Мурацан
Առաքյալը
5
ԺԳ
Երկար չտևեց ճանապարհորդությունը, թեպետ Կամսարյանը կցանկանար, որ նա մի քիչ երկարեր։ Որովհետև յուր նոր թամբի և աշխույժ ձիու վրա նա այնքան էր իրեն երջանիկ զգում, և փայլուն հրացանը, որ ուսից կախած էր, այնպիսի մի հարգարժան առավելություն էր տալիս իրեն, որ նրան թվում էր, թե այդպիսի տրամադրությամբ ու պատրաստությամբ ուղևորություն կատարած ժամանակ, ինքն հոգվով ու սրտով ավելի է «մեծանում», քան թե էր իսկապես, կամ ընդունակ դառնում կատարելու «մեծ գործեր», որոնց մասին նա առաջ այնքա՛ն շատ երազում էր, իսկ այժմ վախենում մինչև իսկ մտածել... Եթե երիտասարդի այդ տրամադրության վրա ավելացնենք նաև հրաշալի եղանակը, որ արևի թեթև ամպերով սքողված լինելու պատճառով զով էր ու ղյուրական, այլև ճանապարհի հանգստությունը, ըստ որում խճուղին ո՛չ խոչ ուներ, ո՛չ խութ, նույնպես և լճափի անուշ հովերը, որոնք իրենց սույլի հետ բերում էին նաև դաշտային թռչունների բեկբեկ երգերի ձայներ, և վերջապես լճի սիրուն տեսարանը, նրա ալիքների ափնածիր ծփանքը, որոնք հաճախ գալիս, ողողում էին խճուղու եզերքն ու արահետը, այն ժամանակ հասկանալի կլինի թե ինչո՞ւ Կամսարյանը ցանկանում էր յուր ճանապարհը երկարեր։ Բայց չնայելով այդ ցանկության, նա հասավ «ճոճ թմբին» ավելի վաղ, քան սպասում էր։
Անցնելով այդ թումբն եզերող ճանապարհը, նա, առաջնորդի ցուցմամբ, իջավ լճափը և մոտեցավ խճավազի մեջ ցցված ժայռերի մի շարի, որ համարվում էր նավամատույց։ Լճափին կային նաև ուրիշ ուխտավորներ, որոնք սպասում էին կղզուց գալիք նավակին։ Որովհետև այդ կետում (չնայելով, որ նա ավելի մոտ էր կղզուն, ուստի և ավելի էլ եկվորներ էր գրավում) չկային վարձու նավակներ, ըստ որում տեղը ամայի էր և բնակությունից հեռու, եկողը պետք է հրացանով նշան տար, որպեսզի կղզուց նավակ բերեին։ Բայց որովհետև ուխտավորները հրացան չունեին, ուստի սպասում էին, որ կամ կղզուց նշմարվին և կամ բախտը իրենց մի հրացանավոր հասցնի։ Վերջին ակնկալությունը կատարված էր։ Կամսարյանն շտապեց փորձել յուր երկփողյա ամերիկականի զորությունը, դնելով նրա մեջ երկու փամփուշտ և արձակելով նախ` աջ և ապա` ձախ փողերից։ Հրացանի ույժն արդարև սաստիկ էր և որոտն ահավոր։ Կղզեցիներն, անշուշտ, իմացան, որ այդ ձայնը աղքատ գյուղացու հրացանի ձայն չէ, որովհետև երկրորդ հարվածից հետո իսկույն կղզու նավամատույցի վրա բուսան երեք հոգի, որոնք մտնելով այնտեղ կապած նավակներից մինը, սկսան առաջանալ դեպի եկվորները։
Կըտենա՞ս, բարեկամ, խոսեց ուխտավորներից մինը յուր ընկերոջ հետ, քյասիբն ընրու խամար ա կորում,որ քյասիբ ա։ Էս ճոճ մարդ եկած չըհլեր, մեզի սաղ օր կթորգին ըստեղ... էս խոքևորի արա՞րք ա։
Ո՞վ է մեղավոր, որ դուք հրացան չունեք, որպեսզի նշան տաք, մեջ մտավ Կամսարյանը, տեսնելով որ գյուղացին անիրավ տեղն է տրտնջում։
Խրացան էլ ըլնի, գեղցուն էլի բանի տեղ չեն դնի, առարկեց ուխտավորը։
Ինչո՞ւ։
Ընդուր որ գեղցին բան չունի նրանց տալու։
Էհ, ամեն տեղ այդպես է, ով չի տալիս, նա չի էլ ստանում։
Հմմեն տեղն ուրիշ ա, վանքն ուրիշ, էս խոքևոր տուն ա, բյությունն էլ (բոլորը) իստեղ խավասար ին, ոչ ճոճ պետք ա ըլնի, ոչ պստիկ։
Բայց տեսնո՞ւմ ես որ կա։
Խա, տենում եմ. իմա՞լ չեմ տենում, ընդուր խամար էլ ասում եմ, էս փիս բան ա, աստծուն տուրեկան չի։
Բայց ախար առանց տալու էլ չի լինիր։ Եթե ես չտամ, դու չտաս, մեկելը չտա, վանքն ինչո՞վ կառավարվի։
Աստված խոքին լուսավորի խայոց թագավորների, էնքա՛ն մալ ու դովլաթ ին թողե վանքի խամար, էնքա՛ն մյուլքեր, գեղեր, որ վանքն էլ ուտի, խայի քյասիբն էլ, ըսկի չի վերջանա մինչ գալուստն Քրիստոսի։ Համա ի՞նչ անես, որ քյասիբին հեչ հիշկող չկա. ով որ զոռ ունի, էն առնում տանում ա։ Դյուն, էրևում ա, ղարիբ մարդ ես, վանքի ահվալ (դրություն) չիս գինա. ամա մենք մոտիկ ենք. հմմեն բանն էլ մեր հառեջն ա։ Իստեղ մի սարկավագ կա, քառսուն տարիա վանքը կոխած ուտում ա. հեչ մինն էլ ա չասում` էդ իմա՞լ ես անում։ Ճոճ ուխտավոր որ գալում ա, պաշտում, պատվում ա, ամա քյասիբին` հեչ ղսի տունեն ներս էլ չի թորգում...։
