Александр Ширванзаде
Զուր հույսեր
V - VI
V
Երեք օր շարունակ Սադափյանների տանը տիրում էր մի անլուր խռովություն։ Տիկին Սոփիոն չէր խոսում ո՛չ Մարիամի և ո՜չ Ռուբենի հետ, կամ խոսում էր, երբ միայն անհրաժեշտ էր, ակամա, կոշտ եղանակով, առանց նրանց երեսին նայելու։
Չարակամությանը հանգիստ չէր թողնում։ Ի՞նչ, յուր սեփական տանը ամեն օր, ամեն ժամ աչքի առաջ ունենա մի կենդանի խոչընդոտ յուր դստեր բախտին, և կարողանա՞ սառնարյուն մնալ։ Պետք է դուրս վռնդել այդ աղջկան էլ ու նրա եղբորն էլ։ Այնպես վռնդել, որ նրանք իմանան, թե ինչ ասել է առանց հարուստ ազգականների օգնության ապրելը։ Այն ժամանակ Մարիամը այլևս չի հանդգնիլ յուր գլխից բարձր մարդկանց մասին երազել։
« Հա հա հա, դառն ծիծաղում էր տիկինը յուրովի, հարուստ մարդու կնիկ է ուզում լինել։ Դեռ կոտրատվում էլ է... Նիկոն էլ ասում է, թե նա չի հավանում Հալաբյանին... Չի հավանո՞ւմ, հա հա հա... ո՞ւմ, ո՞վ...»։ Վիրավորված էր և' Նատալիան, թեև պարզ չէր արտահայտում յուր սրտինը: Զգայուն և դյուրագրգիռ օրիորդը գեթ այնքան ինքնասեր էր, որ աշխատում էր թաքցնել յուր հոգեկան նվաստությունը: Բայց նախանձը կրծում էր նրա սիրտը, և ամեն անգամ յուր հակառակորդ համարածին հանդիպելիս, ակամա մի որևէ նշանով կամ դեմքի շարժումով մատնում էր իրան:
Մարիամը տեսնում էր այս խուլ թշնամական պայքարը յուր դեմ։ Եվ համբերում էր։ Ոչ մի խոսքով, ոչ մի նշանով նա չցույց տվեց յուր սրտի դառնությունը։ Ինչպես միշտ, նա հարգում էր տիկնոջը գեթ արտաքուստ, ինչպես միշտ, վարվում էր Նատալիայի հետ իբրև կրտսեր քույր։ Եվ չէր զգում, որ այսպիսով անգիտակցաբար արհամարհում է յուր հակառակորդի նախանձը, ուրեմն և ավելի գրգռում նրան, մանավանդ ընդունելով նրան իբրև իրանից մեծ։ Նա վեց տարով Նատալիայից փոքր էր. մի հասարակ տարբերություն, որի հետ վերջինը չէր ուզում հաշտվեր:
«Կարծես, բերանից կաթի հոտ է փչում, ասում էր մտքում Նատալիան, իրան անչափահաս աղջիկ է ձևացնում։ Հարցնող չկա ո՞րն է մեզնից դեմքով ավելի երիտասարդ»։
Առավոտ էր։ Մարիամը սովորական ժամին զարթնած, շորերը հագնում էր։ Երկու օրիորդների ննջարանները թեև առանձին էին, բայց միմյանց կից։ Շորերը հագնելուց հետո, Մարիամը հանկարծ անզգուշաբար կպավ յուր անկողնակալի մոտ դրած փոքրիկ և թեթև սեղանին։ Սեղանը ընկավ բաց հատակի վրա և աղմուկ հանեց։
Լիզա՛, Գաբո՛, չե՞ք թողնելու, որ մի քիչ քնեմ, ձայն տվեց յուր սենյակից Նատալիան բարկացած։
Մարիամը մոտեցավ միջին դռներին և ժպտալով ասաց.
Ես էի, Նատո, ների՛ր, Լիզան ու Գաբոն քնած են իրանց սենյակում։
Նատալիան արմունկը բարձին հենած, նայեց նրան արյունալի աչքերով։ Գրավիչ էր Մարիամը այդ վայրկյանին յուր տնային թեթև հագուստով, սակավ ինչ գունատ այտերով, ուսերի վրա սփռված կակուղ ալեծուփ մազերով: Եվ հենց այդ սիրունությունը ավելի գրգռեց յուր հակառակորդին։
Նատալիան գոռաց, և գոռաց այնպես, ինչպես մի բարի տիրուհի երբեք չի գոռում յուր աղախնի վրա.
Դուք միշտ այդպես եք, այ, ուրիշներին չեք թողնում քնելու, իսկ ինքներդ... Ախ, ատելի եք, գեղեցիկ օրիորդ, ատելի եք...
Եվ ատամները կրճտելով, գլուխն ավելի բարձրացրեց։ Կարծես, պատրաստ էր կատաղի կատվի պես վեր ցատկել և յուր սուր ճանկերով կպչել հակառակորդի կոկորդին։ Մարիամի այտերը և ականջների ծայրերը շառագունեցին ներքին հուզմունքից։ Նա երեսը հետ դարձրեց արհամարհանքով։
Նույն վայրկյանին Մարիամի սենյակին կից սենյակի սյամում երևեցան նախ Գաբոյի, ապա Լիզայի զարմացած և երկյուղած դեմքերը։
Շուտով դուք ինձ այս սենյակից կփախցնեք, գոչեց Նատալիան, նկատելով Մարիամի արհամարհական ժպիտը, կփախցնեք իմ հոր տնից։ Ես հանգստություն չունեմ այստեղ ձեր ձեռքից, գոռոզ օրիորդ...
Նրա ձայնին ներս եկավ աղախինը, հետո Սոփիոն։ Տեսարանը այլ կերպարանք ստացավ։ Հերթը տիկնոջն էր։
Լավ կլիներ, դարձավ նա Մարիամին, առանց նախապես գործի էությանը տեղեկանալու, որ մի քիչ խոնարհ պահեիր քեզ այս տանը։ Ի՞նչ կա էլի լույսը չբացված կռիվ ես սարքել։
Մարիամի աչքերի մեջ փայլեց արտասուքը։ Նա դողդոջուն ձայնով արտասանեց.
Կռիվ սարքողը ձեր աղջիկն է։
Նատալիան վերմակը մի կողմ շպրտեց և հերարձակ գլխով, կիսամերկ կրծքով նստեց անկողնի մեջ։
Այդ ի՞նչ ասել է, գոռաց նա խեղդուկ ձայնով, դու համարձակվում ես ինձ մեղադրե՞լ...
Եվ այնպիսի մի ճիչ արձակեց կրծքից, որ, կարծես, մեկը հանկարծակի նրան հնոցի մեջ ձգեց։ Հետո նա երեսը դրեց բարձին, սկսեց հեկեկալ, յուր սուր ատամներով կրծելով բարձի կտավը։
Տիկին Սոփիոն վազեց դուրս և քանի մի վայրկյան անցած, յուր ամուսնու թևից բռնած, քաշեց, ներս բերեց։
Տե՛ս, ողորմած մարդ, բարեգործ մարդ, մեր հացը ուրիշներին տվող մարդ, գոռում էր նա, յուր փոքրիկ աչքերի սուր բիբերից կայծեր թափելով, տես լավությանդ տեղ ի՞նչ են անում։
Նիկողայոսր չգիտեր ամաչեր, որ այդպես անժամանակ տեսնում էր իրան օրիորդների կացարանում, թե զարմանար։ Նա նայեց բարձրաձայն հեկեկող Նատալիային և հարցրեց.
Ի՞նչ է պատահել։
Մարիամը ամոթից երեսը ծածկեց երկու ձեռներով։
Այն է պատահել, պատասխանեց Սոփիոն, որ աղջկաս օրը սևացնում է քո եղբոր էդ, էդ, էդ… մեղա քեզ, տեր աստված…
Եվ դեպի Մարիամի կողմը մի վիրավորական խոսք շպրտելով, նա մոտեցավ Նատալիային, գրկեց, համբուրեց և սկսեց մխիթարել։
Ես ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, գոչեց Նիկողայոսր, գլուխը երերելով, և ականջները փակած դուրս գնաց։
Նույն օրը Մարիամը հակառակ յուր ցանկությանը, չկարողացավ հաղթել յուր սրտի դառնությանը և միևնույն սեղանի մոտ ճաշի նստել տիկին Սոփիոյի և Նատալիայի հետ։
Անախորժ անցքը անհայտ մնաց Ռուբենին։ Նրա սենյակը գտնվում էր Սադափյանների ընդարձակ բնակարանի ծայրում։ Դահլիճը, սեղանատունը, Նիկողայոսի առանձնարանը և նախագավթի պես մի լայն միջանցք այդ սենյակը անջատում էին օրիորդների ննջարաններից։
Ո՞րտեղ է Մարոն, հարցրեց Ռուբենր Լիզայից, երբ տեսավ, որ քույրը ճաշին չներկայացավ։
Յուր սենյակումն է, պատասխանեց Գաբոն, կանչեցի, չեկավ։ Ռուբենը ճաշը կիսատ թողեց, շտապեց յուր քրոջ մոտ։ Պատուհանի առաջ կանգնած, օրիորդը մտահույզ դեմքով նայում էր դեպի գավիթ։
Մարո՛, գոչեց եղբայրը և բռնեց նրա ձեռը։
Մարիամը մտքերից սթափվեց և հետ նայեց, ձեռով շփելով աչքերը։ Ռուբենը նրա կարմրած ալքերի մեջ նշմարեց արտասուքի թարմ հետքը։
Դու լա՞ց ես եղել, հարցրեց եղբայրը, ուղիղ նայելով նրա երեսին։
Ոչ:
Ինչո՞ւ չես ճաշում։
Ախորժակ չունեմ։
Մարո, գոչեց Ռուբենը, բաց թողնելով քրոջ ձեռը և մի քայլ հետ դնելով, դարձյալ ինձ խաբո՞ւմ ես։
Մարիամը խոր հոգոց հանեց կրծքից և ապա բռնելով եղբոր ձեռը, թախանձանքով ասաց.
