Raffi

Դավիթ Բեկ

3 - ԻԶ

Դուրս գալով փոսից, խանը շարունակեց իր դանդաղ ընթացքը։ Նա գտնվում էր սարսափելի ինքնամոռացության մեջ։ Նրան տիրել էր այն երազական դրությունը, երբ մտքի տեղ արթուն է մնում միայն երևակայությունը։ Ամեն առարկա, ցնորքի նման, նրա վրա միայն վայրկենական տպավորություն էր գործում. հանկարծ երևան էր գալիս և շուտով էլ մոռացվում էր։ Բերդի մեջ բարձրացած սոսկալի աղաղակները, հրանոթների որոտը, հուզված, զարհուրված ամբոխի դղրդոցը նա այլևս չէր լսում։ Նրա ականջներին դիպչում էին միայն անորոշ և ոչինչ նշանակություն չունեցող ձայներ, և անցնում էին քամու մեղմ սոսափյունի պես։ Նա չէր տեսնում և հրդեհների բոցը, որ բարձրանում էր թե աղքատի խրճիթից և թե հարստի ապարանքից, և հրեղեն վիշապների նման, պտտվում էր, գալարվում էր օդի մեջ։ Նա տեսնում էր միայն լույսի հազիվ երևացող նշույլներ, որոնք մոլաշրջիկ կրակների նման վառվում էին և րոպեական լուսավորությունից հետո, դարձյալ անհետանում էին։

Նա դուրս եկավ ամրոցի մոտ և միևնույն անբացատրելի բնազդումով, ինչպես լուսնահարները գնում են իրանց ցանկացած տեղը, թեև քնած են լինում։ Մտավ դիվանատան բակը, կանգնեց և մի քանի րոպե խորին ապշությամբ նայում էր վառվող շինվածքների վրա։ Նրա դեմքի վրա երևաց մի տեսակ անմիտ ժպիտ, գլուխը շարժեց և իր քայլերը ուղղեց դեպի կանանոցը։ Այստեղ հարեմական բոլոր կարգերը խանգարված էին։ Դռների մոտ պահապաններ չկային, ներքինիներ չէին երևում, բայց այսուամենայնիվ, ոչ ոք այնտեղ մուտք չէր գործել, միևնույն ավանդական երկյուղածության շնորհիվ, որպես մեկը չէ համարձակվում մտնել մի որևիցե ամայի տաճարի մեջ, թեև նրա դռները բաց է տեսնում։ Թշնամին, դեռևս իր գործը բոլորովին վերջացրած չլինելով մահմեդական ամբոխի և զորքի հետ, մինչև այստեղ տակավին չէր հասել։

Կնիկների բազմությունը, փակված իրանց օթյակներում, օրհասական երկյուղի մեջ, սպասում էին սոսկալի ճգնաժամին։ Կինը, մանավանդ մահմեդական կինը, պատերազմի ժամանակ, ավելի փոքր երկյուղ ունի, քան թե տղամարդը։ Նրա մեջ գտնվում են այնպիսի արժանավորություններ, որ թշնամին նրա հետ բավական մեղմությամբ է վարվում։ Այդ կետից նայելով, կնիկների երկյուղը այնքան թշնամու կողմից չէր, որքան ամրոցում հայտնված հրդեհից։ Կրակը արդեն անցել էր կանանոցի մեջ, մի քանի սենյակներ այրվում էին։ Կնիկները դուրս փախչելու թույլտվություն չունեին, որովհետև, իրանց վրա հսկողներից մեկը պետք է լիներ, որ նրանց իրավունք տար դուրս գալու, իսկ այդ մեկը, որ ներքինապետն էր, չկար։

Նա ուրվականի նման անցավ կանանոցի բակից և մտավ Զուբեիդա խանումի նախասենյակը։ Ծերունի Ասադը իր սովորական պարտաճանաչությամբ, սղոցի թեփով լցրած բարձը գլխի տակին դրած, և վերմակի փոխարեն, իր վերարկուի մեջ փաթաթված, պառկել էր տիկնոջ օթյակի դռան հանդեպ։ Խանը չնկատեց նրան, և կոխ տալով, նրա վրայից անցնելու միջոցին, ծերունի պահապանը քնաթաթախ վեր թռավ, զարկվեցավ նրան, և նա, չկարողանալով պահպանել իր դիրքը, ընկավ ծերունու վրա։ Երկու քնածներ սկսեցին անգիտակցաբար միմյանց տրորել, միմյանց կողքերը ջարդել։ Վերջը ծերունուն հաջողվեցավ բռնել խանի կոկորդից, գոչելով. «Գո՛ղը... գո՛ղը... շուտ հասեք... բռնվեցավ գողը...»։

