Гевонд Алишан

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Դիք․ չաստվածների պաշտամունք

Որքան էլ ողջամիտներին անհնարին է թվում, թե մարդ կարող է մեկ և միայն գերագույն էակից զատ ուրիշ էակի էլ Աստված անվանել, հարկ է լինում զիջել թե՛ հեթանոսների գրավոր վկայությունների, թե՛ առաժմ մնացած հեթանոսների ասածի ու արածի պատճառով, որոնք մոլությամբ կամ սովորությամբ ընդունել ու անվանել են այլևայլ աստվածների ու աստվածուհիների՝ ըստ մեզ՝ մեծ ու փոքր չաստվածների, որոնք մեր լեզվում սովորաբար կոչվում են հոգնակի ձևով՝ դիք, իգականները՝ դիցուհիներ, գուցե ևաղիճ, նրանց պաշտամունքը՝ դիցապաշտություն, նրանց պատկերներն էլ քարից, կավից, պղնձից կամ որևէ այլ նյութից լինելու, պատրաստվելու կերպի կամ արվեստի առումով կոչվում են դրոշյալ և կուռք, որից էլ՝ կռապաշտություն անվանումը։ Ս․ գրքում հիշատակված թերափ կամ թերափիմ եղբայրական բառերը նշանակում են տնական կամ պահապան չաստվածներ։ Այս անկարծելի և դժբախտաբար ստույգ և շատ ընդհանուր եղած մարդկային ամենաանարգ մոլորության ծագումը իսկապես զարմանքով հարցնելի է, ինչպես արեց իր հարց ու պատասխանում մեր Վանական վարդապետը։ Ս․ հայրերից շատերը և բարոյագրքերը ևս դրա մասին պես֊պես խոսել են։ Հին մոլորությունների դեմ գրող մեր հեղինակը՝ Եզնիկը, իրենից հներին հետևելով, այսպես է ասում․ «Հեթանոսութեան սկիզբն ի Սերուքայ ժամանակաց անտի եղեւ․ զի՝ որ լաւ ոք եկեալ յաշխարհի՝ մեռանէր, վասն յիշատակի քաջուեանն՝ զպատկերն երանգօք նկարու հանէին․ և անտի ուսեալ տխմարաց՝ տակաւ ի պաշտօն առնոյին․ և Կռոց և Դրօշելոց հանգամանք՝ առ Թարայիւ հարբ Աբրահամու․․․ և կարգեալ հասանէր յԵգիպտացիս և ի Բաբելոնացիս և ի Փռիւգացիս և ի Փիւնիկեցիս՝ գործ դրօշագործութեան և խորհուրդք նորին․ ապա ի Հելլէնսդ՝ որ են Յոյնք՝ առ Կեկրոպաւ, և եւս յետոյ առաւել սաստիկ առ Կռոնաւն և Թէաւ և Դիաւ և Ապոլոնիւ, և առ այլովք բազմօք, զորս մի ըստ միոջէ աստուածս անուանէին»։

Ինչպես ավելի վաղ հիշեցինք, թեև ըստ Վանականի՝ հայերի մեջ դիցապաշտությունը մտել է օտարների մեջ մտնելուց 100 տարի հետո, ես կարծում եմ՝ դա ավելի ուշ է եղել։ Եզնիկի պես մի վարդապետ էլ, հիշելով այն ազգերին, որ, մեկը մյուսին հետևելով, մոլորվեցին, առաջինների վրա ավելացնում է պարսիկներին ու մարերին, սրանցից շատ ավելի հետո՝ ասորիներին․ սրանցից էլ շատ ավելի ուշ՝ «յաւուրս Արտաշէսի որդւոյ Արշակայ՝ ի Հայք կանգնեցաւ պատկերն Արամազդայ»։ Անշուշտ, սա հետևողություն է Խորենացու պատմությանը, որում խոսվում է այդ Արտաշեսի աշխարհակալությամբ Հունաստանից բերած կուռքերի մասին, որոնք նրա որդին՝ Տիգրանը, կանգնեցրեց այլևայլ քաղաքների մեհյաններում։ Բայց ըստ նույն պատմության՝ նրանցից առաջ նրանց ցեղապետ Վաղարշշակը, իր եղբորը՝ Պարթևների թագավոր Արշակին, գանգատվելով, գրում էր, թե Հայաստանում չկար իր խելքին հարմար ու օրինավոր «և ոչ մեհենից պատամունք», և ինքը նախ կանգնեցրեց արեգակի ու լուսնի անձնակերպ կուռքերը և ապա՝ իր նախնիներինը։ Այս հիշատակությունը շատ հավանական է դարձնում, որ հայերը, թեև ունեին վեհեր, պես֊պես հավատ ու պաշտամունք, ինչպես տեսանք, սակայն հույների և ուրիշների նման կուռքեր չունեին։ Եվ Արշակունիները եղան Հայաստան դիքեր մտցնողները, մանավանդ այդ երկուսը (Արտաշեսը և Տիգրանը)՝ ոչ այնքան կրոնական, որքան գեղագիտական զգացմամբ՝ թանկ ու ճարտար ձեռագործները Հունաստանից կողոպտելով ու հարստացնելով իրենց գանձն ու երկիրը։ Ասվածի մեծ հավաստիքն է կուռքերի հետ մեկտեղ դրանց պաշտամունքավարներին, այսինքն՝ քուրմերին էլ բերելը։

Ավարառության և գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդը ունեին նաև գեղարվեստի և գեղեցիկ դպրության ճաշակ․ նման լինելով ուրիշ մի քանի արևելյան թագավորների՝ պարծանք էին համարում հունասեր (ֆիլելլինոս) կոչվելը և հայերի մեջ հունարենի հետ հունական կրոնն էլ ծավալեցին։ Սրանք էլ, նորությունից և հանդեսներից քիչ֊քիչ դրդված, ավելի կամ պակաս չափով ընդունեցին նոր կրոնն ու նոր չաստվածներին, մանավանդ եթե գտան իրենց հին հավատքին որևէ նմանություն։ Եվ ավելի վատ․ ստիպված էին իրենց նոր տիրակալներին էլ գերագույն պատիվ տալ, կամ սրանք էին պահանջում այդպիսի պատիվ։ Եվ եթեգրվածը ստույգ է, նույն ինքը՝ Վաղարշակը, նամակի մեջ իր եղբորը անվանում է «անձն և պատկեր մեր աստուածոց․․․ երեւելի բնակութեամբ ի մէջ դից»։ Այդ և դրա նման պատկերները կոտրտեց֊փշրեց Արտաշիր Ասանյանը, երբ Խոսրով Ա֊ի մահից հետո նվաճեց Հայաստանը։ Սրա որդին՝ Տրդատ Մեծը, հեթանոսության ժամանակ իր հրովարտակի մեջ հիշատակում է իր ազգը՝ ողջունելով․ «Եւ ի մեր Դիւցախառն Պարթեւաց՝ հասցէ այցելութիւն, ի փառաց թագաց»։

Ըստ մեր ազգի պատմության՝ նույն Վաղարշակի օրոք է տեղի ունեցել հնդիկ ազնվականներից ոմանց՝ փախչելով Հայաստան գալը իրենց չաստվածներով ու պաշտամունքավարներով, թագավորի հրամանով Տարոնում բնակվելը և իրենց աղանդը տարածելը։ Եվ այսպես՝ երկու֊երեք նոր հավատք՝ հնդկականը, հունականը և պարթևականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2֊րդից 1֊ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաև ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երևում կամ ավելի շատ երևում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց և թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաև մի քանի հատուկ վայրերից, ինչպես՝ Բագարանից, Հաշտիշատից և այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրև մեծ դիքերի և պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչև հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝ բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի։

Մեր նախնիների դիցապաշտական կրոնի վերաբերյալ շատ ավանդություններ չունենք, բայց շատ հավանական է, որ լեզվով մերձավորների հետ կար նաև կրոնի մերձավորություն։ Ստրաբոնը վկայում է, որ իչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաև մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաև հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանք ոչ թե ընդունեցին իբրև նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին։ Սակայն պետք է, որ նման լինեին, այլ ոչ համանման, որովհետև յուրաքանչյուր ազգ ուներ իր առանձին հայրենի կարծիքն ու ճաշակը։ Նույնիսկ հույներն ու հռոմեացիները, որ նույն չաստվածներին էին պաշտում, տարբեր պատկերացումներ ունեին։ Նաև միևնույն ազգությունն ու լեզուն ունեցող ժողովրդի պատկերացումները այլևայլ կողմերում այլևայլ են։ Սա հայտնի է նաև այն բանից, որ միևնույն չաստվածը ուներ զանազան անուններ կամ մականուններ՝ սկսած նրանցից ամենամեծից՝ Արամազդից, որի մասին մեր Խորենացին էլ է ասում (Ա․ ԼԱ), թե ուզողի համեմատ՝ կա ոչ մեկ, այլ չորս Արամազդ, մեկն էլ՝ Կունտ Արամազդ (ո՞րն է)․ չորսի վրա չորսն էլ կարելի է ավելացնել կամ բազմապատկել։

Չուզելով այսպիսի խորհրդածությունները երկարարձգել հիշենք մեր նախնիների՝ բնիկ կամ օտար անվամբ պաշտած չաստվածներին՝ սկսելով վերջին հիշատակվածից։

Արամազդ

Սովորաբար, երբ մեր նախնիները այս չաստվածին հիշատակում են որպես հունական, կոչում են Դիոս։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն Թեոս(ИЭпт), լատիներեն Դեուս (Deus) անվանումներին։ Երբեմն այդ մասին հայտնում են թարգմանություններում, ինչպես Ոսկեբերանի՝ Տիտոսի թղթի մեկնության մեջ․ «Դիոս, զոր Հայք Արամազդ ասեն․․․ Զեւս՝ զոր և Դիոսն կոչեն, և հայերէն Արամազդ»։ Զևս անունն էլ հնչակից է Դիոս֊ին ու Դեուս֊ին, բայց հույները Արամազդին այսպես են կոչում, երբ նկատի ունեն կյանք տվող կամ կյանքի պահապան ըստ իրենց Zюз («կյանք») բառի։ Հռոմեացիները Արամազդին տալիս են բոլորովին այլ անուն` Jupiter, որից էլ ֆրանսիացիները և իտալացիները՝ Giove․ հայտնի է, որ հռոմեացիները իրենց հատուկ մեծ չաստվածին հարմարեցրել են Դիոսին, ինչպես հայերն էլ՝ Արամազդին։ Այս անունը ընդհանուր է հայերի ու պարսիկների համար։ Սրանք համառոտելով Որմիզդ են ասում՝ ըստ մեր նախնիների լսածի, իսկ նրանց նախնիները կամ զրադաշտականները Ավեստայի լեզվում ասում էին Ահուրա֊մազտաոյ, որ թարգմանում եմ «մեծիմաստ» կամ «իմաստությունների տեր»։ Թե՛ պարսիկները, թե՛ հույները և թե՛ հռոմեացիները նրան համարում են ժամանակի որդի կամ ծնունդ․ յուրաքանչյուր ազգ նրա ծնողին իր լեզվով է կոչում․ հույները՝ Քրոնոս, հռոմեացիները՝ Սատուռնուս, պարսիկները՝ Զարուանա֊ախերանա, որ նշանակում է «անսահման ժամանակ»։

Եթե սկզբում հայերը համակարծիք էին պարսիկներին, ապա երբ հունական չաստվածներին ընդունեցին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան։ Որքան կարող ենք իմանալ Ագաթանգեղոսի և Խորենացու հիշատակումներից, Արամազդը և՛ երկնքի ու երկրի արարիչն է, և՛ բոլոր դիքերի հայերը՝ որպես բացարձակ գերագույն էակ և աստված, և ըստ այսմ՝ հզոր ու ամենազոր։ Տրդատը, նրան երենք անգամ հիշատակելով, միշտ ասում է «Արին Արամազդ» և միաժամանակ համարում է աշխարհի արժանավայել խնամող՝ «լիութիւն պարարտութեան» տվող։ Ըստ այսմ՝ կարող է տարբեր անուններով նույնը լինել նաև Ամանորի պտուղների ամենաբեր դիքը, մանավանդ որ սրա հետ զուգորդվում է նաև Վանատուր դիքը, ինչպես Արամազդն էլ էր այդպես ճանաչվել Սպարտայում և այլուր, և ինչպես մեր նախնիներն են Բ․ Մակաբայեցիների գիրք (Զ, 2) հունական Դիոս Քսենիոս֊ը (Ченйпт) թարգմանել «Հիւրասէր Որմզդական Դիցն Վանատրի»։ Սակայն թերևս ավելի հավանական է, որ հին հայերը Ամանորաբերին համարում էին մի այլ չաստված, իսկ թարգմանիչները նրան զուգորդեցին հույների Վանատուրի հետ։ Արամազդին վերաբերող սրանց ավանդությւնները ո՛չ մեզ հարկավոր են և ո՛չ էլ հիշելու արժանի։ Մեզ համար շատ են նույնիսկ Տրդատի ցույց տված արի֊ն և լիացուցիչ֊ը․ թող հույներին մնան իրենց առասպելները, և ոչ մեկին՝ այնպիսի դիցահոր խայտառակությունները։

