Атрпет

Շխնոց

4

Գևորգ աղան նպատակին չհասավ, Վարդևանը համառեց և թեև մտրակի տակ ընկավ, ոստիկանն ու դատավորի ներկայացուցիչները նրան մի լավ գզեցին, բայց առանց կարողանալու արձանագրություն կազմել, լուսադեմին պարտավորվեցան հեռանալ։ Քեհյան էլ ձեռքը մնաց դատարկ, թեև պատրաստվել էր մատնել ճշտությամբ Վարդևանի ինչքը: Դառն տանջանքով, վիրավորված և ջարդված մարմնով Վարդևանին յուր տարած հաղթությունը այնքան վսեմ, այնքան բարձր էր թվում, որ չէր էլ զգում մարմնի կապտածների ցավը։ Այդ հաղթանակի քաղցրությունն ու փառքը նրան այնպես էր ոգևորել, որ նա ավելի մի բերդի տիրող զորավարի էր նմանվում այդ օրը, քան թե հասարակ հողագործի։

Ճշմարիտ որ նա այդ օրը Շխնոցի հերոսն էր։ Հերոս, որը ոչ միայն ոստիկաններին, դատարանի գործակալներին դատարկ էր ճամփել յուր դռնից, այլ մինչև անգամ Գևորգ աղայի նման տզրուկին, որ քամել էր ամբողջ Սազի դաշտեցոց արյունը, խայտառակ ետ էր դարձրել։ Որքա՜ն սրտեր այդ օրը հրճվել էին, որքան հոգիներ ոգևորվել և մխիթարվել… Նրանք, որոնք տնքում և տնքացել էին Գևորգ աղայի վաշխառուական ճանկերի տակ, հույսի հառաչներով էին լսել դեպքի մանրամասնությունները։ Որքա՜ն բերաններ օրհնել էին Վարդևանին և այդ անցքի պատճառով անիծել ու երկնքից պատիժներ ու պատուհասներ հայցել անօրենի համար։ Գևորգ աղայի ճնշած ու հարստահարված ոգիների սրտում զարթնել Էր մի միտք, մի զգացմունք. ուժով ընդդիմանալու այդ արյուն քամող հարստահարիչին, պաշտպանվել նրա գազանային ժանիքների դեմ։ Բայց շատերի համար շատ ուշ Էր, արդեն դրանք կորցրել Էին ոչ միայն իրենց կարողությունը, հողը, այլև դարձել Էին մարաբա… Իսկ մարաբան ի՞նչ կարող Էր անել իր տիրոջ դեմ, որին պատկանում Էին յուր տունը, կայքը, անասունները, գործիքները, երկրամշակության բոլոր պարագաները և հողը… Զայրացած տերը՝ աղան, եթե վեր առներ այդ բոլորը, չէ՞ որ սոված ու քաղցած կկոտորվեր նրա ընտանիքը։ Իսկ անունը կոտրված, դուրս հանված մարաբային ո՞վ հաց կտա, ո՞վ գործ կտա…

Որքա՜ն կանայք այդ օրը երնեկ էին տալիս Գարանին, որը Վարդևանի նման մարդ ուներ, որր կյանքի այնքան դառը բովերի մեջ ամեն նեղություն քաշել, բայց մի թիզ հող չէր ծախել, ամեն թակարդ քանդել էր և ծուղակներից ազատվել… Խեղճ կանայք լալիս էին իրենց վիճակը, որ անզգայաբար իրենց ամուսինների թուլության ու մեղկության, տգիտության ու կարճատեսության պատճառով ամբողջ գերդաստաններով մարաբա էին ընկել և տարեկան սոսկալի տանջանքների արդյունքը, ձնին, բքին ու տոթին, քամուն ու փոթորկին դիմագրելով ձեռք գցած բարու կեսը, ձեռքերն ու ոտքերը ջարդելով, գլուխն ու զբունը դառն քրտինքի մեջ ողողելով ու ծնկները փետացնելով ժողոված պտուղը կիսելու էին իրենց տերերի հետ, իրենց աղաների հետ։ Առանց գնի, առանց վաճառքի հանվելու, առանց սակարկվելու և առանց դաշնագրի ծախվել էին, մատնվել էին հավիտենական գերության, և մատնողները չէին էլ զգացել, որ մարաբա մտնելով ի՞նչ սոսկալի անարգ վիճակ էին պատրաստել իրենց տան համար։

