Нар-Дос
Սպանված աղավնին
Արարված չորրորդ
Առաջին արարվածի սենյակը։ Գիշեր է։ Մարգարյանը պարապում է գրասեղանի մոտ։ Լսվում է դռան զանգակի ձայնը։ Երկար ժամանակ անցնելուց հետո մտնում է Թաթոսը։
ԹԱԹՈՍ. Գարեգինն ա։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Վեր է թռչում): Գարեգի՞նը.. Ո՞ւր է։
ԹԱԹՈՍ. Հրեն դուսը։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ չի ներս գալիս։
ԹԱԹՈՍ. Հարցրեց ղոնախը տանն ա՞, ասի չէ։ Մտավ, էլ եդ դուս գնաց, ասեց իրեն կանչի։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞ւմ, ի՞նձ։
ԹԱԹՈՍ. Հա։
Մարգարյանը դուրս է գնում շտապով. Թաթոսը հետևում է նրան։ Կարճ ժամանակից հետո Մարգարյանը ներս է բերում Սիսակյանին, նրա թևից բռնած։ Սիսակյանը մտնում է վախվխելով, ուշքը ման ածելով չորս կողմը, և թույլ է տալիս, որ Մարգարյանը նստեցնի իրեն։ Նա խիստ գունատ է։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Նստիր։ Ի՞նչ է պատահել քեզ։ Երեսիդ գույն չկա։ Վախենո՞ւմ ես։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Կամաց): Ճի՞շտ ես ասում, որ այստեղ չէ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ա՛յ, տես աչքովդ։ Ուզո՞ւմ ես տանեմ ննջարանս էլ ցույց տամ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Եվ չի՞ գալ այս գիշեր...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Կարող է պատահել, որ գա։ Մոտ երկու շաբաթ է՝ եկել է և մի քանի օր է միայն գիշերել այստեղ։ Ի՞նչ է եղել, ասա։ Անցյալ օրը եկար, ոչ մի խորհուրդ չուզեցիր լսել, զայրացար, փախար, առանց ինձ պսակվեցիր, հիմա այդ ի՞նչ հալի ես եկել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Պսակ մի ասիր, ասա դժո՜խք, դժո՜խք, դժո՜խք... ինչո՞ւ չլսեցի քեզ և... (լաց է լինում):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու դժբա՞խտ ես։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ես կարող եմ ամենաերջանիկը լինել, եթե նա կամենա...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սպասիր, Գարեգին։ Հանգստացիր։ Գիտես, որ ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ ամեն բանում օգնելու քեզ։ Ասա, ի՞նչ է պատահել։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է կենում, նայում չորս կողմը և ծածուկ ցույց է տալիս նրան գրպանում պահած մի ատրճանակ): Տեսնո՞ւմ ես...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Վախեցած): Այդ ի՞նչ... ատրճանա՞կ...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Շշնջալով): Այո, նա է տվել...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սառա՞ն։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Որ սպանեմ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սպանե՞ս... Ո՞ւմ...
ՍԻՍԱԿՅԱՆ. Նրան... քո հյուրին...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Գժվե՞լ ես, ի՞նչ է... ինչո՞ւ...
ՍԻՍԱԿՅԱՆ. Որովհետև... (Բռնում է Մարգարյանի ձեռքից, տանում է նրան բեմի աջակողմը և շշնջում նրա ականջին կարծես տենդի մեջ): Օրիորդ ժամանակ արդեն նա այդ պարոնի հետ... Հասկանո՞ւմ ես, թե ոչ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ցնցվում է): Ո՞վ ասաց քեզ այդ...
ՍԻՍԱԿՅԱՆ. Ինքը։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Սաստիկ զարմացած). Սառա՞ն...
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո, կինս... ես ոչինչ չգիտեի... ոչինչ չիմացա... ինքն ասաց...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այդ ե՞րբ էր, ամուսնությունից առա՞ջ, թե հետո։
ՍԻՍԱԿՅԱՆ. Հետո... երեկ... երեկ, չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է իջած... Ասաց, որ այդ գաղտնիքն ինձ հայտնեց նրա՛ համար, որ վրեժխնդիր լինեմ... սպանեմ... սպանե՜մ... Ընդունենք, թե սպանեցի... ընդունենք, թե կարողացա սպանել... հետո՞... խո ես կորա... խո ինքն էլ կորավ ինձ հետ... Բայց չէ՞ որ ես պաշտում եմ նրան... չէ որ ես չեմ կարող դիմանալ առանց նրան թեկուզ մի օր, մի ժամ, մի վայրկյան... Եթե բանն իմ պատվասիրությանն է վերաբերում, ես չեմ ուզում... ես այդ մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել... Ինչ պատահել է անցյալում պատահել... մի՞թե չի կարելի մոռանալ... խո մոռացված է եղել մինչև այժմ... էլ ի՞նչ է ուզում... ես էլ խո ոչինչ չեմ պահանջում... ես նրան այնպես էլ կսիրեմ, կպաշտեմ, ինչպես որ կա... բայց երեկվանից դես նա ինձ հանգիստ չի տալիս, դուրս է անում ինձ, երեսս չի ուզում տեսնել, մինչև որ չսպանեմ... Անցածի հիշատակը վերանորոգվել է նրա մեջ այնպիսի մի կատաղի ուժով, որ նա մարմնացած մի վրեժխնդրություն է դարձել... Երեկ որ տուն եկավ, սարսափեցի, որ նայեցի աչքերին։ Ներս մտնելուն պես նստեց բազմոցի վրա և հրամայեց, որ չոքեմ յուր առաջ։ Ու, երբ կատարեցի նրա հրամանը, ասաց, հիշո՞ւմ ես, որ այն կիրակի, երբ զբոսանքի էինք գնացել այգի, դու ասացիր, թե մարդիկ վնասակար են, իսկ բզեզը՝ ոչ... այն կարմիր բզեզը, որին խղճացիր սպանել։ Հիշո՞ւմ ես, ասաց, որ ասացիր, թե դու ավելի շուտ մարդ կսպանես, քան թե բզեզ»։ Ասացի, որ հիշում եմ։ «Հետո հիշո՞ւմ ես, ասաց, այն մարդուն, որ անցուդարձ էր անում մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա։ Հիշո՞ւմ ես, ասաց, որ երբ ես հարցրի, թե չես սպանիլ այդ մարդուն, եթե հանկարծ մոտենա և համբուրի ինձ, դու բացականչեցիր. «Օ՜, ես կխեղդեմ նրան»։ Ասացի, որ այդ էլ եմ հիշում։ «Դե՛հ, այժմ իմացիր ասաց, որ ես գտել եմ այն մարդուն, որը ո՛չ թե միայն համբուրել է ինձ, այլև զավակ է ունեցել ինձնից, և այդ զավակն ես իմ ձեռքով խեղդել, սպանել եմ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Զարհուրած): Այդպիսի բան է՞լ կա...