Мурацан

Առաքյալը

6

Երիտասարդը հետաքրքրությամբ մտավ այն խուցը, որին վերջինս «գրադարան» անունն էր տվել, հուսալով գտնել այդտեղ հին գրչագիրների մի հարուստ դարան։ Բայց նա այստեղ տեսավ հազիվ երկու հարյուրի չափ հին ու նոր հատորներ, որոնց մի մասը ոչ շատ կարևոր գրչագրեր էին, իսկ մյուսը` Վենետկի հինավուրց հրատարակություններ, դարսված փայտաշեն դարակների վրա։

Երբ երիտասարդը հայտնեց յուր զարմանքը հինավուրց անապատի այդ աստիճան աղքատ գրատուն ունենալու մասին, վանահայրը բացատրեց, որ եղածն էլ յուր շնորհիվն է, որ կա, ապա թե ոչ, այս վերջին 25 տարվա ընթացքում, եթե յուր փոխարեն լիներ մի ուրիշ վանահայր, անշուշտ այդ եղածն էլ կմատնվեր կորստյան, ինչպես որ մատնվել են նրանից առաջ եղած գրական գանձերը։ Եվ իբրև ապացույց նա պատմեց, թե ինչպես Սիմյոն կաթողիկոսի օրով, Հովհաննես անունով մի անարժան վանահայր, լսելով որ կաթողիկոսը գալիս է այցելության Սևանա անապատին և իմանալով, որ գրասեր հայրը պիտի հետաքրքրվի վանքի գրատան վիճակով և տեսնելով այն անկարգ ու անխնամ (ըստ որում յուր իսկ վանահոր անհոգությունից գրչագրերի մեծ մասը խոնավությունից փտել կամ ցեցակեր էին դարձել), պիտի զայրանա յուր դեմ նա բոլոր այդ տեսակ հնամաշ գրքերն ու հիշատակարանները հավաքել է տալիս քսակների մեջ և իրեն խորհրդակից ապիրատների ձեռքով թափել տալիս ծովը, որպեսզի կաթողիկոսը, Սևան մտած ժամանակ, հին ու փչացած ոչինչ չտեսնե գրատանը։

Ի՞նչ զարհուրելի բարբարոսություն, բացականչեց Կամսարյանը, սրտի խորքից վրդովվելով։

Բարբարոսություն ասիր պրծա՞ր, անաստվածություն ասա, անխղճմտանքություն ասա, ձայնակցեց վանահայրը երիտասարդին։

Երևակայում եմ, թե ինչպիսի՛ թանկագին գանձեր են անհետացել այդ թշվառականի ձեռքով։

Դրուստ որ թշվառական, էդ տեսակ վանահոր հիշատակը պետք ա անիծվի սերունդից սերունդ, հարեց վանահայրը։

Դժբախտաբար անեծքը չի վերադարձնիլ մեր կորուստը։

Ճշմարիտ ա, չի վերադարձնիլ, ամա մնացածներին կզգուշացնի, որ էդենց անաստված թահրով վանքի գույքը չփչացնեն։

Գրադարանից ելնելուց, ծերունի վանահայրը հոգնած զգալով իրեն, խնդրեց երիտասարդին մնացած տեղերը շրջել լուսարարի հետ, մինչև որ ինքը հոգնածությունն առնելով կգար յուր հետ միասին ճաշելու։

Լուսարարը մի առանձին հոգածությամբ առաջնորդեց Պետրոսին դեպի թանգարանը, որի պահպանությունը հանձնված էր իրեն։

Այս թանգարան կոչվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի հասարակ խուց, ուր պահվում էին եկեղեցական այնպիսի սպասներ, որոնք թե՛ տանկագին և թե՛ քիչ գործածական էին. ինչպես օրինակ, արծաթե բուրվառներ, խաչեր, սկիհներ, մեռոնի տուփեր, թագեր, սաղավարտներ, գավազաններ և այլն։ Դրանց մեջ ո՛չ միայն թանգարանի վայել «հնություններ» չկային, այլև շատերը «յարմուկի» ապրանք էին` պատրաստի գնված նիժնիում կամ Մոսկվայում։ Այդ ապացուցանում էին իրերից մի քանիսի շուրջը քանդակված ռուսերեն աղոթքներն ու մակագրություններն, որոնք հնի դեմ կազմում էին «նոր», խայտաբղետ հակադրություն և կարծես ծաղրում Սևանի անապատում «հին հիշատակներ» պտրողներին...

Այդ մասին Կամսարյանը մտածեց մի քանի վայրկյան «իբրև ճշմարիտ ուխտավոր» և նրա շրթունքներին խաղաց դառը ժպիտ։

Ինչո՞ւ այս խուցին թանգարան անուն եք տալիս, հարցրեց նա լուսարարին։

Ի՞նչ կլինի որ, նկատեց վերջինս։

Ախար «թանգարան» այն տեղին են ասում, ուր շատ հին ու թանկագին բաներ են պահվում, ձեր ունեցածը միայն եկեղեցական սպասներ են։

Մենք էլ ունենք շատ հին ու թանկագին բաներ, հիմա պիտի շանց տամ, որ համբուրես, քե հենց դրա համար եմ բիրել ըստեղ, ասաց վարդապետը` մի առանձին վստահությամբ։ Ապա մոտենալով թախտի վրա դրված մի սնդուկի, բացավ նրա խուփը և մի աղոթք մրմնջալով` սկսավ հետզհետե դուրս հանել այդտեղից մետաքսյա թաշկինակներում փաթաթած ոսկեզօծ ու ակնազարդ խաչեր, նշխարատուփեր, արծաթակազմ ավետարանիկներ և այլ կերտվածներ և շարել նրանց մի սկուտեղի վրա, ուր վաղօրոք դրված էր մի պղնձե ափսե` արծաթե փողերով ու թղթադրամներով։

Սրա մեջ Հովհաննես Մկրտչի մասունքն ա դրած, բացատրեց վարդապետը, ցույց տալով մի ակնազարդ խաչ, որ դրված էր արծաթյա երկփեղկ պահարանում, սրա մեջ էլ` Պետրոս առաքյալի մասունքն ա, ցույց էր տալիս մի ուրիշ, նույնպես ականակուռ խաչ, սրա կազմի մեջ էլ սուրբ Գևորգ Զորավարի նշխարն ա դրած, այդ էլ արծաթապատ մի ավետարան էր. էս մասնատուփումն էլ ս. Կարապետի իրեք մանր նշխարներն են դրած։ Իսկ էս ջիբթիշի փոքրիկ խաչումը Կենաց փայտի կտորն ա։ Սրա մեջ էլ, ցույց էր տալիս մի փոքրիկ արծաթե տուփ, էլի ս. Գևորգի մասունքն ա։ Դե հմի մեկ-մեկ համբուրիր և ուխտդ արա՛։ Թող էս սուրբերը բարեխոս ըլին։ Աստված էլ լսող ու կատարող։

Կամսարյանը լսեց վարդապետի բացատրությունները և մեքենաբար խոնարհելով համբուրեց մասունքները, առանց ներսում զգալու հավատո կամ ջերմեռանդության որևէ հուզում։ Միայն ափսեի մեջ դրված դրամներից գուշակելով, որ այդ արարողության պիտի հաջորդե նաև դրամական տուրք, ծոցից հանեց քսակը և մի կարմիր տասնոց դրավ ափսեի մեջ։