Եթե ինձ սիրում ես, այժմ ոչինչ մի հարցնիլ, ոչինչ: Գնա ճաշդ վերջացրու և իրիկնադեմին սպասիր ինձ սենյակումդ։ Այնտեղ կխոսենք։
Ռուբենը ոչինչ չասաց, և ասելու բան չուներ։ Նա գուշակեց, որ դարձյալ վիրավորել են յուր քրոջ սիրտը։ Բայց նա արդեն յուր անելիքը վճռել էր պետք էր անշուշտ և անհապաղ դուրս գալ այդ տնից։
Արդեն հինգ օր էր, որ նա արտակարգ հոգնածության մեջ էր։ Արտասահման գնալու գաղափարը հետ մղեց յուր գլխում «առ ժամանակ»։ Տիկին Սոփիոյի պարզ արհամարհանքը, հորեղբոր անտարբեր վարմունքը, Մարիամի օրեցօր աճող թախիծը, այս բոլորը դրդում էին նրան՝ սեփական աշխատանքով ապրելու միջոցների մասին մտածել։
Միևնույն ժամանակ նա վճռեց յուր հոր թողած ժառանգության մասին վերջնապես բացատրություն խնդրել հորեղբորից: Արդյոք կա՞ մի բան, թե՞ ցնորք է այդ ժառանգությունը։ Մի՛ գուցե արդարև քույրը և ինքը ութ տարի շարունակ մի ավելորդ բեռն են եղել իրանց հորեղբոր ընտանիքի համար, նվաստ ձրիակերներ։ Ձրիակե՜ր... միայն հենց այդ բառը սարսափեցնում էր նրան և ձգում անհուն մտատանջության մեջ։
Սպասելով հարմար առիթի հորեղբոր հետ խոսելու, նա որոնում էր յուր համար մի պաշտոն։ Չորս օր շարունակ նա սրան նրան դիմեր, ոչ մի տեղ չգտավ մի հարմար պաշտոն։ Այն ժամանակ նա վճռեց նույնիսկ մի ամենահասարակ գործ հանձն առնել։ Վերջապես, մի դպրոցում նրան առաջարկեցին առժամանակ մի քանի դասեր, և նա ընդունեց։ Հենց միևնույն օրը քաղաքի աղքատիկ փողոցներից մեկում գտավ մի փոքրիկ բնակարան, երկու սենյակից բաղկացած։ Բայց պետք էր նախապես այս բոլորի մասին խոսել Մարիամի հետ, և նա մտադիր էր նույն օրը խոսել։
Ռուբենի դուրս գնալուց հետո, Մարիամի մոտ եկան Գաբոն և Լիզան ձեռներում մի-մի աման կերակուր։
Ինչո՞ւ ես լալիս, Մարո, ասաց Լիզան, Նատոն քեզ հետ կռվեց նրա՞ համար… Տեսա, տեսա, դու մեղավոր չես, Մարո, ես հայրիկին էլ ասացի, որ դու մեղավոր չես։
Եվ փոքրիկ աղջիկը ամանը դրեց սեղանի վրա, յուր փափուկ բազուկները փաթաթեց Մարիամի պարանոցին, այտերը մոտեցրեց նրա շրթունքներին։
Կե՛ր, Մարո, քաղցած մի՛ մնալ, ասաց Գաբոն, մաման լակեյին հրամայեց, որ քեզ համար ջոկ սեղան բաց անի, մենք չթողեցինք։ Այ, ինչ որ ուզում ես, ասա բերենք…
Մատաղ սրտերի անկեղծ սերը մխիթարեց Մարիամին, մեղմացրեց անախորժ դեպքի ծանր տպավորությունը, ջնջեց այն թեթև ոխը, որ վայրկենաբար զարթնել էր նրա սրտում յուր ոսոխների դեմ։
Իրիկնադեմին նա գնաց եղբոր սենյակը։ Դռներին չհասած, նա լսեց մի խոսակցության ձայն։ Ռուբենը միայնակ չէր։ Օրիորդը մի քանի վայրկյան կանգ առավ, ականջ դրեց։ Խոսում էր Ռուբենը։ Հանկարծ նա լսեց մի ծանոթ ծիծաղ, և սիրտը սկսեց բաբախել։ Նա մոռացավ յուր մտքերը, արյան մի ուժգին հոսանք խաղաց նրա երակների մեջ։ Քունքերի վրա նա զգաց մի այրող տաքություն։ Զգաց նույնպես, որ այտերը կարմրեցին։
Նա անգիտակցաբար մի բանի քայլ հետ դրեց։ Քանի մի վայրկյան տատանվեց ներս մտնել թե՞ վերադառնալ։ Ծանոթ ձայնը կրկին հնչեց նրա ականջին։ Նա ուղղեց յուր հագուստը, կարգի բերեց գլխի մազերը, ձեռը սեղմեց ձախ կրծքին։ Այնտեղ, որսված ճնճղուկի պես, թրթռում էր նրա սիրտը։
Նա դռները բաց արավ և ներս մտավ։
Ռուբենը նստած էր բազկաթոռի վրա, արմունկը հենած գրասեղանին։ Նրա առաջ անցուդարձ էր անում նա, որի ձայնը այնքան հուզմունք պատճառեց Մարիամին։ Սեղանի վրա վառվող կանթեղը լուսավորում էր քսան ու յոթ, քսանութ տարեկան մի պնդակազմ միջահասակ երիտասարդի լայն ճակատը, թուխ երեսի բավական խոշոր գծերը, կարճ և ցանցառ միրուքը։ Ոսկե շրջանակով պենսնեն թույլ չէր տալիս որոշելու նրա աչքերի գույնը։ Նա հագած էր ժամանակակից ձևի կարճ, սև սյուրտուկ, մուգ-մոխրագույն վարտիկ և սրածայր կոշիկներ։
Տեսնելով Մարիամին, երիտասարդը արագորեն ձեռները դուրս բերեց գրպանից։ Ուրախության ժպիտը երևան հանեց նրա խոշոր, սպիտակ ատամների շարքերը։
Հուսով եմ ներողամիտ կլինեք, որ այսպես անժամանակ եք տեսնում ինձ այստեղ, ասաց երիտասարդը, մեջքից խոնարհ թեքվելով, և բռնելով օրիորդի աջը, ավելացրեց. առո՞ղջ եք.
Շնորհակալ եմ, ե՞րբ եք եկել, հարցրեց Մարիամը, դարձյալ կարմրելով։
Այսօր առավոտյան և շատ բարևներ եմ բերել ձեր մորաքրոջ կողմից, օրիորդ Մարգարտից, Արշակից և ամբողջ ընտանիքից։
Նրանք դեռ Դիլիջանո՞ւմն են։
Ոչ։ Երեկ միասին ուղևորվեցինք նրանք Երևան, ես Թիֆլիս։
Ուրեմն...
