Раффи

Պարույր Հայկազն

Բ
Երկու օր անցել էր, երբ մի գիշեր օտարականը դարձյալ հայտնվեցավ հռետորի խրճիթի դռանը։ Ներսից ձայն չէր լսվում։ Նա սկսեց բախել դուռը։ Սպասավորը պատասխանեց, թե իր տերը

շատ հոգնած է, թե այս մի քանի գիշեր է, որ նա ամենևին չէ քնել. մարդիկ նրան հանգստություն չէին տալիս, այժմ պատրաստվում է հանգստանալ, և հրամայել է ոչ ոքին չընդունել։ Ասա՛ քո տիրոջը, որ ես նրա հայրենիքիցն եմ և կընդունե ինձ, խոսեց օտարականը։

Մի րոպեից հետո, դուռը բացվեցավ և օտարականը ներս հրավիրվեցավ։ Հռետորը առանց ճանաչելու նրան, առանց հարցնելու թե ով է, միայն հայաստանցի լինելը լսելով, հենց իր սենյակի շեմքի վրա գրկախառնվեց նրա հետ։

Օտարականը մի երիտասարդ էր բավական բարձրահասակ, և ամուր կազմված. երկար ժամանակ Եգիպտոսի արեգակի տակ գտնվելով, նրա պայծառ դեմքը ստացել էր պղնձի ախորժելի գույն։ Երկայն գիսակները խիտ գանգուրներով իջել էին մինչև նրա ուսերը, իսկ գլուխը փաթաթած էր ծաղկավոր ապարոշով, որի ծայրերը անփույթ կերպով ձգած էին նրա լայն թիկունքի վրա։ Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր խորին տխրություն, որ արտափայլում էր ամբողջ դեմքի վրա։ Այդ թախծալի տրտմությունը իսկույն նկատեց հռետորը, մանավանդ երբ նա լուռ, առանց մի բառ խոսելու, անցավ և նստեց բազմոցի վրա։

Այդ ի՞նչ էր նշանակում։ Այդ քանի օր էր, որ ամեն ոք խնդակցությամբ էր հանդիպում նրան, ամեն ոք արտահայտում էր իր ջերմ ուրախությունը նրա հաջողության համար, իսկ նրա հայրենակիցը մի բառ անգամ չարտասանեց այդ մասին, որպես թե ոչինչ չէր տեսել, ոչինչ չգիտեր։ Նրա առաջին խոսքը այս եղավ.

Այստեղ մեզ չե՞ն խանգարի։

Ի՞նչու համար եք հարցնում, ասաց հռետորը։

Ես առանձին խոսելիք ունեմ ձեզ հետ։

Բայց նախ և առաջ պետք է գիտենամ, թե դուք ո՞վ եք։

Օտարականը ծանոթություն տվեց իր մասին։

Ես ձեր մասին լսել եմ… բացականչեց հռետորը, և ուրախությամբ մոտենալով, կրկին անգամ գրկախառնվեցավ նրա հետ։

Երբ միամտացավ օտարականը, որ իրանք միայնակ են, տանեցիք բոլորը քնած են, և մանավանդ իրանց խոսակցության լեզուն այստեղ ոչ ոք հասկանալ կարող չէր, ասաց.

Գիշերի կեսից անցել է. ժամանակ չկորցնենք, խոսենք ինչ որ պետք է խոսեինք. ես երկար այստեղ մնալու չեմ, առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ։

Այժմ ո՞րտեղից եք գալիս։

Հռոմից։ Եգիպտոսից այնտեղ գնացի, հետո այստեղ եկա առ ժամանակ մնալու ղիտավորությամբ, բայց հանգամանքները փոխվեցան… այլևս մնալ չեմ կարող…

Ի՞նչու։

Հայրենիքից վատ լուրեր ստացա. շտապում եմ այնտեղ։ Վերջին խոսքերը այնպիսի մի դառնությամբ արտասանեց նա, որ Պարույրի մեջ ևս տխրություն ազդեց։

Արտասուքի՜ և արյան աշխա՜րհ, բացականչեց նա, ե՞րբ է եղել, որ մի մխիթարական լուր լսեինք այնտեղից։

