Нар-Дос

Սպանված աղավնին

Արարված առաջին

Մարգարյանի սենյակը համեստ, բայց ճաշակավոր կահավորանքով։ Դիմացը երկու դուռ, ձախ դուռը տանում է դեպի նախասենյակ, աջ դուռը՝ դեպի ննջարան։ Ձախ կողմը՝ երկու լուսամուտ, գրքերի պահարան և գրասեղան, գրասեղանի վրա գրքեր, թղթեր, գրության պարագաներ և լամպ՝ կապույտ լուսամփոփով։ Աջ կողմը՝ գահավորակ, երկու բազկաթոռ և կլոր սեղան, սեղանի վրա ալբոմ և մեծ լամպ։ Պատերին նկարներ։ Ուր հարկն է՝ աթոռներ։

Գիշեր է։ Սենյակը մութն է։ Լսվում է դռան զանգակի ձայնը։ Երկար միջոց անցնելուց հետո մտնում են ձախ դռնից Թաթոսը և Թուսյանը։ Վերջինիս ձեռքին մի մեծ, ջարդված ճամպրուկ։

ՏԵՍԻԼ I

ԹՈՒՍՅԱՆ. Աղա, մի ճրագ վառի, է՜, զատ չեմ տեսնում։

ԹԱԹՈՍ. Էսա վառում եմ (Վառում է կլոր սեղանի վրա դրած լամպը և հետաքրքրությամբ դիտում է հյուրին):

ԹՈՒՍՅԱՆ. (Ճամպրուկը դնում է դռան մոտ, անկյունում, հետո հանում է վերարկուն և ձգում ճամպրուկի վրա): Բա ասում ես գիդում չե՞ս կգա աղեդ։

ԹԱԹՈՍ. Գիդում չեմ։ Հմի սըհաթի քա՞նին ա։

ԹՈՒՍՅԱՆ. Սըհաթ չունեմ։ Տասը կըլի։ (Գլխարկը ձգում է վերարկուի վրա):

ԹԱԹՈՍ. Դե որ տասը կըլի, էնա շուտով կգա։

ԹՈՒՍՅԱՆ. (Նստում է բազկաթոռի վրա և սենյակը դիտում): Էս մի օթախն ա՞։

ԹԱԹՈՍ. Չէ, մինն էլ հրեն ընդեղ ա։

ԹՈՒՍՅԱՆ.- Է՞ն ինչ ա։

ԹԱԹՈՍ. Ընդեղ ա քնում։

ԹՈՒՍՅԱՆ. (Հորանջում է. բաց է անում ալբոմը և անուշադրությամբ թերթում, հետո ալբոմը ծածկում է և նայում Թաթոսին): Անունդ ի՞նչ ա։

ԹԱԹՈՍ. Թաթոս։

ԹՈՒՍՅԱՆ. Պապիրոս չես քաշո՞ւմ։

ԹԱԹՈՍ.- Չէ։

ԹՈԻՍՅԱՆ. (Ուզում է հանել ձախ ոտի երկարաճիտ կոշիկը, որը դժվարությամբ է դուրս գալիս): Խի՞ չես քաշում։

ԹԱԹՈՍ. Դե սովոր չեմ։

ԹՈՒՍՅԱՆ. (Ոտը երկարացնում է դեպի նա): Քե մատաղ, մի քաշի էս անտերը, մազոլը հոգիս հանեց (Թաթոսն սկսում է քաշել կոշիկը): Օ՛յ, կամաց... Հուպ մի տա... Հա՛, ըդենց... (Թաթոսը հանում է կոշիկը և դնում է բազկաթոռի կողքին): Է՜, Օ՜ֆ, մի քիչ դնջացա։ (Տրորում է ոտը: Միջոց): Թաթոս ջան, գիդա՞ս ինչ կա. ինձ որ մի քիչ ուտելու բան տաս, է՜, հոգիդ դյուզ արքայություն կգնա։ Խա՛չ։

ԹԱԹՈՍ. Ո՞րդիան տամ։

ԹՈՒՍՅԱՆ.- Բա տանը զատ չկա՞։

ԹԱԹՈՍ. Խի՞ չկա, ամա կողպած ա բուֆետումը։

ԹՈՒՍՅԱՆ. Բաց չի ըլի՞։

ԹԱԹՈՍ. Բնալիքն աղի մոտն ա։

ԹՈՒՍՅԱՆ. Բա մի պատառ հաց ու պանիր...

ԹԱԹՈՍ. Հաց ու պանիրն էլ ա կողպած, հլա ամեն բան էլ։

ԹՈՒՍՅԱՆ. Մի թաս չայ էլ չես տա՞։

ԹԱԹՈՍ. Չայ շաքարն էլ ա կողպած։

ԹՈՒՍՅԱՆ. Բա ո՞նց անենք։ (Միջոց: Հորանջում է)։ Համ սոված եմ, համ քունս տանում ա։

ԹԱԹՈՍ. Ուզում ես, հլա քնի, եննա աղեն որ կգա, իրան կասես։

ԹՈՒՍՅԱՆ. Դե ըտենց պտի անենք, է՛լի։ (Վեր է կենում, վերցնում կոշիկը և դիմում դեպի ննջարան): Որ գա, վեր կկացնես։

ԹԱԹՈՍ. Յավաշ, աղա, լիս անեմ։ (Վերցնում է լամպը, առաջնորդում է Թուսյանին դեպի ննջարան, հետո դուրս է գալիս այնտեղից, լամպը դնում յուր տեղը, հանգցնում և դուրս գնում ձախ դռնից: Երկար միջոց անցնելուց հետո ձախ դռնից մտնում է Մարգարյանը, վառում գրասեղանի վրա դրված լամպը, նստում և սկսում է պարապել: Կարճ ժամանակից հետո լսվում է դռան զանգակի ձայնը):

