Raffi

Դավիթ Բեկ

1 - ԺԳ

Առավոտյան Չալաբիանների ամբողջ ցեղի մեջ լուր տարածվեցավ, թե մելիք Ֆրանգյուլը ընդունել է մահմեդականություն. բոլորը հետաքրքրվում էին, բոլորը ուրախանում էին, որ հայերից մի այդպիսի նշանավոր մարդ մտավ իսլամի գիրկը, և հավատացած էին, որ շատերը կհետևեն նրա օրինակին։ Այդ միջոցին Սյուրին դեռ նոր էր զարթնել, և փաթաթված մետաքսյա նուրբ սփածանելիքի մեջ, նստած էր իր վրանում, գորգի վրա։ Նա պատահած անցքից տեղեկություն չուներ։ Աղախինը բերել էր նրա մոտ փոքրիկ երեխային, որի հետ խաղում էր գթոտ մայրը։ Ֆաթիման այդպես էր երեխայի անունը այս առավոտ սովորել էր մի նոր հանաք իր աղախնից. երբ աղլուխը շարժում էին նրա առջև, նա բավական ծաղրական երես շինելով, արտասանում էր. «Աո՛ւ.. աո՛ւ...»։ Այդ բավական զվարճացնում էր դժբախտ մորը։

Այդ միջոցին տխուր, բազմահոգ դեմքով մտավ Սյուրիի վրանը ներքինապետ Ահմեդը։ Նրա սովորությունները այն աստիճան ծանոթ էին տիկնոջը, որ տեսնելով նրան վատ տրամադրության մեջ, իսկույն հարցրեց։

Ի՞նչ է պատահել։

Շատ վատ բան,― պատասխանեց ծերունին և սկսեց պատմել բոլորը, ինչ որ լսել էր մելիքի մասին։

Ժողովրդի ֆանտազիան արդեն տվել էր անցքին բոլորովին գերբնական կերպարանք։ Պատմում էին, թե մելիքը հրեշտակների թևքերի վրա տարվել էր մինչև հինգերորդ երկինքը. այնտեղ խոսակցություն էր ունեցել Մուհամմեդի և Ալիի հետ. հետո ցույց էին տվել նրան դրախտը ու դժոխքը, ասել էին` դրանցից որը կամենում ես ընտրի՜ր։ Մելիքը ընտրել էր դրախտը։ Ցած գալով երկնքից, նա անմիջապես գնացել էր իմամի մոտ։ Իմամը նրա երեսի վրա լույսի ճաճանչներ էր տեսել, և նրա առջևը ընկնելով, երկրպագություն էր տվել։ Հետո նրան նստացրել էր իր տեղը, և ինքը նստել էր նրանից ցած, ասելով, թե «ինձ պետք է քեզ սպասավորություն անել, դու ավելի սուրբ ես, քան թե ես»։ Հետո իմամը հրամայել էր, որ ընթրիք տան, բայց ընթրիքը ուշացրել էին։ Այդ ժամանակ մելիքը «սալավաթ»§§§§§ էր քաշել երեսին, և նույն վայրկյանում երկնքից ցած էր իջել մի սեղան լի ամեն տեսակ անուշահամ կերակուրներով և այլն։

Այդ բոլորը հին հեքիաթներ են,― ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին,― դու այն ասա՜, մելիքը այժմ որտե՞ղ է։

Նա գտնվում է իմամի մոտ,― պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով. այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը։

Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին։

Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը։

Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ։ Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը։ Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ։ Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը. «Աո՛ւ... աո՛ւ...»։ Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը. նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային։

Ի՞նչ ես կարծում, Ահմեդ,― հարցրեց նա, երբ փոքր-ինչ հանգստացավ իր վրդովմունքից,― այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ։

Նպատակը շատ պարզ է, տիկին,― պատասխանեց ծերունին հանդարտությամբ. մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը։ Խանը մերժել էր։ Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա։ Նա գտավ իմամին։ Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի բանով կաշառել. և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը։― Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս։

Ի՞նչ բան,― հարցրեց անհամբերությամբ տիկինը։

Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը։

Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը...-խոսեց տիկինը դառնությամբ. ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է։

Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկները առնվում են մահմեդականների հարեմխանաներում։ Ձեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրանց տունը լցնել բազմաթիվ կնիկներով։ Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը։

Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ։ Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան։ Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել։ Բայց այժմ գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը դողում էր։ Ի՞նչ կարելի էր անել նրա հետ։ Նա ինչ որ խնդրելու լիներ խանից, վերջինս չէր կարող չկատարել. հակառակ դեպքում, մի խոսքով ամբողջ ցեղը կապստամբացներ նրա դեմ։ Մահմեդականները ավելի կաշկանդված էին կրոնի և նախապաշարմունքների կապանքներով, քան մարմնավոր բռնապետի շղթաներով։ Այս պատճառով կրոնի ներկայացուցչի խոսքը համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա։ Դրա համար խանը ստիպված էր միշտ բարեկամություն պահպանել իմամի հետ և կատարել նրա ամենափոքր քմահաճություններն անգամ։

Դու հաստատ գիտե՞ս,― հարցրեց տիկինը,― որ խանը խոստացել է Գենվազի և Բարգյուշատի կառավարությունը մելիքին հանձնել։