Լուսարարը, որ երևի վաղուց էր ինչ չէր տեսել այդպիսի առատ նվեր, օրհնեց երիտասարդին սրտաբուխ խոսքերով և ապա մի զգացված «պահպանիչ» էլ ասելով` ճանապարհ դրավ նրան դեպի միջանցքը։

Եվ որովհետև հենց թանգարանի դիմաց, ընդհանուր միջանցքի վրա բացվում էր մի դուռ, որ հանում էր դեպի ս. Աստվածածնի եկեղեցին, ուստի վարդապետը առաջարկեց Պետրոսին անցնել այդ դռնով, եթե կամենում էր «տաճարը» տեսնել։ Իսկ ինքը յուր «ծառայությունը» կատարած համարելով, դարձավ նորեն դեպի թանգարանը, ցուցահանած մասունքներն ու ստացած նվերը իրենց տեղը ամփոփելու։

Ճաշու ժամն ավարտած, ժամերգուները դուրս էին գալիս, երբ երիտասարդը մութ միջանցքից ելնելով, մտավ եկեղեցու փայտաշեն գավիթը, իսկ այնտեղից` եկեղեցին, ուր, ի միջի այլոց, նա հանդիպեց նորեն երիտասարդ աբեղաներին։ Վերջիններս դարձյալ մոտեցան նրան, հարցուփորձ արին տեսածների մասին և ապա սկսան բացատրություններ տալ նկատմամբ ս. Աստվածածնի եկեղեցու, որ, չնայելով յուր հազարամյա հնության, տակավին շեն էր և ամրակուռ։ Գալով բարեզարդության` սա էլ աչքի ընկնող ոչինչ չուներ յուր մեջ-զարդերն ու սպասները աղքատ Էին, պատկերները գռեհիկ և անարվեստ։ Միակ արժանիք ունեցողը` սեղանի առաջ դրված Կոթա սուրբ նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ։ Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ և թևերին ուներ մի- մի հատ ոչ մեծագին քարեր։ Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որի մեջ կույս Մարիամն լողացնում է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը։ Ապա երիտասարդ աբեղան Կամսարյանի ուշադրությունը հրավիրեց ս. Աստվածածնի մի փոքրիկ պատկերի վրա, որ կախված էր սեղանի աջ կողմը և որը, չնայելով յուր ծխից ու հնությունից սևացած լինելուն, երևում էր շնորհալի վրձինի արտադրություն։

Սա այն պատկերն է, ասաց աբեղան, որի առաջ Մխիթար Սեբաստացին, Վենետիկյան միաբանության հիմնադիրը, աղոթում է եղել, երբ կույր աչքերով գտնվում է եղել Սևանում և որի առաջ նա յուր հայտնի ուխտն է արել... Շատ ժամանակ չէ, ինչ դիպվածով գտել են այս ս. Առաքելոց եկեղեցու խորշերից մինում, անխնամ ընկած ու փոշոտված...

Երիտասարդը սկսավ ուշադրությամբ դիտել պատկերը.

Ի՞նչ մտքեր է սա զարթեցնում ձեր մեջ, հարցրեց աբեղան, կարծես շտապելով մի նոր բան ասելու, քանի դեռ ոչ ոք չէր խանգարում իրենց։

Մտածում եմ թե, եթե այսպիսի մի սիրուն գործ, որ դարերից ի վեր գտնվելով Սևանում, հոգածու խնամքի արժանանալու փոխարեն, ընկած է եղել անհայտ խորշերում և երևան է եկել միայն դիպվածով, ի՞նչ թանկագին հնություններ, ուրեմն, չէին կարող անհետանալ այստեղ հոգատար սրտի և խնամող ձեռքերի պակասությունից։

Այդ էլ պատշաճ մտածություն է, բայց ես կարծում էի, թե այս պատկերը մի ուրիշ միտք կծնեցներ ձեր մեջ։

