Раффи

Պարույր Հայկազն

Գ
«Եւ մինչ նոքա (Սահակ և Մեսրոպ) զմերն յուսային դարձ, և պատուասիրել իմով ամէնիմաստ արուեստիւս և կատարելագույն յարմարութեամբս, համայն և մենք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայք հարսանեաց պարել՝ անվեհեր երազութեամբ կրթեալք, և առագաստի ասել երգս, արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. ուր և ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցմանց, և լսել զվերջին բարբառն և զօրհնութիւն»։
Խորենացի

Գիշերածին խավարը պատել էր Արարատյան դաշտը։ Օշական գյուղի սուրբ Մեսրոպի անապատում ոչ մի լույս չէր երևում։ Ամեն արարած խոր քնի մեջ էր, ամեն ինչ ընկղմված էր խուլ լռության մեջ։ Չէր լսվում և գիշերահսկիկ անապատականների մշտական սաղմոսերգությունը, միայն մի մատուռի մեջ ծխվում էր յուղային կանթեղը, և որպես տխուր հոգու թախծալի արտահայտություն, տարածում էր իր շուրջը աղոտ լուսավորություն։

Մատուռի մեջ դրած էր մի շիրիմ։ Կանթեղի լույսը ուղիղ թափվում էր նրա վրա և երևան էր հանում նրա անշուք կազմությունը։ Շիրիմը կառուցված էր սև քարից և, կարծես թե փոխաբերական իմաստով արտահայտում էր այն մեծ մարդու հոգեկան դառնությունը, որ անմխիթար տրտմությամբ իջել էր այդ սգավոր դամբարանի մեջ։

Շիրիմի մոտ, մերկ հատակի վրա ծունր իջած, խոնարհված էր մի մարդ։ Նրա գլուխը հանգչում էր սառն տապանաքարի վրա, և երկայն, թավամազ ծամերը ծածկել էին նրա սև մակերևույթը։ Այդ դրության մեջ նա անշարժ էր, անշարժ էին և նրա թևքերը, որոնցմով գրկել էր շիրիմը։ Ոչ մի մրմունջ, ոչ մի հառաչանք չէր աղմկում այդ ողբանվեր սգավոր տխուր լռությունը, միայն կիսախուփ աչքերից արտասուքի մեղմ վտակները հոսում էին սառը քարի վրա։

Երկար նա, այնպես գետնատարած, գրկել էր շիրիմը, երկար նա, այնպես ճակատը դրած սառը քարի վրա, կպել էր նրան և, կարծես, աշխատում էր դուրս կոչել մթին դամբարանի միջից այդ մեծ հանգուցյալի ուրվականը, աշխատում էր տեսնել նրան, խոսել նրա հետ և թափել նրա առջև իր սրտի վշտերը։

Այնպես գետնատարած, լուռ ողբում էր նա, մինչև անապատի զանգակատնից լսելի եղավ վաղորդյան կոչնակի թախծալի հնչյունը։ Այդ մեղմ հնչյունը սթափեցրեց նրան իր հոգեկան խորին հափշտակությունից։ Գլուխը վեր բարձրացրեց և մի առանձին սոսկումով նայեց իր շուրջը։ Օրը լուսանում էր… Կարծես նա վախենում էր, որ իրան կտեսնեն այստեղ։ Ոտի կանգնեց…

Ո՞վ էր այդ գիշերային այցելուն, այդ ո՞ւմ դամբարանի վրա է թափում իր դառն արտասուքը։

