Нар-Дос
Սպանված աղավնին
Արարված երրորդ
Հասարակաց այգու մի խուլ անկյուն գետափին։ Խորքում, հեռու, ժայռերի արանքից երևում է բեմի ամբողջ երկայնքով քարաժայռ, որի լանջին մի փոքրիկ ջրվեժ։ Ներքևը՝ ժայռի տակ հոսում է գետը։ Բեմի առաջակողմը լայն ծառուղի։ Ծառուղու վրա տախտակի մի հասարակ նստարան չներկված։ Կիրակի։ Ամառվա սկզբի մի տաք, արև օր, կեսօրից առաջ։ Գետափից լսվում է գորտերի կռկռոց։ Շատ հեռվից, այգու հրապարակից, լսվում է խուլ կերպով զինվորական երաժշտության ձայն։
Ձախ կողմից մտնում են Սառան և Սիսակյանը։ Սառայի ձեռքին կարմրագույն հովանոց ծածկված, իսկ Սիսակյանի ձեռքին՝ շաքարեղենի մի փոքրիկ բոնբոնիեր։
ՍԱՌԱ. Ա՛յ։ այստեղ լավ է։ Ոչ ոք չկա։ Զզվում եմ աղմուկ հասարակությունից։ Այն զռզռոցի ձայնն էլ այստեղ այնպես չի ծակում մարդու ականջը։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այստեղ էլ գորտերն են ողբում իրենց քեռու մահը։ (Ծիծաղում է):
ՍԱՌԱ. Ես իսկույն կլռեցնեմ նրանց։ (Սկսում է քարեր շպրտել դեպի գետափ): Տեսա՞ք, ձայները կտրեցին։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Բաց է անում բոնբոնիերը)։ Դեհ հիմա նստենք և ուտենք։
ՍԱՌԱ. Սպասեցեք։ (Մի քար է վերցնում և պատրաստվում է շպրտել): Այստեղ նայեցեք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Նայում եմ։
ՍԱՌԱ. Ո՞ր ձեռքով եմ շպրտում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Աջ։
ՍԱՌԱ. Դե լավ նայեցեք։ (Քարը ձեռքի ուժգին թափով շպրտում է գետի կողմը): Ոչինչ չնկատեցի՞ք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչ։
ՍԱՌԱ. Մեկ էլ նայեցեք... Ձեռքիս նայեցեք, ձեռքիս։ (Մի ուրիշ քար է շպրտում): Հիմա՞։
ՍԻՍԱԿՅԱՆ. Հիմա ի՞նչ։
ՍԱՌԱ. Չնկատեցի՞ք, որ ես աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչ եք ուզում դրանով ասել։
ՍԱՌԱ. Այն եմ ուզում ասել, որ կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և շեշտակի թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտեր։
ՍԻՍԱԿՅԱՆ. Լավ, հիմա նստենք և ուտենք։ (Նստում են):
ՍԱՌԱ. Տարօրինակ մարդ եք, ո՞վ է իմացել, որ ամառը մարդ շաքարեղեն ուտի։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչ է որ։
ՍԱՌԱ. Կծարավեցնի։
ՍԻՍԱԿՅԱՆ. Կծարավեցնի, մենք էլ կգնանք այնտեղ, հայրիկի հետ կնստենք և սառը գարեջուր կխմենք։
ՍԱՌԱ. Ես գարեջուր չեմ խմում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Լիմոնադ կխմենք։ (բոնբոնիերն առաջարկում է նրան):
ՍԱՌԱ. Դեն կորցրեք, չեմ ուզում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Դե որ չեք ուզում, ես էլ չեմ ուզում։ (Բոնբոնիերը ծածկում և դնում է գրպանը):
ՍԱՌԱ. Լսեցեք ինչ եմ ասում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Լսում եմ։
ՍԱՌԱ. Գետը որ ընկնեմ, ի՞նչ կանեք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ես էլ ձեր ետևից կընկնեմ։
ՍԱՌԱ. Ինչո՞ւ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Որովհետև ես քեզ... ես ձեզ այնքա՜ն սիրում եմ, այնքա՜ն սի...
ՍԱՌԱ. Ո՜ւֆ, թողեք այդ զզվելի բառերը, չեմ ուզում լսել...
ՍԻՍԱԿՅԱՆ. Լավ, որ զզվում եք, էլ չեմ ասիլ։
Միջոց։ Ծառուղով անցնում է զբոսնող մի պարոն և խորը նայում Սառային, ըստ երևույթին նրա գեղեցկությունից գրավված։
ՍԱՌԱ. (Հովանոցի ծայրով մի բան է նկարում գետնի վրա): Նայեցեք այստեղ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Նայում եմ։
ՍԱՌԱ. Ի՞նչ նկարեցի։
ՍԻՍԱԿՅԱՆ. Շուն։
ՍԱՌԱ. Սա ո՞րտեղի շուն է։ Շունը ոտներ չի ունենա՞լ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Նկարեցեք ու կունենա, էլի։ (Ծիծաղում է):
ՍԱՌԱ.- Զարմանալի մարդ եք. շարունակ ծիծաղում եք... Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ։ Տեսեք՝ սա կոթը, այս էլ բերանը... Տեսնո՞ւմ եք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Տեսնում եմ։
ՍԱՌԱ. (Հովանոցի ծայրով մի քանի անգամ խաչ է քաշում նկարած բանի վրա, մտառու հայացքը գետնին հառած, հետո հանկարծ շեշտակի նայում է Սիսակյանի աչքերին): Դուք մարդ կարո՞ղ եք սպանել...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Զարմացած): Մա՞րդ...
