Александр Ширванзаде
Զուր հույսեր
VII - IX
VII
Տիկին Սոփիոն, վերջապես, արժանացավ անվանի կոմսուհու այցին, թեև սպասածից բավական ուշ: Բախտավոր էր այդ օրը նրա համար։ Կոմսուհին մի քանի հաճոյական խոսքեր էր ասել Նատալիայի «գրավիչ տեսքի», Սադափյանների տան «շքեղ և ճաշակով» կահ-կարասիի, տիկնոջ «օրինակելի» բարեսրտության և այլ այդպիսի բաների մասին։
Եվ Սոփիոն նրա յուրաքանչյուր խոսքը, մտքում դրոշմելով, պարծանքով կրկնում էր բոլոր ծանոթների մոտ։ Բայց կար մի հանգամանք, որ տիկնոջ այս ուրախության վրա ստվեր էր ձգում։ Հալաբյանը չէր այցելում նրանց, սկսած այն օրից, երբ Մարիամն և Ռուբենը տեղափոխվել էին։ Նա պատճառը հարցրեց ամուսնուց։ Փոխանակ մի որոշ պատասխան տալու, Նիկողայոսը հայհոյեց թե՛ Հալաբյանին և թե բոլոր «նրա նմաններին»։ Սոփիոն չգիտեր այս հայհոյանքի առիթը, ինչպես և չգիտեր, թե ինչու յուր ամուսինը առհասարակ գրգռված էր ամենի դեմ։
Նույն օրերը Նատալիան չարաչար զբաղված էր յուր նոր հագուստներով։ Ժամանակ անժամանակ նա վազում էր մադամ Կուրաժոյի մոդային խանութը և շտապեցնում էր շուտով ավարտել գործը, չնայելով, որ երեկույթները դեռ հեռու էին։ Նա հրճվանքով պատկերացնում էր վաղօրոք այն հանդեսը, որի կարգադրիչն է հրավիրված լինելու
Ախ, մամա, մարդ ինչքան ուրախ է լինում, երբ բարի գործեր է կատարում։ Գիտե՜ս, մենք իսկական բարեգործներ ենք, մենք ուրիշների պես միայն մեզ համար չենք ապրում։ Տես, ռուսաց ընկերության պատվավոր անդամուհի, վրաց ընկերության պատվավոր անդամուհի, հայուհյաց ընկերության պատվավոր անդամուհի, բանտարկվածների երեխաներին օգնող ընկերության անդամուհի... էլ որ մեկն ասեմ։ Ամեն տեղ գրված ենք, ամեն տեղ փող ենք տալիս։ Քանի՜-քանի խեղճ ու աղքատներ են ապրում մեր նվերներով։ Այսպես չէ՞...
Ես էլ հենց այդ եմ ասում հորդ էէ, հարեց տիկին Սոփիոն, ասում եմ, ա՛յ մարդ, եթե մեզպեսներն էլ չօգնեն, էլ խեղճերը ինչո՞վ պիտի ապրեն։
Ես շատ և շատ ուրախ եմ, փոխեց խոսքը Նատալիան, որ, վերջապես, նպատակիս հասա։ Անցյալ տարի օրիորդ Ամքարովան գիմնազիստների օգտին տված կոնցերտի կարգադրիչն էր, սիրտս քիչ էր մնում նախանձից տրաքվի։ Ինչո՞ւ նա լինի, ես չլինեմ, ասում էի։ Այս տարի ես եեե՜մ… Չգիտեմ ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ քեռի Սրափիոնին։ Գիտե՞ս, նա է աշխատել, որ ինձ խնդրեն կարգադրիչ լինելու։
Է՛հ, ընդհատեց մայրը արհամարհաբար, եթե ինձանից հարցնես շատ էլ ուրախ չեմ։ Հայերի բալի համար կարգադրիչ լինելը մի մեծ բան չէ, որ հպարտանանք։
Մենք էլ այնպես կանենք, որ բալը մեր անվանը արժանի լինի։
Իհարկե, իհարկե, համաձայնեց մայրը եռանդով, մեր բալը ամենալավը պետք է լինի, թող թշնամիները տեսնեն ու նախանձից խեղդվեն։
Մա՛մա, դու այդքան թշնամիներ, թշնամիներ ես ասում, ո՞վ են մեր թշնամիները, չի՞ կարելի իմանալ։
Ով եե՜ն, կրկնեց տիկին Սոփիոն, աչքերը պլպլացնելով, չե՞ս իմանում։ Մեր թշնամիները նրանք են, որ մեզ նախանձում են, որ ինչ որ անում ենք, իրանք էլ են ուզում անել, որ մեր չարածն էլ անում են։ Ես ատելով ատում եմ այնպիսիներին, որ ամեն տեղ մեջ են ընկնում։ Էլ ով ասես, բազազի, գինի ծախողի, պիսեր-միսերի կնիկ ու աղջիկ, դիփ ուզում են արիստոկրատների հետ ոտ ձգել։
Լավ, մամա, ես ինքս էլ խոմ արիստոկրատկա չեմ։ Ուրեմն, քո ասելով, ես դեր չպիտի կատարե՞մ հասարակության մեջ։
Ի՞նչ, դու էլ որ արիստոկրատկա չես, էլ ո՞վ է… Դու իմ աղջիկս ես, դու Սահարունիների ցեղիցն ես, Սահարունիները քո այդ սուտ ու մուտ իշխաններից չեն, հասկանո՞ւմ ես։ Այս մեկը մտքումդ լավ պահիր, այն քո հայրդ է, որ պատիվս չի ճանաչում։
Խոսակցությունը տեղի ուներ ճաշից երկու ժամ առաջ Նատալիայի սենյակում։ Օրիորդը հայելու առաջ զուգվում էր։ Նա պատրաստվում էր մոր հետ անվանի կոմսուհու մոտը գնալու։ Այս այցելության գլխավոր նպատակն էր՝ հասկացնել կոմսուհուն, որ նա գեթ մի ժամով պատվե «Նատալիայի բալը»։ Մի միտք, որ տվել էր նրան իշխան Սահարունին։
Երևակայում եմ, շարունակեց խոսել Նատալիան, վերջին գնդասեղը ամրացնելով կրծքի մետաքսյա ապարոշին, երևակայում եմ, ինչպես օրիորդ Ամքարովան պիտի նախանձի, եթե կոմսուհին գա իմ բալը։ Անցյալ տարի, ավելացրեց նա ծաղրաբար, նրա հանդիսականների մեծ մասը հոր պրիկաշչիկներն էին, հա՛ հա՛ հա՛։
Եվ նա, երեսը շուռ տալով, սկսեց հայելու մեջ զննել յուր բարակ մեջքը և բարձր տյուրնյուրը, որ ժամանակի մոդայի վերջին պահանջն էր։
Ինչ էլ որ անես, աղջիկս, ասաց մայրը, ուղղելով յուր դստեր հագուստի փեշերը, այն երեկո պետք է աշխատես Հալաբյանին մոտդ պահել։ Որքան մտածում եմ, հայերի մեջ նրանից օրինավոր մարդ չեմ գտնում։ Վախենում եմ, որ երեսը լպստածը այն երեկո այնտեղ լինի ու էլի նրան յուր կողմը քաշի։
Նատալիան հասկացավ մոր խոսքը ում մասին էր։ Այժմ տիկին Սոփիոն Մարիամի անունը ուրիշ կերպ չէր հիշում, եթե ոչ «երեսը լպստածը»։
Հա, լավ միտս բերիր, գոչեց Նատալիան, դու նրա բրասլետն ու կոլիեն ուղարկեցի՞ր։
Ոնց չէ, ոնց չէ, արտասանեց Սոփիոն թունալի հեգնությամբ, հենց այս րոպե, հա՛ հա՛ հա՛, բրասլետն ու կոլիեն։ Այն մի քանի ձեռք հագուստն էլ որ տարել է, շատ-շատ է նրա համար...
Չէ, մամա, լավ չես անում, ուղարկիր, թող չասեն, որ մենք իրենց զրկում ենք, առանց այն էլ չար լեզուները բամբասում են մեզ վրա։
Քո գործը չէ, ընդհատեց մայրը վճռական եղանակով, դու ինձ մի բան ասա, ճշմարի՞տ է, որ այն բժիշկը, ի՞նչպես է անունը... Մելիք-Բարսեղյան…
Հա, ճշմարի՛տ է, որ սիրահարվել է այն լպստածի վրա։
Այդ չեմ իմանում, բայց թե Մարոն նրա համար գժված է, ես հաստատ գիտեմ։ Էհ, նրա ճաշակն էլ…
Ինչո՞ւ, մի՛ ասիլ, նա իրան բանը շատ լավ է իմանում, ուզում է կամ հարուստ մարդու կին լինել, կամ բժշկի։
Ներս մտավ աղախինը և, մոր ու դստեր խոսակցությունը ընդհատելով, հայտնեց, թե կառքը սպասում է։
Նեստորն էլ հագնված պատրա՞ստ է, հարցրեց օրիորդը։
Այո։
Մայր և դուստր եկան ծանր ու հպարտ քայլերով, առաջինը անընդհատ ուղղելով գլխի թաշկինակի տակից այտերի վրա դուրս սփռվող ալեխառն մազերը, երկրորդը կապելով մինչև արմունկները հասնող ձեռնոցների կոհակները։ Փողոցի դռների առաջ սպասում էր տնային փայլուն կառքը։ Երկու սևաթույր վիթխարի ձիերը անհամբեր կրծոտում էին իրանց սանձերը, ոտները ուժգնակի խփելով սալահատակին։ Նեստորը, Սադափյանների իմերել ծառան, բռնեց յուր տիրուհիների թևից, նստեցրեց կառք և ինքն էլ կատվի արագությամբ թռավ ու տեղավորվեց փառահեղ միրուքով և կուրծքն ու մեջքը բարձերով՝ հաստացրած կառապանի կշտին։
Կոմսուհի Նավալիխինայի տունը, հրամայեց Նատալիան այնքան բարձր ձայնով, որ լսելի լինի այդ միջոցին մայթի վրա կանգնած երկու պարոններին։
Կառքը սլացավ։
Քառորդ ժամ անցած տուն վերադարձավ Նիկողայոսը սաստիկ վրդովված։ Նա շպրտեց սպասավորին մի թղթադրամ, հրամայեց կառապանին վճարել և, վերարկուն ձգելով հանդերձակալի վրա, անցավ ուղղակի յուր սենյակը։
«Խղճմտանք չկա այդ մարդկանց մեջ, խոսեց նա ինքն իրան, նստելով սեղանի մոտ և ձեռները ուժգին խփելով բազկաթոռի թևերին, բոլորի սիրտը քարացել է։ Ասում են չունենք, չունենք։ Սո՛ւտ, ես ճանաչում եմ ձեզ, էէէ, շատ լավ եմ ճանաչում։ Դուք ուրախանում եք, երբ մեկը, որ ձեզանից բարձր է, ձեզանից ցած է ընկնում, դուք ուզում եք նրան ոտնատակ անել, խեղդել, սպանել։ Նախանձը ցեցի պես ուտում էր ձեր սիրտը, երբ տեսնում էիք, որ Սադափյանի թուրը երկու կողմով էլ կտրում է։ Հիմա անհամբեր սպասում եք, որ ընկնեմ... Ոչ, ոչ, չեմ ընկնիլ, քանի՛ աչքումս լույս կա, գլխումս խելք, էլի ամենին ետ կթողնեմ, ինչպես մինչև օրս ետ եմ թողել»...
