Мурацан
Առաքյալը
3
Ը.
Արևը մայր մտնելու մոտ` մեր ուղևորները հասան ամառանոցի հռչակ վայելող Դիլիջան ավանը։
Այստեղ Կամսարյանը, Օվանեսի ցուցմունքով, հյուրանոցի անուն կրող մի տան մեջ գիշերային հանգստարան գտնելուց հետո, ելավ փոքրիկ ավանը դիտելու։ Փոշոտ խճուղու աջ ու ձախ կողմերում կառուցած երկու կարգ քարաշեն տները, որոնք ավանի ամբողջությունն Էին կազմում և որոնց մեջ ապրում Էին ամառանոց եկողները, հաճելի տպավորություն չարին Կամսարյանի վրա։ Նա իսկույն հիշեց Բորժոմը յուր գեղեցիկ վիլլաներով, մաքուր փողոցներով, ընդարձակ պարկերով, ջրերի առատությամբ և առավել ևս բնակիչների փայլուն արտաքինով ու գրավիչ նիստ ու կացով և եկավ այն համոզման, որ Դիլիջանը միայն հասարակ մահկանացուների համար կարող է ամառանոց համարվիլ։
Բայց երբ խճուղին երկուստեք փակող շինություններից հեռանալով, բարձրացավ դեպի ավանի ձախակողմը, նրա առաջ բացվեցավ մի գեղանկար հորիզոն, որ ամփոփում էր յուր մեջ Աղստևի ձորահովիտը` յուր կարկաչահոս գետակով, դալար արոտներով, ոսկեփայլ արտերով, իսկ մի փոքր հեռվում, խաղաղանիստ գյուղի միաշար տնակներով և նրանց առջև կարգով տարածվող կանաչազարդ բանջարանոցներով։ Յուր կանգ առած տեղից քիչ հեռու սկսվում էր եղևնիների խիտ անտառ, որ գնալով տարածվում էր դեպի հեռավոր լեռների կատարները, որոնց այդ վայրկենին ոսկեզօծել էին արևի վերջին շողերը։ Ձորահովիտը եզերող դիմացի բլուրներից, որոնց հետևը շուտով պիտի թաքչեր արևը, փչում էր ախորժ զեփյուռ` բերելով յուր հետ կենարար մի զով, տոգորված լեռնային օդի, դալարի և ծաղիկների անուշ բուրմունքով։
Կամսարյանը սկսավ լիքը կրծքով շնչել լեռնային թարմ օդը և ինքն իրեն խոստովանել, որ փոքր առաջ արած յուր համեմատությամբ մեծ սխալ է գործել` Բորժոմը գերադասելով Դիլիջանից։ Որովհետև նա այժմ տեսնում էր, որ եթե առաջինում արհեստականն է փարթամ, վերջինում, ընդհակառակն, գերազանց է բնականը։ Եվ այդ կարծիքի վրա նա հաստատվեց ավելի, երբ լեռնալանջից իջնելով, մտավ նորեն ավանը և փոստային կայարանի առաջ բխող հորդ ու սառն աղբյուրից յուր ծարավը հագեցրեց։ Այսպիսի անույշ ու բարեհամ ջուր Բորժոմն, իհարկե, չէր տեսած յուր օրում, ինչպես և նրա նեղ, կարծես պատնիշափակ, ցերեկը տոթով, իսկ գիշերը խոնավությամբ լի խորաձորը չէր շնչել երբեք այն թեթև ու անուշ սղոխն ու հովերը, որոնք գիշեր ու ցերեկ գուրգուրում էին Դիլիի առույգ լեռնալանջերը։
Բայց արի՛ տե՛ս որ հենց այս անմահական աղբյուրից քիչ հեռու, փոստային կայարանի և մասնավոր տների դեպի ձորահովիտը հանող բակերում, բլուրի պես դիզված էին տարիների ընթացքում հավաքված աղբն ու անմաքրությունը, որոնց գարշահոտությունը ապականում էր ամառանոցի շրջակա օդը, և դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։
Ահա՛ թե ո՞րտեղ է հարկավոր մեր միջամտությունն ու ազդեցությունը...բնությունը զարդարել է մեր երկիրը յուր լավագույն հարստությամբ, յուր քնքուշ գեղեցկություններով և սակայն մարդկային անճաշակ տգիտությունը այլանդակել է նրան անխղճորեն։ Ժամանակ է, արդարև, որ մենք մտնենք ամեն անկյուն և տգիտության բուները ավերենք ամեն տեղ... մտածեց Կամսարյանը և յուր նվիրումը ավելի ևս կշիռ ստացավ յուր աչքում։
Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Կամսարյանը նստած էր Օվանեսի կառքում, որ հանգիստ սուրում էր «Երեվանյան» խճուղիով։ Վերջինս Դիլիջանի հարավ-արևմտյան կողմից սկսելով, անցնում էր Շամլուղ գետակի ուղղությամբ, Մայմեխ լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և ապա հետզհետե լեռան լանջերը բարձրանալով, պիտի հասներ մինչև նրա կատարը։ Արևը դեռ նոր էր Մայմեխի բարձունքը վառում, երբ մեր ուղևորները անցնում էին նրա ստորոտով։ Առավոտյան զեփյուռը, որ հով էր բերում սարի լանջերից, մեղմով շարժում էր անտառի ծառերը։ Նրանց խուլ շրշյունը խառնվելով Շամլուղի քաղցր խոխոջի և թռչնիկների այգածին ճռվողյունի հետ, կազմում էր հաճոյական մի ներդաշնակություն, որ խանգարվում էր երբեմն կառքի կոշտ դղրդյունով։
Երբ ուղղադիր ծմակներն անցնելուց հետո, սկսան դեպի լեռնալանջը բարձրանալ և Շամլուղը ծածկվելով անտառի խորքում, սկսավ յուր խոխոջի խուլ ձայնով ուղեկցել ճանապարհորդներին, տիրացու Մոսին, որ դարձյալ նստած էր կառապանի կողքին, անհրաժեշտ համարեց հիշեցնել «աղին» յուր երեկվա դիտողությունը.
Մի՞տդ ա էն, որ ասում ի թե Դիլիջանա դեսի ճամփեն էվելի սիրուն ա, քանզ դենի՞նը։ Դե հմի մտիկ տու, տե՛ս, ըսկի քու օրումը ըսենց տեղեր տեհե՞լ ես։
Կամսարյանը, որ արդեն գրավված էր շրջապատող տեսարաններով, տիրացուի «դե հմի մտիկ տու» խոսքի վրա ետ նայեց և տեսավ, արդարև, մի նոր, ակնապարար տեսարան։ Իրենք այդ միջոցին գտնվում էին որոշ բարձրության վրա, իսկ տափարակի ծմակները մնացել էին վար։ Բարձրից նայողը տեսնում էր միայն նրանց կատարները, որոնց կանաչը վառվել էր արևից երփներանգ գույներով։ Այդ վառվող մակերևույթը նմանում էր նույն վայրկենին լայնածավալ մի ծովակի, որի հեղհեղուկ ալիքները փոխարինում էին ծառերի` հովից շարժվող կատարները։ Այդ տեսարանը այնքան էր սիրուն ու գրավիչ, որ Կամսարյանը տեղը փոխելով, նստեց դիմացի նստարանի վրա, որպեսզի կարողանա ավելի դյուրությամբ նայիլ ու զմայլվիլ գեղեցիկ հեռանկարով։
Չնայելով որ խճուղին սարի լանջովն էր բարձրանում, այսուամենայնիվ, ծառերը հովանավորում էին նրան։ Մեծ մասամբ նա անցնում էր բնական ծառուղիների միջով, որոնց, երբեմն, փոխարինում էին նաև ժայռերի շարքեր։ Իսկ դրանց, յուր հերթում, հովանավորում էին դարձյալ հինավուրց ծառեր, որոնք բուսած լինելով ժայռերի վերևում, այդտեղից իրենց սաղարթախիտ ոստերը ձգում, տարածում էին ճանապարհի վրա, որը հաճախ անցնում էր և սիզավետ բարձունքներով, ուսկից տեսարանները բացվում էին ավելի շքեղ ու ընդարձակ։ Այսպիսի դիրքերից երևում էին Մեյդան լեռան անտառապատ լանջերը և նրա մերկ, ծառազուրկ կատարը, որ, սակայն, պատած էր բաց կանաչ թավիշով։ Նրան հետևում էին ուրիշ շատ լեռներ, որոնք գագաթների բարձրությամբ մեկը մյուսին գերազանցելով, հորիզոնը դարձնում էին վսեմ ու փառահեղ։ Հրեն Սիսիանա սարերը, բացականչեց հանկարծ տիրացուն, չժուժալով, կարծես, որ ուսումնական մարդը այդ վեհափառ տեսարանների առաջից անցնում էր լուռ ու մունջ։
Որո՞նք են, հարցրեց Կամսարյանը, նստելով նախկին տեղը։
Հրեն, ա՛յ, էն որ կատարնին մշուշակալած` լեի թե (կարծես) լաղ են անում (ծաղրում են) մնացած սարերի վրա, տեսնում չե՞ս։
Այս խոսքերով ցույց տվավ տիրացուն Սյունյաց աշխարհի կապուտակ լեռները, որոնց կատարները, կարծես, ծրարվում էին ամպերի մեջ։
Կամսարյանը դիտում էր լեռներով ծածկված այդ հորիզոնը խորին հիացմունքով։
Քիչ վախտից եդը էս ա հվասարիլ տենք նրանց, չուն էս ճանապարհը բանցրանում ա Մայմեխը վեր տասնըհինգ վերստ, ավելացրեց տիրացուն։
Բայց նրա «քիչ վախտը» շատ էլ շուտ չանցավ, անթիվ կեռմաններով վերելքը տևեց մոտ երկու ժամ։
Եվ սակայն Մայմեխի ամենաբարձր լանջերին հասնելուց, արդարև, ուղևորներին թվում էր թե իրենք հավասարվել են Սյունյաց լեռների բարձրության։
Տենո՞ւմ ես, աղա, հրես հվասարվեցինք։ Բա էլ Սիսիանը խի՞ ա լաղ անում մեր Մայմեխի վրա, զվարճախոսեց տիրացուն։
Չենք հավասարվել, քեզ այդպես է թվում, պատասխանեց Կամսարյանը։
Ո՞նց թե հվասարվել չենք. հրես քթիս թուշովը (ուղղությամբ) որ մտիկ եմ տալի, ասես իմ գլուխն ու Սիսիանա գլուխը մի չվանի են դրած։
Այդպես կերևա միշտ հեռվից, բայց եթե անցնես քո և դիմացի սարի մեջտեղը գտնվող տարածությունը, կտեսնես, որ սարը հետզհետե բարձրանում է, բացատրեց երիտասարդը։
Դհե (այդպես) բան էլ կա՞։
Հապա՛։
Բա էդ խի՞ դհենց ա ըլում, հետաքրքրվեց տիրացուն։
Նրա համար, որ երկիրը կլոր է և այդ պատճառով էլ քանի սարը հեռու է լինում, այնքան էլ նա փոքր է երևում, որովհետև, հեռվից մենք տեսնում ենք միայն նրա վերին մասը։ Իսկ հետո որքան մոտենում ենք, այնքան նա մեծանում է, որովհետև հետզհետե տեսնում ենք նաև միջի և ապա վարի մասերը։
Տիրացուն այդ բացատրությունից ոչինչ չհասկացավ, բայց երկրի կլոր լինելովը հետաքրքրվեց։ Ասում ես երկիրը կլոր ա՞։
Հա՛։
Յանի (այսինքն) ո՞նց ա կլոր, տափակ թաբախի (խան) նմա՞ն, թե՞ կլոր ձմերուկի։
Կոլոր ձմերուկի։
Բա էդ ո՞նց կըլի, զարմացավ տիրացուն։
Այդպես է, կրկնեց Կամսարյանը։
Ա՛ խի՞, գիտո՞ւմ չես, որ դհենց ա՞, մեջ մտավ Օվանեսը։
Վերջինի միջամտությունը գրգռեց տիրացուին։
Սրան մտիկ տու, լեյի ինքը գիտում ա, նկատեց նա խեթ խեթ նայելով կառապանին։
Բա գիտում չե՞մ, վստահորեն հարցրեց Օվանեսը։ Դե որ գիտում ես, ասա՛ տենեմ ո՞նց ա կլոր։
Հրեն աղան ասեց է՞լի, ձմերուկի նման կլոր ա։
Ա, շա՛շ, ձմերուկի նման որ կլոր ըլի, բա թոլ չի՞ լիլ (չի՞ գլորվիլ) ծովն ընկնի՞լ։
Ես ի՞մ... տարակուսեց Օվանեսը, տեսնելով նեղ տեղը լծվեցավ։
Կամսարյանը ծիծաղեց։
Խի՞, ես ծիծաղում, աղա՛, սո՞ւտ եմ ասում, դարձավ նրան տիրացուն։
Ա՛յ տղա, դու կարո՞ղ ես քո բերանի կամ աչքի մեջն ընկնել, հարցրեց Պետրոսը։
Բա ո՞նց կարամ ընկնիլ իմ բերանը։
Հապա ծովերն էլ գտնվում են երկրի վրա, երկիրն ինչպե՞ս կարող է նրանց մեջն ընկնել։
Երկրի վրա ծովեր կան, գիտում եմ, հրես մինն էլ մեր առաջին, Սևանա ծովն ա, ամա դե ես էդ ծովերի չեմ ասում։
Հապա ո՞րը։
Ասըմ են, աշխարհը որ վերջանում ա, դենը շատ մենծ, անտակ ծով կա, որ ըսկի ճոնդ չունի (ծայր)։ Հմի որ ասում, ես` աշխարհը կլոր ա, ես էլ ասում եմ` բա խի՞ չի թոլ ըլում էդ ծովն ընկնում։
Կամսարյանը նորեն ծիծաղեց և ապա տեսնելով, որ տիրացուն տարակուսած նայում է իրեն, սկսեց մի քանի համառոտ տեղեկություններ տալ նրան երկրի, լուսնի ու արևի կազմության և նրանց շարժումների մասին։
Մոսին ուշադրությամբ լսում էր նրան և երբեմն երբեմն գլուխը շարժելով ասում.