Կամսարյանը, որ մի առանձին ջերմեռանդությամբ էր մոտեցել Սևանին և սրտատրոփ սպասում էր տեսնել ու համբուրել պատմական սրբավայրերը, ծանոթ չլինելով գյուղացիների բամբասասիրության, հալած յուղի տեղ ընդունեց գեղջուկի բոլոր խոսքերը։ Եվ համոզվելով, որ, ուրեմն, հայոց սրբավայրերում իսկ անկարելի է հանդիպել մխիթարական երևույթի, ճշմարտապես տխրեց և այդպես նախապաշարված էլ ոտք դրավ անարվեստ ու հնաձև նավակը, որ արդեն մոտեցել էր ափին։
Երբ բոլոր այդտեղ գտնվողները, բացի ձիապանից, տեղավորվեցան նավակում, երկու հուժկու թիավարներ սկսան առաջ վարել ծանրաշարժ մակույկը, իսկ երրորդը ղեկը բռնեց։
Հեռվից կղզու տեսքը գրավիչ ոչինչ չուներ։ Նա տխուր էր և մռայլ։ Արևը, կարծես, այրել, մրկել էր նրան։ Կանաչ ծառերի խումբը, որ երևում էր մասամբ եզերքին և մասամբ անշուք շինությունների հետևում, այլև բարդիների շարքը, որ պատում էր կղզու հյուսիսային ջրափը, չէին մեղմում նրա կոշտացած պատկերը։ Կամսարյանին թվում էր, թե խիստ անհյուրընկալ մի տեղ է դա, ուր դարձյալ պիտի կրե ծանր հիասթափություն։
Բայց երբ նավակը մոտեցավ ափին և երիտասարդը ոտք կոխեց գետին, տեսավ, որ հեռվից չոր ու ցամաք և հազիվ բլրակի չափ երևացող այդ թումբը կանաչազարդ և բավական ընդարձակ մի գեղավայր է, հինավուրց ուռիներով տնկագործված։ Կղզու դիրքը, հարավ-արևմտյան կողմից, ներկայացնում էր լայնադիր մի տափարակ, սիրուն կանաչով ծածկված։ Այդ տափարակի վրա, լճակից քիչ հեռու, կարգով շինված էին ուխտավորների սենյակներ, որոնք իրենց կեսը դեպի հարավ, իսկ կեսը` արևմուտ ունեցած դիրքով, ներկայացնում էին կղզու ներսը փակող մի ուղիղ անկյուն և ծառայում այդ կողմից պաշտպանող պատվարի տեղ։ Այդ շինության մեջ բացված դռնից մտնելուց, Կամսարյանի առաջ բացվեցավ մի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան և հյուսիսային կողմը երկարանալով ձգվում էր հեռու, մինչև լճափը և փակվում բարդիների և ուռիների շարքերով։ Իսկ հարավ-արևելյանը կազմում էր վանքի բուն բակը, հովանավորված հաստաբուն և ստվերաշատ ուռիներով։ Այս մասի շարունակության վրա գտնվում էին ս. Աստվածածնի սագաշեն եկեղեցին և միաբանության բազմաթիվ խցերն ու կացարանները, իսկ դրանց հետևից անմիջապես բարձրացող և բուն կղզին ներկայացնող բլրի վրա` Սևանի ուրիշ մատուռները։
Հենց վանքի բակում միաբանության անդամներից երկու աբեղաներ սիրով ընդունեցին թե՛ երիտասարդին և թե՛ մյուս ուխտավորներին և քաղաքավար հարցուփորձից հետո իմանալով, որ առաջինը շուտ պիտի վերադառնա, իսկ վերջինները պիտի գիշերեն, հրամայեցին փակակալին սենյակ հատկացնել գյուղացիներին և նրանց հարկ եղած պետքերը հոգալ, իսկ երիտասարդին իրենց հետ առնելով սկսան պտտեցնել կղզին։
Միաբանների քաղցր վարմունքը գեղջուկ ուխտավորների հետ մտածության առիթ տվին երիտասարդին։ Արդյո՞ք հոգևոր հայրերը յուր` իբրև զարգացած հյուրի ներկայությա՞մբ էր, որ այդպես քաղցր ընդունեցին գյուղացիներին, թե՞ նրանք հենց միշտ այդպես էլ ընդունում են նրանց և, սակայն, գյուղացիները սիրում են զուր տեղը բամբասել։ Եթե այս վերջին ենթադրությունը ճիշտ էր, ապա պետք էր կարծել, որ հայ գյուղացին, ուրիշ շատ թերությունների հետ միասին, ունի նաև ստոր հակումներ։
Երբ այս մասին հարց տվավ Կամսարյանը աբեղաներին, նրանցից մինը պատասխանեց.
Խավար ու գիջին նկուղներում, ուր որ արև չէ թափանցում, վխտում են միշտ զեռուներ։ Գյուղերում այնպիսի խավար է տիրում և այնպիսի խոր տգիտություն, որ բնավ չպիտի զարմանաք, եթե տեսնեք, որ գյուղացին բամբասանքից ու զրախոսությունից զատ, վարակված է նաև ուրիշ չար ախտերով։ Արև է հարկավոր, որ նրանց սառ հոգին ջերմացնե, նրանց մտքի անոթը լուսավորե, այդ արևը չկա՛, երբեք չէ ծագում, գյուղացին ի՞նչ անե...