ՍԱՌԱ.- Այո։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչ, չեմ կարող։
ՍԱՌԱ. Իսկ եթե ես հրամայե՞մ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այն ժամանակ կսպանեմ։
ՍԱՌԱ. Լավ, սպանեցեք այն բզեզը։ Տեսնո՞ւմ եք։ (Հովհարի ծայրով ցույց է տալիս գետնի վրա մի կարմիր բզեզ):
ՍԻՍԱԿՅԱՆ (Վեր է կենում, ոտը բարձրացնում, որ ճխլի բզեզը, բայց հանկարծ մեղքանալով՝ իջեցնում է ոտը): Ինչո՞ւ համար սպանեմ։
ՍԱՌԱ. Նրա՛ համար, որ ես եմ հրամայում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Շատ լավ. բայց մի հանցանք պետք է ունենա այդ խեղճ բզեզը։
ՍԱՌԱ. Դրա հանցանքն այն է, որ կարմիր է և աչքի է ընկնում... Սպանեցեք այս րոպեիս։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Ոտը նորից բարձրացնում է): Վա՜յ թռավ...
ՍԱՌԱ. (Դժգոհությամբ): Էլ ի՞նչ մարդ եք, որ բզեզ էլ չկարողացաք սպանել...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Ծիծաղելով): Ի՞նչ անեմ, որ թռավ։ (Նստում է):
ՍԱՌԱ. Էլի ծիծաղեցեք...
Ետ դառնալով անցնում է զբոսնող պարոնը և նորից նայում Սառային նույն հայացքով։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ես ավելի շուտ մարդ կսպանեմ, քան թե բզեզ։
ՍԱՌԱ. Ինչո՞ւ։
ՍԻՍԱԿՑԱՆ. Որովհետև մարդը վնասակար արարած է, իսկ բզեզը՝ ոչ։
ՍԱՌԱ. Դուք այդ գրքո՞ւմն եք կարդացել, թե ձեզանից ասացիք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ինձնից ասացի։
ՍԱՌԱ. Լավ. երբ որ դուք այդքան խելոք եք, հապա ասացեք ինձ, թե ի՞նչ բանի համար կարելի է մարդ սպանել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Մարդ սպանում են կողոպտելու համար։
ՍԱՌԱ. Ուրի՞շ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ուրիշ՝ հայրենիքի համար։
ՍԱՌԱ. Ուրի՞շ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Էլ չգիտեմ։
ՍԱՌԱ. Հապա վրեժխնդրության համա՞ր։
ՍԻՍԱԿՅԱՆ. Վրեժխնդրության համար էլ են մարդ սպանում։
ՍԱՌԱ. Դուք կարո՞ղ եք վրեժխնդրության համար մարդ սպանել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ես ոչ ոքի հետ այնպիսի գործ չեմ ունեցել, և չեմ ունենալ, որ իմ մեջ մարդ սպանելու չափ վրիժառություն ծագի։
ՍԱՌԱ. Իսկ եթե հանգամանքներն այնպես բերեն, որ ձեր մեջ վրեժի զգացում ծագի՞... Այն ժամանակ ձեր վրեժն առնելու համար մարդ չե՞ք սպանիլ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Օրինակ ի՞նչ գործում։
ՍԱՌԱ. Օրինակ, երբ գործը վերաբերի... ձեր պատվին։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչպես թե իմ պատվին։
ՍԱՌԱ. Օրինակ... ա՛յ, թեկուզ հենց այն պարոնը, որ այս րոպեիս անցավ ու դարձավ մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա. եթե նա հանկարծ մոտենար և համբուրեր ինձ, չէիք սպանիլ։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Վեր է թռչում հրացայտ աչքերով): Օ՜, ես կխեղդեի նրան...
ՍԱՌԱ. (Կարճ ժամանակ խորաքննին հայացքով նայում է նրա աչքերին, հետո կամաց բռնում է նրա ձեռքից և ուզում է նստեցնել. Սիսակյանը հանկարծ վրա է ընկնում նրա ձեռքերին և սկսում համբուրել կարոտագին սիրո բուռն զեղումով): Ա՞յդ ինչ է... գժվեցի՞ք... (Սիսակյանը վախեցած թողնում է նրա ձեռքերը): Նստեցեք հանգիստ և աշխատեցեք, որ չբարկանամ իրիկվա պես։ (Սիսակյանը նստում է նրանից մի քիչ հեռու): Մոտիկ նստեցեք։ (Սիսակյանը վախվխելով մոտ է քաշվում: Միջոց): Այս գորտերը նորից սկսեցին... (Միջոց): Ինչո՞ւ ձեր բարեկամը չմնաց։
ՍԻՍԱԿՅԱՆ. Մարգարյա՞նը։
ՍԱՌԱ. Այո։ (Սիսակյանը շփոթվում է, չիմանալով ինչ պատասխան տալ): Տեսե՛ք, սուտ չխոսեք։
ՍԻՍԱԿՅԱՆ. Նեղացավ...
ՍԱՌԱ. Ինչի՞ց... Մի վախենաք, ասացեք։ Ինչի՞ց նեղացավ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Քո... ձեր վարմունքից...
