Нар-Дос
Մեղր և ճանճեր
Արարված առաջին
Մի գեղեցիկ պարտեզ։ Ձախ կողմն երևում է Թաթուլյանների հոյակապ տան շենքը։ Ներքևը մի մեծ դուռ, որի փեղկերը բոլորովին բաց են և որտեղից մինչև պարտեզն իջնում են քարե սանդուղքի աստիճանները, որոնց վրա այս ու այն կողմը շարված են մեծ-մեծ ծաղկամաններ՝ զանազան հազվագյուտ բույսերի թփիկներով։ Բեմի առաջնակողմաւմ պարտեզին համեմատ մի հրապարակ տեղ։ Տեղ-տեղ նստարաններ։ Լուսնկա պարզ գիշեր է: Տունը բոլորովին լուսավորված է։ Նախքան վարագույրի բարձրացնելը, բեմի ետևում դաշնամուրի վրա «վալս» են նվագում և կտրում են վարագույրը բարձրացնելուց փոքր ինչ հետո։ Այդ ժամանակ դուրս են գալիս հյուրերն, իջնում են սանդուղքով և ցրվում են պարտեզի այս ու այն կողմը։ Նրանց միջից առանձնանում են Սոնան և Ալեքսանդրը։
ՏԵՍԻԼ I
Սոնա, Ալեքսանդր
ՍՈՆԱ (Գրեթե վազելով առաջ է գալիս դեպի հրապարակն և հոգնած նստելով նստարանի վրա): Օ՛հ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ (հետևելով նրան): Դուք հոգնեցա՞ք, օրիորդ։
ՍՈՆԱ (հովհարելով): Սաստիկ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այդ նրանից է, որ շատ սրտով էիք պարում։ Իսկ ձեր պարե՜լը ... Ես համարձակ կարող եմ ասել, օրիորդ, որ ձեզ նման լավ այստեղ ոչ ոք չի կարողանում պարել։
ՍՈՆԱ։ Ճշմարի՞տ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Դուք սքանչելի՜, աննման եք պարում... և, որ գլխավորն է, շատ ուշ եք հոգնում:
ՍՈՆԱ։ Իսկ այս գիշեր, ընդհակառակը, շատ շուտ հոգնեցա։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Որովհետև ներսը բավական շոգ է, չնայելով, որ դեռ մայիսն է... ավելացրեք դրա վրա և այնքան ճրագների տաքությունը, հյուրերի շնչառությունը... Ճշմարիտն ասած՝ ես էլ բավական շոգեցի ու հոգնեցի:
ՍՈՆԱ։ Նստեցեք, (Ալեքսանդրը նստում է միևնույն նըստարանի վրա՝ նրանից փոքր ինչ հեռու): Բայց ի՞նչպես եք գտնում դուք մեր այս գիշերվա հրավերքը, պ. Ալեքսանդր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ավելի, քան սքանչելի, օրիորդ... Դեռ ո՛չ մի հրավերք, որտեղ ես եղել եմ, ինձ այնքան աննման չէ թվացել, որքան ձերը...
ՍՈՆԱ։ Ճշմարի՞տ... Ինչո՞ւ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ինչո՞ւ... Այդ դուք ինքներդ էլ գիտեք, օրիորդ...
ՍՈՆԱ (շփոթված): Ես չգիտեմ... ես ի՞նչ գիտեմ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Գիտեք, գիտեք, օրիորդ...
ՍՈՆԱ։ Երևի... տան զարդարա՞նքը...
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ա՜, ո՜չ...
ՍՈՆԱ։ Գիշե՞րը... լուսի՞նը...
ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ո՛չ, այլ լուսնի նման մի արարած... Դուք, օրիորդ... Դուք այս հրավերքի, այս տան լուսինն եք, ոգի տվողն եք... ի՜նչ է հրավերքն, առանց ձեզ... Նայեցեք, օրիորդ, ահա, պարզ, կապույտ երկինքը զարդարված է անթիվ աստղերով, իսկ նրանց միջով հանդարտ, բայց վեհապանծ սահում է հրաշագեղ լուսինը, նրա լուսատու շողերը սփռվում են ամեն տեղ. նա կենդանություն է տալիս մեռած, խավար գիշերին... Բայց ի՞նչ կլինի երկինքն, առանց գիշերվա այդ համաշխարհային մշտավառ ճրագի. մութ և տխուր։ Եվ ահա, օրիորդ, այս հրավերքն էլ, առանց ձեզ, նման կլինի երկնքի, առանց լուսնի:
ՍՈՆԱ: Շնորհակալ եմ ձեր այդ կոմպլիմանի համար... բայց և այնպես, կարծեմ, այստեղ... ինձնից ավելի աչքի ընկնող գեղեցկուհիներ կան, որոնք...
ԱԼԵՔՍԱՆԴՐ (ընդհատելով ոգևորված): Ոչ, օրիորդ, այդ մի՛ ասեք... այդ մեղք է... Ես կարծում եմ, որ եթե հրեշտակներն անգամ իջնեն երկնքից, ձեր աննման գեղեցկությունը կարող է նրանց վրա էլ ստվեր ձգել...
ՍՈՆԱ (ծիծաղելով): Հա՜, հա՜, հա՜... այդպես խո վեպերի սիրահար-հերոսներն են խոսում...
ԱԼԵՔՍԱՆԴՐ (վեր կենալով և իրեն վիրավորված ձևացնելով): Ուրեմն դուք կարծում եք, որ ես այսպես միայն էֆեկտի համար եմ խոսում, որ իմ այս խոսքերն անկեղծ, ամենաջերմ սիրո զգացմունքի արտահայտություններ չե՞ն... Ո՛չ, օրիորդ, ո՛չ, այդպես մեղք է կարծել... ներեցեք... ես կարծում եմ, որ ձեր խիղճը պետք է տանջի ձեզ դրա համար, որովհետև երեսպաշտությունն այնքան ատում եմ, որքան մի զզվելի և ստոր մտադրություն...
ՍՈՆԱ (զգացված): Ներեցեք ինձ, եթե ես ձեզ վիրավորեցի, պ. Ալեքսանդր... Բայց իզուր դուք իմ խոսքերին մի այդպիսի նշանակություն տվեցիք... Սակայն, այնուամենայնիվ, լինում են մարդիկ, որոնք ցույց են տալիս, թե խոսում են անկեղծ սրտով, բայց իսկապես երեսպաշտություն են անում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Եվ դուք ինձ համեմատում եք այդպիսի մարդկանց հե՞տ, օրիորդ...
ՍՈՆԱ։ Աստված ո՜չ անե... ես այնպես... ներեցեք... ես բոլորովին այդ միտքը չունեի, հավատացեք ինձ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ճշմարիտ է, ձեր ասած մարդիկը կան... և այդպիսի մարդկանց «ստոր» են անվանում... բայց ես, օրիորդ, փառք աստծո, դեռ չեմ կորցրել պատվի զգացմունքս, իսկ երբ կկորցնեմ, այն ժամանակ...
ՍՈՆԱ։ Ա՜խ... բավական է... ես հավատում եմ ձեզ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հավատո՞ւմ եք... Ուրեմն... ես ձեզ սիրում եմ... Հավատու՞մ եք։
ՍՈՆԱ: Հավատում եմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Սո՛նա... իսկ դո՞ւք... իսկ դո՞ւ... Ասա, սիրո՞ւմ ես ինձ... և հավիտյան ի՞մն ես... Այո՞...
ՍՈՆԱ։ Այո... (Վեր է թռչում և վազում է պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ II
Ալեքսանդր (միայն)
Ռուսներն այսպիսի դեպքերումն են ասում՝ «дело в шляпе...» Ուղիղ որ. դերս շատ լավ կատարեցի... Այսուհետե բանը պրծած է...