Կամսարյանը, որ էդ վայրկենին մոռացել էր յուր ուխտը, կամ որին այնպես թվաց, թե հոգևորական եղած տեղը աշխարհականը չպետք է ժողովրդի վրա մտածե, մի անզուսպ պահանջ զգաց հիշեցնել հոգևոր հայրերին իրենց պարտականությունը։
Ինձ թվում է, ասաց նա, որ հենց դուք ինքներդ կարող էիք դառնալ այդ արևը և ցրել գյուղերում տիրող խավարը։ Ինչո՞ւ ուրեմն չեք անում։ Մի՞թե, արդարև, ավելի լավ չէ մտնել ժողովրդի մեջ, ծառայել նրա բարոյական ու մտավոր շահերին, քան թե ապարդյուն ճգնիլ անապատում։
Խոսող աբեղան չպատասխանեց, բայց նրա ընկերը, որ ավելի երիտասարդ էր և ավելի աշխուժոտ, կանգ առավ հին մատուռի կիսավեր ավերակի առաջ, որի մոտով անցնում, էին, և ասաց.
Չգիտեմ դուք ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ, բայց ձեզ, պարոն Կամսարյան, ես լավ եմ ճանաչում։ Այն ժամանակ, երբ դուք գիմնազիոնն ավարտելով` գնացիք Պետերբուրգ, ես էլ Ներսիսյան դպրոցն ավարտած` սարկավագ էի։ Հետո անցա Էջմիածին և վարդապետ ձեռնադրվեցա։ Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, ճգնում եմ Սևանում։ Բայց չնայելով այս ճգնության, որ յուր ապարդյուն խստություններն ունի, այսուամենայնիվ, չեն մարած սրտիս աշխույժն ու եռանդը, ասպարեզ եղած տեղը կարող եմ գործել, իսկ չեղած տեղը` գեթ ազատ խոսել։ Թույլ տվեք, ուրեմն, որ ձեր հարցին պատասխանելուց առաջ, ինքս ձեզ տամ մի հարց, որ, միևնույն ժամանակ, կլինի նաև ձեր պատասխանը։
Կամսարյանը լարեց ուշադրությունը։
Ասացեք խնդրեմ, շարունակեց աբեղան, մինչև ե՞րբ պետք է դուք նման պահանջներ անեք մեզնից առանձին թե հրապարակով և հավատաք թե արդար պահանջ եք անում։ Որ հոգևորականը աղոթելուց, մկրտելուց և թաղելուց զատ ուրիշ շատ վսեմ պարտավորություններ էլ ունի, այդ ես չեմ հերքում։ Հոգևորականն, այո՛, կարող է լինել հենց այն արևը, այն պայծառ լուսատուն, որ փարատում է ժողովրդի մտքի խավարը։ Նա յուր բարձր կոչման շնորհիվ մեծ էլ դյուրություն ունի այդ ժողովրդի ամեն խավերը մտնելու, յուր հոտի ամեն մի անդամին մտերմանալու, նրա սրտի, հոգվո և զգացմունքների հետ խոսելու և այդպիսով էլ մեծ արդյունք առաջ բերելու։ Բայց ո՞ր հոգևորականը կարող է այդ անել. միթե մե՞նք, արդի հոգևորականներս։ Երբեք։ Մենք ինչացո՞ւ ենք. ո՞վ է մեզ տվել այդպիսի կարողություն, ո՞վ է մեզ պատրաստել դրա համար։ Մենք հո երկնքից չե՞նք իջել, այլ ելել ենք ձեր միջից. ինչ որ դուք եք, նույնն էլ մենք, փչիցը խաղող չենք քաղիլ, ոչ էլ տատասկից թուզ։ Տվե'ք, որ ստանաք, սերմեցեք` որ հնձեք։ Մի գուցե կարծում եք թե, հոգևոր կոչման հետ միասին, մենք ստանում ենք նաև խելք, գիտություն, գործելու շնորհ, կամ թե գերբնական մի զորության շնորհիվ, ազատվում ենք մեր մարդկային, սովորական կրքերից, ցանկություններից... Մի՞թե չգիտեք, որ հոգևորականների մեծամասնությունը հոգևոր կոչումն առնում է յուր վրա միայն յուր գոյությունը պահպանել կարենալու համար... Մի՞թե չգիտեք, որ ծուլությունը, հեշտ ապրելու տենչը, արիության և աշխատասիրության պակասությունն է, որ ծնվել է մեր այսօրվա հոգևոր պաշտոնյաների լեգեոնը և ոչ թե անձնվիրության ու առաքելության վսեմ գաղափարը, որի մասին նրանք նույնիսկ հասկացողություն չունին։ Այո՛, գիտեք։ Գիտեք նույնպես, որ հազվագյուտ բացառություններ են նրանք, որոնք այդ գաղափարով ոգևորված, մտել են հոգևոր զինվորության մեջ, հուսալով կարենալ օգտակար լինել ժողովրդին, բայց որոնք իրենց սակավաթիվ լինելու պատճառով` խեղդվում, ոչնչանում են հոգևորականության ամբոխը կազմող մեծամասնության մեջ... Այս այսպես լինելուց հետո, էլ ո՞րտեղ է մնում ձեր իրավունքը` պահանջներ անելու հոգևորականությունից։ Պահանջներ անելու իրավունք գիտե՞ք ովքեր ունին. այն հոգևորականները, որոնց ես բացառություն անվանեցի և որոնք հաճախ կսկիծը սրտում և արտասուքն աչքերին զենքը դնում են վար, որովհետև «Մեծավորը» հրամայում է «Սո՛ւս կաց, դու գիտում չես, առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում»։ Այո՛, այդ ճնշվածները, գործելու տենչով վառված, բայց միշտ իրավազուրկ զինվորագրյալներն