ՍԱՌԱ. Հաա՞... ի՞նչ ասաց։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ասաց, որ դու... որ դուք... Սառա, աղաչում եմ, թույլ տվեք դու-ով խոսեմ ձեզ հետ։ Դու-ով որ խոսեմ, կխոսեմ անկեղծ, մտերմորեն։
ՍԱՌԱ. Թույլ եմ տալիս։
ՍԻՍԱԿՅԱՆ. Դու էլ դու-ով խոսիր ինձ հետ։
ՍԱՌԱ. Կխոսեմ։ Ի՞նչ ասաց իմ մասին։
ՍԻՍԱԿՅԱՆ. Շատ բան ասաց, բայց ես այնպես վիրավորվեցի, այնպես վիրավորվեցի, որ...
ՍԱՌԱ. Ի՞նչ ասաց, ի՞նչ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ասաց, որ դու, իբր թե, հոգեկան աննորմալ վիճակի մեջ ես... որ դու, իբր թե, կամակոր, կոպիտ և չարահոգի աղջիկ ես... որ դու, իբր թե, կթունավորես իմ կյանքը, և խորհուրդ էր տալիս, որ թողնեմ քեզ։
ՍԱՌԱ. Հաա՞... իսկ դուք... իսկ դու...
ՍԻՍԱԿՅԱՆ. Իսկ ես ասացի նրան, որ նա շատ սխալվում է, որ նա չի ճանաչում քեզ, որ քեզ ոչ ոք չի ճանաչում, որ մինչև որ դու չմերժես ինձ, ես քեզնից ձեռք վերցնողը չեմ. չեմ և չեմ, որովհետև...
ՍԱՌԱ. Լավ, հիմա ուրիշ բան եմ ուզում հարցնել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Հարցրու։
ՍԱՌԱ. (Լռում է առժամանակ ներքին զորեղ տատանման մեջ, հետո հանկարծ վճռականորեն): Դու ճանաչո՞ւմ ես այն երիտասարդին, որ բերել էր այն նամակը։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ամենևին։ Կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում նրան։
ՍԱՌԱ. Իսկ ես որ հանկարծ այնպես ճչացի, ի՞նչ կարծեցիր։
ՍԻՍԱԿՅԱՆ. Կարծեցի, թե կարիճ կծեց, իսկ դու ասացիր, որ քեզ թվաց, թե երկրաշարժ պատահեց։ (Ծիծաղում է)։
ՍԱՌԱ. (Կարճ մտախոհ լռությունից հետո, աշխատելով ծածկել ներքին հուզումը): Ես սուտ ասացի։ Ես... մի եղբայր ունեի... մեռել է սրանից չորս տարի առաջ... Այն երիտասարդին, որ հանկարծ տեսա, կարծեցի, թե նա է հարություն առել այնքան նման էր նրան... Այն ժամանակ մայրս դեռ կենդանի էր և չէր ամուսնացել Բաղիրյանի հետ...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Զգացված): Դու շա՞տ էիր սիրում նրան։
ՍԱՌԱ. Մո՞րս։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչ, եղբորդ։
ՍԱՌԱ. (Վեր է կենում հանկարծ, զորեղ հուզման մեջ)։ Բավական է... Այս մասին այլևս ոչինչ չհարցնես ինձ... Վեր կաց գնանք մայրիկի մոտ։ (Սիսակյանը վեր է կենում և միասին դիմում են դեպի ձախ): Սպասիր։ Այն քո բարեկամը չէ՞, որ գալիս է այս կողմը։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո, Մարգարյանն է։
ՍԱՌԱ. Գնանք այս կողմը: Ես չեմ ուզում նրան տեսնել... (դիմում են դեպի աջ): Ոչ, դու կաց այստեղ: Նա մեզ տեսավ: Որ հետո գաս, կգաս մեր ետևից, իսկ ես որ տեսնեմ, կվիրավորեմ... Կսպասեմ քեզ հայրիկի մոտ:
Շտապով հեռանում է աջ կողմը: Ձախ կողմից գալիս է Մարգարյանը: Սիսակյանն ընդունում է նրան ներքին դժկամությամբ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այն Սառան չէ՞ր մոտդ։
ՍԻՍԱԿՅԱՆ. (Սառն): Այո։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞ւր գնաց։
ՍԻՍԱԿՅԱՆ. Քեզ որ տեսավ, փախավ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Փախա՞վ... ինչո՞ւ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Քո այն լավ վարմունքի համար, որ իրիկունը ցույց տվիր նրանց տանը։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞վ գիտե...
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո՛, հենց այս րոպեիս ասացի նրան, թե ինչու իրիկունը չմնացիր և փախար։ Հարցրեց և ասացի։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ասացիր։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչ որ ճշմարիտ էր։ Ասացի, որ դու նրան կոպիտ, կամակոր, աննորմալ, չարահոգի աղջիկ ես համարում։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Վա՛...