ՏԵՍԻԼ III
Ստեփան, Ալեքսանդր
ՍՏԵՓԱՆ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Հը՛: Ալեքսանդր, մենակ ե՞ս... ի՞նչպես վերջացավ բանը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բոլորովին աջող, հայր:
ՍՏԵՓԱՆ (շուտ): Հա-ա՞... ի՞նչպես... սիրում է քեզ... խո՞սք տվավ, որ քեզ հետ կամուսնանա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այո:
ՍՏԵՓԱՆ: Մի՞թե... Բայց ո՞ւր է նա։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Փախավ այն կողմը։ Խիստ հուզված էր։
ՍՏԵՓԱՆ։ Հա՛, այդպես։ Բայց բժիշկ Արսենյանցն ինչ բախտ կմնա, հա՜, հա՜, հա՜... ես շատ էի վախենում, որ նա չխլե մեր ձեռքից այդ չաղ կտորը, ախր բժիշկ է, է, անպիտանը, նրա աչքումն էլ լույս կա. քաղցած գայլի պես ետևիցը ման է գալիս... Ապրի՛ս, որդիս, ապրիս։ Այնուհետև համոզված եղիր, որ կլորիկ հազարները պատրաստ են։ Սոնայի հայրն, իբրև վաճառական, փողի, մանավանդ հազարների վերաբերությամբ քեզ ասել եմ, որ շատ պինդ և ձեթ մարդ է, բայց Սոնան նրան կփափկացնե և մեղր կշինե, որովհետև որքան էլ Պետրոսի կամքին հակառակ լինի յուր աղջկան հազարներ օժիտ տալը, այնուամենայնիվ, նա կտա, որովհետև չտալով միևնույն է, թե յուր աղջկա բախտը պետք է խափանե, իսկ մենք, իհարկե, նրա աղջիկն այն դեպքում միայն կառնենք, երբ նրա հետ կլինին և՛ հազարներ... Չէ՛, խոսք չկա, որ հաղթությունը մերն է... Բայց ես ուզում եմ այս գիշեր և եթ Պետրոսի հետ այդ մասին խոսք բացել, իհարկե, այնպես, թեթև կերպով։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բայց, հայրիկ, այնպես պետք է անեք, որ նա ոչինչ կասկած չտանե մեզ վրա։
ՍՏԵՓԱՆ։ Այդ ես չե՞մ հասկանում, որ դու ինձ չասես... Բայց ահա նա գալիս է։ Դու հեռացիր, որ նա մեզ միմյանց մոտ չտեսնե և ոչինչ չկասկածի։ Ես կաշխատեմ նրա հետ հենց իսկույն այդ բանի մասին խոսել։ Հեռացի՛ր շուտ։ (Ալեքսանդրը շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Ստեփանը նստում է նստարանի վրա և հանելով թաշկինակը, սկսում է հովհարել երեսը):
ՏԵՍԻԼ IV
Պետրոս, Ստեփան
ՊԵՏՐՈՍ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Պ. Ստեփան, ինչպես երևում է, շոգը նեղացնում է։
ՍՏԵՓԱՆ։ Էլ մի ասեք, ջուր կտրվեցի, էլի՛... քրտնքի մեջ լողում եմ. պար գալն ինձ էժան չնստեց... Չէ՛, եղբայր, ես չաղ մարդկանց երբեք խորհուրդ չէի տալ պար գալ, մանավանդ այսպիսի շոգերին, եթե միայն, իհարկե, թանկ է նրանց իրենց մարմինը, որովհետև պար գալիս բոլոր յուղը դուրս է գալիս միջից, հա՜, հա՜, հա՜...
ՊԵՏՐՈՍ։ Ուղիղն ասած, պ. Ստեփան, ես բոլորովին չէի ուզում հիմա հրավերք տալ, բայց որովհետև շուտով ամառանոց ենք գնալու, այդ պատճառով աղջիկս խնդրեց, որ, գնալուց առաջ, մի գիշեր հյուրասիրենք մեր մոտիկ բարեկամներին ու ծանոթներին, ես էլ չուզեցի նրա խնդիրքը մերժել։
ՍՏԵՓԱՆ։ Եվ չպե՛տք է մերժեիք, որովհետև օրիորդ Սոնան մի այնպիսի արարած է, որի խնդիրքը ոչ թե միայն պետք է կատարել, այլ և մի սուրբ օրենքի տեղ պետք է ընդունել... Ուղիղը կուզեք ասեմ, պ. Պետրոս, ես շա՛տ և շատ նախանձում եմ ձեզ, որ մի այդպիսի աննման աղջիկ ունեք... Ահա, ո՜րքան ջահել տիկիններ և օրիորդներ ունեք այս գիշեր այստեղ հրավիրած, բայց ես օր. Սոնայի մի մազի կեսի կեսն անգամ չէի փոխիլ նրանց բոլորի հետ միասին վերցրած։ Օր. Սոնան, որ այնպես հպարտ կերպով անցնում է նրանց միջով, բոլորն էլ իսկույն սևանում են, կարծես պուդրի տեղ այդ ժամանակ գործլի լինին քսած երեսներին, հա՜, հա՜, հա՜...
ՊԵՏՐՈՍ (առանձին): Այս ի՞նչ յուղ է, որ սա քսում է գլխիս։
ՍՏԵՓԱՆ։ Եթե ես ձեր տեղը լինեի, պ. Պետրոս, այսինքն՝ եթե ես օր. Սոնայի հայրը լինեի կամ նա իմ աղջիկս լիներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հոգիս, հոգիս անգամ չէի խնայիլ նրա համար, նրա զվարճության, նրա երջանկության համար... Հա՛, պ. Պետրոս, գիտե՞ք ի՛նչ կա. ես կարծում եմ, որ իմ տղայի և ձեր աղջկա մեջ մի ինչ-որ բան կա...
ՊԵՏՐՈՍ (շուտ): Ի՞նչ բան...
ՍՏԵՓԱՆ։ Դուք չե՞ք նկատում, որ բոլոր ժամանակ նրանք միմյանցից չեն հեռանում և միշտ միմյանց հետ են պարում։
ՊԵՏՐՈՍ։ Հետո՞։
ՍՏԵՓԱՆ։ Եվ դուք այդ բանից ոչինչ չե՞ք եզրակացնում։
ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ:
ՍՏԵՓԱՆ։ Որ նրանք... սիրում են միմյանց։
ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ եք ասում...
ՍՏԵՓԱՆ։ Ես ձեզ ճշմարիտ բան եմ ասում... Խո գիտեք, էլի, ջահելների բանը, ի՛նչ չարաճճիություններ ասես, որ նրանք չեն անիլ, հա՜, հա՜, հա՜... (Վեր է կենում և առնելով նրա կուռը): Ապա անցնենք այսպես, ես համոզված եմ, որ նրանք հիմա էլ մի որևէ ծառի տակ առանձնացած կամաց-կամաց քչփչում են միմյանց հե՛տ, հա՜, հա՜... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ V
Եղիսաբեթ, Նատալիա
ԵՂԻՍԱԲԵԹ (Նատալիայի հետ կուռ կռի տված՝ իջնում է սանդուղքով): Ես ձեզ պետք է ցույց տամ մեր պարտեզի նոր ավազանը։ Հիանալի բան է։ Դուք խո գիտեք, որ իմ մարդս այդպիսի բաների համար ոչինչ չէ խնայում։ Նա հատուկ այդ նոր ավազանի համար բերել է տվել փոքրիկ ձկնիկներ, որոնք արևի կամ լուսնի շողերի տակ ջրի մեջ խլպլտալիս մի այնպիսի գեղեցիկ գույներով են փայլում, որ մարդ ակամա հիանում է։ Սոնաս խո բոլորովին սիրահարված է նրանց վրա. համարյա թե ողջ օրը նստած է ավազանի մոտ և միշտ կերակրում է նրանց հացի փշրունքով։
ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.
ԵՂԻՍԱԲԵԹ։ Անպատճառ ամենքն այնտեղ են և նայում են ձկներին... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ VI
Արսենյանց (իջնում է սանդուղքով), Թորոսյան (մտնում է ձախ կողմից, տան ետևից)
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Թորոսյան... Նո՞ր ես գալիս... ինչո՞ւ այսքան ուշացար...
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՜նչ է, փափեն սառե՞ց... Ուշացա՜... կարծես ինձ շատ սպասելով աչքներդ ջուր կտրվեց։
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Վա՜հ, իհարկե, առանց քեզ այստեղ ի՛նչպես կարող են ժամանակ անցկացնել, հա՜, հա՜, հա՜...