Գիտեմ,― պատասխանեց ներքինապետը,― շատ էլ ցանկանար չէր կարող չհանձնել, քանի որ մեջտեղում կա իմամի նման մի միջնորդ։ Ասում են, այսօր մելիքի թլփատության խորհուրդը կատարվելուց հետո, խանը կհագցնե նրան իր նոր պաշտոնի խալաթը։

Հուսահատության թախիծը տիրեց տկնոջ սրտին։ Նա ոտնակոխ արեց իր հոր փառասիրությունը Գենվազի և Բարգյուշատի իշխանությունը ձեռք բերելու մեջ, գլխավորապես այն մտքով, որ այդ երկու գավառները մնային իր սիրելի Ստեփաննոսին, որ նրանց օրինավոր տերն էր։ Նա ցանկանում էր տեսնել այդ պատանի իշխանազնին կրկին տիրացած Շահումյանների թողած ժառանգությանը, որ նույնիսկ հայերի դավաճանությամբ հափշտակվեցավ բռնակալի ձեռքով։ Նա ցանկանում էր, որ բարի, ազնվամիտ Ստեփաննոսի հովանավորության տակ պատսպարվեին հազարավոր թշվառներ, որ մաշվում, այրվում, խորովվում էին տիրող անգթությունից։ Բայց այդ բոլոր ցանկությունները ոչնչացան։ Այժմ ավելի, քան թե առաջ, դժվար էր իրագործել նրանց։ Տիկնոջ կարծիքով, ավելի հեշտ էր մահմեդական բռնապետի ձեռքից կորզել այդ երկրները, քան թե մի ուրացող հայից, որ մահմեդականի ձեռքում գործիք դառնալով, պիտի աշխատեր ամեն տեսակ ցած, անազնիվ և նենգավոր հնարներ գործ դնել մահմեդականի իշխանությունը հայ երկրների վրա պահպանելու համար։ Այդ հանգամանքները ի նկատի առնելով, տիկինը մելիք Ֆրանգյուլի ուրացությունը ավելի վտանգավոր էր համարում, քան թե իր հորը, մանավանդ որ նա խոստացել էր իր աղջիկը իմամին կնության տալ։

Այդ առաջին անգամը չէ, տիկին, որ նա ընդունում է մահմեդականությունը,― ասաց ներքինապետը ընդհատելով Սյուրիի լուռ մտածությունները. մելիք Ֆրանգյուլը իր մանկության հասակում գերի ընկավ և տարվեցավ Պարսկաստանի Սպահան քաղաքը։ Այնտեղ Սպահանի արքայազուններից մեկը որդեգրեց նրան, և մի իմաստուն մոլլայի հանձնելով, կրթեց արաբական և պարսկական լեզուների դպրության մեջ։ Հետո իր աղջիկը նրան կնության տալով, նշանակեց նրան Սպահանի հայոց թաղի (Նոր Ջուղայի) բեգլեր բեյի։ Այնուհետև նա Սպահանի նահանգում հայոց Քազազ և Քամարա գավառների կառավարիչը դարձավ։ Այդ բոլոր պաշտոնների մեջ տանջելով, կողոպտելով ժողովրդին, մեծ հարստություն դիզեց։ Սպահանի հայերը այն ժամանակ առևտրական ընդարձակ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի հետ, իրանց կաշառքներով առատ վարձատրում էին նրան։ Բայց չարագործը հանգիստ չմնաց։ Նա դավաճանեց մինչև անգամ այն պետությանը, որի շնորհիվ այնքան բարձր աստիճանի էր հասել։ Գաղտնի կերպով միանալով Լոռի և Բախտիարի կոչված վայրենի ցեղերի գլխավորների հետ, նա պատրաստեց մի սարսափելի ապստամբություն պարսից կառավարության դեմ։ Նրա նպատակն էր հիշյալ վայրենիների աջակցությամբ Սպահանի նահանգի հայաբնակ գավառները անկախ դարձնել պարսից պետությունից, որ ինքը կարողանա ժառանգաբար իշխել։ Բայց ապստամբությունը զսպվեցավ և նա փախավ, գնաց Հնդկաստան։ Երկար ժամանակ անհայտության մեջ մնալով, վերջապես վերադարձավ իր հայրենիքը և կրկին ընդունեց քրիստոնեությունը։ Այստեղ, իհարկե, ոչ ոք չէր կարող գիտենալ, թե ինչ էր կատարել նա հեռավոր արևելքում, և ընդունեցին նրան որպես մի մարդ, որին բախտը հաջողացրել էր վերադառնալ գերությունից։ Եվ նա ինքը իր անցյալի մասին պահում էր խորին ծածկամտություն։

Իսկ դու ո՞րտեղից գիտես այդ բոլորը,― հարցրեց տիկինը զարմանալով հետաքրքիր պատմության վրա։

Ինձ հաղորդեց մի դերվիշ, որ բնակվում է իմամի մոտ, նա ինքը սպահանցի է, և ականատես է եղել բոլոր անցքերին։ Նա շատ լավ մարդ է, և ինչպես երևում է, մելիքի այժմյան վարմունքը նրան ևս տհաճություն է պատճառել։