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Շարունակելով): Որովհետև չիմացա ինչ ասեմ, այդ պատճառով ձեռքերն այնպիսի ուժով դրեց ուսերիս, որ քիչ մնաց վայր ընկնեմ մեջքիս վրա։ «Ապո՛ւշ, բղավեց. չլսեցի՞ր ինչ ասացի... ինչո՞ւ չես կատաղում, ինչո՞ւ չես վեր թռչում և չես աղաղակում. ասա՛, ո՞վ է այդ մարդը, որ գնամ սպանեմ»։ Որովհետև ես դեռ վերին աստիճանի ապշած էի, ձայն չէի հանում, այդ պատճառով հանկարծ, ոտով պինդ խփեց կրծքիս, ընկավ բազմոցի վրա և սկսեց սաստիկ հեծկլտալ։ Այնքան օտարոտի էր նրա հեծկլտանքի ձայնը, որ սկզբում կարծեցի թե ծիծաղում է... բայց երբ վերկացա և մոտեցա, տեսա որ իսկապես լաց է լինում։ Հետո երբ կամեցա մխիթարել, ոտները գիժ-գիժ շարժեց, ուզում էր դարձյալ խփել և աղաղակեց՝ «Կորի՛ր, ես քեզ չեմ սիրում, ես քեզ ատում եմ, դու տղամարդ չես, դու փալաս ես...»։ Երեկ գիշեր տվեց ինձ այս ատրճանակը և ասաց, որ գամ սպանեմ։ Ես էլ դուրս եկա, ման եկա ապուշի պես, ման եկա և տուն գնացի։ Ես դեռ լավ չէի հասկանում, թե ինչ էր ուզում ինձնից։ Մարդ սպանել... ինչո՞ւ համար... Մի՞թե ճիշտ էր նրա պատմածը... Չէի հավատում, որովհետև այդ անկարելի բան էր... Ես պարզապես կարծում էի, թե խելագարվել է... Երբ տուն գնացի, ասաց՝ «Սպանեցի՞ր»։ Խաբեցի, ասացի տանը չէր։ Չհավատաց և այնպես կատաղեց, որ չեմ կարող ասել... Այս գիշեր, տեսնում ես, էլի ղրկել է և ասաց՝ «Իմացի՛ր, եթե այս անգամ սպանած չես եղել, ես ինքս կգամ կսպանեմ և ապա այլևս չես տեսնիլ ինձ հավիտյան...» Այժմ, ասա՛, ի՞նչ անեմ։ Նա այնպիսի դրության մեջ է, որ յուր սպառնալիքը կկատարի, անպատճառ կկատարի... (Լաց է լինում նորից):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ման է գալիս խիստ մտահոգ): Հապա ես որ քեզ ասում եմ ձեռք վերցրու այդ աղջկանից, դժբախտ կլինես...
ՍԻՍԱԿՅԱՆ. Ո՛չ, ես դժբախտ չէի, ինձնից ավելի երջանիկ մարդ չկար աշխարհիս... և այս րոպեին էլ ես չափազանց երջանիկ կլինեմ, եթե կամենա, եթե նա մոռանա անցյալը... Ուրիշը լիներ իմ տեղը, գուցե կսպաներ, բայց ես չեմ կարող... Սպանելու համար հարկավոր է վառվել, կատաղել, գազանանալ, բայց մեղավո՞ր եմ, ես այդ ընդունակությունը չունեմ... Սպանե՜լ... դա հեշտ է ասել... Այն կիրակի այգում որ ասացի, այն խոսք էր միայն... իսկ այժմ, երբ կանգնած եմ սարսափելի իրականության առաջ, ես զարհուրում եմ... Ինձ թվում է, թե կամ ես եմ խելագարվել, կամ նա, կամ երկուսս միասին... (Նա կարճ ժամանակ լռում է գլուխը շշմածի պես ձեռքերի մեջ առած, հետո հանկարծ վազում է դեպի Մարգարյանը, եռանդով բռնում է նրա ձեռքից և աղերսագին): Սիրելի՛ ընկեր, տեսնում ես, ես կորած եմ, փրկի՛ր ինձ, փրկի՛ր նրան... Արյունս սառում է երակներիս մեջ, երբ մտածում եմ, որ նա կարող է իսկապես խելագարված լինել... Երեկ գիշեր քնած տեղից հանկարծ վեր թռավ, նստեց անկողնում, ձեռքերը տարածեց դեպի վեր և աղաղակեց. «Աղավնի՜ն, աղավնի՜ն, աղավնի՜ն... սպիտակ. մաքուր, անմե՜ղ աղավնին...»։ Սա զարմանալի է, չէ՞... Սա կասկածելի է, չէ՞... Ուղեղս քարանում է, ես այլևս չեմ կարողանում մտածել... Ինձ թվում է, թե գլորվում եմ, գլորվում եմ, գլորվում եմ և չեմ կարողանում ոտիս վրա կանգնել... Միակ հույսս դու ես մնացել, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, սիրելի ընկեր։ Ասա՛, խորհուրդ տուր, ի՞նչ անեմ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հանկարծ, վճռաբար): Ահա՛ թե ինչ։ Նախ այդ ատրճանակը տուր ինձ։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Տենդային փութկոտությամբ հանում է գրպանից ատրճանակը և տալիս նրան): Ահա՛, վերցրու...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այժմ տուն գնա։ Երբ հարցնի՝ սպանեցի՞ր, ասա որ ուզում էիր սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ։ Բոլորովին անհոգ կաց. նա յուր սպառնալիքը չի գործադրիլ, համենայն դեպս այս գիշեր։ Իսկ վաղն առավոտյան ես ինքս կգամ նրա հետ խոսելու։ Կուզե՞ս որ գամ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ով, ե՞ս։ Ես քեզ իմ ազատարար հրեշտակի պես կընդունեմ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ոչ, ամենևին հարկավոր չէ, որ դու ընդունես ինձ։ Դու մինչև անգամ ամենևին չերևաս։ Լսո՞ւմ ես։
