այնտեղ, ուր սերն է սավառնում ու մարդկային ստեղծագործական մտքի վսեմ թռիչքը, դեպի բրուտանոց, ուր, այո, Մամոյի սերն է սաղմնավորվում եւ ուր, նստած փակ պատուհանի մոտ, քառակուսի տախտակին մի գունդ կավ ամրացրած՝ քանդակագործուհի Շարթը շարժուն մատներով ինչ֊որ ձեւ է տալիս անշունչ կավին։ Հետո նա թողնում է իր աշխատանքը եւ շտապ քայլերով դուրս է գալիս բրուտանոցից։

Այդ միջոցին ես եւ Մամոն, ես առաջից, Մամոն ետեւից, պատգարակը բռնած, թեթեւ քայլերով գնում ենք դեպի բրուտանոցի դեմ֊դիմաց գտնվող փոքրիկ հողաբլուրը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք այնտեղ շեկ հող ենք փորում, կրում բրուտանոց եւ լցնում տաշտը՝ կավ պատրաստելու։ Հարմարության համար մենք հողը փորում ենք դեպի խորքը, եւ հիմա հողաբլրի մեր կողմից շահագործվող մասը նման է մի մեծ, իր լայնությամբ մանավանդ մեծ՝ խորանի։ Մենք վար ենք դնում պատգարակը եւ վերցնում բահը, սկսում փորել եւ խոնավ, շեկ հողով բեռնավորել պատգարակը։ Մամոն ճարպիկ ոտներով ցատկում է հողաբլուրին եւ աչքերով սկսում չափել գործարար բակի լայնքն ու երկայնքը։ Նրան, ըստ երեւույթին, հետաքրքրում է, թե ո՞ւր գնաց Լյուդմիլան։

Հյուսնոց մտավ, ասում է նա կարծես ինձ հանգստացնելու համար եւ վերցնում բահը։

Պատգարակի վրա կանգնեց հողե մի Փոքր Մասիս, ու մենք հիմա տանում ենք այն դեպի բրուտանոց ծանր քայլերով, այս անգամ Մամոն առաջից, իսկ ես՝ ետեւից։

Երբ թվով չորրորդ Փոքր Մասիսը գահավիժել էր տաշտում, թեթեւ ու գործնական քայլերով ներս մտավ գերմանուհին․ նա նստեց պատուհանի մոտ եւ սկսեց շարունակել ընդհատված աշխատանքը՝ գործի դնելով ոչ միայն մատները, այլեւ հյուսնոցից բերած մեծ ու փոքր, հաստ ու բարակ փայտիկներն ու շեղբերը։

Իոնասն իր բարակ ժպիտով եւ նույնքան բարակ մատներով ամաններ էր ձուլում եւ աչքի տակով, բանիմաց հայացքով, հետեւում Լյուդմիլայի աշխատանքին։ Կրթված տղա է Իոնասը, նա լայն հասկացողություն ունի արվեստի եւ գրականության մասին․ հաճախել է Վիլնյուսի պետական համալսարանը ու թեեւ ուսանել է իրավաբանական ֆակուլտետում՝ իրավաբան դառնալու համար, սակայն լայն զարգացում ունի, ինչպես պարզվեց մեր մի երկու կցկտուր, կարճ խոսակցություններից։ Առաջինը նա նկատեց, որ գերմանուհու մատների տակ անշունչ կավն ասես շնչեց, ու ձեւավորվեց ծանոթ մի գլուխ, ծանոթ դիմագծերով։

Ալեքսանդրաս Պո՛ւշկինաս, ասես շշնջաց նա, բայց բոլորը լսեցին Իոնասի ժպտուն ձայնը։

Գերմանուհին ետ նայեց երախտագիտությամբ ու շնորհակալությամբ լեցուն աչքերով եւ ժպտաց Իոնասին։ Մամոն զգաստացավ։ Նա կանգնեց այնպես, որ Իոնասը չկարողանա տեսնել հրաշագործ Լյուդմիլայի աշխատանքը, Աշոտ դային քթի տակ խնդմնդաց։ Մամոն կախարդված նայում էր գերմանուհու արագաշարժ ու ճարպիկ մատներին։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայուն եւ ադրբեջաներեն ասաց․

