Raffi

Դավիթ Բեկ

Ա

Մինչև 1722 թվականը, այսինքն մինչև Դավիթ բեկի հայտնվելը, հայոց մելիքները տակավին պահպանել էին իրանց նշանակությունը։ Նրանք ունեին սեփական ամրոցներ, ժառանգաբար իշխում էին ժողովրդի մի որոշյալ մասի վրա, կապում էին դաշնագրություններ երբեմն պարսից, երբեմն թյուրքաց ներկայացուցիչների հետ, մասնակցում էին նրանց պատերազմներին, և որպես մի տեսակ վասալական իշխաններ, մի մասնավոր հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի կերպով տիրում էին Հայաստանին։

Սյունյաց աշխարհը (Ղարաբաղը) պետք է առաջինը համարել, ուր մելիքները մինչև ռուսաց տիրապետության ժամանակը (1813 ամ.) պահպանեցին իրանց գոյությունը։ Այդ առանց պատճառի չէր։ Երկրի բնական դիրքը` լեռները և անտառները նպաստում էին ժողովրդի մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն։ Սովորած լինելով թշնամու մշտական հարձակումներին, ժողովուրդը, երբ չէր կարողանում ընդդիմադրել նրան, թողնում էր դաշտերը կամ տափակ երկրները, պատսպարվում էր անմատչելի տեղերում։ Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արիություն և հետևապես ձգտումն դեպի ազատություն։

Ցավալին այն էր, որ հայոց մելիքները մի ընդհանուր կապ չունեին միմյանց հետ։ Շահերի տարբերությունը շատ անգամ առիթ էր տալիս նրանց մեջ թշնամական հարաբերությունների։ Այս պատճառով նրանց ուժերը չէին միանում, որ կազմեին մի ամբողջություն և պատերազմեին հայրենիքի ընդհանուր թշնամու դեմ։ Յուրաքանչյուրը իր գլուխն էր պահում։ Եվ եթե հարկը պահանջում էր, նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թյուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքի երկրները։

Մելիքներից ոմանք անկախ դրություն էին պահպանում, իսկ ոմանք ստորադրված էին պարսից խաների իշխանության ներքո։ Այս վերջինները իրանց դիրքը չկորցնելու համար ստիպված էին խոնարհվիլ խաների բոլոր պահանջներին, թեև այդ պահանջները լինեին վնաս հայ ժողովրդին, ստիպված էին կատարել նրանց կամքը, որքան և անիրավ լիներ, ստիպված էին դառնալ նրանց ձեռքում բոլորովին անարգ մի գործիք։ Եվ որովհետև պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, այստեղից առաջ էր գալիս խիստ կեղտոտ մրցություն, որով մելիքները` միմյանց տեղը հափշտակելու մտքով, անձնատուր էին լինում, խաներին հաճոյանալու համար, ամեն տեսակ վատություններ, մատնություններ էին անում, կաշառում էին նրանց ոչ միայն փողով, այլ ոմանք իրանց հարազատ աղջիկներն անգամ տալիս էին խանին։ Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել։

Կային ավելի խղճմտավոր և ազդեցություն ունեցող մելիքներ, որոնք ծառայում էին որպես ամուր պատվար հայ ժողովրդի և խանի մեջ. հեռու էին պահում նրա անմիջական ազդեցությունը ժողովրդից և պահպանում էին նրան խանի հարստահարություններից։ Մելիքի ձեռքով էր հավաքվում տուրքը և ամեն հարկեր, որ պետք էր վճարել խանին։ Մելիքն էր վճռում իր ժողովրդի մեջ ամեն տեսակ դատեր և վեճեր։ Եվ որովհետև նույն իսկ խաները իրանց մեջ հաշտ չէին, ստիպված էին մելիքների հետ լավ վարվել, հակառակ դեպքում, մելիքը կարող էր թողնել խանին և իր ժողովրդով անցնել նրա թշնամու` մի ուրիշ խանի կողմը։

Հայաստանի այն մասը, որ այժմ ռուսաց պետությանն է պատկանում, ռուսների տիրելուց առաջ, պարունակում էր իր մեջ զանազան միմյանցից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին` Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի և Նախիջևանի խանությունները։ Այդ խանությունները գտնվելով անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ, կռիվը, կողոպուտը, արյունահեղությունը, ավերմունքը երկրի մեջ միշտ անպակաս էին լինում։ Խանությունները թեև պարսից պետության մի մասն էին կազմում, և խաները թեև նույն պետության ավատական իշխաններ էին համարվում, բայց շատ անգամ օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից կամ շահերի ստեպ ստեպ փոխվելուց, որից առաջ էր գալիս անիշխանություն,― խաները այդ ժամանակ ապստամբվում էին, և քիչ էր պատահում, որ շահերը կամ նրանց զորապետները տկարանային նվաճելու իրանց վասալներին։ Եվ այսպես, ներքին ու արտաքին խռովությունները պահպանում էին իրանց անխզելի կապը։

Եթե ավելացնենք դրանց վրա օսմանցիների արշավանքները, Կովկասի լեռնաբնակների հարձակումները, կտեսնենք, որ Հայաստանը այն ժամանակ ներկայացնում էր մի սարսափելի պատերազմական դաշտ, ուր առավելապես ծեծկվող, փշրվող և մաշվող տարրի էր նույն ազգը, որ մի ժամանակ այդ երկրի տերն էր։ Եվ այդ կոտորածների մեջ հայ ժողովուրդը և հայ մելիքները պետք է պահպանեին իրանց գոյությունը...

Be the first who will comment on this

Other parts of "Դավիթ Բեկ"

Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

Davit Bek
Davit Bek
Play Online