են, որ իրավունք ունին պահանջներ անելու... այն էլ գիտե՞ք ումնից ձեզնից, մտավոր ու նյութական հարստությամբ օժտված երիտասարդներից, նրանք են, որ պիտի ձեզ ասեն. պարոններ, դուք ամեն տարի տասնյակներով ավարտում և վերադառնում եք հայրենիք, ձեր մտավոր պատրաստության շնորհիվ դուք լավ ըմբռնում եք ժամանակի պահանջը և ճանաչում ժողովրդի ցավերն ու կարիքը. միևնույն ժամանակ, ձեր բազմաթիվ լինելու շնորհիվ, դուք պատկառելի ուժ եք կազմում և այդ ուժով կարող եք մեծ անիվներ դարձնել։ Ինչո՞ւ, ուրեմն, չեք գործում, կամ ինչո՞ւ չեք մոտենում մեզ, սակավաթիվ զինվորներիս և մեզ հետ միասին դիմում դեպի այն ցանկալի բարձրությունը, ուր պետք է վառել ժողովրդի խավարը փարատող արևը... Հայ արժանավոր հոգևորականը երբեք չի ունեցել և այժմ էլ չունի ոչ առանձին շահ, ո՛չ ջոկ միտումներ։ Նա հնումն ապրել ու մեռել է ազգի համար, այսօր էլ նույնը կանե, ուրեմն, մի՛ բաժանեք նրան ձեզանից, արհեստական անջրպետ մի՛ ստեղծեք և «կղերական» անունով մկրտելով` զատ շահերի, զատ ձգտումների տեր մի հռչակեք նրան։ Այդպես է եղել և է, արդարև, կաթոլիկ հոգևորականությունը, որի պատմությունը ուսանում եք դուք հոժարությամբ, բայց, այդպես չէ եղել երբեք հայ հոգևորականությունը, որի պատմության, ավա՛ղ, մնացել եք միշտ անծանոթ։ Եվ այդ անծանոթությանն էլ եղել է պատճառ, որ հայ հոգևորականության արժանիքը չափել եք դուք միջնադարյան արհավիրքներն ստեղծող և, այսօր իսկ, ազգերի խաղաղությունը վերիվայր շրջող կաթոլիկ կղերի արարքներով։ Բայց դա մոլություն է և ճշմարտության անխիղճ հեղաշրջումն։ ժամանակ է, որ գեթ այժմ ձգեք մոլորությունը և հայ հոգևորականության պատմությունը ուսանիք։ Ժամանակ է, որ դուք միանաք մեզ հետ և ձեռք ձեռքի տված մտնենք ժողովրդի մեջ։ Դուք աջից, մենք` ձախից գործենք անընդհատ, քրտնենք, վաստակենք և այդ վաստակի ազնվական պտուղը ստեղծած բարիքը մեր աչքով տեսնելու և մեր ձեռքով շոշափելու քաղցրությունը վայելենք միասին։
Երիտասարդ աբեղան, որ ըստ երևույթին, յուր հիշած բացառիկ զինվորներից մինն էր և, անշուշտ, քաղցր հույսով Սևան մտնելով, հանդիպել էր գուցե դառն հիասթափության, պոռթկում էր, կարծես, վաղուց ի վեր յուր սրտում ամբարած ցավերը, առանց մտածելու թե` արդյո՞ք պատշաճի դեմ չէր, առաջին իսկ ժամում, մեղադրության ճառ կարդալ ուխտավոր այցելուի երեսին։
Սակայն նա լռեց, հենց որ հեռվում նշմարեց ծերուկ վանահորը, որ իրեն հասակակից մի ուրիշ վարդապետի հետ առաջանում էր դեպի այցելուն։
Կամսարյանը դեռ չէր տեսել նրանց, ուստի գլուխը խոնարհած ակնապիշ նայում էր առջևը գտնված ավերակի բեկորներին և իբրև հանցավոր, սպասում թե ուրիշ էլ ի՞նչ պիտի լսե խոսող աբեղայից։
Հանկարծ հնչեց վանահոր թավ ձայնը.
Հա, էդ ի՞նչ եք էտեղ կանգնել։
Ուխտավոր է, հայր սուրբ... Պարոն Կամսարյան... Գուցե ճանաչում եք, շտապեց հայտնել առաջին աբեղան և ապա դառնալով Կամսարյանին, կամացուկ շշնջաց, մեր այստեղի վանահայրն է։
Աստված օգնական, ասաց Կամսարյանը և մոտեցավ վանահոր աջն առնելու։
Աստված պահապան, որդի, բարով ես եկել. բա հե՞ր ես էստեղ կայնել։
Պարոնին ման ենք ածում, հայր սուրբ, խոսեց երիտասարդ աբեղան։
Ման եք ածո՞ւմ... բա դուք ման ածիլն ի՞նչ եք գիտում, հեգնեց վանահայրն աբեղաներին և ապա մի առանձին լրջություն տալով դեմքին` գնացեք, գնացեք, ճաշի ժամն* սկսել են, իմ հյուրին ես ման կածեմ, ասաց և աբեղաները լուռ հեռացան դեպի ս. Աստվածածնի եկեղեցին։
Կամսարյանին մի կողմից անախորժ թվաց վանահոր անտակտ դիտողությունը, բայց մյուս կողմից էլ գոհ եղավ նա, որ վերջինի միջամտությունը ազատեց իրեն դժվար կացությունից։
Ասում ա «ման ենք ածում», խոսել սկսավ վանահայրը սաղ սհաթ ա, էնտեղից մտիկ եմ տալի, տեսնում եմ հալա սուրբ Մինասի (քանդած մատուռի) մոտ... ա տնաշեններ, բա դա ման ածի՞լ ա, ախար ուխտավոր ա, եկել ա, որ բան տեսնի, իրա ուխտն անի, ի՞նչ եք յախան (օձիքը) բռնել, ջոշ եկել (շատախոսում)։
Այս ասելով` վանահայրը սկսավ առաջանալ Կամսարյանի և մոտը եղող վարդապետի հետ և, միևնույն ժամանակ, շարունակել յուր խոսքը.
