Гевонд Алишан

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Հանդերձյալ կյանք

Չար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։

Գրողը և առնակը հայտնի դարձրին, որ ըստ ճակատակագրի սահմանած ժամանակի՝ հոգեպահանջ ու հոգեկոչ հրեշտակը կամ դևը գալիս է մարդկանցից յուրաքանչյուրի մոտ՝ մարմնից հոգին հանելու համար։ Կվայելեր, որ հերշտակի՝ արդարներին ուղղված կանչը մեղմ լիներ և կոչվեր հրավեր։ Այս բացատրությունը մինչև հիմա՝ նաև քրիստոնեության ժամանակներում, գործածվում է մեր լեզվում և գուցե ավելի, քան օտարների մոտ։ Իսկ բոլորի համար ճակատագրի վճիռը հրաման էր, ինչպես գուշակվում է Եզնիկի վարդապետությունից․ դրանով «հրամանացն եւս հարցուածք․․․ լուծանին։ ― Զի՞նչ Հրամանքն իցեն, և ուստի՞ բան Հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ։ ― Հրաման վասն մահուան՝ յաստուածատուր գիրս ոչ ուրեք գտանեմք։ ― Ո՞ւր իցէ այն զոր ասեն, եթե որ ինչ ի ճակատագրին գրեալ է Հրամանացն՝ այնմ չէ հնար վրիպել․․․ և ուր Հրամանքն իցեն և յումէ Հրամանքն՝ ըստ այնմ և մեռանին, և վրիպել չէ հնար ի սահմանելոյ Հրամանէն»։ Նույնպես և Հովհաննես կաթողիկոս Մանդակունին է գրում․ «Մի՛ մոլորեսցուք իբրեւ զհեթանոսսն՝ ի Բախտ և Ճակատագիր և ի Հրամանս, զի զինչ և Հրամանքդ տարածին ըդն ամենայն երկիր և բնադագուշեալ խօսին սուտ, եթէ մարդ ընդ Հրամանս վարի և գործէ» և այլն։

Բայց ինչպես հրավեր֊ի համար ասացինք, հրաման բառը ևս գործածված է քրիստոնեական գրվածքներում, ինչպես Բասենի կողմերում Արտավազդ Կամսարականի նորագյուտ տապանաքարի վրա․ «Աստուծոյ Հրամանաւք աստուածակոչ հրաժարմամբ՝ աստ է հանգուցեալ»։ Առաջիններին (հրավեր և հրաման) լծորդ հրարում֊ն էլ օտար չի թվում նաև հեթանոս հայերին, գուցե և Ֆերուհերի իմաստին։

Մեռյալներին պատանելու և հուղարկավորության ծեսերի կարգին էլ շատ ծանոթ չենք, բայց շատ տարբեր չենք կարծում համակրոն և մերձավոր ազգերի ծեսերից, մանավանդ եթե գիտենք հիշատակված մի քանի նշմարներ։ Այդպիսին են լալկան կանայք, որ կոչվում են նաև եղարամայրեր (ողբացող մայրեր) , և արտասվաշարժ ձայնարկու և երգեցիկ գուսանները՝ չափազանց և հեթանոսներին հատուկ սուգի ու ցավի ձևացյալ նշաններով, մազերը պոկոտելով, մինչև արյուն կաթեցնելը երեսն ու թևերը կծոտելով․ սովորույթներ, որոնք սպրդել են նաև անզգաստ քրիստոնյաների մեջ, և որոնց դեմ շատ անգամ են գրել մեր հայրերն ու դատապարտել են կանոններով։ Ավելի պժգալի չափազանցություն էր թագավորների և մեծամեծերի սիրելիների, կանանց, հարճերի, ծառաների կամավոր և ոչ կամավոր մահն ու սպանությունը (էլ չենք ասում՝ նրանց հեծած ձիերի և շների սպանությունը), ինչպես հիշատակվում է Արտաշես Բ֊ի համար․ թերևս նրանց խղճալի և իրական ողբերը չլսելու համար զորացնում էին երաժշտության ձայնը։ Այդ վերջին անիրավ և անօգուտ սովորությունից զատ՝ ողբասացներն ու գուսանները և ծիսական երգերը պահպանվել էին նաև քրիստոնեույթան ժամանակ՝ թագավորների և մեծամեծերի համար, ինչպես հատուկ գրված է մեծն Տրդատի մասին (թվում է՝ Խորենացու կողմից) և Արծրունի մեծ իշխանների մասին Թովմա Արծրունու կողմից։