Ես նրա մասին լսել եմ, ասում են` լավ բժիշկ է։

Նա ամեն բան գիտե, ինչ ասես, որ նա չգիտենա։

Բայց մի փոքր խաբեբա է։

Ես էլ առաջ այդ կարծիքն ունեի նրա մասին, տիկին, մանավանդ երբ տեսնում էի, որ անդադար գոհարներ է պահանջում իմամից նրա համար «մաջուն» շինելու, և մտածում էի, որ այդ թանկագին իրեղենները առավելապես իր գրպանի համար է։ Բայց նա պարզ խոստովանեցավ ինձ, թե «բժշկությունը պարսիկների մեջ պետք է ծածկված լինի գերբնական քողով, և այդ ավելի ներգործում է նրանց երևակայության վրա։ Հասարակ բանին նրանք նշանակություն չեն տալիս։ Եթե ես ասեի իմամին, թե քո դարմանները պիտի պատրաստեմ այս և այն խոտից կամ արմատից, նա ոչնչի տեղ կընդուներ, բայց ալմաստը, մարգարիտը, յաղութը և այլն, կարող են ազդելի իմամի սնահավատության վրա։― Առհասարակ, ավելացրեց ներքինապետը,― ես այդ մարդու մեջ գտնում եմ մի խորհրդավոր գաղտնիք, որը նա ամենայն զգուշությամբ թաքցնում է։

Դերվիշները միշտ այդպես են լինում,― պատասխանեց տիկինը անուշադիր կերպով և կրկին ընկավ մտածությունների մեջ։

Իսկ ես դերվիշի պատմությունից կամենում եմ մի օգուտ քաղել, դուք ի՞նչ խորհուրդ կտաք, տիկին։

Ի՞նչ օգուտ կարելի է քաղել։

Ես կամենում եմ գնալ խանի և իմամի մոտ, հայտնել նրանց մելիքի անցյալը,― հայտնել, թե ինչ էր արել նա Սպահանի կողմերում, հայտնել նրա դավաճանությունները պարսից կառավարության դեմ, հայտնել, որ նա մի վատ խաբեբա է, թե նա այդ երկրորդ անգամն է, որ ընդունում է մահմեդականություն, դարձյալ խաբելու մտքով։ Երբ խանը և իմամը կգիտենան այդ բոլորը, նրան ոչ թե Գենվազի ու Բարգյուշատի գավառները կհանձնեն, այլ գուցե խեղդել կտան։

Բոլորովին հարկավոր չէ այդ անել,― պատասխանեց տիկինը հրամայական եղանակով,― դու կամենում ես մատնություններին մատնություններով պատասխանել։ Ես մելիքի Սպահանի վարմունքի մեջ մի վատ բան չեմ տեսնում։ Մանուկ հասակում, գերի ընկնելով պարսիկների ձեռքը, նրան ընդունել են տվել մահմեդականությունը, նա ինչո՞վ է մեղավոր։ Իսկ թե նա, միանալով լոռիների և բախտիարների հետ, կամեցել է այնտեղ հայկական ազատ գավառներ ստեղծել, և այդ մտքով ապստամբություն է հարուցել պարսիկների դեմ,― այդ նպատակը ամեն համակրության արժանի է։ Ո՞վ է իմանում, գուցե նրա այժմյան վարմունքի մեջ ևս մի այսպիսի նպատակ թաքնված լինի։ Ես, իրավն ասեմ քեզ, Ահմեդ, սկզբում սաստիկ վրդովվեցա, երբ լսեցի մելիքի մահմեդականությունը ընդունելը. բայց դերվիշի պատմությունը այժմ փոքր-ինչ հանգստացնում է ինձ։ Ես չեմ կարծում, որ այս տեսակ մարդիկ, որոնք երբեմն մտածել և գործել են հայ ժողովրդի ազատության համար, կարող են չար մարդիկ լինել։ Նրանք չար են երևում նրա համար միայն, որ նպատակին հասնելու մտքով գործ դրված միջոցների մեջ ընտրություն չեն կատարում։ Ամեն միջոց նրանց համար սուրբ է, երբ հասցնում է նպատակին։

Այսուամենայնիվ,― պատասխանեց ծերունին,― եթե մելիքի դիտավորությունները բոլորովին արդար ևս համարելու լինենք (որի մեջ ես կասկածում եմ), դարձյալ Ստեփաննոսը կզրկվի Գենվազից։ Մելիքը ինքը տեր կդառնա, իսկ նա ոչինչ չի ստանա, բոլորը կկորցնե։

Այժմ դժվար է նախագուշակել, թե վերջը ինչ կլինի...

