Гевонд Алишан

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Պաշտամունքավարներ

Ոչ պակաս, գուցե և ավելի հետաքրքրական է ճանաչել մեր հեթանոս նախահայրերի հավատքի պաշտամունքավարներին, որոնք, թվում է, ավելի են զանազանվում օտարներից, քան իրենց պաշտելիները։ Ներկայիս կամ քրիստոնեական սովորությամբ բոլոր կրոնների հասարակ պաշտամունքավարին կոչվում են քահանա, բայց չենք կարծում, որ այս անունը ընդհանուր լինի նաև ոչ քրիստոնյա հայազգիների համար։ Հայտնի է, որ քոհեն բառը սեմական է կամ քաղեական և եբրայական։ Նույնպես և, ըստ արաբների, քյահենե նշանակում է «քահանաներ»՝ հոգնակիով, և իմաստն է «քավիչ», գլխավորն էլ քավչապետն է։ Ըստ այսմ՝ մեր Լամբրոնացի հայրը ստուգաբանում է որպես «սրբող» և «մաքրող»։ Որքան էլ քավություն և քահանա բառերը հնչման մոտիկություն ունեն, նրանց նույնասկիզբ լինելը երկբայելի է։ Թեև այդ անունը ընդհանրորեն չի գործածվել, բայց անտարակույս ծանոթ էր մեր ազգակիցներին, մանավանդ հարավցիներին՝ սեմական ցեղերին սահմանակիցներին։

Մի նմանահնչություն կարող է գտնվել նաև օտարների մոտ, բայց շատ զարմանալի է (եթե ստույգ են ավանդում ու լսում օվկիանոսի հեռուները քննող եվրոպացիները), որ Սանդվիչյան կղզիների բարբարոսները ևս իրենց կրոնի պաշտամունքավարներին կոչում են քահունա, իսկ քահանայապետին՝ քահունա֊նվի։ Այս համահնչությունը կարող է լուծել շատ մեծ և կարևոր խնդիր, որ վերաբերում է կրոնական միաբանությանը կամ Ասիայից հնագույն նավարկոթյամբ այն անծանոթ կղզիաբնակներին բերելուն։

Տեսանք, որ մեր հին պաշտամունքարանները կոչվում էին մեհյան, որից էլ պաշտամունքավարներից ոմանք՝ մեհենակալ և մեհենապետ, ինչպես և գրվածքները՝ մեհենական։ Բայց հատուկ և հասարակ պաշտամունքնավարի կամ, ասենք, քահանայի՝ այս բառից ձևավորված մի անուն չի հիշատակվում, այլ նրա փոխարեն մեր հին կրոնի պաշտամունքավարը ըդհանրապես կոչվում է քուրմ, գլխավորը՝ քրմապետ, բնակարանը կամ ժողովատեղին՝ քրմարան։ Հնչմամբ նշանակալի է քուրմ անունը, և հարկ է, որ շատ հին լինի, ծագումն էլ գուցե հատուկ, գուցե ոչ հատուկ հայկական։ Վանական վարդապետը հարցնում է ու պատասխանում․ «Քուրմն զի՞նչ ասի․ ֊ պարսկերէն՝ Հրավառ»։ Ասորիների լեզվով էլ քուրմա՝ ոչ անձի նշանակությամբ, այլ սրբազան կրիայի, քանզի նրանց Վիշնու մեծ չաստվածը, որ յոթ անգամ այլակերպվել է, մեկ անգամ էլ կրիայի ձև է առել, ինչը կոչվում է քուրմավադարա («կրիափոխություն»)։ Եվ կրիա դառնալով՝ կարողացել է շալակել ծովն ընկած երկնքի հաստատություն՝ը Մերու լեռը։ Արդարև՜, առասպելների առասպել։ Նրանց հին սրբազան (Վեդա) գրքերի մեջ հիշատակվում է նաև Քրումա, Քուրում, Քրամու անունով մի գետ։

Հայերենում քուրմ անվան սովորական լինելն են վկայում վերոհիշյալ բառաբարդությունները, որոնց ավելացնում ենք նաև քրմուհի, քրմակին, քրմանույշ, քրմորդի և ավելի պարզ բառեր՝ քրմություն և քրմանալ։ Իսկ քրմարան֊ը իր հայ֊լատիներեն բառարանում Ստեփանոս Ռոշքյանը նշում է որպես Խորենացու պատմությունից առած, ինչը այսօր ծանոթ «Հայոց պատմություն» գրքում չենք գտնում։ Այդ տեղը գուցե քրմաժողով կոչվածը լինի կամ տիբեթացիների լամայարանի նման թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրմերի մի բնակարան, որտեղ բնակվում էին ոչ թե հայուրավորներ, այլ հազարավորներ։ Դրան համապատասխանում է նաև Մեհենագյուղ կոչվածը Հայաստանում՝ իբրև մի գյուղ՝ ամբողջովին քրմերի բնակության համար, ինչպես Տարոնում էր։ Եվ նրանք այնքան բազմաթիվ էին, որ զորաժողով անելով՝ իրենց կուռքերն ու մեհյանները պաշտպանելու համար պատերազմեցին թագավորի զորքի դեմ, և չարաչար կոտորվածից հետո դեռ 438 հոգի գերվելով բանտվեցին Լուսավորիչի՝ այդ կողմերը եկած ժամանակ։

