Мкртич Армен
Հեղնար աղբյուր
Գլուխ երրորդ
Գլուխ երրորդ
1
Իբրահիմի ղայֆախանան սովորականի պես լիքն էր մարդկանցով և unվորականի պես լուռ։ Ովքեր ծեր էին և միշտ տանն էին, ովքեր տկարության կամ այլ պատճառով այդ օրը նոլյնպես շուկա չէին գնացել, օրվա այդ վաղ ժամին գտնվում էին ղայֆախանայում։ Ընդհանուր լռության մեջ լսվում էին միայն նարդիների փուլերի չխկոցները և լվացվող բաժակների զնգզնգոցը։
Իբրահիմը կանգնել էր վաճառասեղանի ետևում։ Վաճառասեղանի վրա շարված էին վեց֊յոթ նարգիլե՝ տարբեր չափի ու ձևի, իսկ մի ծայրում փաթաթված դրված էին նամազլըղ փոքրիկ գորգեր և շարված էին նամազի մի քանի կոնքեր ու գյուգյումներ։ Իբրահիմի ետևում պատից կախված էին պղնձե զրահներ և պողպատե թրեր։ Կողքի պատերի վրա խփված էին շատ հին և շատ-թանկարժեք երկու գորգեր։
Փողոցի պատն ամբողջովին՝ ապակեպատ դուռն էր և ընդարձակ լուսամուտը։ Դռան վերևում կախված էին դափ, թառ և քյամանչա նվագարաններ։ Դափը կախված էր մաշկով դեպի պատը։ Երբ ներս մտնողը դուռն ամուր էր ծածկում, դափի փուլերն օրորվում էին և հազիվ լսելի զնգզնգում։
Ուրբաթ օրերն Իբրահիմն ավելի ուշ էր փակում ղայֆախանան։ Ուրբաթ երեկոներին այնտեղ թառ֊քյամանչայի վրա նվագում էին Գյումրու հռչակավոր երգերն ու եղանակները։ Խմիչք իհարկե չէր լինում, որովհետև կրոնն արգելում էր թուրքերին՝ խմել և նրանք չէին խմում հրապարակորեն։ Նվագը նրանք լսում էին լուրջ ու մտասևեռ։ Յուրաքանչյուր րոպե կամացուկ ներս էին մտնում նորանոր մարդիկ։
Իսկ այժմ, սովորական օրվա առավոտյան, Ժամանակն անցնում էր դանդաղ, և այլևս ոչ ոք ներս չէր մտնում։ Սակայն, երբ կեսօր եղավ և փողոցում դիմացի պատը ողողվեց արևի պայծառ լույսով, դուռը բացվեց և ներս մտավ մոլլան։ Նա շտապ և անցողակի պատասխանեց բոլոր բարևներին, արագ գնաց խորքը և նստեց անկյունում՝ դատարկ սեղանի մոտ։ Նա մոռացավ հանել իր բաբուջները, որոնք հատակի գորգի վրա թողեցին փոշու նկատելի հետքեր։ Այդ նշանակում էր, որ մոլլան հուզված էր արտասովոր հուզումով, որպիսին չէր պատահել նրա հետ վաղուց ի վեր։
Նստելով աթոռին, նա մի ոտքը գցեց մյուսի վրա և անհանգիստ սկսեց շարժել կախ ոտքի թաթը։ Նրա փափուկ երեսով և նույնպիսի տակով ոտնամանները՝ մասերը, կիտրոնի կեղևի նման դեղին և խորդուբորդ, այնքան պիրկ էին հագնվել ոտքերի վրա և ոտքերի ձևն ընդունել, որ թվում էր, թե մոլլան նստել էր կոճերից հետ բոբիկ, հինայով ներկված թաթերով ու ներբաններով։ Մոլլայի բաբուջը՝ մասի վրա հագնվող ոտնամանը, որն իրենից ներկայացնում էր հաստ ներբան՝ միայն քթի ամենածայրում երեսի փոքրիկ կաշվով, այժմ կախվել էր նրա մատներից։ Մի քիչ ժամանակ ճոճելով բաբուջն այդպես, մոլլան վեր կացավ և հուզված քայլեց՝ ձեռքից կախած համրիչն արագ-արագ քաշելով։ Յուրաքանչյուր քայլափոխին բաբուջների ներբանները չրմփալով ապտակում էին նրա մաս-ոտնամանների մեկ մի կրունկին, մեկ մյուսին։
Իբրահիմը մոտեցավ մոլլային․
― Մե տեսակմ ես, մոլլա։
Թեև ամառ էր, բայց մոլլան իր ուսերի վրա շալ էր գցել։ Նա կանգ առավ, ձգեց շալի ծայրը, բայց ոչինչ չասաց։ Բարձրահասակ ու նիհար, նա նայեց ներքև՝ դեպի Իբրահիմի հարցական հայացքը։
― Հը՞,― պնդեց ղայֆաչին։
― Մե չայըմ բե, ասաց մոլլան և վերադարձավ իր տեղը՝ անկյունում։
Իբրահիմը լցրեց թեյը և տարավ։ Չնայած, որ նա շատ էր հետաքրքրվում մոլլայի անհանգստությամբ և շտապում էր պատճառն իմանալ, բայց դարձյալ չմոռացավ թեյը լցնել դանդաղ, զգույշ, իրեն հատուկ վարպետությամբ․ նախ բաժակի կեսից մի քիչ ավելին լցրեց ջուրը, ապա գույնը՝ այնքան ճարտար, որ այն մնաց ջրի երեսին՝ առանց խառնվելու ջրի հետ։
― Նստի՛, շշնջաց մոլլան, երբ Իբրահիմը բաժակը դրեց նրա սեղանին և ձևացրեց, թե ուզում է հեռանալ։ Նստի ու լսե։ Էն վո՞վ է ինտեղ հաջի Քյարի՞մն է։ Հաջի Քյարի՛մ․․․
Սպիտակահեր, բայց առույգ մի ծերունի մոտեցավ մոլլայի սեղանին և նույնպես նստեց։
― Հաբիբեն․․․
Մոլլան մի վայրկյան ընդմիջում տվեց և նայեց իր սեղանակիցներին։ Նրանք ծայր աստիճան լարվեցին։
― Հաբիբեն սիրական ունի․․․
Ի՞նչ․․․․― բացականչեց հաջին։
― Սո՛ւս․․․ զգուշացրեց Իբրահիմը, բայց արդեն մի քանի սեղանների մոտ ընդհատվեցին նարդու փուլերի չխկոցները և մի քանի հասակավոր մարդիկ, վեր կենալով տեղերից, մոտեցան մոլլայի սեղանին։
Աթոռքներդ մոտ քաշեք, նստեք, ասաց մոլլան նրանց։
― Հաբիբեն սիրական ունի, մռնչաց հաջին՝ պատասխանելով հավաքվածների հարցական հայացքներին։
― Սիրակա՞ն, հարցրեց մարդկանցից մեկը՝ գործնական ու հանգիստ, և սկսեց ծխախոտ փաթաթել։ Լավ չէ։ Մեր բոլորի անունը կսևցնե։
Սըպանել է հարկավոր, վրդովվեց տաքարյուն հաջին։ Մեննակ սըպանելը քիչ է, խայտառակ էնել է հարկավոր․․․
Ամմենեն լավն էն կէղնի, օր քյաբինենք իրար հետ, վերջանա էրթա, ոչ լուրջ առաջարկեց նույն գործնական մարդը և ծխախոտ վառեց։
― Ուրտից օր էկել է, թող ինտեղ էլ էրթա, ատամների արանքից բաց թողեց Իբրահիմը։ Վռնդենք Հաբիբեին։ Մենք մեր ձեռքերն արունքի մեջ չենք թաթխե․․․
Հանկարծ, համարյա միանգամից, բոլորը մտածեցին այն մասին, թե ո՞վ է վայելում այդ չքնաղ կնոջը, որի աչքերի մասին հրաշքներ էին պատմում։ Իրենց թաղամասի ո՞ր տղամարդուն է վիճակվել այդ երջանկությունը։ Եվ համարյա նույնպես միանգամից, բոլորը դիմեցին մոլլային․
― Իսկ վո՞վ է սիրականը․․․
