Raffi

Դավիթ Բեկ

1 - Զ

Դուրս գալով Սյուրիի վրանից, Ահմեդը դիմեց դեպի մի վրան, որ բավական հեռու էր կանանոցից և գտնվում էր անտառի խորքում։ Այստեղ կային մի քանի ուրիշ վրաններ ևս, որ հատկացրած էին խանի թիկնապահներին և նրա ծառաներին։ Մի մարդ կես ճանապարհի վրա կանգնած, սպասում էր նրան. երբ տեսավ ներքինում, մոտենալով հարցրեց.

Ի՞նչ եղավ...

Ահմեդը պատմեց նրան, թե ինքը ամեն հնար գործ դրեց, աղաչեց, պաղատեց, ոտքը համբուրեց, բայց տիկինը ասում է. չէ՜ ու չէ՜, չեմ ուզում տեսնվել նրա հետ։

Նա չէ ուզում տեսնվել իր հո՞ր հետ... շատ լավ... խորին դառնությամբ կրկնեց Ահմեդի հետ խոսող մարդը և դիմեց դեպի այն վրանը, ուր նրան իջևան էին տվել։

Ահմեդը սառած կանգնել, երկար նայում էր նրա ետևից։ Երբ նա բոլորովին աչքից հեռացավ, ներքինին գլուխը շարժելով, ասաց իր մտքումը. քեզ նման հայրը արժանի չէ այնպիսի զավակի երեսը տեսնելու...

Այդ մարդը Սյուրիի հայրն էր, Տաթևի մելիք Դավիթ «ուրացողը», որ թյուրքի անունով իրան Բաղր էր կոչում։ Մի ժամանակ նա Տաթևի մելիք Գյուլումբարի մոտ գզիրի և լրտեսի պաշտոն էր կատարում և շատ սիրելի էր նրան, վերջը կամենալով իր բարերարի տեղը գրավել, թունավորեց նրան, և իր աղջիկը կաշառք տալով խանին, ոչ միայն կարողացավ ազատվել այդ չարագործության համար պատժվելուց, այլ իր զոհի փոխարեն ժառանգեց Տաթևի մելիքությունը։ Բռնությամբ, դավաճանությամբ և եղեռնագործությամբ հափշտակված իշխանությունը բոլորովին անտանելի դարձավ Տաթևի հայ ժողովրդին, առավել այն պատճառով, որ Դավիթը խանին ավելի հաճոյանալու համար փոխեց իր կրոնը։ այս պատճառով «ուրացողը» անբավական ժողովրդին իր ճնշման տակ պահելու համար ստիպված էր այնուհետև միշտ նորանոր միջոցներ հնարել խանի սիրտը գրավելու և նրա պաշտպանությունը վայելելու համար, որպեսզի նրա օգնությամբ կարողանա պահպանել իր խախուտ դիրքը։

Միջակ հասակով մարդ էր նա, մի ոտքով կաղ. երեսը կապիկի դեմքի նմանություն ուներ, մազով պատած մինչև աչքերի կոպերը։ Եթե հավատանք ժողովրդական կարծիքին, թե «չոլախ» մարդիկ «յարամազ» (հնարագետ) կլինեն,― պետք է ընդունենք, որ Դավիթը մարմնացած խորամանկության ճիշտ տիպարն էր։ Դա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են, թե սատանայից յոթ օր առաջ են ծնվել։

