Нар-Дос

Մեղր և ճանճեր

Արարված երկրորդ

Մի դահլիճ Թաթուլյանների տանը: Աջ, ձախ և դիմացը դռներ. աջ դուռը տանում է դեպի Պետրոսի առանձնասենյակը, ձախը՝ դեպի մյուս սենյակներն, իսկ դիմացինը՝ դեպի նախասենյակ։ Բոլոր դռներին կախված են թանկագին վարագույրներ։ Կահավորանքը շքեղ և հարուստ: Պատերից կախված են զանազան գեղանկարներ ոսկեզօծ շրջանակներով։ Բոլոր հատակը ծածկված է թանկագին գորգով։

ՏԵՍԻԼ I

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (նախասենյակում): Ասա, որ շնորհ բերե այստեղ։ (Մտնում է և մի քանի վայրկյանից հետո դիմավորելով Ստեփանին, որ մտնում է): Ա՜. պ. Ստեփան, համեցեք։

ՍՏԵՓԱՆ։ Ես գալիս եմ ուղղակի մեր եկեղեցուց։ Բարև ձեզ: Անցնում էի այսպես, ասեցի լավ կլինի, եթե մտնեմ բարեկամներիս մոտ՝ առողջությունր հարցնելու։ Ի՞նչպես եք, առո՞ղջ եք։

ՊԵՏՐՈՍ։ Փառք աստուծո... Հա՛, կարծեմ այսօր ինչ-որ ժողով պետք է լիներ ձեր եկեղեցում։

ՍՏԵՓԱՆ։ Այո. ես ձեզ իսկույն կպատմեմ։

ՊԵՏՐՈՍ (գահավորակը ցույց տալով): Խնդրեմ համեցեք։

ՍՏԵՓԱՆ (նստում է): Անպատճառ լսած կլինեք, որ մեր եկեղեցու երեցփոխը եկեղեցու փողերը տակովն է արել։

ՊԵՏՐՈՍ (որ նույնպես նստել է նրա դիմացը՝ բազկաթոռի մեջ): Լսել եմ։

ՍՏԵՓԱՆ։ Հա՜։ Այսօր ծխականների ժողով են նշանակում, որպեսզի նոր երեցփոխ ընտրեն և հին երեցփոխից հաշիվ պահանջեն։ Առաջինն, իհարկե, իբրև նշանավոր մարդու, ինձ են հրավիրում, թեև, ճշմարիտն ասած, զահլաս գնում է այդպիսի հիմար գործերից։ Գնում եմ։ Ուսումնարանում տեղ չկա. այնքան մարդ է հավաքվել։ Ինձ են սպասում։ Մտնում եմ, թե չէ, իսկույն ամենքն էլ վեր են կենում տեղերից և ինձ խոր գլուխ են տալիս...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տեսնո՞ւմ եք ի՜նչ մեծ մարդ է... (Նրան): Փողը ո՞րքան է լինում տակովն արած։

ՍՏԵՓԱՆ Ասում են որ... կարծեմ... հա՛, յոթն հազար մանեթ։

ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե։

ՍՏԵՓԱՆ։ Չնչի՜ն գումար․․․

ՊԵՏՐՈՍ (առանձին) Օ՜ հո՛․․․

ՍՏԵՓԱՆ: Յոթն հազար մանեթ այս րոպեիս տարեկան իմ որդին է ստանում... նույնպես և քո...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տե՜ր ողորմյա, սա ինձ էշ է կարծում, ի՛նչ է...

ՍՏԵՓԱՆ։ Հա՛, և այդպես... սկսում են մարդիկ ընտրել երեցփոխից հաշիվ պահանջելու։ Իբրև նշանավոր մարդ, ես ընտրվում եմ, իհարկե, միաձայն։ Բայց նույն րոպեին էլ հրաժարվում եմ, ասելով, որ ես այդպիսի բաների համար ժամանակ չունեմ։ Եվ ճշմարիտ, որ չունեմ։ Սկսում են խնդրել, աղաչել, որ հրաժարականս ետ առնեմ, բայց ես իմն եմ պնդում։ Ո՛չ ուզում են նոր մարդ ընտրել իմ տեղը, և ո՛ւմ պետք է ընտրեին, որ կարողանար իմ տեղը բռնել, ո՛չ ուզում են հրաժարականս ընդունել։ Բայց խո գիտեք, որ իմ «այո»-ն այո՛ է և «ոչն» ո՛չ. հենց մի գլուխ իմն եմ պնդում... Հանկարծ ինչ եք կարծում վեր է կենում մեր տաք գլուխ երիտասարդներից կամ, ավելի ուղիղն ասած, մեր բերան-պատռած և լիրբ կինտոներից մեկը և ի՞նչ է ասում, «շատ մի՛ խնդրեք, հրաժարվում է, թո՛ղ հրաժարվի», ինձ համար է ասում, գիտե՞ք. «ուրիշ մարդ չկա՞, որ դրա փեշերքը չպատռտեք»։ Տե՛ր ողորմյա, խաչակնքում եմ երեսս... (Վեր կենալով և ոտները կատաղությամբ հատակին խփելով՝ գոռում է): Այդ ո՞վ է համարձակվում իմ առաջս այդպես խոսել... (Ձայնը ցածրացնելով): Սս՜ս... ձայն-ծպտուն չկա, կարծես, ամենքն էլ քարացել են... Արյունս գլխիս ընկած՝ դես եմ նայում, դեն եմ նայում, որ գտնեմ այն կինտոյին, բայց ո՞ւր է կինտո. ձայնս լսելուն պես այնպես դուրս է փախել, որ ոչ ոք չի տեսել... թե չէ՝ որ բռնեի, գիտե՞ք ի՛նչ կանեի. աստված է վկա, այնտեղ և եթ մաս-մաս կանեի... վերջապես, ախր, հասարակ մարդ չեմ, որ ամեն տեղից վեր կացողը, ամեն մի մասխարան կարողանա ասել ինձ, ինչ կամենում է... Եվ ի՞նչ եք կարծում, հետո ի՞նչ արեցի. ուղղակի գլխարկս վերցրի և դուրս եկա... Հապա՛։ Հիմա ես համոզված եմ, որ ինձանից հետո այնտեղ էլ ոչ մի մարդ չէր մնալ։

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ (նորից նստելով): Օ՜, այդ ազգասեր երիտասարդները... բռնես և ամեն մեկին քսան-քսան րոզգի խփես по солдатский, որ խելքի գան, քսան-քսան, ավել չէ։ Էլ դրանց ձեռքից հանգստություն չկա, է՛լի... Եղբայր, թող ի՛նչ ուզում են խոսեն, թող ի՛նչ ուզում են դուրս տան իրենց հիվանդ գլխից. բայց գոնե մեզ հանգիստ թողնեն, է՜,... Տե՛ր ողորմյա... Դրանցից մեկն էլ, կարծեմ, ձեր կենացողն է... ուսանող է, ինչ է... այն անտաշն և գժերի գիժը... Անցյալ օրն էլ կնոջս է կպել, թե ինչո՞ւ հայերեն չէ խոսում... Ա՛յնպիսի իրավունքներ են գործ դնում, ա՛յնպիսի իրավունքներ, որ զարմանում ես ճշմարիտ, թե այս բերանպատռածները ո՛րտեղ են մեծացել, որտեղ են կրթվել։

ՊԵՏՐՈՍ։ Ճշմարիտ է, այդ տղաները շատ փչացած են...

ՍՏԵՓԱՆ։ Է՛հ, մախլաս, մախլաս... թողնենք այս խոսակցությունը, թե չէ՝ ես վախենում եմ, որ վերջ չի ունենալ... Ուր են տիկինն ու օրիորդը։

ՊԵՏՐՈՍ։ Դուրս են գնացել։

ՍՏԵՓԱՆ։ Այսպես վա՞ղ։

ՊԵՏՐՈՍ։ Վաղ չէ․ ժամը տասնևմեկին մոտ է։ Նրանք առհասարակ սովորություն ունեն առավոտները, թեյից հետո, դուրս գնալ զբոսնելու, մանավանդ որ այսօր կիրակի է և եղանակն էլ լավ։

ՍՏԵՓԱՆ։ Ա՜... Լավ է դուք էլ չեք գնացել նրանց հետ զբոսնելու։

ՊԵՏՐՈՍ։ Չէ. ես տանը մի փոքր գործ ունեի, չկարողացա դուրս գնալ։

ՍՏԵՓԱՆ (վեր կենալով): Ես էլ գործ ունեի, բայց... այն անպիտաններն ինձ ուշացրին... և բավական չէ, որ ուշացրին, արյունս էլ հետը պղտորեցին։ (Պետրոսը նույնպես վեր է կենում): Ուրի՞շ. տիկինն ու օրիորդը խո լա՞վ են։

ՊԵՏՐՈՍ։ Փառք աստուծո։

ՍՏԵՓԱՆ։ Իմ կողմից շատ և շատ բարև կանեք... Օրիորդին կասեք... Հա՛, լավ միտս եկավ, քիչ էր մնում՝ մոռանում էի... ես ձեզ մեկ բան պատմեմ, պ. Պետրոս, և դուք մի կուշտ ծիծաղեցեք։ Անցյալ օրը մեկ անունը չեմ հիշում վաճառական մեզ մոտ միջնորդ էր ուղարկել, որ իմ տղայիս Ալեքսանդրի համար յուր աղջիկն առնենք։ Նա առաջարկում էր հարյուր հազար ռուբլի փող և մի գեղեցկաշեն տուն, հասկանո՞ւմ եք, հա՜, հա՜, հա՜... Աղջիկն էլ, ասում է, բավական զարգացած է և գեղեցիկ... Մենք, էլ ի՛նչ ասել կուզե, անմիջապես մերժեցինք, ասելով որ ի զուր են նեղություն կրել, որովհետև մեր տղան արդեն ունի յուր հարսնացուն, որին թե՛ նա և թե՛ մենք հոգով չափ սիրում ենք և որը շուտով նրա կինը կդառնա... Եվ զարմանալի է, մի քանի օրից հետո մեկ ուրիշն է գալիս, հա՜, հա՜, հա՜... դարձյալ բավական մեծ փող է առաջարկում և փողի հետ էլ այգի, հա՜, հա՜, հա՜... Րայց դուք գիտեք, պ. Պետրոս, որ եթե նրանց աղջիկը ոտով-գլխով ոսկի էլ դառնա, դարձյալ մենք կմերժենք... և այդ հասկանալի է... որովհետև ձեզանից լավ բարեկամներ էլ ուրիշ ո՞րտեղ կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Թե աստված կսիրես... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Եվ օրիորդ Սոֆիայից էլ ավելի համեստ, ավելի գեղեցիկ և զարգացած հարս ուրիշ ո՞վ կարող է տալ մեզ։

ՊԵՏՐՈՍ (առանձին): Իհարկե, ոչ ոք... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Օր. Սոֆիան որ կա, մեկն է ամբողջ աշխարհիս երեսին թե՛ գեղեցկությամբ, թե՛ համեստությամբ, թե՛ շնորհքով և թե՛... մի խոսքով՝ ամեն, ամեն բանով... Չկարծեք, թե ես այդ շողոքորթությամբ եմ ասում, քավ լիցի. շողոքորթությունն ես ատել եմ, որպես մի ամենազզվելի բան, որ պատվավոր մարդուն երբեք չի վայելի, թե չէ, փառք աստծո, մենք միմյանց նոր չպետք է ճանաչենք... Ես ասում եմ այն, ինչ որ ճշմարիտ է...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Վա՛հ, ո՞վ է բան ասում... (Նրան)։ Տե՛ր իմ աստված, ի՛նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ։ Բայց գիտե՞ք, պ. Պետրոս, թե ինչի համար են ամենքն այսպես գլուխ պատռում մեզ համար։

ՊԵՏՐՈՍ։ Ինչի՞ համար։

ՍՏԵՓԱՆ։ Որովհետև մենք, ինչպես ձեզ էլ հայտնի է, բավական բարձր ունեցող մարդիկ ենք...

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ։ Այդպե՛ս, պ. Պետրոս... Եվ ում համար մեծ պատիվ չէ մեզ նման բարեկամներ ունենալ, հա՜, հա՜, հա՜... և, իհարկե, այդ բանի համար ամեն մեկը, մեզ նմաններին ձեռքից չթողնելու համար, ո՜չ թե հարյուր հազարներ, այլև՛, մինչև անգամ, միլիոններ կտա...

ՊԵՏՐՈՍ։ Իհա՛րկե, իհա՛րկե...

