Gurgen Mahari
Ծաղկած փշալարեր
2
Այսպես մեզ մոտ հայտնվեց նա, Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած եւ միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած եւ նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ֊նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը, որը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր եւ եղել էր Բեռլինում։
Ի՞նչ գործով ես նստած, հարցրեց Աշոտ դային, երբ նրանք դուրս եկան չորանոցից։
Լրտես եմ, պատասխանեց Լյուդմիլան՝ հանելով վերարկուն եւ կախելով բրուտանոցի միակ սյունին խփված մեխերից մեկից, շպիոնաժ…
Գործ արե՞լ ես։
Երեւի։ Իմ ցուցմունքներում եւ արձանագրություններում ամեն ինչ ապացուցված է։ Շատ լավ եւ հմուտ քննիչի ձեռք ընկա։
Աշոտ դային ժպտաց․
Ծեծե՞ց…
Ծեծը արդյունք չտվեց։ Եվ նա դիմեց ավելի ազդեցիկ միջոցների։
Այսի՞նքն։
Լյուդմիլան լռեց, ապա պատասխանեց․
Ինձ մի հարցաքննեք, միեւնույն է, ես չեմ կարող ձեզ պատմել այն, ինչ իմ հետ արին… դա տղամարդուն պատմելու բան չէ… եւ ընդհանրապես, հարազատ քրոջը անգամ չեմ պատմի։
Եվ արդյո՞ւնքը…
Արդյունքը հայտնի է։ Քսանհինգ տարի։
Ալլա՛հ֊ալլա՛հ, գոչեց Մամոն՝ երկու ձեռքը պարզելով դեպի բրուտանոցի առաստաղը, ադրբեջաներեն մի հանգամանալից եւ մանրակրկիտ հայհոյանք ուղարկելով Լյուդմիլայի դատավորի հասցեին․ եւ որպեսզի կինը հասկանա, որ ինքը դեմ է դատավորի դատավճռին եւ ամբողջ հոգով համակրում է թշվառ զոհին ավելացրեց․
Վա՛յ, սվոլիչ, վա՜յ…
Այսպիսի բաներ, ասաց Լյուդմիլան եւ մտավ իր չորանոցը։
Բրուտանոցում ընդհատված աշխատանքը շարունակվեց։ Մամոն այդ օրը, որքան ինձ թվաց, ավելի շուտ դուրս եկավ տաշտից։ Ես փոխարինեցի նրան, կավը հասցրի իր կոչման աստիճանին եւ սկսեցի հանել տաշտից։ Մի անգամ էլ դազգահի վրա ձեռքով տրորելով կավը եւ տալով նրա գունդերին հացի բուխանկաների երկարավուն ձեւ, շարեցի այդ թուխ «բուխանկաները» Աշոտ դայու եւ Իոնասի երկու կողմերին դրված տախտակներին։ Կավը պատրաստ էր։
Դուրս գալով տաշտից, Մամոն լվաց ոտները եւ մտավ չորանոցը։ Առանց այլեւայլության։ Հաստատուն քայլերով։ Առանց անհարմար զգալու։ Ոչ ոք կարող էր նրան մեղադրել անտակտության կամ անկարգության մեջ, որովհետեւ չորանոցի մի անկյունում Մամոն հարմարեցրել էր մի քանի տախտակ, որոնց վրա նա հանգստանում էր ամեն օր, ճաշից հետո։ Այնտեղ էին գտնվում նրա հացի տոպրակը, ճաշամանը, այնտեղ էին գտնվում նաեւ նրա գուլպաներն ու ծանր կոշիկները, որովհետեւ այնտեղ էր հանվում ու հագնվում նա։ Այնտեղ էր ոչ միայն Մամոյի արդուզարդարանը, այլեւ նրա պահեստն ու մառանը․ տախտակների տակ, մի անկյունում, գրեթե անպակաս էին մի քանի կիլո կարտոֆիլ, մի քանի ստեպղին, մի քանի շաղգամ։ Որտեղի՞ց էր ձեռք բերում Մամոն այս անորակ, թոռոմշած մթերքները՝ միայն իրեն էր հայտնի եւ ադրբեջանական աստծուն։ Գրեթե ամեն օր, ճաշից հետո եւ բանթողից առաջ, նա իր ժանգոտած, թիթեղե «կատելոկում» մի երկու կարտոֆիլ էր խաշում եւ ուտում մեծ ախորժակով, ամեն անգամ մեզ եւս հրավիրելով իր ճաշկերույթին եւ ամեն անգամ ուրախությամբ ընդունելով մեր քաղաքավարի մերժումը։ Ես չէի կասկածում, որ եթե մեզնից մեկնումեկը սխալվեր եւ ընդուներ նրա սիրալիր հրավերը, ապա Մամոն կմթներ կարկտի տակ ընկած Աբասթումանի անտառների նման։
Թեեւ չորանոցի դուռը ծածկված էր, բայց լսվում էր Մամոյի խուլ ձայնը։ Նա, ըստ երեւույթին, գերմանուհուն ինչ֊որ բան էր բացատրում կամ գուցե պատմում՝ գործի դնելով իր ռուսերենի ողջ բառապաշարը։ Մի անգամ իմ եւ Աշոտ դայու հայացքներն իրար հանդիպեցին․ նա մի աչքը կկոցեց եւ գլուխը շարժեց։ Իսկ այդ նշանակում էր՝ «Գործերը լավ են», կամ՝ «Տեսնո՞ւմ ես դու մեր Մամոյին»։
