Александр Ширванзаде
Զուր հույսեր
X - XI
X
Առավոտյան Մարիամը զարթնեց սովորականից ուշ։ Նա ավելի գունատվել էր, նրա աչքերի տակը մի քիչ կապտած էին, կոպերը ուռած։
Ո՞ւշ ես քնել գիշերը, հարցրեց Ռուբենը։
Այո։
Ինչո՞ ւ։
Կարդում էի։
Ռուբենը զգաց, որ Մարիամը ստում է, որ նա գիշերը անքուն է անցկացրել, և գիտեր, որ այդ առաջին անքնությունր չէր։ Ի՞նչ աներ, ինչո՞վ ամոքեր նրա վիրավորված սիրտը։ Խոսե՞լ Մելիք֊Բարսեդյանի հետ, բացատրությո՞ւն պահանջել։ Բայց արդյոք Մարիամը կտա՞ նրան իրավունք այդ մասին որևէ խոսք բանալու բժշկի հետ։ Ոչ երբեք. նրա խորին ինքնասիրությունը բնավ չի թույլ տալ այդ։
Սիրո փորձությունները տակավին չճաշակած երիտասարդը հարկավ, չէր կարող լիովին կշռել հագուրդ չստացած սրտի դառնության չափը։ Բայց նա սիրում էր Մարիամին եղբայրական անձնվեր, անսահման սիրով, և այսքանը բավական էր, որ քրոջ ամենաթեթև վիշտն անգամ սուր արձագանք գտներ նրա զգայուն սրտում։
«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», կրկնում էր նա մտքում ամեն անգամ, լսելով քրոջ լուռ, ծանր և սիրտ թափանցող հառաչանքները։
Այնինչ օր-օրի վրա էր անցնում։ Մելիք-Բարսեղյանը դարձյալ չէր երևում, Ռուբենը երբեմն պատահում էր նրան փողոցում, բարևում էր և անցնում։ Նա չէր կամենում մոտենալ բժշկին, գիտեր, որ սառնարյուն չի կարող նրա հետ խոսել, գիտեր, որ կամա թե ակամա պետք է արտահայտե նրա մոտ յուր սրտի ատելությունը։ Մի բան, որ նա տակավին չէր ուզում ցույց տալ։
Իսկ Մարիա՜մը. որքան ուզում էր չմտածել, որքան ուզում էր յուր վիշտը եթե ոչ մոռանալ, գեթ փոքր-ինչ մեղմացնել տնային գործերով և կարուձևի պարապմունքով, այնքան ավելի համառությամբ էին հալածում նրան անցյալ երջանկության հիշատակները։
Հոգյակս, դու հիվա՞նդ ես, հարցրեց մի անգամ կարուձևի վարժուհին, որ վաղուց արդեն նկատել էր յուր ընկերուհու խորին թախիծը։
Ինչի՞ց ես եզրակացնում, որ հիվանդ եմ։
Նրանից, որ դու ուշադրությունով չես աշխատում, որ ես քեզ բան եմ բացատրում, չես լսում, միշտ միտքդ ուրիշ տեղ է։ Այո, դու հիվանդ ես, բայց չգիտեմ ի՛նչ է հիվանդությունդ։
Մարիամի կրծքից ակամա մի հառաչանք դուրս թռավ և նա գլուխը թեքեց կրծքին տխուր ու տրտում։
Ես տեսնում եմ, հոգիս, որ դու մի վիշտ ունես, խոսեց դարձյալ վարժուհին և, ձեռը դնելով նրա ուսի վրա, շարունակեց. ամոթ չէ՞, որ ինձանից թաքցնում ես։ Մոռացե՞լ ես մեր ընկերական սերը։ Ասա՛, հոգիս, պատմի՛ր, ով գիտե, կարելի է մի բանով կարող եմ օգնել քեզ։ Ի՞նչ, դու, կարծես, ուզում ես արտասվել, հաա՜, այժմ համոզված եմ, որ քո վիշտը աղքատությունը չէ, մինչև որ չպատմես, ձեռք չեմ քաշի քեզանից։ Մարո, սիրելի Մարո, հայտնի՛ր սրտիդ ցավը քեզ սիրող ընկերուհուդ։ Էէէ, այդ չեղավ, դու փոխանակ խոսելու, լաց ես լինում...
Եվ իրավ Մարիամը չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Ընկերուհու անկեղծ կարեկցությունը շարժեց նրա սիրտը։ Նա, զգացված, ձեռները փաթաթեց վարժուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա և սկսեց հեկեկալ: Անցան առաջին վայրկյանները, նրա սիրտը փոքր-ինչ հանդարտվեց։ Նա արտասուքը սրբեց, նայեց ընկերուհու աչքերին և այլևս չկարողացավ թաքցնել այն, ինչ որ վաղուց մի հոգեկան պահանջ էր զգում պատմելու մի մտերիմ կնոջ և, ինչ որ ինքնասիրությունը մինչև այդ րոպե չէր թողնում պատմելու։ Ոչ մի խոսքով, ոչ մի թույլ ակնարկով նա դժգոհություն չհայտնեց Մելիք-Բարսեղյանի դեմ։ Նա բոլոր մեղադրանքը բարդեց յուր վրա, որ այնպես մոռացավ ինքն իրան, որ այնպես հափշտակվեց, և ահա այսօր այդքան տանջվում է։
Գիտես ինչ, սիրելիս, ասաց վարժուհին խորին կարեկցությամբ, լսելով ընկերուհու համառոտ պատմությունը, ես ինքս թեև չեմ սիրահարվել մինչև օրս, բայց զգում եմ քո դրությունդ։
Երանի քեզ, երանի, որ չես սիրահարվել, գոչեց Մարիամը դողդոջուն ձայնով, ա՛խ, որքա՜ն նախանձում եմ քեզ։
Նո՛ւ, նախանձելու բան, ասենք, չկա, ո՞վ էր ինձ սիրողը, որ ես էլ նրան սիրեի։ Իմ տգեղությունը ինձ ազատ է պահում այդ տեսակ փորձանքներից։
Վերջին խոսքերը արտասանելիս վարժուհին, զսպելով յուր հառաչանքը, ծիծաղեց, յուր ընկերուհուն զվարճացնելու համար։ Իսկապես նա արդարացի չէր յուր վերաբերմամբ. նա այնքան էլ տգեղ չէր, որքան վատաբանում էր ինքն իրան։ Հասակով Մարիամից քիչ ցածր, դեմքով գուցե ավելի գեղեցիկ էր, եթե անգութ ծաղիկը տասը տարի առաջ այդ գեղեցկությունը հավիտյան արատավորած չլիներ յուր խոշոր հետքերով։
Հանգստացիր սիրելիս, մխիթարում էր նա Մարիամին մայրական քնքշությամբ։ Պառավների խոսքով ասած, գրողը տանի այդ տղամարդերին։ Արժե՞ նրանց համար այդպես տանջվել, այն էլ քեզ նման սիրուն աղջկան։ Ո՞ւմ վրա ուշադրություն դարձնես, որ քեզ համար չի գժվի։ Եթե ինձ հարցնես, ես կասեմ՝ թող իսկի ոչ ոք էլ չսիրի քեզ։ Չե՞ս կարող առանց տղամարդի ապրել։ Աստված վկա, կարող ես։ Ինչո՞ւ ես ապրում եմ, և վճռել եմ ապրել մինչև մահ։ Գիտե՞ս ինչից է, որ դու այդքան տանջվում ես, որովհետև զրաղմունք չես ունեցել մինչև օրս։ Հապա, ինձ նման սիրիր աշխատանքը, տես կմոռանաս, թե չէ։
Սովորեցրու ինձ, սովորեցրու մոռանալ, Սաթենիկ, և ես կմոռանամ, արտասանեց Մարիամը հուզված, նայելով ընկերուհու աչքերին և նախանձով նրանց մեջ փայլող հոգեկան մխիթարիչ անդորրությանը։
Աչքիս վրա, բարեհաճիր նստել բանիդ։ Մարո, հավատացիր, աշխատանքից ավելի սիրելի բան չկա, մանավանդ երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղները։ Տե՜ս, այդ կոպտացած մատներս իմ սրտի ամենամեծ մխիթարիչներն են։ Արի վաղը առավոտյան ինձ մոտ, տանեմ քեզ իմ ուսումնարան, դու կտեսնես այնտեղ իմ խոսքերի ճշմարտությունը։ Տես, այնտեղ իմ փոքրիկ աշակերտուհիները ի՜նչպես են բանում, ի՜նչպես են աշխատում։ Անկեղծ եմ ասում, երբ նայում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ինչպես նրանց փոքրիկ ձեռները օրեցօր ավելի ու ավելի վարժվում են, մի հպարտություն եմ զգում, եռանդս ավելանում է։ «Ահա իմ աշխատանքի պտուղը, ասում եմ ինքս ինձ, այդ աղջիկները, այդ աղքատ ընտանիքների զավակները արհեստ են սովորում ինձանից։ Նրանցից ամեն մեկը ժամանակին կարող է յուր գլուխը պահել, ով գիտե, ծնողներին էլ պահել յուր ձեռքի աշխատանքով, ինչպես ես այժմ պահում եմ ինձ և երկու փոքրիկ քույրերիս»։ Մարո, երկու տարի շարունակ արտասահմանում ես լսել եմ իմ ուսուցիչներից. «սիրիր աշխատանքը, սիրիր, և դու միշտ բախտավոր կլինես»։ Այժմ տեսնում եմ, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը։ Այո, աշխատանքը կարող է մարդուս բախտավորեցնել։
Երանի թե ես էլ քո ճանապարհով գնացած լինեի, ասաց Մարիամը, հառաչելով: Դու քո բախտը խելքով ապահովեցիր, ես իմը թողի սրտիս կամքին։
Չէիր կարող ուրիշ կերպ անել, հոգիս։ Իմ ճանապարհով գնալու համար հարկավոր էր, որ դու ոչ գեղեցիկ լինեիր, ոչ հարուստ։ Հարստությունը և գեղեցկությունը ծուլացնում են մարդուն։ Հիշո՞ւմ ես, ինչպես ես ցավեցի, ինչքան հառաչեցի առաջին անգամ, երբ լսեցի, որ քեզ զրկել են ժառանգությունից։ Ես ցավում էի անկեղծ, որովհետև կարծում էի, որ հարստությունը քեզ համար կյանք է դարձել, որ առանց նրան դու դժբախտ ես։ Բայց երբ դու հաստատ մտքով ինձ ասացիր, թե ուզում ես հասարակ արհեստավոր դառնալ, ուրախացա։ Ես տեսա, որ հարստությունը քեզ չի փչացրել։ Այժմ ես ուրախ եմ, որ դու զրկվել ես քո օժիտից, բայց աստված ոչ անի, զրկվես քո մյուս օժիտից գեղեցկությունից։ Պահպանիր գեղեցկությունդ, պահպանիր և օրինակ դարձիր մյուսների համար, թե գեղեցիկ կինն էլ պիտի աշխատի, թե կնոջ զարդը միայն գեղեցկությունը չէ, ինչպես կարծում են թեթևամիտ մարդիկ։ Գիտե՞ս, ինձ շատերն են ասել, թե եթե ես տգեղ չլինեի, արհեստ չէի սովորիլ, կմտածեի միայն մարդու գնալու մասին։ Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալվում են...
