Нар-Дос

Մեղր և ճանճեր

Արարված երրորդ

Դահլիճ բժիշկ Արսենյանցի տանը։ Դիմացն և ձախ կողմը՝ դռներ, դիմացի դուռը տանում է դեպի նախասենյակը, իսկ ձախ կողմի դուռը՝ դեպի Արսենյանցի առանձնասենյակը։ Աջ կողմը լուսամուտներ։ Կահավորանքը՝ հարուստ։ Լուսամուտների առաջ մեծ-մեծ ծաղկամաններ։

ՏԵՍԻԼ I
Արսենյանց, միայն

(Մտնում է ձախ դռնից ձեռքին թղթադրամները համարելով): 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47 ռուբլի։ Քիչ է։ Երեկ շատ էր։ Այն մի քանիսին ես շատ վատ եմ սովորեցրել, մեկ-մեկ ռուբլի են տալիս, այդ խայտառակություն է... ես ինչ անեմ, թե աղքատ են, вот те и на! մեջտեղում իմ անունս է կոտրվում ու... Այդպես չի կարելի։ (Զանգակը քաշում են): Այս ո՞վ կլինի... Հա՛, երեք ռուբլի էլ այնտեղից ստացա։ (Ձեռքը գրպաններն է կոխում): Որտեղ դրի... Հա՛, գտա։ (Ետևի գրպանից հանում է մի թղթադրամ և դնում է ձեռքին բռնած թղթադրամների վրա): Ուրեմն՝ հիմա հիսուն ռուբլի դարձավ։ Դարձյալ քիչ է։ (Թղթադրամները թղթապանակն է դնում և գրպանն է կոխում):

ՏԵՍԻԼ II

Ծառա, Արսենյանց

ԾԱՌԱ (Մտնում է): Էն պառավ կնիկն ա:

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ պառավ կնիկ։

ԾԱՌԱ։ Էն, ինչ մի պստիկ հիվանդ ըրեխա ա բերում։

ԱՐՍԵՆՑԱՆՑ։ Aх, да! Գնա ասա ժամանակից ուշ ես բերում հիվանդին. բժիշկը տանը չէ։ (Ծառան դուրս է գնում):

ՏԵՍԻԼ III

Արսենյանց, միայն

Զարմանալի ժողովուրդ են, ճշմարիտ, և՛ ձրի են բժշկում և՛ ժամանակից էլ ուշ են գալիս։ Օ՛հ, այս աղքատ հիվանդնե՜րը... ես կատարելապես զզվել եմ դրանցից... Ի՜նչքան աշխատում եմ փախչել դրանցից, էլի չի լինում, ընկնում եմ մեջները։

ՏԵՍԻԼ IV

Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է պորտֆելը ձեռքին): Արսե՛նյանց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Պա՛հ, Թորոսյան... (Համբուրվում են): Այս ե՞րբ, ի՞նչպես, ո՞րտեղից...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Քանի՛ ժամանակ է այստեղ եմ, բայց քեզ չէի կարողանում տեսնել, այսօր, վերջապես, եկա քեզ այցելելու, ի՞նչպես ես, ինչպես չես, քեֆդ, հալդ, ի՞նչ ես անում. էլի բժշկություն ես անում, հը՞։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, կոշկակարություն եմ անում, հա՜, հա՜, հա՜... դո՛ւ ինչ ես անում, դու... Արի նստիր, տեսնենք... Այդ ի՞նչ պորտֆել է ձեռքիդ... է՜. չլինի՞ թե արդեն փաստաբան ես դարձել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իրավաբան ասա։

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Հա՞-ա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իհարկե։ Այս մեկ տարի է, ես իրավաբանություն եմ անում։ (Նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ է ասում... Ո՞րտեղ, ո՞ր երկրում, գյուղո՞ւմ, ձեր տա՞նը. (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երևանում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հետո՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հետո չհավանեցի և եկա այստեղ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչը չհավանեցիր, տե՞ղը, թե եկամուտը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տեղը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչպե՜ս. Հայաստանի սիրտը չհավանեցի՞ր, դո՞ւ... Ну дудки! Դու անպատճառ եկամուտը չես հավանել... հըա՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ էլ կա։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... попался, брат! попался! из идеалиста вдруг в материалисты հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՞նչ արած, կյանքն է մեղավոր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, հա՛, ես գիտեմ, որ մեղավորն անպատճառ դու չպետք է լինես... մեղավորը կյանքն է, հասարակությունը, շրջապատող հանգամանքները և այլն, և այլն, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Нет, серьезно, կյանքը շատ շուտ է մեռցնում մարդու մեջ ամեն տեսակ վեհ գաղափարներ և ձգտումներ...