Հլե տե՛ս ինչե՛ր ա ըլե աշխարհում է՛ ... փառքդ շատ ըլի, աստված ջան, բա էս խի՞ մեզ ըսենց հայվան ես ստեղծել։
Ա՛ Սոս, ես ընենց եմ մացել, թե դու էդ բաները չիմ (բոլորը) գիդում ես. բա էլ ընչի՞ վարժապետ ես, որ բան չես իմանում, նկատեց կառապանը չարախնդությամբ։
Ա, ես ո՞րդիան մանամ, ես հու խալիս (իսկական) վարժապետ չեմ, խոստովանեց տիրացուն յուր տկարությունը։
Բա խի՞ ես րեխանց կարդացնում։
Ընդուր որ կարդացրածս իմանում եմ։
Ի՞նչ ես կարդացնում, հետաքրքրվեց Կամսարյանը։
Ի՛նչ որ ձեռք ա տալիս։
Օրինա՞կ։
Օրինակ, Սաղմոս, Պարգև-Մանկանց, Մայրենի լեզու, Ավետարան, Եփրեմխորի...
Առաջ ո՞րն ես կարդացնում։
Առաջ «այբ-բենի» տետրը, եդուց ով ինչ գիր բերում ա, նրանից էլ սկսում եմ։
Ինչպե՞ս, ամեն մեկը մի ջոկ գրքի վրա՞ է կարդում։
Բա՞։
Ինչո՞ւ ամենքին մի տեսակ գրքի վրա չես կարդացնում։
Էդ ո՞նց կըլի։ Ընենց մարդ կա, որ տանը Սաղմոս ունի, ընենց մարդ էլ կա, որ Պարգև-Մանկանց ունի, յա չէ, Ավետարան, յա Մայրենի լեզու. բերում ա հու ասում. վարժապետ, քե մատաղ, րեխին էս գիրրը կարդացրու, հազիր տանն ունենք, մին էլ վեր չկենամ գնամ Դիլի, յա Րևան, նոր մեկելանց գիր առնեմ. աղքատ մարդ եմ, կարալ չեմ գրի փող տալ... Ես էլ վեր եմ ունում էն գիրը կարդացնում։
Հապա քո աշակերտները ոչինչ չե՞ն հարցնում քեզ երկրի, ծովերի կամ այլ այդ տեսակ բաների մասին։
Պատահում ա, որ հարցնում են։
Էհ, դու ի՞նչ ես պատասխանում։
Ինչ որ մանում եմ։
Իսկ դու բան չես իմ անում։
Դե չիմացած վախտն էլ տողաշարով (քանոնով) գլխին տալիս եմ հու ասում. «ձենդ կտրի, դասդ սովորի, էդ քու ի՞նչ մանալու բանն ա, որ հարցնում ես». էն ա խեղճն էլ գլուխը քաշ ա գցում, գիրը կարդում։
Այ, քու հերը լիս դառնա, ասիլ վարժապետը դու ես, որ կաս, նկատեց Օվանեսը ծիծաղելով։
Բայց այս անգամ արդեն Կամսարյանը չծիծաղեց, նա սկսավ մտածել լսածների մասին և տեսավ, որ դրանք շատ ցավալի են։ Այս առթիվ գուցե նա մինչև անգամ տխրեր, եթե մի փոքր ավելի խորասուզվեր յուր մտածմունքների մեջ, եթե խորհեր այն մասին, թե ի՞նչ թշվառ դրության մեջ պիտի գտնվի մի ժողովուրդ, որի առաջավոր մարդը տիրացուն, կամ վարժապետը խարխափում է այս աստիճան տգիտության մեջ։ Բայց տեսարանների հանկարծական փոփոխությունը նորեն գրավեց նրա ուշադրությունը։ Օվանեսի կառքը քերում էր այժմ Մայմեխի կատարը և հին Գուգարաց սահմանն անցնելով, մտնում Սյունյաց գավառամասը։ Այստեղ արդեն հետզհետե նվազում Էին անտառները և սպառում մացառուտը, իսկ դրանց փոխարինում են սիզավետ լեռնադաշտեր և գեղեցիկ մարմանդներ, ուր խոտը գունավորված երփներանգ ծաղիկներով, ծածանում էր կանգնաչափ բարձրությամբ։ Լեռնային հովերը խաղում Էին այդ դալարազվարճ մարգերում քաղցր ու մեղմաշունչ, իսկ արևի շողերը ոսկեզօծում կանաչը, ոչ թե նրանց ջերմացնելու, այլ փայլեցնելու չափով։ Երիտասարդը յուր օրում չէր տեսած այդպիսի ճոխ ծաղիկ ու կանաչ։ Նա հիացած նայում էր աջ ու ձախ և ինքնիրեն մտածում.
«Ափսո՛ս, ինչո՞ւ բնությունը այսպիսի բարձրության վրա է հանել այս հրաշալի արոտները։ Մի՞թե գեղջուկի հոտերն ու նախիրը կարող են երբևիցե օգտվել նրանցից»։ Բայց հազիվ անցան մի քանի րոպեներ և ահա նա տեսավ, որ հեռվում խոտը շարեշար հարել ու փռել են գետնին ցամաքեցնելու համար։
«Ուրեմն այս բարձրության վրա էլ մարդիկ են ապրում», մտածեց նա և իսկույն հիշեց յուր աշխատասեր և ճակատի քրտինքով ապրող ազգակիցներին։
Մի փոքր էլ առաջանալով նա տեսավ խմբակներ մարդկանց ու կանանց, տղաների և աղջկերանց, որոնցից ոմանք լեռնալանջերի վրա, մյուսները` լեռնահովտում կամ ցամաքած խոտն էին հավաքում, կամ սայլերի վրա բարձում, իսկ ավելի փոքրիկները` խաղում ու վազվզում էին կանաչ արոտներում։
Երիտասարդը հետաքրքրությամբ դիտում էր այդ շարժուն բազմությունը և աշխատում ծանոթանալ այդտեղի հայոց տիպերին։ Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տիրացուն բացատրեց, որ դրանք հայեր չեն, այլ մալականներ Սեմյոնովկա գյուղից։
Իրավ է, Պետրոսը գիտեր, որ Սեմյոնովկան առաջիկա կայարանն է և Սյունյաց սահմանակից այդ սարերի վրա կարելի էր երևակայել մի փոստային կայարան, բայց մալականի մի բազմամարդ գյուղ նա չէր սպասում տեսնել։ Եվ ի՛նչ հարշալի հովիտներ, մարգեր ու մարմանդներ էին շրջապատում այդ գյուղացիներին. ի՛նչ շքեղ արոտներ, ի՛նչ հորդառատ աղբյուրներ, որոնց մասին պատմում էին Մոսին ու Օվանեսը։ Դա, արդարև, մի լեռնային դրախտ էր։
Երբ նրանք հասան կայարանին, Կամսարյանը հաճույքով սկսավ դիտել ավանը, որ աչքի էր ընկնում յուր լայնադիր փողոցով և նրա ուղղությամբ շինված կոկիկ, մաքուր ու սպիտակ տնակներով։ Դրանցից շատերի առաջ գտնվում էին փոքրիկ ծաղկոցներ, ուր նարգիսի ու նարնջածաղկի հետ միասին փթթում էր մայիսյան վարդ, թեպետ հունիսը վերջանալու վրա էր։ Տներից քիչ հեռու ձգվում էին բանջարանոցներ, կաղամբի և գետնախնձորի ցանքեր ու արևածաղկի ընդարձակ ածուներ։ Ավելի հեռուն տարածվում էին գյուղացիների հարուստ արտերը։ Ավանի բնակիչները շրջապատող բնության նման ուրախ, զվարթ և կենդանությամբ լի մարդիկ երևացին։ Կամսարյանը սիրով պատասխանեց նրանցից մի քանիսի քաղաքավարի ողջույնին և սիրով էլ կխոսեր նրանց հետ, եթե Օվանեսն յուր ձիերի շնորհքը մալականներին ցույց տալու նպատակով, չթռցներ նրանց գյուղի միջով, ինչպես արագաթև թռչունների։
Եվ որովհետև Պետրոսը փափագում էր Սևանը վայրկյան առաջ տեսնել, ուստի Օվանեսի եռանդը չուզեց չափավորել։ Նա գոհ եղավ Սեմյոնովկայի վրա մի վերջին հայացք ձգելով և ինքնիրեն մտածելով` «Եթե սա է գյուղ կոչվածը, ապա ուրեմն, կարելի է թե՛ ապրել և թե՛ գործել սրա մեջ»։
Սեմյոնովկայից ճանապարհը սկսում էր փոքր ինչ ցածրանալ, իսկ բնության շքեղությունները նվազում էին։ Մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո, երևացին Չիբուխլուի աղքատիկ ցանքերը` հարուստ սևահողի վրա։ Կամսարյանը հենց նոր սկսել էր դիտել նրանց և զարմանալ այս տարօրինակ հակադրության վրա, երբ մի նոր ու շքեղ տեսարան գրավեց նրա ուշադրությունը։ Նրա աչքերի առաջ բացվեցավ հանկարծ մի բաց-կապուտակ դաշտ, որին նա սկզբում հորիզոնը փակող մշուշ կարծեց։ Սակայն տիրացուի «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց նրան։ Նա, ուրեմն, հասել էր Հայաստանի բնության հրաշալիքներից մինին պատմական Գեղամա ծովակին։ Եվ եթե սկզբում չկարողացավ գուշակել, թե յուր տեսածը, իրոք, Սևանն է, նա իրավունք ուներ, որովհետև հեշտ չէր հավատալ, թե լեռների այդ բարձրության վրա կարող է գտնվիլ այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ, ծովակ անուն են տվել։ Իրավ է, Պետրոսը աշխարհագրությունից գիտեր, որ Անդյան լեռները, Ալպյան ու Զվիցերական բարձրավանդակները շատ այդպիսի գեղեցկություններ ունին, այնուամենայնիվ, նման շքեղություն յուր հայրենիքին հատկացնելը չափազանցություն կհամարեր։ Բայց այժմ, ահա՛, նա տեսնում է Սևանը յուր առաջ փռված, տարածված 6 7000 ոտք բարձրություն ունեցող լեռների վրա։ Եվ ի՛նչպես չհրճվեր, ի՛նչպես յուր հայացքը չհափշտակվեր նրանով... Կամսարյանը բարձրացավ յուր նստարանից և կառքի մեջ կանգնելով, սկսավ դիտել ծովակի սիրուն մակերևույթը, որի կապուտակը շարունակ փոխվում էր` առնելով երբեմն պարզ փիրուզի, իսկ երբեմն գորշ մշուշի գույն, նայելով թե կառքն ի՞նչ ուղղությամբ էր ընթանում։ Այսպես բավական տեղ նա կանգնած էր կառքում, մինչև որ վերջինս սկսավ մոտենալ Չիբուխլուին։ Այստեղից էլ ծովակը թվում էր անշարժ և միապաղաղ։ Միայն նրա պայծառ հայելու վրա նշմարվում էին հետզհետե բացկապտագույն ժապավեններ, որոնք հոսանուտի սահմաններն էին ակոսում։ Շուտով երևաց և Սևանի կղզին, որի տեսքը հեռվից թեպետ չոր ու ցամաք, այսուամենայնիվ, Կամսարյանին հետաքրքրեց հուզելու չափ, որովհետև անցյալից հիշեցրեց նրան դեպքեր, որոնք կապ ունեին Սևան անվան հետ և որոնց մասին նա մտածել էր հաճախ։
Մինչդեռ երիտասարդը սրտահույզ դիտում էր կղզյակն ու ծովը և նրանց շրջապատող լեռների տեսարանը, Օվանեսը կանգնեցրեց կառքը և հարցրեց.