ՍԻՍԱԿՅԱՆ. Եվ ինձ էլ խորհուրդ էիր տալիս, որ թողնեմ իրեն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ճի՞շտ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո՛։ Բոլորը պարզ կերպով ասացի, բոլորը։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Վա՛յ, քո տունը չքանդվի... Տո՛, ընկերաբար ես բան կարող եմ ասել քեզ, պետք է վեր կենաս և ամեն բան հայտնե՞ս նրան։
ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչ անեմ, ասաց սուտ չասես, ես էլ ճշմարտությունն ասացի։ Սուտ խոսել չեմ էլ կարող։ Իրիկունն, օրինակ, ուզեցի սուտ խոսեմ և խայտառակվեցի։ Երբ որ աներս ներս մտավ և հարցրեց քո մասին, ասացի, որ ձեռաց գնացել ես մի տեղ և շուտով ետ կգաս, բայց նա տեսավ, որ սուտ եմ խոսում, և այնպիսի թափանցող հայացքով նայեց աչքերիս, որ քիչ մնաց ամոթից գետինը մտնեի։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ, իհարկե հայտնեցիր, թե ես ինչ գաղափար եմ կազմել իր աղջկա մասին։
ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ իրեն էլ ծեր աղվես եմ անվանել։
ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ, այդ չասացի, բայց որ ասեի, հախդ կլիներ, որովհետև իսկապես ի՞նչ տեսար, որ վեր կացար ու փախար և ինձ էլ ու քեզ էլ խայտառակեցիր։ Դու միայն իրիկունը տեսար Սառային, երբ որ նա վատ տրամադրության մեջ էր. բայց հիմա որ տեսնեիր... ա՛յ, այստեղ, այս նստարանի վրա... ուղղակի չէիր հավատալ աչքերիդ, թե սա այն աղջիկն է։ Թույլ տվեց, որ հետը դու-ով խոսեմ։ Ինքն էլ ինձ հետ սկսել է դու-ով խոսել, գիտե՞ս թե չէ։ Հետո... ձեռքերը համբուրեցի... ա՛յո, ձեռքերը... ա՛յ, այսպես... ա՛յ, այսպես... (Ջերմորեն համբուրում է ինքն իր ձեռքերը: Հետո հանկարծ): Ցտեսություն, ես գնում եմ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սպասիր, հիմար, ո՞ւր ես վազում։
ՍԻՍԱԿՅԱՆ. Նրա մոտ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բան եմ ասում։ (Սիսակյանը կանգ է առնում): Երեկոյան կգա՞ս ինձ մոտ։
ՍԻՍԱԿՅԱՆ. Չգիտեմ... (Նորից վազում է, բայց հանկարծ ետ է դառնում): Գիտե՞ս, մեզ չմոտենաս, ասաց, որ տեսնեմ, կվիրավորեմ... (Հեռանում է աջ կողմից):
Մարգարյանը մնում է ետևից նայելիս, հետո մտախոհ նստում է նստարանի վրա։ Ձախ կողմից գալիս է Թուսյանը ծխելով։
ՏԵՍԻԼ III
ԹՈՒՍՅԱՆ. Վա՛, Մարգարյա՞ն... իսկույն երևում է, որ բանաստեղծ ես։ Հրաշալի անկյուն ես ընտրել առանձնանալու և կիրակնօրյա հանգստությունը վայելելու։ Այս գորտերի կռկռոցը հազար բլբուլի կլկլոց արժե։ (Ծիծաղում է): Բարի օր քեզ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Էպիկուրյան և ցինիկ, ո՞րտեղ էիր։ Երեկ առավոտվանից դեռ չեմ տեսել քո երեսը։
ԹՈՒՍՅԱՆ. Այդպես շուտ կարոտեցիր ինձ, հա՞։ (Ծիծաղում է և նստում նրա կողքին): Չկարծես, թե քո տանը որ իջել եմ, քո վզին էլ ծանրանալու եմ, ուր էլ գնամ, ինձ համար տեղ կա միշտ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Իհարկե, քիթդ որ զոռով ներս խոթես...
ԹՈՒՍՅԱՆ. Դե ի՞նչ արած. այս աշխարհում ապրելու համար պետք է այդպես անես, այլապես ոչ ոք ըռխիդ մտիկ չի տալ, թեկուզ քաղցած սատկելու էլ լինես։ Հարկավոր է միայն մի քիչ համարձակություն։
ՄԱԲԳԱՐՅԱՆ. Մի քիչ էլ պրտկերեսություն։
ԹՈՒՍՅԱՆ. Մի քիչ էլ պրտկերեսություն։ Այդ ես ինքս պետք է ավելացնեի։ Դու ինձնից շատ կապրես։ Երեկ առավոտ, օրինակ, երեսս որ չպնդեի և փող չուզեի քեզնից, կտայի՞ր։ Իհարկե, չէ։ Իդեպ, հեռագրիս պատասխան չկա՞։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հա՛ լավ միտս բերիր։ (Ծոցի գրպանից հանում է մի հեռագիր և տալիս նրան): Այս առավոտ բերին։
ԹՈՒՍՅԱՆ. (Բաց է անում հեռագիրը և լուռ կարդալուց հետո): Տես, ես գրում եմ, թե մնացել եմ Թիֆլիսում, փող ուղարկեցեք, որ գամ, նրանք գրում են, թե հայրս այժմ լավ է, իսկ փողի մասին ոչ մի խոսք... ես հասկանում եմ այս մանյովրն էլ... Վնաս չունի... ես ոչ մի տեղ քաղցած չեմ մեռնիլ, բայց ամենքի էլ հերը կանիծեմ... այո՛, հենց հորս հերն էլ... (Հանում է հեռագիրը և կարճ ժամանակից լռճում մտախոհ և զայրացած): Բայց չկարծես, թե մենակ քո տված տասը մանեթովն եմ յոլա գնում։ Երեկ մի ուրիշից էլ կարողացա մի քանի մանեթ պոկել և մի քիչ շենք ու շնորհքի գցեցի արտաքինս։ Մնաց հինգ թե վեց մանեթ, այն էլ տանուլ տվի կլուբում։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հետո առանց փողի ո՞րտեղ գիշերեցիր։
ԹՈՒՍՅԱՆ. Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Երեկոյան հանդիպեցի նրան կնոջ հետ հենց կլուբի դռանը և միասին մտանք կլուբ։ Այնտեղից գիշերվա ժամը երեքն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ, ասում եմ, Մարգարյանը հեռու է կենում, պետք է տանես ինձ քեզ մոտ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ չէր ուզում։