Նրա ձայնին ոչ ոք օգնության չհասավ։

Միայն ծերունու աղաղակը և այն սաստիկ ցնցումը, որ գործեց նա խանի մարմնի վրա, այն հետևանքն ունեցան, որ խանը լուսնահարի նման արթնացավ, և չհիշելով ծերունու մի քանի րոպե առաջվա գործողությունները, այնքանը միայն զգաց, որ իր կոկորդը գտնվում է նրա ճանկերի մեջ։ Զորեղ ձեռքով նրան մի կողմ գլորեց և ինքը վեր կացավ, ասելով.

Ճանաչի՜ր քո տիրոջը, անզգամ։

Այդ խրոխտ ձայնի մեջ ծերունին ճանաչեց խանին, բայց նախասենյակի մթության մեջ չկարողացավ տեսնել նրա ցեխի մեջ թաթախված ջորեպանի հագուստը։

Հեռացի՜ր այստեղից,― հրամայեց խանը և մտավ տիկնոջ սենյակը։

Սարսափած ծերունին ոտքը դուրս դրեց նախասենյակի շեմքից. բայց հանկարծ հիշեց իր սղոցի թեփով լցրած բարձը և վերարկուն։ Նա դողդողալով հետ դարձավ, վեր առեց իր գիշերային անբաժան ընկերները և հեռացավ։

Նրա մեջ այժմ տիրապետում էր մի զգացմունք միայն, մահվան և դատապարտության զգացմունքը։ Նա հիշեց ներքինապետի խոսքերը, որ տիկնոջ փախուստի լուրը առնելու ժամանակ ասաց նրան. «Խանը քեզ կրակի մեջ կենդանի այրել կտա...»։ Իսկ այժմ իր հանցանքը ավելի ծանրացավ։ Նա բռնեց խանի կոկորդից, նա ապտակեց նրան։ Բայց ինչո՞ւ չհրամայեց նա իսկույն կտոր-կտոր անել, իսկույն խեղդել իր անզգամ ծառային։ Այդ միտքը սաստիկ տանջում էր ծերունուն։ «Ես արժանի եմ մի այսպիսի պատժի»,― մտածեց նա և առանձնացավ կանանոցի մի անկյունում, նստեց, խոնարհաբար սպասում էր իր դատապարտության րոպեին։

Խանը մտնելով տիկնոջ սենյակը, գտավ նրան իր գեղեցիկ, վայելչական կարգուսարքի մեջ։ Այնտեղ դեռ վառվում էր ճրագը, տարածելով իր շուրջը բաց վարդագույն լուսավորություն, որ արտափայլում էր նույն գույնով թավիշյա վարագույրներից։ Սիրելի խանումի սենյակում ամեն ինչ իր տեղում էր. թե փափուկ մութաքաները ոսկյա փունջերով, թե նախշուն օթոցները, և թե արծաթեղեն կամ հազվագյուտ չինապակիից կազմված անոթները, բոլորը, բոլորը իրանց պատշաճավոր տեղերն էին բռնած։ Միայն պակաս էր սենյակի թագուհին։