Հայաստանում Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանղյաց գավառում՝ Եզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում։ Արտաշես Ա֊ն հույների այդ ամենամեծ չաստվածի ամենաշքեղ կերպարանքը, որ «Ոլոմպիական պատկերն» էր, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս արիական կերպով քանդակյալը, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչև ուրիշ չաստվածների էլ սփռեց այլևայլ կողմերում և քուրմերին էլ դրեցորպես իրենց գերյալ դիցահոր պաշտամունքավար։ Հայոց մեծագույն աշխարհակալը Հերակլեսի պատկերներից ընտրեց Սկյուլասի ու Դիպինոսի ճարտարագործածը։ Արդյո՞ք նրա վերցրած Արամազդն էլ Ֆիդիասի հրաշակերտը կամ գոնե Կյուպսելեի ոսկեղեն ձեռագործը չէր։ Նրան անվանակից Արտաշես Բ֊ն այստեղ քրմապետ կարգեց իր Մաժանորդուն։ Լուսավորիչը մինչև Կեսարիա գնալը այն ջախջախեց բագինի հետ և տեղում խաչ կանգնեցրեց, իսկ հողը թագավորական հրամանով դարձրեց եկեղեցու սեփականություն։ Նրա մասին է ասում անանիա վարդապետը՝ դիմելով եկեղեցուն․ «Դու և զԱրամազդական սուտանունն այն զդիւաբնակն պատկեր՝ զդիւանունն Դիոսի՝ կործանեցեր․ և զառ ի նորայն բնակեալն բագնի զդիւացն բազմութիւն՝ արտահալածս արարեալ՝ անդր եւս քան զԿովկասեանն բնակեցուցեր զլերամբ»։

Հայաստանում Արամազդի մեհյան այլ վայրում չի հիշատակվում՝ բացառությամբ Արամազդի տան, որ հիշեցինք Պաշատ լեռան վերաբերյալ այլ չաստվածների ու աստվածացրած կրակի հետ, որը խափանեցին ս․ Հռիփսիմյանները, որոնցից մեկը՝ մեր իմացած ս․ Նունեն, Վրաստան գնալու ժամանակ Ջավախք գավառում՝ Փառավան լճի մոտ, հանդիպեց փկնորսների, որոնք երդվումէին Արամազդով ու Զադենով, ինչից թվում է, թե մոտակայքում կար դրանց մեհյանը, կամ գոնե այնտեղ էլ էին պաշտում։ Նույն ս․ կույսի մասին ասվում է, որ Մցխեթ քաղաքում «կործանեաց զԱմպրոպային պատկերն Արամազդայ, որ կայր մեկուսի ի քաղաքէն, գետոյն հզօրի (Կուր֊Ղ․Ա․) ընդ մէջ անցանելով․ զոր սովոր էին երկրպագել այգուն այգուն ի տանեաց իւրաքանչիւր, զի հանդէպ նոցա երեւէր․ իսկ եթէ ոք զոհել կամէր՝ անցեալ ընդ գետն՝ առաջի մեհենիցն զոհեր»։ Սա հայտնի է դարձնում, որ վերոհիշյալը շանթաձիգ Արամազդի շատ մեծ պատկեր կամ անդրի էր՝ հավանորեն նույնպես բերված Հունաստանից և կանգնեցված մեհյանից դուրս՝ հրապարակում։

Հույների առասպելները նրանց պիղծ Արամազդին շատ զավակներ են ընծայում։ Մեր դիցաբանության մեջ հայտնի են մի որդին՝ Միհրը, և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Մյուս չաստվածների ծնողները չեն հիշատակվում․ գուցե և նույն ինքը լինի։ Իսկ սրանց մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։ Գուցե Որմիզդի պես անմայր են ծնվել, որովհետև սա էլ, ըստ պարսիկների, անկին էր։ Մեր «Ճառընտիր»֊ի մեջ հայտնապես սխալ կամ պակաս է սատանայի՝ ս․ Թադեոսի պատմության մեջ հիշատակված մեղադրանքը հայերին, թե թողեցին «զմեծ աստուածն Անահիտ և զմայր(՞) աստուածոցն Պիսիդովն»։ Թվում է՝ հայերը Արամազդի տոնը կատարում էին Ամանորի հանդեսի օրերին՝ Նավասարդին, իսկ հույները՝ իրենց թարկիլիոն ամսի 7֊ին։

Անահիտ դիցուհի

Սեփականագույնն ու սիրելիագույնն է հայոց դիքերից, որին համապատասխանողը հույների մոտ Արտեմիսն է (усфемйт), հռոմեացիների մոտ՝ Դիանան (Diana)։ Թե հայերը ինչ համարում ունեին Անահիտի վերաբերյալ, լավ է բացատրում Տրդատի ասածը մեր Լուսավորիչին (ըստ Ագաթանգեղոսի)․ «Եթե ոչ յանձն առնուցուս դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց(՞) որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, և ծնունդ է մեծին Արին Արամազդայ․․․ Մեծն Անահիտ՝ որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»։ Հրովարտակով էլ հայերին Արամազդի լիությունից հետո մաղթում էր «խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ»։ Ուրեմն Արամազդի կնոջ փոխարեն այս դուստրն էր հայերի մեծ դիցուհին և տիկինը՝ իբրև նրանց տիրուի և մայր, թերևս ինչպես հույների Աթենասը, որ Արամազդի ուղեղից էր ելել և մնացել էր կույս։ Բայց արդյոք բոլոր հայերը այդպե՞ս էին կարծում, թե՞ կինը լինելու կարծիք էլ ունեին, ինչպես որ «Հայսմավուրք»֊ի քրիստոնյա գրիչները, որոնք, փոխանակ գրելու «տիկնոջ» գրում են․ «Իգական պատկերն անահտայ՝ կնոջն Արամազդայ»։ Սակայն, Տրդատը նրան ճանաչում է միայն որպես Արամազդի դուստր և բարոյական «Մայր՝ ամենայն զգաստութեանց»՝ կուսությամբ և իմաստությամբ միանգամայն հավասարված հույների Արտեմիսին ու Աթենասին։ Այս նորհների վրա ավելանում են նաև խնամակալությունը, բարերարությունը և միով բանիվ՝ ազգի և երկրի կյանք ու կեցուցիչ լինելը, որով ոչ միայն այդ երկու հույն դիցուհիների, այլև Կիբելեի և ուրիշների բարի֊բարի շնորհներով էին զարդարել հայերը իրենց մայրախնամ Անահիտին։ Ներկայումս սրա համար են քննախույզները տարակուսում, թե իրականում ինչ էր Անահիտը։ Նրա կենսատու զորության հավաստիքը տալիս է պատմությունը․ Արտաշես Բ֊ի հիվանդության ժամանակ մի ուխտավորի (Աբեղ Աբեղյան) են ուղարկում Երիզա, որտեղ դիցուհու մեհյանն էր՝ կենսասեր թագավորի համար առողջություն խնդրելու։ Բայց մինչ դեսպանի վերադարձը թագավորը մեռնում է՝ երազնելով Նավասարդի օրերը, առավոտվա նուրբ մեգն ու ծուխը և իր սիրելի որսը։

Հերոդոտոս պատմիչը արևելյան ազգերի դիքերի մեջ Անահիտի չի ճանաչում (գոնե այս անունով), այլ հիշատակում է Ալիդդայի կամ Ալիլադի, որ մոտ է Անահիտ անվանը (ն և լ տառերի լծորդությամբ), և ասում է, թե սա արաբների պաշտած Ուրանիա֊Աստղիկն է, որին պարսիկները կոչում են Միթրա։ Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են Մատեր, այսինքն՝ Մայր։ Պարսիկները Նսվիտ էին կոչում և կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր և համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը և իրենց Ուշեղ Արտաշես թագավորի օրոք ներկայացվեց անձնավորված պատկերակերպ։ Բայց նրանից շատ առաջ էլ (մոտ 600 տարի մինչ Քրիստոսը), երբ պարսիկները, մարերը և նրանց զկինակիցները սկյութներին կամ սակերին հալածեցին արևմտյան Ասիայից և հաստատեցին սակայն կոչված տոները, գլխավոր պատիվն ու պաշտամունքը ընծայեցին Անահիտին, որին պաշտում էին նույն իսկ սակերը։ Ըստ ոմանց՝ Անահիտը ևս կոչվում էր սակյան։ Կան նաև Ս․ գրքի մեկնիչներ, որ կարծում են, թե Անահիտին է վերաբերում Երեմիա մագարեի ասածը (ԾԱ, 41)․ «Զիա՞րդ ի պարտութիւն մատնեցար, Սիսակ, և անկար յորս, պարծանքդ ամենայն երկրի» կարծես թե Բաբելոնը անվանափոխելով նրա պաշտած չաստվածի անունով։ Սակայն բաբելացիների պաշտախը սովորաբար կոչվում է Մյուլիտտա, որ նույնն է, ինչ Հերոդոտոսի Ալիդդա ասածը, նույնը՝ և ասորիների ու փյունիկեցիների Աստարտան, նույնը՝ նաև Կիբելեն՝ երկրի ու երկնքի դուստրը և Սատուռնուսի կինը։ Միով բանիվ ամենն էլ նշանակում են բնության ոգի կամ չաստված։ Այդպես է համարում նաև մեր Վանական վարդապետը՝ երեք դիցուհիներին միացնելով իրար․ «Աստարտն՝ Սիդոնացւոց ամօթն է, զոր Քաղդէացիք Աստղիկ ասեն, Յոյնք՝ Ափրոդիտես, Հայք՝ Անահիտ»։

Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ կամ Նայթ անունը, որ կա նաև հավելվածով՝ Դա֊նաթ կամ Դանիթ, և համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաև գիշերվային երկինք՝ Ռայի, այսինքն՝ Արևի՝ դիցահոր մայրը։ Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունով, որով ճանաչում են Ագնիին՝ երկրի վրա հրի չաստվածին։ Բայց գիտնականները Անահիտին ավելի համապատասխան են համարում նրանց Բհավանի դիցուհուն, որ, ըստ Տրդատի ասածի, արդարև նշանակում է «կեցուցիչ»։ Բայց շատ այլանդակ չափազանցությամբ նրան միաժամանակ համարում էին Շիվայի՝ իրենց երրորդության մի անձի քույրը, կինը, դուստրը և հայերի պես նրան երինջ էին նվիրում։ Քննաբանները, է՛լ ավելի առաջ գնալով, Անահիտի անունը բխեցնում են հնդիկների անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ», ուրիշները՝ անասիդա բառից, որը մազդեականները ասում էին Անահիդա ձևով «հանդարտ, մաքուր և բեղմնավորիչ» նշանակությամբ։ Ապա՝ ոմանք այս անունը ստուգաբանում են պարսկերենով՝ իբրև «մանկամարդ, բոլորակուրծք»։ Հիշենք, որ պարսից աղանդի մեջ կա Ահիտի անունով մի դև, որը հակառակ է Անահիտին։

Նշանավոր է նաև հռոմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ։ Հելլենական դիցաբանությունը քննողները ստիպված են նրանց շատ դիցուհիների հատկությունները կենտրոնացված տեսնել Անահիտի մեջ (Կիբելե, Մայա, Լատոնա, Բելլոնա, Ափրոդիտե)։ Սակայն նրան ավելի լավ է ճանաչել Պլատոնը Նիիթ և Աթենաս զգոն դիցուհիների մեջ։ Անահիտի անվան և ծագման կամ իսկության վերաբերյալ եղել են նաև բազում այլ կարծիքներ։ Ոմանք նույնն են համարել, ինչ Անամելեքը, որին Ս․ գիրքը հիշատակում է Ադրամելեքի հետ՝ իբրև կրակի, արեգակի, լուսնի չաստվածի, ինչպես պարսիկներին էլ համարել են աստղերի ու լուսնի պահապաններ։ Նրանք որոշ այլ արևելցիների հետ Արուսյակ պայծառ աստղը անվանել են Նահիտ, ըստ որում հույները ևս իրենց Արտեմիսի (Անահիտի) ճակատին դնում էին լուսնի մահիկ։ Հավանորեն հայերն էլ էին այսպիսի մի պսակ ընծայել իրենց Տիկնոջը, մանավանդ որ, Արտեմիսի լուսնակիր պատկերը հույներից ընդունելով, կանգնեցրել էին Երիզայում։

Այս բոլոր և նաև այլ կարծիքներից հետո ավելի հավանական են եգիպտացիների Նիիթի, հնդիկների Նիյադի, հռոմեացիների Դիանայի, նաև հույների (որոնք ունեին նաև մի պիղծ Անայեդա, որի հետ է թերևս շփոթում Ստրաբոնը հայկականը) Աթենասի հետ հայոց Անահիտի սկզբնական միությունը և այս անունով չաստվածի հնությունը։ Եվ հանտնի չէ՝ որտեղից և որ ազգից է նրա ծագումը։ Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, և ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը, մինչդեռ պարսից Նահիտը սոսկ ազատների (իզետ) դասից էր և ոչ աստված։ Եվ թեպետ նրանց երկրում էլ կար Անայիդ անվանումով մի գավառ, բայց մեզանում հռչակված էր Անահտական գավառը, որ նույն Եկեղյացն էր, և մեկ ուրիշն էլ հյուսիսային կողմում՝ Կուր գետ իմոտերքում էր։ Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հանգույնը և նախաջրհեղեղայինը, ուր առաջնածին մարդը (թշվառ) Կայենը, «բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ»։ 2֊րդ դարի հեղինակ բազմահմուտ, բայց մոլորյալ Տատիանոսն էլ Անահիտին համարում էր պարսիկներին ու հայերին ծանոթ մի մոգ, ինչպես Ապոլոնին՝ բժիշկ։

Անահիտի անունը, վերոհիշյալներից զատ, այլևայլ հեղինակներ գրել են նաև Անեայ, Անէիդ, Անիի, Անի, ըստ ոմանց և Նանե կամ Նանար, որոնք մենք համարում ենք տարբերՏիբեթցիները իրենց հավատացյալ կանանց կոչում են անի։։

Ինչպես Անահիտի պաշտամունքը, այնպես էլ պաշտամունքի վայրերը հռչակված ու մեծահանդես էին նաև օտարազգիների մոտ։ Այդպիսին էին մարերի էքբատանը, հայերին փոքր Ասիայում սահմանակից երկու Կոմանաները, Զելան՝ Պոնտոսում և Գերմանիկուպոլիսը կամ Մարաշը, որի դրամների վրա ևս երևում է Անահիտի պատկերը։

