Атрпет
Շխնոց
2
Վարդևանը հնար չուներ Գևորգ աղայի հրավերը լսելու Արզրում գնալու։ Ցանքի գործի ժամանակ էր, այդ օրերի աշխատության արդյունքով պիտի կերակրեր յուր ընտանիքը, պիտի պարտքերը, հարկերը տար և կարգի բերեր տնտեսությունը։ Դժվար էր, անտանելի մշակի դրությունը, փողի՝ կանխիկ դրամի, պակասությունը սպանում թողնում էր։ Դեռ լավ էր, որ Վարդևանի մեծ որդին` Գեդեոնը, Ղարսում հյուսնություն էր անում և տարեկան յոթ-ութը ոսկի էր ճամփում ծնողներին, որով վճարում էին պետական հարկերը, ապա թե ոչ սովամահ կկոտորվեր Վարդևանի ընտանիքը, և հարկահանը վաղուց կծախեր նրա անասունները, արտերն ու տունը, իրեն էլ երկար ժամանակ բանտերի խորշերում փտեցնելով։ Սոսկալի էր Վարդևանի վիճակը։ Ճշմարիտ է, որ նա բանտում չէր։ Սոված ու մերկ էլ չէր, ընտանիքն էլ ուրիշների դռները մուրալու աստիճանին չէր հասել, բայց առանց հառաչելու, առանց մորմոքալու ոչ հաց էր կարողանում ուտել և ոչ քնել անվրդով ու հանգստացնել տանջված մարմինը։ Ամբողջ տարին ցանում, գութնում, քաղում էր, կալսում, վազում, ձգվում, բայց և այնպես էլի կիսակուշտ, էլի կիսամերկ, էլի կարիքի մեջ խեղդված, էլի պարտատերերի ճանկում։ Գեդեոնը նշանված էր։ Երեք տարի էր սպասում էին խնամիները, որ կգնա Վարդևանը հարսին տանելու, բայց տարեցտարի հարսանիքը ետ էր ընկնում, մինչև իսկ Գեդեոնը չէր կարողանում Ղարսից վերադառնալ։ Աշխատանքը այնչափ քիչ էր, որ հարկերը ծածկելու հազիվ էր բավում, էլ ինչպե՞ս գար Ղարսից Արզրում , ծախսեր աներ, հարսին նվեր տար և կամ հարսնիք թռներ։
Գալարվում էին հոր ու մոր սրտերը, երբ մտածում էին, որ չեն կարողանում հարսը տուն բերել։ Ծնողական սիրուց ավելի տանջում էր ամոթը, այն միտքը, թե դուռ–դրացի ծիծաղում է նրանց վրա, որ չեն կարողանում հարսը իրենց շեմքից ներս գցել։ Ամեն տարի հույս էին դնում իրենց բերքի, կալի վրա, բայց կալի մեջ այնպես էր ցրվում, այնպիսի ավարի էր մատնվում նրանց հույսը, որ մնում էին շվարած ու ապշած։
Ցանքսերը շարունակվում էին։ Վարդևանը Մելքոնի հետ իրենց երկու լուծ արջառներով չէին կարողանում արտից ու հանդից դուրս գալ։ Անձրևն էլ կարծես թշնամի էր ընկել չարատանջ երկրագործին, բարակ մաղում էր, թրջում գետինը և ուժասպառում լղարած արջառներին ու տերերին։ Դանդաղ էր ընթանում նրանց գործը, մինչև ապրիլի քսանը, տասնհինգ օրվա մեջ հինգ օրավար տեղ (հավասար մոտավորապես հինգ դեսյատինի) հազիվ էին ցանել և տափնել։ Ունեին մի֊երկու օրավար տեղ ևս, բայց հուսահատվել Էին, չէին իմանում ցանել, թե թողնել… Բայց երբ կարող էր երկրագործը ձեռք քաշել հողից, մի օրավարը հաջող տարում տասնևհինգ սոմար (30 չետվերիկ) ցորեն կարող էր տալ, իսկ այդ բերքի գնով ոչ միայն պարտքերը, հարկերը, այլ մինչև անգամ նոր լծկանների կարող էին վճարել… Բայց ռանչպարի հույսը լոկ երազ էր մնում հաճախ և համարյա երկար տարիներում նա յուր ցանածի կրկնապատիկը, եռապատիկն էր հավաքել, որով հազիվ յուր անասունների կերն էր դուրս եկել և իր ընտանիքի սովամահ չլինելու չափ պարենը, իսկ հաջորդ տարվա ցանքսի սերմացուն միշտ կիսատ էր մնացել։
Այդ բոլորը աստծու պատիժն էին համարում, քանի որ ժամանակին անձրևից, կարկտից, չորությունից նեղվում էին ցանքսերը և կամ մորեխը, մանավանդ մուկը կտրատում ու փչացնում էին ռանչպարի դառն աշխատության պտուղը։ Բայց փորձված ծերուկները միշտ կրկնում էին. աղբա՛ր, առաջ էլ կային մորեխ, մուկ, առաջ էլ պատահում էին ամեն տեսակ փորձանքներ, բայց մենք մեկին տասը, գոնե ութը անպատճառ ժողովում էինք, դեռ չեմ ասում հաջող, բերրի տարիների մեկին տասներկուսն ու տասնհինգը, որին շատ ու շատ անգամ դիմավորել ենք։ Այս աստծու պատիժ չէ՛, աստված յուր ստեղծածին տառապանքի մեջ ինչի՞ պիտի թողնե, այս մեր խելքի պատիժն է, մեր անփորձության հետևանքն է։ Տասը-քսան տարի շարունակ ցանում ենք ու ցանում, առանց մտածելու, որ Երկիրը պառավել է, թուլացել է, պետք է նրան պարարտացնել, որ մենք էլ բերք ունենանք։ Տեսեք, լավ տեսեք գութնվար արտերը, խոպանից ետև ցանված հողերը կամ աղբով պարարտացրած հանդերը, բոլորն էլ կարգին բերք են տալիս: Եթե մենք երկար խոպան թողնենք կամ աղբենք, ինչի՞ պիտի առաջվա նման բերք չստանանք։ Պապերի ժամանակ հողը պարարտ էր, ուժեղ և միշտ չորրորդ տարին արտը խոպան էին թողնում, իսկ մենք, հողերս այնքան քչացել են, ոք ոչ միայն խոպան չենք թողնում, այլ մինչև անգամ չենք աշխատում աղբով պարարտացնել և մեջընդմեջ կտավատ, ոսպ և ուրիշ հատիկներ ցանել, որ հողը գիրանա։ Ամեն տարի ցորեն, գարի որ ցանենք, բերքն էլ նրա համեմատ կքաղենք։