Նա բարձրացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել։ Նա մտածում էր ո՞ւր դիմել փող ստանալու համար։ Մնում էր դարձյալ Հալաբյանը։ Բայց նա տվել էր արդեն տասնուհինգ հազար, կտա՞ էլի։ Դեռ երեկ Նիկողայոսր նրան ակնարկել էր յուր գործերի դրության մասին, հասկացնելով, որ փող է հարկավոր մի քանի մուրհակներ ազատելու բանկերից։
«Նա խոսքը կտուր գցեց։ Նա էլ չի հավատում ինձ. նա էլ է հեռու փախչում ինձանից այն օրից, երբ եղբորս որդիները դուրս են եկել իմ տնից։ Սոփիոն ասում է, նա աչք ունե Մարիամի վրա. թող գլուխը քարին տա, ինչ ուզում է անի, ում վրա ուզում է պսակվի, միայն ինձ օգնի, իի՜նձ։ Ախ, անիծված փող, ո՞րտեղ ես մի հիսուն հազար... Հենց այսօր գործերս կդրստեի ու ամենի երեսին կթքեի»...
Նա վճռեց նամակով խնդրել Հալաբյանին։ Այն, ինչ որ բերանացի դժվարանում էր ասել, գրչով հեշտ էր գրել։ Առաջին տողերից հետո նա կանգ առավ, ճակատը մռայլվեց։ Նա որոնում էր այնպիսի դարձվածներ, որ կարողանային շարժել Հալաբյանի գութը։ Եվ գտավ։ Մարդս մարդով է ապրում, նեղությունը ամենի համար է, կարոտողին օգնելը աստծու պատվերն է։ Աշխարհին հայտնի է, որ Նիկողայոս Սադափյանր թղթամոլ չի, շառլատան չի։ Նա ազնիվ վաճառական է, ընտանիքի տեր է։ Նա հավիտյան չի մոռանալ այն մարդուն, որ այս նեղ օրին ձեռք կմեկնի նրան։ Նա ավարտեց նամակը, մատը սեղմեց պատի էլեկտրական զանգակի կոճակին։ Տար այս նամակը , հրամայեց նա սպասավորին, տուր Հալաբյանին։ Եթե տանը չլինի, գտիր, որտեղ որ է։ Կա՛ց, տիրուհիդ տա՞նն է։
Ոչ, օրիորդի հետ կառքով գնացին։
Լավ, գնա՛։
«Իշխանի աղջիկ է, սեփական կառքով, ծառային առաջը նստացրած «վիզիտներ» է անում գրաֆինյաներին։ Ա՜խ, Սոփիո, Սոփիո, ափսո՜ս… հիմա եմ իմանում, թե դու ով ես… դու քո աղջկա հետ քանդեցիր ինձ. դո՛ւ փչացրիր իմ հարստությունս»…
Եվ նա, ատամները կատաղի կրճտելով, բռունցքը այնպես խփեց սեղանին, որ ծայրին դրած հաշվեմատյանները թափվեցին հատակի վրա։
Նույն պահին Հալաբյանը յուր տանն էր մոսիո Վախվախյանի հետ։ Այդ օրը նրա ծննդյան քառասուներեքամյա տարեդարձն էր։ Մի օր, որ նա սովորաբար տոնում էր յուր ընկերների հետ քաղաքի առաջնակարգ հյուրանոցներից մեկում։
Տանը նա խնջույքներ սարքել չէր սիրում և հարմարություն էլ չուներ։ Առհասարակ նա բարվոք էր համարում դրսում եռապատիկ ծախսել, քան սեփական խոհանոց պահել և ամեն առավոտ խոհարարի հետ նիստ կազմել օրվա ուտելիքի մասին, ինչպես անում էին նրա ծանոթ ամուրիներից շատերը։
Սակայն, վերջին անգամ Սադափյանների մոտ ճաշելուց հետո, հանկարծ նա կամեցավ կերպարանափոխել յուր տնային կյանքը։ Նա կանչեց մոսիո Վախվախյանին, պատվիրեց մի հմուտ խոհարար և մի արագաշարժ սպասավոր վարձել, վերանորոգել տան կահ-կարասին, մաքրել, զարդարել:
Ինչ ասել կուզի, մոսիոյի համար ավելի հաճելի զբաղմունք չէր կարող լինել։ Եվ նա մենակյաց ամուրիի մռայլ կացարանում մի այնպիսի շարժում բարձրացրեց, որ Թաթոսը մնաց ապշած։ Խեղճ ծառան մի անասելի տրտմության մեջ ընկավ, երբ յուր աղայի տանը տեսավ, բացի իրանից, ուրիշ ծառաներ։ Ի՞նչ հարկավոր էր պովարը, լակեյը, ես չէ՞ի կարող ամեն բան անել, տրտնջում էր նա անդադար։
Տասն օր շարունակ Հալաբյանը զբաղված էր տնային վերանորոգություններով։ Հաճելի էր նրան տեսնել յուր տան մեջ այդ անսովոր կենդանությունը։ Ցերեկը նա, մոսիո Վախվախյանի օգնությամբ, կարգադրություններ էր անում, հրամայում էր, բարկանում էր։ Երեկոյան փակվում էր առանձնասենյակում, կարգի էր բերում յուր հին ու նոր հաշիվները։
Նա ուներ մի քանի անշարժ կալվածներ, սրան ու նրան մուրհակով տված փողեր։ Ո՞վ ինչ է պարտ, ո՞ր խանութպանը վարձը ժամանակին չէ տվել, որի՞ հետ պետք է նոր պայմանագրություն կապել և այլն և այլն, այս բոլոր գործերը զբաղեցնում էին նրան ամբողջ երեկոները։
Այլևս նա ժողովարան չէր գնում։ Ընկերները փողոցում տեսնելիս նրան հանդիմանում էին։
«Տկար եմ, գործ ունեմ», ահա այն անորոշ խոսքերը, որոնցով նա արդարացնում էր իրան։
Բայց մեզանից խոմ չե՞ս կարող փախչել, ասաց մի օր Ախշարումյանը, յուր հսկայական ձեռը դնելով նրա ուսի վրա։
Ո՞ւր պիտի փախչի, հարցրեց իշխան Սահարունին, շուտով էլի ծննդյան օրն է, քեֆ պիտի անենք։ Հա՛, լավ միտս եկավ, բարեկամ, երազ ես տեսել, ի՞նչ է, ասում են տունդ սարքել ես, ուրեմն այս անգամ տարեդարձդ քեզ մոտ կտոնենք։
Տոնեցեք, եթե ուզում եք, պատասխանեց Հալաբյանը ակամա։
Ի՜նչպես թե ուզում եք, գոչեց Ախշարումյանը, անհամբեր սպասում ենք։ Այս անգամ մինչև հինգ շիշ շամպանյա չբաց անես, ձեռք չենք վերցնիլ քեզանից։
Դեռ վաղ առավոտից Վախվախյանը սկսել էր յուր եռանդուն գործունեությունը: Ճաշի պատրաստությունը և հյուրերին զվարճացնելու իրավունքը նրան էին հանձնված։ Նա անդադար վազում էր դուրս, պատվերներ էր տալիս խոհարարին և կրկին վերադառնալով, զբաղեցնում էր Հալաբյանին, որի վերջին ժամանակվա տաղտկությունը տակավին նրա համար անբացատրելի էր։
Ամեն բան դրուստ է, խոսում էր մոսիոն հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և վրացերեն բառերից կազմված մի ինքնուրույն բարբառով, մեծ իշխանն էլ որ գա, ամոթով չենք մնալ։ Մեկ պովար է, որ գրաֆ Նավալիխինն էլ չունի։ Մայոնես է պատրաստում, մայո պոչտենիե։ Էյ, Պետրե, դարձավ նա նույն պահին ներս մտնող սպասավորին, ասա Անդրեյին, որ այն իմ բերած օրագուլը մի լավ սիրուն կտրի միջից, հասկանո՞ւմ ես, այ այսպես։
Պատվերը ավելի պարզ կացուցանելու համար նա աջ ձեռը շեղակի քսեց ձախ ձեռի ափից մինչև բազուկը, շարունակելով.
Թող փորոտիքը հանի, սառը տեղ դնի, ես կգամ ու կասեմ, թե ինչ պիտի անի։
Սպասավորը մի հեգնական ժպիտ երեսին դուրս եկավ։
Ախ, շենի ճիրիմե, մի մտիկ արեք էէ՜, դարձավ մոսիոն Հալաբյանին, ցույց տալով զարդարուն հյուրասենյակը, սալոն չի, բաս ի՞նչ է, ափսոս, ափսոս ու ափսոս։
Ինչո՞ւ ափսոս։
Օօօօ, մոն շեր ամի, արքայությունը առանց հրեշտակի կլինի՞… Ի՞նչ սազ կգա այդ փափուկ խալիներին, հապա՞… աղունակի ոտներ։ Չէ՞, սո՞ւտ եմ ասում։
Հալաբյանը ժպտաց։ Վախվախյանի ասածը, թեև կողմնակի, համապատասխանում էր նրա մտածմունքին։ Նա արդեն գիտեր Մարիամի և Ռուբենի դուրս գալը իրենց հորեղբոր տնից։ Այս իրողությունը նախ տխրեցրեց նրան, ի՞նչպես կարող է այսուհետև տեսնել օրիորդին։ Բայց երբ իմացավ, որ Ռուբենը համարյա հետին աղքատության մեջ է, որ Մարիամը զրկված է օժիտից, մի նոր հույս ծագեց նրա մեջ։ Աա՛, հպարտ օրիորդը այժմ կմեղմանա, չքավորի համար հարստության հրապույրը մեծ է։ Նա կխոնարհվի, անպատճառ կխոնարհվի։
Ներս մտավ Թաթոսը և հանձնեց Սադափյանի նամակը։
Խիստ վաղ է շնորհավորում, ա՜յ, գոչեց մոսիո Վախվախյանր ծաղրաբար, կարծելով, թե նամակը տարեդարձի առթիվ է գրված։
Հալաբյանը կարդաց նամակը, աչքունքը թթվացրեց, հանդարտ բարձրացավ տեղից, եկավ և անձամբ Սադափյանի ծառային ասաց, թե պատասխանը վաղը կտա։
Ներս մտավ իշխան Սահարունին, ջրալի շրթունքի վրա խաղացնելով մշտական կես-սիրալիր և կես-հեգնական ժպիտը: Նրա հետևից երևեցավ Ախշարումյանի բարձր հասակը, այնուհետև փոքրահասակ, սուր քթով ու ծնոտով, կոլորակ աչքերով մի շիկահեր մարդ, որի տարիքը որոշել անկարելի էր։
«Եկա՜վ», արտասանեց մոսիո Վախվախյանը, քթի տակ մրթմրթալով։
Աստված, երկինք վկա, ուժով բերեցին, ասաց փոքրահասակ մարդը, յուր անկոչ գալուստը արդարացնելով տանտիրոջ առաջ։
«Բեդզադն ես, որ ընկերդ չկա», մտածեց մոսիո Վախվախյանը։