Մոլլան սառած թեյը հրեց մի կողմ, համրիչը, որ ջղայնաբար քաշում էր մինչ այդ դրեց սեղանին և սկսեց խաղալ դրա հատերի հետ։ Մի քիչ հետո, գլուխը վեր առնելով, նա հայտնեց․
― Հաբիբեի սիրականը․․․
Մարդիկ այնպես նայեցին, կարծես ուզում էին դեռ կեսճանապարհին բռնել մոլլայի խոսքերը։
Հաբիբեի սիրականը հայ է։
Բարձրացավ աննկարագրելի աղմուկ։ Յուրաքանչյուրն այնպես զգաց, թե Հաբիբային խլեցին իրենից։
Կսըպանենք, մարգարեի միրուքը վկա․․․ Վո՞վ իրավունք ունի մեր կնկան։
Կսըպանենք, մարգարեի դրոշակը վկա․․․ Վո՞վ իրավունք ունի մեր ապրանքին։
Գեղի ouկոռը գեղի շանը պիտի հասնի․․․ Վո՞վ իրավունք ունի մեր օսկոռին։
― Ընչի՞ մեննակ սիրականը կսեք, ըպը կնի՞կը․․․
Փրփրակալած զայրույթն իր հոսանքի մեջ քարացավ մի պահ, ապա գլորվեց դեպի հակառակ կողմը՝ դեպի թրքուհին, որն այնքա՛ն գեղեցիկ էր, բայց և այնքա՛ն անմատչելի նրանց համար․․․
― Գառան պես կմորթենք․․․ Ի՞նչըղ թե հայի տղի հետ․․․
Կչոքեցնենք իրան մեղքի դռան առաջը, ճիտը կկտրենք․․․ հայի տղի հե՞տ․․․
Մատաղ կէնենք շարիաթին․․․ Քրիստոնի հե՞տ․․․
Ընդհանուր աղմուկի մեջ Իբրահիմը խոսեց հանդարտ ու կամացուկ, ուստի և նրա ձայնը լսելի դարձավ բոլորին․
Չեմ կրնա ավատա․․․ Ո՞ր հայն էդքան աննամուս կէղնի․․․ Ախպոր պես հալալ կապրեինք իրար հետ, իրար չոռ չէինք ըսե։ Հմը էնոնք մեր աղջըկա՞ն․․․
Աղմուկն իջավ։ Մոլլան նորից հաստատեց իր խոսքերը։
― Ինչ էլ օր էղնի, ասաց Իբրահիմը, սըպանելը լավ չէ։ Ուրտից օր էկել է՝ թող ինտեղ էլ էրթա։ Մեզի էդ տեսակ թուրք կնիկ հարկավոր չէ։ Իսկ տղի գործը մենք տանք հայերու վենձ մարդոց, թող էնոնք թքեն էնոր երեսին․․․ Ի՞նչ կսես, մոլլա․․․
Մոլլան ափի մեջ հավաքեց իր ցանցառ, կարճ մորուքը և սկսեց մտածել։
Ըպը ի՞նչըղ իմացար, մոլլա, հարցրեց հաջին։
Սաֆարի էրեխեքն էին տեսե հայի տղին՝ Հաբիբեի տունը մտնելու վախտը․․․
Տիրեց լռություն։ Գործնական մարդը ծխափողը թխկթխկացնելով սեղանի ծայրին, ծխախոտի մնացորդը մաքրեց դրա միջից և խորհուրդ տվեց․
Մե բանըմ մտածեք։ Իրիկունը մեր տղամարդիկ բազարից տուն կուգան, Հաբիբեին կսըպանեն։ Կամ մենք սըպանենք, կամ էդոր առաջն առնենք․․․
Նա այնպես գործնական և հանգիստ էր խոսում, որ թվում էր, թե կատակ էր անում։ Սակայն նրա խոսքերը բոլորի ուշադրությունն ուղղեցին դեպի նրա հիշեցրած վտանգը։ Այո, տուն կգան տղամարդիկ և առանց երկար մտածելու, արյուն կթափեն․․․ Ու մինչդեռ նրանք մտածում էին, նա նորից առաջարկեց․
― Կնկան վռնդենք, իսկ տղին ծեծենք։ Իբրահիմ, հաջի Քյարիմի գավազանը տու ընձի․․․
― Տղին ծեծենք, համաձայնվեցին մի քանիսը, հմը կնկան․․․
Նրանց սրտերը, ովքեր դեռ ծեր չէին, սեղմվեցին խանդից։ Անհայտ հեռուներից իրենց թաղամասն էր եկել անծանոթ մի գեղեցկուհի, սեր էր արել կողմնակի մի մարդու հետ և այժմ պետք է հեռանար նորից․․․
Մեկը տեսել էր նրա աչքերը, մյուսը՝ ճակատը, երրորդը՝ նուրբ ձեռքը՝ չադրայի եզրերը բռնած։ Երբեմն քամին բարձրացրել էր չադրայի և շրջազգեստի փեշը՝ ցուցադրելով նրա չքնաղ սրունքները, երբեմն քամին չադրան ու շրջազգեստը պիրկ փակցրել էր նրա մարմնին՝ քանդակելով նրա գեղեցիկ մարմնաձևերը․․․ Իսկ հետո, սուրճի մանրիկ գավաթների վրա գլուխները կախած, նրանք երկար պատմել էին նրա մասին, նկարագրել նրան, և բոլորի մտապատկերներում ամբողջացել էր Հաբիբան իր սպիտակ ճակատով ու սև աչքերով, նուրբ ձեռքերով ու սլացիկ սրունքներով, մոտիկ, բայց անմատչելի․․․
― Շարիաթը․․․
Բոլորն սթափվեցին։
― Շարիաթը, կրկնեց մոլլան, գեշ բան կպահանջե, հավատացյալներ․․․ Հմը ես ձեզնեն էդ գեշը չեմ ուզե։ Էկեք կակուղսիրտ էղնինք ու թող ալլահն ընձի պատժե իմ թուլ բնավորութանըս հմար․․․ Կնկան վռնդենք, իսկ տղին ծեծենք․․․ Ես իմ վենձ կնկաս էսօր կղրկեմ Հաբիբեի քովը․․․
Հաջին և մյուս բոլոր հասակավորները համաձայնությամբ գլխով արեցին՝ թե իրենց կողմից և թե բացակայողների․․․
2
Ցերեկվա պայծառ անդորրը տարածվել էր բոստանների վրա։ Ամեն ինչ անշարժ քարացել էր այնտեղ, բայց դա շոգի թմրություն չէր, այլ միջօրեի խաղաղություն։ Արևը լճացել էր բոստանների վրա, դաշտերի վրա հորիզոնից՝ հորիզոն։ Խոշոր, մուգ բծերով երևում էին ծառերի շարքերը մարգերի եզրերին և հոլիկների շուրջը։ Շոգն ու հովն ապրում էին կողքեկողքի։ Հովացնող քամին անցնելով երբեմնակի, հանդիսավոր ու ծանր խշշացնում էր սաղարթները, որոնք հովհարում էին իրենց ստվերում հանգստացող մարդուն կամ կենդանուն։
Հոլիկի մոտ, ծառերի տակով, սահում էր վճիտ ջուրն իր արխի մեջ, սահում էր արագ, բայց բոլորովին լուռ։ Երբեմն միայն, ջրի մի կոհակ բարձրանալով մի փոքրիկ քարի վրա և իջնելով, ծկլթում էր կամացուկ, կարծես աղջիկ մտավ ջուրը լողանալու և դրա սառնությունից սրսփաց։
Ներքևից դեպի վերև՝ ուռիների ճյուղերին նայելիս, մարդու աչքերը շաղվում էին արևի մանր պատառների և տերևների մանր բազմության խառնուրդից։ Սաղարթների մեջ համատարած լսվում էր պիծակների համարյա անըմբռնելի, նուրբ պզզոցը։ Պիծակներն աննկատելի էին և պտտվում էին իրենց նման աննկատելի ծաղիկների շուրջը։ Նրանց պզզոցի հետ խառը՝ դեպի կանաչ գետինն էր իջնում այդ անհամար ծաղիկների սքանչելի բույրը՝ նույնքան նուրբ, նույնքան անըմբռնելի․․․
Հեռվում, որտեղ վերջանում էին բոստանները և փոքրիկ կույտերով թափթփված էին պսպղացող ապակու կտորտանքով լի աղբակույտեր, կանոնավոր ընդմիջումներով, միակերպ ու մտածկոտ, լսվում էր ինչ֊որ թռչունի ձայն՝ հո՛֊պո՛․․․ Լռություն՝ խոր և պայծառ․․․ Հո՛֊պո՛․․․ Ցերեկ․․․ Անշարժություն․․․ Հո՛֊պո՛․․․