Ա՛ղա, ո՞րդի տես վեր գալ (իջնել)։
Ինչպե՞ս թե վեր գալ, զարմացավ Կամսարյանը։
Բա ըստի չե՞ս մնալու։
Այստեղ ինչո՞ւ մնամ, Չիբուխլու պիտի գնանք։
Սրանե լավ Չիբուխլու կըլի՞, նկատեց կառապանը ծիծաղելով։
Ո՞րը, սա՞, հարցրեց Կամսարյանը զարմացմամբ շուրջը նայելով։
Հա՛, ապա՛, սա՛ է մեր գեղը, հաստատեց տիրացուն ինքնագոհ ժպտալով։
Կամսարյանը հանկարծակիի եկածի նման մի վայրկյան մնաց անխոս, ապա նորեն սկսավ յուր շուրջը նայել, տեսնելու համար այն, ինչ որ գյուղացին «գյուղ» էր անվանում։
Տեղը, ուր կանգ էր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին էր, որ դեղնագույն ժապավենի նման ակոսում էր գյուղամիջի սևահողը։ Թվում էր, թե` դա միակ մաքուր տեղն է այն բոլոր տարածության վրա, որ գյուղի շրջագիծն ամփոփում էր յուր մեջ։ Վասնզի, մյուս բոլոր տեղերում գետինը ծածկված էր աղբի շերտերով և աթարի (քակոր) փշուրներով, որոնցից նա խանձվել, սև գույն էր առել։ Այդ ընդարձակ աղբյուսի վրա` փողոցների փոխարեն, ընկած էին ինչ-որ ծուռ ու մուռ անցքեր, իսկ դրանց երկու կողմերում ցրված էին անկարգ ու շեղ ուղղությամբ թմբաձև, հողածածկ բարձրություններ, որոնց մի կողմերը կպած լինելով գետնին, մյուսները բարձրանում էին խանձաքարերով շինված ցածուն պատերի վրա։ Դրանք գյուղացիների տնակներն էին, որոնք սակայն չէին նմանում մարդկային բնակարանների։ Որովհետև մեծ մասամբ զուրկ էին պատուհաններից, իսկ ելումուտի համար ունեին մի մի հատ նեղ, ցածուն դռնակներ, որոնցից անցնելու համար պետք էր անշուշտ կորանալ։ Լույս այդ տնակները ստանում էին երդիկից, որոնցից ամեն կտուրի վրա գտնվում էր մի հատ։ Այդ տուն համարվող խորշերից ոչ մեկի առաջ չէր երևում կանաչի նշույլ։ Իսկ գյուղի ամբողջ տարածության վրա չկար մի հատ ծառ և ոչ իսկ մի թուփ։ Դրանց փոխարեն աչքի էին ընկնում գարշահոտ քակորի բլրակներ, որոնցից ամեն տուն ուներ մի, կամ երկու հատ` փառքով բազմեցրած սեփական բակում, կամ կողքին գտնվող ազատ գետնի վրա։
Գյուղի ընդհանուր տեսարանը այնպիսի տխուր ու վհատեցուցիչ ազդեցություն էր անում, որ Կամսարյանը քիչ առաջ անցած Սեմյոնովկան սրա հետ համեմատելով չէր ուզում հավատալ թե ինքն իսկապես գտնվում է գյուղի մեջ, այն էլ Չիբուխլուի, որի անունն այնքան անգամ լսել էր ճանապարհին։ Ուստի յուր տարակուսանքը փարատելու համար երկրորդ անգամ հարցրեց թե` իր՞ոք սա է Չիբուխլուն, թե ոչ։
Սա՛ա, բա՛։ Հրե՛ն, չե՞ս տենում մեր Աստվածածինը. հին եղցի ա, մի քիչ դենն էլ մեր դերի (քահանայի) տունն ա. հրե'ն ինքն էլ մրոքը չալին տալեն ցան ա (աթար) դարսում։ Էն կուսինն էլ տանուտերինն ա։ Ըստիան էլ մի քիչ որ աշմիշ ըլենք, շենի աղբյուրն ա, լավ ջուր ունի, շա՛տ, Մարալինջի տակիցն ա գալիս։ Մի քիչ դենն էլ Բալըղչայն ա։ Ծովն էլ հու ամեն օր առաջին ա։ Մի խոսքով լավ գեղ ա. տեսնելու բաներ շատ ունի, հրեդ ման կգաս կտեսնես։
Կամսարյանը լսում էր տիրացուին և աչքերը մեքենաբար դարձնում դեսուդեն, առանց, սակայն, ուշադրություն դարձնելու նրա ցույց տված տեղերի վրա։ Որովհետև այդ վայրկենին նրան զբաղեցնում էր այն միտքը թե` եթե, իրավ, սա է հայ գյուղացու բնակավայրը, ապա հազիվ թե հնար լինի իրեն ապրել այդպիսի տեղ ու գործել։ Եվ սակայն, չնայելով այդ կանխահաս վստահության, նա որոշեց մտնել այդ «գյուղ» կոչված ավերանոցը, գոնե որոշ չափով նրան ճանաչելու և ուսումնասիրելու համար։
Տիրացուի խորհրդով և Կամսարյանի համաձայնությամբ, Օվանեսը կառքը քշեց դեպի տանուտերի տունը։ Գյուղի շները, որոնք սովոր էին լռությամբ նայելու խճուղին անցնող ճանապարհորդներին, մեծ աղաղակ բարձրացրին գյուղը մտնել համարձակող կառքի և ձիերի դեմ, համարելով այդ անսովոր մի բան։ Տիրացու Մոսին, իբրև ծանոթ անձն, յուր սաստող հրամաններն արձակեց շների դեմ, մի քանիսին, մինչև անգամ, հականե հանվանե կանչելով։ Աղմկարարները կամաց-կամաց ցրվեցան և կառքը կանգ առավ տանուտերի տան առաջ։
Թ.