Ինչ վերաբերում է մեր ազգակիցներին, Եկեղյաց Երիզայում եղածից զատ՝ երևելի մի մեհյան էլ կար Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, որտեղ Վահունի քուրմերը Ապոլոնի անդրիի հետ կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ չաստվածների հետ փոխադրեց Բագարան՝ Ախուրյան գետի եզերքում գտնվող այս ավանը ասես դարձնելով հռոմեացիների մի Պանթեոն։ Այդտեղից էլ նրա օրիանվոր հաջորդը՝ Արտաշես Բ֊ն փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի ու Տրդատի կուռքակործան ձեռքերի տակ։ Դրանից առաջ ս․ Բարդուղիմեոս առաքյալը փոքրիկ մի խաչով կարծանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղ։

Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (որը, ըստ ոմանց, ներկայումս Քեոշմեր կոչվածն է)՝ անշուշտ դիցուհու մեհյանի կամ մի պատկերի համար այդպես կոչված։ Այնտեղ 4֊րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս․ Դանիել ծերունու աշակերտը։ Տարոնում՝ ներկայիս հայոց անվանի Առաքելոց վանքի մոտերքում, դեռ ճանաչվում է Տիրինկատար կամ Ծիրինկատար բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս․ Առաքելոցն»։ Տիկին֊ի փոխարեն ասյտեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց։ Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան։

Ինչպես արդեն հիշեցինք, Անահիտի և բոլոր հայ դիքերի ամենահռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում՝ Մեծ ու Փոքր Հայքերի միջև, ինչի շնորհիվ մերձավոր ու ծանոթ էր Փոքր Ասիայի հույներին։ Այստեղ պաշտվածն էլ Արտաշեսն էր բերել Հելլադայից, և նրա հանկարծահաս մահվան պատճառով այն մնացել էր Անի բերդում, որտեղից հանեց ու այս ավանում՝ բերդի մոտ, կանգնեցրեց որդին՝ Տիգրանը։ Եվ տեղի պաշտամունքը ու հանդիսությունները այնքան հռչակվեցին, որ մինչև իսկ Անահտական գավառ կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին։ Ստրաբոնից զատ՝ այլ օտար պատմինչր էլ են հիշատակում (Դիոն, XXXVI, 5, Պլինիուս, V, 24) հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն, որոնց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սրբանվեր կամ սրբապաշտ են կոչում (հիերոդուլոս)։ Մեհյանի կամ մեհյանների մոտ ընդարձակ, անմշակ դաշտ ու մարգ էր թողնված նվիրական երինջների արածելու համար, որոնց ճակատը խարանում էին ջահաձև դրոշմով, որ օտարները չմոտենան, և դրանք ժամանակին զոհաբերվեն։ Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կատարվում էին մեծ տոնահանդեսներ։ Իսկ ըստ մեր պատմիչների՝ մեծ տոնական օրը նավասարդ ամսի 15֊ն էր՝ նմանությամբ սակայն տոների, որ բարեկենդանի նման մի բան էր։ Այդ օրը քրմապետը, թագավորակերպ հագնված ու խույրը գլխին, քուրմերին ու բազմաթիվ ուխտավորներին առաջնորդում էր, և Անահիտի կուռքը վերցնելով՝ թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը՝ աղոթանման երգեր երգելով։ Հետո աշխարհիկ հանդիսություններ, պարեր էին կատարվումՀույներն էլ ունեին մի այսպիսի տոնահանդես, որ կոչվում էր կորդակ՝ ի պատիվ նրանց էլիսյան Անահիտի։ Նույնիսկ Արտեմիսը այնտեղ կամ մեկ այլ վայրում ուներ Կորդաքս մականունը, որ նշանակում էր էլիսացիների և դորիացիների պարելու մի տեսակ։ Մեր լեզվով կորդակ նշանակում է «գլխանոց, սաղավարտ»՝ գուցե առնված օտար լեզվից։ բոլոր սարերում, և զգեստներն էլ փոխում էին ու հանգնվում սակերի նման անխտիր բոլորը՝ տերերը և ծառաները։ Եվ երբ կերուխում էլ էր հաջորդում, իհարկե, լինում էին նաև հեթանոսական անկարգություններ։ Եվ ըստ Ստրաբոնի՝ ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի եկվոր պաշտամունքասերներին և սա համարելով սրբազան արարողություն՝ հետո հարսնացնում էին նրանց՝ զգաստության Տիկնոջը մատուցելով այդպիսի մի անզգաստ պաշտամունք, թեպետ ասում են, որ հետագայում այդ նվիրյալները ապրում էին պարկեշտությամբ։ Գուցե այս երևույթի մի պատճառը կամ մեծ պատճառը Անահիտի՝ խնամակալության ու բեղմանվորության պաշտպան համարվելն էր։ Ըստ Ստրաբոնի՝ Փոքր Ասիայի հույների արձակաբարո ցեղերին (Զելա և Կոմանա քաղաքներին) մերձակա Անահտական գավառի մեջ էլ էր մտել համարձակությունը, բայց կամ ոչ միշտ, կամ ոչ ուրիշ կողմերում։ Տրդատի տված գաղափարը և Անահիտին զգաստության մայր կոչելը շատ է հեռու Ստրաբոնի գրածից, թեպետ և անհնար էլ էր, որ չաստվածը լիներ զգաստ և զգաստություն ներշնչող՝ քրիստոնեական ըմբռնումով։ Եվ «Հայսմավուրք»֊ի հեղինակն էլ պախարակում է Անահիտին՝ նրան կոչելով Արամազդի կին։ Պախարակում է նաև ս․ Գրիգորը․ «Խափանեաց զգարշելի անունն․․․ այլ մի՛ յիշեսցին զազրալիքն և չարաչար գարշութիւնք իւրեացն»։


Ինչպես որ վկայում են օտար պատմիչները (Պլինիուս, XXXIII, 24․ Դիոն, XXXVI, 5․ Ստրաբոն, XI, 4), հայոց մեծահարգի պաշտպամունքասիրության համեմատ՝ մեծահարգի էր նաև Անահիտի կռածոն, և այն հիշատակում են որպես առաջին ոսկեղեն անդրի, որ խնայեց այն կողմերի առաջին տիրակալ հռոմեացին՝ Պոմպեոսը, և թերևս պատվի արժանացրեց նաև ընծաներով, ինչպես արել էր Զելայում։ Բայց ագահ ու անգութ Մարկոս Անտոնիոսը այն կողոպտեց և հանձնեց զորքի ավարառությանն ու ավերմանը։ Հռոմեացիները պատմում են, որ նա, ով առաջինը ձեռք զարկեց Անահիտին, կուրացավ ու դարձավ անդամալույծ։ Ընդհակառակը, բոլոնիացի մի հարուստ զորական, Օգոստոս կայսերը մեծ խնջույքի հրավիրելով, պատմում էր, թե ինքն առաջինն է զարկել ու կոտրել ոսկեղեն անդրիի սրունքը և նրա փշուրներով է հոգացել այդ օրվա հրավերքը։ Բայց գուցե սա լինի Զելայի Անահիտը։

Սակայն հայոց Անահիտի պաշտամունքնասերները շինեցին ոսկեղեն մի նոր կուռք և կանգնեցրին Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայում էր, «զի պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»։ Իսկ Գրիգորը ասում էր․ «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ երբեմն ժամանակի․ քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն։ Ինչպես պատմությունից բոլորը գիտեն, այն ժամանակ այս և այսպիսի խոսքերը Տրդատին թվացին շատ օտարոտի, բայց և տասներեք տարի անց այլ կերպ ազդեցին նրա վրա, և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդել վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները։ Այդ դրվատելով՝ Անանիա վարդապետը ասում է․ «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պանծանաց Անահիտն տիկնոջ»։ Ինչպես վերը հիշատակեցինք, Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն, XII, 3, 36-37)։ Ըստ Պրոկոպիոսի՝ Օրեստեսը նախ շինեց Կոմանայի մեհյանը և ապա փոխադրեց Երիզա։ Բայց հայերը բազմությամբ գալիս էին և՛ Կոմանա, և՛ Զելա, որտեղ հաղթվեցին ու ջարդվեցին սակերը, և որտեղ հաղթողները, մի հողաբլուր սարքելով, վրան հիմնեցին Անահիտի, Օմանի և Անադատի մեհյան ու բագիններ և հաստատեցին սակայն տոներ, որոնք մեծ շուքով կատարում էին տեղի բնակիչները։ Պոմպեոսն էլ ընդարձակեց տեղը և Զելան դարձրեց քաղաք, որը հետո համարվեց քրմերի սրբազան ու ազատ քաղաք, իսկ քրմապետը՝ թագավոր։ Սրանից ոչ միայն հետ չէր մնում նաև Եվդոկիայի (Թոքադ) մոտ գտնվող Կոմանան (Կյումենե), այլև զեխությամբ է՛լ ավելին էր, և այն նմանեցնում էին մինչև անգամ Կորթնոսի Աստղիկին։ Նույնը և մյուս Կոմանան Կապադովկիայում՝ Ջահանի կողմերում, որի չաստվածը անվանվում էր Մա կամ Ենիոս և քրմապետի իշխանության ներքո ուներ 6000 պաշտամունք մատուցող՝ տղամարդ ու կին, նաև մեհյանին շրջակա ընդարձակ տարածքներ և համարվում էր թագավորից հետո երկրորդը կամ նրա փոխանորդը, քրմերն էլ արքայազուններ էին համարվում։

Այս տեղի Անահիտի մեհյանը Տավրիկյան կոչվածն էր, որի կառուցողը՝ Իփիգենիան, սրան նվիրեց իր սգո մազերը, դրա համար էլ այն անվանվեց Կոմանա, որ հունարեն նշանակում է «գիսակ, գլխի մազեր» (чпмйпн, որից և՝ կոմիսատ՝ «վարսավոր», Comete՝ «գիսավոր»)։ Սրանք իր աչքով է տեսել ամասիացի մեծ աշխարհագիր Ստրաբոնը և նկարագրել է հավատարմությամբ։ Բայց ո՞վ կարող է հաստատել, թե մեհյանների հիմնարկողը կիսով չափ առասպելական Ագամենոնի դուստրն է։ Նոր ժամանակներում հին կրոնների մասին գրող Մորին (III, 183) իբր անտարակույս է համարում այն, որ Անահիտի պաշտամունքը հայերը մտցրին ոչ միայն Կապադովկիա, այլև Լիդիա։

Անկարելի է, որ իրենց բնիկ սահմաններից այդքան հեռու Անահիտին փայլեցնող հայերը իրենց կենտրոնում էլ նույնպես և գուցե ավելի չփայլեցնեին նրան։ Եվ ինձ շատ հավանական է թվում, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիքի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտի, թեև մի հին վարդապետ (Սիմեոն) այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը։ Եթե կուռքն ու բագինը ոսկեձույլ չէին, գոնե ոսկեպատ էին։ Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը, Чсхупчьччпт ասելով, իմացնում է, որ ոսկեհատը ոսկեղեն հատիկներ են, որոնք, թվում է, թափել է ինքը՝ դիցուհին, կամ ինչպես Սաթենիկի հարսնության ժամանակ, «տեղ ոսկի տեղայր» (Խորենացի, Բ․Ծ)։ Հայոց այս Ոսկեմոր նման՝ բուլղարացիները իրենց լուսատուների ծնողներին անվանում են Ոսկեմայր (Զլոտնա մայիկա)։ Կեսարիայից վերադառնալիս ս․ Լուսավորիչը կործանեց նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցրեց առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15)։

Անահիտի մեհյանների տեղերը, կուռքերը ու նյութը բավական հայտնի են, իսկ ձևն ու նշանները՝ ոչ այնքան։ Եվ որովհետև համապատասխանում էր հույների Արտեմիսին, նրան էլ նման էր կարծվում։ Այժմյան հնագետները, արևելյան գլանաձև քարերի կամ ակների վրա տեսնելով մի դիցուհի՝ ուսին երկու կապաճ և ձեռքերին սուր ու մական, համարեցին, որ Անահիտն է, որովհետև եգիպտացիների Նիիթն էլ է կերպարանավորված աղեղնավոր ու նետավոր։ Հայտնի է հույների աղեղնավոր կամ որսորդ Արտեմիսը, որի համար էլ կոչվում էր Եղջերվահար։ Իսկ պարսից քանդակներում նրա գլխին երևում են գունդ և մահիկ, ձեռքին էլ՝ ծաղիկ։ Պարսկադեն գրքերը Անահիտին նկարագրում են որպես լանջագեղ, ոսկեպաճույճ, ոսկեղեն վերարկուով, քառամանյակով, գոտիով, ոսկեթիթեղ բոլորաձև գլխանոցով, իսկ պատմուճանը՝ կարված երեսուն քառածին ջրշների մորթիներից։ Այս վերջին ավանդության պատճառը այն է, որ ջրշունը կամ կուղբը չորս ձագ է ունենում կամ չորս ամիս հղի է լինում (չադուրդ֊ծիծանադամ)։ Ապա՝ Նահիտը ջրի դիցուհի էր կամ ոգի, իսկ կուղբը ջրում է բնակվում և ջրասույզ դևերի թշնամի է։ Ոմանք էլ այս կենդանու մորթու փայլունության պատճառով համարել են Անահիտին վայել զգեստին համապատասխանող։

Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է։ Բայց չենք կարող զանց առնել Ս․ գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, թե Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց՝ ասելով․ «Ո՞վ է ի մարդկանէ՝ որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»։ Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը։

