Атрпет
Շխնոց
5
Մութն էր, գիշերային խավարը առանց լուսնյակի պատել էր երկիրը։ Երկնակամարի կապուտակը մթագնել էր, և աստղերը ավելի բոցավառված շողշողում էին։ Աստղերի միջից պարբերաբար ասուպներ գլորվում էին զանազան ուղղությամբ, հետքից շողալեն գիծեր բաց թողնելով, որոնք իսկույն անհետանում էին։ Թեև զեփյուռը մեղմ սուլումներով սահում էր դաշտի երեսով, Սազի մակարդակով, բայց այնքան թույլ էր, որ ուռիների ճյուղերն անգամ չէին թեքվում և հանդերի կիսահաս ցորենի ու գարու կաթնազեղուն հասկերը հազիվ ճոճվում էին։ Լուռ էր երկինքը, և մնջած երկիրը, մարդ ու անասուն, մինչև անգամ գյուղացու միակ հավատարիմներն անգամ ուժասպառ մրափում էին երկար օրվա տևողության մեջ տանջված մարմինները կարճ գիշերում հանգստացնելու համար։ «Հոգնած֊քնած ու մեռածը տարբերություն չունի», ասում է շինականի առածը։
Բայց հոգնածությունը կարող է ընկճել զորականին, դադրածությունը կարող է թուլացնել մշակին, քունը կարող է թմրեցնել գիտնականին, իսկ ոչ մի ուժ չի կարող մարել սիրո կայծերը, որը քանի առաջ է գնում, բորբոքվում է, որքան արգելքների է պատահում, արծարծվում է, ինչքան ճնշման է ենթարկվում, այնքան զորեղանում է և նրա համար քունն ու հանգիստը կտրվում են, զօր ու գիշերը հավասարվում։ Այդպես էր Մարգարիտի վիճակը Մանուկի որդու Մնացականի հետ։ Կարծես թե Մնացականը աշխարհի երեսին միայն Մարգարիտի համար էր մնացել և Մարգարիտից ջոկ էլ աղջիկ չէին նկատում Մնացականի աչքերը։ Արգելված պտուղը, անհասանելին, դժվարինը միշտ յուր աստիճանով ամենաքաղցր և ցանկալի դառնալով, իդեալի ձև է ստացել և ձգել, քաշել է մարդկանց սիրտը և բարձրացրել, թռիչքներ է գործել տվել։ Աշխարհի վրա Մնացականի սիրո աչքերով ու կարծիքով Մարգարիտի նման գեղեցիկ, քնքուշ, բարեմասնություններով և ազնիվ հոգվով ուրիշ աղջիկ չկար։ Իսկ Մարգարիտի հոգեկան աշխարհը բովանդակում էր ամբողջապես Մնացականին։ Վարդևանի խստությունը, անողոքությունը և բռնակալությունը միայն սաստկացրել էր սիրահարների սերը, նրանք էլ ջերմ սիրով կապվել էին և ավելի հետամտել իրար հետ ժամեր, երկար ժամեր անցկացնելու, վշտակցելու և մխիթարվելու։
Մեջգիշեր չեղած սիրահարները դուրս էին գալիս և այնպես վարժվել էին որոշ ժամերին, որ Մնացականը դեռ չհասած որոշված վայրին, Մարգարիտը լուսամուտից դուրս էր գալիս նրան դիմավորելու։ Օրեցօր կարծես գեղեցկանում էր Մարգարիտը, և տխրության քողը, արտասվախառն աչքերը նրան ավելի բոցավառում ու քնքշացնում էին։ Վիշտը նրա լեզուն ճկունացրել էր, տանջանքը նրա մտքերը խորացրել, հեծեծանքը նրան բլբուլ էր դարձրել և սերը՝ բանաստեղծ, այնպես որ նա առանց կանգ առնելու ասում էր, խոսում էր, երգում, պատմում և յուր գուրգուրանքով քաջալերում ու մխիթարում Մնացականին։ Իսկ վերջինս դյութված, հոգվով դրախտ փոխված, առյուծ դարձած, բաժանվում էր յուր սիրեկանից, վստահ լինելով, որ նա յուր սիրեկանի շնորհիվ աշխարհի ամենաբարեբախտ արարածն է։ Մնացականը յուր տանջանքը երջանկություն էր համարում և յուր սիրեկանի համար ոչ միայն տանջվիլը, այլ կյանքից զրկվելն անգամ՝ երանություն։
