Атрпет
Ժառանգներ
ՀՈՒՍԱՀԱՏ Ը
Արդեն ժամանակն անցել էր, շտապեցին, հագցրին թագավորներին և հարսներին, ճանապարհ ընկան եկեղեցի։ Մեծ թափոր էր գնում նրանց հետ։ Թեմրանի երիտասարդները, Արտաշի ու Ավագի ընկերակիցները զինված պտտվում էին հարսնևորների շուրջը, տաբանջաներն էին կրակում, ղարաբինաները դատարկում։
Մամո բեգի քուրդ լրտեսները, անցածի ու դարձածի մասին մանրամասն ամեն լուր հասցնում էին։ Վարդապետի գալը կատաղեցրել էր նրանց, Փրթոն մանավանդ անձի միսն էր ուտում, այս ու այն կողմը հրամաններ էր արձակում։
Իսկ հարսնևորները երգելով, պարելով, ծանր քայլերով առաջնորդում էին հարսներին ու թագավորներին դեպի եկեղեցի։ Դեռ երիտասարդներից շատերը կանգնեցնում էին տեղ-տեղ թափորը և դհոլի, զուռնի ածած եղանակներով հարսաղջիկների հետ կաքավում, ամուսնացողների պատվի համար։ Հասակավորները բոլորվում էին պարող երիտասարդների հունարը տեսնելու համար։ Ժողովուրդը կիսված էր, ծերունիները դեռ շարունակում էին հարսնետանը իրենց կերուխումը, իսկ երիտասարդները չէին ուզում անգամ հեռացնել իրենց հայացքները բախտավոր ամոլների վրայից։
Հասան եկեղեցի, վարդապետը կատարեց պսակը, և հարսնևորները ավելի ուրախ, սիրահարների թագերն ու պսակները տեսնելուն արժանացած, ավելի շատ տրամադրված, ավելի մեծ աղմուկով դուրս եկան եկեղեցու բակից։
Կրկին սկսեցին պարերն ու պարերգերը, կրկին դղրդացրեց գյուղը տաբանջաների ու ղարաբինաների որոտումները, որը ավելի սարսափ էր ձգում Մամո բեգի սրտում, կեցցեներն ու հուռաները թնդացնում էին օդը։. Կամաց-կամաց առաջ էր գնում հարսնևորների թափորը և ամեն քայլափոխին մի քանի երիտասարդներ ուտելիք, խմելիք և քաղցրեղեն էին բաժանում հանդիսականնրին ։
Թափորը դեռ չհասած Ամիրխանենց դռանը, հանկարծ Փրթոն յուր ձիավորների խմբով հարձակվեց հարսնևորների վրա, ճեղքեց հարս-աղջիկների դասը (մի քանի գնդակներ արձակեցին այնալու հրացաններից, շփոթություն տարածելով, ոտնատակ տալով մի քանի աղջիկների), վրա հասավ, մոտեցավ Արտաշեսին և սրով մի քանի թեթև հարված տալով անզեն թագավորին, խլեց, քաշեց, թարքն արավ Անահիտին, որն այդ ժամանակ փաթաթված էր Արտաշեսի վզովը, և հեռացան։ Մինչ այդ, Փրթոյի հրոսակները երեք աղջիկ էլ քաշել էին իրենց ձիաների գավակը և շրջապատվելով հիսուն-վաթսուն ձիավորով, հեռացել սրընթաց արաշավանքով։ Այդ միջոցին երիտասարդներն առանց շփոթվելու բոլորել էին Աննմանին ու Ավագին և նրանց պաշտպանել, գիտենալով, որ թշնամու հարձակումը միայն նրա համար էր։ Փրթոն կարծում էր, որ Արտաշեսի հետ գնացողը և նրան փաթաթվողը Աննմանն էր, այդ իսկ պատճառով նրա վրա էր հարձակվել։ Հարսանեկան թանձր քողի տակ խո չէ՞ր կարող զանազանել Անահիտին Աննմանից։ Մինչև ձիավորները շարժվեցին, ձիավորվեցին, արդեն ավարառուները բավական հեռացել էին գյուղից։
Մինչև Թեմրանցի երիտասարդների Փրթոյի խմբի ետևից հասնիլը սրանք կռվի էին բռնվել վարդապետի ձիավորների հետ և երկու կողմից արձակած հրացանների ձայնը հասնում էր Թեմրան։ Մինչև թեմրանցիների հասնիլը, Փրթոյի խումբը, արդեն քսանի չափ զոհ տալով, ետ էր փախչում։ Թեմրանցիք չկարողացան Փրթոյի խմբի կատաղի երիվարների անապարհը կտրել, նրանք սրարշավ դիմեցին Մամո բեգի ապարանքը։ Թեև հետևեցին թեմրանցիք սրանց և ճանապարհին քսանի չափ զոհ ևս ընկան, բայց Փրթոն հաջողությամբ ազատվեցավ, մտավ Մամոյի ապարանքը, ներս տանելով Անահիտին և երեք առևանգած աղջիկներին։