ԱՐՍԵՆՅԱՆՅ, Да, знаю милый мой, что ты не виноват, հա՜, հա՜, հա՜... Բաս հիմա չե՞ս ամաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞ւմից, քեզանի՞ց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հենց թեկուզ ինձանից, ի՛նչ է որ։ Ես խո քեզ պես ուսանող ժամանակս իդեալիստ չեմ եղել, որ հետո փոխված լինեի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դո՞ւ, դո՞ւ չես եղել իդեալիստը... Գոնե այնպիսի մարդու ասա այդ բանը, որ ծանոթ չլինի քո անցյալի հետ, է՜... Դո՞ւ չես եղել, որ ուսանողական շրջաններ ես եղել կազմելիս և ինչի՛ մասին ասես պրոպագանդա չես արել... Դո՞ւ չես եղել, որ ավարտելուց հետո մտադիր ես եղել շրջել հայ գյուղերը և այնտեղ բժշկություն անել... Դո՞ւ չես եղել, որ մինչև անգամ մտադիր ես եղել գնալ Վան և այնտեղ հատուկ հայերի համար ձրի հիվանդանոց բաց անել... Ախր հին դավթարները մի քրքրիլ տուր, է՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... այդ ո՞վ է ասել քեզ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ով որ ասել է... խո ճշմարի՞տ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ճշմարիտ է, ախպեր ջան, ճշմարիտ է. էլ ոչինչ չունիմ ասելու, դու տարար։ Ուրեմն՝ հիմի քվիթ ենք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Էլ ուրիշ անգամ չհարձակվես իմ դեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ В прочем, մենք խո չենք մեղավոր, կյանքն է մեղավոր, չէ, հա՜, հա՜, հա՜... Վա՛յ, Թորոսյան, քո մուխը չմարի, դու ինձ այսօր ծիծաղից թուլացրիր, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Հանկարծ վեր կենալով): Հա՛, լավ միտս եկավ, չես կարող ինձ գրիչ ու թանաք տալ մի րոպե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Նույնպես վեր կենալով): Ի՞նչ ես անում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի գործ եմ վերցրել պաշտպանելու. դրա մասին հիմա, քեզ մոտ գալիս, մի քանի շատ կարևոր նկատողություններ ձեռք բերեցի, ուզում եմ ձեռաց նշանակել, որպեսզի հետո չմոռանամ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜յ. թանաքն այնտեղ է առանձնասենյակումս... Բայց սպասիր, Թորոսյան, բան եմ ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հը՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ արիր Թաթուլյանի աղջկան, Սոնային, հիշո՞ւմ ես. դու ախր սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Է՛հ, оставь пожалуйтса!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, դու չմեռնես, Թորոսյան, հալա մեկ սպասիր, դու ախր չափից դուրս սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ну!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բաս էլ սիրահարված չե՞ս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Чорт с ней!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սուտ ես ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Նրա երեսին հիմա կնայե՞մ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հպարտ է և մեծամիտ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ուզում ես ասել՝ էր, հպարտ էր և մեծամիտ։ Բայց նա հիմա աղքատ է. գուցե դրա համար չես նայիլ նրա երեսին։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ քեզ ասա և նրան այն, ի՞նչպես է նրա ազգը, այն, պորուչիկ է, ի՛նչ է...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ալեքսանդրը... Միզանյա՞նցը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հա՛։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այդտեղ ինձ ի՞նչ ես խառնում, քանի որ Սոնային ես նրա համար չուզեցի, որովհետև նա ինձ մերժեց։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ՛, դու ինձ այս ասա, դու խո նրան փողի՜ համար էիր ուզում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ամենևին. ես նրա հետ փող էլ չէի ուզում։ Եվ, կարծեմ, այդտեղ մեղադրելու ոչինչ չկա։ Դու նրա՛ն ասա, որ...

ՏԵՍԻԼ V

Ալեքսանդր (մտնում է), Թորոսյան, Արսենյանց


ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Ալեքսանդր... հենց հիմա քո մասին էինք խոսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բարև։ (Սեղմում է Արսենյանցի ձեռքը): Ի՞նչ էիք խոսում իմ մասին։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսքը ընկավ և այդտեղ, իմիջիայլոց, այս պարոնը... Դուք ծանոթ չե՞ք միմյանց։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Չեմ հիշում, ճշմարիտ... կարծեմ, որ պետք է ծանոթ լինինք...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո՛, ծանոթ ենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ах да! հիմա հիշեցի. մենք ծանոթացել ենք Թաթուլյանների տանը, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հիշում եմ, հիշում եմ... Հա՛, ի՞նչ էիք խոսում իմ մասին։ Ներեցեք ինձ, որ այդ ես ուզում եմ իմանալ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսք ընկավ և այս պարոնը, որ, երկու տարի բացակայությունից հետո, նոր է եկել Թիֆլիս, իմիջիայլոց հարցրեց քո մասին...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հասկացա։ (Թորոսյանին): Դուք անշուշտ պախարակում էիք ինձ, որ ես Թաթուլյանի աղջկա հետ համարյա նշանված լինելով, վերջը, երբ աղքատացան նրանք, թողեցի նրան. այնպես չէ՞... Չեմ նեղանում, քանի որ այդ ճշմարիտ է։ Ի՛նչ ուզում եք ասացեք, բայց ես մեծ հիմարություն եմ համարում կյանքի ներկա ծանր պայմաններում ամուսնանալ դառ ու դատարկ աղջկա հետ, քանի որ փողավորների հետ կարելի է ամուսնանալ։ Դուք հակառակ եք, չէ՞, ինձ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, ամենևին. ես համաձայն եմ ձեզ հետ... (Արսենյանցին): Դե, թանաք տուր, է՜, ինձ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛յ, եղբայր, ասացի առանձնասենյակումս է։ Գնա՛, էլի՛։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ներեցեք ինձ: (Դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ VI