ՍԻՍԱԿՅԱՆ. Իհարկե, լսում եմ։ Ամենևին չեմ երևալ։ Բայց ի՞նչ պետք է խոսես նրա հետ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այդ քո գործը չէ։ Այժմ գնա և... սպասիր... նրա հորն ու մորը չե՞ս հայտնել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ։ նրանց ոչինչ չեմ ասել... վախենում էի Սառայից...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Շատ բարի։ Այժմ գնա և ինչպես որ պատվիրեցի, այնպես կասես։ Կասես, որ ուզում էի սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ։ Լսո՞ւմ ես։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո՛, այո՛, այդպես կասեմ, այդպես կասեմ։ (Շտապով դուրս է գնում):
Մարգարյանն ատրճանակը գնում է գրասեղանի վրա և սկսում մտախոհ ման գալ սենյակում։ Երկար միջոց անցնելուց հետո մտնում է Թուսյանը։ Նա կուշտ կերած-խմած է երևում։ Մարգարյանն ընդունում է նրան լուռ, խորին գարշանքով և ատելությամբ։
ԹՈՒՍՅԱՆ. Գողերից չեք վախենում, հա՞, որ դրսի դուռը բաց եք թողել։ Բարի երեկո։ Հիմա կհարցնես, թե այս քանի օրս էլ որտեղ էի կորած։ Սպասիր մի էս անտերը հանեմ, հետո մեկ-մեկ կպատմեմ։ (Նստում է գահավորակի վրա և կանչում): Թաթո՛ս... ա՛ Թաթոս... քնել է, հա՞։ Բան չկա, ես կհանեմ։ (Հանում է ձախ ոտի կոշիկը): Մի վախենալ, քեզ էլ նեղություն չեմ տալ. ծխախոտ ունեմ։ (Սկսում է ծխել): Փորս էլ լավ տռզած եմ տուն եկել, ինչպես տեսնում ես։ (Սկսում է): Այժմ մանրամասն հաշիվ տամ, թե այս քանի օրս որտեղ էի կորած... Ի՞նչ ես ինձ այդպես նայում...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շատ լուրջ): Լսիր ինչ եմ ասում։ Դու պետք է վաղն ևեթ հեռանաս այստեղից։
ԹՈԻՍՅԱՆ. Ի՞նչ է, նոր հեռագիր կամ նամա՞կ կա տանից։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ոչ։ Պետք է հեռանաս նրա՛ համար, որ... քեզ ուզում են սպանել։
ԹՈՒՍՅԱՆ. (Վեր է թռչում): Ի՞նչ... Սպանե՞լ... Ո՞վ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սառայի ամուսինը։
ԹՈՒՍՅԱՆ. Քո ընկերը...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո՛։
ԹՈՒՍՅԱՆ. Կատակ ես անում։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը): Այ, տես։
ԹՈՒՍՅԱՆ. (Սաստիկ վախեցած): Ատրճանա՜կ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այս րոպեիս նա այստեղ էր. քո ետևից էր եկել։ Եվ գնա փառք տո՛ւր քո բախտին, որ այստեղ չէիր։ Հազիվ կարողացա խլել այս ատրճանակը նրա ձեռքից։
ԹՈՒՍՅԱՆ. (Թուքը ցամաքած): Հետո՞... էլ չի՞ գալ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ասացի որ դու գնացել ես արդեն։
ԹՈՒՍՅԱՆ. Հա՞... լավ ես արել... Շնորհակալ եմ... վաղը կգնամ... անպատճառ կգնամ... դեռ լույսը չբացված կգնամ... Շնորհակալ եմ... լավ ես ասել... շատ լավ ես ասել... (վախից, առանց հասկանալու թե ինչ է անում, նստում է և շտապով հագնում է կոշիկը): Բայց... սպասիր... Չէ՞ որ դու խոստացար չհայտնել նրան, թե Սառան ինչ անցյալ է ունեցել։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ ես այժմ չափազանց ցավում եմ, որ չեմ հայտնել։ Անցյալ օրը, պսակվելուց առաջ, եկել էր ինձ մոտ և այնպիսի խորհրդավոր բաներ էր պատմում Սառայի վարմունքներից և նրա հետ ունեցած խոսակցսւթյուններից, որ քիչ մնաց բանայի նրա աչքերը սարսափելի իրողության առաջ։ Բայց զսպեցի ինձ, ոչինչ չասացի, փորձեցի միայն նորից խորհուրդ տալ, որ ձեռք վերցնի այդ աղջկանից։ Լսել անգամ չուզեց և հեռացավ սաստիկ վիրավորված։ Այդ բանից հետո միանգամայն համոզվեցի, որ իզուր պետք է նրա դժբախտության պատճառ դառնամ և ինքս ինձ ասում էի. ավելի լավ է ոչինչ չիմացած ամուսնանա և ապրի յուր համար խաղաղ ու երջանիկ, քան թե իմանա չամուսնանա և տանջվի։ Բացի ղրանից, ես սաստիկ խղճում էի Սառային։ Սկզբում կարծում էի, թե այդ աղջիկը կամ հոգեկան հիվանդ է կամ չարահոգի, բայց քո պատմությունը լսելուց հետո ես արդեն հասկանում էի տարօրինակությունների հոգեբանությունը և չափազանց դժբախտ մի արարած էի համարում նրան։ Չորս տարի շարունակ նա տանջվել է քո վատության շնորհիվ՝ լքված, անարգված. այժմ երբ բախտի դուռը բացվել է նրա առաջ, բարոյական ի՞նչ իրավունքով և ինչ խղճով այդ դուռը նորից պիտի փակեի նրա առաջ։ Բայց եթե ես իմանայի, որ նա ինքը պետք է աքացի տա յուր բախտին, այն ժամանակ մի րոպե անգամ չէի տատանվիլ ազատելու ընկերոջս դժբախտությունից։
ԹՈՒՍՅԱՆ. Ի՞նչ ես ուզում դրանով ասել։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այն եմ ուզում ասել, որ յուր անցյալը հայտնել է ամուսնուն ինքը՝ Սառան։
ԹՈՒՍՅԱՆ. (Հանկարծ, եռանդով): Այդ անկարելի է։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ոչ թե անկարելի, այդ իսկապես այդպես է։ Այլապես, եթե Սառայի անցյալը ե՛ս հայտնած լինեի ընկերոջս, այժմ ամուսնացած չէր լինի և համենայն դեպս ավելի քիչ դժբախտ կլիներ։
ԹՈՒՍՅԱՆ. Այնուամենայնիվ պնդում եմ, որ այդ անկարելի է, որովհետև... Այդ ես չէի ուզում ասել քեզ, բայց այժմ ասում եմ։ Երեկ ես հանդիպեցի Սառային։ Հակառակ սպասածիս, ինձ ընդունեց առանց որևէ թշնամության և նույնիսկ երբ ես զանազան ակնարկներով հասկացրի նրան, թե չի՞ կարելի արդյոք նորոգել մեր նախկին հարաբերությունները...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ծայրահեղ զարմանքով): Դու այդ բանն առաջարկե՞լ ես նրան... նույնիսկ ա՞յժմ, երբ նա մի քանի օրվա նորահարս է, և գիտես որ իմ ամենամոտ ընկերոջս կինն է...