Սգո նշանների մեջ սևը ընդհանուր է գրեթե բոլոր ազգերի՝ համար, մինչդեռ սպիտակը նշանավոր է մեր ազգի մեջ, թեև ոչ բոլորի, այլ թագավորների կամ մեծամեծերի և քահանաների համար, որոնց հատուկ էր և սպիտակ հանգելը․ մասնավորապես աշխարհակալ Տիգրան Արշակունու մասին, իբրև աչքի զարնող մի բան, այդ հիշատակում են մերձաժամանակ օտար հեղինակները։ Արքունի և կրոնական հանդիսությունների ժամանակ էլ սպիտակ պիտի լինեին մինչև իսկ կառքի ձիերը և զոհաբերվող կենդանիները, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը Խոսրովի և Տրդատի մասին խոսելիս։ Թվում է, թե սգո սևը նրանց արքունական և սրբազան աստիճանից զրկել էր համարվում։ Այդ իսկ պատճառով դագաղները, հուղարկավորության սպասքը և սպասավորների զգեստները պիտի լինեին սպիտակ։ Հայոց արքունիքում այս սովորույթը պահպանվել էր նաև մինչև իսկ վերջին (Ռուբինյան) հարստության մեջ, և մինչև իսկ վերջին թագավորն էլ (Լևոն Ե֊ն, որ հայ կարող է կոչվել միայն մոր կողմից) սպիտակ զգեստով ու սպիտակազգեստ հուղարկավորներով տարվեց թաղվելու (Փարիզում)։ Մեր «Մաշտոց»֊ը ևս պատվիրում է վախճանված քահանային սպիտակ զգեստ հագցնել ու գերեզման դնել սպիտակով։

Իրենց մեռյալների մարմինների առումով մարդկանց շատ տարբեր սովորույթներ են եղել՝ պահելու կամ փչացնելու կամ բնությանը հանձնելու, որ ինքը պահի կամ քայքայի իրենց ձևացածին։ Ըստ առաջինի՝ ոմանք (եգիպտացիները) ջանում էին դեղերով և զմռսելով անփուտ պահել մարմինները, գոնե մեծ համարված մարդակնցը․ մումիաները ամենքին են հայտնի։ Ոմանք էլ (ինչպես պարսիկները, հռոմեացիները և այլն) այրում էին և պահում միայն ոսկորները կամ մոխիրը։ Ուստի մեր կրոկանակն գրքերում էլ սովորություն է դարձել «աճյունացյալ մարմիններ» ասելը։ Բայց մեր հեթանոս նախնիների մեջ դիակներ այրելը չի հիշատակվում, այլ, ըստ ընդհանրական և բնականագույն օրենքի, հողում թաղելը կամ կես պահպանությամբ, զմռսելով շիրիմներին, քարեղեն գերեզմաններին հանձնելը, ինչպես անում էին նաև քրիստոնեության ժամանակներում թագավորներին, իշխաններին, բարձրաստիճան եկեղեցականներին։ Մինչև հիմա էլ այդպես են անում նաև օտար ազգերը։