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ընդհատում է պարապմունքը): Ո՞վ կարող է լինել։ (Ականջ է դնում դեպի նախասենյակ, սպասելով որ ծառան կգա դուռը բանալու: Զանգակը նորից հնչում է): Շնթռել է անպիտանը, չի իմանում։ (Գնում է դուռը բանալու և կարճ ժամանակից վերադառնում է Սիսակյանի հետ): Արի տեսնենք այդ ի՞նչ քամի է խելքիդ փչել այս ժամին գալու ինձ մոտ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Խիստ ուրախ տրամադրության մեջ): Օ՛հ, որ իմանաս, ի՜նչ քամի, ի՜նչ քամի...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Զարմացած դիտում է նրա դեմքը): Դու հարբած ես։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այն, ինչպես ասում են՝ մի քիչ քեփով եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու չես խմում ախր։

ՍԻՍԱԿՅԱՆ. Բայց այսօր խմեցի՜, խմեցի՜...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞րտեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Նշանածիս տանը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Ի՞նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ. Այս երեկո նշանվեցի, շնորհավորիր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շարունակ նայում է նրա աչքերին զարմացած): Ցնդվե՞լ ես, ինչ է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ա՛յ, թե չես հավատում։ (Ցույց է տալիս ձեռքի մատանին):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Դեռևս չհավատալով)։ Հանաք չե՞ս անում։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ, է՜լի, վահ։ Տե՛ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Խիստ հետաքրքրված): Սպասիր։ Արի նստիր այստեղ։ (Նստում եհ գրասեղանի մոտ)։ Այդ ե՞րբ, ի՞նչպես։ Ո՞վ է աղջիկը։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հիասքանչումով)։ Մի հրաշալի աղջիկ, մի աննման աղջիկ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սիրահարվա՞ծ էիր։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ։ Ես մինչև անգամ այս երեկո տեսա նրան առաջին անգամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Աղջկա՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ.- Այո։

ՄԱՐԳԱՐՑԱՆ. Նրա՞ն, որի հետ նշանվե՞լ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Գժվե՞լ ես, ի՛նչ է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչո՞ւ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՛նչպես թե ինչու։ Կարելի բա՜ն է մի՞թե՝ առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչո՞ւ չի կարելի։ Մեծ մասամբ այդպես են ամուսնանում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո, հասարակ դասակարգի մարդիկ տգետ արհեստավորները, խանութպանները, բանվորները... Բայց դու ինտելիգենտ մարդ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ. Դա դատարկ բան է։ Սերն ինտելիգենտ և հասարակ դասակարգի մարդ չի հարցնում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Մինչև անգամ սիրահարվե՞լ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ. Եվ ի՜նչպես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՛նչ ես ասում... Տո՛, մի գիշերո՞ւմ, մի քանի ժամվա ընթացքո՞ւմ...

ՍԻՍԱԿՅԱՆ. Տեսնելուն պես։ Ես մի տեղ կարդացել եմ, որ սիրահարվում են առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հայացքից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ այդ հիման վրա՞ ես կարծում, թե սիրահարվել ես։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ։ Աստված է վկա։ Սիրահարված որ չլինեմ, այս ժամին ինչո՞ւ պետք է գայի քեզ մոտ։ Տուն գնացի, բայց մենակ սիրտս չդիմացավ և դուրս եկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Լավ։ Հետո նա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ո՞վ, Սառա՞ն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Անունը Սառա է՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հետո Սառա՞ն, հավանե՞ց քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հանկարծակի եկած): Հը՞... (Շփոթվում է, նախ չիմանալով ինչ պատասխան տա, հետո հանկարծ վրա է բերում ինքնավստահորեն): Իհարկե, եթե նշանս ընդունեց, կնշանակի հավանել էր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց և այնպես լոգիկայով ես խոսում։ Բայց ինձ ասա տեսնեմ ի՞նչպիսի աղջիկ է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Շատ խելոք աղջիկ է։ Ինձնից էլ խելոք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ասենք քեզնից խելոք լինելը մի մեծ առավելություն չէ մինչև անգամ մի աղջկա համար...

ՍԻՍԱԿՅԱՆ. Քեզնից էլ խելոք կլինի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ծիծաղում է): Ա՛յ, այդ ուրիշ բան է...

ՍԻՍԱԿՅԱՆ. Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շարունակելով ծիծաղը): Հիմար, ինչո՞ւ ես երդվում, կարծում ես չեմ հավատո՞ւմ... (Լուրջ): Հետո... ինչ էի ուզում հարցնել... Հա՛, սիրո՞ւն է։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հիասքանչումով): Օ՜, չափազա՜նց, չափազա՜նց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Կարո՞ղ ես նկարագրել նրա արտաքինը։

ՍԻՍԱԿՅԱՆ. Կարող եմ, բայց չեմ նկարագրի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Որովհետև... Դու կարդացե՞լ ես երևելի հումորիստ Սուրենի ինքնակենսագրությունը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին, բայց դրա փոխարեն տալիս է յուր գրքի մեջ մի դատարկ երես՝ ներքևը գրած այսպիսի ծանոթությամբ. «Թող. ասում է, այս դատարկ երեսի վրա ամեն մի ընթերցող յուր առաջին սիրո առարկայի արտաքին տեսքը նկարագրի։ Ես վախենում եմ, ասում է, որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագիրը։ Եթե ասեմ, որ իմ սիրած աղջիկը շիկահեր էր, սևահեր կին սիրողը կասի՝ «Լա՛վ, ի՛նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»։ Եթե ասեմ, որ նրա մազերը սև էին սաթի պես, քիթները վեր կքաշեին ոսկեգույն մազեր սիրողները։ Դրեք այստեղ, ասում է, ձեր սիրած աղջկա նկարագիրը։ Այդպես էր և իմ սիրած աղջիկը։ Ուրեմն, ասում է, կարող եք երևակայել, թե որքան սիրուն էր նա»։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բռա՜վո, այդ լավ բաներ ես իմացել։ Բայց ի՞նչպես պատահեց այդ բանը։ Դու ինձ ոչինչ չես ասել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչը ինչպես պատահեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ։ Այսինքն՝ ի՞նչպես եղավ, որ նշանվեցիր։ Պատմիր մանրամասնորեն։