Թե ինչ էին զգում և թե ինչ աստիճանի բախտավորության մեջ էին երկու սիրահարները, կարող են միայն այդպիսի ջերմաջերմ սիրո հարվածներն ընդունողները ըմբռնել, բայց այդ անմեղ սիրո վայելքը շատ երկար չտևեց… Մի գիշեր Վարդևանը, երբ զբաղված էր յուր մտքերով, երբ անքուն մտածում էր հնար գտնել և ազատել յուր ընտանիքը, յուր օջախին սպառնացող մոտալուտ սոսկալի հարվածից, նկատեց Մարգարիտի սողալով դուրս գնալը։ Հայրը հետևեց յուր անմեղ աղջկան, ինչպես որսորդը եղնիկին կամ բարակը նապաստակին և աղվեսի նման հեռուն պպզեց, սպասելով տեսակցության հետևանքին։
Բայց բացի անմեղ տրտունջներից, բացի իրավացի բողոքներից, ի՞նչ կարող էին ունենալ անարատ հոգիները։ Գանգատվում էին իրենց անողոք վիճակից, իրենց դաժան բախտից և այդ գանգատները սրտակեզ հառաչներով դեպի վեր բարձրացնում, դեպի երկինք ուղղում և բոցափայլ աստղերի վրա նախանձելի հայացք գցելով, դողդողում էին, երբ մի որևէ ասուպ սահում էր երկնքում, գլորվում և հետքի գիծն անգամ աչքի նկատելի դառնալու չափ չէր մնում, այլ իսկույն անհետանում էր և չքանում։
Արդյոք այդ գլորվող աստղը իմը չէ՞ր, Մացակ ջան, ասում էր Մարգարիտը հառաչելով, որ այնպես թույլ երևցավ ու մարեցավ, կարծես գետնի տակ թաղվեցավ…
Բան չունի՞ս, Մարգարիտ ջան, գեշ բան ինչի ես մտածում, ինչի՞ պիտի մարի քու աստղը ու թաղվի, դեռ նա շատ-շատ է բորբոքվելու ու բոցափայլելու ինձ համար, Մացակիդ համար։
Այո՛, փլփլալու է, փլփլալու և հանգչելու։ Ո՞վ մեզի կտա բոցերով ու շողքերով աստղ։ Լավ աստղ որ ունենայինք, քաղաքում կծնվեինք և բախտավորների նման կցոլայինք, շողք կտայինք, բայց պարտքատեր մշակի աղջիկն ու մարաբայի որդին ինչի՞ պիտի բոցերով փայլատակին… Սև սուգն էլ մեզի շատ է տեսել անողորմ բախտը, լացն ու կսկիծն է մեզ բաժին ընկել…
Ես մեղավո՞ր եմ, հոգիս, որ մարաբայի զավակ եմ դարձել, ես մեղավո՞ր եմ, որ հայրս չկարողանալով պապենական մյուլքը պաշտպանել, տարել ծախել է շեյխին և ինքն էլ նրա մոտ ստրուկ է դարձել։ Հորս մեղքի համար ե՞ս պիտի տուժեմ… Հորս սխալանքի, թե հիմարության համար ի՞նձ պիտի դատապարտեն, քեզ գրկիցս խլեն… մեր սերը խեղդեն…
Բանն այնտեղ է, որ իրենք գործել են սխալը, իրենք իրենց աններելի հանցանքով գլորվել են խորխորատը, վրեժները իրենց նենգամիտ հակառակորդից ու թշնամիներից չեն կարողանում լուծել, եկել են մեզ տանջում, մեզնից են ուզում, կարծես, վրեժները լուծել։ Ո՞վ ասաց քու հորդ, որ օդան ու ախոռը շինելու համար երթա քաղաք, շեյխից հազար ղուրուշ պարտք անե, թե ինչ է Շխնոցի մեջ գլուխ ցույց տա, խոսացնել տա, թե Մանուկը մի այնպես օդա, մի այնպես ախոռ շինեց, որ մեր գյուղում նմանը չկա… Բայց հետո մեկ օդա ու ախոռի համար մեկ օջախ կործանեց, պապենական մյուլքերը շեյխին հանձնեց։ Ահա այսօր մեր տունն էլ այդ օրը չէ ընկնելու։ Գարանս հարյուր անգամ ասաց. Վարդևան, մենք մի լուծ գոմեշի կարիք չունինք, մեզ պետք չէ՛, որ դու պարտքով լրացնես գութանիդ պակասորդը։ Համբերի՛ր, աստված երբ գործիդ հաջողություն կտա, կալերդ լիբ-լիքը բարով կլցվի, հաջող կծախես ամբարիդ ցորենը, փողը գրպանումդ կլցվի, այն ժամանակ մեկի տեղ երկու լուծք առ։ Բայց չէ՛, կնկախոսքը տղամարդը ինչի՞ պիտի լսե։ Լուծը ծախվեց, մյուս լուծն էլ հակառակի նման քաղցից կոտորվեց, կալը դատարկեց պարտատերը, կթանի եղն ու պանիրն էլ վրա գնաց, բայց անկուշտ պարտատիրոջ ճանկից չխալսեցանք։ Ես առանց գութանի չեմ կարող ապրել, ասում էր մեծ-մեծ կոտրտելով հայրս, բայց այժմ գութանից ջոկ մյուլքերն էլ պիտի տա…
Օ՛ֆ, սրտի խորքերից հառաչեց Մնացականը, որին իսկույն արձագանք տվեց Մարգարիտը, և լռեցին երկուսն էլ մի պահ… Բայց Մնացականը հորն ու աներոջ սխալը այնքան մեծ չնկատելով, չկարողացավ սրտում դատածը չարտահայտել իսկույն յուր սիրեկանին։
Բայց նրանք քու ցույց տվածի չափ էլ մեղավոր չեն, առանց ախոռի ու օդայի ապրելն անհնար է, վնասակար է, պետք էր դրանք շինել, իսկ առանց գութանի գյուղացին միայն չոր հաց կարող է կրկտել և միշտ պարտքի տակ տոկալ: Այս ահագին խարաջին ու փեշքյաշներին միայն գութանով կարելի է բավարարություն տալ:
Մարգարիտը չպատասխանեց և լռելյայն գրկվեցին երկուսն էլ, թիկն տվին պատին։ Նրանց նստարանը քար էր, նրանց հենարանը՝ կոշտ քարի պատը և բազուկներով իրար գրկած, անմռունչ ու լուռ իրենց վիշտն էին արտահայտում և այն լռությունով շատ ու շատ մտքեր էին փոխանակում, քան թե բառերով։
Ւսկ Վարդևանը արձանացած, դարանի մեջ տարածված, լսեց նրանց ու դառն մտքերի մեջ սուզվեց։ Սկզբում շատ վրդովվեց, երբ լսեց ծնողների արարքների քննադատությունը, ուզեց խզել այդ խոսակցությունը և իսպառ բաժանել սիրեկաններին, բայց մտածելով ըմբռնեց նրանց ճշգրիտ նկատողությունը, հոգվով խռովեցավ, դառնացավ և անզգայանալով թմրեց, չկարողացավ անգամ սթափվել…
Թմրությունը այն աստիճան ծանրացել և թուլացրել էր Վարդևանին, որ նա մինչև անգամ չզգաց, թե ինչպես սիրահարները բաժանվեցին և վերադարձան իրենց բները, խոստանալով հետևյալ օրը ժամադրած վայրը ներկա գտնվել և իրար պարզել օրվա անցկացրած դեպքերը։ Երբ սթափվեց Վարդևանը և նրանց չգտավ իրենց տեղում, սկզբում սոսկաց, քիչ-քիչ երբ համոզվեցավ, որ նրանք արդեն չկան, շտապեց տուն մտավ և Մարգարիտին յուր վերմակի մեջ պլլված, պառկած նկատելով, հանգստացավ, գնաց ինքն էլ տարածվեց յուր անկողնում, բայց խաղաղ քունը չմոտեցավ Վարդևանի աչքերին, և նա մինչև լույս ալեծուփ թափառեցավ երևակայությունների մեջ, կամա֊ակամա զիջավ, ընկճվեց հանգամանքների առաջ։