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ծաղրի՛ր, բարեկամ, ծաղրի՛ր, այն ինչ ամենաառաջին ծաղրելին դու և դուք եք... Ձեզ պես պարազիտներն ու սիբարիտներն էլ որ ուրիշի վրա բերան բաց անեն, բաս մեզ պես ազնիվ զգացմունքներով վառվող երիտասարդները ո՛ր ջհանդամը կորչեն... Դեռ չես էլ ամաչում, որ պարծենում ես, թե համալսարանական գիտություն ես ստացել։ Ա՜յդ է, էլի, քո համալսարանական գիտությունը, որ ինքդ ոչինչ չարած, հասարակությանը, ազգին ոչինչ շահ չբերած՝ ծաղրում ես նրանց, որոնք ամենայն անձնվիրութամբ ուզում են այդ անել... (Արսենյանցը ծիծաղում է): Դե՛, մի՛ ծիծաղիր, է, կատաղությունս բերում ես...
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես քեզ վրա խո չեմ ծիծաղում, քո խոսքերի վրա եմ ծիծաղում։
ԹՈՐՈՍՅԱՆ (կարճ լռությունից հետո): Գայլի գլխին ավետարան էին կարդում, ասում է, ոչխարը սարն անց կացավ։
ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղում է, հետո մոտենում է նրան և բարեկամաբար ձեռքերը դնում է նրա ուսին): Լսի՛ր, Թորոսյան։ Դու միշտ այդպես ինդեալիստ պետք է մնա՞ս... Արի՛, լսիր, ինչ որ ես քեզ կասեմ...
ԹՈՐՈՍՅԱՆ (զայրացած): Գնա՛...
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հավատացիր, ես քեզ ուզում եմ մի խրատ, այսինքն խորհուրդ տալ...
ԹՈՐՈՍՅԱՆ (բոլորովին զայրացած): Գնա՛, քեզ ասում եմ...
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Գնում եմ, լավ, գնում եմ։ (Ծիծաղելով հեռանում է պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ VII
Թորոսյան (միայն)
Անիծվածնե՛ր, գարշելի՛ մարդիկ... Արի ու մի կատաղիր, արի ու մի՛ հուսահատվիր... Ուսում ստացածը, հասկացողը որ այս է, բաս տգետն ի՛նչ կլինի... Տեր աստված, այս ի՞նչպիսի մարդիկ են... երկաթե կամք և սառնասրտություն է հարկավոր սրանց դեմ պատերազմելու համար, իսկ ես... Ա՛հ... (գլխարկը վերցնում է, կատաղած շպրտում է նստարանի վրա և նստում է հուսահատված): Ինչո՞ւ համար ես այստեղ պետք է լինեմ, այս պարազիտների, այս սիբարիտների, այս բուրժուաների մեջ. ի՞նչ առնչություն կա իմ և սրանց մեջ, ո՞վ եմ ես և ո՛վ են սրանք... Ա՜խ, Սո՛նա, Սոնա, ինչո՞ւ դու ինձ այսպես կաշկանդել ես...
ՏԵՍԻԼ VIII
Ալեքսանդր, Սոնա, Թորոսյան
ԱԼԵՔՍԱՆԴՐ (գալիս և Սոնայի հետ խոսակցությունը շարունակելով)... և հատուկ խնդրում եմ, Սոնա, որ ո՛չ այս գիշեր և ոչ ուրիշ անգամ ոչ ոքի հետ չպարես։
ՍՈՆԱ։ Հա՜, հա՜, հա՜, մի՞թե մինչ այդ աստիճան կարելի է բռնանալ (Թորոսյանը նրանց տեսնելու պես մնում է քարացած նստած տեղում: Նրանք չեն տեսնում նրան):
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ինչ ուզում ես համարիր իմ այդ խնդիրքը, բայց ես երբեք սառնասրտությամբ չեմ կարող նայել այն մարդուն, որ գրկած կունենա քո մեջքը։
ՍՈՆԱ։ Ա՜... ես քեզանից վախենում եմ, պարո՛ն, դու հիմիկուց ցույց ես տալիս քո խանդոտությունը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՛չ։ Սոնա, այս խանդոտություն չէ, այս անսահման սեր է, ուրիշ ոչինչ...
ՍՈՆԱ (հանկարծ տեսնում է Թորոսյանին, դեռ շփոթվում է, բայց շուտով հավաքում է իրեն, ժպտում է և մոտեսնում է նրան): Պ. Թորո՛սյան... Ինչո՞ւ դուք այստեղ մենակ նստել եք... Ինչպես երևում է նոր եք եկել։
ԹՈՐՈՍՅԱՆ (որ արդեն վեր է կացել): Ճշմարիտ է, ես նոր եմ եկել։
ՍՈՆԱ։ Բայց ինչո՞ւ այսպես ուշ։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի՞թե դուք ինձ սպասում էիք։
ՍՈՆԱ (ժպտալով): Այո։
ԹՈՐՈՍՅԱՆ (կեղծ ոգևորությամբ): Ո՜րպիսի մեծ պատիվ, որին արժանի չեմ... (լուրջ): Ես գործ ունեի։
ՍՈՆԱ։ Ա՜խ, իրավ, ես մոռացա, որ դուք միշտ «գործ» ունիք...
ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Այս ի՞նչ է. սա է՞լ է ինձ ծաղրում... (Նրան): Օրիորդ, մի՞թե դուք չեք հավատում այն գործին, որին ես ծառայում եմ և ուզում եմ ծառայել ապագայումն է՛լ...
ՍՈՆԱ։ Ա՜խ, ի՛նչպես չէ, քանի որ ամեն օր դուք ինձ հավատացնում եք այդ... Հա, լավ միտս եկավ, պ. Թորոսյան, դուք ինձ մոտ մի նամակ ունիք. կարծեմ, ձեր գյուղից է։ Երեկոյան բերեցին, բայց որովհետև դուք տանը չէիք, այդ պատճառով ինձ տվեցին, որպեսզի հետո ձեզ հանձնեմ... Դուք ծանոթ չե՞ք միմյանց, պարոններ։ Խնդրեմ ծանոթացեք։ Բարսեղ Թորոսյան, Ալեքսանդր Միզանյան։ (Նրանք գլուխն են տալիս միմյանց): Եվ խնդրեմ զբաղվեք խոսակցությունով, մինչև որ (Թորոսյանին) ես կբերեմ ձեր նամակը... կամ թե չէ՝ ուզում եք միասին գնանք, այնտեղ կստանաք։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՛չ, ես սենյակս եմ ուզում գնալ... Տվեք ծառային նա կբերե։
ՍՈՆԱ։ Ո՛չ, ես իմ ձեռքովս պետք է ձեզ հանձնեմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ (Սոնային՝ ցածր, երբ նա գնում է դեպի սանդուղքը): Ո՞վ է այդ երիտասարդը։
ՍՈՆԱ։ Խոսիր և կիմանաս։ (Շտապով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):
ՏԵՍԻԼ IX
ԱԼԵՔՍԱՆԴՐ (կարճ լռությունից հետո): Ներեցեք ինձ, պարոն, եթե ես հետաքրքրվում եմ ձեզանով. դուք ի՞նչ գործի եք։
ԹՈՐՈՍՅԱՆ (կտրուկ): Ես ուսանող եմ։ (Նստում է):
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Համալսարանո՞ւմ եք սովորում։
ԹՈՐՈՍՅԱՆ (նույնպես): Այո՛:
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ր համալսարանում:
ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ ձեզ շա՞տ է հետաքրքրում։ Պետերբուրգի։ Ուրիշ ի՞նչ եք կամենում, հարցրե՛ք։
ԱԼԵՔՍԱՆԴՐ (շփոթված): Ներեցեք... ես...