Այստեղ Սաթենիկր լռեց և խաղաղ ժպտաց Մարիամի երեսին։ Եվ նրա ժպիտը արտահայտեց մի տեսակ մելամաղձություն. արդյո՞ք դա նրա անվերադարձնելի կերպով կորցրած գեղեցկության հիշատակը չէր։ Արագությամբ հետ դարձնելով յուր խոհուն ճակատի վրա սփռված սև գանգուր մազերը, վարժուհին, կարծես, այդպիսով վանեց յուր թախիծը և ավելի ոգևորված շարունակեց գովել աշխատանքը։
Մարիամր լսում էր նրան սիրով և հաճությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ որոնելով մի-մի սփոփանք յուր վշտացած սրտի համար։
Նա տուն վերադարձավ այդ օրը սովորականից ուշ։ Երկար ժամանակ Սաթենիկի խոսքերը հնչում էին նրա ականջում։ Սակայն վրա հասավ երեկոյան խավարը, և նա կրկին անձնատուր եղավ յուր սովորական անհաղթելի վշտերին։ Արդեն հոկտեմբերի վերջն էր, աշնան խոնավությանը տեղի էր տալիս մոտալուտ ձմեռվա ցրտերին։
Ռուբենի համար ավելի ու ավելի զգալի էր դառնում նյութական պակասությունը։ Հարկավոր էին մի քանի նախապատրաստություններ ձմեռվա համար, իսկ ամսական ռոճիկը նրանց առօրյա պիտույքներն անգամ չէր լրացնում։ Ռուբենը մասնավոր դասեր էր որոնում, բայց անհաջո՜ղ, տարվա միջոցը անհարմար էր, ամենքը խոստանում էին ամառվա սկզբին։ Եվ մի կողմից նյութականը, մյուս կողմից քրոջ բարոյական դրությունը, օրից-օր կրկնապատկում էին երիտասարդի հոգացողությունը։ Նա տեսնում էր, որ այդպես թողնել Մարիամին չի կարելի, որ մի կերպ պետք է վերջ դնել նրա վշտին։
Մարո, ասաց նա մի օր ճաշից հետո, արի այս երեկո թատրոն գնանք։ Մարիամը նախ զարմացավ, ապա նայեյով եղբոր աչքերին, գուշակեց նրա միտքը և կատակի ձևով պատասխանեց։
Գնանք, երևի փող շատ ունես գրպանումդ։
Ունեմ, ունեմ, այսօր ռոճիկս ստացել եմ։ Այսուհետև ավելի կունենամ, խոստացել են դասերս ավելացնել։ Բացի դրանից, անպատճառ մասնավոր դասեր էլ կգտնեմ։ Շուտով, շուտով մենք կապահովվենք նյութապես, ավելացրեց նա շինծու ոգևորությամբ։
Լավ, երբ կհարստանաս, այն ժամանակ զվարճության մասին էլ կմտածենք։ Իսկ այժմ իրավունք չունենք։
Իրավո՜ւնք, գոչեց Ռուբենը, ո՞վ է այդ իրավունքը մեզանից խլում։ Մարո, խնդրում եմ, աշխարհից բոլորովին մի կտրվիլ: Լավ չէ, քեզ համար մի քիչ զվարճություն անհրաժեշտ է։ Նայիր հայելիի մեջ, տանը փակված մնալով, տես ինչպես փոխվել ես։
Եվ նա շարունակեց համոզել։ Շռայլություն չէ ամսական գոնե մի երկու անգամ մի տեղ գնալը։ Ով աշխատում է, նա իրավունք ունե և՛ զվարճանալու։ Ինչո՞ւ փախչել հասարակությունից։ Նրա համար, որ առաջ հարուստ էին համարվում, այժմ աղքա՞տ են։
Եթե այդ է պատճառը, նախապաշարմունք է, սիրելի Մարո։ Աղքատությունը ամոթ բան չէ, ամոթ է աղքատությունից ամաչելը։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ծաղրելու: Իսկ եթե ծաղրողներ լինեն, միթե չե՞ս կարող այդպիսիներին արհամարհևլ։
Նա շատ լավ գիտեր, որ Մարիամի հասարակությունից փախուստ տալու պատճառը աղքատության զգացումը չէ, բայց շեշտելով այդ հանգամանքը, կամենում էր կպչել նրա ինքնասիրությանը։ Գիտեր, որ միայն այդպիսով կարող էր համոզել քրոջը:
Ես ոչ ոքից չեմ քաշվում մեր աղքատության պատճառով, պատասխանեց Մարիամը զգացված, խնդրում եմ այդ մասին այսուհետև չխոսես։
Որ այդպես է, թատրոն չենք գնալ, այլ մի ուրիշ տեղ։ Վաղը երեկոյան հայոց բալն է, ես շատ եմ ցանկանում մի անգամ մի տեղ տեսնել այստեղի հասարակությանը։ Գնա՜նք վաղը միասին։
Մարիամը գլուխը թեքեց կրծքին։ Նրա հոնքերը սեղմվեցին, ճակատը դարձյալ պատեց տխրության քողով։ Հիշեց նա, որ այդ երեկույթի կարգադրիչը Նատալիան է լինելու։ Գնա՞լ այնտեղ, ուր այդ գոռոզ արարածը, նրա անհաշտ հակառակորդը, յուր փքված մոր հետ պիտի փայլեն. ոչ, ոչ, նա չի կարող։ Սակայն նույն վայրկյանին նրա գլխում զարթնեց մի այլ միտք։ Անշուշտ Մելիք-Բարսեղյանը այնտեղ կլինի, անշուշտ նա չի արհամարհիլ մի այդպիսի հանդիսավոր երեկույթ։ Ի՞նչ կանի բժիշկը այդ երեկո, ո՞ւմ հետ կխոսի, ո՞ւմ հետ կզբոսնի, կամ գուցե կպարի։ Եվ զգում էր նա, որ չի կարողանում դիմանալ յուր սրտի ձգտմանը, որ հակառակ յուր կամքի, հիվանդոտ հետաքրրքրությունր մղում է նրան դեպի այնտեղ, ուր պետք է լիներ բժիշկը։ Այո, պետք է գնալ, պետք է տեսնել նրան։ Այդ երեկո վերջապես կվճռվի նրա բախտի խնդիրը։ Հասարակության մեջ մի թեթև վարմունք, մի որոշ շարժմունք անգամ կարող է դրականապես պարզել բժշկի հոգին։
«Այն ժամանակ ես կհամոզվեմ և կհանգստանամ», վճռեց Մարիամր։
Հետևյալ օրը դարձյալ տոն էր։ Ռուբենը օգնում էր Մարիամին տնային գործերում, երբ պատշգամբի վրա հանկարծ երևաց Հալաբյանը։ Ռուբենը չզարմացավ, բայց փոքր֊ինչ շփոթվեց։ Նա դուրս շտապեց հյուրին դիմավորելու և հարգանքով հրավիրեց ներս։
Ես եկել եմ հայտնելու, որ ձեր հորեղբոր գործերը հաջող են գնում, ասաց ամուրին, միանգամայն ընկերաբար թոթվելով երիտասարդի ձեռը։
Եվ իհարկե, ձեր շնորհիվ, ավելացրեց Ռուբենը, հրավիրելով նրան նստել, թույլ տվեք կրկին անգամ հայտնել շնորհակալությունս։
Ես երաշխավոր եղա, նրա երկու վեքսիլները փոխեցին մեկը վեց հազարի, մյուսը ութ հազարի, շարունակեց Հալաբյանը մի առանձին ինքնագոհությամբ։ Էգուց էլ մի քիչ փող կգտնեմ, կտամ, հետո էլ վախենալու բան չկա, ձեր հորեղբայրը կազատվի անպատվությունից։ Թող նա գա, ձեր ոտները համբուրի, դուք եք նրան ազատողը։
Արտասանելով այս խոսքերը մյուս սենյակում լսվելու չափ բարձր ձայնով, Հալաբյանը նայում էր աջ ու ձախ։ Պարզ էր, որ նա Մարիամին էր սպասում։
Դարձյալ Ռուբենը ոգևորվեց, դարձյալ Հալաբյանը նրա առաջ պատկերացավ իբրև մի ազնիվ, բարեսիրտ մարդ, յուր տեսակի մի ասպետ։ Մտքում նա մինչև անգամ մեղադրեց Մարիամին, որ այնքան ուշանում էր մի այդպիսի հյուրին ներկայանալու։ Թվում էր նրան, թե ամենաչնչին մի անուշադրություն չպետք է թույլ տալ այդ մարդու վերաբերմամբ, թե նա արժանի է ամենախորին հարգանքի, թե վերին աստիճանի անքաղաքավարություն կլինի չհարգել նրան, մի այդպիսի հազվագյուտ մարդու։ Ահա ինչու նա չկարողացավ զսպել իրան, անցավ մյուս սենյակ և Մարիամին խնդրեց շուտով դուրս գալ։
Ես չեմ կարող նրան երևալ, հակառակեց Մարիամը, դու զբաղեցրու, ես գործ ունեմ։
Անկարելի է, նա կկարծի, որ չես ուզում նրա երեսը տեսնել, ամոթ է Մարո, նա մեր հորեղբորը ազատել է խայտառակությունից, հասկանո՞ւմ ես։
Մարիամը ակամա հնազանդվեց եղբոր թախանձանքին, ակամա, որովհետև այլևս կասկած չուներ, որ Հալաբյանի այցելությունն աննպատակ չէ։ Նա փոխեց յուր վերնազգեստը և դուրս եկավ։
Վայրկենաբար ամուրիի հոգեկան տրամադրությունը փոխվեց։ Նա հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունը, շտապեց առաջ և հարգանքով սեղմելով օրիորդի ձեռը, արտասանեց.