Նանե

Այս անունով հույները առասպելում են մի հավերժահարսի՝ Սանգարիս գետի դստերը, որը ծննդաբերության ոգի էր կամ զորություն։ Սկանդինավյան ազգերն էլ ունեին մի դիցուհի՝ Նաննա, որ Օդինոսի որդու՝ Բլադրի կինն է։ Բալդրը համարվում էր նրանց Ապոլոնը, և Նաննան, ըստ այսմ, մերձավոր էր հունական Աթենասին, որ Արամազդի ուղեղից ծնված կույս էր՝ իմաստություն, գիտություններ և արիություն ներշնչողը՝ նախկինում երբեմն էլ համարված ջրերի և շոգիների չաստված։ Հայերն էլ Նանեին էին համարում Արամազդի դուստր ու Աթենասի փոխնակ, որովհետև նրա ճարտարարվեստ անդրին, որ բերեց Արտաշեսը, և Թիլ ավանում տեղադրեց Տիգրանը, Ագաթանգեղոսը անվանում է Նանեական։ Գրիգոր Լուսավորիչը նախքան Կեսարիա գնալը կործանեց այն նրան մերձակա Անահիտ քրոջ հետ և տեղը գանձերով հանդերձ դարձրեց կառուցվելիք եկեղեցու սեփականություն։ Նանեն կամ Նանան՝ որպես չաստվածների մայր, ծանոթ էր նաև այլ ասիացիների, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ» (Նանե, Նինե)։ Թիլ ավանից զատ՝ Հայաստանի ոչ մի վայրում Նանեի մեհյան չի հիշատակվում։ Երիզայի Անահիտից վերոհիշյալի տարբեր լինելը անտարակույս է, բայց օտարները սրան երբեմն շփոթում են Արտեմիսի, երբեմն էլ՝ Կիբելեի հետ, մանավանդ այնտեղ, որտեղ Ս․ գրքում հիշատակվում են չաստվածներ, ինչպես հիշատակվում է (Ա․ Մակաբայեցիների, Զ, 1) Ելիմայիսի կամ, ըստ մեզ, Լիմնոսի մեհյանը, որ էր «մեծագանձ յոյժ, և կուռք ոսկեղէնք ձուլվածոյք մեծամեծք ի նմա»։ Եվ հիրավի, Անահիտը սրանց գլխավորն էր։ Իսկ Պարսկաստանում եղածի մասին հիշատակածը (Բ․ Մակաբայեցիների, Ա, 13, Թ, 12), ըստ մեր թարգմանության, Նանեն է, որի գանձերը կողոպտել էր ուզում Անտիոքոսը, բայց նրա «անհամար զօրքն անկան կործանեցան շուրջ զՆանեայ տաճարաւն», որ գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաքում, որ Պասարգատն էր։ Ըստ Պլուտարքոսի վկայության՝ սրանց Նանեն հաղթության չաստված էր, և նրա տաճարում էին պսակադրվում թագավորները․ և ըստ այսմ ևս՝ զուգորդվում է հույների Աթենաս֊Պալլասի հետ։

Աստղիկ

Հայոց երրորդ դիցուհին է՝ մեծարված ավելի, քան երկրորդը (Նանեն), թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինը, որովհետև թեև ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում։ Ազգային ավանդությունը Աստղիկին՝ սեփական հայկական անվամբ և օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես և իր եղբայրը՝ Մանիտոնը։ Թե սրանց հայրը հայոց առասպելներում ինչ անունով էր կոչվում, հայտնի չէ։ Եվ եթե նույնպես հայտնի կամ ընդունելի չէ Նոյի դուստրը լինելը, հավանական է, որ լինի մի հին նահապետի դուստրը՝ իրական անձ և ոչ մտացածին մեկը։ Բերոսոսյան Սիբիլլան (Խորենացի, Ա․ Զ) Աստղիկին համարում է Քսիսուսթրոսի, որ նույն Նոյն է, դստեր դուստր և նկարագրում է, որ հաշտարար էր իր եղբայրների՝ Տիտանի և Հաբեթի՝ Զրվանի դեմ ունեցած կռվի ժամանակ և վերջինի զավակներից մի քանիսին փրկելով՝ տարավ֊ձգեց Օլիմպոս լեռան վրա, ինչի համար էլ կոչվեց դիցընկեց։ Բայց հայերը ավելի հաշտ են ցույց տալիս եղբայրներին ու քրոջը, որը նրանց հավասար ժառանգեց մի երկիր հարավային կողմում՝ ըստ ոմանց՝ Երջանիկ Արաբիան։ Սակայն իրենց Աստղիկին չեն թողել այդքան հեռու գնալ, այլ պահել են Տարոնի կողմերում, որտեղ առաջ բնավկում էին նաև եղբայրները։ Այնտեղ է Աստղնաբերդը կամ Աստղիկի բերդը՝ համառոտելով Ասղնաբերդ կոչված, որը կառուցել է տվել նույն ինքը՝ Աստղիկը, որ ասում են, իր Զրվան եղբոր ապահովության համար․ հետագայում՝ պատմական ժամանակներում, կոչվել է Մոկաց բերդ և գտնվում է Մուշի արևելյան կողմում, իսկ արևմտյան կողմում՝ Հաշտենից գավառի մոտ, կա մեկ այլ Աստղբերդ։ Անշուշտ, Անահիտի պես սա էլ լեռների վրա ուներ այլևայլ աթոռներ։ Հիշվեց նաև Պաշատ լեռան վրա գտնվող նրա կուռքը կամ պատկերը, որ գտնվում էր Արամազդի կուռքի մոտ, որի հետ և կատարում էին նրա տոնը Նավասարդին՝ ամանորին։ Արտաշես Բ֊ն, Վանի կողմերում իր համար զբոսարաններ շինելով, Արտամետի մոտերքում կանգնեցրեց Աստղիկի տաճարը, որի պաշտամունքը շատ սիրող են թվում ինքն էլ, իր ընտանիքն էլ։ Եվ նրա Սաթենիկ տիկնոջ մասին ասվում է, թե իր ազգակից Սուքիասեցն քրիստոնեական քարոզը լսելուց հետո իսկ չկարողացավ բաժանվել Աստղիկի պաշտամունքից։

Այս դիցուհու գլխավոր մեհյանը գտնվում էր Հաշտիշատում։ Այն մեկն էր երեքից, որոնք մեկ անունով կոչվում էին վահեվահյան, և որոնցից մեկն էլ վերոհիշյալ Ոսկեծին Ոսկեմայր Անահիտի մեհյանն էր։ Իսկ Աստղիկինը առանձին կոչվում էր Սենյակ Վահագնի․ վերջինիս էլ նվիրված էր երրորդը։ Այս երկուսի պատկերների՝ Հունաստանից բերված լինելու պատչառով նրանց Հերակլեսը հայերի մեջ Վահագն համարվեց, իսկ Ափրոդիտեի անդրին՝ Աստղիկինը։ Սրանց՝ իբրև իր սիրելիների, Տիգրանը դնել տվեց իրար մոտ (Խորենացի, Բ․ ԺԴ), և այնուհետև այս երկու դիցուհիների գաղափարները միացան, և Աստղիկը համարվեց ցանկասիրության գարշելի չաստված, որին նրա սիրեկանի և Անահիտի հետ մեկտեղ ավերեց ու անհետացրեց ս․ Գրիգորը ու դրանց տեղում կառուցեց Աշխարհամատրան տաճարը։ Ագաթանգեղոսը այսպես է նկարագրում այդ մեհյանի բնաջնջվելը ու իբր աներևույթ լինելը՝ ինչպես գուշակվում է, այնտեղ կատարված անառակ պաշտամունքն ու հանդեսները մոռացնել տալու համար, ինչպես Վարդան վարդապետն է երգիծաբանելով ասում Լուսավորիչին ուղղված ներբողում․ «Աստղիկ՝ զբոզութիւնն առեալ փախչէր առ նմանիս իւր»։ Լամբրոնացին էլ 67֊րդ սաղմոսի մեկնության մեջ, «որպէս պակասի ծուխ» և այլն, այդպես էլ Քրիստոսի հրի զորությամբ ջնջված է համարում․ «Զի թէ ոչ էր պակասեալ, զբազում ամաց մեհեանն շինեալ Վահեւանեան Դիցն, և դիւօքն ի մարդկային հնարից պարսպեալ, Ս․ Գրիգոր՝ ո՞րպէս մի տեառնագրելովն՝ կործանեալ անհետ արար»։ Մեկ այլ տեղում էլ (Ձ, 14) գրում է․ «Ս․ Գրիգոր՝ զի ձգեաց զձեռն ի Վահեւանեանն մեհեան, և իբրեւ զոչինչ՝ զամենայն զդեւսն ցրուեաց»։

Մինչ հունական խայտառակ անդրիների բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևույ, և ըստ անունի՝ լուսավոր ու պայծառ մի էակ կամ իր էր՝ հավանորեն Արուսյակը՝ նման հռոմեացիների Venus-Urania կոչվածին։ Հետագայում դարձավ ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ, որոնց հայտարան են և՛ նրա նկարագրությունը որպես ոսկեծղի և վարդամատն, ինչպիսին էին հույների Արշալույսն ու Հերան, և՛ Ափրոդիտեին նվիրված վարդը, որ և հայերն էին վիրում իրենց Աստղիկին՝ Վարդավառ ասելով ու անելով և տարեվերջին՝ Ավելյաց օրերին, որ օգոստոսի սկիզբն է, կատարելով իրենց Բարեկենդանի մեծամեծ հանդեսները, երբ Հայաստանի բարձրավանդակներում դեռ առկա էր գարնանային զովությունը։ Վանական վարդապետը որոշ շփոթությամբ (գրվածքի սխալ օրինակումից) ասում է, որ այս տոնը Քրիստոսի խաչելության հիշատակից 40 օր առաջ էր, իսկ քրիստոնյաները այն դրեցին Այլակերպության տոնից 40 օր հետո՝ խափանելով Աստղիկի և Հեփեստոսի կամ Միհրի պիղծ տոները և դրանց հետ մեկտեղ՝ արեգակի ու լուսնի կրոնական հիշատակները։ Ասվում է, որ ինքը՝ ս․ Գրիգոր Լուսավորիչը, պատվիրեց այս հեթանոսական մեծապայծառ տոնը փոխարինել Թաբոր լեռան վրա Քրիստոսի ամենապայծառ երևումով։

Միհր, Միթրա

Այս անունը պարսկական հնչում ունի։ Վերջին մասը հիշեցնում է հայերեն հուր֊ը, ինչպես ինքն էլ համարվում էր հրի ու արեգակի չաստված։ Նույն էր և հույների Հեփեստոս կոչվածը։ Եվ առավել, քան շատ չաստվածներինը, նրա պաշտամունքը տարածված էր և՛ արևելքում, և՛ արևմուտքում։ Այս վերջին (Եվրոպական) մասում՝ ոչ միայն հույների ու հռոմեացիների կողմերում, այլև Գերմանիայում, գտնվում են միհրական կոչված քանդակներ։ Մինչև իսկ իսլանդացիների գերագույն չաստվածը կոչվում էր Մաեդր֊աս։ Արևելքում Միհրի պաշտամունքի նշաններ կան Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան։ Այս մեծ աշխարհում Միդրա էին անվանում արեգակը կամ մեկը 12 արեգակնազուններից, որոնք կոչվում էին ատիդիյաս։ Մեր 5֊րդ դարի մատենագիրների՝ Եզնիկի, Եղիշեի, Խորենացու ըթերցողները հիշում են սրանց գրածները և պարսից Միհրի ինչ լինելու բացատրությունը։ Նրանցից առաջ դրա մասին հիշատակում են նաև սուրբ հայրերը, մանավանդ Գրիգոր Աստվածաբանը, որի ճառերի մեկնիչ Նոննոսը գրում է․ «Միթրոս կարծի ի Պրասիցն՝ Արեգակն գոլ, և զոհս առնէին նմա և կատարէին․ արդ ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջագոյն ընդ աշտիճանսն տանջանաց անցանիցէ, և աշտիճանքն են թուով ութսուն»։ Հայտնի է, որ աստիճանակարգերը, ինչպես որ կան նաև այլ կրոնների ու աղանդների մեջ, զուգորդվում են նոր ժամանակների աշակերտության կամ նվիրապետության կարգերին՝ մեկը մյուսից բարձր՝ ըստ հետևողների իմացության և կրթության։ Նույն հեղինակը մեկ այլ տեղում ասում է․ «ԶՄիթրոսէ այլեւայլ տան կարծիս․ քանզի Արեգակն զնա գոլ ասէին, ոմանք վերատեսուչ Հրոյ, և այլ յատուկ ինչ գոլ զօրութիւն․ լինէին և Միթրոսի տելէդք ոմանք , և մանաւանդ առ ի Քաղդէացւոցն․ քանզի որք սովաւ կատարեալ կամէին լինել՝ տանջանաց կարօոտանային, ըստ աստիճանաց ի վեր ելեալք, ի թեթեւագունիցն տանջանացն սկսեալ՝ ի դժնդակագոյնսն կատարէին․ յառաջագոյն՝ սովով ճնշել զանձինս՝ իբրեւ աւուրս 50․ և յայնմ ժուժկալք՝ ի քերանս արկանէին աւուրս երկու, ապա ի ձեան կացուցանէին աւուրս 20․ յետոյ ի հուր անցուցանէին․․․ և զչարըմբերն որ կատարեալն եղեւ՝ հատուցել այնուհետեւ ի կատարելագոյն տելետն »։

Վերոհիշյալ միհրական քանդակները (Mithriaques) Միհրին կերպարանավորում են որպես հայագդակ կամ փռյուգագդակ երիտասարդ՝ քարայրի մեջ ծնկով կռթնած կամ հեծած մի ցուլի, որին ուզում է մորթել․ ցուլի ներքին անդամներին կպած են օձեր, կարիճներ, մրջյուններ․ մոտը կա մի շուն, վերևում՝ մի քաջ՝ ձեռքին երկու ջահ՝ մեկը վեր պարզած, մյուսը դեպի վար։ Այս ամենը ցույց են տալիս տարվա եղանակները՝ արևի շրջանով, գիշերն ու ցերեկը։