Այսինքն, ի՞նչ։

Այն թե` շուտով կլարանա երկու հարյուր տարին այն օրից, ինչ այս պատկերի առաջ աղոթողը Սևանից հեռացավ, հիմնեց օտար երկրում միաբանական մի ուխտ։ Ձեզ հայտնի է, թե ի՛նչ ծառայություն արին այդ ուխտի անդամները հայ գրականությանը։ Մի կողմը թողնենք նրանց` ազգի մեջ կաթոլիկություն տարածելու և պատմական գրքերում` հայ եկեղեցուն ու եկեղեցականներին վերաբերյալ փաստերն հեղաշրջելու տխուր ջանքն ու ձգտումը։ Ամեն լույս ունի յուր ստվերը, ամեն մաքրություն` յուր բիծը։ Բայց անհերքելի այն, որ Մխիթարյան միաբանությունը գնահատելի գործ կատարեց` հնության և անհայտության փոշիներից դուրս հանելով հայ լեզվի թանկագին արտադրությունները, նրա ոսկեղինիկ մատենագրությունը և նրա ընդհանրացնելովը սիրելի դարձրեց մեզ մեր նախնյաց լեզուն ու անցյալը, ընդնմին սովորեցնելով մեզ, ապրել և ոգևորվիլ նրանցով... Սա, արդարև, մեծ գործ էր; արժանի հարգանքի և երախտագիտության։ Այսպիսի մտածության, բնականաբար, հաջորդում է մի ուրիշը. մի՞թե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս. Ղազարու կղզի։ Մի՞թե Սևանը չէր կարող արտադրել մի նոր Մխիթարյան ուխտ։ Սա, իհարկե, չէր ունենալ ս. Ղազարի առավելությունները, որովհետև չէր գտնվում Եվրոպայի սրտում, զարգացած ու բարեկիրթ ազգերի մեջ։ Բայց մենք էլ Սևանից չէինք պահանջիլ այն, ինչ որ տվավ Վենետիկը, այլ գոնե նրա կեսը, թեկուզ կեսի կեսը։ Սևանը մի կողմից էլ այն առավելությունը կունենար, որ տվածը կլիներ անխառն, հարազատ... ճշմարիտ է, այն ժամանակ, երբ ս. Ղազարու հայրերը իրենց խուցերում խաղաղ նստած, հանգիստ աշխատում էին, ո՛չ հարձակման սպասելով, ո՛չ կողոպտվելուց վախենալով, Սևանը գտնվում էր բարբարոս խաների դժոխային լուծի տակ, միշտ ահի ու սարսափի մեջ, սեփականության իրավունքից զուրկ և կեղեքիչների քմահաճության ենթակա, բայց չէ՞ որ, ահա, յոթանասուն տարի է, ինչ ռուսաց տիրապետության շնորհիվ այս երկիրը խաղաղել, արհավիրքները վերացել են և այս վանքի միաբանությունը ստացել է հանգիստ ու ապահով վիճակ։ Արդ, մի՞թե չէր կարելի այս յոթանասուն տարվա ընթացքում ստեղծել այստեղ մի գործ, որ յուր արժանիքով հավասար լիներ Վենետիկցիների գեթ հիսունամյա գործունեության։ Մի՞թե չէր կարելի հիմնել այստեղ ժառանգավորաց մի բարեկարգ դպրոց, որի սաները աշխարհային աղմուկից ու ապականությունից հեռու, այս առողջարար օդում, այս պայծառ երկնքի տակ ապրելով և ուսանելով` պատրաստվեին հասարակաց ծառայության համար... Մի՞թե չէր կարելի ժողովել այստեղ հմուտ, բանիբուն. գիտությամբ ու առաքինությամբ հայտնի հոգևորականներ և կազմել նրանցից մի գիտական կաճառ, որ պարապեր հին գրականությունը մշակելով և նորը զարգացնելով։ Դուք հո ձեր աչքով տեսաք մեր այստեղի գրադարանը։ Որքա՛ն աղքատ, խղճո՛ւկ... մինչև իսկ ամոթ է գրադարան անունը տա, նրան. մի քանի տասնյակ կիսամաշ ձեռագիրներ, մի երկու հարյուր հնատիպ գրյանք... քաղաքներում տիրացուներ կան, որոնք դրանցից ավելին ունին։ Բայց չէ՞ որ Սևանը հնումն հայտնի էր յուր բազմահարուստ մատենադարանով, չէ՞ որ շատ տեղերի գրական գանձերը այստեղ էին ամբարվում, կամ ավանդ դրվում։ Այժմ ո՞ւր են նրանք։ Բարբարոս թշնամիների ավերը, այո՛ շատ բան է կորզել Սևանից. նույնիսկ նրա գրագետ միաբանությունը անխիղճ կերպով է նրա գրական հարստությունը վատնել։ Բայց որքան ավելի զրկանք են պատճառել նրանք, որոնք այս յոթանասուն խաղաղ տարիների ընթացքում ձեռքերնին ծալած նստել են այստեղ և բավականացել միայն աղոթելով, կամ հսկումներ կատարելով... Ինչո՞ւ արդյոք Սևանը, որ գտնվում է հայրենի հողի վրա, նրա սրտի ու հոգու մեջ, ինքը չէ տալիս Վենետկին` այս հողին ու ջրին, սրա անցյալին ու ներկային վերաբերող ուսումնասիրությունները, սրա սրտին ու հոգուն հարազատ հուշերը և, ընդհակառակն, ինքն է նրանից մուրում։ Ինչո՞ւ... բայց այդ «ինչու»-ները անթիվ են և դրանց բոլորի պատասխանը մեկ. այսինքն այն` որ այսքան տարիների ընթացքում, չի գտնվել մեր երկրում մի մարդ, աշխարհական լիներ նա թե՛ հոգևորական, որ ոգևորվեր Մխիթարի զգացած ոգևորությամբ և վառեր Սևանում լուսո այն ճրագը, որ առաջին նվագ վառեց Լուսավորիչը և որն ապա տգիտությունն ու խավարը հանգցրին... Այո, եթե այդ մի հատ մարդը գտնված լիներ այստեղ, ապա դուք այսօր Սևանը չէիք տեսնիլ այսքան անշուք, անփառունակ, չէիք տեսնիլ նրա կյանքը այս աստիճան անշարժ, ոգին` մահամերձ... Իբրև նյութական ապացույց այստեղ ապրողների անշարժության, ահա այն կացարանները, որ դուք տեսել եք, որոնց մեջ ապրել են նախկին միաբանությունները և որոնց մեջ, ահա, ապրում ենք նաև մենք։ Այդ շինությունների կառուցումից մինչև այսօր` անցել են հազար երկար տարիներ։ Եվ սակայն նրանք մինչև այսօր էլ նույն խոնավ, բորբոսնած, հողածածկ կտուրով խցերն ու խցիկներն են, որոնք ամենից առողջ մարմիններն իսկ մաշելով, մաշել ու ծյուրել են նաև նրանց հոգին և անընդունակ դարձրել մի ճշմարիտ ու Էական բարիք ստեղծելու... Անշուշտ դուք անցաք այդ կացարանները իրար հետ միացնող բավղաձև անցքերից. տեսա՞ք թե ինչպիսի՛ խավար է տիրում նրանց մեջ... Հարկավոր չէր ոչ մեծ խելք, ոչ էլ ճարտարապետական տաղանդ, որ մարդ իմանար, թե այդ միջանցքների վրայի կտուրը ծակելով և մի քանի տեղ, եթե ոչ ապակե պատուհաններ, այլ գեթ հասարակ երդիկներ դնելով, կարելի էր բոլոր անցքերը միանգամից լուսավորել։ Սակայն հազար տարի այս խավարում խարխափող միաբանությունների մեջ չի գտնվել մի գլուխ, որ այդ հասարակ ճանապարհով աստուծո տված լույսն այդ անցքերը մտցնե և նրանց անթափանցելի խավարը փարատե։ Ճիշտ այդ ձևով էլ խավար են մնացել այդ խուցերում ապրող մարդկանց ոգիները. արդյունքը եղել է այն, ինչ որ տեսնում եք այսօր...

Երիտասարդ աբեղան երևի դեռ երկար կճառախոսեր, եթե խմբին չմոտենար վանքի տնտեսը և վանահոր կողմից չհրավիրեր հյուրին ճաշի։

Այդ հրավերը զգաստացրեց թե՛ խոսողին և թե՛ լսողներին. ուստի ամենքը միասին ելնելով եկեղեցու գավթից, առաջացան դեպի բակի սիզավետ կողմը, ուր հովանավոր ուռիների տակ բացված էր ընդհանուր սեղան, որը և բոլորեցին նրանք, իրենց գլուխ ունենալով վանահորը։

Վերջինս սեղանն օրհնելով առաջարկեց հյուրին վայելել վանական «անպաճույճ» ճաշը, որի ակրատը բաղկացած էր պանրից, եփած ձուերից և աղած կողակից, իսկ խորտիկը, որ հետո բերին, թանապուրից, նոր խաշած իշխաններից և ձավարով ու յուղով պատրաստած «քաշովի»-ից։ Սեղանի վրա պակաս էր միայն միսը, կամ նրանից պատրաստած կերակուրը։ Վանահայրը բացատրեց, որ վանական խստակեցության օրենքը արգելում է իրենց` զոհի մսից զատ, ուրիշ միս ուտել, կամ գործածել այն կերակուրի մեջ։

Մի քիչ հետո, սակայն, Կամսարյանը նկատեց, որ վանահայրը երևի համեստություն էր անում «անպաճույճ» անվանելով առաջարկված ճաշը, ապա թե ոչ վերջինս ո՛չ միայն հեռի էր անպաճույճ լինելուց, այլև չէր կրում խստակեցության կնիք։

Ես «անպաճույճ» անվանեցի ձեր տեսակետից, իսկ մեզ համար սա մինչև անգամ փարթամ ճաշ ա, բացատրեց վանահայրը ծիծաղելով։ Ապա կամենալով մի գաղափար տա հյուրին իրենց խոսակցության մասին, ծանոթացրեց նրան Սևանա անապատում ընդունված պահեցողական կարգերին որից երևաց, որ նրանք տարվա մեծագույն մասը անցնում են պահքով։ Որովհետև բացի հասարակ ու շաբաթական պասերը, նրանք պահում էին նաև երեք «մեծ պասեր»։ Դրանցից առաջինը սովորական մեծ պասն էր, որ բուն բարեկենդանից սկսվելով, վերջանում էր զատկին, երկրորդը` հոգեգալուստից մինչև վարդավառ, որ տևում էր ութ շաբաթ, երրորդը` Վարագա խաչի տոնից` մինչև հիսնակի պասը, որ դարձյալ ուներ ութ շաբաթ. էդ բոլոր կարճ ու էրկան պասերին, շարունակեց վանահայրը, մեր միաբանության կերածն լինում ա ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ ու կանաչի։ Միայն ուտիքին ա որ յուղ, կաթ ու ձու կարող ենք ուտել, կամ բրինձ ու ձավար։ Ծովից հանած ձկներից էլ ի՞հարկե, անուշ ենք անում, որքան պատահում ա։

