Мкртич Армен

Հեղնար աղբյուր

Գլուխ երկրորդ

Գլուխ երկրորդ

1

Բոստանչին, որի աղբյուրն այժմ հոսում էր անընդհատ ու միշտ, նստել էր փողոցում՝ իր բոստանի դարպասի մոտ և նայում էր անցնող֊դարձող մարդկանց։ Պայծառ կիրակի ցերեկ էր և շատ գյուղացիներ, սայլերով կամ հետիոտն, գալիս֊անցնում էին գյուղերից դեպի քաղաք՝ շուկաները։ Իսկ քաղաքի կողմից գերեզմանոց էին գնում սև հագած կանանց փոքր ու մեծ խմբեր։

Նայում էր բոստանչին նրանց բոլորին, բայց ըստ երևույթին նրան ոչինչ չէր հետ աքրքրում, նրա միտքը ոչինչ չէր զբաղեցնում։

Ինչո՞ւ էր մնացել նա այդտեղ կիրակի օրով։ Ինչո՞ւ չէր գնացել քաղաք, որտեղ իրենց խանութների փակ դռների մոտ հավաքված կամ ղայֆախանաներում նստոտած, զրույց էին անում ծանոթ արհեստավորները։ Նա կարող էր գնալ քաղաքի հյուսիսում գտնվող Ձիթողցոնց Զաբոր կոչվող զբոսավայրը, որտեղ կիրակի օրերը համարյա ողջ քաղաքն էր լինում։ Նա կարող էր գնալ նվիրական Ախուրյանի ափը, որտեղ հովասուն ծառերի տակ խնջույք էին անում իր հասակակից արհեստավորները, և լողանում էին գեղեցիկ կազմվածքով երեխաներ։ Վերջապես նա կարող էր գնալ տուն, որտեղ նրան սպասում էր նրա ընտանիքը։ Բայց նա չէր գնում ոչ մի տեղ, և նրա դեմքը թախծոտ էր։ Ըստ երևույթին նա ծանր մտքեր ուներ և ուզում էր մնալ մենակ։

Քաղաքի կողմից երևաց մահվան թափոր։ Ժողովուրդը, բոստանների զույգ պատերի միջև սեղմված, գալիս էր դանդաղաքայլ և բերում էր մի թանկարժեք դագաղ։ Թափորի առջևից դալիս էին յոթ քահանաներ՝ ոսկեկար դեղին և կարմիր շուրջառներով։ Երկու տիրացուներ բուրվառում էին, շատ այլ տիրացուներ բերում էին խաչվառներ, սրբապատկերներ։

Բոստանչին նայեց թափորի կողմը և փորձեց հիշել, թե ո՛վ պիտի լիներ արդյոք այդ հարուստ մեռելը։ Երբ հիշեց՝ նա արհամարհանքով շարունակեց նստած մնալ և նույնիսկ շափխան չհանեց։ Գլխավոր քահանան, որ մյուս քահանաների հետ միասին սաղմոս էր երգում, բոստանչու մոտով անցնելիս աչքերը բարկացած չռեց նրա վրա և ավելի բարձր երգեց։ Տիրացուն սպառնագին բուրվառեց բոստանչու երեսն ի վար և առաջ անցավ։ Բայց բոստանչին ուշադրություն չդարձրեց նրանց վրա։ Իսկ երբ նրա մոտով անցկացրին դագաղը, նա բարձրաձայն հորանջեց և ասաց՝ «փառք ասսու»՝ ինչպես ասում են հորանջելիս։

Դագաղի ետևից գալիս էին լացող տիկիններ՝ սև վուալներով և մինչև արմունկները հասնող սև ձեռնոցներով, գալիս էին փոդպատավոր պարոններ՝ շլյապաներ դրած։ Նրանց ետևից գալիս էին գործակատարներ և ընդհանրապես հասարակ ժողովուրդ։ Թափորի ետևից գալիս էին մուրացկաններ՝ չդաբաղած կաշվե տոպրակները փոկերով մեջքներից կախած։ Իսկ ամենից վերջում, զույգ-զույգ, գալիս էին բազմաթիվ դատարկ կառքեր։

Երբ մուրացկաններն անցան և կառքերի առաջին զույգը հավասարվեց բոստանչուն, նա վեր կացավ աթոռից և ձայն տվեց մուրացկաններին․

Մելքոն, Ավետիս, Առաքել հայրիկ․․․

Մի ծեր և երկու խեղանդամ ետ նայեցին։

Ձեզի հետ եմ։ Էն ախպորս էլ իմաց տվեք, էն քուրոջս էլ։ Ետ դարցեք էկեք, բան պիտի ըսեմ․․․

Մուրացկանները մոտեցան և բարևեցին։

Ամոթ չէ՞, ախպրրտինք, մարդ էլ էդոնց դագաղի ետևեն էրթա՞։

Ի՞նչ էնենք, Երանոս ախպեր, արդարացավ երկու աչքով կույր ու ծաղկատար մի երիտասարդ, ուրախութան օրը մեզի մտեհան կէնեն, ըսինք գոնյա սգի վախտը մտներն ընկնինք․․․

Հաստատ օր ջաել ես, ներողամիտ ձպտաց բոստանչին։ Տե, ախպրտինք, էսօր դուք իմ ղոնախս եք։ Մտեք բոստանս, քաղեք՝ ինչ օր սրտներդ կուզե։ Ում տոպրակն օր լիքը լցված չէղավ՝ էնոր դուս չեմ թողնե։

Ասպած քեզի երկան արև տա, Երանոս որդի, սկսեց օրհնել ծերը, ջուխտ ապրիս, մե բարձի ծերենաս․․․

Բոստանչին ծանր հառաչեց․

Էդպես մի ըսե, հայրիկ։ Դուն էլ քույրիկ, էդպես մի ըսե։ Դուք ամմենքդ էլ ձեր արդար բերնով մե֊մե բերան ասսուն աղաչեք, օր մուրազս կատարե։ Ուրիշ բան չեմ ուզե։ Տե, մտեք նես․․․

Մուրացկանները մտան բոստան, իսկ Երանոսը մնաց իր տեղում կանգնած, աչքերը գետնին հառած, անորոշ մտածելով։ Փողոցի դեղնավուն փոշու մեջ խորը դրոշմվել էին մարդկանց և ձիերի խառնիխուռն ոտնահետքերը։ Եվ հանկարծ այդ փոշու միջով արագ մոտեցան մի գույգ ոտքեր։ Երանոսը ճանաչեց կանացի կանաչագույն կիսակոշիկները, ցնցվեց և նայեց վերև։

Գալիս էր թրքուհին։

Երանոսը կտրեց նրա առաջը․

Բաջի՛․․․

Թրքուհին, չադրայով խուլ փաթաթված, կտրուկ կանգ առավ, ապա իսկույն, արագ ու բարկացած շարժումով, առաջ անցավ։ Երանոսը վերադարձավ դեպի պատը և փլվեց աթոռի վրա։

Քիչ հետո դարպասի դռնակը բացվեց և մուրացկանները դուրս ելան։

Ձեզի չըսի՞ օր տոպրըկներդ լիքը լցնեք․․․

Լավ, Երանոս ախպեր, ըպը նամո՞ւսն ինչ կըսե։ Մենք շնորակալ ենք քեզնեն։ Էսքանն էլ մեզի շատ֊շատ է։ Ասպած թող․․․

Ես էլ եմ շնորակալ, բարով էրթաք։ Հմը կէրևնա, ասպած վրես շատ է հերսոտե․ զուր տեղը միք օրշնե․․․

Մուրացկանները տարակուսած նայեցին նրան և դանդաղաքայլ հեռացան դեպի քաղաք։


2

Շուկայի փողոցներից մեկի փակ խանութների աոջևով լուրջ ու մտասևեռ անցնում էր ուստա Մկրտիչը։ Բարձրահասակ, արխալուղը հագին, նա մահուդե շափխան թեքել էր դեպի ծոծրակը՝ բաց անելով իր լայն ճակատը։ Նա նայում էր հեռու, առջևում ինչ-որ տեղ, և կարծես տեսնում էր մի բան, որը միայն նրան էր տրված տեսնելու, որը չէր տեսնում նրանից բացի ոչ ոք։

Խանութների մոտ հավաքված մարդիկ բառի կեսի վրա ընդհատելով խոսակցությունը, ակնածանքով բարևում էին նրան՝ շափխաներն արագ հանելով, ապա, միայն նրա անցնելուց հետո՝ դանդաղ ծածկելով։ Ուստան պատասխանում էր գլխի աննկատելի շարժումով՝ համարյա չնայելով նրանց։

Ցերեկը մի քիչ էր անց, դեռ շոգ էր և ուստայի լայն ճակատի վրա կային քրտնքի մարգարիտներ։ Նա կանգ առավ, ետ տարավ արխալուղի փեշը, ձեռքը տարավ դեպի գոտին, վերցրեց այնտեղից կախված և իր մի ծայրով համարյա գետնին քսվող մեծ, վառ-կարմիր թաշկինակը՝ սպիտակ պուտերով, սրբեց ճակատը և նորից թաշկինակն իր տեղը կախեց։ Ապա արխալուղի գրպանից հանեց չիբուխն ու թութունի քիսան, թուլացրեց քիսայի ղայթանը, և չիբուխի գլուխը կոխեց թութունի մեջ։

Դիմացի ղայֆախանայից մարդիկ հետևում էին ուստայի շարժումներին։ Նա չիբուխը լիքը լցրեց թութունով, բթամատով սեղմեց-տեղավորեց այն, ապա բարակ ծխափողի ծայրն առավ բերանը։ Անմիջապես ղայֆախանայից դուրս թռավ քսանհինգ տարեկանի չափ մի երիտասարդ և դեռ մյուս մայթի վրա լուցկին վառելով, կտրեց փողոցը, մոտ վազեց ուստային։

Ուստան նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նույն քիսայից հանեց չախմախն ու չախմախաքարը, հանեց խավաթելը, դրեց քարի վրա և պողպատը խփեց քարին։ Թելի ծայրը մխաց, ուստան այն դրեց թութունի վրա և ֆստֆստացնելով, օդը ներս քաշեց։

Թութունը վառվեց։ Նույն վայրկյանին լուցկին այրվեց-վերջացավ երիտասարդի մատների միջև և խանձեց նրա մաշկը։ Նա, առանց ցավն արտահայտելու, կամացուկ վար գցեց այրված լուցկին և շարունակեց մնալ անշարժ կանգնած։