ՍՏԵՓԱՆ։ Իսկ հիմա կարող եմ ասել՝ ցտեսություն, պ. Պետրոս։

ՊԵՏՐՈՍ։ Մնացեք, սուրճ անուշ արեք։

ՍՏԵՓԱՆ։ Չէ, չեմ կարող, շատ եմ շտապում... Իմ կողմից բարև արեք տ. Եղիսաբեթին և օր. Սոֆիային... մեր ապագա հարս օր. Սոֆիային, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Ջուխտ աչքիս վրա։ (Ստեփանը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ II
Պետրոս (միայն)

Ա՜յ կաշի... ի՜նչ զլել էր, է՜... այնքան քամիք փչեց և ո՛չ մի անգամ չկարմրեց... Է՜, իմ սիրելի պո՜լկովնիկ, ղորթ որ էշ խո չէի, որ չհասկանայի, թե ինչի՛ համար էիր դու ինձ մոտ շնորհ բերել. եկել էիր որ ասես, թե հարյուր հազարներ եք ուզում, է՛լի, այդպես էլ կասեիր, կպրծներ, էլ ի՞նչ էիր սուտ ու մուտ բաներ մոգոնում... Ա՜խ, Տե՜ր աստված, ի՛նչքան անտանելի են մեծամիտ մարդիկ... (Լռության): Կոպեկ չեմ տալ, կոպեկ... Նրանց որ հարյուր հազարներ տամ, բաս մեզ ի՞նչ մնա... Այս անիծված ժամանակն էլ բոլորովին առևտուր չկա, իսկ փողը ջրի պես է գնում։ Մի կողմից մենք ենք ծախսում տանը, մյուս կողմից այս փուչ-փչանալու փոքր տղաս է վատնում, երրորդ կողմից... կլուբներումն է ահագին գումարներ գնում... հիմա ծառաների, գործակատարների վարձը և... ես ի՞նչ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ... Ամեն կողմից տանում են հա՛ տանում, իսկ բերող ոչոք չկա... Ի՞նչ կլինի վերջն իմ դրությունն, եթե միշտ այսպես շարունակվի... բոլոր հույսս մեծ որդուս վրա է. տեսնենք նրա գործն ի՛նչպես կգնա Մոսկվայում... էլի փա՛ռք աստուծո, որ այդ մի տղաս գոնե խելոք է և ոչ անառակ ու վատնող, ինչպես այս անիծված փոքր տղաս, թե չէ նա այնտեղ ահագին գումարներ է տարել առևտրի ի՞նչ պետք է անեի ես, եթե նա վատներ այդ բոլորը... Օ՜, աստված մի՛ արասցե... Բաս պարտքե՞րս... Է՜ հա՜ ... ամպերը հավաքվում են... (Նստում է և, գլուխը կախելով, ընկղմվում է մտածմունքների մեջ)։

ՏԵՍԻԼ III
Սոնա, Պետրոս:

ՍՈՆԱ (Մտնում է գլխարկով և ձեռքին հովհար, նա գնում է դեպի սեղանը, վայր է դնում և ուզում է գլխարկը վերցնել, բայց հանկարծ զարմացած ետ է նայում Պետրոսի կողմը, որ չէ տեսնում նրան): Հայրի՛կ... (Պետրոսը չէ լսում): Հալրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ սթափվելով): Հը՞... Ա՜, դո՞ւ ես, Սոնա։ Զբոսնեցի՞ք։

ՍՈՆԱ։ Այո։

ՊԵՏՐՈՍ։ Մայրդ ո՞ւր է։

ՍՈՆԱ։ Յուր սենյակը մտավ։ (Գլխարկը վերցնում է, դնում է սեղանի վրա և մոտենում է Պետրոսին): Հայրի՛կ, ինչո՞ւ դուք այդպես տխուր եք։

ՊԵՏՐՈՍ։ Ես... տխուր չեմ։

ՍՈՆԱ։ Ի՜նչպես չէ... Հիվանդ խո չե՞ք։

ՊԵՏՐՈՍ։ Հիվա՞նդ․․․ ամենևին։

ՍՈՆԱ։ Բաս ինչո՞ւ այդպես վատ եք... ես տեսնում եմ... առավոտյան այդպես չէիք... Հը՞, հայրիկ... կամ ձեր բարկացրե՞լ են։

ՊԵՏՐՈՍ։ Գիտե՞ս ի՛նչ կա, Սոնա... ես քեզ մեկ բան եմ ուզում ասել։

ՍՈՆԱ։ Ասացեք, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Ամուսնության մասին, իհարկե, դու և Ալեքսանդրը խոսեցած կլինեք. փողի մասին խո նա քեզ ոչինչ չի ասել։

ՍՈՆԱ։ Ի՞նչ փողի մասին։

ՊԵՏՐՈՍ։ Օժիտի մասին։

ՍՈՆԱ։ Ոչ։

ՊԵՏՐՈՍ։ Այնպես, կատակով ասած կլինի, թե որքան պետք է տանես... Հը՞։

ՍՈՆԱւ Այո, կատակով ասել է։

ՊԵՏՐՈՍ։ Հա-ա՞... ո՞րքան։

ՍՈՆԱ։ Չեմ հիշում... հարյուր հազար, կարծեմ։

ՊԵՏՐՈՍ։ Հա՜, ա՛յդ է․․․

ՍՈՆԱ։ Ի՞նչ, հայրիկ... ինչո՞ւ էիք այդ հարցնում։

ՊԵՏՐՈՍ։ Ախր նրանք իսկապես հարյուր հազար են ուզում։

ՍՈՆԱ։ Ո՞վ ասաց։

ՊԵՏՐՈՍ։ Հայրը, Ալեքսանդրի հայրը։

ՍՈՆԱ։ Ե՞րբ ասաց։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜յ, հենց հիմա։ Նա այստեղ էր, ախր։

ՍՈՆԱ։ Հետո՞։

ՊԵՏՐՈՍ (Վեր կենալով): Հետո այն, որ ես այդքան փող չեմ կարող տալ... չունեմ։ (Ման է գալիս):

ՍՈՆԱ (կարճ լռությունից հետո): Ա՞յդ էիք ուզում ասել, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Այո։

ՍՈՆԱ։ Եվ մի՛ տվեք։

ՊԵՏՐՈՍ։ Եվ նա էլ քեզ չի ուզիլ։

ՍՈՆԱ։ Ի՞նչ եք ասում, հայրիկ, ես ձեզ չեմ հասկանում։

ՊԵՏՐՈՍ։ Այն եմ ասում, որ Ալեքսանդրը քեզ սիրում է փողի համար։

ՍՈՆԱ։ Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ։ Հայրիկ չէ, ղո՛րթ։

ՍՈՆԱ։ Ճշմարիտ չէ, հայրիկ, այդ... դուք սխալվում եք։

ՊԵՏՐՈՍ։ Չե՛մ սխալվում. խորամանկ մարդկանց ես շատ լավ եմ ճանաչում, իսկ քո այդ Ալեքսանդրը և նրա պոլկովնիկ հայրը ամենահիմար և ամենազզվելի խորամանկներն են, ուզում ես թեկուզ նեղացիր։ (Լռություն: Սոնան զարմացած նայում է նրան):

ՍՈՆԱ։ Նրա հայրն ուղղակի ձեզ ասաց, թե հարյուր հազա՞ր են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Ո՛չ. ուղղակի չասաց, բայց խոսակցությունն այնպես բերեց, որ ամենահիմարը պետք է լինեի, որ այդպես չհասկանայի։ Նա ասաց, որ յուր տղային շատերն են պատրաստ աղջիկ տալու հարյուր հազարներով, տներով, այգիներով, բայց, ասում է, մենք չենք ուզում ղրանց, այլ քո աղջիկն ենք ուզում։

ՍՈՆԱ։ Հետո այդտեղ ի՞նչ կա որ...