Ոսկի ձեռք ունի։

Հետո հարցրեց․

Ո՞ւմ գլուխն է։

Ռուս շահիր Պուշկինըն բաշի դըր, պատասխանեց Աշոտ դային, ռուս բանաստեղծ Պուշկինի գլուխն է։

Տեսա՞ր դու աղջկան, հիացավ Մամոն։

Այս աղջին ազատության մեջ մեկ երկու օրում հազարներ կարող է աշխատել, ասաց Աշոտ դային։

Ի՞նչ ես ասում, մարդ, գրեթե շշմեց Մամոն։

Գիտեմ ինչ եմ ասում, ասաց Աշոտ դային, իսկ այստեղ քաղցից այնքան է նիհարել, որ ամենաճարպիկ եւ հնարագետ ագռավն մի կտոր միս չի կարող պոկել նրա մարմնից…

Մամոն ավելի կարճացավ, իսկ նրա բեղերն ավելի երկարեցին ու կախվեցին։ Երեւում էր, որ նա մտքում ինչ֊որ կարեւոր որոշում էր ընդունում։ Մամոն դանդաղ, բայց վճռական քայլերով չորանոց մտավ եւ այնտեղից դուրս եկավ մի քանի կարտոֆիլով։ Քիչ հետո վառարանի երկաթե սալի վրա Մամոյի կատելոկը քլթքլթում էր՝ շուրջը տարածելով եփվող կարտոֆիլների փափուկ ու տաք բուրմունքը, որը եւ հասավ, ըստ երեւույթին, իր աշխատանքով տարված գերմանուհուն։ Նա անհանգստացավ եւ մի քանի անգամ շուռ եկավ, նայեց դեպի վառարանը։

Եփված կարտոֆիլները դուրս գլորվեցին կատելոկից, մխացին, ավելի որոշակի բուրեցին, մաքրվեցին կճեպից, նորից կատելոկ մտան եւ Մամոյի ծանր, փայտե գդալի տակ վերածվեցին խյուսի։ Մամոն գրպանից հանեց կեղտակուր շորի մի հանգույց, արձակեց, պտղունցով, զգուշությամբ աղցանեց խորտիկը, հետո ինքն իրեն ժպտալով՝ հանգուցեց մնացորդը, գրպանեց, ապա մյուս գրպանից դուրս քաշեց իսկական սոխի մի փոքրիկ, կարելի է ասել՝ թարմ գլուխ, իր անհամար գրպաններից մեկից հայտնաբերեց ծռված բերանով ինքնագործ ձեռագործ դանակը, ամենայն զգուշությամբ եւ խնամքով կճեպը հանեց, մանրեց սոխը կարտոֆիլի վրա, խորը շնչեց համադամ խորտիկի ախորժաբեր հոտը, նորից խարնեց եւ համտեսեց․ էվալլա՜հ…

Պետք է ենթադրել, որ սոխի բույրը նույնպես հասավ գերմանուհուն, նա նորից անհանգստացավ, շարժվեց,… Այդ միջոցին Մամոն պատուհանի գոգից վերցրեց Լյուդմիլայի գդալը, դրեց կատելոկի մեջ, իր գդալի կողքին, ապա մոտեցավ եւ կես֊կարգադրող, կես֊խնդրող ձայնով ասաց․

Կուշատ նադո, պաժալուստա, պետք է ուտել, խնդրեմ։

Գերմանուհին շարժվեց տեղից եւ ոտքի կանգնեց։ Մամոն քայլեց դեպի չորանոց։ Գերմանուհին հնազանդ ու անմռունչ հետեւեց նրան։

Դուռը ծածկվեց։

Be the first who will comment on this

Other parts of "Ծաղկած փշալարեր"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

De Profundis
De Profundis
Play Online