Атрпет
Ժառանգներ
ԲԱԳ Է, Ը, Թ
Արդեն երրորդ կալոցն էլ անցել էր, Արտաշը երրորդ անգամ էլ յուր քանածներից պտուղը քաղել և ոսկեհատ ցորենը չցրել էր Ամիրխանենց փառավոր անցյալից մնացած ահագին ամբարները։ Նրա երկրագործության կպչելովը նորից կենդանացել էին Թեմրանի հանդերը։ Գյուղի մեջ մնացած ծեր, երեխա, կին, աղջիկ, բոլորը ձեռք-ձեոքի տված, իրար արտերը միասին հերկելով, վարելով թեթևացրել Էին գործը, անճարի, անօգնականի, որբի ու այրու հողերը մեռելությունից ազատվել էին, և Մամոն էլ, մի քանի անգամ փողով հաց գնելու պատճառով մասամբ խրատված լինելով, մեծ հսկողություն էր սահմանել ցանքերի վրա։ Հողերն էլ, մեկ-երկու տարի հանգստացած լինելով, լավ պարարտացել էին, այնպես որ մեկին երեսուն-քառասուն արդյունք էին տվել։ Բայց անօգուտ, պետական հարկերը, (խարջերը, վաշխառուների պարտքերն ու նրանց տոկոսները բեգին ու պտղին տալուց հետո դարձյալ չարատանջ գյուղացիներին մնացել էր կալի երդոտ ու որոմոտ տկուցքը, որից աղված, շաղված ու թխված դառը հացը, աղած ու թթված բանջարների հետ ուտելով պիտի մարեին, պիտի մարմռեին և գալ տարվա ընթացքում իրենց վիճակը ավելի բարեփոխվելու հույսով անցկացնեին ողջ ձմեռը։
Արտաշի դրությունը թեև փոխվել էր, նա Հասոյի և Սոնայի նախատինքներից և տմարդի հրամանները կատարելուց ազատվել էր, գործում էր յուր խելքի ուժով, առանց ուրիշների միջամտության, բայց դարձյալ կենսական վիճակը անփոփոխ էր մնացել։ Նա ոչ գիշերը հանգիստ ուներ և ոչ ցերեկը դադարում, տաժանակիր դատապարտյալի նման աշխատում էր օրական տասնութ֊քսան ժամ։ Նույն վիճակումն էր և Աննմանը, օր֊գիշեր անդադար կթում էր, մակարդում, հարում, քամում, եփում, թափում, լվանում, գործում և պառկած ժամանակն էլ անընդհատ աշխատությունից, հոգնածությունից և ձեռքերի, մատների մորթու ճեղքվածքների ցավից ու կսկծից նվաղում, թմրում էր։ Այնքան աշխատանքից հետո այնպես թուլացած էին լինում, որ ոչ ուտելու ժամանակ էին գտնում և ոչ էլ իրենց հագուստի, կապուստի մասին մըտածում։ Ոտքի վրա թե կարողանում էին, մի բան ուտում էին, թե ոչ, քաղցած լինելը չէին էլ հիշում, չէին էլ զգում։
Արտաշի աշխատության արդյունքներից, պետական և հասարակական հարկերը տալուց հետո Մամոն սերմն էլ վերցնում էր և մնացորդը երեք բաժին անելով, երկուսը որպես կալվածատեր ինքն էր վեր առնում և մի երրորդը նրան թողնում, որպես աշխատության մաս։ Արտաշը այդ երրորդ մասից պիտի զինվորական, կալվածական, անասնական, արդյունաբերական և մաքսային հարկերը տար, պիտի վարձ տար յուր հոտաղներին, մշակներին, ծառայողներին և հովիվներին. դրանց պիտի կերակրեր, հագցներ, տարին տասներկու ամիս պիտի յուր կողմից հարկ տար բեգին, նրա ծառայողներին, տերտերին, քեհյային, պտղին, աղքատին, այրուն և այլն։ Այն լիքը֊լիքը ամբարները, որ կալոցից հետո իսկույն լցվում էին և ժամանակավորապես ուրախացնում մատաղահաս մշակին, չանցած մի ամիս դատարկվում Էին, մինչև նոր ցանքն ուտելու էլ հաց չէր մնում, այնպես որ Արտաշը նոր ցանքին դարձյալ պարտավորված դիմում էր բեգին սերմացու խնդրելու։ Այդ Բոլորից հետո բեգը սարքել էր տվել նրա հյուրասենյակը ու պատահական հասարակ հյուրերին և անցնողներից շատերին ուղարկում էր նրա տունն իջևանելու և կերակրվելու..․
Արտաշը թեև ինքը միակ արու անհատն էր յուր տան, բայց չորս մարդու զինվորական հարկն էին պահանջում նրանից և առանց խոսեցնելու ստանում էին. մինը հորը համար, որը որպես խելագար կապկպված էր յուր շինել տված բանտում, Մամոյի սարայում, երկրորդը՝ հորեղբոր համար, որ վաղ ժամանակներից Կ. Պոլիս պանդխտության գնացած, ետ չէր դարձած և որի տեղը ոչ ոքի հայտնի չէր, մին էլ յուր կրտսեր մեռած եղբոր համար, որի անունը նեղություն չէին քաշում հարկապահանջները ջնջել ցուցակի միջից։ Նա վճարել էր երկու անգամ յուր հովվական տարիներում չվճարած հարկերը, բայց ստացականի մեջ պաշտոնականները միայն ներկա տարվա հարկը գրած լինելով, պարտավորվել էր երրորդ անգամ էլ տալու։
