Мкртич Армен

Հեղնար աղբյուր

Գլուխ առաջին

1

Քաղաքի բնակիչների նախահայրերը տասնյակ տարիներ առաջ եկել էին Փոքր Ասիայի քաղաքներից և իրենց հետ բերել էին յուրաքանչյուրն իր ծննդավայրի պատկերը, հայերը՝ Կարինի, հույները՝ Իզմիրի և թուրքերը՝ Պոլսի։ Յուրաքանչյուրն իր թաղամասը կառուցել էր այդ պատկերի համաձայն։

Փողոցներն ուղղաձիգ էին ու լայն, շենքերը միհարկանի էին՝ սևաքար պատերով, որ ունեին դռների ու լուսամուտների կարմրաքար զարդաշրջանակներ։ Յուրաքանչյուր սև քարի սահմանները երիզված էին սպիտակ բարակ գծերով և այդպիսով պատի սևությունն առնված էր զվարթ սպիտակ ցանցի մեջ։ Մանր փոշին, ժամանակի ընթացքում ներծծվելով ծակոտկեն քարերի մեջ, դրանց երբեմնի թարմ սևությունը դարձրել էր գունաթափ և նույնպես զվարթ։

Դռները նեղ էին և բարձր, միափեղկ և կամարաձև։ Կամարն իրենից ներկայացնում էր գռան վերևում տեղավորված կիսաշրջանաձև լուսամուտ՝ միջանցքը լուսավորող։ Դռներից շատերի առջև կար սալահատակված փոքրիկ բարձրություն՝ քարե երկու-երեք աստիճաններով։

Բնակարանների լուսամուտները նույնպես կամարաձև էին, ունեին գունավոր ներկված արտաքին փեղկեր, դրանց ետևում՝ երկաթավանդակներ։ Լուսամուտների շրջանակափեղկերը բացվում էին դեպի ներս։

Բնակարանի դռան կողքին բակի դարպասն էր՝ մեծ ու երկփեղկանի, փեղկերից մեկի վրա փոքրիկ դռնակով։ Բայց ավելի հաճախ բնակարանի դուռը գտնվում էր ոչ թե դարպասի կողքին, այլ ներսում՝ բակում։

Տարբերությունները տների միջև աննշան էին։ Եկվորները, յուրաքանչյուրն իր հետ բերած լինելով իր ծննդավայրի պատկերը, բոլորով միասին բերել էին համարյա նույն պատկերը։ Եվ ահա, այնտեղ, որտեղ առաջ մի հնադարյան գյուղ էր ընկած, փռվել էր եկվորների քաղաքը, որի միասնական անունն էր Գյումրի։ Այնտեղ հայերը բռնում էին քաղաքի մեծ մասը, իսկ հույներն ու թուրքերը՝ մեկական թաղամաս։

Անցել էին երկար տարիներ, մեռել էին եկվորները, աճել ու մեծացել, ծերացել ու մեռել էին նաև նրանց հետ եկած զավակները, որոնց հիշողության մեջ ելից աշխարհը լոկ տարտամ, մանկական պատկեր էր։ Իսկ թոռները, որ ծնվել էին այդ նոր քաղաքում, չունեին նույնիսկ այդ տարտամ պատկերը։ Նրանք արդեն իսկական գյումրեցիներ էին։ Նրանք ելից աշխարհի մասին լսել էին լոկ իբրև ինչ-որ հին պատմության՝ իրենց չվերաբերող, իրենցից այնքան հեռու, որքան որ հազար ու մեկ գիշերները։ Իսկ նրանց զավակներն ու թոռներն արդեն այնքանն էլ չգիտեին, որ ապրում էին Կարինին, Իզմիրին և Պոլսին շատ նմանվող թաղամասերում։

Ցարական չինովնիկները, որ տիրում էին քաղաքը, երբեք չէին կարողացել թափանցել դրա կյանքի խորքը, չէին կարողացել իրենց գորշ երանգը սրսկել դրա մեջ։ Իսկ այն, որ փողոցներում կանգնած էին ոստիկաններ և քաղաքի շրջակա զորանոցներում և բերդում կային զորքեր, դա միայն օղակ էր՝ կյանքի շուրջը հագցված։ Դրա մեջ Գյումրին ուներ իր սեփական գույնը, որը և համառորեն պահպանում էր։

Քաղաքի հարավ-արևելքում կտրուկ վերջանում էին բոլոր փողոցները և սկսվում էր մի ճանապարհ, որը ձգվում էր երկու երկար, քարե պատերի միջև։ Պատերն անընդհատ էին, և դրանց վրա, իրարից բավական հեռու, կային միայն դարպասներ, համարյա միշտ փակ։ Դրանցից մի քանիսի կողքին, քառանկյունի խորության մեջ, կային աղբյուրներ։ Պատերի անմիջապես ետևում, պատերին զուգահեռ, կանգնած էին բարձր բարդիների շարքեր, իսկ բարդիների ետևում փռված էին բոստանները։

Այդ ճանապարհը ոլորապտույտ գնում էր դեպի դիմացի բարձրավանդակը, որի լանջի մոտ բոստաններն ու դրանց պատերը վերջանում էին։ Այնուհետև ճանապարհն արձակ լանջով բարձրանում և գնում էր դեպի հեռու գերեզմանոցը, որը չէր երևում, լանջն իր բարձրությամբ ծածկում էր այն։

Այդ լանջի վրա, որտեղ այժմ ոչինչ չկար, մի ժամանակ փռված էր քաղաքի թուրքական թաղամասը։ Համաշխարհային պատերազմի ժամանակ ցրիվ էին եկել դրա բնակիչները, իսկ հետագայում հետզհետե քանդվել էին շենքերը, և քաղաքը զրկվել էր մի ամբողջ թաղամասից։ Այժմ այնտեղ, քարքարոտ հողի վրա, բսնում էր կարճ, դեղնավուն խոտը և հետք անգամ չէր մնացել նախկին բնակավայրից։ Եվ դատարկ լանջն այժմ թվում էր այնքան փոքր, որ անհնար էր պատկերացնել, թե առաջ այդտեղ փռված էր եղել մի ողջ թաղամաս՝ իր տներով, բակերով, փողոցներով․․․

Իր առանձին, փակ կյանքով ապրող թաղամաս էր դա։ Ցերեկները դրա խաղաղ փողոցներում մարդիկ քիչ էին երևում։ Երբեմն միայն հայտնվում էր չադրայով փաթաթված մի կին, որ մոտենում էր որևէ դռան և չխկչխկացնում էր երկաթե թակը կամ մի ահագին բանալի էր պտտեցնում դրա ժանգոտ փականքի մեջ։ Դուռը կիսաբաց անելով, կինը մտնում էր ներս և իսկույն փակում։

