Раффи

Պարույր Հայկազն

Դ
Մի ևս յայսմհետէ բարձր ի գլուխ
պարծի Կեկրոպիա․

Ոչ է օրէն ընդ արեգական զաղօտալոյսըն

կշռել ջահ․

Ոչ մահացուի ընդ Պրոյերեսեայ գալ

'ի պայքար հռետորական

Որ զհամօրէն նուաճեաց զերկիր ի ճարտասան

բանիցն հանդէս։

Ի շանթեացն՝ յեղակարծուց սասանեցաւ

Ատտիկաստան․

Եւ ընդհանուր կռկռվաբան իմաստակաց

կոկոզ կաճառք՝

Տեղի ետուն Պրոյերեսիայ. տալ ետ

տեղի և ինքըն բախտ,

Անշըքեցան փառքն Աթենայ պածառք՝

'ի դառն 'ի յօրհասէն.

Փախերուք այսուհետև 'ի Կեկրոպիայ,

մանկունք համբակք։
Գրիգոր աստուածաբան
Մի բարձրահասակ մարդ, պատկառելի դեմքով, համարձակ ելումուտ էր անում Կոնստանդ կայսրի շքեղ արքունիքը։ Պալատականները

ամենայն ակնածությամբ ոտքի էին կանգնում նրա առջև և խորին հարգանքով ողջունում էին նրան։

Նա ոչ մեծահռչակ զորավար էր և ոչ երկրների կուսակալ։ Նա ոչ կայսրի գերիշխանության ներքո գտնվող մի թագավոր էր և ոչ իշխան։ Նրա պարզ, անշուք հագուստն անգամ չէր ցույց տալիս, որ նա աշխարհի աստիճաններով օժտված մեկը լիներ։ Երբեմն տեսնում էին նրան բոբիկ ոտներով պալատը մտնելիս. երբեմն նա գլխարկ չուներ, և երկայն ծամերը կապված էին լինում հասարակ վարասակալով։ Բայց դարձյալ ամեն գլուխ խոնարհվում էր նրա առջև։

Այսպես անփույթ կերպով, այսպես աշխարհի կարգերը արհամարհելով, մուտք ունեն հզորների պալատը երկու տեսակ անձնավորություններ միայն՝ մարգարեն և փիլիսոփան։ Այդ մարդը փիլիսոփա էր և հռետոր։

Կայսերական սեղանի ամենապատվավոր տեղում նա բազմոց ուներ։ Այն սեղանը, որի շուրջը երկրների թագավորները ոտքի վրա սպասավորություն էին անում,― այն սեղանը իրան մեծ պատիվ էր համարում այդ մարդու ներկայությունը։ Բայց այն ճոխ սեղանը, որ լի էր աշխարհի ամենահազվագյուտ բարիքներով, որի վրա ոսկյա և արծաթյա ամանների մեջ դրած էին երկրների ամենաթանկագին ըմպելիները,― այդ սեղանը չէր գրավում նրա ախորժակը։ Նրա խմածը պարզ ջուր էր, իսկ կերածը ցամաք հաց թարմ պտուղներով։

Այդ մարդը Հռովմի մեջ հյուր էր։ Նա կայսրի պալատը կենդանացնում էր իր իմաստուն պերճախոսությամբ, իսկ քաղաքների թագուհուն միտք և հոգի էր տալիս իր հռետորական ճառերով։ Ամեն ոք խորին հրճվանքով սքանչանում էր, որ Կիկերոնը կրկին հարություն է առել. ամեն ոք, սկսյալ ծերակույտի ատենակալից մինչև վերջին քաղաքացին, շտապում էր նրա դասախոսությունները լսելու։

Ամբողջ վեց ամիս նա մտավոր և հոգեկան սնունդ էր բաշխում Հռոմին, և երբ պետք է մեկներ այնտեղից, քաղաքը վճռեց հավերժացնել նրա հիշատակը պատվի արձանով։

Քաղաքի ավելի ակնհայտնի հրապարակներից մեկի վրա կանգնեցրած էր պղնձյա արձանը, որ հռետորի հասակի չափը և նմանությունն ուներ։ Բացման հանդեսը կատարվեցավ ամենփառավոր կերպով, որպիսին ընդունակ է կատարել Հռովմի տոնասեր