Աղջի, քյոխվեն տա՞նն ա, հեղինակավոր ձայնով հարցրեց Մոսին` տարօրինակ հագուստներով և գլուխը փաթաթած միջահասակ մի կնոջ, որ կանգնած էր բակում։
Վերջինս առանց ձայն հանելու ձեռքով հովանի արավ աչքերին, իբրև թե դեմքը ծածկել ուզելով, ապա երեսը մի կողմը ծռած, շարժեց գլուխը բացասական կերպով, որ կնշանակեր թե տանը չէ։
Բա ո՞ւր ա։
Կինը ձեռքի շարժումով ցույց տվավ գյուղի դուրսը, կամենալով հասկացնել, թե հանդումն է։ Բայց, միևնույն ժամանակ, գուշակելով որ նորեկը, անշուշտ, հյուր պիտի լինի իրենց, մոտեցավ դռան առաջ խաղացող տղային և նրա բերանով խնդրեց, որ «աղան» շնորհ անե կառքից իջնելու, մինչև որ ինքը մարդ կուղարկե ամուսնու հետևից։
Կամսարյանն իջավ։ Մոսին ու Օվանեսը վար առին կառքից նրա իրեղենները։ Իսկ մինչև այդ, գեղջկուհին ներս վազեց տուն և բերելով այդտեղից մաքուր գորգ, փռեց սրահում դրված թախտի վրա։ Ապա Մոսու միջոցով խնդրելով հյուրին հանգստանալ, ինքն շտապեց հարևաններից մեկին յուր մարդու հետևից ուղարկելու։
Երիտասարդը մի վայրկյան գյուղի յուր վրա արած տպավորությունը մոռանալով, սկսավ հետաքրքրվել նշանացի խոսող կնոջ անձնավորությամբ։ Նա նրան սկզբում համրի տեղ էր դրել։ Բայց հետո տեսնելով, որ խոսում է աղայի և ապա Մոսու հետ, հարցրեց վերջինիս` այդ մնջկատակի պատճառը։
Ջահել կնանիքը անխոս են ըլում ըստեղ, պատասխանեց տիրացուն։
Ի՞նչ է նշանակում անխոս լինել։
Նշանակում ա, որ նրանք չպետք ա իրանցից մենծերի, յա ղարիբ (օտար) մարդկանց հետ խոսան։
Ինչո՞ւ։
Ամոթ ա։
Ինչպե՞ս թե ամոթ է, զարմացավ Կամսարյանը։
Բա ջահել կնիկը, որ չանեն (ծնոտը) ցցի իրանից մենծի հետ զրից անի, ամոթ չի՞։
Չէ, ինչո՞ւ է ամոթ։
Էս երկրումն ամոթ ա։
Պատճա՞ռը։
Ես ի՞մ, վաղուցվա դրած ադաթ (սովորություն) ա։
Իսկ քեզ հետ ինչո՞ւ էր խոսում։
Ինձ, միթոմ, մենծի տեղ չի գցում, պատասխանեց տիրացուն, կարծես վիրավորված։
Ուրեմն կցանկանայիր, որ քեզ հետ է՞լ չխոսեր։
Բա խի՞ չի ցանկանալ, մարդ չի՞ ուզիլ, որ իրան պատիվ տան։
Դա պատի՞վ է։
Պատիվ ա, բա՛։
Կամսարյանը այս նորությունը լսում էր զարմանալով և չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդ արարածը չխոսե յուր նմանի հետ, կամ թե այդ խոսելը համարե ամոթ, պատիվ, կամ անպատվություն։ Այսպիսի ըմբռնումներ չէին կարող ունենալ նույնիսկ Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո, համեմատաբար, քաղաքակրթված երկրի բնակիչներ էին, հետևապես և պետք է ազատ լինեին այդպիսի վայրենությունից։ Բայց և այնպես փաստը յուր առաջն էր։ Նա տեսնում էր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկվա՛ծ աստուծո տված մեծագույն բարիքից խոսելու ազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում էր գյուղի գրագետ մարդը։
Երիտասարդը դեռ զբաղված էր այս մտածությամբ, երբ վերջինս շնորհակալություն անելով նրան` իրեն արած բարության համար, առավ յուր աղքատիկ կապոցը և հեռացավ, խոստանալով դարձյալ գալ «աղայի» կոչին, երբ սա կհրամայե։
Մի փոքր հետո ներկայացավ կառապան Օվանեսը և խնդրեց նրան արձակել իրեն։
Ի՞նչ, դու վերադառնո՞ւմ ես, հարցրեց Պետրոսը։
Հրամել ես, աղա։
Մեղք չե՞ն ձիերդ, ինչո՞ւ չես հանգստացնում։
Հրես գնամ Սիմոնովկումը կորմ կտամ, ընտեղ էլ կհանգստացնեմ։
Ինչո՞ւ այստեղ չես տալիս։
Ըստեղ դժվար ա։
Ինչո՞ւ է դժվար։
Ապուռ չըկա (կեր), էլածն էլ թանկ ա։
Իսկ այնտեղ աժա՞ն է։
Աժան ա, բա՛։
Ինչո՞ւ է այդպես։
Ընդուր, որ ըստեղ հայեր են ապրում, ընտեղ մալականներ։
Այդ ի՞նչ է նշանակում։
Էդ էն ա նշանակում, որ հայերը աջիղ (տկար) մարդիկ են։ Էնքան են կարում վար ու ցանք անել, որ մենակ իրանց ա հերիք գալի։ Նրանցից մինը, թե որ էսօր ինձ մի կոդ (չափ) գարի ծախի, էգուց ինքը պտի փող տա մալականիցն առնի։ Ամա դե մալականը դհե չի. նա համ փող ունի, համ ղոչաղ ա, համ էլ բանի ղայդան (եղանակը) գիտում ա։ Վարն էլ ա շատ անում, խոտն էլ ա շատ հարում, նհենց (այնպես) որ, իրան էլ ա հերիք գալի, ուրիշին էլ։
Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանքիների մասին արդեն փոխված էր, կառապանի բացատրություններն էլ պակասը լրացրին։ Ուրիշ անգամ գուցե նա ուշադրություն չդարձներ այդպիսի խոսքերի վրա, բայց այս անգամ նույնիսկ լուրջ մտածությանց առարկա դարձրեց նրանց։ «Իրավ, եթե մի գյուղ յուր տնտեսական կարողությամբ այնքան է ողորմելի, որ մինչև իսկ մի կառապան դժվարանում է այդտեղ յուր ձիերը կերակրել, մի՞թե սա չի նշանակում, թե նրա բնակիչները այնքան են ծույլ, անհոգ ու անշնորհք, որ նրանց մեջ ապրել ու գործելը ոչ միայն դժվար, այլև անհնարին է...»։
Այսպես մտածեց երիտասարդը և յուր վերջին հետևությունը, փոխանակ նրան տխրեցնելու, ընդհակառակն, պատճառեց մի թաքուն հաճույք, որ բխում էր այն նորածին մտքից, թե գուցե տեղական հանգամանքներն ստիպեն իրեն, հակառակ յուր կամքին, դրժել յուր ուխտին։ Այն ժամանակ, իհարկե, ինքն այդ բանում մեղավոր չէր լինիլ. չէ՞ որ տված խոսքը նա արդեն կատարել է` հեռանալով քաղաքից և գյուղ գալով։ Այժմ ի՞նչ անե, որ գյուղն ինքն է անհնար դարձնում այստեղ մնալն ու գործելը... Այսուամենայնիվ, այս մտածությունից առաջացած հաճույքը նա լիովին չվայելեց, վախենալով, թե մի գուցե ինքն սխալվում է` շտապով այդպիսի կարծիք կազմելով, կամ թե գուցե հայ գյուղացին դեռ ունի համակրելի կողմեր, որոնք տակավին անծանոթ են իրեն և որոնց պատճառով թերևս, ինքն ապագայում տանջվի խղճից, եթե այսօր կայացնե մի սխալ որոշում։
Իսկ այդ «որոշո՞ւմը»... Ոչ, նա դրա համար դեռ չի մատծիլ, չէ կարող մտածել... Ի՞նչ, դուք կարծում եք, թե նա անհնարին գտնելով հայ գյուղում ապրելն ու գործելը, կորոշե ձգել ու հեռանա՞լ. ոչ, այդպիսի բան չի անիլ։ Դրա նման մի միտք, այո՛, անցավ նրա գլխով, երբ կառապանը խոսում էր, բայց դա միայն մի ցոլք էր, մի չնչին ասուպ, որ վայրկենաբար փայլեց յուր մտքի աշխարհի հորիզոնի վրա և անհետացավ։ Իսկ այնուհետև նրա հոգու աչքերը դարձյալ մնացին սևեռած այն լուսավոր կետին, որի վրա գրված էր հայ գյուղացու բարօրության համար աշխատելու յուր հաստատուն վճիռը։ Եվ նա շարունակ կնայե՛ այդ լուսին` ընտրած ճանապարհից չշեղվելու համար։ Իսկ առայժմ... առայժմ կաշխատե ճանաչել գյուղը, նորից լսել, քննել, հետազոտել... Անշուշտ նա դեռ շատ բան չգիտե, և գուցե հենց այդ չգիտցածներն են, որոնք նորից պիտի ոգևորեն իրեն... Այսպես էր խոսում երիտասարդ Կամսարյանի երկու «ես»-երից մինը, մինչդեռ մյուսը` կարծես սիրով սպասում էր, որ նոր լսածն ու տեսածը, քննածն ու հետազոտածը հաստատեն դարձյալ այն, ինչ որ կա, ինչ որ մինչ այդ երևան էր եկել...
Այս պատճառով նա հանգիստ սրտով վճարեց կառապանին յուր հասանելիքը և ճանապարհ դրավ նրան։
Շուտով հասավ այստեղ և տանուտերը։ Դա միջահասակ, ամրակազմ, խոշոր դիմագծերով, խելացի աչքերով և բարեդեմ մի մարդ էր։ Տան պատին հենելով ձեռքն ունեցած փոցխը, որով հենց նոր խոտ էր հավաքել դաշտում, մոտեցավ հյուրին, քաղցրաժպիտ ողջունեց և, չնայելով որ նրա ո՞վ և ո՞րտեղից լինելը չգիտեր, այսուամենայնիվ, սկսավ հարցնել նրա առողջությունից, ուղևորության հանգամանքներից և ընդ նմին հայտնել յուր շնորհակալությունը, որ «աղան» պատիվ էր արել` յուր տանը հյուր լինելու։
Կամսարյանն յուր կողմից հարկ եղածը պատասխանեց` հայտնելով նրան յուր ո՞վ և ո՞րտեղացի լինելը և ապա բացատրեց, որ ճանապարհորդելու նպատակով է, որ գտնվում է այժմ Չիբուխլուում։
Մեր գեղից շատերն են ընցնում` էթում Երևան, Հէջմիածին, յա էն տեղից գալում հիջնում Դիլիջան ու ուրիշ յաներ (կողմեր), համա ըսկի մեկն էլ չի կայնում (մնում) էս գեղը։ Էս մե ջոկ պատիվ ա, որ արել ես մեզի... խոսեց տանուտերը բայազետցոց բարբառով։
Ինչո՞ւ չեն մնում, հետաքրքրվեց երիտասարդը։
Ընդուր որ մեր կուշտ (մոտ) տենալու զատ չկա։
Այո՛, ձեր գյուղը շատ խղճուկ բան է, նկատեց Պետրոսը։
Հմմեն (ամեն) գեղերն էլ Էսենց ին, հարեց տանուտերը։
Սխալվում եք։ Քիչ առաջ անցա Սեմյոնովկայի միջով և նա բոլորովին ուրիշ գյուղ երևաց ինձ։ Այնտեղ կային սիրուն տներ, լայն և ուղիղ փողոց, ծառեր, բանջարանոցներ, իսկ ձեր գյո՞ւղն... այս ի՞նչ է. կարծես շեն չէ, այլ ավերանոց։
Ղորդ ա հրամանքդ, Սիմյոնովկում քո ասած հմմեն բան էլ կա, դե ախր էն մալականի գեղ ա, էս խայի։
«Սա էլ նույնն է ասում, ինչ որ կառապանը» մտածեց Կամսարյանը մի առանձին գոհությամբ և ապա հարցրեց. ուրեմն հայի գյուղը չի կարող լավ լինե՞լ։
Դե իմա՞լ (ի՞նչպես) ըլնի լավ. գեղ ա է՞լի, գեղ դհա (ուրիշ կերպ) իմա՞լ կըլնի։
Հեր օրհնած, Սեմյոնովկան էլ գյուղ չէ՞։
Հրամել եք, գեղ ա։
Էհ1, նա ի՞նչու է լավ։
Ասի է՞լի, ընդուր, որ մալականի գեղ ա։
Ուրեմն, որ հայի լիներ, պետք է վատ լիներ։
Հալբաթ որ (իհարկե)։
Ինչո՞ւ։
Ընդուր, որ խայն հմմեն բանի մեջ անշնորք ա։
Ուրեմն, հայոց գյուղերն ամեն տեղ էլ նման են ձերինին։
Խա, Էդենց ա։
Ամեն տեղ էլ այսպես չո՞ր, ցամա՞ք, ծուռումուռ փողոցներո՞վ, հողե տնակներո՞վ, կեղտոտ բակերո՞վ։
Խա, հրամել եք։
Եվ չի՞ գտնվիլ հայ գյուղ, որ ծառազարդ լինի, ուղիղ փողոցներ, սիրուն տներ, այգիներ, ծաղկանոցներ և այլ այս տեսակ բաներ ունենա՞։
Ի՞նչ ասեմ. կըլնի որ պատայի խարիրի (հարյուրի) մեջ մե խատ, համա էն էլ հրամանքիդ ասածի նման չըլնի. ծուռումուռ բաներ շատ կըլնի։ Ի՞նչ ասեմ, կպատայի, որ ըլնին էլի նենց գեղեր, որ բակերի մեջ մի քանի խատ ծառ ըլնի, յա բոստան, յա մե պստիկ բախչա, համա տներն ու քուչեքն ինենց կըլնի` իմալ մերն ա։ Ես շատ տեղեր եմ հելե, շատ խայի գեղեր եմ տեսե, մերնից փսերն (վատերը) էլ շատ կան։
Այս տեղեկությունները կարծես դյուր էին գալիս Կամսարյանին, որովհետև նա նրանց մեջ տեսնում էր հաստատությունն յուր այն կարծիքի, թե անհնար է գյուղում ապրել ու գործել, ուստի շարունակեց հարցուփորձը։
Այսուամենայնիվ, տանուտեր, դու գուցե կարողանաս ավելի ճիշտ պատճառն ասել, թե ինչո՞ւ մալականի գյուղը գեղեցիկ և մաքուր է լինում, իսկ հայինը տգեղ ու կեղտոտ։ Անկարելի է, որ դրա պատճառը հայի անշնորհքությունը լինի. մի՞թե բոլոր գյուղերումն էլ հայերն անշնորհք են։
Տանուտերը մի վայրկյան մնաց լուռ և չգիտեր ի՞նչ պատասխանել։ Հետո կարծես նոր գյուտ անելով, բացականչեց.