ՊԵՏՐՈՍ։ Է՛-է՜հ, ինչ երեխա ես, Սոնա, ա՛յն կա որ՝ դրանով նա ուզում էր մեզ իմաց տալ, որ հարյուր հազարը հիմիկուց պատրաստենք։ Բա՞ս։ Վերջապես, այնքան էլ խո հիմար չէի, որ չհասկանայի։

ՏԵՍԻԼ IV
Ծառա, Սոնա, Պետրոս:

ԾԱՌԱ (մտնում է): Ա՛ղա, փոշտալիոնը զակազնոյ նամակ ա բերել։

ՊԵՏՐՈՍ։ Թանաք կա՞ այնտեղ։

ԾԱՌԱ։ Կա (Պետրոսը դուրս է գնում, ծառան ետևից):

ՏԵՍԻԼ V
Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած նայում է Պետրոսի ետևից): Ես ոչինչ չեմ հասկանում, բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Ինձ փորձո՞ւմ է, թե... չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ...

ՏԵՍԻԼ VI
Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ (մտնում է բարկացած, նամակը ձեռքին): Դարձ՛յալ փող, դարձյա՛լ փող և դարձյա՛լ փող... Տե՛ր աստված, այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, որ դուրս գալ չեմ կարողանում... (նամակը կատաղությամբ շպրտելով հատակի վրա): Անիծվա՛ծ որդիք... աստված ձեզ ինձ որդիք խո չէ տվել, պատիժ է տվել, աստված պատժե ձեզ... (բարկացած ման է գալիս):

ՍՈՆԱ։ Հայրիկ, ի՞նչ է պատահել։

ՊԵՏՐՈՍ (չէ լսում և շարունակելով բարկացած ման գալ): Կարծես թե ամենքը միմյանց խոսք են տվել, որ ինձ տանջեն, չարչարեն, հոգիս հանեն... Ի՞նչ են ուզում ինձանից, է՜, ի՞նչ... Տե՛ր, ամենակարող աստված...

ՍՈՆԱ։ Ախր է՞նչ է պատահել, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Աստված ո՛չ գիտե քո եղբոր գլուխը. գնացել է, նստել Մոսկվայում, տարած փողերի համար դեռ ոչինչ հաշիվ չի ուղարկել և դեռ ուրիշ փողեր էլ է ուզում, բայց թե ինչ բանի համար, այդ ավելորդ է համարում գրել . հետևյալ նամակով, ասում է, հիմա ժամանակ չունեմ, բայց դու փողերը շուտով ուղարկիր, ասում է... Ա՛յ գիտի հա՜, Պետրոսը խելքը հացի հետ է կերել, է՛լի, որ չհասկանա, թե ինչ խորամանկություններ ես ուզում բանեցնել նրա գլխին... Սպասիր դու դեռ. ես խո՛ կիմանամ, թե դու այդտեղ ինչեր ես անում, խո՛ կիմանամ... (Նամակը վերցնում է հատակից): Տեր աստված, միակ հույսս նա էր, նա էլ այդպես... (Դուրս է գնում աջ դռնից: Եղիսաբեթը մտնում է ձախ դռնից):

ՏԵՍԻԼ VII
Եղիսաբեթ, Սոնա

ՍՈՆԱ (Նայում է Եղիսաբեթին և հանկարծ փղձկալով): Մայրի՜կ... (դեմքը ծածկում է և լալիս է):

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սո՜նա... ի՞նչ ես անում... ինչո՞ւ ես լալիս... Սոնա... գժվե՞լ ես, ի՛նչ է... ի՞նչ է պատահել...

ՍՈՆԱ։ Հայրիկն այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ... ինչ ես ասո՞ւմ... զառանցո՞ւմ ես, ի՛նչ է...

ՍՈՆԱ։ Գնացեք իրեն հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Է՜-է՜հ, ի՛նչ ես հիմար-հիմար խոսում, ես չեմ հասկանում... Ասա ուղիղ ի՛նչ է պատահել։

ՍՈՆԱ։ Դե ասացի, էլի։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ախր ի՞նչ ասացիր։

ՍՈՆԱ։ Հայրիկն, ասում եմ, այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Դարձյա՜լ... դու, երևի, երազումդ ես տեսել այդ բանը։

ՍՈՆԱ։ Ասում եմ, գնացեք հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յ քեզ զարմանալի բան... Բայց ինչո՞ւ, պատճառն ի՞նչ է։

ՍՈՆԱ։ Որովհետև, ասում է, նրանք հարյուր հազար են ուզում, իսկ ես, ասում է, չունեմ այդքան փող։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ոչինչ չեմ հասկանում... հավատացիր՝ բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Բայց ո՞վ է ասել, որ նրանք հարյուր հազար են ուզում։

ՍՈՆԱ։ Ալեքսանդրի հայրը, մեր բացակայության ժամանակ այստեղ է եղել և ասել է այդ բանը։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Բաս ի՞նչ էր կարծում քո հայրը, կարծում էր, թե առանց փողի՞ կամուսնացնե քեզ նրա հետ։ Այդ ո՞ր օրենքով։ Նա չգիտե՞, որ աղջիկը միշտ օժիտ է տանում յուր մարդու տուն... Կամ թե հենց նա քեզ հետ առանց փողի էլ կամենա ամուսնանալ, ես կթողնե՞մ, չէ՞ որ այդ ամոթ է, խայտառակություն է մեզ համար, չէ՞ որ այդ պատիվ չի բերիլ ո՛չ մեզ և ո՛չ նրանց... Գիտե՞, հասկանո՞ւմ է քո հայրը, թե ո՛վքեր են նրանք... այդ բանի մասին նա երբևիցե մտածե՞լ է... հա՞.,. Ո՞ւր գնաց նա, ես ուզում եմ նրա հետ խոսել։

ՍՈՆԱ։ Յուր առանձնասենյակը մտավ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Շա՛տ լավ։ (Շտապով դուրս է գնում աջ դռնից):