Հուսով եմ, որ իմ այցելությունը հանդգնություն չեք համարիլ. մեր վաղուցվա ծանոթությունը ինձ իրավունք տվեց։ Առո՞ղջ եք։
Մարիամը գլուխը թեթև խոնարհեցրեց և նստեց սենյակի մի անկյունում։
Եկել եմ ձեր եղբորը հանդիմանելու, շարունակեց Հալաբյանը, ամեն օր տանս առաջով անցնում է, գոնե երկու օրը մի անգամ էլ չի մտնում։ Շատ ցավում եմ, որ բարեկամությունը որդուց-որդի ժառանգաբար չի անցնում, դարձավ նա Ռուբենին, եթե իմանայիք ձեր հայրը ինչքան էր սիրում ինձ, այդպես չէիք վարվիլ ինձ հետ։ Հանգուցյալը մի օր ինձ չտեսնելիս, տխրում էր։ Միշտ ինձ ասում էր. «ես քեզ սիրում եմ որդուս պես, որովհետև քո հանգուցյալ հայրդ ինձ սիրել է յուր որդու պես»։ Ախ, Գրիգորի Միրոնովիչ, ես երբեք չեմ մոռանալ քեզ։
Եվ նա վերջին խոսքերը այնպիսի զգացված ձայնով և խորհրդավոր եղանակով արտասանեց, որ կարելի էր կարծել, թե յուր հարազատ հոր մասին է խոսում։
Հոր հիշատակը դուրս հանեց Մարիամի կրծքի խորքից մի հառաչանք, որ նա, սակայն, շտապեց զսպել։
Հալաբյանը շարունակեց յուր խոսքը և հետզհետե մեկից մյուսին անցնելով, սկսեց խոսել յուր մասին։ Նա գանգատվեց, որ յուր օրերը տխուր են անցնում։ Կյանքը առհասարակ ձանձրալի բան է։ Նա բավական զզվել է հասարակությունից, չգիտե ինչպես հեռու ապրել նրանից։
Հետո նա շատ անփույթ կերպով ակնարկեց յուր հասարակական դիրքը, յուր հարստությունը, այն հարգանքը, որ վայելում է զանազան շրջաններում։ Եվ այս բոլորը նա յուր խոսակցության մեջ անցկացրեց մի այնպիսի վարպետությամբ օրինակներով և փաստերով, որ թվում էր, թե խոսում է լոկ խոսելու համար և էլ մի ուրիշ նպատակով։
Քանի մի րոպե Մարիամի կասկածը մեղմացավ, տեսնելով, որ Հալաբյանը խոսելիս ավելի Ռուբենին է դառնում, քան իրան։ Նա չգիտեր, որ այդ մի տեսակ քաղաքականություն է ամուրիի կողմից։ Նա հիմարություն համարեց յուր երկյուղը մի մարդուց, որ բացի բարեսիրտ և քաղաքավարի լինելուց, առայժմ ոչինչ չէ ցույց տալիս։ Նա մինչև անգամ սկսեց խոսել Հալաբյանի հետ։ Ռուբենը հաղորդել էր նրան մոսիո Վախվախյանի պատմած անցքը իշխան Սահարունիի մասին։
Էէէ, ոչինչ բան է, պատասխանեց Հալաբյանը օրիորդի հարցին, իշխանը մի փոքրիկ վեճ է ունեցել ձեր հորեղբոր պարտատերերից մեկի հետ, ուրիշ ոչինչ։
Անտանելի էր Հալաբյանի համար խոսել այն բաների մասին, որ չէին բխում նրա սրտից, որ չէին համապատասխանում նրա այժմյան զգացմունքներին։ Խոմ երկար թաքցնել չէ կարելի, խոմ, վերջապես պետք է պարզվի նրա միտքը։ Բայց ինչպես պարզել դիմե՞լ ուղղակի Մարիամին։ Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Եվ Հալաբյանր զգում էր, որ երբեք այդչափ քաջություն չի ունենալ։ Դիմել Ռուբենին։ Այդ ավելի դյուրին է։ Նա բարեսիրտ երիտասարդ է, խելոք է, ժամանակակից, ազատամիտ։ Նա է Մարիամի միակ մեծը և պաշտպանը, և նրա հետ կարելի է պարզ սրտով խոսել։
Մինչ նրա ուղեղը զբաղված էր այս խորհրդածություններով, լեզուն խոսում էր այլ բաների մասին, ժամանակը անցնում էր։ Նա չէր կամենում ձանձրացնել Մարիամին, պետք էր հրաժեշտ տալ, և նա ոտքի կանգնեց։
Ես միշտ տանն եմ լինում, որ ժամին էլ գաք, ուրախ կլինեմ, ասաց նա, կրկին և կրկին խնդրելով Ռուբենին այցելել իրան։
Նախքան դուրս գալը, նա մի հայացք ձգեց յուր շուրջը։ Մինչև այդ րոպե նա լավ ուշադրություն չէր դարձրել աղքատիկ բնակարանի անշուք կահ-կարասիի վրա։ Անսովոր չքավորությունը տարօրինակ ազդեցություն գործեց նրա վրա։ Նա և՛ ուրախ էր, և՛ խղճում էր Ռուբենին ու Մարիամին։ Ա՜խ, որպիսի հաճությամբ նա կօգներ, եթե իմանար, թե չի վիրավորիլ նրանց ինքնասիրությունը։ Նա չէր ուզում դուրս գալ, նա կամենում էր որևէ կերպով առաջարկել յուր օգնությունը Ռուբենին։ Հանկարծ մի միտք լուսավորեց նրա ուղեղը։ Մարիամը արդեն անցել էր յուր սենյակը, րոպեն հարմար էր։
Դուք ժամանակ ունե՞ք մասնավոր դասերով պարապելու, հարցրեց նա Ռուբենից։
Ինչու չէ։
Ես մի քրոջ որդի ունեմ, գիմնազիայի հինգերորդ դասատան աշակերտ է։ Դուք, երևի, նրա մեծ եղբայրներին ճանաչում եք։ Անկարգ տղերք են, ես գիտեմ, որ դուք նրանց չեք հավանիլ։ Բայց այդ մեկը, ամենից փոքրը, խելոք տղա է, ես միայն նրան եմ սիրում, ուզում եմ, որ մյուս եղբայրների նման կիսատ-պռատ ուսում չառնի։ Կհամաձայնե՞ք դասեր տալ նրան մինչև հարցաքննությունների ժամանակ։
Ռուբենը հաճությամբ հայտնեց յուր պատրաստակամությունը։
Նա ուրախացավ, որ մի բանով կարող է յուր հորեղբոր օգնողի բարության փոխարենը մասամբ հատուցանել։
Երբ որ հրամայեք, պատրաստ եմ։
Թե ժամանակ ունեք, հենց էգուցվանից սկսեցեք։ Գիտեք, ես ուզում եմ նրան մյուս եղբայրներից հեռացնել։ Նրան կբերեմ իմ տուն, դուք էլ տանս կպարապեք նրա հետ։ Պայմանների մասին չեմ խոսում, որքան կամենաք...
