Gurgen Mahari

Ծաղկած փշալարեր

4

Ես հիշում եմ երկու տարի առաջվա գարնանային այն երեկոն, երբ կալանավորները, վերադարձած աշխատանքից, ընթրել, հանգստանում էին տախտակամածներին, իսկ ուրիշները, նստած գետնափոր բարաքների գետնից քիչ բարձր տանիքներին, ծխում ու խոսում էին Ստալինգրադում մոլեգնող մարտերի մասին։ Խումբ֊խումբ, ըստ ազգային պատկանելության, նրանք խոսում ու դատում էին իրենց մայրենի լեզուներով, եւ բոլոր ազգություններն ունեին իրենց ռազմաքաղաքական «մեկնաբաններն» ու «մասնագետները»։ Նրանց մեջ կարելի էր գտնել, իսկապես բարձրաստիճան զինվորականների, որոնք դիմազրկված էին կալանավորական հագուստ֊կապուստում։ Այդպիսիք, սակայն, չէին մասնակցում վիճաբանություններին, ծխում էին լուռ եւ տարված էին իրենց մտքերով։ Լեհ գեներալ Մստիսլավ Նուշիչը միայն այսօր բացառություն է կազմում երեւի․ նա լսում է թեր ու դեմ կարծիքները եւ ժպտում՝ շարժելով գլուխը․ Так-так… а я думаю…

Ահա այդ միջոցին էր, որ գրասենյակից դուրս եկան ճամբարի պետ Տոնկարյովը, կարգադրիչ Սիդորովն ու կոմենդանտ Ժիգիլյավսկին։ Ժիգիլյավսկին մոտեցավ գոնգին եւ երեք անգամ հարվածեց։ Երեք անգամ գոնգը տնքաց ու լռեց։ Արտակարգ երեւույթ հանգստի համար դեռ շուտ էր, ընթրիքը նոր էր վերջացել, ի՞նչ կարող էր լինել։ Ճամբարով մեկ տարածվեց կոմենդանտի կռինչը․

Երկու֊երկու շարվել մեծ ճանապարհի վրա՜… ավագնե՜ր, դո՛ւրս քշել բոլորին բարաքներից… քրեականներին չի վերաբերվում…

Աղմուկ եւ իրարանցում։

Ճամբարի հարյուրավոր բնակիչները շարվեցին մեծ ճանապարհի վրա։ Նման անակնկալ դեպքերում երկու միտք էր ծագում կալանավորների ուղեղում, երկու ենթադրություն՝ իրարամերժ եւ անհարիր, ընդհանուր ներում կամ գնդակահարություն։ Միջին ենթադրություն չկար։ Տիրում էր մեռելային լռություն, եւ մարդիկ լարված ներվերով սպասում էին՝ ի՞նչ պիտի անեն իրենց հետ։ Պիտի ասել, որ սովորաբար նման միջոցառումները հիշեցնում էին «բազում աղմուկ վասն ոչնչի» ասույթը, եւ մարդիկ հիասթափված ցրվում էին իրենց գործին, տխուր՝ որ ընդհանուր ներումը չկա ու չկա եւ ուրախ՝ որ չգնդակահարեցին։