Այո, ընդհատեց երիտասարդը, գուշակելով օրիորդի հարցը, վճռեցի տեղափոխվել այստեղ և մշտական մնալ:
Մարիամը հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունր, լսելով երիտասարդի վերջին խոսքերը։ Այս րոպեին, շարունակեց երիտասարդը, Ռուբենի հետ հենց այդ մասին էինք վիճում, երր դուք ներս մտաք։ Երևակայեցեք, օրիորդ, ձեր եղբոր կարծիքով, ես չափազանց սխալվում եմ, Թիֆլիսը գավառից գերադասելով: Նա ասում է, թե ես պիտի մնայի Երևանում…
Վերջին դարձվածը արտասանելիս երիտասարդը ակնոցի բաց-ծխագույն ապակիների միջով աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Եվ, կարծես, այդ սուր հայացքից խուսափելով, օրիորդը անցավ սենյակի կիսալուսավոր մի անկյունը, նստեց պատի տակ։ Այստեղ նրա այլայլվիլը մասամբ աննկատելի կարող էր մնալ Ռուբենից։
Երբեք ես չեմ ափսոսել իմ կատարած գործերի մասին, դարձավ երիտասարդը Ռուբենին, հույս ունիմ, որ այս անգամ էլ չեմ ափսոսիլ։ Ինքդ դատի՛ր, Պետերբուրգից հետո գնալ և մի գյուղաքաղաքում ապրել շատ և շատ անտանելի է։ Ես այդ զգացի ութ ամիս Երևանում մնալով: Անհնարին է այնտեղ ապրելը, կրթված մարդը կարող է բոլորովին խեղդվել լուսավոր օդի պակասությունից։
Իսկ այստեղ դու կխեղդվես այդ օդի շատությունից, շեշտեց Ռուբենը հեգնաբար, նեխված, ապականված օդի…
Ես չեմ հասկանում քո ասածը, արտասանեց երիտասարդը և նույն վայրկյանին պենսնեն վերցնելով, երևան հանեց հաստոսկր կամարների տակ տեղավորված բաց-մեխակագույն, փոքրիկ, սակավ ինչ ցավագար, բայց սուր և խելացի աչքերը։
Շատ պարզ է։ Դու իբրև բժիշկ, ստիպված կլինես մրցել անթիվ արհեստակիցներիդ հետ։ Մելիք-Բարսեղյանը այսպես էր երիտասարդի ազգանունը կես-ներողամտաբար և կես-հեգնաբար ծիծաղեց, հանդարտ ուղղելով յուր նոր շապկի փայլուն օձիքը։
Տեսնո՞ւմ եք, օրիորդ, ասաց նա Մարիամին, որ լուռ և հետաքրքրված լսում էր երկու երիտասարդների վիճաբանությունը, ձեր եղբայրը ինձ ուզում է հուսահատեցնել։ Գիտես ի՜նչ, դարձավ նա Ռուբենին, մրցումից վախեցողը չպիտի համարձակվի կյանքի ասպարեզ մտնել։ Ես... երբեք այդ երկյուղը չեմ ունեցել։ Ի՞նչ մրցումն կարող է լինել իմ և իմ արհեստակիցներիս մեջ։ Գիտությա՞ն, թե՞ արհեստի։ Եթե գիտության, այդ շատ ցանկալի է և օգտավետ ինձ համար։ Եթե արհեստի, այն ժամանակ ես միայն մի զենք կունենամ բարեխղճություն։
Մելիք-Բարսեղյանը դարձյալ նայեց Մարիամին, և նրա սուր աչքերը վերջինի դեմքի վրա կարդացին խորին հետաքրքրություն։ Խրախուսվելով օրիորդի լուռ հավանությունից, նա շարունակեց.
Գուցե դու, իբրև ընկեր, վախենում ես, որ ես այստեղ չեմ կարող մի կտոր հաց վաստակել։ Բայց դու ինձ ճանաչում ես։ Մի մարդ, որ տասներկու տարի ապրել է ցուրտ և խոնավ սենյակներում, կես-կուշտ, կես-քաղցած ստամոքսով, մի մարդ, որ դառն հանգամանքների մեջ սեփական ուժերով ճանապարհ է բաց արել յուր համար, այն մարդը կարող է դիմանալ կյանքի հարվածներին։ Չքավորությունը, սիրելի Ռուբեն, շարունակեց նա եռանդով, խելոք վարպետ է, նրա շնորհիվ ես շատ վաղ եմ կարդացել կյանքի խրատական էջերը։ Այժմ, երբ ես ուղիղ և պարզ ճանապարհի վրա եմ, մի՞թե ամոթ չի լինիլ, որ փախչեմ մանր-մունր խոչընդոտներից։
Մի այնպիսի հաստատ ձայնով և որոշ եղանակով արտասանեց նա այս խոսքերը, որ դժվար էր կարծել, թե այդ լոկ մի պարծենկոտություն է։ Հետո նա նստեց սեղանի մոտ և, թույլտվություն խնդրելով Մարիամից, մի ծխախոտ վառեց։
Քո բարոյական ուժը ինձ վաղուց է հայտնի, խոսեց Ռուբենը ընկերական հարգանքով, միշտ դու իմ աչքումս մյուս ընկերներիցս բարձր ես եղել քո տոկունության և համբերության շնորհիվ։ Էհ, ինչևիցե, դու քու գործը ավելի լավ գիտես, շնորհավորում եմ տեղափոխվելդ և ցանկանում եմ հաջողություն։ Երանի թե հանգամանքները մեզ չշեղեն կյանքի ուղիղ ճանապարհից։
Համոզված եղիր, որ չեն շեղիլ, գոչեց բժիշկ Մելիք-Բարսեղյանր խրոխտաբար։ Բայց այս խոսակցությունը միայն ինձ է վերաբերում, ավելացրեց նա, չպիտի եսական լինել։ Ասա տեսնեմ, դո՞ւ ինչպես ես կարգադրել ապագադ։ Գնո՞ւմ ես արտասահման։
Այս հարցը սթափեցրեց Ռուբենին, ծանր մտքերը կրկին զարթնելով, վայրկենաբար մթագնեցին նրա ճակատը մի մռայլ ստվերով։ Նա նայեց Մարիամին, որ միևնույն տեղում լուռ նստած լսում էր նրանց խոսակցությունը, և թախծալի ձայնով պատասխանեց ընկերոջ հարցին.
Ո՛չ
Ո՞չ, կրկնեց Մելիք֊Բարսեղյանը, ուրեմն վերջապես համոզվեցի՞ր, որ ավելորդ էր մտադրությունդ։
Առայժմ ստիպված եմ համոզվել։ Հանգամանքները այդպես են պահանջում։ Վճռեցի մնալ Թիֆլիսում, միայն ոչ այս տանը։ Վաղվանից ես բախտ պիտի ունենամ Մարիամի հետ ապրել առանձին բնակարանում։ Հրավիրում եմ քեզ շնորհ բերել ամեն օր, եթե ժամանակդ կների։
Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, դարձավ Մելիք-Բարսեղյանը Մարիամին, ավելի ու ավելի հետաքրքրվելով, և զարմանալով։
Ես ոչինչ չեմ հասկանում, հարցրեք իրանից։
Այն է նշանակում, ասաց Ռուբենը, բռնի ժպտալով, որ Մարիամը և ես արդեն չափահաս լինելով, ազատվում ենք մեր բարեսիրտ հորեղբոր խնամակալությունից։
Մի քանի վայրկյան տիրեց անհարմար լռություն։
Էէ, անշուշտ մի բան պատահել է, արտասանեց Մելիք-Բարսեղյանը, դառնալով նախ Մարիամին, ապա Ռուբենին, ինձ թվում է, որ քո և հորեղբորդ մեջ…
Ոչինչ չի անցել։ Ես ցանկանում եմ մի փոքր ծանոթանալ չքավորություն ասած բանի հետ, ինչպես դու արդեն ուսումնասիրել ես նրան։ Վերջապես, ես ուզում եմ ազատ քաղաքացի լինել, քեզ պես, ուրիշների պես։ Ամոթ չէ այս հասակում հարուստ ազգականների խնամակալության տակ ապրել։
Այդ խոսքերդ դարձյալ չեն պարզում այն, ինչ որ կուզեի իմանալ: Միթե դու աղքա՞տ ես։
Ռուբեն, ընդմիջեց Մարիամը հանդիմանական եղանակով, ի՞նչ հարկավոր է այդ մասին խոսել, դու ձանձրացնում ես բժշկին։
Ընդհակառակը, Ռուբենի վիճակը որքան ձեզ, գուցե ավելի հետաքրքրում է և՜ ինձ։ Ճշմարիտն ասա, դարձավ բժիշկը համառությամբ յուր ընկերոջը, կատա՞կ ես անում, թե՞ իրավ վճռել ես առանձին ապրել։
Առայժմ ասածովս բավականացիր, պատասխանեց Ռուբենը Մարիամի հանդիմանական հայացքից ստիպված, հարկավոր համարելով զսպել յուր լեզուն, մանրամասնությունները հետո։ Վաղը ես կհայտնեմ քեզ մեր նոր բնակարանի տեղը։
Բժիշկը այլևս անքաղաքավարություն համարեց յուր հարցուփորձը շարունակել։ Նա վճռեց փոխել խոսակցությունը։
Երևակայեցքեք իմ դրությունը, ասաց նա Մարիամին, կարծես, հանկարծ մի բան մտաբերելով, փողոցում պատահեցինք, Ռուբենը ուժով ինձ բերեց յուր մոտ, ես կամենում էի վաղը գալ և ձեր հորեղբոր ընտանիքն էլ տեսնել։ Այժմ, եթե տիկին Սոփիոն իմանա, որ ես եկել եմ այստեղ գողնովի և առանց իրան տեսնելու դուրս եկել, չի՞ նեղանալ ինձանից։
Տիկին Սոփիոն տանը չէ։
Իսկ օրիորդ Նատալիա՞ն։
Ոչ ոք չկա տանը:
Նու, այդ լավ է։ Խնդրեմ չհայտնեք նրանց, որ ես այստեղ էի։ Բայց ինչ եմ հոգս անում, երևի, նրանք ինձ մոռացել են, տեսնեն, չեն էլ ճանաչիլ, ավելացրեց Մելիք-Բարսեղյանը այն ձևով, որ երևում էր, թե Սադափյանների ծանոթությունը մի առանձին նշանակություն ունի նրա համար։
Քառորդ ժամ անցած նա դուրս եկավ սաստիկ մտատանջության մեջ։ Ռուբենի խոսքերը յուր դրության փոփոխման մասին ազդել էին երիտասարդ բժշկի վրա ավելի, քան կարող էր երևակայել առաջինը։
Ահա բախտավոր մարդ, դարձավ Ռուբենը քրոջը, բժշկի դուրս գնալուց հետո, մանկական և պատանեկան հասակում արդեն անցել է կյանքի այն դպրոցը, ուր դու և ես դեռ նոր պիտի մտնենք…
Մարիամը կանգնած էր պատի տակ և դեռ նայում էր դռներին, որտեղից դուրս գնաց Մելիք-Բարսեղյանը։ Թվում էր, որ նրան զարմացրեց երիտասարդի այդպես շուտ հրաժեշտ տալը և առհասարակ վարմունքը։
Նստի՛ր, շարունակեց Ռուբենը, նստիր, Մարիամ, և սառնասիրտ լսիր: Այսօր ճաշից հետո ես առաջին և վերջին անգամ վճռականապես խոսեցի մեր հորեղրոր հետ:
Խոսեցի՞ր, կրկնեց Մարիամը մեքենաբար և նստեց սեղանի մոտ, ի՞նչ իմացար։
Իմացա, որ դու զրկված ես քո օժիտից, որ մենք չքավոր ենք… Լսո՞ւմ ես, մենք չքավոր ենք…
Ես այդ վաղուց գիտեի, պատասխանեց օրիորդը մի այնպիսի սառնությամբ, որ միանգամայն զարմացրեց Ռուբենին։
Ի՞նչ, դու գիտեիր և ինձանից թաքցնում էիր:
Ես չէի կամենում քեզ հայտնել, դու տաք բնավորության տեր ես, գիտեի, որ այդ լուրը քեզ վրա շատ վատ տպավորություն պիտի անի։ Այո, մենք աղքատ ենք և վաղուց։
Ուրեմն դու գիտե՞ս, որ մեր հորեղբոր գործերը ձախ են գնում, որ նա պարտքերի տակ է ընկել, որ նա զոհել է յուր խոշոր ձեռնարկություններին մեր հայրական ժառանգությունը:
Նրա գործերի ձախորդության մասին ես ոչինչ չեմ լսել։ Բայց թե մեր հայրական ժառանգությունը ցնորք է, այդ ինձ վաղուց է հասկացրել տիկին Սոփիոն։ Ահա, Ռուբեն, ինչու համար էի քեզ ասում այն օրը, որ դու նախքան արտասահման գնալը, խոսես այս մասին մեր հորեղբոր հետ։ Ուրեմն նա պարզ հայտնե՞ց քեզ ամեն ինչ…
Համարյա թե նա ինձ ոչինչ չասաց, ասաց միայն, թե փողի սաստիկ կարոտություն ունե, թե ստիպված է ծախսերը պակասեցնել։ Մնացյալը ինձ պատմեց այսօր իրիկնադեմին նրա գլխավոր գործակատարը։ Մի տարի է, որ սկսել է պարտքեր վերցնել։ Երեք ամիս սրանից առաջ, կնոջից գաղտնի, գրավ է դրել այս տունը։ Հալաբյանից մի գումար է վերցրել, այժմ աշխատում է մի խոշոր գումար էլ պոկել, ահա ինչու վերջին ժամանակ նրա հետ խիստ բարեկամացել է: Մինչև անգամ Նատալիայի օժիտի անունը կա, ինքը չկա։ Իսկ Նատալիան, իսկ նրա մայրը շարունակում են իրենց շռայլությունը։ Մի ինչ-որ կոմսուհու ծանոթության արժանանալու համար հարյուրներ են վճարում. երեք օր է անհամբեր սպասում են նրա այցելությանը, դեռ չեն արժանացել։ Այսօր ճաշին մայրը կպավ խեղճ մարդուն, թե հարկավոր է Նատալիայի համար երկու ձեռք նոր հագուստ պատրաստել։ Մեկը պիտի հագնի մի մեծ պարահանդեսին, որ եկող ամսի վերջին պիտի լինի, մյուսը մի հայկական երեկույթի համար, որի կարգադրիչն է լինելու ինքը Նատալիան։ Մայր և աղջիկ վճռել են պակասը լրացնել, մեր հորեղբոր տունը հիմնահատակ անել։ Մյուս կողմից քանդել են գործակատարները։ Այն շողոքորթ, հլու Գասպարը, որ տասը տարի ծառայել է, այժմ գրպանը լցրած թողել է ու փախել։ Նույնպես քիչ թե շատ կողոպտել են նրա ընկերները։ Այս բոլորից հետո մեզ համար ոչինչ չի մնում, և մենք չպիտի սպասենք մի բանի։ Լսիր, սիրելի Մարիամ, ես արդեն վճռել եմ իմ անելիքը։ Վաղվանից ես դասեր եմ տալիս դպրոցում, ամսական երեսունուհինգ ռուբլով։
Վերջին խոսքերը մի վայրկյան կոտրեցին Մարիամի սառնասրտությանը։ Նա ապշած և գունատված նայեց եղբոր երեսին։ Չքավորությունը ահռելի կերպարանքով ներկայացավ նրան։ Ի՞նչ, նրա եղբայրն այնքան տարի աշխատելուց հետո, պիտի գնա և մի ամենահետին գործակատարի, մի սպասավորի ռոճիկով ծառայի՞...
Այդ... ո՛չ... անկարելի է... այդ չափազանցություն է, գոչեց նա, հուզված ոտքի կանգնելով։ Դեռ մի քանի ամիս սրանից առաջ մեր հորեղբայրը քեզ հրավիրում էր յուր գործերը կատարերել: Նա տասն անգամ ավելի էր խոստանում տալ։
Այդ առաջարկությունը մի ծիծաղ էր իմ ուսման վրա։ Մեր հորեղբայրը գիտությանը նայում է յուր տեսակետից։ Նա ծաղրում էր, որ ավելի օգտավետը թողած, ես ընտրել եմ մի մասնագիտություն, որ երբեք չի կարող ինձ հարստացնել։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե մի ժամանակակից երիտասարդ նյութականը կարող է զոհել գաղափարականին։ Բայց բավական է, քեզ այժմ հայտնի է մեր իսկական դրությունը, Մարո։ Գնա, ուրեմն, պատրաստվիր այս փարթամ տնից վաղը տեղափոխվելու մի անշուք բնակարան, որտեղ չգիտեմ, կկարողանա՞նք մի ծառա պահել, թե՞ չէ…
Այս ասելով, նա անմիջապես բաց արավ պատի տակ դրած ընկույզի պահարանը և սկսեց դուրս հանել յուր գրքերը։ Մարիամը նստեց սեղանի մոտ, գլուխը ձեռների վրա դրեց և սկսեց հանդարտ լաց լինել։
Սիրելի, թանկագին քույր, գոչեց եղբայրը, այլևս չկարողանալով զսպել իրան, մի՛ լաց լինիլ, հավատացիր, որ մենք այսուհետև ավելի բախտավոր կլինենք… Հոգեկան խաղաղությունը բարձր համարի՛ր այս շքեղությունից։ Սիրտ առ, Մարո, երեխա չես, քանի եղբայրդ հետդ է, դու երբեք անբախտ չես լինիլ…
Եվ նա ներքին ալեկոծությունից դողդողացող ձեռներով քրոջ թանձրահեր գլուխը ջերմ սեղմեց յուր կրծքին։ Մարիամը լսեց նրա սիրող սրտի ուժգին բաբախումը, նայեց նրա գունատ երեսին, և մի տարօրինակ ցնցումն զգաց։
Հանկարծ նա զսպեց արցունքը, գլխով մի վճռական շարժումն արավ, ոտքի կանգնեց և բռնեց եղբոր բազուկը։
Արա, ինչ ուզում ես, խոսեց նա անհողդողդ ձայնով, ես պատրաստ եմ հետևել քեզ։ Այսօրվա խայտառակությունից հետո, ես այս տանը մնալ չեմ կարող։ Ինձ նախատեցին, ինձ հայհոյեցին, ինչպես մի ստոր աղախնի։ Այդ գոռոզ տիկնոջ կծու խոսքերի մեջ ես լսեցի մեր անգին ծնողների անունը։ Գնանք, հեռանանք այս շքեղ դժոխքից։ Ութ տարի շարունակ ես այստեղ իմ սրտի դառնությունները ծածկել եմ կեղծ և ուրախ ժպիտներով։ Ես ծիծաղել եմ, երբ պետք է լաց լինեի, ուրախացել եմ, երբ պետք է տխրեի։ Այժմ իմ արտասուքս ուրախության արտասուք համարիր։ Այո՛, ես ուրախ եմ… Ես արդեն հափշտակվում եմ մեր նոր կյանքով, շարունակեց նա ավելի եռանդագին, ես կապրեմ աղքատ, ինչպես հազարավոր ինձանից լավ օրիորդներ ապրում են։ Թող փորձեմ ուժերս։ Անգործ, աննպատակ կյանքը ինձ համար վաղուց է անտանելի դարձել, լսո՞ւմ ես, վաղուց։ Ես ուզում եմ աշխատել, ես կարոտում եմ աշխատանքի։ Թույլ տուր ինձ քո ընկերը, քո օգնականը լինել... դու աշխատիր դրսում, ես կաշխատեմ տանը... և դրսում, եթե կարող եմ։ Ինչ որ գիտեմ, կանեմ, չիմացածս կսովորեմ։ Տա՛ր ինձ, Ռուբեն, տար, ուր ուզում ես, միայն թե ազատիր ինձ այս կանանցից, որ գիշեր ու ցերեկ հալածել են ինձ՝ անմեղ քրոջդ...