Մարդիկ կարող էին ժամերով պառկել մեջքի վրա, ուռիների տակ, արխի մոտ, զգալ սաղարթների և ջրի թարմությունը, շնչել ճյուղերից իջնող քաղցր և խաղաղեցնող բույրը, լսել պիծակների պզզոցը, ջրի հանկարծակի ծկլթոցը և արևոտ հեռվից երբեմնակի եկող հանգիստ, խաղաղ, անմարմին ձայնը՝ հո՛֊պո՛․․․ Հետո լռություն և ապա նորից՝ հո՛֊պո՛․․․ Այդ ձայնից լռությունը չէր խախտվում, խաղաղությունը չէր վրդովվում, այլ յուրաքանչյուր կրկնությունից հետո դառնում էր ավելի խոր, ավելի լայնատարած․․․
Երբեմն, հեռվում, որևէ ծառուղիով, անցնում էր մի մարդ՝ բահն ուսին և ոտքերը ծնկներից հետ բաց։ Հո՛֊պո՛․․․ լսվում էր նույն րոպեին, և մարդը նույնպես թվում էր անմարմին և խաղաղ պատկեր․․․
Երբեմն, զբոսնելու ելած երկու աղջիկներ մտնում էին բոստաններից մեկը և քայլում էին ծառերի ստվերներով։ Նրանք հագած էին լինում մեղմ-վարդադույն եզրերով ու գոտիներով սպիտակ զգեստներ, նույնպիսի վարդագույն ու լայն եզրերով սպիտակ գլխարկներ։ Նրանց նուրբ զգեստներից բուրում էր մատաղահաս աղջիկների յուրահատուկ բույրը՝ անմեղությունը։ Իրենց անբիծ հագուստներով նրանք նմանվում էին խնձորենու ծաղիկների՝ նույնպիսի սպիտակ, նուրբ-վարդագույնով։ Նորից լսվում էր՝ հո՛֊պո՛, և աղջիկները նույնպես թվում էին անմարմին պատկեր․․․
Հեռվում, Երանոսի բոստանի դարպասի վրա, բացվեց դռնակը և ներս մտավ ուստա Մկրտիչը։ Թվաց, թե նա էլ էր անմարմին երազ, որ մարդ էր եղել և գոյություն էր ունեցել երբևէ, ապրել էր և աշխատել, ավարտել էր իր կյանքն ու մեռել իր հետ տանելով նաև իր աշխարհը, բայց այժմ վերակենդանացել էր նորից, միայն մի վայրկյանով, երևութականորեն, և այդ պատճառով ավելի հանդիսավոր էր և համրաքայլ։
3
Ուստա Մկրտիչը մոտեցավ հոլիկին։ Հեռու մարգերից մեկում Երանոսի միջնեկ եղբայր Գեղամը բահը խրեց հողի մեջ և շտապեց դեպի նա։ Հոլիկի ետևից նախ նայեց, ապա մոտեցավ Երանոսի կինը, որն այնտեղ զբաղված էր կանաչեղենի դաստաներ կապելով։
― Բարև, քուր։
Բարև, եխպայր։
Ուստան Երանոսի ընտանիքի հետ ծանոթացել էր դեռ բոստանչու թաղման օրը, ուստի և, նայելով աջ ու ձախ, հարցրեց,
Ըպը Մանանս ո՞ւր է․․․
Բարև, ուստա, ջան, ասաց Գեղամը՝ տեղ հասնելով։
Ասսու բարին, օղուլ։ Մանանս ո՞ւր է։
Քնած է, եխպայր, ասաց կինը՝ գլխով անելով դեպի արխի եզրերին շարված սաղարթախիտ ուռիները։ Ուստան աչքերով փնտրեց, նկատեց աղջկան և քայլերն ուղղեց դեպի նա։ Կինն ու Գեղամը հետևեցին ուստային։
Մանանը պառկել էր կանաչի վրա, նրա ծնկները թաղվել էին խիտ բուասծ սպիտակ մանր ծաղիկների մեջ։ Նա մի թևը դրել էր գլխի տակ, մյուսը երկարել էր կանաչի վրա՝ ձեռքում մի քանի ծաղիկներ պահած։ Նրա սև մազերը վերջանում էին խոշոր, կլորիկ խոպոպներով։ Մազերին կապված էր լան, պայծառ֊կարմիր ժապավեն։
Ուստան նայեց նրան սիրով ու գուրգուրանքով և ուզում էր կռանալ դեպի նա, երբ իր ետևում լսեց կնոջ հեծկլտոցը և արագ ետ շրջվեց։
Քո՞ւր․․․
― Որբ ու անտեր մնաց․․․
Ասպած օղորմած է, քուր, սազ մնան հորըխպըրտինքը, սաղ մնաս դուն։ Աշքերդ սրբե։
― Մի լա, հարս֊խանում ջան, գուրգուրեց Գեղամը՝ խելոք և մտածկոտ աչքերով։ Ախպերս էդ բանը չպիտի էներ, հմը․․․ Մի լա․․․
Ուստա Մկրտիչը թեքվեց դեպի գետին, վերցրեց այնտեղից աղջկան, գրկեց, տարավ դեպի հոլիկ։ Նստեց պատի տակ դրված թախտի վրա, ուշադիր նայեց դեռ քնած երեխային և համբուրեց ճակատը։
Վեցը թամմա՞վ։
― Ձմեռը թամմավ, եխպայր։
Մե խորուրդմ եմ էրե, ասաց ուստան՝ աղջկան գրկից բաց չթողնելով։ Դուն էլ լավ լսե, Գեղամ, հիմի դուն ես տան գլխավորը․․․
Կինը նստեց։ Գեղամը շարունակեց պատկառանքով կանգնած մնալ ուստայի առջև։
Ուստան մտածեց։ Հետո, երբ ուզում էր սկսել, հանկարծ փոխեց հանգամանորեն խոսելու իր մտադրությունը, նորից համբուրեց երեխային, հանձնեց մորը և ասաց․
Ծաղկի պես պահե հարսիս, քուր․․․
Կինը շառագունեց, արագ նայեց երեխային, ապա խանդաղատանքով և ամուր համբուրեց։ Երեխան արթնացավ, մազերը ետ տարավ ճակատից, ժպտաց, փորձեց հասկանալ, թե որտեղ է ինքը։
Գեղա՛մ, խիստ ձայնով դիմեց ուստան տղային, աղջկաս մազին դիպնող չէղնի։ Էնպես էրա, օր ծաղիկս դալար մնա․․․
Գեղամը մտածեց մեծավարի, ապա ի նշան համաձայնության գլուխը խոնարհելով, ասաց․
― Թող քու կամքդ էղնի, ուստա ջան։ Դուն էն տեսակ վենձ պատիվ կէնես մեզի, օր էլ մենք ի՞նչ կրնանք ըսե․․․
― Քո՞ւր․․․
Ուստան հարցական նայեց կնոջը։
Տեգրոջս խոսքն իմ օրենքս է, եխպայր։
― Սրտինդ ըսա, քուր։ Ցարն էլ է մեր օրենքը, հմը մեր սրտին օր հարցընե՞ս․․․
― Խոսք չկա բերանս, եխպայր, օր սրտիս ուրախութունն ըսեմ։ Դուն իմ որբիս հեր դառնալ կուզես․․․ Դուն իմ անբախտիս բախտ տալ կուզես․․․ Դուն իմ Մանանիս․․․
Եվ չկարողանալով զսպել ոչ տխրության, ոչ ուրախության արցունքներրը, նա նորից համբուրեց երեխային։
Լսելով իր անունը, երեխան ժպտաց և վար ցատկելով մոր գրկից, փախավ։ Ըստ երևույթին նա ամաչեց, որ երեք չափահաս մարդիկ զբաղված են իրենով։
Ուստան պայծառացած աչքերով նայեց նրա ետևից, ժպտաց իր բեղերի մեջ և գրպանից հանելով կես շիշ օղի, դիմեց Գեղամին․
Բաժակ բե։
Բայց և իսկույն ընդունեց ուրիշ որոշում․
― Կեցի, բաժակ հարկավոր չէ։ Գնա էրկու խիար քաղե․․․
Գեղամն արագ գնաց մտավ վարունգի մարգերը, քաղեց երկու վարունդ, վերադարձավ։
― Դանակ էլ բե․․․