ԹՈՒՍՅԱՆ. Լսիր, է՛։ Երբ ես այդ բանը հասկացրի նրան, նա ոչինչ չասաց, լռեց երկար ժամանակ և միայն շրթունքներն էր կրծոտում, երևի անվճռականությունից։ Հետո հանկարծ հարցրեց, թե որտեղ եմ իջած և պատասխանն ստանալուց հետո, թողեց հեռացավ։ Այսքանը միայն ասաց՝ «Կտեսնվենք»... Այս բոլորից ես այն համոզման եկա, որ նա անհամաձայն չէ առաջարկիս։ Հիմա այս բանից հետո, ի՞նչպես նա կարող է ամուսնուն հայտնել յուր անցյալը։ Եվ վերջապես, այդպիսի անցյալ ունեցող այն ո՞ր աղջիկն է, որ ամուսնանալուց հետո ամեն բան հայտնում է ամուսնուն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սառայի բնավորության տարօրինականությունն էլ հենց այդ է, բարեկամ։ Ես սկզբում այդպես էի կարծում, բայց այժմ տեսնում եմ, որ չարաչար սխալվել եմ։ Այս էլ ասեմ քեզ, բարեկամ. Սառան ոչ թե միայն ամուսնուն հայտնել է յուր անցյալը, այլև նա ինքն է ստիպում ամուսնուն, որ վրեժխնդիր լինի քեզնից։
ԹՈՒՍՅԱՆ. Նա ինքն է ստիպո՞ւմ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո՛... Եվ մեղավորը դո՛ւ ես։ Ինչպես հիմա պարզ կերպով տեսնում եմ, պատճառը հենց քո հանդուգն առաջարկն է եղել, որ երեկ արել ես նրան։ Դու ասում ես, թե նա քեզ ընդունեց առանց որևէ թշնամության, և նույնիսկ իբր թե լուռ համաձայնություն տվեց քո առաջարկին, բայց միքիչ առաջ այստեղ չինեիր և ծածուկ լսեիր, թե ինչ էր պատմում նրա ամուսինը։ Նա ասում էր, որ երեկ, քո հանդիպումից հետո, Սառան տուն է դարձել իբրև մի մարմնացած վրեժխնդրություն։ Եվ այս էլ ասեմ, այդ միջոցին, քո հանդիպումից հետո է միայն հայտնել նրան յուր անցյալը։ Այս ատրճանակն էլ այդ օրն է տվել նրան, որ դա սպանի քեզ։ Հիմա՞ ինչ կասես, բարեկամ։
ԹՈՒՍՅԱՆ. (Շփոթված): Ի՞նչ է ասում... Ուրեմն... ես սխալվել եմ երեկ... (Ման է գալիս մտախոհ): Ուրեմն... շրթունքները որ այնպես կրծոտում էր, այդ էր նշանակում... հասցես էլ որ ուզեց... հետո որ ասաց. «Կտեսնվենք»... Հա, հիմա բոլորովին ուրիշ կերպ է ներկայանում ինձ պատկերը... Բոլորովին հակառակը... Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար... Դու ճշմարիտ ես... մեղավորը ես եմ... վաղը պետք է գնալ... անպատճառ պետք է գնալ... (կանգ է աոնում հանկարծ): Սպասի՛ր։ Հիմա որ գնամ ի՞նչ կլինի։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հիմա՞։
ԹՈՒՍՅԱՆ. Հա՛, այս գիշեր ևեթ։ Մի տես ժամը քանի՞սն է։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Նայում է ժամացույցին): Ճիշտ տասնևմեկն է։
ԹՈՒՍՅԱՆ. (Սաստիկ ուրախացած): Հա՜, բաս կհասնեմ գնացքին։ Իհարկե, կհասնեմ. մոտ երկու ժամ ժամանակ կա։ Լավ կլինի, չէ՞, որ հենց այս գիշեր ևեթ գնամ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Շատ լավ կլինի։
ԹՈՒՍՅԱՆ. Հա՛, իհարկե, որովհետև ո՛վ գիտե, ինչ կարող է պատահել մինչև վաղը։ Ըը՜ը... (Ուզում է կանչել Թաթոսին, բայց հանկարծ դառնում է Մարգարյանին)։ Բայց որ փող չունե՞մ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ես կտամ։
ԹՈՒՍՅԱՆ. (Նոր ուրախությամբ): Դե տուր, էլի՛, թե որ կտաս։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Տասնհինգ ռուբլի բավակա՞ն է։
ԹՈՒՍՅԱՆ. Տո, տասը տուր, միայն թե շուտով կորչեմ գնամ այստեղից։ (Ստանում է փողը և շտապով գրպանը կոխելով)։ Հեր օրհնած, թե որ տալու էիր, էլ ի՞նչ էիր այսքան ժամանակ ցավ դարձնում ինձ գլխիդ, ռադ կանեիր, էլի. ժամանակին։ Այս խաթեն էլ չէր գալ մեր գլխին։ (Վազում է դեպի ձախ դուռը): Թաթո՛ս... ա Թաթո՛ս...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ես անում Թաթոսին։
ԹՈՒՍՅԱՆ. Կառք կանչի է՜... Թաթո՛ս... Թաթո՛ս... վա՛յ, անիծածը քնելու ժամանակ է գտե՞լ... Թաթո՞ս... (Անհամբեր ուզում է դուրս գալ Թաթոսին զարթնեցնելու, բայց նույն րոպեին մտնում է Թաթոսը քնաթաթախ):
ԹՈՒՍՅԱՆ. Թաթոս ջան, հոգուտ մատաղ, ձեռաց վազի մի ֆայտոն բի։
ԹԱԹՈՍ. (Կարծում է, թե սխալ լսեց, ներքին տհաճությամբ): Պապիրո՞ս։
ԹՈՒՍՅԱՆ. Ֆայտոն, ասում եմ, ֆայտոն։ Շուտ արա, հոգուտ մատաղ, վակզալ պտի գնամ, ուշանում եմ... Դե՛, ժաժը մաժ արի։ (Թաթոսն ուզում է գնալ): Յավաշ։ Չեմոդանս ի՞նչ ես արել։
ԹԱԹՈՍ. Հրեն ընդեղ ա։ (Գլխով ցույց է տալիս նախասենյակի կողմը):
ԹՈՒՍՅԱՆ. Դե բի։ Հլա մի չեմոդանս բի, եննա կերթաս ֆայտոնի։ (Թաթոսը քնարբու մարդու դանդաղկոտությամբ գնում է ճամպրուկը բերելու): Ես շորերս կդարսեմ մինչև որ կառք կբերի։ (Շտապով գնում է ննջարանից դուրս է բերում զանազան հագուստեղեն: Նույն միջոցին Թաթոսը ներս է բերում ճամպրուկը): Դի ըստեղ ու վազի։ (Թաթոսը վայր է դնում ճամպրուկը և կանգնում ծածկած ներքին դժկամությամբ: Երևում է, որ սաստիկ ծուլանում է գնալ): Ադա, գնա՛, է՜։
ԹԱԹՈՍ. Էս վախտին ես ո՞րդիան ճարեմ փայտոն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հանկարծական բռնկումով): Շատ մի փնթփնթա, հիմա՛ր։ Քեզ ինչ որ ասում են, արա՛։ Գնա ջհաննամից ճարիր։ Դե՛, կործանվիր։
Թաթոսը դուրս է գնում փնթփնթալով։
ԹՈՒՍՅԱՆ. Ծառայի հետ չպետք է խոսես այդպես։ Ա՛յ, ես, տեսնում ես. նրա հետ խոսում եմ մինչև անգամ իրենց գյուղական լեզվով։ (Պպզում է ճամպրուկի առաջ և սկսում տեղավորել հագուստեղենը): Այդպես, հը՞, ամուսնուն ղրկել էր, որ ինձ սպանի... Ա՛յ, քեզ օյին... իսկ ես կարծում էի... Չէ՛, պետք է փախչել... Առյուծի ճանկերից ավելի հեշտ է պրծնելը, քան թե մի կնոջ վրիժառությունից... փախչել։ Պետք է փախչել... Ա՛յ, հիմա հասկանում եմ, թե ինչ է նշանակում խոհեմություն։ Ես շատ կանանց հետ եմ գործ ունեցել, բայց այսպիսի խաթա առաջին անգամն է պատահում Բայց գեղեցկացել է, գիտե՞ս, անիծածը, շատ է գեղեցկացել... այն ժամանակ այդպես չէր։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ է ունեցել։
ԹՈՒՍՅԱՆ. (Վեր է թռչում): ճի՞շտ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ յուր իսկ ձեռքով սպանել, հետքը կորցրել է։
ԹՈՒՍՅԱՆ. Վա՛հ, ի՞նչ ես ասում... (Մնում է արձանացած):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Զարմանում ես հա՞։
ԹՈՒՍՅԱՆ. Ոչ թե զարմանում, այլ... չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Ես այդ մասին երբեք չեմ մտածել...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Իհարկե, կյանքից խլել ես այն, ինչ որ հաճելի է քեզ, և ոչ մի բանի մասին չես մտածել։
ԹՈՒՍՅԱՆ. (Շարունակում է ծայրահեղ ապշությամբ նայել Մարգարյանի աչքերին, առանց լսելու նրա ասածը): Ուրեմն այդ ի՜նչ արարած է եղել նա... Էհե՛.. էհե՛... (Նորից պպզում է ճամպրուկի առաջ և շարունակում է հագուստեղենը տեղավորել): Ուրեմն հայր էլ եմ եղել, առանց իմ գիտենալու... Լա՛վ է... (Ծիծաղում է): Այդպես որ գնալու լինենք, ուրեմն ես հիմա քանի՜ որդոց հայր պետք է լինեմ... Այ, քեզ մազալու բան... (Շարունակում է ծիծաղել, հետզհետե զվարճանալով): Եվ փոխանակ ես պրետենզիա անելու նրա դեմ, որ իմ սեփական զավակից զրկել է ինձ, նա է պրետենզիաներ անում իմ դեմ... Բայց որքան հիմար է եղել, տեր իմ աստված, որքա՛ն հիմար։ Փոխանակ այդ բոլոր խայտառակությունները ծածկելու, որ ոչ ոք չիմանա, մանավանդ ամուսինը, նա... Չէ՛, նա խելագար է, նա պարզ խելագար է...