Վարդևանը ցանում էր և մտածում, մտամոլորվում։ Հույսը անչափ մեծ էր սրտում և վստահաբար վարում էր գործը, վարում և երբեմն էլ վարանում, թուլանում, դառն մտքերի մեջ խորասուզվում։ Հապա թե հույսը չիրականանա՞ր, կարկուտը կամ մուկը նորից փշրեին նրա հույսե՞րը… Այո՛, ասում էր նա յուր մտքում, հողս շատ է հալից ընկել, պարարտության կարոտ է, բայց ինչո՞վ պարարտացնել… Աղբը իրեն կարևոր է, աղբով էլ շատ դժվար էր ութ-տասն օրավար հողը պարարտացնել, մանավանդ որ աղբն էլ տնտեսության մեջ յուր որոշ դերն էր կատարում, յուր տան վառելիք աթարն էր թխում, որից մի մասն էլ ծախում էր քաղաքացուն, ինչ-ինչ պետքերը հոգում… Արտը պարարտացնելով կարող էր ավելի վաստակել և տան վառելիքը գնել, բայց և այնպես հակառակ պարագան էլ կար. կարող էր մուկը ամենալավ արտն էլ ոչնչացնել, հետևաբար նա ձմեռը առանց վառելիքի կմնար… Իր անասունների աղբով նա չէր կարող ամբողջ յուր հողերը պարարտացնել, բայց եթե մեկը-երկուսը պարարտացներ, էլի մեծ օգնություն էր, միայն թե տատանվում էր, կասկածում էր։ Պապերը այդ բանը չէին արել, դրացիները չէին անում, ինքը աշխարհի առաջ ինչպե՞ս մինակ օրինակ դառնար և անհաջող դեպքում բացի զրկանքից և ծաղրի մատնվեր։
Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել։ Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշաի առաջացրած թմրությունից սթափվել։ Մելքոնը երբեմն երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո , հո , և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում։ Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մ՛ոռացել է անասուններին, ասաց․
Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կա¬ րողությունից ընկան։
Արձակե՛նք, արձակե՛նք, ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը։
Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ՝ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն։ Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր։
Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՛չ էլ մածուն։ Գարանն էլ չեկավ։
է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դա դրել եմ։ Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա։ Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն։
Հենց այղ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու՝ Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում։ Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները։ Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել ու դիտել: Վարդանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:
Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր,- ասաց Վարդանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:
Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՛ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:
Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…
Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեցաճաք արավ:
Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պատկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերացի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրան ընկերակցի մինչը իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդողալով.
Ապա՛ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…
