Raffi

Դավիթ Բեկ

2 - Ա

Մցխեթը, վրաց երկրի մայրաքաղաքը, այդ ժամանակ ներկայացնում էր մի աղքատ ավան, որ նշանավոր էր նրանով միայն, որ այնտեղ էր գտնվում «Կենդանարար» անունով հոյակապ վանքը և այնտեղ էր բնակվում երկրի իշխանը, որ վրացիներից ընդունվում էր որպես թագավոր, իսկ պարսիկներից որպես «վալի»******։ Ողորմելի, գետնափոր խրճիթները ցրված էին ավանի զանազան կողմերում և գետնի մակերևույթից որոշվում էին իրանց փոքրիկ, բլրաձև բարձրությունով միայն, որ նմանում էին խլուրդների կազմած հողաբլուրներին, երբ գետինը փորելով դիզում էին իրանց որջերի մուտքի առջև։

Վանքի զանգակատան բարձրությունից լսելի եղան վերջին հնչյունները. հրավիրում էին միաբանությանը ընթրիքի։ Երեկոյն խավարը արդեն սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ։ Գյուղացիները քշում էին երկրագործական հոգնած անասուններին դեպի տուն և գյուղացի աղջիկները դադարել էին հեռու աղբյուրից ջուր կրելուց։ Խրճիթներում այստեղ և այնտեղ երևում էր ճրագի լույսը։

Այդ միջոցին անվանի մեռելայն լռությամբ աղմկվեցավ, շները բարձրացրին մի խառնաձայն աղաղակ, երբ հեռվից հայտնվեցան մի խումբ ձիավորներ, որոնք ամենայն թափով քշում էին իրանց երիվարները դեպի ավանը։ Որսորդական հոգնած բարակները տհաճությամբ վազում էին ձիաների ետևից և ամբողջ խումբը կորած էր փոշու թանձր մառախուղի մեջ։ Ձիավորներից մի քանիսը կրում էին իրանց բազուկների վրա բազեներ։ Երևում էր, որ այդ խումբը վերադառնում էր որսորդությունից։ «Պարո՛նը...» ասեցին միմյանց մի քանի ուշացած գյուղացիներ և երկյուղածությամբ մի կողմ քաշվեցան ճանապարհ բաց անելու համար։

Խումբը դիմեց դեպի քայքայված բերդը, որ վաղեմի ժամանակներից շինված էր մի բարձրավանդակի վրա։ Այնտեղ էր «պարոնի» տունը։ Բերդի ահագին դռները բացվեցան, ձիավորները ներս մտան, և հասցնելով իրանց տիրոջը մինչև նրա բնակարանը, հետո գլուխ տալով ցրվեցան։

Մի երիտասարդ ձիավոր, այդ խումբից բաժանվելով, դիմեց ձորը, դեպի մի առանձնացած տնակ, ուր էր նրա բնակարանը։

Մի մարդ, կեսօրվանից եկած, սպասում է ձեզ, աղա,― ասաց սպասավորը, երբ նրա տերը ցած իջավ ձիուց։

Ի՞նչ մարդ,― հարցրեց աղան, հանձնելով ձիու սանձը սպասավորին և հրամայելով, որ ման ածե, մինչև քրտինքը ցամաքի, հետո տանե գարի տա։

Չեմ իմանում, նա ձեր անունը իմանում է, ասում է, որ ձեր երկրիցն է,― պատասխանեց անհետաքրքիր ծառան, որին այժմ ավելի զբաղեցնում էր հոգնած ձին, որ պատած էր սապոնի փրփուրի նման քրտինքով, քան անծանոթ օտարականը, որ աղայի երկրիցն է։