Երբեմն տներից մեկից դուրս էր գալիս մի աղջիկ՝ նույնպես չադրայով փաթաթված։ Նրա ձեռքից կախված էր լինում պղնձե ջրաման գյուգյումը՝ երկար և կեռ խողովակով։ Գյուգյումի դուրսը դեղին էր լինում, ինչպես գունատ ոսկի, իսկ ներսը՝ գորշ, ինչպես գունատ արծաթ։ Պատահում էին նաև գյուգյումներ մուգ բրոնզե, որոնց վրա արաբական տառերով խիտ փորագրված էին լինում խոսքեր՝ ջրի, սիրո և աշխարհի մասին։

Փոքր ու կլոր փափախները դեպի աչքերր թեքած, թաղամասի փողոցներով անցնում էին թուրքերը։ Նրանք քայլում էին տների զույգ շարքերի միջով, ապա հանկարծ, մի թևի վրա, ընդհատվում էր տների մի շարքը, մի քանի հարկերով իրարից ցած երևում էին թաղամասի մյուս փողոցների տափակ կտուրներր, ավելի ներքևում՝ բոստաններր, ապա հեռվում՝ քաղաքը, որն սկսվելով բոստանների մոտից, տարածվում էր լայն ու հեռու։ Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը, թեքվելով, դուրս էր գալիս քաղաքի առաջին փողոցի վրա, որը թուրքական շուկան էր։ Այնտեղ էին գտնվում նաև թուրքերի աշխանաները, չայխանաները և ղայֆախանաները։

Ինչպես քաղաքի մյուս շուկաներում, այնպես և այնտեղ շարունակ խռնված էին լինում հայեր, հույներ, թուրքեր։ Նրանք աշխատում էին, վաճառում, թեյ կամ սուրճ խմում, նարդի խաղում և խոսում Գյումրու երեք լեզուներից որով էլ ցանկանային, բայց մեծ մասամբ՝ հայերեն։ Հատուկ աչք էր հարկավոր՝ հայերին, հույներին և թուրքերին իրարից զանազանելու համար։ Իսկ զանազանելիս տարբերությունները լինում էին անկարևոր, աննշան։ Նրանք բոլորր մի Ժողովուրդ էին՝ գյումրեցի արհեստավորների ժողովուրդը։ Ուստա Մկրտիչը թուրքերի մոտ «Մկրտիչ ախպեր» էր, թուրք Ռահմանը հայերի մոտ՝ «Ռահման ջան», իսկ հույն Աթանասը բոլորի մոտ՝ «տնկոզ Աթո»։ Սակայն մի թուրք՝ Իբրահիմ անունով, իր ղայֆախանան բացել էր ոչ թե շուկայում, այլ իրենց թաղամասում, որտեղ միայն բնակարաններն էին։ Նա այդ ղայֆախանան բացել էր, իհարկե, միայն թուրքերի համար և դա չէր թաքցնում ոչ հայերից, ոչ հույներից։

Է , դուք խո գիտե՞ք, ախպըրտինք, բացատրում էր նա, օր մենք մեր Գյումրի քաղաքը մզկիթ չունինք։ Վո՞վ իմանա, մեկ էլ տեսար, մոլլեն ուզեցավ, օր կրոնքից խոսի, յա թե չէ՝ շարիաթին հակառակ գնացող մե մուսուլմանիմ դատը պիտի կտրենք։ Լավ կէղնի՞, օր բազարի մեջ ձեզի ըսենք՝ ախպըրտինք, դուս էկեք խայֆախանեցեն, առանձին գործ ունինք․․․ Էդոր հմար էլ, մեր մայլի մեջ էդ տեսակ մի տեղըմ մեզի հարկավոր էր․․․

Եվ նայում էր Իբրահիմը հանցավորի նման։ Բայց ոչ միայն նա, այլն նրա զրուցակից հայերն ու հույներն էին կախում գլուխները։ Ամաչո՞ւմ էին նրանք, թե՞ լուծում էին փնտրում, թե այդ ինչի՞ց էր, որ չնայած իրենց այդքան մտերմությանը, այնուամենայնիվ հարկավոր էր առանձին հավաքատեղ ունենալ, անհրաժեշտ էր տարբեր թաղամասերում ապրել, և իրար հետ չէին կարող ամուսնանալ ոչ միայն մահմեդական թուրքն ու քրիստոնյա հայը, այլև հույնն ու հայը, որոնք երկուսն էլ քրիստոնյա էին։ Ավելին՝ իրար հետ չէին կարող ամուսնանալ երկու հայեր, եթե նրանցից մեկը լուսավորչական էր, իսկ մյուսը՝ կաթոլիկ․․․ Ամաչո՞ւմ էին նրանք, թե լուծում էին փնտրում, թե այդ ինչի՞ց էր, որ թուրքը չէր ուտում հայի մորթած միսը, հայը՝ թուրքի պատրաստած պանիրը, մինչդեռ նույն թուրքն ու հայը խմում էին նույն սուրճը, ուտում էին նույն լավաշը․․․ Միաժամանակ, նրանք խորշում էին միմյանց ամանից ջուր խմել, իրարից ջրաման չէին վերցնում և չէին տալիս, չպղծելու համար, իրենց համոզմունքով՝ իրենց շրթունքները, ամանի տիրոջ համոզմունքով՝ ամանինը․․․ Այդ ամենը նրանց տարօրինակ էր թվում, բայց քանի որ նրանք վաղ մանկությունից էին սովորել դրանց, ուստի և, թուրքի պանիր ուտելու լոկ միտքը տհաճություն էր պատճառում նրանց, իսկ թուրքի հաց չուտելու միտքը՝ զարմանք․․․

Թուրքական թաղամասը, լանջի երկարությամբ ձգվելով, բոստանների վերևում իր մի ծայրով միանում էր հունական թաղամասին և հայկական քաղաքին։ Միացման այդ կետում գտնվում էր քաղաքի ամենամեծ բաղանիքը, որտեղ նորից նույն անիմաստ խտրության շունչն էր։