Հավանաբար կային քուրմերի այլևայլ դասեր ու աստիճաններ, որոնցից ամենագլխավորը՝ քրմապետը, շատ մեծ պատիվ ուներ՝ իբրև մեկը արքունիքի մեծագույն իշխանազուններից։ Հավանաբար քրմապետությունը տոհմով էր ու ժառանգությամբ։

Արշակունյաց թագավորության սկզբում կրոնական այս մեծապատվությունը տրվեց Վահունիներին, որոնք հայոց Վահագն դյուցազնի ցեղից էին «որք ինքնակամ խնդրեցին զմեհենիցն պաշտամունս․ և (Վաղարշակ) պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն, և կարգէ ընդ առաջին նախարարութիւնս, և անուն կոչէ Վահունիս»։ Հավանորեն նրանց տրվածը ոչ թե պարզ քրմություն էր, այլ քրմապետություն, քանզի նրանք առանձին գավառի ու մի տոհմի տերեր էին և չէին կարող հայոց բովանդակ երկրին հասնել, ինչպես նույն պատմիչը (Խորենացին) հետո ասում է՝ հիշելով Արտաշես Ա֊ի բերած կուռքերը․ «Զոր առեալ Քրմապետացն՝ որ էին յազգէ Վահունեաց․․․ կանգնեցին յայլեւայլ կողմանս, և զՀերակլեայն՝ զՎահագն իւրեանց վարկանելով նախնին՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեփական գեւղն յԱշտիշատ․․․ ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն, ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգեօղն յարքունիս առնու»։

Սակայն տեղանը ի վերջո նորից դարձավ նրանցը, իսկ քրմատպետությունը, թվում է, ոչ։ Եվ երբ կռապաշտությունը ջնջվեց, Տրդատը ջնջողին՝ Լուսավորիչին, պարգևեց Աշտիշատը։

Տարոնի քրմապետությունը ընդհանուր ազգի կրոնական գլուխը պետք չէ համարել, այլ գլխավորներից մեկը։ Իսկ ամենագլխավորը՝ իբրև քրմապետերի քրմապետ, թագավորական մեհենատեղիների մոտ էր և նույնիսկ (թեև ոչ միշտ) լինում էր թագավորական ցեղից․ ինչպես արդեն հիշատակել ենք, Երվանդը այդ պատիվը տվեց իր եղբորը՝ Երվազին, Արտաշես Բ֊ն՝ իր որդուն՝ Մաժանին, որին սպանվելուց հետո «տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի՝ իբր զՔրմապետ»։ Ասել է թե այստեղ էր նաև նրանց գերեզմանատունը, ինչպես թագավորինն էր Անիում։ Եվ որպես սրբազան անձի՝ նրա գերեզմանի վրա կառուցվեց բագին։ Քուրմերի ու նրանց սպասավորների և սպասքի բազմությունն է վկայում նաև Ստրաբոն՝ հիշատակելով Փոքր Հայքում Անահիտ ու Մա դիքերի մեհենակալներին։ Նա հիշատակում է նաև քրմուհիներին կամ քրմանույշներին, որոնք տղամարդկանց պես դաս պետք է ունեցած լինեին։

Քուրմերը ոչ միայն ժողովրդի, այլև թագավորների կողմից արժանանում էին մեծ պատվի՝ ազատություն հարկերից ու ծառայությունից, առատ հասույթ։ Եվ ժառանգությունից զատ՝ արքունիքից ստանում էին շատ այլ պարգևներ էլ և պատերազմական ավարի մի մասը, ինչպես Խոսրովի մասին ասում է Ագաթանգեղոսը․ «Հինգերորդ եւս հանէր յամենայն մեծամեծ աւարացն ածելոց, և մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»։