Այժմ հանգամանքները ավելի վատացել են, խոսեց երիտասարդը, Վռամշապուհը, հայոց աշխարհի լուսավորության ջահը իր հզոր ձեռքով առաջ տանող թագավորը, վաղուց արդեն վախճանված է։ Նրանից հետո Արշակունյաց գահը փոքր ժամանակներով ժառանգեցին մի քանի աննշան թագավորներ, մինչև ավելի անարժանը, երիտասարդ Արտաշիրը թագավոր դարձավ։ Առաջ դժբախտությունը միշտ դրսից էր գալիս։ Բայց դրա ժամանակ սկսեց ներսից ծագել։ Երիտասարդ թագավորը իր թեթևամիտ վարքով գրգռեց իր դեմ հայոց նախարարների զզվանքը, որոնք ավելի ևս անմիտ գտնվելով, դիմեցին պարսից Վռամ արքային, խնդրելով, որ Արտաշիրին գահընկեց անե և նրա տեղը մի պարսիկ մարզպան դնե Հայաստանը կառավարելու համար։ Պարսից արքայի վաղուց փափագած բաղձանքը հենց այս էր, նա ամենայն սիրով կատարեց նախարարների ցանկությունը։ Մեր Սահակ հոր բոլոր ջանքը ապարդյուն գտնվեցավ նախարարների անմտությունը զսպելու և նրանց հասկացնելու, թե ո՛րքան մեծ չարիք են գործում։ Նրանք Սահակին ևս մատնեցին, և պարսից արքայի ձեռքով զրկեցին նրան կաթողիկոսական աթոռից։ Եվ այսպես, Հայաստանի հաստատության երկու հիմքերը արքայական գահը և հայրապետական աթոռը երկուսն էլ կործանվեցան։ Թե Սահակը և թե Արտաշիրը աքսորված են Պարսկաստան։ Մեր անտեր հայրենիքը այժմ մահվան տագնապի մեջ է գտնվում, պետք է օգնություն հասցնել։

Ի՞նչով, հարցրեց Պարույրը սառն կերպով։

Երիտասարդը փոխանակ պատասխանելու, իր սուր աչքերով նայեց հռետորի երեսին, կարծես, ուզում էր ասել. միթե դուք չե՞ք իմանում, թե ինչով։

Ի՞նչով, դարձյալ կրկնեց հռետորը։ Գնում եք կռվելո՞ւ պարսիկների հետ։

Ինչո՞ւ չէ, եթե հարկավոր կլինի, պատասխանեց երիտասարդը հայտնի վրդովմունքով, որ պատճառեց նրա մեջ հռետորի սառնասրտությունը։

Հռետորը նկատելով այդ, ասաց.

Գնացեք, գովում եմ ձեր եռանդը։

Երիտասարդը ավելի զայրացավ։

Պարո՛ւյր, գոչեց նա, ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրինիքի համար կորած մարդ եք։ Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում և դուք սառնասրտությամբ լսում եք։ Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել։ Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը, դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ։ Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը։ Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս։

Հռետորը զգացվեցավ։ Երիտասարդը շարունակեց.

Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով շատ մեծ եք ինձանից։ Բայց մի մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելություն անունով թողեցին հայրենիքը որոնք ուխտեցին մեր Սահակ հոր և Մեսրոպի առջև գնալ, աշխարհե֊աշխարհ պտտել, և գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել։ Դուք, ես և մեր բոլոր ընկերները ամեն զոհողություններ հանձն առնելով, անցանք Եդեսիա, Անտիոքիա, Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ և Աթենք, այցելեցինք գիտության բոլոր տաճարները և հագեցրինք մեր ծարավը։ Նպատակի մեծությունը բորբոքեց մեր եռանդր, գաղափարի վսեմությունը մեզ ուժ և զորություն բաշխեց։ Մեզանից ամեն մեկը նշանավոր գտնվեցավ իր ասպարեզի մեջ։ Իմ քեռորդի ընկեր Դավիթը Բյուզանդիայում, Մարկիանոս կայսրի ներկայությամբ, մրցության