Ալեքսանդր, Արսենյանց

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Ցածր): Այս այն հիմարը չէ՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Ցածր ծիծաղելով): Չէ՛, հիմա խելոքացել է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հա՛, լսիր ինչ եմ ասում. չունե՞ս, ձեռաց մի քսան ռուբլի փող տաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ ես անում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Մատանիք եմ առնում, փողս պակասեց, էլ չուզեցի տուն գնալ, հեռու է, ձեռաց քեզ մոտ վազեցի։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չլինի՞ թե արդեն նշանվում ես։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Իհարկե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Դե, էգուց, է՜լի, չգիտե՞ս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ ես ասել, որ գիտենամ: Ուրեմն լավ քեֆ կանենք էգուց, հը՞։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Անպատճառ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բայց երեսուն հազարումը լավ ընկար, ա՜յ, լոթի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Աչքն էլ չես հանի՞լ... բաս խո Թաթուլյանի աղքատ աղջիկը չէի առնիլ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, պետք է ճշմարիտն ասած, որ դու այդ մեկ բանումը շատ ղոչաղ էլ ես, ախպեր... անշնորհքն ես եմ, որ մինչև հիմա մնացել եմ այսպես...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Է՛հ, բժիշկներիդ ինչ հարկավոր է կին. տեսնո՞ւմ ես, մեծ մասը холостой են ապրում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ, չաղ թիքան ո՞ւմ փորը կծակի։ Ա՜խ, այս անպիտան փողը... Քսա՞ն ռուբլի ես ուզում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Այո. այսօր ևեթ կստանաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Փողը տալով): Տոկոսն էլ հետը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Անպատճառ։ Ուրեմն՝ ցտեսություն առժամանակ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սպասի՛ր։ Քանի՞ ռուբլիանոց է մատանին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հարյուր հիսուն։ Լավ չէ՞։ Հարյուր յոթանասունից պակաս չէր տալիս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ոչինչ, յոլա կգնա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ ես ասում, հրաշալի բան է։ Ա՛յ, իսկույն կբերեմ, կտեսնես, մեկ այնպիսի բրիլիանտ ունի վրեն, որ նայելը միայն արժե հարյուր հիսուն ռուբլի։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բայց չխաբեն, ա՛յ մարդ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՜նչ պտուղն եմ... (Շտապելով դուրս է գնում: Նախասենյակում): Թո՛ղ, թո՛ղ, ի՞նչ ես ուզում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այս ի՛նչ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ (Ծիծաղելով բոթում է ներս Վանոյին, որ հարբած է): Տե՛ս քեզ համար ի՛նչ հյուր եմ բերում, հա՜, հա՜, հա՜... (Գնում է):

ՏԵՍԻԼ VII

Վանո, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜խ, խայտառա՛կ, այդ դո՞ւ ես։

ՎԱՆՈ։ Ձեր ծառան ի՞նչ է ուզում ինձանից, որ՝ քանի գալիս եմ ձեզ մոտ, ինձ միշտ դուրս է անում... ես նրան ի՞նչ եմ արել, հը՞, ի՞նչ եմ արել... մի խեղճ տղա եմ, թողնի գամ, էլի... ես նրան ի՞նչ եմ արել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թո՛րոսյան։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Ի՞նչ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛րի այստեղ։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն։

ՎԱՆՈ։ Վախենում է, որ ես ձեր տանից բա՞ն գողանամ... հա-հա՞, վախենո՞ւմ է... հետո ես գո՞ղ եմ... հա-ա՞, գո՞ղ եմ... ամոթ չէ՞, որ ես գողություն անեմ... ես գողություն կարո՞ղ եմ անել... Ես գող չեմ, հող եմ, որ ամենքն ինձ ոտի տակ են տալիս... բա՞ս, հո՛ղ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... Թո՛րոսյան։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն, իսկույն։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հալա մեկ ա՛րի այստեղ։

ՎԱՆՈ։ Ես որ գողություն լինեի անելիս, մինչև հիմա քառասուն ու հինգ անգամ բանտումը կլինեի նստած... Բայց ինչո՞ւ գողություն անեմ, քանի որ առանց գողություն անելու էլ ապրում եմ և կարող եմ ապրել...

ՏԵՍԻԼ VIII
Թորոսյան, Վանո, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է): Հ՛ը, ի՞նչ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Արա իմացիր այս ո՛վ է... Տեսել ե՞ս սրան։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Պո՜, սա Վանոն չէ՞, Թաթուլյանի տղան։

ՎԱՆՈ։ Պո՜, սա Թորոսյանը չէ՞, հա՜, հա՜, հա՜... (Արսենյանցը նույնպես ծիծաղում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜յ տղա, այդ ի՞նչ է քո հալը...

ՎԱՆՈ։ Ի՞նչ անեմ... դարդիցը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Քո գլխի արևը վկա, ձեր ընտանիքի թշվառության համար դիփ դո՛ւ չես դարդ անում...