Արտասանելով այս խոսքերը, նա թաշկինակով սրբեց յուր այտերի վրա չորացած արտասուքի կաթիլները և ժպտաց եղբոր երեսին։
Մարիամ, գոչեց Ռուբենը, հափշտակված նրա հաստատակամությամբ, դու ինձ ուրախացնում ես։ Գիտեի, որ դու վեհանձն ես, գիտեի, որ քո բարոյական ուժը մեծ է։ Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, դու ինձ մի նոր եռանդ տվիր այդ խոսքերովդ։
Մի բան միայն դժվար է ինձ համար, ասաց Մարիամը մելամաղձիկ ձայնով, Գաբոյից և Լիզայից բաժանվելը։ Ախ, ո՛րքան սիրում եմ նրանց... Անմեղ երեխաներ, երբեք ես ձեզ չեմ մոռանալ, և հույս ունիմ, որ դուք ևս չեք մոռանալ ինձ։
Այդ երեկո մինչև կեսգիշեր Մարիամը զբաղված էր յուր շորերը կապկպելով։
VI
Մելիք-Բարսեղյանի խոսքերը սնոտի պարծենկոտություն չէին։
Արդարև նա շատ վաղ էր կարդացել «կյանքի խրատական էջերը», ինչպես ինքն ասաց։
Նա չքավոր ծնողների որդի էր. ուսանող ժամանակ հորից ստանում էր մի աննշան թոշակ, այնքան աննշան, որ ավելի լավ ապրել չէր կարող, քան ինչպես ինքը համառոտ պատկերացրեց Մարիամի և Ռուբենի առաջ։ Բայց նրա համբերող, տոկուն և աշխատասեր բնավորությունը հաղթեց նյութական սուղ հանգամանքներին։ Նա փայլուն կերպով ավարտեց ուսման ընթացքը, բժշկության դիպլոմը գրպանում վերադարձավ հայրենիք Ռուբենից մի տարի առաջ։
Թիֆլիս հասնելով, նա փոխեց յուր տարազը, դեն ձգեց տասը տեղից կարկատած, օձիքը կեղտոտ սյուրտուկը, մի հարուստ ընկերից ձեռապարտ վերցրեց և հագավ նորաձև հագուստ։ Նա մի քանի անգամ այցելեց թատրոն, երեկույթներ, պարահանդեսներ։ Մի երեկո նա մի նվագահանդեսում տեսավ Մարիամին, որի հետ դեո գիմնազիստ ժամանակ ծանոթ էր Ռուբենի միջոցով։ Նա մոտեցավ, վերանորոգեց նախկին ծանոթությունը։
Որքա՜ն փոխվել էր հինգ տարվա ընթացքում Մարիամը։ Նիհար, մեջքից քիչ կորացած, թխադեմ պատանուհին այժմ դարձել է Թիֆլիսի կանանց դասակարգի գեղեցիկ զարդերից մինը։ Քանի Վասիլը գիմնազիստ էր, մի տեսակ վեհերություն էր տիրում նրան Մարիամին տեսնելիս։ Պատճառը ոչ այնքան օրիորդի անձնավորությունն էր, որքան այն պայմանները, որոնց մեջ ապրում էր Մարիամը յուր հորեղբոր տանը։ Սադափյանների հայտնի անունը, շքեղ ապրուստը ճնշում էին չքավոր երիտասարդին, և նա հարստությունից վախենում էր, որպես մի անսովոր երազից։ Ահա ինչու երկու տարուց ավելի Ռուբենին այցելելով, նա չհամարձակվեց, բացի վերջինի սենյակից, մի ուրիշ անկյուն ճանաչել այդ տան մեջ և, բացի Մարիամից, մի ուրիշի հետ ծանոթանալ այդ ընտանիքում։
Այլ էր այժմ, երբ նա ուսումն ավարտած բժիշկ էր։ Երբեք նա Մարիամի մեջ այն զգացումը չէր զարթնեցրել, երբ առաջին անգամ օրիորդը տեսավ նրան Ռուսաստանից գալուց հետո։ Այլևս դա այն տատամսոտ, վեհերոտ և ամեն մի խոսք ասելիս, կարծես, նույնիսկ Ռուբենի սենյակի կահ-կարասիից ամաչող պատանին չէր: Նրա առաջ կանգնած էր մի հասուն տղամարդ, դեմքը հանդարտ, անվրդով, հայացքը համարձակ, լայն բացված ճակատով, ուր հնգամյա համառ պարապմունքները դրոշմել էին մի որոշ հետք։
Մարիամը շփոթվեց հենց միայն այդ կերպարանքը տեսնելով: Իսկ խոսվածքը, խրոխտ ձայնը, աչքերի սուր ու թափանցող նշույլը, որ փայլում էր ակնոցի ապակիների միջով, այս բոլորը ազդու էին այն օրիորդի համար, որ ճանաչում էր նախկին Մելիք-Բարսեղյանին։ Վասիլը մի ամսաչափ մնաց Թիֆլիսում։ Հաճախ նա հանդիպում էր Մարիամին, և հանդիպում էր միմիայն հասարակական տեղերում, որովհետև օրիորդը, հակառակ յուր ցանկության, մի անգամ էլ չհրավիրեց նրան Սադափյանների տուն, ուր ինքն իրան ևս հյուր էր համարում։
Ձմռան կիսին Մելիք-Բարսեղյանը գնաց յուր ծննդավայրը և գարնանը մի քանի օրով դարձյալ Թիֆլիս եկավ։ Այդ ժամանակ Ռուբենն արդեն վերադարձել էր Ռուսաստանից։ Բժիջկը խնդրեց իրան ծանոթացնել Սադափյանների ընտանիքի հետ. ծանոթացավ և սկսեց համարձակ այցելել այդ տունը, որի շքեղությունից առաջ վախենում էր։ Մայիսի վերջին Ռուբենը և Մարիամը իրանց մորաքրոջից հրավեր ստացան ամառը միասին անցկացնել Դիլիջանում։ Մելիք-Բարսեղյանը, որ բժշկություն էր անում Երևանում, ամառվա կեսին մի օր հանկարծ երևեցավ հիշյալ ամառանոցում, որ և շատ ուրախացրեց թե՛ Մարիամին և թե Ռուբենին։
Այդտեղ օրիորդը ավելի ազատ էր։ Նա հեռու էր Սադափյանների հսկող աչքերից, նա կարող էր յուր եղբոր ընկերոջ հետ ստեպ-ստեպ տեսնվել։ Եվ ամեն օր երեք հոգի դնում էին զբոսնելու շրջակա ծաղկավետ անտառներում։ Այս զբոսանքների ժամանակ Վասիլը և Ռուբենը հաճախ լուրջ վիճաբանություններ էին ունենում գիտության, արվեստների, բնության և երբեմն իրանց ժողովրդի դրության, մի խոսքով այն խնդիրների մասին, որ սովորաբար հետաքրքրում են նորավարտ երիտասարդներին։ Այս վիճաբանությունների ժամանակ Ռուբենը գրեթե միշտ ոգևորվում էր, տաքանում, այնինչ Մելիք-Բարսեղյանը Մարիամին հիացնում էր յուր սառն, անշեղ տրամաբանությամբ։ Եվ թվում էր օրիորդին, որ երիտասարդ բժիշկը ամեն բան գիտե, ամեն բան ուսումնասիրել է, ուստի այդ բանավոր պայքարների մեջ նա, իրավամբ թե ոչ, հաղթանակը Վասիլի կողմն էր գզում։
Երբեմն Մարիամը միջամտում էր նրանց վիճաբանությանը և անգիտակցաբար պաշտպանում բժշկի հայացքները։
Ռուբենը նկատեց այդ և զգաց, որ քույրը անտարբեր չէ դեպի Մելիք-Բարսեղյանը։ Սակայն նրա անփորձ աչքերը տակավին չէին թափանցում օրիորդի սրտի խորքը, ուր հետզհետե արմատ էր ձգում առաջին և վտանգավոր սիրո ծաղիկը։ Մի բան, որ Վասիլը արդեն զգում էր։ Ամեն անգամ, երբ երիտասարդ բժիշկը նայում էր Մարիամի այլայլվող երեսին, նրա խոշոր աչքերի խորության մեջ կարդում էր յուր թովիչ ազդեցությունը կուսական անարատ հոգու վրա։ Եվ զորավոր ուրախության նման մի բան թնդեցնում էր նրա սիրտը։ Դա փոխադարձ սիրո կամ համակրության ձայնը չէր, դա չքավորի հպարտության զգացումն էր, չքավորի, որ երկարամյա նյութական դաժան կյանքից հետո առաջին անգամ տեսնում էր հարստության քաղցր ժպիտը։
«Քառասուն հազա՞ր, կրկնում էր երիտասարդը յուրովի, այդ գումարով ինչե՜ր չի կարող անել ինձ նման մի խեղճ մարդ»։
Եվ նա սկսեց խրախուսել յուր անուշ հույսերին։ Նախ նա Մարիամին ցույց տվեց կեղծ անտարբերություն, իբրև թե չէր նկատում օրիորդի սերը։ Գիտեր, որ այդպիսով ավելի պիտի վառի օրիորդի սիրտը, ինչպես շատ անգամ սառն ջուրը ավելի սաստկացնում է կիզանուտ հեղուկի բորբոքված բոցը։ Իսկ երբ բավական վառեց այդ հուրը, փոխեց յուր հարաբերությունը սկսեց շատ հեռավոր նշաններով ցույց տալ փոխադարձ սեր։ Այդ ժամանակ նա դիմեց խորհրդավոր հառաչանքների, մելամաղձոտ ժպիտների, տրտում հայացքների օգնության։
Մի անգամ նրանք, մի ծառի տակ նստած, խոսում էին: Ռուբենը բացակա էր։ Հասարակ բաներից խոսակցությունը փոխվեց մի այնպիսի նյութի վրա, որ որքան հրապուրիչ էր Մարիամի համար, նույնքան էլ երկյուղալի, որովհետև չգիտեր, թե ինչով կվերջանա։ Խոսում էին մի սիրային վեպի բովանդակության մասին, որ Մարիամը նոր էր կարդացել։ Օգտվելով րոպեի տրամադրությունից, Վասիլը խոսքը հետզհետե մասնավորեց, և այսպիսով նա կարողացավ արտասանել հետևյալ դարձվածը։ Ես կյանքում երբեք չեմ սիրահարվել... Բայց մի օր պիտի ծծեմ այդ դառն բաժակը։
Ինչո՞ւ դառն, հարցրեց օրիորդը, և նրա ձայնի մեջ բժիշկը զգաց սրտի ուժգին զարկը։
Որովհետև ով գիտե ճշմարիտ սիրել, նա տանջվում էլ է, և մի քիչ խորհելուց հետո, ավելացրեց. ես այդ նախագուշակում եմ...