Այ, էդ ջահիլնէրը դիփ էսենց են, թե որ թողնես, խամ մարդ ճանգեն, առավոտից մինչ իրիգուն հետը խոսան. բայց թե բան ու գործ անե՞ն, չէ։ Մենք էլ ենք ջահել էլել, ամա դրանց պես չենք էլել։ Օղորմած հոգի Օհանես վարդապետը, որ իմ ջահել վախտը վանահայր էր, շատ խիստ մարդ էր, հեչ թողիլ չէր, որ միաբանը, ժամից դուրս գալուց եդը, մի տեղ էլ ա երևա, պտի իրա խուցը մտներ, սուրբ գիրք կարդար։ Մին էլ էն ա ճաշի վախտը կեթար սեղանատուն, իրա ճաշը կուտեր ու մեկ եդ կմտներ իրա օթախը։ Ամա դե ես էդենց խիստ չեմ. ազատություն տալիս եմ. ի՞նչ արած, որ էդ տնաքանդները իմ տված ազատությունը չարն են գործ դնում։ Տեսնո՞ւմ ես էս հեր օրհնածը (ցույց է տալիս հետը եղող վարդապետին), վանքի լուսարարն ա. ասիլ հոգևորական ա. քառասունուհինգ տարի ա էս վանքումը, հալա ոտը ըստեղից
դուրս չի դրել։ Որ հարցնես թե քաղաքն ի՞նչ ա, գիտալ չի թե ի՞նչ ա, չուն ոչ գնացել ա, ոչ տեսել։ Ամա էդ ջահիլներին, որ բաց թողնես, ամեն օր վազ կտան Րևան յա- Դիլիջան։ Դե էդենցով բա՞ն կըլի։ Ես որ իմ պաշտոնին էսենց արի ու զգաստ չէի էլել, կարո՞ղ էի էսքան բարեկարգություններ անել էս վանքումը։ Տեսնո՞ւմ ես, շատ բան էստեղ իմ շինած ա։
Այս ասելով վանահայրը ցույց էր տալիս հեռվից վանքի շինությունները, եկեղեցին, մատուռները, միաբանության կացարանները և համառոտ բացատրում, թե ո՞րը ե՞րբ և ինչի՞ համար է շինված։ Այսպես զրուցելով նրանք սկսան բարձրանալ դեպի կղզու բլուրը, նրա լանջի վրա շինված կեռմաններով։ Ճանապարհին շարունակ վանահայրը պատմում էր, թե որքան մեծ գործեր է կատարել Սևանում, թե վանքը որքա՞ն երախտապարտ է իրեն և թե նա յուր այժմյան «պայծառությունը» պարտական է յուր (վանահոր) քսանհինգամյա վանահայրության։
Այս ասելով նա մտնում և ցույց էր տալիս բլրի արևելյան կողմը գտնվող ս. Կարապետի մատուռը և հարավային կողմի ս. Առաքելոց եկեղեցին, որոնք ոչ միայն զուրկ էին «պայծառությունից», այլև մութ, անշուք, իսկ առաջինը մինչև իսկ ճաքճքած պատերով, կիսախարխուլ գմբեթով, վայր իջած գավթով։ Իսկ դրանց զարդերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ փայտե անզարդ խաչկալ, չթե վարագույր, մի քանի հասարակ մոմակալներ և անարվեստ ու գռեհիկ պատկերներ, որոնք, ո՞վ գիտե, ո՞ր գեղջուկի ձեռքով մոտակա բազարներում գնված և նվիրաբերված էին «հինավուրց Սևանին» ըստ որում նրանցից մի քանիսն ունեին, մինչև իսկ, ռուսերեն մակագրություններ։ Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա ցույց տված տեղերին։
Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս. Հարության տաճարն է, որ հիմնել է ս. Գրիգոր Լուսավորիչը։
Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է, նկատեց երիտասարդը։
Հա՛, հնություն ա, հաստատեց վանահայրը։
Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը։ Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել։
Ո՞վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, ո՞նց կըլեր. հազիր էստեղ էլել ա. առել բանացրել են։
Այդ հո բարբարոսությո՞ւն է, բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով։
Ինչի՞ ա բարբարոսություն, վանքի համար որ խնայողություն են արել, վա՞տ բան ա։
Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ՞։
Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը։
Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ քանդիլ տա, տեղը թամրզի (մաքրի), խոսեց լուսարարը։
Ինչո՞ւ, գրեթե սարսափով հարցրեց երիտասարդը։ Ինքը գիտում ա, կասի, պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու։