ՍԻՍԱԿՅԱՆ. Մանրամասնություններ կա՞ն, որ պատմեմ։ Պատահեց հանկարծ, ինքս էլ չիմացա ինչպես։ Ա՜յ, ինչպես պատահեց։ Անցյալ շաբաթ փողոցում հանդիպեց հանգուցյալ հորս հին բարեկամներից մեկը, որ մի ժամանակ գավառական պրիստավ էր և այժմ ծառայում է այստեղ, չգիտեմ որտեղ։ Դու չես ճանաչիլ։ Սովորական հարց ու փորձից հետո հարցրեց ամուսնացա՞ծ եմ։ Ասացի՝ չէ։ Ասաց՝ կուզե՞ս քեզ համար մի լավ աղջիկ ճարեմ։ Ասացի՝ ինչո՞ւ չեմ ուզիլ։ Կատակով, գիտե՞ս։ Ասաց՝ լավ։ Ու գնաց։ Հետո, երեկ դարձյալ հանդիպեց։ Ասաց՝ դե՛հ, պատրաստվիր, որ էգուց երեկոյան պետք է գամ քեզ տանեմ նշան տալու, մի լավ աղջիկ եմ ճարել՝ ասաց։ Ասացի՝ լավ։ Էլի կատակով, գիտես, որովհետև նրա ասածները ես կատակի տեղ էի ընդունում։ Բայց կարող ես երևակայել զարմանքս, որ երեկոյան ճիշտ որ եկավ ինձ մոտ ու ասաց՝ դեհ, վերկաց գնանք։ Ո՞ւր, ասում եմ։ «Նշան տալու» ասում է։ Թողեք ի սեր աստծո, ասում եմ ես ամուսնանալու միտք չունեմ։ Չէ՛ որ չէ, կպավ ու պոկ չեկավ։ Այստեղ միայն հայտնեց, որ յուր աղջիկն է ուզում ինձ տալ։ Խո գիտես, որ ես թեև հիմար եմ, բայց շատ չեմ հիմար։ Մտածեցի՝ տո՛, չլինի՝ թե սա փտած աղջիկ ունի և ուզում է սաղացնի ինձ վրա։ Լավ, ասացի, ես այստեղ մի բարեկամ ունեմ, քեզ համար էի ասում, թողեք նրան էլ հետս վերցնեմ։ «Ուզում ես տասը բարեկամ բեր» ասաց։ Բայց հետո ես ինքս հրաժարվեցի այդ մտքից, որովհետև մտածում էի, թե բանն անհաջող գնար, էլ ո՞վ կպրծներ քո ծաղր ու ծանակից։ Այդ պատճառով քեզ իմաց չտվի ու մենակ գնացի։ Ճանապարհին ամենայն դեպս երկու մատանի առա ու գնացինք։ Ոչ ոք չկար. ես էի, աղջիկը և հայրն ու մայրը։ Ասենք հայրն ու մայրը նրա ծնողները չեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչպես թե նրա ծնողները չեն։

ՍԻՍԱԿՅԱՆ. Նրա ծնողները չեն, էլի՛։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ուրեմն աղջիկը նրանց որդեգրուհի՞ն է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ, օրինավոր զավակն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ես ասում, տո՛, խելքդ գլխիդ է՞։ Ի՞նչպես թե հայր ու մայրը աղջկա ծնողները չեն և, միևնույն ժամանակ, աղջիկը նրանց օրինավոր զավակն է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ա՛յ, ինչպես։ Սառան աներոջս խորթ զավակն է։ Այսինքն՝ աներս յուր այժմյան կնոջից առաջ ունեցել է մի կին, և Սառան այդ կնոջից է, բայց ուրիշ ամուսնուց, որի մահից հետո նա, այսինքն՝ Սառայի իսկական մայրը, ամուսնացել է աներոջս հետ, իսկ հետո ինքն էլ, այսինքն Սառայի իսկական մայրը, վախճանվել է, և նրա խորթ հայրը, այսինքն՝ աներս, ամուսնացել է յուր այժմյան կնոջ հետ։ Հասկացա՞ր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու մի բարդ խնդիր դրիր առաջս, որից գլուխս կկտրեմ, թե մարդ առանց թուղթ ու մատիտի բան կարողանա հասկանալ։ Ինչևիցե։ Հետո՞։

ՍԻՍԱԿՅԱն. Հետո նշան տվի, է՛լի։ Հետո նստեցինք ընթրելու: Կերանք, խմեցինք։ Քո կենացն էլ անուշ արինք իբրև խաչեղբոր, որովհետև այնտեղ վճռեցի, որ խաչեղբայրս դու պետք է լինես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար։ Բայց դու պատմիր՝ ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ։ Ի՞նչ խոսեցիք։ Ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր նրա վրա, վերջապես ի՞նչպես հայտնեցիր սերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ես նրան սեր չեմ հայտնել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հապա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հապա չկա։ Ուղղակի՝ ասացի՝ «Օրիորդ, ես ձեզ հավանում եմ. եթե դուք էլ ինձ եք հավանում, ապա ընդունեցեք այս մատանին»։ Նա էլ ընդունեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ընդունելիս ի՞նչ ասաց։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչինչ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Անխո՞ս ընդունեց։