Նա չշարունակեց։ Մարիամը երեսը շուռ տվեց։ Օրիորդի շրթունքները դողում էին, կուրծքը բաբախում էր։ Թավուտ ծառի հովասուն ստվերի ներքո նկատելի էր նրա այտերի հանկարծակի գունաթափությունը։ Նա չիմացավ ինչպես, բայց երբ կամեցավ վեր կենալ այն մամռապատ մեծ քարի վրայից, ուր նստած էին, յուր ձեռը զգաց Վասիլի տաք ձեռքի մեջ։ Նա նայեց երիտասարդին, որ, կարծես, նույնչափ հուզված էր, ձեռը մեղմիկ դուրս սահեց և առանց մի բառ արտասանելու, շուտով անհետացավ կանաչ թփերի հետևում։
«Նա փախավ, նա հետ կգա...», ասաց Վասիլը, երկար ժամանակ նստած մնալով միևնույն տեղում։
Այդ օրից հետո Մարիամի դեմքի վրա նշմարելի էր երջանկության մի մելամաղձոտ ժպիտ, որ առանձին մի հրապույր էր տալիս նրա կերպարանքին։ Հաճախ նա սիրում էր առանձնանալ և անձնատուր լինել յուր մենավոր մտածումներին։ Նա գիտեր, որ դժվար է թաքցնել Ռուբենից յուր և բժշկի մեջ տեղի ունեցած այն նշանավոր եղելությունը։ Եվ քանի-քանի անգամ նա կամեցավ հայտնել, բայց համեստության և ամոթի զգացումը կաշկանդում էր նրա լեզուն։
Նույն օրից հետո Մելիք-Բարսեղյանը ամեն մի հարմար րոպեով օգտվելով, աշխատում էր յուր սերը ավելի ու ավելի պարզել օրիորդին, ոչ միայն լռիկ նշաններով, այլ երբեմն էլ խոսքով։ Իսկ երբ առանձնանում էր, հաճախ կրկնում էր հետևյալ մենախոսությունը.
«Օօ՜о՜ չքավորությո՜ւն, չքավորություն, շատ դառն էին քո փորձերը, ես հիմար կլինեի, եթե չխրատվեի։ Դու իմ խելացի վարպետն ես եղել, բայց միշտ ատել եմ քեզ, այո՛, միշտ։ Վերջապես, մոտենում է այն օրը, երբ քեզանից վրեժս պիտի առնեմ»։ Հասկանալի է ուրեմն, թե ինչու բժիշկը այնքան հետաքրքրվեց, լսելով Ռուբենի անորոշ խոսքերը յուր և քրոջ դրության մասին։ Երկար ժամանակ նա չէր կարողանում հանդարտվել, վերադառնալով այն հյուրանոցն, ուր իջևանել էր։
«Զառանցո՞ւմ էր, թե կատակ էր անում, մտածում էր նա, ձեռները գրպանում դրած, անցուդարձելով հյուրանոցի փոքրիկ սենյակում։ Բնակարանը փոխում է. եթե ճշմարիտ է, հուսով եմ, որ այդ բնակարանը Սադափյանների տան շքեղությանը պատվաբեր կլինի։ Նա հիշեց չքավորության ատելի, զազրելի անունը… Անփորձ երեխա, կարծում է, որ կարող է ինձ նման դիմանալ… Երբեք, երբեք, և ոչ ես ուժ ունիմ այսուհետև դիմանալ չքավորությանը…»:
Մյուս օրը, առավոտյան վաղ զարթնելով, նա սկսեց խորհել յուր անելիքի մասին։ Նա եկել է Թիֆլիսում մշտապես հաստատվելու, ուրեմն պետք է շտապել գործերը վաղօրոք կարգավորել։ Նախ և առաջ հարկավոր է բնակարան վարձել, խոմ հյուրանոցում չի կարող երկար բնակվել։ Պետք է բնակարանը օրինավոր կահավորել, որ հիվանդը կամ հիվանդի համար հրավիրողը տեսնելիս՝ մի քիչ պատկառի։ Հետո պետք է տեղական բոլոր լրագրներում հայտարարություն տպել, թե «բժիշկ, ոչ, ոչ, բժշկապետ Մելիք֊Բարսեղյանը հիվանդներին ընդունում է այսինչ տեղ, այսինչ ժամերին…»։ Ուրեմն բնակարանը պիտի լինի քաղաքի ամենահայտնի փողոցներից մինում, որ լրագրների էջերում ևս նշանակություն ունենա։ Այնուհետև պետք է ծանոթներ ձեռք բերել, հանդեսներ այցելել, լավ-լավ ընտանիքներին մոտենալ և այլն և այլն։
Այս բոլորի համար փող է հարկավոր։ Նա շոշափեց յուր փողամանը։ Այնտեղ դարսած էին մի քանի հարյուրանոցներ, որ խնայել էր յուր ութամսյա սուղ «պրակտիկայից» Երևանում։ Այս գումարը բավական է առաջին ծախսերի համար։ Իսկ հետո… պետք է աշխատել ու աշխատել…
Նա մտաբերեց Ռուբենի նախընթաց երեկո ասածը տեղական բժիշկների մրցման մասին, և այս անգամ ընկերոջ նախազգուշությունը մի քիչ մտածություն պատճառեց նրան։ Բայց ոչինչ... չպիտի մազու չափ հուսահատվել, գլխավորն այս է՝ չհուսահատվել, մանավանդ Մարիամի մոտ։ Սառնասրտությունը մարդու զորեղ աջակիցներից մեկն է, վհատությունը թուլասիրտների հատկանիշն է։
Այսպես մտածելով, բժիշկ Մելիք-Բարսեղյանը, տասն ու մեկ ժամը լրացած, դուրս եկավ հյուրանոցից, ընտրեց փողոցում մի նորագույն կառք, վարձեց և գնաց այցելելու յուր հին ու նոր ծանոթներին և ընկերներին, որոնց ցուցակը վաղօրոք կազմել էր։ Երեք ժամ անցած նա վերադարձավ և սկսեց ամփոփել յուր զանազան հակասական տպավորությունները։ Մեկին տանը չէր տեսել, այցետոմս էր թողել, մյուսին հանդիպել էր փողոցում (հակառակ յուր ցանկության), մի քանիսը շատ մեծ սիրով էին ընդունել և այլն։ Նա ամենին հայտնեց, թե եկել է Թիֆլիսում հաստատվելու, թեև Երևանում գործերը չափից դուրս հաջող էին։ Փորձի համար նա մեկին ասաց, թե Պետերբուրգից հրավեր է ստացել համալսարանում մանկաբարձության դասեր կարդալու։ Այդ մեկը հավատաց, և բժիշկը նույնը կրկնեց ամենի մոտ։
Նա յուր այցերի միջոցին կարողացավ և՛ մի բնակարան վարձել...
Նոր միայն բժիշկ Մելիք-Բարսեղյանը ճաշելուց հետո պառկել էր մի քիչ հանգստանալու, երբ եկավ Ռուբենը։
Վերջապե՛ս գոչեց բժիշկը և, ոտքի կանգնելով, ընկերաբար թոթվեց նրա ձեռքը։ Նստի՛ր։
Նստելու կամք չունեմ, պատասխանեց Ռուբենը մի այնպիսի զվարթ ձայնով, որ միանգամայն չէր համապատասխանում նախընթաց օրվա նրա հոգեկան տրամադրությանը։ Եկել եմ խոստումս կատարելու համար, գնա՛նք, շնորհավորիր մեր բնակարանը։ ՛
Ի՞նչ, դու ուրեմն երեկ կատակ չէի՞ր անում...