Խաղաղությո՜ւն քո սուրբ ոսկերացը, ո՛վ երանելի հայր, բացականչեց նա, սգավոր հայացքը ձգելով շիրիմի վրա։ Երկար ճանապարհորդություններից հետո, քո դժբախտ աշակերտը վերադառնալով հայրենիք, մեծ հույս ուներ քո գրկի մեջ մխիթարություն գտնել և մխիթարել քեզ։ Բայց նա չարժանացավ քո քաղցր տեսությանը, չլսեց քո բարի շրթունքների վերջին օրհնությունը, և ոչ իր ձեռքով փակեց այն սրատես աչքերը, որոնք հայրենիքի հեռու և մերձ աղետները տեսնելով, փոխանակ արտասուք թափելու, ամեն ջանքով աշխատում էին դարման տանել։ Քո պատվիրանաց համեմատ, գնացի, անցա երկրից երկիր, քաղաքից քաղաք, այցելեցի գիտության բոլոր տաճարները, և լի հմտություններով վերադարձա իմ հայրենիքը։ Բայց ո՞վ այսուհետև գին կդնե այն մտավոր մթերքին, որ բերել եմ օտար աշխարհներից։ Դու և քո վեհափառ գործակիցը (Սահակ) միայն հասկանում էիք, թե ի՞նչ է ճշմարիտ լույսը և ուղիղ վարդապետությունը։ Անգութ մահը միաժամանակ խավարացրեց այդ երկու արեգակները, և մութը տիրեց հայոց երկրին։ Լավերը գնացին, այժմ նրանց փոխարինում են վատերը։ Մեր սուրբ լուսավորիչ հոր աթոռը ժառանգել են ասորիները, կամ այնպիսի հայ հայրապետներ, որոնք աշխատում են ավելի բռնակալ պարսից Դռանը հաճոյանալ, քան թե Հիսուս Քրիստոսի սուրբ եկեղեցուն։ Մեր այժմյան վարդապետները,

որոնք պետք է հոգևոր և բարոյական ուղղություն տային ժողովրդին, որոնք պետք է ուսուցանեին նրան ճշմարիտը և արդարը,― իրանք ավելի ևս մոլորեցնում են ժողովուրդը։ Տգետ են դրանք, և միևնույն ժամանակ ինքնահավան։ Առանց որևիցե մտավոր և բարոյական արժանավորության՝ ստացել են կարգ և աստիճան։ Ավելի արծաթով են ընտրված, քան թե հոգույն սրբոյ շնորհիվ։ Եվ այդ պատճառով, իրանք ևս արծաթասեր են և նախանձոտ։ Քրիստոնեական առաքինությունը բացակա է նրանցից, և թողնելով հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, իրանք գայլեր են դարձել և իրանց հոտն են գիշատում։ Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։ Մեր վիճակավորները, որոնք պետք է պահպանեին ժողովրդի մեջ իրավունքը և արդարությունը, որոնք պետք է հոգ տանեին եկեղեցու բարեկարգության համար,― իրանք ավելի ևս խախտում են նրա հիմքերը։ Եկեղեցու այդ ծույլ, անհոգ կառավարիչները իրանց ժամանակը վատնում են զրախոսությամբ և կատակերգություններ լսելով խնջույքների մեջ։ Ատելի է նրանց գիտությունը և վարդապետական խոսքը, և սիրելի է նրանց եկեղեցու խորհրդավաճառությունը։ Սիմոնականությունը այդ շահասերների ձեռքով իր ծայրահեղ անամոթությանն է հասել։ Չնչին մամոնայի համար նրանք ամեն տարի հարյուրներով և հազարներով բազմացնում են