Ո՞ւմ տղեն ես, չափազանց խիստ հարցրեց ուստա Մկրտիչը՝ գործն ավարտելուց հետո։

Օսկերիչ Վաղինակի։

― Վարոս մա՞նչն ես։

Հրամանք կէնես։

Ի՞նչ կէնեիր ղայֆախանեն։

Տղան ձայն չհանեց։

Ամոթ է, ամընչե, հորդ հարստութունը կերար, խեղճ մարդն ավուր հացի կարոտ պիտի մեռնի։ Հերիք չէ՞ ղայֆախանեքն ու միկիտընները քաշ գաս։

Հորեխպայր, փորձեց արդարանալ Վարոսը, ես միկիտան ոտք չեմ դրե, իսկ ղայֆախանեն էլ՝ գործով մտա։ Դռան քովը նստած, աչքս ճամբուն, ըսկորս կսպասեի․․․

Un՛ւս․․․ Եվ ուստան չիբուխը հանեց բերանից։ Սալախանա՛։ Ափսոս էն հերը, օր դուն ունիս։

Վարոսը գլուխը կախեց։

Ղայֆախանայում տիրեց լռություն։

― Ի՞նչ արեստի ես։

Արեստ չունիմ, հորեխպայր։

Ապրիս։ Օսկերչութունը թևդ կցավցնե՞։

Վարոսն ամենայն խոնարհությամբ լուռ մնաց։

Քեզի հարկավոր է դամըրչի Բաղդասարի քովը ղրկել, օր օսկըռներդ ջնջխե։ Համ արեստի ղադրը կիմանաս։ Համ փողի․․․ Տե ռադ էղի աշքես, անառակ․․․

Եվ ուստան շարունակեց ճանապարհը։

Բարկությամբ գլուխը ցնցելու ժամանակ ուստայի չիբուխի արծաթե կափարիչը փակվել էր։ Նա միայն այժմ նկատեց այդ և բաց արեց։ Չիբուխի գլխի մոտից կարճ շղթայիկով կախված ձողիկը պտղուցի մեջ առնելռվ, նա սկսեց խառնել թութունը։ Երբ նորից կրակը բորբոքվեց, ուստան թողեց ձողիկը և թեքվեց դեպի բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը։


3

Որքան որ խուլ ու սեղմված էր բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը, այնքան ընդարձակ և լայնահորիզոն էին բոստանները։ Մտնելով դրանցից մեկի դարպասով, մարդ իրեն անմիջապես կզգար այլ աշխարհում, որտեղ չկային դեղին, թանձր փոշի և երկնքի կապույտը սահմանափակող բարձր պատեր։ Բացվում էր բոստանների լայնարձակ տեսարանը, որ փռված էր մինչև հեռու դաշտերը։ Բոստաններն իրարից սահմանագծված էին միայն խոպան հողի նեղ շերտերով, որոնք միաժամանակ իշասայլակների ճանապարհներ էին։ Այդ ճանապարհների երկու եզրերին ցանցառ շարված էին հովասուն ուռիներ և բարձրահասակ բարդիներ։ Ուռիներ և բարդիներ կային նաև բոստանների մեջ՝ այստեղ֊այնտեղ։ Յուրաքանչյուր բոստանի կենտրոնում կանգնած հոլիկն ևս, երեք կողմից շրջապատված էր ծառերով՝ բաց ունենալով միայն ճակատի կողմը։ Հոլիկներից յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի փոքրիկ սայլակ, որի մոտ կապված, արածում էր մի էշ։ Ծառերի զույգ շարքերի միջև, արխով հոսում էր ջուրը և գնում դեպի հարևան բոստանները։

Բոստանների ետևում՝ հեռու, շատ հեռու, սկսվում էր խոպան դաշտը, որտեղ քաղաքի աղբն էր թափվում կույտերով։ Այնտեղ արևի տակ պսպղում էին ապակու մանր կտորներ։ Մի քանի տարի հետո, աղբով պարարտացած հողի վրա, պիտի աճեին նորանոր բոստաններ և ծառեր, իսկ աղբասայլակների ճանապարհն ավելի պիտի երկարեր։

Բոստանների միակ պատերը նշանակված էին գյուղերից դեպի քաղաք տանող ճանապարհը պատնեշելու համար, որպեսզի անցորդները, գլխավորապես գյուղացիները, չմտնեին բոստան։

Այժմ նորից էին անցնում նրանք իրենց սայլերով, վերադառնում էին գյուղ։ Դեռ հազիվ էր կոտրվել կեսօրը, և նրանք, իհարկե, արևով կհասնեին տեղ։

Գյուղացիներից մեկը վար ցատկեց սայլի վրայից, մոտեցավ պատի մեջ շինված մի աղբյուրի, գյուղացու ահագին կումերով շտապ կուլ տվեց ջուրը և գետնագործ շալե չուխայի թևքով սրբելով թաց բեղերը, վազեց հասնելու իր սայլին։

Երբ վերջին սայլն անհետացավ պատերի ոլորի ետևում, քաղաքի կողմից երևաց ուստա Մկրտիչը։ Դեռ հեռվից տեսնելով դատարկ աթոռը Երանոսի դարպասի մոտ, նա վերցրեց, իր հետ տարավ ներս, դրեց պատի տակ և գնաց դեպի հեռու հոլիկը։

Բարի օր, Երանոս։

Ասսու բարին, ուստա Մկրտիչ, անակնկալ այցելությունից ուրախացած, ասաց բոստանչին՝ արագ դուրս գալով հոլիկից, մի ձեռքին՝ դանակ, մյուսին՝ բահի կոթը։ Էս ինչըղ լավ բան էրիր, օր էկար։ Համմեցի, համմեցի։

Գործդ էրա, գործդ էրա, ասաց ուստան՝ տեսնելով, որ Երանոսը վար է դնում դանակն ու բահի կոթը։

Ամենավենձ գործը քու հրամանքիդ ծառայելն է, ուստա Մկրտիչ։

Ուստան նստեց հոլիկի պատի տակ դրված թախտի վրա և շափխան հանեց։ Լայն ճակատից վերև նա ուներ խիտ, սև մազեր։

Էս ի՞նչըղ միտքդ քցիր, ուստա ջան։ Բանձր նստի։ Կեցի բարձ բերեմ։

Բարձ չեմ ուզե։ Ճամբու թոզը հոգի հանեց։

Եվ չուստերը հանելով, ուստան թափ տվեց դրանց մեջ լցված հողը, ապա բրդե գուլպաների կապերը շալվարի փողերի վրա ամրացնելուց հետո ոտնամանները նորից հագավ։

Ի՞նչ բանի ես, Երանոս։

Ուստա ջան, մե խորովածմ էնեմ։

Չեմ ուզե, ես շնորակալ եմ։

Ուստա ջան, դեմ մի էղնի։ Օրեցեն մե օրըմ բոստանս ես էկե։

― Թե րախի ունիս՝ բե։ Ուրիշ բան պետք չէ։

― Րախին իրան կարգին։ Ըպը զակուսկի՞։

― Բոստանդ կուտենք։

Երանոսը հոլիկից բերեց գավով լիքը օղի և կավե գավաթներ, ապա մտավ վարունգի և պոմիդորի մարգերը, քաղեց, բերեց։

Մե քան իմ հատ էլ կծու տաքդեղ բե։

Աշքիս վրա, ուստա։

Երանոսի գնալուց հետո ուստան վերցրեց դանակը, որով բոստանչին բահի կոթն էր տաշում, և սկսեց վարունգներն ու պոմիդորները կտրատել։ Վարունգների կլեպները փռեց և ուտելիքը կտրատեց վրան։

Էս տպրի լոբիդ ի՞նչղ է, հարցրեց նա մոտեցող Երանոսին։

Շատ լավ է։

Եվ բոստանչին կանաչ տաքդեղները դրեց ուտելիքի մոտ։

Հմը, ուստա ջան, զուր տեղը չթողիր մե խոըովածմ էնեի։

Նստի։ Բանը մե անգամ կըսեն։

Երանոսը ժպտաց․

Բարձի խոսքն է՞լ չէնեմ։

― Չէ։

Ուստան վերցրեց տաքդեղներից մեկը, կիսեց։ Տաքդեղը կիսվեց շրխկալով, և նրա միջից բուրեց սուր կծվությունը։

― Լավ տաքդեղ ունիս։

― Շնորհակալ եմ, իմ հողս տաքդեղի ու լոբու հող է։

Երանոսը նստեց, օղի լցրեց և վերցրեց իր գավաթը․

― Տե, ուստա ջան, բարով ես էկե։ Կենացդ։ Շատ էի իմացե քու մասիդ՝ լավն էի իմացե։ Հմը հետդ ծանոթութուն չունեի։ Անցած շաբթուն օր ծանոթացա՝ լավեն էլ լավը տեսա։ Ես մե երջանիկ մարդմ եմ, օր բոստընիս ջուր բերելեն ետև դուն չգնացիր ու գնացիր, այլ էսօր ընձի միտքդ քցիր ու էկար։ Հիմի ես մե նպատակմ ունիմ, օր մեր բարեկամութունն էս րախու պես կարճ չէղնի, այլ էն ախպուրի պես երկան։ Սաղ էղնիս, ուստա ջան, հազար տարի ապրիս, հազարն էլ հազար բարիքով ապրիս․․․

Երանոսը մի ումպով դատարկեց օղին և վերցրեց մի կտոր վարունգ։

― Ես, Երանոս ջան, սկսեց ուստա Մկրտիչը՝ գավաթ վերցնելով, շատ մարդու չեմ հավնի։ Վո՞վ գիտե, մարդն ինչքա՞ն պիտի լավն էղնի, օր ես հետն էրթամ֊գամ։ Հմը, ուղիղն ըսած, էն օրը, եբ օր դուն ընձի կանչեցիր, թե՝ բոստնիս հմար ուրիշ ջուր բե, օր ախպուրս վազե ամմեն ժամանակ, դուն ընձի դուր էկար։ Քա՞նի տարեկան ես։

― Եռսընիննը։

― Ես եռսընհինգ կսեպեի։ Ինչորա, էլի քեզնեն վեց տարով վենձ եմ ու դուն ընձնեն չպիտի նեղենաս։ Ըսելս էն է, օր քու մե բանըդ հեչ դուրըս չէկավ։ Էդ էն էր, օր դուն ընձի էնքան առատ վճարեցիր։ Ես կվերցնեմ, իմ թևս չի ցավի, հմը տվողն իրան փողի ղադրը պիտի իմանա։ Քեֆ կէնես՝ բան մի խնաե, բազար կէնես՝ լիզու֊բերան մի խնաե, վենձանաց խոսք է։ Հիմի, թե ասպած տվեց ու դուն իմ ըսածս մարդը դուս էկար՝ ուստա Մկրտիչը քեզի ծառա։ Թե օր փուչ դուս էկար՝ ասպած քեզի հետ, ասպած էլ ընձի հետ։ Սաղ էղնիս․․․