Իմ ասելու ձևից պետք է հասկանայիր արդեն, որ կատակ չեմ անում։
Ռուբեն... արտասանեց բժիշկը շվարած... այդ տեսակ բաներին հեշտ չի կարելի հավատալ... Դու հարուստ էիր և աղքատացա՞ր։ Գնանք, սիրելիս, ես քեզ այնտեղ կպատմեմ։
Բժիշկը հագավ յուր նոր վերնազգեստը և անմիջապես հետևեց ընկերոջը։
Նա ձեռնափայտի ծայրը բարձրացրեց կառք կանչելու։
Ավելորդ է, արգելեց Ռուբենը, շատ էլ հեռու չէ այստեղից։
Նա տարավ ընկերոջը քաղաքի արևմտյան բարձրադիր և զառիվայր փողողները, սուրբ Դավթի հրապարակի կողմ:
Յոթ տարի ապրել եմ այս հոտած փողոցներում, ասաց բժիշկը երկարատև լռությունից հետո։
Հիմա հերթը իմն է։ Ահա մեր բնակարանը։
Նա մաշված և երկար գործածությունից կեղտի ծալքերով շաղախված դռներով ընկերոջը առաջնորդեց մի բավական մեծ բակ։ Երևում էր, այդ տան բնակիչները, որոնց թվում կային և՛ շոր լվանող կանայք՝ բավական անփույթ էին մաքրության վերաբերմամբ։ Գավթի իշխանությունը հանձնել էին հավերին և սագերին։ Տեսնելով երիտասարդներին, ծույլ թռչունները մի սուր աղմուկ բարձրացրին և ցրվեցին այս ու այն կողմ։ Երկու քաջասիրտ սագեր, թևերը տարածած, երկար պարանոցները ցցած, առաջ վազեցին հյուրերին հանդիպելու։ Այն գետնափոր խողովակը, որ նշանակված էր կեղտոտ ջրերի համար, վաղուց չէր մաքրված։ Փոսի վրա ձգված երկաթի վանդակի վրա կանգ էր առել շոր լվանողների ածած սապոնաջուրը։ Այդ պղտոր ու գարշահոտ ճահճի մեջ երկու բադ լող տալով, կտուցներով սիրային ցույցեր էին անում միմյանց։ Մի պառավ շուն դեմուդեմ նստած, մեջքը տաքացնում էր արևի շողքերի տակ։
Զգո'ւյշ կաց, կատակեց Ռուբենը, ցույց տալով գավթի մի ծայրից մինչև մյուս ծայրը քարշ արած թաց շորերը, որոնց տակով պիտի անցնեին նրանք։
Բժիշկ Մելիք-Բարսեղյանը չգիտեր զարմանալ, ծիծաղել, թե՞ վշտանալ յուր տեսածի վրա։ Նա լուռ հետևում էր Ռուբենին, քայլերը շատ զգույշ փոխելով որպեսզի չապականի յուր նոր ու մաքուր կոշիկները կեղտոտ քարահատակի վրա։
Նրանք ոտք դրեցին մի նեղ պատշգամբի վրա, որ տարածված էր միահարկանի տան ամբողջ երկարությամբ։ Ահա և մեր նոր Պաղեստինը ասաց Ռուբենը, ընկերոջը առաջնորդելով բնակարանը։ Այս իմ սենյակս է, մյուսն էլ Մարիամինն է։ Երկու սենյակ և այս փառավոր կահ-կարասին ամսական տասն ռուբլով, կարծեմ թանկ չի, հը՞։ Մարիա՜մ, գոչեց նա դեպի մյուս սենյակի կողմը դուրս եկ, տես ո՛վ է եկել մեզ շնորհավորելու։
Մինչ Մարիամի երևալը, Մելիք-Բարսեղյանը դիտում էր յուր տեսածը։ Առաստաղը քաշ, պատերի պաստառը տեղ-տեղ պատառոտված, տեղ-տեղ կեղտից սևացած, հատակի ներկը մաշված, դռները փոքր և միայն մի պատուհան ահա Ռուբենի սենյակի տեսքը։ Մի քանի կիսամաշ վիեննական աթոռներ, մի հասարակ սեղան, որի վրա անկարգ-անկանոն սփռված էին Ռուբենի գրքերը, և մի անկյունում մի փայտե անկողնակալ ահա այդ սենյակի կահ-կարասին։
Ների՛ր, ասաց Ռուբենը, դեռ կարգի չենք բերել։ Առավոտից մինչև հիմա սրբում էինք, լվանում, հավաքում, էլի չկարողացանք վերջացնել։
Մինչ բժշկի մի բառ արտասանելը, մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։ Օրիորդը հագած էր յուր հասարակ տնային հին հագուստներից մինը, թևերը մի փոքր հետ ծալած, կրծքին կապած մի կապույտ գոգնոց և գլխին մի կապույտ թաշկինակ։
Գուցե Մելիք-Բարսեղյանը յուր կյանքում այնքան ապշած չէր, որքան այժմ, երբ տեսավ երեկվա փարթամության մեջ ապրող քնքուշ օրիորդին այսօր մի հասարակ աղախնի վիճակում։ Նա այնքան շվարեց, որ մոռացավ անգամ բարևել օրիորդին, մնաց անշարժ կանգնած միևնույն տեղում։
Շփոթվեց նույնպես և Մարիամը։ Որքան և նա աշխատել էր անվրդով մտնել յուր նոր կյանքի ասպարեզը, որքան նա նախապատրաստել էր իրան անխռով սրտով ընդունել բժշկին, չկարողացավ, սակայն, սառնարյուն տանել այդ ծանր րոպեն։ Նա կարմրեց, գլուխը անորոշ շարժեց, իբրև բարևելով յուր հյուրին, և նույնպես մնաց տեղն ու տեղը կանգնած։
Եթե երազումս անգամ տեսնեի, կսարսափեի, գոչեց Մելիք-Բարսեղյանը, սթափվելով, և մոտեցավ, որ Մարիամին ձեռ տա, օրիորդ, ո՞վ է պատճառը ձեր այդ դրության։
Մենք, պատասխանեց Մարիամը, որքան կարող էր սառնասիրտ: Միթե Ռուբենը չի՞ պատմել ձեզ արդեն:
Ես սպասում եմ այդ գաղտնիքի բացատրությանը, դարձավ Վասիլը Ռուբենին, ձեռները պարզելով առաջ։
Այժմ հավատո՞ւմ ես, ուրեմն, որ ասածդ կատակ չէր, խոսեց Ռուբենը։ Բարեհաճիր նստել։
Բժիշկը նստեց և ուշադրությամբ լսեց ընկերոջ համառոտ պատմությունը, առանց մի բառ արտասանելու։ Երբ Ռուբենը ավարտեց յուր խոսքը, աջ ձեռքը դրեց նրա ուսին և, ուրախ ու զվարթ ժպտալով, ասաց.
Հավանո՞ւմ ես արածս։
Բժիշկը մի քանի վայրկյան մտածեց, շփեց յուր ճակատը և, վերջապես, դրական ոճով պատասխանեց.
Ոչ։ Վատ ես արել, շատ վատ ես արել։
Ռուբենը, ինչպես երևում էր, չէր սպասում այդ տեսակ պատասխանի։ Նա զարմացած նայեց ընկերոջ երեսին։
Ինչո՞ւ։
Դու, առաջ տարավ յուր խոսքը Մելիք Բարսեղյանը, վնասել ես քեզ քո անհամբերությամբ։ Իմ կարծիքով դու պետք է թողնես այդ հիմարությունդ, ներեցե՛ք, օրիորդ, պետք է թողնես և կրկին վերադառնաս հորեղբորդ տունը։ Նա սնանկ չի և չի էլ սնանկանալ գուցե։ Այսօր ես պատահաբար նրա մասին խոսք ունեցա մի հայտնի մարդու հետ։ Այդ մարդը այստեղի բոլոր հարուստների դրությանը լավ ծանոթ է։ Նա ինձ ասաց, որ Նիկողայոս Սադափանի գործերը այս տարի անհաջող են, ճշմարիտ է, բայց այդ անհաջողությունը ժամանակավոր է։ Նա փողի պակասություն ունի, բայց գործերը լավ են։ Դա առևտրական մարդու կրիզիս է, ամեն մեկին պատահում է։ Ինձ հավատացրեց այն մարդը, որ հորեղբայրդ այնքան խելոք է, որ շուտով դուրս կգա յուր նեղ դրությունից։
Հետո՞, ընդհատեց Ռուբենը, որ անհամբեր սպասում էր լսել ընկերոջ վերջաբանը։
Դու, ուզում եմ ասել, շարունակեց Մելիք-Բարսեղյանը, շատ ես շտապել։ Եթե մինչև անգամ հորեղբայրդ սնանկ էլ լիներ, եթե նա չկարողանար մի կոպեկ անգամ տալ քեզ քո հոր ժառանգությունից, դարձյալ դու չպիտի հեռանայիր նրանից։ Նա անուն ունի, Ռուբեն, ծանոթներ ունի, մեծ-մեծ բարեկամներ ունի, այ քեզ ինչ է հարկավոր... Դու նրա միջոցով կարող ես լավ կարիերա ստեղծել քեզ համար։ Այդ կարիերան դու մենակ, քո ուժերով, երբեք չես կարող ունենալ։ Ահա իմ ընկերական խորհուրդը, գնա՜, ներողություն խնդրիր և կրկին մտիր նրա հովանավորության տակ։
Արտասանելով այս բանախոսությունը, բժիշկ Մելիք-Բարսեղյանը յուր ամուր գլխարկի մի ծայրը դրեց ծնկներին, մյուսի վրա հենեց ձեռները, սպասելով պատասխանի։
Քո խորհուրդը, Վասիլ, խոսեց Ռուբենը կես-հեգնաբար և կես-դառնագին ժպտալով, արժե, որ լսեր ինձանից ավելի մի խելոք մարդ։ Դու շատ խոհեմ, գործնական միջոց ես առաջարկում ինձ, բայց... սիրելի Վասիլ, այլևս ուշ է, ես չեմ կարող քո այդ խելոք խորհրդով օգտվել։ Հորեղբորս ընտանիքի և մեր մեջ բարեկամական կապը արդեն կտրված է։ Եթե դու այսօր ներկա լինեիր, երբ մենք տեղափոխվում էինք այստեղ, կհավատայիր, որ այդ կապը այլևս անհնարին է նորոգել։
Ուրեմն դու կռվեցի՞ր նրանց հետ։
Ես լսեցի մի ծանր հանդիմանություն, ես լսեցի, որ քույրս և ես ութ տարի շարունակ ձրիակերներ ենք եղել հորեղբորս տանը։
Հորեղբորի՞ցդ լսեցիր։
Ոչ, նրա կնոջից, պատասխանեց Ռուբենը, շրթունքը կրծելով, բայց այդ միևնույնն է, նա էլ լսեց և լռեց, այո, լռեց...