Բաղանիքն արևելյան սովորական բաղանիք էր՝ սևաքար պատերով, հանդերձարանի և լողարանի վրա երկու մեծ գմբեթներով։ Արտաքին դուռն ուղղակի բացվում էր հանդերձարանի վրա, որի կենտրոնում, բարձր գմբեթի մանրիկ լուսամուտների մեղմ լույսի տակ, սևաքար կլոր ավազանն էր՝ բարձր պատերով և կենտրոնում՝ ջուր հորդող կարմրաքար գուռով։ Պատերի, տակ կային բարձր ու լայն թախտեր, որ շրջանակել էին հանդերձարանը և ընդհատվում էին միայն դռների մոտ։ Թախտերի առջևամասերից վեր էին բարձրանում փայտե սյուներ, սյուներից մինչև պատ կապված էին պարաններ, որոնց վրա միասին բաղանիք եկած կանանց խմբերը կամ ընտանիքները կախում էին սավաններ՝ այդպիսով թախտի մասերը դարձնելով առանձին օթյակներ։ Դրա մեջ իհարկե վատ բան չկար։ Վատը և անհեթեթն այն էր, որ դա միայն հայերի և հույների հանդերձարանն էր։ Թուրքերն ունեին իրենց հանդերձարանը, որի դուռը գտնվում էր լողարանի դռան դիմաց։ Սենյակը նեղ էր ու երկար և ձգվում էր դռնից դեպի աջ և ձախ։ Այնտեղ, բացի երկու երկար թախտերից, որոնք առանձին մասերի չբաժանված, մերկ և միապաղաղ ձգվում էին ծայրեծայր, ուրիշ ոչինչ չկար։ Սենյակն իր լույսն ստանում էր ծայրի պատերի լուսամուտներից, բայց հայերի և թուրքերի հանդերձարաններն իրարից բաժանող պատի վրա, դռան երկու կողմերում, համարյա անկյունների մոտ, կային երկու ցածր ու լայն բացվածքներ։ Լույսի համար չէին դրանք անշուշտ, որովհետև թուրքերի հանդերձարանն ուներ սենյակի մերկությունն ավելի ընդգծող առատ լույս, իսկ հայերի հանդերձարանի գեղեցիկ կիսախավարին հարկավոր չէր ուրիշ լուսավորություն։ Ինչի՞ համար էին դրանք՝ չէր կարելի ասել։ Հայ երեխաներն իրենց հանդերձարանի թախտերի վրայից, և թուրք երեխաներն՝ իրենց, հանվելիս կամ հագնվելիս հաճախ նստում էին այդ բացվածքների գոգը և խաղ էին անում իրար հետ։ Այդպիսի դեպքերում արագ մոտենում էր նրանցից մեկնումեկի մայրը և իր երեխային քաշում էր հեռու։ Քիչ հետո, նույն երեխան, թախտի վրա չոքած, արմունկները բացվածքի գոգին հենած, լուրջ ու մտազբաղ նայում էր այն կողմ, որտեղ մայրը հագցնում էր նրա հասակակցին։ Նայում և իր մանկական ուղեղում գուցե արդեն հարց էր տալիս, թե արդյոք ինչո՞վ են իրենից տարբերվում նրանք, ովքեր գտնվում են այդ անիմաստ պատի մյուս կողմում․․․

Այս կողմում մի հայ կին երգում էր։ Իսկ այն կողմում, թուրք երեխայի տատը, հանվելիս քթի տակ կամացուկ ձայնակցում էր նրան, և երբ ուժ էր անում՝ բոխչան քանդելու և թասն այնտեղից հանելու համար, նրա երգի անորոշ մրմունջից բարձրաձայն թռչում էին նույն հայերեն բառերը։ Թե այն կողմում և թե այս, նույն փարխաջներն էին՝ «դեղին», «փախր» կամ «թութիա», նույն փեշտըմալները, նույն նալընները, նույն շիրին֊չայը, որ վաճառում էր մեծ հանդերձարանի մի օթյակում իր ինքնաեռն ու բաժակ-ափսեները ցուցադրած չայչի կինը, նույն գաթան էր, հալվան, փախլավան, որ կանայք բերում էին իրենց հետ, տնից՝ նույնանման բոխչաների մեջ կապած․․․

Լողարանում նույնպես թրքուհիներն ունեին առանձին սենյակ։ Մեծ լողարանի մի թևի վրա գտնվում էին տախտակե երկու բարձր ու նեղ դռներ՝ խնամքով ծածկված։ Դրանցից մեկի ետևում գոլորշու երկար ու նեղ սենյակն էր, իսկ մյուսը, նույնպես երկար ու նեղ՝ թուրքերի լողարանը։

Հանդերձարանից մտնելով մեծ լողարան, թրքուհիները գլխակախ գնում էին դեպի իրենց դուռը՝ չհասկանալով, թե ինչո՞ւ էր այդ այդպես։ Իսկ հայուհիներն ու հույն կանայք, գուռերի մոտ կամ գյոբակ֊դաշու՝ կենտրոնի շրջանաձև տափակ մեծ քարի վրա նստած, նույնպես տարակուսում էին և գլուխները կախում։ Վերևից, բարձր գմբեթի քրտնած քարերից, մի սառը կաթիլ ընկնում էր որևէ կնոջ վարդագույն, լիքը ուսի վրա և փլչում, բայց նա, մտքերով տարված, չէր էլ զգում այդ և չէր սրսփում։

Եվ այդպես ապրում էին կողք-կողքի հայերը, հույները, թուրքերը՝ այնքա՛ն բանով իրար մոտ, բայց և այնքա՛ն բանով իրարից հեռու․․․


2

Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով դեպի թուրքական թաղամաս էր գնում չադրայով փաթաթված մի թրքուհի։ Արևոտ, շոգ կեսօր էր, և կինն ըստ երևույթին հոգնել էր։ Չադրայի նուրբ ծածկոցի տակ նրա գեղեցիկ մարմնաձևերը փխրվում և նորից էին գոյանում խոնջացած շարժումներով և միաժամանակ՝ անհանգստությամբ։ Բայց երբեմն թվում էր, թե ճանապարհն ու շոգը չեն նրան տանջողը, այլ մի ուրիշ, ներքին պատճառ։ Անհավանական էր թվում, որ նրա գեղեցիկ և ամուր սրունքները հոգնած լինեին, թեկուզև նա եկած լիներ քաղաքի մյուս ծայրից։ Նաև անհավանական էր թվում, որ նրա ջահել, առույգ կազմվածքը նվաղեր այդ ավելի շուտ հաճելի, քան թե այրող արևից։ Իսկ այն, որ նա խմել էր ուզում և շարունակ շուրջն էր նայում՝ աղբյուր գտնելու, նույնպես ապացուցում էր նրա ոչ թե մարմնական, այլ հոգեկան տապը, որովհետև նա փնտրում էր չափազանց տենդահար, չափազանց հուսահատ։

Վերջապես նա տեսավ մի սովորական աղբյուր՝ պատի քառանկյունի խորության մեջ։ Արագ մոտենալով և չադրան երեսից ետ տանելով, նա ձգվեց դեպի խողովակը։ Բայց հազիվ էին նրա շրթունքները հպվել փայլուն մետաղին, երբ ջուրը կտրվեց։ Կինը ճչաց և սարսափած ետ քաշվեց։