ՏԵՍԻԼ VIII
Սոնա (միայն)

(Նստում է գահավորակի վրա): Ինչպես անհանգիստ եմ... ...Ասում է՝ փողի համար է քեզ սիրում... փողի համար... մի՞թե այդ ճշմարիտ է... մի՞թե այդ կարող է ճշմարիտ լինել... Ուրեմն, եթե փող չտանք, նա ինձ պետք է թողնե... ուրիշի հետ պետք է ամուսնանա... ուրիշի հետ... մի՞թե այդ կարելի է... մի՞թե նրա այն խոսքերը, նրա երդումները միայն փողի համար էին... մի՞թե նա մի այդպիսի... ստոր մտադրություն երբեք կարող էր ունենալ... մի՞թե ես չեմ ճանաչում նրա ազնիվ սիրտն ու հոգին... Տե՛ր աստված, ի՞նչ անեմ... (Մտածում է. հանկարծ վեր կենալով): Օ՜հ, ես այլևս չե՛մ կարող համբերել... այսօր ևեթ անպատճառ պետք է խոսեմ նրա հետ... բացատրություն պետք է պահանջեմ, այլապես՝ չեմ կարող դիմանալ... Ա՜խ, գոնե նա գա այսօր... բայց չի՛ գալ, չի՛ գալ, եթե միայն նրա հայրն այսօր իսկապես փողի համար էր եկել... Ա՜խ, հայրիկ, ես քեզ ի՞նչ էի արել, որ սրտիս մեջ մի այսպիսի կասկած գցեցիր... (Թաշկինակը սեղմում է աչքերին և լուռ լալիս է):

ՏԵՍԻԼ IX

Թորոսյան, Սոնա

ԹՈՐՈՍՅԱՆ (մտնում է ճանապարհորդական հագուստով և մոտենում է Սոնային, որ կանգնած է դարձյալ նույն դրության մեջ): Օրիո՛րդ...

ՍՈՆԱ (թաշկինակը հանկարծ հեռացնեյով աչքերից և ուրախ) Ա՜խ, եկա՞ք... (Տեսնելով յուր առաջ Թորոսյանին՝ նա դեռ զարմանում է, հետո նորից տխրում և հեռանալով նրանից, առանձին): Այս հիմարն է եղել...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Կարծեք, թե նա եմ... Բայց ի՞նչ է նշանակում այս... մինչև անգամ լաց է եղել... (Նրան): Ինչո՞ւ դուք տխուր եք, օրիորդ։

ՍՈՆԱ (մեջքը դեպի նա դարձրած): Ես տխուր չեմ... Ի՞նչ էիք կամենում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ոչինչ, օրիորդ... Անմեղ հետաքրքրություն, որը, դուցե, հանդուգն թվաց ձեզ և որով, գուցե, վիրավորեցի ձեր սիրտը. այդպիսի դեպքում ներողություն եմ խնդրում... Բայց այնքան դառը, այնքա՜ն անտանելի է, օրիորդ, երբ մարդ զգում է, հասկանում է, ամեն մի քայլափոխում տեսնում է, որ ամենքը նրան հիմարի, մինչև անգամ խելագարի տեղ են դնում նրա համար միայն, որ նա ունի զգայուն, բարի սիրտ և ամեն բանի մեջ անկեղծ է, որպես երեխան... Սակայն ի՞նչ արած, քանի որ կեղծ քաղաքակրթությունը, իրեն առաջնորդ ունենալով նույնպես կեղծ մտավոր զարգացումը, յուր՝ ըստ երևույթին գեղեցիկ, բայց իսկապես տգեղ երևույթներով կտիրապետե մի երկրի, մի հասարակության վրա, ապա այնտեղ բարոյականությունն ու անկեղծությունը միշտ խանգարված ուղեղի արտադրություն կերևա...

ՍՈՆԱ (Առանձին): Ա՜խ, սա դարձյալ սկսեց։

ԹՈՐՈՍՅԱՆ (շարունակելով): Իսկ այդ բանին քիչ չէ նպաստում և քիչ չէ նպաստել փողը, հարստությունը, որ ամենագլխավոր դերն է կատարում մարդկային բոլոր չարիքների և սխալանքների մեջ... Բայց կգա՞ արդյոք ժամանակ, երբ...

ՍՈՆԱ (անհամբերությամբ): Ինչո՞ւ եք եկել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ ներեցեք ինձ, խնդրում եմ, եթե ես ձեզ ձանձրույթ եմ պատճառում իմ ներկայությամբ և, գուցե, առավել իմ հիմար երկարաբանությամբ... Հիմարներն առհասարակ անտանելի են... չէ՞ որ ինձ համար էլ ասում են, որ իմ ուղեղս հիվանդ է... Ես եկել եմ, օրիորդ, տայու ձեզ իմ վերջին հրաժեշտս, ես այսօր, մի ժամից հետո պետք է ճանապարհ ընկնեմ դեպի մեր գյուղը. հայրս հիվանդ է. նա կանչել է ինձ այն նամակով, որ անցյալ օրը դուք հանձնեցիք ինձ... Այո՛, օրիորդ, ես այստեղից պետք է հեռանամ և գուցե այսուհետև մենք այլևս երբե՛ք չտեսնենք միմյանց... Այդ, իհարկե, այնքան էլ մեծ ցավ չէ, ինչպես և միևնույն կլիներ ձեզ համար՝ ինձ վերջին անգամ տեսնել կամ չտեսնել, բայց և այնպես, այդ գիտենալով հանդերձ, ես ավելի լավ համարեցի լինել քաղաքավարի և գալ ձեզ մոտ՝ առանձնապես տալու ձեզ իմ վերջին հրաժեշտս, թեկուզ դուք ինձ բացարձակապես վռնդելու է՛լ լինեիք . . .

ՍՈՆԱ (առանձին): Ա՜խ, ողորմելի՛...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, այն երջանիկ ժամանակը, երբ...

ՍՈՆԱ: Ա՜խ... Աստված բարի ճանապարհ տա, գնացե՛ք... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ X

Արսենյանց, Թորոսյան


ԱՐՍԵՆՅԱՆՑ (մտնում է): Պա՛հ, Թորոսյան... դու այստեղ ե՞ս. ես մտա սենյակդ, այնտեղ չէիր։ Այստեղ մենակ ի՞նչ ես շինում։ (Թորոսյանը քարացածի նման՝ շարունակ նայում է ձախ դռանը): Թո՛րոսյան... քեզ հետ եմ, եղբայրս... ի՞նչ ես այն դռանը նայում... Թո՛րոսյան...