եկեղեցու անպիտան պաշտոնյաների թիվը։ Հիշյալ անկարգ դաստիարակողների շնորհիվ, ի՜նչ տեսակ սերունդ է պատրաստվում այժմ, ի՞նչ է մեր դպրոցների աշակերտաց վիճակը։ Այլևս առաջվա սերը դեպի ճշմարիտ գիտությունը, և առաջվա եռանդը դեպի օգտավետ ուսումը չէ մնացել։ Մեր դպրոցները կրթում են մի ծույլ, դատարկամիտ սերունդ, որը դեռ ոչինչ չսովորած, աշխատում է երևելի աստվածաբան ձևանալ, որը դեռ բոլորովին տգետ լինելով սուրբ գրքերի մեկնության մեջ, սկսում է վարդապետություններ անել։ Դպրոցը, այդ սուրբ եկեղեցու սուրբ նախագավիթը, չէ սերմանում մանուկների սրտում այն մաքուր և սրբազան սերմերը, որ նրանք ապագայում եկեղեցու և հայրենիքի հավատարիմ զավակներ դառնային, որ նրանք ճանաչեին իրանց պարտքը դեպի երկինքը և դեպի աշխարհը ― մարդկությունը։ Այժմյան դպրոցը, ընդհակառակն, խեղդում, ոչնչացնում է մանուկների սրտում այն դեռաբույս ծիլերը, որոնք ապագայում աճելով և ծաղկելով, կարող էին բարի պտուղներ տալ…

Նա փոքր–ինչ կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

Ահա այսպիսի անձանց ձեռքումն է եկեղեցու տնտեսությունը, և ժողովրդի հոգևոր ու մտավոր կրթության գործը։ Իսկ մե՞նք։― Մենք այժմ համարվում ենք աղանդավորներ։ Տգետ, խավարամիտ և կեղծավոր կղերը հալածում է մեզ։ Մեր գրավոր աշխատությունները համարում են վնասակար. մեր ուսումը, մեր վարդապետությունը համարում են մոլորեցուցիչ։ Մի տեր, մի մեծ չկա, որ սանձահարե այդ նախանձոտ, չարամիտ պարեգոտավորների զրպարտությունները, որոնք ամեն ստախոսությամբ գրգռում

են միամիտ ժողովրդին մեր դեմ և արգելք են դնում մեր գործունեությանը։ Դու, ո՛վ երանելի հայր, քո հզոր գործակցի (սուրբ Սահակի) հետ, ձեր աշակերտներից ստեղծեցիք եկեղեցականների մի նոր սերունդ։ Դրանց թիվը փոքր չէր։ Չբավականանալով այն ուսումով, որ ստացել էին նրանք ձեր հոգաբարձության ներքո, դու և քո մեծ գործակիցը ուղարկեցիք նրանց օտար երկրներում կատարելագործվելու։ Նրանք գնացին և վերադարձան գիտության մեծ պաշարով։ Բայց ի՞նչ եղավ նրանց վախճանը։ Խավարամիտ կղերը շատերին թույլ չտվեց, որ ներս մտնեին հայրենի երկրի սահմաններից, և որոնք մտան հալածվեցան․․․ Այժմ հայրենիքի այդ անձնազոհ մշակները թաքուստի մեջ են ապրում և միայն գաղտնի են գործում։ Նրանք համարձակություն չունեն օտար աշխարհներից բերած գիտության պաշարը ժողովրդին մատակարարելու։ «Թարգման» անունը մեր վերաբերությամբ ծաղրական և նախատական անուն է դարձել հնամոլ կղերի բերանում։ Մենք, որ ամեն ջանք գործ էինք դնում, աշխատում էինք, և այժմ աշխատում ենք, որ հայը հայոց լեզվով խոսե իր տան մեջ, որ հայոց լեզվով աղոթե աստուծո տան մեջ,― մենք, որ աշխատում էինք, և այժմ աշխատում ենք՝ ամեն ինչ հայացնել, ամեն բանի ազգային գույն տալ,― մենք, որ քո ստեղծած տառերով թարգմանեցինք բոլոր սուրբ գրքերը և այդ աստվածապարգև տառերը աշխատում էինք մտցնել հայոց կյանքի և գործածության մեջ,― մենք, որ մեր ամեն ուժերը գործ էինք դնում, որպեսզի մեր դպրոցներր, մեր եկեղեցին ազատ պահենք նենգավոր հույնի, ժանտ պարսկի և խաբեբա ասորու վնասակար ազդեցություններից,― մենք այժմ հալածվում ենք մեր աշխատությունների համար, և հալածվում ենք ովքերից,― մերայիններից… Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ, նրա ձայնը վրրդովմունքից խեղդվեցավ և նրա աչքերում փայլեց բարկության կրակը։