ՎԱՆՈ։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ... բաս ո՞վ է դարդ անում, որ ե՜ս չեմ դարդ անում... բաս ես մեր ընտանիքիցը չե՞մ... բաս ես իմ հորն ու մոր որդին չեմ... ղորթ որ ես քար սիրտ խո չո՞ւնեմ, որ այդպես եք ասում... ես որ երեսս շան կաշի շինած՝ այսպես դռնե դուռ ման եմ գալիս, ինչի համար եմ ման գալիս...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ «Այսօր տոն է» ասելու։

ՎԱՆՈ։ Ո՛չ. «այսօր քաղցած ենք» ասելու... բա՛ս... Դուք ի՞նչ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով չեմ տանում, հորս կամ մորս չեմ տալիս, որ հաց առնեմ ուտեն․․․

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Տո կո՛րի, ամպիտան... չի էլ ամաչում, ինչե՛ր է ասում... Կո՛րի այստեղից... Դեռ դու տանից ոչինչ չգողանաս, չուտես, թե չէ տուն ոչինչ չես տանիլ։ Հազիր ասես, գռոշ-գռոշ հավաքելով՝ տանում ես գինու ես տալիս, չոռլամիշ լինում։ Կո՛րի այստեղից, թե չէ՝ այդ կարմիր քիթդ կկտրեմ, կո՛րի։

ՎԱՆՈ։ Բաս ես սո՞ւտ եմ ասում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Էլ մի՛ խոսիր, էլ մի՛ խոսիր, թե չէ՝ մեկ էլ որ գաս, ա՛յ այսպես դուրս կանեմ քեզ այստեղից։ (Վզակոթին տալով դուրս է գցում դեպի նախասենյակը)։ Գնա՛, էլ չգաս այստեղ։ Մի՛նաս, այդ լոթուն դուրս արա փողոցը... ետևի դռնովը։ Մեկ էլ որ եկել է այստեղ, քեզ էլ հետը դուրս կանեմ... Լո՛թի անպիտան։

ՏԵՍԻԼ IX
Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տո՛, այդ ի՞նչ էր դարձել, ես զարմացած մնացի։ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով, չեմ տանում, հորս կամ մորս շեմ տալիս, որ հաց առնեն, ուտեն...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛խն է. թող գիտենա փողի հետ վարվել, այդպես չեն լինիլ... Անպիտանն այսպես սովորել է և ամեն անգամ գալիս է փող է ուզում, որ գնա չոռլամիշ լինի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դու էլ մի՛ տուր։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Լինո՞ւմ է։ Շատ անգամ գալիս է ոտներս է ընկնում, լաց է լինում, արի ու մի տուր։ (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա դրա ծնողներն ի՞նչով են ապրում... ասում են, որ օրվա հացի աղքատ են։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՛հ, ի՞նչ ես ասում դու էլ. ղորթ որ ասում են աղքատացել են, այդ աստիճան էլ խո չեն լինիլ աղքատացած, այն էլ այս կարճ ժամանակում... Պետրոսի պես վաճառականն ինչքան էլ սնանկանա, իսկի հավատալու բան է, որ մի բան էլ տակն արած չլինի... Ախր այդ հաստափորներին ես լավ եմ ճանաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Շատ կարելի է, որ տակն արած լինի, որովհետև Պետրոսը բավական խորամանկ մարդ էր։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Օրվա հացի աղքատ լինելը չէ, այն է ճշմարիտ ասում, որ նա խելքիցը քիչ ցնդել է։

ԹՈՐՈՍՅԱՆ. Ո՞վ, Պետրո՞սը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ չեմ լսել։ Դու տեսե՞լ ես նրան։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես չեմ տեսել, բայց շատերից եմ լսել, որ նա խոսելիս շատ ցանցառ բաներ է դուրս տալիս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Խե՜ղճ մարդ... ախր հեշտ խո չէ այնպիսի դրությունից հանկարծ ընկնելը։ Ինչքան էլ այդ մարդն ինձ հենց սկզբից ատելի է, բայց, այնուամենայնիվ, ես շատ եմ խղճում նրան։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, ես գիտեմ, իսկույն կգնաս, նրա աղքատ աղջկա ձեռքիցը կբռնես և կամուսնանաս, չէ՞... խղճո՜ւմ ես...

ԹՈՐՈՍՅԱՆ, Զարմանալի է, որ խղճում եմ, անպատճառ պետք է նրա աղջկա հետ ամուսնանա՞մ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Անպատճառ. որովհետև եթե խղճում ես, պետք է ցանկանաս մի բանով օգնել նրան, իսկ նրան արած ամենամեծ օգնությունն այն կլինի, որ ուզես նրա դառ ու դատարկ աղջկան։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Բայց ես քեզ ասեցի, որ հիմա նրա աղջկա երեսին չեմ նայիլ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Որովհետև հպարտ է և մեծամիտ, չէ՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Խորամանկությամբ մատը շարժելով նրա վրա): Смотри ты у меня, бывший идеалист... որ փաստաբան ես դարձել և ուզում ես ինքդ քեզ քողարկել բառերով, կարծում ես, թե չե՞մ հասկանում... Հա՛, փաստաբան ասեցի, միտս եկավ. ես ախր... Նստիր, եղբայր, ի՞նչ ես կանգնել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ, ես պետք է գնամ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ո՞ւր։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Գործս պետք է ուսումնասիրեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՛հ, գործդ ուսումնասիրելու միշտ ժամանակ կգտնես, դեռ մեկ նստիր բան եմ ասում... մեկ ժամից հետո ես էլ հիվանդանոց պետք է գնամ, սուրճ կխմենք, հետո միասին դուրս կգանք։ Նստիր, նստիր։

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Նստելով): Ի՞նչ էիր ուզում ասել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, ես ախր դատ եմ ուզում բացել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞ւմ դեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սեմյոնովի դեմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սեմյոնո՞վ...