ճաշակը. երբ բարձրացրին արձանը ծածկող քողը, նրա պատվանդանի վրա կարդացվեցավ հետևյալ մակագրությունը։
«Թագուհին Հռովմ թագաւորի բանին»։

Միևնույն օրերում, երբ կայսրի պալատի բոլոր դռները բաց էին հռետորի առջև, երբ նա համարձակ ելումուտ էր անում այնտեղ որպես մի հարգելի հյուր,― նույն պալատի դռան առջևի հրապարակի վրա, համարյա ամեն օր, դեգերում էին երկու արևելցիք։ Նրանց հագուստից, զենքերից և այլ նշաններից երևում էր, որ այդ օտարականները հասարակ մարդիկ չէին, այլ, կամ փոքրիկ թագավորներ էին, կամ երկրների տիրապետող իշխաններ։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր հետ մի խումբ թիկնապահներ և սպասավորներ, յուրաքանչյուրը կրում էր կարմիր կոշիկներ և կարմիր գույնով վարտիք, որ նշան էին նախարարի։ Մի շաբաթից ավելի կլիներ, որ այդ օտարականները երևում էին պալատի դռան առջև, բայց դեռ մուտք չէին գործել արքունիքը և չէին ներկայացել կայսրին, թեև հատկապես այդ նպատակով եկած էին։ Նրանք մի քանի անգամ միայն տեսնվել էին Փոքր Ասիայի կուսակալի հետ, որը միշտ հուսադրում էր, թե օր կորոշե նրանց ներկայացնելու կայսրին։ Բայց օրերը անցնում էին և նրանց խնդիրքը մնում էր անկատար։ Երբ օտարականները շատ թախանձում էին, մի անգամ կուսակալը հեգնությամբ ասաց նրանց՝ «Կայսրի դռանը թագավորներին անգամ ամիսներով և տարիներով սպասել են տալիս, բայց դուք՝ հայերդ, երևի շատ անհամբեր եք…։

Համարյա միևնույն օրերում, երբ հռետորը ստացավ այն մեծ պատիվը, երբ վերջացած էր արձանի բացման հանդեսը և երբ նա պատրաստվում էր թողնել Հռովմը,― այդ ժամանակ երկու օտարական իշխանները ներկայացան նրան։ Առանց հայտնելու, թե իրանք ովքեր են և ինչ նպատակով են եկել, տվեցին նրան մի նամակ, որ գրել էր հայոց կաթողիկոս սուրբ Վրթանեսը։ Հայրապետական պատշաճավոր օրհնություններից և բարեմաղթություններից հետո նամակը սկսվում էր հետևյալ խոսքերով։

«Մե՜ծ փառք և պարծանք է հայոց ազգի և Հայաստանի համար, որ իր հարազատ զավակներից մեկը իր իմաստությամբ զարմացնում է ամբողջ արևելքն ու արևմուտքը, իսկ իր հանճարով բարձր պատիվ է վայելում Հռովմի օգոստափառ կայսրի պալատում։ Այսպիսի պատվի չէ արժանացել և ոչ մի աշխարհակալ, որ Հռովմեական Կայսրության սահմանները տարածեցին դեպի Ասիայի և Աֆրիկայի խորքերը։

Ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի մեր Տրդատ հզոր արքայի բարեկամական հարաբերությունները Հռովմի այժմյան կայսրի հոր՝ Կոստանդիանոս մեծի հետ։ Ձեզ հայտնի պետք է լինի և «Դաշանց թուղթը», որ գրվեցավ և կնքվեցավ այդ երկու ինքնակալների մեջ, իբրև պայման փոխադարձ սիրո և օգնականության, որը պետք է մնար անխախտ սերունդից սերունդ։ Այդ դաշնադրութրւնը պահպանվեցավ Տրդատի ամբողջ կենդանության ժամանակ և Հայաստանը մի ամուր պատնեշ դարձավ պարսիկների դեմ, թույլ չտալով նրանց հարձակվել Հռովմեական Կայսրության սահմանների վրա։