Հնագույնները իրենց իշխանազուններին կամ վեհազուններին մարդկանց մեջ բարձր դասելը հայտնի դարձնելու համար նարցն թաղում կամ դնում էին բարձր տեղերում։ Հայկի մասին էլ է ասվում, որ Բելի դիակը դեղապատելով՝ թաղել տվեց բարձրավանդակ տեղում՝ «ի տեսիլ կանանց և որդւոց»։ Եթե նունիսկ նա կամ ավանդող պատմիչը այլ մտքով է սա արել, մինչև հիմա էլ թե՛ մեր, թե՛ օտար երկրներում, գերեզմաններում են գտնում լեռների ու բլուրների վրա։ Եվ ոչ միայն երկրի անշեն բարձունքների, այլև շինվածքների, մանավանդ լայն պարիսպների վրա էին գերեզմաններ կանգնեցնում, որտեղից սովորություն է դարձել մեր գրքերում նույն պարիսպների բրգաձև և այլ ձևերի բարձր մասերն էլ մահարձան անվանելը։ Այսօրինակ բարձրադիր գերեզմանների պատճառները կարող են շատ լինել․ գուցե մեկն էլ առլեզների իջնելու դյուրության համար լինի։ Հների սովորությունն էր նաև հողաբլուր գերեզմաններ շինելը, այսինքն՝ կա՛մ գետնի մեջ թաղելով, վրան հող ու քար կիտելով՝ բլրակ ձևացնելը, որ կոչվում է նաև թիլ, կա՛մ բնական բլրակների մեջ փորելը և դագաղը կամ դիակը այնտեղ դնելը։ Սակայն այս կերպը մեր ազգակիցների մեջ շատ հաճախ չի հանդիպում։ Նույնիսկ թագավորները և իշխանազունները պատրաստում էին իրենց սեփական գերեզմանատունը, ուր թաղվում էին կա՛մ առանձին փորված քանդակազարդ գերեզմաններում, կա՛մ հողի մեջ՝ մի քարի կամ վեմի տակ, որը, իհարկե, կարելի է կոչել տապանաքար։ Ըստ որում մարմինը ամփոփող խորշը կամ որևէ ընդունարանը կոչվում է տապան, իբրև թե մի սնդուկ, ինչպես և նշանակում է տապանակ֊ը։ Բայց գուցե տապան֊ն ի սկզբանե ունեցել է նաև տապ բառի իմաստը՝ նման հույների фЬцпт, фЬцз բառին, որ նշանակում էր «դիակներն այրելու վայր»։ Եվ եթե սա չէ, առավել հավանական է թվում նրանց фЮмвпт անունից (որից և՝ լատիներեն Tumba, ֆրանսերեն Tombe) առնված դամբան֊ը, որը այնքան տարածված է մեր լեզվում, որ մինչև իսկ մեռյալների վրա ասված ողբը կամ խոսքը կոչվել ենք դամբանական և գերեզմանական։ Հիշատակեցինք նաև պարսից աղանդի մեջ նրանց մեռելատեղին՝ դուխման։ Այս անունը մասամբ հիշեցնում է մեր կմախք բառը, որ նշանակում է «մեռյալների՝ մսից զատված մասը, ոսկորները կամ չորացած մարմինը»։ Այս անվամբ նաև թագավորների գերեզմանատեղիին մերձակա շենքը կամ գյուղը Կամախ է կոչվել և կոչվում է մինչև այսօր։

Մարդիկ (ասում են մեր ազգակիցների մասին), քանի դեռ ապրում են, գուցե բնակարաններին այնքան զանազան անուններ չեն տվել, որքան իրենց մեռյալների պահատեղիին։ Դրանցից ամենահասարակը, գուցե և ամենանշանավորը շատ անգամ գրածներս է՝ գերեզմանը, որը, թեև բավական երկար ու եռավանկ բառ է, բայց դեռ ստուգապես բացահայտված չէ (բաց թողնենք բառի ծաղրելի մեկնությունները՝ գերե զամենն, գերու աման)։ Այսպես է ասել նաև Վանական վարդապետը, բայց ավելացնելով․ «Դիր միոյ կամ գերոյ աման, պարսիկ բառ է․ Ներքոյ հողոյ կամ երկրի ասի Գերեզման»։ Սա մի հին հեթանոսական գաղտնիք պահող է թվում։ Գուցե զուգադիպություն է, բայց այս իմաստից հեռու չէ հունարեն Кзс կամ У՝зсет անունը, որ նշանակում է «մահվան ոգիներ» կամ «քաջարի»։ Նման հնչումով, բայց հակառակ իմաստով՝ հին հռոմեացիները արարիչ Աստծուն կոչվում էին Կերուս֊Մանուս (Cerus Manus)։ Այս հնչմանը մերձավոր և իմաստով նրանից ոչ հեռու է Ավեստայի լեզվի կորոտման֊ը, որը հիշատակել ենք նախորդիվ, և որը հավանելի է եղել արևելագետներից ոմանց։ Ըստ հնչման և իմաստի՝ մեր մեղմահուշիկ քնարան անունն էլ մերձավոր է հույների քենի՛րիոն֊ին, КенЮсйпн, որը, տա՛փոս բառի հետ բարդվելով, դառնում է КенпфЬцпт, այսինքն՝ քնատապան։ Սովորաբար հույները այսպիսի գերեզման կանգնեցնում էին ծովում մեռածների կամ նրանց համար, որոնց մարմինները կորսված էին, և հարմար էր, որ գոնե քնի մեջ լիենին։ Քրիստոնեությունը սրբագործել և ազնվացել է այս անունը, մանավանդ մեր եկեղեցու լեզվով, որը իր հավատացյալ մեռյալներին կոչվում է ննջեցյալներ և հանգուցյալներ։