Ախպեր, խայի գեղն կեղտոտ չըլնի, իմա՞լ ըլնի, խայի գեղցու ցավը, դարդը մե չէ, երկու չէ, որ թորգի (թողնե) ու հիստակութենի ցավը քաշի։ Ախար նա իսկի անշնորք էլ չէ, թեկուզ էդ անունը տվի քեզ հառաջ։ Նա մալակնից էլ ա շնորհքով. իրա մեկել դրկեցից էլ։ Խայի գեղցու ցավն էն ա, որ մեջը մարդ չըկա, մեջքին դայաղ (նեցուկ) տվող չըկա. ինչ որ աթաղան, բաբաղան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց էլ անում ա, ինենց էլ ապրում ա։ Քարճինի ծառ (վայրի տանձի) տեսած կա՞ս, Էն որ մեշեն ա հլնում. Էն որ թորգեն (նրան որ թողնեն), խարիր տարի կապրի, հմեն վախտ էլ պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճին կըտա, համա թե մե բարի ձեռ նրա ճղերը կտրի ու վրեն պատվաստի մալաչի դալար շվիր (շյուղ), կտենաս մի Էրկու տարուց ետո էդ քարճինի ծառը մալածի տանձեր կբերա, խամով, խոտով ու կերածդ վախտն էլ բերնիդ ջուրը կերթա։ Մեր գեղցին էլ որ կա, մեշի ծառ ա, քոթուկը (բուն) խաստ, քոքերը (արմատները ) ղայիմ, համա բարը (պտուղը) քարճին ա. մե ուստա ձեռ ա պետք, որ ճղերը կտրի, վրեն պատվաստ անի, կուզես մեղրիկինի, կուզես գյուլ-աբի, էն վախտն էլ ընդու բարն էլ էն կըլնի, ինչ որ պատվաստելիս, խամով, խոտով սիրունութենով։ Մալականը որ կա, պատվաստած ծառ ա, ո՞րն ա ընդու պատվաստող, չիմ գինա, ամա տեսնում ենք բարը խամով ա։ Հենա Գյանջույանն էլ նեմեցներ կան, ընդոնք էլ մալականներից են շնորքով, երևում ա ընդոնք էլ են պատվաստ արած, ընդուր որ ընդոնց արած բաներն էլ են ղայդով (կարգին) լավ, ընդոնց գեղն էլ ա թամուզ-հիստակ, ծառով լիքը, վարժատունը մեջները, ժամն (եկեղեցի) էլ պայծառ, բոստան ու բախչեն դեմներն... Մեր դեզը ըդենց բաներ չըկան... ընչի՞, ընդուր որ էն օր, ո՞ր օրվանից աստված մի ծառ ա տնկե, անունը խայի շինական դրե, էն օրվանից դեսը էդ ծառի ճղերին մի ճղադող (հոտոց) չի դիպե, խազար տարի ումբր ա քաշե (ապրել ա), խազար տարվա բարը հմմեն վախտ քարճին ա հելե ու քարճին։ Մալականը ինչ վախտ որ ուզում ա գեզ քցի, յա թե չէ իր խամար շենլիկ շինի, մեկ էլ տենում ես հմմեն յանից մարդիկ են բսնում, ասում են, բարեկամ, էս էսենց շինա, էն ընենց շինա, յա ծուռ ա, դրըստի, էն պստիկ ա, ջոջացրու (մեծացրու), մե խոսքով, խորուրդ են տալում, խելքում-խրատում, գլխու քցում։ Մալականն էլ բարի խրատն ընդունում ա, չգիտցածը սովրում, ու բանը անում ինենց, որ աստծուն էլ ա դուր գալում, բանդին (մարդկության) էլ։ Համա խայի շինականը շենլիկ չէ՛, թեկուզ ժամ էլ քցի, ըսկի եմ վախտ մե մարդի էրես չի տենա, որ մե բարի բան սովրցնի, մե դրուստ ճամբաղ նըշանց տա, ծռի զարարը (վնասը) ու դրըստի օգուտը խասկցնի էդու խամար էլ իմալ հինքն կարցե, ինենց էլ արե, ինչ խելքն կտրե, էն էլ շինե, է՛հ, ընդուր գիտցածն էլ հելե էն ա, ինչ որ տենում ես, ընդուր իմա՞լ մեղենք (մեղադրենք)։
Կամսարյանի գլխին կարծես ջուր մաղեցին։ Յուր հարցին նա չէր սպասում այդօրինակ պատասխան։ Դա, իսկապես, դատապարտության մի վճիռ էր, որ տանուտերը կարդաց յուր երեսին։ Ախար չէ՞ որ այն ամենը, ինչ այդ գյուղացին ասաց, հայտնի էին իրեն վաղուց։ Չէ՞ որ հենց իրենց ընկերական ժողովներում հաճախ այն միտքն էր արծարծվել, թե հայ գյուղացին տգետ, հետամնաց, հետևապես և թշվառ է մնում այն պատճառով, որ բոլոր յուր կյանքում զուրկ է մնում առաջնորդից, սրտացավ խորհրդատուից, բարի օրինակից։ Լինեին դրանք և նա կազատվեր դարերի ընթացքում յուր վրա բռնացող ճակատագրական թշվառությունից։ Արդ, ինքը եկել էր այդ առաջնորդը, այդ խորհրդատուն լինելու։ Ինչո՞ւ էր, ուրեմն, երկար ու բարակ տանուտերին հարցուփորձում։ Չէ՞ որ նրա համար, որ յուր դրած ուխտն այժմյանից արդեն ծանր էր թվում իրեն և նա նրանցից կամենում էր խուսափել... Մի՞թե ամոթ չէր այդ։ Այս հետադարձ միտքը ձգեց երիտասարդին վարանքի մեջ. խղճի մի թաքուն խայթ սկսավ անհանգստացնել նրան, ուստի դադարեց հարցեր առաջարկելուց։
Այդ միջոցին վերադարձավ տան տիրուհին, ձեռքին մի քանի նորաթուխ լոշեր։ Ըստ երևույթին, նա այդ օրը թաժա հաց չունենալով, ըստ գյուղական սովորության, փոխ էր առել հարևանից, որպեսզի նորեկ հյուրին օթեկ հացով չկերակրե։ Տանուտերը կնոջը տեսնելուն պես վեր թռավ տեղից, ինչպես մեծ հանցանք գործածին մեկը։
Ներողություն, աղա՛, ասաց նա, ախր դու ճամփից ես գալում, անոթի կըլնես. ես դինջ նստել եմ, քե խետ գյալաջի (զրույց) եմ անում։ Դե, Սալվի, շուտ արա
խացի թադարեք (պատրաստություն) տես, դարձավ նա դեպի կինը, որ արդեն մտնում էր տուն։
Մի՛ նեղանաք, խնդրում եմ, ես քաղցած չեմ, ճանապարհին նախաճաշել եմ, հանգստացրեց տանուտերին երիտասարդը։ Բայց վերջինս, այսուամենայնիվ, կնոջ հետևից մտավ տուն, որպեսզի հյուրին պատվասիրելու համար հարկ եղած պատվերը տա կնոջը, կամ թե նրա հետ խորհուրդ անե։
Այսպիսով Կամսարյանը միայնակ մնալով սկսեց լսածների մասին լրջորեն մտածել։ Այս առիթով նա նորից հիշեց անցյալը, ուսանողական ժամանակի փայփայած մտքերը, յուր ոգևորությունը, խիզախ որոշումը և այդ ամենին հակադրելով իրականությունը, եկավ այն եզրակացության, որ ինքն սխալվել է, թեթև աչքով նայելով առաջադրյալ խնդրի վրա, կամ սպասելով, որ գործը դյուրությամբ սկսվի և դյուրությամբ շարունակվի։
«Այստեղ, հաստատուն կամքի հետ միասին, պետք է ունենալ նաև մեծ համբերություն, խոսեց նա ինքնիրեն, ծառից` ծառատակը միշտ մոտ է երևում, բայց երբ թռչում ես, այն ժամանակ է միայն տարածությունն իմացվում։ Մինչ այժմ ես դեռ թռչելու որոշումն եմ արել և արդեն տարածությունն անհուն է թվում, ի՛նչ կլինի եթե սկսեմ թռչել... արդյո՞ք ուժերս կներեն, թևերս չե՞ն թուլանալ...»։
Այս մտածության հետ միասին անսպաս տեղից ծնունդ առավ նրա սրտում պատվասիրության զգացումը, «Էհ, ամոթ է, վերջապես, փոքրոգի լինել այսքան և վախենալ կյանքի գալոց զրկանքներից... Այս գյուղացիներն էլ մարդիկ են և ահա՛ ապրում են զրկանքներով լի այդ կյանքով և չեն մեռնում։ Ինչո՞ւ, ուրեմն, չփորձեմ մի փոքր էլ ապրել նրանց հետ և նրանց նման, գուցե հենց այդ փորձի մեջ գտնում եմ ես հնարն իմ խոստման տեր մնալու։ Ինչո՞ւ հուսահատվել դեռ ոչինչ չգործած, դեռ ուժերս չփորձած...»։
Այսպես մտածեց Կամսարյանը տանուտերի խոսքերի թարմ ազդեցության տակ և որոշեց անպատճառ «փորձել» յուր ուժերը։
Այդ որոշումն անկեղծ էր. անձնասեր «ես»-ի ձայնը լռել էր նրա մեջ այդ րոպեին։
Բայց հենց այդպիսի հանդիսավոր վայրկենին սրահի առաստաղից թափվեց երիտասարդի գլխին չոր հողի մի վիժակ։ Նա վեր թռավ տեղից և վազեց դեպի բակը, կարծելով թե առաստաղը փլչում է գլխին։ Սակայն այդպիսի բան չկար։ Հավերը կտրան քթութ էին արել, որով և հողի փխրուկ մասը շարժվելով իջել էր ներքև։ Կամսարյանը հանեց լայնեզր գլխարկը և տեսավ, որ նա ամբողջապես ծածկված է փոշու հաստ շերտով, իսկ գլխարկի եզրը պահել էր յուր վրա հողի մեծ քանակություն։