Տրդատը ահարկու սուր էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, և իր թագավորության բոլոր ժամանակը սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը և նրանց Շապուհ թագավորին։ Նա մեռավ և մեր աշխարհը անմխիթար սուգի մեջ թողեց։

Հայաստանը այժմ ալեկոծվում է անիշխանության մեջ։ Նախարարների մեջ տիրում է երկպառակություն և ներքին պատերազմ։ Սանատրուկը ինքնագլուխ թագավոր է դարձել Փայտակարանում։ Նախարարներից ոմանք, նրա օրինակին հետևելով, յուրաքանչյուրը ձգտում է իր իշխանության թագավորը լինել։ Աղձնյաց Բակուր բդեշխը ապստամբված է հայոց նախարարների միաբանությունից և նույն նպատակին է հետևում։ Թշնամին օգուտ քաղելով ներքին խռովությունից, ամեն կողմից նեղում է մեզ։ Շապուհը, հին վրեժխնդրության ծարավը հագեցնելու համար, կատաղի գազանի նման, մեր երկիրը ավերակ է դարձնում։ Հայաստանի գահը թափուր է մնացած իր հարազատ արքայից։ Մի մեծ, մի գլխավոր չկա, որ ի մի հավաքե բոլոր անջատված ուժերը և ընդհանուր զորությամբ դեմ դնե թշնամուն։ Հայաստանը քայքայման վիճակի մեջ է։ Ձեր մի խոսքը բավական է մեր աշխարհը օրհասական վտանգից ազատելու համար։ Ի սեր ազգի, ի սեր հայրենիքի, բարեխոսեցեք կայսրի մոտ, հիշեցրեք նրան մեր հին դաշնադրությունը, և նրա օգնությունը խնդրեցեք՝ Տրդատի որդի Խոսրովին հոր տեղը թագավոր դնելու։ Դրանով դուք կատարած կլինեք ձեր սուրբ պարտավորությունը դեպի ձեր անբախտ հայրենիքը և դեպի այն ազգը, որ պարծենում է ձեզանով և իրան մեծ պատիվ է համարում ձեզ իր որդի կոչելու։

Բացի այդ նամակից, առանձին թուղթ գրվեցավ մեր և նախարարների կողմից կայսրին մատուցանելու համար, և արքայավայել ընծաներով ուղարկվեցավ տեղդ՝ Ծոփաց Մար իշխանի և

Հաշտենից Գագ իշխանի ձեռքով։ Այդ իշխանները բերանացի կպատմեն ձեզ, ինչ որ պակաս ենք թողել մեր նամակի մեջ»։

Ոչ մի ջիղ ոչ մի մկնակ չշարժվեցավ հռետորի սառն դեմքի վրա այդ ողբալի նամակի ընթերցանության ժամանակ։ Նա մի կողմ դրեց նամակը և մտածության մեջ ընկավ, որպես մի մարդ, որ գտնվում է անել դրության մեջ։

― Դուք դեռ չե՞ք ներկայացել կայսրին,― հարցրեց նա, դառնալով դեպի երկու իշխանները։

― Ոչ, չնայելով որ այդ մասին բազմիցս խնդրած ենք պալատականներից,― պատասխանեցին նրանք։

― Իսկ կայսրին հայտնի՞ է ձեր գալուստը։

― Հարկավ պետք է հայտնի լինի. մենք դատարկաձեռն չէինք եկած, մենք բերել էինք մեզ հետ արքայավայել ընծաներ. մեր ընծաները ցույց են տվել կայսրին։ Այդ մասին ձեզ ևս գրել է մեր Վրթանես հայրապետը։

― Այո՛, գրել է․․․ Իսկ այժմ ինչո՞ւմն է դժվարությունը։

― Իսկապես ոչինչում,― պատասխանեց Հաշտենից իշխանը։― Ի՞նչ դժվարություն պիտի կրենք, երբ մենք ունենք կայսրի պալատում մի ձեզ պես հարգված անձն։ Բավական է ձեր մի խոսքը և կայսրը կկատարե մեր խնդիրքը։ Այժմ ձեզանից է կախված մեր պատգամավորության հաջողությունը։