Օղին խմելուց հետո ուստան վերցրեց մի տաքդեղ, թաթախեց աղի մեջ և առանց կոպն անգամ թարթելու, կերավ։

Թեև բոստանների ու դաշտերի լայնարձակ տեսարանի վրա դեռ պայծառ արևն էր, բայց թախտի վրա փռված ջեջիմի վառ նախշերն արդեն խունացել էին հոլիկի պատի ստվերից։

Երանոսը նորից օղի լցրեց։

― Ուստա ջան, հրաման տու պատմեմ քեզի, թե ընչի բոստրնիս ջուրն ու ախպըրիս ջուրը ջոկ էնել տվի։ Օր պատմութունս իմանաս, էլ ընձի չես մեղդըրե շռայլութան հմար։ Էրածս բանը մատղի պես բանմ էր, իսկ մատղի հմար, դուն ընձնեն լավ գիտես, օր փող չեն խնաե․․․

Ուստա Մկրտիչը գոտկի ետևից հանեց չիբուխը և գրպանից՝ թութունի քիսան, դրեց կողքը և սկսեց լսել։

― Ուստիս օր ըսեմ, մե օրըմ, օրն էլ ցորեկ էր, աշեմ տեսնիմ՝ կոտեմս ջրել է հարկավոր։ Տե, դուն ընձնեն լավ գիտես, օր մենք բոստըններեն վազզող առվի ջրով մեննակ կարտոֆիլը, լոբին, դդումն ու էդ տեսակ բաները կջրենք։ Հմը կոտեմի և առհասարակ կանընչի հմար, թե օր կուզես կանանչըդ լավն էղնի՝ խմելու ջուր է հարկավոր։ Մե խոսքով, գնացի, օր ախպուրս դարց ընեմ դեպի մարգը։ Հլը նոր էի ջուրր փակե, եբ օր դսեն մեկը ճչաց։ Դուս թռա, տեսնիմ՝ մե թուրքիմ կնիկ, գույնը քցած, կայնե ու ցամքած ախպըրին կաշե։ Վո՞վ իմանար, թե ի՞նչ կանցներ մտքեն։ Դուն լավ գիտես, ուստա ջան, օր էդ թուրք միլլաթը, մեզնեն շատ չէղնի՝ մեզի չափ կրոնքապաշտ է։ Գուցցե կմտածեր, թե էս ախպուրն օր կտրավ՝ ասսանից էր։ Ըսել է՝ ասպած իրեն վրեն նեղեցեր է։ Էդտեղ, ուստա ջան, ես մի տեսակմ էղա։ Ջուրը մարդն է կտրե, հմը էնիկ ասսու էրածը կսեպե։ Մեղավորը ես էի․․․

Ուստան, որ չիբուխ էր պատրաստում, ընդհատեց գործը․

Սխալ ես։ Մարդու ջուր կտրելն էլ ասսու կամքով կէղնի։ Կրնա էղնի, օր էդ րոպպեին ասպած ինքն էր քու ձեռքիդ հրամանք էնողը։

― Մենք, ուստա ջան, մեղավոր մարդիկ ենք։ Թե ասպած մե անգամըմ մեր ձեռքին ճամբա ցույց տա, սատանեն տասս անգամ ցույց կուտա։ Կրնա էղնի, օր ինքը սատանեն էր էդ գործն էնողը, օր անմեղ կնիկը վախենար․․․

Ուստան չախմախ խփեց։

― Մտածեցի, շարունակեց Երանոսը, ավելի լավ չի՞ էղնի, օր ջուրը միշտ վազզե ու մարդու մեղավոր ձեռքը չդիպնի էնոր։ Թե ասպած չուզենա, օչ մե մարդմ իրան ջրեն խմե՝ թող ինքն իրան հրաշքով կտրե էդ ջուրը։

Ուստան ծուխը ներս քաշեց, ապա մտածկոտ դուրս փչեց և սկսեց երկար մտածել։ Երանոսն անթարթ նայում էր նրան։

Վերցու թասդ, Երանոս, ասաց վերջապես ուստան։ Էս էլ թող քու կենացդ էղնի։ Թող ասպած քու բարիդ հիշե, չարըդ մտահան էնե։ Ապրիս շատ, չապրիս վատ։ Քու էրածիդ նպատակն ընձի հեչ դուր չէկավ։ Տա ասպած, օր էդ սխալմունքդ վերջի սխալմունքդ էղնի։ Ես քսան տարվա ուստա եմ, քսան ախպուր եմ շինե, հմը հեչ չեմ տեսե, օր ասպած իրան սեփական ձեռքով ջուր կտրե։ Քու էդ մտածմունքդ ասսուն փորցել կնշանակե։ Ասպած կգործե մարդու ձեռքով։ Ճիշտ է, սատանեն էլ կգործե մարդու ձեռքով, հմը էնտեղ էլ ասսու մատը խառն է։ Էնպես օր, էդ րոպպեին քու ջուր կտրելդ մե երկնային նշանմ է էղե։ Ասպած չէ ուզեցե, օր էդ կնիկը ջուր խմե։ Տա ասպած թողութուն թե էնոր մեղքերուն, թե քու, թե իմ ու թե առհասարակ աշխրքի։ Կենացդ։

Ուստան խմեց, կերավ մի տաքդեղ և շարունակեց ծխել։

Շնորակալ եմ, ուստա ջան, պատասխանեց Երանոսը, օր դուն ընձի խրատ տվիր, օր դուն իմ կենացս խմեցիր։ Քու ըսածդ խոսքն իմ գլխուս էլ պառկավ։ Ճիշտ է, ես սխալմունք եմ էրե։ Հմը ախպուրն ասսուն հաճելի գործ է։ Թե իմ ախպուրս առաջ տասէրկու ժամ կվազզեր, հիմի քսանչորս ժամ կվազզե։ Առաջվա տասէրկու մարդու տեղակ հիմի քսանչորս մարդ կխմե էնոր ջրեն։ Առաջվա տասէրկու բերնի տեղակ հիմի քսանչորս բերան թողութուն կխնդրե իմ մեղքերուս հմար։ Տա ասպած, օր էնոնց բարեմաղթութունն իմ էդ մեղքս էլ ջնջե։

― Ամմեն, մրմնջաց ուստան։

Երանոսն իր դատարկած գավաթը վար դրեց և մի կտոր պոմիդոր կերավ։ Հետևյալ երեք գավաթը նրանք խմեցին լուռ՝ ամեն մեկն իր մտքերի հետ։ Արևն արդեն իջնում էր դեպի վերջալույս։

― Ի՞նչ գերդաստան ունիս, Երանոս։

Էրկու պզտի ախպըրտինքս, նշանածս, վեց տարեկան աղջիկս։ Մե օրըմ մեր տուն համմեցէ, ուստա ջան։ Ասպած սաղ պաե, դո՞ւն ինչ ունիս։

― Մերս, նշանածս, ութ տարեկան տղես։ Առջինեկս օր չմեռներ, հիմի տասնութ տարեկան էր։ Ես էլ վենձ գերդաստան չեմ։

― Ասպած վենձըցընե։

Ամմեն։


4

Խմիչքը նկատելի ազդել էր Երանոսի վրա։ Նա դարձել էր ավելի թախծոտ, բայց միևնույն ժամանակ աշխուժացել էր։ Շուտ֊շուտ օղի էր լցնում, վերցնում էր իր գավաթը և երկար նայում էր հեռու հորիզոնին, ուր իջնում էր արեգակը։ Մի անգամ այդպես նայելով, նա գավաթ բռնած իր ձեռքով շոշափեց, գտավ ուստայի գավաթը, իր գավաթը չխկացրեց դրան և սկսեց խոսել՝ կարծես ինքն իր հետ կամ դիմելով արեգակին․

― Ես շատ կզարմանամ աշխըրքի վրա։ Եռսընիննը տարի է, օր կապրիմ, հմը էլի կզարմանամ։ Էս ի՞նչ տեսակ հրաշք բան է աշխարքը, ո՞ւրտից է ծագե։ Կսեն՝ ասպած է ստեզծե։ Տե, ես էնոր զորութանը մատաղ էղնիմ, հմը «ասպած է ստեղծե» խոսքը շատ կարճ է, ես էլ անհասկըցող մարդ եմ։ Կուզեմ, օր մեկը նստի ու ընձի երկան֊բարակ բացատրե, թե վո՞վ ենք մենք, ընչի կապրինք ու էդոր մեջ ի՞նչ տեսակ նպատակ կա։ Ընչի՞, օրինակի հմար, իմ ծնողքս ընձի այսինչ աղջկա հետ նշանեցին, ոնչ թե այնինչ։ Ինչո՞ւց է, որ հայ ու թուրք կա ու էդոնց մեջ խտրութուն կա։ Ինչո՞ւց է, օր մարդու սիրտը մեկին չկպավ՝ չի կպնի, կպավ՝ չի պոկվի։ Ինչո՞ւց է, օր ադաթ կա, օրենք կա ու մարդն իրան ուզածի պես ազատ չէ․․․

Նա գավաթը դրեց վար, նայեց ուստա Մկրտչին, որ լուռ ծխում էր և ուշադիր լսում։

― Մարդը, ուստա ջան, կրնա ամմեն րոպպե ընկնի մեռնի։ Օրինակի հմար, բահի կոթը տաշել ես ու դանակը դրել ես մարգի պռնգին։ Մեկ էլ, ոտքդ քարին դիպավ կամ թե թաց հողի վրա սլըքտաց, ընկար, մտավ սիրտդ։ Ասսու գործն է։ Հմը ես շատ կուզեմ ապրիլ ու իմանալ, թե, օրինակ, մարդն ի՞նչըղ պիտի ապրի մե եռսուն֊քառսուն տարի ետև, վո՞վ պիտի նստի էս թախտի վրա, ո՞ւր պիտի աշե, ի՞նչ պիտի մտածե․․․ Մեկ էլ կսեմ՝ աշես էն վախտ պիտի էղնի՞ն էս թախտը, էս հոլիկը, էս բոստանը, էս ադաթն ու օրենքը․․․