Մարաբայի աղան հանդում ցանված բարու բերքը կիսում է, խոտն ու հերթը պարտավոր է ժողովել մարաբան, տանել քաղաք և աղայի ցույց տված վայրը հանձնել։ Կովերը, մատակները կամ ոչխարները կթել, յուղ պանիր պատրաստել և աղայի որոշված, հայտնի բան է, կեսից շատ բաժինը նրա տունը տանել։ Հավից հավ, ձվից ձու, գառն ու հորթը, գյադակն ու քուռակը, ամեն բերքը կիսում էր աղան։ Դեռ այդ հերիք չէ, ասրեկտուրից ժողովված բրդից մարաբայի կինն ու աղջիկները պարտավոր էին մանել ու ներկել կարպետ կամ խալի, շալ թե ջեջիմ գործել և տանել աղային հանձնել, սայլերը լծել, անտառ գնալ փայտ բերել, աղային տանել։ Աղբը «բասմա» գցել և աթար կտրել ու կեսը տանել աղային հանձնել։ Դեռ այդ հերիք չէ, մարաբայի հարսն ու աղջիկը գարնան թե աշնան սարն են բարձրանալու՝ ժախ ու զոխ, երիժնակ թե սունկ ժողովելու և ջվալներով աղայի տունը կրելու։ Չի կարելի նկարագրելով հասկացնել, թե ինչ սոսկալի և տաժանելի աշխատանքով ժողովում են գազը, որ տանեն հանձնեն առատարար վառելու աղայի տան թոնիրը։

Բազմապահանջ աղան չբավականանալով այս ծառայություններից, ոչ միայն տեղի-անտեղի առաջարկներ է անում, որ մարաբայի կինն ու հարսը, տղան կամ աղջիկը գնան իրեն տունը, ցորենը լվան, չորացնեն, տանեն ջրաղաց, բնաղունը աղան, կորկոտը թեփից հանեն և դեռ ամբարների ցորենը մաղեն և մաքրեն։ Էլ չգիտեմ ինչ-ինչ ծառայություններ կատարեն, դեռ պահանջում է գյուղացուն հանձնված կայքի, անասունների, գործիքների ու կալվածքի արժեքի փողի տոկոսիքը վճարել իրեն… իսկ ընտանիքը օդով և ջրով կերակրել, ափսոսալով, որ չի կարող և դրանց վրա հարկեր սահմանել։

Այս վիճակից էր խույս տվել Վարդևանը և երբեք մարաբայության հետ չէր կարողանում հաշտվել, չնայելով, որ իրենց գյուղի բնակության մեծ մասը արդեն մարաբա էր դարձել և օրեցօր մարաբա դառնալը անխուսափելի պահանջ էր դարձել գյուղացու համար, կյանքը մի կերպ պաշտպանելու և անկումը քիչ հեռացնելու դիտմամբ։ Վարդևանի սկզբունքն էր, և նա համառությամբ չէր բաժանվում այդ մտքից՝ կամ անկախ գործել և կամ իսպառ չլինել։

Հենց այդ օրերում, երբ ցանքսից ու տափանելուց նոր էին ազատվել գյուղացիք, երբ դեռ բախտ փորձուկ չէին մտել, մի իրիկուն Մանուկը՝ Վարդևանի հարևանը, գյուղի տերտերի և ուրիշ երկու դրացու հետ դիմեցին Վարդևանի տունը։ Գարանն ու Մարգարիտը բանից խաբար էին, իսկ Վարդևանը հանկարծակիի եկավ։ Տաք օրեր էին, անուշ եղանակներ, աստեղազարդ կապուտակ երկինքը պարզ և լուսնկան առաջի իրիկվորե յուր նորամահիկը ցույց տվել ու աներևութացել էր։ Ներսը գուբ սենյակում կամ ախոռի կողքի սյաքուներում նստելու կարիք չկար բաց օդում, դռան առաջի երկու կողմից տան պատերով պաշտպանված շվաքում էին նստել քարի նստարանների վրա և խոսակցում դրացիները դեսից-դենից:

Վարդևանը այդ օրերը շատ այցելություններ էր ընդունել: Յուր դրացիները դաս-դաս եկել ուրախակցություններն էին հայտնել՝ Գևորգ աղային խայտառակ դռնից ճանապարհելու համար։ Ոչ միայն շխնոցիները, այլ մինչև անգամ մոտակա գյուղացիները, Գևորգ աղայից վառվածները մեկ-մեկ եկել խնդակցել և մանրամասնությունների հետ ծանոթանալով, հեռացել էին։ Արդեն ոչ միայն Սազում, այլ մինչև անգամ Արզրում քաղաքում ամեն փողոցում ու սրճատներում խոսակցում էին Գևորգ աղայի անհաջող խաբեության և Վարդևանի դռնից խայտառակ հեռանալու մասին։ Բանը այն դրության էր հասել, որ Գևորգ աղան ոչ միայն գանգատ էր սկսել Վարդևանի վրա ունեցած տասներկու լիրա պահանջի մասին, այլ տքնում էր օր առաջ պաշտոնյա տանել ու խայտառակել, ստորացնել և քարուքանդ անել մի այդպիսի ըմբոստ շինականի, որպեսզի պատիվը վերականգնի, և մյուս պարտապանները նույնանման քայլեր անելու սիրտ չանեն։ Բայց գործը օրեցօր հետաձգում էին պաշտոնականները, որպեսզի մի բան կարողանան պոկել ժլատ վաշխառուից, որի քսակի բերանը անհամեմատ նեղ էր դրամ դուրս հանելու դեպքում:

Վարդևանը սկզբում սովորական մի այցելություն կարծեց այդ դեպքը, բայց երբ առակներով ու օրինակներով տերտերն սկսեց Մանուկ աղբոր դիտավորությունը հայտնել Մարգարիտին իրենց տունը հարս խնդրելու մասին, մռայլեցավ Վարդևանը, դառն մտքերը և ծանր վշտերը նորոգվեցան նրա սրտի խորքերում, և նա մոլորված չէր իմանում ինչ կերպ պատասխան տալ իրեն այցելուներին։ Տերտերն ու ընկերակիցները այդ բանը վերագրելով Վարդևանի պատրաստակամության, կամաց-կամաց իրենց պատգամավորության նպատակը պարզեցին և հայտնեցին, թե իրենք վստահ են, որ Վարդևանը չի մերժիլ յուր դրացու հետ այդ խնամիական կապը կապելու։

Բայց այդ առաջարկը սրտի խորքերից խոցեց Վարդևանին։ Նախ, որ նա հիշեց, որ ինքը որպես հայր մի մեծ հանցանք էր գործել յուր անդրանիկ որդու՝ Գեդևոնի նկատմամբ, նրան ամբողջ երեք-չորս տարով նշանած թողնելով և ապա երկրորդ որդու վերաբերմամբ, որի ընկերակցին-տարեկցին արդեն ուզում էր նշանել յուր դրացի Մանուկը։ Բացի այդ, որ նրա աղջիկը արդեն վաղուց էր հասել և յուր նեղությունների պատճառով այնքան տունն էր մնացել, որ շեյխի մարաբա Մանուկը եկել էր, նրան հարս էր խնդրել… Ինքն, որ մարաբայությունից այնքան խորշում էր, եկել էին մարաբաների տուն աղջկան հարս խնդրելու։ Կտրատվեցավ հոր սիրտը, մտածելով յուր զավակների տարաբախտ վիճակի մասին, բայց հնար չէր գտնում դրանց այդ անել վիճակից ազատելու… Հողը պառավել էր, պարարտացնելու միջոց չուներ, անասունները կոտորվել էին, ծախվել, լծկանները ավելացնելու հնար չուներ, փող չկար, գտնելու էլ ո՛չ հնար կար, ո՛չ էլ ցանկություն, իսկ դաժան պահանջատեր-վաշխառուն քիչ թե շատ եղած-չեղածը տանելուց հետո դեռ սպառնում էր…

Մոլորվել էր Վարդևանը, ո՛չ այո և ոչ էլ ո՛չ ասելու սիրտ չէր անում, իսկ Գարանը դռան ետևից, Մարգարիտը պատուհանից անհամբեր սպասում էին պատգամավորների հետ նրա վճռին։ Գոռոզ մշակը չզիջավ, չընկճվեց և հաստատ մնաց յուր գաղափարին։ Երկար երերումներից հետո համառությամբ ասաց.