Մտնում է Թաթոսը գլխարկը ծածկած:
ՏԵՍԻԼ V
ԹԱԹՈՍ. Մինը բերե՞մ։
ԹՈՒՍՅԱՆ. (Վեր է թռչում): Ադա, դու հլա ըստեղ ե՞ս... վա՛յ, քո տունը չքանդվի... Մինը, բա քա՞նիսը։
ԹԱԹՈՍ. Դե՜ եսիմ... (Դուրս է գնում փնթփնթալով):
ՏԵՍԻԼ VI
ԹՈՒՍՅԱՆ. Ա՛յ, ախմախ մարդ... Ես կարծեցի, թե արդեն բերել է, իսկ նա... (Լռում է: Խիստ ուժեղ զանգահարում են. Թուսյանը հանկարծ նետում է գույնը և նայում է Մարգարյանին): Այս ո՞վ կարող է լինել...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Արագ դուրս է գնում նախասենյակ և գրեթե նույն րոպեին էլ ներս է վազում խիստ անհանգստացած): Մառան է...
ԹՈՒՍՅԱՆ. (Սարսափահար): Սառա՞ն... (Մեքենայաբար փախչում է դեպի ննջարան):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Արագ): Սպասի՛ր... վերցրու սրանք էլ քեզ հետ։
Թուսյանը դողդողալով հավաքում է հագուստեղենը, վերցնում ճամպրուկը և շտապով դուրս գնում ննջարան։ Մարգարյանը ետ է գնում դեպի ննջարանի դուռը, շտապով մոտենում է գրասեղանին, ուզում է պահել ատրճանակը, բայց թողնում է տեղը, նստում է և ցույց է տալիս, թե պարապում է։ Արագ քալյերով մտնում է Սառան՝ հպարտ և չափազանց հուզված։
ՍԱՌԱ. (Ջանք է անում հուզումը զսպելու և խոսում է կարելույն չափ հանգիստ): Ներեցեք, պարոն, որ եկել եմ այս կեսգիշերին ձեր հանգիստը խանգարելու։ Ես այնպիսի վիճակի մեջ եմ, որ հնարավորություն չունեցա ինձ զսպել և եկել եմ մի քանի բաներ պարզելու։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Որ վեր է կացել, աթոռ է առաջարկում): Խնդրեմ, տիկին։
ՍԱՌԱ. (Չի նստում և շարունակում է): Նախ մի քանի հարց։ Ամուսինս այս երեկո եղե՞լ է ձեզ մոտ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եղել է։
ՍԱՌԱ. Ատրճանակո՞վ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո։ Ահավասիկ։ (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը):
ՍԱՌԱ. Եվ այդ ատրճանակը դուք խլե՞լ եք նրա ձեռքից։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո։
ՍԱՌԱ. (Շեշտակի նայում է նրա աչքերին): Դուք ինտելիգենտ մարդ եք, սուտ չպիտի խոսեք։ Ասացեք ճշմարիտը։ Խլե՞լ եք, թե ինքն է տվել ձեզ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շփոթված): Ես առա նրա ձեռքից։
ՍԱՌԱ. Առա՜ք... Ուրեմն ինչպես ուզում եմ՝ հասկանամ։ Շատ բարի։ Հետո, ասել եք. թե վաղը պիտի գաք ինձ հետ խոսելու։ Այո՞։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո, աիկին, ես ուզում էի խոսել ձեզ հետ մի բանի մասին։
ՍԱՌԱ. Մի բանի մասին, և ոչ այն մասին, ինչ որ դուք գիտեք, ինչ որ ձեզ հայտնի է արդեն, ինչ որ... Շատ բարի, ես համբերություն չունեցա մինչև վաղը սպասելու, և ահա, տեսնում եք, ինքս եմ եկել ձեզ մոտ, որպեսզի այժմ իսկ լսեմ ձեզնից այն, ինչ որ վաղը պիտի ասեիք ինձ։ Խոսեցեք, ես ձեզ իրավունք եմ տալիս։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դուք հուզված եք, տիկին։ Խնդրում եմ համբերեցեք և հաճեցեք նստել։
ՍԱՌԱ. Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։ Ես նոր չեմ հուզված... Իմ կյանքը մի հարատև հուզում է... Եվ ես գիտեմ, թե երբ կհանգստանամ... (Ջղային անհամբերությամբ): Խոսեցեք, խոսեցե՛ք։ Ասացե՛ք, ի՞նչ ունեք ասելու։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Անհամ վիճակի մեջ, չի իմանում ինչպես սկսի): Դուք մենա՞կ եք եկել, տիկին, թե ձեր ամուսինն էլ ձեզ հետ է։
ՍԱՌԱ. Ձեր ասելիքը նրա՞ն է վերաբերում, թե ինձ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչպես ասեմ... նրան...
ՍԱՌԱ. Տեսնում եք նա այստեղ չէ. նա դուրսն է, որովհետև ասել եք, որ նա ներկա չպետք է լինի։ Ուզո՞ւմ եք կանչեմ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ոչ, հարկավոր չէ...
ՍԱՌԱ. Ուրեմն ասացեք, էլ ի՞նչ եք երկարացնում, տեր իմ աստված։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Զգուշորեն): Գիտե՞ք ինչ կա, տիկին... Ձեր գալն այնքան անակնկալ էր ինձ համար... և դուք այնքան հուզված եք, որ... չեմ իմանում ինչպես սկսեմ... Հետո, ես չգիտեմ, արդյոք վիրավորած չե՞մ լինիլ ձեր զգացումները, եթե թույլ տամ խառնվելու ձեր ընտանեկան գործերին...