Բայց այդ մարդը, որ ո՜չ տխրել, ո՜չ հուսահատվել և ո՜չ բարկանալ գիտեր, այդ մարդը, որ ո՜չ մի անաջողության, ո՜չ մի դժվարության դեմ իր կյանքում չէր դողացել,― ներքինու խոսքերը լսելուց հետո, մի խեցեղեն ամանի նման, կարծես փշրվեցավ։ Հարազատ աղջիկը զզվում էր տեսնել նրա երեսը։ Դա մի սարսափելի հարվածք էր։ Աշխարհից արհամարհված, հազարավոր թշռավների անեծքով դատապարտված մարդը միշտ ոչնչի տեղ էր դնում իր զոհերի լացը, տանջանքը և արյունը... բայց աղջկա բողոքը ազդեց նրա վրա։ Տատանվելով շարունակում էր նա իր անհաստատ քայլերը դեպի իջևանը, որ դեռ բավական հեռու էր։ ճանապարհը ընկած էր ոտնակոխ եղած խոտաբույսերի միջով, որ ձևացնում էր մի օձապտույտ շավիղ։ Թռչունները չորս կողմում չըկչըկում էին, բայց նա ոչինչ չէր լսում։ Արեգակի վառ ճառագայթների մեջ անտառի ծառերը նկարվում էին իրանց բոլոր գեղեցկությամբ, բայց նա ոչինչ չէր տեսնում։ Կարծես ամեն զգացմունք, ամեն կիրք սպանված լինեին նրա սրտում։ Նրա ուղեղը այդ րոպեում այն աստիճան խառնաշփոթության մեջ էր, որ անկարող էր իր մտածությունները որևիցե կարգի դնել։ Նա ասելու շատ բաներ ուներ իր աղջկան, նա իր նպատակները իրագործելու համար հույս էր դրած աղջկա աջակցության վրա։ Բայց բոլորը քանդվեցավ։ Կամ այսօր պետք էր հաջողեցնել, կամ ամեն ինչ կորած էր հավիտյան...

Այսպիսի դառն ու հուսահատ մտածությունների մեջ գնում էր նա, հանկարծ թուփերի միջից դուրս եկավ նրա առջև մի մարդ, որը սպասում էր նրան։

Բարի լինի... խոսեց մելիքը հարցական հայացքով նայելով նրա երեսին։

Կարող էր բարի լիներ, բայց... անծանոթը չավարտեց խոսքը, սկսեց աչք ածել իր շուրջը, զգուշանալով, մի գուցե մի ուրիշ լսող լիներ։

Ուրեմն ոչի՞նչ չշինեցիք... հարցրեց մելիքը անհամբերությամբ։

Ոչինչ ... և անկարելի է մի բան անել...

Ինչու՞...

Անծանոթը սկսեց հազիվ լսելի ձայնով պատմել, թե ինքը ամեն հնարավոր գործ դրեց, բայց չհաջողվեցավ... Այն օրից, որ գերիները բերված են, ասաց նա, խանումը (խոսքը Սյուրիի մասին էր) մի առանձին խնամքով հոգ է տանում նրանց վրա։ Իրան կասկածելի չանելու համար, խանումը իր հոգատարությունը ծածուկ հանձնել է Ահմեդ ներքինապետին։ Այդ ծերունի աղվեսը այն աստիճան խորամանկ է, որ սատանային այնպես կնալե, որ ոչինչ չի զգա։ Նա խանումին կուռքի նման պաշտում է։ Եթե խանումը ասե գնա ջուրի կամ կրակի մեջ ընկիր, նա առանց ծպտուն հանելու, կկատարե։ Ահմեդը ոչ միայն կերակրում էր գերիներին, այլ գիշերները այցելում էր նրանց մոտ և պահպաններ էր նշանակում հսկելու, որ նրանց գլխից ոչ մի մազ չպակսի։ Անկարելի էր նրանց մոտ մտնել։ Պահապանները բոլորը Ահմեդի մտերիմներն էին, հազար թումանի համար նրան չեն դավաճանի։ Բացի դրանից, Ահմեդը խանի մոտ մեծ նշանակություն ունի, բոլորը նրանից վախենում են։

Որքան առաջ էր գնում անծանոթը իր պատմության մեջ, մելիքի դեմքը ավելի ու ավելի մռայլվում էր, նրա շրթունքը դողդողում էր, և աչքերում վառվում էր կատաղության կրակը։ Անիրավ աղջիկը հասցրեց նրան երկրորդ հարվածը և այդ ավելի սաստիկ էր։ Նա զրկեց հորը իր թանկագին հույսերից. նա ոչնչացրեց հոր բոլոր պլանները, որ այնքան մեծ աշխատությամբ հորինել էր նա...