մեջ, իր անսահման գիտությամբ լռեցրեց բոլոր փիլիսոփաներին և «անհաղթ փիլիսոփայի» անուն ստացավ։ Եզնիկը, Հովսեփը, Ղևոնդը, Կորյունը զարմացրին Մաքսիմիանոս եպիսկոպոսին իրանց բարձր աստվածաբանական հմտությամբ։ Իմ եղբայր Մամբրեն, Եղիշեն, Ղաղար Փարպեցին նույնպես նշանավոր հանդիսացան և որպես հզոր աստվածարաններ, և որպես խորին գիտնականներ։ Ես ուրիշ շատ երիտասարդների մասին չեմ խոսում, որոնք նույնպես դեպի արևմուտք դիմեցին իրանց ուսումը կատարելագործելու նպատակով, և զարմանալի հառաջադիմություն գործեցին։ Այժմ հիշյալ երիտասարդները, լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ։ Նրանք տանում են իրանց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է լուսավորությունը։

Հռետորը, որ բոլոր ժամանակը խորին ուշադրությամբ լսում էր, կամաց հարցրեց.

Դուք կարծում եք, որ լուսավորությունը կփրկե՞ Հայաստանը։

Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ, ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։ Դուք, երևի մոռացել եք, թե վերջին ժամանակներում ինչ դժբախտ անցքեր անցան մեր աշխարհում։ Հայաստանի բախտավորությունը միայն նրանում էր, որ այդ

ժամանակ հայրապետական աթոռի վրա բազմած էր մի հանճարեղ մարդ, որպիսին էր մեր հայ Սահակ Պարթևը։ Նա արծվի սրատեսությամբ նախադիտում էր այն սարսափելի վտանգը, որ սպառնում էր մեր հայրենիքին։ Նա տեսնում էր Արշակունյաց գահի մոտալուտ անկումը, տեսնում էր, որ Հայաստանը պիտի բաժանվի հույների և պարսիկների մեջ, որոնք մինը մյուսից ավելի վնասակար պետք է լինեին։ Նա տեսնում էր և մի այլ դժբախտություն, որ Գրիգոր Լուսավորչի հայրապետական աթոռը պետք է ժառանգեն կեղծավորները, շահասերները և դավաճանները։ Հայրենիքի երկու հզոր պաշտպանների հոգևոր և մարմնավոր իշխանության վախճանը հասած էր տեսնում։ Այդ ժամանակ պետք է օգնության հասներ մի փրկություն, որ լրացներ այդ մեծ կորուստը, այսինքն հոգևոր և մարմնավոր իշխանության անկմանը։ Եվ այդ փրկությունը սկսեց որոնել նա ժողովրդի կրթության և լուսավորության մեջ։ Եվ այդ էր գլխավոր շարժառիթը, որ նա ամենայն ջանքով սկսեց մեր աշխարհում ուսում տարածել, ուսում մայրենի լեզվով։

Հռետորը լսում էր, մատներով իր մորուքի հետ խաղալով։ Երիտասարդը շարունակեց.

Մեր Սահակ հոր նախորդները խիստ սահմանափակ և խախուտ հիմքերի վրա էին դրել ժողովրդի կրթության գործը։ Քրիստոնեության հետ նրանք մտցրին մեր մեջ հունաց և ասորոց դպրությունը։ Մեր առաջին վարժապետները եղան հույները և ասորիները։ Գրում էինք, կարդում էինք նրանց լեզուներով։ Մեր եկեղեցում անգամ տիրապետում էր օտար լեզու։ Սուրբ գրքերի ընթերցանությունը լսում էինք կամ հունաց կամ ասորաց լեզուներով։ Մի կողմից էլ պարսիկն էր աշխատում իր լեզուն մեր մեջ մտցնել, որպես դպրոցների և դիվանների պաշտոնական լեզու։ Մեր Սահակ հայրը պարզ տեսնում էր, թե ինչ մեծ չարիք կարող էր առաջանալ այդ բոլորից։ Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր, մեռնում էր նրա հետ և ազգությունը։ Եվ դրա մեջն էր Հայաստանի իսկական մահը։ Հայը կորցնելով իր լեզուն, կը լուծվեր, կանհետանար այն ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր։ Վտանգի մեծությունը սարսափելի էր։ Եվ մեծ Հայրապետը աշխատեց վտանգի առաջը առնել։ Նա գիտեր, որ հայը կորցնելով իր անկախությունը, մի ժամանակ դարձյալ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե ազգը կենդանի կմնար։ Բայց հայը կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ, նա կլիներ հույն, ասորի, պարսիկ,