ԹՈՐՈՍՅԱՆ (արագախոսությամբ և բորբոքված): Ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ դու հիմա այստեղ ես, այս տանը։ Աչքումդ լո՞ւյս կա, հո՞տ ես իմացել... Եկել ես, որպեսզի թղթե սիրտդ և յուղալի ձեռքդ առաջարկես այն երկնային արարածին, որ յուր օլիմպիական բարձրությունից ծաղրում է հասարակ մահկանացուներին... Եկել ես, շողոքորթ լեզվովդ աղավնուն դուրս հանես յուր բնից, որպեսզի այնուհետև այլևս բաց չթողնես նրան ճանկերիցդ... Այո՛, նրան ի՜նչ հարկավոր են լուռ տանջանքներն, անքուն գիշերներն և աղոթքները, աղվեսի լեզու ահա՛ նա ի՛նչ է ուզում... Գնացեք, պարոններ, հաղթանակը ձերն է. դուք անուն ունեք, նա փող ունի, մեկդ արժեք մյուսին, իսկ ես ի՞նչ ունիմ, հա՜, հա՜, հա՜... (Շտապով դուրս է գնում):

ՏԵՍԻԼ XI
Արսենյանց (միայն)

Գժվեց. ի՛նչ է, այս տղան... գժվեց, գժվեց, անպատճառ գժվեց... Այն ինչե՛ր արավ, այն ինչե՛ր դուրս տվեց... Ա՜, հասկանում եմ. երևի օրիորդի մոտ մի որևէ հիմարություն է արել և օրիորդը ծիծաղել կամ բարկացել է վրեն... Անպատճառ այդպես է, անպատճառ այդպես. ախր այդ հիմարը սիրահարված է նրա վրա... Հա՜, հա՜, հա՜, ինչ լավ է եղել... Հա՜խդ է, ինչո՞ւ կաշվումդ չես ուզում մտնել, դեռ ձվիցը չես դուրս եկել, ծուղրուղու ես կանչում... Բայց տեսնեք «երկնային արարածն» ինձ ի՞նչ կպատասխանի... Հը՜մ... Ահա՛ նա։ (Սոնան մտնում է և գնում է դեպի սեղանը, որի վրա դրել է գլխարկն ու հովհարը, բայց հանկարծ տեսնելով Արսենյանցին, զարմացած կանգ է առնում):

ՏԵՍԻԼ XII
Սոնա, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բարև ձեզ, օրիորդ։

ՍՈՆԱ։ Բարև ձեզ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչպես է ձեր առողջությունը։

ՍՈՆԱ։ Շնորհակալ եմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ (առանձին): Չէ՛, քեֆումը չէ. անպիտան Թորոսյանը բանը փչացրել է... Բայց և այնպես ես վճռիցս ետ չեմ կանգնիլ. այսօր կամ երբե՛ք...

ՍՈՆԱ։ Ներեցեք ինձ, պ. Արսենյան... գլուխս փոքր ինչ ցավում է... Խնդրեմ նստեցեք. ես իսկույն ծնողներիս կկանչեմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜խ, ո՛չ, օրիորդ, նեղություն մի կրեք... Ես... ես կամենում էի ձեզ հետ... այսինքն ձեզ... մի նամակ հանձնել...

ՍՈՆԱ (շտապով) Ումի՞ց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Երբոր շնորհ կանեք կարդալու, այն ժամանակ կիմանաք... (Հանում է մի ծրար և տալիս է նրան): Եվ խնդրում եմ մի՛ բացեք, մինչև ես դուրս չգնամ... Առայժմ ցտեսություն, օրիորդ: (Շտապով դուրս է գնում):

ՏԵՍԻԼ XIII
Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած մեկ նայում է ձեռքի ծրարին, մեկ դռանը, որտեղից դուրս գնաց Արսենյանցը։ Վերջապես ծրարը բացում է և կարդում է:): «Հարգելի՛ օրիորդ Սոֆիա, ամբողջ մի տարի է, որ ես ձեր տանու բժիշկը լինելու պատիվն ունիմ և այդ ժամանակամիջոցում ես կարողացել եմ ճանաչել և գնահատել ձեր ազնիվ սիրտն ու հոգին. կարծում եմ, որ դուք նույնպես արդեն լավ ճանաչում եք ինձ։ Դուք գիտեք, թե ի՛նչ անուն ունիմ ես և տարեկան ո՜րքան ռոճիկ եմ ստանում. այդ էլ բավական է։ Այժմ՝ համարձակվում եմ ձեր ձեռքը խնդրել։ Գուցե ձեզ բավական օտարոտի թվա, որ այդ առաջարկությունն ես անում եմ նամակով, բայց ես ուրիշ կերպ չկամեցա անել, որպեսզի թե ձեզ և թե ինձ անհամ դրության մեջ չգցեի։ Արդյոք համաձա՞յն եք առաջարկությանս, թե ոչ... Կսպասեմ պատասխանին։ Ձեր, խոնարհ ծառա՝ բժիշկ Տիգրան Արսենյանց»։ «Ա՜խ, սա էլ է փո՜ղ ուզում... (Նամակը բարկացած շպրտում է հատակի վրա): Ոչի՛նչ չեմ պատասխանիլ. ես ոչոքի՛ չեմ ուզում, ոչոքի՛... (Սեղանի վրայից վերցնում է գլխարկն ու հովհարը և դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ XIV
Եղիսաբեթ, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ (մտնելով Պետրոսի հետ): Ո՞ւր է... Դուրս է գնացել։ Խեղճն այստեղ կանգնած՝ լալիս էր։ Դեռ նրանից հաստատ ոչինչ չես իմացել և դու քեզանից բաներ ես մոգոնում ու խեղճ աղջկա սիրտն էլ շուռ բերում։

ՊԵՏՐՈՍ։ Է՜-է՜հ, էլի դու քո էշն ես քշում, ես քեզ հետ ի՞նչ խոսեմ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ո՛չ թե ես եմ իմ էշը քշում, այլ դու ես քո էշը քշում, եթե ուղիղն ուզում ես իմանալ։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜խ, տե՛ր աստված... Լա՛վ, թո՛ղ քո ասածը լինի. ասենք, թե նա այն մտադրությամբ չէր եկել, որ մեզ իմաց անի, թե հարյուր հազար են ուզում. բայց դու ինչ ես կարծում, Սոնային ուզելով, նրանք փող չե՞ն ուզիլ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Իհարկե, կուզեն։

ՊԵՏՐՈՍ։ Կուզեն, չէ՞։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Կուզեն։

ՊԵՏՐՈՍ։ Եվ ո՞րքան քո կարծիքով։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ի՞նչ գիտեմ ո՛րքան, կուզեն է՛լի...