― Նայիր, ո՛վ սուրբ հայր, նայիր հոգվո աչքերով, տե՛ս իմ ցավալի վիճակը։ Այդ ճանապարհորդական ցուպը ձեռիս, այդ պարկը ուսիս, այդ հնոտի հագուստը հագիս, մի ողորմելի մուրացկանի նման, եկել, հասել եմ այստեղ։ Մեր վանքերը, որոնց մեջ ամեն օտարական օթևան և սնունդ է գտնում,― մեր վանքերը ինձ գիշերելու անգամ մի անկյուն չէին տալիս, և շատերի մեջ ինքս չէի համարձակվում մտնել, որպեսզի չընկնեմ չարամիտների որոգայթի մեջ․․․ Շա՜տ օրեր քաղցած եմ մնացել, շատ անգամ ստիպված եմ եղել մոտենալ բարի գյուղացիների դռանը և մի պատառ հաց խնդրել։ Թաքցրել եմ իմ ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելս․․․ Եվ այն մարդը, որ Բյուզանդիայում Մարկիանոս կայսրին զարմացնում էր իր իմաստությամբ, և նրա հյուրասիրությունն էր վայելում,― այժմ այդ թշվառը իր հայրենիքում գլուխը ցույց տալու համարձակություն չունի․․․

Նրա զայրացած դեմքի վրա դարձյալ նշմարվեցան բարկության ցնցումներ, որոնց րոպեական լռությունից հետո փոխարինեց խաղաղ հեզություն։

― Իսկ այդ բոլոր հալածանքները չեն կարող վհատեցնել ինձ, չեն հուսահատվի և իմ ընկերները։ Մենք, որպես անձնազոհ զինվորներ, ուխտել ենք պատերազմել խավարի և տգիտության դեմ,― ուխտել ենք պատերազմել վաճառված կղերի դավաճանության և չարիքների դեմ, այն կղերի, որ մեր արքունի գահը կործանող և մեր հայրապետական աթոռը խորտակող պարսկի ձեռքում այժմ մի հարմար գործիք է դարձել՝ մեր աշխարհի մնացած զորությունները ոչնչացնելու համար…

Նա կրկին ծունր իջավ շիրիմի մոտ և նրա շրթունքները համբույր մատուցին սառը տապանաքարին։

― Երդվում եմ այս սուրբ շիրիմով,― բացականչեց նա,― և կրկնում եմ իմ ուխտը, որը կմնա անխախտ մինչև իմ կյանքի վերջին շունչը։ Հալածանքը, նեղությունը չեն կարող մեռցնել այն

հոգին, որը դու, ո՛վ երանելի հայր, ներշնչեցիր իմ սրտի մեջ։ Ես միշտ հավատարիմ կմնամ այն մեծ գործին, որի առաքինության համար կոչվեցա։ Քո բարձր նպատակը մեր հայրենիքի փրկության մասին, կրթության և լուսավորության միջոցով, պետք է իրագործվի։ Այն հիմքը, որ հմուտ ձեռքով դրեցիր դու,― ես և իմ ընկերները կշարունակենք նրա վրա շինվածքը։ Մեր անբախտ աշխարհը կորցրեց քեզ, բայց քո հոգին և քո վսեմ միտքը կենդանի մնաց մեր սրտում։ Դու և քո հզոր գործակիցը, իրավ է, թողեցիք աշակերտների

մի փոքրիկ և անպաշտպան խումբ, բայց այդ աննշան խումբը յուր փոքրամասնության մեջ մեծ և զորավոր կլինի, որովհետև ներշնչված է բարձր հանրազգային գաղափարներով…