Մանուկ աղբար, զուր տեղ ես նեղություն քաշել և այս բարեկամներիս էլ ծանրություն պատճառել։ Ես քեզ մի տարի առաջ ասացի, որ ես ժամանակ չունիմ հարսնիք անելու։ Դեռ նախ իմ որդուս եմ կարգելու, հարսիս տուն բերելու և ապա աղջկաս մասին վճիռ կայացնելու։ Բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ես քեզանից խնդրում եմ, որ քու տղիդ համար դու աղջիկ ուրիշ դռնում ման արի, ես աղջիկ չեմ կարող տալ մարաբայի տան։ Եղբայր, ես ճշմարիտը խոսող մի մարդ եմ, հա՛ անասունը, հա՛ մարաբան, երկուսն էլ նույն բանն են ինձ համար։ Քանի որ դու աղաներ ունիս, ո՛չ տունդ քուկդ է, ո՛չ արտդ, ո՛չ լծկանդ, ո՛չ կթանդ, նույնպես քուկդ չեն ո՛չ աղջիկներդ, ո՛չ հարսներդ և ո՛չ էլ կնիկդ։ Ուզում եք ելեք բերանիս զարկեք, բայց տեր ունեցողը, իմ կարծիքով, իրեն սեփականություն չի կարող ունենալ։ Ավելի լավ է աղջիկս դնեմ մորթեմ, քան թե մարաբայի տուն հարս տամ…

Այնպես սառը տպավորություն գործեցին այս բառերը պատգամավորների վրա, որ նրանցից ոչ ոք չկարողացավ պատասխանել։ Երբ դրանք երկար լուռումունջ, միայն տխուր ու աղեկեզ հառաչում էին՝ հանկարծ Գևորգ աղան պաշտոնականներով և ոստիկաններով եկավ, իջավ Վարդևանի դռանը։ Տունը շրջապատեցին և սկսեցին ցուցակագրել նրա կարողությունը…

6

Խոփը ժայռի դեմ առավ, ասաց Վարդևանը, երբ սկսեց դատարանի գործադիր վարչության գործակալը մեկ-մեկ արձանագրել նրա կայքն ու անասունները։ Նա թեև ջանում էր դիմանալ և այս հարվածին, բայց մորմոքի սաստկությունից չէր կարողանում զսպել այլայլությունը և արդեն նկատվում էր, որ մոլորությունը նրան տիրել էր։ Երբ գործակալը արձանագրությունն էր կազմում, Վարդևանը բոլոր ճիգը թափեց, մոտեցավ նրան ու ասաց.

Ինչի՞ եք արձանագրում իմ կայքերս, էֆենդի՛։

Կգաս քաղաք, բիդայեթում կիմանաս պատճառները։

Բայց ինձ պետք չէ՞, որ հայտնեք, թե ինչ պատճառով կազմեցիք այս ցուցակը։

Գևորգ աղային ունեցածդ տասներկու լիրա պարտքի, նրա տոկոսների ու դատաստանական ծախսերի համար։

Լավ, բայց չէ՞ որ ես այդ տասներկու ոսկի պարտքիս դեմ վճարել եմ կանխիկ փողով երկու անգամով երեք և երկուս, ընդամենը հինգ լիրա։

Ստացական ունի՞ս։

Բայց նա չի կարող ուրանալ, քանի որ ութ օր առաջ ձեզ մոտ, այսքան մարդու մոտ խոստովանեցավ, թե ստացել է։

Ես ոչինչ չեմ ստացել, ասաց լրբաբար Գևորգ աղան։ Այն տվածդ ուրիշ հաշիվ էր, ուրիշ գործի համար էր։

Երկու սոմար գարի, սոմար ու կես ցորեն է տարել, որ նույնպես չորս լիրա արժե։ Չոր լիտր յուղ եմ տարել այս տարի, չորս լիտր անցյալ տարի և տասը լիտր պանիր, որ արժեր երեք լիրա։ Էլ ես քեզ ի՞նչ եմ պարտք։

Քու հաշվովդ, ասաց դատարանի գործակալը, պարտքդ ամբողջապես տվել ես, հապա ինչի՞ մուրհակդ ետ չես ստացել կամ վրան վճարածներդ գրել չես տվել․․․