Գնա՛, աղջի՛կս, գնա՛, շուտ էլ դարձեք, մի՛ մնաք: Մի վախենաք, գնացեք, աչքս ձեր ետևից է:
Երկու ընկերակիցներն արագ քայլելով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկերների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արաջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արոտի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի: Գիշեր էր անցել։ Վարդևանը արորը հազիվ մի քիչ կարգի էր բերել և Մելքոնին հանդի մեջ լծկանների քով թողած, եկել էր տուն հանգստանալու։ Փոշենման թոնը սփռվում էր, և դաշտերը ամեն կողմ թրջվել, խխմել, այնպես էին կակղել, որ ման գալն անհնար էր դարձել, մարդիկ քայլելիս մինչև ծնկները խրվում էին ցեխի մեջ։ Այնպես թանձր ամպերով էր պատել երկինքը, որ ոչ միայն ոչ մի աստղ չէր նկատվում, այլև խավարը կատարելապես տիրապետել էր, դաշտում ոչինչ չէր տեսնվում։ Շխնոցը անհայտացել էր մառախուղի մեջ և բացի շների երբեմն ակի տխուր ոռնոցից, ոչ մի շշուկ չէր լսվում։ Աղջամուղջը կարող էր կատարելապես հուսահատեցնել, եթե մարդիկ զարթուն և սթափման վիճակի մեջ նրանում գտնվեին, բայց քնի ժամանակ տպավորություն չէր կարող գործել այդ մառախուղը մարդկանց սրտերում։
Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները։ Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադարել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին։ Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ։ Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ։ Ձիավորները շատվոր չէին, լորս հոգի էին և բոլորն էլ զինված։ Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին։
Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը։ Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.
Վարդևան՛ն, Վարդևա՛ն, դուռը բաց։
Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը։ Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը՝ Գևորգ աղան էր։ Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակընկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին։
Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը։ Ո՛չ կաթ ուներ, ո՛չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը։ Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել։
Ձիերին յոնջա տո՛ւր,- ասաց ոստիկանը հրամայական եղանակով։
Յոնջա՞,- ասաց ապուշ-ապուշ Վարդևանը,- այս տարվան բքերն ու ցրտերը տունը երգ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ։
Խոտ բե՛ր,- ասաց վրդովված ոստիկանը։
«Ես ասում եմ, թե ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»։
Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք… Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում,- ասաց բորբոքված Գևորգ աղան։ Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ու՞մ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին։ Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն։
Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս… Հրամմեցե՛ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խոտանս լավ ծանո՞թ եք։ Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին…
Ծո՛, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս։ Արևս վկա՛, գլուխդ վկա՛, աղա՛, ինչի՞ ես անհավատացել:
Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:
Ւ՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:
Դրկիցից փոխ ա՛ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:
Այո՛, եթե լինի, եթե ունենան, ասաց Վարդևանը հառաչելով:
Ծո՛, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, ասաց Գևորգ աղան:
Չկա, չունին… Հավատա՛ խոսքիս։
Գնա՛, ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է։
Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին։ Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.