Այս անգամ պատկառելի եռյակն անցավ երկշարք կանգնած կալանավորների առջեւով։ Պետի մատնանշումով առանձնացան մոտ երկու տասնյակ կալանավորներ։ Հետո՞։ Ի՞նչ պիտի անեն նրանց հետ։ Մեծ եղավ բոլորի հիասթափությունը, երբ նրանց զինեցին բահերով, քլունգներով եւ հրամայեցին մետրաչափ անջատով փորել մետրանոց խորությամբ փոսեր։ Չափեցին բավականին մեծ մի տարածություն, եւ սկսվեց աշխատանքը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչի են ծառայելու այդ խորհրդավոր փոսերը։ Մի բան միայն պարզ էր․ գերեզման չէր փորածները։ Մյուս օրը շարունակվեցին աշխատանքները։ Բերին սյուներ, իջեցրին փոսերը, ամրացրին հողով։ Պարզվեց, որ սյունաշարն անջատում է ճամբարի հարավարեւելյան անկյունն՝ իր մեջ առնելով հինգերորդ եւ վեցերորդ բարաքները։ Շշուկներ տարածվեցին, որ քրեական հանցագործներին առանձնացնում են։ Եվ ուրախացան քաղաքականները, ցնծացին հույժ։ Այս ուրախությունն ու ցնծությունն ունեին լուրջ պատճառներ։ Քրեականները քաղաքականներին օր֊արեւ չէին տալիս։ Նրանք լագերի բացարձակ տերերն էին, եւ նրանց ու քաղաքականների փոխհարաբերությունը շատ էր հիշեցնում կատուների եւ մկների փոխհարաբերությունը։ Նրանք ոչ միայն տերն ու տնօրենն էին քաղաքականների անձնական իրերի եւ ծանրոցների, այլեւ կարող էին հարձակվել խոհանոցի վրա եւ ֆիննական դանակի սպառնալիքի տակ հափշտակել հարյուրավոր բանտարկյալների համար ստացված մսի եւ յուղի օրվա խղճուկ պաշարը։ Ասենք, առանց այն էլ քաղաքականներն իրենց ճաշամաններում մսի կտոր չէին տեսնում, ոչ էլ յուղի հոտ առնում, որովհետեւ եթե մինչեւ անգամ շեֆ֊խոհարար Մեսրոպ Էֆենդի Ուզունյանն ամենայն բարեխղճությամբ ստացված միսն ու յուղն իջեցներ ընդհանուր կաթսան, կկորչեին նրանք վիթխարի կաթսայի ընդերքում, այնպես, ինչպես մի քանի պարկ աղ իջեցնես ալանի լիճը, հույսով, որ լճի ջուրը կփոխի իր համը…

Երբ սյուների արանքները ծածկվեցին տախտակներով, եւ նրանց վրա քաշվեցին փշալարեր, երբ հինգերորդ եւ վեցերորդ բարաքները դարձան անտեսանելի, մի նոր նորություն ցնցեց ճանբարը․ մի նորություն, որն ավելի մեծ էր ու նշանակալից, քան քրեականների մեկուսացումը։ Սպասվում է կանանց էտապ։ Նրանք պիտի ապրեն հինգերորդ եւ վեցերորդ բարաքներում․ ահա այն լուրը, որն ալեկոծեց ողջ ճամբարն ու նրա տխուր բնակիչների առերեւույթ թմրած հոգիները։

Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան։ Առանց տարիքի խտրության նրանք զգում էին կնոջ բացակայությունը կամ չէին զգում, կարոտում կամ անտարբեր էին։ Նրանցից շատերը երազում կին էին տեսնում եւ չնայած որ սիրում էին պատմել ամենայն մանրամասնությամբ իրենց տեսած երազները, բայց այս մասին լռում էին։ Պատահում էր, որ երբ աշխատում էին բաց դաշտում, հեռվում ձգվող ճանապարհի վրա երեւում էր մի կին, որի տարիքը որոշել դժվար էր։ Նրանք թողնում էին աշխատանքը եւ երազուն, թախիծով լեցուն աչքերով նայում այդ շարժուն, ավելի շուտ դանդաղորեն սահող կախարդական կետին։ Զինված պահակը մի րոպե զարմանում էր՝ ինչո՞ւ ընդհատվեց աշխատանքը, հետո նայում էր նրանց նայվածքների ուղղությամբ, գտնում դրդապատճառը եւ գոռում․

Արյուններդ ե՞ռ եկավ… աշխատե՛ք, ես ձեր…

Այսպես վերջանում էր երազը եւ շարունակվում ծանր առօրյան։ Կալանավորները հիմա են հասկանում իրենց քննիչների՝ տարիներ առաջ տված սպառնալիքը․