Գիտե՞ս ինչ կա, խոսել սկսավ վանահայրը, առաջ էստեղ թամուզ էր, չուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեվում։ Էստեղ մի Մելքոն ճգնավոր կար, աստված հոգին լուսավորի, վանքի վրան երախտիք ունի, էս ճանպաներն էլ նա ա շինել, ցույց տվավ վանահայրը բլուրը հանող կեռմանները, նա երբ իմանում ա, որ Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած ս. Հարության տաճարն էստեղ ա, սկսում ա իրա ձեռքով հողը քանդել ու կամաց-կամաց տաճարի հիմքերը բանալ։ Երկար ամիսներ մեն-մենակ աշխատելով, էս դիփ, ինչ որ հիմա տեսնում ես, լուս աշխարհ ա հանում ու էնդուց եդը մեռնում։ Մի օր էստեղ մեր վանքը մի ուսումնական եկել։ Նա էս ավերակը որ տեսավ, ասեց թե` պատմությունից էրևում ա, որ սա ոչ թե Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած տաճարն ա, այլ թե հին, Սյունյաց ժամանակի կռատունը։ Ս. Հարության տաճարը, ասեց, պետք է ուրիշ տեղ էլած ըլի, յա չէ հենց էն տեղումը, որտեղ հիմի ս. Աստվածածինն ա շինված։ Ա՛յ, էն օրից դեսը մեր սիրտը շաք (կասկած) ա ընկել, ասում ենք` ղորթ չըլի՞ սա կռատունն ա։ Էս միաբանն էլ հմի էն ա ասում, թե՞ դրուստ, որ սա կռատուն ա, լավ կըլի, որ մեջտեղից վերցնենք։
Ի սեր աստծո, հա՛յր սուրբ, այդպիսի բան մի՛ մտածեք, բացականչեց Կամսարյանը, դա պատմության ու գիտության դեմ հանցանք գործել է նշանակում։ Կռատուն չլինի, թեկուզ կրակատուն լինի, այս ավերակը դարձյալ սրբությամբ պիտի պահվի։
Դե ո՞վ ա ասում չպահվի, որդի, խոսքը տեղը եկավ` խոսեցինք։ Ինձ հարցնես, ես կասեմ` մնա. չուն դա, որ հմի ավերակ ա, մյուս տաճարներին էլ ի՞նչ վնաս կարա տալ։
Վանահայրը թեպետ առերես հակվեցավ երիտասարդի կողմը, բայց այդ արավ լոկ դեպի քաղաքացի «աղան» ունեցած ակնածությունից. ապա թե ոչ, նա մինչև վերջն էլ չհասկացավ թե այդ մարդն ինչո՞ւ է պահանջում, որ կռատան ավերակը պահվի։
Այժմ նրանք նորից պիտի իջնեին վար` միաբանական կացարանները նայելու։ Բայց այդտեղից բացվում էր այնպիսի մի սիրուն ու գրավիչ տեսարան, որ փոքր ինչ ավելի այնտեղ չկանգնելն ու այդ տեսարանով չհիանալը` հանցանք գործել կնշանակեր։ Այդ պատճառով Կամսարյանը ցանկություն հայտնեց բլրի գլուխը բարձրանալու, որպեսզի այնտեղից կարողանար կղզու ամբողջ շրջապատը տեսնել, որովհետև բլրի մինչև գագաթ հասնող լանջը ծածկում էր յուր աչքից արևելյան լճամասն ու նրան պատող լեռնագոտին։ Վանահայրն ու լուսարարը ընկերացան երիտասարդին։
Տաճարի ավերակից մի քանի հարյուր քայլ դեպի արևելք բարձրանալով, նրանք կանգ առան բլրի կատարին։ Այդտեղից արդեն կղզյակն երևում էր ողջ ջրապարփակ և յուր թմբաձև, սապատավոր դիրքով նմանում ծովային առասպելական մի կենդանու, որ մարմնի կեսը ալիքներից վեր հանած` ներս է շնչում օդի կարևոր պաշարը` նորեն ջրի տակ սուզվելու համար։ Ծովակի կապույտ դաշտը, որ պատում էր նրան չորս կողմից, սկսել էր հուզվիլ Սոդի ընդհատ քամուց։ Փոքրիկ մկանունքները, որոնք մինչև այն հազիվ կնճռոտում էին ջրի երեսը, տակավ առ տակավ փոխվում էին ալիքների և իրար հրելով, կամ միմյանց թևակոխելով մերթ ուռչում, բարձրանում էին ու խուլ ֆշշոցով իրար վրա փլչում, մերթ գալիս, մոտենում բլրի ստորոտին և ուժգին շառաչով ժայռերին զարկում։ Իսկ ծովակի խորքերում այդ հուզումը հետզհետե երևան էր հանում նորանոր պատկերներ. նա մերթ արևից շողեր կորզելով` նրանցով փրփրուն ալիքներն էր ոսկեզօծում, մերթ խուսափուկ ամպերից ստվեր առնելով, լճի կապուտակը սպիտակ կամ գորշ սավաններով էր ծածկում։ Մինչդեռ շուրջ պատող թումբերն ու լեռները, իբրև հանդիսատես հսկաներ, դիտում էին հեռվից ծովակի հուզումը, մերթ ժպտում ուրախ, երբ բացվում էր արևը. մերթ հոնքերնին կիտում, երբ ծածկվում էր նա և այդպիսով, կարծես, հայտնում իրենց գոհությունն ու դժգոհությունը, որից և ողջ հորիզոնը ստանում էր մերթ վեհ, մերթ ակնապարար տեսք**։
Գեղեցիկ շրջանկարը գրավեց երիտասարդին։ Նա չգոհացավ սեփական աչքերով և դիմեց իսկույն գիտակի օգնության։
Նրա առաջ, արևմտյան հարավից, բացվում էր մի լեռնադաշտ, որի վրա ցրված էին մանր ու խոշոր բլուրներ` իրենց գլուխ ունենալով նախ` կրկնաթումբ Ղոշդարը, որը տեղ-տեղ տակավին ծածկված էր կանաչով, ապա Գեղամա հարազատ լեռները` եռակատար Յուչ-Թափան և Ահմանկանը, իրենց գորշակապույտ լանջերով, վերջն` Սպիտակ լեռը (Աղ-Դաղը), որի կատարին դեռ նշմարվում էին ձյունի նուրբ շերտեր և հեռվից տալիս նրան մի հրապուրիչ գեղեցկություն։
Ուղիղ արևմուտքից երևում էր պատմական Ցամաքաբերդը, որի սակավաթիվ տնակներն ու հյուղերը ցրված էին ջրապատ հրվանդանի վրա։ Վերջինի ծայրին բարձրացող բլրին նշմարվում էր ավերակը Կուսանաց վանքի, որ կառուցել էին երբեմն Սյունյաց պայազատները և որը, ո՞վ գիտե, որքա՞ն սրտառուչ անցքերի ու դեպքերի հանդիսատես էր եղած...