Ես այդ դեպքում կարող եմ ինձ կատարյալ մարգարե համարել,― պատասխանեց պարզ ծերունին բարկացած ձայնով. դուք, տիկին, չափազանց բարեմտությամբ եք դատում, ուր հարկավոր էր փոքր-ինչ կասկածանքով վերաբերվել դեպի կատարվող իրողությունը։ Ես մասամբ համաձայն կլինեի ձեզ հետ, եթե մելիքը իր փառասիրությունը գոհացնելու համար իր ութ տարեկան աղջիկը խոստացած չլիներ փտած իմամին կնության տալ։ Մի մարդ, որ ծախում է իր աղջիկը, նա կծախե և իր հայրենիքը և իր ազգը։ Ուրիշ օրինակներ որոնել պետք չէ, բավական է, որ դուք հիշեք ձեր հոր վարմունքը։

Տիկնոջ և ներքինապետի խոսակցությունը ընդհատեց մի խառնաձայն աղմուկ, որ լսելի եղավ հեռվից։ Հարեմխանայի բոլոր կնիկները, աղախինները դուրս թափվեցան իրանց չադրներից, մոտեցան սարայ-փերդային, և գլուխները բարձրացնելով, սկսեցին նայել։

Այդ ի՞նչ աղմուկ է,― հարցրեց տիկինը անհանգիստ կերպով։

Երևի անցնում է թափորը,― պատասխանեց ծերունին ներքին խռովությամբ. դուք չե՞ք կամենա նայել նրա վրա։

Ես այդ զզվելի հանդեսը տեսնել չեմ ուզում... ասաց տիկինը և երեսը շուռ տվեց։

Ծերունին, նկատելով նրա արտասուքը, հեռացավ, և թողեց նրան միայնակ հաշտվելու իր սրտի ցավերի հետ։

Հեռվից տեսնվում էր ահագին բազմություն, որ իմամի չադրների կողմից դիմում էր դեպի խանի չադրները։ Ամբոխը ոտքով էր գնում, միայն մի մարդ փառավոր կերպով նստած էր գեղեցիկ զարդարած նժույգի վրա, և բազմության առաջ ընկած, ամեն կողմից երևում էր։ Նա հագած ուներ թանկագին, ծիրանագույն վերարկու, նախշած ոսկե թելերով, որ փողփողում էր արեգակի ճառագայթների տակ։ Դա նոր մահմեդականություն ընդունած մելիք Ֆրանգյուլն էր, որ այժմ կոչվում էր Ալի բեկ։ Նա աջ ձեռքով բռնած ուներ մի մերկացրած սուր, որ դրել էր ուսի վրա։ Նոր կրոնի հետ նա ժառանգել էր նոր իրավունք` սուր կրելու, որի գործածությունը Մուհամմեդը միացրել է իր ավանդած սրբազան պաշտամունքների հետ։ Նրա առջևից գնում էին մի խումբ չավուշներ, որ երգում էին կրոնական երգեր։ Նրանցից մեկը տանում էր մի կանաչ դրոշակ, որի վրա նկարված էր շիաների խալիֆայի աջը։ Թափորը դանդաղ էր ընթանում։ Ամեն քայլում ամբոխը կանգնեցնում էր նոր ուղղափառին, ոմանք համբուրում էին նրա ձեռքը, ոմանք նրա հագուստի փեշերը։ Կնիկները իրանց հիվանդ երեխաներին դնում էին այն ճանապարհի վրա, որ կողմից պիտի անցներ նա։ Շատերը անց էին կենում նրա ձիու փորի տակով։

Այդ բոլորը կատարվում էր հոգևոր շնորհքներ ընդունելու ակնկալությամբ։ Ամբողջ բազմության մեջ տիրում էր մի տեսակ խորին, ջերմեռանդական զգացմունք, որ հասցնում էր սնահավատությունը կրոնական վայրենի հափշտակության։ Ճանապարհի վրա մի քանի տեղ մատաղներ կտրեցին, մի քանի տեղ կանգնեցին մաղթանքներ կատարելու համար։ Կնիկները ծածկում էին ճանապարհը կանաչ ոստերով. թափորը անցնում էր այդ կանաչապատ սփռոցի վրայով։

Խանի վրանը այսօր սովորականից ավելի զարդարած էր. նրա գանձարանից դուրս էին բերել ամենաընտիր արծաթեղեն անոթները։ Այստեղ պիտի խմեին «ուրախության շերբեթը»։ Գեղեցկադեմ մանկլավիկները և սպասավորների մի ահագին խումբ, շքեղ կերպով հագնված, սպասում էին պատվելի հյուրին։ Վրանում նստած էին խանը և իմամը միայն։ Երբ թափորը մոտեցավ, նրանք երկուսն էլ դուրս եկան, կանգնեցին վրանի մուտքի մոտ ընդունելու նորընծա մահմեդականին։ Խանը իր ձեռքով բռնեց և ցած իջեցրեց նրան ձիուց։ Խուռն բազմությունը շրջապատեց վրանի չորս կողմը։ Իմամը կարդաց մի կարճ աղոթք, հետո մտան վրանը։ Այնտեղ ընդունվեցան ցեղի նշանավոր անձինքներից շատերը ուրախակից լինելու այն մեծ հանդիսին։

Այնօր Չալաբիանլիների ամբողջ ցեղը անցրեց ուրախությունով։ Բայց մի մարդ, որ նրանց մեջ չէր գտնվում, դա էր Տաթևի մելիք Դավիթը։ Նա առավոտյան հենց որ լսեց մելիք Ֆրանգյուլի վարմունքը, իսկույն հասկացավ, թե ինչ խաղ խաղաց այդ մարդը իր գլխին, և սիրտը լի դառնությամբ, առանց ոչ ոքի հետ տեսնվելու, նստեց իր ձին և գնաց դեպի Տաթև, համոզված լինելով, որ այնուհետև Գենվազի ու Բարգյուշատի վրա մտածելը հիմարություն կլիներ իր կողմից...