Առանց որևէ պայմանի, պարոն Հալաբյան, ընդհատեց Ռուբենը։ Դուք իմ հորեղբորս օգնելիս, պայման չառաջարկեցիք։
Լավ, լավ, էգուց եկեք, կխոսենք, շտապեց ավելացնել Հալաբյանը, վախենալով, որ մի գուցե Ռուբենը բոլորովին հրաժարվի։
Ամուրին հեռացավ մի փոքր թեթևացած սրտով։ Ախորժելի էր նրա համար ամեն կերպ պարտավորեցնել Ռուբենին և այդպիսով մասամբ բարոյապես կաշկանդել նրան։
Լսեցի՞ր, Մարո, դարձավ Ռուբենը Մարիամին, Հալաբյանին ճանապարհ դնելուց հետո, մտնելով քրոջ սենյակը, նա ինձ խնդրեց, որ յուր քրոջ որդու հետ պարապեմ: Ուրեմն ես մի փոքրիկ բանով պարտքս կթեթևացնեմ, այնպես որ…
Ռուբեն, ընդհատեց Մարիամը եղբոր խոսքը, այդ պարոն Հալաբյանը շատ լավ մարդ է, բարի է, բայց…
Բա՞յց։
Ես չեմ ուզում, որ նա մեզ այցելե։
Պատճա՞ռը։
Հենց այնպես, չեմ ուզում։
Ասա, Մարո, առանց պատճառի չի լինիլ, ասա, եթե մի բան կա։
Ի՞նչ կապ մեր և նրա մեջ, ասա խնդրեմ. նա հարուստ է, մենք աղքատ։
Նա հարուստ է, մենք աղքատ հետո՞, ա՞յդ է բոլորը։
Ես կարծում եմ այսքանն էլ բավական է, որ մնացյալը դու հասկանաս։ Ուրիշ ասելիք չունեմ։
Արտասանելով վերջին խոսքերը, Մարիամը հանդարտ վեր կացավ տեղից ու դուրս գնաց։ Ռուբենը զարմացած նայեց նրա հետևից, մի քանի վայրկյան մտածողության մեջ ընկավ։ Առաջին անգամ նրա սրտում ծագեց մի թույլ կասկած Հալաբյանի մասին։
«Քույրս ճշմարիտ է ասում, խոսեց նա մտքում, մեր և այդ հարուստ Հալաբյանի մեջ ի՞նչ կապ կարող է լինել: Ինչ կա՞պ… չէ՞ որ նա իմ հոր բարեկամն է։ Հետո՞։ Ոչ. Մարոն ճշմարիտ է ասում։ Մի՞թե ես այդքան պարզամիտ եմ։ Մի՞թե Հալաբյանի բարեկամությունը մի ուրիշ նպատակ ունե։ Ահա հենց այդ բանը պետք է իմանալ»…
Եվ ամբողջ օրը նա քրոջ խոսքերի ազդեցության տակ էր։ Որքան նա թախանձեց, որքան ստիպեց, Մարիամը այլևս ոչինչ չխոսեց այդ մասին, և միայն կրկնում էր.
Ինքդ մտածիր։
Հասկանում եմ, ասաց, վերջապես, Ռուբենը, այդպիսի մի մարդ, ինչպիսին Հալաբյանն է, եթե մի նպատակ ունե մեր վերաբերմամբ, այդ նպատակը ուրիշ ոչինչ չի կարող լինել, եթե ոչ... Նա ամուրի է և գուցե... Բայց, Մարո, ես այդ կողմից բոլորովին վախ չունեմ։ Դու անկախ ես... հասկանում ես, ոչ ոք, ոչ ոք չի կարող ճնշումն գործել քեզ վրա... հասկանո՞ւմ ես։ Գալով ինձ, երբեք, բացի եղբայրական խորհրդից, ոչինչ իրավունք մի՛ սպասիլ ինձանից։ Այո, ես հասկանում եմ միտքդ։ Բայց դու երեխա չես, իսկ ես միշտ ուժ կունենամ քեզ պաշտպանելու ամեն տեսակ քեզ համար անախորժ բաներից...
Ես այդ գիտեմ, Ռուբեն, արտասանեց Մարիամը, տեսնելով, որ եղբայրը հասկացել է յուր միտքը, շնորհակալ եմ։ Մի բան միայն խոսեմ. ես Հալաբյանի մասին վատ կարծիք չունեմ, բայց կրկնում եմ, նրա այցելությունը ինձ ճնշում է։ Իսկ դու ինքդ կարող ես նրա հետ բարեկամ մնալ։
Եթե այդպես է, ես այնպես կանեմ, որ նա երկրորդ անգամ այստեղ չգա, վճռեց Ռուբենը, վերջ տալով խոսակցությանը։
XI
Հասավ այն օրը, երբ պետք է փայլեր օրիորդ Նատալիան։ Երեկոյան ինը ժամն էր, Թիֆլիսի ժողովարանի ձմեռային բնակարանում տիրում էր մի անսովոր շարժում։ Իշխան Սահարունին ֆրակ և սպիտակ փողպատ հագած կարգադրություններ էր անում։ Հանդիսավոր հագնված սպասավորները մի անսովոր եռանդով կատարում էին նրա աջ ու ձախ սփռվող հրամանները։
Բազմաթիվ տոմսակները վաղօրոք տարածված էին հասարակության մեջ, հույս կար, որ բարեգործական երեկույթը պիտի բազմամարդ լինի։ Ժողովարանի հարյուրավոր մոմերով լուսավորված սենյակները մի առանձին շուք էին ստացել։ Գլխավոր դահլիճի մի ծայրը բռնված էր վիճակախաղի իրերով։ Մյուս ծայրում առանձին-առանձին կանգնած էին երեք տոմսակ վաճառող օրիորդներ, շրջապատված իրանց երկրպագու կավալերներով։
Երաժշտությունը վերնահարկից դղրդեցրեց դահլիճները: Հանդիսականները հետզհետե հավաքվում էին։ Նախասենյակում խռնված էր կոչված և անկոչ կարգադրիչների մի խումբ։ Այստեղ, մի անկյունում, տրոպիկական բույսերի տերևների միջից, երևում էր չորրորդ տոմսավաճառի գլուխը։ Սանդուղքից վեր բարձրացողին ուժով քաշում էին այդ օրիորդի մոտ և ստիպում տոմսակ վերցնել։
Մոտ տասը ժամն էր, երբ, վերջապես, երևեցավ Նատալիան մոր ուղեկցությամբ։
Նատո, այդպես չի կարելի ուշանալ, հանդիմանեց իշխանը շշնջյունով, ամենը քեզ են սպասում։
Սակայն Նատոն վատ էր տրամադրված, յուր քեռու նկատողությունը անուշադիր թողեց։ Մադամ Կուրաժոն խաբել էր նրա հույսը, նոր հագուստը դուր չէր եկել օրիորդին, որքան սպասում էր։ Նա հանդիմանել էր մադամին շատ կոպիտ խոսքերով, և վերջինը, ակնարկելով օրիորդի նիհարությունը, պատասխանել էր.
Մադմուազել, մեղավորը ձեր ցցված ոսկորներն են, կան բաներ, որ մոդիստկան չի կարող ուղղել։ Այնուամենայնիվ Նատալիան հագել էր յուր նոր հագուստը, որ կարված էր կաթնագույն նուրբ մետաքսից և զարդարված պարիզյան վոլանսե կրուժևաներով։ Նրա ուսերն ու թևերը կիսով չափ բաց էին։
Ճանապարհին մայրը նրան հորդորել էր, որ մոռանա տխուր անցքը, յուր դեմքին զվարթություն տա։ Բարձրանալով սանդուղքով վեր, նրա աչքերի մեջ փայլեց ինքնագոհություն, բարակ շրթունքների վրա տխրությունը տեղի տվեց սովորական գոռոզ ժպտին։ Նա մի կողմնակի հայացք ձգեց հայելիի մեջ, հագուստը այնքան էլ վատ չէր նստում, որքան կարծում էր։ Նա մի առանձին հաճություն զգաց, տեսնելով յուր պարանոցի կաշվի քնքշությունը, և մի անգամ ևս մտքում հայհոյեց մադամ Կուրաժոյին։ Ընդհանրապես նա տգեղ չէր, կային մարդիկ, որ մինչև անգամ շատ գեղեցիկ էին համարում նրան, գովելով նրա բարակ մեջքը, երեսի գույնը և թուխ-թուխ, թանձր հոնքերը։
Նա լսեց մի քանի կոմպլիմենտներ, նրան շրջապատեցին, նա զվարթացավ։ Հովհարի ծայրը, անգլիական պոլիսմենի ձևով, մոտեցրեց մի քանի ծանոթների, և ոմանք հետևեցին նրան՝ տոմսակ գնելու։
Դահլիճը հետզհետե լցվում էր, խուլ աղմուկը ավելի ու ավելի սաստկանում էր։
Հասարակության մեջ երևեցավ Ախշարումյանի սև և գեր պարանոցը։ Որկրամոլը առողջացել էր։ Պետք է ասած, որ մոսիո Վախվախյանը նրա հիվանդության լուրը մեծացրել էր, ինչպես սովոր էր փքել ամեն մի չնչին լուր։
Տասը-տասը ռուբլու ամեն մի արկղից ավել չեմ պահանջում, դիմեց նրան իշխանը, թևից բռնելով և քաշելով տոմսավաճառների մոտ։
Այդ բանում հավասարության օրենքին ես խիստ հակառակ եմ, ասաց Ախշարումյանը, ով ավելի գեղեցիկ է, նրա համար ավելի կզոհեմ։ Բարեգործությունն էլ ճաշակի բան է, ես փողերս նվիրում եմ կանանց և ոչ թե գործին։
Եվ նա յուր ճաշակի համաձայն դիմեց այն արկղին, որի մոտ կանգնած էր ամենագեղեցիկը տոմսավաճառ կանանցից։
Հասարակությունը Նատալիայի քեֆովը չէր։ Գերազանցող տարրը դարձյալ հասարակ վաճառականների ընտանիքներն էին։ Նա անհամբեր սպասում էր «արիստոկրատներին», առանձնապես կոմսուհի Նավալիխինային։ Նրա տրամադրությունը ավելի վատացավ, տեսնելով մի քանի «սյուրտուկավոր» երիտասարդներ, որ ինքնագլուխ, կոպիտ կերպով, քաշում էին սրան ու նրան և մոտեցնում տոմսավաճառներին։
Ովքե՞ր են այդ չուչելները, հարցրեց օրիորդը իշխանից։
Նորին պայծառափայլությունը հեգնաբար ժպտալով, պատասխանեց.