Ես քեզ այնպիսի տեղ քշեմ, որ հրացանի գնդակի հեռավորության վրա միայն կին տեսնես…

Ահա թե ինչու կանանց էտապի ժամանման լուրը ատոմային ռումբի նման պայթեց ճամբարում, մի պայթյուն, որից մարդիկ ոչ թե մահացան, այլ վերածնվեցին։ Հյուծվածների եւ անդամալույծների բրիգադներն անգամ տեղահան եղան։ Նրանցից շատերը դեն շպրտեցին անթացուպերն ու ձեռնափայտերը, իրենց օրաբաժին հացը տվին սափրիչներին, հերթից դուրս սափրվեցին, ազատվեցին սեւ, անգամ ալեխառն, ծերացնող, խճճված միրուքներից եւ դարձան մի֊մի փեսացու, ճիշտ է, նիհար, գունատ, բայց փեսացու։ Ազատության մեջ քի՞չ կան նիհար եւ գունատ փեսացուներ… Արդեն իսկական փեսացուները վառ եւ անմար սիրուց՝ նիհարած եւ գունատ պիտի լինեն։

Կարգադրիչ Սիդորովը նշանակեց հինգ հոգու, որոնք աշխատում էին «կանանց գոտում»։ Այդպես էլ անվանում էին պաշտոնապես՝ «կանանց գոտի», չնայած, որ այնտեղ հիմա ոչ կանայք էին ապրում, ոչ տղամարդիկ։ Այդ հնգյակը կարգի բերեց դատարկված բարաքները, պատերի սվաղը թարմացրեց, տախտամածների կոտրված տախտակները փոխարինեց նորերով, տախտակաշեն զույգ անճոռնի զուգարանները քիչ֊շատ կարգի բերեց, ավլեց, լվաց, թափեց…

Վերահաս կիրակի օրը, երեկոյան կողմ, այսինքն՝ ճաշից հետո եւ ընթրիքից առաջ՝ թնդաց համբավը․

Էտապը գալիս է։

Կալանավորները դուրս թափվեցին բարաքներից եւ նստոտեցին դարպասի երկու կողմ ընկած թումբերին։ Ավելի համարձակները մոտեցան դարպասին եւ քթերը սեղմելով նոր նորոգված, խնկաբույր տախտակներին՝ դուրս նայեցին նեղ անցքերից։ Հեռվում, ճամբար բերող ճանապարհի վրա փոշի էր կանգնել․ փոշին սողում էր առաջ ու առաջ, եւ փոշու մշուշում երեւում էին մարդկային ուրվագծեր։

Վերջապես հասավ ցանկալի պահը, կրունկների վրա բացվեցին դարպասները, եւ քնքուշ սեռի էտապը ներս մտավ։

Դեմքերը չէին երեւում, այնքան շատ էր տանջալից ճանապարհի փոշին, որը նստել էր նրանց արեւից ու անձրեւներից խունացած գլխաշորերին, մազերին, թարթիչներին, դեմքերին։ Ներս մտան նրանք լուռ, առանց շուրջը նայելու, հողաթափերն ու կիսակոշիկները ձեռներին, զանազան չափսի կապոցներ ուսած կամ գրկած, ու կարելի էր նրանց մեջ տեսնել չար աչքերով հասակավոր կանանց, կանանց միջին տարիքի ու դեռ երիտասարդ աղջիկների։

Պարզվից էլ պարզ էր, որ Մարիինսկ քաղաքի ճամբարային գլխավոր կետից մինչեւ այստեղ ձգվող մոտ երկու հարյուր կիլոմետր ճանապարհը կտրել էին նրանք ոտքով, ինչպես մենք իր ժամանակին, եւ չէր կարող պատահել, որ ճանապարհին նրանք զոհեր տված չլինեին, ինչպես մենք իր ժամանակին։ Ինչպես մենք իր ժամանակին՝ քայլել էին նրանք վարժեցված զինված պահակների եւ վարժեցված շների ու հրացանների կոթերի ուղեկցությամբ եւ միջամտությամբ, որովհետեւ պահակների համար նույնքան ձանձրալի ու հոգնեցուցիչ է եղել հսկողությունը, իսկ ճանապարհը՝ անվերջանալի։ Չէ, այս այն ճանապարհը չէ, որի մասին բանաստեղծն ասել ՝ «Այս ճանապարհը անվերջ լիներ…»։

Լսվում է շների հաչոցը, բաց դարպասից այն կողմ կանանց առաջապահները գետնափոր բաղնիք մտան, իսկ էտապը չէր վերջանում։ Բաղնիքի վարիչ Բագիրբեգովը ձեռները կանթաց մեջքին՝ կանգնել էր իր հաստատության մուտքի մոտ այնպիսի լուրջ և հանդիսավոր դեմքով, որպիսին ունենում են զինվորական շքերթ ընդունողները, իսկ չինացի Վանյան կռացած շփում էր բուսականությունից զուրկ այտերը և աշխատում լավ տեսնել անընդհատ հոսող կանանց դեմքերը՝ ասես ծանոթների հանդիպելու հույսով։