ԱՐԵԵՆՅԱՆՑ։ ԲԺիշկ Սեմյոնովի դեմ, եղբայր, չե՞ս ճանաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, բժիշկ Սեմյոնովը... Ինչո՞ւ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հը՜մ, сухой чорт ты этакий... Երևակայիր, այդ անիծվածը որտեղ գնում է անունս վայր է ձգում. «Что он понимает? говорит, где он учился? он совсем не умеет лечить, скольких он убивал с своем неумением лечить» և այլն հազար ու մի այսպիսի բաներ...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Է՛հ, այդ բժիշկների ադաթն է, չարժե ուշադրություն դարձնել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ ես ասում, է՜յ, այստեղ պատվի խնդիր կա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Թե՞ հացի խնդիր կա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես չեմ թաքցնում. հացի խնդիր է՛լ կա, այս վերջին ժամանակներս ես նկատում եմ, որ մուշտարիներս բավական պակասում են, պատճառն ո՞վ է. դա չէ՞։ այդ сухой чорт-ը... Հանաք բան խո չէ՞ ողջ քաղաքում բժշկի անունը վայր ձգել... Чем он докажет, что я ничего не понимаю? чем он докажет, что я не умею лечить? кого я убивал с своим неумением лечить? пусть докажет! թո՛ղ ապացուցանի, թող հաստատի, այն ժամանակ ես ինքս ձեռք կվերցնեմ բժշկությունից... дамкий башмачек, ты этакий... Ես նրան ցույց կտամ где раки зимуют, թող սպասե դեռ... Ведь ты сам знаешь, что сним сделают за клевету.

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երևի դու էլ նրան ես клеветать արել, որ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Վահ, ինչո՞ւ ես նրան клеветать չպետք է անեմ, քանի որ նա ինձ клеветать է անում...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜, տեսնո՞ւմ ես... ուրեմն երկուսդ էլ մեղավոր եք։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչ ես ասում, է՜յ. փաստաբան ես, դեռ մեկ  իմացիր առաջ ո՞վ է клеветать արել, է՞, այդպես խո չի կարելի... 

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ չեք կարող հաստատել, թե առաջ ո՜վ է клеветать արել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սարող եմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երբ որ այդպես է, գործդ ինձ հանձնիր։ Հը՞։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ... թեկուզ նեղացիր, քեզ չեմ հանձնիլ..

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչո՞ւ... վախենում ես չկարողանամ պաշտպանել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո. դեռ դու անփորձ ես։ (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞վ է անփորձ... ե՞ս... դու ծանո՞թ ես իմ գործունեության հետ, այնպես ես խոսում, թե...

ՏԵՍԻԼ X
Ստեփան, Նատալիա (մտնում են) Թորոսյան, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ А! Вот не ждал дорогих гостей! милости прошу. Համեցեք։

ՍՏԵՓԱՆ։ Մենք ձեզ մոտ մի քանի րոպեով ենք եկել, պ. բժիշկ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թեկուզ տասը տարով։

ՍՏԵՓԱՆ։ Կինս հիվանդ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ եք ասում, ինչո՞ւ։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո՛, պ. բժիշկ, ես շատ դժբախտ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Աստված մի՛ արասցե, տիկին։ Համեցեք նստեցեք։ (Նատալիան և Ստեփանը նստում են): Ինչո՞վ եք հիվանդ։

ՆԱՏԱԼԻԱ։ Ես սարսափելի կերպով տանջվում եմ, պ. բժիշկ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչն է... ի՞նչն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Ամբողջ գիշերը չեմ քնել... (Ճակատը բռնում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ձեր գլո՞ւխն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո... ա՛հ... Տեսնում եք, աչքերս չեմ կարողանում բաց անել... կարծում եմ, թե գլուխս կես է անում... օհ... ես կմեռնեմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այդ առաջին անգա՞մն է, որ ձեր գլուխը ցավում է:

ՆԱՏԱԼԻԱ։ Այո, առաջին անգամ։

ՍՏԵՓԱՆ։ Երեկվանից սկսեց ցավել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ну! Մի վախենաք, շուտով կանցնի։ Ես իսկույն դեղ կգրեմ և ծառայիս կուղարկեմ, որ դեղատնից բերե։ Ներեցեք, իսկույն... (Ուզում է գնալ դեպի առանձնասենյակը): Ա՜խ, դուք ծանոթ չե՞ք։

ՍՏԵՓԱՆ: Կարծեմ, ծանոթ ենք... պետք է որ ծանոթ լինենք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո, ծանոթ ենք։

ՍՏԵՓԱՆ։ Բայց ներողություն, չեմ հիշում որտեղ ենք ծանոթացել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Թաթուլյանների տանը։

ՍՏԵՓԱՆ: Да! да! да! հիշում եմ... Դուք նրանց կենողն էիք. չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ՍՏԵՓԱՆ։ Ուսանող էիք, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո:

ՆԱՏԱԼԻԱ։ Ա՜խ, այս այն պարոնը չէ՞, որ մի ժամանակ մեզ և մեզ նման բարձր դասակարգին շատ էր պախարակում։

ՍՏԵՓԱՆ։ (Ծիծաղելով): Այո, այն պարոնն է։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի՞թե դուք այդ հիշում եք, տիկին։