ժԴ

Նույն ավուր գիշերային պահուն ծերունի ներքինապետը դարձյալ վրդովված կերպով մտավ Սյուրիի վրանը։ Նա պատմեց, որ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ, թե ինչու նա պահում է իր մոտ մի քրիստոնյա պատանի, նրան տեղ է տվել իր վրանում, նրա հետ միասին ուտում է, խմում է, քանի որ այդ հակառակ է մահմեդականների սովորություններին, և մանավանդ անվայել է մի ներքինապետի, որ անդադար կանանոցի հետ հարաբերություն ունի։

Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի անվայել բան կա,― հարցրեց Սյուրին, կտրելով ծերունու խոսքը։

Անվայելն այն է, որ քրիստոնյան իմ վրանում ապրելով, կարող էր պղծել ինձ, իսկ ես նրանից պղծված լինելով, կարող էի մյուս մահմեդականներին պղծել,― պատասխանեց ծերունին, ինքն էլ ծիծաղելով իր խոսքերի վրա։

Խոսակցությունը այն տաթևացի պատանու մասին էր, որ խանի վրանի առջև կատարված եղերական ողջակեզի ժամանակ, դուրս պրծավ բոցերի միջից, ուր նրա ծնողները, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, «գթությո՛ւն» աղաղակելով, այրվում էին։ Ծերունի ներքինապետը վեր առեց իր մոտ շնչասպառ, կիսախանձ պատանուն և այն օրից դարմանում էր նրա մարմնի այրված տեղերը։ Արտաքին վերքերի բժշկության արհեստը խիստ սովորական լինելով պարսիկների մոտ, ներքինապետը բավական հմուտ էր նրա մեջ։ Այս պատճառով պատանու առողջանալը շատ չուշացավ։ Բայց ծերունին հավատացնում էր, որ նա դեռ շատ տկար է, և դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա անկողնի մեջ, որովհետև նրանից պահանջում էին, որ պատանուն մահմեդականացնե։ Նա օրըստօրե հետաձգում էր նրանց պահանջը, զանազան պատճառներ բերելով։ Բայց մելիք Ֆրանգյուլի մահմեդականություն ընդունելու օրը, երբ պարսիկների մոլեռանդությունը ավելի գրգռված էր, այլևս ծերունուն հանգստություն չէին տալիս, մինչև անգամ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ։

Պետք է նրան այստեղից հեռացնել,― ասաց տիկինը տխուր ձայնով։

Ես էլ այսպես եմ մտածում,― պատասխանեց ծերունին,― և այդ մասին բոլոր պատրաստությունները տեսնված են։ Բայց մի բան ինձ սաստիկ դժվարություն է պատճառում։

Ի՞նչ բան։

Ծերունին պատմեց, թե պատանին բավական վայելչահասակ և գեղեցկադեմ է, թե նրան տեսնողները անդադար կրկնում էին, որ այդ պատանին շատ հարմարություններ ունի խանի մանկլավիկների կարգը մտնելու և խանին սպասավորություն անելու, քան գյուղումը գութան վարելու։ Այդ տեղեկությունները մինչև անգամ հասցրել են խանի ականջին։ Նա մի անգամ հրամայեց, թե կամենում է տեսնել պատանուն, բայց ծերունին նրան խաբեց, ասելով, թե նա հիվանդ է, տեղիցը շարժվել չէ կարողանում։

Այժմ ես մտածում եմ,― առաջ տարավ ծերունին,― եթե պատանուն փախցնելու լինեմ մեր կողմերը, կամ ուղարկելու լինեմ նրան Տաթև, անպատճառ կգտնեն նրան և ետ կբերեն, որովհետև այդ բոլոր տեղերը խանի ձեռքը կհասնի։ Հարկավոր է նրան մի այնպիսի երկիր ուղարկել, որ խանի իշխանությունից դուրս լինի։

Ուղարկեցեք Էջմիածին, այնտեղ օսմանցիներ են տիրում,― պատասխանեց տիկինը։

Այնտեղ նույնպես հարմար չէ, մի գազանի ձեռքից ազատելով, մյուս գազանների ձեռքը պիտի գցեմ։ Պետք է մի քրիստոնյա տերության մեջ ուղարկել և Վրաստանից ավելի հարմարը չկա։

Այդ լավ եք մտածել, բայց այնտեղ ո՞ւմ մոտ կուղարկեք։ Նա այնքան մանուկ է, որ չէ կարելի առանց խնամակալի մի անծանոթ երկիր ուղարկել։

Ես բոլոր պատրաստությունները կարգադրել եմ, տիկին, ծերունի Ահմեդը այնքան հիմար չէ, որ այդ բաները չհասկանա։