ԹՈՐՈՍՅԱՆ։ Կամենո՞ւմ եք իմանալ որ ֆակուլտետն ունիմ ընտրած. երբ կավարտեմ և ավարտելուց հետո ի՛նչ կանեմ: Համեցեք։ Ես ընտրած ունիմ իրավաբանական ֆակուլտետը, կավարտեմ մի տարուց հետո։ Այնուհետև կգամ այստեղ, գավառները չկարծեք, Թիֆլիս եմ ասում, Սոլոլակում ինձ համար մի փառավոր տուն կվարձեմ, դռանս մի երկաթե տախտակ կկպցնեմ, որի վրա գրած կլինի, «Присяжный поверенный Василий Сергеевич Торосов» և կսկսեմ փառավորապես փաստաբանությամբ պարապել, այսինքն՝ անմեղներին պաշտպանել և փողն արհամարհել... Ի՞նչ եք կարծում, այսպես լավ չէ՞:
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Շատ լավ է։ (Առանձին): Գիժ է, ի՛նչ է այս պարոնը... (Նրան), ներողություն, պարոն, ղուք սրանց բարեկա՞մն եք։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչպես դո՞ւք... ո՛չ, ես միայն սրանք կենողն եմ։ (Վեր է կենում): Իմ սենյակս, ահա՛ այն է (ցույց է տալիս պարտեզի աջ կողմը): Ներեցեք, ես գնում եմ, ցտեսություն։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ւր... նամա՞կը։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, իրա՜վ... (Դարձյալ նստում է):
ԱԼԵՔՍԱՆԴՐ (առանձին): Չէ՛, սրա խելքը տեղը չէ։ (Կարճ լռությունից հետո, նրան): Դուք ո՞ր գյուղացի եք, պարոն։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Դարձյա՜լ... Ես ո՛չ մի գյուղացի չեմ. իմ գյուղս ամբողջ Հայաստանն է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ա՜... Ուրեմն դուք ազգասեր եք։
ԹՈՐՈՍՅԱՆ (Կատաղած): Այո՛, այո՛... Անիծյա՛լ ազգասիրություն...
ՍՈՆԱ (վերադառնում է շտապով, ձեռքին մի նամակ): Ահա՛ ձեր նամակը, պ. Թորոսյան։ Ի՞նչ է պատահել, դուք բարկացած եք երևում։
ԹՈՐՈՍՅԱՆ (վեր է կենում): Ոչինչ... Շնորհակալ եմ։ (Առնում է նամակը և, առանց վրան նայելու, պահում է ձեռքում):
ՍՈՆԱ։ Գուցե մենք ձեզ խանգարում ենք... Պ. Ալեքսանդր, բարձրանանք վերև։ (Թորոսյանին): Չմոռանաք դուք ևս գալ: (Առնում է Ալեքսանդրի ձեռքը և գնալով դեպի սանդուղքը): Ի՞նչպես հավանեցիր այդ պարոնին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Այդ պարոնը գիժ է։ (Սոնան ծիծաղում է: Նրանք բարձրանում են և ծածկվում են դռան մեջ):
(Երկար ժամանակ մնում է քարացածի պես՝ նրանց ետևից նայելիս): Ո՞վ է ասում, թե ցնորքը, երևակայական երջանկությունը հիմարություն չէ. ինչպես և միայն հույսերով կերակրվող սերը հիմարությունների ծնող... Ի՞նչ է ցնորքը։ Երեխան փչում է սապնային պղպջակը, որ ուռչում է անդրադարձնող զանազանագույն հրաշալի ցոլումներով, երեխան խնդում է, հրճվում է և ավելի է սկսում փչել, բայց հանկարծ պղպջակը պատռվում է և հոդս է ցնդում. ահա՛ ձեզ ցնորք։ Անցնում ես փողոցով, երևակայում ես քեզ հարուստ մեծատուն, իշխան. երևակայում ես պալատներ, կառքեր, ծառաներ, փափկակեցություն, բայց հանկարծ ոտքդ սայթաքում է և դու փռվում ես ցեխի մեջ, ահա՛ ձեզ ցնորք։ Մի՞թե հիմա ես այդպես չեմ... Օ՜խ, աստված, ես ի՞նչ եմ արել... (Նստում է գլուխը կախ: Բեմի ետևից լսում է դաշնամուրի ձայն: Նա հանկարծ վեր է թռչում և շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Հյուրերը հավաքվում են ամեն կողմից և բարձրանում են վերև):
ՏԵՍԻԼ XII
Ստեփան, Պետրոս
ՍՏԵՓԱՆ (գալիս է Պետրոսի հետ կուռ կռի տված՝ խոսակցությունը շարունակելով)... և փառք աստծո, դուք խո ձեր աչքովը տեսաք. միայն սիրահարվածներն են այդպես առանձնանում և քչփչում միմյանց հետ. հա՜, հա՜, հա՜...
ՊԵՏՐՈՍ։ Բայց եթե նրանք իսկապես սիրում են միմյանց, այդ խո մեզանից չե՞ն թաքցնիլ։
ՍՏԵՓԱՆ։ Եվ ինչո՞ւ պետք է թաքցնեն. մենք չե՞նք թողնիլ, ինչ է, որ նրանք ամուսնանան, հա՜, հա՜, հա՜... ձեզանից էլ լավ բարեկամներ, մենք ո՞րտեղից կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...
ՏԵՍԻԼ XIII
Եղիսաբեթ, Նատալիա, Ստեփան, Պետրոս
ԵՂԻՍԱԲԵԹ. (գալիս է Նատալիայի հետ կուռ կռի տված): Կարելի է իմանալ ինչի՛ մասին եք ծիծաղում, պարոններ։
ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ չի կարելի. մենք ծիծաղում ենք մի նորության մասին, որ եթե հայտնենք, կարծում ենք ձեզ էլ մեծ ուրախություն կպատճառե։
ԵՂԻՍԱՍԵԹ. Ի՞նչ նորություն։
ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.
ՍՏԵՓԱՆ։ Mademoiselle Սոֆիան և մեր որդի Ալեքսանդր Ստեփանիչը սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜...
ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՛նչ եք ասում...
ՆԱՏԱԼԻԱ։ Что вы!
ՍՏԵՓԱՆ։ Да! Հարցրեք պ. Պետրոսից, թե չեք հավատում, հա՜, հա՜, հա՜...
ՊԵՏՐՈՍ։ Այսինքն դեռ հաստատ ոչինչ չգիտենք, բայց...
ՍՏԵՓԱՆ։ Պարզ նկատում ենք, որ սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜, հա՜... (Եղիսաբեթին): Տիկին, խնդրեմ, (Եղիսաբեթն առնում է նրա կուռը): Իսկ դուք պ. Պետրոս, խնդրում եմ իմ կնոջս кавалер-ը դառնաք։ (Պետրոսն առաջարկում է կուռը Նատալիային): Մենք հիմա կբարձրանանք վերև և մեր սիրահարվածներին կբռնենք, ինչպես գողերին, հա՜, հա՜, հա՜...
ՆԱՏԱԼԻԱ։ Господа! Ուրեմն մենք շուտով կկատարենք նրանց հարսանիքը։
ՍՏԵՓԱՆ։ Օ, անպատճառ, հա՜, հա՜, հա՜...
ՆԱՏԱԼԻԱ։ Ах! какое счастье... (Որ արդեն բարձրացել են սանդուղքով, ծածկվում են դռան մեջ)։
(Գալիս է): Գյուղը, գյուղը... Հազար անգամ պատասխանել եմ, որ այս ամառ չեմ կարող գնալ գյուղը, չգիտեմ էլ ի՞նչ են ուզում ինձանից... Այսուհետև թքել եմ գյուղի վրա էլ, գյուղացու վրա էլ ու ամեն բանի վրա էլ... (Նայում է հագուստին): Հագուստս էլ չփոխեցի. այսպես բարձրանա՞մ...