― Ինձանի՞ց․․․― հարցրեց հռետորը շփոթվելով։― Բայց ես չգիտեմ, թե ո՛րքան հարմար կլինի իմ միջամտությունը․․․

Երկու իշխանները մնացին զարմացած. նրանք այսպիսի պատասխանի չէին սպասում։

― Ինչո՞ւմն է ձեր տարակուսանքը,― հարցրեց Ծոփաց իշխանը։

― Նրանում, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ բոլորովին հայտնի չէ, թե կայսրը ի՞նչ հայացք կամ նպատակներ ունի Հայաստանի թագավորության մասին։

Ծոփաց իշխանը, որ ավելի դյուրագրգիռ էր, քան թե իր ընկերը, բավական զայրացած կերպով ասաց.

― Կայսրի նպատակները կարող են լինել՝ կամ ի նպաստ, կամ աննպաստ Հայաստանին. այսինքն նա կամ կցանկանա, որ Հայաստանի թագավորությունը պահպանվի, կամ կցանկանա, որ ոչնչանա և Հայաստանը Հռովմեական Կայսրության մի նահանգ դառնա։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե կայսրի նպատակը այդ վերջինը լիներ։

― Ես կթողնեի նրա կամքին։

― Իսկ եթե կայսրը ցանկանո՞ւմ է, որ պահպանվի Հայաստանը։

― Այն ժամանակ ես կմիջամտեի։

― Որքան գովելի է ձեր անկեղծ խոստովանությունը,― մեջ մտավ Հաշտենից իշխանը,― այնքան էլ պախարակելի է ձեր հաճոյամոլությունը կայսրին։ Եթե այսպես խոսեր մի հռովմայեցի, ես կգովեի նրա հայրենասիրությունը։ Եթե հռովմայեցին ասեր ինձ. ես կնայեմ իմ կայսրի ցանկությանը, եթե նա կամենում է, որ Հայաստանը միանա Կայսրության հետ, այն ժամանակ ես էլ նույնը կցանկանամ։ Իսկ եթե կայսրը ցանկանում է, որ Հայաստանը պահպանվի, ես էլ կցանկանամ, որ պահպանվի։ Հռովմայեցու մի այսպիսի դատողությունը ինձ չէր բարկացնի։ Բայց երբ այսպես խոսում է մի հայ, նա կորցնում է իմ աչքում իր բոլոր նշանակությունը, որքան էլ բարձր լիներ նա։

Հռետորը ամենևին չվիրավորվեցավ այդ կծու խոսքերից. նա չափազանց ներողամիտ մարդ էր։ Նրա սառն դեմքի վրա, կարծես կարդացվում էին այդ խոսքերը. «իզուր եք բարկանում, իշխան, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ դժբախտություն եմ ունեցել հայ ծնվելու»… Բայց այդ խոսքերը չասաց նա, այլ խիստ մեղմությունով պատասխանեց.

― Դուք բոլորովին սխալ հասկացաք իմ ասածը, իշխան, ես ավելի մեծ վստահությունով կբարեխոսեի կայսրի մոտ Հայաստանի համար, եթե հռովմայեցի լինեի։ Բայց իմ հայությունը իմ լեզուն կաշկանդում է։ Ես չեմ ցանկանում նրան դժվարին դրության մեջ դնել, թեև ես հաստատ գիտեմ, ինչ որ խնդրելու լինեմ, նա չի մերժի։ Բայց ես սովորություն չեմ ունեցել խնդրել նրանից այն բանը, որ ամենափոքր դժկամություն կարող էր պատճառել նրան։ Ես ինձ թույլ չեմ տա դեպի չարը գործ դնել կայսրի իմ վերաբերությամբ ունեցած հավատն ու սերը։

― Այդ իրավացի կլիներ, եթե հարցը ձեր անձին կամ ձեր մասնավոր շահերին վերաբերեր, բայց այստեղ հարցը վերաբերում