ՍԻՍԱԿՅԱՆ. Անխոս։ Միայն շատ պինդ-պինդ նայում էր աչքերիս։ Առհասարակ նա ինձ հետ ամենևին չի խոսել, միայն շարունակ պինդ-պինդ նայում էր աչքերիս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այ տնաքանդ, որ հետդ ամենևին չէ խոսել, էլ ո՞րտեղից գիտես, թե խելոք աղջիկ է, այն էլ քեզնից ու ինձնից էլ խելոք։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հայացքից, հետո հոնքերից գիտեմ։ Գիտե՞ս, նա մի տեսակ հոնքեր ունի. այնքան մոտիկ են իրար, որ կարծես միացած են իրար հետ։ Հետո մատներից տեսա, որ խելոք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՜նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ. Մատներից։ Մատները բարակ և շատ երկար են։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ քո կարծիքով, բարակ ու երկար մատները խելքի նշա՞ն են։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չգիտեմ առհասարակ ինչպես է լինում, բայց նրա վերաբերմամբ այդ եզրակացությանն եկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Շատ բարի։ Շարունակիր տեսնենք հիմարաբանություններիդ թելը որտեղ է կտրվում։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հետո, երբ մենք սեղան նստեցինք, նա գնաց քնելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞վ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Սառան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ես ասում, տո՛։

ՍԻՍԱԿՅԱՆ. Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ դու այդ շատ սովորական բա՞ն համարեցիր։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչ է որ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Նա գնաց քնելու, և դու այդ բանում ոչ մի ցույց չնկատեցի՞ր քո դեմ։

ՍԻՍԱԿՅԱՆ.- Ցո՞ւյց։ Ի՞նչ ցույց։ Երևի քունը տանում էր, որ գնաց քնելու։ Կամ, գուցե, քնելու չգնաց։ Չգիտեմ։ Միայն այլևս չերևաց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Թոթվում է ուսերը տարակուսանքով): Ա՛յ, տարօրինակ մարդ... Այնպես հանգիստ պատմում է, որ կարծես թե այդ այդպես էլ պետք է լիներ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ճիշտ է, ինձ էլ մի քիչ տարօրինակ թվաց այդ բանը, բայց հայրն ասաց, որ նա այդպիսի տարօրինակություններ շատ ունի և չպետք է ուշադրություն դարձնել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ դու էլ ուշադրություն չես դարձրել, իհարկե։ Թեև ասում ես, թե շատ չես հիմար։ Գարեգին, բայց շատ ես հիմար, է՜, շա՜տ։ Որբ ու անտեր մեծացել ես, բան չես տեսել, կանանցից հեռու ես պահել քեզ և հիմա խելքահան ես եղել առաջին պատահած աղջկա վրա, չնայելով որ հետդ ոչ խոսել է և ոչ էլ մոտդ նստել, որ նայես տեսնես, թե ինչ բան է։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչ, սխալվում ես, Միքայել. աստված է վկա, սխալվում ես։ Նա առաջին պատահած աղջիկներից չէ։ Ճշմարիտ է, հետս ոչ խոսել է և ոչ էլ մոտս կարգին նստել, բայց... ուրիշ տեսակ աղջիկ է, շատ ուրիշ տեսակ... ես զգում եմ, որ ուղղակի կպաշտեմ նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Վեր է կենում): Լավ, վեր կաց գնա, ուշ է, ես պետք է պարապեմ։ Քեզ որ թողնենք, ո՞վ գիտե՝ ուրիշ ինչ հիմարություններ դուրս տաս։ (Սիսակյանը վեր է կենում և վերցնում գլխարկը): Սպասիր։ Տար ծանոթացրու ինձ հարսնացուիդ հետ։ Գուցե գնացել ոտով-գլխով ծուղակն ես ընկել։ Մեկ ես էլ տեսնեմ ով է, ինչ է։ Ամուսնությունը խո հեշտ բան չէ՞։ Կտանե՞ս։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչո՞ւ չեմ տանիլ։ Ես իսկապես դրա համար էլ եկա քեզ մոտ։ Ուզում էի խնդրեմ, որ վաղը միասին գնանք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Վաղն ի՞նչ է, շաբա՞թ։ Լավ վաղն երեկոյան, ժամը ութին, սպասիր ինձ, կգամ, միասին կգնանք։

ՍԻՍԱԿՅԱՆ. Շատ բարի, կսպասեմ։ (Դուրս է գնում. Մարգարյանը ճանապարհ է դնում նրան):

ՏԵՍԻԼ III

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Վերադառնալիս հանկարծ նկատում է անկյունում Թուսյանի գլխարկը, վերարկուն և ճամպրուկը)։ Այս ի՞նչ է։ (Վերցնում է գլխարկն ու վերարկուն և նայում, հետո դիտում ճամպրուկը, ավելի ու ավելի զարմանալով)։ Ո՞ւմն է: (Գլխարկն ու վերարկուն ձգում է ճամպրուկի վրա ու շտապով դուրս գնում: Կարճ ժամանակից հետո վերադառնում է Թաթոսի հետ, որին վեր է կացրել քնից): Բավական է, որ գլուխդ դրիր՝ ու պրծավ։ Շորերդ էլ չես հանում երեխի պես։ (Ցույց տալով Թուսյանի իրեղենները): Այս ո՞ւմն է։