Փոքրահասակ մարդը, որին Գիգո էին անվանում, հայտնի էր հարուստների, մանավանդ ամուրիների, շրջանում այնքան, որքան և մոսիո Վախվախյանր։ Մի ժամանակ նա ծառայել էր մաքսատանը։ Նիկողայոս Սադափյանին վերաբերող մի տարաբախտ դեպք պարզեց մաքսային վարչության զեղծումների մի շարք, որոնց մասնակցել էր և՛ Գիգոն։ Նրան վռնդեցին և այժմ նա պարապում էր մանր-մունր կապալներով, կատարում էր առևտրական միջնորդի դեր, անդամ էր մի բանկային վերաստուգող մասնաժողովի, սիրում էր ընկերանալ դիրք ունեցող մարդկանց, նրանց հետ թուղթ խաղալ։ Մի խոսքով այն մարդկանցից էր, որոնց մոսիո Վախվախյանը «ամեն տեղ քիթ խրող» էր անվանում։ Այս պատճառով մոսիոն ատելով ատում էր նրան և փոխարենը միշտ ծաղրվում նրանից։
Էհե՜, այստեղ ե՞ս, գոչեց Գիդոն, հեգնելով Վախվախյանին, առանց իշի գլխի հարսանիք չի լինիլ:
Ոնց որ առանց մկան պարելու էլ հարսանիք չի լինիլ. խոսքի տակ չմնաց Վախվախյանը, և նույն վայրկյանին սովորական հազը բռնեց նրա կոկորդից։
Հինգ ամուրիներ ճաշի նստեցին նոր կահավորված, մաքուր, լուսավոր սեղանատանը։ Խոսակցությունը պտտում էր Հալաբյանի բնակարանի վերանորոգության մասին։ Իշխան Սահարունին գովեց նրա վարմունքը, որ սկսել է «տնային կյանք» վարել, մինչև անգամ համբուրեց ճակատից։ Հալաբյանը չէր հավատում նրա անկեղծությանը, թեև չգիտեր նրա բուն դիտավորությունը։ Նատալիային յուր ընկերոջ «վզին կապելը» իշխանը դարձրել էր յուր համար մի լուրջ խնդիր։ Սոփիոն հանգիստ չէր թողնում նրան, և նա կամենում էր մասամբ վճարել այն «փոքրիկ ձեռապարտքերի» փոխարենը, որ ստեպ֊ստեպ առնում էր Նիկողայոս Սադափյանից։
Ճաշը ուրախ անցավ։ Սահարունին խոսում էր ամենքի վերաբերմամբ, բացի Հալաբյանից։ Մոսիո Վախվախյանը և Գիգոն միմյանց ծաղրում էին։ Փոքրիկ մարդը խոսում էր այնքան արագ, որքան արագ֊արագ փակվում ու բացվում էին նրա աչքերի կոպերը։
Տը տը տըր, տը տը տըր, ծաղրում էր նրա շատախոսությունը մոսիո Վախվախյանը, տո դադար չե՞ս տալու էդ կոտրած բարաբանիդ։
Ախշարումյանը կենացներ էր առաջարկում։ Վիթխարի ամուրին հիացած էր Հալաբյանի ճոխ և շքեղ ճաշով, ուտում էր այնպիսի ագահությամբ, որ, կարծես, գրազ էր եկել։ Նրա ամուր և լայն կզակի մեջ պես֊պես համադամ խորտիկների, խորոված և խաշած ձկնի պատառները հալվում էին, թրջվելով Կախեթի ընտիր գինով։ Տասն անգամ նա անուշ արավ Հալաբյանի կենացը, յուրաքանչյուր բաժակից հետո ձեռքը քսելով կրծքին և փորին։ Կարծես ոգելից հեղուկի համար ճանապարհ էր հարթում։ Կանանցից հետո, լավ ուտել-խմելը նրա կյանքի առաջին զվարճությունն էր, որ խլում էր նրա եկամտի մի պատկառելի մասը։ Նա հարուստ ընտանիքի որդի էր, վայելում էր ծերունի հոր լիուլի հավատարմությունը։ Ամեն տարի գնում էր արտասահման և վերադառնում էր նորոգված ճաշակով։ Ստամոքսի կատար ունեցողներին ծաղրում էր, ինչպես և ծաղրում էր այն մարդկանց, որ իրանց կյանքում «մի ազգի կանանց են ճանաչել»:
Երբ բոլոր բարեկամական կենացները վերջացան, Գիգոն առաջարկեց յուրաքանչյուրին խմել «յուր ընտրածի» կենացը։ Նա ինքը միանգամից դատարկեց բաժակը և խփեց սեղանին։
Մարսել Պոլիս, Վիեննա Փարիզ, գոչեց Ախշարումյանը, չորս բաժակ իրարու հետևից դատարկելով:
Հալաբյանը զզվանքով հրաժարվեց այդ «կենացից»: Իշխանը աչքով արավ մոսիո Վախվախյանին։ Վերջինը նայեց տանտիրոջը, բերանը սրբեց, հազաց, դուրս վազեց և իսկույն վերադարձավ։ Նրա հետևից մտավ սպասավորը, մի ձեռում բռնած մի սկուտեղի մեջ հինգ վարդաձև գավաթներ, մյուս ձեռում թաց անձեռոցիկի մեջ փաթաթված մի շիշ։
Ջան, ջան, մոսիո Վախվախյան, գոչեց Ախշարումյանը։
Մոսիո Վախվախյանը հանդարտ լցրեց գավաթները շամպանիայով, այնպիսի խորհրդավոր դեմքով, որ կարծես, կրոնական սրբագործություն էր արածը։ Հանկարծ լսվեց Գիգոյի կատվանման սուր ձայնը։
Նեկտար է և ոչ գինի՜ի...
Իշխանը լռեցրեց նրան և, տեղից բարձրանալով, գոչեց. Առաջարկում եմ այս բաժակը այս տան ապագա տանտիկնոջ կենացը, հուռա՜...
Նրան ձայնակցեցին Գիգոն և Վախվախյանը։
Կարելի՞ է հենց այժմ իմանալ մեր հարգելի տանտիկնոջ անունը, ասաց Ախշարումյանը։
Խմի՛ր, ժամանակին կիմանաս։
Բոլորը այդ կենացը խմեցին հարգանքով։ Հալաբյանը դժկամակություն ցույց տվեց իշխան Սահարունուն, նրա կատակը անվանելով անտեղի։ Ախշարումյանը պահանջեց շամպանիայի երկրորդ շիշը, հետո երրորդը։ Ճաշը ավարտվեց։ Զվարճացած հյուրերը անցան հյուրասենյակ։ Թուղթ խաղալ ոչ ոք չկամեցավ։ Հալաբանի հրամանով սպասավորը բերեց մի շիշ «բենեդիկտին», և հյուրերը սկսեցին իրանց կոկորդը մաքրել աբբահայերի հնարած անուշ հեղուկով։
Մոսիո Վախվախյանը քիչ էր խոսում, շատ էր հազում և փոքր-ինչ տատանվում էր ոտքի վրա։ «Նեկտար է և ոչ գինին» ամենից շատ ազդել էր փոքրիկ Գիգոյի վրա։ Նրա առանց այն էլ թոթով լեզուն բառերը շփոթում էր։ Նա յուր հարգանքն ու սերն էր բացատրում Հալաբյանին և իշխան Սահարունուն։
Ախշարումյանի սև ու խոշոր աչքերը պլպլում էին, թշերը ուռել էին, կարմրել, թվում էր, թե իսկույն պիտի կաշին տրաքվի և արյունը հոսի։ Նա գոռում էր, մոսիո Վախվախյանի հետ կատակներ էր անում, Գիգոյին գնդակի պես շպրտում էր այս ու այն կողմ, անհամեստ ակնարկություններ էր անում կանանց սեռի մասին, չքաշվելով Թաթոսի ամոթխած և նոր սպասավորի լկտի հայացքներից։ Նրա գազանային կրքերը գրգռվել էին։
Վըվվվ, կենդանի-կենդանի կուտեմ, ասում էր նա, ցույց տալով պատին քարշ արած մի յուղաներկ պատկեր, որ ներկայացնում էր ուսերը և կուրծքը բաց մի կին։
Հետաքրքիր մոսիո Վախվախյանր իշխան Սահարունիին մի կողմ հրավիրեց և հարցրեց ո՞վ է «ապագա տիկին Հալաբյանը»։ Իշխանը խորհրդավոր կերպով ակնարկեց յուր քեռորդու անունը և խնդրեց ոչ ոքի չհայտնել «գաղտնիքը»։ Դա նրա միջնորդության առաջին փորձն էր, շատ լավ գիտեր, թե ո՜վ ո՜վ, մոսիո Վախվախյանը գաղտնիք պահելու սովորություն չունի։ Մի րոպե չանցած մոսիոն «գաղտնիքը» շշնջաց Ախշարումյանի, հետո Գիգոյի ականջին։
Ուրեմն ինչո՞ւ չշնորհավորենք, գոչեց Ախշարումյանը։
Ոչ, ոչ, հոգուդ մատաղ, մի ասեք, իշխանը հոգիս քնթիցս կհանի, զգուշացրեց Վախվախյանը։
Բայց ինչ պտուղ է գտե՜լ, ծաղրեց Ախշարումյանը Հալաբյանի կարծեցյալ հարսնացվին, Վիեննա էլ չես տեսնի նրա նման գեղեցկուհի…
Խը խը խը, ծիծաղեց մոսիո Վախվախյանը, շաքարի պես հալվելով։ Իշխանը Հալաբյանին մի անկյուն քաշած, պախարակում էր ամուրի մարդու կյանքը։ Նա ինքն ուրախ կլիներ յուր հոգնած ոսկորներին հանգստություն տալ ընտանեկան հարկի տակ, բայց արդեն ուշ է և նյութական դրությունն էլ չի ներում։ Ով կարողություն ունե, հիմար է, որ փախչում է այդ խաղաղ կյանքից։ Հալաբյանը ձևած կտրած է ընտանիքի գլուխ լինելու համար։ Նա պետք է ամուսնանա, նա ուզում է ամուսնանալ, իշխանին վաղուց է հայտնի նրա մտադրությունը։ Խոմ կատակով չառաջարկեց այն կենացը, խոմ իշխանը գիտե, թե Հալաբյանը ում վրա աչք ունի։ Այո, Նատալիան հրաշալի աղջիկ է, նմանը չկա ամբողջ Թիֆլիսում։
Իշխա՜ն, ընդհատեց, վերջապես, նրա խոսքը Հալաբյանը, եթե հարգում ես քրոջդ աղջկան, թող այդ խոսակցությունը, ամոթ է։
Ինչպե՞ս, դու կարծում ես, որ արժանի՞ չես նրան, արտասանեց իշխանը խորամանկությամբ, վախենում ես, որ կմերժե՞ն։ Օօ, բաս ես ո՞րտեղ եմ։ Ես կաշխատեմ, իսկի մի վախենալ, գլուխս կտամ քո խաթրու ու բանդ կդրստեմ։
Հալաբյանը երեսը մի կողմ դարձրեց և հեռացավ։ Օրը մթնում էր։ Ախշարումյանը մոտեցավ, բռնեց իշխանի թևից և ուժով դուրս տարավ։ Փոքրամարմին Գիգոն, որ թախտի վրա նստած, կիսաթմրած դրության մեջ էր, քայլամոլոր հետևեց նրանց:
Մոսիո Վախվախյանը տեսնելով, որ տանտերը օրոշտում է և առհասարակ տրամադիր չէ խոսելու, ակամա հրաժեշտ տվեց, ասելով.
Գնամ, տեսնեմ ոնց եմ մթնացնում օրս, ա՜յ քեսիբի օրն էլ...