Շնորհակալ եմ, Հյուսեին,― խոսեց մելիքը զսպելով իր բարկությունը,― դու դարձյալ արել ես, ինչ որ կարող էիր անել, եթե չհաջողվեցավ, դրանում դու մեղավոր չես։ Ես դարձյալ կտամ քեզ այն, ինչ որ խոստացել եմ։

Նա հանեց իր գրպանից մի քսակ և մեկնեց թյուրքին. վերջինը հրաժարվեցավ ընդունել։ Մելիքը երկար թախանձում էր նրան, հայտնելով, թե շատ կվշտանա, եթե նա մերժե ոսկիները, և դարձյալ հիշեցրեց, թե ինքը Հյուսեինի հանձն առած պարտքը կատարած է համարում, իսկ անհաջողությունը պետք է վերաբերել նրանից անկախ պատճառների։ Թյուրքը ընդունեց ոսկիները և գլուխ տալով, հեռացավ։ Նա խանի ախոռապետն էր, որ մի ժամանակ դահճի պաշտոն էր կատարում։ Իր ծառայության ընթացքում ուղիղ հազար մարդիկ մորթելուց հետո, նա մի ներքին սնահավատությամբ զղջացավ, թողեց այդ արյունոտ պաշտոնը և իր դանակը թաղեց գերեզմանատան մեջ, ինչպես լավ որսորդները թաղում են հողի մեջ իրանց հրացանը հազար երե սպանելուց հետո։ Բայց Հյուսեինը, որ այժմ իրան տված էր չափազանց արբեցության, չկարողանալով պահել ուխտը, և մելիքը օգուտ քաղելով նրա դրությունից, կարողացավ կաշառել նրան, կատարել տալու մի նոր եղեռնագործություն, մանավանդ, որ նա մի քանի օր առաջ խաղի մեջ տանել էր տված բավական խոշոր գումար, և մելիքի խոստացած ոսկիներին շատ կարոտություն ուներ։ Բայց բոլորը անցավ իզուր... բոլորը ոչնչացավ Սյուրիի բարեսրտության առջև... և այդ ավելի կատաղեցնում էր մելիքին, որ հարազատ աղջիկը խոչընդոտներ է սարքում նրա դեմ...

Դավիթ ուրացողը երկչոտ էր, ինչպես լինում են ամեն նենգավոր մարդիկ, որոնց բոլոր զորությունը ամփոփված է լինում մտավոր ուժի մեջ։ Նա զուրկ էր արիությունից, նա զուրկ էր քաջությունից, բայց այդ չէր արգելում նրան միշտ խրած ունենալ մի զույգ ատրճանակ գոտիի մեջ և միշտ կողքից քարշ ընկած ունենալ իր երկայն թուրը, որին երբեք չէր գործ ածում։ Բայց նա սովորություն ուներ միշտ պարծենալով խոսել իր երևակայական քաջագործությունների վրա և հավատացնել, թե ոտքի կաղությունը առաջ էր եկել հրացանի գնդակից, որը դեռ դուրս բերված չր, թեև մորից կաղ ծնված «չորախ» Դավիթը բոլոր տաթևացիներին ծանոթ մի անձնավորություն էր։

Տխուր հուսահատության մեջ հասավ նա այն վրանը, որ նշանակված էր նրա համար իջևան։ Այստեղ սպասում էր նրան մի երկրորդ մարդ։ Նա բարձրահասակ, ցամաք կազմվածքով և բավական շնորհալի դեմքով մի ծերունի էր, որի սպիտակ, փառահեղ մորուքը, ներկված լինելով հինայով, ստացել էր ծիրանի գույն։ Նա նույնպես խրած ուներ իր քիրմանի շալի թանկագին գոտիի մեջ մի զույգ ատրճանակ և երկայն թուրը, արծաթե կոթով և արծաթե պատյանով, դրած էր ծնկների վրա։ Նա ծալապատիկ նստած էր նախշուն գորգի վրա և թիկն էր տված կարմիր մախմուրով պատած փափուկ մութաքաներին, որ բերված էին խանի հանդերձատնից հարգելի հյուրերին պատվելու համար։ Տեսնելով Դավթին, նա անհամբերությամբ հարցրեց.

Ի՞նչ լուր բերեցիք...