Երիտասարդը անհամբերությամբ ներս մտավ մի խուղի մեջ, որ միակ լուսավորված սենյակն էր ամբողջ տան մեջ։ Դա բավական ընդարձակ, քառանկյունի շինվածք էր, որի պատերը կազմված էին, մինը մյուսի մոտ կանգներցած, երկայն ցիցերից, որոնց միջոցները հյուսած էին ծառերի ճյուղերով, հետո ծեփած էին հասարակ կավով։ Սենյակի առաստաղը գմբեթաձև կերպով վեր էր բարձրանում, իր գագաթում թողնելով երդիկի նման մի ծակ, որտեղից դուրս էր գնում նրա մեջ հավաքված ծուխը։ Ուրիշ լուսամուտներ չկային. ցերեկը լուսամուտի փոխարեն ծառայում էր նեղ դուռը, որտեղից ներս էին թափվում արեգակի ճառագայթները։ Բայց իսկապես ասած, այդ բնակարանը դրսի լույսին ամենևին պետք չուներ. հատակի վրա թավալված էին մի քանի գերաններ, որոնց ծայրերը միմյանց մոտ դրվելով, ամբողջ օրը ծխում էին, տարածելով իրանց շուրջը թե լույս, թե ջերմություն և թե խեղդող մուխ։ Գիշերը ճրագի պետք չկար։

Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր։ Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր։ Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց։

Ո՞րտեղացի ես,― եղավ երիտասարդի առաջին հարցմունքը։

Ձեր ծառան տաթևացի է,― պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց.

Աղայի համար նամակ եմ բերել։

Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց.

Տուր ինձ նամակը։

Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին։

Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ։ Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից։ Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն։ Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով։ Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք։ Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ։

Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա։ Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև։ Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը։ Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները։ Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում։ Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր։ Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին։ Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությունները, հափշտակությունները,― բոլորը արյունով, արտասուքով և խորին ցավակցությամբ գրված։

«Դանակը ոսկորին է հասել...» այս խոսքերով վերջանում էր նամակը «մեր երեսին պատվի մի կաթիլ անգամ չեն թողել... մեր կնիկներին, մեր աղջիկներին մեր աչքի առջև բռնաբարում են և մենք լուռ նայում ենք... Մեր վանքերը, մեր եկեղեցիները անասունների ախոռատուն են դարձնում և մենք համբերում ենք... Մեր տաճարների սրբությունները կողոպտում են և խաչերը շների շլինքից քարշ են տալիս, իսկ մենք ձայն հանել չենք համարձակվում... Մեր զավակներին, մեր ձեռքից խլելով, օտար երկրներում վաճառում են, մենք արգելել չենք կարողանում... Մեր ձեռքի վաստակը մեզանից հափշտակում են, մեզ թոնում են քաղցած, իսկ մենք բողոքել չենք կարողանում... Ոչ ոք չէ լսում մեր ձայնը, ոչ ոք չէ սրբում մեր արտասուքը։ Մնացել է վերևում աստված, իսկ ներքևում` դու, Դավիթ բեկ։ Խեղդամահ եղած հայրենիքի վերջին հառաչանքը կոչում է քեզ։ Լսի՜ր նրա ձայնը, լսի՜ր նրա աղաչանքը, օգնության ձեռք մեկնի՜ր։ Այն հայրենիքը, որ քեզ սնուցել է, որ քեզ կյանք է տվել, քեզանից կենդանություն է սպասում։ Մի թող տուր նրան իսպառ մահանալ։ Ժողովրդի հույսը քեզ վրա է դրած։ Քո հզոր աջը պետք է փրկե նրան։ Այդ է աստուծո և մեր տեր Հիսուս Քրիստոսի կամքը։ Ուրիշ ճար չէ մնացել. ամեն բան փորձեցինք, ամեն հնար գործ դրեցինք, ամեն ստորություն հանձն առինք, բայց բռնակալի գազանությունը ամոքել չկարողացանք։ Մեր ստրկության լուծը օրըստօրե ծանրացավ, մեր վիճակի դառնությունը օրըստօրե սաստկացավ։ Այժմ ժողովուրդը ուխտել է կատարել մի վճռական գործ` կամ միանգամով կոտորվել և բնաջինջ լինել, կամ բոլորովին ազատվել մահմեդական բռնակալությունից։ Բայց ժողովրդին պետք է մի փորձված ձեռք, որ առաջնորդե նրան։ Այդ ձեռքը նախախնամության կամքով պետք է լինի քոնը։ Այն օրը, երբ դու ոտք կկոխես հայրենիքի հողի վրա, ժողովուրդը մի մարդու պես կկանգնի և քո դրոշի ներքո կսկսե մաքրել երկիրը մահմեդական պղծությունից։ Ամեն ինչ պատրաստված է. մնում է քո հրամանը,― և ահա ժողովուրդը կշարժվի... Շտապի՜ր, Դավիթ բեկ, ազգը, հայրենիքը և եկեղեցին կանչում են քեզ և իրանց ազատությունը քո ձեռքից են սպասում...»։