Նույն րոպեին աղբյուրի կողքին գտնվող դարպասի դռնակը բացվեց և մի հայ տղամարդ դուրս եկավ այնտեղից։

― Մի վախենա, բաջի, ասաց նա թուրքերեն,― ախպուրը ես կտրեցի։ Ջուրը դարցուցի, օր բոստանս ջրեմ։ Ներող էղի, բաջի, ես չիտեի, թե խմող կար։ Ահան կերթամ՝ կբանամ

Պետք չէ․․․ ասաց թրքուհին և նոր միայն զգաց, որ իր երեսը բաց է։ Նա արագ վրա քաշեց չադրան, չադրայի եզրերը բռնեց իր նուրբ ձեռքերով և շտապ հեռացավ։

Բոստանչին մնաց իր տեղում կանգնած՝ թրքուհու ետևից նայելով։ Նրան կայծակնահար էր արել կնոջ սքանչելի գեղեցկությունը։ Նույն երեկո նա իր մոտ հրավիրեց աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտչին և չափազանց առատ վարձատրելով նրան, խնդրեց ուրիշ ջուր բերել իր բոստանի համար, որպեսզի աղբյուրը դրսում հոսի անընդհատ և հավիտենական։


3

Թուրքական թաղամասի մի խաղաղ անկյունում, որտեղ երեք կողմից երեք խուլ պատեր շրջապատել էին մի փոքրիկ հրապարակ, իսկ չորրորդ կողմից փողոցն էր անցնում, սաղարթախիտ մի քանի ծառերի տակ կանգնած էր թաղամասի աղբյուրը։ Դա սևաքար մի փոքրիկ շինություն էր՝ ութանկյուն և գմբեթածածկ։ Ութ պատերից մեկի վրա աղբյուրի խողովակն էր իր պայծառ ջրով, իսկ խողովակի վերևում, մի կարմիր քարի վրա, հայկական, հունական և արաբական տառերով փորագրված էր ուստա Մկրտչի անունը։ Մյուս յոթ պատերի վրա արաբական տառերով փորագրված էին յոթ իմաստություններ։

Թրքուհիներն աղբյուր էին գալիս թեթևաքայլ ու հանդարտ՝ կարծես երազի անմարմին էակներ։ Ջուր լցնելիս նրանք չէին խոսում իրար հետ, լուրջ էին և մտասևեռ։ Եվ աղբյուրը նույնպես, հոսում էր խաղաղ ու անձայն՝ զգուշանալով խախտել համատարած անդորրը։

Թրքուհին, որ ավելի հոգնած ու ծարավ էր երևում, քան քիչ առաջ, եթևաց փողոցի ծայրում։ Տեսնելով աղբյուրը, նա եկավ դեպի այն։ Երբ նա մոտեցավ, կանայք հարգանքով ետ քաշվեցին և մեկը նրան ջրաման առաջարկեց։ Թրքուհին ջրամանը չվերցրեց։ Շրթունքները մոտեցրեց խողովակին՝ խմելու, բայց հանկարծ ճչաց ու ետ քաշվեց։

Ի՞նչ էղավ, վախեցան բոլորը, ի՞նչ էղավ, խանում․․․

Թրքուհին կանգնել էր սփրթնած ու դողահար։ Նա անթարթ նայում էր աղբյուրին, որից ջուրը շարունակում էր հոսել վճիտ ու պայծառ։

Ի՞նչ էղավ, խանում, կրկնեց հարցն առանց ջրամանի կանգնած մի տարիքոտ թրքուհի, և նրա աչքերում կար ոչ այնքան հետաքրքրություն, որքան պահանջ։

Հեչ, վենձ բաջի․․․ Ես մտածմունքի մեջ էի․․․ Էդոր հմար էլ, երբ աշքս ընկավ ախպուրի վրա ուստի անվանը, ընձի էնպես թվաց, թե էնտից ընձի տղամարդ աշեց․․․

Եվ մեծ ճիգով փորձեց ժպտալ։

Կպատահի, ասաց տարիքոտ կինը։ Կրնա էղնի՝ հիվա՞նդ ես։

Այս անդամ թրքուհին ժպտաց անբռնազբոսիկ և թախծոտ։

― Սրտի հիվրնդութուն ունիմ, վենձ բաջի․․․

Ըշտը վախենալդ էդորեն է, բացատրեց տարիքոտ կինը։ Հմը դու շատ մի մտածե։ Ում սիրտն օր բարակ է, էնիկ շատ չպիտի մտածե՝ կըսե շարիաթը։

Գիտեմ․․․ հառաչեց թրքուհին, շնորհակալություն հայտնեց և գնաց։

Բոլորը նայեցին նրա ետևից։

Վո՞վ է, հարցրեց մեկը։

Ես մեր բոլոր կնկտոց գիտեմ, հմը էդոր չեմ ճանչե, ասաց երկրորդը։

Էդիկ իրեք օր առաջ էկավ, հաղորդեց տարիքոտ կինը։ Ես բաղնեցեն կուգայի, հանդըպավ Իբրահիմի ղայֆախանեցեն քիչըմ իսդին ու հարցուց, թե կրնա՞ մեր թաղի մեջ քրեհով մե տունըմ բռնե։ Ես ձեռաց մտքես անցուցի Հաբիբեի տունը․․․

Հաբիբեի տո՞ւնը, սարսափած բացականչեցին կանայք։

Հա, մեղքս ի՞նչ ծածկեմ։ Գնացի մոլլիս քովը։ «Մոլլա, ըսի, էս քա՞նի տարի է, որ Հաբիբեի դուռը փակ է, ու մենք կսպասենք էնոր ետ գալուն»։ «Տասսը տարի»։ «Ախր, մոլլա, Մեքքա էրթալ֊գալը մե տարիմ էլ չպիտի քաշեր։ Ըսել է՝ էնիկ մեռել է։ Լավ բան չէ, օր էնոր գուռն էսքան տարի փակ է մնացե։ Մեր կնկտիք հնարել են, թե Հաբիբեն գողտուց ետ է դարցե ու տարեցեմ ավել է, օր գողտուց կապրի իրան տունը։ Իբրև թե, գիշերներն էնոր դռան ետևեն ձեն կուգա։ Բանալ է հարկավոր ու մարդ բնակըռցնել»․․․