Անապատի զանգակներն սկսեցին ավելի և ավելի բարձր հնչել։ Արշալույսը շառագունել էր։ Դրսից լսելի էր լինում նոր զարթնած թռչունների ձայնը։

Օտարականը կրկին և կրկին համբուրեց գերեզմանը, և վերջին անգամ իր տխուր հայացքը ձգելով սև տապանաքարի վրա, վերցրեց իր ճանապարհորդական ցուպն ու պարկը և զգուշությամբ դուրս եկավ մատուռից։

Անապատի մեջ կատարվում էր վաղորդյան ժամերգությունը։ Աբեղաներն աղոթում էին։ Ծերունի ժամկոչը՝ միայնակ նստած եկեղեցու դռան հանդեպ և բավական գոհ իր վիճակից՝ նայում էր դեպի զանգակատան բարձրությունը, որի վրա աղավնիներն այդ ժամանակ մի առանձին բավականությամբ սեթևեթում էին միմյանց հետ։ Սպասաավորներից մեկը ավելում էր բակը։

Ժամկոչը հեռվից տեսավ օտարականին։ Ուղևորի ցուպը, մեջքին կապած պարկը և մաշված հագուստը առիթ տվին նրան մտածել, թե մի որևիցե մուրացկան պետք է լինի, որ գիշերը պատսպարվել էր անապատում։ Բայց նրա մեջ կասկած պատճառեց մի բան, թե ինչո՞ւ այդ մուրացկանն այդպես վաղ առավոտյան թողնում է անապատը, այն ևս առանց եկեղեցին մտնելու, կամ գոնե նրա դուռը համբուրելու։ Նա կանչեց իր մոտ բակը ավելող սպասավորին և հարցրեց.

― Տեսա՞ր այն մուրացկանին։

― Տեսա,― պատասխանեց սպասավորը կողքը քորելով։ ― Նա դուրս եկավ սուրբ Մեսրոպի մատուռից։

― Սուրբ Մեսրոպի մատուռի՞ց,― կրկնեց ժամկոչը զարմանալով։― Այնտեղ ի՞նչ էր շինում։

― Ի՞նչ պիտի շիներ,― ասաց սպասավորը, շարունակելով կողքը քորել,― երևի մտել էր իր հին վարժապետի գերեզմանի վրա «հոգւոց» կարդալու։

― Ո՞վ էր նա։

― Չճանաչեցի՞ք։

― Հարյուրավոր մուրացկաններ են գալիս այստեղ, ո՞ր մեկին կարող ես ճանաչել։

― Նա մուրացկան չէր։

― Ապա ո՞վ էր։

― Մովսեսը։

― Ի՞նչ Մովսես։

― Խորենացին։

Ժամկոչը մնաց շվարած։

― Աչքովդ տեսա՞ր, ճանաչեցիր, խոսեցի՞ր նրա հետ։

― Քնթովս խո չէի տեսնի, հեր֊օրհնած,― պատասխանեց սպասավորը, այժմ մյուս կողքը քորելով։― Հենց այս երկու աչքերովս տեսա, լավ ճանաչեցի, բայց չխոսեց ինձ հետ։ Ես նրան ճանաչում էի այն ժամանակից, երբ այսքան տղա էր։

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը մի կանգուն բարձրաթյամբ բռնեց գետնի վրա, որ ցույց տա, թե ինչ հասակի տղա էր։

Ժամկոչը ձեռքով բազմախորհուրդ կերպով շփեց իր ճակատը և հազիվ լսելի ձայնով ասաց․

― Մեր հայր֊սուրբերը նրան որոնում էին…

― Նրան հիմա ինքը սատանան չի գտնի։

― Ինչո՞ւ։

― Դու չե՞ս իմանում, որ Հոռոմստանից նոր եկած վարդապետները բոլորն էլ կախարդներ են…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պարույր Հայկազն"

Ятук Музыка
Симфония N3
Авет Тертерян

Симфония N3

Война и мир
Война и мир
Играть онлайн