Կատաղել, առյուծ էր դարձել Արտաշեսը, չէին զսպվում առևանգված աղջիկների նշանածներն ու եղբայրները։ Ձիավորների խումբը եկավ, պաշարեց Մամոյի ապարանքը և գոռում-գոչումով իր հարազատներին պահանջեց։ Մամոն հրամայեց ներսից հրացաններով պատասխանել հարսնևորներին։ Հրացաններով էլ հարսնևորները նրանց պատասխանեցին, բայց Մամոյի սպասավորների հրացանները տապալում էին հարսնևորներին, իսկ վերջիններիս հրացանները փշրում էին միայն ապարանքի լուսամուտների ապակիները։
Մի խումբ տղերք Արտաշեսի հետ բահերով, գերաններով աշխատում էին փշրել ապարանքի դուռը, բայց Քյալաշ քեհյան այնպես պինդ էր շինել տվել, որ հեշտ չէր ջարդել։ Կես ժամ չանցած ողջ գյուղը հավաքվել էր ապարանքի շուրջը, մեծ աղմուկով, մեծ իրարանցումով դղրդացնում էին ապարանքը։ Մամոն, երկյուղից ապարանքի խորքերը քաշված, հրամայում էր գնդակներ տեղացնելով, կոտորել գյավուրներին։ Այդ միջոցին ժողովուրդը կատաղած գոռում էր. «Այրե՜լ սարայը», և սկսեցին, որքան որ հին դարման, խոտ կար գյուղում, հավաքել, բերել դիզել ապարանքի շուրջը։ Ամենից առաջ Մամո բեգի խոտերին կրակ տվին, հետո մյուսներին, այնպես որ քիչ ժամանակից ամբողջ ապարանքը շրջապատեց ծուխն ու բոցը, և կրակը կպավ շինության ներքին մասին։
Ապարանքը լողում էր բոցերի մեջ։ Կանանոցի մեջ ընկել էր վայնասունը։ Ձիերը խրխնջում էին իրենց ախոռում, գետինը դոփելով։ Արտաշեսը անընդհատ, մի քանի ընկերներով, աշխատում էր կոտորել դռները, բայց չէր հաջողում։ Հանկարծ քսանի չափ երիտասարդ քրդեր ներսից դռները բացին և այնալուն ձեռքերում կրակելով դուրս եկան։ Հենց առաջին հարվածով մի գնդակ հասցրեց Փրթոն Արտաշեսին, որն արդեն առաջուց սրի վերքերից արյունաքամ եղած և սաստիկ հոգնած լինելով, իսկույն ընկավ, գլորվեց թափկլտելով։ Անմիջապես մի գնդակով Ավագն էլ գլորեց Փրթոյին, որը նույնպես տեղն ու տեղը թավալվեց։ Դրանից ավելի կատաղեցին տղերքը և վրա հասնելով կտոր-կտոր արին քրդերին, ձեռքերից խլեցին զենքերը և մտան Մամո բեգի ապարանքը։
Կրակն արդեն ամեն կողմ տարածվել էր, կանանոցում թշվառ հարճերից շատերը խեղդվել էին։ Փրթոն դուրս գալուց առաջ տեսնելով, որ սխալված է եղել, Աննմանի փոխարեն Անահիտին է փախցրել, կատաղությունից սպանել էր թե՜ թշվառ կույսին և թե՜ հորը՝ Մամոյին, ու պատահած հարճերին։ Ապարանքի բոցերի մեջ մտնող ամբոխն սկսեց ավերել Մամոյի կայքը, ազատել թշվառ հարճերին գերությունից, քանդել արդեն բոցերի մեջ կոլոլված դղյակը։
Արդեն արշալույսը շողշողում Էր արևելքում, խավարն ու աղջամուղջը հետզհետե տեղի Էին տալիս լույսին, կործանվել Էր Մամոյի ապարանքը, և դադարել Էին սոսկալի բոցերը, մոխրակույտը թողնելով իրենց հետքից, երբ ներքին բանտից դողդողալով դուրս եկավ Անթառամը և որդու դիակի շուրջը խռնված ամբոխի մեջ մտնելով, փռվեց Արտաշեսի մարմնի վրա, հեկեկաց, համբուրեց ու մրմնջաց․
Դու քավեցիր հորդ մեղքը քու կյանքովը, որդի՛, դու ազատեցիր ինձ և քու սիրելի քրոջը անօրեն Մամոյի ճիրաններից։ Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծը ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ, որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը։
1898 թ․