Մեր ազգասերները։
Որ մեջտեղ չընկնեն, լավ կլինի։
Այդ րոպեին տիկին Սոփիոն, Հալաբյանի թևից բռնած, մոտեցավ աղջկանը։ Մտնելով դահլիճ, տիկնոջ առաջին հույսը եղավ գտնել ամուրիին, երկրորդը՝ դիմավորել անվանի կոմսուհուն։ Միթե չե՞ք պարելու, որ դուք էլ սյուրտուկով եք եկել, հարցրեց Նատալիան դժկամությամբ։
Ո՛չ:
Զարմանալի է, կարծես, բոլորը երդվել են իմ բալս փչացնել այս երեկո։
Ինչո՞ւ, տոմսակները լավ են վաճառվում, ես կարծում եմ մեծ եկամուտ կունենաք։
Շատ հարկավորս է եկամուտը, իմն այն է, որ բալս ուրախ անցնի, շքեղ լինի։ Այդ սյուրտուկները ամեն բան տգեղացնում են։
Ամուրին շտապեց յուր բարեգործական տուրքը վճարելու տոմսավաճառներին։ Հետո նա, օգտվելով Սոփիոյի և Նատալիայի զբաղված դրությունից, հեռացավ և խառնվեց ամբոխին։ Մի քանի ժամ առաջ Ռուբենը նրա մոտ էր եղել, և նա վարպետությամբ իմացել էր, որ Մարիամն ևս երեկույթ է գալու։ Անցնելով մի դահլիճից մյուսը, ամեն տեղ աչք ածելով, նա չգտավ Մարիամին, և արդեն հուսահատվելու վրա էր, երբ մի անկյունում տեսավ Ռուբենին մի քանի երիտասարդների հետ։
Դուք միայնա՞կ եք եկել, հարցրեց նա, չկարողանալով զսպել յուր հետաքրքրությունը։
Մինչև Ռուբենի պատասխանելը, նա տեսավ Մարիամին։ Օրիորդը յուր վարժուհու հետ կանգնած խոսում էր։ Պատից քարշ արած մեծ կանթեղը առատ լույսը սփռել էր նրա վրա։ Եվ այդ լուսո ներքո նրա երեսի գունատությունը այնքան նկատելի չէր. աչքերի մեջ միայն փայլում էր մի տեսակ տենդային հուզմունք խառն մելամաղձոտության հետ։ Նա արագ-արագ հովհարում էր իրան, անդադար նայելով աջ ու ձախ անհամբեր հայացքով։ Նա հագած էր յուր բաց արճիճագույն մետաքսյա հագուստը, պարզ, առանց ավելորդ զարդարանքի։
Բարեբախտաբար Հալաբյանը կարուձևի վարժուհու հետ ծանոթ էր։ Նա բարևեց, կանգ առավ և սկսեց խոսակցել։ Մարիամը զգաց դարձյալ սովորական ճնշումը։ Թվում էր նրան, որ ամեն կողմից յուր վրա են նայում, որ ամենը իսկույն պիտի սկսեն նրա մասին խոսել, բամբասել։ Հալաբյանը հանեց գրպանից յուր վերցրած տոմսակները, որ դեռ չէր բաց արել: Նա կեսը տվեց վարժուհուն, կեսը Մարիամին և խնդրեց բաց անել: Բոլորը փուչ դուրս եկան։ Այդ անհաջողությունը գրգռեց նրա սնահավատությունը, որից նա զերծ չէր։ Նա հեռացավ և իսկույն վերադարձավ մի բուռն տոմսակներ ձեռին։ Այս անգամ Մարիամի բացածներից երկուսը նոմերով էին։
Ձեր ձեռքը բախտավոր է ինձ համար, ասաց Հալաբյանը խորհրդավոր եղանակով։
Նա այժմ ուրախ էր, որ պտույտ-պտույտ էր անում Մարիամի շուրջը, աշխատելով օրիորդի դեմքի վրա շարժել մի ժպիտ։ Բայց վերջինս լուռ էր և մտախոհ։
Հանկարծ Մարիամը մի ցնցում զգաց։ Մելիք-Բարսեղյանը անցնում էր նրա մոտով։ Տեսնելով Մարիամին, նա քաղաքավարությունից դրդված մոտեցավ, արտասանելով.
Դուք այստե՞ղ եք։
Բժիշկը ծանոթ էր Հալաբյանի հետ։
Մարիամի սիրտը ուժգին բաբախում էր։ Ինչ էր այդ երկյո՞ւղ, սե՞ր, ատելությո՞ւն, թե՞ հետաքրքրություն չգի՛տեր։ Զգում էր միայն, որ նա դարձյալ կաշկանդում է յուր կամքը, խլում է հաստատակամության վերջին ուժը։ Այն, ինչ որ մի րոպե առաջ համոզմունք էր, դարձյալ փոխվեց կասկածի։ Բժիշկը խոսում էր երեկույթի մասին։ Կրկին թույլ հույսի նման մի բան զարթնեց Մարիամի սրտում։ Միթե ամեն ինչ վերջացած է, մի՞թե։ Նրա համար ախորժելի էր հուսալ, և այդ հույսը նա ստանում էր բժշկի մի ամենաթույլ ժպտից, մի անորոշ հայացքից։ Նա զգում էր բուռն ցանկություն բժշկի հետ առանձնանալու։ Վախենում էր, որ մի գուցե նա թողնի իրան և հեռանա։ Պետք է նրա հետ խոսել, թող ինչ ուզում է լինի, անորոշությունը ծանր է, դառն է, անտանելի է։
Դուք չե՞ք պարելու, հարցեց Հալաբյանը Մելիք-Բարսեղյանից։
Ես շատ հազիվ եմ պարում։
Հալաբյանը դժգոհությունից կծեց ներքին շուրթը։ Նկատելով Մարիամի դեմքի փոփոխությունը, նրա սիրտն արդեն մի կասկած էր ընկել։ Արդյոք մի որևէ կապ կա՞ նրանց մեջ, մտածում էր ամուրին: Նա զննեց բժշկին, և մի նախանձ զարթնեց նրա սրտում։ Երիտասարդությունը, աշխույժ խոսակցությունը, «բժիշկ» կոչումը ահա այդ նախանձի առաջին պատճառը։ Նա սկսեց ատել բժշկին և մտածում էր ինչպես նրան հեռացնի Մարիամից։
Նրանց մոտով ծանր քայլերով անցավ տիկին Սոփիոն մի ինչ-որ վրացի իշխանի հետ։ Մարիամը երեսը մի կողմ դարձրեց։ Տիկինը, տեսնելով նրան Հալաբյանի հետ, մտքում գրգռվեց։ Նա որոնում էր ամուրիին, նրան մոտեցավ միայն բժիշկ: Երևեցավ և իշխան Սահարունին։ Մարիամը վարժուհու թևից բռնելով, հեռացավ, խույս տալով թե՛ իշխանից և թե Սոփիոյից։
Երկու խոսք ունեմ քեզ ասելու, ասաց իշխանը առնելով Հալաբյանի թևը։
Ի՞նչ ես ուզում ինձանից, պատասխանեց Հալաբյանը մի այնպիսի եղանակով, որ արտահայտեց նրա խորին դժկամությունը։
Դու անպատճառ պիտի պարես։
Ե՞ս։
Այո', դու։
Դու խելագարվել ես, իշխան. ես տասը տարի է չեմ պարում։
Իմ խաթրու պետք է պարես, թե չէ՝ էլ ինչ պռիկաշչիկ֊մռիկաշչիկ ասես մեջ են ընկել, ուզում են պարել։ Քրոջս աղջկա բալը փչացնում են, նա վրդովված է։ Ես արդեն մի քանի զույգ կազմել եմ, ուզում եմ, որ օրինավոր մարդիկ մեջտեղ մտնեն։ Կոմսուհի Նավալիխինան այստեղ է. ամոթ է։ Հալաբյանը մեծ դժվարությամբ կարողացավ ազատվել իշխանի ձեռքից և գնաց Մարիամին գտնելու։
Վիճակախաղը վերջացել էր, հատակի վրա սփռված էին պատռոտված տոմսակները։ Պարերը արդեն սկսվել էին։ Նատալիան վալս էր պտտում մի երիտասարդ սպայի հետ, որին նա համոզել էր պարերի կառավարիչ լինել։ Դահլիճը ծայրեիծայր լիքն էր։ Հանդիսականները, ըստ երևույթին, գոհ էին երեկույթից։ Միայն մի քանիսի դեմքերն էին տխուր, նրա՛նց, որոնք վիճակախաղի վրա կորցրել էին իրանց վերջին ռուբլիները։ Մի տիկին, դահլիճի մուտքի մոտ նստած, հաշվում էր երեկույթի եկամուտը։ Մի ուրիշ տիկին, հեռվից, նրան ծաղրում էր յուր խոսակիցների հետ։
Ես զարմանում եմ, ասում էր ծաղրողը, դեմքը ծռմռելով, այդ մարդիկ երևակայում են, որ գործ են շինում: Ընկել են բազարները, ինչ «խլամ» ասես հավաքել են, բերել մանրավաճառի խանութ բաց արել... Ֆի դո՜ն, ես զզվում եմ։
Եվ ի՞նչ հասարակություն են հավաքել, տեր աստված, ով որ ասես կա, հարեց նրա խոսակիցը։
Չէ, չէ, գլխավորն այն է, չեն ամաչում, գնացել են ու կոմսուհի Նավալիխինային հրավիրել, խի-խի-խիի՜։
Սուտ իշխանի աղջկանից կամ նախկին բազազի կնկանից ավելի բան սպասել չէր կարելի։
Այսպես, բամբասանքներին, արհամարհական ակնարկներին, ժպիտներին, կծու ակնարկություններին վերջ չկար։ Եվ ամենի ուշադրության կենտրոնը տիկին Սոփիոն էր յուր աղջկա հետ։