Եվ նա սկսեց պատմել իր կարգադրությունները, ասաց` երկու հավատարիմ մարդիկ գիշերով կտանեն պատանուն, կհասցնեն Վրաստանի Մցխեթ քաղաքը։ Այնտեղ ծերունի Ահմեդը ունի մի լավ բարեկամ` հայազգի Օրբելյան իշխանին։ Պատանուն կհանձնեն նրան իր նամակի հետ, որի մեջ գրած է նրա հետ պատահած անցքերը, և խնդրում է առնել այդ անբախտ որբին իր խնամակալության ներքո։ Ծերունին հույս ունի, որ իշխանը ամենայն ուրախությամբ կկատարե իր խնդիրքը, որովհետև անցյալ տարի, երբ նա գործով եկավ խանի մոտ, ծերունին նրան մեծ ծառայություններ արեց, և իշխանը ասաց նրան. «Երանի՛ թե, մի գործ պատահեր, ես կարողանայի քո պարտավորությունից դուրս գալ»։

Բայց ի՞նչ կպատասխանես դու, երբ պատանու անհայտանալուց հետո, քեզանից կհարցնեն` ո՞ւր է նա։

Ես մի քանի օր գաղտնի կպահեմ նրա փախուստը, մինչև նա կանցնե Վրաստանի հողի վրա, հետո պարզ կերպով կհայտնեմ, թե փախել է, բայց ես ինքս էլ չգիտեմ, ուր է գնացել։

Այդ բոլորը շատ լավ է խորհված,― ասաց տիկինը ուրախությամբ,― բայց ե՞րբ մտադիր ես ճանապարհ դնել։

Հենց այս գիշեր. նա այժմ այնքան առողջ է, որ կարող է մի քանի օր ձիու վրա ճանապարհորդել։

Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ,― ասաց տիկինը շտապեցնելով,― բայց ես կցանկանայի այդ պատանուն տեսնել նախ քան նրա այստեղից հեռանալը։

Որովհետև կանանոցը բերել նրան անկարելի էր, վճռեցին, կես-գիշերին, երբ բոլորը քնած կլինեն, տիկինը գնա ծերունու վրանը և այնտեղ տեսնե պատանուն։

Գիշերը սաստիկ մութ էր։ Ամպամած երկնքից մի աստղ անգամ չէր երևում։ Անտառի ծառերը շարժվում էին մեղմ քամուց, տարածելով իրանց շուրջը մի խորհրդավոր, կախարդական սասափյուն։ Հովիվների վրաններից հեռու, մի ձորի մեջ գիշերային լռությունը ընդհատվում էր խուլ հեկեկանքով. մի պատանի, գլուխը դրած փոքրիկ բլրակի վրա, լաց էր լինում։ Արտասուքը հեղեղի նման թափվելով նրա աչքերից, թրջում էր հողը, որից կազմված էր այդ բլրակը։ Այստեղ թաղված էին դիակները այն թշվառների, որ բռնության, հարստահարության երեսից հալածված, իրանց անձները այրեցին խանի դատարանի առջև։ Ինքնակամ մահով նրանք բողոքեցին տիրող անարդարության, անգթության դեմ. իրանք մեռան, բայց անարդարությունը մնաց...

Պատանին լաց էր լինում, և կարծես, նրա ալեկոծված կուրծքից դուրս էին թռչում այս հառաչանքները. «Թո՜ղ վկա լինի հայրենիքի այդ սուրբ հողը, որ ծածկում է ձեր մարմինները, թող վկա լինեն այդ անտառի ծառերը, որ տարածում են իրանց հովանին ձեր գերեզմանի վրա, թող վկա լինեն հայոց լեռները և նրանց մեջ բնակվող բոլոր չար ու բարի ոգիները, որոնք ականատես եղան ձեր տառապանքին, վերջապես թող վկա լինի այդ անգութ երկինքը, որ տեսավ ձեզ կրակի բոցերի մեջ, որ հոտոտեց ձեր այրվող մարմիններից բարձրացած ճենճերային ծուխը և դարձյալ սառնսիրտ մնաց դեպի անմեղ զոհերի տանջանքը... ես երդվում եմ, երդվում եմ հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած է բռնակալի ձեռքով, երդվում եմ հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված է մահմեդականի կրքերով, երդվում եմ հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում է, երդվում եմ հայրենիքի սուրբ հիշատակով, որ օտարի լծի տակ ճնշվում է,― վերջապես երդվում եմ այդ գերեզմանով, որ ամփոփում է ձեր անմեղ մարմինները, ես պիտի վրեժխնդիր լինեմ... պիտի վրեժխնդիր լինեմ չարության, անարդարության և բռնության դեմ։ Այս րոպեից հանդիսավոր ուխտ եմ դնում կռվել և մինչև մահ կռվել հայրենիքի ազատության համար։ Այն օրը ձեր ոսկերքը կհանգստանան այդ մթին գերեզմանի մեջ, երբ ազատության շունչը խաղաղ, կենսաբեր ոգվով կփչե նրա վրայով...»։

Այդ խոսքերից և ոչ մեկը չարտասանեց պատանին։ Միայն նրա սիրտը անգիտակցաբար լցված էր այդ զգացմունքներով։ Հոր և մոր, ազգականների և բարեկամների հոգիները նույն գերեզմանի խորքից ներշնչում էին նրա մեջ այդ մտածությունները։ Նա այնքան մանուկ չէր, որ զգացած չլիներ բռնակալ ձեռքի դառն հարվածները։ Նրա մարմնի վերքերը դեռ ոչ բոլորովին բուժված էին, իսկ սիրտը լի էր վրեժխնդրության դառնությամբ։