ՆԱՏԱԼԻԱ։ Ա՜խ։ Մի՞թե այդ կարելի է մոռանալ... մի անգամ քիչ մնաց, որ դուք մեզ խեղդեիք... (Ամենքն էլ ծիծաղում են): Պ. բժիշկ, դեղ... օ՜հ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Իսկույն, իսկույն... Այժմ հաշտվեցեք, տիկին։ (Ծիծաղելով դուրս է գնում դեպի առանձնասենյակը):

ՏԵՍԻԼ XI

Ստեփան, Նատալիա, Թորոսյան

ՍՏԵՓԱՆ։ Да, ես կարծում եմ, կարելի է հաշտվել, ա՞։

ՆԱՏԱԼԻԱ։ Եթե պարոնը կրկին անգամ մեզ հետամուտ կլինի, հաշտվելու մասին ավելորդ կլինի խոսել։

ՏԵՍԻԼ XII
Արսենյանց, Նատալիա, Ստեփան, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Մտնում է դեղատոմսը ձեռքին): Ես իսկույն ծառայիս կուղարկեմ դեղատուն։

ՍՏԵՓԱՆ։ Փո՞ղը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ 15 կոպեկ։

ՍՏԵՓԱՆ։ Թանկ է։ (Տալիս է նրան փողը):

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան շեմից դեպի նախասենյակը): Մի՛նաս, ահա՛, ձեռաց դեղատուն վազիր։ (Ներս է մտնում): Հա՛, ես մոռացա ձեզ ասել, որ Ալեքսանդրն ինձ մոտ էր։

ՍՏԵՓԱՆ։ Հա-ա՞։ Հետո ո՞ւր գնաց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Գնաց նշանի մատանիքն առնելու։ Շնորհավորում եմ։

ՆԱՏԱԼԻԱ։ Դեռ վաղ է շնորհավորել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ, վաղը չէ՞ նշանտվեքը։ Ա՜յ, ինքն էլ եկավ։

ՏԵՍԻԼ XIII
Ալեքսանդր, Արսենյանց, Նատալիա, Ստեփան, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մտնում է): Մա՛յրիկ, հա՛յրիկ, դուք՝ այստե՞ղ եք։ Այ, մատանին։ (Տալիս է մորը): Հավանո՞ւմ եք։

ՆԱՏԱԼԻԱ։ Ոչինչ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ինչպես թե ոչինչ, այդ հրաշալի բան է, մայրիկ, ի՞նչ եք ասում։ Հայրի՞կ։

ՍՏԵՓԱՆ։ Աբա։ (Կնոջ ձեռքիցը առնում է մատանիքը և նայում է): Дa! վատ բան չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ են ասում... մեկ լավ նայեք, է՜... Արսե՛նյանց, եղբա՛յր, դու տես, հիանալի բան չէ՞։ (Ստեփանը մատանին տալիս է Արսենյանցին):

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ոչինչ, կարելի է ասել լավն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մատանիքը խլելով նրա ձեռքից): Տո՛, գնացեք, է՜... իբրև թե բան գիտեն։ (Ամենքը ծիծաղում են, բացի Նատալիայից: Թորոսյանին): Պարո՛ն, խնդրում եմ դուք տեսեք, հրաշալի բան չէ՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Առնում է մատանին և նայելով): Ո՞րքան եք վճարել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞րքան արժե։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սա արժե այդպես... Վաթսուն... յոթա...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ну. ի՞նչ եք ասում... (Մատանին առնում է նրա ձեռքից): Դուք ամենից վատ գնահատեցիք։ (Ծիծաղ): Հարյուր հիսուն ռուբլի փող է տված, ասում եք վաթսուն ռուբլի։

ՆԱՏԱԼԻԱ։ Որքա՞ն։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ 150 ռուբլի։

ՆԱՏԱԼԻԱ։ Տուր այստեղ։ (Առնում է մատանին):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ, պետք է ասած, որ մատանին շատ գեղեցիկ է, բայց հարյուր հիսուն... չարժե։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ (Հեգնորեն): Մի՜թե։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո, հարյուր հիսունով կարելի է...

ՍՏԵՓԱՆ։ (Արսենյանցին, որ նախասենյակի ղոան ճեղքից դուրս նայելուց հետո, հանկարծ դուռը ծածկում է և անհանգստությամբ առաջ է գալիս): Ի՞նչ է, ի՞նչ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Շշնջալով): Պետրոսն և յուր աղջիկն են... (Ընդհանուր շփոթ):

ՍՏԵՓԱՆ։ Ի՞նչ... Թաթուլյաննե՞րը... այստե՞ղ են գալիս...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ... ո՞վ... Թաթուլյաննե՞րը... Պետրոսն ու աղջի՞կը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո, այո։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞րտեղ են, ո՞րտեղ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛յ, սանդուղքով բարձրանում են։

ՆԱՏԱԼԻԱ, Ի՞նչ է, ո՞վ է։

ՍՏԵՓԱՆ։ Պետրոսն է յուր աղջկա հետ... այստեղ են գալիս... Գնանք, Նատալիա... Ալեքսանդր, գնանք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ւր... Ի սեր աստոլծո, Արսենյանց, նրանք այստեղ մի ընդունիր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Տո՛, եղբայր, ո՞վ է նրանց ընդունողը... ես ինքս չեմ ուզում նրանց աչքին երևալ... чорт возми, ծառան էլ դեղատուն գնաց... անպիտանը դուռը բաց է թողել... (նախասենյակից հազի թույլ ձայն է լսվում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Եկան, եկան...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Եղբայր, գոնե թաքցրու մեզ մի որևէ տեղ։

ՍՏԵՓԱՆ... Այո, այո... пойдем, жена, пойдем!