Նատալիան ստեպ-ստեպ մոտենում էր կոմսուհուն և զբաղեցնում նրան։ Ամեն ճիգ գործ էր դնում, որ բարձրաստիճան տիկինը գոհ լինի և գլխավորապես այդ բանի մեջ էր տեսնում երեկույթի հաջողությունը։ Տիկին Սոփիոն այնքան չէր զբաղված կոմսուհով, որքան Հալաբյանին յուր մոտ ունենալու մտքով։ Իսկ Հալաբյանր չկար, չէր երևում, և տիկինը կատաղությունից մատներն էր կրծոտում, զգալով, որ նա այս երեկո ևս ընկած է Մարիամի հետևից։
Դահլիճը թնդում էր երաժշտության փողերի ու թմբուկների հնչյուններից, պարողների ոտների տրոփյունից։ Մերթ ընդ մերթ լսվում էր պարագլուխ սպայի խրոխտ, բարձր ձայնը, որ ղեկավարում էր պարողներին։
Ձերդ պայծառափայլություն, կարծյոք, բավական զվարճալի է, այս, ներեցեք ասել, բա՜ալը դարձավ կոմսուհուն նրա ուղեկիցներից մեկը հեգնաբար։
Կոմսուհին ժպտաց։ Իրավունք ունեք, Պետր Աֆանասևիչ, արժեր տեսնել այս տարօրինակ հասարակությունը։
Աոանձին ուշադրության արժանի է այդ գեղեց…կու…հի… նե…րի… հագուստը, մանավանդ գրացիան, էֆ, էֆ, էֆ, մեջ մտավ երկրորդ ուղեկիցը և սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Պարոններ, զգույշ կացեք, մի՛ մոռանաք, որ մենք այստեղ հյուր ենք, սաստեց կոմսուհին շշնջյունով:
Իսկ կառավարչուհին, ֆո, ֆո, ֆո, հիանալի է։
Իսկ մա՜յրը։
Ռիստոկրատկա՜։
Խի խի խի, ծիծաղեց կոմսուհին, յուր կարմիր երեսը մեծ հովհարով ծածկելով։
Նատալիան պարում էր և, միևնույն ժամանակ, աչքը չէր հեռացնում կոմսուհուց։ Նկատելով վերջինի զվարթ ծիծաղը, մտքում ուրախացավ, որ բարձրապատիվ հյուրը այնքան զվարճանում է։
Երևակայեցեք, խոսեց դարձյալ կոմսուհու հանաքչին, այդ սև-սև դեմքերի մեջ ես տեսնում եմ, վերջապես, մի ոչ տգեղ երես։
Ո՞ւր է, ո՞ւր է։
Հանաքչին կոմսուհու ուշադրությունը դարձրեց Մարիամի վրա, որ այդ վայրկյանին անցնում էր նրանց մոտով միայնակ։ Նա գլուխը հավանորեն շարժեց։ Նույն պահին մոտեցավ նրան Նատալիան։
Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ համակրելի դեմքով օրիորդը, հարցրեց կոմսուհին։
Անզուսպ նախանձը վայրկենաբար պղտորեց Նատալիայի սիրտը, երբ տեսավ, որ կոմսուհու հավանածը Մարիամն է։ Նա պատասխանեց, թե չէ ճանաչում «այդ աղջկան»։
Մարիամը Ռուբենին էր որոնում։ Նա միայնակ անցավ սեղանատուն, ուր արդեն առանձին-առանձին սեղանների շուրջը նստած ընթրում էր հասարակության մի մասը։ Ռուբենը այստեղ չէր։ Մարիամը ետ դարձավ, և մեծ դահլիճ չհասած, տեսավ բժշկին, որ երկու երիտասարդ օրիորդների հետ-տաք-տաք խոսում էր։ Այդ երկուսից մեկը քաղաքի մի հարուստ ընտանիքի զավակ էր, հռչակված յուր խոշոր օժիտով։
Մարիամը չկարողացավ զսպել իրան, նրա արյունը սառավ երակներում, աչքերը պղտորվեցին։
«Ի՞նչ շուտ կարողացավ ծանոթանալ դրանց հետ», ասաց նա մտքում։ Բժշկի դեմքը արտահայտում էր խորին բավականություն, նա շատ ուրախ էր երևում։ Հոգով ցանկանում էր Մարիամը հեռանալ այդ չարագուշակ երեկույթից, ուր հետզհետե ավելանում էր նրա տանջանքը։ Բայց ի՞նչ անհաղթելի ուժ էր այն, որ դարձյալ մղում էր նրան դեպի այդ մարդը և որ տակավին ստիպում էր նրան հետամուտ լինել մի չքացող բախտի։ Կատաղի խանդը կրծում էր նրա սիրտը։ Նա չկարողացավ ոչ առաջ գնալ, ոչ ետ դառնալ։ Նա մնաց տեղն ու տեղը, աչքերը դարձրած դեպի այն կողմը, ուսկից լսվում էր բժշկի բարձրաձայն ծիծաղը։ Օրիորդները անցան դահլիճ։ Բժիշկը, մեջքից թեքված, հետևեց նրանց զվարճախոսելով, ծիծաղելով և աջ ու ձախ արտասանելով «վինովատ», «պարդոն», «ներողություն», ում ինչ լեզվով հարկավոր էր։
Մարիամը կանգնած էր միևնույն տեղում, մեջքը հենած սանդուղքի վանդակապատին։
Ի՞նչ է պատահել քեզ, լսեց նա եղբոր ձայնը, դու հոգնե՞լ ես արդեն։
Այո, հոգնել եմ, գնանք, գնանք այստեղից։
Ոչ, շատ վաղ է դեռ։ Կես ժամ է քեզ պտրում եմ, չեմ գտնում։ Գնանք դահլիճ, ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ ուսանողական ընկերների հետ։
Ոչ ոքի հետ չեմ ուզում ծանոթանալ։ Մի տեղ նստենք, քիչ հանգստանանք, գլուխս պտտում է։
Ուրեմն չե՞ս պարելու։
Ոչ:
Ռուբենը նրան ուղեկցեց ասիական ձևով կահավորված դահլիճը, ուր փափուկ գահավորակների վրա նստած էին խումբ֊խումբ հանդիսականներ։
Ախ, Մարո, եթե իմանայիր ինչպես էի վիճում մի կես ժամ առաջ իմ ընկերների հետ։ Տեր աստված, ի՜նչպես մարդիկ փոխվում են և ի՜նչպես շուտ։ Ես չեմ ճանաչում իմ նախկին ընկերներին, բոլորը փոխվել են, բոլորը մանրացել են, բոլորի խոսակցության նյութը այժմ կանայք են, իրանց պաշտոնները, իրանց զվարճությունը ուրիշ ոչինչ։ Որքան հիմար դրության մեջ դրեցի ինձ, խոսելով նրանց հետ այն առարկաների մասին, որ մեզ ոգևորում էին։ Դու պետք է լսես, թե ինչպես նրանք միմյանց ծաղրում են, քննում, քննադատում, բամբասում։ Ահա հենց այդ բանի մասին էի վիճում նրանց հետ մի փոքր առաջ։
Եղբայրը խոսում էր, քրոջ միտքը ո՞ւր էր։ Կրկին նրա աչքով ընկավ բժիշկը նույն օրիորդի հետ։
Գնանք տուն, Ռուբեն, ասաց նա, բռնելով եղբոր բազուկը, այստեղ սաստիկ տոթ է, ես խեղդվում եմ, գնանք։
Բայց դու այս երեկո բոլորովին չզվարճացար։ Ես ուզում եմ քեզ հետ մի քիչ պարել։ Մերժո՞ւմ ես։
Դարձյալ երևաց Հալաբյանը։ Ամբողջ մի ժամ մերթ իշխան Սահարունիի, մերթ տիկին Սոփիոյի և մերթ օրիորդ Նատալիայի ձեռքին տանջվելուց հետո, ամուրին, վերջապես ազատվել էր։
Արդյոք չէի՞ք կամենալ ընթրել, դիմեց նա Ռուբենին և Մարիամին։
Նա մերժումն ստացավ, և մինչ աշխատում էր համոզել, նրա թևից բռնեց Ախշարումյանը և քաշեց մի կողմ։
Բավական է, թող այդ հիմարություններդ, ասաց որկրամոլը, ի՞նչ ես ընկել այդ աղջկա հետևից։ Գնա՜նք ընթրելու։
Հալաբյանը կատաղեց։
Թողեք ինձ հանգիստ, ի սեր աստուծո, խեղդուկ ձայնով արտասանեց նա, յուր թևը ազատելով Ախշարումյանի ձեոից։
Գնա՛, դու գժվել ես։
Հալաբյանը հետ վերադարձավ։ Բայց Ռուբենն և Մարիամը չկային իրանց առաջվա տեղում։ Նա անցավ ասիական դահլիճին կից փոքրիկ սենյակը: Այստեղ ոչ ոք չերևաց։ Նա քայլերը ուղղել էր դեպի գլխավոր դահլիճը, երբ նրա ականջին հասավ մի շշնջման ձայն։ Նայեց դեպի սենյակի կիսալուսավոր անկյունը և մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա չէր սխալվում. դա Մարիամն էր, նստած գահավորակի վրա։ Իսկ մյո՞ւսը, բժիշկ Մելիք֊Բարսեղյանն էր։ Յուր եղբոր հետ հանդիպելով բժշկին այդ սենյակում, օրիորդը խնդրեց Ռուբենին թողնել իրանց մի քանի րոպե առանձին։ Նա վճռեց անել վերջին քայլը. նա կամեցավ բացատրություն պահանջել Մելիք-Բարտեղյանից։ Եվ ահա նրանք նստած էին դեմուդեմ...