կամ այն ազգերից մեկը, որոնց լեզվով խոսում էր. այդ մեծ չարիքի առաջը առնելու համար ձեռք առին ժողովրդի կրթության գործը։ Հարկավոր էր ամեն ինչ հայացնել, ամեն ինչ ազգային դարձնել։ Մեր Սահակ հայրը իր ընդարձակ նպատակների մեջ աջակից ունեցավ մի գործունյա մարդ, որպիսին էր Մեսրոպը։ Նա շտապեց հնարել հայերի համար նոր տառեր, որպեսզի հայերը այլևս հունաց, ասորոց և պարսից տառերով չգրեին։ Սկսեցին նույն տառերով թարգմանել սուրբ գրքերը, որպեսզի եկեղեցու մեջ ևս տիրապետեր հայոց լեզուն և գիրը։ Սկսեցին ամեն տեղ դպրոցներ բաց անել և հայոց գրով ու հայոց լեզվով կրթել մանուկներին։

Հույները և պարսիկները, որոնք արդեն Հայաստանը իրանց ճանկերի մեջ էին բռնել, և պատրաստվում էին ազգովին ևս կլանել նրան, այդ երկու ահեղ պետությունները չէին կարող չնկատել այն հզոր ընդդիմադրությունը, որ Հայաստանի հեռատես Հայրապետը պատրաստում էր նրանց նենգավոր քաղաքականության առաջը առնել։ Հույները սկսեցին արգելել Հայաստանի այն մասում, որ իրանց գերիշխանության ներքո էր գտնվում, հայոց դպրոցներ բաց անել։ Ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՛րքան հալածանքներ կրեց, որքան բանակցություններ ունեցավ մեր Սահակ հայրը Բյուզանդիայի Բարձր Դռան հետ այդ մասին, մինչև Մեսրոպը նրա թոռ Վարդանի հետ ստիպվեցան անձամբ Բյուզանդիա գնալ և կայսրից ու հունաց Ատտիկոս եպիսկոպոսից թույլտվություն խնդրել դպրոցներ բանալու համար, որը և ստացան մեծ դժվարությամբ։ Նույն դժվարություններից ավելի սաստիկը բարձրացրեց պարսից կառավարությունը։ Նա ուղարկեց ազգով հայ Մերուժան չարագործին և նրա ձեռքով այրել տվեց մեր գրքերը, և նրա ձեռքով աշխատում էր մտցնել մեր նորահաստատ դպրոցներում մոգության ուսումը ու պարսից լեզուն։

Հռետորը շարունակում էր իր մատներով խաղալ մորուքի հետ։ Երիտասարդը առաջ տարավ յուր խոսքը.

Մրցությունը հունաց և պարսից քաղաքականության հետ սաստիկ էր, իսկ ուժերը անհավասար։ Մեր Սահակ հորը և Մեսրոպին հարկավոր էին լավ պատրաստված ուժեր։ Եվ այդ մտքով

նրանք ընտրեցին քեզ, ինձ և իրանց հառաջադեմ աշակերտներից շատերին, և ուղարկեցին Բյուզանգիա, Աղեքսանդրիա, Հռոմ, Աթենք բարձր ուսում ստանալու համար։ Մենք անցանք քաղաքներ, որ հունական գիտությունը ստանալով, վերադառնանք մեր հայրենիքը, և իրանցից ստացած զենքերով իրանց հետ պատերազմենք։

Դա շատ նպատակահարմար միջոց է, պատասխանեց հռետորը դադարելով խաղալ իր մորուքի հետ։

Բայց այդ զինվորներից մեկն էլ դուք պետք է լինիք, պատասխանեց երիտասարդը ուղիղ հռետորի աչքերի մեջ նայելով։ Ես հենց դրա համար էլ եկա ձեզ մոտ, որ միասին գնանք։

Հռետորը խորին վարանման մեջ ընկավ։ Նա այդ առաջարկությունը չէր սպասում երիտասարդից։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։