― Ամմեն բան կէղնի, Երանոս, դուն թասդ դարտըկե։

Հանկարծ բոստանչին դիմեց ուստային․

Դաուլ֊զուռնա բերել տա՞մ, ուստա ջան։

― Չէ, ուշ է, էրթըլու վախտ է։

Խաթրս մի կոտրե։

Չէ, Երանոս ջան, մութն ընկավ, պիտի էրթամ։

― Լավ, ուստա ջան, հլը շուտ է, քիչմ էլ նստինք։

Երանոսը գավի մեջ մնացած օղին դատարկեց գավաթները և մտավ հոլիկ։

Երանո՛ս։

Համմե։

― Էլ չբերես։

― Մե գավըմ, ուստա ջան, մեննակ մե գավըմ։

― Խո չպիտի՞ հարբինք, Երանոս, պետք չէ։

Բոստանչին կոտրված դուրս ելավ հոլիկից։ Նա մի քիչ օրորվում էր։

Էս անգամ էլ խաթրս կոտրեցիր, ուստա ջան։

― Պզտի ախպոր խաթրը վենձի ծառան է։ Նստի՛։

Արևն ամբողջովին իջավ։ Անմիջապես դարձավ երեկո։ Ուստան վերցրեց իր գավաթը, նայեց բոստանչուն, հետո հանկարծ նայեց ավելի ուշադիր ու երկար, և առանց խմելու, գավաթը նորից տեղը դրեց։

― Տխուր ես, Երանոս։

Բոստանչին ձայն չհանեց։

Դարդ ունիս։

Բոստանչին նորից ձայն չհանեց և խոնարհեց գլուխը։

Րախու մեջ թաթխած դարդը չի խեղդի։ Դարդն ստեղծված է ընկոր հետ կիսելու հմար։ Ես քու վենձ ախպերդ եմ․․․

Երանոսը շուռ եկավ դեպի ուստան, բայց դարձյալ լուռ մնաց։ Նրա դեմքի վրա խաղում էր անվճռականությունը։

Ուստան իր գավաթը խփեց նրա գավաթին, խմեց։

Երանոսն իր օղուն ձեռք չտվեց։

― Սեր է ընկե սիրտս, ուստա․․․

― Ի՞նչ․․․

Տաքդեղը ցած ընկավ ուստա Մկրտչի ձեռքից։ Նա արագ վեր կացավ, դրեց շափխան, վերցրեց չիբուխն ու թութունի տոպրակը։

― Թքե՛լ եմ քու աղ ու հացիդ վրա։

Եվ շտապ քայլերով դիմեց դեպի հեռու պատի կողմը։

― Ուստա՛ Մկրտիչ, սարսափած բացականչեց Երանոսը և կտրեց նրա առաջը։

― Հեռո՞ւ քաշվի, աննամուս։ Թյո՛ւ․․․ Ըպը տարի՞քդ, գերդաստա՞նդ, նամո՞ւսդ․․․ Է՞ս ինչ էր՝ լսեցի․․․

― Ուստա ջան, ես քո հոգուդ մատաղ, մի նեղենա, ներե։ Եմ ուզածս էլ ըշտը էն է, օր դուն ընձի մե խրատըմ տաս, թե ի՞նչըղ էդ սատանական սերը պոկեմ սրտես, քցեմ գիշերվա քամուն, օր չտեսնիմ էլ, թե ուր տարավ․․․ Ետ էրթանք․․․ Շատ կխնդրեմ․․․

― Էլի ես պիտի համբիրեմ, ասաց ուստան տարակուսած և ետ դարձավ դեպի հոլիկը։ Տես հլը ինչ դուս էկավ։ Ես էլ գիտեի՝ պատվով, նամուսով մարդ ես․․․

― Ուստա ջան, առ էս դանակն ու սիրտս խրե, հմը էդպես մի խոսի։ Ամմեն մարդ աշխըրքի երեսը գոնյա մե անգամըմ սիրելու իրավունք ունի։ Ում սիրտն օր սեր կա՝ էլ ուրիշ կնիկարմատ չի կրնա մտնի ինտեղ։ Հմը ում սիրտն օր սիրուց դարտակ է՝ էնոր սիրտը քու խավաթելիդ պես է, կայծ ընկավ՝ կմխա․․․

― Ըպը նշանա՞ծդ, շշնջաց ուստան՝ կարծես ինքն իր ձայնից վախենալով։

― Ասպած օղորմի ծնողացս հոգուն։ Ես էնոնց խոսքին չհակառակվելու հմար եմ առե էնոր․․․

― Լավ ես էրե։

― Հմը, աղջկաս ազիզ արևը վկա, ուստա ջան, տասսը տարվա մեջ ես էնոր հեչ մե օրըմ չեմ սիրե․․․

― Un՛ւս, Երանոս, ամոթ է, ջաել տղա չես։ Սե՞րս որն է։ Քուրըս ծնողացդ կամեցածը չէ՞։ Սուրբ պսակով հետդ կապվածը չէ՞։ Էն մատղաշ անասունի ծնողը չէ՞։ Տասսը տարի քու առաջդ ծառայե՞լ է, թե չէ։ Ըսիր, որ քեզնեն պզտի ջուխտ ախպեր ունիս։ Էնոնց շահել֊պաե՞լ է, թե չէ։ Հեռի իրանից, աշքը հո դուսը չէ՞, կամ բնութունը խո փուչ չէ՞։ Թե էդպես բան կա՝ ըսա։

― Չէ, ուստա ջան, ես երկնքե֊գետին շնորակալ եմ թե էնոր բարքեն, թե բնութենեն։

Ի՞նչ կուզես։

Երանոսը ձայն չհանեց։

― Մարդը, օր հեռի լսողաց՝ լիրբ կնիկ էլ ունենա, էլի պիտի սիրե ու հետն ապրի, քանի օր գեշ կնիկն էլ ասսու տվածն է։ Գե՞շ է կնիկը՝ խրատ տու, ծեծե, հմը էնիկ էլի քուկդ է ու ասսու պսակն ավիտենական է։ Ուղղըվա՞վ՝ շատ լավ, չուղղըվա՞վ՝ պիտի քաշես ասսու պատիժը։ Օրենքն էդ է։ Լավ է, թե գեշ է՝ կնիկը մարդու բախտն է։ Մեննակ մահն իրավունք ունի էնոնց բաժանելու, իսկ մահեն ետև, մարդ լավ կէնե, օր նորից աշխարք չմտնի։ Դուն վենձ մարդ ես, Երանոս, էս ամմեն բանը պիտի գիտնայիր․․․

― Գիտեմ․․․ Ըշտը էդոր հմար էլ սիրտս արուն կուլա․․․

― Ամոթ է, Երանոս, խմած ես, չիտես ինչ խոսիս։ Օր այեղնաս՝ գետինը պիտի մտնիս ըսածներուդ հմար։

Նրանք լռեցին։ Հեռվում, հարևան հոլիկների լուսամուտներում, երևացին կրակներ։ Բոստաններից մեկում մի էշ կանչեց երկար ու աղեկտուր։ Երբ նա լռեց, լսվեց շատ հեռու մի շան անընդհատ, միապաղաղ հաչոցը։ Հետո դարձավ զարմանալի լուռ և խաղաղ։

― Իսկ ի՞նչ լրբի վրա ես սեր քցե։

― Էդպես բան մի ըսե, ուստա ջան, ես քու հոգուդ մեռնիմ։ Սիրտս մի ջարդե։ Խեղճ անասունը հետս լիզու էլ չէ թաթխե․․․․

― Ո՞ւմնոցեն է․․․

― Պատմածս թուրքի կնիկն է, ուստա․․․

― Թուրքի՞ կնիկ է․․․

Ուստան կատաղեց։ Նրա լայն ճակատի վրա ուռեցին երակները։ Նա համարյա գոռաց․

― Էն էլ թուրքի՞ կնկա վրա ես սեր քցե։

Ուստա՛․․․

― Սո՛ւս, Երանոս։ Ոտքս կոտրեր, ես քու շեմքեդ նես չդնեի։ Արի, արի դարպազդ ցուց տու էրթամ։ Մութն է, չեմ գտնի։

Երանոսը թախտի վրայից արագ վերցրեց դանակը, դրեց ուստայի ձեռքը և քանդեց իր կրծքի կոճակները․

― Ահան դարպազս․․․ Բաց էրա, գնա, ուստա ջան, ձեռքդ դալարի․․․

Ուստա Մկրտիչը դանակը դրեց թախտի վրա։

― Թողութուն կէնես, Երանոս, ես քու բոստընիդ մեջ քու հետդ էդ տեսակ խոսելու իրավունք չունեի։ Հմը մեղքն իմս չէ։ Ես չլսած բաներ լսեցի, չտեսած բաներ տեսա․․․ Բարի գիշեր․․․

― Ուստա՛․․․

Համմե։

― Էդ ծանտր խոսքերո՞վ կհեռենաս․․․

― Ի՞նչ կուզես։

― Խորուրդ չունի՞ս տալու, ուստա ջան։ Չէ՞ օր ես խորըրդի հմար բացի էս խոսքը։ Դուն իմ վենձ ախպերս ես․․․

Ուստա Մկրտիչը կանգ առավ։

Խորո՞ւրդ․․․

Երանոսի խոսքերը հասան նպատակին։

Տիրեց երկարատև լռություն։ Խավարի մեջ ոչինչ չէր երևում։ Հանկարծ չխկչխկաց ուստայի կայծաքարը, և մանր կայծեր թռան։ Ուստան ծխեց։

― Լավ ըսիր, Երանոս, քեզի խորուրդ է հարկավոր։ Ես իրավունք չունիմ էս տեսակ հեռենալու։ Հմը իմ խորուրդս էն գլխուց պիտի քեզի հայտնի էղներ․ սիրտդ իստըկե էդ աղտից․․․

― Ի՞նչըղ իստըկեմ, ուստա․․․

― Գերդաստանեդ հեռու մի մնա, մեննակ մի մնա, պատվով֊նամուսով բարեկըմտիք ունեցի, լավ ընկերտանք ունեցի, ուրիշի սերը տես, բարի նախանձով նախանձե, ինքդ էլ սիրե, ադաթ ու օրենք ճանչըցի։ Գալով թուրքին, իհարկե, թուրքն էլ մեզի պես ասսու ստեղծածն է, էնոր ասպածն էլ էն է, ինչ օր մերը։ Հմը էնոր կրոնքն էլ է ուրիշ, ազգն էլ։ Ի՞նչըղ կրնա էղնի, օր քրիստոնա միլլաթը մահմեդականի հետ կապվի։ Էդ բանը ոնչ հայը կէնե, ոնչ թուրքը, ոնչ էլ մե ուրիշը։ Թե օր մեկն ու մեկն իրան կրոնքն ու ազգը փոխե, ետև նշանվի՝ էդ հլը կարելի է։ Հմը վո՞վ կփոխե։ Հայը փոխե՝ հայերն էնոր կսըպանեն, թուրքը փոխե՝ թուրքերը․․․