ՊԵՏՐՈՍ։ Չէ, մոտավորապես... Հարյուր հազար չեն ուզի՞լ... (հեգնորեն) ախր միլիոնատերնե՜ր ենք...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ո՞վ գիտե... գուցե պակաս են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Հիսուն հազար ասենք... հ՞ը։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Գուցե էլի պակաս են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Երեսուն հազա՜ր... քսան հազար... տասն հազարից խո պակաս չեն անիլ... կանե՞ն։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Չէ։

ՊԵՏՐՈՍ։ Չէ, բայց հիմա այս բանին ի՞նչ կասես, որ ես ոչ թե տասն հազար, այլ հազա՜ր էլ չեմ կարող տալ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ է ասում...

ՊԵՏՐՈՍ։ Ո՛չ թե տասն հազար, այլ հազար էլ չեմ կարող տալ... իսկ հազարը հիմա կինտոներն էլ լայեղ չեն անում... Հ՞ը, դրան ի՞նչ կասես։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Դու կա՞տակ ես անում։

ՊԵՏՐՈՍ։ Իսկի էլ չէ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ճշմարի՞տ։

ՊԵՏՐՈՍ։ Ճշմարիտ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Բաս որքա՞ն կտաս։

ՊԵՏՐՈՍ։ Ոչինչ... կառաջարկեմ, որ առանց փողի ամուսնանա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՜նչ, խայտառակություն...

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ... խայտառակությո՞ւն... խայտառակություն... գիտե՞ս, ո՛րը կլինի խայտառակաթյուն. խայտառակությունն ա՛յն կլինի, երբ պարտատերները՝ մուրհակները ձեռքներին՝ կկոտրատեն մեր տան դռները, ներս կմտնեն այստեղ և բոլոր ունեցած- չունեցածներս վեր կգրել տան... Բա՛ս, խայտառակությունն ա՛յդ կլինի, թե որ ուղիղն ուզում ես իմանալ... Չե՞ս հավատում... ուզո՞ւմ ես արի այս րոպեիս ևեթ բոլոր հաշիվներս քեզ մի առ մի ցույց տամ, որպեսզի քո աչքովը տեսնես, որ ինչ ունենք-չունենք, բոլորը պարտք է, պարտք է և պարտք է... Մեր ապրուստին, մեր ծախսերին փող չէ՝ հող լինի, չի դիմանալ, հո՛ղ... հողը մեր գլխին... (ման է գալիս): Մեր տներին, մեր ապրուստին, մեր դուրս գնալուն մտիկ տվողն էլ կկարծի, թե ուղիղ որ միլիոնատերներ ենք, անթիվ գանձեր ունինք, այնինչ չգիտեն, թե տակն ինչ կա... (Հանկարծ նա տեսնում է, Եղիսաբեթին, որ հատակի վրայից վերցրել է Արսենյանցի նամակը և լուռ կարդում է): Այդ ի՞նչ նամակ է։

ԵՂԻՍԱԲԵԹ (լուռ շարունակում է կարդալ, վերջացնում է և զարմացած տալով նրան): Հապա կարդա. այստեղ հատակի վրա էր։

ՊԵՏՐՈՍ (լուռ կարդալուց հետո, վերադարձնելով նրան): Հատակի վրա՞։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Այո։

ՊԵՏՐՈՍ։ Բա՞ց էր, թե ծածկած։

ԵՂՐՍԱԲԵԹ։ Բաց էր... ա՛յ ծրարն էլ պատռած։

ՊԵՏՐՈՍ։ Ո՞վ է գցել հատակի վրա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ի՞նչ գիտեմ... Երևի Սոնան...

ՊԵՏՐՈՍ (շարունակում է ման գալ. լռություն): Դրան ի՞նչ կասես։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ինչի՞ն։

ՊԵՏՐՈՍ։ Մեր պարոն «յանց»-ի այդ նամակին։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սոնային ուզում է, է՛լի։

ՊԵՏՐՈՍ: Հարյուր հազար է ուզում և ո՛չ թե Սոնային... Դրան է՞լ չես հավատում, մեկ էլ կարդա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սպասիր մեկ տեսնեմ... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ XV

Պետրոս (միայն)

Ողորմելինե՜ր... դեռ չեն իմացել, որ հիմիկվա հարսնացուն փողն է... և ինչը փողը չէ, որ միայն հարսնացուն փողը չլինի... Բժշկիս աչքումն էլ է լույս եղել... Ա՛յ շողոքորթներ, ա՛յ կեղծավոր անպիտաններ... Մեղք եք գտել, էլի, ձեր կարծիքով. ճանճերի նման չորս բոլորքը պտտվում եք... իսկ երբ համը կտեսնեք, երևակայում եմ, թե ինչպես թը՜ռռ... կթռչեք, կկորչեք... (Լռություն): Չէ, ուղիղ որ մեր բանը բուրդ է. այսպես որ շարունակվի... (Հանկարծ կանգ է առնում և երկու ձեռքով կայծակնանար խփելով գլխին): Ա՜խ, Մոսկվա՛ն, Մոսկվա՛ն...

ՏԵՍԻԼ XVI

Վանո, Պետրոս

ՎԱՆՈ (մտնում է), Բարև ձեզ, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ ես եկել։

ՎԱՆՈ։ Ի՞նչ է որ եկել եմ։

ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ ես եկել, ես քեզ հարցնում եմ:

ՎԱՆՈ։ Վա՛հ, մեր տունն է, եկել եմ։

ՊԵՏՐՈՍ։ Քո տունն է, եկե՞լ ես. ինչո՞ւ ուրիշ ժամանակ քո տանը չես ընկած... կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Բայց հայրիկ...

ՊԵՏԲՈՍ։ Պապանձվի՛ր և ինձ հայրի՛կ մի կոչիր... քեզ էլ թաղեմ, քո հորն էլ...

ՎԱՆՈ։ Հայրի...

ՊԵՏԲՈՍ։ Պապանձվիր, քեզ ասում եմ... և կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Ախր ինչո՞ւ եք այդպես բարկանում. ես ձեզ ի՞նչ եմ արել։

ՊԵՏԲՈՍ։ Դու ինձ ի՞նչ ես արել... ես քեզ իսկույն ցույց կտամ, թե դու ինձ ի՛նչ ես արել, փո՛ւչ, փչանալու... Ես քեզ ասում եմ, կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Բայց ես խոսք ունիմ ասելու...

ՊԵՏՐՈՍ (գոռալով): Կորի՛ր, կորի՛ր, ես քեզ ասում եմ կորի՛ր, դու չե՞ս հասկանում...