Անչափ էր Անթառամի փափագը յուր զավակներին տեսնելու, գգվելու և գրկվելու համար, բայց ներքինիին, հարեմի ծառայողներին և աղախիններին սաստիկ պատվիրված էր, որ լավ հսկեն, որպեսզի ո՛չ մայրը կարողանա հեռվից անգամ տեսնել յուր զավակներին և ո՛չ որդիքը՝ իրենց մորը։ Միևնույն գյուղի մեջ, իրարից մի հարյուր քայլ հեռավորությամբ, ապրում էին սարայի, կանանոցի բանտերում ծնողները, հայրենի ավերակներում՝ զավակները և իրար կարոտով տոչորվում, բայց հնար չէին կարողանում գտնել տեսնելու և հագեցնելու իրենց սրտի ջերմ ցանկությունները։ Միմիայն երբեմն-երբեմն երազներով այդ բաղձանքներին հասնում էին թշվառները, բայց կանանոցում Մամոյի ահարկու ձայնը, բանտապետի խրոխտալի աղաղակները, Սուլոյի, Հասոյի գյուղի մեջ գոռում-գոչյունները ընդհատում էին այդ երջանկալի ժամերը, սթափեցնելով քնից վշտաբեկ արարածներին․․․
Այդ հուսախաբ սթափությունից հետո կրկին սգի սև քողը պատում էր նրանց սրտին ու հոգուն և խորասուզում վշտի օվկիանոսում։ Բայց աննկարագրելի էր Անթառամի կսկիծը, նրա վշտի ահավորության չափը միայն կարող են երևակայել, ըմբռնել այն միակ որդեկորույս մայրերը, որոնց սիրասուն զավակները իրենց մատաղ հասակում ավարի են մատնվել և գերեվարվել անողորմ թշնամու ձեռքով հեռու աշխարհ։ Գորովասիրտ մայրը շատ հեռվից, ավելի երևակայությամբ, դիտում էր յուր դարաքաշ զավակներին, խուլ կերպով լսում էր նրանց վշտալի մրմունջներն ու ողբերը և ավելի բորբոքվում սրտի հատորների կարոտով։ Կարծես բավական չէր նրա ամենազգայուն սրտի համար յուր չարատանջ հարազատների տաժանելի վիճակը, բավական չէր սիրելիներից և սրտակիցներից անջատվելը և հարեմի պինդ որմերի մեջ բանտարկվելն ու մղկտալը, բավական չէր սիրելիների աղի արտասուքով աչքերը և արյունլվա վերքերը նկատելը, բավական չէր ամենայն օր անխիղճ բեռից կրած նախատինքները, նրա աղախինների, հարճերի և գերիների անարգանքներն ու արհամարհանքները, նրա համարյա թե ամեն օր լսելով նոր-նոր առևանգված և հարեմում գերեվարված փափկասուն և թուլասիրտ արարածների աղիողորմ վայն ու կոծը, ողբն ու աղաղակը, ցավից ու կսկծից մորմոքում էր և վշտի սաստկությունից խելաբժուժ եղած, հարբածի նման ընկնում էր յուր որջի մի անկյունը անշարժ և անզգա։
Անթառամը Մամոյի հարեմը գերի տարվելուց հետո թեև ամբողջ հինգ տարի էր անցել և ամեն մի տարին վշտաբեկ կնոջ համար դարից էլ ավելի էր երկարել, բայց նա Մամոյին կին չէր դարձել, նա նրան չէր հանձնվել, քրդի բոլոր ջանքերը զուր էին անցել։ Ո՛չ աղերսանքը, ո՛չ սպառնալիքը, ո՛չ փաղաքշանքը, ո՛չ նախանձը, ո՛չ ատելությունն ո՛ւ արհամարհանքը և ոչ էլ ժամանակը չէին կարողացել ընկճել հաստատամիտ և համառ հայ կնոջը, նա՝ մատակ առյուծի նման, չէ՛ր հպատակվել իրեն հափշտակող դահճին, թեև վերջինս սպառնացել էր մինչև անգամ սրախողխող անել նրա ձագերին։ Հուսահատ ջինգյանան չէր իմանում, թե ինչպես յուրացներ խստասիրտ տիկնոջը, որի անհաղթելի կամքը և անզուսպ կիրքը բորբոքում էր յուր սիրտը և անվերջ մտածմունքների ու կասկածանքների մեջ գցում։ Նա վախենում էր դիպչել Անթառամի կյանքին, կասկածելով, որ չշինի թե նրա մահվանից հետո ժառանգները դատ բանան և խլեն յուր ձեռքից հափշտակած կայքերը, որոնք կազմում էին յուր հարստության ամենահիմնավոր և ամենաբեղմնավոր մասը։
Մամոյի անվերջ մտածմունքներին զարհուրելի երազներն էին հաջորդում, որոնք սաստկացնում էին Մամոյի երկյուղը, որի ազդեցության տակ նա մի օր գլխատել տվեց Քյալաշին, որին ամբողջ հինգ տարի իբրև խելագար տանջել էր նրա շինել տված բանտի խորքերում։ Քյալաշ քեհյան յուր բանտարկության օրից հետո առանց տեսնելու երկնքի լույսը, առանց կրկին անգամ գրկելու յուր զավակներին, առանց մի անգամ էլ դիտելու Ամիրխանենց այն ահավոր կայքերը, որոնք յուրացնելու համար այնքան նեղություններ էր քաշել, առանց կրկին անգամ ձեռք բերելու քեհյայության մտրակը, որի համար այդ օրին էր արժանացել, մտել էր խավարի անդառնալի պետության սահմանները՝ փնտրելու յուր կրքերին զոհված նահատակներին…