Հալաբյանը առանձնացավ ննջարանում։ Նրա գլուխը պտտում էր, ոչ այնքան ըմպելիքներից, որքան հյուրերի աղմուկից, անկարգ-անկանոն խոսակցությունից։ Այսպես, ուրեմն, մի անգամ ևս նա կատարեց նրանց հաճույքը։ Այդ կլինի վերջինը։ Երբեք, երբե՛ք նա յուր տունը չի դարձնի անմիտ խնջույքների, անվայել կատակների, կեղտոտ, սրախոսությունների հանդիսարան։
Նա վաղը ևեթ կգտնի յուր ընտրածի բնակարանը, իբրև ազնիվ մարդ արձակ-համարձակ կառաջարկի յուր ձեռքը։ Նա հարուստ է, Մարիամը աղքատ։ Նա ամեն ինչ կզոհի Մարիամի համար, եղբորը կուղարկի արտասահման, հոր և մոր գերեզմանների վրա փառավոր արձաններ կկանգնեցնի։ Նա կտա նրան լիովի ազատություն յուր տանը, թող ծախսի ինչքան ուզում է, թող ապրի ինչպես ուզում է։ Նա կդարձնի Մարիամին կանանց դասի զարդ, ընդհանուր նախանձի առարկա, միջոց կտա նրան Ժամանակակից կրթված տիկնոջ դեր կատարելու հասարակության մեջ, կարոտներին օգնելու, բարեգործական ընկերություններին մասնակցելու, ուսումնարան պահելու։ Այո, մինչև անգամ մի առանձին ուսումնարան կհիմնի Մարիամի անունով։
Հետևյալ առավոտ նա զարթնեց ուրախ տրամադրությամբ։ Նայեց յուր շուրջը, ամեն ինչ պատրաստ էր, ծառաները մաքրել էին սենյակները, կահ-կարասին փայլում էր, թանկագին, փափուկ, խայտաբղետ գորգերը մի դուրեկան ազդեցություն էին անում մարդու վրա։ Սպասավորը հրամանի էր սպասում, խոհարարը արդեն բազար էր գնացել, ամեն ինչ պատրաստ էր մի բախտավոր կյանքի համար։ Հալաբյանը մի առանձին եռանդ էր ստացել։ Վճռված է, այսօր նա կգտնի Ռուբենին, կբարեկամանա, կառաջարկի յուր օգնությունը։
Հանկարծ նա հիշեց, որ խոստացել է պատասխանել Սադափյանի նամակին։ Մարդը սնանկանում է, այսօր կամ էգուց նրա անունը պիտի խայտառակվի, ինչպես գրում է։ Չպիտի՞ օգնել նրան։
Խնդրած գումարը մեծ էր, և Հալաբյանը ընկավ մտատանջության մեջ։ Նա սկսեց քննել Սադափյանին առաջին անգամ իբրև մարդ և մի տարօրինակ ուրախություն զգաց, գտնելով նրա անցյալում շատ արատներ։ Սադափյանը չէ՞ր, որ խեղճ Մարգարովի տան կայքը բազար հանել տվեց և պարտքի տեղ ծախեց։ Նա չէ՞ր, որի պատճառով մաքսատան երեք չինովնիկներ դատի տակ ընկան և պատժվեցին։ Հըմ, նա չէ՞ր, որ պոլկովնիկ Խարազովի տասը հազարը աչքերը բաց կուլ տվեց, և խեղճ ծերունին կաթվածահար լինելով, մեռավ։ Վերջապես, նա չէ՞, որ յուր հարազատ եղբոր որդիներին զրկում է… Է՛հ, ո՛ր մեկն ասես: Հիմա այդ մարդը կանգնել ու աղաչում է, որ ուրիշները իրեն օգնեն։
Թեկուզ խեղդվի, դրա պես մարդուն օգնելը մեղք է, ավարտեց յուր մտածմունքները Հալաբյանը և հանգիստ խղճով պատռեց ու դեն ձգեց Սադափյանի աղերսալի նամակը։
VIII
Նոր բնակարան տեղափոխվելու հետևյալ օրից արդեն Ռուբենը հանձն առավ յուր պաշտոնը։ Դպրոցի տեսուչը, որ նրա նախկին ուսուցիչն էր, ընդունեց նրան ուրախությամբ և խոստացավ մոտիկ ապագայում ավելի հարմար պաշտոն։
Աշխատելու սեր ունեցողը, ասաց նա, երբեք քաղցած չի մնալ։ Իսկ Ռուբենը, կամա թե ակամա, պետք է ունենար այդ սերը։ Նրա վճիռը հաստատ էր։ Ոչ միայն չհետևեց Մելիք-Բարսեղյանի խորհրդին, այլև արհամարհանքով էր հիշում յուր հորեղբոր տունը։ Այն տունը, ուր նրա միակ քույրը այնքան տարի բարոյապես տանջվել էր։
Բայց նրան անհանգստացնում էր մի հանգամանք Մարիամի անորոշ տխրությունը։ Իզուր այն երեկո, բժիշկը դուրս գնալուց հետո, նույնպես հետևյալ և երկրորդ օրը, փորձեց իմանալ նրա հանկարծակի այլայլման պատճառը։
Հենց այնպես, սիրտս նվաղեց, պատասխանում էր Մարիամը անվրդով։
Հակառակ յուր խոստմանը, բժիշկը չեկավ նրանց մոտ, ոչ հետևյալ օրը, ոչ հետո։ Ռուբենը նկատում էր, որ Մարիամր չէ խոսում նրա մասին, մինչև անգամ խույս է տալիս անունը հիշելուց։
Զարմանալի է, ասաց մի անդամ եղբայրը դիտմամբ, Վասիլը, կարծես, մեզ բոլորովին մոռացել է։
Երևի զբաղված է գործերով, պատասխանեց քույրը և ոչինչ չավելացրեց, հակառակ Ռուբենի սպասածին։
Քրոջ արտաքին անտարբերությունը ավելի շարժեց եղբոր հետաքրքրությունը։ Այլևս նա համոզվեց, որ Մարիամը կեղծում է, որ նրա տխրության բուն պատճառը կապ ունե Մելիք-Բարսեղյանի հետ։
Հազիվ մի շաբաթվա ընթացքում Մարիամը կարողացավ կարգի բերել նոր բնակարանը։ Նա աշխատում էր առավոտից մինչև երեկո անդադար։ Նա համարյա ոչինչ հասկացողություն չուներ տնային տնտեսության մասին ոչ եփել գիտեր, ոչ կարել, ոչ մինչև անգամ լվանալ։ Հարկավոր էր մի խորհրդատու, մի ղեկավար։ Եվ նա ստիպվեց դիմել հարևան կանանց օգնությանը։ Մեկը նրան սովորեցրեց հասարակ սուպ պատրաստելը, մյուսը հանձն առավ սովորեցնել շոր լվանալու եղանակը։ Ֆիզիկական աշխատանքի ծանրության տակ ճնշված այդ գռեհիկ կանայք հոգով խղճում էին նրան, որի կրթված ձևերից, քնքուշ կազմվածքից արդեն գուշակել էին նրա հարուստ ընտանիքի զավակ լինելը։
Ամենից ավելի ցավակցություն էր ցույց տալիս պառավ տանտիրուհին։ Ստեպ-ստեպ նա մտնում էր ներս, անկոչ հյուրի պես և Մարիամին ձանձրացնում յուր մանրակրկիտ հարցուփորձով։ Ո՞վ է, ո՞րտեղից է, ազգականներ ունի՞, քանի տարեկան է, ե՞րբ է ուսումը ավարտել և այլն և այլն։ Այդ կինը, որին Մելանիա Պետրովնա էին անվանում, Մարիամին կասկածելի էր թվում յուր դեղնագույն դեմքի անհամեստ արտահայտությամբ, յուր հինայած մազերով, յուր պատկառելի հասակին անվայել ազատ և համարձակ շարժումներով։
Մի օր Մելանիա Պետրովնան, պատշգամբի վրա տեսնելով Մարիամին սամովարի մեջ ածուխ ածելիս, մոտեցավ։ Նա բռնեց օրիորդի ծնոտից, վերև բարձրացրեց գլուխը և, նայելով նրա գեղեցիկ աչքերին արտասանեց
- Ի՜նչ սիրուն ես, ափսո՜ս…
Մարիամը զզվանքով երեսը շուռ տվեց և առանց մի խոսք ասելու, մտավ սենյակ։ Լուսամուտից նա տեսավ, որ պառավը կանգնած նայում է, մի խորամանկ և հրող ժպիտ երեսին։ Նույն երեկո նա Ռուբենին հայտնեց, թե ցանկալի կլիներ մի ուրիշ բնակարան վարձել։ Ինչո՞ւ։
Քեզ համար շատ հեռու է, թաքցրեց նա իսկական պատճառը։
Ինձ համար հոգս մի՛ անիլ: Եթե ուրիշ անհարմարություն կա, այն ասա։
Անհարմարություններ շատ կան, պատասխանեց Մարիամը, և հանկարծ միտքը փոխելով, ավելացրեց. բայց ով կտա մեզ ամսական տասը ռուբլով սրանից ավելի հարմար բնակարան...