Մաքրասեր երիտասարդը դժգոհ եղավ այդ բանից։ Բայց ի՞նչ արած, դեռ մի րոպե առաջ էր, որ նա որոշել էր փորձել ապրել գյուղացիների հետ։ Պետք էր ուրեմն համբերել։ Բայց որովհետև համբերելուց անկախ, անհրաժեշտ էր մաքրել գլխարկը, նույնպես և վերնազգեստը, որի ուսերը ևս ծածկված էին փոշիով, ուստի նա վերադառնալով սրահը, կանչեց տանուտերին և խնդրեց նրան առաջնորդել իրեն դեպի ներսի տունը, որպեսզի այդտեղ գտնվող յուր պայուսակից հանե խոզանակը` հագուստը մաքրելու համար։
Էս ի՞նչ ա, խո՞ղ ա թափե վրեդ... Է՛յ, Սալվի, էս ի՞նչ ա, էլի էդ անիծուկ խավերը կտուր քըճըճում են, հիշկա (նայիր), աղի շորերն հմմեն խարաբ են արե։
Սալբին դուրս վազեց դեպի կտուրը` հավերին հալածելու, իսկ երիտասարդը ներս մտավ յուր պայուսակը որոնելու։
Տունն, ուր նա մտավ տանտիրոջ առաջնորդությամբ, մի տարօրինակ շենք էր, որի նմանը նա չէր տեսած ոչ մի տեղ։ Յուր քառակուսի ձևով նա նմանում էր մի սովորական ընդարձակ սենյակի, իսկ չորս սյուների վրա բարձրացող գմբեթարդ առաստաղով` փայտաշեն մատուռի։ Շենքը ոչ մի կողմից պատուհան չուներ և լույս ստանում էր առաստաղի վրա բացված երդիկից։ Սակայն այդ լույսն էլ այնքան էր նվազ, որ երիտասարդը ներս մտնելուց չկարողացավ իսկույն որոշել բնակարանի ձևն ու մեծությունը։ Միայն քիչ հետո, երբ աչքերը վարժվեցան, սկսավ ամեն ինչ դիտել ուշադրությամբ։
Տան հետևի պատն ամբողջապես, իսկ աջ ու ձախ կողմերինը կիսով չափ կտրված էին հողից և այն` այնչափ տգեղ ձևով, որ շատ տեղերում երևում էին սակրի կամ բրի քաշած ակոսները։ Իսկ առջևի պատը և աջ ու ձախ կողմերինը մասամբ` շինված էին կրաշաղախի և գետաքարերի անարվեստ զանգվածով։ Ինչպես տան չորս պատերը, նույնպես և առաստաղն ու նրան բռնող փայտե չորս սյուները ծուխից սևացած էին ա՛յն աստիճան, որ շատ տեղ փայլում էին լույսի առաջ։ Առաստաղի ավելի մութ խորշերը առատորեն բռնված էին սարդի ոստայններով, որ ապացուցանում էր, թե այդ տան մեջ չկար չար ձեռք, որ վրդովեր այդտեղ ապրող միջատների խաղաղությունը։
Տան մեջ եղած կարասիներն էին` մի փայտե ծխահար ամբար, որի մեջ ալյուր էր պահվում, մի մեծ, կավածեփ կթոց, որ ցորենի պահարանն էր, մի փայտյա խարխուլ և լայն մահճակալ, որ ծառայում էր իբրև դարակ թե՛ տան մեջ գտնվող արկղիկների և թե՛ հնամաշ կողինքի ու օթոցների համար։ Պատերից մեկի տակ գտնվում էին երկու հողե կուժեր, մի քանի սևացած պտուկներ, մի փոքր և մի մեծ տաշտակ և երկու փայտյա խաներ։ Իսկ դրանը հանդեպ գտնվող պատի տակ, որ ըստ երևույթին, պատվավոր կողմն էր, շինված էր մի հողե բարձրություն` թախտի ձևով, չորս կողմից կավածեփ և ծածկված հնամաշ կապերտով։ Տան հատակը հողից էր, տեղ-տեղ փոս և ցեխոտ լինելու չափ թաց։ Հենց այդ հատակի վրա, ուղղակի երդիկի տակ գտնվում էր կրակարանը, ուր այդ միջոցին վառված աթարի վրա դրված էին մի հողե պտուկ և մի պղնձե կաթսա, երկուսն էլ այնպես սև ու մրապատ, որ կարծես ածուխից էին շինված։ Ի՞նչ էին եփվում այդ սևակլոլ ամաններում, հայտնի չէր, միայն թե Կամսարյանը նայելով նրանց վրա, զգաց մի խոր զզվանք և դրա հետ էլ երկյուղ թե` մի գուցե նրանց մեջ պատրաստված կերակուրով հյուրասիրեն իրեն։
Որովհետև տան միջի օդը տոգորված էր աթարից առաջացող գարշահոտ ծուխի, այլև խոնավության անախորժ հոտով, ուստի երիտասարդը այդտեղ չբացավ պայուսակը, որպեսզի ստիպված չլինի մի քանի վայրկյան ավելի ծծելու ապականված օդը, այլ առնելով այն` տարավ դուրս։
Հանելով պայուսակից սպիտակամազ և արծաթե մեջքով շինած խոզանակը, որ բնավ չէր հարմարում շրջապատող անմաքրությանց, նա սրբեց նախ գլխարկը և ապա հանեց վերնազգեստը։ Վերջինս մաքրելու ժամանակ գրպանից գետին ընկավ յուր Note-երի հայտնի տետրակը։ Կամսարյանը վերցրեց այն այնպես շտապով, որ, կարծես գողացած իր էր և պետք էր իսկույն թաքցնել։ Որովհետև տետրակի տեսքը վայրկենաբար հիշեցրեց նրան այնպիսի բաներ, որ նա կուզեր այժմ մոռանալ...
Երբ երիտասարդը բոլորովին մաքրվեցավ, եկավ նստեց սրահում դրած թախտի մի ուրիշ կողմը, որ յուր կարծիքով ազատ պիտի լիներ հողի իջվածքից և սկսավ խոսել տանուտերի հետ, այժմ արդեն մեծ սրտով։
Քիչ առաջ ասում էիք, թե հայ գյուղացին ի՞նչ անի, միջումը մարդ չունի, մեջքումը դայաղ չունի, բան սովրացնող չունի և այլն։ Ասացեք, խնդրեմ, այսպիսի մի պարզ բանի համար ձեզ ի՞նչ սովորեցնող է հարկավոր։ Տեսնո՞ւմ եք, այս առաստաղի ձողերը շարել եք միմյանցից մի-մի թիզ հեռու, հետո վրան ցախ ու ցաք դնելով` հող լցրել։ Մի՞թե չէիք կարող նախ` այս ձողերի փոխարեն լայն տախտակներ շարել, երկրորդ` եթե ձողեր էիք շարում, ընտրեիք ուղիղ ձողեր և ոչ թե այս ծուռումուռ ճաղերը, հետո նրանց տաշեիք, միմյանց մոտեցնեիք և ապա թե վրան հող լցնեիք։ Այն ժամանակ հավ չէ, անասուն էլ, որ ման գար կտրանը, հողը չէր թափվիլ։ Ախար սա այնքան պարզ բան է, որ սրա համար ոչ սովորեցնող է հարկավոր, ոչ խորհրդատու։
Շատ ղորդ ես հրամայում, աղա, խոսել սկսավ տանուտերը, ղորդ որ են ձողերի տեղ թե տախտակ հըլներ, շատ լավ կըլներ, համ խող չի թափվի, համ էլ հառիքը (առաստաղը) սիրուն կըլներ։ Համա մե բան կա, որ դու չես գինա. շինականի խամար մի մանեթը էնղդա արժի, ինչղդա քաղքցու խամար խարիր մանեթը։ Էսղդա տեղը տախտկելու խամար եռսուն մանեթ խերիք չէր գա, համա ես էս հմմենին չորս մանեթ եմ տվե, էն էլ անջախ եմ ճարե։ Ձողերն էլ, որ մոտիկ-մոտիկ հլներ, խարիր խատ չէր խերիք գա, համա ես քառսուն խատով բանը յոլա եմ տարե։ Մեկ էլ թե էնոնք դուզեր (ուղիղներ) հլնին, մեշաբեկին (անտառապետը) երեք խետ ավելի փարա կուզեր, համա էժան ա տվե։ Ասենք իմ մե ղազախեցի բարեկամն ասեց թե` «դու որ չորս մանեթ փարա ես տվե բլեթին, իրավունք ունեիր էդ բլեթով էն ղդա դուզը ձողեր կտրել, ինչ ղդա ծուռն ես կտրե». համա ես գեղցի ռամիկ մարդ եմ, իմա՞լ կանամ աբեզչիկի (անտառապահ) հառեջ ձեն ձուն խանել. էն թղթին հիշկում ու ասում ա. «էս թուղթ ծուռը փետերի համար ա, չըհիշխնաս (չհամարձակվես) դզերը կտրել»։ Ես էլ իմ ա՛լ ընդու հրամանը չանեմ։ Բան ա, թե շշկլվիմ (սխալվիմ), յա հիշխնամ մեխատ դուզը փետ կտրեմ, մեկ էլ տենաս բոռալով գալում ա վրես ու մե չափալախ (ապտակ) քիթուբերնիս զարկում... Հարամզադա, ասում ա, Էդ իմալ հիշխցար թագավորական մեշի մեջ զակոնի դեմ բան բռնել. հես ա պրատակոլ կանեմ, քեզի նաբխտ (բանտ) կտանեմ։ Էդ վախտը անճարանում եմ, ոտ ու ձեռն ընկնում, ասում. «աղա, ի սեր աստուծո, բաշխի, ինձ բռնավոր մի՛ անի, ճժերս ու օղլուշաղս (ընտանիքս) մեղք են»։ Էստուց ետո, որ տենում եմ, չեմ կանում աղա աբեզչիկի սիրտը շահել, իլաճս կտրում ա, ջեբս էլած մի քանի աբասին ափն եմ դնում, գլուխս պրծացնում։
Տանուտերի պատմածներից Պետրոսը վրդովվեցավ, մանավանդ աբեշչիկի գյուղացուն ապտակելն ու օրենքի անունով նրան հարստահարելը վառեցին երիտասարդի բոլոր իրավագիտական զայրույթը։ Նա մոռացավ, որ տանուտերը ընդդիմախոսում էր իրեն և ոչ թե պաշտպանություն խնդրում, ուստի վրդովված պատասխանեց.