Հաբիբեի տո՞ւնը, բացականչեցին կանայք։

Լսեք վերջը։ «Քրեհը կբաժանենք աղքըտներուն, ըսի, կամ թե չէ կհավաքենք ու էդով մեկիմ Մեքքա կղրկենք։ Համ կերթա ուխտ կէնե, համ էլ, վո՞վ գիտե, գուցե Հաբիբեին գտնի ու հետը ետ բերե»․․․ Մոլլես համաձայնվավ․․․

― Համաձայնվա՞վ մոլլեն․․․

Հա։ Էդ կնիկը հիմի էնտեղ կապրի։

Գյուգյումն ընկավ մի կնոջ ձեռքից, և ջուրը թափվեց, Բոլորը քարացան։ Մեկը միայն, հազիվ շշնջաց․

Ալլահի դեմ գործ է․․․ Թե օր խեղճ կնիկն իմանա իրան տան պատմութունը, լեղին պիտի պատռի։ Ինքն էլ էնքան վախլուկ․․․

Իմացավ։ Խնդաց։

― Խնդա՞ց․․․ չհավատալով, կրկնեցին բոլորը։

Հա։ Հանաք էրավ։ Ըսավ՝ ճիշտ է, Հաբիբեն ետ է եկե, Հաբիբեն ես եմ, Ալլահն իմ ուխտս կատարել է․․․

Բոլորը հանգստացած շունչ քաշեցին։

Իգիթ կնիկ, բացականչեց մեկը։

Քա՞նի տարեկան կէղնի, հարցրեց մյուսը։

Եռսընչորս֊եռսընհինգ, ենթադրություն արեց տարիքոտ կինը։

Անունն ի՞նչ է։

Էլի Հաբիբա։


4

Հաբիբայի շենքը թուրքական թաղամասում ոչնչով նման չէր Գյումրու այլ շինություններին։ Այն ոչ թե սև քարից էր, այլ կարմիր աղյուսից և ուներ բոլորովին այլ կառուցվածք։ Դրա անպատուհան և խուլ պատի վրա մշտապես փակ էր փոքրիկ, ամուր դարպասը։ Այնպես էր թվում, թե այն երբևէ չէր կարող բացվել։ Թվում էր, որ եթե բացվեր էլ, դրա ետևում ոչ թե մուտք էր լինելու, այլ նույնպիսի խուլ պատ։

Այն փողոցը, որի վրա գտնվում էր Հաբիբայի տունը, շատ կարճ էր և շարունակ անմարդ, որովհետև ուրիշ ոչ մի բնակարանի դուռ չէր բացվում այնտեղ։ Փողոցն իր երկու ծայրերով դուրս էր գալիս երկու այլ փողոցների ոչ բանուկ մասերի վրա։

Երբեմն, պատահաբար այդ փողոցով անցնելիս, փոքրիկ երեխաները զվարճության համար չխկչխկացնում էին Հաբիբայի դարպասի փակը։ Հարվածների հնչյունները տարածվում էին թնդուն ու խուլ, ինչպես մամռապատ ջրի մեջ նետված ծանր քարերի ձայներ։ Երեխաները վախենում էին դրանից և երկրորդ անգամ այլևս թակը ձեռք չէին վերցնում։

Ինչպես երեխաները, այնպես և մեծերը, առաջվա նման դեռ այժմ էլ շարունակում էին խուսափել այդ տանը մոտենալուց։ Այն, որ հիմա այնտեղ ապրում էր ջահել Հաբիբան՝ ոչինչ չէր փոխել։ Նա նույնքան փակ ու խորհրդավոր կյանք էր վարում, որքան և անցյալում նրա նախորդը։ Ոչ ոք չգիտեր, թե ե՞րբ էր նա տանը լինում, ի՞նչ էր անում, ե՞րբ էր բացակայում, ո՞ւր էր գնում․․․

Ճիշտ է, այդ ամենն այլևս չէին վախեցնում մարդկանց և իհարկե վախը չէր նրանց հեռու մնալու պատճառը։ Այժմ բնակիչները հեռու էին մնում պարզապես այն պատճառով, որ միևնույնն էր, այնտեղ բնակվող թրքուհին անհուսորեն անմատչելի էր նրանց համար։ Թե կանայք, թե մանավանդ տղամարդիկ, այրվում էին հետաքրքրությունից, բայց միջոցներ չգտնելով որևէ բան տեղեկանալու, դադարել էին փորձելուց։ Այն քիչ բանը, որ գիտեին նրանք, վերաբերում էր բնակարանին։ Դուրս էր եկել, որ պառավ Հաբիբան հարուստ կին էր եղել և թողել էր ընտիր կահ-կարասի, զարդեր, հագուստեղեն․․․ Ո՞վ էր եղել նա և ե՞րբ էր եկել Գյումրի՝ ոչ ոք չէր կարող ասել։ Վաղուց մնացած մի ավանդություն էր շրջում մարդկանց մեջ, թե իբր Հաբիբան եղել էր մի հարուստ հնդիկի այրի և ո՞վ գիտե ինչ հեռուներից և ինչի համար էր թողել֊եկել այդ քաղաքում իր վերջին տարիներն անցկացնելու։ Մոլլան նոր բնակչուհուն պատմել էր այդ ավանդությունը, որը նրան շատ էր դուր եկել։ Նա գնել էր Հաբիբայի տան ամբողջ սարքուկարգը և արդուզարդը, որով պարզվել էր, որ նա ևս, իր նախորդի նման, հարուստ էր։

Այդքանը միայն։

Եվ նորից խուլ էր պատը, և նորից փակ էր դարպասը։

Բայց ահա, արագ քայլերով այդ փողոցը մտավ մի երիտասարդ։ Թեև նա թուրք տղամարդկանց նման փափախ էր դրել և ոչ թե շափխա, բայց ուշադիր նայելիս կարելի էր նկատել, որ հայ էր։ Նա մտավ փողոց, կանգ առավ մի րոպե, ձևացրած անտարբերությամբ նայեց դեսուդեն, և ապահովվելով, որ ոչ ոք իրեն չի նկատել և չի հետևում, շտապ մոտեցավ Հաբիբայի դարպասին և չորս անգամ թակեց։ Սպասեց մի պահ, ապա նորից թակեց չորս անգամ։ Դարպասը կիսաբաց եղավ, երիտասարդը մտավ ներս, դարպասը փակվեց։


5

Երիտասարդն իրեն զգաց լիակատար մթության մեջ։ Դարպասը, որով նա ներս էր մտել, արդեն խուլ փակված էր, և դրա շատ նեղ մի քանի ճեղքերից սպրդել էին միայն արևային բարակ երիզներ, ինչպես նուրբ ոսկեթելեր՝ մթության մեջ կախված, առանց լուսավորելու որևէ բան։