Հաճախ նա միայնակ նստում էր եղբոր սեղանի մոտ և երկար-երկար ժամանակ մնում էր խորասուզված մտածումների մեջ։ Մի քանի օրվա ընթացքում նա դարձել էր զարմանալի նյարդային։ Անսովոր աշխատությունից հոգնած, նա երբեմն գրգռվում էր ամենաչնչին բաներից։ Ցերեկը նա սրբում էր, մաքրում, մի կերպ կերակուր էր պատրաստում, երեկոները վերցնում մի որևէ գիրք և նստում լուսամուտի առաջ։ Նա չէր կարողանում մի քանի էջերից ավելի կարդալ։ Շուտով նրա աչքերը պղտորվում էին, գլուխը պտտում էր, գիրքը ընկնում էր ծնկների վրա, և նա մնում էր անշարժ, արձանացած։
Մոտ երկու շաբաթ էր անցել, Մելիք-Բարսեղյանը չէր երևում։ Ուրեմն իզուր չէր Մարիամը կասկածում, ուրեմն իզուր չէր, որ բժշկի այն սառն «ընկերական» խորհուրդը այնքան սարսափեցրեց նրան։
«Նա ինձ չի սիրում, ո՛չ, չի սիրում, պնդում էր օրիորդը, հուսահատված գալարելով յուր մատները, եթե սիրեր, այնպես չէր խոսիլ»։
Ի՞նչ, նա վիրավորական չէ՞ համարում Մարիամի համար վերադառնալ այն տունը, որտեղից համարյա արտաքսել են նրան։ Մի՞թե այդ էր սպասում նա այդ մարդուց։ Նա վախենում է չքավորությունից. նա, որ ինքը չքավոր է եղել և որ այնքան պարծենում է յուր անցյալ չքավորությամբ։ Նա առաջարկում է յուր ընկերոջը մի այնպիսի քայլ անել, որ վայել չէ ամեն մի քիչ թե շատ ինքնասեր մարդու։ «Տեր աստված, տեր աստված, միթե ես խաբվա՞ծ եմ, շշնջում էր օրիորդը ստեպ-ստեպ, միթե իզո՞ւր էին իմ բարձր հույսերը նրա մասին։
Տոն օր էր։ Ռուբենը ազատ էր պաշտոնից։ Նա յուր սենյակում զբաղված էր մի գրությամբ, որ սկսել էր նոր բնակարան տեղափոխվելու երկրորդ օրը և որին նվիրում էր յուր ազատ ժամերը։
Մարիամը յուր սենյակում, փոքրիկ, անշուք թախտի վրա նստած, սպիտակ կտավից վարագույր էր կարում եղբոր սենյակի լուսամուտի համար։ Ամբողջ գործը բաղկացած էր երեք կարեգծերից։ Երկու օր էր նա տքնում էր և չէր կարողանում վերջացնել այդ հասարակ կարը։ Նրա անվարժ ձեռներր դողդողում էին, ասեղը շարունակ ծակում էր նրա մատները։
Հանկարծ նա Ռուբենի սենյակից լսեց Մելիք-Բարսեղյանի ձայնը։ Նա ակամա մի ցնցում զգաց, ձեռները թուլացան, կարը ընկավ ծնկների վրա։
Ա՛ա, վերջապես, եկա՞ր, դիմավորեց Ռուբենը բժշկին։
Հազիվ ժամանակ կարողացա գտնել, գոչեց բժիշկը շունչը կտրված, հավատացիր, որ մի րոպե ազատ ժամանակ չունեի։
Նա շտապով հանեց ձեռնոցները, նստեց աթոռի վրա։ Ռուբենը յուր ձեռագիրը դրեց սեղանի արկղիկը։
Այդ ի՞նչ ես թաքցնում, հետաքրքրվեց բժիշկը ինչպես տեսնում եմ, դու էլ զբաղված ես։ Պարապիր, պարապիր, րոպեն թանկ է։ Բայց ո՞րտեղ է օրիորդը։ Յուր սենյակո՞ւմ։ Հույս ունեմ, որ առողջ է։ Հը՜մ, ասա տեսնեմ, կատարեցի՞ր խորհուրդս, գնացի՞ր հորեղբորդ մոտ:
Ռուբենը գլխով բացասական պատասխան տվեց։
Իզո՜ւր, արտասանեց բժիշկը, գլուխը ցավակցաբար շարժելով, բայց ի՞նչ պիտի անես, ի՞նչ ես մտադիր անելու։
Գուցե նա դեռ շարունակեր յուր հարցուփորձը։ Բայց Ռուբենը այն ձևով էր պատասխանում, որ միանգամայն առիթ էր տալիս երկրարաբանության։ Բժիշկը սկսեց պատմել այն բոլորը, ինչ որ արել էր երկու շաբաթվա ընթացքում։ Նա արդեն ծանոթացել էր Թիֆլիսի մի քանի ընտանիքների հետ, դեպք է ունեցել հանդիպելու յուր արհեստակիցներին։ Նա շատ նուրբ, շատ քաղաքավարի արհամարհանքով մի քանի նկատողությաններ արավ վերջինների մասին։ «Պրակտիկան» նրանց փչացրել է, թեորիան մոռացել են, գիտությանը բոլորովին չեն հետևում, չգիտեն բժշկականությունը ինչ հսկայական քայլեր է անում վերջին ժամանակ։
Երևակայի՜ր, շարունակեց Մելիք-Բարսեղյանը, հեգնաբար ժպտալով, մեկը, անունը չեմ ուզում ասել, բժշկում է մի թոքախտ ունեցող հիվանդի։ Հիվանդը իմ քաղաքացիներիցս է, հեռու ազգական է։ Երեկ նրա մոտ էի, պատահաբար ծանոթացա այդ բժշկի հետ։ Անունս հայտնեցի և մի կողմ քաշելով, հարցրի ազգականիս հիվանդության մասին։ Խոսեցինք, վիճեցինք։ Ի՞նչ հայտնվեց. այդ մարդը տասը տարի է բժշկություն է անում, անուն ունե, երևակայի՜ր, երևակայի՜ր, չգիտե լուծել հռչակավոր Կոխի բաքտերիտ-բացիլները։ Ահա ձեր Թիֆլիսի էսկուլապները, կարելի՞ բան է այդքան տգետ լինել և անուն ստանալ։
Հետո բժիշկը խոսեց յուր բնակարանի մասին։ Խիստ աղմկալի տեղ է վարձել. ստորին հարկում հյուսներ են բան անում, վերին հարկում գիմնազիստներ են ապրում, ամբողջ օրը պարում են ու երգում։ Վերև աղմուկ, ներքև աղմուկ, աջ ու ձախ հարևաններով լի։
Մի խոսքով, ինձ չեն թողնում որ պարապեմ։ Իսկ դու գիտես, առանց պարապմունքի, ես մեռած եմ։ Այժմ զբաղված եմ մի թեթև գիտական աշխատությամբ։ Գրում եմ մի բրոշյուր հասարակ լեզվով։ Թեման շատ հետաքրքրական է «Մանուկների էպիդեմիական հիվանդությունների զանազան տեսակները, նրանց դեմ գործածելի ռացիոնալ միջոցները և առհասարակ ընտանիքների գիգիենական-սանիտարական պայմանների անհրաժեշտ կարևորությունը»։
Նա հիշեց մի լրագրի անուն, ուր առաջ պիտի տպվեր այդ գիտական աշխատությունը և հետո առանձին գրքույկներով հրատարակվեր աժան գնով հասարակ ժողովրդի մեջ տարածելու համար։ Ռուբենը ակնարկեց, թե մի քանի օր առաջ այդ լրագրում կարդացել է «բժշկապետ Մելիք-Բարսեղյանի» մասին ռեկլամի պես մի բան։
Այնքան կռվել եմ խմբագրի հետ, որ երևակայել չես կարող, պատասխանեց բժիշկը, սակավ ինչ շփոթվելով։ Հիմարություն, ուրիշ ոչինչ, դու գիտես, որ ես ռեկլամներից փախչում եմ…
Դռների ձայնը ընդհատեց նրա խոսքը։ Մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։
Մեղավոր եմ, զգում եմ, գոչեց բժիշկը, ոտքի կանգնելով, ինչ արած, բժշկի արհեստը ծանր է, պատասխանատու է։
Իսկ ես կարծում էի, որ ինձ էլ ձեր հիվանդներից մինը կհամարեք, արտասանեց Մարիամը մի առանձին, անսովոր եղանակով։
Ի՞նչ, դուք հիվա՞նդ եք։ Նո'ւ, Ռուբեն, դու ինձ ինչո՞ւ խաբեցիր, այդ ներելի չէ, միթե չէի՞ր կարող հայտնել։ Թ՛ույլ տվեք, օրիորդ…
Մարիամը թույլ ժպտալով, ձեռը խլեց բժշկից և նստեց սեղանի մոտ։
Ո՛չ, դուք կատակ եք անում, դուք առողջ եք, ասաց բժիշկը, ավելի շփոթվելով օրիորդի վարմունքով և համարելով նրա ժպիտը մի տեսակ հեգնություն։
Այնինչ՝ վայրկենաբար Մարիամը փոխվեց։ Նա բժշկի շփոթմունքը այլ կերպ հասկացավ։
«Միթե ես սխալվո՞ւմ եմ», անցավ նրա մտքով։
Եվ սկսեց լարված ուշադրությամբ հետևել բժշկի խոսակցությանը, դիտել բոլոր նրա շարժումները։ Մինշդեո բժիշկը զսպելով շփոթմունքը, կրկին դարձավ ազատ, համարձակ։ Նա պատմեց մի քանի նորություններ, գովեց մեկին, պարսավեց մի ուրիշին։
Աոհասարակ բժիշկը խոսում էր շատ ընդհանուր, շատ հասարակ բաների մասին։ Նա ոչ մի խոսք չասաց, ոչ մի ակնարկություն չարավ Ռուբենի և Մարիամի ներկա կացության մասին։ Նա չհիշեց մի որևէ դեպք անգամ, որ կարող էր կապ ունենալ այդ հանգամանքի հետ։ Նա թաքցրեց և՛ յուր այցելությունր Սադափյաններին։ Մարիամը ուրախ էր չգիտեր ինչու, ժպտում էր, ծիծաղում էր չգիտեր ինչից դրդված։
Քանի մի վայրկյան նրանք լռեցին։ Բժիշկը, իբր թե ճակատը տրորելով, ձեռով ծածկեց աչքերը և մատների արանքով զննեց Մարիամին։
«Ի՞նչպես աղքատությունը վատ է ազդում գեղեցկության վրա», ասաց նա մտքում, տեսնելով օրիորդի ձեռների վրա անսովոր աշխատանքի հետքերը։ Այդ քնքուշ ձեռների թափանցիկ, բարակ կաշին կոշտացել էր, քիչ սևացել, մատների ծայրերը բիրտացել էին, եղունգները, կարծես, զրկվել էին իրանց նախկին հայելանման փայլից։ Եվ այդ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքո՜ւմ։
Բժիշկը ցավեց օրիորդի երիտասարդության, գեղեցկության, կրթության մասին։ Մի՞թե նրանց վիճակված է մաշվել աղքատության մեջ։ Դա խղճի խայթոց չէր, դա և՛ մի օտար, անտարբեր մարդու սառն կարեկցություն չէր, այլ բուն եսականության զգացմունքը։
Չէ՞ որ նա սիրում էր Մարիամին յուր տեսակի, չէ՞ որ երազում էր կապել նրա հետ յուր ապագայի խնդիրը։ Ինչո՞ւ նա ստիպված է ձեռք վերցնել յուր փայփայած ծրագրից, ինչո՞ւ Մարիամը աղքատ է, բոլորովին աղքատ։
«Ինչո՞ւ գոնե ես հարուստ չեմ»։
Բայց այժմ, այս դրության մե՞ջ... Երբե՛ք, չքավորության հետ կատակ անել չի կարելի։ Կանցնի ամուսնության առաջին ամիսը, ամիսները, վերջապես, շատ-շատ՝ տարին, նրանք կսթափվեն արբեցողությունից, և առօրյա անողոք պահանջները կսկսեն թունավորել նրանց կյանքը։ Այն ժամանակ գնա ու ապրիր։ Դեռ երկուսով ոչինչ, հետո՞, զավակնե՞րը, չպիտի՞ նրանց մեծացնել, կրթություն տալ։
«Կարո՞ղ եմ ես նրանց այնպես պահել, ինչպես իմ հայրս է ինձ պահել, տկլոր, քաղցած: Ոչ, ոչ, Մարիամը երեխա չի, նա կարող է մտածել այս բոլորի մասին, նա պետք է մտածի...»։
Երկու շաբաթվա ընթացքում կազմված և պատրաստված խորհրդածությունների այս շարքը մի վայրկյանում կրկին անցավ բժշկի մտքով։ Նա թեթև հառաչեց, կարծես, ազատվելով մի ճնշող ծանրությունից։
Մարիամը լուռ էր: Խոսում էր Ռուբենը կցկտուր։ Երեքն էլ զգում էին, որ խոսակցությունը չէ տաքանում, որ մեջտեղ կա մի սև թել, որ նրանց մտքերի հաղորդակցությունը արվեստական է դարձնում։
Վերջապես, բժիշկը նայեց ժամացույցին և իսկույն ոտքի վեր կացավ։ Նա ստիպողական գործ ունի, «ցավում է», որ չի կարող երկար նստել։
Փողոց դուրս գալով, նա ագահությամբ յուր թոքերը լցրեց ազատ օդով։ Փոքրիկ բնակարանի ցածր առաստաղը, Մարիամի թախծալի դեմքը, Ռուբենի ակներև անփութությունը դեպի յուր ընկերը, այս բոլորը ծանր ազդեցություն էին գործել նրա վրա։ Նա չէր կարող միանգամից, խստորեն ընդհատել յուր հարաբերությունները նրանց հետ, այդ կլիներ արդեն վերին աստիճանի կոպիտ։ Իսկ նա չէր կամենում կոպիտ լինել։ Պետք է հետզհետե, փոքր առ փոքր հեռանալ։ Ահա ինչու, «ցտեսություն» ասելով, նա տվեց Ռուբենին յուր մանրամասն հասցեն և խնդրեց այցելել։ Այդ օրը մինչև երեկո Ռուբենը և Մարիամը չխոսեցին Մելիք-Բարսեղյանի մասին։ Նրանք ճաշեցին շտապով, հատ-հատ անկապ, աննշան խոսքեր փոխանակելով։ Թվում էր, որ երկուսին էլ միևնույն միտքն է զբաղեցնում, որ երկուսն էլ ցանկանում են բացատրել այդ միտքը, բայց միմյանցից քաշվում են։
Երկու օր անցած Ռուբենը իրիկնադեմին տուն վերադառնալով, Մարիամին տեսավ պատշգամբի վրա։ Օրիորդը մի սյունից մինչև մյուսը մի պարան կապած, փռում էր լվացած շորերը։ Նրա թևերը ծալած էին մինչև արմունկները, թանձր մազերը բարակ թաշկինակի տակից սփռվել էին ուսերի վրա։
Մի ծանր զգացմունք ճնշեց Ռուբենի սիրտը, երբ տեսավ քրոջ կարմրած և սապոնի բծերով ծածկված բազուկները։ Առաջին անգամ նա զգաց աղքատության դառն լուծը։ Միթե այդպիսի ապագա երազե՞լ էր նա յուր քրոջ համար։ Նա զսպեց յուր հառաչանքը, շտապեց ներս: Վառեց կանթեղները, հակառակ Մարիամի ընդդիմության ինքը սամովարը դրեց, հետո սկսեց օգնել քրոջը, խոհանոցից կեղտոտ ջուրը գավիթ տանելով։
Չայ խմելուց հետո նա նորից նստեց պարապելու, չկարողացավ միտքը կենտրոնացնել։ Նա կանչեց Մարիամին յուր մոտ։ Երբ քույրը եկավ նստեց, անցավ այն րոպեական լռությունը, որ սովորական է երկու մտերիմների լուրջ և ծանր խոսակցությունից առաջ։
Սկսելով շատ հեռվից, Ռուբենը շատ զգույշ, շատ նուրբ կերպով ակնարկեց Մելիք-Բարսեղյանի մասին։ Սակայն այդ զգուշությունը հուզեց Մարիամին։
Ինչո՞ւ ես տանջում ինձ քո հետաքրքրությունով, գոչեց նա հանկարծ, մի դառն խստությամբ, որ հատուկ չէր նրան, միթե ամեն ինչ հայտնի չէ՞ քեզ, միթե չգիտե՞ս ինչ եմ զգում ես...
