Gurgen Mahari
Ծաղկած փշալարեր
10
․․․ Հիմա արդեն Իոնաս չպետք է լինել՝ հասկանալու համար, որ Լյուդմիլան զբաղված է Մամոյի գլխաքանդակով։ Արդեն զգացվում են նրա սեխաձև գծերը, քիչ կեռիկ քիթը, կախված բեղերից մեկը։ Լյուդմիլան աշխատում էր տարված, անգամ ինքնամոռաց, ճիշտ այն ինքնամոռացությամբ, ինչպես Հայնեի քանդակի վրա։ Բայց այս անգամ կարծես աշխատանքն ավելի արագ էր ընթանում, այդ երևի ոչ միայն այն պատճառով, որ բնորդը մոտ էր, հնարավորություն կար երբեմն մի աչքով նայելու, այլև որովհետև ակնհայտ կերպով նա շտապում էր։ Բոլոր նշաններից երևում էր, որ նա որոշել է այսօր ավարտել աշխատանքը։ Նա այնքան էր կտրվել շրջապատից և իրականությունից, որ չնկատեց, թե ինչպես մենք սկսեցինք դանդաղ աշխատել և ավելի շուտ հետևում էինք նրա աշխատանքին, քան թե աշխատում։ Մամոն հանկարծ ճանաչեց իրեն։ Նա տարված էր ինչ֊որ մտքերով, շուտ֊շուտ ներս ու դուրս էր անում, նստեց պատուհանի մոտ, ծխեց, մտածեց, նորից ծխեց։ Լյուդմիլայի մոտով անցնելիս նա մի աչքով նայեց Լյուդմիլային, հետո նրա աշխատանքին ու ինքն ասես վերածվեց բնական մեծության կավե արձանի։ Լայն բացված աչքերով նա նայեց մեզ և նկատելով, որ մենք գիտակ ենք, անգամ ժպտում ենք իրեն ՝ երևի սրտապնդվելու համար, ինքն էլ ժպտաց փորձանքի հանդիպած մարդու ժպիտով։
― Բո՛ւ նա իշ դըր, ա՞յս ինչ բան էր, ― կարողացավ արտասանել նա և շփեց գլուխը՝ կարծես ստուգելու նրա ներկայությունը։ Լյուդմիլան սթափվեց, ոտքի կանգնեց, երկու քայլ ետ քաշվեց, նայեց Մամոյին, հետո իր ձեռնակերտին, գրկեց Մամոյի ուսը, մի ձեռքով շփեց նրա գլուխը, ինչպես երեխայի գլուխն են շփում, և ասաց անսքող քնքշությամբ․
― Хорошо, мой Муму, очень, очень хорошо...