Հեր օրհնած, էլ ուրիշ ի՞նչ ես ուզում, կամացուկ շշնջաց երիտասարդ աբեղան, որ նստած էր Կամսարյանի կողքին։

Վերջինս ծիծաղեց։

Ընչի՞ ես ծիծաղում, հարցրեց վանահայրը ժպտալով։

Ոչինչ, մտածում եմ թե ի՞նչ կանեի ես, եթե ձեր միաբանը լինեի։

Ի՞նչ պրտի անեիր. կապրեիր էնենց, ոնց որ մենք ենք ապրում։ Ըստոնք էլ քեզ պես տղերք են ըլել, հո վարդապետ չեն ծնվել։ Այ, տեսնո՞ւմ ես, ցույց էր տալիս վանահայրը աբեղաներին, ամեն բան սովորել են, կարգի ու կանոնի վարժվել. հմի սիրով ապրում ու ըսկի դժգոհում չեն։

Ճաշը վերջանալուց` Կամսարյանն շտապեց յուր շնորհակալությունը հայտնելու վանահորը և բոլոր միաբանությանը` իրեն ցույց տված սիրալիր ընդունելության համար և ապա պատրաստվեց հեռանալ կղզուց։ Բայց որովհետև հենց այդ միջոցին հիշեց, որ բացի «թանգարանին» տված նվերը, անհրաժեշտ է նաև միաբանության օգտին նվիրաբերել մի բան, ուստի խնդրեց վանահորը բերել տալ նվիրատվության մատյանը, որպեսզի յուր տուրքն արձանագրե այնտեղ։ Վանահայրը սկզբում չհասկացավ նրա ասածը, ապա երբ երիտասարդը յուր խնդիրը կրկնեց, նա ժպտալով նկատեց.

Էհ, որդի, մեր վանքումն ի՞նչ ա շինում մատյանը... մենք նահապետական մարդիկ ենք, ուխտավորը գալիս ա, իրա ուխտն անում, եդո վանահոր աջն առնում, մի աջահամբույր տալիս, գնում։ Նրանից եղը էլ ո՞վ ա հարցնում թե ի՞նչ տվավ, ի՞նչ չտվավ, յա չէ մեզանից ո՞վ պտի հաշիվ ուզի։ Էդ որ աջահամբույրի համար էլ գիր ու կիրակոս պահենք, ծե՞րն ուր կերթա։

Բայց ես կարծում եմ, որ եթե այդպիսի մի կարգ սահմանեիք, այսինքն ամեն տուրք մատյանի մեջ արձանագրվեր, վատ չէր լինիլ։ Դա, մինչև անգամ, օգուտ կբերեր վանքին։ Նախ` որ այդ մատյանը կարելի կլիներ առաջարկել ամեն այցելուի, երկրորդ, որ վերջինս հաստատ գիտենալով թե յուր տվածը արձանագրվում է մի տեղ, և այն էլ ի տես ուրիշ այցելուների, կնվիրաբերեր ավելի առատորեն։

Էդ հու էս ջահիլների խոսքն ա. էրևում ա դու էլ ըսդոնցից ես լսել, նկատեց վանահայրը, կարծես վիրավորվելով։

Դա ի՞նչ մի նոր բան է, որ ես սրանցից լսեմ, բոլոր աշխարհում ընդունված, ամեն տեղ գործադրվող մի սովորական բան է։

Չէ, որդի, ես մատյան բան չեմ գիտում։ Միշտ ասել եմ, էսօր էլ կասեմ. վանքի մատյանը նրա վանահայրն ա. ով նրան հավատում ա, նրա վրեն վստահ ա, թող տա, ինչ ուզում ա. ով չի հավատում, տերը նրա հետ. էդենց մարդու տուրքն էլ ըսկի վանքին պետք չի։

Կամսարյանին այլևս առարկելիք չէր մնում, նա շտապեց յուր սխալը ուղղել նրանով, որ ջերմությամբ համբուրեց վանահոր աջը և մի տասնոց դրավ նրա ձախում։

Վանահայրն, իհարկե, հաշտվեց յուր սրտում երիտասարդի հետ և քաղցր խոսքերով օրհնելով նրան, մաղթեց նաև բարի ճանապարհ։

Պետրոսը նորից յուր շնորհակալությունը հայտնեց միաբանության բոլոր անդամներին և բարեկամաբար նրանց ձեռքը սեղմելով, մնաք բարև ասաց և հեռացավ։ Աբեղաներից մի քանիսը, նույնպես և լուսարարը, ուղեկցեցին նրան մինչև լճափը։

Այստեղ նրանք հանդիպեցին վանքի ելևմտից կառավարիչ սարկավագին, որ հենց նոր էր վերադարձել Ցամաքաբերդից, ուր գտնվում էր վանքի «Դրսի տունը», այն է` նրա տնտեսության արտաքին բաժանմունքը և ուր սա հաճախ երթևեկում էր գործով։

Լուսաբարը երիտասարդին ծանոթացնելով նորեկի հետ, ցավ հայտնեց, որ վերջինս վաղ չէր վերադարձել, ապա թե ոչ, ասաց նա ընենց պատիվ կտար քեզ, որ քո օրում Սևանը ըսկի չէիր մոռանա։

Շնորհակալ եմ դուք էլ լավ պատվեցիք, Սևանը դարձյալ չպիտի մոռանամ, հարեց երիտասարդը։

Չէ, մեր բանն ուրիշ ա, սարկավագինն ուրիշ. սա բանի ղայդան լավ ա գիտում, կրկնեց լուսարարը ծիծաղելով։

Սարկավագի աստիճանում Կամսարյանը տեսել էր միշտ մի երիտասարդ, հաճախ աշխարհականի շորերով, բայց նորեկը վաթսունն անց մարդ էր, բարձրկեկ հասակով, առողջակազմ, միայն մի քիչ դալկադեմ։ Ուներ շեկ, ալեխառն մորուք և ծովի խորահայաց աչքեր։ Հագուստը ոչնչով չէր զանազանվում վարդապետների հագուստից, որովհետև բաղկանում էր նույն մույգ կապույտ կտավի կապայից, շալե գոտուց, կոշտ բրդե փարաջայից և խայտաբղետ գուլպաներից ու քոշերից։ Միայն թե վեղարի փոխարեն գլխին ծածկած էր գառան մորթու տափակ գդակ, որ գարիբալդի կոչվածի ձևն ուներ և որի մեջ այնպես խոր էր մտցրել գլուխը, որ ծածկել էր ճակատը` մինչև թավամազ հոնքերը։

Ժպիտը, որ նա խաղացրեց շրթունքներին, հյուրին ողջունելու ժամանակ, բռնազբոսիկ էր և չէր հարմարում դեմքին, որ կարծես ստեղծված էր միշտ խիստ ու մտախոհ երեվալու համար։ Առաջին տպավորությունը, որ նա արավ երիտասարդի վրա, այն էր թե` նա բանի տեղ չէր դնում միաբանության անդամներրն։ Որովհետև մոտենալուց, նա ոչ միայն չնայեց վերջինների վրա, այլև մինչև իսկ չտեսնելուն տվավ, իբրև այնպիսի մարդկանց, որոնց հետ չուներ որևէ առնչություն, կամ որոնց գոյությունը չէր հետաքրքրում իրեն, լոկ այն պատճառով, որ գիտեր թե նրանցից ոչ մեկը չէ կարող յուր հայտնի վիճակի վրա ունենալ լավ կամ վատ ազդեցություն։