Մարո, ես երբեք չեմ ձգտել իմանալ այն, ինչ որ դու կամեցել ես ինձանից թաքցնել, երբեք չեմ ուզեցել կպչել քո սրտի գաղտնիքներին։ Բայց լսի՛ր, ես չեմ կարող սառնարյուն մնալ, քանի տեսնում եմ քեզ այդպես փոխված, այդպես տխուր: Ինձ համար պարզ է, որ մի միտք, մի ծանր վիշտ, քեզ օրից-օր, ի՜նչպես ասեմ, հալում է...
Մարիամի նշմարելի կերպով նիհարած այտերը կարմրեցին։ Անցավ մի քանի վայրկյան։ Նա վերջին ճիգն արավ պահելու յուր սառնությունը և... պատմեց այն բոլորը, որ վաղուց արդեն զգում էր Ռուբենը և այն բոլորը, որի մասին միայն կասկածում էր կամ միանգամայն չգիտեր։ Նա վաղուց էր կամենում հայտնել բայց կարծում էր, որ Ռուբենը կվշտանա, կհանդիմանի։ Նա մեղավոր չի, նա չկարողացավ զսպել ինքն իրան։ Սկզբում Մելիք-Բարսեղյանը դուր եկավ նրան իբրև խելոք, կրթված, զարգացած երիտասարդ։ Նա հարգեց նրան։ Ռուբենի գովասանքները ավելի զորացրին այդ հարգանքը, բարձրացրին բժշկին Մարիամի աչքում։
Ես ուրախությամբ էի լսում քո գովասանքներդ, ես ցանկանում էի, որ դու ավելի հարգես, ավելի սիրես նրան։ Երբ նա Թիֆլիսից հեռացավ վերջին անգամ, ես մի տեսակ տխրություն զգացի։ Կարծես, ինձ մի բան պակասեց։ Դիլիջանում նրան հանդիպելով, չկարողացա ուրախությունս թաքցնել։ Դու նկատեցիր։ Մի՛ հարցնիլ, թե ինչպես նա օրից-օր գրավեց ինձ, մի՛ հարցնիլ, ես ինքս էլ չգիտեմ։ Առաջ նա ինձ հետ սառն էր. ես տանջվում էի, ես վիրավորվում էի, միևնույն ժամանակ, սրտով ավելի ու ավելի մոտենում էի նրան։ Ես չէի հուսահատվում, զգում էի, որ նա ինձ սիրում է, իսկ ես… Օօօ, եթե իմանայիր ինչքան գրավիչ էր մանավանդ այն ժամանակ, երբ վիճում էր քեզ հետ։ Ես ագահությամբ էի լսում նրա ասածները։ Ինձ թվում էր, որ նրա նման մի ուրիշ մահկանացու չկա ոչ խելքով, ոչ սրտով, ոչ զարգացումով և ոչ յուր արտաքին տեսքով։ Նրա շարժվածքը, նրա ձայնը, մինչև անգամ հագուստը ինձ համար մի առանձին հրապույր ուներ…
Ահա մի մարդ, շարունակեց Մարիամը, մի վայրկյան լռելուց հետո, ահա մի մարդ, ասում էի ինքս ինձ, որ կարող է սիրել այնպես, ինչպես հարկավոր է, ինչպես ես եմ երևակայում, սիրել ամբողջ սրտով, անհաշիվ սիրով։ Նրա անցյալը, նրա կյանքի դժվար պայմանները, ինձ թվում էր, որ երաշխավոր կարող են լինել նրա հավատարմության։ Ես ասում էի, նա չի խաբիլ ոչ ինքն իրան, ոչ ուրիշին, ոչ մանավանդ ինձ… Նա րոպեի մարդ չէ, նա շուտ ոգևորվող և շուտ սառչողներից չէ, երբ հափշտակվեց, երբ սիրեց, կմնա հավատարիմ։ Այսպես էի մտածում նրա մասին։ Շատ կարելի է ես չհավատայի ինքս ինձ, իմ զգացմունքներիս, եթե չտեսնեի նրա կողմից խրախուսանք։ Լսո՞ւմ ես, Ռուբեն, նա երդվել է ինձ սիրել հավիտյան, այո, շատ անգամ, շատ անգամ…
Ռուբենը ակամա մի ցնցումն զգաց։ Այլևս ավելորդ էին Մարիամի խոսքերը։ Պարզվեց այն հանգամանքը, որի մասին թեև կասկածում էր, բայց համոզված չէր բժիշկը սիրո խոստումն է արել։
Իսկ այժմ, ա՜յժմ, կրկնեց Մարիամը, երեսը կսկիծից թե ամոթից ծածկելով, ես տեսնում եմ, որ խաբված եմ։
Նրա դժգունացած շրթունքները աշնանային տերևների պես դողում էին, նա ցնցվում էր ամբողջ մարմնով։ Նա մի անգամ ևս ճիգն արավ իրան զսպելու, սակայն իզուր... Նրա թուլացած գլուխը թեքվեց սեղանին, և լսվեց մի խուլ, խեղդուկ հեծկլտանք։
Եվ Ռուբենի ոչ մի մխիթարական խոսքը չամոքեց նրա վշտաբեկ սիրտը, և Ռուբենի ոչ մի հորդորը չդադարեցրեց նրա արտասուքը: Սիրտը դառնությամբ լի երիտասարդը մերթ համոզում էր, մերթ խնդրում, ձգտելով շարժել քրոջ սառն խոհականությունը, որ այդ րոպեին թմրել էր բուռն զգացումների ճնշման ներքո։ Նա ինքն իրան մեղավոր էր զգում Մարիամի առաջ։ Չէ՞ որ նա խրախուսել է յուր քրոջ սիրույն, չէ՞ որ նրա գովասանքները ազդել են կուսական անարատ սրտի վրա։ Ի՞նչ, միթե նա սխալվո՞ւմ էր։ Մի՞թե Մելիք-Բարսեղյանի մասին նա ծուռ և սխալ գաղափար է ունեցել տասներկու տարի շարունակ։ Մի՞թե նա այդքան միամիտ, կույր և դյուրահավատ է եղել։ Ոչ, դժվար է, դժվար է հավատալ այդ մարդու անազնվությանը, դժվար է, անկարելի է, վերջապես դառն է։ Իսկ եթե ճիշտ է, եթե Մելիք-Բարսեղյանր մի անսիրտ, անգութ, մի եսամոլ մարդ է։ Եթե նա մինչև այսօր դիմակ է ունեցել երեսին։ Եթե Մարիամը չի կարող մոռանալ նրան, ատել, արհամարհել։ Այն ժամանա՞կ...