Դավիթը թաքցրեց նրանից, թե Սյուրին, իր աղջիկը, չընդունեց նրան, չկամեցավ տեսնվել հոր հետ։ Այդ անպատվությունը կարող էր պակասեցնել Դավթի կշիռը իր խոսակցի աչքում, կարող էր կոտրել նրա համարումը։ Դավիթը սովորություն ուներ պարծենալ իր աղջկանով և ամենին ցույց տալ, թե նրա միջնորդությամբ ամեն դժվարին գործ իր ձեռքում հնարավոր էր, որովհետև Ֆաթալի-խանի սիրելի խանումը նրա աղջիկն էր, և ամեն բան անել կտար իր ամենակարող ամուսնին։ Սյուրիի հետ չտեսնվելու պատճառը, ասաց նա, տիկնոջ մի փոքր տկարությունն է, որի համար նա ոչ ոքի չէ ընդունում այսօր։ Բացի դրանից, ասաց նա, այս գիշեր պատահել է տիկնոջ հետ մի անախորժ դեպք, և հաղորդեց նրա մազերի կտրվելու պատմությունը, ավելացնելով, թե այդ շատ լավ է պատահել, որովհետև դրա համար գուցե կարտաքսվեն խանի հարեմից մի քանի անզգամ կնիկներ, որոնք միշտ նախանձում էին Սյուրիի փառքին։ Գալով դահճից ստացած տեղեկություններին, Դավիթը ասաց, թե դահիճը ոչինչ չէ կարողացել հաջողացնել... միայն թաքցրեց, որ արգելառիթը եղել է Սյուրին...

Դա շատ վատ է... պատասխանեց ծիրանի մորուքով մարդը և ընկղմվեցավ խորին մտածության մեջ։ Նրա բազմահոգ դեմքից երևում էր, որ խնդիրը խիստ ծանր և կարևոր էր, թե շուտով պիտի ոչնչանային ահագին հույսեր, թե այդ հույսերը կախված էին մի պատանու մահից... որը չհաջողվեցավ....

Այդ փառահեղ մարդը Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլն էր. հայոց հարուստ և ազդեցության տեր իշխաններից մեկը։

Այդ վատ եղավ... կրկնեց նա փոքր-ինչ վրդովված ձայնով. դրանից հետո մեզ ի՞նչ է մնում անել... Ես հույս ունեի, որ Հյուսեինը (դահիճը) կկատարե մեր ցանկությունը... բայց բոլորը ոչնչացավ...

Նա սպասում էր Դավթից ստանալ մի մխիթարական պատասխան, բայց այս վերջինը, չնայելով իր սատանայական խորագիտությանը, այն աստիճան շփոթված, այն աստիճան մոլորված էր մտքով, որ չգիտեր, թե ի՞նչ խորհուրդ պետք էր տալ։

Այդ երկու հայ մելիքները հագնված էին բոլորովին պարսից ավագների ձևով. գլխներին դրած ունեին բուխարայի սև մորթից երկայն գդակներ, հագել էին նուրբ մետաքսից կարմիր գույնով կաբայ (պատմուճան), որ իջնում էր ծնկներից ցած, և նրա վրա կանաչ մահուդից ջյուբբա (վերարկու), որ հասնում էր մինչև գետին։ Մեջքները պնդած էին Քիրմանի գույնզգույն շալից հաստ գոտիով։ Երկուսի էլ գլուխների մազերը բոլորովին ածելած էին, թեև հայերը սովորություն ունեին ածիլել գագաթի մեջտեղը միայն։ Երկուսի էլ մորուքները և ձեռները ներկված էին հինայով։ Երկուսն էլ խոսում էին պարսկերեն, երբ սպասավորը ներս էր մտնում և նրանց ղեյլան էր մատուցանում ծխելու համար։ Բայց երբ նա դուրս էր գնում, սկսում էին հայերեն խոսել, որ հասկանալի չլինի։

Դեռ հույս կա... ասաց Դավիթը խորհրդավոր կերպով. այսօր Թորոս իշխանը պիտի գա գերիները գնելու. մենք ամեն հնար պետք է գործ դնենք, որ նա չկարողանա գնել։

Ի՞նչ հնարք,― հարցրեց մելիք Ֆրանգյուլը, դարձյալ հուսահատ մարդու եղանակով։

Մենք պետք է աշխատենք համոզել խանին, որ նա նշանակե գերիների համար մի այնպիսի մեծ փրկանք, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել։

Դրանով ի՞նչ կշահենք։

Դրանով կշահենք մի քանի օրեր, գուցե մի քանի շաբաթներ, և այդ ժամանակի ընթացքում շատ բան կարելի է անել...