Ամրոցի իշխանը այժմ գտնվում էր իր տան մեջ, բայց որպես մի հանցավոր, որպես մի փախստական, որ ոչ ոքին երևնալու համարձակություն չունի։ Նա կանգնած էր ոտքի վրա, և իր ջորեպանի ցեխոտ հագուստով մինչև անգամ չէր համարձակվում մերձենալ այն գեղեցկություններին, որոնցմով շրջապատված էր ինքը։ Նա աչքերը հառած, խորին տխրությամբ նայում էր այն օթոցին, ուր իր մոտ նստած էր նույն գիշերը խանումներից ամենագեղեցիկը և ամենախելացին։ Հիշեց նրա սքանչելի դեմքը, մտաբերեց նրա լի ճշմարտություններով խոսքերը։ Այստեղ, այս օթոցի վրա նստած, նա, որպես մի անողոք մարգարեուհի, կարդում էր բռնակալի ճակատագիրը, բացատրում էր նրա խաբուսիկ վիճակը։ Խոսում էր ընտանիքի և ամուսնական սիրո վրա։ Ա՛խ, որքան իմաստալից, որքան խորախորհուրդ էին նրա խոսքերը։ Ինքն այն ժամանակ չհասկացավ, և եթե հասկացավ, բարկությունը, հպարտությունը, եսականությունը թույլ չտվեցին խոստովանել նրանց ճշմարտությունը։ Ա՛խ, եթե այժմ այստեղ լիներ այն մարգարեուհին։ Նա պատրաստ էր գրկել նրա ոտները, համբուրել, և նրա ոտների առջև խոստովանել, թե ինքը մարդկային ծնունդներից ամենաթշվառը և ամենահրեշավորն է։ Բայց նա չկար. նրա փոխարեն գրկեց այն անուշահոտ բարձը, որի վրա գեղեցիկ գլուխը դրած, նա քնած էր այն գիշեր,― գրկեց, և իր երեսը սեղմելով նրա վրա, սկսեց թանալ դառն արտասուքներով...

Այդ ի՞նչ զգացմունք էր, ինչո՞ւ էր տանջվում. ինչո՞ւ էր այնպես սպանված նա։ Այն րոպեում, երբ կորչում, ոչնչանում էին` փառք, մեծություն, իշխանություն, երբ նրա ամբողջ զորությունը խորտակվում էր թշնամու ուժի առջև, երբ իր կյանքն անգամ սոսկալի վտանգի մեջ էր,― նա ոչինչ չէր ափսոսում, ոչինչ չէր մտաբերում, մտաբերում էր միայն այն կնոջը, որը այնպես անխնա կերպով հանդիմանեց նրա գազանությունը թե՜ իր տան և թե՜ իր իշխանության մեջ։

Յոթն տարվա ստրկուհին մի անգամ միայն բաց արեց փակված լեզուն, մի անգամ միայն խոսեց ճշմարիտը ու արդարը, և միանգամից գրավեց իր բռնապետի սերն ու հարգանքը։ Բայց մի՞թե այդ հասկանում էր նա։ Նա ոչինչ չէր հասկանում, միայն զգում էր։

Նա զգում էր, որ սիրելի կնոջ ներկայությունը, նրա մի խոսքը, նրա մի ժպիտը կարող էր մխիթարել նրան, կարող էր փարատել նրա բոլոր թշվառությունները։ Բայց նա չկար։ Նրան կորցնելով, ամեն ինչ կորցրեց նա...

Նա գլուխը վեր բարձրացրեց աննման կնոջ բարձի վրայից, և սոսկալով վեր թռավ, որպես մի անարժան, անմաքուր էակ, որ չէ համարձակվում իր հպավորությամբ պղծել մի որևիցե սրբություն։ Կանգնեց ոտքի վրա։ Այժմ վայրենի կերպով նայում էր իր շուրջը և ականջ էր դնում։

Հրանոթների ձայնը սկսեց ավելի մոտից լսելի լինել։ Թշնամին մերձենում էր ամրոցին։ Բայց ի՞նչ էր մնացել այդ գեղեցիկ, հոյակապ շինվածքից։ Բոլորը լափեց կրակը։ Մնում էր միայն հարեմը կնիկների ընտիր հավաքածուն։ Ամեն բան կարելի էր տալ թշնամու ձեռքը, իսկ այդ հավաքածուն ո՜չ։

Մի փոքր հեռու, փողոցներում, կոտորածը դեռ շարունակվում էր։ Շուտով նույն բարբարոսությունը սկսվելու էր և այստեղ կանանոցում։

Բայց այստեղ չէին կոտորի, այստեղից գերի կտանեին։ Այդ ավելի սարսափելի էր։ Խանը չէր կարող համբերել մի այսպիսի անարգանքի, որ այն կնիկները, որոնց ինքը գրկել էր, որոնց աստված ստեղծել էր միայն նրա հաճույքի և զվարճության համար,― պատկանեին մի ուրիշին, կամ մի օտար մարդու ձեռքը շոշափեր նրանց։