Նա վերջին անգամ համբուրեց գերեզմանը և վեր բարձրացավ։

Մնաս բարյավ, սիրելի մայր,― մնաս բարյավ, սիրելի հայր,― մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ,― ասաց նա և հեռացավ։

Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն։ Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար։ Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ։ Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ։ Ոչ ոք չգիտեր։ Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ։

Վրանի վարագույրները իջեցրած էին։ Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում։ Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն. երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին։ Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկը պատրաստ էին, որ նրան պիտի տանեին։ Գիշերը անցնում էր. պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից։

Ի՞նչ եղավ,― հարցրեց տիկինը անհամբերությամբ. ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի։

Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին,― պատասխանեց ծերունին շվարած կերպով. այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ։

Լսելի եղավ շատ հաչելու ձայնը։ Ծերունին դուրս գնաց։ Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն։ Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն. խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ։ Տիկինը տեսնելով գեղեցիկ, վայելչահասակ պատանուն, բոլորովին զմայլեցավ. նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո։― «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը»,― ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին։

Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան։ Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին։ Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված։

Ինչպե՞ս է անունը,― հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը։

Դավիթ, ձեր ծառա,― պատասխանեց ծերունին։

Դավի’թ,― բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը։

Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում։ Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ։ Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի։― Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը։

Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ. նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը նրա աղջիկը։ Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին իրանց նշանակությունը։ Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել։ Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից։

Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի,― ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով. բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը... Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ բոլոր չարիքներին հատուցում կլինի. նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն...

Ո՞ր աշխարհում,― հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից։

Այս աշխարհում,― պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով. դառնության բաժակը մինչև բերանը լցված է... մի կաթիլ ևս,― ահա նա կթափվի...

Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին,― պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա։― Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից։ Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»... Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ։

Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում. թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում։ Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից։

Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու։ Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով. «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ...»։ Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը։ Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը։ Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան։

Քո ուխտը` կռվել անարդարության դեմ,― ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը,― պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար։ Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ,― բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար։ Նույն բոցերը թողեցին քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշի՜ր, որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշի՜ր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա։

Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում էր քրմուհու պատգամները։ Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան։ Պատանին հանձնարարական նամակներ կտանե ի հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն կգտնե մի հայազգի իշխանից, որը բարձր պաշտոն է վարում վրաց թագավորի մոտ։ Տիկինը խոստովանում է միշտ և ամեն ժամանակ օգնել պատանուն, որը համարձակ կարող է դիմել իրան, եթե որևիցե բանի մեջ պետք կունենա։

Առայժմ,― վերջացրեց նա իր խոսքը,― ես իմ օրհնության հետ կարող եմ տալ քեզ այս փոքրիկ քսակը, որը գուցե հարկավոր կլինի քեզ քո պանդխտության մեջ։

Ինձ բավական է ձեր օրհնությունը միայն,― պատասխանեց պատանին, հրաժարվելով ընդունել քսակը. իմ ծերունի հայրը հոգացել է բոլորը, ինչ որ պետք է իմ ճանապարհորդության համար։

Վերջին խոսքերով նա ակնարկում էր ծերունի ներքինապետի վրա, որին իր հայր էր կոչում, որի երախտիքը իր կյանքի պահպանության համար երբեք մոռանալ կարող չէր։ Բայց տիկինը դարձյալ ստիպեց նրան ընդունել քսակը, որը չմերժեց նա, համբուրելով իր բարերարի աջը։

Վրանի մեջ զբաղված լինելով, թե տիկինը և թե ներքինապետը չէին նկատել, որ դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Երկինքը պատած էր սև ամպերով և սաստիկ քամին, որ ալեկոծում էր անտառի ծառերը, սպառնում էր սոսկալի փոթորիկ։ Անտառը որոտում էր ծառերի միմյանց զարկվելուց, լեռները թնդում էին, իսկ կայծակը երբեմն փայլատակում էր գիշերային մթության մեջ։ Կարծես, աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը լցված էր ահռելի արհավիրքով։ Անձրև դեռ չկար, միայն երբեմն խոշոր կաթիլներ, քամու սաստիկ հոսանքի հետ թռչելով, գնդակի նման զարկում էին մարդու երեսին։ Տիկինը, նկատելով եղանակի խստությունը, խորհուրդ տվեց ներքինապետին հետաձգել պատանու փախուստը։ Ծերունին համաձայնվեցավ նրա հետ։

Այդ գիշեր ամենահարմար ժամանակն է,― պատասխանեց պատանին մի առանձին վստահությամբ,― ես սիրում եմ այսպիսի եղանակը։ Չեմ կարող մնալ, պիտի գնամ։

Դու դեռ բավական տկար ես,― ասաց տիկինը կարեկցությամբ,― փոթորիկի ժամանակ այդ լեռների վրա շատ ցուրտ է լինում, կարող ես մրսել, կարող ես կրկին հիվանդանալ։

Կարող է ուրիշ վտանգներ ևս պատահել,― ավելացրեց ծերունին,― եթե անձրևը սաստկանալու լինի, ձորձրի մեջ հեղեղներ կբարձրանան։