Մի անծանոթ ծագմամբ բառ էլ մեր շիրիմ֊ն է, որ նշանակում է «մեծագործ գերեզման», ինչը, ըստ Փիլոնի մեկնիչի, կոչվում է հիշատականոց և ճիշտ Monumentum, Monument ասվածն է։ Բայց նույն հեղինակը ասում է նաև․ «Շիրիմ կոչէին նախնիքն՝ զգերեզման մերկացեալ»։ Իսկ Մխիթար Գոշը («Մեկնություն Երեմիայի») գրում է․ «Շիրիմ՝ զայն ասէ՝ ուր զբազում մեռեալս դնէին»։ Վերջին բառը կամ բայը մեզ հիշեցնում է նաև դիրք անվանումը, որով հավանորեն նաև հին Հայաստանում կոչվում էին այն վայրերը, որտեղ դրվում էին մեռյալների մարմինները, և քրիստոնեությունը ավելացնում է դիրք հանգստյան անվանումը։ Ռամկական, բայց ավելի պարզ ու զգայուն է գերեզմանատեղերի հողվերք կամ հողվայրք անվանումը, որ հարմար է թե՛ առանց քարի թաղվող և վրան հողակույտով ծածկվող հասարակ մարդկանց և թե՛ հողեղեն մարդու՝ հող դառնալուն։

Հնությունը և թշնամությունը ջնջել կամ ծածկել են մեր հեթանոս հայրերի գերեզմանները (երանի՜ թե ոչ նաև հին քրիստոնյա ավագ մարդկանցը), ինչի պատճառով ստույգ չգիտենք՝ ինչ ձև, ինչ նշաններ ունեին, և մարմինների հետ ինչ էր այնտեղ դրվում։ Իսկ մյուս քրիստոնյաների գերեզմանների մեջ հեթանոսությունից մնացած են թվում խոյակերպ և ձիակերպ գերեզմանաքարերը հետին դարերում, քանզի հին թվականով (նախքան 16֊րդ դարը) արձանագրություններ չեն կարդացվել։ Գառը՝ Քրիստոսի հեզույան նշանակը, որը նախ Մկրտիչի կողմից Աստծու գառ կոչվեց, հայոց քրիստոնյա հայրերի և իշխանների մի սիրելի նշանակն էր և է։ Սակայն այդ իմաստը չէ, որ ունեն խոյակերպ գերեզմանաքարերը։ Ոմանք կարծում են, թե նշանակում են մեռյալի հովվական հարստությունը, ինչպես ձին էլ նշանակում է հեծյալ լինելը։ Սակայն կան շատ խոյաձև գերեզմանաքարեր, որոնց ներքո հանգչողները ո՛չ հովիվ են եղել, ո՛չ էլ խոյերի ու ոչխարների տեր, բայց գուցե և ուզվի նահապետական դարերի ավանդություն համարել այս ձևը, նարնից էլ՝ մեծագործ շինվածքների կամ ճարտարապետության հոյակապ ձևը, որ և խ տառով գրվում է խոյակապ։ Առանց պատճառի չէ, որ հույն ճարտարագործները իրենց սյուների համար ընտրել են խոյի գլուխը, որից էլ մեր խոյակ բառն է։ Հիշենք նաև անկերպարանք սյուների (ինչպես հոնիական ոճում) վերին երկու եղջյուրակերպ գալարները և այլն։

Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։

Եթե թողնելով մեռյալների արտաքին պահատեղին և նրա մոտ կամ վրան կատարվածը՝ կամենանք նայել ոչ դրանց, այլ գոնե դրանց հատուկ անվանը, կգտնենք, որ նշանակալից է նրանց մարմինների՝ դի կամ դիակ կոչվելը․ միավանկ բառ՝ հնչմամաբ դև ու դիք դիակունք կամ դից դիականց, եթե արհամարհանքի համար չի ասվել։

Գերեզմանից այն կողմ անցնելով զրադաշտական մի կամուրջով, որը հայերը պիտի ընդունած լինեին, եթե ընդունել են այդ աղանդը՝ նմանապես ընդունած պիտի լինեին նաև հոգու դատաստանը, որ Սերքոշը կատարում էր շատ կարճ ու արագ կամ, ըստ գրքերի, համառոտ։ Շատ հավանական է, որ այդ բառը այն հին աղանդից մեր քրիստոնյա հայերին է փոխանցվել հեթանոս հայերի հայերի կողմից, ինչպես շատերը կարդացել են մեր Եղիշեի մոտ․ «Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին» (Ա) կամ «Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց» (Գ)։ Մեկ ուրիշն էլ գրել է․ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ գալ փառօք և առնել զհամառօտն յաւիտենից»։ Նշենք նաև շարականում երգվածը․ «Որ ի վերջնումն աւուր համառօտի»։ Համառոտ դատաստանը երկար բացատրություն չէր էլ կարո ունենալ։ Արագ֊արագ կայացված վճիռը նայել է տալիս աջ կամ ձախ, վեր կամ վար, այսինքն՝ արդարների կայանին, որ, ըստ մեզ, արքայությունն է, կամ մեղավորների կայանին, որ դժոխքն է։

Այդ դժնդակագույն երևույթի դժնդակ անունը, անշուշտ, մնացել է հայերի հեթանոսական հավատքից, քանզի պարսից ու մոգերի աղանդը ևս նույն բառն է ասում՝ Տուզախ կամ Տյուզեխ։ Մեզանում այն կոչվել է նաև այլ կերպ՝ ճուճաղխք, ինչպես նշված է մեր հին բառգրքում։ Անունից երևում է, որ դժոխքի նկարագիրը և դատապարտյալների պատժի ժամանակը պետք է լինի զանդիկների և պարսիկների աղանդին համեմատ։ Մեր նույն հին բառգիրքը դժոխքը անվանում է նաև տխուրք, որի իմաստը հայտնի է ու շատ հարմար՝ հակառակ ուրախության և զվարթության կամ լույսի, այսինքն՝ «մութ և խավար»։ Մթության վերաբերյալ մի հատուկ ավանդություն մեզանում չկա կամ ինձ անծանոթ է։ Բայց հատկանշական է կամ զարմանալի, որ մինչև մութ բառը հատուկ է մեր լեզվին, օտարների (կարծեմ ասորիների) մեջ նույն մութ բառը (եվրոպացիների մոտ գրված Mouth) նշանակում է մեռյալների չաստված։ Դժոխքի ուրիշ անունները, որ կան մեր գրքերում, եկամուտ են․ գեհյան֊ը՝ եբրայեցիներից (թուրքերեն ճեհեննեմ), տարտարոս֊ը՝ հույներից։ Իսկ որտեղի՞ց է սանդար բառը, որից էլ՝ սանդարամետք ու սանդարապետք, որոնց չար ոգիների կարգում հիշատակել ենք, դրանց հետ՝ և շահապետ֊ը, ինչը թեև ասվում է այլևայլ առումներով, բայց հատկապես դժոխքի շահապետ է կոչվում այս ահավոր տեղի իշխանը կամ ոստիկանը։

Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ Արքայություն և դրախտ բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին ահուվահիսդա կամ վեհեշդեմ անուններով։ Եվ հավանական է, որ անույշք էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

Рождение Тороса Рослина
Рождение Тороса Рослина
Играть онлайн