Лер Камсар

Փառապանծ Վրիպակներ

Ազգերու լիգա

Երկու խոսք ալ սա հաստատության մասին ըսեմ։

Ի՞նչ է Ազգերու Լիգա։

Քաղաքական այն հարցերը, որ մեծ պետությունները 21 օր վրան նստելեն վերջ չեն թխսեր, այդ հարցերը կդնեն Ազգերու Լիգայի տակ։

Ի՞նչ է Ազգերու Լիգա։-»Կոմպրես», որ կդրվի դիվանագիտական վերքի մը վրա՝ զայն հավիտյանս չլուծելու համար։Անիկա ոչ այլ ինչ է, եթե ոչ պառավական դեղ, որուն կդիմեն բժիշկներեն հույսերնին կտրած հիվանդները։

Լիգան «սուրբ» մըն է, որուն կդիմեն անճարները…չբուժվելու համար։

Ի՞նչ է Ազգերու Լիգա։-

Ծանրություն մը՝ դրված դիվանագիտական թուղթերու վրա… որ քամին չտանի։

Լիգան այն բանքան է, ու երբ մեկը չուզենա իր պարտքը տալ, անոր վրա «փոլից» կքաշե։

Լիգան փայտե հրացան մըն է, որը ոչ մեկի չի վախեցներ։

Վերջապես Լիգան «Աշխատանքի Բորսա» մըն է, ուր կդիմեն խնդրատուներ, աշխատանք… չստանալու համար։

Ահա ինչ է Ազգերի Լիգա։

***

Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։

1960

Թուրքիան չարիք էր, երբ չկար բոլշևիզմը, բոլշևիկների աշխարհ գալուց հետո նա դարձավ «փոքրագույն չարիք»։

Որովհետև նա թուրքից ավելի անգութ կոտորեց հային, Շահ Աբասից ավելի անդարձ Սիբիր տեղահանեց հայ ընտանիքներ։

Մի գիշերվա մեջ տասներկու հազար հայ ընտանիքներ։

1960

Օրումս ես բարի ազգ կամ պետություն չեմ տեսել։ Մի պետություն, որ կահ-կարասի առած ժամանակը մի ավել աթոռ էլ գներ հյուրերի համար։ Ասեր՝ էս աթոռն էլ առնեմ, մի հարևան պետություն տունս մտնելիս ոտքի վրա չկանգնի։ Ո՛չ։ Այդպիսի բան չկա։ Հայ ազգը սա վեց հարյուր տարի ոտքի վրա է, ոչ մի մեծ պետություն աթոռ չառաջարկեց, թե ա՜յ տղա, առ նստիր։ Այն էլ իր սեփական հողի վրա։

1960

Երկուշաբթի 7.- Կարելի է ասել, որ հայ ազգը ներկայիս գոյություն չունի։ Նրա կեսը թուրքերը կոտորեցին 1915 թվին, մնացյալ կեսն էլ դաշնակ ու բոլշևիկ են, որոնք ավելի ոխերիմ են իրար, քան երբևիցե եղել են հայն ու թուրքը։

Ուրեմն, էլ ի՞նչ հայ ազգ։

***

Կոմունիստների աշխարհ գալուց հետո մարդկությունն էլ գոյություն չունի երկրագնդի վրա։ Այն բաժանված է երկու մասի, շատ շուտով այդ մասերն իրար կբնաջնջեն, ու վերջ մարդկությանը...

1960

Երկիր մը, ուր ապրելու բոլոր ճամբաները գոցված են` գեթ մահը պետք է դյուրին ըլլա։

Պետություն մը, որ գիտե սպանել` պիտի գիտնա նաև թաղել իր ժողովուրդը…

1928

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Փառապանծ Վրիպակներ"

Ятук Музыка
Fides Tua
Тигран Амасян

Fides Tua

Старый дом, 2007 г.
Старый дом, 2007 г.
Играть онлайн