Ա՜խ, էֆենդի, մի՞թե դուք չգիտեք, մի՞թե դուք չեք ճանաչում այս անօրենի հոգին։ Միանգամից փող չես ճարում, որ տանես և մուրհակդ ստանալով վճարես և դուրս գաս, օձիքդ ազատես այս տզրուկի ճանկից։ Գյուղացի-մշակ մարդ, կտոր-կտոր փող է ձեռքներս անցնում, իսկույն տանում ենք տալիս, որ պարտքերից ազատվինք, վախենալով քովերս պահել այդ փողը, քանի որ միշտ նեղության և կարիքի մեջ ենք։ Իսկ սրանից խո չե՞նք կարող կտոր-կտոր փող հանձնելիս մուրհակը ետ պահանջել։ Մենք դիր չգիտենք և հավատում ենք յուր խոսքին, թե վճարածներս արձանագրում է որտեղ որ պետք է։ Ես իմ հաշվով, բացի տոկոսից, մի բան պարտք չունիմ այդ անխիղճ ձրիակերին։

Այդ իմ գործս չէ, ասաց էֆենդին, եթե վկաներ ունիս, եթե կարող ես հաստատել, որ այդ փողերը և ապրանքը հանձնել ես Գևորգ աղային, հաստատիր բիդայեթի առաջ, ապացուցիր, այն ժամանակ պահանջատերերիցդ ոչ միայն կստանաս անտեղի ծախսերիդ վնասը, առանց նրան մի փարա վճարելու, այլ մինչև անգամ նրան կարող ես պատժել տալ, բանտարկել տալ։

Այո՛, ունիմ վկաներ, բայց եթե գան, վկայեն դատարանի առաջ։ Գևորգ աղայի երկյուղից ո՞վ կարող է գալ և նրա դեմ վկայել։ Կա՞ ամբողջ Սազի դաշտում մի հայ, որը պարտքով կամ ուրիշ խնամիական կապերով կապված չլինի այդ արյունարբու աղայի հետ։ Կամ եթե գան, արդյո՞ք դատավորները կլսեն այդպիսի վկաներին։

Դու վկա բեր կարգին և պատվավոր մարդիկ, դատավորները քու պահանջիդ բավականություն կտան, ասաց էֆենդին և հրամայեց, որ անկողինները պատրաստեն, որպեսզի հանգստանան։

Քեհյան հյուրերին յուր տունը տարավ և առավոտ վաղ ճանապարհ գցեց դեպի քաղաք։ Ամենքի խոսակցության նյութը դարձյալ Վարդևանն էր, նա գյուղի մեջ ամենքի ապշության և արմանքի նյութ էր մատակարարում։ Վարդևանը առավոտից մինչև իրիկուն խոսում էր այս դրացու, այն բարեկամի, ծանոթի ու անծանոթի հետ, բայց երկու լուրջ, վստահելի մարդ չէր գտնում, որ տանի, ներկայացնի դատարան և պատժել տա հանցավոր վաշխառուին։ Ամենքն ասում էին, որ գիտեն, տեսել են, համոզված են Վարդևանի լույսի նման պարզ վճարումների ճշմարտությանը, բայց ինչ-ինչ պատճառներով, վրեժխնդրությունից վախենալով, չեն կարող մտնել դատարան և ճակատ-ճակատի դիմաց բացատրել արդարությունը։ Կային այնպիսինները, որոնք այրված սրտով խոստանում էին Վարդևանին այդ պարտականությունները, իսկությունը վկայելու պարտքերը կատարել, բայց դրանց էլ վստահել չէր կարողանում Վարդևանը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը Գևորգ աղայի հետ ինչ-ինչ դատաստանական վեճեր էին ունեցել, և դատավորները նրանց վկայությունները չէին կարող լսել։