Մի սոսկալի սարսուռ տիրեց երիտասարդի մարմնին, երբ նա ավարտեց նամակի ընթերցումը։ Նրա սիրտը սկսեց անհանգիստ կերպով բաբախել և ձեռքերը սկսեցին դողդողալ։ Նա ընկավ այն ցավալի դրության մեջ, որպես մի մարդ, որ հանկարծ լսում է սիրելի ծնողների մահվան բոթը։ Բայց այստեղ մեռնողը հայրենիքն էր, մեռնողը մի ամբողջ ժողովուրդն էր, իսկ ինքը նույն ժողովրդի հարազատ որդին։ Հանկարծ զարթեցան նրա մտքում վաղեմի հիշողություննրը, որ մինչև այնօր հանգած էին։ Նա հիշեց այն հանդիսավոր խոստումը, որ երդումով ուխտել էր իր ծնողների գերեզմանի վրա։ Եվ կարծես, այդ թշվառների ուրվականները, նույն վայրկենում դուրս գալով իրանց հանգստի խորքից, լի հանդիմանական ցասումով, սկսեցին պախարակել նրան, «դու երդմնազանց ես...»։ Նա զգաց մի սարսափելի սոսկում և նամակը ցած ընկավ նրա ձեռքից։ Երկար նա գտնվում էր հոգեկան խորին խռովության մեջ, որպես մի հանցավոր, որ հանկարծ զգում է խղճի խայթը... Ի՞նչ էր մինչև այնօր կապել նրան մի օտար երկրի հետ, ի՞նչն էր մոռանալ տվել նրան հայրենիքի թշվառությունը։ Այդ հարցը ծագեց նրա մտքում, երբ միանգամով պատկերացավ նրան տխուր և վշտալի անցյալը...

Նա շտապով բաց արեց երկրորդ նամակը։ Դա բարեկամի նամակ էր լի վաղեմի հիշատակների ջերմ զգացմունքներով։ Նրան գրել էր Ստեփաննոս Շահումյանը, Դավիթ բեկի մանկության ընկերը։

«Հիշի՜ր, Դավիթ, այն ցավալի օրը,― գրում էր նա ի միջի այլոց,― երբ ես Ֆաթալի խանի բանտումն էի, իսկ դու, ողբալի կրակի բոցերից մի բախտով ազատված, գտնվում էիր ծերունի ներքինապետի խնամակալության ներքո։ Հիշիր այն կրակը, հիշիր այն բոցերը, որոնց մեջ այրվեցան քո հայրը, քո մայրը, քո քույրերը։ Այն կրակը դեռ չի հանգել։ Նա հրդեհում է մեր ամբողջ հայրենիքը։ Նա ճարակում է մի ամբողջ ժողովուրդ։ Ո՞վ պիտի հանգցնե նրան, եթե ոչ այն մարդը, որ իր անձի վրա փորձել է նրա բոլոր դժոխային տանջանքը...

Մի քանի տողերից հետո շարունակում էր նա։

«Ոչ ոք խելացի չի կոչի այն մարդուն, որի տունը հրդեհով պաշարված է, որի զավակները կրակով պատած են, որի կայքը այրվում է, իսկ նա, այդ բոլորը թողած, շտապում է իր հարևանի տունը կրակից ազատելու համար։ Քո եռանդը, քո ջանքերը վրաց խարխուլ գահը պահպանելու մասին, հիշեցնում է ինձ այդ համեմատությունը։ Ի՞նչ կշահվի քո քաջությունից, քո պատերազմական տաղանդից հայոց թշվառ աշխարհը, երբ դու քո բոլոր ուժերը, քո մտքի և սրտի բոլոր զորությունը վատնում ես հօգուտ օտարի, մինչդեռ քո հայրենիքը քեզպեսներին ավելի կարոտություն ունի։ Դու այժմ քո հզոր ուսերի վրա տանում ես բոլոր ծանրությունը մի քայքայված տերության, որ ընկնելու վրա է։ Դու շատ անգամ պահպանեցիր նրան իր անկումից, դու շատ անգամ ազատեցիր նրան իր թշնամիներից, շատ անգամ հաղթող հանդիսացար սարսափելի կռիվների մեջ։ Բայց ո՞րքան շահվեցավ այդ բոլորից հայոց թշվառ ազգը...