Երբ Գեղամը մտավ հոլիկ, ուստայի դեմքը մի պահ ընդունեց խիստ արտահայտություն, և նա դիմեց Երանոսի կնոջը․
― Քուր․․․ Լավ գիտնաս, օր վենձ պատիվ կէնեմ ձեզի․․․ Իրան սըպանող մարդու ընտանիքի հետ բարեկամութուն էնելն օրինավոր բան չէ։ Օր ուրիշնեըն օրինակ առնին՝ ես եմ մեղավորը․․․
Գեղամը բերեց դանակը և տվեց ուստային։ Կինը ճչաց։ Գեղամը շփոթվեց և ձեռքն արագ մեկնեց դեպի ուստան․
Տու ուրիշը բերեմ․․․ Չնկատեցի, օր իսիկ էն դանակն է․․․
Ուստան ետ ծալեց նրա ձեռքը․
― Մի սխալվի, օղուլ։ Ասպած ինքն է քեզի ըսե, օր էս դանակը բերես։ Էդիկ չար դանակ էր, հմը իրան չարութունը դարտըկել է։ Հիմի էսոր մեջ մեննակ բարին է մնացե։ Ըսել է՝ մեզի բախտավորութուն պիտի բերե․․․ Միշտ քովդ պաե էս դանակը․․․
Վերցնելով վարունգներից մեկը, նա դանակով երկու կես արեց, փորեց միջուկը և դարձրեց բաժակներ։ Վերցրեց մյուս վարունգը, մի բաժակ ևս դրա կեսից պատրաստեց։ Օղին լցրեց դրանց մեջ, մեկն ինքը վերցրեց, մյուսները մեկնեց կնոջն ու Գեղամին․
― Մեր ուխտի կենացը․․․ Ասպած օղորմի Երանոսի մեղավոր հոգուն․․․ Տա ասպած, օր աշխըրքիս երեսին հեչ մե մարդըմ մեր ուխտը քանդել չկըրնընա։ Բարով վենձընան Մանանս ու Գալուստս, իրար հասնին, ուրախ ապրին, բախտավոր էղնին․․․
Ուստա Մկրտիչը մի ումպով դատարկեց օղին, ապա կերավ վարունգը։ Գեղամը նույնն արեց։ Կինը խմեց մի քիչ և արցունքներն աչքերից գլորելով, մնացած օդին թափեց դանակի վրա․
― Դուն էլ խմե, անգութ, աղջկադ նշանն է․․․
4
Ուստա Մկրտիչը կսմթեց բարդիների շարքի մոտ խաղացող Երանոսի փոքր եղբոր այտը և դարպասի դռնակից դուրս ելավ դեպի ճանապարհը։ Հազիվ էր ոտքը շեմքից դուրս դրել, երբ ցնցվեց և մեջքով կպավ պատին։
― Յա՛․․․ Է՞ս ինչ էր․․․
Նրա մոտով, առանց նրան նկատելու, արագաքայլ անցավ թրքուհին։ Ուստային թվաց, թե նա ճանաչեց քսան տարուց ի վեր իրեն այնքան ծանոթ Հեղնարի քայլվածքը։
Հահլաթ քեզի, սատանա, խո հարբած չե՞մ, համարյա շշնջաց ուսաան՝ նայելով նրա ետևից․ ոտնամաններն էլ՝ Հեղնարինը․․․
Նա ձեռքը շփեց ճակատին։ Լսել էր, որ երբեմն չար ոգին գեղեցիկ թրքուհու կերպարանք է առնում և իր սիրով խելագարեցնում է մարդկանց, բայց երբեք չէր հավատացել դրան։ Միայն Երանոսի մահից հետո մի քիչ կասկածել էր, որ բոստանչուն հանդիպած թրքուհին նույնպես չար օգի էր եղել։ Եվ չար ոգին, ինչպես ասում են, ջահել կանանց սնդուկներից գողանում է նրանց հագուստներն ու ոտնամանները, հագնում, ապա նորից դնում է տեղը․․․
Յա՛, կրկնեց ուստան, կրունկները, գույնը․․․ Թե՞ աշքերս խաբեցին․․․ Է՞ս ինչ էր․․․
Թրքուհին, որ շարունակում էր գնալ նույն արագ քայլերով, անհետացավ ճանապարհի ոլորի ետևում։ Ուստան սթափվեց, համոզվեց, որ դա տեսիլք էր, որը գերբնական ձևով անհետացավ։ Սակայն անմիջապես մտածեց, որ կինը պարզապես կարող էր ծածկված լինել ճանապարհի շրջադարձի ետևում, ուստի և արագ առաջ գնաց ստուգելու համար։
Մի քանի քայլ հետո թրքուհին նորից երևաց։ Չադրայի մեջ խուլ փաթաթված, նա շարունակում էր ճանապարհը։
Ուստան մտածեց շտապել, մոտենալ նրան և դիտել մոտիկից, բայց և իսկույն փոխեց մտադրությունը։ Այնուամենայնիվ թրքուհին կարող էր ոգի լինել, և նկատելով ուստային՝ անհետանալ։ Ուստի և, փոխանակ մոտենալու, ուստան շարունակեց հետևել հեռվից։ Հաճախ չէ, որ մարդ առիթ է ունենում ոգու հանդիպել։ Պետք է հետևել և տեսնել, թե նա ինչ նպատակով է հագել իր կնոջ ոտնամանները։ Բայց արդյո՞ք իր կնոջ․․․
Ուստա Մկրտիչը հիշեց, որ Հեղնարի այդ կիսակոշիկներից մեկի՝ ձախի տակը երկու տեղով ճաքել էր և ուստան պատվիրել էր Հեղնարին՝ այլևս դեն նետել այդ ոտնամանները։
Նա կռացավ, նայեց թրքուհու ոտնահետքերին։ Ձախ ներբանի տափակ հետքի վրա, փոշու մեջ, հազիվ նկատվում էին լայնքից գնացող երկու խազեր։
Տեր ասպած, ասաց ուստան՝ խաչակնքելով, և շափխան ետ հրեց դեպի ծոծրակը, ահան աշքովս կտեսնիմ հրաշքը, հմը էլի չեմ ավատա․․․ Չէղնի՞ էս բանը հրաշք չէ․․․
5
Թուրքական թաղամասի աղբյուրի ութանկյունի փոքրիկ շենքը՝ ծառերի տակ կանգնած, ամբողջովին գտնվում էր դրանց ստվերում։ Այդ նշանակում էր, որ ցերեկը հասել էր իր գագաթնակետին։ Արևի լույսից աշխարհն այնքան պայծառ էր աղբյուրի շուրջը, որ աղբյուրն իր վրա կախված ծառերի ստվերում թվում էր գիշերային տեսիլ՝ ամեն կողմից ցերեկով շրջապատված։ Ջուրը, որ անձայն և անշարժ կորագծով իջնում էր խողովակից դեպի գուռ, թվում էր արծաթափայլ կամար՝ նետված այս աշխարհից դեպի հողը։
Աղբյուրի շուրջը, նույնպես ստվերի մեջ, հավաքվել էին շատ աղջիկներ և կանայք, բայց նրանցից ոչ մեկը ջուր չէր լցնում, իսկ ով արդեն լցրել էր դեռ չէր հեռանում։ Բոլորն զբաղված էին ըստ երևույթին ծայր աստիճան հետաքրքիր ու կարևոր խոսակցությամբ։ Ջրի շիթի տակ դրված մի կուժ վաղուց ի վեր լցված էր, այժմ ջուրը, խշշալով հորդառատ, դրա կողերով թափվում էր վար։
― Սաֆարի էրեխեքը․․․ Ավիրակ փողոցի քովը․․․ Հետը թուրքերեն էին խոսե՝ չէր հասկըցե․․․ Փափախը դրել է խաբելու հմար․․․
Սև՞ փափախ, հարցրեց մեկը։
Սև։
― Գռո՞ւզ։
― Գռուզ։
― Ըսել է՝ ես էլ եմ տեսե էնոր, կնկտիք։
Մի այլ կին, որը մտածկոտ խաղում էր մատանու հետ, հանկարծ կարմրեց և դիմեց խոսողներին․
― Դուք է՞ն կըսեք, օր աչքեր ունի, ինչղ օր կրակ․․․
Էն։
― Տեսել եմ։ Մե անգամըմ մոտեցավ, ջուր ուզեց։ Երեսս ծածկեցի, փախա, էլ չիմացա, թե ուր գնաց։