ԱՐՍԵՆՅԱՆՑ, Այ, եկեք այստեղ, եկեք... Տե՛ր աստված, տեսնես ինչո՞ւ են գալիս ինձ մոտ... (Ամենքն էլ շտապով դուրս են գնում ձախ դռնից ե դուռը փակում):

ՏԵՍԻԼ XIV

Պետրոս, Սոնա (մտնում են)։

ՊԵՏՐՈՍ։ Ոչ ոք չկա։ Ձայներն այստեղից չէ՞ին դուրս գալիս... ո՞վ կա այստեղ, ոչ ոք չկա... Կամ գուցե մեր ականջումն այդպես էր լսվում... հը՞... Ոչ ոք չկա այստեղ... Գուցե բժիշկն այն սենյակումն է՞... չէ՞, այստեղ կլինի։ Աբա տեսնեմ... չէ, կողպած է։ Ինչպես երևում է, տանը չէ... հը՞... Բաս ինչո՞ւ փողոցի և այս դուռը բաց են... Չէ՛, տանը կլինի։ Քիչ սպասենք այստեղ, հը՞, սիրելիս... սպասենք... Արի նստիր այստեղ... արի, հոգիս, արի նստիր։ (Երկուսն էլ նստում ես դռան մոտ՝ միմյանց կողքի, աթոռների վրա: Պետրոսն յուր գլխարկը դնում է կողքի աթոռի վրա): Դադրեցար չէ՞, սիրելիս։

ՍՈՆԱ (Թույլ ձայնով): Այո։ (Նա շուտ-շուտ հազում է):

ՊԵՏՐՈՍ։ Ես բժշկին կխնդրեմ, որ քեզ այնպիսի դեղեր տա, որ քիչ ուժի գաս. դու բոլորովին թույլ ես... հետո կխնդրեմ, որ ախորժակ բաց անելու դեղ էլ տա. ախր դու բոլորովին ոչինչ չես ուտում... Այդ ի՞նչ է գլխիդ փաթաթանը աչքերդ է ընկել, քիչ բարձրացրու... Այդպես... Խո չե и մրսում, հոգիսг ՍՈՆԱ, Չէ, 480

ՊԵՏՐՈՍ։ Այստեղ տաք է։ Մեր տանը ցուրտ է։ Այսօր առավոտյան Կարապետ Նիկիտիչը պատահեց ինձ փողոցում, ասեց, որ էգուց անցնեմ յուր մագազինի կողմը։ Գիտեմ, փող կտա. կգնամ մեկ սայլ փայտ կառնեմ, առժամանակ մեզ բավական կլինի, իսկ հետո, երևի, աստված մեզ չի մոռանալ... Դու խո ճանաչո՞ւմ ես Կարապետ Նիկիտիչին. ամենապատվական և ամենաազնիվ մարդն է... Իմ բոլոր ծանոթներիս մեջ միայն դա է, որ ինձանից չի փախչում և հարկավոր եղած ժամանակը օգնում է, որքան կարողանում է։ Ես շատ և շատ շնորհակալ եմ նրանից, նա որ չլինի, մեր ապրուստը շատ կդժվարանա... չէ՞, սիրելիս... ախր քո խեղճ մայրը կար անելով չնայելով որ օր ու գիշեր աչքի լույսը խավարեցնում է ի՞նչ պետք է աշխատի, որ այս ձյուն ու ձմռանը մեզ բավականանա... Հետո, քեզ համար տաք վերարկու պետք է գնվի... մարդ էլ տաք հագնելու ոչինչ չունի... իմ կոշիկներս էլ մաշվել է, բայց ոչինչ, ես այսպես էլ յոլա կգնամ, միայն թե դուք լավ լինեք... Աստված տա, մեկ դու առողջանաս, այնուհետև ես ոչինչ դարդ չեմ ունենա... Է՛հ, հարստություն էր, կորավ գնաց, գլուխը քարը... Ինչ ուզում է լինի, էլի աստված իր ստեղծածին չի մոռանալ... Աշխարհք է, այսօր այսպես կլինի, էգուց այնպես, բայց աստված արթուն հովվի պես միշտ կհսկի իր ստեղծածներին... Աստված խո մարդ չէ, որ տեսնելով իր ընկերոջ թշվառությունն, ասի նրան. գնա, հեռացի՛ր, ես քեզ չեմ ճանաչում, ես ի՞նչ գործ ունեմ քեզ հետ. քո թշվառության պատճառը դու ես, գնա դու ինքդ էլ քաշիր պատիժը... Չէ՛, սիրելիս, աստծու համար իզուր չեն ասում ամենաողորմած և երկայնամիտ, նա միշտ, միշտ խղճում է յուր ստեղծածներին իրենց թշվառության ժամանակ, ինչքան էլ այդ թշվառության պատճառը դարձյալ իրենք լինեին... միայն հավա՛տ է հարկավոր, հոգիս, հավա՛տ, ճշմարի՛տ հավատ... Գիտե՞ս ի՛նչ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ մի որևիցե գործած սխալմունքիդ համար խիղճդ տանջում է քեզ. ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ թշնամիներիդ չես ատում. ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ քեզ թշվառացնողներին չես անիծում, ահա ա՛յդ է հավատը։ Վերջապես, դու զգացե՞լ ես, որ երբ աղոթք ես անում, հոգիդ թեթևանում է, ծանր հոգսերդ մոռացվում են և արտասուքը թաց է անում աչքերդ. ա՜խ, ա՛յդ է հավատը, իմ սիրո՛ւն որդի, իմ քաղցրի՛կ աղջիկ... Ես ծերացել եմ. անցյալ օր դու ինքդ էիր ասում, որ գլուխս բոլորովին սպիտակել է. մի՞թե ես այսպես կծերանայի, մինչև չհասկանայի ա՛յն, ինչ որ հիմա ասում եմ քեզ։ Մտքումդ խո չե՞ս ծիծաղում ինձ վրա, Սոնա։