IX
Հակառակ Ռուբենի սպասածին, հետևյալ օրը Մարիամը ավելի հանգիստ էր երևում, քան երբևէ եղել էր վերջին դեպքերից հետո։ Առօրյա պարապմունքը նա սկսեց մի առանձին եռանդով։ Չայի ժամանակ ասաց Ռուբենին, թե տնային տնտեսությունը նրան չի բավականացնում, թե ցանկունում է մի ուրիշ գործով էլ պարապվել։
Ի՞նչ գործով, հարցրեց Ռուբենը։
Կար կարելով։
Դո՞ւ, կար կարելո՞վ։
Այո՛, ի՞նչ զարմանալի բան կա։
Ոչինչ: Բայց դու չգիտես կարել, դու ասեղ բանեցնել անգամ չգիտես։ Կսովորեմ, արդեն վճռել եմ սովորելու։ Ես մի ծանոթ օրիորդ ունեմ, որ կարուձևի վարժուհի է։ Կդիմեմ նրան, կխնդրեմ, որ ինձ դաս տա։
Ռուբենը հակառակեց։ Առանց այն էլ Մարիամի տնային գործերը ծանր են, ուրիշ պարապմունքի հետևից ընկնելը առայժմ ավելորդ է։
Երբեք ավելորդ չէ, պնդեց Մարիամը։ Ես ազատ ժամանակ շատ ունեմ, այժմ տնային գործերը հեշտացել են ինձ համար, ցերեկները մի քանի ժամ ձեռներս ծալած նստած եմ։ Այդ ինձ համար անտանելի է։
Այդ խոսքերի մեջ Ռուբենը զգաց քրոջ հաստատամտությունը։ Նա իսկապես ուրախ էր Մարիամի մտադրությանը, ուրախ էր, որ նա գիտե արհամարհել ամեն մի նախապաշարմունք, մոռանալ յուր փարթամ անցյալը և գնալ մի հասարակ արհեստավոր դառնալ։ Բայց և այնպես նա ընդդիմացավ լոկ այն պատճառով, որ խնայում էր քրոջ առողջությունը։
Դու կարող ես մի ուրիշ գործ ընտրել, մի ավելի հարմար գործ, ասաց նա։
Ի՜նչ կարող եմ անել, ասա տեսնեմ, ի՞նչ, վարժուհությո՞ւն։ Դրա համար առանձին պատրաստություն է հարկավոր։ Իսկ ես ինչ որ սովորել եմ գիմնազիայում, մոռացել եմ։ Վերջապես, վարժուհի դառնալու սեր չունեմ։ Ուրիշ ի՞նչ է մնում։ Ի՞նչ են սովորեցրել ինձ, որ անեմ, մի քանի ֆրանսերեն ֆրազնե՞ր, պարե՞լ, մի քանի կտորներ ածե՞լ դաշնամուրի վրա։ Անպետք բաներ։ Ոչ, Ռուբեն, արգելք մի՛ լինիլ ինձ։ Ես կսովորեմ կար անելը, գոնե եթե ուրիշների համար էլ չկարեմ, քեզ և ինձ համար ուրիշներին չենք դիմիլ։
Երկու օր անցած Մարիամը գնաց յուր ծանոթ վարժուհու մոտ։ Վերջինը նախ կատակի տեղ ընդունեց նրա առաջարկությունը, հետո զարմացավ, երբ Մարիամը կրկնեց յուր խնդիրը լրջորեն։
Հոգիս, քեզ զրկե՞լ են, գոչեց նա, ձեռը ձեռին խփելով, հոգիս, դու աղքա՞տ ես։
Թողնենք այդ։ Հանձն առնո՞ւմ ես ինձ դաս տալ։ Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, ուրախությունով, ուրախությունով։
Պայմա՞նը։
Եթե պայմանի մասին կխոսես, ինձ կվիրավորեն, ինձ համար ոչինչ չարժե իմացածս քեզ սովորեցնել։ Հոգիս, մոռացե՞լ ես, ինչքան մենք բոլորս քեզ սիրում էինք ուսումնարանում։ Հոգիս, այդ ի՞նչ դժբախտություն է պատահել քեզ:
Երկար ախուվախից հետո, վարժուհին վերջապես վճռեց, որ Մարիամը այցելե նրան շաբաթական չորս անգամ, կեսօրից հետո։
Մարիամը հետևյալ օրից սկսեց դասերը։ Նա գնում էր վարժուհու մոտ միայնակ։ Երբեմն միայն Ռուբենը նրա հետ դուրս էր գալիս և մինչև կես ճանապարհ ուղեկցում։
Մի անգամ Մարիամը տուն վերադառնալիս, երբ փողոցի մի մայթից մյուսն էր անցնում, հանկարծ մի լանդո անցավ նրա առաջով։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ օրիորդ Նատալիային յուր մոր հետ նստած։ Հանդիպումը այնպես էր, որ նրանք ևս անշուշտ պետք է տեսնեին նրան։ Մարիամը գլուխը քաշ գցեց, խույս տալով նրանց հայացքից, և շտապով անցավ։
Մի ուրիշ անգամ նա տեսավ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով անցնում էր պրոսպեկտով։ Բժիշկը գդակը վերցրեց, մինչև անգամ տեղից բարձրացավ և խորին հարգանքով գլուխ տվեց։
Կառքը սրընթալով անցավ։
Մարիամի ոտները դողացին ներքին հանկարծակի խռովությունից։ Նա հազիվ կարողացավ տուն հասնել, և ամբողջ երեկո փակված մնաց սենյակում։ Հետևյալ օրից նա յուր երթևեկության ճանապարհը փոխեց։ Բայց այստեղ ևս նա ազատ չմնաց։ Մի օր նա անցնում էր Սոլոլակի փողոցներից մեկով, հետևից լսեց.
Բարև ձեզ, օրիորդ։
Նա հետ նայեց, և երես առ երես հանդիպեց Հալաբյանին։ Երբեք նա չէր մտածել ամուրիի մասին և չէր էլ սպասում որևէ տեղ տեսնել նրան։ Հալաբյանր ձեռ տվեց համեստաբար, հարցրեց նրա առողջության մասին և աննկատելի կերպով սկսեց ընթանալ նրա հետ։ Մարիամին ճնշում էր նրա ուղեկցությունը, բայց քաղաքավարության զգացմունքը թույլ չտվեց հեռանալ նրանից։
Իսկ ձեր եղբայրը առո՞ղջ է, լա՞վ է, շարունակում էր խոսել Հալաբյանը, ես նրան չեմ հանդիպում, ո՞րտեղ կարելի է տեսնել։ Դուք, կարծեմ, այժմ առանձին եք ապրում։ Չէ՞։
Մարիամը սիրտ առավ։ Ինչո՞ւ վախենալ մի մարդուց, որ այնքան համեստ է և այդքան հետաքրքրվում է Ռուբենի վիճակով։ Ի՞նչ ամոթ բան է նրա հետ միասին գնալը։ Ամենը գիտեն, որ նա Մարիամի վաղուցվա ծանոթներից է և, վերջապես, ի՞նչ վատ մարդ է։
Սակայն չնայելով այս մտքերին, օրիորդը քանի մոտենում էր վարժուհու բնակարանին, այնքան կամենում էր ազատվել Հալաբյանի ուղեկցությունից։ Փողոցի ծայրում նա ձեռ տվեց նրան և շտապեց հեռանալ, փոխելով յուր ճանապարհը։
Գիտե՞ս, Մարո, ասաց հետևյալ օրը Ռուբենը, երբ Մարիամը հայտնեց, թե պատահել է Հալաբյանին, ես կարծում եմ, որ նա վատ մարդ չէ։ Ես էլ այսօր պատահեցի նրան։ Այդ մարդը ավելի անկեղծ ցավակցություն հայտնեց ինձ, քան թե… ուրիշները։ Նա ինձ շատ խնդրեց, որ ազատ ժամանակ գնամ յուր մոտ։
Եվ պիտի գնա՞ս։
Տեսնենք։
Մյուս օրը Ռուբենը ճաշից հետո, մի փոքր ուղեկցելով քրոջը, սկսեց միայնակ անցուդարձ անել պրոսպեկտի վրա։ Նա հանդիպեց Հալաբյանին, որ Դվորցովայա փողոցի ծայրում կանգնած աննպատակ նայում էր դեսուդեն։ Հենց որ տեսավ, ժպտալով մոտեցավ Ռուբենին։ Նրանք մի փոքր զբոսնեցին։
Աշնանային օրը ամպամած էր, նոր֊նոր անձրև էր սկսվում։ Զբոսնողների թանձր բազմությունը հետզհետե ցրվում էր։ Հալաբյանը անփույթ կերպով, շատ հասարակ ձևով, հրավիրեց Ռուբենին յուր մոտ։
Ամուրիի վերանորոգված բնակարանը այդ օրը մի առանձին շուք ուներ։ Մոսիո Վախվախյանի շնորհիվ ավելացել էին
Նա առաջնորդեց Ռուբենին յուր առանձնասենյակը։ Թանկագին գրասեղանը ծածկված էր մի քանի գեղեցկակազմ գրքերով, զանազան լրագրներով, հաշվեմատյաններով։ Մեջտեղ դրված էր պղնձյա թանաքամանը, մարմարյա պատվանդանով, շրջապատված յուր բոլոր պարագաներով։ Սենյակը ընդարձակ էր, առաստաղը բարձր, լուսավոր, մաքուր, հրապուրիչ։ Ռուբենը մի վայրկյան մտքում ակամա նախանձեց այդ բոլոր հարմարություններին և իսկույն դատապարտեց յուր թուլությունը։
Ամուրին գիտեր, որ այդ նախանձը պիտի զարթեցնի նրա մեջ և հենց դիտմամբ նրան առաջնորդեց այդտեղ։ Նա առաջարկեց յուր հյուրին ընտիր սիգարներ, ցույց տվեց յուր գրքերը, երևելի մարդկանց լուսանկարներից կազմած ալբոմը, խոսեց սրանց յուրաքանչյուրի մասին այն, ինչ որ լսել էր, և այն, ինչ որ կարդացել լրագրներում։ Առհասարակ նա աշխատում էր իրան ներկայացնել ժամանակակից մարդ, լուսավորված, տեղյակ այն բաներին, որ կարող էին հետաքրքրել մի կրթված, թարմ երիտասարդի։ Առանձին սեր արտահայտեց նա դեպի թատրոնը, մանավանդ դրաման։ Պետերբուրգում նա լսել էր Պատտիի երգեցողությունը, Մոսկվայում տեսել էր Սառա-Բեռնարի, Սալվինիի խաղը, տեսել էր և՛ արտասահմանում մի քանի փայլուն բեմական աստղեր։ Նա հիացած էր և՛ Ադամյանով։
Այս խոսակցությամբ նա գրավեց Ռուբենին։ Ժամանակը անցնում էր աննկատելի կերպով։ Երեկո էր արդեն, նրանք անցան հյուրասենյակ, սպասավորը թեյ բերեց։ Հալաբյանը յուր ձեռքով սեղանի վրա դրեց մի ինչ-որ թանկագին ըմպելիքի շիշ։ Քաղցրահամ, ոգելից ըմպելիքը ախորժելի ազդեցություն արավ Ռուբենի վրա։
Հալաբյանը, վերջապես, խոսք բաց արեց Սադափյանների մասին։ Նիկողայոսը արդեն սնանկանալու վրա է։ Տան գրավի ժամանակը շուտով կլրանա, նա փող չունի բանկի տոկոսները վճարելու, տունը երևի կծախվի։ Մյուս կողմից շրջապատել են մասնավոր պարտատերերը։
Իսկ ես լսեցի, որ դուք նրան օգնում եք, ասաց Ռուբենը, անկեղծ ցավակցելով յուր հորեղբոր վիճակին։
Կօգնեի, եթե ինքը ավելի մարդավարի վարվեր յուր ազգականների հետ։ Նա կարող էր ձեզ չզրկել, պարոն Ռուբեն…
Նա ինձ չի զրկել, պաշտպանեց Ռուբենը յուր հորեղբորր։
Թողե՛ք, ի սեր աստուծո, խոմ ինձանից թաքցնել չեք կարող։ Ձեր հանգուցյալ հոր գործերը ինձ ամենից ավելի էին հայտնի: Ես ամեն բան գիտեմ, ամեն բան։
Ռուբենը սկսեց ավելի պաշտպանել հորեղբորը։ Նա վատ մարդ չի, նա չէր զրկիլ, եթե ունենար։ Նա դարձյալ յուր պարտքերը կտա, եթե գործերը հաջողվին։
Երանի թե նա չխայտառակվի, ավարտեց երիտասարդը ոգևորված։
Ձեզ ի՞նչ, թող խայտառակվի։
Ոչ, ոչ, մի՛ ասեք, պարոն Հալաբյան, նա իմ հորեղբայրս է, մեր ազգանունը միևնույնն է։
Հալաբյանը լռեց, և սկսեց թեյը գդայով խառնել: Հարձակվելով Նիկողայոս Սադափյանի վրա, նա կարծում էր, թե այդպիսով կշահի Ռուբենի սիրտը։ Երբ տեսավ, որ երիտասարդը անկեղծ է պաշտպանում յուր հորեղբորը, մտածության մեջ ընկավ…
Այնինչ Ռուբենի սրտում վառվել էր բնածին բարության և ներողամտության զգացմունքը։ Նա ոգևորվել էր ինքն յուր ասածով։ Ի՜նչ պատվական խրատ և ազնիվ պատիժ տված կլինի տիկին Սոփիոյին, եթե կարողանա յուր քրոջ զրկանքի փոխարենը բարեսրտությամբ հատուցանել։
Դուք շատ վեհանձն եք, խոսեց Հալաբյանը, թիկն տալով բազկաթոռին։ Ես կարծում եմ, որ Նիկողայոսը արժանի չէ ձեզպես ազգական ունենալու։
Ոչ, պարոն Հալաբյան, հավատացեք, նա արժանի է օգնության, շարունակեց Ռուբենը ավելի եռանդով, ինձ համար մի մեծ ամոթ կլինի, եթե նա սնանկանա։
Տվեք ինձ ձեր ձեռը, պարոն Ռուբեն, գոչեց Հալաբյանը հանկարծ, անկեղծ եմ ասում, դուք ինձ զարմացնում եք ձեր բարեսրտությունով։ Դա հազվագյուտ բան է մեր ժամանակներում, հազվագյուտ բան է։
Նա դարձյալ մտածության մեջ ընկավ։ Անշուշտ Մարիամն էլ այնքան վեհանձնաբար է վերաբերվում յուր հորեղբորը, որքան Ռուբենը։ Անշուշտ նա էլ շնորհակալ կլինի այն մարդուց, որ կօգնի Նիկողայոսին։ Ինչո՞ւ չարժանանալ նրա շնորհակալությանը, ինչպե՞ս չօգտվել հանգամանքից։ Չէ՞ որ այպիսով մի քայլ մոտեցած կլինի յուր նվիրական նպատակին։ Վերջապես, Սադափյանին կարելի է առանց մի մեծ գումար տալու էլ ազատել, բավական է նրա համար երաշխավոր լինել։ Նա ճարպիկ մարդ է, ոտքի կկանգնի։ Ո՛չ, նրան տվածը կորած չի։
Եվ շահասիրության զգացմունքը ավելի ու ավելի թուլացավ հարուստ ամուրիի մեջ, տեղի տալով մի այլ, ավելի զորեղ, ավելի անհաղթելի զգացմունքի։ Դա Մարիամի դյութական ազդեցությունն էր։ Ահա նա, որքա՜ն բարի է, համեստ, հրապուրիչ։ Նա տեսնում է յուր հորեղբոր բարերարին, մոտենում է, ժպտում է և ձեռք մեկնում նրան։ Այո, նա ինքը բարի է, սիրում է բարություն և՛ ուրիշների կողմից, նա շնորհակալ է, գովում է Հալաբյանի արածը։ Նա զգում է, անկարելի է, որ չզգա...