― Ո՞ւր պիտի էրթար, հըլպըթ էն լրբի քովը, ասաց մի աղջիկ՝ խոշոր աչքերը բարկությամբ ոլորելով Հաբիբայի տան ուղղությամբ։
― Սե՜ր կէնեն, շրթունքներն ատելությամբ կծկելով, ասաց մի կին։― Լիրբը կպագե ջաելի աշքերը, ծոցը կառնե ջաելին․․․
Նրա աչքերը հանկարծ արցունքոտվեցին, նա լռեց և ծածկվեց չադրայով։
― Ընչի՞ սեր չէնեն, դառը ժպտաց մի ուրիշը։ Հարուստ, անդարդ․․․ Ի՞նչն է պակաս․․․ Ըպը տղեն ի՞նչ տղա է․․․
― Տղեն կմեռնի էնոր հմար․․․ Կա մարդ, օր քեզնեն ջուր կուզե, հմը գիտես, օր քեզի կուզե։ Հմը էնիկ օր ջուր ուզեց՝ մեննակ ծարվըցած էղնելու հմար էր։ Աշքովս տեսա, թե ինչըղ քրտընել էր լեն ճակատը, թոզոտել էին մազերը․․․
― Հըլպըթ օր կսիրե։ Ըպը խո չի՞ ծեծե։ Էդպես տղեն կնկա վրա ձեռք կբանձրցնե՞․․․
Երկար թերթերունքների տակ փայլատակում էին կանանց սև աչքերը։ Երբ նրանք շրջում էին հայացքներն աջ ու ձախ, նրանց աչքերի սպիտակուցները փաղփաղում էին ատելությամբ, նրանց այտերը վառվում էին շառագույն կարծես անդրադարձնելով ինչ֊որ հրդեհի բոցը։ Նրանց կրծքերը ելնում-իջնում էին կարծես զսպած հեկեկոցից։ Իսկ երբ նրանք խոսում էին, թվում էր, թե նրանց ձայնը դուրս էր գալիս թախիծով ու արցունքով լի խոր ջրհորից։ Ոմանք կանգնել էին երեսները չադրայով ծածկած, ձեռքերից մեկով ջրամանը բռնած, մյուսով՝ չադրան կրծքի վրա պահած, իսկ երեսների վրա քաշած չադրայի եզրերը սեղմել էին սպիտակ ու մանրիկ ատամների արանքում։ Եզրերի հետ միասին նրանք սեղմում, արյունոտելու չափ կծում էին նաև իրենց շրթունքները։ Տարօրինակ էր թվում, որ նրանց կազմած կիսաշրջանի մեջ ջուրը հոսում էր նույն խաղաղությամբ, կարծես չէր հոսում, և ուստա Մկրտչի անունը, գրված աղբյուրի ճակատին՝ երեք հին, բայց կենդանի լեզուներով, թվում էր նույնքան խաղաղ և հավիտենական․․․
Մոլլայի մեծ կինը, որը, իհարկե, երբեք չէր գալիս ջրի, այժմ նույնպես առանց ջրամանի էր կանգնել կանանց միջև, լուռ լսում էր խոսակցությունները և մերթ ընդ մերթ գլխի դրական շարժումներով հավանություն էր տալիս նրանց ասածներին։ Սակայն նա ուշադիր չէր լսում նրանց և շարունակ նայում էր դեպի փողոց։ Երբ այնտեղ երևաց Հեղնարը և արագ անցավ, մոլլայի մեծ կինը նշան արեց աղբյուրի մոտ գտնվողներին՝ ձայն չհանել, և շտապեց նրա ետևից։
Աղբյուրի մոտ բոլորը նայեցին իրար։
― Աշես ի՞նչ են մտածե մեր տղամարդիկ, շշնջաց մեկը։
― Կսըպանեն, ենթադրեց մյուսը։
― Թող սըպանեն,― տենդահար բոցավառվեցին մի զույգ աչքեր․ էնիկ շարիաթին հակառակ կապրի։ Ընչի՞ պիտի մեննակ էնիկ շարիաթին հակառակ ապրի․․․
6
Հաբիբայի տան փոքրիկ փողոցի անկյունում մոլլայի մեծ կինը հասավ Հեղնարին, կտրեց նրա առաջը, երկու ձեռքերով կոպիտ բաց արեց նրա երեսը․
Անամոթ․․․
Հեղնարը գունատվեց։
― Սիրակա՞ն ունիս, քա՛ծ։
― Ունիմ, բաջի, օր քեզնեն պաեմ, ալլահից ի՞նչըղ պաեմ, շշնջա Հեղնարը։
Ունի՞ս, հա՞․․․
Թրքուհին կատաղած սեղմեց բռունցքներն ու ատամները, և կարծես ներսից ստացած մի հարվածից՝ նետվեց դեպի ուստայի կինը․
― Հա՞յ է․․․
― Հայ է, բաջի․․․
Հեղնարը բռնեց սիրտը, որ թպրտում էր անհանգիստ և անկանոն։
Ըսել է՝ սուտ չէ՞, հա՞, անառակ։ Լա՛վ․․․
Նա կտրուկ ետ շրջվեց, բղավեց․
― Հե՛յ, աղջըկներ, կնկտիք, իստեղ էկեք, մե֊մե քար բերեք հետներդ, շուն կա սատկցընելու, շո՛ւտ․․․
Բաջի՛, սարսափից նվաղած ձայնով թույլ ճչաց Հեղնարը,― բաջի, սուս կեցի, ոտքդ պագեմ, ես հայ եմ․․․
― Ի՞նչ․․․
Մոլլայի մեծ կինը ետ֊ետ գնաց և ձեռքերը ետևը տանելով, չռված մատներով շոշափեց պատը՝ չընկնելու համար։
Հա՞յ ես․․․
Աղբյուրը հեռու էր և ոչ ոք չէր լսել մոլլայի կնոջ կանչը։ Հեղնարն այնպես էր գունատվել, որ թվում էր, թե պիտի ուշաթափվի։
Մոլլայի կինը, որ սառած աչքերով անթարթ նայում էր նրան, սկսեց շարժել շրթունքները։ Ըստ երևույթին նա խոսում էր, բայց ոչինչ չէր լսվում։ Այդպես անցավ մի քանի վայրկյան, մինչև որ նրա ձայնը դարձավ լսելի․
― Հայ․․․ Ո՜վ մարգարե․․․ Ի՞նչըղ չէինք նկատե․․․ Շեյթանը քեզի հետ․․․ Թուրքի անունո՞վ անառակութուն կէնես․․․ Քեզի ակռեքով կգզենք․․․ ակռեքով․․․
Եվ դանդաղ պոկվելով պատից, նա քայլեց ետ՝ տուն կամ ղայֆախանա, ինքն էլ չգիտենալով, թե ուր, անհավատալի լուրը տղամարդկանց տեղեկացնելու։
Հեղնարը շշմահար նայեց նրա ետևից և նրա առաջին միտքը եղավ՝ փախչել և այլևս չվերադառնալ։ Ապա նույն վայրկյանին նա սոսկումով հիշեց, որ քիչ հետո, գուցե մի րոպեից, գալու է իր սիրեցյալը և ընկնելու է գազազած մարդկանց ձեռքը։ Առավել ևս պետք էր շտապել, հանդիպել նրան ճանապարհին և ետ դարձնել․․․
Նա նետվեց դեպի ձախ կողմի ավերակ փողոցը։ Ինչպես միշտ, այնտեղ ոչ ոք չկար՝ բացի Սաֆարի երեխաներից, որ պատի տակ նստած, խաղում էին։ Տեսնելով Հեղնարին, նրանցից մեկն անփույթ վեր կացավ, դանդաղ գնաց մի քիչ տեղ, ապա վազեց։ Երեխաների աչքերի վատ թաքցրած արտահայտությունից Հեղնարը հասկացավ, որ նրանք իրեն էին հսկում և վազող երեխան անշուշտ գնաց մեծերին հաղորդելու իր մասին։
Հեղնարը նվաղեց, զգաց թակարդից դուրս գալու անհնարինությունը, և ենթարկվելով անխուսափելիին, հազիվ մի կերպ քայլեց դեպի Հաբիբայի տունը, մտավ ներս և դարպասը կամացուկ ծածկեց․․․
7
Հեղնարը հազիվ էր դարպասը ծածկել, երբ երևաց ուստա Մկրտիչը, որն շտապ մտավ փողոց և նայեց շուրջը։
― Բաջի՛․․․
Մոլլայի մեծ կինը, որ հեռանում էր արագաքայլ, ետ նայեց, ապա կանգ առավ։ Ուստան, քրտնած ու փոշոտ, մոտեցավ նրան․