Դառն իրականությունը դարձյալ խռովեց, դարձյալ գրգռեց նրա երևակայությունը։ Նրան երևում էր, թե իր կնիկներին կիսամերկ, ոտաբոբիկ, թոկերով կապած, անասունների նման կանգնեցրել էին մի մեծ քաղաքի հրապարակի վրա և վաճառում էին։ Նրան երևում էր, որ իր զավակները, պատառոտած հագուստներով, թափառում էին նույն քաղաքի փողոցներում և անցնողներից ողորմություն էին խնդրում։ Իսկ ինքը, մի կթոց շալակած, պտտում էր դռնից-դուռ, և ողորմելի ձայնով աղաղակում էր, որ իրան աղբ կամ մի այլ բան տան դեն ածելու։

Հրանոթների ձայնը այժմ ավելի մոտից սկսեց լսելի լինել։ Կանանոցի մեջ բարձրացավ խառնաշփոթ աղմուկ։ Ամբողջ շինվածքը դղրդում էր։ Կարծես թե, դռները խորտակում էին։

Նա դողդոջուն ձեռքով վեր առեց ճրագը և մի քանի րոպե փետացածի նման մնաց անշարժ։ Մի սոսկալի խորհուրդ ալեկոծում էր նրա սիրտը։ Նա տարուբերվում էր անվճռականության մեջ, որպես մի կատաղի եղեռնագործ, որ պատրաստվում է կատարելու մի մեծ հանցանք։ «Թո՜ղ նզովյալ լինի սատանան...» ասաց նա և իր քայլերը ուղղեց դեպի դուռը։

Ճրագը ձեռքում նա անցավ կանանոցի բակը, մտավ մի փոքրիկ տալան, այստեղից մտավ մի բավական ընդարձակ սենյակ, որի բանալին իր մոտ ուներ։ Դա նրա առանձնասենյակն էր։ Ներս մտնելուց հետո կրկին կողպեց դուռը։ Մոտեցավ այն փառավոր օթոցին, որի վրա սովորաբար նստում էր ինքը։ Ոտքով օթոցը մի կողմ հեռացրեց, թեքվեցավ և մատով սեղմեց մի փոքրիկ երկաթյա տախտակ, որը ճրնգալով վեր բարձրացավ։ Տախտակի տակում բացվեցավ մի նեղ ճեղք, որի մեջ մի բանալի հազիվ կարող էր շարժվել։ Նա հանեց իր քսակից մի այլ բանալի, անկացրեց ճեղքի մեջ, մի քանի անգամ պտույտ տալուց հետո, ծանր, երկաթյա դռնակը հատակից ինքնիրան վեր բարձրացավ, և բացվեցավ մի մթին և նեղ անցք, որտեղից մի մարդ հազիվ կարող էր մուտք գործել։ Նա ճրագը ձեռքում սկսեց փոքրիկ սանդուղքներով ցած իջնել։

Սանդուղքները տանում էին մի երկար, ստորերկրյա շինվածքի մեջ, որ ամենևին լուսամուտներ չուներ։ Այդ շինվածքը փորված էր ապառաժի մեջ և ծածկված էր ահագին կամարներով։ Նա ավելի բնական քարանձավի ձև ուներ, քան մարդկային արհեստի կերտվածքի։ Նրա վերին հարկում գտնվում էր ամբողջ կանանոցը։ Այստեղ խանը պահում էր իր գանձերը։ Բայց բերդի պաշարվելու ժամանակ նա տեղավորեց այնտեղ, տոպրակների մեջ լցրած, մի նոր մթերք։ Ի՞նչ էր նա,― ոչ ոք չգիտեր։ Նա թողեց ոսկով և արծաթով լի արկղիկները և մոտեցավ այդ տոպրակներին։ Ճրագը մի կողմ դրեց և ինքը չոքեց խոնավ հատակի վրա։ Նրա դեմքը այժմ արտահայտում էր սրտի խորին հանդարտություն, որպես մի մարդ, որ արդեն հաշտվել էր իր խղճի հետ։ Նա իր պղտոր աչքերը բարձրացրեց դեպի երկինքը և լռությամբ կարդաց մի կարճ աղոթք։ Հետո վեր առեց ճրագը և սառնասրտությամբ մոտեցրեց տոպրակներից մեկին։ Նույն վայրկյանում ստորերկրյա շինվածքը սոսկալի բոմբյունով որոտաց և ամբողջ կանանոցը բարձրացավ, ցնդեց օդի մեջ...

Be the first who will comment on this

Other parts of "Դավիթ Բեկ"

Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Davit Bek
Davit Bek
Play Online