Դավիթ, մենք դասընկերներ ենք եղել. մենք Տաթևի վանքում, հանգուցյալ Հարություն վարդապետի մոտ միասին էինք կարդում հայոց պատմությունը։ Կարծես, այդ ազգի ճակատագրի մեջ մի անեծք կա։ Նա ստեղծում է մեծ մարդիկ, ստեղծում է հանճարներ, միայն օտարներին ծառայելու համար։ Սկսյալ ազգերի պատմության ամենախորին հնությունից, Հայաստանը միշտ տվել է թե իր դրացիներին և թե հեռավոր ժողովուրդներին իր զավակների ամենաընտիրները։ Բաբելացոց, եգիպտացոց նշանավոր պետական մարդիկների թվում առաջին տեղը բռնում են հայերը։ Հայերը տվեցին Հռոմին և Բյուզանդիային ոչ միայն քաջ զորապետներ, այլ մինչև անգամ կայսրներ։ Ահռելի Պարսկաստանը իր ամենանեղ ճգնաժամի միջոցին փրկություն էր գտնում հայ զորապետների ձեռքով։ Վայրենի մոնղոլներ, Միջին Ասիայի խորքերից դուրս գալով, հայ զորապետների առաջնորդությամբ, ոտնակոխ արեցին ամբողջ պետություններ։ Բաղդատի և Դամասկոսի արաբական խալիֆաները հայ զորապետների ձեռքով տիրեցին անսահման երկրներ։ Խաչակիրները իրանց ամենահաջող պատերազմներով պարտական են հայոց քաջերին։ Մինչև անգամ ամենահեռավոր Հնդկաստանի թագավորությունները երկար ժամանակ օգուտ էին քաղում հայ զորապետների խելքից և քաջությունից։ Ինչո՞ւ եմ խոսքս երկարացնում։ Ո՞ր երկիրը, ո՞ր ազգը, ո՞ր թագավորությունը չէ շահվել հայոց ուժերից։ Նույնիսկ քո Վրաստանը, Դավիթ, քանի՞ քանի՞ անգամ վայելել է հայ մարդու օգնությունը։ Բայց միշտ ապերախտ, միշտ անշնորհակալ է մնացել դեպի հայը։ Եթե այդ անհոգ, թեթեևամիտ ազգը այսօր գոյություն ունի, դրանով նա պարտական է հայերին։ Հայաստանը, իբրև մի բնական վահան, միշտ պաշտպանել է նրան պարսիկների, արաբացիների և մոնգոլների հարձակումներից։ Արևելքից հեղեղի նման եկած բոլոր բարբարոսների արշավանքները թափել են իրանց անգթությունը Հայաստանի վրա և անցել, իսկ Վրաստանը միշտ մնացել է թաքնված մեր ետևում։ Եվ եթե պատահել է մեզ նրանցից օգնություն խնդրել, միշտ սուտ խոստումներով խաբել են մեզ։ Բայց հայը, միամիտ հայը, միշտ մնացել է հավատարիմ, միշտ անձնվեր և միշտ զոհաբերող դեպի օտարը։ Նա թողել է իր տան գործը, մոռացել է իր ցավերը և օտարի տան հոգսն է հոգացել։ Նա թողել էր իր երկրի ավերակները և օտարի համար պալատներ է կանգնել։ Նա մոռացել է իր խորտակված գահն ու գավազանը և օտարի դրոշի փառքն է բարձրացրել։ Մի՞թե այդ բոլորը դու չտեսար մեր պատմության մեջ. ահա դրանում է մեր գլխավոր հիվանդությունը։ Մենք մեզ ծառայել չգիտենք մենք մեզ համար անշնորհք ենք, իսկ օտարի համար շնորհալի։ Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին իրանց հայրենիքին, ես հավատացած եմ, որ այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի...