ԹԱԹՈՍ. Ղոնաղինը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ղոնաղ։

ԹԱԹՈՍ. (Գլխով ցույց տալով ննջարանի դուռը): Հրեն ընտեղ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ո՞րտեղ, քնա՞ծ ես։

ԹԱԹՈՍ. Ընտեղ ա, է՛լի, ղոնաղը։ Բա տեհել չե՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ է ասում։ (Հետաքրքրված վերցնում է լամպը մտնում է ննջարան և կարճ ժամանակից հետո վերադառնում է զարմացած): Ո՞վ է։ Ի՞նչ մարդ է։ (Լամպը դնում է տեղը):

ԹԱԹՈՍ. Դե որ քու ղոնաղին դու ճանաչում չես, ես որդիան իմանամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դեմքը ծանոթս գալիս է, բայց միտս չի գալիս ով է։ Անունը չհայտնե՞ց։

ԹԱԹՈՍ. Չէ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ե՞րբ եկավ։

ԹԱԹՈՍ. Ես հլա զարթուն էի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ասաց, որ եկավ։

ԹԱԹՈՍ. Ի՞նչ պիտի ասի, քեզ էր հարցնում։ Ասեց ղոնաղ եմ եկել։ Մտավ նստեց ըստեղ, մի հատ լափչին հանիլ տվեց, մազոլ ունեմ՝ ասում ա։ Եննա ուտելու զատ ուզեց, չայ ուզեց, ասի կողպած ա։ Եննա ասեց քունս տանում ա. ասի՝ որ ըտենց ա, քնի։ Նա էլ գնաց քնեց։ Ասեց՝ աղեդ որ գա, վերկացրու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դե գնա վերկացրու։ Զարմանալի բան. ո՞վ կարող է լինել...

ԹԱԹՈՍԸ մտնում է ննջարան: Կարճ ժամանակից հետո այնտեղից քնաթաթախ և շտապով դուրս է գալիս Թուսյանը՝ մի հատ կոշիկը հանած: Թաթոսը դուրս է գալիս նրա ետևից։

ՏԵՍԻԼ IV

ԹՈՒՍՅԱՆ. Ա՜, դու արդեն եկե՞լ ես։ (Գրկում է Մարգարյանին և համբուրում նրա շրթունքները): Ներողություն, պառկել էի մահճակալիդ վրա, որ մի քիչ հանգստանամ։ Վլադիկավկազից սկսած՝ բեռնակիր ֆուրգոնով եմ եկել. կողքերս ջարդ ու փշուր արեց անիծածը։ Ո՞նց ես, լա՞վ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Կանգնած է մասամբ զարմացած, մասամբ շփոթված): Ներողություն... ձեր դեմքը ծանոթս գալիս է, բայց չեմ կարողանում հիշել...

ԹՈՒՍՅԱՆ. Մի՞թե։ (Ծիծաղում է) Թուսյանը չե՞մ... Ռուբեն Թուսյանը... Միասին չէինք սովորո՞ւմ դպրոցում... Անունս էլ որ դրել էիք «սատանի ճուտ»...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հանկարծ հիշելով, ձեռքը խփելով ճակատին): Ա՜խ ճիշտ որ... Ռուբեն Թուսյան...

ԹՈՒՍՅԱՆ. Դե որ հիշեցիր, մեկ էլ պռոշտի անենք։ (Ծիծաղելով համբուրվում են):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բայց դու այնքան փոխվել ես...

ԹՈՒՍՅԱՆ. Տնաշեն, բաս այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞լ..., մանավանդ արևելցին, որ այսօր տեսնում ես մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է։ Թաթոս ջան, քե մատաղ, տես ոտնամանս ընտեղ կլի, բի հագնեմ։ (Նստում է բազկաթոոի վրա: Թաթոսը գնում է կոշիկը բերելու): Մի անտեր մազոլ ունեմ... ա՛յ, հենց այստեղ (ցույց է տալիս ոտքի ճկույթը), հոգիս բուկս բերեց։ Կտրում եմ, էլի դուրս է գալիս։

Թաթոսը բերում է կոշիկը, տալիս է Թուսյանին և դուրս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼ V

ԹՈՒՍՅԱՆ. Մեր տղա, ոնց որ տեսնում եմ վատ չես ապրում, ա՛յ։ (Սկսում է կոշիկը հագնել): Ու դեռ ասում ես, թե գրող ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հա, գրելով չէ, որ ապրում եմ...

ԹՈՒՍՅԱՆ. (Չարչարվելով կոշիկի վրա, որը դժվարությամբ է մտնում): Բա՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ծառայում եմ։

ԹՈՒՍՅԱՆ. Հա՜։ Ես էլ ասում եմ ախր... Ա՛յ, անտեր մնաս, թե մտնես, հը՛։ Էս զահրումար մազոլն էլ հոգիս հանեց։ (Վերջապես հագնում է կոշիկը և վերկենում): Ինչ եմ ասում, Մարգարյան։ Ուզես չուզես՝ քո հյուրն եմ։ Շատ չէ, մի քանի օր, մինչև տանից պատասխան գա։ Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես՝ մի սև գրոշ չի ընկնիլ գրպանիցս։ Ինչպես ուզում ես՝ հաշվիր։ Պետերբուրգից մինչև այստեղ երեք տեղ պարտ եմ վերցրել. ոսկե ժամացույցս էլ գրավ եմ դրել։ Գնում եմ տուն։ Հայրս մեռնում է. գրել էր, որ հոգուն վրա հասնեմ ու փող չէր ղըրկել։ Թե որ Սարումյանը չպատահեր, ստիպված պիտի լինեի ուղղակի փողոցում գիշերելու։ Նա ասաց, որ ինքը տնփեսա է, հարմարություն չունի ինձ յուր մոտ տանելու, մի խոսքով՝ գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ։ Տեսնում ես, ես մեղավոր չեմ. թե նեղանալու ես, նրանից նեղացիր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ պիտի նեղանամ։