Ի՞նչըղ գտար տունը, ազիզ ջան, վախեցած շշուկով հարցրեց թրքուհին։ Նա հայերեն էր խոսում, և խոսում էր նույնքան լավ, որքան և թուրքերեն։

Քու անուշ հոտովդ գտա, անուշ ջան, քու ամուր քաշելովդ գտա, քաշող ջան․․․

Չէ, դուն ըսա, թե ի՞նչըղ գտար տունը․․․

Աշքերս խփի՝ սերդ ընձի բերեց, անկըջներս խփի՝ ձենդ ընձի բերեց․․․

Չէ, չէ, դուն ըսա, թե ի՞նչըղ գըտար տունը։

― Ի՞նչըղ չգտնեի։ Քու քաղցր լիզվի նկարագրութունով գտա։ Դուն օր ըսիր, թե մեր գաղտնիքի պես փակ տունըմ է՝ էդիկ ընձի հերիք էր։

Նույն րոպեին դարպասի թակն ուժեղ չխչխկաց մի քանի անգամ։ Թրքուհին վախեցած ճիչ արձակեց և կպավ տղային։ Տղան ամուր գրկեց նրան և նրանք շնչները պահեցին։ Բայց թակողը երեխաներ էին, որոնք թակի հնչյուններից վախեցած, շտապեցին հեռանալ ձայն տալով միմյանց։

Զուր տեղը վախեցար, ազիզ․․․

Շատ կվախենամ, ազիզ․․․ Քիչմ առաջ, ճամբու վրա, ծարվըցա։ Մոտեցա ախպուրին՝ ջուր խմելու, ախպուրը ցամքավ։ Մեր բռնած գործն ասսու սրտովը չէ․․․

Մի մտածե, անուշ ջան, դարտակ բան է։

Թրքուհին ձայն չհանեց։

― Էրթանք նես, ասաց երիտասարդը զվարթ ձայնով, տեսնինք մեր սիրու տունը․․․

Թրքուհին նորից ձայն չհանեց։

Էրթանք․․․ կրկնեց երիտասարդը։

Չէրթանք, անուշ ջան․․․․

Եվ թրքուհին աղերսական բռնեց երիտասարդի ձեռքը։

― Չէրթանք, ազիզ, կրկնեց նա, ես կվախենամ․․․ Գեշ բան կէղնի․․․

Ի՞նչ գեշ բան էղնի, բացականչեց տղան, ես սաղ եմ քեզի հմար։ Վո՞վ կրնա բան էնե։ Էրթանք․․․

Ես առաջ մեննակ մարդոցից կվախենայի, հմը հիմի ասսուց էլ կվախենամ։ Վո՞վ է տեսե, որ մարդ ունեցող կնիկը սիրական պաե․․․

Պատասխանելու փոխարեն երիտասարդը նրան վերցրեց իր թևերի վրա, սեղմեց կրծքին և մթության մեջ խարխափելով, փորձեց գտնել դուռը։ Երկու անգամ նրա ձեռքը կպավ դարբասին։ Ոչ, այդ չէր պետք։ Իսկ կողքի պատերը որոնց վրա նա փնտրեց սենյակի մուտքը՝ խոնավ էին ու խուլ։

Ո՞ւրտեղ է դուռը․․․

Կինը սարսափից կարկամած, փորձեց ազատվել նրա գրկից։

Ո՞ւրտեղ է դուռը, ազիզ․․․

Չիտեմ, մի հարցընե․․․

Վերջապես դիմացի պատի վրա տղայի ձեռքը շոշափեց երկաթե մի ունկ։ Տղան քաշեց այն և զարմացավ անսպասելիությունից․ այնտեղ, որտեղ նա սենյակ էր ենթադրում, տեսավ տան պարտեզը։

Փոքրիկ, քառակուսի բակ էր այն։ Պատերի տակ կային սպիտակասալ մայթեր։ Մեջտեղում, մայթերի պռունգներից սկսած, բուսել էին ցածրահաաակ և սաղարթախիտ ծառեր։ Դրանց ճյուղերն այնպես խիտ էին գրկել իրար, որ ամբողջ բակի վկա գոյացել էր կանաչ, խիտ ծածկ։ Տասը տարվա թափված տերևներն իրենց գույնը կորցրած և հողի երանգ ստացած, հաստ ու փափուկ գորգով ծածկել էին ողջ գետինը։ Դրանք թափթփվել էին նաև սպիտակ մայթերի վրա, որոնց վերևում ևս, ծառերն իրենց սաղարթներն էին տարածել։ Բայց սաղարթներն այդտեղ խիտ չէին, և արևի պայծառ ու խոշոր պատառներն ընկել էին մայթերի վրա՝ ավելի շեշտելով կենտրոնի կանաչավուն կիսախավարը։

Պարտեզի կենտրոնում կար սև քարե մի քառակուսի ավազան՝ գետնին հավասար պռունգներով։ Դրա կենտրոնից, կարմրաքար գուռից, բուղխ հորդում էր ջուրը և թափվում ավազան։ Երևում էր, որ ջուրը փակ էր եղել, և թրքուհին նոր էր բացել այն, որովհետև ջուրն ավազանում թարմ էր և չմամռակալած։ Ավազանի շուրջը նկատվում էին ծաղիկների մարգերի հետքեր, որոնք նույնպես ծածկված էին մեռած տերևներով։

Բնակարանը բռնում էր դիմացի ողջ պատը, որ զվարթ֊նարնջագույն աղյուսից էր։ Պտտի կենտրոնում, քառանկյունի խորության մեջ, դուռն էր, դեպի որը բարձրանում էին քարե մի քանի աստիճաններ։ Մուտքի մի կողմում պատն ուներ սպիտակ շրջանակներով երեք սովորական լուսամուտներ, իսկ մյուս կողմում համարյա ողջ պատը բռնել էր մի քառակուսի մեծ լուսամուտ՝ բազմաձև գույնզգույն ապակիներով։

Բակի մյուս պատերն ևս նարնջագույն աղյուսից էին։ Կողքերի պատերի տակ օժանդակ սենյակներն էին՝ նեղ դռներով։ Փողոցի վրայի պատը՝ դարպասի երկու կողմերում, ուներ սրածայր կամարներով երեքական որմնախորշեր՝ սպիտակ սվաղած։ Այդ որմնախորշերում դրված էին տարբերաձև վեց խոշոր սափորներ, որոնց բրոնզն ամբողջովին փորագրված էր արաբական բառերով։

Սաղ Գյումրին էլ օր ոտի կայնի, անուշ, էլի չպիտի կրնընա գտնի մեր ոիրու տունը, բացականչեց տղան։ Հեչ մի վախենա։