Սովորական քաղաքավարությամբ երիտասարդի «քեֆը» հարցնելուց հետո, նա ցանկացավ իմանալ թե ինչո՞ւ վերջինս չէ մնում իրանց մոտ մի քիչ ավելի։

Ուրախությամբ կմնայի, բայց իմ ձիապանն, ահա, նստած լճափին սպասում է ինձ, առարկեց երիտասարդը։

Վնաս չունի, նրանք սովոր են սպասել, նկատեց սարկավագը այնպիսի եղանակով, որ կարծես այդ «նրանքը» իսկի մարդիկ չէին։

Բայց միևնույն է, ես արդեն ձեր վանքում ամեն ինչ տեսա, ամեն բանի ծանոթացա, ավելի մնալն այլևս միտք չունի։

Հա՞, դե որ էդպես ա, լավ ա։ Ասենք շատ տեսնելու էլ բան չունենք, մի դարտակ վանք ա, մին էլ մի քանի սևագլուխներ. եկողն ուրիշ ի՞նչ պտի տեսնալ, նկատեց սարկավագը ժպտալով, ապա նայեց աբեղաներին այնպիսի մի հայացքով, որով կարծես կամենում էր ասել` «չլինի թե սխալվիք ուրիշ կարծիք հայտնել»։

Նրա դիտողությունը, սակայն, ոչ ոք առավ ուշադրության, իսկ Պետրոսը շտապեց նավակը, որ սպասում էր իրեն։

Ծովակն անհանգիստ էր, թեպետ ոչ անսաստ հուզված։ Ալիքները դեռևս խաղում էին իրար հետ և կարծես զգուշանում միմյանց ընդհարվելուց, որպեսզի ծովակի ժպտուն դեմքը չխռովեն։

Կամսարյանի հարցին թե` արդյոք ջրի անհանգստությունը վտանգ չէ՞ սպառնում, սարկավագը պատասխանեց.

Էդ տեսակ անհանգստությունից հեչ վտանգ չկա. ուրիշ ա, որ քիչ հետո քամին սաստկանա, բայց մինչև էն վախտը դու կլինես Չիբուխլուում։

Մինչդեռ ուղեկցող աբեղաներից մինը, որ մեր ծանոթ բողոքարկուն էր, երիտասարդին ավելի միամտացնելու համար, պատրաստակամություն հայտնեց ուղեկցել նրան մինչև դիմացի ափը։

Կամսարյանը սիրով ընդունեց այդ առաջարկությունը և նրանք միասին մտան նավակը, որ իսկույն էլ առաջացավ դեպի խորը։

Սակայն այստեղ ալիքները թվում էին հետզհետե ավելի անհանգիստ և, հետևապես, ավելի ահարկու։ Թեպետ թիավարների հուժկու բազուկների շնորհիվ հնատարազ նավակը սուրում էր արագ, այսուամենայնիվ ծփանքը նրան այնպես էր տատանում, որ թվում էր թե ահա, ուր որ է, մի հորձանք կխուժե նավակի խորը և լցնելով այն` ուղևորների հետ միասին կիջեցնե հատակը։

Երիտասարդ աբեղան տեսնելով, որ Կամսարյանը երկյուղ է կրում, սկսավ նախ նրան հանգստացնել, ասելով որ ծովակի ավելի հուզված ժամանակն իսկ ամենքը նրա վրա երթևեկում են աներկյուղ, ըստ որում մինչև այսօր դեռ ոչ ոք այդտեղ վտանգի չէ հանդիպել։ Իսկ հապա նրա ուշադրությունը ուրիշ բանի վրա դարձնելու համար, սկսավ նորեն խոսել վանքի ցավերից.

Գիտե՞ք, բարեկա՞մ, ես շատ ուրախացա, երբ դուք վանահորից նվիրատվության մատյան պահանջեցիք։ Թեպետ ցավալի էր, որ նա կարծեց թե դուք մեր խոսքն եք կրկնում և ոչ թե ձեր սեփական ցանկությունը հայտնում, այսուամենայնիվ, լավ եղավ, որ այդ բանն արիք, որովհետև դրանով մեր դատին ուժ տվիք։ Երանի թե ամեն այցելու այդպիսի մի պահանջ անե նրանից։ Այն ժամանակ նա կիմանա, որ համեստության պակասությունը կամ ըմբոստությունը չէ պատճառը, որ մենք ևս հաճախ նման պահանջներ ենք անում, այլ մեր գիտակից պարտաճանաչությունը, որին իրավունք չունինք դավաճանելու` լռելով այնտեղ, ուր պետք է խոսել։ Դուք նվիրատվության մատյանն եք ասում, մի հարցրեք թե ուրիշ որևէ մատյան ունի՞ մեր վանքը։ Տեսա՞ք դուք այդ սարկավագին, որ նոր վերադարձավ։ Ուշադրության արժանի անձնավորություն է դա։ Ով որ կամենում է մեր մի կարգ գործերի անհաջողության գաղտնիքը լուծել, նա պետք է ուսումնասիրե այդ տեսակ անձանց, որոնք չնայելով իրենց ոչնչության, այսուամենայնիվ մեծ դեր են խաղում մեր բախտը տնօրինելու կարևոր գործում։ Սևանում, օրինակ, այդ մարդը վայելում է մեծ իրավունքներ։ Չեմ սխալիլ, եթե ասեմ, թե դա է մինչև անգամ մեր ամենի գլխավորը և ոչ թե վանահայրը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի խեղճ ու տգետ մարդ։ Վերջինս, իսկապես, մեզ չի սիրում, նրա համար, որ իրեն հաճախ անում ենք այնպիսի պահանջներ, որոնց խորհուրդը նա չէ հասկանում։ Մյուս կողմից էլ նրան լարում են մեզ դեմ յուր մտերիմները և մանավանդ սարկավագը, որին նա հավատում է միամտաբար, կամ, գուցե հարկից ստիպված։ Ո՞վ է, սակայն, սարկավագը, որ այսքան ուժ ունի, մի տգետ ու գռեհիկ մարդ, որ անհիշատակ ժամանակներից գտնվելով այս անապատում, յուր ժրության և ճարպկության շնորհիվ արժանացել է «աներևույթ կարգադրիչների» ուշադրության և նրանց ջանքերով էլ «վերևից» կարգվել վանահոր օգնական։ Նրա պաշտոնն է, իբրև վանքի գործակատար, հսկել նրա կալվածներին, ժողովել եկամուտը, երբեմնապես գնալ մոտիկ քաղաքները, թե՛ այդ տեղերի կալվածոց արդյունքը գանձելու և թե՛ միաբանության համար հագուստ կամ այլ պիտույք հայթայթելու։ Բայց նա յուր պաշտոնը կատարում է ոչ թե իբրև գործակատար, այլ իբրև վանքի տեր ու իշխեցող։ Եկամուտ ձեռք բերելու դժվարին մասը նա, իհարկե, հանձնում է վարդապետներին սրանք են, օրինակ, հավաքում միաբանության հասանելիք «պտղի բաժին» ոչխարը, պանիրը, ձեթը, ցորենը և այլն։ Այս առիթով խեղճերը սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում և սակայն այդ ամենը վանքը մտնելուց հետո, ենթարկվում է սարկավագի միահեծան իշխանության։ Ինչ վերաբերում է դրամական գործերին, դրանք արդեն նրա ձեռքումն են։ Ի՞նչ մուտք ունի վանքը և ի՞նչ ելք, այդ մենք չգիտենք, բայց գիտե սարկավագը և եթե հարկ լինի որևէ հաշիվ տալ մեկին, այդ կտրվի այնպես, ինչպես որ սարկավագը կուզե, և ոչ թե այնպես, ինչպես որ իրոք կա։ Այսօր կղզին մտնելուց դուք խոսեցիք գյուղացիների տրտունջի մասին, որը, սակայն, ընկերս համարեց զրախոսություն, բայց նա սխալվում էր։ Գյուղացվոց տրտունջն էլ ունի յուր հիմքը։ Մեր գործերն առհասարակ այնպես են ընթանում, որ հեռվից նայողը պիտի կարծե թե, այս անտեր հայոց ազգում ո՛չ մեծ կա, ո՛չ փոքր, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական, այլ կան մի-մի սարկավագներ, որոնք հենված իրենց պաշտպան «ուժերին», գործում են` ի՞նչ կամենում են, և ոչ ոք նրանց չէ իշխում խանգարել։ Եվ հենց այդպես էլ է, եթե երբեմն մարդիկ համբերությունից ելնելով սկսում են տրտնջալ, կամ ուր հարկն է բողոքել, այդ ամենի արդյունքը լինում է այն, որ սարկավագը կատարում է մի փոքրիկ ճանապարհորդություն, համբուրում է «աներևույթ կարգադրիչների» ձեռքը և վերադառնում դարձյալ յուր պաշտոնով ու իրավունքներով։ Այնուհետև ջուրը դարձյալ հոսում է յուր հին ճամփով և մարդիկ հոգնած հաշտվում են այդ դրության հետ։ Այս է իսկապես պատճառը, որ վանահայրն ամեն բանում համակերպվում է սարկավագին։ Նրա մեջ այլևս մեռել է տրտնջող ու բողոքող հոգին և մնացել է միայն մի փոքրիկ փառասիրություն, որ զոհ է, գեթ նրանով, որ ինքն աշխարհի առաջ համարվում է «վանահայր»։ Իսկ թե այնուհետև ի՞նչ է կատարվում շուրջը, այդ ամենի համար նա կարող է աչք գոցել, որպեսզի «աներևույթ» պաշտպանները չգրգռվին։ Այս կերպով են վարվում մեր գործերը շատ տեղ և «խոհեմ» մարդիկ չեն վրդովվում այդ դրությամբ, որովհետև հավատացած են թե ոչինչ այլևս չէ կարելի փոխել։ Բայց մի՞թե այդպես է։ Մի՞թե այդ ձևով պիտի մտածենք նաև մենք, որ մտել ենք հոգևոր զինվորության մեջ գաղափարով ոգևորված... Ի՞նչպես թե մի տգետ ու գռեհիկ գեղջուկ միահեծան տեր լինի այս հինավուրց անապատին... Ի՞նչպես թե այդ պաշտոնը նա գնե այնպիսիներից, որոնց մի փութ աղած կողակի նվերը ավելի է զբաղեցնում, քան թե Սևանի շուրջն ապրող ժողովրդի ցավերն ու կարիքները... Եվ երբ այս մասին մտածում ես, երբ երևակայում ես թե ի՞նչ կարող էր լինել պատմական Սևանը, ինչե՞ր կարող Էին լինել հռչակավոր Տաթևը, Սանահինն ու Հաղբատը, Գանձասարն ու Ամարասը և ուրիշ շատերը, որոնք, սակայն, այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ ավերանոցներ, զայրույթից քիչ է մնում որ խելագարվես... Ահա, այսպիսի դեպքերումն է, պարո՛ն Կամսարյան, որ մենք հիշում ենք ձեզ, զարգացած ու կարող երիտասարդներիդ և կարոտում ձեր օգնության...