Թեև ուստա Մկրտչի վերջին խոսքերը հնչեցին շատ դաժան, բայց նրա ձայնը մեղմ էր և նա ըստ երևույթին այլևս բարկացած չէր Երանոսի վրա։

― Ամմեն գեղի օսկոռ գեղի շանը պիտի հասնի՝ հին օրենք է, շարունա կեց նա․ թուրքը թուրքի հմար է ծնվե, հայը՝ հայի․․․

Երանոսը կանգնել էր գլխիկոր և ընկճված։

Լավ, այ ախպեր, հայն ու թուրքն օր իրար առնին, էնոնց զավակն ի՞նչ ազգի ու կրոնքի պիտի էղնի։ Դուն ինքդ ըսա․․․

Բոստանչին լուռ էր։

― Առանց ազգի մարդ կէղնի՞․․․

Եվ մի քանի վայրկյան պատասխանի սպասելուց հետո, նորից հարցրեց․

― Առանց կրոնքի մարդ կէղնի՞․․․

Նա չիբուխը թխկթխկացրեց ծառի բնին, թափ տվեց մոխրից և դրեց գրպանը։ Այժմ նա խղճաց իր առջև կանգնած վշտաբեկ մարդուն։ Եվ նայելով մթությամբ պարուրված նրա կերպարանքին, ուստա Մկրտիչը հանկարծ ժպտաց իր սեփական երջանկության գիտակցությունից։ Խրատներից ավելի ահա թե ինչը կարող էր ներգործել Երանոսի վրա։ Եթե նա տեսներ սրբազան ավանդների պահապան իր մորը, ամուսնացած կնոջ հրաշալի տիպար իր Հեղնարին, տան ուրախություն ու զարդ ութ տարեկան իր Գալուստին, եթե նա գոնե մի անգամ լիներ իր ընտանեկան խաղաղ հարկի տակ և տեսներ, թե որքան բախտավոր կարող է լինել մարդը, նա անպայման կնախանձեր բարի նախանձով և կազատագրվեր այդ չլսված կախարդանքից։ Երանոսը լավ մարդ է և ափսոս է նա։

― Էրթանք, Երանոս, ես քեզի զինի պիտի պատվեմ։

Ուստա ջան, ես շատ շնորակալ եմ։ Հիմի ախպերս պիտի գա։ Ընձի օր իստեղ չտեսնի, անհանգիստ կէղնի։ Մարդ է, մտքեն հազար բան կրնա անցընե։ Էղավ չորս օր, օր տուն չեմ գնացե։ Մնա մե ուրիշ անգամըմ կուգամ․․․

Ուստան հանկարծակիի եկավ․

― Պատիվս չե՞ս ընդունե․․․

Բոստանչին զգաստացավ, զգաց, որ վիրավորում է ուստային և ստիպվեց համաձայնվել։

― Լավ, ես մե քիչըմ ետև կուգամ, վենձ ախպեր։ Ներող էղի․․․

― Էդ կարելի է։ Իսկ թուրքի կնկա վրա ըսածդ խոսքերն անցած հաշվենք․ հարբած էիր․․․ Տունս՝ Ձորի Բողազն ում օր հարցնես՝ քեզի ցուց կուտա․․․

Հազիվ Երանոսն ուստա Մկրտչին ճանապարհ էր դրել և վերադառնում էր, երբ նրա հոլիկում վառվեց նավթի լամպը։ Եկել էր միջնեկ եղբայրը։

― Էսօր ընչի՞ տուն չէկար, ախպեր ջան, հարցրեց նա մոտեցող Երանոսին։

― Մարդ կար քովս։ Ի՞նչ կա֊չկա տունը։

― Ի՞նչ պիտի էղնի, լավ է։ Մեննակ թե հարս-խանումը շատ անհանգիստ էղավ։ Կերակուր է ղրկե։

― Ես կուշտ եմ, անուշ ջան։ Իսկ հիմի տեղ պիտի էրթամ։ Դուն իստե՞ղ պիտի քնիս։

Չէ, կանանչ պիտի տանիմ քաղաք։

― Հոլիկը հարուր դաստա թարխուն կա՝ էն էլ տար։ Տե, արի դարպազը փակե։ Բարի գիշեր․․․

― Բարի գիշեր, ախպեր ջան․․․

Երանոսը գնաց։


5

Երանոսը քայլեց արագ, որ հասնի ուստայի ետևից։ Ճանապարհը կորած էր մթության մեջ և բոլորովին անմարդ էր։ Տեղ-տեղ, մերթ մի կողմի պատի խոռոչում, մերթ մյուս, խաղաղաձայն հոսում էին աղբյուրները։ Դարպասները փակ էին, և պատերի ետևում անշշուկ էին ծառերը։

Երանոսը քայլերն ավելի արագացրեց։ Ճանապարհից թեքվելով դեպի թուրքական շուկայի փողոցը, նա հանկարծ նկատեց իր առջևից գնացող մեկին։ Հարբածությունի՞ց էր, թե խավարից, նրան այնպես թվաց, թե դա թրքուհին էր։

Երանոսը համարյա վազեց, որ մոտենա և ստուգի, բայց դեռ մի քանի քայլ չարած, առջևից գնացողը նայեց ետ և տեսնելով, որ մարդ է գալիս, չադրան վար առավ գլխից և անհետացավ մի դարպասի ետևում։ Երանոսը նետվեց այնտեղ։

Դա քաղաքի պանդոկներից մեկն էր։ Դրա բակում, մթության մեջ, կանգնած էին հայ գյուղացիների սայլեր, թուրք գյուղացիների արաբաներ, ռուս գյուղացիների ֆուրգոններ՝ անկարգ, խառնիխուռն, խիտ։ Ոչ ոք չկար։ Մարդիկ չայխանայումն էին և գիշերելու սենյակում, որոնք գտնվում էին ձախ պատի տակ՝ դրա ամբողջ երկարությամբ, իսկ եզները, գոմեշներն ու ձիերն ախոռումն էին, որը գտնվում էր աջ պատի տակ՝ նույնպես դրա ողջ երկարությամբ։

Պանդոկում իհարկե ոչ մի կին չէր իջևանում, և թրքուհին ոչ մի դեպքում չէր կարող մտած լինել շենքերը։ Եվ որքան էլ որ նա չադրան վար առած լիներ՝ մթության մեջ տղամարդու նմանվելու համար, բոստանչին իսկույն կնկատեր նրան լծարձակ սայլերի միջև։ Բայց Երանոսը, որ շատ լավ գիտեր պանդոկի ելումուտը, հասկացավ, որ թրքուհին պանդոկ մտավ ոչ թե թաքնվելու, այլ ետևի դռնով դուրս պրծնելու համար։ Եվ նա իսկույն նետվեց դեպի այդ դռնակը, որ բացվում էր զուգահեռ փողոցի վրա։ Այնտեղով դուրս գալով փողոց, բոստանչին արագ նազեց շուրջը։

Փողոցը դատարկ էր։ Ոչ ոք չկար։

Ո՞ւր կարող էր անհետացած լինել թրքուհին այդքան արագ․․․ Հատող փողոցները պանդոկի դռնակից բավական հեռու էին և հազիվ թե կինն արդեն հասած և թեքված լիներ դրանցից այն կողմ․․․ Իսկ շուրջը միայն փակ խանութներ էին։

Հանկարծ Երանոսը կռահեց, որ կինը կարող է մտած լինել եկեղեցի, որը գտնվում էր պանդոկի դռնակից ոչ այնքան հեռու։ Նա արագ անցավ փակ խանութների կողքով և մոտեցավ եկեղեցուն, բայց իսկույն անդրադարձավ, որ այդ ուշ ժամին բաց չի լինում ոչ մի եկեղեցի։

Գուցե թվացե՞լ էր նրան, գուցե չէ՞ր եղել ոչ մի թրքուհի։ Եվ իրոք, ի՞նչ գործ ուներ նա այդ ժամին իրենց թաղամասից դուրս։ Եվ ո՞ւր կարող էր գնալ իրենց թաղամասի հակառակ ուղղությամբ․․․

Մթության մեջ, խանութների դեղին, կապույտ կամ կարմիր փեղկերը երևում էին միանման մուգ գույնով։ Երանոսը քայլեց դրանց խուլ ու մութ շարքերի միջով դեպի քաղաքի գլխավոր փողոցը։

Այնտեղ, գլխավոր փողոցում, վառվում էին էլեկտրական լույսեր և բաց խանութներից գազի լամպերի պայծառ լույսը դուրս էր հորդել փողոց՝ առատ լուսավորելով այն։ Իսկ փակ խանութներն այդ փողոցում ունեին ոչ թե տախտակե փեղկեր, այլ երկաթե ճաղեր, և ներսում շարունակում էր վառվել լույսը, որի պատճառով այդ փակ խանութները նույնպես, թողնում էին զվարթ տպավորություն։ Խանութների վրա կային երկրորդ հարկեր, որ բնակարաններ էին՝ պայծառ լուսավորված գեղեցիկ լուսամուտներով։

Այդ փողոցը շքեղ էր, խանութները՝ ճոխ, բնակարանները՝ հարուստ։ Մայթերով անցուդարձ էին անում շլյապավոր ու փողպատավոր տղամարդիկ՝ ռեդիկյուլավոր և կորսետավոր կանանց հետ թևանցուկ, զբոսնում էին ռուս, երբեմն նաև հայ սպաներ՝ իրենց սիրուհիների հետ, օրորվում էին տուն վերադարձող հարբած գյումրեցիները, անցնում էին կառքեր՝ մերթ կենտ֊կենտ, որ սլանում էին արագ և մարդկանց տանում էին կայարան, երեկույթ կամ այլ տեղ, մերթ զույգ-զույգ և երեք֊երեք, որ գնում էին դանդաղ, կողք-կողքի։ Դրանց մեջ նստած էին լինում հարսանիքավորներ կամ պարզապես խնջույք անողներ, անպայման նվագում էր դաուլ-զուռնան, և բացականչում էր կառքի մեջ կանգնած մեկը՝ թափահարելով մի ձեռքում բռնած շիշը և մյուսում՝ բաժակը։ Փողոցների խաչկետում կանգնած ոստիկանը բեղերն էր ոլորում բավականությունից, բայց լրջանում էր՝ իսկույն և թշերն ուռեցնելով, ծակող սուր ձայնով փչում էր սուլիչը, որպեսզի դադարեցնեն նվագն ու բացականչություններն այդ վայելուչ փողոցում։