ՏԵՍԻԼ XV
Արսենյանց, Թորոսյան
ԱՐՍԵՆՅԱՆՑ (գալիս է)։ Հը՛, դարձյալ այստեղ ե՞ս։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Հրաման քեզ։
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ էիր շինում այստեղ։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեզ էի սպասում, որ գաս։
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բաս բարձրանանք վերև։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Բարձրանանք... Գնա՛, ես չեմ գալիս։
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հը՛, Թորոսյան, ի՞նչ է պատահել. դու այսօր ինչ որ քիթ ու մռութդ վայր ես թողել։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Իհարկե, աշխարհիս երեսին, որ քեզ պես մարդիկ են ման գալիս... (նստում է):
ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղելով): Ինչ կծու լեզու ունես... Մենք քեզ ի՞նչ ենք արել, որ մեզ այդպես ատում ես։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Գնա՛ վերև, գնա զվարճացիր... Թո՛ղ հազարավոր աղքատ, անտեր հիվանդներ անդեղ, անդարման կոտորվեն, սատկեն, միայն թե մատըմուազել Սոֆիաների հետ դուք պար գաք և զվարճանաք... Ասում են՝ տվե՛ք մեզ կրթված մարդիկ, ինտելիգենցիա տվեք. դրանք են մեզ հարկավոր, հասարակության բարօրությունը դրանցից է կախված։ Ահա՛, ձեզ կրթված մարդ, ահա ձեզ ինտելիգենտ և պաշտոնով բժիշկ... Ի՞նչ եք կորցրել և ի՜նչ եք փնտրում...
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՜հ, այդպես խո չեն ասում, ա՜յ այսպես են ասում. Տվե՛ք մեզ նոր ուժեր, թարմ երիտասարդություն, դրանք են մեր հույսերը... այրող խնդիրների լուծումը դրանց է սպասում... ազգը, Հայաստանը դրանց է կանչում և այլն։ Իսկ «նոր ուժը», թարմ «երիտասարդը» դու ես, ես ծերացել եմ, ինձ ի՞նչ ես ասում։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Գնա՛, իսեր աստուծո, հեռացի՛ր, դու միշտ արյունս բորբոքում ես...
ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Իհարկե, միշտ այդպես վառված որ խոսես, արյունդ կբորբոքվի։ (Թորոսյանը կատաղած թքում է և դեմքը շրջում է նրանից, Արսենյանցը ծիծաղելով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):
ՏԵՍԻԼ XVI
Պետրոս, ծառա, Թորոսյան
ՊԵՏՐՈՍ (Ծառայի հետ իջնում է սանդուղքով): Ա՛րի այստեղ, անպիտան, ա՛րի։ Ես քեզ հազար անգամ ասել եմ, որ այն անպիտան լակեյներից չհեռանաս, իսկ դու դարձյալ գալիս ես և այնտեղ ցից ես լինում։ Հազար ու մի բան կա այնտեղ, ո՞վ է տերը... Խո չե՞ս ուզում... (Թորոսյանին չտեսնելով, հեռանում են պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ XVII
Վանո, Թորոսյան
ՎԱՆՈ (ծխախոտը բերանին՝ գալիս է ձախ կողմից, տան ետևից, հետաքրքրությամբ նայում է բարձր լուսամուտներին, հետո հանկարծ տեսնում է Թորոսյանին): Ա՜, բոնժուռ, մուսի՛ո Թորոսյան։
ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Սա էր պակաս։
ՎԱՆՈ։ Կոման վու պորտէ վու, քեֆդ լավ է, չէ՞։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչո՞ւ չէ։
ՎԱՆՈ։ Այս ի՞նչ խաբար է մեր տանը։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեֆ են անում։
ՎԱՆՈ. Հա՜ ա՞... բաս դու ի՞նչ ես շինում այստեղ։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեզ էի սպասում։
ՎԱՆՈ։ Ջան. սիրել եմ քեզ պես հին ընկերներին, չնայելով, որ իմ ու քո մեջ սարեր կան... Բայց ես այս գիշեր ուրիշ տեղ պետք է քեֆ անեմ։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞րտեղ։
ՎԱՆՈ։ Անիչկայիս մոտ... ես ու դու որ գիտենք, էլի՛...
ԹՈՐՈՍՅԱՆ։ Բաս հիմա ինչո՞ւ ես եկել այստեղ։
ՎԱՆՈ։ Եկել եմ, որ հորիցս փող ուզեմ։ Երևակայիր՝ գրոշ չունեմ գրպանումս։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Հետո, կտա՞։
ՎԱՆՈ։ Փաշի պես։
ԹՈՐՈՍՅԱՆ: Բայց որ փաշի պես կինծումդ տալով դուրս անի այստեղից:
ՎԱՆՈ: Չէ՛, այդպիսի բան չի պատահիլ. հորս սանձն, ա՜յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս:
ԹՈՐՈՍՅԱՆ: Ի՞նչ պետք է անես որ։
ՎԱՆՈ: Այդ ես գիտեմ, թե ի՛նչ կանեմ... Օ՜ , ո՛րքան վատ է, երբ մարդու գրպանում փող չկա, կարծես թե մարդ չես այդ ժամանակ։ Ինձ քանի՛ անգամ է պատահել այդ բանը. օրինակ. գնացել եմ սիրուհուս մոտ մի փոքր ժամանակ անցկացնելու... Սիրուհիս... ա՜խ, ես նրա հոգին ուտեմ... գիտե՞ս ի՛նչ արարած է նա, Թորոսյան. ես լուսին ասեմ, դու արև, ես արև ասեմ, դու հրեշտակ, մի խոսքով՝ ոչ ուտես, ոչ խմես, միշտ և միայն նրան նայես... Նա ռսուհի է, տասն և ութ տարեկան, շեկ մազերով, մեծ-մեծ ու կրակոտ աչքերով, (երգելով չակերտների միջի հետևյալ բառերը), «Բոյն է սալբու չինա՜րի», առողջ, կարմիր-կարմիր թշերով... Просто шик что такое! ի՛նչ ասի նա, որ ես նույն րոպեին չկատարեմ. ասի՝ գնա Քուռն ընկիր, մեկ էլ տեսար թլթո՜մբ... Քուռի ալիքների մեջ եմ. ասի կրակ տուր Թիֆլիսը, մեկ էլ տեսար Թիֆլիսը բլբլում է... Դրան նոր եմ ճարել, գիտես, ընդամենը, կարծեմ, մի ամիս է։ Առաջվա սիրուհուցս բոլորովին ձանձրացա։ Թեև նրա վրա էլ քիչ չէի ծախսում, բայց սրա վրա չափից անց եմ կացրել... Հա՛, ես այն էի ասում, որ առանց փողի մարդուս դրությունը շատ վատ է լինում, օրինակ. ինչպես ասեցի, գնացել եմ սիրուհուս մոտ անցյալ շաբաթ էլ պատահեց ինձ այդ բանը մի փոքր ժամանակ անցկացնելու։ Սիրուհիս տեսնելուն պես փաթաթվել է վզովս և (կանացի ձայնով) «Ваня! Ваня! Дай деньги! Նո՛ւ, ես էլ, ի՛նչ ասել կուզե, ձեռքս սուտ, գրպանս եմ կոխել, ապա ի՞նչ կա, որ ի՛նչ տամ... Ա՛րի ու հիմա էշը ցեխիցը հանիր... Է, ի՞նչ կարող էի անել, սկսել եմ ներողություն խնդրել, սուտ ու մուտ պատճառներ մոգոնել, թե մոռացել եմ հետս փող վերցնել, խոստացել եմ, որ մյուս օրն անպատճառ կտանեմ, կտամ։ Մյուս օրն եկել եմ, հորիցս փող եմ առել հիսուն, հարյուր մանեթ և իրեն եմ տվել։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Հայրդ էլ տվե՞լ է:
ՎԱՆՈ։ Փաշի պես։ Բայց չէ, այս էլ պետք է ասած, որ մի անգամ էլ մի լավ խայտառակեց ինձ և դուրս արեց։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա էլ դուրս կանի։
ՎԱՆՈ։ Բա՞ն չունես... կարո՞ղ է... Ասում եմ, է՛լի, նրա սանձն, ա՛յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս։ Գիտե՞ս ի՛նչպես էր։ Ես քեզ մի մազալու բան պատմեմ, Թորոսյան։ (Նստում է նրա կողքին): Կարող ես մինչև անգամ գրել, եթե ուզում ես. այդպիսի բաներ հետաքրքրությամբ են կարդում։ Մի անգամ գնում եմ «Սան-Սուսի» և այնտեղ ո՞ւմն եմ տեսնում, հորս, պ. Պետրոսին։ Սա, եղբայր, նստած է մի գեղեցիկ, հաստ-հաստ կնոջ հետ մի փառավոր սեղանի առաջ և քեֆ է անում։ «Ա՜, այս լավ բան է», ասում եմ ինքս ինձ. «ա՛րի օգուտ քաղեմ այս դեպքից...» Մոտենում եմ։ «Հայրի՛կ», ասում եմ՝ աչքերով կողքին նստած կնոջ վրա ցույց տալով, «լա՛վն է հա՜...»։ Հայրիկս դեռ կարմրում է, հետո սփրթնում է, վեր է կենում, ինձ մի կողմն է քաշում և «Լռի՛ր, անպիտան», ասում է, «ոչ ոքի ոչինչ չասես, թե չէ՝ կորած եմ»։ Հասկանո՞ւմ ես. այս նրա խոսքերն են։ «Ի՞նչ կտաք», ասում եմ, «որ ոչ ոքի ոչինչ չասեմ»։ «Ինչ կուզես», ասում է, «Երբ փող ուզեմ տվեք»։ «Լավ», ասում է։ Լա՛վ ու լավ. այնուհետև «տես, թե ի՛նչպիսի պահանջներ եմ անում հարյուր, երկու հարյուր և այլն մանեթները ես քեզ ճշմարիտ բան եմ ասում սկսում են հորս անդունդից գրպանս տեղափոխվել։ Այդպիսի ժամանակ մի քիչ չեմ ու չում կանե, իսկույն՝ «հայրի՛կ, Սան-Սուսին», և նա ձայնը կկտրե... (ծիծաղում է): Բայց այդ դեռ ոչինչ. ես մի ուրիշ, ավելի սուր զենք ունեմ ձեռքիս։ Այդ էլ պատմե՞մ։ Լսիր։ Դու մի ասիր՝ հորս շատ է դուր գալիս իմ այս նոր սիրուհիս... Դու հորս այդպես մի՛ նայիր, ամենաառաջին Դոնժուանն է, չէ՛, ի՞նչպես են ուրիշ տեսակ ասում... հա՞, ամենաառաջին լովելասն է... Հայրս, դու ես իմ պարոնը, նրան մի նամակ է գրում, այսինքըն՝ սիրուհուս։ Քեզ հայտնի կլինի, է՛լի, այդպիսի նամակների բովանդակությունը... Սիրուհիս մերժում է սրան. նա այսպիսի ծերերի հետ չի ուզում գործ ունենալ, և այդպիսով էլ բանը վերջանում է։ Հորս գրած նամակը գտնում եմ սիրուհուս սեղանի վրա, անսաս վերցնում եմ և գրպանս եմ կոխում։ Հարկավոր դեպքում դրանից էլ մեծ օգուտներ կարելի է քաղել։ (Ծիծաղելով): Չէ՞, ի՞նչ ես կարծում։
ԹՈՐՈՍՅԱՆ (վեր կենալով): Երանի՛ քեզ ...աշխարհս քեզպեսներինն է։
ՎԱՆՈ։ Բաս չէ ու քեզպեսներինն է․․․ Ո՞ւր ես գնում։
ԹՈՐՈՍՅԱՆ։ Սենյակս։
ՎԱՆՈ։ Ինչո՞ւ. դու հրավիրված չե՞ս։ (Վեր է կենում):
ԹՈՐՈՍՅԱՆ։ Հրավիրված եմ, բայց գլուխս ցավում է։ (Հեռանում է պարտեզի աջ կողմը):
ՏԵՍԻԼ XVIII
Վանո (միայն)
Ասենք քո գլուխը միշտ ցավում է․․․ Է՜, հիմա ի՞նչպես անենք, որ հորս տեսնեմ... Բայց որ սպանեն, ես վերև չեմ գնալ, իսկ առանց փողի էլ այստեղից չեմ հեռանալ... Հ՞ըա, ի՞նչպես անեմ... Ա՜, ահա՛ նա։ (Առաջ է գնում դեպի Պետրոսը, որ գալիս է պարտեզի աջ կողմից)
ՏԵՍԻԼ XIX
Պետրոս, Վանո
ՎԱՆՈ։ Բարի երեկո, հայրիկ։ Ես ուզում էի ձեզ տեսնել և դուք էլ եկաք։
ՊԵՏՐՈՍ։ Հա-ա՞... ի՞նչ կհրամայես։
ՎԱՆՈ։ Փող եմ ուզում։
ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, այդպես մե բա՞շ... Գնա՛ էգուց արի։ (Գնում է դեպի սանղուղքը):
ՎԱՆՈ (Նրա ետևից): Հայրի՛կ, ես հանաք չեմ անում, գիտե՞ք։ (Պետրոսը չէ լսում և շարունակում է առաջ գնալ): Սա՛ն-Սուսին...
ՊԵՏՐՈՍ (շուռ է գալիս և կատաղած կամաց-կամաց մոտենալով նրան): Անպիտա՛ն և լիրբ, դու կարծում ես, թե հիմա է՞լ կվախենամ այդ անիծած խոսքից, հա՞․․․
ՎԱՆՈ։ Կարծում եմ։
ՊԵՏՐՈՍ։ Բայց փո՛ւչ կենդանի, ինչո՞վ դու կարող ես հաստատել, որ ես Սան-Սուսիում եղած եմ...
ՎԱՆՈ։ Մի «բարոյական» կնո՞ջ հետ, ո՞վ է ասում, թե կարող եմ հաստատել...
ՊԵՏՐՈՍ։ Ա՜, ուրեմն դու սո՛ւտ ես ասում, ավազա՛կ, երբոր չես կարող հաստատել... Հիմա ես խելքի եմ եկել, անառա՛կ, խելքի եմ եկել. էլ չես կարող ինձ առաջվա նման խաղացնել... Առաջ էլ խելագար էի, որ այդ անիծած խոսքը քեզանից լսելուն պես՝ հարյուրները բուռդ էի կոխում, որպեսզի պապանձվեիր և ոչ ոքի չասեիր այդ խայտառակության մասին․ բայց այնքան չէի մտածում, որ դու այդ հաստատել չե՛ս կարող, ավազա՛կ․․․ Ես ամենքին կհավատացնեի, որ դու լրբաբար սուտ ես ասում, որպեսզի ինձանից փողեր գջլես...
ՎԱՆՈ։ Բայց խո իսկապես սուտ չէ՞, հայրիկ, որ ես ձեզ բռնեցի Սան-Սուսիում մի «բարոյական» կնոջ հետ ընթրելիս։
ՊԵՏՐՈՍ։ Սու՛տ է...
ՎԱՆՈ։ Իմ առաջս է՞լ եք ուրանում։
ՊԵՏՐՈՍ։ Ամենքի, ամենքի առաջ, ավազա՛կ...
ՎԱՆՈ։ Վա՛հ, էլ ի՞նչ եք այդպես բղավում․ չե՞ք վախենում, որ տանն իմանան և գան։
ՊԵՏՐՈՍ։ Թո՛ղ, ով ուզում է, գա... դու լրբաբար սուտ ես ասում, անառակ...