ԹՈՒՍՅԱՆ. Նախանձոտ էր երևում անիծածը։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ պառավ է, բայց վնաս չունի... հիանալի բյուստ ունի և շատ սիրուն էլ հագնվում է։ Ինքն էլ ասող, խոսող, կրակոտ... Իսկույն գտա թույլ դամարը և... գիտես, է՛լի... Խեղճ Սարումյանը կրծում էր յուր շեկ բեխերը... Այսօր էլ, երևի նրանց մոտ կճաշեմ։ Առավոտյան կնոջ հետ գնաց մի տեղ և ասաց, որ կեսօրին կհանդիպեն այստեղ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ցանել է։
ԹՈՒՍՅԱՆ. Շատ կարելի է։ Բայց ես այն պտուղներից չեմ, որ հանգիստ թողնեմ։ Այնքան մազ չկա գլխիս, ինչքան որ... (Հանկարծ վեր է թռչում): Հա՛, Մարգարյան, գիտե՞ս ինչ պատահեց երեկ երեկո... Ի՛նչ զարմանալի անակնկալ... Այն նամակն ի՞նչ էր, որ Պետերբուրգից բերել էի ոմն Բաղիրյանին հանձնելու համար։ Այդ պարոնի տունը գտա երեկ երեկո... Երևակայիր... Ապշելու բան է, էլի՛... Այս որ ռոմանի մեջ կարդայի, կասեի սարքովի բան է... Մտնում եմ, թե՝ այստե՞ղ է կենում պարոն Բաղիրյանը... Բայց չէ՝ այստեղ դեռ ոչինչ չես հասկանալ, թող գլխից պատմեմ։ Մի հիանալի պատկեր դուրս կգա, որ գրես։ Հալա մեկ տես ժամը քանիսն է։ Սարումյանները խոստացան, որ ճիշտ տասներկուսին այնտեղ՝ այգու հրապարակում կլինեն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Նայում է ժամացույցին): Տասներկուսից պակաս է կես։
ԹՈՒՍՅԱՆ. Հա, դե որ այդպես է, լսիր։ (Մի ծխախոտ է վառում և նստում նրա կողքին): Սրանից չորս տարի առաջ...
Անցնում են թեթև բարքի տեր երկու կին թևանցուկ, մեկը երգում է կամացուկ, առանց բառերի։
ԹՈՒՍՅԱՆ. Мой нижайший Даш и Маш.
ԵՐԳՈՂ ԿԻՆԸ. Вреш! не угодал. (Երգը շարունակելով անցնում է ընկերուհու հետ):
ԹՈՒՍՅԱՆ. Հա։ Սրանից չորս տարի առաջ, ամառը, հյուր էի գնացել հորեղբորս մոտ՝ ամառանոց։ Հետս հրացան և շուն էի տարել։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում գնում էի անտառը, ամբողջ ժամերով թրև էի գալիս և մի կարգին բան չէի գտնում, որ սպանեի։ Հետո ինձ ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։ Մի առավոտ, երբ անցնում էի անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեմ, հրացանս ուղղեցի և արձակեցի։ Չիմացա դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս պայթյունի վրա մի սարսափելի ճիչ լսվեց։ Մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Նա կանգնած էր անշարժ, ինձնից մի տաս-քսան քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել վախից, նայում էր ինձ անթարթ, սարսափահար աչքերով։ Նկարիչ որ լինեի, կնկարեի նրան այդ դրության մեջ այնքան գեղեցիկ էր։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ-որ որոնեց, գտավ, գիրք էր։ վերցրեց, մի ձեռքով շտկեց մազերը և հանգիստ քայլերով հեռացավ։ Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նա նստած էր նույն ծառի տակ գիրքը ձեռքին։ Մոտովն անցնելու ժամանակ նայեց ինձ և գլուխը նորից կախեց գրքի վրա։ Անցա մի հիսուն քայլ, հետո ետ դարձա, և հրացանիս դեմհար տալով, կանգնեցի ուղղակի նրա դիմաց։ Վերին աստիճանի խստությամբ նայեց ինձ և հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»։ Ուզում եմ, որ ներեք, ասացի։ «Դա ի՞նչ հանդգնություն է, պարոն», բղավեց վրաս։ Ճակատս դրի հրացանիս բերանին, իսկ ոտս շնիկի վրա։ Եթե չեք ներիլ, ասացի, այս րոպեիս գանգս ցրիվ կածեմ։ Սաստիկ վախեցած վեր թռավ տեղից։ «Գժվե՞լ եք, ինչ է», ասում է։ Իսկ ես սառնասրտությամբ հարցնում եմ. ներո՞ւմ եք, թե ոչ։ «Ի սեր աստծո, ասում է, դեն կորցրեք այդ հրացանը. ներում եմ»։ Այժմ ձեզ հանգիստ կթողնեմ, ասացի, գլուխ տվի ու հեռացա։ Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։ Ես ձեզ խորհուրդ չեմ տալ, ասացի, որ առավոտյան այս ժամին նստեք թաց խոտի վրա։ «Խոտի վրա խո չեմ նստած, ասաց, տեսե՛ք»։ Եվ ցույց տվեց՝ թե ինչի վրա էր նստած։ Նստած էր հսկայական եղևնու գերանաչափ արմատի վրա, որ մի կես արշին բարձր էր մնացել գետնից։ Այդ միևնույն է, ասացի, խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։ Անփույթ կերպով վեր քաշեց ուսերը։ «Որտե՞ղ եք որս անում», հարցրեց։ Տեղն ասացի։ Գիրքը բաց և խուփ արեց, ըստ երևույթին ուզում էր բան ասել, բայց ոչինչ չասաց, նորից գիրքը բաց արեց և աչքերը տնկեց վրան։ Ցտեսություն, ասացի։ «Ցտեսություն» ասաց։ Հեռացա իմ ճանապարհով... Այս քածերն էլի երևացին։ (Ետ են դառնում երկու կանայք, որոնցից մեկը նորից երգում է կամացուկ): Какой чудный голос, лает как лягушка.