է ձեր հայրենիքի մահվան և կյանքի խնդրին,― նկատեց Հաշտենից իշխանը։

― Հենց այդ է, որ ինձ դժվարության մեջ է դնում,― պատասխանեց հռետորը մի առանձին բավականությամբ, որպես թե, վիճաբանության խնդիրը արդեն լուծվեցավ։― Իմ հայրենիքը ավելի մոտ է իմ անձին, քան թե մի օտար երկիր. իմ շահերը ավելի կապված են իմ հայրենիքի հետ, քան թե մի օտար երկրի հետ. այստեղից այն պարզ եզրակացությանը կհասնենք, որ խնդրելով իմ հայրենիքի համար, միևնույն է, որ ես կխնդրեի իմ անձի համար։ Բայց ես իմ անձնական շահերի համար խնդրելու սովորություն չունեմ։ Ավելի մեծ հոժարությամբ կմիջամտեի ես, եթե Հայաստանը մի օտար երկիր լիներ։

Երկու իշխաններն ևս զայրացած կերպով ոտքի ելան։

― Մեր խոսակցությունը վերջացած է,― ասացին նրանք։ ― Այժմ ամեն ինչ մեզ համար պարզ է։ Դուք վերին աստիճանի եսական եք, Պարույր։ Դուք չեք ցանկանում ձեր անձասիրությունը զոհել հայրենիքի փրկության համար։ Դուք վախենում եք կայսրի աչքում հայրենասեր երևալ, որովհետև այդ կարող էր կասկածանքի ենթարկել ձեր անձը։ Բայց իմացած եղեք, Պարույր, եթե ինքը կայսրը հռովմայեցու սիրտ ունի, նա կհարգե հայրենասիրությունը ամեն մի անհատի մեջ։ Նա վա՜տ, ցա՜ծ և փոքրոգի՜ կհամարի այն մարդուն, որ դեպի իր հայրենիքի դժբախտությունը սառնասիրտ է մնում…

Երկու իշխանները հեռացան։

Հռետորի դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպիտ, նման այն ժպիտներին, որ երևում է չափահաս, զարգացած մարդկանց դեմքի վրա, երբ լսում են մի երեխայի դատողությունները։

«Պարզամի՜տ մարդիկ,― ասաց նա իշխանների հեռանալուց հետո,― ամեն մի բռնակալ հայրենասիրությունը ներելի է համարում միայն իր և իր համացեղ հպատակների համար, իսկ դեպի օտարի հայրենասիրությունը անհամբեր է լինում»․․․

Մյուս օրը հռետորը պետք է թողներ Հռովմը։ Նա պատրաստվեցավ ներկայանալ կայսրին և իր վերջին հրաժարական ողջույնը մատուցանել։ Մի խումբ պալատական աստիճանավորներ նրան առաջնորդում էին դեպի արքունիքը։ Կայսրը ընդունեց նրան խորին խնդակցությամբ, և միևնույն ժամանակ իր ափսոսանքը արտահայտելով, որ զրկվում է իր սիրելի հյուրի ախորժելի հասարակությունից։

― Շնորհակալ եմ քեզանից, Պրոերեսիոս,― ասաց աշխարհի վեհապետը, ձեռք տալով նրան,― քո ներկայությամբ իմ պալատում՝ դու քաղցրացրիր իմ բազմահոգ ժամերը, իսկ քո իմաստությամբ իմ քաղաքում՝ դու բարձրացրիր ճարտասանական ամբիոնը։ Քաղաքը կատարեց իր շնորհակալության պարտքը և քո անունով արձան կանգնեցրեց։ Մնում եմ ես։ Խնդրի՛ր ինձանից, ինչ որ քո ցանկությունն է։ Ես պատրաստ եմ կատարել։

Խիստ բարեպատեհ առիթ ուներ Պարույրը, կայսրի այդ առաջարկությունից հետո, բարեխոսել իր հայրենիքի մասին, և խնդրել այն, ինչ որ նրանից պահանջում էին։ Նա հիշեց այդ, բայց տատանվեցավ անվճռականության մեջ…

― Պրոերեսիոսը այդ անշուք վերարկուն հագել է, որ խնդրելու ոչինչ չունենա այս աշխարհում,― պատասխանեց հպարտ իմաստասերը։