Բարև, բաջի։
― Բարև, ուստա Մկրտիչ։
― Մե թուրքիմ կնիկ չանցա՞վ իստեղով․․․
Մոլլայի կինը մի վայրկյան ձայն չհանեց, ապա անթափանց չադրայի տակ ժպիտ ձևացնելով, հարցրեց․
― Թուրքի կնիկն ինչո՞ւդ է հարկավոր, ուստա․․․
Ուստան նոր միայն սթափվելով շտապմունքից և շփոթությունից, զգաց իր տված հարցի տարօրինակությունը։
Հարկավոր է, բաջի, այնուամենայնիվ պնդեց նա։
― Լավ, ինչո՞ւդ է հարկավոր, կրկնեց թրքուհին՝ թեթևակի բաց անելով երեսը։ Դուն՝ հայ, կնիկ՝ թուրք, դուն՝ կնկա-էրեխի տեր, էնիկ․․․
Այ բաջի, ճիգով ժպտաց ուստա Մկրտիչը՝ տիրապետելով ինքն իրեն, հայի ու թուրքի մեջ ախպոր ու քուրոջ գործ չի՞ պատահի։
― Ընչի՞ չէ։
Ըշտը էդպես մե գործովըմ կհարցնեմ։ Թուրքի կնիկ էր՝ կանանչ ոտնամաններով․․․
Ուստան, ծայր աստիճան անհանգիստ, ձեռքերը տարավ դեպի գոտին, բռնեց, քարացավ սպասողական։
― Էդ թուրքի կնիկն իրան տունը մտավ։ Ինքը մեննակ կապրի։ Դու մեննակ կնկա քով ի՞նչըղ էրթաս, ուստա․․․
Ավերակ փողոցի կողմից երևաց ոսկերիչ Վաղինակի տղա Վարոսը։ Տեսնելով ուստա Մկրտչին, նա ետ նետվեց և անհետացավ։ Ոչ ուստան, ոչ թրքուհին, չտեսան նրան։ Նրան տեսան միայն Սաֆարի երեխաները, որոնք նորից, այս անգամ բոլորը միասին, վազ տվեցին մեծերին հայտնելու հայի տղայի մասին, որը սակայն կորավ անհետ․․․
― Տե, օր էդ կնիկը մեննակ կապրի, դուն ինքդ էլ արի հետս, բաջի, առաջարկեց ուստան։
Նրանք մոտեցան Հաբիբայի տան դռանը։
― Ուստա, էնիկ հայ է, հայտնեց թրքուհին։
― Հա՞յ․․․
Փոխանակ պատասխանելու, մոլլայի մեծ կինը հանկարծ փոխվեց, արյունը խփեց նրա երեսին և նա սպառնալի շշնջաց․
Արի աշքովդ տես։ Ինքն անառակութուն կէնե, սիրական կպաե, հմը մեր անունը կխայտառակե․․․
Ուստան արագ քայլերով մտավ ներս։
8
Տասը տարի անխնամ մնացած պարտեզի վայրի մենավորությունը տեղի էր տվել պայծառ զվարթության։ Վարոսը կտրել էր բավական թվով ծառեր և կտրատել էր մնացածների քմ տհաճորեն աճած ավելորդ ճյուղե րը, մաքրել էր մարգերն ու մայթերը, ցան ել էր բազմագույն ծաղիկներ՝ բուրումնավետ և քնքուշ։ Այժմ պարտեղն իրոք որ պայծառ պարտեզ էր և ոչ խավար պուրակէ Արևն առատորեն թափվել էր ծառերի միջև, գետն ի ւ[բա։ Այժմ արևն էր այնտեղ տիրապետողր և ոչ թե ստվերր, որն առանձին պատառների բաժանված, կծկվել էր ծառերից յուրաքանչյուրի տակ։ Ստվերները, լինելով քիչ և արևի խոշոր բծերով շրջապատված, այժմ թվում էին ավելի մուգ, ավելի զով և հաճելի։ Ամենուր, որտեղ արևն էր թափվել, աճում էին բազմագույն և բազմատեսակ ծաղիկներ։ Դրանց հույլերի միջև անցնում էին կարմիր աղյուսափոշու շավիղներ։ Ավազանի շատրվանը խփում էր ավելի բարձր և ջրափոշին նստում էր տերևների ու ծաղիկների վրա։
Ուստա Մկրտիչը մի պահ կանգ առավ քարացած՝ կարծես վախենալով որևէ անզգույշ շարժումով կպչել պարտեզի քնքշությանը։ Դարպասի մոտից մինչև բնակարանի դուռը նա գնաց կամացուկ, համարյա ոտների ծայրերի վրա՝ քսվելով պատին և զգուշանալով նեղ մայթից ոտքը դնել ցած, որտեղ բուսել էին այնքան մանրիկ և անմեղ խոտեր․․․
Մտնելով նախասենյակ, ուստան բաց արեց երեք սպիտակ լուսամուտներ ունեցող սենյակի դուռը։ Այնտեղ ոչ ոք չկար։ Սենյակի խորքի մասն առջևի մասից բարձր էր երկու աստիճան և բաժանված էր վարագույրով։ Ուստան վարագույրը ետ տարավ և նայեց ներս։ Նույնպես ոչ ոք չկար։
Նա ելավ նախասենյակ։ Նշանակում է, չար ոգին, թրքուհին, հայուհին, կամ, տեր աստված, իր կին Հեղնարն այնտեղ է՝ մյուս սենյակում․․․
Ուստայի սիրտը դողաց, դողաց նաև ձեռքը, որով նա դռան ունկն էր բռնել։ Նա կամացուկ և համարյա անլսելի բաց արեց դուռը, մտավ ներս․․․
Հեղնարը՝ գունատ, նվաղած, ծունկ էր չոքել և կիսաբաց շրթունքներով աղոթք էր անում՝ անշուշտ իր սիրեցյալի անվտանգության համար։
Լսելով դռան ձայնը, նա նայեց այն կողմ և ցնցվեց։ Ըստ երևույթին նա չհավատաց իր աչքերին։ Նա վախեցավ ավելի շուտ իր վրդովված վիճակից և տենդոտ ուղեղից, քան դռան մոտ կանգնած կերպարանքից։
Հեղնա՞ր․․․ շշնջաց ուստա Մկրտիչը։
Մի վայրկյանում Հեղնարի դեմքն անասելի սպիտակեց, թվաց, թե այդ նրա աչքերն էին, որ անասելի սևացան։ Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, զգաց դրա տակ ուժգին և անկանոն թպրտացող, սիրտը,f և մինչև իսկ չկարողացավ ճչալ։ Նա ծկլթաց՝ ինչպես վճիտ ջուրը բոստանների արխում, և լռեց։ Ամեն ինչ վերջացավ։
9
Հաբիբայի ծանր ու անհյուրրնկալ դարպասը նորից փակվեց։ Թուրքական թաղամասում նորից համոզվեցին, որ անհետացած պառավի տան վրա անեծք կար ծանրացած։
Հեղնարի մահից անմիջապես հետո, երբ մոլլայի մեծ կնոջ միջոցով լուրը տարածվեց ամբողջ թաղամասում, բոլոր բնակիչները բահ ու քլունգներով զինված, անասելի գոռգոռոցներով հավաքվեցին Հաբիբայի տան առջև՝ հիմնահատակ կործանելու այն։ Ու մինչդեռ ուստա Մկրտչի դժբախտության լուրը սլացավ քաղաք՝ կայծակի արագությամբ և ուժգնությամբ տարածվելու այնտեղ, մոլլան, Իբրահիմը, Սաֆարը, հաջի Քյարիմը և թաղամասում գտնվող բոլոր մյուս տղամարդիկ սկսեցին քլունգի կատաղի հարվածներ տեղալ շենքի աղյուսե ճակատին։ Թվաց, թե հարվածների ձայներն անգամ հնչեցին արտասովոր մռայլությամբ։ Աղյուսներից բարձրացավ կարմիր փոշին և մշուշեց հավաքված բազմությանը՝ իր փայլող գործիքների հետ։