«Ուրացողի» խորհուրդը բոլորովին նպատակահարմար էր գտնում մելիք Ֆրանգյուլը։ Նա այնքան ուրախացավ, որ քիչ էր մնում պիտի գրկեր և համբուրեր խորամանկին, բայց իր հպարտությունը թույլ չտվեց այդ աստիճան թեթև լինել։ Նա հարցրեց.

Դուք հաստատ գիտե՞ք, որ Թորոսը այսօր գալու է։

Նա Թորոս իշխանին, Չավնդուրի ամբողջ գավառի տիրոջը, լոկ անունով միայն Թորոս էր կոչում, կարծես «իշխան» տիտղոսը այրում էր նրա լեզուն։ Հայերից իշխան, բացի իրանից, ուրիշ ոչ ոք չպիտի լիներ,― այդ էր այդ փառասերի ուխտը։

Գիտեմ,― պատասխանեց Դավիթը, ինքն էլ հետևելով մելիքի եղանակին,― հաստատ գիտեմ, որ Թորոսը այսօր գալու է։ Նրան հյուրասիրելու համար խանի խոհանոցում մեծ պատրաստություններ էին տեսնում։

Վերջին խոսքերը ավելի զայրացրին մելիք Ֆրանգյուլին. պատրաստություններ էին տեսնվում պատվելու այն մարդուն, որին ատում էր ինքը, որ թշնամին էր, որը այսօր պիտի գար գնելու մի գերի, որի մահն էր ցանկանում ինքը...

Ուրեմն պետք է շտապել խանի մոտ,― ասաց նա, աշխատելով սառնասիրտ երևալ. քանի դեռ այդ անպիտանը չի եկել, պետք է խանի հետ խոսել ինչ որ հարկավոր է։

Նա ճաշից առաջ չի գա,― պատասխանեց Դավիթը. մենք մի քանի ժամ ունենք մինչև ճաշ, այսուամենայնիվ, պետք է շտապել...

Երկու մելիքները հագան իրենց թանկագին վերարկուները, որոնց եզերքը զարդարված էին ոսկե թելերով. կապեցին իրանց արծաթապատ թրերը և սկսեցին դիմել դեպի խանի վրանը, խափանելու հարյուրավոտ հայ գերիների փրկությունը, որ ընկած էին մահմեդական բռնապետի ձեռքը... Մելիք Ֆրանգյուլը, իբրև ավագ, գնում էր առաջ, իսկ մելիք Դավիթը, որպես նրանից աստիճանով կրտսեր, գնում էր նրա ետևից։ Նրանց հետևում էին մի խումբ ծառաներ, որոնց պարսկական սովորությամբ իրանց հետ ման էին ածում։ Ծառաները բոլորն էլ մի-մի սուր ունեին կապած, իսկ իրանց մնացած զենքերը թողել էին իջևանում, որ հատկացրած էր երկու մելիքների ծառաների համար։ Հանդիսավոր «սալամը» առաջ էր ընթանում և ճանապարհին ով որ հանդիպում էր, նրանց գլուխ էր տալիս։ Մելիք Դավիթը երբեք իր կյանքում այսպիսի եռանդոտ ոգևորությամբ չէր դիմել դեպի մի ձեռնարկություն, որպես այսօր։ Նա պիտի աշխատեր խափանել հարյուրավոր հայ գերիների ազատությունը, նա պիտի ամեն ջանք գործ դներ մաշել, ոչնչացնել նրանց խանի բանտերի մեջ։ Մելիք Ֆրանգյուլը միևնույն չար դիտավորությունն ուներ, վրեժխնդրության միևնույն ախորժ տրամադրության մեջ էր գտնվում նա։ Դրանք այն տեսակ մարդիկներից էին, որոնց մեծ հաճություն է պատճառում գազանային եղեռնագործությունը, մանավանդ երբ գործի մեջ խառն էին շահի, փառքի և տիրական նպատակներ...

Be the first who will comment on this

Other parts of "Դավիթ Բեկ"

Yatuk Music
Al Ailughs
Komitas

Al Ailughs

Davit Bek
Davit Bek
Play Online