Վերջին բացականչությունը նեղը պիտի լծեր Կամսարյանին, եթե նրա բախտից նավակը չհասներ ափին։ Բայց նա ոչ միայն հասել, այլև կողն արդեն դեմ էր արել ժայռին։ Պետք էր ուրեմն ելնել։ Այս դեպքում, իհարկե, պատշաճից դեմ չէր, որ երիտասարդը, իրեն ուղղված սրտառուչ դիմումին հարմար և վայել պատասխան չտալով, շատացավ միայն աբեղայի եռանդը մի քանի խոսքով գովելով։ Հետո բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով, շնորհակալություն հայտնեց սիրալիր ուղեկցության համար և հատկապես խնդրեց, որ հայր-սուրբը հաճի վստահորեն դիմել իրեն, երբ հարկ լինի հանձնել իրեն որևէ պատվեր կատարելու։

Պատվերներ տալ ձեզ` չեմ համարձակվիլ, բայց գուցե խնդրեմ, որ երբեմն ինձ համար նոր գրքեր ղրկեք, դրանով դուք ինձ շատ շնորհապարտ կկացուցանեք, ասաց աբեղան։

Ամենայն սիրով և ուրախությամբ, հարեց երիտասարդը և մակուկավարներին առատորեն վարձատրելով, դուրս ելավ ափը։

Մի քանի րոպեից հետո նավակը հեռանում էր առնելով յուր հետ բողոքարկու աբեղային, իսկ Կամսարյանն յուր ձին խրախուսելով, դիմում էր դեպի Չիբուխլու։

ԺԴ

Դեռ բավական օր կար, որ Պետրոսը հասավ գյուղ։ Տանուտերը տանը չէր. նրան դիմավորեց տանտիրուհին, որի հետ խոսել նա չէր կարող։ Ինչպե՞ս անցնել ուրեմն օրվա մնացորդը, կամ ուր գնալ, մտածեց երիտասարդը և իսկույն էլ մտաբերեց տիրացու Մոսուն։ «Այցելեմ նրա դպրոցը, այս կարող է ուրախացնել տիրացուին», խոսեց նա ինքնիրեն և դուրս գնաց։

Առաջին պատահող անցորդը ցույց տվավ նրան տիրացուի տեղը, դեպի ուր և ուղղեց յուր քայլերը։

Տնակն, ուր ապրում էր Մոսին, գտնվում էր գյուղի ծայրում և բաղկացած էր մի հատ երդիկավոր միադուռն օդայից և ցածուն, բայց լայնադիր սրահից, որի առաջ գտնվում էր նաև փոքրիկ բակ, կիսով չափ պարսպած գետաքարերի անշաղախ պատով։ Հովանավոր սրահում, այլև բակի այն մասում, որի վրա հարևանի աթարի դեզը տարածել էր լայն ստվեր, անկարգ ու խառն ի խուռն նստոտած էին մոտ երկու տասնյակ տղաներ, ոմանք կտավի փոքրիկ մինդարների, կամ հին կապերտի կտորների, ոմանք պատերի տակ ընկած սալաքարերի, իսկ ուրիշներ` ուղղակի հոգի վրա։ Նրանք ձեռքերնին մի-մի գիրք առած կարդում էին, երբեմն կամացուկ, երբեմն մռմռալով, իսկ հաճախ բարձրաձայն, առանց մեկը մյուսին նայելու, որից և բակի ու սրահի մեջ բարձրացել էր աղմուկ ու ժխոր։