Զրադաշտական կրոնում Միհրը Որմիզդի ծնունդ էր՝ ոչ չաստված, այլ ազատ և ազատների գլխավորը, Որմիզդի ու Ահրիմանի միջնորդը։ Բայցհետո ոչ միայն չաստված համարվեց, այլև գրեթե բովանդակ աստվածություն, բայց այլանդակ կերպով աստվածացված, ինչպես ծաղրանքով ասում էին մեր հայրերը պարսից վզրուկ Միհրներսեհին պատասխանելիս․ «Եւ ոմն քաջ ի ձերոց իմաստնոցն ասաց, եթէ Միհրն աստուած մայրածին է ի մարդկանէ և թագաւոր աստուածազաւակ է, և համհարզ քաջ եօթներորդաց»։ Ավելորդ եմ համարում այս առասպելաց առասպելները քննել, քանզի սրանք հին պարսից և հայոց հավատքը չէին, այլ Սասանյաններինը։ Իսկ հները, ինչպես արդեն ասացինք, Միհրին համարում էին արեգակի, կրակի, եղանակների տեսուչ ոգի, որին նվիրված էին մարտ ամիսը, նաև ամիսների 16-րդ օրը և մի քանի այլ տոնական օրեր։

Ինչպես հիշված չաստվածների հավատքն ու կերպարանքը այլայլվեցին կամ խառնվեցին հունականին, երբ սրանց կուռքերը բերվեցին Հայաստան, այնպես էլ Հեփեսոսը զուգորդվեց Միհրի ու հռոմեացիների Վուլկանի հետ ու դարձավ Արամազդի որդին գուցե «ոչ բնութեամբ՝ այլ կոչմամբ», ինչպես ասում է Նոննոսը Միհրի նվիրյալների մասին։ Այս արեգակնային հրային չաստվածի կուռքը կանգնեցվեց Բագառիճում՝ Եկեղյաց և Դարանաղյաց գավառներին սահմանակից Դերջան գավառում, որտեղ, ինչպես գյուղի անունից է գուշակվում, կային նաև այլ կուռքերի բագիններ։ Եվ ս․ Գրիգորը «գայր հասանէր ի Մրհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, և․․․ ի հիմանց բրեալ խլէին, և զգանձս մթերեալս աւար հարկանէին, և աղքատաց բաշխէին, և զտեղինս նուիրէին եկեղեցւոր»։ Ներկայումս ենթադրում են, որ այս մեհյանի տեղը նույն անունը կորղ գյուղում բարձրացած քարաբլուրի արևելյան կողմում է, որտեղ փորված են երեք փոքրիկ քարանձավներ, դրսում էլ՝ գավիթ։ Բլուրի գագաթին, որտեղ բուն բագինն է եղած համարվում, երևում են հիմքերի նշաններ։

Միհրի տոնի ժամանակը մեր ազգակիցները չեն հիշատակում, բայց թվում է, թե արեգ ամիսն է, որ համապատասխանում է պարսից միհր ամսին։ Արևմուտքում՝ գոնե Իտալիայում, տոնը կատարվում էր դեկտեմբերի 25֊ին․ դրա փոխարեն ուղղահավատները այդ օրը նվիրեցին Քրիստոսի ծնունդին, որի մարդեղության օրը զուգադիպում է գարնանամուտի օրերին։ Միհրի պաշտամունքասիրության՝ նրա հավատքից հետո էլ մնացած նշանակ են նրա անունից բարդված հատուկ անձնանունները Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ինչպես՝ Միհրան, Միհր֊Ներսեհ, Միհրանշապուհ, Միհր֊Արտաշես, Միհրազատ, Միհրիշատ, Միհրհորիկ և այլն։

Տիր

Թեպետ սա հիշյալ չաստվածների պես հաճախ չի հիշատակվում, բայց և աննշան չէ թե՛ արևելցիների և թե՛ հյուսիսցիների մոտ, թեև այլևայլ կերպով է ճանաչվում։ Համապատասխանում է հույների Ապոլոն և Հերմես դիքերին։ Կելտերի ու սկանդինավցիների մոտ Տիրը կամ Տյուրը (Tyr) պատերազմի ոգի է, ինչպես և Տին է ֆրիզների մոտ, Զիոն՝ շվեդների մոտ։ Մեր լեզվում Տիր անունը նշանակում է «ուժ, պնդություն, քաջություն»։ Պարսիկները Տիր են կոչում նետը և, ըստ աստղաբաշխության, Փայլածու մոլորակն ու Դաշդեր աստղը, ինչպես և երկրի արևելյան կողմի պահապան ոգուն, նաև ամիսների՝ տոներով հանդերջ տիրական կոչվող 13֊րդ օրվա և ամբողջ դեկտեմբեր ամսվա պաշտպանին, ինչպես հայերիս մեջ էլ տարվա 4֊րդ ամիսը կոչվում է տրե կամ տրյա։ Մեր դրացիները Տիրին ճանաչում էին նաև որպես ամպերի ու անձրևների համար հոգացողի։ Բացի ամսանուններից՝ ունենք նաև Տրյա գյուղ և Տիրառիճ գյուղ, Տիրինկատար լեռ, որը հիշատակեցինք որպես Անահիտին նվիրված, նաև մարդկանց շատ հատուկ անուններ՝ Տիրան, Տիրոց, Տրդատ, Տիրատուր և այլն։ Այս ամենը հայտնի է դարձնում, որ հայերի մեջ Տիրը ուներ բավականին տարածված պաշտամունք և համարվում էր գիտությունների, դպրության, պերճախոսության պաշտպան ու ներշնչող։ Հունաստանից բերված Ապոլոնի պղնձաձույլ, ոսկեզօծ անդրին, որ դրված էր Արմավիրում և ապա Արտաշատում, Ագաթանգեղոսը կոչում է Տիր կամ Տյուր, իսկ վայրը համարում է քաղաքից դուրս՝ քաղաքադռան մոտ՝ ճանապարհի վրա, և հատկությունը՝ «դիք դպրի գիտութեան քրմաց», մեհյանն էլ «անուանեալ դիւան գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան»։ Որքան էլ այս բառերի շարքերը փոքր֊ինչ շփոթում են իմաստը, բավարար են ահյտնի դարձնելու, որ գիտությունների խնամակալ էր և Արմազդրի դպիր, ինչպես որ հույների Հերմեսը և հռոմեացիների Մերկուրին Դիոսի պատգամավորն ու դպիրն էին, և պարսից Դիք֊Քելեքը բախտի, երկրագնդի ու գիտությունների ոստիկանն էր։

«Գործք Առաքելոց» սրբազան գրքում էլ, որտեղ հիշատակվում է Հերմեսը (որին իր ճարտարախոսության համար հեթանոսները նմանեցրին Պողոս առաքյալին), մեր ձեռագրերի մի մասին լուսանցքում գրված է Տիր դիք։ Հերմեսը ոչ միայն ճարտարախոս էր, այլև հնարախոս կամ պատգամախոս, յուրաքանչյուրի կարիքի համար բան ասող, միով բանիվ՝ հարցուկ և տարակույսներ լուծող ու երազներ մեկնաբանող, որի համար էլ հունարեն կոչվում էր ´Пнейсьрпмрпт կամ ЙгЮфщс ´пнеЯсщн, ինչը բացատրում է Ագաթանգեղոսը՝ Տիրի մասին ասելով․ «Երազացոյց երազընդհան պաշտօն Տիւր դից»։ Այս է պատճառը, որ մեհենատեղին էլ կոչվեց Երազմույն։ Եվ քանի որ գտնվում էր մայրաքաղաքի դռան մոտ, ճշմարիտ Աստծուն հայերիս հավատալու պատճառով նախ սրան «արկեալ ձեռն՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին․․․ ուր և երեւեալ կերպարանօք դիւացն ի նմանութեան առն և ձիոյ բազմութեան և կազմութիւն գնդի և հետեւակազօր մկնդաւորք և սունաւորք, առաջի ընթացեալք ի կերպարանս մարդկան նմանութեան, նիզակօք և նշանօք ի զէն և ի զարդ վառեալք, մեծաւ գոչելով զաղաղակ հարեալք՝ փախստեայք յԱնահտական ի մեհեանն անկանէին․ ուստի՝ ընդ հասեալսն մարտ եդեալ կռուէին, նետս անոյժս և քարավէժս թանձրաթափ ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին․ զոր փոքր սակաւ մի զարհուրեցուցեալ զնորահաւատս մարդկանն։ Իսկ Ս․ Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ նշան տէրունական առնէր․ և դիմեալ՝ ի դուռն մեհենին, և ամենայն շինուածք մեհենին ի հիմաց դղրդեալ տապալեցան․․․ և ամեայն դեւքն ի փախուստ դարձալ առաջի մարդկանն՝ երեւացան զօձիս արկեալ և զճակատս հերալ, և զճիկ բարձալ մեծաձայն գոչելով ասէին, թե վա՜յ մեզ․ զի յամենայն երկրէ փախստական արար զմեզ Յիսուս՝ որդի Մարիամու․․․ արդ ի յո՞ դիմեալ փախիցուք․․․ երթաք մեք ի բնակիչս լերինն Կաւկաս․․․ Եւ զյաս ասացեալ․․․ սեւագունդ դիւացն՝ աներեւոյթք եղեալ չքոտեալք ի տեղւոյն՝ իբրեւ զծուխ պակասեցան», և այլն։ Փոխանակ «մարդակերպ դևեր»֊ի՝ փախչողները պիտի կոչվեն դիվակերպ մարդիկ, խաբեբա քուրմեր, որոնց դիզած գանձերը տրվեցին աղքատներին ու եկեղեցուն․ երազացույցն էլ երազի պես ցնդեց։

Նշանավոր է, որ մեր ու պարսիկների մեջ Տիրի՝ գիտության դիք համարելու պես մոգերին տրի կամ տրա են անվանում նաև սաքսերը։ Արդյոք կելտերի դրուիդ֊ը (Druide) և սկանդինավցիների Derot֊ը, որ նշանակում են «քահանա և գիտուն», տրի֊ից չե՞ն ծագել։

Վահագն

Մինչ հիմա մեր հիշած հայոց պաշտելի չաստվածների մեջ միայն Աստղիկն էր զուտ հայկական անունով կոչված և հայ դիցաբանության ծնունդ։ Կարելի է այսպիսին համարել նաև Վահագնին, թեև նա էլ Աստղիկի ու այլոց պես կունենա իր օտար զուգակիցը կամ փոխանակը, ինչպես՝ մի Հերակլես։ Թեև պատմությունը նրան մեզ ներկայացնում է իբրև իրական և դյուցազունների մեջ դասելի անձ, սակայն պաշտամունքն ու մեհյանները հավասարեցված են չաստվածներին և ներկայացված որպես հայոց յոթ գլխավոր դիքերից ու մեհյաններից մեկը։

Ըստ պատմության՝ Վահագնը Երվանդյան Տիգրան հայկազունի որդին կամ մանավանդ թոռն է։ Նրա հետ պատերազմել ու հաղթել է մարերի հռչակավոր թագավոր Աժդահակին, որի անունը հայերեն թարգմանելով՝ հայ վիպասանները նրան անվանում էին վիշապ, իսկ հետևողներին վիշապազուններ և ըստ Խորենացու՝ «ընդ Վիշապաց ասէին յԵրգն՝ կռուել նմա և յաղթել․ և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութեանցն՝ նմա երգէին»։ Մարերի ու պարսիկների մեծ հակառակությունն ու կռիվը հայտնի են նաև օտար պատմիչներից, թեև ոմանք նրանց համարում են բարեկամներ, այլ ոչ թշնամիներ։ Բայց հույների պատմահայրը (Հերոդոտոսը) և մեր պատմահայրը (Խորենացին) հայերին ու պարսիկներին ներկայացնում են որպես դաշնակից և մարերին թշնամի։ Եվ ինչպես պարսիկներն են իրենց Կյուրոսին հռչակում Աժդահակին հակառակորդ ու հաղթող, այնպես էլ հայերը՝ իրենց սիրելի Տիգրանին, որի մասին երգված հիշատակներից մի մաս ավանդում է Խորենացին (Ա․ ԻԵ֊Լ)՝ ըստ հայոց հին վիպասանության, որի մեջ խառնվել կամ հավելվել էին և՛ Վահագնի քաջագործությունները, և՛ դրանից դուրս պես֊պես ավանդություններ։ Այսպիսին է նաև 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիշատակածը․ «Ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնիՀայոց՝ գողացաւ զյարդ Բարշամայ, Ասորեստանեայց նախնոյն․ զոր և մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ Յարդգողի հետ անուանել»։ Այս հիշատակումը Վահագնին ներկայացնում է իբր Արամի ժամանակակից՝ շատ ավելի հին, քան Տիգրանը։ Հնդիկներն էլ ունեն նման մի ավանդություն․ Պոնիս կամ Վալա անունով մի ասորի գողանում է չաստվածների նախիրը ու փակում է մի քարայրի մեջ։ Ինդրա չաստվածը մրրիկների (մարուտ) օգնությամբ և Սարամա եղնիկի առաջնորդությամբ բացում է քարայրը և արձակում անասուններին։