Օրերը իրար ետևից գլորվում էին, և ցերեկը աստիճանաբար երկարում։ Հորդ անձրևները ողողեցին և սար ու ձոր դալարներով ծածկեցին, այնպես որ տարին մեծ հունձ էր խոստանում։ Մշակը, հողագործը հրճվում էր դիտելով յուր քրտնաթոր վաստակով ցանած արտերը։ Այնպես ցողուն էին տվել ցորենն ու գարին, այնպես լիք հասկեր էին տվել ու լցվել, որ անցորդի քեֆն էր գալիս և գննելուց չէր կշտանում։ Վարդևանի արտերը մեծառատ բերք էին խոստանում, այնպես որ ընկճված ու միջավայրի առաջ խոնարհած երկրագործը դարձյալ ձգվեցավ, նորից հպարտացավ, կրկին երազեց յուր անկախությունն ու ազատությունը։
֊ Մի քսան սոմար ցորեն, պարտքից էլ կպրծնիմ, խարշից էլ։ Գեդևոնիս բերեմ, այնպես աղջիկ առնեմ, այնպես հարսանիք անեմ, որ խնամիներիս սիրտը ճաքի։
Վարդևանի ոտքը արտերից չէր կտրվում, թեև մոտկամ էր մտել և հերկ էր վարում դրա ցիների հետ, բայց ազատ ժամանակները անցնում էր հանդով, հասնում էր յուր արտերը և նրանց կողքով անցկենալիս այնպիսի վեհ դիրք էր բռնում, որ կարծես ինքն ստեղծած լիներ այդ բոլորը։
Ա՜խ, մեկ քաղեի, մեկ կալս կրեի այս բարին, ես ցույց կտայի Գևորգ աղային, թե ի՞նչ է նշանակում արտերս գրել տալը։ Ինչի՞ չունենա մարդ տասը֊տասնհինգ ոսկի, տանե առաջը գցե ու ասե. շու՛ն, առ, այս է քու ուզածդ, ա՛ռ կե՛ր, ա՛յս էլ կեր, աստծու կրա՛կն էլ։ Հինգ ոսկու փոխարեն տասնևհինգ ոսկի կերել Է, չէ կշտացել, աչքը դրել է արտերիս։ Անիծված, փողի խնդիր չէ՞, փո՛ղ չէ՞ ուզածդ, առ տասնևհինգ ոսկի էլ, և թող քեզ ու քու ընտանիքի համար այդ փողը դեղի ու դեղտուրի բաժին դառնա։ Իմ դառն քրտինքով դատածս, իմ մանր ու խոշորի աղի արտասուքով ժողովվածը ի՞նչ սրտով պիտի լափես… Բան չեմ ասում, փուշ դառնա, բուկդ մնա, հավիտյան դեղի դիմես, ճար չգտնես։ Հալբաթ որ ամեն հինգ ոսկու փոխարեն եթե երեսնականներ ստանան, նրանց ոսկին չի տեղավորիլ ո՛չ ամբարներում, ո՛չ քիլարներում, և աշխարհը կտիրեն իրենց փողով։ Բայց այդ ստակը, այդ հարստությունը իրենցը չէ, մերն է, մեր, մշակներինս է, մեզնից են խլել, գջլել ու դարսել…
Արշալույսը պարզվել, արևն արդեն հորիզոնից մի նիզակաչափ բարձրացել էր, Շխնոցի նախիրը հեռացել, հորթերի-կովերի բառաչոցը, ոչխարների֊գառների մայոցը, այծերի֊ուլերի կտկտոցը դադարելու վրա էին, երբ Վարդևանը մալերի ետևից Գարանի վերադառնալը նկատելով, ասաց.
- Այդ ոչուփուչիդ խելքը գլուխը բեր, ասա, որ եթե նա մեկ էլ գիշերը դռնից դուրս գա, Մանուկի լակոտի հետ տեսնվի, երկուսին էլ մի մահակով շանսատակ կանեմ…
Գարանը մի այնպիսի կերպով ծամածռեց դեմքը, որ կարծես ուզում էր ասել. «Մարդ, գժվե՞լ ես, ինչե՞ր ես խոսում, ո՞վ… ի՞նչ է պատահել» և ամբողջ մարմնով մի հարցական նշան դառնալով՝ ամուսնին ոտքից գլուխ զննեց, հայացքը քննեց և նրա դեմքից ասածների շարունակությունը րոպեական կերպով կարդալուց հետո ներս մտավ. Վարդևանը, մի խոժոռ հայացք նրա ետևից ուղղելով՝ ասաց.