Երանոսը նայում էր կանանց՝ թրքուհուն գտնելու հույսով։ Թեև նա միայն մի անգամ էր տեսել նրա դեմքը և այն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան, բայց չէր կասկածում, որ իսկույն կճանաչեր նրան։ Իսկ կինը, որ շարունակ չադրայի մեջ փաթաթված, նույնպես մի անգամ էր նայել բոստանչուն, և այն էլ նայել էր իր չափազանց շփոթված վիճակում, այժմ հազիվ թե ճանաչեր նրան։ Ուստի և, բոստանչին վստահ էր, որ կինն իրենից խույս չէր տա։

Բայց թրքուհին չկար։

Երանոսը, որ մութ փողոցում կնոջ չադրան վար առնելու և խուսափելու ժամանակ չէր կարողացել որոշել նրա հագուստը, այժմ իզուր շտապում էր այս ու այն մենակ կնոջ ետևից և նայում էր նրա դեմքին։ Անցորդները զարմանում էին նրա վրա և երբեմն նույնիսկ վախենում։

Փնտրելով իզուր, նա կտրեց֊անցավ գլխավոր փողոցի լուսառատ և բազմամարդ մասը։ Այժմ նրա երկու կողմերում կային միայն միհարկանի բնակարաններ, որոնց լուսամուտափեղկերն այդ ուշ ժամին արդեն ծածկված էին։ Միայն մի բնակարանի լուսամուտներն էին բաց, և այն էլ, հենց որ Երանոսը մոտեցավ՝ փակվեցին։ Կինը, որ փողոց էր ելել փեղկերը ծածկելու, վրա բերեց կեռերը և զարմացած նայեց բոստանչուն։

Երանոսն զգաց, որ հուզված կամ շփոթված տեսք ունի և զգաստացավ։ Դիմացը Ձորի Բողազն էր և ուստա Մկրտչի տունը հավանաբար հեռու չէր։ Հարկավոր էր կարգի բերել իրեն։

Երևաց մի կառք՝ առանց ձիերի, կառապանի դռան առջև կանգնած։ Մի դարպասի դռնակից դուրս ելան երկու մարդ, նրանցից մեկը բարի գիշեր մաղթեց մյուսին և գնաց, իսկ մյուսը նորից մտավ ներս և դռնակը փակեց։ Հանդիպեց ու ետ մնաց փողոցի անկյունում կանգնած մի աղբյուր՝ նույնպես ուստա Մկրտչի կառուցածը։ Լսելի դարձավ Ձորի Բողազով դեպի քաղաք հոսող Գյումրի֊չայի մեղմ խշշոցը։ Երանոսի ոտքերի մոտ գետակը մտնում էր կամարակապ գետնուղին և հոսելով տների ու փողոցների տակով, դուրս էր գալիս քաղաքի մյուս ծայրը՝ բոստանները։

Հասնելով գետակի բաց մասին, Երանոսն իր աջ և ձախ կողմերում, ջրի ափերից մինչև երկնքի բարձր երիզները, տեսավ լանջերի վրա պլպլացող բազմաթիվ կրակներ, որ չէին լուսավորում ոչինչ, և լսեց մի շան տխուր, միակերպ հաչոցը։

Սկսվում էր Զորի Բողազը։


6

Երանոսն ուռիներից մեկից մի ճյուղ պոկեց՝ շների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, և առաջ անցավ։ Մի քանի տնից այն կողմ, քարե մի նեղ սանդուղք ջրափից դիք բարձրանում էր լանջն ի վեր՝ կտրատվելով փողոցների եզրերին և վերջանալով ամենաբարձր փողոցի վրա։ Այնտեղ, իր շրջակա շենքերից ցայտուն զանազանվելով, կանգնած էր երկհարկանի մի բարձր տուն՝ կապույտ ներկած քարաշեն պատերով և ամբողջ երկրորդ հարկի երկարությամբ փայտյա գեղեցիկ, ծածկված պատշգամբով։ Տունը պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Երանոսը գիտեր այդ տունը և բարձրացավ դեպի այն՝ ուստա Մկրտչի տան տեղն այնտեղից իմանալու համար։

Տան առաջին հարկի մի անկյունը մանրավաճառքի խանութ էր, որ նույնպես պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Խանութը դեռ բաց էր և այնտեղ պայծառ լույս կար։ Բոստանչին մտավ։ Վաճառասեղանի ետևում նստած էր ոսկերչի կինը։

― Բարի իրիկուն, հարս֊աբլա, ողջունեց Երանոսը։

Ասսու բարին, ախպեր։

― Ուստա Մկրտչի տունը ո՞րն է։

Ոսկերչի կինն իր արժանապատվությունից ցած համարելով այդպիսի հասարակ ուստայի տան տեղն իմանալը, դեմքը ծռմռեց․

― Ես չիտեմ։ Մեր տան դուռը ծեծե, տղիս հարցու, գուցցե իմանա։

Նույն րոպեին խանութ մտավ տղան։

― Վարոս ջան, ուստա Մկրտչի տունը նշանց տու էս ախպորը, դիմեց մայրը նրան։

Վարոսը ոտից-գլուխ չափեց բոստանչուն և առանց խանութից դուրս գալու, բացատրեց․

― Կիջնիս, կէրթաս ուղիղ՝ մինչի Ջուխ տախպուրը, էնտից էն կողմ՝ վրա չորս տունն է։

Երբ Երանոսը դուրս ելավ խանութից և գնաց, խանութում վառվող մեծ լամպի լուսավորությունից հետո հեռու և մոտիկ պլպլացող կրակները նրան թվացին այնքան մանր, և դրանցով լուսավորվող Ձորի Բողազն այնքա՛ն մութ․․․


7

Ուստա Մկրտիչը դուռը բացեց․

― Նես համմեցի, Երանոս ախպեր։ Տունս խո դժվար չգտա՞ր։

― Չէ, ընչի՞։

Փոքրիկ նախասենյակում, դեմ-դիմաց, գտնվում էին երկու դռներ։ Ուստան բաց արեց դրանցից մեկը և հյուրի հետ մտավ ներս։ Ներսում նա երկու ձեռքով ետ տարավ դռան կանաչ մահուդե ծանր վարագույրները և նորից կրկնեց․

Համմեցի։

Բոստանչին շափխան դրեց նարդու սեղանի վրա՝ դռան մոտի անկյունում, և առաջ գնալով, նստեց։

― Յա՛, զարմացավ ուստան, էդ չէղավ։ Առաջի անգամ աթոռքի վրա նստող ղոնախը վերջի անգամ տանտիրոջ գլխուն կնստի։ Համմեցի, համմեցի թախտի վրա։

― Լավ է, նեղութուն մի քաշե, ուստա ջան։

― Է, ե՞ս եմ տանտերը, թե դուն, կատակեց ուստան։ Իմ տանս մեջ ուրիշի կարգադրութուն չէղնի։

Երանոսը ժպտաց և տեղափոխվեց թախտի վրա։ Հենվեց մութաքաներից մեկին և գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը։

― Շուն խո վրա չհասա՞վ։

― Չէ, լավ պրծա։

Ուստան գնաց դուրս։

Մնալով մենակ, Երանոսը նայեց բուրջը։

Սենյակի մեջտեղում դրված էր ծալովի մեծ սեղանը, որի մի փեղկը բաց էր։ Սեղանի վարդագույն նախշերով սպիտակ սփռոցի վրա առատ լույս էր հորդում առաստաղից կախված չուգունե լամպը՝ սպիտակ մեծ լուսամփոփի տակ։ Լուսամփոփից վերև, սենյակում հաճելի կիսախավար էր։ Երկու լուսամուտների միջև, պատի վրա, չուգունե ոսկեգույն լամպակալով ամրացված էր ևս մի լամպ, որը վառված չէր։ Լուսամուտները ծածկված էին ժանյակավոր սպիտակ վարագույրներով, իսկ անմիջապես ապակիները՝ գունատ-կանաչավուն քողով։ Դուռը ծածկված էր կանաչ մահուդե ծանր վարագույրներով։ Դռան մոտի մի անկյունում նարդու սեղանն էր, որի վրա Երանոսն իր գլխարկն էր դրել, մյուս անկյունում՝ կլոր սեղանը՝ ծածկված ծաղկենկար կարմիր շալով, որի կախ ընկած ծոպերի հետ լուռ խաղում էր կատուն։ Խորքի մի անկյունում դրված էր բուֆետ֊պահարանը։ Բոլոր պատերը ծածկված էին գորգերով, որոնց վրա խփված էին ընտանեկան լուսանկարներ և այլ նկարներ։

Սենյակում կային ուրիշ շատ առարկաներ, շատ մանր֊մունր բաներ, որոնք գեղեցիկ և հաճելի էին դարձնում այն, բայց Երանոսը չզբաղվեց դրանցով։ Ճանապարհին նրան հանդիպած և անհետացած կերպարանքի պատճառով նա դեռ շփոթված էր և մտացրիվ։

Միջանցքում լսվեց ուստա Մկրտիչի ձայնը, որն ինչ֊որ կարգադրություններ էր անում, հետո մեղմ ճռնչաց մյուս սենյակի դուռը։

Երանոսը գրպանից հանեց հորից հիշատակ մնացած սև, փայլուն թութունի տուփը՝ բազմաճառագայթ արևի ոսկեգույն նկարով՝ կափարիչի վրա, և պատրաստվեց ծխախոտ փաթաթել, բայց նույն րոպեին սենյակի դուռը բացվեց ու ծածկվեց, կանաչ վարագույրները հանդարտ գնացին աջ ու ձախ, և դրանց միջև, ոտից գլուխ նույնպես կանաչագույն հագած, երևաց թրքուհին․․․ Երանոսը ցնցվեցի անակնկալից կայծակնահար։ Մի վայրկյան նրան թվաց, թե դա տեսիլ է, կանաչ տեսիլ դռան կանաչ վարագույրների միջև հայտնված։ Սակայն կինն առաջ շարժվեց, և որովհետև Երանոսի հետ դեռ ծանոթ չէր, ապա միայն անցողակի բարևեց գլխով և մոտեցավ պահարանին։

― Թե չար ես՝ խափանվի, ասաց Երանոսը մտքի մեջ սառած հայացքը կնոջից չկտրելով։ Նա շատ էր լսել, որ հաճախ սատանան հրաշալի թրքուհու կերպարանք առած, գալիս է խելքից հանելու մարդկանց, բայց երբեք իր աչքով չէր տեսել այդ և երբեք չէր էլ հավատացել։ Սակայն այժմ, ահա նա կանգնած է իր աչքի առաջ․․․ Թե՞ հարբածությունից էր թվում այդ նրան և սենյակում ոչ ոք չկար․․․― Եթե չար ես՝ խափանվիր, խափանվիր․․․