Ցամաքաբերդից դեպի հյուսիս բարձրանում էին Բարաթա լեռը և Մաշտոցներ կոչված բլուրները։
Արևմտյան հյուսիսից երևում էր ամբողջապես չարաբաստիկ Չիբուխլուն յուր գետնափոր տներով, հողածածկ խրճիթներով, աթարի դեզերով և չոր ու ցամաք տեսքով։ Նրանցից դեպի հյուսիս բարձրանում էր կանաչազուրկ Մարալինջը կամ Այծեմնասարը, որ յուր չոր բազուկները ձգում, տարածում էր դեպի ծովակի արևելքը պարսպող Շահ-Դաղի լեռնագոտին, հյուրընկալելով յուր ձորակներում հազիվ մի քանի չքոտի մացառուտներ։
Նայելով դեպի արևելյան հարավ, թվում էր թե ծովակը չունի այլևս պատվար, ըստ որում հեռավոր Գարա-Արխաչի գոտին, ըստ սովորականին ծածկված լինելով մշուշով, անտեսանելի էր դարձնում այդ կողմի ցամաքը և կարծել տալիս թե երկնակամարը համբուրվում է այդտեղ Գեղամա թագուհու հետ... և հենց այդ պատճառով, եթե մի կողմից շրջակա լեռներն իրենց լայնանիստ լանջերով պինդ գրկած պահում էին գեղանի թագուհուն, մյուս կողմից էլ նրանց բարձրահայաց կատարները անհանգիստ կասկածով նայում էին դեպի հարավ, ուր նա ազատ փռում, տարածում էր հեռուն յուր ջրածուփ դաշտերը, կարծես սպառնալով այդ կողմի բացով փախչիլ, հեռանալ նախանձոտ պահանորդներից և միանալ երկնքի ջինջ կապուտակին, որի հարազատ մի կտորն էր ինքը...
Երկար նայում էր Կամսարյանը այս գեղեցիկ տեսարաններին և նրանցով հիանում. երբեմն էլ հարցեր տալիս վանահորը` իրեն անծանոթ այս ու այն տեղի, լեռան կամ բնակության մասին և լսում նրա բացատրությունները, առանց, սակայն, աչքերից դիտակը հեռացնելու։
Նշմարելով լճակի հարավակողմում երկու փոքրիկ կղզյակներ, որոնց վրա չկային ոչ շինության հետքեր և ոչ էլ կանաչ, երիտասարդը հարցրեց վանահորը թե ի՞նչ բաներ են նրանք։
Նրանք այս ծովակի «անառակ որդիներն» են, պատասխանեց վանահայրը ծիծաղելով։
Անառա՞կ, ինչո՞ւ այդ անունն եք տալիս նրանց։
Էնդուր որ չոր, ամայի բաներ են. ոչ ասունի են պետք, ոչ անասունի. դատարկ տեղից զլուխները վեր են ցցել, որ ասեն թե` հա՛, մենք կանք։ Էդ թահր մարդիկ էլ շատ կան աշխարհում։ Այ, հենց մեր էս պուճուր (փոքրիկ) Սևանը, որ ման գաս, էլի միջումը մի քանի հատ կգտնես, վրաները մտիկ տաս, կասես` վարդապետ են, ամա որ մեջները պտրես կասես` սկի մարդ էլ չեն։
Վանահայրն, ըստ երևույթին, կամենում էր դարձյալ խոսքը բերել երիտասարդ վարդապետների վրա, որովհետև այն կարծիքին էր, թե նրանք յուր մասին պետք է որ աննպաստ բաներ խոսած լինեին Կամսարյանի առաջ։ Այդ պատճառով աշխատում էր, որ վերջինս հասկանա թե ի՞նչ մարդկանց հետ է գործ ունեցել ինքը, որպեսզի յուր մասին վատ գաղափար չունենա։
Բայց երիտասարդը տրամադիր չէր նման զրույցներ լսելու, այդ պատճառով խնդրեց, որ այժմ վանահայրը ցույց տա իրեն միաբանության կացարանները։
Հա, լավ կըլի, գնանք։ Ա՛յ, հենց էստեղից էլ երևում ա. տեսնո՞ւմ ես ինչքան տեղ ա բռնած, հազար սաժին կըլի։
Ո՞րը, ես ոչինչ չեմ տեսնում, ասաց Պետրոսը նայելով վանահոր ցույց տված կողմը։
Ա՛յ էն մեծ տափարակը, որ ս. Աստվածածնին կպած ա։
Երիտասարդը նորից նայեց և ոչինչ չտեսավ։ Բլրի բարձրությունից, արդարև, երևում էր մի ինչ-որ ընդարձակ, բարձրկեկ տափարակ, որի վրա տեղ-տեղ երևում էին փոքրիկ ծխնելույզներ ու ցած երդիկներ, կիսով չափ ծածկված դեղնած խոտերի մեջ։ Վերևից թվում էր, թե այդ տափարակը բակի մի մասն է։ Մինչդեռ վանահայրը բացատրեց թե հենց դա է կազմում կտուրը միաբանական այն կացարանների, որոնց մեծ մասը ս. Աստվածածնի հետ միասին շինված են Սյունյաց Մարիամ Տիկնոջ ձեռքով 877 թվին։
877 թվի՞ն. ուրեմն հազար տարվա հնությո՞ւն ունին դրանք, զարմացավ երիտասարդը։
Հազար տարուց ավելի ա, բա՛, հաստատեց վանահայրը։