Էֆենդի՛, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ–քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչև փողիս վճարելը։ Հակառակ պարագայ՛ում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույն պես անշարժ կալվածները:
Դու անհոգ կաց, Գևորգ աղա՛, ես նրան մեղրամոմից փափկացնեմ:
Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՜նչ սերունդից են. որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը…
Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի…
Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր նել այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսներ։ Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք։
Դու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քու գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ։ Գրավականով մուրհակ չես ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ինչ ես ուզում։
Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ։ Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին։ Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուց հետո ասաց․
Քեզ կանչել եմ, քեհյա՛, որ վկա լինիս այստեղ։ Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին։ Թե՛ շարժական և թե՛ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ։ Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար։
Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՛ք այդ գործը մինչև լույս։ Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ։ Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ։
Այդ ես չգիտեմ, ասաց էֆենդին, եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ։ Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է հաշտվի…
Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում, ասաց քեհյան, որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա։ Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը։ Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու։ Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկից ի մոտ հողի հետ չհավասարվի։
- Չգիտեմ ինչ պատասխանեմ… Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է… Մի՞թե աստված չկա, խիղճ չկա,- ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց։
- Անխի՛ղճը, անաստվածը, դո՛ւ, դո՛ւ ես, ապերախտ, ասաց կատաղած Գևորգ աղան:- Փող ուզելու գալիս հրեշտակ եք դառնում, ողորմելի, անմեղ արարածներ, իսկ մենք երբ փողերս ետ պահանջելու լինենք, օձի նման աղուն ու թույնը բերաններդ, մոտենում եք մեզ խայթելու։ Մեղավոր եմ, որ փողս ետ եմ պահանջում, հանցավո՞ր եմ, երբ իրավունքս եմ պաշտպանում…
Փողդ պահանջելու իրավունք ունիս, քեզ բան ասող չկա, բայց պաշտոնյայով դուռս գալդ օջախս քանդեց, կրակս մարեց…
Ես տասնևհինգ օր առաջ աղբորս ուղարկեցի, քեզ կանչեցի քաղաք, բայց դու անտարբեր, մի պատասխան անգամ չճամփեցիր։
Ես խոստացա գալ, բայց ցանքից չպրծա։
Ո՛չ, ո՛չ, դու փախս ես տալիս, դու երեք տարի է ինձ մատի վրա խաղացնում ես, խաբխբում ես…
Ւ՞նչ երեք տարի, ի՞նչ խաբխբել, աշունքը քեզ մոտ չէի՞, որ երկու լիրա տվի, կալին ինձ մոտ չէի՞ր, որ երկու սոմար գարի տարիր. անցյալ գարնան մատակներս չծախեցի և քեզ չհանձնեցի՞ երեք լիրա։ Ախր, խի՛ղճ ունեցիր։ Հինգ լիրա հինգ տարի առաջ փող ես տվել, քանի տարի է վճարում եմ, տալիս եմ, չեմ պրծնում, հիմա էլ…
Անօրենի լեզվին աշե՛. խոսածն իմացիր և զրպարտությունները լսե… Թե մուրհակդ մոտս չլիներ, պիտի ուրանայիր և կուլ տայիր փողերս։ Երեք տարի առաջ տասներկու լիրա եմ տվել կանխիկ փողով, ահա՛, կարդա մուրհակդ…