ՎԱՆՈ։ Բայց, հայրիկ, եթե ես սուտ եմ ասում և հիմա էլ սուտ եմ ասում, բաս ինչո՞ւ Սան-Սուսի բառը լսելուն պես, ինչպես դուք եք ասում, հարյուրները բուռս էիք կոխում։
ՊԵՏՐՈՍ։ Այդ հաստատիր նրանց առաջ, նրանց կնոջս և աղջկաս առաջ, ավազակ... բացի մեզանից, ոչ ոքի խո հայտնի չէ՞, թե ես քեզ մի այդպիսի բանի համար հարյուրներ էի տալիս։
ՎԱՆՈ։ Այդ դեռ մեզ համար, հայրիկ, մեզ համար. ես ուզում եմ, որ դուք ձեր սեփական բերանով խոստովանեք, որ ես սուտ չեմ ասում, իսկ հետո, երևի, մի բան կգտնվի, որով կկարողանանք այդ բանը նրանց էլ հաստատել։
ՊԵՏՐՈՍ։ Ոչի՛նչ չի գտնվիլ, ոչի՛նչ, ավազա՛կ, և... կործանվի՛ր այստեղից... Այսուհետև չհամարձակվես այս տունը ոտք դնել, թե չէ ես գիտեմ, թե ինչպես կվարվեմ քեզ հետ... Լի՛րբ և անառա՛կ... (Մի կատաղի հայացք գցելով նրա վրա, շուռ է գալիս և գնում է դեպի սանդուղքը):
ՎԱՆՈ (Նրա հետևից): Իսկ Անիչկային գրած նամակիդ ի՞նչ կասեք, հայրիկ... (Տեսնելով, որ նա չէ լսում իրեն, ձայնը բարձրացնում է առանձին շեշտելով): Ինձ մո՛տ է։
ՊԵՏՐՈՍ (վերջին խոսքերի վրա հանկարծ շուռ է գալիս և շտապով մոտենում է նրան): Ի՞նչ ասեցիր։
ՎԱՆՈ։ Ոչինչ։
ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ի՞նչ ասեցիր հիմա ետևիցս։
ՎԱՆՈ։ Միևնույն չէ՞ ինչ որ ասեցի. ես սուտ եմ ասում։
ՊԵՏՐՈՍ։ Դու կարծեմ, նամակի անուն տվիր։
ՎԱՆՈ։ Ի՞նչ անենք որ։
ՊԵՏՐՈՍ։ Ասացիր, որ քեզ մոտ է։
ՎԱՆՈ։ Ասեցի, հետո՞։
ՊԵՏՐՈՍ։ Ցույց տուր տեսնեմ։
ՎԱՆՈ։ Ինչո՞ւ։
ՊԵՏՐՈՍ։ Տեսնեմ այդ այդ նամա՞կն է...
ՎԱՆՈ։ Ո՞ր նամակը։
ՊԵՏՐՈՍ (նրա վրա մի փորձող հայացք ձգելուց հետո): Ա՛յ դու, լի՛րբ և անամոթ... դու դարձյալ սուտ ես ասում... դու հիմա այդ ես մոգոնել, ի՛նչ է շարունակես ինձնից փողեր գջլել...
ՎԱՆՈ։ Ի՞նչ եմ մոգոնել։
ՊԵՏՐՈՍ։ Որ իբր թե ես նամակ եմ գրել...
ՎԱՆՈ։ Ո՞ւմը։
ՊԵՏՐՈՍ։ Անիչկային...
ՎԱՆՈ։ Անիչկան ո՞վ է։
ՊԵՏՐՈՍ։ Ես ի՞նչ գիտեմ, ավազա՛կ... այդ դու մոգոնում ես, մոգոնում...
ՎԱՆՈ։ Ուրեմն՝ բարի զիշեր, հայրիկ, էլ ի՛նչ հարկավոր է այդքան բարկանալ. ես միշտ սուտ եմ ասում և մոգոնում։ Բարի գիշեր... կամ թե չէ՝ մնաք բարով։ (Հանդարտ գնում է դեպի պարտեզի մուտքը՝ ձախ կողմը):
ՊԵՏՐՈՍ (կանգնած է սաստիկ անվճռական դրության մեջ. հանկարծ կանչելով նրա ետևից): Մինչև ցույց չտաս, չեմ հավատալ...
ՎԱՆՈ (կանգ է առնում և ուսի վրայից ետ նայելով)։ Ի՞նչ չեք հավատալ։
ՊԵՏՐՈՍ։ Որ... (Առանձին)։ Թո՜ւ, դժոխքը քեզ կլանի... (Նրան): Որ... (Առանձին): Տե՛ր աստված, ի՜նչ սարսափելի դրություն... (Նրան): Որ... որ...
ՎԱՆՈ։ Հ՛ը...
ՊԵՏՐՈՍ։ Որ... որ այդ... որ այդ իմ գրած նամակն է...
ՎԱՆՈ (շուռ է գալիս և ժպտալով գալիս է առաջ): Ուրեմն՝ տեսնում եք, հայրիկ, որ ես սուտ չեմ ասում և չեմ մոգոնում։
ՊԵՏՐՈՍ (որ դեմքը շրջած ունի նրանից): Ցույց տուր, ցույց տուր տեսնեմ։
ՎԱՆՈ։ Ասենք, ցույց տալով, ցույց կտանք, բայց... հետո՞:
ՊԵՏՐՈՍ։ Հետո՞... հետո էլ ի՞նչ... հետո կպատռենք և դեն կածենք։
ՎԱՆՈ։ Հա ա՞... (գլուխ տալով): Ուրեմն՝ պատիվ ունեմ անխելք երեխաս...
ՊԵՏՐՈՍ։ Բաս ուրիշ ի՞նչ պետք է անես։
ՎԱՆՈ։ Ոչինչ... կպատռտենք և դեն կածենք, հա՜, հա՜, հա՜... (Ուզում է գնալ):
ՊԵՏՐՈՍ։ Բայց ես դեռ չգիտեմ՝ այդ իմ գրած նամակն է, թե ոչ։
ՎԱՆՈ։ Կտեսնեք և կհամոզվեք։
ՊԵՏՐՈՍ։ Ուրեմն ցույց տուր։
ՎԱՆՈ։ Ի՞նչ ենք այսպես երկար խոսում, հայրիկ։ Նախ և առաջ պայման կապենք, եթե ինձ մոտ գտնված նամակը ձեր գրածը լինի, խո որքան փող որ կամենամ, դուք նույն րոպեին տաք ինձ և նամակն էլ նույն րոպեին ես ձեզ հանձնեմ և ինչ կամենաք՝ արեք նրա հետ, իսկ եթե նամակը ձեր գրածը չի լինիլ, նո՛ւ, և ավելորդ է, ուրեմն, ձեզ այդպես վախենալ։ Համաձա՞յն եք։
ՊԵՏՐՈՍ։ Ինչպես թե որքան փող որ կամենաս, նույն րոպեին տամ քեզ։
ՎԱՆՈ։ Այնպես, հարյուր, երկու հարյուր, հինգ հարյուր... վերջապես որքան քեֆս տա։
ՊԵՏՐՈՍ (առանձին, հուսահատ): Տե՛ր աստված, ա՜յսպես էլ կրակ... ա՜յսպես էլ պատիժ... (նրան, հանկարծակի վճռականությամբ): Համաձայն եմ... հանի՛ր տեսնեմ։
ՎԱՆՈ։ Այս րոպեիս (Ձեռքը գրպանն է տանում): Բայց մի պայման էլ...
ՊԵՏՐՈՍ։ Դարձյալ...
ՎԱՆՈ։ Որ դուք մեկ փոքր հեռու կանգնեք։
ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ։
ՎԱՆՈ։ Ով գիտե. ասում են, որ նախազգուշությունը լավ բան է...
ՊԵՏՐՈՍ։ Հանի՛ր, հանի՛ր տե՛սնեմ։
ՎԱՆՈ։ Ա՛յ, այս րոպեիս։ (Գրպանից հանում է թղթապահը, իսկ նրա միջից մի նամակ): Համեցեք։ (Հեռվից ցույց է տալիս): Բայց, խնդրեմ, մի՛ մոտենաք։
ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Մութն է, չեմ տեսնում։
ՎԱՆՈ (հեռանալով): Լուսինը, կարծեմ, այնքան խավար չէ լուսավորում, որ չկարողանաք տեսնել։
ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Թուղթն, այո՛, տեսնում եմ, բայց գրածը որոշել չեմ կարողանում։
ՎԱՆՈ։ Սպասեցեք, այս րոպեիս։ (Երկուսն էլ կանգ են առնում): Խնդրեմ քիչ հեռու կանգնեցեք։ (Գրպանից մի լուցկի է հանում): Այդպես... և չմոտենաք։ (Լուցկին վառում է և նրանով լուսավորում է նամակը): Հիմա նայեցեք. ձերն է գրածը... խո կարողանո՞ւմ եք որոշել։
ՊԵՏՐՈՍ։ (Գլուխն առաջ տանելով): Ապա, ապա... (Հանկարծ հարձակվում է, որպեսզի խլե նամակը): Անպիտա՛ն, ո՞վ է տվել քեզ այդ նամակը...