Անզգա՛մ, իբրև թե չես իմանում և ջանում ես անմեղ հրեշտակ երևալ աչքիս և ինձ մոլորեցնե՞լ։
Արևը աստիճանաբար բարձրանում էր, կիզելով լեռ։ դաշտ, հետզհետե սաստկացնելով ջերմությունը։ Գյուղացիք արդեն մտել էին մարգերը խոտերը հնձելու և մեծ ջանքով էին գերանդին շարժում, հուսալով իրենց բերքով ոչ միայն նույն և հետևյալ ձմեռը իրենց անասուններին կերակրել, այլ մինչև անգամ մի մասն էլ ծախելով կարիքները հոգալ։ Հարս-աղջիկ, պառավ թե դեռահաս, կանայք անգամ մասնակցում էին հնձին։ Ուրախությունը ընդհանուր էր։ Խուրձ կապողները թռչկոտելով հասնում էին գործի և դաշտի մեջ կարգավ բլուրների նման բարձրացնում էին քաղված խոտի դեզերը։ Հուսահատ մշակը ոգևորված առատ բերքով, ոչ միայն քրտնաթոր վազում էր գործին, այլև ընկճված, մորմոքած սրտերը ուրախությամբ զեղված, դուրս էին մղում հոգու խորքերից զգացածները օդը թնդացնող երգերի ձայներով։ Մրմունջները, հառաչանքները արտահայտելը արգելված էր, իսկ ցնծությունները սանձելու կարիք չունեին մշակները։ Մի՞թե կարող է մշտաչարչար հոգին հուսալի րոպեներում զսպվել մանավանդ դեռահասի կրծքում, որը հուսախաբ բախտի տատանմունքներին չէ մատնվել և չէ փորձվել։ Երբ որոտընդոստ ձայնով երիտասարդներն ու պատանիները զնգզնգացնում էին ամբողջ դաշտը և նրանց արձագանք էին տալիս հեռավոր լեռները, մի փորձառու ծերուկ հնձվոր ասաց․
Արևը սաստիկ կծում է, երևի անձրև և հորդ անձրև է գալու։ Աղջիկնե՛ր, թան չունի՞ք կամ մի թաս մածուն չունի՞ք, տվեք, չախլամա անեմ ու խմեմ։
Ծերուկին տվին պահանջածը, և շատ չանցած սկսեցին մռայլ ամպերը Գյավուր-Դաղից դեպի հարավ շարժվել և շուտով ծածկեցին հորիզոնը։ Մռայլեց երկինքը, կուտակվեցին ամպերը, բայց արևը կարծես բոլոր ուժը ամփոփած, ուզում էր աներևութացնել այդ արծաթափայլ երկնային քուլաները և անընդհատ ամպերի ճեղքից տարածում էր յուր ոսկեփայլ ճառագայթները։ Մեկ-մեկ կաթկթում էր թաթավը, տեղ-տեղ հոսում էին անձրևի լիք-լիք գնդիկները, և քամին ընդհատում էր նրանց։ Հանկարծ նորից դիզվեցին ամպերը, փայլատակեցին, մռայլեցին և սոսկալի մռնչյուններով որոտացին ամպերը, սարսափ սփռելով կենդանի աշխարհում։ Կաթկթեց թոնը, ընդհատվեց, հորդ սահեցան և անձրևի հետ վար թափվեցան կարկտի խոշոր հատիկները։ Եվ ի՜նչ սոսկալի կարկուտ, ամեն մի հատը կակալի, ձվի չափ, կապարի նման ծանր, սայթաքում և դիպածին ջարդուփշուր էին անում։ Ամբողջ ժամ չտևեց, բայց դաշտումն էլ բարի չթողեց, ցանքսերը հողի հետ հավասարեցրեց, տրորեց ու փշրեց։ Ամբողջ Սազը սպիտակ սավանով կարծես ծածկվեց, դաշտը ողողվեց ջրով ու կարկուտով։ Հանդում գյուղացիք պատսպարվեցին իրենց խոտերի դեզերի մեջ, բացօթյա մնացողներից շատերը, մինչև ապաստանի հասնիլը, վիրավորվեցին կարկտի հատիկներից։ Կարկուտի դադարելուց կես ժամ անցած դեռ ոչ ոք սիրտ չէր անում դուրս գալ խոտերի դեզերի միջից, իսկ այնտեղից դիտելով արտերի սոսկալի վիճակը՝ սկսեցին մորմոքալ։ Շխնոցի արտերը մեծ մասամբ անխնա տրորվեցին այդ անողորմ հարվածով, և կենդանի զոհվեց թշվառ շինականը, այնպես որ ապրուստի միջոցը կտրվեց, և ամենքն էլ սկսան անմիջապես ողբալ իրենց զարհուրելի վիճակը։ Հուսահատվեցին ծերերն ու պառավները, լքան դեռահասները, և տխրությունը պատեց բոլորի սիրտը։