ԵՐԳՈՂ ԿԻՆ. Какой противный кавалер! говорит как кинтошка (Հեռանում է ընկերուհու hետ, շարունակելով երգը):
ԹՈՒՍՅԱՆ. (Ծիծաղում է): Տեսար ոտը ոնց բերեց... Սրամիտ են անիծածները։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ես զարմանում եմ քեզ վրա. ինչ հաճույք ես զգում այդպիսիների հետ խոսելով։
ԹՈՒՍՅԱՆ. Ո՛չ մի, փեշակ է, է՛լի։ Դրանց հետ միայն գյավազություն արա, ուրիշ բանի պետք չեն... Բայց շարունակեմ։ Չորրորդ առավոտյան դարձյալ նույն տեղումն էր։ Բարի լույս, ասացի։ Չպատասխանեց։ Միայն նայեց ու ժպտաց։ Հետո ասաց. «Թույլ կտաք, որ ձեզ հետ գամ տեսնեմ ինչպես եք որս անում»։ Ինչո՞ւ չէ, ասում եմ։ Վեր թռավ տեղից։ Գնացինք։ Հազիվ երեք թե չորս վերստ ճանապարհ գնացած՝ կանգ առավ, նայեց ինձ և ժպտաց։ Ի՞նչ է, ասում եմ, հոգնեցի՞ք։ Գլխի շարժումով դրական պատասխան տվեց։ Ուզում եք, նստենք, ասում եմ։ Չէ, ասում է, ես ետ կդառնամ. մայրս կանհանգստանա». Դե որ այդպես է, ասում եմ, ետ դառնանք։ «Դո՞ւք էլ եք ետ դառնում», ասում է։ Իհարկե, ասում եմ, բաս խո մենակ չեմ թողնիլ ձեզ այս անտառում։ Ընդունեց։ Գնում ենք թևանցուկ և խոսում դեսից-դենից։ Բավական միամիտ էր երևում, մի քիչ բանաստեղծորեն տրամադրված։ Շոգ է, գրեթե տոթ։ Անտառը կանգնած է անշարժ։ Դեղնած խոտերի մեջ սվսվում են մորեխները։ Նրա մարմնի շփումը էլեկտրականացնում է ինձ, բայց ես ահագին ջանք եմ դնում զսպելու ինձ և այնպիսի բան չեմ անում, որ խրտնի... հանկարծ կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը։ «Տեսե՛ք, տեսե՛ք, ասում է. այն ի՞նչ թռչուն է»։ Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս։ Ուղեկցուհիս թռավ մի քանի քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները և աչքերը փակեց։ Արձակեցի։ Ծառի տերևները խշխշացին և թռչունը վայր ընկավ։ Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը։ Աղավնի էր սպիտակ՝ ինչպես բամբակ։ Ուղեկցուհիս մոտ վազեց և երեխայական բուռն հետաքրքրությամբ սկսեց դիտել սպանված թռչունը։ «Ա՜խ, աղավնի՞ է», ասաց, չեմ իմանում՝ խիստ ուրախացա՞ծ, թե խիստ տխրած։ Որսս տվի իրեն։ Երկու մատով բռնեց մի ոտից և նայեց, թե գնդակը որտեղին է դիպել։ «Տեսե՛ք, տեսե՛ք, ասում է, ուղղակի կրծքին է դիպել։ Ինչքա՜ն սպիտակ է, ասում է, և ինչպե՜ս կարմիր է ներկել արյունը սպիտակ փետուրները»։ Երկար ժամանակ մեծ հետաքրքրությամբ դիտում էր, հետո հառաչեց և տվեց ինձ։ Առա և շպրտեցի ծառերի խորքը։ «Ինչո՞ւ դեն ձգեցիք», նկատեց հանդիմանությամբ և խիստ խղճահարված։ Հապա ինչի՞ս էր պետք, ասացի։ (Նոր ծխախոտ է վառում: Մարգարյանը հետաքրքրությամբ լսում է նրան): Այսպես սկսեց մեր ծանոթությունը, իսկ այսպիսի ծանոթությունների հետևանքը հայտնի է... Մի քանի շաբաթից հետո նա անձնատուր եղավ ինձ այդ բառի ամենակատարյալ իմաստով նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին... Մինչև անձնատուր լինելը խրտնում էր ինձնից այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես։ Ես նկատել եմ, որ կանայք առհասարակ այդպես են լինում։ Օր չէր պատահիլ, որ մի քանի անգամ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք։ Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում։ Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախանում և ընկնում էր վզովս։ Բայց այդ երկար չէր տևում. նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, և էլ չէր խոսում, չէր նայում ինձ. նույնիսկ երբեմն հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել նրա իրանը։ Հրաշալի իրան ուներ բարակ, ճկուն, տաք... Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանել էի աղավնին։ «Ինչո՞ւ սպանեցիր», ասաց։ Ո՛ւմ, հարցնում եմ զարմացած. դա, «աղավնին», ասում է։ Ես այդ դեպքը մոռացել էի։ «Այն օրվանից դես, ասաց, ես հանգիստ չունեմ, ես տանջվում եմ... Հիշում ես, ասում է, ինչքան սպիտակ, ինչքան մաքուր էր... Հիշո՞ւմ ես, ասում է, ի՛նչպիսի անհոգությամբ և անխիղճ կերպով դեն շպրտեցիր...»։ Ակամա ծիծաղեցի։ Նա նստեց խոտի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ...