ՎԱՆՈ (նամակն իսկույն քամակն է տանում և ետ ու ետ գնալով): Ա՜, ներեցեք... հափշտակելը լավ չէ... ես ձեզ ասեցի, որ չմոտենաք։ Հիմա համոզվեցի՞ք, որ նամակը ձեր գրածն է։
ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ի՞նչքան ես ուզում։
ՎԱՆՈ։ Ինչքա՞ն... Հիմա ինձ հարկավոր է... քիչ է հարկավոր. այդպես... երկու հարյուր ռուբլի, ավել չէ։
ՊԵՏՐՈՍ։ Այստեղ ինձ մոտ գտնվում է ընդամենը... յոթանասուն ռուբլի։ Տուր նամակն և ստացիր փողերը։
ՎԱՆՈ։ Ներեցեք, ես այդպես էժան չեմ ծախիլ այս նամակը. սա արժե, առանց պակասեցնելու կամ ավելացնելու, ուղիղ հազար ռուբլի։ Վերջի գինն է։ (Նամակը կրկին թղթապանակն է դնում և պահում է):
ՊԵՏՐՈՍ։ Բայց դու ասեցիր երկու հարյուր:
ՎԱՆՈ։ Այո՛, բայց այդ, ասեցի, հիմա, այս րոպեիս է հարկավոր։
ՊԵՏՐՈՍ։ Հիմա չկա մոտս այդ գումարը. ընդամենը յոթանասուն ռուբլի ունեմ։
ՎԱՆՈ։ Գնացեք բերեք, ես այստեղ կսպասեմ... Նո՛ւ, ոչինչ, ոչինչ, այս գիշեր դրանով էլ կարելի է յոլա գնալ... Հիմա տվեք այդ յոթանասուն ռուբլին և երբ մնացածն էլ կլրացնեք, նամակն այն ժամանակ կստանաք։
ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, նամակն ուզում ես քեզ մոտ պահել...
ՎԱՆՈ։ Ի՞նչ վնաս. այս ոչ ոք չի տեսնիլ... կամ թե չէ, եթե վախենում եք, կարող եք այս րոպեիս ևեթ վճարել հազար ռուբլին և ստանալ նամակը։ Բայց ես ասում եմ, որ ոչինչ վնաս չկա։
ՊԵՏՐՈՍ (խղճալի ձայնով): Ա՛պիտան, դու ուզում ես ինձ աղքատացնել...
ՎԱՆՈ։ Ձեր կամքն է, հայրիկ։
ՊԵՏՐՈՍ։ Դու ուզում ես ինձ անպատվե՞լ, խայտառակե՞լ... դու ուզում ես ինձ ամենքի առաջ ամոթահար, սև երես դուրս բերել...
ՎԱՆՈ։ Այդ ձեզանից է կախված, հայրիկ։
ՊԵՏՐՈՍ։ Մեղք չե՞մ ես... մի՞թե չես խղճում քո հորը...
ՎԱՆՈ։ Հայրիկ, ախր ես էլ մեղք եմ, փող չունեմ։
ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե ես քեզ նրա համար եմ պահել, մեծացրել, որ դու ինձ հետ այդպես անգութ կերպով վարվես... ախր մենք հայր ու որդի ենք, որդի... ախր ամոթ է մինչև անգամ...
ՎԱՆՈ։ Չե՞ք տալիս... գնում եմ ա՛յ...
ՊԵՏՐՈՍ։ Կա՛ց, անառակ... տա՛ր, ինչ ուզում ես։
ՎԱՆՈ։ Էլ ի՞նչ հարկավոր է երկար ու բարակ խոսել, երբ վերջը պետք է համաձայնեք... Քիչ էր մնում, որ լացացնեիք։
ՊԵՏՐՈՍ (թղթապանակից հանում է յուր բոլոր փողը և տալով նրան): Ա՛ռ և գնա՛ կորի՛ր աչքիցս։
ՎԱՆՈ (առնում է և սկսում է համարել): Մեկ, երկու, երեք, չորս, յոթը, տասը, տասն և հինգ, քսան, քսան և հինգ, երեսուն, երեսուն և հինգ, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն... Ուղիղ է։ Նու, հայրիկ, երբ մնացածն էլ կտաք, այն ժամանակ կստանաք նամակը. իսկ մինչև այդ ժամանակ դուք բոլորովին հանգիստ կարող եք լինել։ (Թղթապահը հանում է, փողը մեջն է դնում և պահում է): Ձեր նամակն, ասում եմ, ոչ ոք չի տեսնիլ. նա ինձ մոտ ավելի ապահով կմընա, քան թե ձեզ մոտ։
ՊԵՏՐՈՍ։ Հեռացի՛ր, կորի՛ր ի սեր աստուծո։
ՎԱՆՈ։ Ցտեսություն, հայրիկ, բարի գիշեր․․․ Ես այնքան էլ փչացած տղա չեմ, որքան...
ՊԵՏՐՈՍ (գոռալով), կկորչես, թե չէ... (Վանոն գլուխ է տալիս և դուրս է գնում ձախ կողմը)։
ՏԵՍԻԼ XX
Պետրոս (միայն)
Այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, տեր աստված, այս ի՞նչ պատիժ է հասել գլխիս... Ո՞րտեղից գրեցի ես այն անիծված նամակը... Ասա էլ ի՞նչ քո ժամանակն է այդպիսի բաների ետևից ընկնել, տո, տո, տո... Ծե՛ր էշ, տո, տո, տո... քավթա՛ռ շուն... Ինչո՞վ չես ուզում թողնել երիտասարդական հիմարություններդ... ահագին ընտանիքի տեր մարդ ես... Ա՜խ, ա՜խ, բայց այդ փչացածի ձեռքը ո՞րտեղից է ընկել այդ նամակը, ո՞վ է տվել դրան... (Կատաղած ման է գալիս): Օ՜հ, ի՞նչ անեի, չհամաձայնեի, բացի կնոջիցս և աղջկանիցս, նա ինձ և՛ ուրիշների առաջ կխայտառակեր այդ անիծված նամակով... Ես դիտմամբ ամեն շաբաթ երեկո և կիրակի առավոտ եկեղեցի եմ գնում, աղքատներին բացարձակապես ողորմություն եմ տալիս, ինչ է՝ կարծեն, որ ես մի աստվածասեր և ողորմած մարդ եմ, որպեսզի այդպիսությունով ծածկեմ իմ ներքին կյանքը, և հանկարծ հայտնվի մի այդպիսի նամակ, որ իմ սեփական ձեռքովս գրված, ի՞նչ կկարծեն իմ մասին... Ի՜նչ խայտառակություն, ի՜նչ խայտառակություն... Ա՜խ... ահա՜, իմ հարազատ որդիս, իմ միսս ու արյունս ինձ ի՛նչ տեղն է գցել... Օ՜, փչանար դա մոր փորում և լույս աշխարհ չտեսներ, այդ անառա՛կը, այդ ավազա՛կը, այդ... այդ... օձը, օձի ճուտը... Ո՛չ, պետք է շուտով առանց ուշացնելու, իրեն սևցնել յուր պահանջած գումարն և ոչնչացնել այդ անիծված նամակը․․․ Բայց... (կանգ է առնում հուսահատ) հազա՜ր ռուբլի, հազա՜ր ռուբլի... (Ավելի կատաղած ման գալով): Օ՜հ, կրա՜կ, կրա՜կ․․․ դժոխքի բաժին լինիս դու, Վանո՜... Ա՛յ, կոտրվեր այս ձեռքը (ձախ ձեռքով խփում է աջ ձեռքին), որ այն անիծված, միլիոն անգամ անիծված նամակը չէր գրել... Ի՞նչ սարսափելի դրություն... Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ... Հազա՜ր ռուբլի մի նամակը, մի թղթի՜ կտորը... (գլխին խփելով): Օ՜հ, գի՜ժ, գի՜ժ Պետրոս, քո հախդ է, քո հախդ... (Ընկնում է նստարանի վրա):
Վարագույրն իջնում է։