Տիրացուն, որ Կամսարյանին հանդիպած ժամանակ երևում էր կորաքամակ, այստեղ, աշակերտների առաջ ճեմում էր ձգված ու բարձրագլուխ։ Մինչև անգամ մորթե գդակը, որ նա ճանապարհին քաշել էր գլխին մինչև ականջները, այժմ ոչ միայն բարձր էր` ճակատը երևալու չափ, այլ և քեշ (ծուռ) դրված, որով նրա դեմքը ստանում էր համարձակ ու ինքնավստահ արտահայտություն։ Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի երկար քանոն, որ նմանում էր որմնադրի գազի և որը շարունակ աջ ու ձախ ճոճելով, մոտենում էք մերթ այս, մերթ այն աշակերտին և փոխանակ խոսքով դիտողություն անելու, նրա ծայրով բոթում էր կամ մեկի կրծքին` կամենալով ուղիղ նստեցնել նրան, կամ մյուսի գլխին` որպեսզի սա շատ չկորացնե այն, իսկ հաճախ զարկում սրա ու նրա գրքին, որպեսզի ծնկների վրա դնելու փոխարեն ձեռքերնին առնեն նրանց։

Հեռվում` ձայնը մի աշակերտի, որ կարդում էր կանգնած, հաղթում էր ընդհանուր ժխորին։ Այդ նշանակում էր թե նա դաս է ասում։

Ի՞նչ է պաճարը, որ դու... կարդում էր աշակերտը մայրենի լեզվից։

Պաճարը չի, ա լակոտ. պատճառն ասա, ուղղում էր տիրացուն։

Պատճառը, որ դու այդպես…։

Ա հայվան, ադպեսը ո՞րն ա. մի շանց տու տենեմ, ասում էր տիրացուն և քանոնը ճոճելով խոյանում դեպի աշակերտը։

Վերջինս, մեկ ճոճվող քանոնին, մեկ գրքին նալելով, շփոթված պտրտում էր այդպեսը։

Ու՞ր ա, դե շանց տու տենեմ. շանց տու, շո՛ւտ, կրկնում էր տիրացուն անհանգստությամբ։

Աշակերտը վերջապես գտավ ադպեսը և ցույց տվավ։

Ադա, Էշի ծեք, բա Էդ ա՞դպես ա, էս «յ»-ին տենո՞ւմ չես. աչքդ քո՞ռ ա. հմի թխեմ դրուստ քոռացնե՞մ, ասում էր վարժապետը և ապա ուղղում` ասի` այդպես։

Այդպես։

Չո՛ռ... դե հմի միտդ պահի։

Այդպես ուրախ ծիծաղում ես... շարունակեց աշակերտը։

Կամսարյանը, որ մի քանի վայրկյան ցանկապատի հետևը կանգնած տեսնում ու լսում էր այս ամենը, վերջապես մտավ բակը։

Տիրացուն հենց որ նշմարեց նրան, ձեռքը բնազդաբար դեպի գլուխը տարավ, և գդակի դիրքը ուղղելով շտապ-շտապ մոտեցավ երիտասարդին։

Բարով ես եկել, աղա, հազար բարով, էս ո՞ր խաչից ա մեզ միտդ ես գցել, ասաց նա ժպտալով և սև ու կոշտ ձեռքը Կամսարյանին ուղղելով։

Եկել եմ քո ուսումնարանը տեսնելու, պատասխանեց վերջինս և թեթևակի ու կես անուշադիր սեղմեց Մոսու ձեռքը։

Շնորհակալ եմ... Աստոծ էլ քե մհալ գցի (ուշադիր լինի), ոնց որ դու մեզ մհալ ես գցում... ամա դեմ կբաշխես, քու տենելու լայաղ հուսումարան չունեմ։

Հոգ չէ, ինչ ունես` ա՛յն կտեսնենք։

Լավ կըլի, համաձայնեց տիրացուն և դառնալով աշակերտներին` կես բարձր ու կես խեղդված ձայնով, հրամայեց, ադա, վե կացեք, ազին գլուխ տվեք։

Աշակերտները մեկը մյուսի հետևից վեր կացան տեղներից ու շվարած ու երկչոտ հայացքով սկսան դիտել «աղին»։

Նրանց արտաքինը չափազանց տխուր ազդեցություն էր անում։ Մոտ երկու տասնյակ աշակերտների մեջ հազիվ մի երկուսը հագնված էին օրինավոր, այսինքն ունեին չմաշված շոր և կաշվե ոտնամաններ։ Մյուսները գրեթե ցնցոտիների մեջ էին, ոմանք մինչև իսկ կիսամերկ և բոկոտն, կային և այնպիսիները, որոնք արխալուղի (բաճկոն) տակ շապիկ չունեին, կամ եթե ունեին, այնքան էր կեղտոտ, որ կտավի ի՞նչ գույն լինելը չէր որոշվում։

Ադա, ձեզ ասըմ չե՞մ գլուխ տվեք, կրկնեց տիրացուն յուր հրամանը։

Աշակերտներից մի քանիսը գլուխ իշեցրին. ավելի փոքրերը դեռ նայում էին. ապա ընկերներին հետևելով, նրանք էլ գլուխ տվին, առանց իմանալու թե ինչո՞ւ են այդպես անում։

Մի փոքրիկ դալկադեմ տղա, որ դեռ քարի վրա նստած յուր մեծ-մեծ սիրուն աչքերը հառել էր «աղին» և չէր մտածում ոտքի ելնել, գրգռեց տիրացուի զայրույթը։

Ա լակոտ, խի՞ չես վե կենում, խուլ ձայնով ճչաց նա և յուր բարկացայտ աչքերը սևեռեց երեխայի վրա։

Վերջինս վեր թռավ, իբրև օձահար և երկչոտ հայացքը սկսավ պտտեցնել մերթ «աղի», մերթ վարժապետի վրա։

Հին պատառոտուն հագուստը, որ շատ տեղ նույնիսկ չէր ծածկում տղայի նիհար մերկությունը, անմեղ ու տխուր հայացքը, որ մի առանձին գրավչություն էր ստացել զգացած երկյուղի ազդեցության շնորհիվ, այնպես հուզեցին Կամսարյանի սիրտը, որ նա չկարողանալով յուր դժգոհությունը զսպել, ծանր դիտողություն արավ վարժապետին, որ նա կոպտաբար է վարվում երեխաների հետ։

Որ դհե չանես, սրանք մարդ չեն դառնալ։ Դու գի տում չես թե ինչ թահր թայփա (ցեղ) են։ Ափսո՞ս չեն մերոնք (ղազախեցիք), ընդոնցում խելք կա, շնորհք կա, ըստոնք ջլիզ (բոլորովին) հայվան են, առարկեց տիրացուն։

Դեհ լավ, բավական է, աշակերտներին չեն հայհոյիլ, կամացուկ նկատեց Կամսարյանը և ապա մոտենալով տղաներին, սկսավ նրանց խոսեցնել, հացուփոձել, մեկին կամ մյուսին կարդացնել, կամ նրանց գրքերն ու տետրակները նայել։

Տղաներից ոչ մեկը, նույնիսկ մեծերից, որոնք ձեռքերնին ավետարան ունեին, կանոնավոր կարդալ չէր իմանում։

Գրելու մեջ, մանավանդ, ետ էին մնացած բոլորը։ Մի երեխայի տետրակի վրա նա տեսավ վարժապետի գրած մի քանի տող օրինակը, որ անկանոն ձևով գրված լինելուց զատ, լի էր նաև տառասխալներով։

«Եթե սա է վարժապետը, ի՞նչ կլինի աշակերտը», մտածեց Կամսարյանը և գլուխը շարժեց։

Տենում եմ, որ հավանում չես իմ հուսումարանին, ժպտալով և միևնույն ժամանակ, քաշվելով նկատեց տիրացուն, երբ Կամսարյանը յուր հարցուփորձը ավարտելով, կամենում էր հեռանալ։

Ի՞նչ ասեմ, Մոսի, լավ կլիներ, որ դու այս ուսումնարանը փակեիր, ասաց երիտասարդը։

Ընչի՞ հմար, զարմացավ տիրացուն։

Նրա համար, որ դու ոչինչ չես սովորեցնում այս երեխաներին։

Յանի ո՞նց չեմ սովորեցնում։ Բա դու քու աչքով տեհա՞ր ոչ` ո՞նց են կարդում, յա անգիր ասո՞ւմ։

Տեսա, բայց թե՛ կարդացածները և թե անգիր ասածները, բոլորն էլ սխալ էին ու անկանոն։

Դե որ դրանից լավ կարում չենք սովորեցնե՞նք...