Հնդկական առասպելների հետ Վահագնի այլ նմանությունները հիշատակեցինք արեգակի պաշտամունքի մասին խոսելիս և նշեցինք նույնիսկ անունը՝ Վահու֊Ագնի։ Մեր մի հին գրվածքի մեջ մեր դյուցազնը կոչվում է Վահանգն։ Եվ կա մի հին վարդապետի վկայությունը․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին»․ և սրան համապատասխանում է վիպասանների երգածը՝ Երկնէր երկին֊ը և կարմրիկ եղեգնիկ֊ը, որի նման նաև այլ ազգերի, մինչև իսկ չինացիների ավանդություններում էլ են գտնվում եղեգնից, լոտոսից կամ ուրիշ մի բույսից ընծայված չաստվածներ։ Շատ դարեր անց՝ Վաղարշակի ժամանակներում, նոր հնդիկ քուրմերի՝ նոր չաստվածներով Հայաստան գալը մի փաստ էլ է ավելացնում Վահագնի հնդկական առնչությանը, որի մեհյաններն էլ նույն հնդկական անվամբ կոչվում էին Վահեվահյան, պաշտամունքավարները՝ Վահևունիներ (ըստ Ագաթանգեղոսի հունարեն օրինակի՝ Вбвз՝йпт)։

Մեր աշխարհակալ Արշակունիները, որ ավելի կոչելի են չաստվածակալներ՝ Հունաստանից բերած կուռքերի և հայոց ավանդությունները այլայլելու համար, նույնը անել տվեցին նաև Վահագնի հետ։ Նրան սեփականվեց Հերակլեսի անդրին՝ հռչակավոր Սկյուլասի և կրետացի Դիպինոսի պղնձաձույլ, ոսկեզօծ ձեռագործը, որը Վահևունիները, իրենց Վիշապաքաղ Վահագնը համարելով կամ նրան հարմարեցնելով, կանգնեցրին Տարոնի Հաշտիշատում՝ Անահիտի և Աստղիկի մեհյանների մոտ՝ սրան էլ նվիրելով մի երրորդը (Վահեվահյան կամ Վահևվահյան)՝ «մեհեան մեծագանձ, լի ոսկւով և արծաթով, և բազում նուէրք մեծամեծ թագաւորաց ձօնեալ անդ, ութերորդ պաշտօն հռչակեալ»։ Լուսավորիչը այս կուռքերը կործանեց մեծ դժվարությամբ, որովհետև հնդկասերունդ քուրմերը այն պաշտպանում էին համառորեն։ Բայց եթե հնդիկները սրան պատիվ էին մատուցում՝ իրենց Ագնին համարելով, և եթե ըստ Խորենացու՝ վրացիները նախ սկսեցին պաշտել՝ բնական մեծությամբ մարդու մի արձան կանգնեցնելով, և եթե ըստ մի գիտնականի՝ հին պարսիկներն էլ Ավեստայի լեզվով հին գրքում նրան կոչել են Վերեթրակնա (՞), ապա հայերը նրան ճանաչում էին որպես իրենց մեծագույն ու սիրելի դիքերից մեկը։ Այդ է հայտնում նաև Տրդատի հրովարտակը՝ ազգին մաղթելով, որ Արամազդից ու Անահիտից հետո «քաջութիւն հասցէ ձեզ ի Քաջն Վահագնէ», որին հարկ է համարել նաև Արեսին փոխարինող, որովհետև պատրեազմի հայոց այլ չաստված չի հիշատակվում։

Տարոնից դուրս Վահագնի մի մեհյան էլ հիշատակվում է Տոսպի Ահևական գյուղում, որ լսեցնում է նույն Վահեվահյան անունը, ինչպես որոշակիորեն ասում է Թովմա Արծրունին․ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ֊ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյան, որ համարելի է Վահագնինը։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին։

Վահագնի պաշտամունքավար բնիկ քուրմերը նրա ցեղից կամ հնդիկներից էին սերված կարծում և կոչվել էն Վահունիք, Վահևունիք կամ Վահնունիք, որոնց այդ պաշտոնը հանձնեց Վաղարշակը և նրանց էլ բարձրացրեց նախարարական կարգի, թեպետ Տիգրանի հրամանով առժամանակ զրկվեցին այդ պատվից, որովհետև նրան չհարցնելով՝ Աշտիշատում կանգնեցրել էին Հերակլեսի անդրին, և սրանց գյուղն էլ նա դարձրեց արքունիքի սեփականությունը։ Իսկ ս․ Գրիգորը, բագինները վերացնելով, դարձրեց առաջին եկեղեցու տեղը և քուրմերի փոխարեն վերակացու կարգեց ս․ Դանիել ծերունուն՝ որպես իր փոխանորդի, և Վահագննի տոնի փոխարեն սահմի ամսի 7֊ին սահմանեց Հովհաննես Կարապետի և ս․ Աթենոգինես եպիսկոպոսի տոն, որոնց նշխարհներից մաս դրեց եկեղեցու հիմքում։

Վահագնի պաշտամունքի ջնջվելուց հետո նրա մասին վիպասանների հյուսած երգերը դեռ լսվում էին մեր թարգմանիչների օրերում, և սրանք նաև Ս․ գրքի թարգմանության մեջ Հերակլեսի փոխարեն համարձակորեն գրում էին Վահագն։ Անմոռաց մնաց նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի հետ կոչելը, որ մեզանում ասվում է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը հայտնի է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու։

Ժամանակին վերաբերող հավատքների մասին խոսելիս հիշատակեցինք, որ ամիսների 27֊րդ օրը նվիրված էր Վահագնին, կամ Վահագնը այդ օրվա պահապանն էր։

Վահագնի պատճառով թե՛ այստեղ և թե՛ նախորդիվ շատ անգամ հիշած լինելով հնդկական դիցաբանւթյան հայկականի հետ խառնուրդը՝ հարկ է, որ այժմ հիշենք և այն, ինչը իբր ստույգ ավանդում են մեր պատմիչները այն կողմից եկած մի զույգ դիքերի կամ դյուցազնացածների մասին, որոնք սովորաբար անվանում են Դեմետր ու Գիսանե, թեև անունները այլայլված են և չեն հիշատակվում ո՛չ Խորենացու, ո՛չ Ագաթանգեղոսի կողմից։ Դրանք հիշատակվում են հատուկ Տարոնի պատմիչի (Զենոբի) կողմից (որտեղ պաշտվում էին այս եկամուտ դիքերը)։ Եվ ըստ պատմության կամ զրույցների՝ եղբայրներ էին ու հնդիկ ազնվազարմներ, որոնք կամենում էին սպանել իրենց Դինաքսե թագավորին, սակայն երբ նրանց խորհածը ահյտնի դարձավ, փախան֊եկան Հայաստան, որտեղ Վաղարշակը նոր էր հաստատում հայ Արշակունյաց թագավորությունը։ Նա ընդունեց սրանց և տարածքներ տվեց Ապահունյաց և Տարոնի գավառներում, որտեղ, բացի այլ քաղաքներից, շինեցին նաև Օձ կամ Վիշապ քաղաքը կամ ավանը և կանգնեցրին օձակերպ մի կուռք, այլ կուռքեր էլ կանգնեցրին Աշտիշատում՝ պաշտելով իրենց հայրենի ծեսով։

Մի քանի տարի անց Վաղարշակը Հնդկաստանի թագավորի դրդմամբ կամ մեկ այլ պատճառով նրանց, հանցավոր գտնելով, սպանեց, բայց տարածքները թողեց նրանց որդիներին։ Սրանք՝ Գիսանեի Կուառս ու Մեղտի որդիները և Դեմետրի Հոռյան կամ Հռեմ որդին, շինեցին մեկական գյուղ և կոչեցին իրենց անուններով, ինչպես մինչև հիմա էլ ստույգ այսպես են կոչվում (բայց ինչ պատչառով կոչվելը ստույգ չէ)։ Իսկ ի հիշատակ իրենց հոր՝ Աշտիշատի մոտ՝ Քարքե լեռան վրա՝ Տարոնի ու Պալունյաց գավառների միջև, կանգնեցրին նրանց քարեղեն արձանները, նաև երկու պղնձե արձաններ էլ՝ Գիսանեինը՝ 30 կանգնուն բարձրությամբ, Դեմետրինը՝ 12 կանգուն, և նրանց մեհյանները պահողների և պանդուխտների համար նվիրեցին 12 գյուղ։ Իրենց որդիներին ու ցեղին էլ կարգեցին իրենց աստվածացրած նախնիների քուրմ ու պաշտամունքավար, որոնք և որդուց որդի հաջորդաբար պահում ու պատվի էին արժանացնում այդ տեղանքը։ Այս է պատմական ավանդությունը։ Պատմական եմ ասում գրավոր և պատմիչի անուոնվ լինելու պատճառով, սակայն շատ անահավանակն և անհարմար մասերով, եթե նույնիսկ մի ստույգ հիմք կա։ 400 և ավելի տարիներ անց հայերի ուրիշ կուռքերի հետ սրանք էլ կործանելու է գալիս ս․ Գրիգորը, բայց մեծ դժվարությամբ ու պատերազմելով, Տրդատի զորքի օգնությամբ, ինչպես մանրամասնորեն պատմում է Զենոբի՝ ժամանակակից ասորու անունով։ Եվ դրանց փոխարեն հաստատում է Մշո պարծանք ս․ Կարապետը։ Բայց կռապաշտ ու հայերնապաշտ համառ քրմորդիները դժվարությամբ ընդունեցին քրիստոնեությունը և երկար ժամանակ ջանում էին իրենց նախնիներից գոնե մի հիշատակ պահել, ինչպես Գիսանեի սերունդները նրա շատ երկարամազ լինելու պատճառով չէին ուզում իրենց մազերն էլ կտրել և երբ ստիպված եղան կտրել, մեկ֊երկու փունջ թողեցին երկար։ Դրանց սև գույնն էլ դեռ տարբերում էր նրանց բնիկ հայերից։

Այս ավանդությունները քննելիս հնդկական հետքեր են հայտնվում․ զուգորդվում են նաև Գիսանեի անունն ու դրա իմաստը, քանզի հնդկերենում գես֊ը նույնն է նշանակում, ինչ որ հայերենում։ Նրանց Կրիշնա չաստվածն էլ անվանում է Գեսավա, որ նշանակում է «գիսավետ, գիսավոր»։ Հնդիկները ունեին նաև Գեսին անունով մի չար քաջ, որը, երբեմն մարդակերպ, երբեմն ձիամարդու կամ ձիացուլի կերպարանքով հայտնվելով, մեծ վնաս էր պատչառում, մինչև որ նրան սպանեց Վիշնու չաստվածը։ Հավանաբար այս չաստվածներն էին Տարոնում պաշտվել, այլ ոչ Վաղարշակի մոտ փախուստով եկածները։ Թերևս Վիշնու անունն էլ է խառնվել այստեղ պաշտված վիշապներին։ Իսկ Դեմետրի անունը, որ հիմա Դրմետր գյուղն է պահում, հավանաբար լսեցնում է հնդիկների երրորդության Բրահմա, Վիշնու և Շիվա Տրիմուտրի չաստվածներին։ Դեմետրի որդու անունն էլ, որ գրվել է Հռեմ, հիշեցնում է Հռամա կամ Ռամա չաստվածին, որ նույն ինքը Վիշնուն է՝ յոթ անգամ մարմանվորված։

Սրանց հետ հարկ կլինի մեկ անգամ էլ հիշել արդեն մի քանի անգամ հիշատակված և Վահագնի լծորդ հնդկական Ագնիին՝ հրի չաստվածին և հայոց մեջ արևակերպ վիպասանվածին (տե՛ս էջ 51)։ Մեր ոչ շատ ծանոթ ու բավական հին մի գրող՝ Սիմեոն անունով մի վարդապետ, հիշելով քրմերի և նրանց զինակիցների պատերազմը Տրդատի զորքի դեմ, այսպիսի մթնկեկ մի բան է պատմում․ «Ուստի և Գեղեցիկն Ագնիս՝ կրկին, ասեն, զերիս աւուրս մարտ պատրեազմին կացեալ»։

Կարծում եմ՝ նշանակում է, թե քուրմերը ասում էին, որ իրենց գեղեցիկ Ագնին երեք կամ վեց օր պատերազմեց հայոց զորքի դեմ, և որ Տարոնում պաշտվածը սա էր, այլ ոչ հույների համանուն Աղնոս կոչված ողջախոհ Արտեմիսը կամ սրբերի Իսիսը։ Եվ մի՞թե այն աղբյուրաբուխ տեղը, որի մասին պատմիչը (Զենոբ) ասում է, թե «իննակնեան կոչեն տեղոյն Հնդիկք և Պարսիկք», Ագնի անունը չի բովանդակում այս կոչումը։

Հնդիկների դիցաբանությունն ու լեզուն մաղելու դեպքում գուցե նոր լույս ծագի Տարոնի այս կողմերում պաշտված կուռքի և Գիսանեի ու Դեմետրի վրա։

Վանատրի և ամանորի դիքեր

Հայոց գլխավոր դիցապաշտական կենտրոններից մեկը Արարատի ընդարձակ ու գեղեցիկ Բագրևանդ գավառում և դաշտավայրում էր՝ ըստ պատաճին կոչված Բագավան, ինչպես հունական Դիոսպոլիսը (աստվածաքաղաք)․ այնտեղ թեև կային մեծագույն չաստվածների բագիններ, բայց հատուկն ու հաճախելին էր Վանատրի դից բագինը, որի անունը գրքերի մեջ միշտ հանդիպում է այսպես՝ սեռական հոլովով, ուստի կարող է կարծվել Տրի֊ի (Տիր դիքի) և վան֊ի բառաբարդություն, սակայն սովորաբար համարվել է Վանատուր՝ «հյուրընկալ, հյուրասեր, օտարներին և պանդուխտներին ընդունող», միով բանիվ՝ ըստ Ս․ գրքի (Բ․ Մակաբայեցիների, Զ, 2)՝ նման է հույների «Հիւրասէր Որմզդական դիցն Վանատրի», այսինքն՝ Արամազդին (ըստ հույների՝ ОЭнйпт, ըստ հռոմեացիների՝ Hospitalis)։ Եվ քանի որ նրա տոնը կատարվում էր հայոց տարեգլխին՝ Նավասարդին, և երկրի տարբեր կողմերից մարդկանց հոծ բազմություն էր գնում այնտեղ, հարկ էր ունենալ շատ իջևանատներ, և սրան էլ է համապատասխանում այդ չաստվածի անունը։ Եվ թվում է, թե այս դիքին են նվիրված այլ շատ կողմերում դժվար և լեռնոտ ճանապարհների վրա, շինված իջևանատները ևս, որոնք հետագա ժամանակներում կոչվում են փուտկա կամ փութկա՝ նշանակելով «քարավանատուն» ու «կրակ»։ Բառի ծագումը ինձ անծանոթ է, եթե պարսկերեն պյութքետե բառը չէ, որ միաժամանակ նշանակում է «կռատուն» և «պանդոկ»։ Եվ ոչ միայն կռապաշտության, այլև ավելի շատ քրիստոնեության ժամանակներում էին հաստատվել այսպիսի շենքերը, և հարյուրավորները՝ Ներսես Մեծի կողմից՝ ըստ նրա վարքի պատմիչների։