Գնանք, ուրեմն, գնանք։ Հետաքրքրական է տեսնել այդ շենքերը, ուր հազար տարի շարունակ ապրել են ձեր նախորդները, ասաց երիտասարդը և առաջ անցավ։
Բլրի լանջն ակոսող կանոնավոր կեռմաններից դեպի տափարակն իջնելով նրանք մտան մի դռնով, որ բլրի ստորոտից հեռի էր միայն մի քանի քայլով։ Այդ դուռը նրանց մի կարճ միջանցքով մտցրեց մի ուրիշ, ավելի երկար, համեմատաբար լայն, բայց և խիստ մթին միջանցք, որի երկու կողմից, կրկնաշար ուղղությամբ շինված էին միաբանական միահարկ խուցերն ու խցիկները։ Դրանց մուտքերը հազիվ նշմարվում էին շնորհիվ մի նվազ լույսի, որ մտնում էր այդտեղ` երկար միջանցքի երկու հանդիպակաց դռներից (որոնցից մինը հանում էր ծովափը, իսկ մյուսը` բակի հեռավոր մի կողմը, ուր գտնվում էին ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես օրինակ, փայտատուն, մարագ, ախոռ, դարբնոց և այլն)։ Այս ընդհանուր միջանցքի երկու կողմից շինված կացարանների թիվը մոտ երեսուն էր։ Մի կարգի սենյակներում ապրում էին վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամներ։ Այդ կարգում զետեղված էին և վանքի գրատունը և հանդերձատունը։ Իսկ հանդիպակաց կարգում գտնվում էին միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք երբեմն ծառայում էին նաև իբրև, իջևան ուխտավորների համար, եթե դրսի սենյակները բռնված էին լինում բոլորը։ Ընդհանուր միջանցքի վրա բացվում էին նաև մի քանի ուրիշ, երկրորդական միջանցքներ, որոնցից երկուսը տանում էին դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, երրորդը` դեպի բլուրը, իսկ չորրորդը` դեպի բակի կողմը և այլն։ Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված էին մի ընդհանուր միապաղաղ կտուրով, որով և բոլորը միասին կազմում էին մի ծածկված ամբողջություն։ Այդ պատճառով մի կարգի խուցերը միայն ունեին նեղ-նեղ փոքրիկ պատուհաններ, որոնցից ոմանք բացված էին դեպի բլրակի և ոմանք բակի կողմը։ Մնացյալ բոլոր սենյակները լույս ստանում էին երդիկներից։ Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար էին, որ Կամսարյանին թվում էր թե ինքը կարող էր մոլորվել նրանց մեջ, եթե միայնակ մտած լիներ այդտեղ։ Բոլոր շենքերն, առհասարակ, իրենց մուտքերով ու միջանցքներով, հին լաբյուրինթոսի նմանություն էին բերում, իսկ դրանց միջի օդն այնքան էր ծանր, խոնավ ու գարշահոտ, որ երիտասարդը մի-մի անգամ նույնիսկ դժվարությամբ էր շնչում։
Վանահոր սենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս միաբանների խուցերից, որ ապացուցանում էր, թե հավասարության սկզբունքը հինուց անտի հարգված է եղել այդտեղ։
Կամսարյանի հարցին թե` ինչպե՞ս են կարողանում այս մութ ու գիջին սենյակներում ապրել, վանահայրը պատասխանեց.
Հմի դեռ հալա շատ լավ ենք ապրում։ Երեսուն տարի սրանից առաջ, երբ ես դեռ վանահայր չէի, էս խուցերը ոչ թե մահճակալ, սկի տախտակի պոլ էլ չունեին, ամենքս էլ նամ գետնի վրա էինք նստում կամ պառկում։
Եվ այդպես ապրելով չէի՞ք հիվանդանում։
Փառք աստուծո, հրես տեսնում ես. 49 տարի է ինչ էստեղ եմ, էս լուսարար հայր-սուրբն էլ, ոնց որ ասեցի, 45 տարի է, որ ապրում է մեզ հետ, ուրիշ միաբաններ էլ կան մեզ հասակակից, բոլորն էլ ողջ առողջ։ Սովորությունից ա կախված, ոնց որ քեզ կսովորացնես, էնենց էլ կապրես։ Քաղաքներում մարդիկ շատ են կոտորվում նրա համար, որ շատ են փափուկ ապրում։
Վանահայրն յուր հյուրին ամեն տեղ շրջեցնելուց հետո, առաջարկեց նրան տեսնել նաև գրադարանը, որ նրա ասելով, բարեկարգվել էր միայն յուր վանահայրության օրով։
Հենց էդ պատճառով էլ բանալին համաշա (միշտ) մոտս եմ պահում, ով որ գիրք ա ուզում, ինքս եմ գալիս, բանում, գիրքը տալիս ուզողին, ու էլ եդ փակում, բանալին ջեբս դնում, ասում էր վանահայրը։