Աբեզչիկը իրավունք չունի քեզ ապտակելու կամ քեզանից ապօրինի փող առնելու. այդպիսի անկարգության համար նրան ոչ թե պաշտոնից կզրկեն, այլև բանտ կնստեցնեն։ Օրենքը իրավունք չի տալիս նրան նույնիսկ մեղավոր մարդու դեմ բռնություն գործ դնել, ո՞ւր մնաց թե հանգիստ ու խաղաղ գյուղացու դեմ։ Անտառի պահպանության վերաբերմամբ որևէ մեկի կողմից անկարգություն տեսած ժամանակ, նա, կարող է այդ մասին հայտնել վերակացուին կամ անտառապետին, բայց յուր ձեռքով դատաստան անել` նա բնավ իրավունք չունի։
Կըլնի էդ հմմեն դրուստ ես ասում, ես էլ գինամ օրենքի մեջ անարդար բան չի ըլնի, համա մեզնից ո՞ր մեկս ա օրենք խասկնում, յա թե չէ էն ղադը մեշեն մեր ձենը ո՞վ ա հիմանում, մեր գանգատն ո՞վ ա լսում։ Բան ա, թե հուջաթ ենք անում (հակառակում), յա ահ տալում թե` կեթանք մեշաբեկին գանգատ, էն իր դոշի կպած զատը նշանց ա տալում ու ասում. «Էս զնակը տենո՞ւմ ես, էս հմմեն մարդու չեն տալում, ինձի որ տվել են, ընդուր խամար ա, որ ի՛մալ ուզենամ` Էստով անիմ, թեկուզ սաղ աշխարհը քանդեմ, ո՞րը կանա առաջս կանգնել»։ Հիմի աղա , ես որ հառեջ ասեցի, որ մեր մեջ մարդ չունինք, մեջքներիս դայաղ տվող չունինք, դու ինձի մեղ իր դնում. համա տեսնում ես, որ քե նման մե խատ գրի սև ու սիպտակը ճանաչող, դիվան դատաստան խասկըցող մեր մեջ նստած հլներ ու ինձի ասեր, օրենքի մեջ գրած ա, որ դու քո չորս մանեթով կարաս քառսուն խատ դուզ ծառը կտրել, թե աբեզչիկը իրավունք չունի քե զարկելու, պրատակոլ շինելու, յա նաբախտ դնելու, ես էլ Էն վախտ ասլան կդառնայի, մե աբեզչիկը չէ, թեկուզ տասն էլ, որ վրես գային, հմմենի ջուղաբը (պատասխանը) կտայի։ Ա՛յ էն վախտ իմ հառիքի վրա դուզը ձողեր կըլնեն, հմմենն էլ մոտիկ-մոտիկ շարած, ղայիմացրած, խողն էլ վերևից չէր թափվի, ես էլ պատվական ղոնախի կուշտ սև էրես չէի մնա։
Կամսարյանը լսեց այս ամենը ուշադրությամբ և այլևս դիտողություն չարավ։
Ժ.
Վերջապես տան տիրուհու ճաշը պատրաստ էր։ Նա շտապեց սեղան բանալ։ Մուգ կապտագույն մի սփռոց, որ բավական մաքուր էր, բայց որն յուր գույնի ու հնության պատճառով կեղտոտ երևաց հյուրին, նա փռեց տախտակի վրա և վրան դարսեց սպիտակ ու փափուկ լոշեր։ Ապա փայտյա, բոլորշի խանի մեջ բերավ մի քանի ամաններ, որոնց մեջ կային պանիր, կանաչ սոխ, մածուն և եփած ձուեր։ Երրորդ վերադարձին նա հանեց սեղանի վրա նոր պատրաստած կերակուրը, որ էր` լոբիի բորանի և մի եփած հավ։ Տանուտերն յուր կողմից բերավ դեղնած մի շշում օղի և հողե դորակով գինի։
Կամսարյանն ուտել սկսելու փոխարեն սկսավ դիտել ամանները, որոնցով տանտիկինը ցուցահանել էր ուտելիքը։ Նրանցից ո՛չ մինը նման չէր մյուսին։ Պանիրը դրված էր պղնձե, կլայեկած ամանում, մածունը` հողե գավաթում, ձուն` փայանսե կապույտ, հին ձևի մի ամանում, որն ուղիղ չէր մնում սեղանի վրա, որովհետև կոտրված լինելու պատճառով` մի կողմից կապված և տակից կոծկված էր։ Իսկ այդ կոծիկը (կրի, ձուի և ծեծած կանեփի շաղախ) այնքան հաստ էր քսված, որ ամանն յուր հարթությունը կորցնելով հակվում էր մի կողմ։ Վերջապես բորանին լցված էր հողե քերեղանի մեջ, իսկ հավը դրված պղնձե ափսեի վրա։
Հազիվ տանուտերը ձեռքը առավ օղիի շիշը, որպեսզի հյուրին հրամցնե, ահա' սրահի մեջ բուսավ տեր-Վանին, գյուղի քահանան։
Սա վաթսունն անցած մի մարդ էր, բարձրահասակ, բայց նիհար մարմնով, նեղ ու երկար դեմքով, խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրներով և, սակայն, հարուստ, ալեխառն մորուքով, որ մեղմում էր դեմքի տգեղությունը և ծածկում երկար, դեղնած պարանոցը, որի վտիտ շուշակները զատվում էին փողից ինչպես պինդ ձգված պարաններ։
Բարի հաջողում, ասաց նա խաղաղ ու մեկին արտասնությամբ և գավազանը գետնին խփելով, կանգ առավ, կարծես սպասելով թե ի՞նչ ընդունելություն պիտի գտնե։
Տանուտերն իսկույն վեր կացավ տեղից։
Օրհնյա տեր, համեցիր, ասաց նա հարգանքով և յուր տեղն առաջարկեց քահանային։
Նստիր տեղդ, ես ըստեղ կնստեմ, ասաց վերջինս ղազախեցվոց բարբառով և գավազանը պատին հենելուց հետո, ձեռքը պարզեց Կամսարյանին. բարով ես եկել, հազար բարով։ Մոսին ասեց մի լավ ղոնաղ եմ բերել տանուտերի հմար` թիֆլիզեցի ա։ Ասիմ, գնամ տենեմ ո՞վ ա, կըլի որ իմ բարեկամներից ըլի, չուն ես էլ Թիֆլիզում լավ ծանոթներ ունեմ։
Կամսարյանն յուր ով լինելը հայտնեց քահանային։
«Կամսարյա՞ն». էդ ի՞նչ լավ անուն ա, կըլի որ հին ազգից ըլեք, չուն հայոց պատմութենումը ընդենց մի անուն աչքովս ա ընկել։
Երևի Կամսարակա՞ն։
Հա, էդ ա, Կամսարական։ Դու ընդո՞նցից ես։
Ոչ, ինքս էլ չգիտեմ, թե ովքեր են իմ պապերը։
Բա էդ ո՞նց կըլի։
Իդա վերջ կխարցնես, հլա նստի՛, խաց կե, նկատեց տանուտերը։
Նստել պտեմ, բա ո՞նց տեմ անիլ. հազարանց մեկ մեր գեղը ըսենց պատվական հյուր ա եկել, ո՛նց կըլի, որ մոտը չնստեմ, զրից չանեմ։ Ամա դե ես հաց եմ կերել, դուք ինձ մտիկ չըտաք. անուշ արեք։ Այս ասելով քահանան յուր շալե փարաջի փեշերն ամփոփելով ծալապատիկ նստեց թախտի վրա։
Զարար (վնաս) չըկա, մեզ խետ էլ կուտես, ասաց տանուտերը և օղիի բաժակը լցնելով, առաջարկեց քահանային,
Բա՛, արաղ է՞լ ես տալի, էդ հո իշտահս (ախորժակ) մեկ էլ նորանց բաց կանի, էնչախը ո՞նց կանենք, ասաց քահանան ծիծաղելով։
Իմա՞լ պիտի անենք, ինչ որ աստված տվե, հմմեն հառեջդ դնենք կուտես։
Հալբաթ որ ըդենց ա. «եղիջիր դու զորավոր ուտել զբարութիւնս երկրի», ասել ա մարգարեն, կուտենք, բա ի՞նչ կանենք, սրախոսեց քահանան։ Ապա առնելով բաժակը, օրհնեց հյուրին, տանուտերին և բարեմաղթելով, որ վերջինի սեղանը լինի միշտ բաց ու առատ, դատարկեց օղին մի ումպով։
Տանուտերը նորեն լցրեց բաժակը և առաջարկեց Կամսարյանին։ Բայց սա հրաժարվեց խմելուց, առարկելով թե` օղի չէ գործածում։ Սակայն հրաժարվելու պատճառը ոչ թե այդ այլ օղիի կես կարմիր կես դեղին գույնն էր, որ Պետրոսի կարծիքով առաջացած պիտի լիներ շշի անմաքրությունից, կամ օղիի հնությունից։ Նույնիսկ եթե օղին նոր ու մաքուր լիներ, դարձյալ նա չէր կարող բերանը տանել այն բաժակը, որով իրենից առաջ մի ուրիշն էր խմել։ Հենց այս պատճառով էլ նա մի փոքր հետո հրաժարվեց նաև գինուց, որովհետև սեղանի վրա միայն մի գավաթ էր դրված։ Տանուտերը, իհարկե, այդպիսի նրբություններ չգիտեր։ «Բարի գալուստ» մաղթելով հյուրին և քահանայի օրհնությունն առնելով, նա տնկեց լցված օղին և ապա խնդրեց հյուրին վայելել աստուծո տվածը։
Քահանան առաջարկության չէր սպասում։ Նա արդեն լոշերից մինն առաջ քաշելով, սկսել էր յուր հարձակումը նախ պանրի ու սոխի և ապա ձուերի վրա. մինչդեռ Կամսարյանը դեռ նոր էր մտածում թե` ի՞նչ ուտե։ Ժամ առաջ տեսած սևակոլոլ պտուկները (որոնց մեջ կերակուրներ էին պատրաստվել) չէին հեռանում նրա աչքից։ Այդ պատճառով նա չուզեց ձեռք տալ հավին կամ բորանուն. ամենից վստահելին դարձյալ ձուաներն էին, որոնց պատյանը ազատ է պահում ներսը անմաքրությունից։ Երիտասարդն յուր ծոմը բացավ այդ ձուաներով։ Բայց որովհետև կերած երկու ձուն բավական չէին յուր քաղցը հագեցնելու, ուստի պետք եղավ նոր ընտրություն անել։ Այս անգամ վիճակն ընկավ մածնի վրա։ Սակայն ինչո՞վ ուտեր։ Մածնի մոտ, ճիշտ է, դրված էր մի փայտե գդալ, որը շատ գործածությունից սևացել, աբանոսի գույն էր առել։ Այդ գդալը նա յուր բերանը չէր տանիլ և եթե տաներ էլ, մյուսները ինչո՞վ ուտեին։
Դեռ այս վարանման մեջ էր նա, երբ քահանան բորանիի մի մասը յուր ամանը փոխադրելուց հետո, միևնույն գդալով առավ նաև բավականաչափ մածուն և սկսավ ուտել լոշի կտորներով` նախապես նրանց կորացնելով և գդալի ձև տալով։ Ուտելու այդ եղանակը դյուր եկավ Կամսարյանին և նա նույն ձևով էլ սկսավ վայելել մածունը։ Երիտասարդի ախորժակն հետզհետե բացվում էր կամ գուցե նրա հետ կատարվում էր այն, ինչ որ հայկական առածն է բնորոշում. «կկակղես` կուտես»։ Այժմ նա ցանկանում էր օգտվել նաև հավից, որի գիրությունից դեղնած տեսքը ցույց էր տալիս, որ շատ համով պիտի լինի։ Այս պատճառով նա նախ աշխատեց համոզել իրեն, թե սևակոլոլ պտուկը միայն դրսից կարող էր կեղտոտ լինել, բայց ոչ նաև ներսից. և հետո թե` եղած կեղտն անշուշտ ջրի մեջը կմնար և ոչ թե հավի ներսը կթափանցեր։ Հենց այս մտածության վրա տանուտերը պղնձե ափսեն մոտեցրեց հյուրին, երևի վերջինի` հավի վրա հառած հայացքից գուշակելով նրա ցանկությունը։
Հա՛, սրանից կարող եմ մի փոքր ուտել, բայց այստեղ... դանակ ու պատառաքաղ չկա, ասաց Պետրոսը ժպտալով ու սեղանի շուրջը նայելով։
Տանուտերը ձեռքը տարավ գրպանը և հանեց եղջյուրե սև կոթով տեղական դարբնի շինած մի դանակ։ Բայց քահանան ժամանակ չտվավ նրան։ Հավն շտապով յուր առաջը քաշելով նա սոթտեց թևերը։
Աղբեր, էս քաղաքացիք խի՞ ուտելու թահրը գիտում չեն։ Բա ըսենց դեղին լալի (սաթի) պես հավին էրկաթ կդիպցնե՞ն, ափսոս չի՞... հրես աստոծ դանակ էլ ա տվել մեզ, չանգալ էլ։ Այս ասելով նա ձեռքերով պատառ-պատառ արավ հավը և ափսեն մոտեցրեց հյուրին։ Բայց վերջինի համար նորեն ուտելու դժվարություն առաջացավ։ Քահանայի ձեռքերի արած ծառայությունը փակեց նրա ախորժակը, ուստի հավի ափսեն հեռացրեց իրենից։
Տանուտերն սկսավ թախանձել։ Իսկ քահանան զարմացավ, որ երիտասարդը մի փոքր առաջ ցանկություն հայտնեց ուտելու, իսկ այժմ հրաժարվում է։ Նրանք չէին գուշակում հրաժարման պատճառը, և եթե մինչև իսկ Պետրոսը բացատրեր, նրանք կզարմանային, որովհետև հավը դանակով ու պատառաքաղով կտրտելն ավելի անհաճո բան կհամարեին, քան թե ձեռքերով անդամատելը։
Վերջապես Կամսարյանը չկարողացավ տանուտերի խնդիրը մերժել, առավ հավի մի կտորը, հանեց նախապես վրայի մորթը, որին կարող էր քահանայի ձեռքը դիպած լինել և խտրելով կերավ։
Ես որ քե նման հաց ուտեի, հմի վաղուց մեռած կըլեի, նկատեց քահանան ժպտալով։
Ինչո՞ւ, հարցրեց Պետրոսը։
Բա ըտե՞նց հաց կուտե՞ն. էդ հու ծտի նման ես ուտում։
Ուտում եմ այնքան, որքան կարողանում եմ։
Կարողանալին ո՞ւր ես մտիկ տալի, զոռով պտի ուտես։ Ամեն բան վարջիս (սովորություն) ա, թե վարջիս կանես, էն ա շատ կուտես, թե չէ, հալբաթ կերածդ ծտի փայ կըլի։
Իսկ շատ ուտելն ի՞նչ օգուտ ունի։
Ո՞նց թե ինչ օգուտ. բա աստոծ մեզ ընչի՞ հմար ա ստեղծել։
Չգիտեմ, միթե՞ միայն ուտելու համար։
Բա ընչի՞...