ՎԱՆՈ։ Հայրիկ, դուք կատա՞՛կ եք անում, թե...

ՊԵՏՐՈՍ (բոլորովին կատաղած): Կորի՛ր... արյունս եռում է...

ՎԱՆՈ։ Հայրիկ, թողնենք, վերջապես, այս երեխայությունը. ի՞նչ է նշանակում այս։ Դուք գիտեք, որ ես փողի համար եմ եկել.

ՊԵՏՐՈՍ։ Փողի՜ համար, փողի՜... Ավազա՛կ, ես քեզ իսկույն շանսատակ կանեմ... (հարձակվում է նրա վրա, բայց այդ միջոցին ներս են վազում Եղիսաբեթն ու Սոնան և բռնում նրան)։

ՏԵՍԻԼ XVII
Եղիսաբեթ, Սոնա, Վանո, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ։ ՍՈՆԱ (միասին): Ի՞նչ է պատահել... այս ի՛նչ եք անում...

ՊԵՏՐՈՍ։ Թողե՛ք ես այս ավազակի գլուխը ջախջախեմ...

ՎԱՆՈ։ Է՜, հայրիկ, այդ երեխայություն է, հավատացեք. մի՞թե կարելի է այդ աստիճան բարկանալ։

ՊԵՏՐՈՍ։ Դու ինձ ծաղրո՞ւմ ես, դու ինձ ծաղրո՞ւմ ես, օձի՛ ծնունդ...

ԵՂԻՍԱԲԵԹ (խստությամբ): Վա՛նո, այս ի՞նչ է նշանակում։

ՎԱՆՈ։ Մայրիկ, հավատացե՛ք, ես դրան ոչինչ չեմ արել. ներս մտնեմ, տեսնեմ դա այդպես բարկացել է.

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յդ է, իբրև թե ես չգիտեմ, թե ինչու է բարկացել... Իսկույն հեռացիր այստեղից... դու մեզ խաղք ու խայտառակ ես շինել աշխարհիս երեսին... Շաբաթներով կկորչի, կկորչի, իսկ երբ տուն կգա, իսկույն տան խաղաղությունը պետք է վրդովի։ (Պետրոսին տանում նստեցնում է բազկաթոռի մեջ): Հեռացի՛ր, քեզ ասում եմ, այստեղից։

ՎԱՆՈ։ Ո՞ւր գնամ, մայրիկ, ես այստեղ գործի համար եմ եկել։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ ես ուզում, փո՞ղ։

ՎԱՆՈ։ Հայրիկը գիտե, ինչ որ ուզում եմ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Փող ես ուզում, է՛լի։

ՊԵՏՐՈՍ։ Դրան ասացեք, թե խելք ունի, շուտով կորչի այստեղից, թե չէ, վերջին անգամն եմ ասում, աստվա՛ծ է վկա, կամ դա կմեռնի, կամ ես։

ՎԱՆՈ։ Բայց, հայրիկ, ես պահանջում եմ այն, ինչ որ պարտական եք։

ՊԵՏՐՈՍ։ (Հանկարծ տեղից վերկենալով և մոտենալով նրան, որը հեռանում է): Ես քեզ ի՞նչ եմ պարտական։

ՍՈՆԱ (Վախեցած, բռնելով նրան): Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Խլվելով): Թո՛ղ տուր տեսնեմ... Ասա՛, ավազակ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, հը...

ՎԱՆՈ։ Դուք այդ ինքներդ էլ լավ գիտեք։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ասա՛, տեսնեմ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Դուք ինձ պարտական եք ինն հարյուր ու երեսուն ռուբլի։

ՊԵՏՐՈՍ։ Ինն հարյուր ու երեսուն ռուբլու տեղ քեզ այս րոպեիս այնպես կհասցնեմ, որ ինն հարյուր ու երեսուն կտոր կլինես, ավազա՛կ...

ՍՈՆԱ։ Հա՛յրիկ, հա՛յրիկ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յ տղա, դու կկորչե՞ս այստեղից, թե չէ... (Ուզում է բռնի դուրս տանել նրան):

ՎԱՆՈ (խլվելով): Սպասեցեք, մայրիկ, ձեր գործը չէ... Հա՛յրիկ, դուք այն մոռացե՞լ եք...

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչն, ի՞նչն, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Ձեզ շատ լավ հայտնի բանը... Տալի՞ս եք ձեր խոստացած փողը, թե չէ։

ՊԵՏՐՈՍ։ Փողի անուն մի տուր ինձ մոտ, փուչ-փչանալու...

ՎԱՆՈ։ Դարձյալ նախազգուշացնում եմ ձեզ, հա՛յր. տալի՞ս եք, թե չէ։

ՊԵՏՐՈՍ։ Կսպանե՜մ... (Ուզում է դարձյալ հարձակվել Վանոյի վրա, բայց Սոնան ու Եղիսաբեթն ամուր բռնում են նրան)։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ապա՛ թե կորչի այստեղից...

ՎԱՆՈ։ Մա՛յրիկ, ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՛նչ է ձեր մարդր, ահա, կարդացեք այս նամակը... (նամակը, որը արդեն հանել է, շպրտում է դեպի Եղիսաբեթն և շտապով դուրս է ելնում):

ՊԵՏՐՈՍ։ Օ՜հ, քո ծնունդը չորանա... (սաստիկ կատաղած՝ խլվում է նրանց ձեռքից և դուրս է ընկնում Վանոյի ետևից)։

ՍՈՆԱ (Դուրս վազելով նրա ետևից): Հա՛յրիկ, հա՛յրիկ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ (Բոլորովին զարմացած՝ վերցնում է հատակի վրայից նամակը և լուռ սկսում է կարդալ: Երբ վերջացնում է, մնում է տեղն ու տեղը քարացած՝ նամակին նայելիս: Մտնում է Պետրոսը, նրա ետևից Սոնան: Եղիսաբեթն յուր հայացքը մարդու վրա է դարձնում):

ՊԵՏՐՈՍ։ Օ՜, պատի՜ժ, պատի՜ժ... Աստված ինձ սրանից էլ մեծ պատիժ չէր կարող տալ... (Հանկարծ տեսնելով յուր վրա հառած Եղիսաբեթի հայացքն ու ձեռքի նամակը, նա դեռ մնում է քարացած, հետո ուժգնությամբ խփում է ձեռքով յուր ճակատին և ընկնելով բազկաթոռի մեջ): Այս ի՜նչ արեցի...

Վարագույրն իջնում է։
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մեղր և ճանճեր"

Ятук Музыка
Симфонические образы
Лазарос Сарьян

Симфонические образы

Подсолнухи, 1960 год.
Подсолнухи, 1960 год.
Играть онлайн