Միևնո՞ւյնն էին, թե՞ տարբեր էին Ամանորի դիքերը՝ հավաստի չէ։ Հայտնի չեն նաև նրանց կամ նրա կերպարանքն ու նշանները։ Ագաթանգեղոսը մի քանի տողով հիշատակում է, բայց ոչ պարզորոշ (ըստ հայ թարգմանության)․ «Ի Ժամանակի Դիցն Ամանորայ՝ ամենաբեր նորոց պտղոց տօնից Հիւրընկալ դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր», որ տարվա առաջին օրն է՝ հայոց Կաղանդը։ Եվ հայտնի է, որ այս տարին արեգակի հաստատուն շրջանով էր, որպեսզի միշտ հանդիպի գարնան կամ մանավանդ ամռան եղանակին, երբ պտուղներն էլ կլինեն հասունացած։ Ըստ այսմ՝ կվայելեր, որամանորաբեր այս չաստվածը լիներ փոխարինողը հռոմեացիների Պոմոնա (Pomona) դիցուհու կամ նրա փեսայի՝ Վերտումնուսի (Vertumnus), որ պարտեզների և պահեզների պահապանն էր և կերպարանավորվում էր որպես գեղեցիկ, ծաղկեպսակ երիտասարդ՝ ձեռքին պտուղներ ու առատության եղջյուր։ Նույն կերպ էր նաև Պոմոնան՝ գեղեցիկ հավերժահարսը՝ պսակված որթով և ողկույզներով, ձեռքին նույն առատության կամ ամենաբեր եղջյուրը։ Եթե չենք կարող հաստատել, գոնե կարող ենք ասել, թե վայել է, որ Վանատուրը և Ամանորի դիքն էլ լինեն հայոց այգիների և պարտեզների հարսն ու փեսան, և գուցե հունական մյուս կուռքերի հետ սրանց պատկերներն էլ են գերվել ու բերվել այստեղ։ Հիշյալ վերջին չաստվածները՝ հռոմեացիների սիրելիները, առնվել էին էտրուսկներից, իսկ էտրուսկները, անտարակույս, վերցրել էին արևելցիներից, բայց որպեսզի՞ արևելցիներից։ Մինչև հիմա գրեթե բոլոր ազգերի և ռամիկների համար ընդհանուր է, ըստ իրենց երկրի եղանակի, այսպիսի ծաղիկների և պտուղների տոն և ուրախություն կատարելը։ Եվ այժմ էլ Հայաստանում տեղ֊տեղ տարվա վերջին օրը կոչում են ծաղկամուտ, որը հարմար չէ ներկայումս գործող տոմարին, բայց ոչ միայն հարմար է հայոց Նավասարդին, այլև այդ ավանդության հաստատողն է։

Ոմանք կարծում էին, թե այս տարեգլխի և առաջին ամսվա անունը, ինչպես շատ անգամ է բացատրվել, քաղդեական տոմարը նորոգող մի Նաբուսարդի անունից է (թողնենք նաև բառից տրված մեկնությունը)։ Բայց լեզվագետները ստուգաբանում են կամ ըստ զանդիկ պարսիկների Նավա֊սերհատա անվանման, որ ճիշտ նշանակում է «ամանոր՝ նոր տարի», կամ մանավանդ ըստ հնդիկների Նավա֊սարատա֊ի («Նոր ջրերի տոն»։) Մեր ազգակիցներից ոմանք գիտեն, որ Վարդավառի տոնի արտաքին հանդիսությունները մեզանում կատարվում են ջուր սրսկելով։ Նույնն են անում նաև պարսիկները իրենց նոր տարուն։ Հայտնի է նաև, որ Վարդավառն այժմ Քրիստոսի այլակերպության տոնն է և լինում է Նավասարդ ամսի առաջին օրերին։

Հնդիկները մի դիցուհի էլ ունեին՝ Սարատա անունով, որ աղբյուրների ակունքների ու գետերի ջրառատության պահապանն էր, միաժամանակ նաև առատաբուխ ճարտասանության, ինչը սովորություն է նմանեցնել հորդահոս ջրերին ու գետերին։ Ըստ ոմանց՝ նույնն է նաև նրանց Սարասվատի դիցուհին՝ Բրահմայի քույրն ու կինը, իմաստության մայրը, ինչպես հայոց Անահիտը։ Նավասարդի տոները առավել հանդիսավոր դարձրին Արտաշես Բ֊ի որդիները, թեև անդրանիկը՝ Արտավազդը, ըստ առասպելների, հետ հակառակվեց, երբ տավա վերջին ուզում էր ելնել ու ավերել աշխարհը։ Նրա եղբայրներից մեկը՝ Մաժանը, այս տեղի մեհյանների քրմապետն էր և նախանձից սպանվեց․ նրա հիշատակին մյուս եբայրը՝ Տիգրան Բ֊ն, նրա գերեզմանի վրա բագին կանգնեցրեց և կատարել էր տալիս շատ ու շատ կենդանիների զոհաբերություններ, բաժանել էր տալիս եկող֊գնացողի՝ պատվիրելով նաև, որճամփորդ հյուրերին գիշերը հանգիստ առնելու տեղ տան․ «ընդունիցին հիւրք երեկօթիւք»։ Եվ այս հաստատում է Վանատուրի մասին ասվածը։ Տիգրանի որդին էլ՝ «Վաղարշ՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ՝ ի մուտն Նաւասարդի»։ (Խորենացի, Բ․ ԿԶ)։

Այս բոլոր հեթանոսական տոների փոխարեն ս․ Լուսավորիչը հաստատեց ս․ Կարապետի ու Աթենոգինեսի հիշատակը․ «Տօն մեծ հռչակել․․․ յայնմ աւուր խմբեսցին ի նմին աւանի»՝ Բագավանում։ Ամանորաբեր պտուղների հանդեսից անբաժան էր ծաղիկներինը, որոնց թագավորը կամ թագուհին՝ վարդը, ինչ֊որ ձևով ամբողջովին գրավեց այն՝ անվանել տալով Վարդավառ, որ, ինչպես շատ անգամ է ասվել, մեր ազգի քրիստոնեության ժամանակ սեփականվեց Քրիստոսի լուսապայծառ երևմանը և այլ ազգերից ավելի մեծահանդես էր տոնվում՝ անջինջ թողնելով և հին հայոց հանդեսների անմեղ մասը և ջրհեղեղի հնագույն հիշատակով ջրի խաղերը, աղավնիների թռցնելը, որի նմանակերպ հանդեսը պարսիկների մոտ կոչվում է Ապ֊րիյզեկյան և կատարվում է նրանց տրյա (թիյրմահ) ամսի 13֊ին (մոտավորապես հոկտեմբերին) կամ, ըստ ուրիշների, բահման և խուրտատ ամիսներին։

Սպանդարամետ

Մեր Ս․ գիրքը (Բ․ Մակաբայեցիների, Զ, 7) այս անվամբ է կոչում Դիոնիսոսին կամ հունական Բաքոսին․ «Իբրեւ տօն հասանէր Սպանդարամետական պաշտամանն՝ տագնապէին զնոսա պսակեալս թաւ ոստովք Սպանդարամետին կաքաւել»։ Մեզ ծանոթ է հույների առասպելական Բաքոսը՝ ժամանակին հնդիկների աշխարհակալը, հետո երկրի բերքի, մանավանդ այգիների ու գինու պաշտպանը։ Այսպիսին էր նաև զանդիկ հրեշտակապետը՝ Սպենդա֊արմաիդին, որին հետո պարսիկները կոչեցին Ասֆանտարմատ, Իսֆենտարմազ, Սփենտարմատ, Սիփենտարմյուտ՝ երկրի ու կենդանիների պահապանը և չորրորդ ամսվա (հունիսի) խնամակալը։ Բայց Հազկերտի կողմից նրանց տոմարի վերափոխումից հետո դարձավ երկրորդ ամսվա՝ փետրվարի, նաև ամսիներից յուրաքանչյուրի մեկ օրվա տեսուչ։ Երկրի խնամակալության իամստով է նրան ներկայացնում նաև մեր Արծրունի պատմիչը, սակայն ասվածը գրչագրերում խառնակված է ու որոշակի չի հասկացվում (ըստ մեր ունեցած օրինակների)․ Մանիթոպա աղանդավորի վարդապետությունից հիշում է կրակի տրվելը «ի մարդիկ և յերիր պանդոկի Սպանդարամետ աստուած է (Աստուծոյ կամ որ է ― Ղ․Ա․), ոչ ստեղծեալ յումեքէ, այլ որպէս երեւիդ՝ նոյնպես էր և կայ և մնայ»։ Պարթևներն էլ սրան կոչում էին Սաբանտոմատ, իսկ պարսիկներին մերձավոր հայերը՝ նրանց նման։ Եվ քանի որ թե՛ սրանք, թե՛ հույները նրա բնույթի առումով միաբան են, հարկ է, որ հայերն էլ ճանաչեին Բաքոսի ոգով մեկին և պաշտեին Սպանդարամետի անվամբ, որին պետք չէ շփոթել պարսից Սպանդիար կամ Իսֆենտիյար քաջի հետ, որին, ըստ մեր պատմիչ Մովսես Կաղանկատվացու, պաշտում էին նաև հոները՝ նրան կոչելով Թանկրի խան և նվիրաբերելով մեծամեծ, աղարթախիտ կաղնիներ ու զոհաբերելով ձիեր, «զգլուխն և զկաշին արկանէին զոստով ծառոցն», և այլն։ Գրիգոր Մագիստրոսն էլ իր «Թղթեր»֊ի մեջ հիշատակում է պարսիկների առասպելած քաջին․ «Ոչ մոռացայց զՍպանդիարն ի Սաբալանին կալով լերին», որ Սավալան է՝ Ատրպատականում, որտեղ կար նաև մի մեծ մայրի․ «Արմատ և միջոց նորա ի վէմ յեղափոխեալ՝ Սպանդիարայ զնա կանգնեալ արձան»։ Հայերի մեջ էլ այս քաղաքի անունը եղել է մարդկանց հասարակ անվանում՝ լսելի ինչպես անցյալ դարերում, այնպես էլ հիմա։ Բայց մեր խնդիրը չի վերաբերում այս քաջին կամ դյուցազնին, այլ երկրի կամ գինու պաշտպանին, որի Սպանդարամետ հատուկ անունով պաշտելատեղին հայերի մեջ չի հիշատակվում, իսկ հունարեն անունով հիշատակում է Թովմա Արծրունին՝ Արտաշես Բ֊ի մասին ասելով, թե հրամայեց Փոքր Աղբակ գավառում շինել «մեհեանս զՀերակլեայ և զԴիոնիսեայ, և այնու աղագաւ կարաց շէն պահել զերկիրն՝ շատամարդութեամբ»։ Թվում է, թե գինու զվարթարար զորությամբ ավելի հաղթող եղավ, քան զենքով, գոնե աղբակցիներին։

Հույները ունեին ինչպես մի քանի Դիոս, այնպես էլ մի քանի Դիոնիսիոս, որոնցից մեկը անվանում էր Զակրյան՝ ըստ ոմանց՝ «որսորդ» նշանակությամբ, ըստ այլոց՝ Ատրպատականի ու Պարսկահայաստանի Զակրոս լեռների անունով։ (Արդյոք այդպիսի չաստվածին ավելի հարմար չէ՞ր սեփականել Ծաղր կամ Ծաղրածու անունը, քան մի լեռ)։ Մի Բաքոս էլ թրակիացիների Սաբք տոհմի անվամբ կոչվում էր Սաբազ և մեծ ու մոլեկան տոներով պաշտվում էր փռյուգիացիների և, ըստ ոմանց, հատկապես հայերի մեջ։ Բաքոսի մեկ այլ անունն էր Նյուսեոս, որ, թվում է, տրվել է նրա Նյուսա դայակի անունով։ Փիլոստրատոս հույն պատմիչը ասում է, թե իր օրերում բռնվեց մի էգ հովազ, որի վզին անցկացրած էր ոսկե մանյակ, և վրան հայերեն (՞) գրված, թե հայոց Արշակ թագավորը այն նվիրում է Նյուսա չաստվածին։ Ոմանք այս անվամբ նկատի ունեն Նյուսա հավերժահարս դայակին, ոմանք ասում են՝ «գիշեր» է նշանակում, ինչպես Սաբազ֊ը՝ «ցերեկ»։ Ուրիշները տարբեր մեկնություններ են տալիս։ Հավանական է, որ նա լինի նույն ինքը՝ Դիոնիսոս֊Սպանդարմետը։ Ոմանք էլ Նյուսա֊ն համարում են քաղաքի անուն երկրի այլևայլ կողմերում, նաև Հայաստանում, ինչը մեզ անծանոթ է։