Բայց ամենից գլխավորը փաստաբանի կարիքն էր։ Քաղաքի ամենահայտնի փաստաբանը պաշտպանում էր Գևորգ աղայի գործերը։ Իսկ սրա դեմ մասնակցող և անվանի մարդ էր հարկավոր, որպեսզի խոսքը կարողանար առաջ տանել և դատավորներին ստիպել լսելու Վարդևանի վկաներին։ Մի այդպիսի մարդ էլ հեշտ չէր ձեռք բերվի, տասը-քսան լիրայի հազիվ հանձն առնեին մտնել դատարան և պաշտպանել Վարդևանին, իսկ Վարդևանին ո՞վ կտար այդքան գումար։ Գործն էլ այնքան չնչին գումարի էր, որ դրա համար ոչ ոք չէր զիջանիլ դատարան մտնել, թշնամություն ունենալ և հակառակություն ծագեցնել Գևորգ աղայի կամ մանավանդ նրա փաստաբանի հետ։

Վարդևանի վիշաը օրեցօր սաստկանում էր։ Գեդևոնը Կարսից չէր կարողանում ազատվել, իսկ խնամոնք, զայրացած այդ անտարբեր դանդաղկոտությունից, վեր առին և խեղճի նշանածին մի ուրիշի խոոսք տվին, որը խոստացել էր, իսկույն մի ամսից, նոր պսակին հարսանիք անել։ Այս բանը թեև ծածուկ էին ուզում պահել Վարդևանից նրա հին խնամիները, բայց ասած է՝ «Հալղի բերան-ջվալի բերան», ե՞րբ կպահվի այսպիսի գաղտնիքը։ Գարանը կանանցից ծածուկ լսել էր, վիրավորվել և բանը հայտնել էր ամուսնին։ Երկու ամուսիններ որքան խորհել էին, ճար չէին գտել, հնար չէին կարողացել մտածել, որ ազատեն իրենց հարսնացուին և իրենց այդ սպառնացող վտանգավոր խայտառակությունից։ Գեդևոնին էլ գրել էին, որ անմիջապես գործը թողնե ու գա, բայց թշվառ գործավորը ե՞րբ կարող էր դալ։

Ամբողջ ապրիլ, մայիս և հունիս ամիսներում բանել էր Գեդևոնը և ստակ չէր ստացել։ Պետք էր շարունակել գործը, որ կապալառուները փող ստանային գործարանից և վարձերը բաժանեին։ Հարկավոր էր ևս մի ամիս դիմանալ, հակառակ դեպքում, եթե թողներ ու հեռանար, այն ժամանակ չարատանջ բանվորը կզրկվեր ամբողջ երեք ամսի աշխատանքից, իսկ արդեն Կարսի բանվորների ամենալավ աշխատության օրերը գարնան վերջին ու ամռան սկզբի ամիսներն են, դրանից զրկվիլը սովի մատնվելու հետ հավասար է։

Թեև Վարդևանը անճարացած դիմել էր խնամիներին և բացատրություն պահանջել, բայց նրանք, առանց այլևս ծածկելու, բողոքել էին նրա ու որդու անտարբերությունից, անվախ հայտնել, պարզել ճշմարտությունը։ Շատ էր աշխատել համոզել խնամիներին մինչև աշուն սպասելու, բայց զուր, նրանք հարսանիքը բռնեցին գալստյան առաջի շաբթուն։ Հենց հարսանիքի օրը հրավիրված էր Վարդևանը քաղաք, Մեղրանց Գևորգ աղայի հետ դատը վարելու։ Իսկ Գևորգ աղան յուր որդուն ուղարկել էր գյուղ, որ քավոր լինի Վարդևանի հարսնացուին, որին հարս տանում էր վերջինի հակառակորդը, Գևորգ աղայի դրդմունքով և օժանդակությամբ։ Այս բանը ավելի սոսկալի կերպով ազդեց Վարդևանի վրա, և նա թեև մի քանի վկաներ տարած էր դատարան և ինքը նախապես լավ պատրաստված խոսելու ու պաշտպանվելու, բայց դատավորները անողոք գտնվեցան, նրանք չզիջան լսելու թշվառին, հարստահարվածին ու զրկվածին և վճռեցին, որ Վարդևանը վճարե տասներկու ոսկի Գևորգ աղային, տոկոսով և դատաստանական ծախսերով:

Վարդևան աղբար, մի՛ համառիլ, մի՛ հաստակողություն անիլ, արի, ինձ լռիր, և ես գործը կարգի բերեմ, ասում էր քեհյան փսրտալով մի գիշեր հովանոցում Վարդևանին, բոլոր ճիգը թափելով նրան համոզելու։ Դու որքան համառիս, որքան հակառակիս, պիտի քեզ վնասեն։ Դու խո գիտե՞ս, թե ինչ հաստատամիտն է Գևորգ աղան, որ միտքը դրեց, քեզ տնով-տեղով կփչացնե։ Դու արի ինձ լսի՛ր, վնասի կեսից ետ դառնալն էլ մեծ օգուտ է, արի արտերդ տանք ու պրծիր։ Ես այնպես կանեմ, որ էլի քու ձեռքը մնան հողերդ, էլի դու ցանիր ու քաղիր արտերդ…

Ծո անխի՛ղճ, անհոգի՛, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես խոսում… Նրա ուզածն ի՞նչ է, Գևորգ աղան ի՞նչ է երազում, մի՞թե նրա երևակայությունը գիշեր-ցերեկ իմ արտերի հետ չէ։ Ես իմ հողերս ծախեմ, այն էլ թշնամուս հանձնեմ։ Կտանիմ թուրքին կտամ, մեր Մանուկ աղային, շեյխին կտամ, թող մեր Շխնոցը շեյխին փայ դառնա, ես այդ անօրենին ոչ թե արտ, մի թիզ հող էլ չեմ տալ։ Արդեն շեյխը աչք ունի և ինձ քանի անգամ մարդ է ուղարկել։ Թե ծախեմ, շեյխին կտամ, թող դուրս գա Գևորգ աղայիդ աչքը և չտնկե խեղճ մշակի երկու օրավար հողի վրա։ Ես, կյանքս ողջ, արևս վրաս, գնամ ինձ Գևորգ աղայի՞դ ծախեմ, նրան մարաբա՞ դառնամ, մանր ու խոշորիս նրան ստրկությա՞ն մատնեմ… Դու, որ գնացել անձնատուր ես եղել, քառասուն հոգվով աշխատում եք և մի փոր կուշտ հաց չեք կարողանում ուտել, հերիք չէ՞: ուզում ես, որ ես է՞լ քու օրն ընկնեմ։ Թե՞ քեզ քեհյա է անել տվել, այդ բանից ուրախանում ես։ Ո՛չ, ո՛չ, ես փող կգտնեմ, ես նրա պարտքը կտա՛մ, ես իմ հողերս, քանի ողջ եմ, չե՛մ ծախիլ։ Իմ մահվանից հետո ինչ ուզում է թող լինի։ Ասա, ասա տեսնեմ, ահա՝ ինչքան ուզում ես փող վաստակիր, կարո՞ղ ես սրանից հետո քաղաքացուց ծախսածդ հողերը ետ առնել։ Թե կուզես տասն անգամ ավելացրու ծախսածդ գնից, տես քեզ մի բուռ հող ետ կտա՞ն։ Գյուղի մեջ որքան որ բերրի արտ, շնորքին մարդ կար՝ տիրեցին․ հայ, թուրք, բոլորի աչքը մեր հողերի վրա է, էլ մեկ անգամ ձեռքից հանելուց հետո ե՞րբ կարող ես նորից հողեր ձեռք բերել։ Մի քանի գյուղացի կան, որ ունին իրենց հողերը, բայց ե՞րբ կծախեն։ Անխղճություն չէ՞ նրանց հողին աչք տնկելը։ Չէ, քեհյա՛, ավելի լավ է, որ ես ինձ սպանեմ, ես իմ մանր ու խոշորին դնեմ դանակի տակ մորթեմ, քան թե մի թիզ հող ծախեմ։ Հող չկա, սահմանը քեզ հայտնի է, ամբողջ Սազում մի թիղ թաց հող չկա, իսկ մենք այս պապենական դաշտից չենք կարող դուրս գալ։ Հինգ ոսկով նա ինձ գերեց ու ստրկացրեց, հինգի փոխարեն տասնևհինգ լիրա է ստացել, տասնևհինգ լիրայի էլ ձեռքում վճիռքն առած, ուզում է տունս-տեղս բրիշակ անել, հողերս տիրել… Ո՛չ, ո՛չ, այդ թանը նա չի՛ տեսնիլ… Ես նրա փողերը կվճարեմ, կտամ, չեմ թույլ տալ, որ նա աճուրդի հանե իմ կալվածները…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Շխնոց"

Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Натюрморт
Натюрморт
Играть онлайн