Րոպեի ազդեցության տակ մարդ շատ բան է ասում, շատ բան է անում, Ռուբեն, բայց հետո ափսոսում է։ Ես համոզված եմ, որ եթե դու վերադառնաս, ներողություն խնդրես, տիկին Սադափյանը յուր խոսքը ետ կառնի և քեզ համբուրելով կընդունի... Վասի՜լ, գոչեց Ռուբենը, ընդհատելով ընկերոջ խոսքը, այդ դո՞ւ ես խոսում, ես քեզանից այդ չէի սպասում։ Ոչ, ես կարծում էի, որ դու կգովես իմ արած քայլը, կխրախուսես ինձ։ Իսկ դու, կարծես, հանդիմանում ես ինձ, թե ինչու չքավորությունը գերադասել եմ ձրիակերությունից և ուրիշների միջոցով ձեռք բերած կարիերայից…
Չքավորությո՞ւն, կրկնեց բժիշկ Մելիք-Բարսեղյանը, թեթև ժպտալով և շրթունքը սեղմելով, ինչո՞ւ, եղբայր, ինչո՞ւ չքավոր ապրել, եթե որևէ հնար կա ավելի լավ ապրելու։ Էէէ, Ռուբեն, ավելացրեց նա, հառաչելով և գլուխը երերալով, մի' ոգևորվիլ, վատ բան է չքավորությունը, լինի նա մշտական, թե առժամանակյա, օօ, ես գիտեմ ի՞նչ ասել է չքավորություն։ Իսկ ով ճանաչում է մարդուս այդ կոպիտ թշնամուն, նա հոգով պիտի ատի, ինչպես ես այժմ ատում եմ և սարսափում, երբ մտաբերում եմ տասներկու տարի կրած նեղություններս։ Ոչ, ոչ, հեռու փախիր նրանից։ Եթե ես երբեմն պարծենում եմ իմ անցյալով, այդ չի նշանակում, թե այժմ կկամենայի կրկին ընկնել այդ չարասիրտ պառավի ճանկերը։ Հավատացիր, ոչ մի բան այնքան վտանգավոր չի անհատի բարոյականության համար, որքան չքավորություն ասած բանը…
Մի թույլ ճիչ ընդհատեց բժշկի խոսքը։ Նա և Ռուբենը բնազդումով միաժամանակ նայեցին դեպի այն կողմ, ուր մինչև ույդ վայրկյան անխոս նստած էր Մարիամը, և տեսան հետևյալը։ Օրիորդը կանգնած էր պատի տակ, մի ձեռը հենած աթոռի մեջքին, մյուս ձեռը կրծքին սեղմած և ճիգ էր անում, կարծես, ուշը վրեն պահելու։ Նրա երեսի գունատությունը, հեզուկ գլխի երերվելը և կրծքի ուժգին բաբախելը վախեցրին Ռուբենին։ Շվարած երիտասարդը շտապով մոտեցավ քրոջը, գոչելով.
Մարիա՜մ, ի՞նչ պատահեց։
Ընդհատի՛ր այդ խոսակցությունը, ընդհատի՛ր, խնդրում եմ, ասաց Մարիամը շնչարգել ձայնով և այնպես ցածր, որ միայն եղբայրը լսեց…
Եվ թուլացած նստեց աթոռի վրա։
Ներեցեք, ձայն տվեց բժիշկը ոտքի կանգնելով, ձեր դեմքը ինձ... Չլինի թե հիվանդ եք, ավելացրեց նա, յուր արհեստը իսկույն գործադրելու պատրաստակամությամբ։
Ես.,, ոչ, ոչ, հիվանդ չեմ...
Բայց ձեր երեսին գույն չկա, դուք հիվանդ եք, գոչեց բժիշկը և յուր արհեստին հատուկ սառնությամբ բռնեց օրիորդի բազուկը։
Կարծես, նրա ձեռի շփումից օրիորդը մի առանձին կենդանություն ստացավ։ Նա ուղղեց իրան, ցնցողաբար դողացող ձեռով շփեց ճակատը և մի տարօրինակ հայացք նետեց բժշկի երեսին։ Մի հայացք, ուր Մելիք-Բարսեղյանի նման սուր դիտողություն ունեցողը չէր կարող չնկատել մի խորին հանդիմանություն։
Ես կարծում եմ, որ դուք այսօր չափից դուրս շատ հոգնել եք, ասաց բժիշկը, այդ հայացքից շփոթված, բաց թողնելով Մարիամի բազուկը, առանց այլ և այլի ձեզ հարկավոր է հանգստություն, անպայման հանգստություն։
Ճշմարիտ է, Մարիամ, խոսեց Ռուբենր, մինչև այժմ բան ես արել և ժամանակ էլ չես ունեցել կարգին ճաշելու:
Բարեհաճեցեք, ուրեմն, հարեց Մելիք-Բարսեղյանը, աշխատելով անհողդողդ և խրախուսական ձայնով խոսել, բարեհաճեցեք բժշկի պատվերը լսել և այսօր էլ ոչ մի գործի ձեռք չտալ։ Դուք այդ տեսակ տնային ծանր աշխատանքին սովոր չեք, ահա ինչիցն է առաջացել ձեր թուլությունը։
Այո, սովոր չեմ, պատասխանեց Մարիամը, փոքր առ փոքր վերադարձնելով յուր սառնությունը, բայց կսովորեմ։ Առայժմ ներեցեք ինձ... պարոն Մելիք-Բարսեղյան... ձեզ անհանգստություն պատճաոեցի... Ես առողջ եմ, ես ոչինչ թուլություն չեմ զգում։
Եվ նա փորձեց ուրախ ժպտալ։ Բայց այս բռնազբոսիկ ժպիտը նմանեց մութ ամպերի տակից մի վայրկյան փայլող արևի անցողիկ շողքերին, որից հետո կրկին մռայլվեց օրիորդի պայծառ ճակատը։ Բժիշկը դարձյալ նրան համոզել սկսեց, որ պետք է յուր անսովոր ուժերի հետ խնամքով վարվի։ Շնորհակալ եմ ձեր խորհրդի համար, շատ շնորհակալ եմ։
Օրիորդի ձայնի մեջ բժիշկը զգաց մի նուրբ հեգնություն և քանի մի վայրկյան նա դարձյալ շվարվեց։
Գնա՛, հանգստացիր, Մարիամ, հորդորեց Ռուբենը, բժիշկը ճշմարիտ է ասում, դու անսովոր ես ծանր աշխատանքի…
Օրիորդը վեր կացավ տեղից և մոլոր քայլերով անցավ յուր սենյակը, նույն հեգնական ձայնով ասելով Մելիք-Բարսեղյանին.
Ներեցեք…
Տեսա՞ր, դարձավ Մելիք-Բարսեղյանը Ռուբենին, տեսա՞ր, ահա այդ է աղքատության առաջին պտուղը։ Ցտեսություն, ընկեր, հուսով եմ, որ վաղը քեզ խելոքացած կտեսնեմ։ Աշխատիր, որ Մարիամը խորհուրդս կատարի։
Ոչինչ չասաց Ռուբենը, լուռ ճանապարհ դրեց ընկերոջը մինչև գավիթ և վերադարձավ։ Նա Մարիամին կրկին տեսավ յուր սենյակում։ Կանգնած փոքրիկ լուսամուտի առաջ, ձեռներր կրծքին խաչաձև դրած, օրիորդը նայում էր հեռացող Մելիք-Բարսեղյանի հետևից։
Մարո, ասաց Ռուբենը, ձեռը դնելով նրա ուսին, ինչո՞ւ դու այնպես այլայլվեցիր, ասա՛, ինձ թվում էր, որ պատճառը քո հոգնածությունը չէր:
Մարիամը գլուխը բարձրացրեց, և մի ծանր հառաչանք դուրս թռավ նրա կրծքից։
Չգիտեմ, չգիտեմ, գոչեց նա, աստված իմ, նա անկե՞ղծ էր խոսում, թե՞ ուզում էր փորձել ինձ…
Արտասանելով Ռուբենի համար այս անորոշ խոսքերր, նա արագ քայլերով անցավ կրկին յուր սենյակը և դռները ծածկեց յուր հետևից։
Երբ զարմացած Ռուբենը մի քանի վայրկյանից հետո մտավ նրա մոտ, տեսավ, որ քույրը երեսը բարձին դրած ուժգին հեկեկում է…