ՍԱՌԱ. Դրանք դատարկ խոսքեր են, պարոն։ Ասացի, որ ձեզ իրավունք եմ տալիս խոսելու։ Ասացեք ուղղակի, ինչ որ ասելու եք։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հանկարծական վճռականությամբ): Շատ բարի։ Դուք չե՞ք կամենում նստել։
ՍԱՌԱ. Ո՛չ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ասելիքս, ահա ինչ էր, տիկին։ Դուք գիտեք, որ ես ու ձեր ամուսինը շատ մոտիկ բարեկամ ենք իրար։ Ես նրան ճանաչում եմ իբրև վերին աստիճանի բարի, անվնաս, բայց խիստ տարօրինակ բնավորություն ունեցող երիտասարդի։ Նրա կյանքը լի է մի շարք տարօրինակ վարմունքներով, այնպես որ ես երբեմն լրջորեն կասկածել եմ նրա հոգեկան դրության մասին։ Բայց այն վարմունքը, որ այս գիշեր ցույց տվեց նա, միանգամայն համոզեց ինձ, որ նրա հոգեկան վիճակը կանոնավոր չէ իսկապես։ Բանն այն է, տիկին, որ ես մի անկոչ հյուր ունեմ իմ տանը։ Գարեգինը չի ճանաչում նրան, ոչ մի գործ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի տեսել նրան իմ տանը, մի խոսքով՝ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ։ Բայց այս գիշեր եկել էր այս ատրճանակը գրպանում և ասաց, թե ուզում է սպանել նրան։ Սակայն, այդ բանն ինձ այնքան չզարմացրեց, որքան ա՛յն, որ ասում էր, թե դուք եք պատվիրել, որ գա սպանի։ Եվ ընդսմին այնպիսի բաներ պատմեց, որպիսիք միայն խելագարի ուղեղը կարող է ստեղծել։ Ուղղակի... աներևակայելի, անհնարին բաներ, մանավանդ ձեր մասին...
ՍԱՌԱ. Ի՞նչ բաներ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչպես ես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի պարզ խելագար... Եվ վաղը որ գայի ձեզ մոտ, տիկին, հատկապես նրա համար պիտի լիներ, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնել ձեզ։
ՍԱՌԱ. (Իսկույն չի պատասխանում, նայում է Մարգարյանին տարօրինակ հանգստությամբ, որի մեջ, սակայն, նկատվում է ներքին խոր վրդովմունք, որը պատրաստ է ամեն րոպե դուրս ժայթքելու): Դուք շատ դելիկանտ մարդ եք, պարոն։ Քաղաքավարության զգացումը, երևի, ձեզ թույլ չի տալիս ուղղակի ասելու, որ ինձ եք խելագար համարում. այդ պատճառով պատեպատ եք ընկնում, ամուսնուս հոգեկան վիճակի մասին եք կասկածներ հայտնում։ Է՛հ, շատ կարելի է, ես խելագար եմ, պարոն, այդ մասին չեմ ուզում վիճել։ Բայց իցե թե դուք ինձ չեք խելագար համարում, այլ ամուսնուս։ Այդ դեպքում ինչ որ պատմել է իմ ամուսինը ձեզ իմ մասին, զուտ ճշմարտություն է, և այս էլ եմ հաստատում ես ինքս եմ ուղարկել նրան, որ սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա ի՞նչ կասեք, պարոն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շփոթված): Այդպիսի դեպքում թույլ տվեք, տիկին, նկատեմ, որ... չեմ հասկանում ձեզ։
ՍԱՌԱ. (Արագ): Ահա՛, տեսնո՞ւմ եք, այժմ խոստովանեցիք, որ ինձ եք խելագար համարում, որովհետև չէ՞ որ միայն խելագարներին չեն հասկանում... (Հետզհետե բորբոքվելով)։ Չեք հասկանում, Հա՞... Երբ որ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կրակը հոգուս մեջ կծկվեի, լռեի և թույլ տայի անտրտունջ, որ ինձ անարգեն, ծեծեն, խայտառակեն, այն ժամանակ կհասկանայիք ինձ... Իհարկե, կհասկանայիք, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ նման անպատվածները, անարգվածները... Բայց քանի որ չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու. քանի որ համարձակ, անվախ ինքս եմ հրապարակ նետվել ցույց տալու աշխարհին անպատվությունս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով, ինձ չեք հասկանում... իհարկե, չեք կարող հասկանալ, որովհետև այդպես չեն անում սովորաբար... Բայց ես կհասկացնեմ ձեզ, կհասկացնեմ ամենքին, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել մարդկային պատիվը, անարգել, արհամարհել կնոջ ամենամեծ սրբությունը և անպատիժ շրջել աշխարհիս երեսին...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Լավ, տիկին, ձեզ ինչ պատահել է՝ պատահել է, բայց ի՞նչ մեղավոր է Գարեգինը, որ...
ՍԱՌԱ. Մեղավո՞ր, ասում եք... մեղավորության խնդի՞ր եք դնում... Շատ լավ։ Ուրեմն լսեցեք ինձ, պարոն։ Մեղավոր է ոչ թե միայն Գարեգինը, այլ և դուք, պարոն, այլ և ամբողջ հասարակությունը, որ կարողանում է յուր մեջ հանդուրժել այնպիսի թունավոր օձերի գոյությունը, որպիսին ձեր հյուրասիրությունը վայելող պարոնն է։ Ահա՛, տեսնում եք, դուք ապաստան եք տվել նրան ձեր տանը, հյուրասիրում եք նրան, երևի սիրով լսում եք նրա հետ խաղացած սխրագործության պատմությունը և, գուցե, ուրիշ շատ այդպիսի պատմություններ և, փոխանակ պատմելու, խրախուսում եք նրան...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Խրախուսո՞ւմ...
ՍԱՌԱ. Այո՛։ Որովհետև երբ որ դուք, շատ լավ իմանալով, թե ինչ մարդ է նա, ձեռք եք մեկնում նրան, հյուրասիրում եք նրան, նրա հետ նստում վեր եք կենում, նրա հետ խոսում ծիծաղում, երբ որ նրա անբարոյականության, նրա ցածության, նրա անգթության պատմությունները լսելիս չեք թքում նրա երեսին, չեք մերժում նրան ձեր ընկերությունից, չեք ջախջախում նրա գլուխը, դուք խրախուսում եք նրան, դուք արմատացնում եք նրա մեջ այն գիտակցությունը, թե յուր արարքները ոչինչ են, տղամարդու սովորական զվարճություններ են, ուրեմն նա կարող է շարունակել անպատիժ կերպով... Իսկ այժմ, նրա զոհը աշխարհի անտարբերությունից հուսահատված, ինքն է հրապարակ նետվել նրա դատաստանն յուր ձեռքով կատարելու, դուք պատնեշ եք կանգնում, դուք հովանավորում եք նրան...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Տիկին, ես բողոքում եմ...