Ըստ պատվի ու աստիճանի՝ հարկ էր, որ քուրմերի և քրմապետի զգեստները ևս լինեին վայելուչ ու ճոխ։ Գլխանոցը փռյուգիաձև խույր էր, հագուստը՝ չափավոր լայնությամբ մի պարեգոտ՝ վրան շուրջառի պես մի վերարկու։ Բայց դրանք հատուկ հիշատակված չեն։ Մնացածը կարելի է համարել քուրմի սովորական հագուստ, ինչը տեսել ենք պաշտված եղջերվանման կենդանու բագինի մոտ կանգնածների վրա, որոնցից մեկը՝ գավազանակիրը, ներքինի է թվում։ Մորուքավորի էլ դաստակների ապարանջաններն են նկատելի։

Թեպետ քրմերի դասը մեզ անծանոթ համարեցինք, բայց համարձակվում ենք կարծել, թե ինչպես հիմա քրիստոնեական քահանայության կարգում կան ստորին աստիճաններ, դրանք կային նաև հեթանոսության մեջ, և դրանցից մեկը սարկավագն էր, որովհետև սա քրիստոնեական դասերին վերաբերող անուններին նմանություն չունի և ոչ էլ հայտնի իմաստ։ Ոմանք կարծում են, թե առնվել է սար («սպասք և զարդ») կամ սարիկ («քող, ծածկոց») բառերից կամ, ավելի լավ է, սարկ բառից, որ առանձին գործածված չէ, այլ սարկարան բարդությունից հասկացվում է որպես (սուրբ) ամանների տեղ կամ պահարան, որով և սարկավագն էլ դառնում է պահապանը կամ պահապանների գլխավորը։ Ոմանք էլ համարում են, թե հոմանիշ է պարսկերեն սերքյար բառին, որ նշանակում է «գործավորների գլուխ, գործավագ» կամ սերքյավ֊ին («գիտունների, բանախնդիրների գլխավոր»)։ Ինչպես էլ լինի, չի բացառվում, որ մեր հեթանոսների քահանայության մեջ էլ լիներ այսպիսի և այս անվամբ պաշտամունքավար։

Ինձ թվում է, թե նմանապես հեթանոսական դասից է մնացել մոնթ անվանումը, ինչպես գողթնեցիների մեջ կոչվում են վանքերի ժառանգավոր դպիրները և աշակերտները։ Սա քուրմ֊ի և մոգ֊ի պես նշանավոր ու հին մի անուն է։ Ջուղայեցիների խոսքում կա նաև մոնթություն բառը։ Չգիտեմ՝ օտար լեզուներում կա՞ այդպիսի կամ մերձավոր անուն՝ բացի աթենացիների մունիթ֊ից, որ նշանակում էր աթենացիների Անահիտի մի հատուկ տեղի տոնը։

Գուցե դասակարգման մեջ էր նաև դաստիարակը․ այս բառը ներկայումս սովորաբար նշանակում է մանուկներին խնամող ու կրթող, և հիշեցնում է մոգերի տեսդուր֊ը։

Առաջաբանում կանխավ ասացինք, որ չենք ուզում այս գրածս նյութի, այսինքն՝ հայոց հին ու սին հավատի մեջ խորամուխ լինել, պատմական ավանդներ չունենալով՝ օտար դիցաբանություն ներկայացնել կամ սնոտի աղանդների ու զրույցների մասին երկար իմաստասիրել, ինչը, եթե արժեք էլ ունի, թողեցինք հարգողներին։

Այժմ մեր ճանաչածից կամ ասածից կարող ենք ամփոփել կամ կրկնել մի քանի բան։

Նախ՝ ըստ բուն անվան՝ կռապաշտությունը, որով սովորաբար կոչվում է Աստծուց դուրս պաշտամունքը, Հայաստանում շատ ծավալված չի երևում և ոչ շատ հին է։ Իբրև ուխտատեղի ծառայող մի քանի մեծ բագինները և Յոթ բագինների կամ մեհյանների հիշատակումները գուշակել են տալիս դրանց փոքրաթիվ լինելը։ Հայաստանում Արշակունյաց տիրապետությամբ մեր երկրում նրանց կրոնի մուտքը կամ ծավալումը և նրանց աշխարհակալությամբ հունական դիքերի՝ Հայաստան մտնելը հայտնի դարձրեց, որ նարնց պաշտամունքը նորություն էր։ Եվ թեպետ դրանցից յուրաքանչյուրին էլ տրվել են հայկական անուններ, բայց դա այդ դիքերի բնավորության մի տեսակ թարգմանություն է կամ հարմարեցված է հայերի մեջ իբրև քաջ կամ վեհազն համբավված անձերին, որոնք այդ եկամուտ կուռքերի պատճառով աստվածացվեցին։ Հայաստանում բնիկ կամ ավելի աստվածակերպ են երևում Աստղիկն ու Վահագնը։ Վերջին էլ, ինչպես իր տեղում ասել ենք, պաշտվեց նախ Վրաստանում։ Եվ նույն ինքը՝ Անահիտը, որ համարվում էր Հայոց աշխարհի տիկինը և խնամակալը, նույն անվամբ նախ պաշտվել էր մարերի ու պարսիկների մեջ։ Եվ Արամազդն ինքը հայտնի է իր պարսկական կամ զանդիկ անվամբ (Որմիզդ)։ Այսքանը հիշատակելով՝ ավելորդ ենք համարում մյուս դիքերի ծագումն ու պաշտամունքը կրկնաբանել։