Իմ խոսքը, դու էլ կհասկանաս, Դավիթ, ավելի ազնիվ և բարեխիղճ ծառայողների մասին է, որոնք թեև իրանց հայրենիքին մի օգուտ չեն հասցրել, բայց ուղղակի վնաս էլ չեն տվել։ Իսկ ո՜րքան շատ է այն դավաճանների թիվը, որոնք մի արյունոտ գործիք դառնալով օտարների ձեռքում, սկսել են իրանց հայրենիքը ավերակ դարձնել, սկսել են իրանց հարազատ եղբայրներին կոտորել։ Թե առաջիններին և թե վերջիններին ես շատ չեմ զանազանում միմյանցից։ Զանազանությունը այսքան է միայն, որ մեկը վնասում է ուղղակի կերոպվ, գիտակցաբար, իսկ մյուսը վնասում է կողմնակի կերպով, անգիտակցաբար։ Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն։ Ի՞նչ ես կարծում, Դավիթ, դա նույնքան վնասակար չէ՞, որպես առաջինը։ Ես գոնե վնասակար եմ համարում։ Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը։ Ծառայել հայրենիքի թշնամուն, իր ազգի կործանողին, բարձրացնել նրա փառքը և զորությունը,― այդ նշանակում է ի վնաս իր ազգի գործել։ Մեծ տարբերություն չկա այդ երկու մտքերի մեջ` գող լինել կամ գողի բարեկամ։ Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են։ Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ...

Ես գիտեմ քո մեծահոգությունը, Դավիթ, դու այն տեսակ մարդիկներից ես, որոնց համար հայրենիք և ազգություն չկա, որոնց հայրենիքը լայնածավալ աշխարհն է, իսկ ազգությունը` ընդհանուր մարդկությունը։ Դու պատրաստ ես օգնել ամեն տեղ, ուր խեղճություն և բռնություն կգտնես։ Բայց «շապիկը ավելի մոտ է մարմնին»... «Պետք չէ Իսրայելի որդիների հացը ձգել հեթանոսների շներին...»։ Հիշո՞ւմ ես այդ ավետարանական խոսքը։ Մեր զավակներին քաղցած թողնելով, օտարների որդիների հացի մասին հոգալը մի մեծ առաքինություն չի համարվի մեզ համար։ Մենք այնքան սակավ միջոցներ ունենք, մեր ուժերը այնքան անբավական են մեզ համար, որ պետք է խնայենք նրանց, իսկ մենք աննպատակ կերպով սպառում ենք...

Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հրոչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ։ Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ։ Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ։ Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը։ Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին բոլորը, ինչ որ ունես դու, պատականում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել։ Ինչո՞ւ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես։ Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանաս քո վճարը։ Այս, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի...»։

Հետո նա Դավիթ բեկի ուշադրությունը դարձնում էր Սյունյաց աշխարհից նրան ուղարկցված հանրագրի վրա, հորդորում էր ժողովրդի ներկայացուցիչների ձայնը հարգել, հորդորում էր թողնել վրաց ծառայությունը և փութով աճապարել դեպի հայրենիքը։ Նկարագրում էր Հայաստանի խառնաշփոթ քաղաքական դրությունը, բացատրում էր պարսից պետության ջլատումը և նրա օրըստօրե քայքայումը, որից պետք էր օգուտ քաղել, նպատակահարմար ժամանակը չկորցնել և ժողովուրդը ազատել այդ ազգի բարբարոսությունից։ Հետո մի փոքր գգվելով իր ընկերի անձնասիրությունը, նա ավելացնում էր.

«Մեր ազնվական դասը փչացած է, Դավիթ, նրանց վրա մեծ հույս դնել չի կարելի։ Դարերի ընթացքում, պարսից ազդեցության ներքո, ազնիվ արյունը նրանց երակներում խարդախվեցավ։ Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին։ Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դաթիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջնաքը, բոլոր ցավերը։ Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ։ Հանգամանքներն ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել։― Եվ այդ պիտի կատարես դու...»։

Կկատարե՜մ... ասաց նա խորին ցավակցությամբ և նամակը ցած դրեց։

Be the first who will comment on this

Other parts of "Դավիթ Բեկ"

Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Davit Bek
Davit Bek
Play Online