Բայց եթե մի վայրկյան հնար լիներ ենթադրել, թե դա տեսիլ չէր, այլ ինչ-որ հրաշքով թրքուհին ինքն էր, ապա նա չճանաչեց բոստանչուն, որի շփոթմունքն անշուշտ վերագրեց իր անթերի գեղեցկության թողած տպավորությանը։ Նա նոր էր վերադարձել տուն, որովհետև դեռ դրսի հագուստով էր։ Նա հագել էր վառ֊կանաչ մահուդե երկար ջուբբա՝ մուգ-կանաչ կրծկալով։ Գլուխը ծածկել էր մետաքսե կանաչ թաշկինակով, որի ծայրերը նա թույլ կապել էր ծոծրակի վրա։ Թաշկինակի եզրից ներքև, նրա լայն ճակատը ծածկվպծ էր կանաչ թավիշե ճակատակալով՝ թանթանայով, որը զարդարված էր բազմագույն շալե թելերի քմահաճ շաղ եկած մանր կտորտանքով և որի երկու ծայրերը, քունբերի վրա, վերջանում էին երկու ուռուցվածքներով։ Թանթանայից ներքև, դրա ողջ երկայնքով, գնում էին մարգարիտների մի քանի շարքեր, իսկ դրանցից ներքև՝ երկու շարք ոսկեդրամ՝ յուրաքանչյուր շարքում այնքան խիտ իրար վրա շարած ոսկիներով, որ դրանցից ամեն մեկը հազիվ էր երևում մի նեղ կիսալուսնով։ Քունքերի մոտ, ոսկու համահավասար շարքերի ծայրերին, կախվել էին երկու մեծ ոսկեդրամ, իսկ ճակատի մեջտեղում՝ ավելի մեծը։

Գյումրուհ ու այդ ողջ գլխազարդը ծածկել էր նրա ճակատի միայն վերին մասը՝ ոսկիների և հոնքերի միջև թողնելով ճակատի մի հրաշալի, նեղ շերտ։ Կնոջ վզից, ոսկե նուրբ շղթայով կախված էր մի փոքրիկ ժամացույց՝ նույնպես ոսկե։ Շղթան շատ երկար էր, և կինը մի քանի անդամ այն փաթաթել էր իր բարձր, սպիտակ պարանոցի շուրջը։ Այժմ, երբ նա խոնարհվել էր դեպի պահարանը, ժամացույցը կախ էր ընկել և ճոճվում էր։ Երբ նա շարժում էր՝ գլուխը, նրա գլխի մետաքսե թաշկինակը հուրհրատում էր մերթ կանաչ, մերթ կա պույտ փաղփաղյունով։

Ուշքի գալով, Երանոսն սկսեց տրամաբանել։ Դե, իհարկե, դա ուստա Մկրտչի կինն էր, որ սենյակ էր մտել գործով։ Միայն թե, նա չափազանց նման, էր թրքուհուն․․․

«Իսկ եթե հանկարծ սա թրքուհին ի՞նքն է», անցավ Երանոսի մտքով և նա սարսափեց։ Մեծ է զորությունդ, աստված, այս ի՞նչ մեղավոր մտքեր են անցն ում նրա գլխով։ Վաղը նա կգնա Յոթ-վերք Աստվածածնի եկեղեցին, յոթ մոմ կվառի, յոթանասունյոթ մոմ կվառի իր պղտոր մտքերի մեղքը քավելու համար։ Ինչպե՞ս կարող է ուստա Մկրտչի ընտանեկան սուրբ հարկի տակ ապրող անբիծ կինը լինել նույն այն թրքուհին։ Չէ՞ որ եթե այդ այդպես է, ուրեմն նա թրքուհի է ձևանում և թուրքական թաղամաս է գնում անհասկանալի և անհավատալի գործերի համար․․․ Մեղա՛, մեղա՛ քեզ, աստված․․․

Բայց ինչո՞ւ նստել, տարակուսել և մեղանչել։ Երանոսը կարող է ջուր խնդրել նրանից և փոխանակ դիմելու հայերեն «քուր» բառով, դիմել թուրքերեն «բաջի» բառով։ Եթե «բաջի» խոսքի վրա կինն ինքնիրեն մատնեց, ուրեմն․․․ Մեղա, մեղա քեզ, աստված, հանիր այդ կասկածը Երանոսի սրտից և թույլ մի տա նրան՝ ստուգել իր մեղավոր միտքն ու այդպիսով ավելի մեղանչել․․․

Կինը պահարանի մոտ վերջացրեց իր գործը և ետ դարձավ։ Երբ նա անցավ Երանոսի մոտով, Երանոսը հազիվ կարողացավ տիրապետել իր հարբած ուղեղին՝ չկտրելու համար նրա առաջը՝ ինչպես ցերեկով, և չբղավելու՝ «բաջի՛»․․․ Լավ էր, որ կինն արագաքայլ մոտեցավ դռանը, ետ տարավ կանաչ վարագույրները և անհետացավ դրանց ետևում՝ ինչպես կանաչ տեսիլ․․․

Համարյա անմիջապես դրանից հետո դուռը բացվեց և այս անգամ ներս մտավ ուստա Մկրտիչն իր ութ տարեկան տղայի հետ։

Երանոս ախպեր, ծանոթացի ժառանգիս հետ, իմ ամենաբանձր, ամենավենձ ախպուրիս հետ։ Գալուստ, ձեռքդ տու հորեխպայրին․․․ Էդպես, հիմի, Երանոս ախպեր, ես հաստատ գիտեմ, օր դուն լավ մարդ ես։ Իմ Գալուստս մինչի հիմի հեչ մե գեշ մարդում ձեռք չէ տվե, քովը չէ գնացե։ Իմ անմեղ էրեխիս հոգին իմ որոշիչ աստըղս է․․․

Երանոսն այնքան ցրված էր, որ չհասկացավ՝ կատա՞կ էր անում ուստան, թե՞ լուրջ էր ասում։ Նա նայեց երեխային և շոյեց նրա գլուխը։

― Հիմի, Գալուստ ջան, մե քիչըմ խոսի հորեխպայրի հետ։ Մե քանիմ րոպպե ընձի նորից ներե, Երանոս ախպեր․․․

Եվ ուստա Մկրտիչը նորից ելավ դուրս։

Երանոսը գրկեց երեխային։ Ուրեմն այն կինը տեսիլք չէր, այլ իրականություն․․․ Ահա և նրա տղան՝ նրան անչափ նման։ Երանոսը ձեռք է տալիս նրա սև մազերին, շոշափում է սպիտակ մորթը, նայում է սև աչքերի մեջ։ Եթե իրական է այդ երեխան, ուրեմն իրական է նաև նրա մայրը։ Դրանում կարելի էր բոլորովին չկասկածել, բայց այնքա՛ն անակնկալ էր հանդիպումը, այնքա՛ն կարճատև էր կնոջ այցելությունը և այնքա՛ն մթագնած էր Երանոսի գիտակցությունը։ Զարմանալի մի լույս սփռվել էր սենյակում, իսկ այդ լույսի մեջ կանգնել էր սքանչելի կինը․․․


8

Ուստա Մկրտիչը բացեց ճոխ սեղան։ Նրա մայրը նստել էր թախտի վրա, Երանոսի կողքին։ Ինքը՝ ուստան նստել էր աթոռին՝ մեջքով դեպի դուռը։ Երեխան կլոր սեղանի տակ խաղ էր անում կատվի հետ։

Հեղնարը, ուստայի խնդրով, չէր փոխել իր դրսի հագուստը։ Նա շարունակ ներս ու դուրս էր անում՝ սպասարկելով սեղանը, բայց հետո, երբ դրա վրա ամեն ինչ իր տեղն էր, եկավ և նստեց ամուսնու կողքին՝ Երանոսի դիմաց։

Այժմ վառվում էր նաև պատի լամպը։ Ուժեղ լույսի տակ Երանոսն սկսեց ուշադիր դիտել Հեղնարին։ Կինը հազիվ լիներ երեսունհինգ տարեկան։ Ուներ լիքր մարմին և փոքրիկ, նուրբ ձեռքեր։ Երբ նա խոսում էր ամուսնու հետ, թվում էր, թե ուստան նրա հայրն է, թեև ընդամենը տասը տարվա տարբերություն կար նրանց միջև։

Բոստանչին Հեղնարին նայում էր անվայել չափով երկար՝ անկարող քողարկել իր հիացմունքը։ Ուստան և մայրը կամ չէին նկատում այդ, կամ չնկատել էին ձևացնում, իսկ Հեղնարն անկասկած զգում էր նրա հայացքը, բայց չէր շփոթվում՝ հյուրի ուշադրությունն անշուշտ վերագրելով իր գեղեցկության թողած տպավորությանը։ Եվ նա զարմանալի նման էր թրքուհուն, ավելի նման, քան առաջին անգամ սենյակ մտնելիս․․․

Ուստա Մկրտիչը գինի լցրեց և վերցնելով բաժակը, դիմեց հյուրին․

― Երանոս ջան, կենացդ։ Դուն բարով ես էկե իմ տունս։ Ցանկանք և հուսանք, որ մեր բարեկամութունը երկարատև էղնի։

Կենացդ, ախպեր, ասաց Հեղնարը և բաժակ բարձրացրեց։

Երանոսը նայեց նրա բաժակին, ապա ակներով ոսկե մատանիներ հագած նուրբ մատներին, հետո ջուբբայի լայն թևքին, որի միջից երևում էր կնոջ ձյունափայլ թևը, նայեց դաստակի վրա հագած ոսկե ապարանջանին, որն իր գունատ դեղինով զարդարել էր նրա մաշկի սպիտակությունը։ Երանոսին թվում էր, թե հիմա ինքը վար կշպրտի բաժակը, «բաջի» կբացականչի և կընկնի նրա ոտները։

― Կենացդ, օղուլ, լսվեց ուստա Մկրտչի մոր ձայնը։

Բոստանչին սթափվեց և հայացքը շուռ տվեց այն կողմ։

Ամմենքեդ էլ շնորակալ եմ ձեր քաղցր հյուրասիրութան հմար։ Մկրտիչ ախպեր, շնորակալ եմ քու բանձր պատվիդ հմար, օր դուն ընձի ցուց կուտաս․․․

Երբ բոստանչին սկսեց խոսել, Հեղնարն իսկույն լարվեց, կենտրոնացավ, կարծես ուզում էր ճանաչել հյուրի ձայնը, բայց և իսկույն հանդարտվեց։