Թրքուհին փաթաթվեց նրա պարանոցով։ Տղան իր գրկից բաց չթողնելով նրան, քայլեց դեպի բնակարանի դուռը։


6

Հատակն ամբողջ ծածկված էր գորգերով։ Երեք պատերը, մինչև իրենց բարձրության կեսը, նույնպես ծածկված էին գորգերով։ Իսկ գորգերից մինչն առաստաղ՝ նուրբ մանրանկարներ էին, որոնք տեղ֊տեղ ընդհատվում էին սրածայր կամարաձև որմնախորշերով։ Պարտեզի որմնախորշերի նման, այդտեղ ևս, շարված էին սափորներ, բայց ավելի փոքր, և ոչ միայն բրոնզից, այլև գունազարդ կավից, ճենապակուց, արծաթից։

Առջևի պատն ամբողջովին՝ բազմագույն ապակիներով լուսամուտն էր։ Այնտեղ կային հազար ու մի չափի օղակներ, աստղեր, արևներ, ծաղիկներ՝ բաղկացած մանր ու մեծ ապակիների խայտաբղետ ներդաշնակությունից։ Այնքան բազմագույն էր այդ լուսամուտն իր բազմաձև ապակիներով, որ թվում էր հիանալի մանրանկար, որտեղ վառվող գույները կարծես պայծառ ներկեր լինեին և ոչ թե դրսից թափանցող արևի լույսը։

Առաստաղի չորս անկյուններում կային ուռուցիկ քանդակներ՝ բաղկաղած եռանկյունիներից, որոնք ծածկված էին հայելու կտորներով։ Հայելու նույնպիսի կտորներով էր ծածկված նաև առաստաղի կենտրոնը, որտեղից կախված էր բրոնզե մի մեծ ջահ։

Թե՛ լուսամուտի, թե՛ գորգերի, թե՛ պատերի մանրանկարներն այդ բեկբեկուն հայելիների մեջ անդրադառնում էին գույների ու ձևերի ամենաանհնար կոտրատումներով։

Սենյակի խորքում, գորգերից մեկի վրա թեք ընկած և թևն ասեղնագործ մետաքսե մի բարձի հենած, այդ հայելիներին էր նայում երիտասարդը։ Նրա մոտ, ամոթից շառագունած և ավելի գեղեցկացած, գլխահակ նստել էր թրքուհին։ Վերևից անշարժ կախվել էր ջահը, որի վրա մոմերը չէին վառվել ահա տասը տարի։ Հատակին, կնոջ խոնարհած հայացքի ներքո, փռվել էին գորգի անիմանալի նկարները։

Հանկարծ երիտասարդը նայեց դեպի լուսամուտը և բազմաբղետ լույսն արտացոլվեց նրա աչքերում։ Առանց նայելու կնոջը, նա ձեռքը դրեց նրա ձեռքի վրա և շշնջաց․

Ես կիստըկեմ այգին տասսը տարվա մեռած տերևներեն, ազիզ, թող ուրախ էղնի մեր սիրու տունը։ Ես կնորոգեմ մարգերն ու նորից ծաղիկներ կցանեմ էնտեղ, ազիզ, թող զվարթ էղնի մեր սիրու տունը։ Ես կնոսըրցնեմ ծառերու ճուղքերն արևի հմար, ազիզ, թող պայծառ էղնի մեր սիրու տունը․․․

Հարկավոր չէ, ազիզ, չկամեցողը երդիք կելնի, էնտից կնկատե քեզի։ Թող էսպես մնա․․․

Ես ծառ ու ծաղկի ուստա կկանչեմ, զարդարել կուտամ այգին, ազիզ։ Թող մեր սերը լավ անցնի ու լավի մեջ անցնի․․․

Հարկավոր չէ, ազիզ։ Առանց էն էլ դուն շատ ես մխսե։ Ընչի՞ հմար։ Ես տասսը տարով քեզնեն վենձ եմ։ Դուն ջաել տղա ես, դուն ընձի շուտ պիտի մտեհան էնես․․․ Էսքանն էլ օր էրիր ընձի հմար՝ էքսանն էլ հերիք է․․․

Երիտասարդը ձեռքով փակեց նրա շրթունքները, որ նա այլևս չշարունակի, ապա գրկեց նրան և նայեց նրա մաքուր֊սպիտակ ճակատին։

Դուն տասսը երկնքով ընձնեն բանձր ես, անուշ։ Տասսը տերև բացած ծաղիկ ես դուն։ Տասսը գարուն տեսած աղունիկ ես դուն․․․

Թվաց, թե երիտասարդը մեծ տղամարդ էր, իսկ փարթամ ու լիքը կինը փոքրիկ աղջիկ։ Մնալով մի քիչ այդպես գրկախառնված, կինը հանկարծ տագնապով դուրս եկավ տղայի թևերի միջից, ձեռքը դրեց սրտին և մրմնջաց․

Գեշ բան պիտի էղնի, ազիզ, սիրտս անհանգիստ է։ Մեր սերը երկան տևել չի կրնա։ Կնիկ արարածն էսքան երջանիկ էղնելու իրավունք չունի․․․

Մի խոսի, մի ըսե․․․

Դուն պզտիկ ես, դուն չիտես, գեշ բան պիտի էղնի, հոգի․․․

Տղան մռայլվեց։ Նա իր մազերի գանգուրը ետ տարավ ճակատից, նայեց ջահերի հանգած մոմերին և շշնջաց․

Ընչի՞ մեր սերը հալածված ջեյրանի պես էս տունը մտներ։ Ընչի՞ ամընչեինք մարդոցից ու աշխըրքից։ Ընչի՞, ախր ընչի՞․․․

Կնոջ աչքերը թրջվեցին արցունքից։ Տղան շարունակեց․

Աշխարքը կթքե մարդուց բաժնըվող կնկա երեսին։ Աշխարքը կթքե էդ կնկան առնող մարդու երեսին։ Մենք իրավունք չունինք իրար հասնելու, մեր սերը գողութուն է․․․

Ընչի՞, ախր ընչի՞․․․


7

Քաղաքի հեռուներից հասան եկեղեցիների զանգերի ձայները։ Կինը ցնցվեց․

Գնա, հոգի, գնա։ Հիմի բոլոր տղամարդիկ բազարից տուն կուգան։ Էնոնք չպիտի նկատեն չէ թե էս տնեն քու դուս գալդ, չպիտի տեսնին էս մայլից էրթալդ։ Դուն ձախ կողմի դարտակ փողոցով իջի բոստընները։ Էդ կողմեն քեզի մարդ չի տեսնի․․․