Տղմի, ցեխի ու ապականության մեջ է՛լ չէր կարելի աշխատել, դատելու էլ սիրտ չմնաց։ Առին գերանդիներն ու գործիքները և թախծալի դեմքով, համր քայլերով ուղղվեցին դեպի գյուղ լռիկ, մնջիկ։ Հուսահատ, փորձանքը այնպես էր ազդել, այնպես վհատեցրել և կյանքը դառնացրել թշվառ հողագործի որ չապրողներին երանի էին տալիս իրենց մտքում։ Վարդևանը այնպես էր թուլացել և մոլորվել, որ կորցրել էր խելքը, միտքը, չէր իմանում, չէր զգում շուրջը անցած-կատարվածները։ Երբ աղիողորմ հառաչներ էր բարձրացնում ու շնչասպառ տքում, մոտեցավ նրա հարևան Մանուկն ու ասաց․
Հա՛ն, Վարդևան աղբար, ա՞յս էլ քրդերն արին, ա՞յս է թուրքերն արին, այս էլ վաշխառուներն արին… Աստված մեզնից ձեռք է քաշել, ձեռք… Եթե աստված չի կամենում մեր գործի հաջողությունը, ես ի՞նչ անեմ, դու ի՞նչ անես։ Բացի տանջանքից, բացի սովամահ ու ցրտահար չարչարանքից, ուրիշ բաժին մեզ չի թողել։ Դու ի՞նչ ուզում ես արա, որ կողմն ուզում ես ձգվիր, նա, որ չկամենա, մեկ էլ տեսար մի կողմից թրըմփ՝ գլխիդ զարկեց ու տեղոց-տեղ քեզ չորցրեց։ Ես ի՞մ կամքովս մարագա եղա, քո՞ւ կամքովդ դու Գևորգ աղայի ճանկն ընկար… Ո՛չ, ո՛չ, նա մեզ պատմելու համար գլորեց այդ բոցերի մեջ և պիտի մնանք, քանի որ նրա բարկությունը չի իջել… ― Է՜հ, ի՞նչ ես դուրս տալիս, ի՞նչ ես հիմար-հիմար քարոզներ կարդում։ Նա մեզ խելք է տվել և ազատ կամք, որ մենք մեր գործերը կարգադրենք ու կառավարվինք։ Մենք որ հիմար ենք, մենք որ տգետ ենք և գլորվում ենք անդունդը, նրա դեմ էլ ինչի՞ մեղանչենք և մեր բոլոր տանջանքները նրան վերագրենք։ Եթե դու փառասիրությանդ համար չգլորվեիր շեյխի դուռը, պարտք չառնեիր, ինչի՞ այսօր պիտի նրա մարաբան դառնայիր։ Եթե ես չագահանայի, գութանս մեծացնելու չձգտեի, համբերեի, ինչի՞ պիտի Մեղրենց լակոտները ինձանից հինգ լիրայի փոխարեն տասնևհինգ լիրա առնելուց ջոկ՝ տասնևհինգ լիրայի էլ վճիռք ձեռք բերեին։ Մենք միշտ մեր խելքի ծայրից ենք կործանված և պիտի կործանվինք։ Եթե աստծու մեզ տված շնորհքը խելացի կերպով բանեցնենք, ինչի՞ պիտի հուսահատ օրերի մեջ մնանք։ Դեռ հինգ տարի առաջ ամերիկական ընկերության մարդը եկավ, խնդրեց, աղաչեց, համոզեց, որ մենք տարեկան մի թեթև հարկ տանք, մեր արտերը, կարկտի ու մկի դեմ ապահովենք։ Ես այս տարին քիչը քսանևհինգ սոմար ցորեն ունեի վերցնելու։ Եթե մի սոմարի գինը՝ մի լիրա, ամերիկացուն տայի, այսօր կգնայի, նրան կբերեի և արտերիս վիճակը ցույց տալով, քսանևհինգ լիրաս կանխիկ կստանայի։ Բայց մենք իրար աշելով նորությունից փախչում ենք, պապերի ճամփից դուրս չենք գալիս և այս տեսակ դեպքերում միշտ մեղքը բարդում ենք մեր բախտի վրա։