― Իննսունվեց, ― լսվեց թմբերի վրա նստոտած կալանավորներից մեկի՝ գործարար բակի պահեստապետ Ֆրենկելի ձայնը, երբ ներս մտավ իննսունվեցերորդ կալանավորուհին և նրա ետևից ծածկվեցին դարպասները։ Բոլորն ասես ուշքի եկան։

― Իննսունվեցերորդին նայեք, ― լսվեց նույն Ֆրենկելի ձայնը, ― կարելի է ասել՝ ամբողջ էտապում միա՛կ կինը․․․

Հիրավի, Ֆրենկելը չէր չափազանցնում։ Կարծես բոլորից առանձնանալու նպատակով, քիչ ուշացումով դարպասից ներս մտավ իննսունվեցերորդը, երիտասարդ մի կին, ավելի շուտ՝ հասած մի աղջիկ՝ սև վերարկուով, սև գուլպաներով և սև կիսակոշիկներով, նա համարձակ աչքերով նայեց աջ ու ձախ, ծանոթներ որոնողի նման, ստադիոն մտնողի ինքնավատահ ու մարդամոտ քայլվածքով։ Բարևելու նման նա շարժեց գլուխը ու նկատելով, որ կալանավորների դեմքերին ոչ մի մկան չի շարժվում, բարձրացրեց աջ ձեռքը, շարժեց մատները, և լսվեց նրա զրնգուն ձայնը։

― Մուժիկներ, Սև Լյալյան ողջունում է ձեզ։

Հանդիսավոր այս ընդունելությանն իրենց աղմկոտ մասնակցությունը բերին նաև քրեական հանցագործները։ Նրանք շարվեցին բաղնիքի տանիքին և սկսեցին երգել ճամբարային անթիվ֊անհամար սիրային երկարաշունչ երգերից մեկը, որը կոչվում էր «Մարուսյայի սերը»։ Մեջընդմեջ ոմանք անակնկալ միջամտում էին՝ երգից դուրս բաց խոսքերով գնահատելով այս կամ այն կնոջ գոյություն ունեցող կամ չունեցող մարմնական բարեմասնությունները, որից հետո նորից քաշում էին երգի տողերը։


Մարուսկա, Մարուսկա, Մարուսկա անգին,
Ասա, ո՞վ գիշերեց քեզ մոտ,
Քննի՞չը աներես, ճգնավո՞րը վանքից
Կամ գուցե հարբած մի ծանո՞թ․․․

Այս է պատմությունը կանանց էտապի ժամանման, որը հետագայում նոր էջ բացեց կալանավորական կյանքի դեռ գրի չառնաված տարեգրության մեջ, որի մասին հետագայում այնքան պատմվեց ու նյութ դարձավ սրտաշարժ, անգիր երգերի, բերեց իր հետ այնքան ուրախություն, միաժամանակ և մորմոք ու ցավ։ Ովքե՞ր էին այդ անհայտ բանաստեղծներն ու երգահանները, ոչ ոք չտեսավ նրանց, ոչ ոք չիմացավ նրանց անունը, բայց ապրում էին նրանք, ստեղծագործում առանց թուղթ ու մատիտի, առանց ստեղծագործական գործուղման ու տողավարձի։ Մեկնող էտապները բանտից բանտ տանում էին այդ կենդանի, ժամանակակից, սրտակեղեք դյուցազներգությունները, ժամանող էտապները բերում էին նորերը՝ այս ամենն անգիր, բերնե֊բերան, սակայն որոնք մի օր գրի կառնվեն կամ գրի են առնվում անկասկած՝ միլիոնավորների աննախընթաց, անկարելի, անկրկնելի, ահավոր այդ ողբերգությունն ի գիտություն սերունդների։ Ամե՛ն։

Be the first who will comment on this

Other parts of "Ծաղկած փշալարեր"

Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

De Profundis
De Profundis
Play Online