Սպանդարամետից մի տառ պակաս անունով չաստված կամ ոգի էլ հիշատակվում է մեր գրքերում՝ Սանդարամետ, Սանդարամետք, եզակի և հոգնակի, երբեմն էլ՝ Սանդարամետապետ։ Սա համապատասխանում է հույների՝ երկրի, անդունդի և պարզապես դժոխքի Դեմետրե կոչված դիցուհուն և այս նշանակությամբ էլ գործածվում է մեր գրքերում։ Քանի որ բառի վերջը նույնն է, ինչ որ առաջին անվան (Սպանդիար) վերջը, որոնելի է բուն սանդար կամ սանդարք մասի նշանակությունը, որ ինքնին հայտնի է դառնում՝ «խոր, վիհ, անդունդ և դժոխք», երբեմն էլ՝ «գերեզման»։ Բայց մեր գրքերում այսպիսի բառ առանձին գործածված կամ հայտնված չէ։ Չգիտենք՝ կա՞ նման բառ պարսկերենում կամ այլ լեզվում ու դիցաբանության մեջ։ Բայց ինչպես ասացինք, բարված կամ ածանցված՝ ընծայում են վերոհիշյալ իմաստը, ինչպես՝ Ագաթանգեղոսի ասածը՝ «Սանդարամետական ննջեցեալք»՝ թաղված գերեզմանում, Շնորհալու երգածը դժոխքի ու նրա իշխանի մասին․ «Սպանդրամետք սարսեցին, Զկապեալ ոգիսն արձակեցին», նաև շարականները․ «Զարհուրեալ դողային դասք Սանդարամետիցն», «Ձայնք հնչեցին Սանդարամետք անդընդոց»։ Այս ամենը հայտնի են դարձնում ոչ միայն անդունդն ու դժոխքը, այլև դժոխային ոգիներին, սատանային և դևերին։ Բայց դեռ հետաքննելի է մնում սանդարների անվան էությունն ու ծագումը։

Բար ֊ Շամինա

Արտաշես Ա֊ն գերեց հույներին ու հունական չաստվածներին և բերեց Հայաստան, ինչը շատ անգամ հիշեցինք։ Նրա որդի Տիգրանն էլ նույնը արեց ասորիների ու նրանց չաստվածների հետ, որի անունն իսկ հայտնում է ծագումը։ Նյութն իսկ արժանի էր գերության, քանզի, ըստ Խորենացու, «ի փղոսկրոյ և ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով․ և հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան»՝ Եկեղյաց գավառի Անահիտի հռչակավոր մեհյանի մոտ։ Եղել են այնպիսիները, որ կարծել են նույնիսկ, որ սա նույն Անահիտն է։ Բայց անտարակույս ասորերեն Պաալ֊Սամիմ կամ Պել֊Սամինա (ինչպես կոչում է Հակոբ Սրճեցին) անունների՝ «երկնքի աստված» նշանակելը կամ «մեծ աստված, երկնքի որդի, արեգակ», որի կինն էր Աստարտան։ Զարմանալի չէ, որ հայերը ընդունել ու պաշտել են իրենց ոչ շատ սիրելի ասորիների պաշտածը, որովհետև իրենք էլ էին արևապաշտ։ Զարմանալի է հին գաղիացիների՝ այդպիսի անվամբ՝ Բելիսամա (Belisama), մի դիցուհու պաշտելը, ինչպես Աթենասին։ Ագաթանգեղոսի գրքում գրված է Բարշիմնիա և կոչված է սպիտակափառ․ հարկ է, որ այդպիսին էլ լիներ բյուրեղից ու արծաթից բաղադրվածը՝ ըստ այս պայծառ ու փայլուն հատկության նմանված հույների օվկիանոսային Լևկոթեա դիցուհուն։

Բարշամինան հայերի մեջ մտավ ուրիշ չաստվածներից հետո, նրանցից առաջ ջախջախվեց Լուսավորիչի խաչով, որի հրամանով և «զգանձսն ամենայն զոսկոյն և զարծաթոյն աւար հարկանէին․ զայն աղքատաց բաժանեալ բաշխէին․ և զգեօղն ամենայն դաստակերտօք և գետնօքն հանդերձ սահմանօքն՝ յանուն Աստուծոյ նուիրէին․ և զԱմենափրկչին նշանին օրինակ և անդ կանգնէր»։

Բարշամինայից հետո կարող ենք նշել սեմական մի քանի այլ սինլքոր չաստվածների ևս, ինչպես Բելին կամ Բահաղին՝ ասորեստանցիների չաստվածահորը, Նաբուին կամ Նաբոգին՝ նրանց Արեգակին կամ Հրատին, Բաթնիքաղին, որ գուցե նույն Բարշամինան էր, Թարաթային կամ Թարթային, որ Անահիտն է կամ Կիբելեն, ըստ այլոց՝ ասկալոցիների ձուկնուկին Ատերկատ դիցուհին, և ուրիշների, որոնք հիշատակվում են Աբգարի պատմության մեջ, եթե նրան ստույգ համարեինք հայոց թագավոր, այլ ոչ Եդեսիա նահանգի առանձին թագավոր՝ համանուն և մերձանուն այն թագավորների հաջորդը և նախորդը, որոնք քրիստոնեական շնորհիվ և Թադեոսի առաքելական քարոզությամբ ընդունելի ու սիրելի են եղել հայերին։

Հիշենք սրանց կարգում և հայերիս ավելի մոտ մի քանի դիքերի, որոնք քիչ են ճանաչված կամ քիչ են պաշտված կամ բնիկ չեն և Հայաստանի կենտրոնում չեն, ինչպես Արմազը։

Արմազ

Արմազը վրացիների մեծ չաստվածն էր, որի անունից հայտնի են դառնում Արամազդ լինելը և մեծ հանդեսներով նրանց Մցխեթ մայրաքաղաքում նրա պաշտվելը։ Նրանց երկրորդ մեծ չաստվածը կամ դիցուհին՝ Զադենն էր, ում անունով երդվում էին Փառավական լճի ձկնորսները, երբ այնտեղ եղավ ս․ Նունեն, որի հրաշագործություններից զարմանալով՝ Միհրան թագավորը կամ բդեշխը նույն սուրբ կույսին անվանեց Արամազդի և Զադենի զավակ։ Այս անվանը նման անուններ ունեցող չաստվածներ օտար ազգերի մեջ էլ կան, ինչպես եգիպտացիների Սադին կամ Սադեն՝ Ամոնի և Նիիթի դուստրը, մեռյալների հոգու խնամակալը։ Սաիան հնդիկների Բրահման է՝ «ճշմարտություն» նշանակությամբ։ Դարձյալ Սաթի է կոչվում նրանց Շիվա չաստվածի կինը։ Արդյոք այս անվանը հաղո՞րդ չէ Արտաշես Բ֊ի տիկնանց տիկին գեղեցիկ ալանուհին՝ Սաթենիկը։ Կամ մեր Զատիկ անունն էլ չի՞ ենթադրում համանուն մի չաստված, որը սիրելի եղած լինի հայերին մինչ քրիստոնեության ամենափառավոր տոնը այսպես կոչվելը։ Արժե՞ հիշել և հույների Զեթեսին, որին նրանց վիպասանները մտցրել են Կոլքիս ու նույնիսկ Հայաստան, իբր թե նրա ընկերներից մեկը (Արմենիոս) եկել է և իր անունը թողել մեր հայրենիքին։ Ըստ առասպելների՝ Զեթեսը կամ Զեթեիկը և Կալայիսը եղբայրներ էին՝ Բորեաս հողմի որդիները, և սպանվեցին Հերակլեսի կողմից, բայց դարձան օդաշունչ ոգիների դասակից՝ ոսկեգույն թիկունքներով ու փետրավոր ոտքերով։ Ասվում է, որ արևելքում հիշվում է հատուկ Զատիկ անունով արդարության մի չաստված։

Վրաց պատմությունը հիշում է նաև մերձանուն երկու չաստվածների՝ Գայիմ և Գացիմ, որոնց անունները Դյուբուա հոլանդացի տեղագիրը գրում է Այնինի և Տանինի․ հիշատակվում են մեր Արշակունյաց թագավորության սկզբի ժամանակներում։

Օտարներին ծանոթ հայանուն չաստված է Փառնակը, որի մասին հիշատակել ենք․ նա պաշտվել է Պոնտոսում և նրան սահմանակից աշխարհներում։ Թե սկզբում որպես ինչ է պաշտվել, հայտնի չէ, բայց ըստ հույների՝ լուսնի արական չաստված է, որ կոչվում էր նաև Մեն կամ Միս, երբեմն էլ՝ միակից՝ Մեն֊Փառնակ, որի հռչակավոր մեհյանն ու պատգամախոսը Պոնտոսի Ամերիսում էին։ Կար նաև Փառնակիա դիցուհի՝ Սանդակի կինը, որ կիլիկեցիների արեգակն է՝ դուստրը Մենեսարի կամ Մեծասարի, որ նշանակում է «ժամանակի իշխան կամ շրջան», և Կինյուրի մայրը։ Սրանք բոլորը մեկտեղ լուսատուների միջոցով նշում են ժամանակը՝ իր չափերով․ նրանց անուններն էլ համապատասխանում են արևելյան լեզուներին։ Փառնակը պատկերվում էր հայագդակ՝ ուսերին կամ ծոծրակի վրա լուսնի մահակ կրելով։

Մա կամ Մաս էր անվանվում նաև Կոմանայում պաշտված լուսնի չաստվածը, նույնես և նա, որ Փռյուգիայում էր․ նշանակում էր «մայր» կամ Կիբելե դիցուհի, բայց պաշտամունքը նման էր Անահիտի պաշտամունքին՝ ըստ Ստրաբոնի նկարագրության (XII, 2.3)։ Հույների Մայի հետ զուգորդում են իրենց Էնիոյին, հռոմեացիները՝ Բելլոնային։

Բրիթ

Ս․ Բարդուղիմեոսի ունարեն և լատիներեն վկայաբանությունները Հայաստանում հիշատակում են այս անունով մի պատգամախոս չաստվածի, մինչդեռ հայերենում այդպիսի անուն չկա։ Այն մեզ հիշեցնում է Ուլնիայի Պրիտ լեռը և փյունիկեցիների Բերութին, որին համարում էին երկնքի մայր։

Փոքր Հայքի կողմերում՝ Զելայում՝ Անահիտի տաճարում, պաշտվում էր նաև Օման կամ Աման անունով կրակի չաստվածը՝ բրգաձև կամ բլրաձև գլխով։ Նույն տեղում պաշտվում էր նաև Անադատը, որ, ըստ պարսիկների, մի ազատ է և, թվում է, նույն է, ինչ զանդիկների Ամարտատը և պարթևների Ամանտատը, որը յոթ Ամշասբանդ պահապան ոգիներից մեկն էր և ծառերի ու մարգերի խնամողը։ Հայապարսիկ լեզվով Անադատ կարող է նշանակել «անիատուր» և գուշակել տալ մի Անի չաստված էլ, որի երաշխավորներն են երկու Անի բերդերը Հայաստանի արևելյան և արևմտյան մասերում և մանավանդ առաջինի՝ թագավորների գերեզմանատեղի լինելը։

Ոչ իբրև ստույգ, այլ անունների նշանակության մերձավորությամբ հիշշատակման ու քննության արժանի եմ համարում նաև մի քանի փոքր դիքերի, ինչպես Էրիսը՝ հույների Արեսի կինը, որ անվամբ ու հատկությամբ նշանակում է «հեռ»՝ ըստ մեր լեզվի։

Միռա֊ն մականունն է Պարիկների՝ մահվան դիցուհիների, որոնց հակառակ՝ կելտերը մայր էին կոչում տղաբեր կանանց ու զավակներին խնամող ուրհիներին, ում գործը հարմարագույնն է հայերեն բառի նշանակությամբ։ Սրանք ունեին նաև Օկար կամ Օգամ, Օկիմա անունով ճարտասանության մի չաստված, որի անունը մեզ լսել են տալիս Բասենի Օկամի կամ Օկոմի գյուղի՝ նշվելու արժանի անունը և ոգիլ բառը։

Մեր գրքերի մեջ պատահած ուրիշ կամ սխալ գրված չաստվածներին անհիշատակ չթողնելու համար նշենք միայն աշխարհի վերջին ժամանակի և նետողաց ազգի մասին հնարված մի գրվածք, ըստ որի՝ այն ժամանակ Կարինի կողմերում պիտի կանգնեցվեին Դիոսի, Արմեսի, Հերմեսի կամ Արմնի (ըստ այլ օրինակի՝ Իդիես, Արմնիս և Արմնա) կուռքերը, որոնց երկրպագություն չանելու համար շատերը պիտի նահատակվեին։ Գրվածքի հեղինակը, հույներից է առել այս անունները, թե ոչ, համարում է, թե դրանք հայերին անծանոթ չէին։

Հիշենք նաև Պլուտարքոսի ասածը («Գետերի մասին» գրքում) Երասխ թագավորի (այստեղից էլ՝ գետի անունը)՝ Արհավիրքի կամ Վնասահալած դիքից նրան երկու աղջիկ զոհելու պատվեր առնելու մասին, և այլն։ Սրա անունը հունարենում էլ է հոգնակի գրված (´БрпрспрбЯб), լատիներենում էլ (Averruncator) և մեզ հիշեցնում է Ագաթանգեղոսի ասածը Արտաշատի բերդապահ այրի կնոջ մասին․ «Հրաման առեալ յԱրհաւրաց», որ ամեն օր (տասներեք տարի) մի հաց գցի վիրապը՝ հոգեպահիկ ս․ Լուսավորչին։

Բևեռագրերի ընթերցողներին ենք թողնում Վանի և Հայաստանի այլ կողմերի արձանների մեջ տեսած չաստվածների հայտնի դարձնելն ու հավաստելը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Рождение Тороса Рослина
Рождение Тороса Рослина
Играть онлайн