Նրանք էլ ամեն բան խոստանում և ոչինչ չեն տալիս, բոլորը խաբեություն է։ Մակարյանը կյանքը ապահովցուցած է եղել երկու հազար լիրայի, ահա հինգ տարի է ժառանգները մի ստակ էլ չեն ստացել։
Այդ սխալ է, նա տասը տարի շարունակ վճարել է ապահովավճարը, վերջին տարին տված չի եղել, հայտնի բան է, չէին էլ տալ։ Թող վերջին տարվանը վճարած լիներ, տեսնեիր, թե ինչպե՜ս պիտի լվլվաիյին նրա աղջիկները այդ հազարների մեջ։ Մերոնք, անհամբեր կովի նման, կաթը կտան, կկթվին, երբ կովկիթը կլցվի, կից կտան ու կաթը կթափեն։
Ինձ Յանգյանն ասաց, որ եթե ուզենամ ո՛չ թե մինակ կարկուտի մուկի, այլ մինչև անգամ հրդեհի դեմ կարող եմ ապահովել բերքս, մինչև տուն կրելս։ Արդեն քրդերը, թրքի լամուկները քանի՜-քանի՜ անգամ արտերիս կրակ են տվել, դեզերս են վառել և կալերս են մոխիր դարձրել։ Այն որ պիտի տանք աշարին, էղնամին, պահապանին, բեգին ու շեյխին, իրիցուն ու միանձնին, տանք մի փոքր էլ ամերիկացուն և հանգիստ ապրենք, սրտերս խաղաղենք, ի՞նչ կորուստ կունենանք։ Բայց չէ, մեկ որ մարդու թամահ է, մեկ էլ որ պապս չի արել, դրացիս չի արել, ես ինչի՞ պիտի անեմ։
Տա՛նք, տա՛նք, բայց մեզ ի՞նչ պիտի մնա, որ տուն պահենք, մանր ու խոշոր կերակրենք, հագցնենք և ցանքսի էլ բաժին պահ ենք։ Թողնու՞մ են, որ ազատ շունչ առնենք և մի բան ետ գցենք սև օրվան չմնալու համար։
Ա՛յդ ասա, այդ մասին գանգատվե, տե՛ս, դրա դեմ բան չունիմ ասելու։ Օրենքով մեր բերքի տասից մեկն ենք տալու աշար, մյուլթեզիմը հնգից մեկը վեր է առնում ու էլի չի կշտանում։ Դեռ հլա պիտի կերակրենք մյուլթեզիմի հինգ-տասը ծառաներին և ձիաներին ամիսներով։ էղնամը ամեն անասունից պիտի տանի երկու ղուրուշ, երեք ղուրուշ, տանում են հինգ-տասը, էլի աչք են տնկում մեր մատակների, հորթերի և գառների վրա։ Հազար խնդիր տուր, թե հայրդ մեռել է, եղբայրդ կորել է, ծնված երեխան յուր երրորդ ամսում մահացել է, հարկահանը չի լսում, հիսունհինգ ղուրուշի փոխարեն վաթսուն է պահանջում ամեն մի մեռած, թե կենդանի արարածի համար։ Կաշիդ դուրս գա, տանջվի՛ր, այրվի՛ր և մորմոքա, մինչև չտաս, դռնիցդ չի հեռանալ անհոգի պաշտոնականը։ Քեհյային տու՛ր, հոգեբաժինը տո՛ւր, տուր ու տուր։ Հապա վաշխառուն․․․․ մեկին տասը տուր․․․
Տո՛ւր ու տո՛ւր, հիմի էլ ապահովության համար ամերիկացուն տո՛ւր…
Չես տալ՝ չե՛ս ապրիլ, կտաս՝ սովա՛ծ կմնաս, տկլո՛ր կմնաս…
Դարձյալ լռեցին դրացիները, դարձյալ մնջեցին, մտքերով խորասուզվեցան վշտերի դաշտը և ընկղմեցին։ Միայն շնչառություններն էր լսվում և երբեմն-երբեմն էլ տխուր ու թույլ հառաչում էին։ Վերջալույսի վերջին ճառագայթներն էլ թռան Սաղի դաշտավայրից, Փալան-Թեոյանի լանջերից ու գագաթներից և արևն էլ Բլիշայի սարերի ետևը ընկղմելով, խավարի ու մթության մեջ թողեց վշտահար և հուսակտուր սազեցի մշակներին․․․