ՍԱՌԱ. (Չի լսում և շարունակում է ինքն իրեն կորցրած): Եվ դեռ մեղավորության խնդի՞ր եք հարուցանում... ուրեմն Գարեգինը չէ մեղավոր, դուք չեք մեղավոր, մյուսը, երրորդը, չորրորդը... ոչ ո՞ք... ձեր կարծիքով գուցե մեղավոր չէ և նա ինքը, ձեր հյուրասիրությունը վայելող այդ պարոնը, այլ մեղավորը ես եմ, միմիայն ե՞ս։ Օ՜, կգժվե՜մ, կգժվե՜մ, կգժվե՜մ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Տիկին, հանգստացեք խնդրում եմ, և լսեցեք ինձ...
ՍԱՌԱ. Մեղավոր եմ, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել... որովհետև աշխարհի վրա, մարդկանց վրա պայծառ հայացք եմ ունեցել... մեղավոր եմ, որովհետև կուսական անփորձության մեջ իմ մաքուր, անարատ սիրտը հավատացել է մի մարդու, որն անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց ինձ սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր... Այո՞, պարոն, այո՞։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Խնդրում եմ, տիկին...
ՍԱՌԱ. Օ՜, պարոն, օ՜, պարոն... մի անեք այնպես, որ ես իսկապես խելագարվեմ... եթե դուք ընդունակ լինեիք հասկանալու, թե ինչ է նշանակում մի անմեղ, միամիտ, մի անբիծ աղջկա համար հուսախաբված լինել անդրանիկ սիրո մեջ... Եթե ձեզ ծանոթ լինեին մի այնպիսի աղջկա տանջանքները, հուսահատությունը և ապա այն սոսկումը, որ պատում է նրան, երբ հանկարծ իմանում է, որ ապօրինի մայր է լինելու լքված, մենակ, ծածուկ, իբրև ամենամեծ մի մեղսագործ... Դժոխքն այն տանջանքները չէր կարող տալ ինձ, ինչ որ զգացի ես այն ժամանակ, երբ տեսա, որ ստիպված եմ ակամա գործած մեղքիս հետքը ջնջել առավել ևս սոսկալի մեղսագործությամբ... մինչև այժմ էլ ինձ թվում է, թե լսում եմ անմեղ զավակիս առաջին ճիչը, որին վիճակված էր վերջինը լինելու... Ես գործեցի ամենամեծ ոճիրը, չլսված, չտեսնված մի ոճիր. ես իմ ձեռքով սպանեցի իմ զավակը... և ամեն րոպե, ամեն վայրկյան մահվան սոսկում էր պատում ինձ, երբ մտածում էի, թե ահա՛, որտեղ որ է, ամեն բան կիմանան և ամոթի, խայտառակության սյունը կբարձրացնեն ինձ... Թեև ամեն բան ծածուկ մնաց, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Դադարեցի՞ն դրանից հետո իմ տանջանքները, իմ սոսկումները... Ամենևին ոչ։ Բավական էր, որ ես գիտակցում էի իմ ոճրագործությունը, ուրիշ էլ ի՞նչ պատիժ էր հարկավոր, որ դրանից էլ ավելի սոսկալի լիներ... Եվ այժմ, որ մտածում եմ, թե ինչո՞ւ... ում պատճառով...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Տիկին, ես շատ խնդրում եմ ձեզ. հանգստացեք։
ՍԱՌԱ. (Նոր բորբոքումով): Գիտե՞ք դուք, պարոն, ում եք ապաստան տվել ձեր տանը, իբրև բարեկամի, իբրև ընկերոջ... Դուք ամուսնացած չեք և եթե ամուսնացած լինեիք, նա չէր խնայիլ նույնիսկ ձեզ, նա չէր քաշվիլ պղծել նույնիսկ ձեր ընտանեկան սրբությունը իբրև փողոցի ամենավերջին շուն... Այդ բանում ես համոզվեցի երեկ... երեկ, մինչև երեկ ես դեռ պատրաստ էի ներել, մոռանալ, բայց երեկվանից դես... Ես այլևս չեմ իմանում ինչ է պատահում ինձ... Այնքան ահ ու սարսափներից հետո, հոգեկան այնքան տանջանքներից հետո, ծածուկ ամոթի վերջին մրուրը քամելուց հետո, իբր կարծում էի, թե վերջապես թաղել եմ անդառնալի կերպով սոսկալի անցյալս և նոր կյանքի շրջան եմ մտել ամուսնական հանգիստ առագաստի տակ, այդպիսի մի ժամանակ նա գալիս է նորից հիշեցնելու ինձ իմ այդ զարհուրելի անցյալը, ցինիկաբար անարգելու մարդկային արժանապատվությունս, կանացի առաքինությունս, ամենանվիրական զգացմունքներս մի անլուր շնական առաջարկությամբ... Եվ այս նոր անարգանքն ես ստիպված եմ լինում կուլ տալու, որովհետև... Ա՜խ, եթե ես տդամա՜րդ լինեի... Եթե այդ րոպեին ձեռքիս մի զենք լիներ... թեկուզ հասարակ մի դանա՜կ... Եվ այս բոլորից հետո դուք ուզում եք, որ ես հանգստանամ... հանգստանա՜լ... դա իմ փափագն էր, իմ ուխտը, իմ ցնորքը, որին չորս տարուց ի վեր ձգտում էի հոգուս ամբողջ կարողությամբ և որին, վերջապես, հասած էի համարում ինձ... Բայց այժմ դուք դատեցեք. կարո՞ղ եմ ես հանգստանալ... կարո՞ղ եմ հանգստանալ, երբ հոգիս թույն է կտրել, անզոր կատաղությունը խեղդում է ինձ, ուղեղս քիչ է մնում ցնդի, այսքան հանդգնություն, այսքա՜ն լրբություն, այսքան անխղճություն տեսնելուց հետո... վերջապես ի՞նչ եմ ես, պարոն, դուք ասացեք, ի՞նչ եմ ես, մա՞րդ թե լաթ։ (Նստում և սկսում է հեկեկալ վիրավորանքի և անզոր հուսահատության ուժգին զեղումով)։
Մարգարյանը կանգնած է սաստիկ սրտաշարժված։ Կամաց մտնում է Սիսակյանը, նրա դեմքը վախ և հոգեկան զորեղ տանջանք է արտահայտում։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Անվստահորեն մոտենում է Սառային): Սառա, սիրելիս...
ՍԱՌԱ. (Հանկարծ դադարում է հեկեկալուց, վեր է թռչում կատաղության նոր թափով և բռնում նրա ձեռքերից)։ Ասա՛, վերջապես սպանելո՞ւ ես նրան, թե ոչ... սրբելու ես, թե ոչ, այն անարգանքը, որ նա հասցրել է ինձ, քեզ, ամուսնական այն սուրբ կապին, որով կապվել ենք մենք, ընտանեկան այն սուրբ գաղափարին, որին ուխտել ենք մենք հավատարմությամբ... Եթե վախենում ես, որ քեզ աքսոր կքշեն, կախաղան կբարձրացնեն, մի վախենար, ես քեզ մենակ չեմ թողնիլ, ես էլ կգամ քեզ հետ. ես էլ կկախվեմ այն փայտից, որի վրա կկախեն քեզ... Եթե վախենում ես, որ քեզ կդատեն իբրև մարդասպանի, ասա որ դու չես սպանել, ասա որ ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել որ սպանես... Այն ժամանակ ես համարձակ կկանգնեմ դատավորների առաջ և կասեմ այո՛, ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել, որ սպանի, որովհետև նա վաղուց էր սպանել ինձ, վաղուց էր փշրել, այլանդակել իմ կյանքը, ցեխի մեջ տրորել իմ լավագույն երազները... Եվ ո՞վ պիտի դատի մեզ, սրա՞նք։ (Մատնանիշ է անում Մարգարյանին): Անտարբերության մեջ քարացած այս մարդի՞կ... ցոփության, անառակության, անգթության երեսին ծիծաղող այս պարոննե՞րը...