Երկրորդը՝ վերը ասածիս հետևանքը այն է, որ հայերի մեջ նախկինում դյուցազունների պաշտամունքը կամ պատիվը ավելին էր, քան դիքերինը։ Բայց թող հակասություն չկարծվի դյուցազուն ասելով դիք ենթադրելը։ Այս բառը քաջ֊ի փոխարեն, հետևելով սովորությանը, ասում ենք և այնպիսի անձերի, ում ժողովուրդը համարում էր գերագույն մարդ և իր ու Աստծու կամ աստվածների միջև՝ նրանց ընդունելուց հետո։

Եվ ապա, երրորդ՝ ճշմարիտ աստվածապաշտությունից հետո երկար ժամանակ Հայաստանում ընդհանուր կրոն էր աղթարական աղանդներով մի տարտամ տարրապաշտություն, որ ինչ֊ինչ կերպով ավելի տևական է եղել և առ այսօր թողել է իր հետքն ու շոշորդը, ինչը հայտնի է դառնում հմայությունների մասին գրվածից։ Սրա վրա էլ ավելացել է մոգությունը՝ թե՛ քաղդեական կերպով՝ աստղագիտությամբ, և թե՛ զրադաշտական օրենքով, որին տեղ֊տեղ հաջորդել է կրակապաշտությունը։

Հայաստանի միջակա դիրքը և նրա ժողովրդի օտարամուտ ու հանրասփյուռ բարքը այս երեք տեսակ աղանդները ընդունել են երեք կողմից․ արևմուտքից՝ փռյուգիացիներից (որտեղից էլ հետագայում՝ կուռքերը)՝ հմայությունը, հարավից՝ քավդեությունը, արևելքից՝ պարսից աղանդն ու կրակը։ Երեքից էլ վերցրել են նրանց պաշտամունքի բառերը, ինչպես բացատրել եմ յուրաքանչյուր հավատքի ու պաշտելիների վերաբերյալ գրածս ժամանակ։

Իսկ ի՞նչ են ընդունել հայերը չորրորդ կողմից՝ հյուսիսից։ Այդ կողմը նրանցից բաժանված ու պատած էր բնական կամ աստվածագործ մի մեծ պարիսպով, որ Կովկասյան լեռների կապակցված պարն է։ Սակայն այն էլ ուներ իր մի քանի պահակներն ու անցքերը։ Բայց երկրեերկիր անցնելու համար գաղափարները դրանց կարոտ չեն և ոչ էլ արգելք են լեռներն ու սառնամանիքը։ Հայոց ոտքը, եթե բոլոր ճամփաները չէ, որ բացել է, գոնե ոտնակոխ արել է։ Կարող ենք ասել, թե ծանոթություն ենք ունեցել ամեն ազգի լեզվին, կրոնին, կրոնական ինչ֊որ բան առել են։ Հին ժամանակներում հյուսիսաբնակներին կոչում էին սկյութացի ընդհանուր անունով, որի պարզագույն տարրը սակ֊ն է։ Պատմության մեջ շատ անգամ ու շատ տեղերում է հիշատակվել սակեր կամ շակեր մի առանձին ցեղ։ Թվում է, թե Հայաստանի Շակաշեն գավառի անվանումը մնացել է նրանցից, որովհետև ծանոթ ու հռչակված է սակերի արշավելը արևմտյան Ասիա՝ այստեղից անցնելով Փոքր Ասիա Փրկչի թվականից 6 դար առաջ, և նրանց կողմից հալածմամբ են հաստատվել սակայն տոներն ու բարեկենդանը։

Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ ափ֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում տապ բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ տապատ բառը, և այլն։

Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք հ և ս տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ հայ֊ի փոխարեն հա գչվե;ւ ր վրացիների՝ մեզ հաոս կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Ятук Музыка
Маскарад -  Вальс
Арам Хачатрян

Маскарад - Вальс

Рождение Тороса Рослина
Рождение Тороса Рослина
Играть онлайн