Մի վայրկյան ամուրիին թվաց, թե յուր դեմուդեմ նստած է ինքը Մարիամը։ Նայելով եղբոր աչքերին, նրա առաջ պատկերացավ քույրը։ Ի՜նչ նման են միմյանց։
Ռուբենը նկատեց յուր խոսքերի ազդեցությունը նրա վրա։ Ահա ինչու նա սիրտ առավ, վերջապես, արտասանելու.
Մեծ մարդասիրություն արած կլինեք, պարոն Հալաբյան, եթե վայր ընկնողին ձեռք մեկնեք։ Մեր ժամանակի մարդիկ շատ նյութապաշտ են, ցույց տվեք ձեր բարությունը, օրինակ եղեք...
Այլևս ավելորդ էին վերջին խոսքերր։ Հալաբյանը վճռել էր օգնել այն մարդուն, որին օգնելը մի քանի օր առաջ «մեղք» էր համարում։
Չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը Ռուբենը, այնքան զգացված էր, մանավանդ երբ լսեց.
Ձեր խաթրու, պարոն Ռուբեն, միայն ձեր խաթրու կօգնեմ։
Դռան ձայնը ազատեց երիտասարդին նեղ դրությունից։
Ներս մտավ մոսիո Վախվախյանը։ Մոսիոն հուզված էր։ Նա նստեց և, ծանր շունչ քաշելով, պատմեց մի քանի նորություններ։ Ախշարումյանը պառկած է անկողնում. անցյալ օրը որկրամոլը ընթրիքի ժամանակ այնքան յուղալի և դժվարամարս կերակուրներ է կերել, որ չի մարսել ու հիվանդացել է։
Իշխան Սահարունին քաղաքային դումայում նիստից առաջ մեկի հետ կռվել է, ուզեցել է ապտակել յուր հակառակորդին։
Ռուբենը հրաժեշտ տվեց։
Խնդրեմ, շուտ-շուտ շնորհ բերեք, ասաց Հալաբյանը, ուղեկցելով նրան մինչև նախասենյակ։ Շատ կպարտավորեք, եթե վաղը բարեհաճեք ինձ մոտ ճաշելու։
Ես ուրիշ տեղ չեմ ճաշում։ կարծեմ, դուք այստեղից այնքան հեռու չեք բնակվում, այնպես չէ՞, հարցրեց ամուրին։
Ռուբենը հայտնեց յուր բնակարանի տեղը։ Նա շտապեց տուն։ Արդեն մութն էր, նա երեկոները մենակ չէր թողնում քրոջը։ Նա տեսավ Մարիամին ավելի գունատված, ավելի մտազբաղ։
Նա պատմեց յուր այցելության մասին։ Նա ուրախ էր և գոհ յուր արածով, զգում էր հոգեկան մի անսովոր թեթևություն: Հալաբյանը հափշտակել էր նրան յուր բարությամբ։ Երբեք նա չէր սպասել այդ տեսակ վարմունք այն մարդուց, որին մինչև այն ժամանակ համարել էր խիստ գործնական, խիստ հաշվագետ։
Մեր շահասեր հասարակության մեջ դա հազվագյուտ մարդ է, գովում էր նա ոգևորված։ Մտածիր, Մարո, և կտեսնես, որ ճիշտ եմ ասում։ Մեր հորեղբայրը ծայրահեղ դրության մեջ է, ամենքը երես են դարձրել նրանից, ամենքը քչփչում են նրա սնանկության մասին, հանկարծ դուրս է գալիս մեկը և ասում է՝ «ես այդ մարդուն կազատեմ անպատվությունից»։ Այո, անպատվությունից, դու չգիտես վաճառականի համար ինչքան ամոթաբեր բան է սնանկանալր։ Ի՞նչպես չգովել այդ մարդուն, ի՞նչպես չուրախանալ։ Ոչ, ոչ, ինչ ուզում ես ասա, Հալաբյանը արժանի է հարգանքի։
Մարիամը պատրաստ էր համաձայնվել եղբոր ասածների հետ, նրա սրտում արդեն ծագում էր մի տեսակ հարգանք դեպի Հալաբյանը։ Բայց հանկարծ նա հիշեց այն օրը Սադափյանների տանը, երբ ամուրին առանձին ուշադրությամբ էր վարվում յուր հետ, հիշեց տիկին Սոփիոյի չար և օրիորդ Նատալիայի նախանձոտ հայացքները։
Եվ մի կասկած զսպեց նրա համակրությունը։
Ի՞նչ է պատճառը, հարցրեց նա, որ առաջ չէր ուզում օգնել, այժմ հանկարծ ուզում է օգնել։
Պատճառն այն է, որ ես խնդրեցի, որ նա տեսավ, թե ես ինչպես, ինքս զրկված լինելով իմ հորեղբորից, ներողամիտ եմ դեպի նա։
Հետո՞...
Հետո, ի՞նչ հետո, մարդ է, սիրտ ունե, զգաց մարդու նեղ դրությունը և ուզում է օգնել իմ խաթրու։
Քո խաթրո՞ւ, կրկնեց Մարիամը։
Այո։
Ռուբեն, լավ բան է մի մարդուն համոզել մյուսին օգնելու, մանավանդ, երբ այդ մյուսը մեր մոտիկ ազգականն է։ Բայց դու ի՞նչ կարող ես տալ նրա լավության փոխարենը, նա քեզ վրա բարոյական պարտք է դնում։
Ես սխալվեցի, նա ինքն էլ հենց ուզում էր օգնել։ Ի՞նչ, միթե դու չե՞ս հավատում մարդկանց։ Իրավունք ունես... Բայց համբերիր, սիրելիս, այդպես շուտ մի՛ հիասթափվիր, աշխարհը միայն վատ մարդկանցով չէ լցրած...
Նա լռեց, դիտմամբ, իսկույն զգալով, որ կարող է Մարիամին հիշեցնել Մելիք-Բարսեղյանի վերաբերմունքը։ Բայց այդ մի քանի խոսքերն ևս բավական էին Մարիամի սրտի ամենանուրբ, ամենացավագար թելը շարժելու համար։ Անփորձ երիտասարդ. նա այնքան լավ էր տրամադրված, որ պատրաստ էր պաշտպանել ամենին, նույնիսկ յուր կատաղի թշնամուն։ Պաշտպանել լոկ մարդասիրությունից դրդված, առանց որոշ նպատակի, լոկ րոպեի ազդեցության տակ։
Այնինչ՝ բնազդումը ասում էր Մարիամին, որ Հալաբյանի վարմունքը առանց նպատակի չէ։ Թե ինչ էր այդ նպատակը, նա պարզ չգիտեր, կամ գուցե չէր ուզում գիտենալ։
Կրկին Մելիք-Բարսեղյանը գրավեց նրա ուղեղն ու սիրտը, կրկին բուռն զորությամբ զարթնեց նրա դառն, անամոքելի վիշտը։ Ինչո՞ւ իզուր պիտի ինքն իրան խաբի, ինչո՞ւ, քանի որ սիրտն ասում է, թե նա դժբախտ է, թե նա մոռացված է, արհամարհված, թե այլևս չպիտի վերականգնի նրա խորտակված երջանկությունը, որ այնքան կարճ տևեց։ Կարճ, որպես մի անցողիկ երազ, որպես մի քաղցր, թռուցիկ ցնորք…
Զգայուն, նրբացած, հիվանդության աստիճանին հասած սիրտը անհուն դառնությամբ լեցուն, օրիորդը այդ գիշեր երկար ժամանակ անքուն պտտում էր անկողնի մեջ։ Մերթ նա ձգտում էր ինքն իրան խաբել տկար հույսերով, ստեղծում էր անթիվ պատճառներ բժշկի սառնությունը նպաստավոր կերպով բացատրելու համար։ Մերթ ինքն այդ պատճառները երևակայական, նույնիսկ անբնական համարելով, հերքում էր, յուր թեթևամտության դեմ վրդովվելով։ Եվ կրկին անձնատուր լինելով յուր սրտի անողոք ձայնին, աշխատում էր հեռու վանել այն չարագուշակ պատկերը, որ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, որ պղտորում էր նրա երևակայությունը։ Ահա՛ նա, այդ պատկերը, որ հետևում է նրան ամեն տեղ, ամեն րոպե, քայլ առ քայլ։ Նա շրջում է, խոսում է, նրա շնչառությամբ է լի այդ ննջարանը, նրա ոգին է տիրում այստեղ, այս սենյակում։ Մարիամը զգում էր այդ սառն, անմատչելի, միևնույն ժամանակ կաշկանդող պատկերի անխուսափելի ուժը։
Ինչո՞ւ չի հեռանում նրա աչքից, եթե չի կամենում, մոտենալ, ինչո՞ւ այնպես կեղեքում է նրա սիրտը։ Պետք է մոռացության տալ, պետք է աչք փակել նրան չտեսնելու, ականջ փակել նրան չլսելու համար, այո, փակել բոլոր զգայարանները։
Նա փորձեց գրգռել յուր մեջ մի խորին, մի կծու ատելություն և այդ ատելությունը, իբրև զենք, գործածել այն անգութ պատկերի դեմ։ Սակայն ի՞նչպես հղացնել այդ ատելությունը։ Նրա սիրտը չի հպատակվում խելքին։ Նա տկար է, անզոր, ճնշված մի բոլորովին հակառակ զգացմունքով։ Ի՞նչ է այդ։ Գուցե այդ նույն ինքը ատելությունն է, որ ավելի բորբոքում է նրա վառվռուն հոգին, միայն այլ կերպ, այլ ուղղությամբ։ Այն ժամանակ ո՞ւր է սիրո և ատելության մեջ այն անդունդը։
Ատել և սիրել, չկամենալ և ձգտել, փախչել և մղվել ահա սոսկալի դրություն։
«Տեր աստված, տեր աստված, տո՛ւր ինձ սառնասրտություն, տո՛ւր ինձ համբերություն»...