Պատանին հաստատ մնալով իր որոշման վրա, պնդեց, թե ոչինչ չէ կարող արգելել նրա ուղևորությունը, թե նա ցանկանում է մի րոպե առաջ դուրս գալ, հեռանալ այն մթնոլորտից, որի օդը նրան խեղդում է, ուր ամեն ինչ նրա սրտում ցավ և կսկիծ է հարուցանում։

Սյուրին հասկացավ պատանու սրտի վշտերը, հասկացավ, թե ինչն է դուրս քշում նրան այդ երկրից, վճռեց չհակառակել նրա ցանկությանը և ամեն ինչ թողնել աստուծո կամքին։

Ձիաները, մարդիկը, ո՞րտեղ են,― հարցրեց նա ներքինապետից։

Անտառում պահված են,― պատասխանեց ծերունին։

Պատրաստվեցեք պատանուն ճանապարհ դնել, Ահմեդ, ինչ որ աստված կամեցել է, այն կլինի,― ասաց տիկինը խորին հավատքով, -գուցե այդ փոթորկը աստված հարուց հենց նրա համար, որ պարսիկները քաշվեն իրանց վրաններում, ճանապարհների վրա ոչ ոք չմնա, ուր պատանու փախուստը աննկատելի լինի։

Ծերունի ներքինապետը մտավ վրանի գաղտնարանը, որ բաժանված էր վարագույրով, այնտեղից դուրս բերեց մի զույգ ատրճանակ և մի թուր. վերջինը նա իր ձեռքով կապեց պատանու մեջքից, և գոտևորելով նորընծա ասպետին իր նոր կոչման մեջ, ասաց.

Ես բացի այդ թուրից ուրիշ թանկագին բան չունեմ քեզ ընծայելու համար, Դավիթ,― դա Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրն է, որ ես դուրս եմ բերել խանի գանձարանից։ Այդ թուրը, որ մի ժամանակ հայ թագավորի հզոր ձեռքում պաշտպանում էր մեր հայրենիքը, թող այսուհետև հիշեցնե քեզ նրա ցավալի անկումը, թող այսուհետև ոգևորե քեզ նրա վերականգնման համար գործել։ Դու պետք է բարձրացնես մեր հայրենիքի փառքը նրա կործանման փոշիներից և վերստին պետք է կյանք և ազատություն պարգևես մեր թշվառ աշխարհին։ Ես այդ խոսքերը իմ գլխից չեմ խոսում, այլ աստված ինքը հայտնեց ինձ մի տեսիլքի մեջ։ Եվ ես հավատում եմ քո ճակատագրին, դու էլ պիտի հավատաս քո կոչմանը...

Լսելով այդ խոսքերը, պատանին կարծում էր թե իր վրա ծիծաղում են, և ծերունին պատրաստ էր պատմել նրան իր տեսած երազի մանրամասնությունները, բայց տիկինը զգուշացրեց նրան, որ լռե։

Այդ հասակում տղայի հետ այդպիսի բաների վրա չեն խոսում,― ասաց նա արաբերեն լեզվով. երբ ժամանակը կգա, նա ինքը կհասկանա բոլորը...

Այժմ բարի ճանապարհ եմ մաղթում քեզ,― ասաց տիկինը պատանու ճակատը համբուրելով,― կրկնում եմ, որտեղ որ լինես, ամեն մի պետքի, ամեն մի վտանգի ժամանակ կարող ես վստահությամբ դիմել ինձ, ես պատրաստ եմ ամեն մի հանգամանքում օգնել քեզ։

Պատանին խորին շնորհակալությամբ հանբուրեց տիկնոջ աջը և մի քանի կաթիլ արտասուք գլորվեցան նրա ձեռքի վրա։ Նա մնաք բարյավ ասաց և իսկույն դուրս եկավ վրանից, գիշերային մթության մեջ ծածկելու իր դառն արտասուքը։ Ծերունի ներքինապետը հետևեց նրան։

Տիկինը մնաց վրանում միայնակ, տխուր և սաստիկ սրտաշարժ դրության մեջ։ Կարծես նրա հարազատ եղբայրը դեպի օտարություն էր գնում, կարծես, նրանից մի ամենասիրելի բան պակսում էր։ Նա լուռ հափշտակության մեջ ծունր դրեց վրանի հատակի վրա և նրա վշտերով լի աչքերը դարձան դեպի արդարադատ երկինքը։ Ի՞նչ բանի համար էր աղոթում նա այդ միայն աստված գիտե։ Բայց ջերմ արտասուքը առատությամբ թրջում էր նրա գունաթափ դեմքը, և երկար նույն դրության մեջ մրմնջում էր նա, մինչև կայծակի վերջին փայլը լուսավորեց վրանի մթին շրջակայքը, և հեռացող պատանու քայլերի ձայնը ծածկվեցավ որոտման սաստիկ դղրդոցի տակ։

Փոթորիկը ավելի սոսկալի կերպարանք ստացավ...

Առաջին գրքի վերջը

Be the first who will comment on this

Other parts of "Դավիթ Բեկ"

Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Davit Bek
Davit Bek
Play Online