Երիտասարդը խոսեց։

Հասկանում եմ ձեր լռության և մտատանջության պատճառը, Պարույր, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող։ Այն փառքը, այն հռչակը, որ դուք վայելում եք այստեղ, շլացրել են ձեզ։ Թողնել այդ բոլորը և գնալ թշվառ հայրենիքը, ուր շատ զոհողություններ է պահանջվում գործիչներից, դա վախեցնում է ձեզ։ Մեր ընկերները Դավիթ Անհաղթը, Եղիշեն, Եզնիկը, Ղազար Փարպեցին, Կորյունը, իմ եղբայր Մամբրեն, Հովսեփր, Ղևոնղը, մի խոսքով բոլոր ուսանողները, որոնք զանազան երկրներում էին գտնվում, այժմ վերադարձել են կամ վերադառնալու վրա են։ Մնացել ենք ես և դուք, գնանք, չհապաղենք, հայրենիքը կոչում է մեզ։ Գնանք գիտություն և լուսավորություն տարածենք մեր աշխարհում, բաց անենք մեր հայրենակիցների աչքերը, սովորեցնենք նրանց, որ հասկանան իրանց չարն ու բարին, հասկանան, թե ո՛րպիսի անդունդի եզրում են կանգնած, որ գլորվելով նրա մեջ, պիտի կորչեն հավիտյան։ Դուք այնպիսի զորեղ հանճար ունեք, որ մնալով այստեղ, ես հավատացած եմ, ավելի ևս կբարձրանաք, և գուցե առաջինը կլինեք մեր ժամանակի փիլիսոփաների ու հռետորների մեջ։ Բայց դրանից ի՞նչ օգուտ ձեր հայրենիքին։

Դրանից կօգտվի մարդկությունը, պատասխանեց հռետորը երկար լռռւթյունից հետո։ Ես ծառայելով գիտությանը, միևնույն ժամանակ ծառայում եմ ամբողջ աշխարհին։

Այդ իրավ է, ասաց երիտասարդը փոքր֊ինչ տաքացած կերպով։ Բայց դուք չե՞ք ընդունում որ մի առանձին պարտավորություն ունեք դեպի ձեր հայրենիքը և դեպի ձեր հայրենակիցները։

Ընդունում եմ, բայց իմ նպատակը շատ ընդարձակ է։ Գործեցեք դուք, կամ ով որ ցանկանում է ձեզ հետ, փոքրիկ շրջաններում, կամենում եմ ասել՝ մարդկության առանձին բաժինների մեջ, որ դուք ազգ եք կոչում։ Բայց իմ հայրենիքը ամբողջ աշխարհն է, իսկ իմ հայրենակիցները ամբողջ մարդկությունը։

Կրակոտ երիտասարդը զայրացած կերպով կանգնեց.

Դա մի կեղծավոր պատճառաբանություն է, Պարույր, ասաց նա և սաստիկ վրդովմունքից նրա հզոր ձայնը կտրատվում էր։ Դուք, այսպես խոսողներդ, գիտության փարիսեցիներ եք։ Մասնավորի համար անընդունակ լինելով գործել, միշտ ընդհանուրի անունով եք խոսում, ինչպես իրանց մասնավոր պարտքը վատ վճարողները, ընդհանուր սեփականություն են քարոզում։ Ես հույս ունեի, որ դուք երկար խոսել չէիք տալ ինձ, այլ լսելով թշվառ հայրենիքի դրությունը կընկերանայիք ինձ հետ և հենց այս առավոտ կթողնեիք Աթենքը։ Բայց ես ավելի խոսեցի, քան հարկավոր էր, և դա իզուր ժամանակի կորուստ եղավ ինձ համար։ Գիտության սերը և հանրամարդկային լուսավորություն տարածելու գաղափարը չէ, որ կապում է ձեզ Աթենքի հետ, այլ սնոտի փառքը և այն մագաղաթի կտորը, որ դրած է ձեր սեղանի վրա…

Այդ խոսքերի հետ նա ձեռքը մեկնեց և վեր առեց կայսրի հրովարտակը, որ նույն օրը ստացել էր հռետորը և բարձրացնելով ասաց.

Ահա, այդ մագաղաթի կտորն է, որ հրապուրում է ձեզ։ Արևելքի և արևմուտքի կայսրը այդ հրովարտակով հրավիրում է ձեզ իր մոտ։ Իսկ մյուս կողմից, անբախտ հայրենիքը իմ բերանով կոչում է ձեզ։ Դուք մերժում եք նրա ձայնը, և այղ պատճառով անարժան եք Հայաստանի զավակ կոչվելու։

Վերջին խոսքերի հետ երիտասարդը հեռացավ։ Հռետորը շանթահարի նման մնաց ապշության մեջ։

Երիտասարդը Մովսես Խորենացին էր։
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պարույր Հայկազն"

Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая

Война и мир
Война и мир
Играть онлайн