Երբ կայսրը երկար թախանձեց նրան, նա ասաց․

― Աթենքը, այդ իմաստության քաղաքը, պարգևեց ինձ մտավոր սնունդ։ Բոլորը, ինչ որ ունեմ ես, այդ քաղաքին եմ պարտական։ Ես կցանկանայի դյուրացնել աթենացոց մարմնական սնունդը։

Հետո նկարագրեց նա քաղաքի մեջ տիրող աղքատությունը, ուտեստների թանկությունը, որը ավելի ծանրանում է մաքսերի չափազանցությամբ, և վերջապես, խնդրեց, որ քաղաքը մտնող բոլոր ուտեստները, թե ալյուր, թե ցորյան և թե այլ պաշարեղեններ, բոլորը ազատ լինեն մաքսից։

Երիտասարդական հասակում, Աթենքի ամենաաղքատ թաղերից մեկում բնակված լինելով, հռետորի մեջ խիստ տխուր հիշողություններ էին մնացել քաղաքացիների թշվառության մասին։

― Ձեր խնդիրքը շատ համեստ է, բայց առաքինական է,― ասաց կայսրը։― Թող լինի այդպես, որպես ցանկանում եք։

Աթենքի Անատոլիոս եպարքոսին հրաման գրվեցավ, որ վերացնեն մաքսերը։

Հռետորը թողեց Հռովմը և ուղևորվեցավ դեպի Աթենք։ Հասնելով այնտեղ, կատարեց հռովմայեցիների խնդիրքը և իր աշակերտներից մեկին, Եվսեպիոս աղեքսանդրացուն, ուղարկեց Հռովմ, որ իր փոխարեն իմաստասիրական և ճարտասանական դասեր կարդա։

Հայոց երկու իշխանները հասան նույնպես իրանց նպատակին։

Թեև Պարույրը զլացավ նրանց մի խոսքով անգամ օգնել, և ավելի բարվոք համարեց Աթենքի աղքատների հացի համար հոգ տանել, քան թե ամբողջ Հայաստանը ազատել կործանումից,― բայց հայոց մեծահոգի իշխանները, արհամարհելով հայրենիքի խորթացած որդու օտարամոլությունը, իրանք անձամբ դիմեցին կայսրին, և մատուցանելով սուրբ Վրթանես հայրապետի ու նախարարների թուղթը, սիրալիր ընդունելություն գտան։ Կայսրը կատարեց նրանց խնդիրքը, և Անտիոքոս զորապետին զորքով ուղարկեց Հայաստան, որը գալով՝ խաղաղությունը վերականգնեց, և Տրդատի որդի Խոսրովը իր հոր տեղը հայոց գահը բարձրացավ։

Պարույրի կատարած բարեխոսությունը, մաքսերի բարձման վերաբերությամբ, ավելի բարձրացրեց նրա հարգը աթենացոց աչքում։ Մեծ շնորհակալությամբ ընդունեցին նրան և կրկին հանձնեցին նրա բաց թողած ճարտասանական ամբիոնը։ Այդ ամբիոնը սիրում էր նա, ավելի քան մի կայսր, որ սիրում է իր գահը։ Այդ ամբիոնից իշխում էր նա մտքերի, սրտերի և հոգիների վրա։ Այդ ամբիոնին նվիրված էր նա իր հոգու բոլոր զգացմունքներով։ Եվ չպետք է զարմանալ և ոչ մեղադրել նրան, որ նա դեպի իր հայրենիքը և դեպի նրա հոգսերը անտարբեր էր։ Նա գիտության և իմաստության սիրահար էր։ Այդ սերը մոռանալ էր տվել նրան ուրիշ բոլոր սերերը։