Այն ժամանակ ավելի լավ է, որ իսկի չսովորեցնես։ Այս դիտողությունը տիրացուի ինքնասիրությանը դիպավ, ուստի նա համարձակություն առավ խոսելու.

Գիտե՞ս ի՞նչ կա, աղա, օրինակի հմար ասենք, մի մարդ կա, որ քաղցած ա, ընենց քաղցած, որ ուզում ա թիլանա, ի՞նչ արած, ցորեն հաց չկա, որ տանք իրան ուտի։ Ես ասըմ եմ ըստի մի կտոր ճաթ (կորեկահաց) կա, բերե'ք տանք իրան. դու ասըմ ես` չէ, ճաթը դժար կմարսի։ Հեր օրհնած, մարդը սոված թիլանում ա, ցորեն հացը որ չկա, ճաթն էլ ա տանք, որ ուտի, չմեռնի, է՞ ... Հմի մեր էս րեխեքն են։ Լավ, օսալ, մի բան սովորցնում ենք։ Ասում չեմ` քերականութին յա ճարտասանութին եմ սովորցնում, ըդոնք ես էլ չեմ կարդացել։ Ամա դե մի քիչ գրաճանաչ ենք անում, որ թղթի սև ու սպիտակը ջոկեն, այ հարկավոր վախտը` մի բարովագիր, յա սանադ (մուրհակ) գրեն, յա չէ, սուդը (դատարան) կանչած վախտը` իրանց անումն ու փամիլան կարան ձեռք քաշի։

Ախար եթե դու այս ուսումնարանը չունենաս, գյուղացիք կտեսնեն, որ իրենց երեխաները մնում են անուսում, կհավաքվեն, կմտածեն և իրենց համար մի կանոնավոր ուսումնարան կհիմնեն։

Տիրացուն ծիծաղեց։

Ինչո՞ւ ես ծիծաղում, հարցրեց Կամսարյանը։

Բա ո՞նց չծիծաղեմ, խաչն իմն ա, զորութինը ես եմ գիտում։ Մեր ժողովուրդը ընե՞նց ժողովուրդ ա, որ իրանից մի բան անի՞։ Հրեն ամեն մի րեխին ամսեկան իրեք շահի, յա մին աբասի փող դեն տալ, սկի էն էլ տալիս չեն, պահում, գցում են կալավախտին, թե ի՞նչ ա, փողի տեղ ցորեն, յա գարի տան։ Էն էլ թե տարին առատ ա ըլում, տալիս են, թե չէ, ասում են գյալաջախ (գալ տարի) կտանք։ Ընենց մարդ էլ կա փողի տեղ ձու, ճուտ, յա հավ ա բերում. շատ վախտ էլ բերում չի։ Այ, տենում ես էն պուճուր տղան, որ հմի քարիցը վե չէր կենում, նա եթիմ (որբ) ա, մի ըրբևերի (այրի) մեր ունի։ Ասավ` րեխիս կարդացու, ամսեկան մի ջուխտ գուլպա կտամ։ Ես էլ էս ա օխտն ամիս ա կարդացնում եմ։ Ամա դե մի ամսվա հմար մի ջուխտ բերել ա ու ընդուցը եդը էլ բերում չի։ Ասում եմ. ա՛ նան (մայրիկ), բա խի՞ պարտքըդ տալիս չես. ասում ա. վարժապետ, ղուրբան ըլեմ քե, բուրդ չունեմ թե մանեմ, մի քիչ մոհլաթ տուր, էս ա գնալ դեմ Նորադուզ, իմ քվոր տունը. ընտեղից բուրդ կբերեմ, թել կմանեմ ու գուլպեքդ կգործեմ, կըտամ։ Ես էլ տենում եմ, որ խեղճ կնիկ ա, ըսկի հաց չունի թե րեխին կուշտ փորով ուտացնի, բուրդ ո՞րդիան դի գտնիլ որ թել մանի։ Ըսենցով սիրտս ցավում ա. ասում եմ նանի ջան, փիքր մի՛ անիլ (մի' մտածիլ), ես քու րեխին մուֆտա (ձրի) կկարդացնեմ։ Էն ա, նա էլ ուրախանում ու օրհնում ա ինձ։ Սրանով բանը քութահ ա ըլում (վերջանում է)։

«Հմի քե եմ հարցնում. ամիսը իրեք շահի, յա մին աբասի տալով, կալափայ, ձու, ճուտ, յա փողի տեղ` օրհնութին հվաքելով ժողովուրդը կարա՞ հուսումարան բանա՞լ...

Ա՛յ, ուրիշ բսմե էր էն, որ գալիս վախտը ճամպին ասում իր ինձ թե, եթե մի մարդ իրա ծախքովը ուզի հուսումարան բանալ, գեղացիք հո չե՞ն հկառակիլ։ Ես էլ ասեցի` բա խի՞ են հկառակում. մարդ իրա աչքը քո՞ռ կուզի։ Հմի թե որ ըդենց մի բարի մարդ գտնվի, էն չախը հա՛, կհավատամ, որ մի բան կըլի. թե չէ ժողովրդին որ թողնես, ինքն իրանից բան չի շինիլ։

Կամսարյանը զարմացավ, տեսնելով որ այնքան գռեհիկ երևացող այդ տիրացուն կարողանում է յուր (Կամսարյանի) առարկությունները հիմնավոր կերպով ջրել. ուստի հանցանքի մեջ բռնված մարդու նման չիմացավ ի՞նչ պատասխանել։ Մի քանի վայրկյան լուռ մտածելուց հետո, ասաց.

Դու էլ իրավունք ունիս։

Հարկ է որ ունիմ. ինչ կըլի բանը չիմանամ, ես սկի կխոսե՞մ, սրտավորվեց տիրացուն։

Երիտասարդն ուրիշ առարկություն չարավ և մնաս բարև ասելով, հեռացավ։

Ճանապարհին, սակայն, նա մտածում էր։ Գաղափարական «ես»-ը դարձյալ շշնջաց նրա ականջին։ Նա հիշեցնում էր տիրացուի խոսքերը, բացատրությունները, նրա կարեկից վարմունքը աղքատ այրիի հետ։ «Այս չքավոր ու կիսակիրթ տիրացուն, յուր ողորմելի պատրաստությամբ, ավելի շատ է գործում և ավելի շատ օգնում խեղճ ժողովրդին, քան թե մենք, զարգացածներս, մեր բարձր գիտությամբ, մեր ունեցած հարստությամբ, ասում էր այդ «ես»-ը և երիտասարդը լսելով նրան, թե՛ համոզվում և թե՛ զայրանում էր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Առաքյալը"

Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Разговор, 1969
Разговор, 1969
Играть онлайн