Ահա եւ լսվեց ճաշի գոնգի խուլ ձայնը։ Չորանոցի դուռը բացվեց, եւ Մամոն արտակարգ աշխուժությամբ պատուհանի գոգից խլեց ճաշի փայտե դույլը եւ սլացավ դեպի խոհանոց։
Մամոն գտավ իր բախտը, ասաց Աշոտ դային։
Պատրաստվեցինք ճաշի։
Մենք լվացվեցինք եւ սովորականից ավելի զբաղվեցինք մեր արդուզարդով։ Ես ջրով լվացի իմ կերզե ոտնամանները եւ շատ գոհ մնացի իմ հնարամտությունից։ Աշոտ դային մտավ չորանոցը՝ երեւի Լյուդմիլային ճաշի հրավիրելու․ նա սեփական արդյունաբերության ապրանքներից մի նոփ֊նոր աման տվեց իր հիմնարկության աշխատակցուհուն։
Շնորհակալությո՜ւն, ասաց Լյուդմիլան տխուր ժպիտով, այսպես որ գնա, կհարստանամ։
Հետո ցույց տալով չորանոցի կողմը՝ նա հարցրեց․
Ձեր օգնականի անունն ի՞նչ է։
Մամո, պատասխանեց Աշոտ դային։
Մամու, ձգեց աղջիկը Լյալյայի նման։ Իսկ… ի՞նչ գործի է եղել նա…
Ճիշտն ասած՝ չեմ հարցրել, խուսափեց Աշոտ դային։
Ես գիտեմ, թե ինչու նա ճիշտը չասաց․ առհասարակ նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երեւի չփչացնելու համար Մամոյի գործը։ Աշոտ դային իրեն հատուկ նրբանկատությամբ հասկացավ, որ Մամոն պիտի աշխատի ամեն կերպ գրավել գերմանուհու սիրտը․ զգում էր եւ այն, որ վերջինս կարող էր բռնել Մամոյի պարզած ձեռքը… Կբռնե՞ր նա Մամոյի ձեռքը, եթե նա՝ Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած նկարչուհի֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթը՝ իմանար, որ այդ ձեռքի տերը ոչ այլ ոք է, եթե ոչ աբաստումանցի անգրագետ մի կառապան, որ նա այդ ձեռքով մտրակ է բռնել եւ մտրակը շարժել ձիերի վրա, հաբարդա՜… ճիշտ է, ճամբարում նման նախապաշարումները մղված էին հետին տեղը, բայց դժվար էր պատկերացնել ավելի անհարիր զույգ, ադրբեջանցի կառապան եւ գերմանացի նկարիչ֊քանդակագործուհի…
Եկավ Մամոն, ճաշի դույլը դրեց պատուհանի գոգը, վերցրեց Լյուդմիլայի ձեռքից Աշոտ դայու տված ճաշամանը, ցուցամատի կոճով տկտկացրեց, ինչ֊որ բան քրտմնջաց քթի տակ եւ բեղերի վրա, արագ մտավ չորանոց եւ դուրս եկավ մի ուրիշ կամ գուցե նույն ամանը ձեռքին, մաքուր ջրով լվաց, հոտ քաշեց եւ պարզեց ամանը Լյուդմիլային։
Նստեցինք ճաշի, որի ընթացքում Մամոն շարունակ հայհոյեց խոհարարին, որը, Մամոյի ասելով, հրաժարվում էր Լյուդմիլայի բաժին ճաշը տալուց, առարկելով, որ տեղեկանք չկա։ Մամոն սարսափելի բարկացել է, առանց վախենալու խոհարարին դուռակ է անվանել եւ վերցնելով բրիգադների ցուցակը՝ գտել է բրուտանոցի բաժանմունքը, որի դիմաց ջնջված 3֊ի փոխարեն գրված է եղել 4…
Դուռակ, նեպանիմայե՞շ, ահան չըտիրի…
Մամոյի ասելով…
Աշոտ դային լսում էր ու քթի տակ ներողամիտ ժպտում։ Պարզ էր, որ Մամոն հնարում էր, Մամոն, ավելի շուտ, ալլահին կարող է դուռակ անվանել, քան խոհարարին, այս ամենը հնարում էր նա Լյուդմիլայի սիրտը շահելու համար, եւ չէր կարելի ասել, որ Մամոյի ջանքերը զուր էին․ գերմանուհու աչքերը փայլում էին երախտագիտական փայլով։
Մի ուրիշ բան էլ պատահեց․ մենք ճաշի նստեցինք, մեր տոպրակներից հանելով ճաշի համար խնայված հացի կտորները։ Լյուդմիլան ստիպված եղավ խոստովանել․
Ես իմ բաժին հացը միանգամից ուտում եմ… չեմ կարող պահել… չի լինում…
Այդ լավ չէ, ասաց Աշոտ դային, հացի բաժինն ստանալիս պետք է բաժանել երեք հավասար մասերի…
Չեմ կարող, տրտնջաց կինը։
Ու պատահեց հրաշքը․ Մամոն իր բաժին հացից կտրեց մի կտոր եւ պարզեց գերմանուհուն։ Մամո՜ն։