Աթենքի ճարտասանական ամբիոնը կառավարեց նա մինչև Հուլիանոսի ինքնակալ ընտրվելու օրերը։ Այդ քրիստոնեությունը հալածող և հեթանոսական իմաստակներին հովանավորող կայսրը, որը բոլոր դպրոցներից հեռացրեց քրիստոնյա իմաստասերներին և նրանց փոխարեն հեթանոսներ նշանակեց,― այդ ուրացողը Պարույրին չդիպավ, նրան թողեց իր տեղում։ Հուլիանոսը, որ իրան ևս մեծ իմաստասեր էր համարում, բայց դարձյալ Պարույրի գիտության ու հանճարի մասին խորին ակնածություն ուներ։ Նա անձամբ ծանոթ էր հռետորի հետ, նրա հետ թղթակցում էր, և իր նամակներից մեկի մեջ կոչում էր նրան. «Պերիկլեսի համանման, հորդառատ և անարգել գետ պերճախոսության»։

Հուլիանոսը մի առանձին ակնկալություն ևս ուներ հռետորից․ նա ցանկանում էր, որ Պարույրը գրե նրա զինվորական գործողությունների պատմությունը։ Նա փափագում էր՝ երևելի հռետորի ճարտար գրչով անմահացնել իր անունը։ Բայց ազնիվ հռետորը, որ բնավ շողոքորթության սովորած չէր, մերժեց նրա խնդիրքը ասելով, «իմ ձեռքը չի գրի Քրիստոսի վարդապետությունը

հալածող մի կայսրի պատմությունը»։ Այդ մերժումից հետո, հռետորը իր հոժարությամբ թողեց Աթենքի ճարտասանական ամբիոնը, չկամենալով իր դիրքով պարտավորված մնալ կայսրին։

Նրա բազմաթիվ աշակերտների թվում նշանավոր եղան՝ մեծն Բարսեղ, Կեսարիայի պատրիարքական աթոռի պարծանքը և սուրբ Գրիգոր աստվածաբանը, որ իր ստվար աշխատություններով հայտնի է հունական մատենագրության մեջ։ Այդ վերջինի գրչին է պատկանում այն բանաստեղծությունը, որ դրած է այդ գլխի ճակատին։ Նրա աշակերտներից մեկն էր նաև երիտասարդ Եվնաբիոսը, որ գրեց իր սիրելի վարժապետի կենսագրությունը։

Իբրև մարդ, Պարույրը կյանքի քնքուշ կողմերից ևս զուրկ չմնաց։ Փոքր Ասիայի Տրալլի քաղաքում գտնված ժամանակ, սիրահարվեցավ Ամֆիկլեա անունով մի հույն օրիորդի վրա, որի հետ և ամուսնացավ նա։ Այդ ամուսնությունից ունեցավ երկու դուստր, որոնց հույն փեսաների տալուց հետո, իր ազատությունը ընտանեկան կյանքով չկաշկանդելու համար, սկսեց կնոջից բաժանված ապրել։

Պարույրը խորին ծերության հասավ, նա մեռավ 95 տարեկան հասակում։ Առաքինությունը, անարատությունը նրա պատվավոր կյանքի հատկանիշներն էին։ Իսկ տոկուն և եռանդոտ աշխատությունը նրա անվաստակելի հոգու մեծ զորությունն էր։ Հունաց գրքերի մեջ նա փառավոր անուն թողեց։ Աթենքը պարծենում էր նրանով, իսկ Հռովմը նրա պատվի համար արձան կանգնացրեց։ Իսկ այդ մեծ հռետորը հայ մարդու սրտում մի փոքրիկ տեղ անգամ չգտավ։ Մեր մատենագիրներից ոչ ոք չէ խոսում նրա մասին։ Նա ապրեց, գործեց գիտության և իմաստության համար, բայց իր հայրենիքի համար կորած մարդ էր․․․

Նա, իրավ է, փառավոր տեղ բռնեց այն մեծ մարդկանց անունների շարքում, որոնց ստեղծել է հունաց պատմությունը, բայց անունների այդ երկայն շարքի մեջ նրա փայլը, միախառնվելով մյուս շատերի լույսի հետ, անհետացավ․․․ Բայց եթե իր հայրենիքում գործեր, նա առաջինը կլիներ, նա եզականը կլիներ, և նրա հիշատակը հավիտյան չէր մոռացվի․․․
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պարույր Հայկազն"

Ятук Музыка
Шушики
Комитас

Шушики

Война и мир
Война и мир
Играть онлайн