Առանց հաշիվ տալու, թե ինչու, կանայք վայնասուն բարձրացրին և սկսեցին պոկռտել իրենց մազերը, իսկ երեխաները գոռալով լաց եղան։ Տղամարդիկ հարվածները տեղում էին ավելի և ավելի մոլեգին, կարծես ոչ թե քանդում էին պատը, այլ ծեծում, ջարդուփշուր անում՝ այն գտնելով իբրև ամեն ինչի մեղավորը։
Համատարած իրարանցման մեջ հանկարծ բացվեց Հաբիբայի տան դարպասը, և շեմքի վրա երևաց ուստա Մկրտիչը՝ բարձրահասակ ու մտախոհ։ Շափխան դեպի ծոծրակը ետ հրած, ճակատի վրա քրտնքի մարգարիտներ, նա խաղաղ ու հանգիստ աչք ածեց շուրջը։
― Էս ի՞նչ գառնագոչում է, հարցրեց նա թուրքերեն։ Նեսը քնած մարդ կա․․․
Եվ նորից մտնելով շենք, ծածկեց դարպասի ծանր փեղկը։
Միանգամից տիրեց այնպիսի լռություն, որ թվաց, թե լսելի դարձավ կարմիր փոշու ձայնը, որն օդից նստում էր մարդկանց գլուխների, ուսերի վրա և գետնին։ Բահերն ու քլունգները մարդկանց ձեռքերում դարձան ավելորդ և մարդիկ նայեցին միմյանց՝ չգիտենալով ինչ անել։ Բոլորը կարծես միայն նոր վերհիշեցին, որ տան ներսում հավիտենական քնով քնել էր մի կին, որին խաղաղություն էր հարկավոր՝ ինչպես յուրաքանչյուր քնած մարդու։
Նույն րոպեին դարպասը նորից բացվեց և ուստան դուրս ելնելով, դիմեց մոլլային․
― Միրզալի, նես արի, դո՞ւ ընչի ես կայնե։ Հաջի Քյարիմ, Սաֆար, ձեզի հետ եմ․․․
Թաղամասի պատկառելի ծերունիները մոլլայի հետ միասին մտան շենք։
Ուստան դեռևս դարպասը չէր ծածկել, երբ անկյան ետևից լսվեց սմբակների ձայն, և սանձակոտոր ընթացքով փողոց մտավ մի կառք։ Հավաքվածները շուռ եկան։ Գլխաշորը վար առած, սպիտակ մազերն արձակ, չռված մատներով կարծես մազերը սանրելով, կառքում նստել էր ուստա Մկրտչի մայրը։
Նա շրթունքն ամուր սեղմել էր ատամների տակ և նվաղկոտ ձայնով հծծում էր՝ ո՜ւմմմ․․․ ո՜ւմմմ․․․
Ինչպե՜ս էր այդքան արագ և ամենից առաջ լուրը հասել նրան՝ քաղաքի մի ծայրից մյուս ծայրը․․․
Ուստան նետվեց ընդառաջ։ Օգնելով մորը՝ վար իջնել կառքից, նա միջոց գտավ շշնջալու․
― Զուր կողբաս, մեր, էնիկ քու ողբիդ չաժե․․․
Մայրն ապշությունից չռած աչքերով հարցական նայեց որդուն։
― Էրթանք՝ նեսը կըսեմ, ասաց ուստան։
Դրանից անմիջապես հետո սկսվեց այդ օրվա մեծագույն տագնապը։ Միանգամից լսվեցին արշավող բազմաթիվ կառքերի հնչյուններ, վազող մարդկանց ոտնաձայներ, և փողոց լցվեցին մեծ թվով մարդիկ։ Նրանք մոտեցան հավաքվածներին, սկսեցին տեղալ շփոթված հարցեր։
Փոքրիկ փողոցը հեղեղվեց մարդկանցով և կառքերով։ Քիչ հետո մարդկանցով և կառքերով լցվեցին նաև շրջակա փողոցները։ Աղմուկը խլացրեց ամեն ինչ։ Մարդիկ աշխատում էին առաջ անցնել իրարից, մոտենալ տանը, իմանալ, տեսնել, թե ինչ էր պատահել ուստա Մկրտչին։ Թուրքական թաղամասի յուրաքանչյուր բնակիչ շրջապատվեց բազմաթիվ մարդկանցով, որոնք անընդհատ հարցեր էին տեղում։ Բայց թուրքերին ևս շատ բան հայտնի չէր։ Ամենաէականը, սակայն, գիտեին բոլորը․ ուստայի կին Հեղնարը մի հայ սիրեկան էր ունեցել, որի հետ հանդիպելիս էր եղել Հաբիբայի տանը։ Ուստան բռնել էր Հեղնարին, և Հեղնարի սիրտը ճաքել էր․․․
Իսկ թե ինչ կերպ էր ուստան բացել դավաճանությունը և ով էր կնոջ սիրեկանը՝ ոչ ոք չգիտեր։ Միայն մի թուրք՝ մսագործ Կուլին, որն այդ օրը շուկա չէր գնացել և տանն էր, պատմում էր, թե ինչպես մի ժամ առաջ Սաֆարի մի երեխան վազել էր իր մոտ և հաղորդել Հեղնարի փախչել պատրաստվելու մասին, ապա եկել էին մյուս երեխաները՝ հայտնելու հայ տղայի գալու մասին։ Բայց մինչև թաղամասի տղամարդկանց վրա հասնելը, հայի տղան արդեն փախել էր, իսկ Հեղնարը՝ հանգչել։
Ազդեցիկ մարդիկ՝ թե հայերից, թե հույներից, վերջապես կարողացան մոտենալ դարպասին։ Մոտեցան նաև ուստա Մկրտչի ընկերները, բարեկամները, Հեղնարի այլայլված և ամոթահար ազգականները։ Երբ մարդկանցից մեկը հրեց դարպասը, դուրս եկավ, որ այն փակ էր։ Մտածելով մի վայրկյան, նա բարձրացրեց երկաթե թակը և խփեց։ Հավաքվածներին ցնցեցին թակի մռայլ ու խուլ հնչյունները։
Դարպասը բացվեց, դուրս եկավ ուստայի մայրը։ Նա միանգամայն հանգիստ էր, սովորականի նման գլխաշորը գլխին գցած։ Միայն նրա շրթունքներն էին ամուր սեղմված և դեմքր սովորականից մի քիչ ավելի խիստ էր։ Նա նայեց հավաքվածների իսկույն լռած ամբոխին և ասաց․
― Ետ դարցեք, օղուլ, ձեր ոտներն էլ են ափսոս, ձիաններունն էլ․․․
Ապա հաստատուն քայլերով նորից մտավ ներս և դարպասը փակեց։
10
Հեղնարը պառկած էր հատակին, գորգի վրա։ Նրա վրա գցել էին պատից պոկած մի այլ գորգ, որը ծածկել էր նրան ամբողջովին՝ բաց թողնելով միայն սև մազերով շրջանակված դեմքը և կանաչ կիսակոշիկները։ Նրա դեմքը գունատ էր, սպիտակ, և թվում էր, թե նա քնած է։
Նրա կողքերին ծալապատիկ նստել էին ուստա Մկրտիչը, մոլլան, հաջի Քյարիմը, Սաֆարը, ուստայի մայրն ու մոլլայի կինը։ Իբրահիմը կանգնել էր դռան մոտ՝ շվար, ձեռքերը կախ գցած և մտածում էր։ Լուսամուտի խայտաբղետ ապակիներից անիրական լույսն ընկել էր հավաքվածների անշարժ և անձայն կերպարանքների վրա։ Արտաքին աշխարհից ոչ մի ձայն ներս չէր թափանցում և հայտնի չէր՝ դեռ աղմկո՞ւմ էին այնտեղ, թե լռել էին։
― Մեղքը մերն է․․․ լռության նման հանդարտ՝ վերջապես լսվեց մոլլայի ձայնը։ Հաբիբեի տունը մենք շուտուց պիտի քանդած էղնեինք․․․
Կքանդենք․․․― փակ ատամների արանքից զուսպ մռմռաց հաջին, բաջու դիակը տարան թե չէ՝ հիմնահատակ կէնենք․․․
Խոսքերից հետո վերահաստատված լռության մեջ ուստան բարձրացրեց գլուխը, նայեց նստածներին և ասաց խաղաղաձայն․