Խոսելիս բոստանչին մի քանի անգամ նայեց նրան և սոսկաց, թե հանկարծ, ո՞վ գիտե, գուցե իրոք, նա թրքուհին է։ Ուստի և նա վախով էր սպասում, թե երբ էր ուստա Մկրտիչը նրան ներկայացնելու իր ընտանիքին՝ հիշատակելով, իհարկե, նրա բոստանչի լինելը։ Չուզենալով ճանաչվել Հեղնարի կողմից, նա պատրաստվում էր ընդհատել ուստայի խոսքը։ Սակայն ուստան ոչինչ չէր ասում։ Ըստ երևույթին դեռ սեղան նստելուց առաջ էր նա իր մորը հայտնել հյուրի ով լինելու մասին, իսկ Հեղնարին հարկ չէր համարել հայտնել ոչինչ։

Երկրորդ բաժակն առաջարկեց ինքը՝ Երանոսը։ Նա գնաց կլոր սեղանի մոտ, բերեց այնտեղից երեխային, նստեցրեց իր ծնկանը և ասաց․

Ես էս անմեղի կենացը կխմեմ ամմենեն առաջ։ Դուն, խանում֊աբլա, էս տան վենձն ես ու բազում տարի քուկդ է էղե ամենավենձ պատիվը։ Պատիվը հիմի էլ է քուկդ, հմը էգվանն էս մարդունն է։ Էգվան մարդիկ բոլորիս մտեհան պիտի էնեն, էսոր պիտի պատվեն։ Ուստա Մկրտիչ, թե դուն քու շնորքեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր հարգողը քեզի հարգած կէղնի։ Հեղնար քուր, թե դուն քու սիրունութենեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր էրնակ տվողը քեզի էրնակ տված կէղնի։ Ծնողքը պիտի ապրի իրան զավակի մեջ։ Գալուստ ջան, ես քու անվանդ միտքն ըսեմ քեզի, հմը մտեհան չկնես․ Գալուստ՝ էդ էն է, օր պիտի գա․․․

Երեխան ժպտաց և նայեց մորը։ Մայրը խանդաղատանքով վեր կացավ տեղից, մոտեցավ թախտին և ամուր գրկեց նրան։ Կնոջ թևը մի վայրկյան շփվեց Երանոսի ձեռքին։ Երանոսը ցնցվեց կնոջ ջերմությունից և բաժակը դրեց վար։

Քուր․․․

Բոստանչին կարկամեց։ Բառը դուրս էր թռել ինքնաբերաբար։ Ինչո՞ւ դիմեց նրան, ի՞նչ ուներ ասելու․․․

― Քուր, կրկնեց նա այնուամենայնիվ՝ բաժակը նորից վերցնելով, Մկրտիչ ախպերս առավոտվընե-իրիկուն տունը չէ, մերս էլ պառավ կնիկ է․․․

Հեղնարը հանկարծ գունատվեց։ Ո՞վ գիտե, ի՞նչ վերջավորություն էր սպասում նա հյուրի խոսքերին․․․․

― Դուն ինքդ պիտի վենձըցընես էս ճուղը, շարունակեց Երանոսը։― Էնպես էրա, օր էնիկ միշտ դալար մնա ու պտուղ տա․․․

Հեղնարը Ժպտաց, համաձայնաբար գլխով արեց և ի շնորհակալություն՝ ակնածանքով նայեց ամուսնուն։ Ուստան պայծառացավ։ Երանոսը նայեց նրան և իր ամբողջ հոգով նախանձեց նրա երջանկությանը և իր ամբողջ հոգով ցավակցեց նրա դժբախտությանը․․․


9

Եկավ ժամանակը, երբ պետք էր խմել Հեղնարի կենացը։ Երանոսը նայեց լիքը բաժակին և մտքի մեջ ընկավ։ Ի՞նչ ասել բաժակի վրա․․․ Ակնարկե՞լ Հեղնարին, որ ինքն այն բոստանչին է, որը գիտե նրա գաղտնիքի մի կեսը և գուշակում է մյուս կեսը։ Կամ գուցե հասկացնե՞լ տալ ուստա Մկրտչին, որ նրա կինն ունի մի սոսկալի գաղտնիք, չլսված ու չտեսնված մի մութ պատմություն․․․

Բայց ինչպե՞ս․․․ Չէ՞ որ Երանոսը դեռ ինքն էլ չի կարողանում հավատալ այդ բանին, թեև Հեղնարը մի կաթիլ ջրի պես նման է թրքուհուն։ Կարող է պատահել, որ դա հրաշք է։ Հրաշքն ավելի է հավատալի, քան այդպիսի չլսված խայտառակությունը․․․ Իսկ ինչպե՞ս հավատալ հրաշքի հիմա, երբ ողջ կյանքում ոչ տեսել ես, ոչ հավատացել․․․

Գուցե ստուգելն ավելի՞ լավ է․․․

Սակայն այդ միտքը նորից սարսափեցրեց Երանոսին։ Եվ դեռ ոչ մի որոշում չընդունած, նա վերցրեց բաժակն ու ոտքի կանգնեց։ Մի րոպե մնաց լուռ, աչքերը փակ, ապա շշնջաց․

― Ընտանիքի պատիվը սուրբ է․․․ Հմը սերն էլ է սուրբ․․․ Ո՞րն է ավելի սուրբ՝ ասպած գիտե․, Վով ընտանիքի պատվի հմար իրան սերը սըպանե՝ իրան կսրպանե․․․ Վով սիրու հմար ընտանիքի պատիվը սըպանե՝ ընտանիքը կսպանե․․․ Տա ասպած, օր ամմեն տեղ ընտանիքն ու սերն իրար բռնեն, իրար հետ էղնին․․․

Ուստա Մկրտիչը բոստանչուն լսում էր մեծ գոհունակությամբ։ Նրա մայրը նույնպես, գլխի մերթ ընդ մերթ շարժումներով, տալիս էր Երանոսին իր հավանությունը։

Ընտանիքի պատիվն արեստավորի պես է, շարունակեց Երանոսը, արեստավորի ճակտի պես բաց է, սրտի պես ազնիվ, ձեռքի պես հալալ․․․

Երանոսր հարգանքով լի հայացք գցեց ուստայի կողմը, լռեց մի վայրկյան, ապա շարունակեց․

― Հմը սերը թուրքի կնկա պես է․․․

Հեղնարը կայծակի արագությամբ գունատվեց և ողջ մարմնով սպասողականորեն ձգվեց դեպի հյուրը․

― Թուրքի կնկա պես, սերն էլ չադրի տակ է, օր ոնչ տեսնել է կարելի, ոնչ իմանալ․․․

Ոչ ոք չէր նկատել Հեղնարի գունատվելը։ Երանոսի վերջին խոսքերից հետո, տեսնելով, որ թուրքի կնոջ հիշատակությունն իրեն չէր վերաբերում, այլ միայն համեմատության համար էր, Հեղնարը հանգստացավ և սկսեց խաղալ երեխայի մազերի հետ։

― Ուստա Մկրտիչ, դիմեց բոստանչին նրան, դուն իմ վենձ ախպերս ես։ Թե ըսածիս մեջ սխալմունք էնեմ՝ ներող էղի։ Հմը, ինչքան օր իմ խելքս կհասնի, ես իսպես գիտեմ․ տղամարդն ընտանիքի սունն է, իսկ կնիկը՝ երդիկը։ Սունն իրան գլխու վրա պիտի պահե երդիկը, հմը երդիկն էլ պիտի արգիլե, օր ոնչ թե մեննակ անձրևը չլցվի տունը, այլ նաև օտար աշքը նես չաշե․․․

― Ճշմարիտ է, Երանոս ջան, հաստատեց ուստան, բայց իսկույն դարձավ դեպի մայրը՝ հավանության ակնկալությամբ։

Մայրը ժպտաց և գլխով համաձայնության նշան արեց։

Երանոսը կտրուկ դարձավ դեպի Հեղնարը, բարձրացրեց բաժակը և ասաց․

― Կենացդ, բաջի՛․․․

Մի ուժեղ ճիչ խռովեց սեղանի խաղաղությունը։ Ուստան նետվեց դեպի կինը։ Երանոսը վար գցեց չդատարկված բաժակը։ Ուստայի մայրը թախտից արագ իջավ վար, ոտքը շփոթված քսքսելով հատակի վրա՝ շոշափեց-գտավ բաբուջները, հագավ և նույնպես մոտեցավ Հեղնարին։ Երեխան կանգնել էր մոր մոտ և նայում էր զարմացած։

Անհանգիստ մի էղնի, Երանոս, դիմեց ուստա Մկրտիչը նրան, կանցնի։ Էս մէ ամիսմ է, օր Հեղնարս իսպես է՝ մեկ-մեկ կճչա ու գույնը կքցե։ Վախեցած կէրևնա։ Նստի, ես հիմի կուգամ․․․

Նա չափազանց մեղմ ու զգույշ բռնեց կնոջ ուսերից, վեր բարձրացրեց նրան և տարավ։ Դռան մոտից նա ետ նայեց մորը, որ նույնպես գնում էր երեխայի հետ։

Էրթանք, մայրիկ, վախը բռնե․․․

Դատարկված սենյակում մենակ մնացած Երանոսը նորից լսեց ննջասենյակի դռան ձայնը, որից հետո ամեն ինչ լռեց։ Կատուն անշշուկ անցավ հատակին փռված գորգի վրայով, գնաց նստեց դրա մի անկյունում և աչքերը կիսախուփ, սկսեց մտածել․․․

Երբ ուստա Մկրտիչը նորից մտավ սենյակ, Երանոսն արդեն ծածկել էր շափխան։

― Ո՞ւր, ախպեր։

― Էրթամ, ուստա ջան։ Համ ուշ է, համ էլ քուրըս․․․

Ուստան չպնդեց։ Դրսի դռան մոտ նա սեղմեց բոստանչու ձեռքը և ասաց․

― Ներող կէղնիս, Երանոս ախպեր, պատահմունք է։ Մե ուրիշ անգամըմ ավելի ուրախ բարի գիշեր կսենք իրար․․․

Հեռվում, Ձորի Բողազի բոլորովին անլույս մի անկյունում, մի շուն հաչում էր տխուր, խուլ և միակերպ։ Թվում էր, թե դա արձագանք է, և ոչ թե իսկական հաչոց։

Երանոսը գնաց։

10

Առավոտյան Երանոսին գտան իր հոլիկի դռան առջև, թախտի վրա պառկած, դանակը կրծքի մեջ։ Քրեական և բժշկական քննությունն այդ դեպքն արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված ինքնասպանություն։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հեղնար աղբյուր"

Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Электричество в деревне Малишка, 1969 год.
Электричество в деревне Малишка, 1969 год.
Играть онлайн