Պետրոսը ծիծաղեց։
Խի՞ ես ծիծաղըմ, դե ասա տենեմ էլ ուրիշ ընչի հմար ա ստեղծել։
Կարծեմ ապրելու և գործելու համար։
Հեր օրհնած, բա ապրելու յա գործելու հմար չըպտի՞ ուտես, սոված փորով գործիլ կըլի՞։
Պետք է ուտել, այո՛, բայց չափավոր։ Ով որ շատ է ուտում, նա չի կարող շատ գործել։
Յանղլիշ ես (սխալվում ես), ով որ շատ ա ուտըմ, նա էլ շատ գործ ա շինըմ։ Ա՛յ, քեզ օրինակ Էշը, ձին, եզը, նրանք որ շատ չուտեն, կարա՞ն բան անել։ Յա չէ հրես ես։ Օրը իրեք անգամ որ լավ, բաբաթ չուտեմ, կարա՞մ էսղադա բան շիներ էսօր ըռավոտ ե՞փ եմ վե կացել հա՛, ծեգը հլա ծեգած ոչ, մտել եմ ժամն ասել. եդո գնացել եմ հանդը` իրեք սել խորսն (խուրձ) հվաքել բիրել տուն, եդո տիրակինի կտրած աթարը դարսել, հրեն սար եմ շինել, հմի էլ որ ըստեղ եկած չըլինի, մի ուրիշ բան կանի։ Համա դե, ասենք, ըսել լավ դառավ. չուն եկանք, համ քե ծանոթվեցինք, համ էլ տանուտերի սեղանը պատվեցինք։
Իսկ դուք շատ ուտելուց չե՞ք հիվանդանում, ժպտալով հարցրեց Կամսարյանը, որ ըստ երևույթին ցանկանում էր քահանայի զրուցից յուր գործին պիտանի տեղեկություններ քաղել։
Բա խի՞ եմ հիվընդանում, քիչ որ ուտեմ, էն չախը կհիվնդանամ...
Այդ միջոցին Սալբին եկավ սեղանը հավաքելու, որովհետև ճաշը վերջացել էր։
Տեր-հայրը, որ սկզբում մոռացել էր սեղանն օրհնել, այս անգամ արդեն հիշեց յուր պարտքը և խոսքն ընդհատելով` «լիութիւն սեղանոյս անհատ և աննւազ արասցե»... աղոթքը կցեց և ապա «Հայր մերն» ասելով` ետ քաշվեցավ։
Երիտասարդը շնորհակալություն հայտնեց տանուտերին յուր հյուրասիրության համար, իսկ վերջինս համեստությամբ հարեց.
Ավել պակասը բաշխես, աղա, գեղի տուն ա. հմմեն վախտ ազիզ (թանկագին) ղոնաղի արժան բան չըճարվիր։
Այդպես մի՛ ասեք, խնդրեմ, շատ շնորհակալ եմ, ընդհատեց Պետրոսը։
Իսկ քահանան, որ չէր սիրում ճաշելուց հետո իսկույն հեռանալ, որպեսզի ստամոքսին ժամանակ տա յուր մարսողական գործողությունն սկսելու, կցեց ընդհատված խոսակցությունը, որի նյութն, յուր կարծիքով, պետք է հետաքրքրում լիներ Կամսարյանին։
Ասըմ ես շատ ուտելուց հիվընդանում չե՞ս... էս ա վաթսուն տարեկան մարդ եմ, սատանի անգաջը խուլ, հլա մի տեղս ցաված չի։ Ղորթ ա, ջանով չաղ (գեր) չեմ, համա ոսկորս ընենց ղայիմ (ամուր) ա, որ ձեռս էրկաթ տաս, միջից կծալեմ։ Էս դիփ նրանից ա, որ լավ ուտում եմ։ Հրես, տանուտերն էլ գիտում ա, թե որ ուզեմ, երկու ղազան (պղինձ) կերակուրը մի նափասըմը (շնչումը) կուտեմ։ Անգաջը կանչի Սոլոմոն սարկավագին։ Մի օր Սևանա վանքումը նստած ենք, էլի ըսենց ուտելի վրա խոսք վեր եկավ։ Սոլոմոնն ինձ հարցրեց թե` «ա՛յ էրեց, քանի՞ իշխան (իշխանաձուկ) կարաս մին հետանց (միանգամից) ուտել»։ Ասի` սարկավագ, հինգը կուտեմ։ Ասավ` կարալ չես։ Ասի` մարջ (գրազ) գանք, ասավ` գանք։
Մարջ եկանք էն պայմանով, թե որ ես հինգ իշխան ուտեմ, հո ուտեմ, ինձ հալալ, թե չէ, մին արծաթի բռնոթաման առնեմ տամ իրան։ Իմ բախտից էդ օրն էլ Ելենովկի ղոլիցը (կողմից) խի՛ բոլ (առատ) իշխան ին ղրկել վանքի հմար։ Ամա ի՛նչ իշխան, էն ղաչաղ (մաքսանենգ) իշխաններից չմանաս է՛, որ Թիֆլիս տեսել ես, էն որ մինը ըսկի էրկու գրվանքա գալիս չի. սրանց մինը` չորս, յա հինգ գրվանքա կըլեր։ Հենա սարկավագը հինգ մենծ մենծը ջոկեց, տվավ աշչուն (խոհարարին), ասավ. ադա, էս դիփ կտանես մենծ ղազանումը կխաշես, եդո սինումը (սկուտեղ) կդարսես կբերես։ Ասավ` «աչքիս վրան»։ Բլբյուլյանց վանահայրն էլ, աստոծ կարգի, պատարագի պահի, խի՛ լավ մարդ ա, ասեց. «ադա, աղը տեղն արա, անալի չըլի, թե չէ տերտերի Փորը կցավի»։ Ասեց «ըդենց կանեմ, հայր սուրբ»։ Էն ա ըսկի մի սահաթ չըքաշեց, տենեմ ղոչաղ աշչին հինգ իշխանն էփած, սինումը դարսած, տաք-տաք, շալքը (գոլորշին) բանցրանալեն բերավ գրավ առաջս, հետն էլ չորս լավ փափուկ հացեր։ Օրը ըսենց լավ օր էր, մենք էլ հայաթումը (բակում) ծառերի տակին, կանաչկոտումը նստոտած։ Միաբաններն էլ դիփ հվաքվել են գլխիս որ տենան թե հինգ իշխանը ո՛նց պտի ուտեմ։ Էն ա, հենց որ աշչին սինին դրավ առաջս, Էրեսիս խըչըհանեցի, ու «աստուած իմ, ի քեզ յուսացա, մի՛ ամաչեցից, և մի՛ ծիծաղեսցին զինև թշնամիք իմ»... ասեցի հու կցեցի ուտիլը... Մինը կերա, Էրկուսը կերա, իրեքը կերա, չորսնջինումը ուզեցի նափաս (շունչ) քաշեմ։ Քուրդ Գրիգոր վարդապետը ասավ` «ա՛յ տղա, բանդ բուրդ ա րևում», ասի չէ, հայր սուրբ, յանղլիշ ես։ Իգնատիոս վարդապետն էլ, որ հլա էն վախտը սաղ էր, ասավ. «ա՛յ էրեց, ընենց արա՛, որ ղազախեցուց էրեսը սև չթողաս»։ Ասի` արխային կաց, հայր սուրբ, էրկու էսքան էլ որ
ըլի, կուտեմ, միայն թե կարաք մի քիչ գինի հասցրեք ինձ։ Ասավ` «էս սհաթին»։ Էն ա լուսահոգին կանչեց տոքրավորին, ասեց. «ադա՛, գնա իմ դուլաբումը (պահարան) պստի կուլի (դորակ) մեջ գինի կա, բեր»։ Փոքրավորը վազ տվավ, բերավ։ Էդ աղբաթխեր գինին գլխիս քաշեցի թե չէ, մին էլ տենամ, ինչ որ կերել չի՞, քշեց տարավ, ընենց որ ասես ըսկի բան չեմ կերել։ Ասի` Սոլոմոն սարկավագ, էս էրկուսն էլ ուտիլու եմ, համա սրանե բան չի լիլ. մի իրեքն էլ խաշիլ տու բեր։ Տենեմ սարկավագիս ռանգ ըռուշը գնաց։
Էդ հլա կեր, խաշիլը հեշտ ա, ասավ։