― Մե խորուրդմ էրեցի․․․ Կուզեմ էս մեղավոր կնկան թաղել իրան մեղքի տան մեջը․․․
Եվ նորից խոնարհեց գլուխը։
Մոլլան ու հաջին նայեցին իրար։
Էս տունը քանդոցի տակ է, ասաց մոլլայի մեծ կինը՝ առանց նայելու ուստային, որովհետև նրա աչքերի մեջ փայլատակում էին բարկության կրակները և նրան թվում էր, թե չադրայի տակից անգամ, դրանք կհասնեն ուստային և կվիրավորեն։
Խուլ, կարծես հավիտենության միջից, լսվեց դարպասի թակոցը։
Իբրահիմը ելավ դուրս։
Քիչ հետո ներս մտավ քաղաքի ավագ եկեղեցու ավագ քահանան՝ ավագ տիրացուի հետ, որի թևի տակ շուրջառ կար և աղոթագիրք։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Քահանան արագ մոտեցավ ուստային և սեղմեց նրա ձեռքը։ Ապա երբ դրանից հետո նա մոտեցավ ուստայի մորը, կինը համբուրեց քահանայի աջը և ասաց․
― Գնա, հայր֊սուրբ, խաչդ մի պղծե․․․
Կարծես սառը ջուր սրսկեցին բոլորի վրա։
Մեղավորի հոգին․․․― փորձեց հակաճառել քահանան։
― Մեղավորի հողին գնաց՝ ուր օր իրան տեղն էր, ընդհատեց ուստայի մայրը։
Քահանան ու տիրացուն նայեցին իրար և խաղաղություն մաղթելով, ելան դուրս։
Երբ Իբրահիմը նրանց ետևից դարպասը փակելուց հետո մտավ սենյակ, բոլորն այնտեղ նորից նստած էին առաջվա դիրքով՝ լուռ և անշարժ։
― Մենք ուստի խոսքը ետ դարցնել չենք կրնա, շարունակեց հաջին ընդհատված խոսակցությունը։ Ուստի նպատակը ճշմարիտ է՝ թող մեղավորը թաղվի իրան մեղքի տան մեջը․․․
Տունը քանդոցի տակ է․․․― կրկնեց մոլլայի կինը։― Թե ախպերը համաձայն է՝ թող թաղե․․․
― Ի՞նչ կըսես, ուստա, հարցրեց մոլլան։
Բոլորը նայեցին ուստա Մկրտչին։
Մտածելով բավական երկար, ուստան հայտնեց․
― Տունն ընձի հարկավոր չէ․․․ Մեննակ թե, ընձի մե քառսուն օր ժամանակ տվեք՝ ետև քանդեք․․․
― Քառսուն օ՞ր, չհասկացավ մոլլան։
Տեյմոր քար քաշեմ գերեզմընի վրա, բացատրեց ուստան։
Մոլլան, հաջի Քյարիմը, Սաֆարը, Իբրահիմը, մոլլայի մեծ կինը համաձայնություն տվեցին՝ թե իրենց կողմից, թե թաղամասի բոլոր բնակիչների։
11
Եկավ քրեական և բժշկական քննությունը և այդ դեպքն արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված հանկարծամահություն։
12
Հեղնարին թաղեցին պարտեզում, ավազանի տակ։ Ընդհատեցին շատրվանը, հատակից վերցրին մի քանի սալաքար, խորը փորեցին տակի հողը և դագաղը դրեցին այնտեղ։ Հետո նույնությամբ սարքեցին ամեն ինչ և բաց թողեցին շատրվանի վճիտ ջուրը, որը նորից արծաթե բարակ ձողիկի պես շպրտվեց վերև և քիչ հետո ավազանում լճացավ անձրևող շիթերից չեչոտված ջրի հայելին։ Իրիկնադեմին բոլորը հրաժեշտ տվեցին ուստա Մկրտչին և գնացին։ Ուստայի մայրը փորձեց ետ պահել որդուն այդ մռայլ տան մեջ քառասուն օր մենակ մնալու վտանգավոր որոշումից, բայց ուստան, ի պատասխան, միայն համբուրեց նրա ձեռքը և խնդրեց՝ իր ընկերներից մեկնումեկի տղայի միջոցով ամեն օր մի քիչ ուտելիք ուղարկել իրեն։ Դամբանաքար պատրաստելու անհրաժեշտ գործիքները նա բերել տվեց հենց նույն օրը։
Երբ քաղաքում իմացան ուստա Մկրտչի որոշումը, բոլորն անխտիր եկան այն եզրակացության, որ դամբանաքար պատրաստելը պատրվակ էր ուստայի համար՝ չերևալու մարդկանց մեջ, քանի դեռ թարմ էր ընտանեկան չտեսնված և չլսված խայտառակության տպավորությունը։ Սակայն ո՞ւմ մտքով կանցներ չարախնդալ ուստայի դժբախտության վրա։ Բոլորին պաշարել էր սոսկումը՝ ինչպես սրբապղծությունից։ Ինչպե՞ս էր համարձակվել Հեղնարը՝ այդ անառակ կինը, պղծել պայծառ ուստայի անկողինը․․․ Եվ ո՞վ էր եղել արդյոք այն իժի ծնունդը, որը գայթակղել էր այդքան տարիների անարատ կնոջը․․․
Թաղման հենց հետևյալ օրն ուստայի ընկերները վերցրին Սաֆարի երեխաներին և սկսեցին շրջել շուկաները, արհեստավորների և առևտրականների խանութները, չայխանաները, ղայֆախանաները, միկիտանները՝ Հեղնարի սիրեկանին գտնելու համար։ Նրանք իրենց գրպաններում ունեին նրա համար խնամքով սրած դանակներ։ Բայց նա չկար։ Ո՞վ գիտե, գուցե և կար, գուցե և Աաֆարի երեխաները տեսնում էին նրան, բայց չէին ճանաչում, որովհետև նրանք հիշում էին երիտասարդի միայն փափախը։ Ըստ երևույթին, տղան իր հայկական շափխան թուրքական փափախով փոխարինում էր միայն թուրքական թաղամաս գնալիս՝ բոստանների մեջտեղով անցնող ճանապարհի ոլորներից մեկում, որտեղ և, անշուշտ, Հեղնարն էր ծածկում կամ վար առնում իր չադրան։
Ճիշտ է, երիտասարդին տեսել էին նաև թրքուհիներից ոմանք, բայց տեսել էին անցողակի, հապճեպ, չադրայի անվստահորեն բացած ճեղքից։ Նրանք հազիվ թե կարողանային հիշել նրան, իսկ եթե հիշեին էլ, չէին համարձակի ծպտուն հանել այդ մասին, խոստովանել, որ նայել են նրան, ցույց են տվել իրենց երեսը տղամարդուն, հային, անառակին։ Այդ եռակի հանցանքի համար կշողար սրած պողպատի մի կտոր և աշխարհը կպակասեր ևս մի կնոջով․․․
Իզուր փնտրումներից հուսահատված, բոլորն իրենց հույսը դրել էին աստծու վրա, որպեսզի նա ինքն իր շանթով տեղնուտեղը ոչնչացներ մեղավորին, թույլ չտար նրան՝ մնալ անպատիժ և գայթակղություն ծառայել իր նման ուրիշների համար։ Հարկավոր էր ցասում, վրիժառություն։ Բոլորը սոսկահար սպասում էին դրան, սպասում էին, թե պիտի գար մի հրաշք՝ ընտանիքի սրբությունը նորից հաստատող։ Բայց և միաժամանակ, բոլորն իրենց հոգու հեռավոր խորքում կասկածում էին, թե կգա՞ր արդյոք այդ հրաշքը․․․ Եվ ի՞նչ պիտի հաստատեր այն՝ եթե գար․․․ Մի՞թե անպայման ընտանիքի սրբությունը․․․ Եվ ո՞չ թե սիրո իրավունքը․․․