ԹՈՒՍՅԱՆ. (Ծիծաղելով): Ես ի՞նչ գիտեմ։ Ես մի քիչ աներես մարդ եմ։ Սկզբում մտադիր էի իջնել ոմն... (Ծոցից հանում է մի նամակ և նայում հասցեին) ոմն Հակոբ Բաղիրյանի մոտ... Ո՞վ է այս պարոնը, ճանաչո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հակոբ Բաղիրյա՞ն... Չեմ ճանաչում։

ԹՈՒՍՅԱՆ. Սկզբում ուզում էի սրա մոտ իջնել, գնացի ման եկա, ման եկա, չգտա։ Էգուց, երևի, հարկ կլինի էլի թրև գալու սրա ետևից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այդ ի՞նչ նամակ է։

ԹՈՒՍՅԱՆ. (Նամակը ծոցը դնելով): Պետերբուրգումն են տվել։ Գրողն ինձ պես մի շուն-շանորդի է։ Հորից փող էր գողացել, մի քանի հազար, և փախել մի կնոջ հետ։ Հիմա փողը հատել է, դիմում է այս Բաղիրյանին, սրա քրոջ որդին է, ինչ է, չգիտեմ, որ հոր սիրտը փափկացնի։ Ինձ էլ փող է պարտ հարամզադեն... Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, ես քաղցած եմ ախր։ Թաթոսն ասաց, որ ամեն բան կողպած ես պահում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո, որովհետև բաց որ թողնում եմ՝ մաքրազարդում է։

ԹՈՒՍՅԱՆ. Դե, հիմա բեր ես մաքրազարդեմ։ Գիտե՞ս, մի առանձին բան հարկավոր չէ, մի քիչ հաց ու պանիր, մի քիչ ձկից-մկից, մի քիչ խոզի միս, թե որ ունես։ Մի քիչ էլ որ գինի արաղ լինի, վնաս չի տալ, ծարավել եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Գնում է ծառային պատվեր տալու և կարճ ժամանակից վերադառնում է): Պետերբուրգում ի՞նչ էիր շինում։ Նստիր։

ԹՈՒՍՅԱՆ. (Նստելով): Ուսանում էի համալսարանում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ավարտեցի՞ր։ (Վառում է կլոր սեղանի լամպը և ինքն էլ նստում):

ԹՈՒՍՅԱՆ.- Չէ՛, հա՛։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Բա՞ս։

ԹՈՒՍՅԱՆ. Վռնդեցին։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ։

ԹՈԻՍՅԱՆ. Ավելի լավ է՝ չհարցնես... Այս էլ ասեմ, որ բան չէի սովորում։ Դու ինձ ասա՝ կանանց ու կարտի ետևից ընկնողը գիտության գլուխ կունենա՞։ Պրոֆեսորներիցս մեկն ինձ ասաց, որ ես կամ մեծ մարդ կդառնամ, կամ ամենամեծ պադլեցը։ Հավանականը երկրորդն է, իհարկե... Չե՞ս ծխում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Չէ:

ԹՈՒՍՅԱՆ. Բա ոնց անենք, որ պապիրոս չունեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բերել կտամ։ Լավ, հիմա ի՞նչ երեսով պետք է տուն գնաս։

ԹՈՒՍՅԱՆ. Դե մի շան կաշի կառնեմ, կկպցնեմ երեսիս թե որ պակաս է։ (Ծիծաղում է): Ասենք, մերոնք կարծում են, թե դեռ սովորում եմ։ Բայց հայրս՝ չէ։ Նա շուն է։ Բանից տեսնում եմ, որ նա արդեն կասկածում է և մեռնելու պատրաստություն տեսնելն էլ մի մանյովր է նրա կողմից, որ ինձ հալա մեկ տուն քարշ տա։ Դրա համար վերջին ժամանակներս շատ դժվարությամբ էր փող ղրկում, իսկ վերջին նամակի հետ խո, ինչպես ասացի, մի կոպեկ չէր ղրկել։ Բայց մեկ էլ ասում եմ՝ գուցե իսկապես մեռնում է, գնամ։ Բան-ման ունի, կարող է շներոց-գելերոց լինել։ (Կանչում է): Ադա, Թաթո՛ս, դե բի, է՜, ես մեռա ախր։

Թաթոսը մտնում է մատուցարանով, որի վրա կա սառը մսեղեն, ձկնեղեն, պանիր, հաց, աղ, մի շիշ գինի, մի շիշ օղի: Բաժակներ, դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ:

ՏԵՍԻԼ VI

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Լամպը և ալբոմը ետ է քաշում): Դիր այստեղ և գնա պապիրոս բեր։ (Թուսյանին): Ի՞նչ պապիրոս ես ծխում։

ԹՈՒՍՅԱՆ. Ողջ մեկ է։ Թաթոս ջան, կասես՝ Կուշնարյով, 25 կոպեկանոց.