Մի վայրկյան նրանք լուռ նայեցին միմյանց երեսին։ Մարիամի աչքերի մեջ փայլում էր մի հուսահատ վճռականություն։ Բժիշկը գուշակեց նրա միտքը։ Նա զգաց, որ արդեն հասել է բարոյական ճգնաժամը, որ դեմուդեմ նստած է մի անողոք դատավոր, որին պարտավոր է հաշիվ տալ յուր վարվողության մասին։ Նա շփոթվեց, նայեց աջ ու ձախ. ոչ ոք չէր երևում, բոլոր հանդիսականները կից դահլիճներումն էին։
Բժիշկ, ընդհատեց Մարիամը վայրկենական անախորժ լոությունը մի այնպիսի ձայնով, որի մեջ հազիվ զգացվում էր նրա հոգեկան խռովությունը, այսօր ես վճռեցի ձեզ հետ խոսել վերջին անգամ։ Հուսով եմ, որ չեք մերժիլ մի քանի րոպե ինձ նվիրել, մի քանի րոպե միայն, այնուհետև դուք ազատ եք։ Կարո՞ղ եք լսել։
Այստե՞ղ, պատասխանեց բժիշկը, շվարված աջ ու ձախ նայելով, այս հասարակական տեղո՞ւմ, Մարո, մեր խոսակցությունը, եթե գաղտնիք է, կարող են լսել։
Մի վախենաք, ոչ ոք չի լսիլ: Ես այստեղ ընտրեցի մեր բացատրության համար այն պատճառով, որ մենք այսուհետև ուրիշ ոչ մի տեղ չենք կարող տեսնվել... Երբե՛ք։ Միամիտ կացեք, մի կարծեք, որ ես ձեզ կանպատվեմ։ Ոչ, գիտեմ, որ դուք վախենում եք հասարակությունից։
Լսեցեք, ես ամեն բան զգում եմ, ավելորդ կլինի, եթե դուք սկսեք պարզել դեպի ինձ ձեր զգացմունքները։ Դուք ինձ չեք սիրում, ես գիտեմ ա՛յդ, գիտեմ այն էլ, որ երբեք, երբեք չեք սիրել ինձ: Բայց... ասացեք... ի՞նչ էր նշանակում ձեր այդ դառն կատակը ինձ հետ։ Պատասխանեցեք, ինչո՞ւ համար դուք այդպես վարվեցիք, ինչո՞ւ... Բժիշկը դարձյալ նայեց աջ ու ձախ։ Չնայելով, որ Մարիամը խոսում էր ցածր ձայնով, գրեթե շշնջյունով, բժիշկը այնուամենայնիվ կարծում էր, որ կարող են լսել նրա ասածը։ Օրիորդի արտաքին կեղծ սառնությունը նրան չէր խաբում։ Նա զգում էր նրա ներքին բուռն հոգեկան խռովությունը, զգում էր և վախենում մի գուցե խոսակցությունը շարունակելով, առիթ տա մի անախորժ տեսարանի։
Մարո, հաղորդեց նա մեղմ և փաղաքշական ձայնով, թո՛ղ, հետո կխոսենք այդ մասին։ Ես պատրաստ եմ քեզ բացատրություն տալ, բայց ոչ այստեղ։ Նայի՛ր, ավելացրեց նա, ցույց տալով դեպի մեծ դահլիճը, որի դռների մոտ երևում էին մի խումբ հանդիսականներ։
Մարիամը հեգնաբար ժպտաց։
Ինչի՞ցն եք վախենում, շարունակեց նա համառությամբ, որ ես աղմո՞ւկ կբարձրացնեմ այստեղ, որ ես կարտասվե՞մ, որ ես ձեր անունը խոսակցության և բամբասանքի առարկա՞ կդարձնեմ։ Չե՞ք ճանաչում ինձ, մոռացե՞լ եք… Ոչ, պատվելի բժիշկ, ես այդ չեմ անիլ, ես ինձ թույլ չեմ տալ մի երիտասարդ բժշկի, հա՛, հա՛, հա՛, պատիվը արատավորել։ Բայց ես պետք է ձեզանից հաշիվ ստանամ ձեր վարմունքի մասին, հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ, դուք կարծում էիք, որ գործ եք ունեցել մի խեղճ, մի ողորմելի, մի անլեզու աղջկա հետ, որ կարող է երեկվա ձեր վարմունքը այսօր մոռանա՞լ։ Հասկացեք, ուրեմն, ձեր առաջ նստած է մի չափահաս կին, որ ինքը կարող է յուր պատիվը պաշտպանել։ Տեսնո՞ւմ եք, այսօր, այս հասարակական տեղում, ես ամեն ինչ արհամարհելով, պահանջում եմ ձեզանից այն, ինչ որ իրավունք ունեմ պահանջելու։ Տվե՛ք ինձ պատասխան, ասացե՞ք, ի՞նչ իրավունք ունեիք կարծելու, որ ես փողով ինձ համար փեսացու առնողներից եմ։ Լռեցե՛ք… Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, խոմ ձեր հոգին այժմ ինձ համար պարզ է, խոմ դուք մի ծախու ապրանք եք… հը՞մ, դուր չէ՞ գալի՛ս ձեզ իմ ասածը։ Միթե ճի՞շտ չէ, միթե դուք ձեր անունը, ձեր երիտասարդությունը, ձեր կրթությունը, ձեր գաղափարները, ձեր պատիվն անգամ կշեռքի մի թաթի վրա չեք դրել, մյուս թաթի վրա ոսկի՜-ոսկի՜ եք կանչում. Չէ՞, այսպես չէ՞: Հերքեցեք, եթե սուտ եմ ասում, պաշտպանվեցեք, եթե ասածս զրպարտություն եք համարում, հերքեցեք, որ դուք... մի մի մի... բախտախնդիր չեք...
Քանի խոսում էր օրիորդը, հետզհետե կորցնում էր սառնությունր և նրա սրտի դառնությունը ավելի ու ավելի զգացվում էր աստիճանաբար հուզվող ձայնի ելևէջների մեջ։ Եվ նրա նիհարությունը, նրա դեմքի գունատությունը, նրա աչքերի հիվանդոտ փայլը սարսափեցնում էին բժշկին։ Նա ցնցվում էր օրիորդի ամեն մի խոսքից, նա անդադար նայում էր յուր շուրջը։ Վերջին խոսքը նրան բոլորովին զինաթափ արավ։ Նա ցանկանում էր, որ այդ րոպեին ներս մտնի մի ծանոթ մարդ և վերջ դնի այդ տագնապալի դրությանը։ Սակայն երաժշտության ձայնը դեռ լսվում էր, պարերը դեռ շարունակվում էին։ Երբեմն-երբեմն միայն մի հանդիսական մտնում էր սենյակի մի դռներով և իսկույն դուրս գալիս մյուս դռներով, ծուլորեն նայելով աջ ու ձախ և ուշադրություն անգամ չդարձնելով նրանց վրա։
Ախ, տեր աստված, փոխեց հանկարծ յուր ձայնը Մարիամը, վերջապես, չկարողանալով շարունակել յուր կեղծ սառնասրտությունը, ի՜նչ եմ ասում, որքա՜ն հիմար եմ ես։ Ո՞ւմ հետ եմ խոսում։ Ի՞նչ եմ պահանջում ես ձեզանից: Դուք լռում եք, դուք չափից դուրս շփոթված եք, դուք ուզում եք փախչել ինձանից։ Գնացեք, ավելացրեց նա, մի վայրկյան լռելուց հետո, ես չեմ կարողանում ձեզ հետ սառնասիրտ խոսել։ Թողեք ինձ, հեռացեք, դուք ազատ եք, այնտեղ ձեզ սպասում են... ուրիշները։
Նա թուլացած թիկն տվեց գահավորակին։ Նա զգում էր, որ ինքն էլ չգիտե ինչ է ասում, որ առհասարակ այն չի խոսում, ինչ որ հարկավոր էր խոսել։ Նրա դողդոջուն ձեռը ուժգնակի շարժում էր լայն հովհարը։ Նա զգաց օդի սաստիկ պակասություն, նրա շնչառությունը ծանրանում էր։
Չե՞ք կամենում դահլիճ անցնել, լսեց նա բժշկի ձայնը, և այդ ձայնը հնչեց նրա ականջին իբրև մի հանդուգն հեգնություն, իբրև մի սառն արհամարհանք։
Այլևս միանգամայն ավելորդ էր խոսել։ Նա ճիգն արավ և անսպասելի արագությամբ ոտքի կանգնեց։ Նա նայեց մի վայրկյան բժշկի երեսին և խեղդված ձայնով, գրեթե խուլ շշնջյունով արտասանեց.
