Лер Камсар

Փառապանծ Վրիպակներ

Աշխարհը

Ինչպե՞ս կարող ես ունենալ աշխարհայացք, երբ չգիտես՝ ի՞նչ բան է աշխարհը...

1960

Այս աշխարհի օրենքով, այն անկախ պետությունը, որ թույլ է, ու նստեր է հանքերու վրա, անոր անկախության օրերը համրված են։ Կուգան երկու ուժեղ պետություններ, կկախեն այդ «անկախը» գետնեն բարձր, հանքերը տակեն… կմաքրեն` ճիշտ այնպես, ինչպես մայրը կվերցնե փոքրիկին իր աթոռակով մեկտեղ, տակը կավլե ու աթոռը տեղը կդնե։

1926

Անգլիա արդեն բռներ է երկրագնդի բոլոր բաց տերը, և ուր չի հա-սեր, իր գլխարկն ու ձեռնափայտն է թողեր` ըսել ուզելով «հոդ մարդ չնստե»։

1926

Աշխարհի բանն այդպես է` անպատիժ ոճրագործություն կատարելու համար, պետություն մը կա՛մ այնքան խոշոր պիտի ըլլա, որ վախ ազդե, կա՛մ այնքան պզտիկ, որ ատամի տակ չիյնա։

1926

Նայենք, թե ո՞վ է շիներ աշխարհը և որու՞ կպատկանի։

Աշխարհն աստված ստեղծեր է վեց օրվա մեջ և հատկապես Իսրայելի ժողովրդի համար։ Աբրահամին, Իսահակին և Հակոբին հազար անգամ խոստացեր է՝ ծովու ավազի ու երկնից աստղերու չափ բազմացնելե ետքն իրենց հանձնել։ Միայն, որովհետև տակավին չէ հաշվված, թե քանի՞ ավազ կա ծովուն մեջ և քանի՞ աստղ երկնից երես, այդ պատճառով օրինական տիրոջ հանձնումն ուշացեր է ցայսօր։ Վաղն իսկ, երբ այս պզտիկ տեխնիկական աշխատանքը վերջանա, Իսրայելի ժողովուրդը 24 ժամվա մեջ պիտի դատարկե ողջ աշխարհն ու քաշվի մեջը։

«Չէ՜, հապա, պիտի բավականանա Անգլիո տված Պաղեստինով…»։

Սակայն մնացյալ առժամյա պետություններն անգիտանալով այս կետը, այնպես մըն են նստեր, որ կարծես աշխարհն իրենց ըլլա։ Նստելը բավական չէ , դեռ կկռվեն իրար հետ, զիրար կբզկտեն պատառ մը ավելորդ հող ձեռք բերելու համար։

Կուզեմ պատմել, թե ինչպես պատճառ կգտնեն պետություններն իրար դեմ կռվելու։

Բնական է , մեծ, 100-120 տարեկան կառավարություններուն չի հարմարիր առանց պատճառի մեկեն ելլել իրար դեմ, սուր քաշել։Այդ նպատակով ամեն մեծ պետություն պզտիկ պետություն կպահե իր հաշվին։

Երբ մեծ պետություն մը պատրաստ է կռվի, պզտիկ դանակ մը կսրե, կուտա այդ մանր տերություններեն մեկուն ձեռքը, քանի մը հայհոյանք էլ կդնե բերանն ու կղրկե որոշված մեծ պետությանը «սաթաշմիշ» ըլլալու։ Մեծ պետությունը դուրս կելնե ապտակելու, երբ հանդես կուգա պզտիկին տերը թե չե՞ս ամչնար, խելքդ կդնես անոր խելքին… քո երկրի այսինչ մասն ինձի տուր։ Ու կսկսի կռիվը։

Տրամաբանություն ու քերականական կապ չկա անշուշտ պատճառին ու արդյունքին միջև, սակայն դիվանագիտության մեջ ուղիղ գրելու և խոսելու միակ միջոցը քերականությունը չէ, այլ ուժը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Փառապանծ Վրիպակներ"

Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

Старый дом, 2007 г.
Старый дом, 2007 г.
Играть онлайн