ՍԻՍԱԿՅԱՆ. Սառա, սիրելիս, եկ գնանք, նա այստեղ չէ։
ՍԱՌԱ. (Հանկարծ թողնում է նրա ձեռքերը և դառնում Մարգարյանին): Լսեցե՛ք, պարոն։ Եթե նա այստեղ է, և դուք պահում եք նրան, ես կգտնեմ, թեկուզ գետնի տակն էլ թաքցրած լինեք, իսկ եթե դեռ չի եկել, ես կսպասեմ նրան ամբողջ գիշեր, թեկուզ հավիտյան... (կառքի ձայն է լսվում): Այս ի՞նչ էր... կառքի ձա՞յն... (Մի րոպե ականջը լարում է դեպի դուրս): Կանգ առավ... նա է, երևի... (վայրենի ուրախությամբ) նա՜ է... (Գրասեղանից վերցնում է ատրճանակը և վազում սպասողական դիրք բռնում նախասենյակի դռան մոտ):
ՍԻՍԱԿՅԱՆ. (Սարսափահար վազում է դեպի նա): Սառա ջան...
ՍԱՌԱ. Կորի՜ր, վախկո՜տ, փալա՜ս...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (խիստ անհանգստացած մոտենում է Սառային, որ ատրճանակն առնի նրա ձեռքից): Տիկին, այդ նա չէ։
ՍԱՌԱ. Հեռացե՜ք, թե չէ ձեզ կսպանեմ...
Մտնում է Թաթոսը:
ԹԱԹՈՍ. Փայտոնը բերի։ (Մարգարյանը նշանացի հրամայում է նրան, որ լռի և դուրս գնա, սակայն Թաթոսը ոչինչ չի հասկանում և զարմացած նայում է սրան-նրան):
ՍԱՌԱ. (Բռնում է նրա ձեռքից): Ֆայտոն, ասում ես... ում համար, Թաթոս, ղոնաղի՞ համար։ (Ահարկու աղաղակելով): Ահ, ուրեմն այստե՞ղ է... ուզում է փախչե՞լ... (Դես-դեն է վազում, որոնելով Թուսյանին, հետո տեսնելով ննջարանի դուռը, ուզում է ներս ընկնել այնտեղ):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Կապում է դուռը խստորեն և հրամայողաբար): Սպասեցե՜ք։ (Սառան կանգ է առնում կարծես զարմացած, որ որևէ ոք համարձակվում է յուր առաջը կտրել): Ես ձեզ իրավունք չեմ տալիս իմ տան մեջ վարվելու այնպես, ինչպես դուք եք կամենում։
ՍԱՌԱ. (Ծայրահեղ ապշած): Ինչպե՜ս... ինչպե՜ս... դուք դեռ պաշտպանո՞ւմ եք նրան...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հաստատակամորեն): Ես չեմ թույլ տալ, որ իմ տանը մարդ սպանվի ով ուզում է լինի նա։ Տվեք ինձ այդ ատրճանակը։
ՍԱՌԱ. (Ինքն իրեն կորցրած): Առե՛ք... (Արձակում է ատրճանակը և պայթյունի վրա ճչոցով հետ ընկնում սարսափահար: Ատրճանակն ընկնում է նրա ձեռքից: Ընդհանուր սարսափ: Մարգարյանը կանգնած է անվնաս, մեռելի պես գունատ: Սիսակյանը և Թաթոսը քարացել են տեղները: Ինքը Սառան կանգնած է առժամանակ անհունապես վախեցած և չռած անմիտ աչքերով, խելակորույս հայացքը ման ածելով շուրջը): Այս ի՞նչ էր... հրացա՞ն... անտառո՞ւմ... աղավնի՞ն... (Ծիծաղում է): Պա՛հ, և ընկավ... խը՜շ֊խը՜շ և ընկավ... (Ձևացնում է, թե ինչպես տրաքում է հրացանը և աղավնին ընկնում է ծառի տերևները խշխշացնելով):
ՍԻՍԱԿՅԱՆ. (Մոտենում է գույնը նետած): Սառա՞...
ՍԱՌԱ. (Շարունակում է ծիծաղել, հետո ծիծաղը կամաց-կամաց փոխվում է լացի): Ինչո՞ւ սպանեցիք... ինչո՞ւ... Արյունը կարմիր ներկեց սպիտակ փետուրները... Շունը ապականեց իր բերանով... (Նստում է հատակի վրա, դեմքը ծածկում ձեռքերով և լաց լինում հանդարտ):
ՍԻՍԱԿՅԱՆ. (Ձեռքերը զարկում է գլխին): Վա՜յ ինձ... (մնում է շանթահար՝ նայելով Սառային):
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Կանգնած է նույնպես շանթահար. նա արդեն հասկանում է, որ Սառան խելագարված է և չի իմանում ինչ անի, հետո մոտենում է նրան): Տիկին... վեր կացեք...
ՍԱՌԱ. (Հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է թռչում, մի րոպե փոփոխակի նայում մերթ Մարգարյանին, մերթ Սիսակյանին, հետո ձեռքը դնելով շրթունքներին): Սս՜... կամաց... այստեղ դիակի հոտ կա... երեխայի, խեղդված երեխայի... եկեք, եկեք փախչենք... կամա՜ց... կամա՜ց...։ (Առնում է նրանց ձեռքերը և կամաց, որպես թե ծածուկ, անդադար նայելով շուրջը, դուրս է տանում նրանց: Թաթոսը հետևում է նրանց):
Բեմն առժամանակ մնում է դատարկ: Ննջարանի դուռը բացվում է. Թուսյանն զգուշորեն հանում է գլուխը ստուգելու համար, թե մարդ չկա արդյոք, տեսնելով, որ ոչ ոք չկա, մտնում է: Նրա դեմքի վրա երևում են հենց նոր կրած մահվան երկյուղի նշաններ: Նա մոտենում է նախասենյակի դռանը, ականջ է դնում դեպի դուրս, հետո նստում է գլխիկոր, և ծանր մտախոհության մեջ ընկնում: Դրսից լսվում է հեռացող կառքի ձայն, նա ցնցվում է, ականջ դնում շունչը պահած: Կառքի ձայնը լռում է. մտնում է Մարգարյանը, կանգ առնում նրա դիմաց և երկար նայում նրան լուռ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հիմա՞ ինչ կասես, բարեկամ, կյանքը րոպեական հաճո՞ւյք է...
ԹՈՒՍՅԱՆ. (Միշտ մտախոհ): Կյանքը... սարսափելի է...