Նորից անցնում են երկու կանայք, որոնցից մեկն այս անգամ երգում է մի մելամաղձիկ երգ։ Թուսյանն ուշադրություն չի դարձնում նրանց վրա, հենվում է իր ծնկանը և զոռ է տալիս ծխախոտին՝ ինքն իր պատմությունից հուզված։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Խիստ ազդված): Հետո՞։
ԹՈՒՍՅԱՆ. (Վեր է կենում հանկարծ): Հետո ի՞նչ։ Հետո պատահեց այն, ինչ որ սովորաբար պատահում է, այսինքն հեռացա և... մոռացա։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Առանց խղճի խայթի՞։
ԹՈՒՍՅԱՆ. Ավելի լավ է խղճի մասին չխոսենք։ Խո ասել եմ քեզ, որ ես էպիկուրյան եմ։ Խլել եմ կյանքից այն, ինչ որ այդ րոպե հաճելի է եղել ինձ։ Մնացածի հետ գործ չունեմ... Բայց դու վերջաբանը լսիր, եթե միայն սա վերջաբանն է, այլ ոչ սկիզբը մի նոր... Նու՝ թեկուզ դրամայի... Պետերբուրգից հետս բերած նամակը, ինչպես ասացի, երկու օր ման եմ ածում և, վերջապես, երեկ երեկո գնում եմ այն պարոնի տունը, որին պիտի հանձնեի այդ նամակը։ Մտնում եմ։ Այստե՛ղ է կենում, ասում եմ, պարոն Հակոբ Բաղիրյանը։ Առաջ է գալիս մի ծերունի, թե՝ ես եմ։ Նամակը տալիս եմ։ Սենյակում, բացի ծերունուց, կային և մի տիկին ու մի երիտասարդ պարոն։ Տիկինը հրավիրում է, որ նստեմ։ Նստում եմ։ Ծերունին բաց է անում նամակը և սկսում լուռ կարդալ։ Հանկարծ հարևան սենյակից մտնում է, երևակայիր ով, նա՝ սպանված աղավնին։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Խիստ հետաքրքրված): Այն աղջի՞կը...
ԹՈՒՍՅԱՆ. Ինքը նա... ի դեպ, եթե պատմությունս գրելու ես, վերնագիրը դիր «Սպանված աղավնի»... Սկզբում, իհարկե, աչքերիս չեմ հավատում և մնում եմ պելացած։ Սա երա՞զ է, ասում եմ, թե աչքերիս է այդպես երևում։ Կամ, գուցե, ասում եմ, նա չէ, այլ նրա նման մի ուրիշը։ Բայց չէ՛, մտիկ եմ տալիս, նա է, իսկ և իսկ նա... անշուշտ նա էլ նույնն է զգում ու մտածում, ինչ որ ես, որովհետև նա էլ ինձ տեսնելուն պես մի րոպե մնում է քարացած և ապշած աչքերը սևեռում աչքերիս։ Հետո, երևի համոզվելով, որ ես իսկապես ես եմ, հանկարծ ճչում է սարսափելի կերպով ու ետ փախչում մյուս սենյակը։ Ծերունին, տիկինը և երիտասարդ պարոնը սաստիկ վախեցած՝ վազում են նրա հետևից, որ տեսնեն, թե ինչ պատահեց, իսկ ես ուշքի եմ գալիս և սուս ու փուս ծլկվում...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դրանով էլ վերջացա՞վ բանը։
ԹՈՒՍՅԱՆ. Առայժմ։ Հիմա ես չափազանց հետաքրքրվում եմ նրանով։ Ուզում եմ իմանալ, թե նա ինչ կապ ունի Բաղիրյանի հետ։ Այն ժամանակ նրա ազգանունը Վարդումյան էր։ Մի այրի մայր ուներ և ուրիշ ոչ ոք։ Ասում եմ՝ գուցե ամուսնացել է, և այն ծերունին սկեսրարն էր, տիկինը՝ սկեսուրը և երիտասարդ պարոնը՝ ամուսինը։՝ Այս բանը կլուբում պատմեցի Սարումյանին, բայց նա ասաց, որ Բաղիրյան ազգանունով ոչ ոքի չի ճանաչում։ Համենայն դեպս այնքան պիտի հետևեմ, որ իմանամ։ Մի տես տասներկուսը լրացա՞վ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Նայում է ժամացույցին): Անցել է։
ԹՈՒՍՅԱՆ. Հա՞։ Դե ես գնամ։ Թե որ ցանած է եղել, հերը կանիծեմ։ Եկ միասին գնանք, էլի, ի՞նչ ես նստել այս գորտերի կռկռոցի մեջ։
Մարգարյանը վեր է կենում և միասին դիմում են դեպի ձախ։
ԹՈՒՍՅԱՆ. (Կանգ է առնում հանկարծ և մեքենայաբար բռնում Մարգարյանի թևից): Մարգարյան... նա՛ է...
ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Ո՞վ։
ԹՈՒՍՅԱՆ. Այն աղջիկը... տես... վերևը մեծ ծառի տակ... կարմիր զոնդիկը ձեռին...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ցնցվում է): Վա՛հ... Սառա՞ն։
ԹՈՒՍՅԱՆ. (Սաստիկ զարմացած): Սառա՞, ասում ես... Այո, նրա անունը Սառա է... Դու ճանաչո՞ւմ ես նրան...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Կարճ ժամանակ կանգնած է կարծես կայծակնանար և նայում է Թուսյանի ցույց տված կողմը. հետո հանկարծ): Սպասիր... Չե՞ս սխալվում...
ԹՈՒՍՅԱՆ. Չէ՛, ասում եմ, նա ինքն է... Տե՜ս այն էլ այն երիտասարդը, որ մոտենում է նրան...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Գարեգի՜նը...
ԹՈՒՍՅԱՆ. Վա՛հ, նրան է՞լ ես ճանաչում... ա՛յ, նոր անակնկալ, որ այդպես է...
ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սո՛ւս... Այս կողմն են իջնում... եկ ինձ հետ...
Արագորեն հեռանում է աջ կողմը, տանելով իր հետ Թուսյանին՝ նրա ձեռքից բռնած։ Ձախ կողմից գալիս են Սառան և Սիսակյանը։
ՍԻՍԱԿՅԱՆ. Հայրիկը բավական խորամանկ է եղել, դիտմամբ ծանոթների հետ երկար ու բարակ խոսակցություն է սկսում, որ մեզ մենակ թողնի։ Չէ՞։
ՍԱՌԱ. (Չի պատասխանում և նստում է ջղայնորեն): Ա՜խ, այս գորտերը...
ՍԻՍԱԿՅԱՆ. Ես իսկույն կհեռացնեմ նրանց։ (Սկսում է քարեր շպրտել դեպի գետափ): Քեռին մեռել ա, հա՞... Քեռին մեռել ա, հա՞... դե հիմա գնացեք թաղեցեք ձեր քեռուն... (Ծիծաղում է և նստում Սառայի մոտ): Զարմանալի վախկոտ արարածներ են գորտերը. քար ես գցում թե չէ, իսկույն լռում են։ Մինչդեռ իմ կարծիքով, նրանք ամենասառնասիրտը պիտի լինեն վտանգի առաջ, քանի որ նրանց արյունը սառն է։ Այդպես չէ՞։ (Սառան չի պատասխանում և ներքին անհանգստության նշաններ է ցույց տալիս): Սառա, ի՞նչ պատահեց քեզ...
ՍԱՌԱ. (Հանկարծ բռնում է նրա ձեռքից): Լսի՛ր... որ ամուսնանանք, պետք է հեռանանք այստեղից...
ՍԻՍԱԿՅԱՆ. Ո՞ւր։
ՍԱՌԱ. Չգիտեմ... հեռու... շատ հեռու... այնպիսի մի տեղ, ուր ոչինչ չտեսնեմ, ոչինչ չլսեմ... Ես հիվանդ եմ... ես սարսափելի ջղային եմ... Ուզում եմ հանգստանալ... հանգստանալ...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Եռանդով): Շատ բարի, գնանք։ Գնանք ուր կուզես։ Ո՞ւր ես ուզում, որ գնանք։
ՍԱՌԱ. Ա՜խ, չգիտե՜մ... չգիտե՜մ...
ՍԻՍԱԿՅԱՆ. Սպասիր։ Ես ասեմ։ Գնանք... Ռոբինզոնի կղզու պես մի տեղ... Չէ՛, սպասիր, ուրիշ լավ տեղ ասեմ... Դու կարդացե՞լ ես «Վիկֆիլդե երեցը»... (Լսվում է կատվի ձագի մլավոց):
ՍԱՌԱ. (Վեր է թռչում սարսափահար. հովանոցը նրա ձեռքից վայր է ընկնում գետին): Այս ի՞նչ ձայն էր...
ՍԻՍԱԿՅԱՆ. Մի վախենար, կատվի ձագ էր, կարծեմ։ (Հովանոցը վերցնելով, վեր է կենում և նայում գետափ): Հա՛, տես այնտեղ, խոտերի մեջ, կատուն ձագը բերնին... Երևի տեղափոխում է։
ՍԱՌԱ. (Կանգնած է ականջները ձեռքերով փակած և սարսափահար նայում է Սիսակյանի ցույց տված կողմը, այնուհետև կամաց նստում է. խոսում է կարծես ինքն իրեն): Զարմանալի է, ինչքա՜ն նման էր... ինչքա՜ն նման էր... կարծեցի, թե այնտեղ... ձորում... թփերի մեջ...
ՍԻՍԱԿՅԱՆ. (Զարմացած առնում է նրա ձեռքը): Ի՞նչ ես ասում, Սառա։ (Դարձյալ լսվում է կատվի ձագի մլավոցի ձայնը):
ՍԱՌԱ. (Վեր է թռչում նորից): Գնանք... տուն գնանք... (Վազում է դեպի ձախ):
Սիսակյանն ապշած հետևում է նրան հովանոցը ձեռքին։