Կէրթամ, հոգի, կէրթամ․․․

Չէ, հիմի գնա, ազիզ, ախր ես էլ պիտի էրթամ, ուշ է։

Տղան վեր կացավ, դրեց փափախը։

Մեկ էլ ե՞բ կուգաս, անուշ, դիմեց նա կնոջը։

Էլի կիրակի օրը։

Օր ես մեռնի՞մ մինչի կիրակի, անգութ։ Գոնյա ուրբաթ օր։

Ուրբա՞թ, ներողամիտ Ժպտաց կինը․ թուրքի կիրակի՞ն։ Բոլոր տղամարդիկ էդ օրը մայլեն կէղնին, բոլոր ապրողներըհ տներեն դուս, փողոցները կէղնին․․․

Գոնե շաբաթ օրը․․․

― Չէ, ազիզ, հառաչեց կինը։ Օր շուտ֊շուտ գամ՝ մեր տնեցիք կնկատեն։ Օր շուտ-շուտ հանդըպինք՝ աշխարքը մեզի շուտ կբաժնե իրարուց․․․ Ես մեննակ կիրակի օրերը տնեն դուս գալու պատճառ ունիմ․․․

Տղան գլխիկոր դուրս ելավ թրքուհու հետ։ Երկու դարպասների մութ միջլանցքում նա համբուրեց կնոջը և ետ քաշեց փողոցի դարպասի փակը։ Թրքուհին գլուխը հանեց դուրս, նայեց աջ ու ձախ։

Մարդ չկա, ազիզ, գնա․․․

Երիտասարդի գնալուց հետո սպասելով մոտ քառորդ Ժամ, կինը նույնպես դուրս ելավ, մեծ բանալիով կողպեց դարպասը և նույնպես ձախ կողմի անմարդ փողոցով իջավ դեպի բոստանների միջով անցնող ճանապարհը։

Նրան ևս ոչ ոք չնկատեց։


8

Քաղաքի փողոցներում վերջալույս էր։

Դռների մոտ դրված քարերի վրա նստել էին հասակավոր գյումրուհիները և գուլպա էին գործում։ Մատների մեքենայական շարժումներով ճաղերն աշխատեցնելով, նրանք նայում էին անցորդներին կամ պարզապես դեպի փողոցի մի ծայրը։

Այն փողոցները, որոնք ձգված էին հյուսիսից֊հարավ, արդեն գտնվում էին աղջամուղջի մեջ։ Միայն դրանց անկյուններում մայթերը լուսավորվել էին ոսկե եռանկյունիներով, ցույց տալով, որ հատող փողոցները դեռ ողողված էի արևի վերջին լույսով։

Որքա՛ն պայծառ էր երևում արևի վերջին այդ լույսը գրոհող ստվերների մեջ։ Արևմուտքից֊արևելք ձգված փողոցներում որքա՛ն համառ էին կառչել ճիգից կարմրած ճառագայթներն ապակիներին, պատերի կարմիր քարերին և բարդիների գագաթներին․․․

Արևի մեջ նստած գյումրուհիները թվում էին վերջալույսային էակներ, և թվում էր, թե շողերի մարվել-հանգչելու հետ միասին պիտի լուծվեին ու չքանային նաև նրանք՝ դռների մոտի քարերը թողնելով դատարկ․․․

Կանանց ձեռների ջերմությունից տաքացած, ճաղերը շարժվում էին արագ, գուլպաների կարճ փողերը երկարում էին քիչ առ քիչ։ Բայց երբ փողոցով փչում֊անցն ում էր մարմնի համար չզգացվող մի հով՝ ճաղերը սառչում էին կանանց ձեռքերի մեջ և կարծես կարծրանում։

Կանանց կողքերին նստել էին երեխաները՝ խելոք, մտասույզ, վերջալույսի պահից տագնապած։

Գյումրուհիները, ուշադրություններն արդեն դեպի գործվող գուլպան, մինչև մութն ընկնելը վերջացնելու համար, շրթունքների մեքենայական շարժումներով պատմում էին երեխաներին հին պատմություններ, նրանց ավանդում էին հռչակավոր գյումրեցիների կյանքն ու վարքը։

Պատմում էին նրանք մի գյումրեցու մասին, որն իր տունը կառուցելիս հիմքի չորս անկյուններում դրել էր ուրագ, օղի, մատանի և խաչ։ Եվ պատմում էին մի այլ գյումրեցու մասին, որը քառասուն տարի ապրել էր մի մեռած աղջկա սիրով և այդպես էլ մեռել։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որն ամբողջ կյանքում շրջել էր իր պատանն ուսին գցած, մտախոհ ու համրաքայլ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը վաղուց ի վեր պատրաստել էր տվել իր գերեզմանաքարը՝ վրան փորագրել տալով ամեն հարկ եղածը՝ բացի մահվան թվականից։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը եղել էր քաղաքի ամենաբարձր եկեղեցու՝ Կաթուղիկեի վրա խաչն ամրացնողը, որի համար ստացել էր Արդար մականունը։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը բազմաթիվ անգամներ մերձիմահ հիվանդացած, հագնվել էր մի կերպ, դուրս էր եկել տնից և օրորվելով գնացել օղետուն, խմել էր խեղդվելու չափ, վերադարձել էր տուն՝ կրկնակի օրորվելով, և հաջորդ օրն արթնացել էր նորից առողջ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որի եղբայրն աքսորված էր և որը հինգ տարի շարունակ, ամեն երեկո, սեղան էր պատրաստում, վառում էր տան բոլոր լամպերը, գնում էր կայարան՝ նրան դիմավորելու, և վերադառնում էր մենակ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը եղել էր նշանավոր որմնադիր և ստեղծել էր համատարած հռչակ։ Թագավորը Գյումրի այցելելիս հիացել էր նրա պատերի յուրահատուկ շարվածքով և ցանկացել էր տեսնել նրան։ Բայց երբ գնացել էին նրա ետևից, նա եղել էր սարսափելի հարբած և քնած։ Թագավորը վերադարձել էր, բախտն անցել էր վարպետի մոտով՝ առանց նրան քսվելու․․․

Պատմության մի կետում կանայք նկատում էին շուկայից տուն վերադարձող իրենց ամուսիններին կամ զավակներին և վեր էին կենում։ Երբ տղամարդիկ մոտենում էին և բարի երեկո մաղթում, կանայք հեզ պատասխանում էին բարևին և նրանց ետևից մտնելով ներս՝ դուռը փակում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հեղնար աղբյուր"

Ятук Музыка
Солнце Осени
Тигран Мансурян

Солнце Осени

Электричество в деревне Малишка, 1969 год.
Электричество в деревне Малишка, 1969 год.
Играть онлайн