Մարգարյանը փող է տալիս Թաթոսին: Թաթոսը դուրս է գնում:

ՏԵՍԻԼ VII

ԹՈՒՍՅԱՆ. (Օղի է ածում): Քո կենացը։ (Խմում է և սկսում ագահաբար ուտել): Դու չե՞ս ուտում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ես առհասարակ չեմ ընթրում։ Դու կեր, ինձ մի նայիր։

ԹՈՒՍՅԱՆ. Դե, արաղից, գինուց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ես ճաշին եմ միայն խմում։

ԹՈՒՍՅԱՆ. Մի բաժակ արաղն ի՞նչ է որ... (Օղի է ածում և առաջարկում Մարգարյանին): Առ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դե, որ ուզենամ, կխմեմ, էլի՛։

ԹՈՒՍՅԱՆ. Դու գիտես։ Այս էլ իմ կենացը։ (Խմում է և շարունակում ուտել: Միջոց)։ Կուզե՞ս ասեմ՝ այս րոպեիս ինչ ես մտածում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ։

ԹՈՒՍՅԱՆ. Մտածում ես. «էս հարամզադեն համ իմ հյուրն է, համ էլ ինքն է թավազա անում»։ Չէ՞։ (Մարգարյանը ծիծաղում է): Տեսա՞ր, որ չսխալվեցի։ Ինչ ուզում ես՝ ասա. անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պետք է դասել, անշուշտ, և մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու կեղծավոր ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում, ջեբս դիր, մյուս կողմից՝ անուշ արա, քթովդ դուրս գա։ Մի բան, որով ես պարծենում եմ, այդ ա՛յն է, որ ոչ մի բանից չեմ քաշվում։ Ամոթ ասված բանն առհասարակ ինձ համար գոյություն չունի։ Գրազի համար շորերս կհանեմ և ցափ-տկլոր դուրս կգամ փողոց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Իբր թե՞։

ԹՈՒՍՅԱՆ. Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Մի ընկեր ունեմ, մի քիչ առաջ նա այստեղ էր, երբ որ մի շատ հիմար բան է ասում և տեսնում է, որ չեմ հավատում, իսկույն աստծուն վկա է կանչում։ Բայց նա հավատում է աստծուն, իսկք դո՞ւ։

ԹՈՒՍՅԱՆ. Ի՞նչ, չլինի՞ կարծում ես աթեիստ եմ։ Չէ՛․ ես այդպիսի դատարկ բաների վրա ուղեղս չեմ հոգնեցնում։ Ասում են աստված կա, ուրեմն կա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բայց ասում են, որ չկա։

ԹՈՒՍՅԱՆ. Ուրեմն չկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բայց այս րոպեին աստծուն վկա բերիր և ասացի՛ր, որ աթեիստ չես։

ԹՈՒՍՅԱՆ. Ուրեմն՝ կա։ Բայց թողնենք այս. սա սոփեստություն է։ Փիլիսոփաների մեջ, իմ կարծիքով, ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Մտածողությունն առհասարակ, այդ հաստատված է բժշկական գիտությամբ, վնաս է ստամոքսին, լավ ստամոքսը, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այդ պատճառով նույն բժշկական գիտությունն ասում է, որ ուտելիս շատ չպետք է խոսել, որովհետև խոսելու համար պետք է մտածել, իսկ մտածողությունը, ինչպես ինքդ ասացիր, վնաս է ստամոքսին։ (Ծիծաղում է):

ԹՈՒՍՅԱՆ. Թե որ ինձ համար ես ասում, ես քնած ժամանակն էլ եմ խոսում, անհոգ կաց։ Մյուս կողմից, բանի նման չէ, որ ես սուս ու փուս ուտեմ, և դու միմիայն թամաշա անես։ (Գինի է ածում): Խմենք այս նրանց կենացը, որոնք այնքան խելոք են, որ աստծու գոյության խնդրով չեն զբաղվում։ (Խմում է): Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան։ Ես, թեև ատելով ատում եմ փիլիսոփայությունն ու առհասարակ իբրև «плленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած՝ էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեմ ուսանողներից, գրպանում որ մի մանեթ ունենա, մի կոպեկ չի ծախսիլ. ասում է՝ վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում է, որ այսօր քաղցած է մնում։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար, հիմարություն է։ Բացի դրանից դա անվստահության, վախկոտության նշան էլ է. մի գուցե, եթե այսօր այսպես անեմ, վաղն այնպես լինի, ու այսօր չեն անում ա՛յն, ինչ որ իրենց սիրտը ցանկանում է։ (Գինի է խմում):. Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ի՞նչ պետք է լինի կյանքը. րոպեական հաճույք է։ Է՛հ, երբ որ սրտիդ այս րոպեի թելադրածը չես անում ինչ-որ վաղվան հաշիվներով, էլ ինչո՞ւ ես ապրում։ Այդպիսով, իբր թե խոհեմությամբ, ա՛յ, մի ուրիշ բառ, որ նույնպես չեմ հասկանում, իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ չես անիլ այն, որ ցանկանում ես անել, միշտ կզսպես քեզ, իսկ հետո, մեկ էլ տեսար մեռել ես։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն ա՛յն ամենը, ինչ որ իրեն հաճելի է։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ, չէ՞, է՛հ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ ուզում եմ և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հե՛րն անիծեմ, ինչ ուզում է՝ պատահի։ Կրկնում եմ՝ փիլիսոփաների մեջ ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ո՛չ մի բանի մասին մի մտածիր։ (Գինի է ածում): Այս էլ աստված լուսավորի նրա հոգին։ (Խմում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բայց դու սխալվում ես։ Էպիկուրն այդպիսի բան չի ասել, դու միայն կրկնում ես ստոիկների զրպարտությունը նրա դեմ։

ԹՈՒՍՅԱՆ. Ի՞նչպես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ամենից աոաջ պետք է նկատեմ, որ քո հավանած այդ փիլիսոփան գործ էր ածում ամենահասարակ կերակուր, այն էլ չափավոր կերպով, և խմում էր միայն ջուր, իսկ դու այնքան ուտում ես ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս։ Այդ մարմնականը, իսկ...