Գնացեք ձեզ համար բախտ որոնեցեք, իսկ ե՜ս…
Նա ծածկեց երեսը հովհարով և քայլերը ուղղեց դեպի հակառակ կողմ: Երբ բժիշկը հեռացավ, նրա առաջ դուրս եկավ սենյակի կիսախավար անկյունից… Հալաբյանը։ Ամուրին հուզված էր, նրա աչքերի մեջ փայլում էր սաստիկ անհանգստություն։ Մարիամը նայեց նրա երեսին, և վայրկենաբար սթափվեց։
«Մի՞թե լսել է իմ ասածները», անցավ նրա մտքով։
Նա թույլ տվեց ամուրիին լուռ գնալու յուր մոտով։ Նա ամբողջ մարմնով դողում էր։
«Ի՜նչ ստորություն, ի՜նչ ստորություն, կրկնեց նա մտքում, ի՜նչ արի ես, ի՜նչ արի ես»։
Արդարև նոր միայն նա հասկացավ, որ միանգամայն արժանի էր յուր ինքնասիրությանը գրեթե ուժով բացատրություն պահանջել մի մարդուց, որ այնպես տմարդի կերպով խաբել էր նրա հույսերը։ Այժմ այլևս նրա համար գոյություն չուներ չքացած բախտի խնդիրը։ Զարթնեց նրա մեջ յուր բոլոր զորությամբ նսեմացած ինքնասիրության խայթող զգացմունքը։
«Ի՜նչ ստորություն, ի՜նչ ստորություն», կրկնում էր նա անդադար։
Նրան թվում էր, որ ոչ միայն բժշկի առաջ ինքն իրան ստորացրեց, այլև ամենի աչքում, որ ամբողջ հասարակությունը այժմ ծաղրում է նրան, ծիծաղում է, բամբասում է։ Նա չգիտեր ինչ է կատարվում յուր շուրջը, նա չէր հասկանում յուր հետ ընթացող Հալաբյանի ասածը, լսում էր միայն նրա խուլ, երերվող ձայնը։ Նա մտածում էր գտնել եղբորը շուտով և աննկատելի կերպով հեռանալ երեկույթից։
«Ի՛նչ արի ես, ի՛նչ արի, տեր աստված», շշնջացին այս անգամ լսելի ձայնով նրա շրթունքները։
Ի՞նչ ասացիք, հարցրեց Հալաբյանը, լսելով նրա ասածը։
Մարիամը մի քիչ սթափվեց։ Խնդրեմ եղբորս գտեք և ուղարկեցեք ինձ մոտ, ես այստեղ կսպասեմ:
Նա ուժասպառ, թուլացած նստեց ընդարձակ հյուրասենյակի մի կիսալուսավոր անկյունում։
Հալաբյանը տեղից չշարժվեց։ Չկարողանալով զսպել յուր բուռն հետաքրքրությունը, նա թաքնվել էր սենյակի մի անկյունում և ականջ դրել Մարիամի խոսակցությանը բժշկի հետ։ Օրիորդի մի քանի, անզգույշ կերպով բարձր արտասանված դարձվածները այլևս պարզեցին նրա համար մի չարագուշակ գաղտնիք։ Ուրեմն Մարիամը սիրում է այդ երիտասարդ բժշկին, իսկ նա... արհամարհում է։ Նա պատրաստ էր նույն րոպեին հարձակվել Մելիք-Բարսեղյանի վրա, տալ նրան մի խայտառակ ապտակ։ Նա կատաղած էր և՛ Մարիամի դեմ։ Ի՛նչ, մի երիտասարդ արհամարհում է նրան, և նա դեռ հետամուտ է լինում նրան։
Գտեք եղբորս, խնդրում եմ ձեզ, ասաց օրիորդը կրկին։
Հալաբյանը մեքենաբար շարժվեց տեղից և սկսեց աչք ածել յուր շուրջը։ Երեկույթը դեռ շարունակվում էր։ Պարերից հոգնած զույգերը անցուդարձ էին անում, ուրախ-ուրախ խոսակցելով։ Դահլիճը կիսով չափ դատարկվել էր։
Նրան մոտեցավ մոսիո Վախվախյանը և ասաց, թե իշխան Սահարանին կանչում է։ Նա ուշադրություն չդարձրեց, անցավ։
Վերջապես գտա քեզ, լսեց նա դահլիճում իշխանի ձայնը։ Նո՛ւ, գնանք, քեզ են սպասում։
Ինձ ոչ ոք չպիտի սպասի, ես գործ ունեմ։
Չի կարելի, դու մերոնց խոսք ես տվել միասին ընթրելու։
Նոր միայն ամուրին հիշեց, որ արդարև, յուր գլուխը ազատելու համար, ակամա խոսք էր տվել Նիկողայոսին։
Նա ուշադրություն չդարձրեց իշխանի վրա։ Նա դիմեց առաջ։ Այս անգամ նրան հանդիպեց տիկին Սոփիոն։
Ախ, պարոն Հալաբյան, ես ձեզ էի պտրում, ասաց տիկինը ուրախ-ուրախ։ Երևակայեցեք, կոմսուհի Նավալիխինան այնքան գովեց մեր բալը, այնքան գովեց, որ չգիտեմ... Փառք աստուծո, փառք աստուծո, շատ ուրախ եմ։ Դեհ, գնանք այժմ, Նիկողայոսը սպասում է…
Երևեցան և՛ օրիորդ Նատալիան ու Ախշարումյանը, ամուրիին շրջապատեցին։ Այլևս դժվար էր ազատվել նրանց ձեռքից։ Սակայն նա դարձյալ ներողություն խնդրեց, հեռացավ, ասելով, որ իսկույն կվերադառնա։ Նա Մարիամին չգտավ այնտեղ, ուր թողել էր։ Նա վազեց այս ու այն կողմ, անցավ նախագավիթ, և այստեղ տեսավ, որ օրիորդը եղբոր թևին հենած, սանդուղքով ցած է իջնում։ Նա ինքն իրան մոռացավ, և հրելով ճանապարհին պատահած հանդիսականներին, խելագարվածի պես հետևեց նրանց։
Դուք արդեն գնո՞ւմ եք:
Նա պատասխան չստացավ։ Իջնելով ցած, հանդերձարանում նա մի քիչ ուշքի եկավ, շփոթվեց ինքն յուր արածից։ Նա ձեռը մեկնեց Ռուբենին։ Երիտասարդը գունաթափված էր, աչքերի մեջ փայլում էր մի տեսակ, նրա բարի դեմքին անհամապատասխան, կատաղություն։ Պարզ էր, որ Մարիամը հաղորդել էր նրան բժշկի վարմունքը։ Դողդողացող ձեռներով նա պահեց քրոջ վերարկուն, հագցրեց, առավ նրա թևը և շտապեց դեպի դուրս։
Հեգ ամուրին մնաց բևեռված յուր տեղում։ Ընկճված, հուսահատված, նայեց Մարիամի հետևից։ Նա ծանր և ակամա քայլերով բարձրացավ վեր։ Նա զգում էր յուր շուրջը մի ամայություն, կարծես, Մարիամի գնալով նրա համար ամեն ինչ վերջացավ, կարծես, այլևս հավիտյան խորտակվեցին նրա հույսերը։ Սեղանատանը չհասած, նա հանդիպեց Մելիք-Բարսեղյանին, որ խոսում էր մի հարուստ և բավական ծեր դրամատիրոջ հետ։ Որքան ատելի թվաց նրան բժշկի լուրջ կերպարանքը։ Նա ձգեց նրա վրա մի սպառնողական, մի սուր հայացք։ Բժիշկը բարեկամաբար ժպտաց։ Այդ նրան ավելի կատաղեցրեց։ Նա համարում էր իրան վիրավորված, հաղթված և մինչև անգամ ստորացած մի նոր, մի տակավին անհայտ երիտասարդի առաջ։ Ինչպե՜ս, նա սիրե, նա այնքան եռանդով հետամուտ լինի մի օրիորդի, որից երես է դարձնում մի ինչ-որ կիսաքաղցած բժիշկ։ Էլ ո՜ւր մնացին Հալաբյանի անունը, դիրքը և հարստությանը։ «Նա ծիծաղում է ինձ վրա, նա ծաղրում է ինձ, ասաց նա մտքում, ես նրան ցույց կտամ, ցույց կտամ, թե ով եմ ես»...
Երբ մտավ սեղանատուն, ամուրիին այնպես թվաց, որ ամենը հեգնաբար ժպտացին, մանավանդ Ախշարումյանը և իշխան Սահարունին։ Նիկողայոսի խոնարհ հրավերով նա նստեց սեղանի մոտ, կասկածելի հայացքներ ձգելով բոլորի վրա։ Ամբողջ ընթրիքի ժամանակ նա լռեց, անուշադիր թողնելով Նիկողայոսի հաճոյախոսությունները, տիկին Սոփիոյի սիրալիր ակնարկությունները, օրիորդ Նատալիայի հաղթական հայացքները, իշխան Սահարունիի սրախոսությունները և Ախշարումյանի կատակները։ Նա վեր կացավ տեղից ամենից առաջ, բարևեց և պատճառ բերելով յուր գլխացավը, ներողություն խնդրեց ու հեռացավ։ Նրա հետևից վազեց իշխան Սահարունին։
Սիրելիս, շշնջաց իշխանը հեգնաբար, ես հիմար չեմ։
Ի՞նչ ես ուզում ասել։
Ասում եմ, ես հիմար չեմ։
Ես այդ գիտեմ. հետո՞։
Ուրեմն իմացիր, որ գլխացավիդ պատճառը ինձ հայտնի է։ Սպասիր, մի՛ շտապիր, երկու խոսք։ Զգույշ կաց, հասկանո՞ւմ ես, զգույշ կաց։ Քեզ նման մարդիկ չեն ընկնում, բայց ընկնելիս երկու ոտով են ընկնում թալաքի մեջ...
Խոսակցությունը տեղի ուներ նախասենյակի մի անկյունում, մոտիկ ոչ ոք չկար։ Հալաբյանը ապշած նայեց իշխանի երեսին, կարդալով նրա աչքերի մեջ մի չարամիտ բան։
Իբրև բարեկամ, խորհուրդ եմ տալիս, զգույշ կաց, կրկնեց իշխանը խորհրդավոր եղանակով։ Այո, զգույշ կաց, ձեռք մի՛ մեկնիլ ուրիշի պատառին, հասկանո՞ւմ ես, կարող ես մատներդ այրել և շատ վատ այրել։
Իշխան, ամոթ է, լռի՛ր։
Ես կլռեմ, բայց դու զգույշ կաց... Դե գնա, ուրիշ ասելիք չունեմ։
Իշխանը անհայտացավ։ Հալաբյանը մնաց տեղն ու տեղը անշարժ, արձանացած։ Այդ անորոշ խոսքերի մեջ նա զգաց շատ որոշ, շատ պարզ և շատ չարամիտ մի ակնարկություն։ Նա սարսափեց։
«Ուրիշի պատառի՞ն», արտասանեց նա, մեքենաբար, ձեռով շփելով ճակատը։ Նա չիմացավ, թե ինչպես ցած իջավ, ինչպես ծառան հագցրեց վերարկուն, և միայն երբ դուրս եկավ փողոց, երբ ձմեռային սառն օդը խփեց նրա ճակատին, սթափվեց փոքր-ինչ։ Այն ժամանակ նրա կրծքից մի ծանր հառաչանք դուրս թռավ, և նա արտասանեց.
Ես անբախտ եմ։