ՍՈՆԱ։ Հա՜յրիկ...

ՊԵՏՐՈՍ։ Հա՛, իմ անբախտ որդի, իմ հոգույս հատոր, ծերունի հորդ վրա մի՛ ծիծաղիր. այն էլ բավական է, որ կյանքը ծիծաղում է նրա վրա... այլ դու խղճա նրան, խղճա՛, որքան անմեղ սրտումդ զգացմունք կա... և երբ գիշերները կպառկես քնելու, իմ հոգուս փրկության համար միշտ աղոթք արա...

ՍՈՆԱ։ Հա՛յրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, հոգիս։

ՍՈՆԱ։ Գնանք տուն... բժիշկ չկա։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜խ, բժիշկը... ուղիղ որ չկա... Քիչ էլ սպասենք, հոգիս, գուցե գալիս է. գալներս իզուր չանցնի... Ա՜յ, այս ո՞վ է գալիս...

ՏԵՍԻԼ XV
Ծառա (մտնում է), Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ։ Սիրելիս, դու ո՞վ ես, բժշկի ծառա՞ն ես։

ԾԱՌԱ։ Հա։

ՊԵՏՐՈՍ։ Բժիշկը ո՞րտեղ է, մեկ կանչես, հիվանդին պետք է տեսնի։

ԾԱՌԱ։ Բա դուք որ եկաք, բժիշկն ըստեղ չէ՞ր։

ՊԵՏՐՈՍ։ Չէ, մենք որ եկանք, այստեղ ոչ ոք չկար։ Մենք նոր եկանք։

ԾԱՌԱ։ (Գնում է, ուզում է առանձնասենյակի դուռը բացել, բայց տեսնելով որ փակ է, ծեծում է)։ Աղա՛... աղա՛... դեղը բերեցի... Ա՛ղա... հիվանդ ա եկել... ձեզ են ուզում... Աղա... Ա՛ղա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան ետևից շշնջալով): Կորի՛, անպիտան։

ԾԱՌԱ։ Դեղը բերեցի... համ էլ հիվանդ ա եկել։

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Կորի՛ քեզ ասում եմ...

ԾԱՌԱ։ Բա ի՞նչ անեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ասա տանը չի...

ՍՈՆԱ (Հանկարծ տեղից վեր կենալով): Հա՛յրիկ, գնանք... գնա՛նք այստեղից...

ՊԵՏՐՈՍ։ Սպասիր, հոգիս... ինչո՞ւ... բժիշկը հիմա դուրս կգա։

ՍՈՆԱ։ Գնա՛նք... չե՛մ ուզում...

ՊԵՏՐՈՍ։ Սո՛նա ջան... ո՛րդի ջան, ի՞նչ պատահեց քեզ... (վեր է կենում):

ՍՈՆԱ։ Ա՜խ, հայրիկ, մի՞թե չես տեսնում, որ նա թաքնվում է մեզնից...

ՊԵՏՐՈՍ։ Հա՞-ա... Գնանք, որդի ջան, գնանք... (Դուրս են գնում: Պետրոսը գլխարկը մոռանում է աթոռի վրա):

ԾԱՌԱ։ Ա՛ղա, գնացին։

ՏԵՍԻԼ XVI
Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Գլուխը դուրս հանելով դռնից): Գնացի՞ն։

ԾԱՌԱ։ Գնացին։

ՍՏԵՓԱՆ։ Գնացի՞ն։

ՆԱՏԱԼԻԱ։ Ушли?

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Да, да! ушли (Ամենքն էլ ներս են մտնում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ես չեմ հասկանում, ճշմարիտ, թե ինչո՞ւ թաքնվեցինք...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծառային): Տո ա՛նպիտան, ես քեզ հազար անգամ ասել եմ որ...

ՏԵՍԻԼ XVII

Պետրոս, Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ մտնում է): Գդակս, գդակս մոռացա... (Հանկարծ տեսնելով սենյակում եղողներին նա դեռ մնում է քարացած, հետո, ուշքի գալով, վերցնում է իր գլխարկը և շտապով դուրս է գնում):

Վարագույրն իջնում է

1886

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մեղր և ճանճեր"

Ятук Музыка
Песня старых дней
Тигран Мансурян

Песня старых дней

Подсолнухи, 1960 год.
Подсолнухи, 1960 год.
Играть онлайн