ԹՈՒՍՅԱՆ. (Ծիծաղում է): Հոգուդ մատաղ, սպասիր, էքստրա քո կենացը խմեմ հաջող նկատողությանդ համար։ (Գինի է խմում): Այդ մարմնականը։ Հետո՞...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Շարունակելով): Այդ մարմնականը։ Իսկ հոգեկան-բարոյականը... ճիշտ է, Էպիկուրը պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք վայելելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հետևանքը, որովհետև կան հաճույքներ, որոնց հետևանքը միշտ դառն է լինում։ Պահեցողություն և ինքնազսպվածություն ահա իսկապես Էպիկուրի վարդապետությունը, և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում։

ԹՈՒՍՅԱՆ. Հերն անիծեմ, չեմ վիճում։ Բայց այդ ավելի վատ նրա անվան համար, եթե նա այդպես չէ քարոզել, ինչպես ես եմ հասկացել։ Ուրեմն՝ Էպիկուրից ավելի խելոքը նրա՛նք են, որոնք նրա վարդապետությանն իմ հասկացած բացատրությունն են տվել։

Թաթոսը բերում է ծխախոտը և դնում Թուսյանի առաջ:

ՏԵՍԻԼ VIII

ԹՈՒՍՅԱՆ. Ա՛յ ղոչաղ Թաթոս, ա՛յ, լավ Թաթոս։ (Գինի է ածում): Քո կենացը, Թաթոս։ (Խմում է):

ԹԱԹՈՍ. Սաղ ըլես, աղա։ (Ուզում է գնալ):

ԹՈՒՍՅԱՆ. Յավաշ, ո՞ւր ես գնում։ (Գինի է ածում): Բա որ մարդու կենացը խմեն, շնորհակալություն չեն հայտնի՞։ (Բաժակն առաջարկում է նրան): Առ։ (Թաթոսն անհամարձակորեն նայում է Մարգարյանին): Առ, է՜, ձեռս բեզարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Թաթոսին): Առ խմիր։

ԹԱԹՈՍ. (Առնում է բաժակը): Շնորհակալ եմ, աղա։ Աստված երգար կյանք տա քեզ։ (Խմում է):

ԹՈՒՍՅԱՆ. (Բաժակն առնելով նրա ձեռքից): Անուշ։

ԹԱԹՈՍ. Անուշ կենաս, աղա ջան։

ԹՈՒՍՅԱՆ. Հա՛, հմի ջան դառա, հա՛։ Բա էն վախտը մի պատառ հաց ու պանիր չտվիր, որ ուտեմ։ (Թաթոսը ծիծաղում է։ Մարգարյանը նշանացի սաստում է նրան և հրամայում, որ դուրս գնա): Յավաշ, ո՞ւր ես գնում։ Արի հավաքի ըստոնք։ Ինձ որ մտիկ տաս, ես լիս է լիս կնստեմ, ըսկի չեմ էլ ասի շնորհակալ եմ։ (Մի ծխախոտ է վառում լամպի վրա): Տեսնում ես, աղեդ էլ նոթերը կիտել ա։(Ծիծաղում է և սկսում ծխելով ման գալ):

Թաթոսը վերցնում է մատուցարանը և դուրս տանում: Մարգարյանը վեր է կենում և գնում նստում գրասեղանի մոտ:

ՏԵՍԻԼ IX

ԹՈՒՍՅԱՆ. Մարգարյան, ամուսնացած չե՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Չէ։

ԹՈՒՍՅԱՆ. Դե որ այդպես է, ինչո՞ւ չես այս ախմախի տեղ (Թաթոսի հասցեին) մի քոծ պահում... (Մարգարյանը լռում է ակներև դժգոհությամբ: Միջոց): Դե, դու հիմա նստեցիր պարապելու, իսկ ինձ ո՞րտեղ կհրամայես շնթռկեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այ, ուզում ես՝ այդտեղ քնիր (ցույց է տալիս գահավորակը), ուզում ես՝ այնտեղ (ցույց և տալիս ննջարանի դուռը), մահճակալիս վրա։

ԹՈՒՍՅԱՆ. Չէ, ախպեր, քո մահճակալը թող քեզ մնա, ես վեր կընկնեմ այստեղ։ Այսքան ուտել խմելուց հետո գուցե մի քիչ խռմփացնեմ, բայց վնաս չունի, մուզիկով պարապելը քեզ համար, կարծեմ, ավելի հաճելի կլինի։ (Ծիծաղում է):

Մարգարյանը վեր է կենում և գնում ննջարան, որտեղից դուրս է բերում մի բարձ, վերմակ ու սավան և ուզում է անկողին պատրաստել գահավորակի վրա:

ԹՈՒՍՅԱՆ. Դե հիմա թող, տեղաշորս ես կպատրաստեմ։ Հալա օգնիր այս սեղանն այն կողմը քաշենք։ (Սեղանը հեռացնում է գահավորակից): Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, էգուց ինձ փող պետք է տաս, ուզում եմ մի հեռագիր տամ տուն։ Հետո բոլոր շապիկներս կեղտաշոր են դարձել. տե՛ս (ցույց է տալիս օձիքը), պետք է նորն առնել։ Խայտառակություն է այսպես դուրս գնալը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հապա ասում էիր, թե տկլոր էլ դուրս կգնա՞ս։

ԹՈՒՍՅԱՆ. (Ծիծաղում է)։ Դե, ասում էի, է՛լի... (Սկսում է անկողինը պատրաստել):

(Վարագույրն իջնում է)
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սպանված աղավնին"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Битва на закате с богом кукурузы
Битва на закате с богом кукурузы
Играть онлайн